Գլուխ 27

Այսօր Աստծու խոսքերը հասել են իրենց գագաթնակետին, ինչը նշանակում է, որ դատաստանի դարաշրջանի երկրորդ մասը հասել է իր գագաթնակետին։ Բայց սա ամենաբարձր կետը չէ։ Այս ժամանակ Աստծու ձայնի տոնը փոխվել է. այն ո՛չ ծաղրական է, ո՛չ հումորային և ո՛չ էլ ծեծող կամ հանդիմանող է. Աստված մեղմացրել է Իր խոսքերի տոնը։ Այժմ Աստված սկսում է մարդու հետ «փոխանակել անցյալի զգացմունքները»։ Աստված և՛ շարունակում է դատաստանի դարաշրջանի գործը, և՛ միևնույն ժամանակ բացում է գործի հաջորդ բաժնի ուղին, որպեսզի Իր գործի բոլոր բաժինները միահյուսվեն։ Մի կողմից՝ Նա խոսում է մարդու «համառության ու կրկնահանցագործության» մասին, իսկ մյուս կողմից՝ այն մասին, որ «Ես փորձառաբար ապրում եմ վշտեր, ուրախություններ, բաժանումներ և հանդիպումներ մարդու հետ». այս ամենն արձագանք է առաջացնում մարդկանց սրտերում՝ հուզելով անգամ մարդկային ամենաթմրած սրտերը։ Այս խոսքերն ասելիս Աստծու նպատակը նախևառաջ այն է, որ բոլոր մարդիկ ամենավերջում անձայն ընկնեն Աստծու առջև, և միայն դրանից հետո «եմ Ես հայտնի դարձնում իմ գործողությունները՝ ստիպելով բոլորին իրենց իսկ ձախողման միջոցով ճանաչել Ինձ»։ Այս ժամանակահատվածում մարդկանց հասկացողությունն Աստծու մասին մնում է լիովին մակերեսային. դա ճշմարիտ հասկացողություն չէ։ Թեև նրանք փորձում են որքան կարող են, անկարող են բավարարել Աստծու մտադրությունները։ Այսօր Աստծու խոսքերը հասել են իրենց գագաթնակետին, բայց մարդիկ մնում են վաղ փուլերում և, հետևաբար, անկարող են մտնել Նրա այժմյան խոսքերի մեջ. սա ցույց է տալիս, որ Աստված և մարդն այնքան տարբեր են, որքան հնարավոր է։ Այս համեմատության հիման վրա, երբ Աստծու խոսքերն ավարտվեն, մարդիկ ի վիճակի կլինեն հասնելու միայն Աստծու ամենացածր չափանիշներին։ Սա այն միջոցն է, որով Աստված գործում է այս մարդկանց վրա, որոնք հիմնովին ապականվել են մեծ կարմիր վիշապի կողմից, և Աստված պետք է այսպես գործի՝ լավագույն արդյունքին հասնելու համար։ Եկեղեցիների մարդիկ փոքր-ինչ ավելի շատ են ուշադրություն դարձնում Աստծու խոսքերին, բայց Աստծու մտադրությունն այն է, որ նրանք ճանաչեն Աստծուն Իր խոսքերում. մի՞թե տարբերություն չկա։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում Աստված այլևս ուշադրություն չի դարձնում մարդու թուլությանը և շարունակում է խոսել՝ անկախ նրանից՝ մարդիկ ի վիճակի են ընդունելու Նրա խոսքերը, թե ոչ։ Նրա մտադրության համաձայն՝ երբ Նրա խոսքերն ավարտվեն, դա կլինի այն ժամանակը, երբ Նրա գործը երկրի վրա կավարտվի։ Բայց գործն այս ժամանակ նման չէ անցյալին։ Երբ Աստծու արտահայտումներն ավարտվեն, ոչ ոք չի իմանա. երբ Աստծու գործն ավարտվի, ոչ ոք չի իմանա. և երբ Աստծու կերպարանքը փոխվի, ոչ ոք չի իմանա։ Այսպիսին է Աստծու իմաստությունը։ Սատանայի որևէ մեղադրանքից և թշնամու ուժերի որևէ անհանգստությունից խուսափելու համար Աստված գործում է առանց որևէ մեկի իմանալու, և այդ ժամանակ երկրի վրայի մարդկանց շրջանում ոչ մի արձագանք չկա։ Թեև Աստծու կերպարանափոխության նշանների մասին ժամանակին խոսվել է, ոչ ոք ի վիճակի չէ ընկալել դա, քանզի մարդը մոռացել է և ուշադրություն չի դարձնում դրան։ Ներսից և դրսից հարձակումների՝ արտաքին աշխարհի աղետների և Աստծու խոսքերի այրման ու մաքրագործման պատճառով մարդիկ այլևս չեն ցանկանում տքնել Աստծու համար, որովհետև չափազանց զբաղված են իրենց սեփական գործերով։ Երբ բոլոր մարդիկ հասնեն անցյալի հասկացողությունն ու ձգտումը մերժելու կետին, երբ բոլոր մարդիկ հստակորեն տեսնեն իրենց, այն ժամանակ կձախողվեն, և իրենց սեփական եսն այլևս տեղ չի ունենա իրենց սրտերում։ Միայն այդ ժամանակ մարդիկ անկեղծորեն կծարավեն Աստծու խոսքերին, միայն այդ ժամանակ Աստծու խոսքերն իսկապես տեղ կունենան իրենց սրտերում, և միայն այդ ժամանակ Աստծու խոսքերը դարձած կլինեն իրենց գոյության հիմքը. այս պահին Աստծու մտադրությունները կբավարարվեն։ Բայց այսօրվա մարդիկ շատ հեռու են այս կետին հասնելուց։ Նրանցից ոմանք հազիվ մի թիզ են առաջ շարժվել, և ուստի Աստված ասում է, որ սա «կրկնահանցագործություն» է։

Աստծու բոլոր խոսքերը բազմաթիվ հարցեր են պարունակում։ Ինչո՞ւ է Աստված շարունակում նման հարցեր տալ։ «Ինչո՞ւ մարդիկ չեն կարող ապաշխարել և նորի պես լինել։ Ինչո՞ւ են հավերժ պատրաստակամ ապրել ճահճում՝ տիղմից զերծ վայրի փոխարեն…»։ Անցյալում Աստված գործում էր բաներն ուղղակիորեն մատնանշելու կամ ուղղակի մերկացման միջոցով։ Բայց այն բանից հետո, երբ մարդիկ ահռելի վնասվածք կրեցին, Աստված այլևս չխոսեց այս ուղղակի ձևով։ Այս հարցերի մեջ մարդիկ և՛ իրենց սեփական թերություններն են տեսնում, և՛ կիրարկման ուղին են ըմբռնում։ Քանի որ մարդիկ բոլորը սիրում են ուտել այն, ինչ հեշտորեն հասանելի է, Աստված խոսում է նրանց պահանջներին համապատասխան՝ նրանց խորհելու համար թեմաներ տրամադրելով, որպեսզի կարողանան խորհել դրանց շուրջ։ Սա Աստծու հարցերի նշանակության մի տեսանկյունն է։ Բնականաբար, սա Նրա որոշ այլ հարցերի նշանակությունը չէ, օրինակ՝ մի՞թե վատ եմ վերաբերվել նրանց։ Հնարավո՞ր է, որ նրանց սխալ ուղղություն եմ ցույց տվել։ Հնարավո՞ր է, որ նրանց դժոխք եմ առաջնորդում։ Նման հարցերը մատնանշում են մարդկանց սրտերի խորքում արմատավորված պատկերացումները։ Թեև նրանց բերանները ոչինչ չեն ասում, նրանց մեծ մասի սրտերում կասկած կա, և նրանք կարծում են, թե Աստծու խոսքերն իրենց որպես լիովին անարժեք են ներկայացնում։ Բնականաբար, նման մարդիկ չեն ճանաչում իրենց, բայց ի վերջո կընդունեն իրենց պարտությունն Աստծու խոսքերից. սա անխուսափելի է։ Այս հարցերին հաջորդելով՝ Աստված նաև ասում է. «Ես մտադիր եմ հիմնովին