Միայն Աստծուն ճանաչողները կարող են Աստծու համար վկայություն կրել

Աստծուն հավատալը և Աստծուն ճանաչելը կատարելապես բնական և արդարացված են, և այսօր՝ այն դարաշրջանում, երբ մարմնացած Աստված անձամբ կատարում է Իր գործը, հատկապես բարենպաստ ժամանակ է Աստծուն ճանաչելու համար։ Աստծուն բավարարելուն հասնելը հիմնվում է Նրա մտադրությունները հասկանալու վրա։ Եվ Աստծու մտադրությունները հասկանալու համար անհրաժեշտ է գիտելիք ունենալ Աստծու մասին։ Աստծու մասին այս գիտելիքն այն տեսիլքն է, որ պետք է ունենա Աստծուն հավատացողը. սա է մարդու հավատքի հիմքն Աստծու հանդեպ։ Այս գիտելիքի բացակայության դեպքում մարդու հավատն Աստծու հանդեպ կմնար անորոշ վիճակում՝ դատարկ վարդապետությունների մեջ։ Անգամ եթե նման մարդիկ վճռում են հետևել Աստծուն, նրանք ոչինչ չեն շահի։ Այս հոսքում նրանք, ովքեր ոչինչ չեն շահում, պիտի դուրս թողնվեն, քանի որ նրանք բոլորը ձրիակերներ են։ Աստծու գործի որ փուլն էլ որ փորձառաբար ապրես, քեզ պետք է ուղեկցի մեծ տեսիլքը։ Հակառակ դեպքում քեզ համար դժվար կլինի ընդունել նոր գործի յուրաքանչյուր քայլ, որովհետև Աստծու նոր գործը վեր է մարդու պատկերացնելու կարողությունից ու դուրս է նրա մտածողության սահմաններից։ Ուստի, առանց մարդու մասին հոգ տանող հովվի, առանց հովվի, որ տեսիլքների մասին հաղորդակցություն կունենա մարդու հետ, մարդն անկարող է ընդունել այս նոր գործը։ Եթե մարդը չի կարող հասկանալ տեսիլքները, ապա նա չի կարող հասկանալ Աստծու նոր գործը, և եթե մարդը չի կարող հնազանդվել Աստծու նոր գործին, ապա նա չի կարող ընկալել Աստծու մտադրությունները, և նրա գիտելիքն Աստծու մասին կզրոյանա։ Մարդը պետք է նախ ճանաչի Աստծու խոսքը, նախքան այն կիրառելը. այսինքն՝ նա պետք է հասկանա Աստծու մտադրությունները։ Միայն այսկերպ Աստծու խոսքը կարող է ճիշտ և Աստծու մտադրություններին համապատասխան կիրարկվել։ Սա այն է, որ ճշմարտություն փնտրող ամեն ոք պետք է ունենա, և նաև այն գործընթացն է, որով պետք է անցնի յուրաքանչյուր մարդ, որ ճանաչում է Աստծուն։ Աստծու խոսքը ճանաչելու գործընթացն Աստծուն ճանաչելու գործընթացն է։ Այն նաև Աստծու գործը ճանաչելու գործընթացն է։ Ուստի, տեսիլքները ճանաչելը միայն մարմնացած Աստծու մարդկայնությունը ճանաչելը չէ, այլ ներառում է Աստծու խոսքն ու գործը ճանաչելը։ Աստծու խոսքից մարդիկ հասկանում են Աստծու մտադրությունները, իսկ Աստծու գործից ճանաչում են Նրա բնույթն ու այն, ինչ Աստված է։ Աստծուն հավատալն Աստծուն ճանաչելու առաջին քայլն է։ Այդ սկզբնական հավատքից դեպի ամենախորին հավատք տանող ուղին հենց Աստծուն ճանաչելու և Նրա գործերը փորձառաբար ապրելու ընթացքն է։ Եթե դու միայն Աստծուն հավատում ես պարզապես հավատալու և ոչ թե Նրան ճանաչելու համար, ապա քո հավատքի մեջ իրականություն չկա, և քո հավատը չի կարող մաքրվել․ այս մասին կասկած չկա։ Եթե Աստծու գործը փորձառաբար ապրելու մեջ մարդն աստիճանաբար ճանաչի Աստծուն, ապա նրա խառնվածքն էլ աստիճանաբար կփոխվի, և նրա հավատը կդառնա առավել ճշմարիտ։ Այսպիսով, երբ մարդը հաջողության է հասնում Աստծուն հավատալու մեջ, նա լիովին ձեռք է բերում Աստծուն։ Աստծու՝ երկրորդ անգամ մսեղի դառնալու և անձամբ Իր գործը կատարելու համար Իր սրտի արյունն այդչափ ծախսելու պատճառն այն է, որ մարդը կարողանա ճանաչել Նրան և տեսնել Նրան։ Աստծուն ճանաչելն[ա] Աստծու գործի ավարտին հասնելու վերջնարդյունքն է, այն վերջին պահանջն է, որն Աստված դնում է մարդու առաջ։ Նա դա անում է Իր վերջնական վկայության համար՝ կատարելով այս գործը, որպեսզի մարդը վերջապես ու ամբողջապես դառնա դեպի Իրեն։ Մարդը կարող է Աստծուն միայն ճանաչելով սիրել, և Աստծուն սիրելու համար նա պետք է ճանաչի Նրան։ Որքան էլ նա փնտրի, կամ ինչի հույս էլ որ ունենա ձեռք բերել իր ձգտումով, նա պարտադիր պետք է հասնի Աստծու ճանաչողությանը։ Միայն այս ձևով մարդը կարող է գոհացնել Աստծու սիրտը։ Միայն Աստծուն ճանաչելով կարող է մարդն ունենալ ճշմարիտ հավատք Աստծու հանդեպ, և միայն Աստծուն ճանաչելով կարող է նա իսկապես երկյուղել ու հնազանդվել Աստծուն։ Ով չի ճանաչում Աստծուն, նա երբեք չի հասնի ճշմարիտ հնազանդության ու աստվածավախության։ Աստծուն ճանաչելը ներառում է Նրա բնույթը ճանաչելը, Նրա մտադրություններն ըմբռնելը և հասկանալը՝ այն, ինչ Նա է։ Սակայն, Աստծու ճանաչողության ո՛ր կողմն էլ մարդն ընթանա, այն պահանջում է գին վճարել և հնազանդվելու վճռականություն, առանց որոնց ոչ ոք չի կարող հետևել Նրան մինչև վերջ։ Աստծու գործը չափազանց շեղված է մարդու պատկերացումներից։ Մարդու համար չափազանց դժվար է ճանաչել Աստծու բնույթն ու այն, ինչ Աստված է, և Աստծու ամեն մի խոսք ու գործ և Նրա ամեն մի շարժում չափազանց անհասկանալի է մարդու համար։ Եթե մարդը ցանկանում է հետևել Աստծուն, բայց չի ցանկանում հնազանդվել Նրան, ապա նա ոչինչ չի շահի։ Աշխարհի արարչագործությունից մինչ այսօր Աստված կատարել է բազմաթիվ գործեր, որոնք անհասկանալի են մարդու համար և դժվար ընդունելի, ու Աստված ասել է շատ բաներ, որոնք դժվարացնում են մարդկային պատկերացումների բուժումը։ Բայց Նա երբեք չի դադարեցրել Իր աշխատանքը մարդու չափազանց շատ դժվարությունների պատճառով. ընդհակառակը, Նա շարունակել է աշխատել ու խոսել։ Չնայած բազմաթիվ «ռազմիկներ» ընկել են ճամփի եզրին, Նա դեռ կատարում է Իր գործը և շարունակում է առանց ընդհատումների ընտրել մարդկանց մի խումբը մյուսի հետևից, ովքեր պատրաստ են ենթարկվել Նրա նոր գործին։ Նա չի ափսոսում այս ընկած «ռազմիկներին» և փոխարենը բարձր է գնահատում Իր նոր գործն ու խոսքերն ընդունողներին։ Բայց ո՞րն է Նրա նպատակն այսպիսի քայլ առ քայլ գործն իրականացնելու մեջ։ Ինչո՞ւ է Նա միշտ դուրս թողնում որոշ մարդկանց և ընտրում մյուսներին։ Ինչո՞ւ է Նա միշտ կիրառում նման մեթոդ։ Նրա գործի նպատակն է թույլ տալ մարդուն ճանաչել Իրեն և այդպիսով ձեռք բերվել Իր կողմից։ Նրա գործի սկզբունքն է աշխատել նրանց վրա, ովքեր կարող են ենթարկվել Իր այսօր կատարած գործին, և ոչ թե աշխատել նրանց վրա, ովքեր ենթարկվում են Իր անցյալում կատարած գործին՝ միաժամանակ դեմ լինելով Իր այսօր կատարած գործին։ Ահա թե ինչու է Նա դուրս թողնում այդքան շատ մարդկանց։

Աստծուն ճանաչելու դասը մեկ կամ երկու օրում սովորել հնարավոր չէ․ մարդը պետք է փորձառությունների ենթարկվի, տառապանքներ կրի և իսկապես հնազանդվի։ Նախ և առաջ սկսե՛ք Աստծու գործից և խոսքերից։ Անհրաժեշտ է, որ դու հասկանաս, թե ինչ է ներառվում Աստծու ճանաչման մեջ, ինչպես կարելի է հասնել այդ ճանաչմանը և ինչպես տեսնել Աստծուն քո փորձառությունների մեջ։ Սա պետք է անի յուրաքանչյուր ոք, որ դեռ պիտի ճանաչի Աստծուն։ Ոչ ոք չի կարող միանգամից ըմբռնել Աստծու գործն ու խոսքերը, և ոչ ոք չի կարող կարճ ժամանակում հասնել Աստծու ամբողջական ճանաչմանը։ Փորձառության անհրաժեշտ ընթացք կա, առանց որի ոչ ոք չի կարող ճանաչել Աստծուն կամ անկեղծորեն հետևել Նրան։ Որքան շատ գործ է կատարում Աստված, այնքան ավելի շատ է մարդը ճանաչում Նրան։ Որքան ավելի է Աստծու գործը շեղվում մարդու պատկերացումներից, այնքան ավելի է մարդու Նրա մասին գիտելիքը նորացվում ու խորանում։ Եթե Աստծու գործը հավերժ մնար կայուն ու անփոփոխ, ապա մարդը Նրա մասին սահմանափակ գիտելիք կունենար։ Արարչագործությունից մինչ այսօր, ինչ Աստված արել է Օրենքի դարաշրջանում, ինչ Նա արել է Շնորհքի դարաշրջանում, և ինչ Նա անում է Թագավորության դարաշրջանում՝ դուք պետք է լիովին հստակ հասկացողություն ունենաք այս տեսիլքների մասին։ Դուք պետք է ճանաչեք Աստծու գործը։ Միայն Հիսուսին հետևելուց հետո էր Պետրոսն աստիճանաբար բացահայտել Հիսուսի մեջ Հոգու կատարած բազմաթիվ գործերը։ Նա ասել է. «Մարդու փորձառություններին ապավինելը բավարար չէ լիակատար ճանաչման հասնելու համար. անհրաժեշտ է՝ Աստծու գործից բխեն շատ նոր բաներ, որոնք կօգնեն մեզ ճանաչել Նրան»։ Սկզբում Պետրոսը հավատում էր, որ Հիսուսին Աստված է ուղարկել, ինչպես մի առաքյալ, և նա Հիսուսին չէր տեսնում որպես Քրիստոս։ Այս պահին, երբ նա սկսում է հետևել Հիսուսին, Հիսուսը հարցնում է նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, դու Ինձ կհետևե՞ս»։ Պետրոսն ասում է. «Ես պետք է հետևեմ նրան, ում Երկնային Հայրն է ուղարկել։ Ես պետք է ընդունեմ նրան, ում Սուրբ Հոգին է ընտրել։ Ես կհետևեմ Քեզ»։ Պետրոսի խոսքերից պարզ է դառնում, որ նա ընդհանրապես չի ճանաչում Հիսուսին. նա փորձառաբար ապրել էր Աստծու խոսքերը, էտել էր իրեն և դժվարություններ էր կրել Աստծու համար, բայց գիտելիք չուներ Աստծու գործի մասին։ Որոշ ժամանակվա փորձառությունից հետո Պետրոսը Հիսուսի մեջ տեսնում է Աստծու գործերից շատերը․ նա տեսնում է Աստծու հաճելիությունը և Աստծու էությունից շատ բան է տեսնում Հիսուսի մեջ։ Նա նաև տեսնում է, որ Հիսուսի խոսքերը մարդը չէր կարող արտահայտել, և Նրա կատարած գործերը մարդը չէր կարող անել։ Ավելին, Հիսուսի խոսքերում ու գործերում Պետրոսն Աստծու իմաստության մեծ մասը և աստվածայնության շատ գործեր տեսավ։ Իր փորձառությունների ընթացքում նա ոչ միայն փորձեց ճանաչել իրեն, այլև ուշադիր հետևում է Հիսուսի յուրաքանչյուր գործողությանը և այդ ամենից բացահայտում է բազմաթիվ նոր բաներ․ մասնավորապես՝ Հիսուսի մեջ Աստծու կատարած գործերում արտահայտվում էին գործնական Աստծու բազմաթիվ դրսևորումներ, և՝ Հիսուսը տարբերվում էր սովորական մարդուց թե՛ Իր խոսքերով, թե՛ Իր արարքներով, ինչպես նաև եկեղեցիները հովվելու և Իր գործը կատարելու կերպով։ Այսպիսով Պետրոսը Հիսուսից բազմաթիվ դասեր է առնում, որոնք պետք է սովորեր, և երբ Հիսուսի` խաչին գամվելու ժամանակն էր մոտենում, նա արդեն Հիսուսի մասին փոքր-ինչ գիտելիք էր ձեռք բերել. այս ամենը դառնում է նրա՝ Հիսուսի հանդեպ ցմահ հավատարմության և Տիրոջ համար կրած գլխիվայր խաչելության հիմքը։ Թեև նա սկզբում ուներ որոշակի պատկերացում և չուներ հստակ գիտելիք Հիսուսի մասին․ այսպիսի բաներն ապականված մարդու անխուսափելի բաղադրիչն են։ Երբ Հիսուսը պատրաստվում էր հեռանալու, Նա Պետրոսին ասաց, որ Իր խաչելությունն այն գործն էր, որը Ինքը եկել էր կատարելու, որ անխուսափելի էր, որ Ինքը պիտի լքվեր այդ դարաշրջանի կողմից, և որ այս կեղտոտ, հին դարաշրջանը Իրեն պիտի գամեր խաչին։ Նա Պետրոսին ասաց, որ Ինքը եկել էր փրկագնման գործը կատարելու, և այդ գործն ավարտելուց հետո Նրա սպասավորությունը պիտի ավարտվեր։ Այս խոսքերը լսելով Պետրոսը խոր վշտով է լցվում ու էլ ավելի է կապվում Հիսուսի հետ։ Իսկ երբ Հիսուսը խաչին է գամվում, Պետրոսը գաղտնի դառնորեն լաց է լինում։ Մինչ այդ նա հարցրել էր Հիսուսին. «Տե՛ր իմ։ Դու ասում ես՝ Քեզ խաչելու են։ Քո հեռանալուց հետո Քեզ ե՞րբ կտեսնենք նորից»։ Արդյո՞ք նրա խոսքերում աղարտության նշույլ կար։ Դրանց մեջ խառնված պատկերացումներ կայի՞ն։ Իր սրտում նա գիտեր, որ Հիսուսը եկել էր Աստծու գործի մի մասն ավարտելու, և որ Հիսուսի հեռանալուց հետո Հոգին իր հետ կլիներ, և որ նույնիսկ եթե Նա խաչին գամվեր ու երկինք բարձրանար, այնուամենայնիվ, Աստծու Հոգին իր հետ կլիներ։ Այդ ժամանակ Պետրոսը որոշակի գիտելիքներ ուներ Հիսուսի մասին. Նա գիտեր, որ Հիսուսին ուղարկել էր Աստծու Հոգին, որ Աստծու Հոգին Նրա մեջ էր, և որ Հիսուսն Ինքն Աստված էր, որ Նա Քրիստոս էր։ Սակայն, Պետրոսի այդպիսի խոսքերը հենց Հիսուսի հանդեպ իր սիրո և իր մարդկային թուլության պատճառով էին։ Եթե Աստծու գործի յուրաքանչյուր քայլում մարդը կարողանա դիտարկել և բծախնդրորեն փորձառել, ապա աստիճանաբար կկարողանա բացահայտել Աստծու հաճելիությունը։ Եվ ի՞նչ տեսիլք ունեցավ Պողոսը։ Երբ Հիսուսը հայտնվեց Պողոսին, նա ասաց. «Ո՞վ ես Դու, Տե՛ր»։ Հիսուսն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Սա էր Պողոսի տեսիլքը։ Պետրոսը որպես իր տեսիլք ընդունեց Հիսուսի՝ հարությունից հետո 40 օրերի ընթացքում հայտնվելը և Հիսուսի ողջ կյանքի ուսմունքները մինչև նրա ճանապարհորդության ավարտը։

Մարդը փորձառաբար ապրում է Աստծու գործը, սկսում է ճանաչել ինքն իրեն, ազատվում է իր ապականված խառնվածքից ու ձգտում է աճել կյանքում, որպեսզի ճանաչի Աստծուն։ Եթե դու միայն ձգտում ես ճանաչել ինքդ քեզ ու էտել քո իսկ ապականված խառնվածքը, բայց չգիտես, թե ինչ գործեր է անում Աստված մարդու հանդեպ, որքան մեծ է Նրա փրկությունը, կամ չգիտես՝ ինչպես փորձառաբար ապրես Աստծու գործը և ականատես լինես Նրա արարքներին, ապա քո այս փորձառությունն անմիտ է։ Եթե կարծում ես` մարդու կյանքը հասունանում է, քանի որ կարողանում է ճշմարտությունը կիրառել ու համբերություն կիրարկել, ապա նշանակում է, որ դու դեռևս չես ըմբռնել կյանքի ճշմարիտ իմաստը կամ մարդուն կատարելագործելու Աստծու նպատակը։ Մի օր, երբ դու կլինես կրոնական եկեղեցիներում, Ապաշխարության Եկեղեցու կամ Կյանքի Եկեղեցու անդամների շրջանում, կհանդիպես բազմաթիվ բարեպաշտ մարդկանց, որոնց աղոթքները «տեսիլքներով» լի են, և ովքեր իրենց կյանքի ձգտման մեջ լի են հուզմունքով ու խոսքերով են առաջնորդվում։ Ավելին՝ նրանք շատ հարցերում կարողանում են համբերություն կիրարկել, մի կողմ թողնել իրենց անձը և չառաջնորդվել մսեղիով։ Այդ ժամանակ դու չես կարողանա զանազանել նրանց. դու կկարծես, թե իրենց արած ամեն ինչ ճիշտ է, կյանքի բնականոն դրսևորումն է, և որ մեծ ցավ է, որ այն անունը, որին նրանք հավատում են, սխալ է։ Մի՞թե նման տեսակետները հիմարություն չեն։ Ինչո՞ւ են ասում, որ շատ մարդիկ կյանք չունեն։ Որովհետև նրանք չեն ճանաչում Աստծուն, և այդ պատճառով էլ ասվում է, որ նրանք իրենց սրտերում Աստված չունեն և կյանք չունեն։ Եթե քո հավատն Աստծու հանդեպ հասել է այն կետին, որտեղ կարող ես խորապես հասկանալ Աստծու գործերը, Աստծու գործնականությունը և Աստծու գործի յուրաքանչյուր փուլը, ապա դու տիրապետում ես ճշմարտությանը։ Եթե դու չգիտես Աստծու գործն ու բնույթը, ապա քո փորձառությունը դեռևս բավարար չէ։ Ինչպես է Հիսուսն իրականացրել Իր գործի այդ փուլը, ինչպես է իրականացվում այս փուլը, ինչպես է Աստված կատարել Իր գործը Շնորհքի դարաշրջանում, և ինչ գործ է կատարվել, ինչ գործ է կատարվում այս փուլում. եթե դու չունես հիմնավոր գիտելիքներ թվարկվածների մասին, ապա երբեք վստահությամբ չես լցվի և միշտ երերուն կլինես։ Եթե փորձառության որոշակի ժամանակահատվածից հետո կարողանում ես իմանալ Աստծու կատարած գործն ու Նրա գործի յուրաքանչյուր քայլը, և եթե ամբողջապես հասկացել ես Աստծու նպատակները Նրա խոսքերն ասելուց, և թե ինչու Նրա այդքան շատ խոսքեր չեն իրականացել, ապա դու կարող ես համարձակորեն և առանց վարանելու հետամուտ լինել առաջ շարժվելուն՝ զերծ լինելով անհանգստությունից և զտումից։ Դուք պետք է տեսնեք` ինչ միջոցներով է Աստված այդքան շատ բանի հասնում Իր գործի մեջ։ Նա Իր խոսքերով է զտում մարդուն և վերափոխում նրա պատկերացումները բազում տարբեր խոսքերի միջոցով։ Ձեր կրած բոլոր տառապանքները, բոլոր զտումները, որոնց ենթարկվել եք, էտումները, որ ընդունել եք ձեր ներսում, և լուսավորությունը, որ փորձառաբար ապրել եք․ այս ամենն արվել է Աստծու խոսքերի միջոցով։ Ինչու՞ է մարդը հետևում Աստծուն։ Նա հետևում է Աստծու խոսքերի շնորհիվ։ Աստծու խոսքերը խորապես խորհրդավոր են. ավելին՝ դրանք կարող են դիպչել մարդու սրտին, բացահայտել նրա ներսում խոր թաղվածը, տեղեկացնել անցյալում կատարվածի մասին ու թույլ տալ նրան ներթափանցել ապագայի մեջ։ Ուստի մարդը տառապում է Աստծու խոսքերի պատճառով ու նաև Աստծու խոսքերով է կատարելագործվում․ միայն այս ժամանակից սկսած է մարդը հետևում Աստծուն։ Այս փուլում մարդն ընդունում է Աստծու խոսքերը, և անկախ նրանից՝ կատարելագործվել է, թե ենթարկվել է զտման, Աստծու խոսքերն են գլխավորը։ Սա Աստծու գործն է և նաև այն տեսիլքն է, որը մարդը պետք է իմանա այսօր։

Ինչպե՞ս է Աստված մարդուն կատարելագործում, ո՞րն է Աստծու բնույթը, ի՞նչ է պարունակում Նրա բնույթը. եթե մարդը կարողանա այս ամենը հստակորեն բացատրել, ապա դա Աստծու անունը հռչակելն է, Աստծու մասին վկայելը և Աստծուն մեծարելը։ Մարդն Աստծուն ճանաչելու հիմքի վրա, ի վերջո, կվերափոխվի իր կյանքի բնույթի մեջ։ Որքան մարդը ենթարկվի էտման և զտման, այնքան ավելի կենսունակ կդառնա. որքան շատ են Աստծու գործի քայլերը, այնքան ավելի է մարդը կատարելագործվում։ Այսօր մարդու փորձառության մեջ Աստծու գործի յուրաքանչյուր քայլ հակասում է նրա պատկերացումներին, և ամեն ինչ գտնվում է մարդու մտածողությունից և նրա սպասումներից դուրս։ Աստված ապահովում է մարդուն անհրաժեշտ ամեն ինչով, ինչը բոլոր առումներով չի համապատասխանում մարդու պատկերացումներին, և երբ թույլ ես, Նա արտաբերում է Իր խոսքերը։ Միայն այսկերպ Նա կարող է մատակարարել քո կյանքը։ Հակադրվելով քո պատկերացումներին՝ Նա դրդում է քեզ ընդունել Աստծու էտումը. միայն այս կերպ դու կարող ես ազատվել քո ապականությունից։ Այսօր մարմնացած Աստված մի կողմից գործում է Իր աստվածայնության ներսում, իսկ մյուս կողմից՝ Իր բնականոն մարդկայնության։ Երբ այլևս չես ժխտում Աստծու որևէ գործ, երբ կարողանում ես հնազանդվել՝ անկախ նրանից՝ ինչ է Աստված ասում կամ անում Իր բնականոն մարդկայնության ներսում, երբ կարողանում ես հնազանդվել ու հասկանալ՝ անկախ նրանից, թե որքան բնականոն է Նա, և երբ ձեռք բերես գործնական փորձառություն, միայն այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Նա է Աստված, միայն այդ ժամանակ կդադարես պատկերացումներ ստեղծելուց և միայն այդ ժամանակ կկարողանաս հետևել Նրան մինչև վերջ։ Աստծու գործի մեջ իմաստություն կա, և Նա գիտի՝ ինչպես մարդը կարող է հաստատուն կանգնել Իր մասին վկայության մեջ։ Նա գիտի` որտեղ է մարդու ճակատագրական թերությունը, և Նրա խոսքերը կարող են հարվածել քո այդ ճակատագրական թերությանը, բայց Նա նաև Իր մեծափառ ու իմաստուն խոսքերով դրդում է քեզ հաստատուն կանգնել Իր մասին վկայության մեջ։ Այսպիսին են Աստծու հրաշալի գործերը։ Այն գործը, որ Աստված անում է, մարդկային մտածողության համար անըմբռնելի է։ Ինչպիսի ապականությամբ է մարդը լցված` լինելով մարմնավոր, և ինչից է կազմված մարդու բուն էությունը․ այս ամենը բացահայտվում է Աստծու դատաստանի միջոցով՝ մարդուն իր ամոթից թաքնվելու տեղ չթողնելով։

Աստված կատարում է դատաստանի և հանդիմանության գործը, որպեսզի մարդը կարողանա ճանաչել Իրեն և վկայություն տալ Իր մասին։ Առանց մարդու ապականված խառնվածքի նկատմամբ Նրա դատաստանի՝ մարդը հավանաբար չէր կարող ճանաչել Նրա արդար բնույթը, որը ոչ մի վիրավորանք չի հանդուրժում, ոչ էլ մարդը կկարողանար Աստծու մասին իր հին գիտելիքը վերածել նորի։ Հանուն Իր վկայության և Իր տնօրինման Նա հանրայնացնում է Իր ամբողջականությունը՝ այսպիսով հնարավորություն տալով մարդուն Իր հայտնվելով հասնելու Աստծու ճանաչմանը, խառնվածքով փոխակերպվելու և Աստծու մասին բարձր ու հնչեղ վկայություն տալու։ Մարդու խառնվածքի փոխակերպումը կատարվում է Աստծու գործի բազմազան դրսևորումների միջոցով․ առանց այսպիսի փոփոխությունների մարդը չէր կարող վկայություն տալ Աստծու մասին և համապատասխանել Աստծու մտադրություններին։ Մարդու խառնվածքի փոխակերպումը ցույց է տալիս, որ մարդն ազատվել է Սատանայի կապանքներից և խավարի ազդեցությունից ու իսկապես դարձել է Աստծու գործի նմուշն ու տիպարը, Աստծու վկան և այն մեկը, ով համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Այսօր մարմնացած Աստված եկել է երկիր՝ Իր գործը կատարելու, և պահանջում է, որ մարդը հասնի Իր ճանաչմանը, հնազանդվի Իրեն և վկայություն տա Իր մասին։ Մարդը պետք է ճանաչի Աստծու գործնական և բնականոն աշխատանքը, հնազանդվի Նրա բոլոր խոսքերին և գործերին, որոնք չեն համապատասխանում մարդու պատկերացումներին, պետք է վկայություն տա այն բոլոր գործերի մասին, որոնցով Նա փրկում է մարդուն, ինչպես նաև այն բոլոր գործերի մասին, որոնցով Նա նվաճում է մարդուն։ Նրանք, ովքեր վկայություն են տալիս Աստծու մասին, պետք է գիտելիք ունենան Աստծու մասին․ միայն այդպիսի վկայությունն է ճշգրիտ և գործնական, և միայն այդպիսի վկայությունը կարող է ամոթի մատնել Սատանային։ Աստված օգտագործում է նրանց, ովքեր սկսել են ճանաչել Իրեն՝ անցնելով Իր դատաստանի, հանդիմանության և էտման միջով, որպեսզի վկայություն տան Իր մասին։ Նա օգտագործում է նրանց, ովքեր ապականվել են Սատանայի կողմից, որպեսզի վկայություն տան Իր մասին։ Նա օգտագործում է նրանց, որոնց խառնվածքը փոխվել է, և որոնք այդպիսով ստացել են Իր օրհնությունները, որպեսզի վկայություն տան Իր մասին։ Նա կարիք չունի, որ մարդը խոսքով գովաբանի Իրեն, և կարիք չունի նաև այն մարդկանց գովասանքի ու վկայության, որոնք Սատանայի տեսակի են ու չեն փրկվել Իր կողմից։ Միայն Աստծուն ճանաչողներն են արժանի վկայություն տալու Նրա մասին, և միայն նրանք, որոնց խառնվածքը փոխակերպվել է, արժանի են վկայություն տալու Նրա մասին։ Աստված թույլ չի տա, որ մարդը դիտմամբ ամոթ բերի Իր անվան վրա։

Ծանոթագրություններ.

ա. Բնագրում ասվում է․ «Աստծուն ճանաչելու գործը»։

Նախորդը.  Համառոտ զրույց «Հազարամյա թագավորությունը եկել է» թեմայի մասին

Հաջորդը.  Ինչպես Պետրոսը ճանաչեց Հիսուսին

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger