Երբ հասկանում ես ճշմարտությունը, պետք է կիրարկես այն
Աստծու գործն ու խոսքը կոչված են փոփոխություն առաջացնելու ձեր բնավորության մեջ։ Նրա նպատակը լոկ այն չէ, որ հասկացողություն կամ գիտելիք ձեռք բերեք, և դա բավարար լինի։ Ըմբռնելու կարողություն ունեցող մեկը չպետք է դժվարությունների հանդիպի, երբ հարցը վերաբերում է Աստծու խոսքերին, քանի որ Աստծու խոսքերի մեծ մասն արտահայտված է մարդկության լեզվով, և Նա խոսում է ծայրահեղ հստակությամբ։ Օրինակ՝ նա ի վիճակի է իմանալու, թե ինչ է Աստված ուզում, որ ինքը հասկանա և կիրարկի։ Սա մի բան է, որ ըմբռնելու կարողություն ունեցող բնականոն մարդը պետք է ի վիճակի լինի անելու։ Մասնավորապես, Աստծու այսօրվա խոսքերն է՛լ ավելի հստակ ու թափանցիկ են․ Աստված մատնանշել է շատ հարցեր, որոնց մասին մարդիկ չեն մտածել, ինչպես նաև մարդկանց ունեցած բոլոր տեսակի վիճակները։ Նրա խոսքերն ամենապարփակ են և հստակ՝ լիալուսնի լույսի պես։ Ուստի հիմա մարդիկ հստակ գիտեն և հասկանում են շատ խնդիրներ․ մնում է միայն, որ կիրարկեն Նրա խոսքերը։ Մարդիկ պետք է մանրամասնորեն փորձառաբար ապրեն ճշմարտության բոլոր կողմերը։ Մարդիկ պետք է ավելի մանրամասնորեն ուսումնասիրեն ու փնտրեն և ոչ թե պարզապես շարունակեն սպասել, որ ամեն ինչ մատուցվի իրենց։ Եթե մարդիկ շարունակեն այդպես վարվել, կդառնան ձրիակերներ։ Նրանք, ովքեր գիտեն Աստծու խոսքը, բայց չեն կիրարկում այն, մարդիկ են, որոնք չեն սիրում ճշմարտությունը և ի վերջո դուրս կթողնվեն։ Ձեզնից պահանջելը, որ ստեղծեք 1990-ականների Պետրոսի ոճը, նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրը պետք է կիրարկի Աստծու խոսքը, ճշմարիտ մուտք ունենա իր փորձառությունների մեջ և համագործակցի Աստծու հետ՝ ստանալու է՛լ ավելի շատ և է՛լ ավելի մեծ լուսաբանում, ինչն ավելի օգտակար կլինի ձեր իսկ կյանքի համար։ Եթե կարդացել եք Աստծու խոսքերից շատերը, բայց հասկանում եք միայն բառացի իմաստն ու չեք փորձում փորձառաբար ապրել Աստծու խոսքերն իրական հանդիպումների միջոցով, ապա չես ճանաչի Աստծու խոսքերը, և քեզ համար Աստծու խոսքերը կյանք չեն լինի, այլ՝ լոկ մեռած բառեր։ Իսկ եթե կառչես միայն մեռած բառերից, ապա չես կարողանա ըմբռնել Աստծու խոսքերի էությունը, ոչ էլ կիմանաս Նրա մտադրությունները։ Միայն այն ժամանակ, երբ փորձառաբար ապրես Նրա խոսքերը քո փաստացի փորձառությունների մեջ, Աստծու խոսքերի հոգևոր իմաստը կբացվի քեզ։ Միայն փորձառության միջոցով կարող ես ըմբռնել շատ ճշմարտությունների հոգևոր իմաստն ու բացահայտել Աստծու խոսքերի խորհուրդները։ Եթե չկիրարկես Աստծու խոսքերը, ապա որքան էլ հստակ խոսի Աստված, այն ամենը, ինչ ունես քո ձեռքերում, դատարկ բառեր ու վարդապետություններ են, որոնք դառնում են քո կրոնական կանոնները։ Մի՞թե սա ճիշտ այն չէ, ինչ արեցին փարիսեցիները։ Եթե կիրարկեք և փորձառաբար ապրեք Աստծու խոսքը, այն գործնական կդառնա ձեզ համար։ Եթե չձգտեք կիրարկել այն, ապա Աստծու խոսքը ձեզ համար ոչ ավելին կլինի, քան երրորդ երկնքի մասին մի լեգենդ։ Իրականում Աստծուն հավատալու գործընթացը ձեզ համար Նրա խոսքերը փորձառաբար ապրելու և Նրա կողմից ձեռք բերվելու գործընթացն է։ Մի փոքր ավելի պարզ ասած՝ Աստծուն հավատալ նշանակում է ճանաչել ու հասկանալ Նրա խոսքերը և փորձառաբար ապրել ու կյանքով արտահայտել Նրա խոսքերը․ սա է ձեր հավատի իրականությունն առ Աստված։ Եթե հավատում եք Աստծուն՝ լոկ հավերժական կյանքի հույսով, առանց ձգտելու կիրարկել Աստծու խոսքերն ու մտնել ճշմարտության իրականության մեջ, ապա բոլորդ հիմարներ եք։ Սա նման կլիներ խնջույքի գնալուն և միայն համեղ ուտեստներին նայելուն ու դրանք մտապահելուն՝ առանց իրականում դրանցից որևէ մեկը համտեսելու կամ դրանցից որևէ մեկն ուտելու կամ խմելու։ Մի՞թե նման մարդը հիմար չէր լինի։
Աստծու խոսքերում են այն ճշմարտությունները, որոնց մարդիկ պետք է տիրապետեն, այն, ինչ ամենաօգտակարն ու նպաստավորն է մարդկանց համար։ Դրանք այն կազդուրիչն ու սնունդն են, որոնց կարիքն ունեն ձեր մարմինները, այն, ինչ օգնում է մարդկանց վերականգնել իրենց բնականոն մարդկայնությունը, և այն ճշմարտությունները, որոնցով մարդիկ պետք է զինված լինեն։ Որքան շատ կիրարկեք Աստծու խոսքերն, այնքան ավելի արագ կաճի ձեր կյանքը։ Որքան շատ կիրարկեք Աստծու խոսքերն, այնքան ավելի հստակ կդառնա ճշմարտությունը ձեզ համար։ Երբ ձեր հասակն աճի, ավելի հստակ կտեսնեք հոգևոր ոլորտի իրողություններն ու ավելի շատ ուժ կունենաք՝ հաղթելու Սատանային։ Ճշմարտության մեծ մասը, որը չեք հասկանում, պարզ կդառնա, երբ կիրարկեք Աստծու խոսքերը։ Մարդկանց մեծ մասը բավարարվում է լոկ Աստծու խոսքերի բառացի կողմը հասկանալով և կենտրոնանում է իրեն վարդապետություններով զինելու, այլ ոչ թե փորձառաբար ապրելու և կիրարկման մեջ ավելի խորանալու վրա. մի՞թե սա փարիսեցիների գործելակերպը չէ։ Կարո՞ղ է արդյոք մարդը, այսպես վարվելով, ձեռք բերել «Աստծու խոսքերը՝ որպես սեփական կյանք ունենալ» արտահայտության իրականությունը։ Մարդկանց կյանքը կարող է աճել՝ միայն Աստծու խոսքերը կիրարկելով. այն չի աճում՝ պարզապես դրանք կարդալով։ Եթե հավատում ես, որ բավական է հասկանալ Աստծու խոսքերը, և կունենաս կյանք ու հասակ, ապա քո հասկացողությունը շեղված է։ Աստծու խոսքերի ճշմարիտ հասկացողությանը հասնում ես, երբ կիրարկում ես ճշմարտությունը։ Պետք է հասկանաս, որ, «միայն ճշմարտությունը կիրարկելով է հնարավոր երբևէ հասկանալ այն»։ Այսօր՝ Աստծու խոսքերը կարդալուց հետո, կարող ես լոկ ասել, որ իրազեկ ես Աստծու խոսքերից, բայց չես կարող ասել, որ հասկանում ես դրանք։ Ոմանք ասում են, որ մարդը նախ պետք է հասկանա ճշմարտությունը, նախքան կկարողանա կիրարկել այն, բայց սա միայն մասամբ է ճիշտ, ոչ լիովին ճշգրիտ։ Քանի դեռ չունես ճանաչողություն որոշակի ճշմարտության մասին, դա այն ժամանակն է, երբ փորձառաբար չես ապրել այդ ճշմարտությունը։ Զգացողությունը, թե հասկանում ես այդ ճշմարտությունը քարոզի ժամանակ դրա մասին լսելիս, ճշմարտապես հասկանալ չէ։ Դա պարզապես այդ ճշմարտության բառացի կողմին տիրապետելն է՝ առանց դրանում եղած ճշմարիտ իմաստը հասկանալու։ Ճշմարտության լոկ մակերեսային շերտն իմանալը չի նշանակում, որ իրականում հասկանում ես ճշմարտությունը կամ ճանաչում այն․ ճշմարտության ճշմարիտ իմաստը գալիս է այն փորձառաբար ապրելուց։ Հետևաբար միայն այն ժամանակ, երբ փորձառաբար ապրես ճշմարտությունը, կարող ես հասկանալ այն և միայն փորձառության միջոցով կարող ես ըմբռնել դրա թաքնված կողմերը։ Փորձառությունդ խորացնելը ճշմարտության ենթատեքստերն ըմբռնելու և ճշմարտության էությունը հասկանալու միակ ճանապարհն է։ Հետևաբար միայն այն ժամանակ, երբ ունես ճշմարտությունը, ի վիճակի ես ազատորեն շրջելու ողջ աշխարհում։ Եթե չունես ճշմարտությունը, մոռացի’ր քեզ հետ հաշվի նստելու համար շատ կրոնական մարդկանց համոզելու մասին․ նույնիսկ քո ընտանիքի անդամները հաշվի չեն նստի քեզ հետ։ Առանց ճշմարտության` նման ես տարուբերվող ձյան փաթիլի, բայց ճշմարտությամբ կարող ես լինել երջանիկ ու ազատ, և ոչ ոք չի կարող հարձակվել քեզ վրա։ Որքան էլ ուժեղ լինի որևէ տեսություն, այն չի կարող հաղթել ճշմարտությանը։ Ճշմարտությամբ կարող ես տակնուվրա անել երկինքն ու երկիրը և տեղաշարժել լեռներն ու ծովերը։ Առանց ճշմարտության` նույնիսկ որդերը կարող են ճեղքել քո քաղաքը։ Սա ակնհայտ փաստ է։
Այսօր վճռորոշ է, որ ճշմարտության մասին տեղեկանալուց հետո կիրարկես այն և զինվես ավելի շատ ճշմարտությունների ճշմարիտ իմաստով։ Սա է այն, ինչին իսկապես պետք է հասնեք։ Փոխարենը լոկ ձգտելու հասնել նրան, որ ուրիշները հնազանդվեն քո խոսքերին, պետք է համոզես նրանց հնազանդվել քո կիրարկմանը։ Սա է իսկապես իմաստալից։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի քեզ, ում կհանդիպես, կկարողանաս հաստատուն կանգնել միայն այն դեպքում, եթե ունենաս ճշմարտությունը։ Աստծու բոլոր խոսքերը կոչված են մարդկանց կենդանացնելու, այլ ոչ թե նրանց մահվան մատնելու համար։ Եթե Աստծու խոսքերը կարդալուց հետո չես կենդանանում, այլ մնում ես մեռած, ուրեմն քո մեջ ինչ-որ սխալ բան կա։ Եթե որոշ ժամանակ անց կարդացել ես Աստծու խոսքերից շատերը և լսել իրականություն ունեցող բազմաթիվ քարոզներ, բայց քո մեռյալ վիճակը դեռ չի փոխվել, ապա սա ապացուցում է, որ այն մարդը չես, որ փայփայում է ճշմարտությունը, ոչ էլ այն մարդը, որ ձգտում է ճշմարտությանը։ Եթե իսկապես սիրտ ունենայիք Աստծուն ձեռք բերելու ձգտման համար, չէիք կենտրոնանա վարդապետություններով զինվելու և ուրիշներին վսեմ վարդապետություններ հրամցնելու վրա, այլ փոխարենը կկենտրոնանայիք Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու և ճշմարտությունը կիրարկելու վրա։ Մի՞թե սա այն չէ, ինչի մեջ հիմա պետք է ձգտեք մտնել։
Այն գործը, որն Աստված կատարում է մարդու վրա, ժամանակային սահմանափակում ունի․ ի՞նչ արդյունքներ կարող են լինել, եթե չհամագործակցես Նրա հետ։ Ինչո՞ւ է Աստված միշտ պահանջում ձեզնից կիրարկել Իր խոսքերը, երբ հասկանում եք դրանք։ Սա ցույց է տալիս, որ երբ Աստված բացահայտում է Իր խոսքերը ձեզ, հաջորդ քայլն այն է, որ կիրարկեք դրանք։ Երբ կիրարկում եք այս խոսքերը, Աստված կատարում է գործի ևս մեկ քայլ՝ լուսաբանելով և ուղղորդելով ձեզ։ Ամեն բան իրագործվում է այս կերպ։ Աստծու բոլոր խոսքերն օգնում են մարդկանց աճել կյանքում. դրանցում չկա որևէ տարր, որը մարդկանց շեղման է տանում, ոչ էլ որևէ մաս, որը մարդկանց բացասական է դարձնում։ Ասում ես, որ կարդացել ես Աստծու խոսքերը և կիրարկել դրանք, բայց դեռ չես ստացել որևէ գործ Սուրբ Հոգուց։ Քո խոսքերը կարող են խաբել միայն երեխային։ Ուրիշ մարդիկ գուցե չգիտեն՝ արդյոք քո մտադրությունները ճիշտ են, բայց ի՞նչ ես կարծում՝ հնարավո՞ր է, որ Աստված չիմանա։ Ինչո՞ւ են ուրիշները ստանում Սուրբ Հոգու լուսաբանումն Աստծու խոսքերը կիրարկելուց։ Ինչո՞ւ չես ստանում Սուրբ Հոգու լուսաբանումը, երբ կիրարկում ես Նրա խոսքերը։ Մի՞թե Աստված կարող էր ունենալ մսեղավոր զգացմունքներ։ Եթե քո մտադրություններն իսկապես ճիշտ են, և դու համագործակցող ես, ապա Աստծու Հոգին քեզ հետ կլինի։ Որոշ մարդիկ միշտ ցանկանում են տնկել իրենց սեփական դրոշը, բայց ինչո՞ւ Աստված թույլ չի տալիս նրանց ոտքի կանգնել և առաջնորդել եկեղեցին։ Որոշ մարդիկ լոկ կատարում են իրենց գործառույթը և պարտավորությունները և մինչ կհասկանան դա, արժանի են համարվել Աստծու կողմից։ Ինչպե՞ս դա կարող է լինել։ Աստված զննում է մարդու սրտի խորքերը, և ճշմարտությանը ձգտող մարդիկ պետք է այդպես անեն ճիշտ մտադրություններով։ Ճիշտ մտադրություններ չունեցող մարդիկ, անշուշտ, չեն կարող հաստատուն կանգնել։ Ամենահիմնականը, որին պետք է ձգտեք, թույլ տալն է, որ Աստծու խոսքը ներգործի ձեր մեջ, այլ կերպ ասած՝ Աստծու խոսքը կիրարկելու ընթացքում դրա ճշմարիտ հասկացողություն ունենալը։ Գուցե Աստծու խոսքն ըմբռնելու ձեր կարողությունը թույլ է, բայց Նրա խոսքը ձեր կողմից կիրարկելու միջոցով Նա կարող է շտկել այս թերությունը, ուստի ոչ միայն պետք է իմանաք շատ ճշմարտություններ, այլ, առավել ևս, պետք է կիրարկեք դրանք։ Սա ամենավճռորոշն է, և այն չի կարելի անտեսել։ Հիսուսը կրեց բազմաթիվ նվաստացումներ և շատ տառապանք Իր երեսուներեքուկես տարիների ընթացքում։ Նա այդքան շատ տառապեց միայն այն պատճառով, որ կիրարկեց ճշմարտությունը, հետևեց Աստծու կամքին ամեն ինչում և միայն հաշվի առավ Աստծու մտադրությունները։ Եթե Նա միայն իմացած լիներ ճշմարտությունը՝ առանց այն կիրարկելու, չէր կրի այս տառապանքը։ Եթե Հիսուսը հետևեր հրեաների ուսմունքներին և փարիսեցիներին, ապա չէր տառապի։ Կարող ես սովորել Հիսուսի գործերից, որ մարդու վրա Աստծու գործի արդյունքներին հասնում են մարդու համագործակցության միջոցով, և սա մի բան է, որը պետք է գիտակցեք։ Մի՞թե Հիսուսը կտառապեր այնպես, ինչպես տառապեց խաչի վրա, եթե չկիրարկեր ճշմարտությունը։ Կարո՞ղ էր արդյոք Նա աղոթել նման վշտով, եթե չգործեր՝ Աստծու ցանկությունների համաձայն։ Հետևաբար պետք է տառապեք` հանուն ճշմարտությունը կիրարկելու. սա այն տառապանքն է, որը մարդը պետք է կրի։