Պետրոսի կյանքի մասին
Պետրոսն Աստծու օրինակն էր մարդկության համար. նշանավոր մեկը, ում բոլորը ճանաչում էին։ Ինչո՞ւ այսքան սովորական մեկն Աստծու կողմից բարձրացվեց՝ որպես օրինակ և գովերգվեց հաջորդ սերունդների կողմից։ Ինքնին հասկանալի է, որ սա անբաժանելի է Աստծու հանդեպ նրա սիրո արտահայտումից և Աստծուն սիրելու վճռականությունից։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես դրսևորվեց Պետրոսի աստվածասեր սիրտը, և թե իրականում ինչպիսին էին նրա կյանքի փորձառությունները, պետք է վերադառնանք Շնորհքի դարաշրջան՝ կրկին նայելու այն ժամանակվա սովորույթներին և տեսնելու այդ դարաշրջանի Պետրոսին։
Պետրոսը ծնվեց հասարակ հրեա հողագործի ընտանիքում։ Նրա ծնողներն ամբողջ ընտանիքը պահում էին հողագործությամբ, և նա երեխաներից ավագն էր՝ ունենալով չորս եղբայր և քույր։ Իհարկե, սա մեր պատմության հիմնական մասը չէ․ Պետրոսն է մեր գլխավոր հերոսը։ Երբ հինգ տարեկան էր, Պետրոսի ծնողներն սկսեցին նրան կարդալ սովորեցնել։ Այդ ժամանակ հրեա ժողովուրդը բավական ուսյալ էր և հատկապես առաջադեմ էր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և առևտուրը։ Իրենց սոցիալական միջավայրի արդյունքում Պետրոսի ծնողներից երկուսն էլ բարձրագույն կրթություն էին ստացել։ Չնայած գյուղաբնակ լինելուն՝ նրանք կրթված էին և համեմատելի այսօրվա միջին վիճակագրական համալսարանական ուսանողների հետ։ Պետրոսը ծնվել էր նման բարենպաստ սոցիալական պայմաններում. ակնհայտ է, որ սա նրա բարեբախտությունն էր։ Խելացի և սրամիտ լինելով՝ նա հեշտությամբ էր ընկալում նոր գաղափարները։ Իր ուսումն սկսելուց հետո նա կարողանում էր հետևություններ անել իր սովորածից՝ դա ամենևին էլ դժվար չհամարելով։ Նրա ծնողները հպարտանում էին նման խելացի, սրամիտ որդի ունենալով, ուստի նրանք տվեցին իրենց սրտի արյունը՝ աջակցելու նրա կրթությանը՝ հուսալով, որ կկարողանա աչքի ընկնել և հասարակության մեջ ինչ-որ պաշտոն զբաղեցնել։ Ինքն էլ չգիտակցելով՝ Պետրոսն սկսեց հետաքրքրվել Աստծով։ Այսպիսով, տասնչորս տարեկանում, երբ նա սովորում էր ավագ դպրոցում, խոր հակակրանք զգաց հին հունական մշակույթի հանդեպ, որն ուսումնասիրում էր. մասնավորապես, առավել ևս գարշեց հին հունական պատմության հորինված կերպարներից և մտացածին իրադարձություններից։ Այդ ժամանակվանից ի վեր Պետրոսը, որ նոր էր թևակոխել իր երիտասարդության գարունը, սկսեց ուսումնասիրել մարդկային կյանքն ու շփվել հասարակության հետ։ Նա չհատուցեց իր ծնողների կրած դժվարությունների դիմաց՝ խղճից դրդված, որովհետև հստակ տեսնում էր, որ մարդիկ բոլորն ապրում են ինքնախաբեության վիճակի մեջ և անիմաստ կյանք են վարում, և որ նրանք բոլորը կործանում են իրենց իսկ կյանքը՝ համբավի և շահի համար մրցակցելով։ Նրա ներըմբռնումը մեծապես կապված էր իր ապրած սոցիալական միջավայրի հետ։ Որքան շատ գիտելիք ունեին մարդիկ, այնքան ավելի բարդ էին նրանց միջանձնային հարաբերություններն ու ներքինաշխարհները, և հետևաբար, այնքան ավելի դատարկ էր թվում այն տարածքը, որտեղ նրանք ապրում էին։ Այս հանգամանքներում Պետրոսն իր ազատ ժամանակն անցկացնում էր՝ այցելություններ կատարելով ամենուր, ընդ որում՝ նրա այցելած մարդկանց մեծամասնությունը կրոնական գործիչ էր։ Նրա սրտում կարծես աղոտ զգացողություն կար, որ գուցե կրոնը կարող է պարզաբանել մարդկային աշխարհի տարբեր հանելուկները, ուստի նա հաճախ գնում էր իր տան մոտ գտնվող սինագոգ՝ արարողություններին մասնակցելու՝ առանց ծնողների գիտության։ Շատ չանցած՝ Պետրոսը, որ միշտ լավ բնութագիր ուներ և աչքի էր ընկնում ուսման մեջ, սկսեց ատել դպրոց գնալը։ Ծնողների վերահսկողության տակ նա դժկամությամբ ավարտեց ավագ դպրոցը, որից հետո, գիտելիքի օվկիանոսից դեպի ափ լողալով, խոր շունչ քաշեց․ այդուհետ ազատ էր ամեն տեսակ կրթությունից և սահմանափակումից։
Դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց կարդալ ամեն տեսակի գրքեր, բայց տասնյոթ տարեկանում, բնականաբար, դեռ չուներ լայն աշխարհի մեծ փորձառություն։ Դպրոցն ավարտելուց հետո նա իր ապրուստը վաստակում էր հողագործությամբ՝ միաժամանակ հնարավորինս շատ ժամանակ տրամադրելով գրքեր կարդալուն և կրոնական արարողություններին հաճախելուն։ Նրա ծնողները, որ մեծ հույսեր էին կապում նրա հետ, հաճախ անիծում էին Երկնքին իրենց «ըմբոստ որդու» համար, բայց նույնիսկ սա չէր կարող կանգնել արդարության հանդեպ նրա քաղցի ու ծարավի ճանապարհին։ Պետրոսն իր փորձառությունների ընթացքում քիչ անհաջողությունների չհանդիպեց, բայց նրա սիրտն անհագ էր, և նա աճում էր, ինչպես խոտը՝ անձրևից հետո։ Շատ չանցած՝ նա այնքան «բախտավոր» եղավ, որ հանդիպեց կրոնական աշխարհի որոշ ավագ գործիչների, և քանի որ նրա փափագն այդքան ուժգին էր, սկսեց ավելի ու ավելի հաճախ շփվել նրանց հետ, մինչև որ իր գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում էր նրանց շրջապատում։ Ընկղմված լինելով բավարարված երջանկության մեջ՝ նա հանկարծ գիտակցեց, որ այս մարդկանց մեծամասնությունը հավատում էր շուրթերով, և նրանք իրենց սրտերը չէին նվիրել իրենց հավատքին։ Ինչպե՞ս կարող էր Պետրոսը, որի հոգին ուղղամիտ էր և մաքուր, դիմանալ նման հարվածի։ Նա գիտակցեց, որ գրեթե բոլոր մարդիկ, որոնց հետ ինքը շփվում էր, մարդկային հանդերձանքով գազաններ էին․ նրանք մարդկային դեմքով կենդանիներ էին։ Այդ ժամանակ Պետրոսը շատ միամիտ էր, ուստի մի քանի անգամ ի սրտե աղերսեց նրանց։ Բայց ինչպե՞ս կարող էին կրոնական աշխարհի այս խորամանկ, նենգ պաշտոնյաները երբևէ լսել այս կրքոտ երիտասարդի աղաչանքները։ Հենց այս ժամանակ էր, որ Պետրոսը զգաց մարդկային կյանքի ճշմարիտ դատարկությունը։ Կյանքի բեմում իր առաջին իսկ քայլից նա ձախողվել էր․․․ Մեկ տարի անց նա հեռացավ սինագոգից և սկսեց ինքնուրույն ապրել։
Անհաջողությունը տասնութամյա Պետրոսին դարձրեց շատ ավելի հասուն և շրջահայաց։ Նրա երիտասարդական միամտությունից այլևս ոչ մի հետք չէր մնացել․ երիտասարդներին բնորոշ անմեղությունն ու պարզությունը անողոքաբար ճնշվել էին նրա կրած անհաջողությունից, և նա սկսեց ձկնորսի կյանք վարել։ Դրանից հետո նրա նավակի վրա կարելի էր տեսնել մարդկանց նրա քարոզները լսելիս։ Ձկնորսությամբ ապրուստ վաստակելիս նա տարածում էր իր ուղերձը, ուր էլ՝ գնար, և բոլորը, ում նա քարոզում էր, հմայված էին նրա քարոզներով, քանզի նրա ասածները հնչեղություն էին գտնում հասարակ մարդկանց սրտերում, և նրանք բոլորը խորապես հուզված էին նրա ազնվությունից։ Նա հաճախ սովորեցնում էր մարդկանց անկեղծ սրտով վերաբերվել ուրիշներին, ամեն հարցում կանչել երկինքների ու երկրի և բոլոր բաների Իշխանին և չանտեսել իրենց խիղճն ու չանել ամոթալի արարքներ՝ բոլոր հարցերում գոհացնելով Աստծուն, Ում սիրում էին իրենց սրտերում․․․ Մարդիկ հաճախ խորապես հուզվում էին նրա քարոզները լսելուց հետո․ նրանք բոլորը ոգեշնչվում էին նրանով և հաճախ արտասվում։ Այդ ժամանակ նրանով մեծապես հիանում էին բոլոր մարդիկ, որոնք հետևում էին իրեն։ Այդ մարդիկ բոլորն աղքատ էին, և, իհարկե, նրանք նաև շատ քիչ էին՝ պայմանավորված այն ժամանակվա հասարակության վիճակով։ Պետրոսը նաև հալածվում էր այն ժամանակվա հասարակության կրոնական տարրերի կողմից։ Այս ամենը նշանակում էր, որ երկու տարի շարունակ նա տեղից տեղ էր տեղափոխվում և մեկուսի կյանք վարում։ Այս երկու տարվա արտասովոր փորձառությունների ընթացքում նա բազում ներըմբռնումներ ձեռք բերեց և մեծապես սովորեց այնպիսի իրողությունների մասին, որոնցից նախկինում տեղյակ չէր, այնպես որ անճանաչելի դարձավ իր 14-ամյա եսի համեմատ, որի հետ նա այժմ կարծես ոչ մի ընդհանուր բան չուներ։ Այս երկու տարվա ընթացքում նա հանդիպեց ամեն տեսակ մարդկանց և տեսավ հասարակության վերաբերյալ ամեն տեսակ ճշմարտություններ, որոնց արդյունքում աստիճանաբար սկսեց ազատվել կրոնական աշխարհի տարատեսակ ծեսերից։ Նա նաև խորապես ազդված էր այդ ժամանակ Սուրբ Հոգու գործի զարգացումներից․ մինչ այդ Հիսուսն արդեն երկար տարիներ աշխատում էր, ուստի Պետրոսի աշխատանքը նույնպես կրում էր այդ ժամանակ Սուրբ Հոգու գործի ազդեցությունը, թեև նա դեռ չէր հանդիպել Հիսուսին։ Այդ պատճառով, երբ Պետրոսը քարոզում էր, նա ձեռք էր բերում շատ բաներ, որոնք նախորդ սերունդների սրբերը երբեք չէին ունեցել։ Իհարկե, այն ժամանակ նա քիչ թե շատ տեղյակ էր Հիսուսի մասին, բայց դեռ երբեք հնարավորություն չէր ունեցել երես առ երես հանդիպելու Նրան։ Նա միայն հուսով էր և տենչում էր տեսնել Սուրբ Հոգուց ծնված այդ երկնային կերպարին։
Մի երեկո՝ մթնշաղին, Պետրոսն իր նավակից ձուկ էր որսում (այն ժամանակ Գալիլեայի ծով կոչվող ծովի ափի մոտ)։ Նրա ձեռքերում ձկնորսական կարթ կար, բայց միտքն այլ տեղ էր։ Մայր մտնող արևը լուսավորում էր ջրի մակերեսը՝ արյան վիթխարի օվկիանոսի պես։ Լույսն արտացոլվում էր Պետրոսի երիտասարդ, բայց և այնպես հանգիստ ու զուսպ դեմքին․ կարծես մտքերի մեջ խորասուզված լիներ։ Այդ պահին մի զեփյուռ փչեց, և նա հանկարծ զգաց իր կյանքի մենությունը, ինչն անմիջապես նրան մռայլության զգացում տվեց։ Մինչ օվկիանոսի ալիքները փայլատակում էին լույսի տակ, պարզ էր, որ նա ձուկ որսալու տրամադրություն չուներ։ Մինչ նա խորասուզված էր մտքերի մեջ, հանկարծ լսեց, թե ինչպես իր հետևում մեկն ասաց․ «Հրեաների որդի Սիմոն, Հովնանի որդի, քո կյանքի օրերը մենավոր են։ Կհետևե՞ս Ինձ»։ Ցնցված՝ Պետրոսն անմիջապես վայր գցեց ձկնորսական կարթը, որը բռնել էր, և այն իսկույն սուզվեց ծովի հատակը։ Պետրոսը շտապ շրջվեց և տեսավ մի մարդու, որ կանգնած էր իր նավակի վրա։ Ոտքից գլուխ նայեց Նրան․ Նրա՝ ուսերին հասնող մազերն արևի լույսի տակ թեթևակի ոսկեդեղնավուն էին, Նա կրում էր մոխրագույն հագուստ, միջահասակ էր և ոտքից գլուխ հագնված էր հրեա տղամարդու պես։ Մարող լույսի ներքո այդ մարդու մոխրագույն հագուստը փոքր-ինչ սև էր թվում, իսկ Նրա դեմքը կարծես թեթևակի փայլ ուներ։ Պետրոսը բազմիցս էր փնտրել Հիսուսին հանդիպելու ուղիներ, բայց երբեք չէր հաջողել։ Այդ պահին իր հոգու խորքում Պետրոսը հավատաց, որ այս մարդը պետք է լինի իր սրտի սուրբը, ուստի նա ծնկի իջավ ու խոնարհվեց ձկնորսական նավակում և ասաց․ «Մի՞թե Դու Տերն ես, որ եկել է քարոզելու երկնքի թագավորության ավետարանը։ Ես լսել եմ Քո փորձառությունների մասին, բայց երբեք չեմ տեսել Քեզ։ Ցանկացել եմ հետևել Քեզ, բայց չեմ կարողացել գտնել»։ Այդ ժամանակ Հիսուսն արդեն անցել էր նավախուց, որտեղ հանգիստ նստած էր։ «Վե՛ր կաց և նստի՛ր Իմ կողքին»,-ասաց Նա։ «Ես այստեղ եմ փնտրելու նրանց, ովքեր ճշմարտապես սիրում են Ինձ։ Ես եկել եմ հատկապես քարոզելու երկնքի թագավորության ավետարանը և եկել եմ՝ շրջելու բոլոր վայրերով՝ փնտրելու նրանց, ովքեր Ինձ հետ մեկ միտք ունեն։ Կամենո՞ւմ ես»։ Պետրոսը պատասխանեց․ «Ես պետք է հետևեմ նրան, ում ուղարկել է Երկնային Հայրը։ Ես պետք է ընդունեմ նրան, ում ընտրել է Սուրբ Հոգին։ Քանի որ ես սիրում եմ Երկնային Հորը, ինչպե՞ս կարող եմ չկամենալ հետևել Քեզ»։ Թեև կրոնական պատկերացումները խորն արմատավորված էին Պետրոսի խոսքերում, Հիսուսը ժպտաց ու գոհունակությամբ գլխով արեց։ Այդ պահին Նրա ներսում Պետրոսի հանդեպ հայրական սիրո զգացում ծնվեց։
Պետրոսը մի քանի տարի հետևեց Հիսուսին և շատ բան տեսավ Նրա մեջ, որերբեք չէր հանդիպել մարդկանց մեջ։ Նրան մեկ տարի հետևելուց հետո Պետրոսն ընտրվեց Հիսուսի կողմից տասներկու աշակերտների միջից (իհարկե, Հիսուսը բարձրաձայն չասաց սա, և մյուսներն ամենևին տեղյակ չէին սրանից)։ Կյանքում Պետրոսը Հիսուսի յուրաքանչյուր քայլն ընդունում էր որպես օրինակ։ Ամենակարևորն այն էր, որ այն ուղերձները, որ Հիսուսը քարոզում էր, դաջվել էին նրա սրտում։ Նա չափազանց ուշադիր և հավատարիմ էր Հիսուսի հանդեպ և երբեք որևէ դժգոհություն չէր հայտնում Նրա դեմ։ Արդյունքում՝ նա դարձավ Հիսուսի հավատարիմ ուղեկիցը, ուր էլ Նա գնում էր։ Պետրոսը դիտարկում էր Հիսուսի ուսմունքները, Նրա մեղմ խոսքերը, այն, թե ինչ էր Նա ընդունում՝ որպես սնունդ, Նրա հագուստը, կացարանը և այն, թե ինչպես էր Նա ճամփորդում։ Նա ընդօրինակում էր Հիսուսին ամեն հարցում։ Երբեք ինքնարդար չէր, բայց ազատվեց այն ամենից, ինչը հնացած էր՝ հետևելով Հիսուսի օրինակին և՛ խոսքով, և՛ գործով։ Հենց այդ ժամանակ էր, որ Պետրոսը զգաց, որ երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն Ամենակարողի ձեռքերում են։ Այս պատճառով Պետրոսն անձնական ընտրություն չուներ, և նա յուրացրեց այն ամենը, ինչ Հիսուսն էր, ու օգտագործեց դա՝ որպես օրինակ։ Պետրոսը Հիսուսի կյանքում տեսավ, որ Նա երբեք ինքնարդար չէր Իր արածի մեջ և երբեք չէր պարծենում Իրենով, այլ փոխարենը սիրով վերափոխում էր մարդկանց։ Պետրոսը տարբեր հանգամանքներում տեսնում էր, թե ով էր Հիսուսը, և այս պատճառով Հիսուսի հետ կապված ամեն բան դարձավ նրա ընդօրինակման առարկան։ Պետրոսի փորձառությունների շնորհիվ նրա մեջ աճում էր Հիսուսի հաճելիության զգացումը, և նա անում էր այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են․ «Ես փնտրել եմ Ամենակարողին, որ երկինքներում է, և ես տեսել եմ երկինքների ու երկրի և բոլոր բաների հրաշքները և միայն այսկերպ եմ ձեռք բերել Ամենակարողի հաճելիության խոր զգացումը։ Սակայն ես երբեք ճշմարիտ սեր չէի ունեցել իմ սեփական սրտում և երբեք իմ սեփական աչքերով չէի տեսել Ամենակարողի հաճելիությունը։ Այսօր Ամենակարողի աչքերում ես բարեհաճության արժանացա Նրա կողմից և վերջապես զգացի Աստծու հաճելիությունը։ Ես վերջապես հայտնաբերեցի, որ միայն Աստծու կողմից բոլոր բաներն արարելը չէ, որ մղում է մարդկությանը սիրել Նրան․ իմ առօրյա կյանքում ես գտել եմ Նրա անսահման հաճելիությունը։ Ինչպե՞ս կարող է այն սահմանափակվել նրանով, ինչ հնարավոր է բացահայտել հենց հիմա»։ Ժամանակի ընթացքում Պետրոսի մեջ ևս ի հայտ եկան շատ հաճելի տարրեր։ Նա դարձավ Հիսուսին շատ հնազանդ, և, իհարկե, նաև կրեց բավականին անհաջողություններ։ Երբ Հիսուսը նրան տանում էր՝ քարոզելու տարբեր վայրերում, Պետրոսը միշտ խոնարհեցնում էր իրեն և լսում Հիսուսի քարոզները։ Հիսուսին հետևելու տարիները երբեք նրան ամբարտավան չդարձրին։ Երբ Հիսուսն ասաց նրան, որ Իր գալու պատճառը խաչվելն ու Իր գործն ավարտելն էր, Պետրոսը հաճախ տառապանք էր զգում իր սրտում և գաղտնի լաց լինում մենության մեջ։ Այնուամենայնիվ, այդ «դժբախտ» օրը վերջապես եկավ։ Հիսուսի ձերբակալությունից հետո Պետրոսը միայնակ լաց էր լինում իր ձկնորսական նավակում և շատ էր աղոթում դրա համար։ Բայց իր սրտում նա գիտեր, որ սա Հայր Աստծու կամքն էր, և որ ոչ ոք ի վիճակի չէր փոխելու դա։ Նա շարունակում էր տառապել և արտասվել միայն իր սիրո պատճառով։ Սա, իհարկե, մարդկային թուլություն է։ Այսպիսով, երբ նա իմացավ, որ Հիսուսը պիտի գամվի խաչին, հարցրեց Հիսուսին․ «Երբ Դու հեռանաս, կվերադառնա՞ս մեր մեջ լինելու և մեզ հսկելու համար։ Մենք դեռ կկարողանա՞նք տեսնել Քեզ»։ Թեև այս խոսքերը շատ միամիտ էին և լի մարդկային պատկերացումներով, Հիսուսը գիտեր Պետրոսի տառապանքի դառնությունը, ուստի Իր սիրո միջոցով Նա հաշվի առավ Պետրոսի թուլությունը․ «Պետրո’ս, Ես սիրել եմ քեզ։ Դու գիտե՞ս դա։ Ինչևէ, քո ասածի հետևում որևէ պատճառ չկա․ Հայրը խոստացել է, որ Իմ հարությունից հետո Ես մարդկանց կերևամ 40 օր։ Դու չե՞ս հավատում, որ Իմ Հոգին հաճախ շնորհք կպարգևի ձեզ բոլորիդ»։ Թեև Պետրոսը դրանից փոքր-ինչ մխիթարված զգաց, նա դեռ զգում էր, որ ինչ-որ բան պակասում է։ Եվ այսպիսով, հարություն առնելուց հետո Հիսուսն առաջին անգամ բացահայտորեն հայտնվեց նրան։ Այնուամենայնիվ, որպեսզի թույլ չտա Պետրոսին շարունակել կառչել իր պատկերացումներից, Հիսուսը մերժեց ճոխ ճաշը, որ Պետրոսը պատրաստել էր Նրա համար, և անհետացավ ակնթարթորեն։ Այդ պահից սկսած՝ Պետրոսը վերջապես ավելի խոր հասկացողություն ունեցավ Տեր Հիսուսի մասին և սիրեց Նրան է՛լ ավելի։ Իր հարությունից հետո Հիսուսը հաճախ էր հայտնվում Պետրոսին։ Նա ևս երեք անգամ հայտնվեց Պետրոսին այն բանից հետո, երբ քառասուն օրն ավարտվեց և համբարձվեց երկինք։ Յուրաքանչյուր հայտնվելը հենց այն ժամանակ էր, երբ Սուրբ Հոգու գործը մոտ էր ավարտին, և նոր գործ էր սկսվելու։
Իր ողջ կյանքի ընթացքում Պետրոսն իր ապրուստը վաստակում էր ձկնորսությամբ, բայց դրանից առավել նա ապրում էր քարոզելու համար։ Իր կյանքի վերջին տարիներին նա գրեց Պետրոսի առաջին և երկրորդ թղթերը, ինչպես նաև մի քանի նամակներ այն ժամանակվա Ֆիլադելֆիայի եկեղեցուն։ Այդ ժամանակաշրջանի մարդիկ խորապես հուզվումէին նրանից։ Իր սեփական լիազորություններն օգտագործելով՝ մարդկանց դասեր տալու փոխարեն՝ նա նրանց ապահովում էր կյանքի անհրաժեշտ պաշարով։ Նա երբեք չմոռացավ Հիսուսի ուսմունքները Նրա հեռանալուց առաջ և ոգեշնչվում էր դրանցով իր ողջ կյանքում։ Հիսուսին հետևելիս նա վճռեց հատուցել Տիրոջ սերն իր մահով և հետևել Նրա օրինակին ամեն հարցում։ Հիսուսը համաձայնեց դրան, ուստի երբ Պետրոսը 53 տարեկան էր (Հիսուսի հեռանալուց ավելի քան 20 տարի անց), Հիսուսը հայտնվեց նրան՝ օգնելու իրագործել իր վճիռը։ Դրան հաջորդող յոթ տարիներին Պետրոսն իր կյանքը նվիրեց ինքն իրեն ճանաչելուն։ Մի օր՝ այս յոթ տարիների ավարտին, նա գլխիվայր խաչվեց՝ այսպիսով ավարտին հասցնելով իր արտասովոր կյանքը։