Միայն կատարելագործվածները կարող են իմաստալից կյանքով ապրել
Իրականում, ներկայում կատարվող գործը մարդկանց՝ Սատանայի և իրենց նախահոր դեմ ապստամբեցնելու համար է։ Խոսքի միջոցով դատաստանները բոլորը նպատակ ունեն բացահայտելու մարդկանց ապականված խառնվածքները և հնարավորություն տալու նրանց հասկանալու կյանքի էությունը։ Այս կրկնվող դատաստանները խոցում են մարդկանց սրտերը։ Ամեն դատաստան ուղղակիորեն առնչվում է նրանց ճակատագրերին և նպատակ ունի այնպես խոցելու նրանց սրտերը, որ նրանք կարողանան թողնել այդ բոլորը և այսպիսով սկսեն ճանաչել կյանքը, ճանաչել այս կեղտոտ աշխարհը, ճանաչել Աստծու իմաստությունն ու ամենակարողությունը, ինչպես նաև կարողանան ճանաչել Սատանայի կողմից ապականված մարդկությանը։ Որքան պատիժն ու դատաստանն այսպիսին է, այնքան ավելի է մարդու սիրտը խոցվում, և նրա հոգին՝ արթնանում։ Այսպիսի դատաստանի նպատակը հենց այս չափազանց ապականված և ամենից խոր մոլորության մեջ գտնվող մարդկանց հոգիներն արթնացնելն է։ Մարդը հոգի չունի, այսինքն՝ նրա հոգին վաղուց մահացել է, և նա չգիտի, որ կա Երկինք, չգիտի, որ կա Աստված, և վստահաբար չգիտի, որ ինքը պայքարում է մահվան անդունդում. ինչպե՞ս կարող էր նա իմանալ, որ ապրում է այս չար մարդկային դժոխքում։ Ինչպե՞ս կարող էր նա երբևէ իմանալ, որ իր այս նեխած դիակը Սատանայի կողմից ապականվելուց հետո ընկել է hանդերձյալ աշխարհ։ Ինչպե՞ս կարող էր նա իմանալ, որ երկրի վրա ամեն ինչ վաղուց անդառնալիորեն ավերվել է մարդկության կողմից։ Եվ ինչպե՞ս կարող էր նա երբևէ իմանալ, որ Արարիչն այսօր եկել է երկիր և փնտրում է մի խումբ ապականված մարդկանց, որոնց Նա կարող է փրկել։ Թեև մարդը փորձառաբար ապրել է ամեն տեսակի զտում ու դատաստան, նրա թմրած գիտակցությունը մնացել է ամբողջովին անշարժ և գրեթե ոչ մի արձագանք չի տալիս։ Որքա՜ն այլասերված է մարդը։ Եվ թեև այսպիսի դատաստանը նման է երկնքից թափվող դաժան կարկուտի, այն ամենամեծ օգուտն է բերում մարդուն։ Այդ արդյունքը չէր կարող ձեռք բերվել առանց այս կերպ մարդկանց դատելու, և բացարձակապես անհնար կլիներ փրկել մարդկանց տառապանքի անդունդից։ Առանց այս ձևով գործելու մարդկանց համար շատ դժվար կլիներ դուրս գալ Հադեսից, որովհետև նրանց սրտերը վաղուց մահացել են, և նրանց հոգիները վաղուց ոտնակոխ է արել Սատանան։ Ձեզ՝ այլասերվածության ամենախոր խորքերն ընկղմվածներիդ փրկելը պահանջում է ձեզ ուժգին կանչել ու խստորեն դատել. միայն այդ ժամանակ կարող են ձեր սառած սրտերն արթնանալ։
Ձեր մսեղին, ձեր շվայտ ցանկությունները, ձեր ագահությունն ու ձեր կիրքը խորապես արմատավորված են ձեր մեջ։ Այս ամենն այնքան հաճախ է իշխում ձեր սրտերին, որ դուք անկարող եք թոթափելու այդ ֆեոդալական և այլասերված մտքերի լուծը։ Դուք չեք փափագում ո՛չ ձեր ներկայիս վիճակը փոխել, ո՛չ էլ ազատվել խավարի ազդեցությունից։ Դուք պարզապես դրանցով կապված եք։ Թեև դուք բոլորդ գիտեք, որ այս կյանքն այնքան ծանր է, և այս մարդկային աշխարհը՝ այնքան խավար, այնուամենայնիվ, ձեզնից ոչ մեկն իր կյանքը փոխելու քաջությունը չունի։ Դուք միայն փափագում եք փախչել այս կյանքի իրականություններից, հասնել հոգու վերելքի և ապրել խաղաղ, հրաշալի ու երկնանման միջավայրում։ Դուք հրաժարվում եք տառապանքներ կրել ձեր ներկայիս կյանքը փոխելու համար։ Ոչ էլ պատրաստ եք այս դատաստանի ու պատժի մեջ որոնելու այն կյանքը, որը դուք պետք է մտնեք։ Փոխարենը, դուք միայն անիրատեսական երազներ եք տեսնում այն գեղեցիկ աշխարհի մասին, որը մսեղիից դուրս է գտնվում։ Այն կյանքը, որ դուք փափագում եք, կարող եք հեշտությամբ ձեռք բերել առանց որևէ ցավ կրելու։ Սա լիովին անիրատեսական է։ Դա այն պատճառով է, այն, ինչին դուք հույսով սպասում եք, մսեղիում իմաստալից կյանքով ապրելը և կյանքի ընթացքում ճշմարտությունը ձեռք բերելը չէ, այլ՝ ապրելը ճշմարտության համար և արդարության համար պայքարելը։ Սա այն չէ, ինչը դուք կհամարեիք փայլուն ու շլացուցիչ կյանք։ Դուք զգում եք, որ սա շքեղ կամ իմաստալից կյանք չէր լինի։ Ձեր աչքերում նման կյանքով ապրելն անարդարությո՛ւն կթվա։ Թեև դուք այսօր ընդունում եք այս հանդիմանությունը, այն, ինչին դուք ձգտում եք, ոչ թե ճշմարտությունը ձեռք բերելն է կամ ներկայում կյանքով ճշմարտություն արտահայտելը, այլ ավելի ուշ մսեղիից դուրս երջանիկ կյանք մտնելն է։ Դուք չեք փնտրում հանուն ճշմարտության, ոչ էլ ոտքի եք կանգնում ճշմարտության համար և առավել ևս ճշմարտության համար ապրում։ Դուք այսօր չեք ձգտում մուտքի համար, ավելի շուտ, ձեր մտքերը զբաղեցված են նրանով, ինչը մի օր կարող է լինել. դուք սևեռուն հայացքով նայում եք կապույտ երկնքին, դառն արցունքներ թափում մինչ սպասում եք այն օրվան, երբ երկինք կտարվեք։ Չգիտե՞ք արդյոք, որ այսկերպ մտածելն արդեն իրականությունից կտրված է։ Դու շարունակ կարծում ես, թե Փրկիչն անսահման բարություն ու կարեկցանք ունի, որ, անկասկած, կգա մի օր, երբ Նա քեզ Իր հետ կտանի, քեզ, որ այս աշխարհում դժվարություն ու տառապանք ես կրել, և որ Նա կվերականգնի արդարությունն ու վրեժ կլուծի քեզ համար, քեզ, որ ենթարկվել ես անարդարության ու ճնշման։ Մի՞թե դու մեղքով լի չես։ Մի՞թե միայն դու ես տառապել այս աշխարհում։ Դու ինքդ ես ընկել Սատանայի իշխանության տակ և տառապանք կրել․ մի՞թե Աստված դեռ պետք է վերականգնի քո արդարությունը։ Նրանք, ովքեր չեն կարող բավարարել Աստծու պահանջները, մի՞թե նրանք բոլորն Աստծու թշնամիները չեն։ Նրանք, ովքեր չեն հավատում մարմնացած Աստծուն, մի՞թե նրանք բոլորը հակաքրիստոսներ չեն։ Ի՞նչ արժեք ունի քո լավ վարքը։ Կարո՞ղ է արդյոք այն փոխարինել Աստծուն պաշտող սրտին։ Դուք չեք կարող ստանալ Աստծու օրհնությունը պարզապես մի քանի բարի գործեր անելով, և Աստված չի վերականգնի ձեր արդարությունն ու վրեժխնդիր չի լինի ձեզ հասցված անիրավությունների համար միայն այն պատճառով, որ դուք ենթարկվել եք անարդարության և ճնշման։ Նրանք, ովքեր հավատում են Աստծուն, բայց չեն ճանաչում Նրան, սակայն բարի գործեր են անում,-մի՞թե նրանք նույնպես չեն հանդիմանվում։ Դու պարզապես հավատում ես Աստծուն, պարզապես ցանկանում ես, որ Աստված վերականգնի արդարությունն ու վրեժ լուծի քեզ հասցված անիրավությունների համար, և ցանկանում ես, որ Աստված քեզ տա քո օրը՝ այն օրը, երբ վերջապես կկարողանաս գլուխդ բարձր պահել։ Սակայն դու անտեսում ես ճշմարտությանը և կյանքով ճշմարտությունն արտահայտելու ծարավ չունես։ Առավել ևս ի վիճակի չես փախչելու այս ծանր ու դատարկ կյանքից։ Փոխարենը, կյանքդ ապրելով մսեղիի և մեղքի մեջ՝ հույսով նայում ես Աստծուն, որ Նա վերականգնի քո արդարությունն ու ցրի քո գոյության մշուշը։ Բայց սա հնարավո՞ր է։ Եթե դու տիրապետում ես ճշմարտությանը, կարող ես հետևել Աստծուն։ Եթե դու կենդանի ես, կարող ես դառնալ Աստծու խոսքի արտահայտությունը։ Եթե դու կյանք ունես, կարող ես վայելել Աստծու օրհնությունը։ Նրանք, ովքեր տիրապետում են ճշմարտութանը, կարող են վայելել Աստծու օրհնությունը։ Աստված վերականգնում է արդարությունը նրանց համար, ովքեր ամբողջ սրտով սիրում են Նրան և դժվարություններ ու տառապանքներ են կրում, բայց ոչ նրանց համար, ովքեր միայն իրենց են սիրում, և ովքեր դարձել են Սատանայի խաբեությունների զոհը։ Ինչպե՞ս կարող է բարություն լինել նրանց մեջ, ովքեր չեն սիրում ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող է արդարություն լինել նրանց մեջ, ովքեր միայն մսեղին են սիրում։ Մի՞թե արդարությունն ու բարությունը չեն վերաբերում միայն ճշմարտությանը։ Մի՞թե դրանք պահված չեն նրանց համար, ովքեր ամբողջ սրտով սիրում են Աստծուն։ Նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը և ընդամենը նեխած դիակներ են, այսինքն՝ մի՞թե այս բոլոր մարդիկ չարություն չեն կրում իրենց մեջ։ Նրանք, ովքեր անկարող են ապրելու ճշմարտությամբ, այսինքն` մի՞թե նրանք բոլորը ճշմարտության թշնամիներ չեն։ Իսկ դո՞ւք։
Եթե դու կարողանաս խուսափել խավարի այս ազդեցություններից և բաժանվել այդ անմաքուր բաներից, եթե կարողանաս սրբացվել, ապա դու կտիրապետես ճշմարտությանը։ Բանը նրանում չէ, որ ձեր բնավորությունը փոխվել է, այլ միայն նրանում, որ դուք կարող եք ճշմարտությունը կիրարկել և ի վիճակի եք ապստամբելու մսեղիի դեմ։ Սա այն, ինչ ունեն մաքրագործվածները։ Նվաճման աշխատանքի հիմնական նպատակը մարդկանց մաքրելն է, որպեսզի նրանք կարողանան ունենալ ճշմարտությունը, քանի որ մարդիկ չափազանց քիչ բան են հասկանում ճշմարտությունից։ Նման մարդկանց վրա նվաճման աշխատանք կատարելը խորագույն նշանակություն ունի։ Դուք բոլորդ ընկել եք խավարի ազդեցության տակ և խորապես վնասվել։ Ուստի այս աշխատանքի նպատակն է ձեզ հնարավորություն տալ ճանաչելու մարդկային բնավորությունն ու այդպիսով ապրել ճշմարտությամբ։ Կատարելագործվելը մի բան է, որը բոլոր արարածները պետք է ընդունեն։ Եթե այս փուլի աշխատանքը ներառում էր միայն մարդկանց կատարելագործումը, ապա դա կարող էր արվել Միացյալ Թագավորությունում, Ամերիկայում կամ Իսրայելում. այն կարող էր արվել ցանկացած երկրի ժողովրդի վրա։ Սակայն նվաճման աշխատանքն ընտրողական է։ Նվաճման աշխատանքի առաջին քայլը կարճաժամկետ է. ավելին, այն կօգտագործվի Սատանային նսեմացնելու և ողջ տիեզերքը նվաճելու համար։ Սա նվաճման սկզբնական աշխատանքն է։ Կարելի է ասել, որ Աստծուն հավատացող ցանկացած արարած կարող է կատարելագործվել, քանի որ կատարելագործման կարելի է հասնել միայն երկարատև փոփոխությունից հետո։ Սակայն նվաճվելը տարբեր է։ Նվաճման նմուշն ու տիպարը պետք է լինեն այն մարդիկ, որոնք ամենահետամնացն են, որոնք ապրում են ամենախոր խավարում. նրանք պետք է լինեն ամենից այլասերված մարդիկ, որոնք Աստծուն ամենաքիչն են ճանաչում և նրանք, ովքեր Աստծու դեմ ամենըմբոստն են։ Սա հենց այնպիսի մարդ է, ով կարող է վկայություն տալ նվաճված լինելու մասին։ Նվաճման աշխատանքի հիմնական նպատակը Սատանային հաղթելն է, մինչդեռ մարդկանց կատարելագործելու նպատակը մարդկանց ձեռք բերելն է։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս նվաճվելուց հետո վկայություն ունենալու, որ այս նվաճման աշխատանքը կատարվել է այստեղ ձեզ նման մարդկանց վրա։ Նպատակն է մարդկանց ստիպելու վկայություն տալ նվաճվելուց հետո։ Այս նվաճված մարդիկ կօգտագործվեն Սատանային նսեմացնելու նպատակին հասնելու համար։ Այսպիսով, ո՞րն է նվաճման հիմնական մեթոդը։ Պատիժ, դատաստան, անեծքներ ու բացահայտում, արդար դիրքորոշման օգտագործում մարդկանց նվաճելու համար, որպեսզի նրանք լիովին համոզվեն Աստծու արդար դիրքորոշման շնորհիվ։ Օգտագործել խոսքի իրականությունն ու իշխանությունը մարդկանց նվաճելու համար, այնպես անել, որ նրանք լիովին համոզվեն. սա է նշանակում լինել նվաճված։ Նրանք, ովքեր կատարելագործվել են, ոչ միայն կարողանում են հասնել հնազանդության նվաճվելուց հետո, այլև կարողանում են ունենալ դատաստանի գործի մասին գիտելիքներ, փոխել իրենց բնավորությունն ու սկսել Աստծուն ճանաչել։ Նրանք փորձառաբար ապրում են Աստծուն սիրելու ուղին և լցվում ճշմարտությամբ։ Նրանք ի վիճակի են փորձառաբար ապրելու Աստծու գործը, նրանք կարողանում են տառապել Աստծու համար, և նրանք ունեն իրենց սեփական վճիռը։ Կատարելագործված են նրանք, ովքեր գործնական հասկացողություն ունեն ճշմարտության մասին՝ Աստծու խոսքը փորձառաբար ապրելու շնորհիվ։ Նվաճվածները նրանք են, ովքեր գիտեն ճշմարտությունը, բայց չեն հասկացել ճշմարտության իրական իմաստը։ Նվաճվելուց հետո նրանք հնազանդվում են, բայց նրանց հնազանդությունն իրենց ստացած դատաստանի ողջ արդյունքն է։ Նրանք բացարձակապես ոչ մի հասկացողություն չունեն շատ ճշմարտությունների իրական իմաստի մասին։ Նրանք բանավոր կերպով ընդունում են ճշմարտությունը, բայց ճշմարտությամբ չեն ապրում։ Նրանք հասկանում են ճշմարտությունը, բայց փորձառաբար չեն ապրել ճշմարտությունը։ Այդ կատարելագործվողների վրա կատարվող աշխատանքը, կյանքի պահանջները հոգալու հետ մեկտեղ, ներառում է պատիժներ և դատաստաններ։ Նա, ով կենտրոնանում է ճշմարտության մեր մտնելու վրա, մարդ է, որը պետք է կատարելագործվի։ Կատարելագործվողների և նվաճվողների միջև տարբերությունն այն է, թե արդյոք նրանք մուտք ունեն ճշմարտության մեջ։ Կատարելագործվածները նրանք են, ովքեր հասկանում են ճշմարտությունը, մտնում են ճշմարտության մեջ և կյանքով արտահայտում են ճշմարտությունը։ Մարդիկ, որոնք չեն կարող կատարելագործվել, նրանք են, ովքեր կյանքով չեն արտահայտում ճշմարտությունը և չեն մտնում ճշմարտության մեջ, այսինքն՝ նրանք, ովքեր չեն ապրում ճշմարտությամբ։ Եթե նման մարդիկ այժմ կարողանում են լիովին հնազանդվել, ապա նրանք նվաճված են։ Եթե նվաճվածները չեն ձգտում ճշմարտության, եթե նրանք հետևում են, բայց չեն ապրում ճշմարտությամբ, եթե տեսնում և լսում են ճշմարտությունը, բայց չեն կենտրոնանում ճշմարտությունը կյանքով արտահայտելու վրա, ապա նրանք չեն կարող կատարելագործվել։ Կատարելագործման ենթակա մարդիկ կատարելագործման ճանապարհին կիրառում են ճշմարտությունը՝ ըստ Աստծու պահանջների։ Դրա միջոցով նրանք բավարարում են Աստծու մտադրությունները և կատարելագործվում։ Յուրաքանչյուր ոք, ով հետևում է մինչև վերջ` նախքան նվաճման գործի ավարտը, նվաճված է, բայց չի կարելի ասել, որ կատարելագործված է։ «Կատարելագործվածը» վերաբերում է նրանց, ովքեր նվաճման աշխատանքի ավարտից հետո կարողանում են ձգտել ճշմարտությանը և ձեռք են բերվելու Աստծու կողմից։ Այն վերաբերում է նրանց, ովքեր նվաճման աշխատանքի ավարտից հետո անսասան են մնում նեղության մեջ և ապրում են ճշմարտությամբ։ Նվաճված լինելը կատարելագործված լինելուց տարբերվում է աշխատանքի քայլերի տարբերություններով և այն աստիճանով, որով մարդիկ հասկանում և մտնում են ճշմարտության մեջ։ Բոլոր նրանք, ովքեր չեն սկսել կատարյալ դարձվելու ճանապարհը, այսինքն՝ նրանք, ովքեր չեն տիրապետում ճշմարտությանը, ի վերջո կվերացվեն։ Միայն նրանք, ովքեր տիրապետում են ճշմարտությանը և ապրում են ճշմարտությամբ, կարող են լիովին ձեռք բերվել Աստծու կողմից։ Այսինքն՝ նրանք, ովքեր ապրում են Պետրոսի պատկերով, կատարելագործված են, մինչդեռ մնացած բոլորը նվաճված են։ Բոլոր նվաճվածների վրա կատարվող աշխատանքը բաղկացած է անիծելուց, հանդիմանելուց ու ցասումից, և այն, ինչ նրանց բաժին է ընկնում, արդարությունն ու անեծքներն են։ Այդպիսի մարդու վրա աշխատելը նշանակում է բացահայտել առանց նույնիսկ ամենաչնչին ներողամտության՝ մերկացնել նրա ներսում եղած ապականված խառնվածքները, որպեսզի նա ինքը ճանաչի իրեն և ամբողջովին համոզվի։ Երբ մարդը դառնում է լիովին հնազանդ, նվաճման աշխատանքն ավարտվում է։ Նույնիսկ եթե մարդկանց մեծ մասը դեռ չի ձգտի հասկանալ ճշմարտությունը, նվաճման աշխատանքն ավարտված կլինի։
Եթե դու պետք է կատարելագործվես, չափանիշներ կան, որոնց պետք է բավարարես։ Դու պետք է քո վճռականության, հաստատակամության, խղճի և ձգտման միջոցով կյանքում փորձառություն ձեռք բերես և բավարարես Աստծու մտադրությունները։ Սա է քո մուտքը, և սա է պահանջվում կատարյալ դարձվելու ճանապարհին։ Կատարելության գործը կարող է իրականացվել բոլոր մարդկանց վրա։ Աստծուն ձգտող յուրաքանչյուր ոք կարող է կատարելագործվել և ունի կատարելագործվելու հնարավորություն ու որակավորումներ։ Սա նախապես որոշված բան չէ։ Այն, թե արդյոք մեկը կարող է կատարելագործվել, հիմնականում կախված է նրանից, թե ինչի է նա ձգտում։ Մարդիկ, ովքեր սիրում են ճշմարտությունը և կարողանում են ապրել ճշմարտությամբ, անկասկած կարող են կատարելագործվել։ Մարդիկ, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, հավանության չեն արժանանում Աստծու կողմից. նրանք չունեն այն կյանքը, որն Աստված պահանջում է, և նրանք անկարող են կատարելագործվելու։ Կատարելագործման աշխատանքը միայն մարդկանց ձեռք բերելու համար է։ Դա Սատանայի դեմ պայքարի գործի մաս չի կազմում. նվաճման աշխատանքը միայն Սատանայի դեմ պայքարի համար է, ինչը նշանակում է մարդու նվաճումն օգտագործել Սատանային հաղթելու համար։ Նվաճման աշխատանքը գլխավոր աշխատանքն է, ամենանոր աշխատանքը, որը երբեք չի արվել ոչ մի դարաշրջանում։ Կարելի է ասել, որ աշխատանքի այս փուլի նպատակը հիմնականում բոլոր մարդկանց նվաճելն է Սատանային հաղթելու համար։ Մարդկանց կատարելագործման աշխատանքը․ սա նոր աշխատանք չէ։ Ամբողջ այն աշխատանքի նպատակը, որն Աստված կատարում է այն ժամանակաընթացքում, երբ Նա գործում է մսեղիում, առաջին հերթին մարդկանց նվաճելն է։ Նման կերպ էր Շնորհքի դարաշրջանում, երբ գլխավոր գործը ողջ մարդկության փրկագնումն էր խաչելության միջոցով։ «Մարդկանց ձեռք բերելը» լրացնում էր մսեղիում կատարվող աշխատանքը և արվում էր միայն խաչելությունից հետո։ Երբ Հիսուսը եկավ և կատարեց Իր գործը, Նրա նպատակն էր հիմնականում օգտագործել Իր խաչելությունը՝ մահվան և հանդերձյալ աշխարհի գերության, Սատանայի ազդեցության դեմ հաղթանակ տանելու, այսինքն՝ Սատանային հաղթելու համար։ Միայն Հիսուսի խաչելությունից հետո Պետրոսը քայլ առ քայլ սկսեց կատարելության ճանապարհը։ Իհարկե, Պետրոսը նրանց թվում էր, ովքեր հետևում էին Հիսուսին, երբ Հիսուսը գործում էր, բայց նա այդ ընթացքում կատարելագործված չէր։ Հակառակը, Հիսուսի գործն ավարտելուց հետո էր, որ Պետրոսն աստիճանաբար հասկացավ ճշմարտությունն ու կատարելագործվեց։ Մարմնացած Աստված գալիս է երկիր միայն կարճ ժամանակահատվածում գործի կարևորագույն, վճռորոշ փուլն ավարտելու համար, այլ ոչ թե երկարաժամկետ մարդկանց մեջ երկրի վրա ապրելու՝ նրանց կատարելագործելու մտադրությամբ։ Նա չի կատարում այդ գործը։ Նա չի սպասում մինչև այն ժամանակը, երբ մարդը լիովին կատարելագործվի` Իր աշխատանքը եզրափակելու համար։ Սա Նրա մարմնացման նպատակն ու նշանակությունը չէ։ Նա գալիս է միայն մարդկությանը փրկելու կարճաժամկետ գործը կատարելու համար, այլ ոչ թե մարդկությանը կատարելագործելու անչափ երկարաժամկետ գործը կատարելու համար։ Մարդկությանը փրկելու գործը հատկանշական է, ունակ նոր դարաշրջանի սկիզբ դնելու։ Այն կարող է ավարտվել կարճ ժամանակահատվածում։ Բայց մարդկությանը կատարելագործելը պահանջում է մարդուն հասցնել որոշակի մակարդակի. նման գործը երկար ժամանակ է պահանջում։ Սա աշխատանք է, որը պետք է կատարվի Աստծու Հոգու կողմից, բայց կատարվում է մսեղիում իրականացվող Աստծու գործի ընթացքում ասված ճշմարտության հիման վրա, կամ էլ կատարվում է Նրա՝ առաքյալներին ոտքի հանելու միջոցով, որպեսզի հովվության երկարատև գործ կատարեն. այսկերպ մարդկությանը կատարելագործելու Նրա նպատակը կիրագործվի։ Մարմնացած Աստված այս գործը չի կատարում։ Նա միայն խոսում է կյանքի ճանապարհի մասին, որպեսզի մարդիկ հասկանան, և Նա մարդկությանը միայն մատակարարում է ճշմարտությունը, այլ ոչ թե անընդհատ ուղեկցում է մարդուն ճշմարտությունը կիրարկելիս, քանի որ դա Նրա սպասավորության մեջ չէ։ Հետևաբար, Նա չի շարունակի ուղեկցել մարդուն ողջ ճանապարհին մինչև այն օրը, երբ մարդը լիովին հասկանա ճշմարտությունը և լիովին ձեռք բերի ճշմարտությունը։ Նրա գործը մսեղիում եզրափակվում է, երբ մարդը պաշտոնապես մտնում է Աստծու հանդեպ հավատքի ճիշտ ուղին, երբ մարդը քայլ է անում դեպի կատարելագործվելու ճիշտ ուղին։ Սա, իհարկե, նաև այն ժամանակն է, երբ Նա լիակատար պարտության կմատնի Սատանային և կհաղթանակի աշխարհի նկատմամբ։ Նրան չի հետաքրքրում, թե արդյոք մարդն այդ ժամանակ վերջնականապես մտած կլինի ճշմարտության մեջ, ոչ էլ Նրան հետաքրքրում է՝ մարդու կյանքը մեծ է, թե փոքր։ Դրանցից ոչ մեկն այն բանը չէ, որով Նա, մսեղիում լինելով, պետք է մտահոգվի. դրանից ոչինչ մարմնացած Աստծու սպասավորության մեջ չէ։ Հենց որ Նա ավարտի աշխատանքը, որը պետք է անի, Նա կեզրափակի Իր գործը մսեղիում։ Այսպիսով, մարմնացած Աստծու կատարած գործը միայն այն գործն է, որն Աստծու Հոգին չի կարող անմիջականորեն անել։ Ավելին, դա փրկության կարճաժամկետ գործն է, այլ ոչ թե այն գործը, որը Նա կիրականացնի երկրի վրա երկարաժամկետ հիմունքներով։
Ձեր արժանիքի բարձրացումն Իմ գործի ոլորտում չէ։ Ես խնդրում եմ ձեզ դա անել միայն այն պատճառով, որ ձեր արժանիքը չափազանց ցածր է։ Իրականում սա կատարելության գործի մաս չէ. ավելի շուտ՝ այն ձեզ վրա կատարվող լրացուցիչ աշխատանք է։ Այսօր ձեզ վրա կատարվող աշխատանքն արվում է ըստ ձեր կարիքների։ Այն անհատականացված է և այն ուղին չէ, որը պետք է մտնեն բոլոր կատարելագործվողները։ Քանի որ ձեր արժանիքն ավելի ցածր է, քան անցյալում կատարելագործված ցանկացած մեկինը, և այս աշխատանքը լի է խոչընդոտներով, երբ կատարվում է ձեզ վրա, և քանի որ կատարելության նպատակները բոլորը տարբեր են, ուստի Ես պետք է ձեր մեջ լրացուցիչ աշխատանք կատարեմ։ Սկզբնապես, երբ Աստված եկավ երկիր, Նա մնաց Իր իրավասության սահմաններում և կատարեց Իր գործը՝ չզբաղվելով այլ, Իր գործի հետ կապ չունեցող հարցերով։ Նա չէր խառնվում ընտանեկան գործերին, ոչ էլ մասնակցում մարդկանց կյանքերին։ Նա բացարձակապես անտարբեր է նման առօրյա բաների նկատմամբ. դրանք Նրա ծառայության մասը չեն։ Բայց ձեր արժանիքն այնքան ավելի ցածր է, քան ես պահանջում էի (իսկապես, բացարձակապես անհամեմատելի է), որ այն չափազանց մեծ խոչընդոտներ է ստեղծում գործի համար։ Ավելին, այս գործը պետք է կատարվի Չինաստանի այս տարածքի մարդկանց շրջանում, իսկ դուք այնքան թերուս եք. ուստի ես ստիպված եղա բարձրաձայն խոսել և պահանջել, որ դուք կրթեք ինքներդ ձեզ։ Ես ձեզ ասել եմ, որ սա լրացուցիչ աշխատանք է, բայց սա նաև մի բան է, որին դուք պետք է հասնեք, մի բան, որը կօգնի ձեզ կատարելագործվել։ Իրականում, կրթությունը, անձնական վարքի և կյանքի մասին հիմնական գիտելիքները բոլորն էլ այն բաներն են, որոնք դուք բնականաբար պետք է ունենաք. Ես չպետք է ձեզ հետ խոսեմ այս բաների մասին։ Բայց քանի որ դուք չունեք այս բաները, Ես այլընտրանք չունեմ, քան դրանք ձեր մեջ սերմանելու գործը կատարելը։ Թեև դուք Իմ մասին բազմաթիվ պատկերացումներ ունեք, Ես դեռ պահանջում եմ սա ձեզանից․ Ես դեռ պահանջում եմ, որ դուք բարձրացնեք ձեր արժանիքը։ Իմ մտադրությունը գալը և այս գործն անելը չէ, քանի որ Իմ գործը պարզապես ձեզ նվաճելն է, պարզապես ձեզ դատելով ձեր լիակատար համոզմունքը ձեռք բերելն է՝ դրանով իսկ ցույց տալով կյանքի այն ուղին, որով դուք պետք է մտնեք։ Այլ կերպ ասած՝ այն, թե որքան կրթված եք և արդյոք կյանքի մասին լավ տեղեկացված եք, բացարձակապես ոչ մի կապ չէր ունենա Ինձ հետ, եթե չլիներ այն փաստը, որ Ես պետք է նվաճեմ ձեզ Իմ խոսքով։ Այս ամենն ավելացվում է նվաճման աշխատանքում արդյունքների հասնելու համար և հանուն ձեր հետագա կատարելագործման։ Սա նվաճման աշխատանքի մաս չէ։ Քանի որ դուք ցածր որակ ունեք, ծույլ ու անգործ եք, տխմար ու բթամիտ, անշնորհք ու հիմար (որովհետև դուք չափազանց աննորմալ եք), ես պահանջում եմ, որ դուք նախ բարձրացնեք ձեր արժանիքը։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կատարելագործվել, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Կատարելագործվելու համար պետք է ունենալ պարզ ու սթափ միտք և պատրաստ լինել ապրելու իմաստալից կյանքով։ Եթե դու մեկն ես, ով մտադիր չէ ապրելու դատարկ կյանքով, մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը, մեկն ես, ով լրջախոհ է իր կատարած ամեն ինչում և բացառիկ բնականոն մարդկայնությամբ մեկը, ապա դու համապատասխանում ես կատարելագործվելու պայմաններին։
Ձեր մեջ իրականացվող այս աշխատանքը կատարվում է ձեզ վրա՝ ըստ գործի կարիքների։ Այս մարդկանց նվաճումից հետո մարդկանց մի խումբ կկատարելագործվի։ Հետևաբար, այժմյան գործի մեծ մասը նաև նախապատրաստություն է ձեզ կատարելագործելու նպատակի համար, քանի որ կան ճշմարտության ծարավ բազում մարդիկ, ովքեր կարող են կատարելագործվել։ Եթե նվաճման աշխատանքը լիներ ձեր վրա իրականացվող միակ քայլը, և դրանից հետո որևէ այլ աշխատանք չկատարվեր, ապա մի՞թե ճշմարտությունը փափագող որոշ մարդիկ չէին ստանա այն։ Ներկայիս աշխատանքը նպատակ ունի հետագայում մարդկանց կատարելագործելու ուղի բացելու։ Չնայած Իմ գործը հենց նվաճման աշխատանքն է, կյանքի այն ձևը, որի մասին ես խոսում եմ, այնուամենայնիվ, մարդկանց հետագայում կատարելագործելու նախապատրաստություն է։ Նվաճումից հետո եկող աշխատանքը կենտրոնանում է մարդկանց կատարելագործելու վրա, իսկ նվաճումը կատարվում է կատարելագործման գործի հիմքը դնելու համար։ Մարդը կարող է կատարելագործվել միայն նվաճվելուց հետո։ Հենց այս պահին գլխավոր խնդիրը նվաճելն է. հետագայում նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը և փափագում են այն, կկատարելագործվեն։ Կատարելագործվելը ներառում է մարդկանց մուտքի դրական կողմերը. արդյոք դու ունես աստվածասեր սիրտ, որքան ես փորձառաբար ապրել այս ճանապարհով քայլելով, որքան մաքուր է քո սերն Աստծու հանդեպ, և որքան ճշգրիտ է ճշմարտության քո կիրարկումը։ Կատարելագործվելու համար պետք է ունենալ մարդկայնության տարրական գիտելիքներ բոլոր առումներով։ Սա հիմնական պահանջ է։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարող կատարելագործվել նվաճվելուց հետո, դառնում են ծառայության օբյեկտներ և, վերջին հաշվով, այնուամենայնիվ, կնետվեն կրակի ու ծծմբի լիճը և կընկնեն անհատակ փոսի մեջ․ չէ՞ որ քո բնավորությունը չի փոխվել, և դու դեռևս Սատանայից ես։ Եթե մարդը չի համապատասխանում կատարելության պայմաններին, ապա նա անպետք է. նա թափոն է, գործիք, մի բան, որը չի կարող դիմանալ կրակի փորձությանը։ Որքա՞ն աստվածասեր սիրտ ունես դու հենց հիմա։ Որքա՞ն ինքնատյաց է սիրտդ։ Որքա՞ն խորն ես իրականում ճանաչում Սատանային։ Արդյո՞ք ամրապնդել եք ձեր վճռականությունը։ Արդյո՞ք ձեր մարդկայնության շրջանակներում ձեր ապրելու ձևը կարգ ունի։ Արդյո՞ք նոր կյանքով եք ապրում։ Արդյո՞ք ձեր աշխարհայացքը փոխվել է։ Եթե այս բաները չեն փոխվել, դու չես կարող կատարելագործվել, նույնիսկ եթե չես նահանջում. ընդհակառակը, դու միայն նվաճված ես։ Երբ ժամանակը գա քեզ փորձելու, դու չես ունենա ճշմարտությունը, քո մարդկայնությունն անբնականոն կլինի, և դու անասունի պես ցածր կլինես։ Այն ամենը, ինչին կհասնես, նվաճված լինելն է։ Դու պարզապես կլինես առարկա, որը Ես նվաճել եմ։ Դա ճիշտ նման է այն բանին, թե ինչպես է էշը, որ զգացել է տիրոջ մտրակը, ամեն անգամ տիրոջը տեսնելիս դառնում վախկոտ և չի համարձակվում որևէ բան անել. դու հենց այդ էշն ես, որը նվաճվել է։ Եթե մարդը զուրկ է այդ դրական կողմերից և փոխարենը բացասական է ու վախկոտ, ամաչկոտ ու ամեն ինչում անվճռական, անկարող է որևէ բան հստակորեն տեսնելու, անկարող է ընկալելու ճշմարտությունը, դեռևս չունի կիրարկման ուղի և ավելին՝ նույնիսկ առանց աստվածասեր սրտի (եթե մարդը չունի Աստծուն սիրելու, իմաստալից կյանքով ապրելու կամ իրական մարդ լինելու հասկացողություն), ինչպե՞ս կարող է նման մարդը վկայել Աստծու մասին։ Սա ցույց կտա, որ քո կյանքը քիչ արժեք ունի, և դու ընդամենը նվաճված էշ ես։ Դու կնվաճվեիր, բայց դա պարզապես կնշանակեր, որ դու ապստամբել ես մեծ կարմիր վիշապի դեմ և հրաժարվել ես հնազանդվել նրա զորությանը։ Կնշանակեր, որ դու հավատում ես, որ կա Աստված, ցանկանում ես հնազանդվել Աստծու կարգավորումներին և չունես որևէ բողոք։ Իսկ ինչ վերաբերում է դրական կողմերին, արդյո՞ք դու կարող ես Աստծու խոսքով ապրել և Աստծուն երևան հանել։ Եթե դու չունես այս կողմերից ոչ մեկը, դա նշանակում է, որ դու ձեռք չես բերվել Աստծու կողմից և ընդամենը նվաճված էշ ես։ Քո մեջ ցանկալի ոչինչ չկա, և Սուրբ Հոգին չի գործում քո մեջ։ Ձեր մարդկայնությունը չափազանց պակասում է. Աստծու համար անհնար է քեզ օգտագործելը։ Դու պետք է Աստծու կողմից արժանի համարվես և հարյուր անգամ ավելի լավը լինես, քան անհավատ գազաններն ու քայլող մեռելները. միայն այս մակարդակին հասնողներն են որակավորված կատարելագործվելու։ Միայն եթե մարդն ունի մարդկայնություն և խիղճ, պիտանի է Աստծու օգտագործման համար։ Միայն այն ժամանակ, երբ կատարելագործվեք, կարող եք մարդկային համարվել։ Միայն կատարելագործվածներն են իմաստալից կյանքով ապրող մարդիկ։ Միայն այդպիսի մարդիկ կարող են ավելի հնչեղ վկայություն կրել Աստծու համար։