Միայն Աստծուն և Նրա գործը ճանաչողներն են բավարարում Աստծուն

Մարմնացած Աստծու գործը երկու մաս է ներառում։ Երբ Նա առաջին անգամ մսեղի դարձավ, մարդիկ ո՛չ հավատացին, ո՛չ էլ ճանաչեցին Նրան և Հիսուսին խաչին գամեցին։ Այնուհետև, երբ Նա երկրորդ անգամ մսեղի դարձավ, մարդիկ դարձյալ չհավատացին Նրան, առավել ևս՝ չճանաչեցին Նրան, և կրկին խաչին գամեցին Քրիստոսին։ Մի՞թե մարդն Աստծու թշնամին չէ։ Եթե մարդը չի ճանաչում Նրան, ինչպե՞ս կարող է Աստծու մտերիմը լինել։ Ինչպե՞ս կարող է նա որակավորվել՝ Աստծու վկան լինելու ։ Մի՞թե Աստծուն սիրելու, Աստծուն ծառայելու և Աստծուն փառավորելու մարդու պնդումները խաբուսիկ ստեր չեն։ Եթե կյանքդ նվիրես այս անիրական, անկիրարկելի բաներին ձգտելուն, մի՞թե զուր չես տքնի։ Ինչպե՞ս կարող ես լինել Աստծու մտերիմը, երբ անգամ չգիտես, թե ով է Աստված։ Մի՞թե նման ձգտումը մշուշոտ ու վերացական չէ։ Մի՞թե նենգություն չէ։ Ինչպե՞ս պետք է մարդը ձգտի դառնալու Աստծու մտերիմը։ Ո՞րն է Աստծու մտերիմը լինելու գործնական նշանակությունը։ Կարո՞ղ ես լինել Աստծու Հոգու մտերիմը։ Կարո՞ղ ես տեսնել, թե որքան մեծ ու բարձր է Հոգին։ Մի՞թե մշուշոտ ու վերացական չէ անտեսանելի, անշոշափելի Աստծու մտերիմը լինելը։ Ո՞րն է նման ձգտման գործնական նշանակությունը։ Մի՞թե այս ամենը նենգ սուտ չէ։ Այն, ինչին ձգտում ես, Աստծու մտերիմը դառնալն է, սակայն իրականում Սատանայի կամակատարն ես, քանզի չես ճանաչում Աստծուն և ձգտում ես գոյություն չունեցող՝ «ամեն ինչի մեջ գտնվող Աստծուն», որն անտեսանելի է, անշոշափելի և քո իսկ պատկերացումներում պարփակված։ Վերացականորեն ասած՝ նման «Աստվածը» Սատանան է, իսկ գործնականորեն ասած՝ հենց դու ես։ Ձգտում ես լինել ինքդ քո մտերիմը, բայց միաժամանակ ասում ես, թե ձգտում ես Աստծու մտերիմը դառնալու՝ մի՞թե դա աստվածհայհոյություն չէ։ Ո՞րն է նման ձգտման արժեքը։ Եթե Աստծու Հոգին մսեղի չի դառնում, ապա Աստծու էությունը լոկ կյանքի անտեսանելի, անշոշափելի Հոգին է՝ անձև ու անպատկեր, ոչ նյութական, մարդու համար անհասանելի ու անըմբռնելի։ Ինչպե՞ս կարող է մարդը լինել այդպիսի անմարմին, հրաշալի, անըմբռնելի Հոգու մտերիմը։ Մի՞թե սա կատակ չէ։ Դա անհեթեթ դատողություն է, որն անհիմն է և առավել ևս՝ անիրատեսական։ Ստեղծված մարդն իր բնույթով տարբերվում է Աստծու Հոգուց, ուստի ինչպե՞ս կարող են այդ երկուսը մտերիմներ լինել։ Եթե Աստծու Հոգին չձևավորվեր մսեղիում՝ այսինքն, եթե Աստված մսեղի չդառնար, չխոնարհեցներ Իրեն և չվերածվեր ստեղծված էակի, ապա ստեղծված մարդը ո՛չ որակավորված կլիներ, ո՛չ էլ ընդունակ՝ լինելու Նրա մտերիմը, և բացի այն բարեպաշտ հավատացյալներից, որ գուցե հնարավորություն ունենան Աստծու մտերիմները լինելու իրենց հոգիների՝ երկինք մտնելուց հետո, մարդկանց մեծ մասն անկարող կլիներ դառնալ Աստծու Հոգու մտերիմը։ Եվ եթե մարմնացած Աստծու առաջնորդության ներքո մարդիկ ցանկանում են դառնալ երկնքում գտնվող Աստծու մտերիմները, մի՞թե նրանք զարմանալիորեն հիմար և անմարդկային էակներ չեն։ Մարդիկ լոկ ձգտում են «նվիրված լինելու» անտեսանելի Աստծուն և ամենափոքր ուշադրությունն իսկ չեն դարձնում այն Աստծուն, որը տեսանելի է, քանզի անտեսանելի Աստծուն ձգտելն այնքան հեշտ է։ Մարդիկ կարող են դա անել այնպես, ինչպես կամենում են, բայց տեսանելի Աստծուն ձգտելն այնքան էլ հեշտ չէ։ Նա, ով ձգտում է մշուշոտ ու վերացական Աստծուն, բացարձակ չի կարող ձեռք բերել Աստծուն, որովհետև ամենն, ինչ մշուշոտ ու վերացական է, մարդու պատկերացումներից է ծնվում և չի կարող իսկապես ձեռք բերվել մարդու կողմից։ Եթե ձեր մեջ եկած Աստվածը մեծ, վեհ և ձեզ համար անհասանելի Աստված լիներ, ինչպե՞ս կարող էիք ընկալել Նրա մտադրությունները։ Եվ ինչպե՞ս կարող էիք ճանաչել ու հասկանալ Նրան։ Եթե Նա միայն Իր գործն աներ և բնականոն շփում չունենար մարդու հետ, կամ չունենար բնականոն մարդկայնություն և անհասանելի լիներ մահկանացուների համար, ապա անգամ եթե Նա շատ աշխատեր ձեզ վրա, բայց դուք շփում չունենայիք Նրա հետ և անկարող լինեիք տեսնել Նրան, ինչպե՞ս կարող էիք ճանաչել Նրան։ Եթե չլիներ բնականոն մարդկայնություն ունեցող այս մսեղին, մարդն Աստծուն ճանաչելու ոչ մի միջոց չէր ունենա. միայն Աստծու մարմնացման շնորհիվ է, որ մարդը որակավորված է մսեղիում գտնվող Աստծու մտերիմը լինելու։ Մարդիկ դառնում են Աստծու մտերիմները, որովհետև նրանք շփվում են Նրա հետ, և որովհետև Նրա հետ ապրելով և հաղորդակցվելով՝ աստիճանաբար սկսում են ճանաչել են Նրան։ Եթե այդպես չլիներ, մի՞թե մարդու ձգտումն իզուր չէր լինի։ Այսինքն՝ մարդն ի վիճակի է Աստծու մտերիմը լինելու ոչ միայն Աստծու գործի շնորհիվ, այլ մարմնացած Աստծու գործնականության և բնականոնության շնորհիվ։ Միայն այն պատճառով, որ Աստված մսեղի է դառնում, մարդիկ հնարավորություն ունեն կատարելու իրենց պարտականությունը և երկրպագելու ճշմարիտ Աստծուն։ Մի՞թե սա ամենաիրատեսական և գործնական ճշմարտությունը չէ։ Հիմա դեռ ցանկանո՞ւմ ես լինել երկնքում գտնվող Աստծու մտերիմը։ Միայն երբ Աստված որոշակի աստիճանի խոնարհեցնում է Իրեն, այսինքն՝ միայն երբ Աստված դառնում է մսեղի, մարդը կարող է լինել Նրա մտերիմն ու սրտակիցը։ Աստված Հոգի է, Նա այնքան մեծ է, վեհ ու այնքան անըմբռնելի, ինչպե՞ս են մարդիկ որակավորված Նրա մտերիմները լինելու։ Միայն երբ Աստծու Հոգին իջնում է մսեղիի մեջ և դառնում մարդու արտաքին ունեցող արարած, մարդիկ կարող են հասկանալ Նրա մտադրությունները և գործնականում ձեռք բերվել Նրա կողմից։ Նա խոսում և գործում է մսեղիում, կիսում է մարդկության ուրախությունները, վշտերն ու նեղությունները, ապրում է նույն աշխարհում, ինչ մարդկությունը, պաշտպանում է մարդկությանը, առաջնորդում նրանց և հնարավորություն է տալիս մաքրվելու և ստանալու Իր փրկությունն ու օրհնությունը։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ ձեռք բերեն այս բաները և ճշմարտորեն հասկանան Աստծու մտադրությունները, կարող են Աստծու մտերիմները լինել։ Միայն սա է գործնական։ Եթե Աստված անտեսանելի և անշոշափելի լիներ մարդկանց համար, ապա ինչպե՞ս կարող էին նրանք լինել Նրա մտերիմները։ Մի՞թե սա դատարկ վարդապետություն չէ։

Մինչ օրս հավատալով Աստծուն՝ շատերը դեռ ձգտում են նրան, ինչը մշուշոտ ու վերացական է։ Նրանք չեն ըմբռնում այսօրվա Աստծու գործի գործնականությունը և դեռ ապրում են բառերի և վարդապետությունների մեջ։ Ավելին՝ մեծամասնությունը դեռ չի մտել այնպիսի նոր արտահայտությունների իրականության մեջ, ինչպիսիք են «Աստծուն սիրողների նոր սերունդը», «Աստծու մտերիմը», «Աստծուն սիրելու օրինակն ու նմուշը» և «Պետրոսի ոճը»։ Փոխարենը՝ նրանց ձգտումը դեռ մշուշոտ ու վերացական է, նրանք դեռ խարխափում են վարդապետության մեջ և չեն հասկանում այս խոսքերի իրականությունը։ Երբ Աստծու Հոգին մսեղի է դառնում և գործում է մսեղիում, կարող ես տեսնել և շոշափել Նրան։ Սակայն եթե դեռ անկարող ես Նրա մտերիմը դառնալ, եթե դեռ ի վիճակի չես Նրա վստահելին լինելու, ապա ինչպե՞ս կարող ես Աստծու Հոգու վստահելին լինել։ Եթե չես ճանաչում այսօրվա Աստծուն, ինչպե՞ս կարող ես Աստծուն սիրողների նոր սերնդից մեկը լինել։ Մի՞թե սրանք դատարկ բառեր և վարդապետություն չեն։ Ի վիճակի՞ ես տեսնելու Հոգին և ընկալելու Նրա մտադրությունները։ Մի՞թե սրանք դատարկ խոսքեր չեն։ Բավարար չէ միայն այս արտահայտություններն ու եզրույթներն արտասանելը, և ոչ էլ լոկ վճռականության միջոցով կարող ես հասնել Աստծու գոհունակությանը։ Դու բավարարվում ես միայն այս խոսքերն ասելով, և դա անում ես՝ քո իսկ ցանկությունները, անիրատեսական ձգտումները և քո իսկ պատկերացումներն ու մտածողությունը բավարարելու համար։ Եթե չես ճանաչում այսօրվա Աստծուն, ապա ինչ էլ անես, անկարող կլինես բավարարել Աստծու մտադրությունները։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու վստահելին։ Դեռ չե՞ս հասկանում։ Քանի որ Աստծու մտերիմը մարդն է, Աստված նույնպես մարդ է։ Այսինքն՝ Աստված մսեղի է դարձել և դարձել մարդ։ Միայն նույն տեսակին պատկանողները կարող են միմյանց վստահելի կոչել, միայն այդժամ նրանք կարող են համարվել մտերիմներ։ Եթե Աստված Հոգի լիներ, ինչպե՞ս կարող էր ստեղծված մարդը դառնալ Նրա մտերիմը։

Աստծու հանդեպ քո հավատքը, ճշմարտության քո ձգտումը և նույնիսկ այն, թե ինչպես ես վարվում, պետք է հիմնված լինեն իրականության վրա. ամեն ինչ պետք է լինի իրական ու հիմնավորված, և դու չպետք է ձգտես այնպիսի բաների, որոնք անիրատեսական են ու երևակայական։ Այս կերպ վարվելը ոչ մի արժեք չունի, և ավելին՝ նման կյանքը ոչ մի իմաստ չունի։ Քանի որ քո ձգտումն ու կյանքն անցնում են լոկ կեղծիքի և խաբեության մեջ, և չես ձգտում այնպիսի բաների, որոնք արժեք ու նշանակություն ունեն, միակ բանը, որ ձեռք ես բերում, անհեթեթ տրամաբանությունն ու վարդապետությունն են, որոնք ճշմարտությունը չեն։ Նման բաները ոչ մի կապ չունեն քո գոյության նշանակության և արժեքի հետ և միայն կարող են տանել քեզ սնամեջ աշխարհ։ Այսպիսով՝ քո ողջ կյանքը կլինի անարժեք կամ անիմաստ, և եթե չձգտես իմաստալից կյանքի, ապա եթե անգամ հարյուր տարի ապրես, այդ ամենն իզուր կլինի։ Ինչպե՞ս կարող է դա մարդկային կյանք կոչվել։ Մի՞թե դա իրականում անասունի կյանք չէ։ Նույն կերպ, եթե ձգտում եք Աստծուն հավատալու ճանապարհով քայլելու, բայց չեք փորձում ձգտել տեսանելի Աստծուն ճանաչելու և փոխարենը երկրպագում եք անտեսանելի ու անշոշափելի Աստծուն, ապա մի՞թե նման ձգտումն ավելի ապարդյուն չէ։ Ի վերջո, քո ձգտումը կվերածվի ավերակների կույտի։ Ի՞նչ օգուտ ունի նման ձգտումը քեզ համար։ Մարդու ամենամեծ խնդիրն այն է, որ նա սիրում է միայն այն, ինչը չի կարող տեսնել կամ շոշափել, ինչը չափազանց խորհրդավոր ու զարմանալի է և աներևակայելի է մարդու համար ու անհասանելի՝ մահկանացուներին։ Որքան ավելի անիրատեսական են դրանք, այնքան ավելի շատ են վերլուծվում մարդկանց կողմից, և մարդիկ անգամ ձգտում են դրանց՝ անտեսելով մնացած ամեն ինչ՝ զուր հուսալով ձեռք բերել դրանք։ Որքան ավելի անիրատեսական են դրանք, այնքան մարդիկ ավելի մանրակրկիտ են զննում ու վերլուծում դրանք՝ հասնելով այնտեղ, որ դրանց վերաբերյալ հորինում են իրենց իսկ սպառիչ գաղափարները։ ԵՎ հակառակը, որքան ավելի իրատեսական են, այնքան ավելի են մարդիկ անտեսում դրանք. նրանք պարզապես վերևից են նայում դրանց և նույնիսկ արհամարհանքով են լցված դրանց հանդեպ։ Մի՞թե հենց սա չէ ձեր վերաբերմունքն այն իրական գործի նկատմամբ, որը Ես անում եմ այսօր։ Որքան ավելի իրատեսական են նման բաները, այնքան ավելի կանխակալ եք դրանց նկատմամբ։ Նույնիսկ ամենափոքր տեղը չեք թողնում դրանք քննելու համար, այլ պարզապես անտեսում եք. վերևից եք նայում այս իրատեսական, ցածր չափանիշներով պահանջներին և անգամ բազմաթիվ պատկերացումներ եք տածում այս ամենագործնական Աստծու վերաբերյալ, և պարզապես անկարող եք ընդունել Նրա գործնականությունն ու բնականությունը։ Այսպիսով՝ մի՞թե չեք կառչում մշուշոտ հավատքին։ Դուք անսասան հավատք ունեք անցած ժամանակների մշուշոտ Աստծու հանդեպ և ոչ մի հետաքրքրություն՝ այսօրվա գործնական Աստծու նկատմամբ։ Մի՞թե սա այն պատճառով չէ, որ երեկվա Աստված և այսօրվա Աստված երկու տարբեր դարաշրջաններից են։ ԵՎ նաև այն պատճառով չէ՞, որ երեկվա Աստված երկնքի մեծ ու վեհ Աստվածն է, մինչդեռ այսօրվա Աստված փոքրիկ մարդկային էակ է երկրի վրա։ Ավելին, այն պատճառով չէ՞, որ մարդու երկրպագած աստվածն այն մեկն է, որն առաջացել է նրա պատկերացումներից, մինչդեռ այսօրվա Աստված շոշափելի մսեղի է՝ ստեղծված երկրի վրա։ Վերջիվերջո, մի՞թե այն պատճառով չէ, որ այսօրվա Աստված չափազանց իրական է, այնպես որ մարդը չի ձգտում Նրան։ Քանզի այն, ինչ այսօրվա Աստված պահանջում է մարդկանցից, ճշգրտորեն այն է, ինչ մարդիկ ամենից շատը չեն ուզում անել, և ինչը ստիպում է նրանց ամոթ զգալ։ Մի՞թե սա չի դժվարացնում մարդկանց գործը։ Մի՞թե սա չի բացահայտում մարդկանց սպիները։ Հետևաբար, շատ մարդիկ չեն ձգտում իրական Աստծուն, գործնական Աստծուն և դառնում են մարմնացած Աստծու թշնամիները, այսինքն՝ հակաքրիստոսներ։ Մի՞թե սա ակնհայտ փաստ չէ։ Անցյալում, երբ Աստված դեռ չէր մսեղի չէր դարձել, հնարավոր է՝ դու կրոնական գործիչ էիր կամ բարեպաշտ հավատացյալ։ Աստծու մարմնանալուց հետո շատ նման բարեպաշտ հավատացյալներ, անգամ չգիտակցելով, դարձան հակաքրիստոսներ։ Գիտե՞ս, թե ինչ է կատարվում այստեղ։ Աստծուն հավատալիս չես կենտրոնանում իրականության վրա կամ չես ձգտում ճշմարտությանը, այլ փոխարենը կենտրոնանում ես անիրական բաների վրա՝ մի՞թե սա մարմնացած Աստծու հանդեպ քո թշնամանքի ամենահստակ աղբյուրը չէ։ Մարմնացած Աստված Քրիստոս է կոչվում, ուստի, մի՞թե բոլոր նրանք, ովքեր չեն հավատում մարմնացած Աստծուն, հակաքրիստոսներ չեն։ Ուստի, Նա, ում հավատում և սիրում ես, իրո՞ք մսեղիում գտնվող այս Աստված է։ Արդյո՞ք իսկապես այս կենդանի, շնչող Աստված է, ով ամենաիրականն է և արտասովոր կերպով բնականոն։ Ո՞րն է ճշգրտորեն քո ձգտման նպատակը։ Այն երկնքո՞ւմ է, թե՞ երկրի վրա։ Դա պատկերացո՞ւմ է, թե՞ ճշմարտություն։ Աստվա՞ծ է, թե՞ ինչ-որ գերբնական էակ։ Իրականում ճշմարտությունը կյանքի գործնական սկզբունքն է և մարդկության համար՝ կյանքի ամենաբարձր սկզբունքը։ Քանի որ դա է այն պահանջը, որն Աստված դնում է մարդու առջև, և այն գործը, որն անձամբ արվում է Աստծու կողմից, այն կոչվում է «կյանքի սկզբունք»։ Դա ինչ-որ բանից ամփոփված սկզբունք չէ, ոչ էլ հայտնի մեջբերում է որևէ մեծ գործչից։ Փոխարենը՝ դա երկինքների ու երկրի և բոլոր բաների Տիրակալի խոսքն է՝ ուղղված մարդկությանը. դա մարդու կողմից ձևակերպված ինչ-որ խոսքեր չէ, այլ Աստծու ներհատուկ կյանքն է։ Եվ ուստի այն կոչվում է «կյանքի բարձրագույն սկզբունք»։ Ճշմարտությունը կիրարկելու մարդկանց ձգտումն իրենց պարտավորության կատարումն է, այսինքն՝ դա Աստծու պահանջը բավարարելու ձգտումն է։ Այս պահանջի էությունն ամենաիրական ճշմարտությունն է, ոչ թե դատարկ վարդապետություն, որն անհասանելի է մարդուն։ Եթե քո ձգտումը վարդապետությունն է և չի պարունակում ոչ մի իրականություն, ապա մի՞թե ճշմարտության դեմ ապստամբողներից մեկը չես։ Մի՞թե ճշմարտության վրա հարձակվողներից մեկը չես։ Ինչպե՞ս կարող է նման մարդը լինել մեկը, ով ձգտում է սիրելու Աստծուն։ Մարդիկ, ովքեր չունեն իրականություն, նրանք են, ովքեր դավաճանում են ճշմարտությանը, և բոլորն էլ բնույթով ապստամբ են։

Անկախ նրանից, թե ինչպես ես ձգտում, պետք է ամենից առաջ հասկանաս այն գործը, որն Աստված անում է այսօր, և պետք է իմանաս այս գործի նշանակությունը։ Պետք է հասկանաս և իմանաս, թե վերջին օրերին գալով՝ Աստված ինչպիսի գործ է բերում, ինչ խառնվածք է դրսևորում և հստակորեն ի՞նչ է իրագործելու մարդու մեջ։ Եթե չգիտես կամ չես հասկանում այն գործը, որը Նա եկել է անելու մսեղիում, ապա ինչպե՞ս կարող ես ընկալել Նրա մտադրությունները և ինչպե՞ս կարող ես դառնալ Նրա մտերիմը։ Իրականում, Աստծու մտերիմը լինելը բարդ չէ, բայց պարզ էլ չէ։ Եթե մարդիկ կարողանում են հիմնովին հասկանալ և կիրարկել այն, ապա դա դառնում է ոչ բարդ. եթե մարդիկ չեն կարողանում հիմնովին հասկանալ այն, ապա դա շատ ավելի է դժվարանում, և, բացի այդ, նրանք հակված են դառնում ձգտելու մշուշոտ ու վերացական բաների։ Եթե Աստծուն ձգտելիս մարդիկ չունեն իրենց սեփական դիրքորոշումը, որի վրա պետք է կանգնեն, և չգիտեն, թե որ ճշմարտությանը պետք է կառչեն, ապա դա նշանակում է, որ նրանք հիմք չունեն, և ուստի նրանց համար դժվար է դառնում հաստատուն կանգնել։ Այսօր այնքան շատերը կան, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը,չեն կարողանում տարբերել բարին ու չարը կամ ասել, թե ինչ սիրել կամ ատել։ Նման մարդիկ հազիվ թե կարողանան հաստատուն կանգնել։ Աստծուն հավատալու բանալին ճշմարտությունը կիրարկել կարողանալն է, Աստծու մտադրությունները հաշվի առնելը, մարդու վրա Աստծու գործը ճանաչելը, երբ Նա գալիս է մսեղիով, և այն սկզբունքները, որոնցով Նա խոսում է։ Մի՛ հետևիր ամբոխին։ Պետք է սկզբունքներ ունենաս այն ամենում, ինչի մեջ պետք է մտնես, և պետք է կառչած մնաս դրանց։ Ամուր կառչիր քո ներսում եղած այն բաներից, որոնք գալիս են Աստծու լուսավորումից՝ սա կօգնի քեզ։ Եթե չանես դա, այսօր կշեղվես մի ուղղությամբ, վաղը՝ մյուս, և երբեք ոչ մի գործնական բան ձեռք չես բերի։ Այսպիսին լինելը ոչ մի օգուտ չի տալիս քո սեփական կյանքին։ Նրանք, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը, միշտ հետևում են ուրիշներին. եթե մարդիկ ասում են, որ սա Սուրբ Հոգու գործն է, դու ևս ասում ես, որ դա Սուրբ Հոգու գործն է. Եթե ասում են, որ դա չար հոգու գործն է, ապա կասկածամիտ ես դառնում կամ նույնպես ասում ես, որ դա չար հոգու գործն է։ Միշտ թութակի պես կրկնում ես ուրիշների խոսքերը և անկարող ես ինքնուրույն որևէ բան զանազանել և ինքնուրույն մտածել։ Սա մեկն է, ով չունի դիրքորոշում և զանազանություն՝ նման մարդը ոչնչի համար պիտանի չէ։ Միշտ կրկնում ես ուրիշների խոսքերը։ Այսօր ասվում է, որ սա Սուրբ Հոգու գործն է, բայց գուցե մի օր ինչ-որ մեկն ասի, որ դա Սուրբ Հոգու գործը չէ, և որ իրականում ոչ այլ ինչ է, քան մարդու գործը՝ սակայն չես կարողանում զանազանել սա, և երբ տեսնում ես, որ ուրիշներն ասում են դա, դու ևս կրկնում ես։ Դա իրականում Սուրբ Հոգու գործն է, բայց ասում ես, որ դա մարդու գործն է. մի՞թե չես դարձել նրանցից մեկը, ովքեր հայհոյում են Սուրբ Հոգու գործի դեմ։ Մի՞թե սրանով չես հակառակվում Աստծուն, քանի որ զանազանում չունես։ Գուցե մի օր ինչ-որ հիմար հայտնվի, ով կասի, որ «սա չար հոգու գործն է», և երբ լսես այս խոսքերը, կկորցնես քեզ, և կրկին կկաշկանդվեսուրիշների խոսքերով։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը խանգարում է քեզ, անկարող ես հավատարիմ մնալ քո դիրքորոշմանը, և այս ամենն այն պատճառով է, որ չունես ճշմարտությունը։ Աստծուն հավատալն ու Նրան ճանաչելու ձգտումը պարզ բան չէ։ Այս բաներին հնարավոր չէ հասնել պարզապես հավաքվելով և քարոզներ լսելով, և լոկ եռանդով չես կարող կատարելագործվել։ Պետք է անցած լինես փորձառությունների միջով, գիտություն ունենաս, քո գործողություններում լինես սկզբունքային և ձեռք բերես Սուրբ Հոգու գործը։ Երբ փորձառություններ ունենաս, կկարողանաս զանազանել շատ բաներ. տարբերել բարին ու չարը, արդարությունն ու չարությունը, այն, ինչ մարմնից ու արյունից է, և այն, ինչ ճշմարտությունից է։ Պետք է ի վիճակի լինես տարբերել այս բոլոր բաները, և այդպես վարվելով, անկախ հանգամանքներից, երբեք չես մոլորվի։ Միայն սա է քո իրական հասակը։

Աստծու գործը ճանաչելը պարզ խնդիր չէ։ Պետք է չափանիշներ և նպատակ ունենաս քո ձգտման մեջ, իմանաս, ինչպես փնտրել ճշմարիտ ճանապարհը, ինչպես չափել, թե արդյոք դա ճշմարիտ ճանապարհն է, և արդյոք դա Աստծու գործն է։ Ո՞րն է ճշմարիտ ճանապարհը փնտրելու ամենահիմնական սկզբունքը։ Պետք է նայես, թե արդյոք կա Սուրբ Հոգու գործն այս ճանապարհում, արդյոք այս խոսքերը ճշմարտության արտահայտությունն են, ում մասին է վկայություն տրվում, և ինչ կարող է այն բերել քեզ։ Ճշմարիտ ճանապարհի և կեղծ ճանապարհների միջև տարբերակելը պահանջում է հիմնական գիտության մի քանի ասպեկտներ, որոնցից ամենահիմնարարը՝ դրանում Սուրբ Հոգու գործի առկայությունը կամ բացակայությունը տարբերելն է։ Քանզի մարդկանց՝ Աստծուն հավատալու էությունն Աստծու Հոգուն հավատալն է, և նույնիսկ մարմնացած Աստծուն նրանց հավատալն այն պատճառով է, որ այս մսեղին Աստծու Հոգու մարմնավորումն է, ինչը նշանակում է, որ նման հավատքը դեռ հավատք է Հոգուն։ Հոգու և մսեղիի միջև կան տարբերություններ, բայց քանի որ այս մսեղին գալիս է Հոգուց և Խոսքը մսեղի է դարձել, այն, ինչին մարդը հավատում է, դեռևս Աստծու ներհատուկ էությունն է։ Ուստի, տարբերակելիս՝ դա ճշմարիտ ճանապարհն է, թե ոչ, ամենից առաջ պետք է նայես, թե արդյոք այն ունի Սուրբ Հոգու գործը, որից հետո պետք է նայես, թե արդյոք կա ճշմարտություն այս ճանապարհում։ Ճշմարտությունը, ինչպես այն կոչվում է, բնականոն մարդկայնության կյանքի բնույթն է։ Այլ կերպ ասած՝ դա այն է, ինչ պահանջվում էր մարդուց, երբ Աստված սկզբում արարեց նրան, այն է՝ բնականոն մարդկայնությունն իր ամբողջության մեջ (ներառյալ մարդկային ողջամտությունը, ինչպես նաև խորաթափանցությունը, իմաստությունը և վարվելակերպի հիմնարար գիտությունը)։ Այսինքն՝ պետք է նայես, թե արդյոք այս ճանապարհը կարող է մարդկանց առաջնորդել դեպի բնականոն մարդկային կյանք, արդյոք ճշմարտությունը, որի մասին խոսվում է, մարդկայնության իրականության վրա հիմնված բնականոն պահանջներ դնում է, արդյոք այս ճշմարտությունն իրատեսական ու գործնական է, և արդյոք այն ամենաժամանակահարմարն է։ Եթե այնտեղ կա ճշմարտություն, ապա այն ի վիճակի է մարդկանց առաջնորդել դեպի բնականոն և գործնական փորձառություններ։ Ավելին, մարդիկ դառնում են ավելի ու ավելի բնականոն, մարդկային ողջամտությունը, որ նրանք ունեն, դառնում է ավելի ու ավելի ավարտուն, նրանց մսեղի և հոգևոր կյանքը դառնում են ավելի ու ավելի կանոնավոր, և զգացմունքները դառնում են ավելի ու ավելի բնականոն։ Սա երկրորդ սկզբունքն է։ Կա ևս մեկ սկզբունք, այն է, արդյոք մարդիկ ունեն Աստծու հանդեպ աճող ճանաչողություն, և արդյոք նման գործի և ճշմարտության փորձառությունը կարող է նրանց մեջ աստվածասեր սիրտ ներշնչել և ավելի ու ավելի մոտեցնել Աստծուն։ Սրանով կարելի է չափել, արդյոք այս ճանապարհը ճշմարիտ ճանապարհն է, թե ոչ։ Ամենահիմնարարն այն է, թե արդյոք այս ճանապարհն իրատեսական է, այլ ոչգերբնական, և արդյոք այն ի վիճակի է ապահովել մարդու կյանքը։ Եթե այն համապատասխանում է այս սկզբունքներին, կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհը ճշմարիտ ճանապարհն է։ Ես ասում եմ այս խոսքերը ոչ թե նրա համար, որ ստիպեմ ձեզ ձեր ապագա փորձառություններում ընդունել այլ ճանապարհներ, ոչ էլ որպես կանխատեսում, որ ապագայում կլինի նոր դարաշրջանի մեկ այլ գործ։ Ես ասում եմ դրանք, որպեսզի վստահ լինեք, որ այսօրվա ճանապարհը ճշմարիտ ճանապարհն է, որպեսզի պարզապես կիսով չափ չհավատաք և միշտ անկարող չլինեք հստակ տեսնել այսօրվա գործը։ Կան նույնիսկ շատերը, ովքեր, չնայած համոզված լինելուն, միևնույն է՝ հետևում են բթացած ձևով. նման վստահությունը ոչ մի սկզբունք չունի, և նման մարդիկ վաղ թե ուշ դուրս կթողնվեն։ Նույնիսկ նրանք, ովքեր հատկապես եռանդուն են հետևելու մեջ, երեք մասով վստահ են և հինգ մասով՝ անվստահ, ինչն էլ ցույց է տալիս, որ նրանք հիմք չունեն։ Քանի որ ձեր արժանիքը չափազանց աղքատիկ է, իսկ հիմքը՝ չափազանց մակերեսային, զանազանման այս հարցերի վերաբերյալ ոչ մի հասկացողություն չունեք։ Աստված չի կրկնում Իր գործը, Նա չի անում գործ, որն իրատեսական չէ, չափազանցված պահանջներ չի դնում մարդու առաջ և չի անում գործ, որը վեր է մարդու ողջամտությունից։ Նրա բոլոր գործերը մարդու բնականոն ողջամտության շրջանակներում են և չեն գերազանցում բնականոն մարդկայնության ողջամտությունը, և Նրա գործն արվում է մարդու բնականոն կարիքների համաձայն։ Եթե դա Սուրբ Հոգու գործն է, մարդիկ և նրանց մարդկայնությունը դառնում են ավելի ու ավելի բնականոն։ Մարդիկ ավելի ու ավելի են ճանաչում իրենց սատանայական ապականված խառնվածքը և մարդու էությունը, ինչպես նաև ձեռք են բերում է՛լ ավելի մեծ փափագ ճշմարտության հանդեպ։ Այսինքն՝ մարդու կյանքը շարունակում է առաջընթաց ապրել, և մարդու ապականված խառնվածքն ավելի ու ավելի շատ փոփոխությունների է ենթարկվում. և հենց սա է այն իմաստը, որ Աստված դառնում է մարդու կյանքը։ Եթե ճանապարհն անկարող է բացահայտելու այն բաները, որոնք մարդու բուն էությունն են, փոխելու մարդու խառնվածքը, և, առավել ևս, անկարող է մարդկանց բերել Աստծու առաջ կամ տալ նրանց Աստծու ճշմարիտ հասկացողություն, և նույնիսկ պատճառ է դառնում, որ նրանց մարդկայնությունը ավելի ու ավելի անկում ապրի, իսկ նրանց ողջամտությունը՝ ավելի ու ավելի աննորմալ դառնա, ապա այս ճանապարհը հաստատ ճշմարիտ ճանապարհը չէ, և այն կարող է լինել չար հոգու գործը կամ հին ճանապարհը։ Կարճ ասած՝ այն չի կարող լինել Սուրբ Հոգու ներկայիս գործը։ Այս բոլոր տարիներին հավատացել եք Աստծուն, սակայն ճշմարիտ ճանապարհը կեղծ ճանապարհներից զանազանելու կամ ճշմարիտ ճանապարհը որոնելու սկզբունքների մասին նույնիսկ փոքր պատկերացում չունեք։ Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ ուշադրություն չի դարձնում այս հարցերին. նրանք պարզապես գնում են այնտեղ, ուր մեծամասնությունն է գնում, և կրկնում են այն, ինչ մեծամասնությունն է ասում։ Ինչպե՞ս կարող են այս մարդիկ համարվել ճշմարիտ ճանապարհը փնտրողներ։ Եվ ինչպե՞ս կարող են նման մարդիկ գտնել ճշմարիտ ճանապարհը։ Եթե ըմբռնես այս մի քանի հիմնական սկզբունքները, ապա ինչ էլ որ պատահի, չես մոլորվի։ Այսօր չափազանց կարևոր է, որ մարդիկ զանազանություն զարգացնեն. սա այն է, ինչ պետք է ունենա բնականոն մարդկայնությունը, և ինչ մարդիկ պետք է ունենան իրենց փորձառության մեջ։ Եթե մարդիկ հետևել են մինչև այսօր, բայց ընդհանրապես զանազանություն չունեն, և նրանց մարդկային ողջամտությունը դեռևս չի աճել, ապա նրանք չափազանց բթացած են, և նրանց ձգտումը սխալ է ու պարունակում է շեղումներ։ Ձգտել ես մինչև այսօր, բայց զանազանության ամենափոքր նշույլն իսկ չունես, և թեև ճիշտ է, ինչպես ասում ես, գտել ես ճշմարիտ ճանապարհը, արդյո՞ք ձեռք ես բերել այն։ Արդյո՞ք զարգացրել ես որևէ զանազանություն։ Ո՞րն է ճշմարիտ ճանապարհի էությունը։ Ճշմարիտ ճանապարհի մեջ ձեռք չես բերել ճշմարիտ ճանապարհ. ոչինչ չես ստացել ճշմարտությունից։ Այսինքն՝ չես հասել նրան, ինչ Աստված պահանջում է քեզանից, և ուստի ոչ մի փոփոխություն չի եղել քո ապականության մեջ։ Եթե շարունակես ձգտել այս կերպ, ի վերջո դուրս կթողնվես։ Հետևելով մինչ այսօր՝ պետք է վստահ լինես, որ այն ճանապարհը, որով անցել ես, ճիշտ ճանապարհն է, և չպետք է այլևս կասկածներ ունենաս։ Շատ մարդիկ միշտ կասկածամիտ են և որոշ մանր հարցերի պատճառով դադարում են ձգտել ճշմարտությանը։ Նման մարդիկ նրանք են, ովքեր ոչ մի ճանաչողություն չունեն Աստծու գործի մասին. նրանք են, ովքեր հետևում են Աստծուն բթացած կերպով։ Մարդիկ, ովքեր չեն ճանաչում Աստծու գործը, անկարող են լինել Նրա մտերիմները կամ վկայել Նրա մասին։ Ես խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր փնտրում են միայն օրհնություններ և այն, ինչ մշուշոտ ու վերացական է, հնարավորինս շուտ ձգտել ճշմարտությանը, որպեսզի իրենց կյանքն իմաստ ունենա։ Այլևս մի՛ խաբեք ինքներդ ձեզ։

Նախորդը.  Ինչպե՞ս կարող են Աստծուն իրենց պատկերացումներում սահմանափակողները ընդունել Նրա հայտնությունները

Հաջորդը.  Մարմնացած Աստծու սպասավորության և մարդու պարտավորության միջև տարբերությունը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger