Գլուխ 36
Ասում են՝ Աստված այժմ սկսել է պատժել մարդուն, բայց ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ, թե արդյոք այս պատժի ճշմարիտ իմաստը հասե՞լ է մարդուն։ Աստված ասում է. «Մարդը երբեք ոչինչ չի հայտնաբերել հանդիմանության մեջ, քանզի նա ոչինչ չի անում՝ բացի երկու ձեռքով իր վզի լուծը բռնելուց՝ երկու աչքն Ինձ վրա հառած, ասես թշնամուն նայելիս լինի. և միայն այս պահին եմ տեսնում, թե որքան հյուծված է նա։ Այս պատճառով է, որ Ես ասում եմ՝ ոչ ոք երբեք ամուր չի կանգնել փորձությունների մեջ»։ Աստված մարդուն պատմում է այն պատժի փաստերի մասին, որը դեռ չի կատարվել նրա վրա, և Նա դա անում է շատ մանրամասնորեն՝ առանց որևէ բան բաց թողնելու։ Ասես մարդը մտել է պատժի մեջ և իսկապես անկարող է ամուր կանգնել։ Աստված մարդու տգեղ դիմագծերի վառ, կենդանի նկարագրությունն է տալիս։ Ահա թե ինչու է մարդը ճնշում զգում. քանի որ Աստված ասում է՝ ոչ ոք երբեք ամուր չի կանգնել փորձությունների մեջ, ինչպե՞ս կարող եմ լինել այն մեկը, ով կգերազանցի համաշխարհային ռեկորդը՝ ընդունվելով հակառակ ընդունված կարգի։ Այս պահին նա սկսում է խորհել։ Իրականում ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես Աստված է ասում. «Մի՞թե Ես նրանց ճանապարհի վերջին եմ հասցրել»։ Իսկապես, Աստված բոլոր մարդկանց ճանապարհի վերջին է հասցրել, և ուստի իրենց գիտակցության մեջ մարդիկ միշտ հավատում են, որ Աստված դաժան է և անմարդկային։ Աստված բոլոր մարդկանց որսացել է աշխարհի դառը ծովից, և այնուհետև «ցանկացած պատահար կանխելու համար, Ես սպանեցի բռնված բոլոր «ձկներին», ինչից հետո ձկները դարձան հնազանդվող ու ենթարկվող և ամենաչնչին տրտունջն անգամ չունեին»։ Մի՞թե սա փաստ չէ։ Աստված բոլոր մարդկանց մահվան դառը ծովից քաշել է դեպի մահվան մեկ այլ անդունդ, Նա բոլորին քարշ է տվել «դահճի կոճղի» վրա և ստիպողաբար ճանապարհի վերջին է հասցրել. ինչո՞ւ Նա սա Աստծու մյուս որդիներին և մարդկանց չի անում։ Ո՞րն է Նրա մտադրությունը՝ նման գործ կատարելով մեծ կարմիր վիշապի երկրում։ Ինչո՞ւ է Աստծու ձեռքն այսքան «դաժան»։ Զարմանալի չէ, որ «երբ Ես մարդու կարիքն ունեմ, նա միշտ թաքնված է։ Ասես երբեք ապշեցուցիչ տեսարաններ չի տեսել, ասես ծնվել է գյուղում և ոչինչ չգիտի քաղաքի գործերից»։ Իրականում իրենց ներսում մարդիկ հարցնում են. «Ինչի՞ է Աստված հասնում՝ այսկերպ գործելով։ Մի՞թե Նա չի փորձում սպանել մեզ։ Եվ ո՞րն է իմաստը։ Ինչո՞ւ են Նրա գործի քայլերը մեկը մյուսի հետևից ճնշում մեզ, և ինչո՞ւ Նա ամենաչնչին չափով անգամ ներողամիտ չէ մեր հանդեպ»։ Սակայն մարդիկ չեն համարձակվում սա ասել, և քանի որ Աստծու խոսքերը նրանց մղում են դեն նետելու նման մտքերը՝ իրենց զրկելով հետագա մտածելու հնարավորությունից, նրանք այլ ընտրություն չունեն, քան մի կողմ դնել նման այլ մտքերը։ Պարզապես Աստված մերկացնում է մարդու բոլոր պատկերացումները, և այսպիսով՝ մարդիկ ետ են մղում իրենց պատկերացումները՝ թույլ չտալով, որ դրանք առաջ գան։ Նախկինում ասվել է, որ այս մարդիկ մեծ կարմիր վիշապի սերունդն են։ Իրականում, պարզ ասած, նրանք մեծ կարմիր վիշապի մարմնավորումն են։ Երբ Աստված ստիպողաբար ճանապարհի վերջին է հասցնում և մորթում նրանց, ապա, անկասկած, մեծ կարմիր վիշապի հոգին այլևս հնարավորություն չի ունենում գործելու նրանց մեջ։ Այսպիսով, երբ մարդիկ քայլում են դեպի ճանապարհի վերջը, դա նաև այն ժամանակն է, երբ մեծ կարմիր վիշապը վերջնականապես մեռնում է։ Կարելի է ասել, որ դա մահն օգտագործելն է՝ Աստծու «մեծ բարության» դիմաց հատուցելու համար։ Սա է Աստծու գործի նպատակը մեծ կարմիր վիշապի երկրում։ Երբ մարդիկ պատրաստ են զոհաբերելու իրենց կյանքը, ամեն ինչ դառնում է աննշան, և ոչ ոք չի կարող հաղթել նրանց։ Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան կյանքը։ Այսպիսով՝ Սատանան անկարող է դառնում որևէ այլ բան անել մարդկանց մեջ, նա ոչինչ չի կարող անել մարդու հետ։ Թեև «մսեղիի» սահմանման մեջ ասվում է, որ մսեղին ապականված է Սատանայի կողմից, եթե մարդիկ իսկապես հանձնվում են և չեն ղեկավարվում Սատանայի կողմից, ապա ոչ ոք չի կարող հաղթել նրանց. և այս պահին մսեղին կկատարի իր մեկ այլ գործառույթը և կսկսի պաշտոնապես ստանալ Աստծու Հոգու ուղղությունը։ Սա անհրաժեշտ գործընթաց է, այն պետք է տեղի ունենա քայլ առ քայլ. եթե ոչ, Աստված համառ մսեղիի մեջ գործելու ոչ մի միջոց չէր ունենա։ Այսպիսին է Աստծու իմաստությունը։ Այսկերպ բոլոր մարդիկ անգիտակցաբար մտել են այսօրվա հանգամանքների մեջ։ Եվ մի՞թե Աստված չէ, որ մարդուն առաջնորդել է դեպի «ճանապարհի վերջը»։ Կարո՞ղ է դա մարդու կողմից բացված նոր ճանապարհ լինել։ Նայելով ձեր փորձառություններին՝ թվում է, թե Աստված ծայրահեղ դաժանության մեթոդներ է կիրառում ձեր նկատմամբ, ինչից կարելի է տեսնել Աստծու արդարությունը։ Ինչպե՞ս կարող եք գովաբանություն չմատուցել։ Այն, ինչ Աստված անում է ձեզ, մարդկանց թույլ է տալիս տեսնել Աստծու արդար բնույթը. մի՞թե սա արժանի չէ Աստծու հանդեպ ձեր հիացմունքին։ Այսօր՝ անցման այս ժամանակաշրջանում, երբ հին դարաշրջանը դեռ գոյություն ունի, իսկ նոր դարաշրջանը դեռ չի իրականացել, ինչպե՞ս եք վկայություն կրում Աստծու համար։ Մի՞թե նման լուրջ հարցն արժանի չէ խոր դիտարկման։ Դեռ խորհո՞ւմ եք այլ՝ կողմնակի հարցերի շուրջ։ Ինչո՞ւ է Աստված ասում. «Թեև մարդիկ մի ժամանակ բացականչում էին. «Կեցցե՛ հասկացողությունը», ոչ ոք շատ ժամանակ չի ծախսել «հասկացողություն» բառը վերլուծելու համար՝ ցույց տալով, որ մարդիկ Ինձ սիրելու ցանկություն չունեն»։ Եթե Աստված նման բաներ չասեր, մի՞թե չէիք կարող փորձել Աստծու սիրտը հասկանալ ձեր սեփական կամքով։
Թեև վերջերս ոմանք գուցե փոքր-ինչ իմացել են Աստծու մարմնացման նպատակների և նշանակության մասին, Ես վստահորեն ասում եմ, որ եթե Աստված պարզորեն չխոսեր մարդու հետ, ոչ ոք չէր կարողանա գուշակել Աստծու մարմնացման նպատակներն ու նշանակությունը։ Սա բացարձակ է։ Մի՞թե դա դեռ պարզ չէ ձեզ համար։ Այն ամենը, ինչ Աստված անում է բոլոր մարդկանց համար, ոչ այլ ինչ է, քան Իր ծրագրի տնօրինման կետերից, սակայն նրանք անկարող են ճշգրտորեն ըմբռնել Աստծու մտադրությունները։ Սա մարդու թերությունն է, բայց Աստված չի պահանջում, որ մարդիկ ունակ լինեն որևէ բան անելու, Նա լոկ խնդրում է, որ լսեն «բժշկի հորդորները»։ Սա է Աստծու պահանջը։ Նա խնդրում է բոլոր մարդկանց ճանաչել ճշմարիտ մարդկային կյանքը, քանզի «նրանց սրտերում «մարդկային կյանք» բառերը գոյություն չունեն, նրանք հաշվի չեն առնում դրանք և լոկ հակակրանք են տածում Իմ խոսքերի հանդեպ, ասես Ես դարձել եմ շատախոս պառավ»։ Մարդկանց աչքին Աստծու խոսքերը նման են առօրյա կենցաղային իրի, և նրանք ամենևին կարևոր չեն համարում դրանք։ Այսպիսով՝ մարդիկ չեն կարողանում կիրարկել Աստծու խոսքերը. դարձել են ստոր թշվառականներ, որոնք տեղյակ են ճշմարտությանը, բայց այն չեն կիրարկում։ Ուստի մարդու միայն այս մեղքը բավարար է, որպեսզի որոշ ժամանակով զզվանք առաջացնի Աստծու մեջ, և այսպիսով՝ Նա բազմիցս ասում է, որ մարդիկ կարևորություն չեն տալիս Իր խոսքերին։ Սակայն իրենց պատկերացումներում մարդիկ մտածում են հետևյալը. «Ամեն օր ուսումնասիրում և վերլուծում ենք Աստծու խոսքերը, ուստի ինչպե՞ս կարելի է ասել, թե կարևորություն չենք տվել դրանց։ Մի՞թե դա անարդարություն չէ մեր հանդեպ»։ Բայց թույլ տուր Ինձ մի փոքր մանրամասն վերլուծել քեզ համար. մարդիկ անխոս կմնան։ Երբ նրանք կարդում են Աստծու խոսքերը, գլխով են անում, խոնարհվում ու քծնում են, ինչպես տիրոջ խոսքերին քծնող շնիկը։ Այսպիսով՝ այս պահին մարդիկ իրենց անարժան են զգում, արցունքները հոսում են նրանց դեմքով, ասես ցանկանում են ապաշխարել և նորից սկսել։ Բայց հենց որ այս ժամանակն անցնում է, նրանց ամոթխածությունն անմիջապես անհետանում է և փոխարինվում գայլային բնույթով։ Նրանք մի կողմ են դնում Աստծու խոսքերը՝ միշտ հավատալով, որ իրենց սեփական գործերն առաջնահերթ են, իսկ Աստծու գործերը՝ երկրորդական։ Իրենց այս արարքների պատճառով երբեք չեն կարողանում կիրարկել Աստծու խոսքերը։ Երբ փաստերն ի հայտ են գալիս, իրենց արմունկները դուրս են ցցում[ա]. սա կերակրող ձեռքը կծելն է. զարմանալի չէ, որ Աստված ասում է, թե «հակառակ ուղղությամբ են վազում»՝ միևնույն ժամանակ ապրուստի համար Ինձ ապավինելով»։ Միայն սրանից կարելի է տեսնել, որ Աստծու խոսքերում ամենաչնչին կեղծիք անգամ չկա, դրանք լիովին ճշմարիտ են և չեն պարունակում ամենաչնչին չափազանցություն, սակայն թվում է, թե դրանք որոշ չափով թերագնահատվել են, քանի որ մարդու հասակը չափազանց փոքր է, նա անկարող է տանել դրանք։ Աստծու խոսքերն արդեն տվել են մարդու բաների բյուրեղյա պարզ նկարագրությունը՝ և՛ ներսից, և՛ դրսից. նրանք փորագրել են դրանք կատարյալ հստակությամբ՝ պատկերելով կատարյալ նմանություն, որը ճշգրտորեն Սատանայի իսկական դեմքն է։ Պարզապես ներկա փուլում մարդիկ դեռ ամեն ինչ հստակորեն չեն արել և ուստի ասում են, որ իրենք իրենց չեն ճանաչել։ Սրա պատճառով է, որ Ես ասում եմ, թե այս դասը պետք է շարունակվի. այն չի կարող կանգ առնել։ Երբ մարդիկ ճանաչեն իրենք իրենց, դա կլինի այն ժամանակ, երբ Աստված փառք ձեռք կբերի։ Սա հեշտ է հասկանալ. կարիք չկա, որ Ես մանրամասնեմ։ Կա, սակայն, մի բան, որի մասին Ես կհիշեցնեմ ձեզ, թեև նախ Աստծու այս խոսքերը պետք է կարդալ. «Այսօր՝ այս ժամանակներում, մարդիկ երբեք չեն գնահատել Ինձ, Ես տեղ չունեմ նրանց սրտերում։ Կարո՞ղ են նրանք Ինձ անկեղծ սրտով սիրել գալիք տառապանքի օրերին»։ Ո՞րն է այս խոսքերի իմաստը։ Աստված ասում է, որ պատիժը դեռ չի կատարվել մարդու վրա, ինչը ցույց է տալիս, որ «ինքն իրեն ճանաչել» բառերն ունեն նաև ներքին իմաստ. տեսա՞ր սա։ Առանց նեղության և զտման ենթարկվելու՝ ինչպե՞ս կարող են մարդիկ իրենք իրենց ճանաչել։ Մի՞թե սրանք դատարկ խոսքեր չեն։ Իսկապե՞ս վստահում ես այն ամենին, ինչ Աստված ասում է։ Կարո՞ղ ես զանազանել Աստծու խոսքերը։ Ինչո՞ւ է Աստված բազմիցս ասում այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Տեսնելով մարդու արարքները՝ Իմ միակ ընտրությունը հեռանալն է», նաև «Միայն երբ լեռները գլխիվայր ընկնում են, և երկիրը ճեղքվում է, մարդիկ մտածում են Իմ խոսքերի մասին, միայն այդ ժամանակ են արթնանում իրենց երազներից, բայց ժամանակն արդեն եկել է, նրանք կլանված են մեծ ջրհեղեղի մեջ, նրանց դիակները լողում են ջրի մակերևույթին»։ Ինչո՞ւ է Աստված ասում «մարդիկ հիշում են» և ոչ թե «մարդիկ ենթարկվում են Իմ խոսքերին»։ Արդյո՞ք ճշմարիտ է, որ լեռները գլխիվայր են ընկնում, և երկիրը ճեղքվում է։ Մարդիկ ուշադրություն չեն դարձնում նման խոսքերին, թույլ են տալիս, որ դրանք աննկատ անցնեն, և այսպիսով՝ շատ նեղություն են կրում Աստծու խոսքերում։ Պատճառն այն է, որ նրանք չափազանց անմիտ են։ Մարդու այս ձախողման պատճառով Աստված ասում է. «Ես՝ արցունքագեղձեր չունեցող այս «հրեշս», շատ արցունքներ եմ թափել մարդու համար։ Մարդը, սակայն, ոչինչ չգիտի սրա մասին»։ Քանի որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում Աստծու խոսքերին, Աստված օգտագործում է այս միջոցը՝ հիշեցնելու նրանց և դրանով իսկ ստանալու նրանց «օգնությունը»։
Առայժմ Ես չեմ մարգարեանա համաշխարհային զարգացումների մասին, այլ մարդու ճակատագրի մասին որոշ բաներ կկանխագուշակեմ։ Մի՞թե Ես չեմ պահանջել, որ մարդիկ ճանաչեն իրենք իրենց։ Ինչպե՞ս կարելի է սա բացատրել։ Ինչպե՞ս պետք է մարդիկ ճանաչեն իրենք իրենց։ Երբ Աստված այնքան է «տանջում» մարդկանց, որ նրանք հայտնվում են կյանքի և մահվան միջև, սկսում են մի փոքր հասկանալ մարդկային կյանքի իմաստը և հոգնում են մարդկային կյանքից՝ հավատալով, որ մարդու ողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան երազ։ Հավատում են, որ մարդու կյանքը տառապանքով լի կյանք է, որ կմեռնեն՝ առանց երբևէ որևէ բանի հասնելու, և որ իրենց կյանքն անիմաստ է ու անարժեք։ Մարդկային կյանքն ընդամենը երազ է, երազ, որտեղ վիշտն ու երջանկությունը ալիքների պես հաջորդում են իրար։ Այսօր մարդիկ ապրում են Աստծու համար, բայց քանի որ ապրում են մարդու աշխարհում, նրանց ամենօրյա կյանքը մնում է դատարկ և անարժեք՝ բոլոր մարդկանց մղելով իմանալու, որ Աստծու վայելքն ընդամենը անցողիկ մխիթարություն է, և որ նրանք երբ չեն վայելում Աստծուն, թեև հավատում են Աստծուն, դեռ ապրում են մսեղիի մեջ. ուրեմն ո՞րն է իմաստը։ Մարդու համար մսեղիի մեջ ապրելը ընդամենը դատարկություն է։ Փորձառաբար ապրելով մարդկային կյանքի նեղություններն ու անհաջողությունները՝ ծերության գալուստով մարդու մազերը ճերմակում են, նրա դեմքը լցվում է կնճիռներով, իսկ ձեռքերը ծածկվում են կոշտուկներով։ Թեև նա մեծ գին է վճարել, շատ քիչ բան է ձեռք բերել։ Այսպիսով՝ Իմ խոսքերը մի քայլ առաջ են գնում. բոլոր նրանք, ովքեր ապրում են մսեղիի մեջ, ապրում են դատարկության մեջ։ Սա կասկածից վեր է, և կարիք չկա, որ մանրամասն քննես։ Սա մարդկային կյանքի իսկական դեմքն է, որի մասին Աստված խոսել է նորից ու նորից։ Աստված չի խուսափում այս խոսքերն ասելուց մարդու թուլության պատճառով, այլ պարզապես գործում է Իր սկզբնական ծրագրի համաձայն։ Գուցե որոշ խոսքեր աջակցություն և հասկացողություն են տրամադրում մարդկանց, և գուցե որոշներն անում են ճիշտ հակառակը՝ մարդկանց միտումնավոր ապրել տալով մահվան մթնոլորտում. և ճիշտ սրա պատճառով է, որ նրանք տառապում են։ Ուստի գուցե Աստված կիրառում է «դատարկ քաղաքի ռազմավարությունը»[բ]՝ մարդկանց միտումնավոր մոլորեցնելու համար, բայց նրանք ամենևին չեն կարողանում տեսնել սա, մնում են խավարի մեջ։ Եվ այնուամենայնիվ, ամեն բան Աստծու ձեռքերում է, և նույնիսկ եթե մարդիկ իմացած լինեին, ինչպե՞ս կարող էին պաշտպանվել դրանից։ Այսպիսով՝ ոչ ոք ի վիճակի չէ խուսափելու պատժի սպառնալիքից. ի՞նչ կարող էին նրանք անել։ Նրանք կարող են միայն հնազանդվել Աստծու կարգավորումներին. և մի՞թե դա այն պատճառով չէ, որ Աստված բռնել է նրանց և բաց չի թողնի։ Միայն Աստծու սպառնալիքների ներքո են բոլոր մարդիկ ի վիճակի հետևելու բնության ընթացքին. մի՞թե այդպես չէ։ Եթե չլինեին Աստծու կարգավորումները, ինչպե՞ս կարող էին մարդիկ հոժարակամ ընդունել պարտությունը։ Մի՞թե դա կատակ չէր լինի։ Թեև մարդկային կյանքը դատարկ է, ո՞վ է պատրաստ, երբ իր կյանքը հարմարավետ է, լուռ թողնելու մարդկանց աշխարհը և փորձելու բավարարել Աստծուն։ Մարդիկ մեռնում են անօգնականության մեջ. ո՞վ է երբևէ մեռել առատության մեջ, երբ ունեցել է այն ամենը, ինչ կարող էր ցանկանալ։ Միայն երկնքից իջած «աստղը» բացառություն կլիներ։ Համեմատած երրորդ երկնքի կյանքի հետ, որն այն վայելում էր, երկրի վրայի կյանքը նման կլիներ Հադեսում ապրելուն. միայն նման հանգամանքներում այն գուցե պատրաստ լիներ մեռնելու։ Սակայն այսօր ո՞վ է աստղ երկնքում։ Ես նույնպես «անորոշ» եմ սրա մասին։ Եկեք փնտրենք շուրջբոլորը և տեսնենք, թե արդյոք կարող ենք գտնել մեկին։ Եթե նրանք գտնվեն, Ես խնդրում եմ մարդկանց օգնել Ինձ հարցնելու, թե արդյոք նրանք պատրաստ են գործելու Իմ վերոհիշյալ խոսքերի համաձայն։ Սակայն Ես նախազգուշացում ունեմ ձեզանից յուրաքանչյուրի համար. ձեզանից ոչ ոք չպետք է խաղա «հերոսի» դերը և կամավոր մեռնի, հասկանո՞ւմ եք։
Ծանոթություն 2։
ա. «Արմունկները դուրս ցցել»-ը չինական դարձվածք է, որը նշանակում է օգնել կողմնակի անձանց՝ ի վնաս սեփական կողմի կամ ճամբարի։
բ. «Դատարկ քաղաքի ռազմավարությունը» հին Չինաստանի երեսունվեց ռազմավարություններից 32-րդն է։ Այս ռազմավարությունը ներառում է խաբուսիկ համարձակ ճակատի ցուցադրում՝ պատրաստվածության պակասը քողարկելու համար, որպեսզի մոլորեցնի թշնամուն։