ջարդուփշուր անել յուրաքանչյուր ազգ, էլ չասած՝ մարդու ընտանիքը»։ Երբ մարդիկ ընդունեն Աստծու անունը, արդյունքում յուրաքանչյուր ազգ կսասանվի, մարդկանց մտածելակերպն աստիճանաբար կփոխվի, և ընտանիքներում հոր ու որդու, մոր ու դստեր և ամուսնու ու կնոջ միջև հարաբերությունները կդադարեն գոյություն ունենալուց։ Ավելին՝ ընտանիքներում մարդիկ գնալով ավելի կօտարանան միմյանցից. նրանք կմիանան մեծ ընտանիքին, և գրեթե բոլոր ընտանիքների կյանքի սովորական կանոնները կքանդվեն։ Սրա պատճառով մարդկանց սրտերում «ընտանիք» հասկացությունը գնալով ավելի աղոտ կդառնա։

Ինչո՞ւ Աստծու այսօրվա խոսքերում այդքան շատ բան է նվիրվել մարդկանց հետ «անցյալի զգացմունքները փոխանակելուն»։ Բնականաբար, սա նույնպես որոշակի արդյունքի հասնելու համար է, ինչից կարելի է տեսնել, որ Աստծու սիրտը լի է անհանգստությամբ։ Աստված ասում է. «Բայց երբ Ես եմ տխուր, ո՞վ կարող է Ինձ իր սրտով մխիթարել»։ Աստված այս խոսքերն ասում է, որովհետև Նրա սիրտը համակված է վշտով։ Մարդիկ անկարող են լիովին հաշվի առնել Աստծու մտադրությունները և միշտ զեխ են, չեն կարողանում զսպել իրենց և անում են այն, ինչ կամենում են. նրանք չափազանց ստոր են և միշտ ներում են իրենց ու հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները. մարդիկ ապականվել են Սատանայի կողմից ընդհուպ մինչև այսօր և անկարող են ազատել իրենց։ Այս ամենի պատճառով Աստված ասում է. «Ինչպե՞ս կարող են փախչել գիշատիչ գայլի երախից։ Ինչպե՞ս կարող են ազատել իրենց դրա սպառնալիքներից ու գայթակղություններից»։ Մարդիկ ապրում են մսեղիի մեջ, ինչը նշանակում է ապրել գիշատիչ գայլի երախում։ Սրա պատճառով, և քանի որ մարդիկ չունեն ինքնագիտակցություն և միշտ տարված են իրենցով ու անձնատուր են լինում անառակությանը, Աստված չի կարող չանհանգստանալ։ Որքան շատ է Աստված այսպես հիշեցնում մարդկանց, այնքան ավելի լավ են նրանք զգում իրենց սրտերում, և այնքան ավելի են պատրաստակամ դառնում միանալու Աստծու հետ։ Միայն այդ ժամանակ մարդն ու Աստված ներդաշնակորեն կհարաբերվեն միմյանց հետ՝ առանց իրենց միջև որևէ բաժանման կամ հեռավորության։ Այսօր ողջ մարդկությունը սպասում է Աստծու օրվա գալստյանը, և ուստի, մարդկությունը երբեք առաջ չի շարժվել։ Սակայն Աստված ասում է. «Երբ արդարության Արեգակը հայտնվի, Արևելքը կլուսավորվի, և ապա այն իր հերթին կլուսավորի ողջ տիեզերքը՝ հասնելով բոլորին»։ Այլ կերպ ասած՝ երբ Աստված փոխի Իր կերպարանքը, Արևելքն առաջինը կլուսավորվի, և Արևելքի ազգն առաջինը կփոխարինվի, ինչից հետո մնացած երկրները կնորոգվեն հարավից հյուսիս։ Սա է հաջորդականությունը, և ամեն բան տեղի կունենա Աստծու խոսքերի համաձայն։ Հենց որ այս փուլն ավարտվի, բոլոր մարդիկ կտեսնեն։ Այս հաջորդականության համաձայն է Աստված գործում։ Երբ տեսնեն այդ օրը, մարդիկ անչափ կուրախանան։ Աստծու հրատապ մտադրությունից կարելի է տեսնել, որ այդ օրը հեռու չէ։

Այսօր այստեղ ասված խոսքերում երկրորդ և երրորդ մասերը ստիպում են բոլոր նրանց, ովքեր սիրում են Աստծուն, դառնորեն լաց լինել։ Նրանց սրտերն ակնթարթորեն ստվերով են պատվում, և դրանից հետո բոլոր մարդկանց սրտերը լցվում են ահռելի տխրությամբ՝ Աստծու սրտի պատճառով։ Նրանք թեթևացում չեն զգա, մինչև Աստված չավարտի Իր գործը երկրի վրա։ Սա է ընդհանուր միտումը։ «Զայրույթ է բարձրանում Իմ սրտում՝ ուղեկցվելով տխրության ալեկոծվող զգացումով։ Երբ Իմ աչքերը մարդկանց գործերը և նրանց ամեն մի խոսքն ու գործողությունը որպես կեղտոտ են տեսնում, Իմ ցասումը հորդում է, և Իմ սրտում ավելի մեծ զգացում կա մարդկային աշխարհի անարդարությունների հանդեպ, ինչն Ինձ ավելի է տխրեցնում. Ես տենչում եմ անմիջապես վերջ դնել մարդու մսեղիին։ Չգիտեմ, թե ինչու է մարդն անկարող մաքրագործել իրեն մսեղիի մեջ, ինչու մարդը չի կարող սիրել իրեն մսեղիի մեջ։ Հնարավո՞ր է, որ մսեղիի «գործառույթն» այդքան մեծ է»։ Աստծու այսօրվա խոսքերում Աստված հրապարակավ Իր սրտի ողջ անհանգստությունը բացահայտել է մարդուն՝ առանց որևէ բան թաքցնելու։ Երբ երրորդ երկնքի հրեշտակները երաժշտություն են նվագում Նրա համար, Աստված կապված է մնում երկրի վրայի մարդկանց հետ, և հենց սրա պատճառով է, որ ասում է. «Երբ հրեշտակները երաժշտություն են նվագում՝ Ինձ փառաբանելու համար, դա չի կարող չարթնացնել Իմ կարեկցանքը մարդու հանդեպ։ Իմ սիրտն ակնթարթորեն լցվում է տխրությամբ, և անհնար է Ինքս Ինձ այս ցավալի զգացմունքից ազատել»։ Այդ պատճառով է Աստված ասում խոսքերը. «Ես կշտկեմ մարդկային աշխարհի անարդարությունները։ Ես Իմ գործն Իմ իսկ ձեռքերով կկատարեմ ողջ երկրով մեկ՝ արգելելով Սատանային կրկին ծանր վնաս հասցնել Իմ մարդկանց, արգելելով թշնամիներին կրկին գործել կամայականորեն և անխոհեմաբար։ Ես Թագավոր կդառնամ երկրի վրա և Իմ գահն այնտեղ կտեղափոխեմ՝ ստիպելով Իմ բոլոր թշնամիներին խոնարհվել և խոստովանել իրենց մեղքերն Իմ առջև»։ Աստծու տխրությունը մեծացնում է Իր ատելությունը դևերի հանդեպ, և ուստի Նա բազմություններին նախապես հայտնում է դևերի ելքը։ Սա է Աստծու գործը։ Աստված միշտ ցանկացել է վերամիավորվել Իր մարդկանց հետ և ավարտին հասցնել հին դարաշրջանը։ Տիեզերքի բոլոր մարդիկ սկսում են շարժվել. այսինքն՝ տիեզերքի բոլոր մարդիկ մտնում են Աստծու ուղղորդման մեջ։ Արդյունքում նրանց մտքերն ուղղվում են իրենց կայսրերի դեմ ապստամբելուն։ Շուտով աշխարհի մարդիկ կպոռթկան քաոսի մեջ, և բոլոր երկրների գլուխները կփախչեն բոլոր ուղղություններով՝ ի վերջո իրենց ժողովրդի կողմից քարշ տրվելով գիլիոտինի մոտ։ Սա է դևերի թագավորների վերջնական ելքը. ի վերջո նրանցից ոչ մեկը չի կարողանա խուսափել, և բոլորը պետք է անցնեն դրա միջով։ Այսօր նրանք, ովքեր «խելացի» են, սկսել են նահանջել։ Տեսնելով, որ իրավիճակը խոստումնալից չէ, նրանք օգտագործում են այս հնարավորությունը՝ նահանջելու և աղետի նեղություններից խուսափելու համար։ Բայց պարզորեն ասում եմ. այն գործը, որն Աստված կատարում է վերջին օրերում, գլխավորապես մարդու հանդիմանությունն է, ուստի ինչպե՞ս էր հնարավոր, որ այս մարդիկ խուսափեին։ Այսօր առաջին քայլն է։ Մի օր տիեզերքում ամեն բան կընկնի պատերազմի իրարանցման մեջ. երկրի վրայի մարդիկ այլևս երբեք առաջնորդողներ չեն ունենա, ողջ աշխարհը կլինի փխրուն ավազի կույտի պես՝ ոչ մեկի կողմից չկառավարվող, և մարդիկ հոգ կտանեն միայն իրենց սեփական կյանքի մասին՝ անտեսելով մնացած բոլորին։ Քանի որ ամեն բան վերահսկվում է Աստծու ձեռքով, Աստված հետևաբար ասում է. «Ողջ մարդկությունն Իմ մտադրությունների համաձայն մասնատում է զանազան ազգերը»։ Հրեշտակների փողերի հնչելը, որի մասին Աստված հիմա խոսում է, նշան է. այն ահազանգ է հնչեցնում մարդու համար, և երբ փողերը կրկին հնչեն, աշխարհի վերջին օրը վրա հասած կլինի։ Այդ ժամանակ Աստծու ողջ պատիժը կիջնի երկրի վրա՝ առանց ամենափոքր շեղման. սա կլինի անգութ դատաստան և պատժի դարաշրջանի պաշտոնական սկիզբը։ Իսրայելացիների մեջ հաճախ կլինի Աստծու ձայնը՝ առաջնորդելու նրանց տարբեր միջավայրերով, և հրեշտակները նույնպես կհայտնվեն նրանց։ Իսրայելացիները ավարտուն կդարձվեն ընդամենը մի քանի ամսում և քանի որ ստիպված չեն լինի կրել մեծ կարմիր վիշապի թույներից իրենց հեռացնելու քայլը, նրանց համար հեշտ կլինի տարբեր տեսակի ուղղորդումների ներքո ճիշտ ուղու վրա մտնելը։ Իսրայելում տեղի ունեցող զարգացումներից կարելի է տեսնել ողջ տիեզերքի վիճակը, և սա ցույց է տալիս, թե որքան արագ են Աստծու գործի քայլերը։ «Ժամանակը եկե՛լ է։ Ես շարժման մեջ կդնե՛մ Իմ գործը։ Ես մարդկանց մեջ կիշխե՛մ որպես Թագավոր»։ Անցյալում Աստված իշխում էր միայն երկնքում։ Այսօր իշխում է երկրի վրա. Աստված ետ է վերցրել Իր ողջ իշխանությունը, և ուստի կանխագուշակվում է, որ ողջ մարդկությունն այլևս երբեք չի ապրի բնականոն մարդկային կյանքով, քանզի Աստված կվերադասավորի երկինքն ու երկիրը, և ոչ մի մարդու թույլ չի տրվում միջամտել։ Ուստի Աստված հաճախ հիշեցնում է մարդուն, որ «ժամանակը եկել է»։ Երբ իսրայելացիները բոլորը վերադառնան իրենց երկիր՝ այն օրը, երբ Իսրայելի երկիրն ամբողջությամբ վերականգնվի, Աստծու մեծ գործը կավարտվի։ Առանց որևէ մեկի գիտակցելու՝ տիեզերքի բոլոր մարդիկ կապստամբեն, և ողջ տիեզերքի բոլոր ազգերը կընկնեն երկնքի աստղերի պես. Նրանք ակնթարթորեն կկործանվեն ավերակների մեջ։ Նրանց հետ գործ ունենալուց հետո Աստված կկառուցի Իր սրտի սիրելի թագավորությունը։

Նախորդը.  Գլուխ 21

Հաջորդը.  Գլուխ 28

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger