Բնականոն հոգևոր կյանքն առաջնորդում է մարդկանց դեպի ճիշտ ուղի
Դուք դեռ շատ փոքր մասն եք անցել Աստծուն հավատացողի ուղուց և դեռ չեք մտել ճշմարիտ ընթացքի մեջ, ուստի դեռ հեռու եք Աստծու սահմանած չափանիշին համապատասխանելուց։ Այժմ ձեր հասակը բավարար չէ Նրա պահանջներին համապատասխանելու համար: Ձեր մտքի զարգացման և ձեր ապականված էության պատճառով դուք միշտ անփույթ եք վերաբերվում Աստծու գործին և այն լուրջ չեք ընդունում։ Սա ձեր ամենամեծ թերությունն է։ Անշուշտ, չկա մեկը, ով կարողանա ճշգրտորեն հասկանալ այն ուղին, որով անցնում է Սուրբ Հոգին․ ձեզանից շատերը դա չեն հասկանում և չեն կարող հստակ տեսնել այն։ Ավելին, մեծամասնությունն ուշադրություն չի դարձնում այս հարցին, առավել ևս՝ այն սրտում չի կրում։ Եթե շարունակեք այսպես՝ ապրելով Սուրբ Հոգու գործից անտեղյակ, ապա այն ուղին, որով դուք՝ Աստծուն հավատացողներդ անցնում եք, կլինի ապարդյուն։ Պատճառն այն է, որ դուք ամեն ինչ չեք անում՝ Աստծու կամքին համապատասխանելու, ինչպես նաև այն, որ պատշաճ կերպով չեք համագործակցում Աստծու հետ։ Խնդիրն այն չէ, թե Աստված չի ներգործել քեզ վրա, կամ Սուրբ Հոգին չի ազդել․ այլ այն, որ դուք այնքան անփույթ եք, որ Սուրբ Հոգու գործը լրջությամբ չեք ընդունում։ Դուք պետք է անմիջապես փոխեք այս իրավիճակը և քայլեք այն ճանապարհով, որով Սուրբ Հոգին է առաջնորդում մարդկանց։ Սա է այսօրվա հիմնական թեման։ «Այն ճանապարհը, որով Սուրբ Հոգին առաջնորդում է», վերաբերում է հոգևոր լուսավորություն ստանալուն, Աստծու խոսքն ըմբռնելուն, առջևում գտնվող ճանապարհը հստակ պատկերացնելուն, կարողանալուն քայլ առ քայլ մտնել ճշմարտության մեջ և Աստծու ավելի խոր ճանաչողության հասնելուն։ Ճանապարհը, որով Սուրբ Հոգին առաջնորդում է մարդկանց, նախևառաջ ուղի է դեպի Աստծու խոսքի ավելի հստակ ըմբռնում՝ զերծ շեղումներից ու մտացածին պատկերացումներից, և նրանք, ովքեր քայլում են այդ ուղով, ուղիղ են ընթանում։ Այս ամենին հասնելու համար դուք պետք է ներդաշնակ համագործակցեք Աստծու հետ, գտնեք գործելու ճիշտ ուղի և քայլեք Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհով։ Սա ենթադրում է մարդու կողմից համագործակցություն, այսինքն՝ այն, ինչ դուք պիտի անեք Աստծու՝ ձեր նկատմամբ ունեցած պահանջներին համապատասխանելու համար և այն, թե ինչպես պետք է վարվեք՝ Աստծու հանդեպ հավատքի ճշմարիտ ուղու մեջ մտնելու համար։
Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհի վրա կանգնելը կարող է բարդ թվալ, սակայն երբ կիրարկման ուղին քեզ համար պարզ դառնա, այն քեզ ավելի դյուրին կթվա։ Իրականում մարդիկ կարող են կատարել այն, ինչ Աստված պահանջում է նրանցից․ այնպես չէ, կարծես Նա փորձում է ստիպել ձկներին ցամաքում ապրել։ Բոլոր իրավիճակներում Աստված ձգտում է լուծել մարդկանց խնդիրներն ու մտահոգությունները։ Դուք բոլորդ պետք է սա հասկանաք․ սխալ մի՛ ընկալեք Աստծուն։ Մարդիկ առաջնորդվում են Աստծու խոսքով՝ այն ճանապարհով, որով քայլում է Սուրբ Հոգին։ Ինչպես արդեն ասվել է, դուք պետք է ձեր սիրտը հանձնեք Աստծուն։ Սա նախապայման է Սուրբ Հոգու առաջնորդած ուղով քայլելու համար։ Պետք է այսպես վարվեք, որպեսզի մտնեք ճշմարիտ ուղու մեջ։ Ինպե՞ս է մարդը գիտակցաբար կատարում իր սիրտն Աստծուն հանձնելու գործը։ Առօրյա կյանքում, երբ դուք փորձառաբար ապրում եք Աստծու գործը և աղոթում Նրան, դա անում եք անփութորեն․ դուք աղոթում եք Աստծուն՝ միաժամանակ աշխատելով։ Արդյո՞ք սա կարելի է համարել սիրտն Աստծուն հանձնել։ Դուք մտածում եք կենցաղային հոգսերի կամ մսեղիի գործերի մասին․ միշտ երկմտության մեջ եք։ Կարելի՞ է սա համարել Աստծու առաջ սիրտը խաղաղեցնել։ Պատճառն այն է, որ քո սիրտը միշտ սևեռված է արտաքին գործերի վրա և չի կարող վերադառնալ Աստծու առաջ։ Եթե ցանկանում ես, որ սիրտդ իսկապես խաղաղ լինի Աստծու առաջ, ապա պետք է կատարես գիտակցված համագործակցության գործը։ Այսինքն՝ ձեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր նվիրումի ժամանակը, ժամանակ, երբ հեռու եք մարդկանցից, իրադարձություններից և բաներից, հանգստացնում եք ձեր սիրտը և լռեցնում ձեզ Աստծու առաջ։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի անձնական հոգևոր նշումներ՝ գրի առնելով Աստծու խոսքի վերաբերյալ իր ընկալումը, և թե ինչպես է իր հոգին շարժվում՝ անկախ նրանից՝ դրանք խորն են, թե մակերեսային։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցաբար խաղաղեցնի իր սիրտն Աստծու առաջ։ Եթե կարողանաս ամեն օր մեկ կամ երկու ժամ նվիրել ճշմարիտ հոգևոր կյանքին, ապա այդ օրը կյանքդ լիարժեք կզգաս, և սիրտդ լուսավոր ու պարզ կլինի։ Եթե ամեն օր ապրես այսպիսի հոգևոր կյանքով, ապա քո սիրտը կկարողանա ավելի շատ վերադառնալ դեպի Աստծու տիրապետությունը, հոգիդ ավելի ու ավելի ուժեղ կդառնա, վիճակդ շարունակաբար կբարելավվի, ավելի ունակ կդառնաս ընթանալու այն ճանապարհով, որով առաջնորդում է Սուրբ Հոգին, և Աստված կրկնակի կօրհնի քեզ։ Ձեր հոգևոր կյանքի նպատակը գիտակցաբար Սուրբ Հոգու ներկայությունը ձեռք բերելն է։ Դա կանոններին հետևելը կամ կրոնական ծեսեր կատարելը չէ, այլ՝ իսկապես համագործակցելն Աստծու հետ, իսկապես կարգապահ դարձնելը քո մարմինը․ սա այն է, ինչ մարդ պետք է անի, ուստի պետք է անեք սա առավելագույն ջանքով։ Որքան ավելի լավ լինի քո համագործակցությունը, և որքան մեծ լինի քո ջանքը, այնքան սիրտդ ավելի շուտ կկարողանա վերադառնալ Աստծուն, և ավելի լավ կկարողանաս խաղաղեցնել սիրտդ Նրա առաջ։ Ժամանակի ընթացքում Աստված ամբողջությամբ կտիրի քո սրտին։ Ոչ ոք չի կարողանա շեղել կամ գրավել քո սիրտը, և դու ամբողջությամբ Աստծուն կպատկանես։ Եթե դու քայլես այս ճանապարհով, ապա Աստծու խոսքը մշտապես կբացահայտվի քեզ և կլուսավորի քեզ այն ամենում, ինչ դեռևս չես հասկանում․ այս ամենին հնարավոր է հասնել քո համագործակցության շնորհիվ։ Այդ իսկ պատճառով Աստված միշտ ասում է․ «Բոլոր նրանց, ովքեր համագործակցում են Ինձ հետ, Ես կրկնակի կպարգևատրեմ»։ Դուք պետք է հստակ տեսնեք այս ճանապարհը։ Եթե ցանկանում եք քայլել ճշմարիտ ուղով, ապա պետք է հնարավոր ամեն բան անեք Աստծուն հաճեցնելու համար։ Պետք է ձեր ամբողջ ուժը ներդնեք հոգևոր կյանքի հասնելու համար։ Սկզբում գուցե մեծ արդյունքների չհասնես, բայց վատատեսությամբ չլցվես և ետ չկանգնես․ շարունակի՛ր ջանասիրաբար աշխատել։ Որքան շատ ապրես հոգևոր կյանքով, այնքան ավելի շատ քո սիրտը կլցվի Աստծու խոսքերով՝ մշտապես մտահոգ այս հարցերի մասին, մշտապես կրելով դրանք որպես քո բեռը։ Այնուհետև, Աստծուն պատմի’ր քո նվիրական մտքերը քո հոգևոր կյանքի միջոցով, ասա’ Նրան, թե ինչի ես պատրաստ, ինչի մասին ես մտածում, ինչպես ես հասկանում Նրա խոսքը և ինչ տեսակետ ունես դրա վերաբերյալ։ Ոչինչ մի՛ թաքցրու, նույնիսկ՝ ամենաչնչինը։ Սովորի՛ր արտահայտել սրտիդ խոսքերը և բացահայտել ճշմարիտ զգացմունքներդ Աստծու առաջ․ արտահայտի’ր այն ամենը, ինչ կա քո սրտում։ Որքան շատ այսպես խոսես, այնքան ավելի շատ կզգաս Աստծու հաճելիությունը, և սիրտդ ավելի շատ կմոտենա Աստծուն։ Երբ սա տեղի ունենա, կզգաս, որ Աստված առավել թանկ է քեզ համար, քան որևէ մեկը, և որ ոչ մի պարագայում չես կարող հեռանալ Աստծու կողքից։ Միայն այն դեպքում, երբ դու ամեն օր այսպիսի հոգևոր նվիրում դրսևորես՝ երբեք չմոռանալով անել այսպես, կարծես այս գործը մեծագույն կարևորություն ունի քո կյանքում, քո սիրտը կարող է լցվել Աստծու խոսքով։ Ահա թե ինչ է նշանակում Սուրբ Հոգու ազդեցության տակ լինել։ Կթվա, թե սիրտդ միշտ պատկանել է Աստծուն, կարծես այն, ինչ սիրում ես, միշտ քո սրտում է, և ոչ ոք չի կարող այն քեզնից խլել։ Երբ դա կատարվի, Աստված իսկապես կբնակվի քո ներսում և տեղ կունենա քո սրտում։