Մարմնացած Աստծու սպասավորության և մարդու պարտավորության միջև տարբերությունը

Դուք պետք է իմանաք Աստծու գործի տեսիլքները և ըմբռնեք Նրա գործի ընդհանուր ուղղությունը։ Սա դրական մուտքն է։ Երբ ճշգրտորեն յուրացնես տեսիլքների ճշմարտությունը, քո մուտքն ապահով կլինի՝ անկախ նրանից, թե ինչպես կփոխվի Աստծու գործը, դու հաստատուն կմնաս քո սրտում, տեսիլքները քեզ համար պարզ կլինեն և քո մուտքն ու ձգտումը նպատակ կունենան։ Այսպիսով՝ քո ներսում եղած ողջ փորձառությունն ու գիտելիքն ավելի կխորանան և կդառնան ավելի մանրամասն։ Երբ ըմբռնես ընդհանուր ուղղությունը,կյանքում կորուստներ չես կրի, և չես մոլորվի։ Եթե չճանաչես գործի այս փուլերը, կորուստներ կկրես յուրաքանչյուր քայլափոխի, և մի քանի օրից ավելի կպահանջվի՝ իրավիճակը շտկելու համար, ու չես կարողանա ճիշտ ուղու վրա կանգնել անգամ մի քանի շաբաթում։ Մի՞թե սա հապաղումների չի հանգեցնի։ Դրական մուտքի և կիրարկման մեջ շատ բան կա, որ դուք պետք է յուրացնեք։ Ինչ վերաբերում է Աստծու գործի տեսիլքներին, դու պետք է ըմբռնես հետևյալ կետերը՝ Նրա նվաճման գործի նշանակությունը, կատարյալ դառնալու ապագա ուղին, ինչին պետք է հասնել փորձությունների և նեղությունների միջով անցնելով, դատաստանի և պատժի նշանակությունը, Սուրբ Հոգու գործի և կատարելագործման ու նվաճման հիմքում ընկած սկզբունքները։ Այս բոլորը պատկանում են տեսիլքների ճշմարտությանը։ Մնացածը գործի երեք փուլերն են՝ Օրենքի դարաշրջանը, Շնորհքի դարաշրջանը և Թագավորության դարաշրջանը, ինչպես նաև ապագա վկայությունը։ Սրանք ևս տեսիլքների ճշմարտություններն են, և դրանք ամենահիմնարարն ու ամենավճռորոշն են։ Ներկայում այնքան շատ բան կա, որի մեջ դուք պետք է մտնեք և կիրարկեք, և հիմա այն ավելի շերտավորված է ու ավելի մանրամասն։ Եթե այս ճշմարտությունների ճանաչողությունը չունես, սա ապացուցում է, որ դու դեռ մուտք չես գործել։ Մեծ մասամբ մարդկանց՝ ճշմարտության ճանաչողությունը չափազանց մակերեսային է. նրանք ի վիճակի չեն անգամ կիրարկելու որոշակի հիմնական ճշմարտություններ և նույնիսկ չգիտեն ինչպես վարվել մանրուքների հետ։ Պատճառն այն է, որ մարդիկ ի վիճակի չեն կիրարկելու ճշմարտությունը, որ նրանք խառնվածքով ապստամբ են, իսկ նրանց ճանաչողությունն այսօրվա գործի վերաբերյալ չափազանց մակերեսային է և միակողմանի։ Ուստի՝ մարդկանց համար հեշտ խնդիր չէ կատարյալ դառնալը։ Դու չափազանց ապստամբ ես և չափից շատ ես պահպանում քո հին ես-ը. դու ի վիճակի չես կանգնելու ճշմարտության կողմը և կիրարկելու անգամ ամենաակնհայտ ճշմարտությունները։ Այդպիսի մարդիկ չեն կարող փրկվել և նրանք են, ովքեր չեն նվաճվել։ Եթե քո մուտքը չունի ո՛չ մանրամասներ, ո՛չ նպատակներ, ապա քո աճը կհապաղի։ Եթե քո մուտքի մեջ չկա անգամ նվազագույն իրականություն, ապա քո ձգտումը զուր կլինի։ Եթե դու անտեղյակ ես ճշմարտության էությունից, դու կմնաս անփոփոխ։ Մարդու կյանքի աճը և նրա դիրքորոշման փոփոխությունները ձեռք են բերվում իրականության, և առավել ևս՝ մանրամասն փորձառությունների մեջ մտնելով։ Եթե քո մուտքի ընթացքում դու ունենաս բազմաթիվ մանրամասն փորձառություններ և շատ փաստացի ճանաչողություն և մուտք, քո խառնվածքն արագորեն կփոխվի։ Անգամ եթե ներկայում դու այնքան էլ հստակորեն չես հասկանում կիրարկումը, պետք է առնվազն հստակորեն հասկանաս Աստծու գործի տեսիլքները։ Հակառակ դեպքում, դու անկարող կլինես մուտք գործել. մուտքը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դու ճանաչես ճշմարտությունը։ Միայն եթե Սուրբ Հոգին լուսավորի քեզ քո փորձառության մեջ, դու ձեռք կբերես ճշմարտության ավելի խոր հասկացողություն և ավելի խոր մուտք։ Դուք պետք է ճանաչեք Աստծու գործը։

Սկզբում՝ մարդկության արարումից հետո, իսրայելացիները ծառայեցին որպես Աստծու գործի հիմք։ Ողջ Իսրայելը երկրի վրա Եհովայի գործի հենակետն էր։ Եհովայի գործն անմիջապես մարդու առաջնորդությունն ու հովվությունն էր՝ սահմանելով օրենքներ, որպեսզի մարդը կարողանար երկրի վրա ապրել բնականոն կյանքով և բնականոն կերպով երկրպագել Եհովային։ Օրենքի դարաշրջանում Աստված մարդու համար ո՛չ տեսանելի էր, ո՛չ էլ շոշափելի։ Քանի որ ամենը, ինչ Նա անում էր, Սատանայի կողմից ամենավաղ ապականված մարդկանց առաջնորդելն էր՝ ուսուցանելով և հովվելով նրանց, Նրա խոսքերը պարունակում էին միայն օրենքներ, կանոնակարգեր և նրանց անձնական վարքի նորմեր, այլ ոչ թե ճշմարտություններ, որոնք բավարարում են մարդկանց կենսական պահանջները։ Նրա ղեկավարության ներքո գտնվող իսրայելացիները խորապես ապականված չէին Սատանայի կողմից։ Նրա օրենքի գործը փրկության գործի ամենաառաջին փուլն էր միայն, փրկության գործի բուն սկիզբը և գործնականում ոչ մի կապ չուներ մարդու կյանքի դիրքորոշման փոփոխությունների հետ։ Հետևաբար, փրկության գործի սկզբում Նա կարիք չուներ մարմնանալու՝ Իսրայելում Իր գործի համար։ Ահա թե ինչու Նրան անհրաժեշտ էր միջնորդ՝ գործիք, որի միջոցով կշփվեր մարդու հետ։ Այսպիսով՝ արարածների մեջ ի հայտ եկան նրանք, ովքեր խոսում և գործում էին Եհովայի անունից, և հենց այդպես մարդու որդիներն ու մարգարեները սկսեցին գործել մարդկանց մեջ։ «Մարդու որդիները» գործում էին մարդկանց մեջ Եհովայի անունից, և Եհովան նրանց կոչում էր «մարդու որդիներ»։ Սա նշանակում է, որ նման մարդիկ օրենքներ էին սահմանում Եհովայի անունից։ Նրանք նաև քահանաներ էին Իսրայելի ժողովրդի մեջ, քահանաներ, որոնց հսկում և պաշտպանում էր Եհովան, և որոնց մեջ գործում էր Եհովայի Հոգին. նրանք առաջնորդողներ էին ժողովրդի մեջ և ուղղակիորեն ծառայում էին Եհովային։ Իսկ մարգարեներընվիրված էին Եհովայի անունից բոլոր երկրների և ցեղերի մարդկանց հետ խոսելու գործին։ Նրանք նաև մարգարեանում էին Եհովայի գործի մասին։ Թե՛ մարդու որդիները, թե՛ մարգարեները, բոլորը բարձրացվել էին հենց Եհովայի Հոգու կողմից և իրենց մեջ ունեին Եհովայի գործը։ Ժողովրդի մեջ նրանք էին, որ ուղղակիորեն ներկայացնում էին Եհովային. նրանք իրենց գործն անում էին այն պատճառով միայն, որ Եհովան էր նրանց բարձրացրել, և ոչ այն պատճառով, որ նրանք այն մսեղին էին, որի մեջ մարմնացել էր հենց Ինքը՝ Սուրբ Հոգին։ Ուստի, թեև նրանք նման էին նրանով, որ խոսում և գործում էին Աստծու անունից, Օրենքի դարաշրջանի այդ մարդու որդիներն ու մարգարեները մարմնացած Աստծու մսեղին չէին։ Շնորհքի դարաշրջանում և վերջին փուլում Աստծու գործը ճիշտ հակառակն էր, քանի որ մարդու փրկության և դատաստանի գործերը երկուսն էլ կատարվում էին հենց Իր՝ մարմնացած Աստծու կողմից, և ուստի պարզապես կարիք չկար կրկին բարձրացնել մարգարեներին և մարդու որդիներին՝ Նրա անունից գործելու համար։ Մարդու աչքին նրանց էության և գործելու եղանակի միջև էական տարբերություն չկա ։ Եվ հենց այս պատճառով է, որ մարդիկ անընդհատ շփոթում են մարմնացած Աստծու գործը մարգարեների և մարդու որդիների գործի հետ։ Մարմնացած Աստծու արտաքինը հիմնականում նույնն էր, ինչ մարգարեներինն ու մարդու որդիներինը։ Եվ մարմնացած Աստված նույնիսկ ավելի բնականոն ու կիրարկելի էր, քան մարգարեները։ Ուստի՝ մարդն անկարող է տարբերել նրանց։ Մարդը կենտրոնանում է բացառապես արտաքինի վրա՝ լիովին անտեղյակ լինելով, որ թեև երկուսն էլ գործում և խոսում են, նրանց միջև կա էական տարբերություն։ Քանի որ իրերը տարբերելու մարդու ունակությունը չափազանց թույլ է, նա ի վիճակի չէ տարբերելու պարզ խնդիրները, առավել ևս՝ այսքան բարդ մի բան։ Երբ մարգարեները և Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդիկ խոսում և գործում էին, դա մարդու պարտավորությունները կատարելն էր, դա արարածի գործառույթին ծառայելն էր, և դա մի բան էր, որ մարդը պետք է աներ։ Սակայն մարմնացած Աստծու խոսքերն ու գործը Նրա սպասավորությունն իրականացնելու համար էին։ Թեև Նրա արտաքին կերպարանքն արարածի կերպարանք էր, Նրա գործը ոչ թե Իր գործառույթը կատարելն էր, այլ Իր սպասավորությունը։ «Պարտավորություն» եզրույթն օգտագործվում է արարածների վերաբերյալ, մինչդեռ «սպասավորությունն» օգտագործվում է մարմնացած Աստծու մսեղիի վերաբերյալ։ Այս երկուսի միջև կա էական տարբերություն. դրանք փոխարինելի չեն։ Մարդու գործը միայն իր պարտավորությունը կատարելն է, մինչդեռ Աստծու գործը կառավարելն է և Իր սպասավորությունն իրականացնելը։ Հետևաբար, թեև բազմաթիվ առաքյալներ օգտագործվում էին Սուրբ Հոգու կողմից, և բազմաթիվ մարգարեներ լցված էին Նրանով, նրանց գործն ու խոսքերը, որպես արարածներ, լոկ իրենց պարտավորությունը կատարելն էր։ Նրանց մարգարեությունները գուցե գերազանցեին այն կյանքի ճանապարհը, որի մասին խոսում էր մարմնացած Աստված, և նրանց մարդկայնությունը գուցե նույնիսկ գերազանցեր մարմնացած Աստծու մարդկայնությանը, բայց նրանք դեռև կատարում էին իրենց պարտականությունը և ոչ թե իրագործում էին սպասավորություն։ Մարդու պարտավորությունը վերաբերում է մարդու գործառույթին. դա այն է, ինչ հասանելի է մարդուն։ Սակայն մարմնացած Աստծու կողմից իրականացվող սպասավորությունը կապված է Նրա տնօրինման հետ, և դա անհասանելի է մարդուն։ Անկախ նրանից՝ մարմնացած Աստված խոսում է, գործում, թե հրաշքներ է ցուցադրում, Նա մեծ գործ է կատարում Իր տնօրինման մեջ, և նման գործը չի կարող Նրա փոխարեն կատարվել մարդու կողմից։ Մարդու գործը՝ որպես արարած, միայն իր պարտավորությունը կատարելն է Աստծու կառավարման գործի տվյալ փուլում։ Առանց Աստծու տնօրինման, այսինքն՝ եթե մարմնացած Աստծու սպասավորությունը կորչեր, արարածի պարտավորությունը կկորչեր։ Աստծու գործն Իր սպասավորությունն իրականացնելիս մարդուն կառավարելն է, մինչդեռ մարդու կողմից իր պարտավորության կատարումն Արարչի պահանջները բավարարելու իր իսկ հանձնառության իրագործումն է և ոչ մի կերպ չի կարող համարվել սպասավորության իրականացում։ Աստծու ներհատուկ էության՝ Նրա Հոգու համար, Աստծու գործը Նրա տնօրինումն է, բայց մարմնացած Աստծու համար, Ով կրում է արարածի արտաքին կերպարանքը, Նրա գործն Իր սպասավորության իրականացումն է։ Ինչ գործ էլ որ Նա անի, Իր սպասավորությունն իրականացնելու համար է. այն ամենը, ինչ մարդը կարող է անել, իր լավագույնը տալն է Աստծու տնօրինման շրջանակներում և Նրա առաջնորդության ներքո։

Մարդու՝ իր պարտավորության կատարումն իրականում այն ամենի իրագործումն է, ինչը ներհատուկ է մարդուն, այսինքն՝ այն, ինչը բնականորեն հնարավոր է մարդու համար։ Հենց այդ ժամանակ է նրա պարտավորությունը կատարվում։ Ինչ վերաբերում է մարդու ծառայության թերություններին, դրանք աստիճանաբար նվազում են առաջադիմական փորձառության և նրա կողմից դատաստանի ենթարկվելու գործընթացի միջոցով. դրանք չեն խոչընդոտում մարդու պարտավորությունը, ոչ էլ ազդում դրա վրա։ Նրանք, ովքեր դադարում են ծառայել կամ զիջում և նահանջում են այն վախից, որ իրենց ծառայության մեջ կարող են թերություններ լինել, բոլորից վախկոտներն են։ Եթե մարդիկ չեն կարողանում արտահայտել այն, ինչ պետք է արտահայտեն ծառայության ընթացքում, կամ հասնել նրան, ինչը բնականորեն հնարավոր է իրենց համար, և դրա փոխարեն գործում են ձևականորեն, նրանք կորցրել են այն գործառույթը, որը պետք է ունենա արարածը։ Նման մարդիկ հայտնի են որպես «միջակություններ». նրանք անօգուտ աղբ են։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ կոչվել արարածներ բառի բուն իմաստով։ Մի՞թե նրանք դրսից փայլող, բայց ներսից փտած բաներ չեն։ Եթե անձն իրեն կոչում է Աստված, սակայն անկարող է արտահայտել աստվածայնության էությունը, անել հենց Իր՝ Աստծու գործը կամ ներկայացնել Աստծուն, նա անկասկած Աստված չէ, քանի որ չունի Աստծու էությունը, և այն, ինչին Աստված կարող է բնականորեն հասնել, գոյություն չունի նրա մեջ։ Եթե մարդը կորցնում է այն, ինչը բնականորեն հասանելի է իրեն, նա այլևս չի կարող մարդ համարվել, և նա արժանի չէ կանգնելու որպես արարած կամ գալու Աստծու առաջ և ծառայելու Նրան, առավել ևս արժանի չէ ստանալու Աստծու շնորհքը կամ Աստծու կողմից հսկվելու, պաշտպանվելու և կատարելագործվելու։ Շատերը, ովքեր կորցրել են Աստծու վստահությունը, հետագայում կորցնում են նաև Աստծու շնորհքը։ Նրանք ոչ միայն չեն ատում իրենց չար գործերը, այլև լկտիաբար տարածում են այն գաղափարը, որ Աստծու ճանապարհը սխալ է, իսկ ապստամբները նույնիսկ ուրանում են Աստծու գոյությունը։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ, ովքեր համակված են այսպիսի ապստամբությամբ, իրավունք ունենալ վայելելու Աստծու շնորհքը։ Նրանք, ովքեր չեն կատարում իրենց պարտավորությունը, խիստ ապստամբ են Աստծու դեմ և շատ բանով են Նրան պարտական, սակայն նրանք շրջվում են և խիստ քննադատում Աստծուն՝ որպես սխալվողի։ Ինչպե՞ս կարող է նման մարդը պիտանի լինել կատարելագործվելու համար։ Մի՞թե սա վերացվելու և պատժվելու նախանշանը չէ։ Մարդիկ, ովքեր Աստծու առաջ չեն կատարում իրենց պարտավորությունը, արդեն իսկ մեղավոր են ամենածանր հանցանքների մեջ, որոնց համար նույնիսկ մահը բավարար պատիժ չէ, սակայն նրանք դեռ հանդգնում են վիճել Աստծու հետ և փորձում են հակառակվել Նրան ։ Ի՞նչ արժեք ունի նման մարդկանց կատարելագործելը։ Երբ մարդիկ ձախողում են իրենց պարտավորությունը կատարելիս, նրանք պետք է մեղքի և պարտքի զգացում ունենան. նրանք պետք է ատեն իրենց թուլությունն ու անպետքությունը, իրենց ապստամբությունն ու ապականվածությունը, և առավել ևս՝ նրանք պետք է ամեն բան ընծայեն Աստծուն, նույնիսկ իրենց կյանքը։ Միայն այդժամ են նրանք արարածներ, ովքեր իսկապես սիրում են Աստծուն, և միայն նման մարդիկ են պիտանի վայելելու Աստծու օրհնություններն ու խոստումները և Նրա կողմից կատարելագործվելու։ Իսկ ի՞նչ կասեք ձեզանից շատերի մասին։ Ինչպե՞ս եք դուք վերաբերվում այն Աստծուն, ով ապրում է ձեր մեջ։ Ինչպե՞ս եք կատարել ձեր պարտավորությունը Նրա առաջ։ Արդյո՞ք արել եք այն ամենը, ինչ կարող էիք անել, նույնիսկ ձեր սեփական կյանքի գնով։ Ի՞նչ եք զոհաբերել։ Մի՞թե Ինձնից շատ բան չեք ստացել։ Կարո՞ղ եք զանազանել։ Որքա՞ն հավատարիմ եք Ինձ։ Ինչպե՞ս եք ծառայել Ինձ։ Իսկ ի՞նչ կասեք այն ամենի մասին, ինչ Ես շնորհել եմ ձեզ և արել եմ ձեզ համար։ Արդյո՞ք չափել եք այդ ամենը։ Արդյո՞ք դատել ու համեմատել եք սա այն չնչին խղճի հետ, որ ունեք ձեր ներսում։ Ո՞ւմ կարող են արժանի լինել ձեր խոսքերն ու գործերը։ Մի՞թե ձեր այդպիսի չնչին զոհաբերությունն արժանի է այն ամենին, ինչ Ես շնորհել եմ ձեզ։ Ես ամբողջ սրտով նվիրվել եմ ձեզ՝ առանց վերապահման նշույլի, սակայն դուք չար մտադրություններ եք տածում և խանդավառ չեք Իմ հանդեպ։ Սա է այն պարտավորությունը, որ դուք կատարել եք, չնչին գործառույթը, որ դուք իրագործել եք։ Մի՞թե այդպես չէ։ Մի՞թե չգիտեք, որ դուք լիովին ձախողել եք արարածի պարտավորությունը կատարելիս։ Ինչպե՞ս կարող եք դուք արարածներ համարվել։ Մի՞թե ձեզ համար պարզ չէ, թե ինչ եք դուք արտահայտում և ապրում։ Դուք ձախողել եք ձեր պարտավորությունը կատարելիս, բայց ձգտում եք ստանալ Աստծու հանդուրժողականությունն ու առատ շնորհքը։ Նման շնորհքը պատրաստված չէ ձեզ նման անարժեք և ստոր մարդկանց համար, այլ նրանց համար, ովքեր ոչինչ չեն խնդրում և ուրախությամբ զոհաբերում են։ Ձեզ պես մարդիկ, նման միջակությունները բոլորովին արժանի չեն վայելելու երկնքի շնորհքը։ Միայն դժվարությունն ու անվերջանալի պատիժը պիտի ուղեկցեն ձեր օրերը։ Եթե չկարողանաք նվիրվել Ինձ, ձեր ճակատագիրը տառապանքը կլինի։ Եթե դուք չեք կարող պատասխանատու լինել Իմ խոսքերի և Իմ գործի հանդեպ, ձեր ելքը պատիժը կլինի։ Բոլոր շնորհքները, օրհնությունները և թագավորության հրաշալի կյանքը ոչ մի կապ չեն ունենա ձեզ հետ։ Սա է այն վերջը, որին արժանի եք պատահելու, և ձեր իսկ արարքների հետևանքն է։ Այդ անխոհեմ ամբարտավանները ոչ միայն չեն փորձում առավելագույնն անել կամ կատարել իրենց պարտավորությունը, այլ նույնիսկ ձեռքերը մեկնում են շնորհքի համար, կարծես արժանի են իրենց խնդրածին։ Եվ եթե նրանք չեն ստանում այն, ինչ խնդրում են, էլ ավելի նենգ են դառնում։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ համարվել ողջամիտ։ Դուք ցածր արժանիք ունեք և զուրկ եք ողջամտությունից, լիովին անկարող կատարելու այն պարտավորությունը, որը պետք է կատարեիք տնօրինման աշխատանքի ընթացքում։ Ձեր արժեքն արդեն իսկ կտրուկ ընկել է։ Ձեզ նման շնորհք ցույց տալու համար Ինձ չհատուցելն արդեն իսկ ծայրահեղ ապստամբություն է, որը բավարար է ձեզ դատապարտելու և ձեր վախկոտությունը, անկարողությունը, ստորությունն ու գարշելիությունը ցույց տալու համար։ Ի՞նչն է ձեզ իրավունք տալիս ձեր ձեռքերը մեկնած պահելու։ Այն, որ դուք ի վիճակի չեք նույնիսկ փոքր-ինչ օգնելու Իմ գործին, նվիրված լինելու և հաստատուն կանգնելու Ինձ համար վկայության մեջ, ձեր մեղքերն ու ձախողումներն են, սակայն դրա փոխարեն հարձակվում եք Ինձ վրա, կեղծաբար պնդում եք, թե Ես սխալ եմ վարվում, և բողոքում եք, որ Ես անարդար եմ։ Մի՞թե սա է ձեր հավատարմության բաղադրիչը։ Մի՞թե սա է ձեր սիրո բաղադրիչը։ Ուրիշ ի՞նչ գործ կարող եք անել սրանից բացի։ Ինչպե՞ս եք նպաստել արված ողջ գործին։ Որքա՞ն եք ձեզանից տվել։ Ես արդեն մեծ հանդուրժողականություն եմ ցուցաբերել՝ չմեղադրելով ձեզ, սակայն դուք դեռ անամոթաբար արդարացումներ եք բերում Ինձ և ծածուկ բողոքում եք Ինձնից։ Արդյո՞ք ունեք մարդկայնության նույնիսկ ամենափոքր նշույլը։ Թեև մարդու պարտավորությունը խառնված է բազմաթիվ մարդկային մտքերով և պատկերացումներով, դու պետք է կատարես քո պարտավորությունը և նվիրված լինես։ Մարդու գործի անմաքրությունները նրա արժանիքի խնդիրն են, մինչդեռ, եթե մարդը չի կատարում իր պարտավորությունը, դա ցույց է տալիս նրա ապստամբությունը։ Մարդու պարտավորության և այն բանի միջև, թե նա օրհնություն կստանա, թե վիշտ կկրի, որևէ կապ չկա։ Պարտավորությունն այն է, ինչ մարդը պետք է կատարի. դա նրա՝ երկնքից ստացած կոչումն է, և նա պետք է կատարի այն՝ առանց հատուցում փնտրելու, և առանց պայմանների կամ արդարացումների։ Միայն սա կարող է կոչվել պարտավորության կատարում։ Օրհնություններ ստանալը վերաբերում է օրհնություններին, որոնք անձը վայելում է, երբ դատաստանից հետո կատարյալ է դառնում։ Վշտին հանդիպելը վերաբերում է այն պատժին, որը մարդը ստանում է, երբ պատժի և դատաստանի միջով անցնելուց հետո նրա խառնվածքը չի փոխվում, այսինքն՝ երբ նա կատարյալ չի դառնում։ Սակայն անկախ նրանից՝ օրհնություններ են ստանում, թե հանդիպում են վշտերի, արարածները պետք է կատարեն իրենց պարտավորությունը՝ անելով այն, ինչ պետք է անեն և ինչ կարող են անել. սա նվազագույնն է, որ մարդը, Աստծուն ձգտող մարդը, պետք է անի։ Դու չպետք է կատարես քո պարտավորությունը հանուն օրհնություններ ստանալու և չպետք է հրաժարվես կատարել քո պարտավորությունը՝ վշտի հանդիպելու վախից։ Թույլ տվեք Ինձ ասել ձեզ այս մեկ բանը. մարդու կողմից իր պարտավորության կատարումն այն է, ինչ նա պետք է անի, և եթե նա չի կատարում իր պարտավորությունը, ապա սա նրա ապստամբությունն է։ Մարդն աստիճանաբար փոխվում է հենց իր պարտավորությունը կատարելու ընթացքի մեջ, և այդ նույն ընթացքի մեջ է, որ նա ցույց է տալիս իր հավատարմությունը։ Ուստի, որքան շատ կատարես քո պարտավորությունը, այնքան ավելի շատ ճշմարտություններ կկարողանաս ձեռք բերել, և այնքան ավելի գործնական կդառնա քո արտահայտությունը։ Նրանք, ովքեր լոկ ձևականորեն են կատարում իրենց պարտավորությունը և չեն փնտրում ճշմարտությունը, ի վերջո կվերացվեն, քանի որ նման մարդիկ չեն կատարում իրենց պարտավորությունը ճշմարտության կիրարկման մեջ և չեն կիրարկում ճշմարտությունն իրենց պարտավորության կատարման մեջ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր մնում են անփոփոխ և կհանդիպեն վշտի։ Ոչ միայն նրանց արտահայտություններն են անմաքուր, այլև այն ամենը, ինչ նրանք արտահայտում են, չար է։

Շնորհքի դարաշրջանում Հիսուսը նույնպես շատ խոսքեր ասաց և շատ գործ արեց։ Ինչո՞վ էր Նա տարբերվում Եսայիից։ Ինչո՞վ էր Նա տարբերվում Դանիելից։ Արդյո՞ք Նա մարգարե էր։ Ինչո՞ւ է ասվում, որ Նա Քրիստոսն է։ Որո՞նք են նրանց միջև տարբերությունները։ Նրանք բոլորը մարդիկ էին, և նրանք բոլորը խոսքեր էին ասում, որոնք, ավելին, մարդուն քիչ թե շատ նույնն էին թվում։ Նրանք բոլորը խոսքեր էին ասում և գործ էին անում։ Հին Կտակարանի մարգարեները մարգարեություններ էին ասում, և նույնը կարող էր անել նաև Հիսուսը։ Ինչո՞ւ է այսպես։ Այստեղ տարբերությունը հիմնված է գործի բնույթի վրա։ Այս հարցը զանազանելու համար դու չպետք է հաշվի առնես մսեղիի բնույթը, ոչ էլ պետք է հաշվի առնես նրանց խոսքերի խորությունը։ Ինչ էլ որ լինի, դու նախ պետք է հաշվի առնես նրանց գործը և այն արդյունքները, որ նրանց գործը հասնում է մարդու մեջ։ Այն ժամանակ մարգարեների կողմից ասված մարգարեությունները չէին ապահովում մարդու կյանքը, և Եսայու ու Դանիելի նմանների կողմից ստացված ներշնչանքները լոկ մարգարեություններ էին, և ոչ կյանքի ճանապարհը։ Եթե չլիներ Եհովայի անմիջական հայտնությունը, ոչ ոք չէր կարող անել այդ գործը, ինչն անհնար է մահկանացուների համար։ Հիսուսը ևս շատ խոսքեր ասաց, բայց նման խոսքերը կյանքի ճանապարհն էին, որից մարդը կարող էր գտնել կիրարկման ուղի։ Այսինքն՝ նախ, Նա կարող էր ապահովել մարդու կյանքը, քանի որ Հիսուսը կյանք է. երկրորդ, Նա կարող էր ուղղել մարդու աղավաղված կողմերը. երրորդ, Նա կարող էր ստանձնել Եհովայի գործը՝ սկիզբ դնելով հաջորդ դարաշրջանին. չորրորդ, Նա կարող էր ըմբռնել մարդու ներսի կարիքները և հասկանալ, թե ինչ է պակասում մարդուն. հինգերորդ, Նա կարող էր սկիզբ դնել նոր դարաշրջանին և ավարտել հինը։ Ահա թե ինչու Նա Աստված է և Քրիստոս. Նա ոչ միայն տարբերվում է Եսայիից, այլև բոլոր մյուս մարգարեներից։ Դիտարկենք Եսայուն մարգարեների գործի համեմատության համար։ Նախ, նա չէր կարող ապահովել մարդու կյանքը։ Երկրորդ, նա չէր կարող նոր դարաշրջանի սկիզբ դնել։ Նա գործում էր Եհովայի առաջնորդության ներքո և ոչ թե նոր դարաշրջան սկսելու համար։ Երրորդ, նրա ասած խոսքերն իր համար անհասանելի էին։ Դրանք ուղղակի հայտնություններ էին Աստծու Հոգուց, և ուրիշ մարդիկ չէին հասկանում այդ խոսքերը, երբ լսում էին դրանք։ Միայն այս մի քանի բաները բավարար են ապացուցելու, որ նրա խոսքերը պարզապես մարգարեություններ էին՝ միայն Եհովայի փոխարեն կատարվող գործի մի մաս։ Սակայն Նա չէր կարող լիովին ներկայացնել Եհովային։ Նա Եհովայի ծառան էր, գործիք՝ Եհովայի գործի մեջ։ Նա գործում էր Օրենքի դարաշրջանի սահմաններում և Եհովայի գործի շրջանակում. Նա չէր գործում Օրենքի դարաշրջանից դուրս։ Ի տարբերություն Նրա՝ Հիսուսի գործն այլ էր։ Նա գերազանցեց Եհովայի գործի շրջանակը. Նա գործեց որպես մարմնացած Աստված և խաչվեց՝ ողջ մարդկությանը փրկագնելու համար։ Այսինքն՝ Նա իրականացրեց նոր գործ՝ Եհովայի արած գործից դուրս։ Սա նոր դարաշրջանի սկիզբն էր։ Բացի այդ, Նա կարող էր խոսել այն մասին, ինչին մարդը չէր կարող հասնել։ Նրա գործն Աստծու տնօրինման ներսում արվող գործ էր և ներառում էր ողջ մարդկությանը։ Այն չէր ներառում միայն մի քանի մարդու, ոչ էլ նախատեսված էր սահմանափակ թվով մարդկանց առաջնորդելու համար։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես Աստված մարմնացավ որպես մարդ, ինչպես Հոգին հայտնություններ տվեց այն ժամանակ, և ինչպես Հոգին իջավ մարդու վրա՝ գործ անելու համար, սրանք հարցեր են, որոնք մարդը չի կարող տեսնել կամ շոշափել։ Այս փաստերը բոլորովին չեն կարող ծառայել որպես ապացույց, որ Նա մարմնացած Աստված է։ Որպես այդպիսին, տարբերակումը կարող է արվել միայն Աստծու խոսքերի և գործի միջև, որոնք շոշափելի են մարդու համար։ Միայն սա է իրական։ Քանի որ Հոգու հարցերը տեսանելի չեն քեզ և հստակ հայտնի են միայն հենց Իրեն՝ Աստծուն, և նույնիսկ Աստծու մարմնացած մսեղին չգիտի ամեն ինչ. դու կարող ես միայն հավաստիանալ, որ Նա Աստված է՝ Նրա արած գործից։ Նրա գործից կարելի է տեսնել, որ, նախ, Նա ի վիճակի է սկիզբ դնելու նոր դարաշրջանի. երկրորդ, Նա ի վիճակի է ապահովելու մարդու կյանքը և ցույց տալու ճանապարհը, որով մարդը պետք է գնա։ Սա բավարար է հաստատելու համար, որ Նա հենց Ինքն Աստված է։ Առնվազն, Նրա արած գործը լիովին ներկայացնում է Աստծու Հոգին, և նման գործից կարելի է տեսնել, որ Աստծու Հոգին Նրա մեջ է։ Քանի որ մարմնացած Աստծու արած գործը հիմնականում նոր դարաշրջան սկսելու, նոր գործ առաջնորդելու և նոր ոլորտ բացելու մեջ էր, միայն սրանք բավարար են հաստատելու համար, որ Նա հենց Ինքն Աստված է։ Այսպիսով, սա տարբերում է Նրան Եսայիից, Դանիելից և մյուս մեծ մարգարեներից։ Եսային, Դանիելը և մյուսները բոլորը բարձր կրթություն և մշակույթ ունեցող մարդկանց դասից էին. նրանք արտասովոր մարդիկ էին՝ Եհովայի առաջնորդության ներքո։ Մարմնացած Աստծու մսեղին նույնպես բանիմաց էր և զուրկ չէր ողջամտությունից, բայց Նրա մարդկայնությունը հատկապես բնականոն էր։ Նա սովորական մարդ էր, և անզեն աչքով տեսանելի չէր, որ Նա ուներ որևէ հատուկ մարդկայնություն, կամ հայտնաբերել Նրա մարդկայնության մեջ որևէ բան, որը տարբերվում էր ուրիշներինից։ Նա ամենևին գերբնական կամ եզակի չէր, Նա բարձր կրթություն չուներ և չէր տիրապետում որևէ վեհ գիտելիքի կամ տեսությունների։ Կյանքը, որի մասին Նա խոսում էր, և ճանապարհը, որով Նա առաջնորդում էր, ձեռք չէին բերվել տեսության, գիտելիքի կամ աշխարհի հետ շփվելու Նրա փորձառության միջոցով, և չէին բխում Նրա ընտանեկան դաստիարակությունից։ Ավելի շուտ, դրանք Հոգու անմիջական գործն էին, որը մարմնացած մսեղիի գործն է։ Քանի որ մարդը մեծ պատկերացումներ ունի Աստծու մասին, և քանի որ այս պատկերացումները կազմված են չափազանց շատ մշուշոտ և գերբնական տարրերից, մարդու աչքում այս բնականոն Աստվածը, որ ունի մարդկային թուլություններ և չի կարող նշաններ ու հրաշքներ գործել, հաստատապես Աստված չէ։ Մի՞թե սրանք մարդու թյուր պատկերացումները չեն։ Եթե մարմնացած Աստծու մսեղին բնականոն մարդ չլիներ,ինչպե՞ս կարող էր ասվել, որ Նա մարմնացած մսեղին է։ Մսեղի լինել նշանակում է լինել սովորական, բնականոն մարդ. եթե Նա գերազանցող էակ լիներ, ապա Նա մսեղի չէր լինի։ Որպեսզի ապացուցեր, որ Նա մսեղի է, մարմնացած Աստված պետք է ունենար բնականոն մսեղի։ Սա պարզապես մարմնացման նշանակությունն ամբողջացնելու համար էր։ Սակայն մարգարեների և մարդու որդիների դեպքում այդպես չէր։ Նրանք շնորհալի մարդիկ էին, որոնք օգտագործվում էին Սուրբ Հոգու կողմից. մարդու աչքում նրանց մարդկայնությունը հատկապես մեծ էր, և նրանք կատարում էին բազմաթիվ արարքներ, որոնք գերազանցում էին բնականոն մարդկայնությունը։ Այս պատճառով մարդը նրանց որպես աստվածներ էր դիտարկում։ Այժմ դուք բոլորդ պետք է հստակ հասկանաք դա, քանի որ սա եղել է բոլոր ժամանակներում մարդկանց համար ամենահեշտ շփոթեցնող հարցը; Բացի այդ, մարմնացումը բոլոր բաներից ամենախորհրդավորն է, և մարմնացած Աստված մարդու համար ամենադժվար ընդունելին է։ Այն, ինչ Ես ասում եմ, նպաստում է ձեր գործառույթը կատարելուն և մարմնացման խորհուրդն ըմբռնելուն։ Այս ամենը կապված է Աստծու տնօրինման, տեսիլքների հետ։ Ձեր կողմից սրա ըմբռնումն ավելի օգտակար կլինի տեսիլքների, այսինքն՝ Աստծու կառավարման գործի ճանաչողություն ձեռք բերելու համար։ Այսպիսով, դուք նաև մեծ հասկացողություն ձեռք կբերեք այն պարտավորության վերաբերյալ, որը տարբեր մարդիկ պետք է կատարեն։ Թեև այս խոսքերն ուղղակիորեն ձեզ ցույց չեն տալիսճանապարհը, դրանք մեծապես օգտակար են ձեր մուտքին, քանի որ ձեր կյանքերը ներկայում խիստ զուրկ են տեսիլքներից, և սա կդառնա զգալի խոչընդոտ՝ կանխելով ձեր մուտքը։ Եթե դուք ի վիճակի չեք եղել հասկանալու այս հարցերը, ապա չի լինի ոչ մի շարժիչ ուժ, որը կխթանի ձեր մուտքը։ Եվ ինչպե՞ս կարող է նման ձգտումը հնարավորություն տալ ձեզ կատարելու ձեր պարտավորությունը։

Նախորդը.  Միայն Աստծուն և Նրա գործը ճանաչողներն են բավարարում Աստծուն

Հաջորդը.  Աստված Տերն է բոլոր արարածների

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger