Ինչպես Պետրոսը ճանաչեց Հիսուսին
Հիսուսի հետ անցկացրած ժամանակի ընթացքում Պետրոսը Հիսուսի մեջ տեսավ բազմաթիվ սիրելի հատկանիշներ` ընդօրինակման արժանի և իրեն հոգեպես սնող շատ կողմեր։ Թեև Պետրոսը բազմաթիվ դրսևորումներով Հիսուսի մեջ տեսնում էր Աստծու էությունը և բազմաթիվ սիրելի հատկանիշներ, սակայն սկզբում նա չէր ճանաչում Հիսուսին։ Պետրոսը սկսեց հետևել Հիսուսին 20 տարեկանում և շարունակեց հետևել Նրան վեց տարի շարունակ։ Այդ ընթացքում նա այդպես էլ չճանաչեց Հիսուսին. Պետրոսը պատրաստ էր հետևել Հիսուսին` բացառապես Նրա հանդեպ ունեցած իր հիացմունքից դրդված։ Երբ Հիսուսն առաջին անգամ կանչեց նրան Գալիլեայի ծովի ափին, Նա հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, կհետևե՞ս Ինձ»։ Պետրոսն ասաց. «Ես պետք է հետևեմ Նրան, Ով ուղարկված է երկնային Հոր կողմից։ Ես պետք է ճանաչեմ Նրան, Ով ընտրված է Սուրբ Հոգու կողմից։ Ես կհետևեմ Քեզ»։ Այդ ժամանակ Պետրոսն արդեն լսել էր Հիսուս անունով մի մարդու՝ մարգարեներից մեծագույնի և Աստծո սիրելի Որդու մասին և Պետրոսը մշտապես հույս էր տածում գտնել Նրան ու հնարավորություն փնտրում տեսնելու Նրան (քանի որ Սուրբ Հոգին էր նրան այդպես առաջնորդում)։ Թեև Պետրոսը երբեք չէր տեսել Նրան և միայն լուրեր էր լսել Նրա մասին, նրա սրտում աստիճանաբար աճում էին Հիսուսի հանդեպ կարոտն ու հիացմունքը, և նա հաճախ էր փափագում մի օր տեսնել Հիսուսին։ Իսկ ինչպե՞ս Հիսուսը կանչեց Պետրոսին։ Նա ևս լսել էր Պետրոս անունով մի մարդու մասին, սակայն Սուրբ Հոգին չէր, որ հրահանգեց Նրան. «Գնա՛ Գալիլեայի ծովեզերք, որտեղ կա Սիմոն, Հովնանի որդի անունով մեկը։ Հիսուսը լսել էր, թե ինչպես էին պատմում Սիմոն, որդի Հովնանի որդի անունով մի մարդու մասին, և որ մարդիկ ունկնդրել էին նրա քարոզները. նա ևս քարոզում էր երկնքի արքայության ավետարանը, և բոլոր նրան լսողներն արտասվում էին։ Այս լսելուց հետո Հիսուսը հետևեց այդ մարդուն մինչև Գալիլեայի ծովը. երբ Պետրոսն ընդունեց Հիսուսի կոչը, հետևեց Նրան։ ։
Հիսուսին հետևելու ընթացքում Պետրոսը Նրա մասին ձևավորեց բազմաթիվ կարծիքներ և միշտ Նրան գնահատում էր իր սեփական տեսանկյունից։ Թեև Պետրոսն ուներ Հոգու վերաբերյալ որոշակի ըմբռնում, սակայն նրա պատկերացումները որոշակիորեն մշուշոտ էին, այդ պատճառով նա ասաց. «Ես պետք է հետևեմ նրան, ում ուղարկել է երկնային Հայրը։ Ես պետք է ընդունեմ նրան, ում ընտրել է Սուրբ Հոգին»։ Նա չէր ընկալում Հիսուսի արածները և դրանց մասին հստակ պատկերացում չուներ։ Որոշ ժամանակ նրան հետևելուց հետո Պետրոսը սկսեց հետաքրքրվել այն ամենով, ինչ Նա անում ու ասում էր, և անձամբ Հիսուսով։ Նա սկսեց զգալ, որ Հիսուսն իր մեջ առաջացնում է թե՛ սեր, թե՛ հարգանք. նա սիրում էր Նրա հետ շփվել և մնալ Նրա կողքին, և Հիսուսի խոսքերը լսելը նրան տալիս էին հոգևոր սնունդ և զորակցություն։ Հիսուսին հետևելու ընթացքում Պետրոսն ուշադրությամբ դիտարկում և իր սրտում էր պահում Նրա կյանքի հետ կապված ամեն ինչ՝ Նրա գործերը, խոսքերը, շարժուձևերն ու արտահայտությունները։ Նա խորապես հասկացավ, որ Հիսուսը նման չէր սովորական մարդկանց։ Թեև Նրա մարդկային կերպարանքը չափազանց սովորական էր, Նա լի էր մարդկանց հանդեպ սիրով, ողորմությամբ և հանդուրժողականությամբ։ Այն ամենը, ինչ Նա անում կամ ասում էր, մեծ օգնություն էր ուրիշների համար, և Հիսուսի շնորհիվ Պետրոսը տեսավ ու ձեռք բերեց այնպիսի բաներ, որոնք երբեք նախկինում չէր տեսել կամ ունեցել։ Նա տեսավ, որ թեև Հիսուսը չուներ ո՛չ վեհաշուք կեցվածք, ո՛չ էլ սովորական մարդկայնության սահմաններից դուրս հատկանիշներ, սակայն Նրա մեջ կար իսկապես ոչ սովորական մի ներկայություն։ Թեև Պետրոսը չէր կարողանում լիովին բացատրել դա, սակայն տեսնում էր, որ Հիսուսը բոլորից տարբեր էր գործում, քանի որ Նրա արածները խիստ տարբերվում էին սովորական մարդկանց արածներից։ Հիսուսի հետ շփումից ի վեր Պետրոսը նաև տեսավ, որ Նրա էությունը տարբերվում էր սովորական մարդու բնավորությունից։ Նա միշտ գործում էր հանգիստ ու կայուն՝ երբեք չշտապելով, առանց երբևէ չափազանցնելու կամ թերագնահատելու որևէ բան, և իր կյանքը վարում էր այնպես, որ բացահայտվում էր մի անհատականություն, որը և՛ բնական էր, և՛ հիացմունքի արժանի։ Զրույցի ընթացքում Հիսուսը խոսում էր պարզ և նրբագեղ՝ միշտ շփվելով ուրախ, բայց հանդարտ ձևով, և, այդուհանդերձ, Իր գործը կատարելիս երբեք չէր կորցնում արժանապատվությունը։ Պետրոսը տեսնում էր, որ Հիսուսը երբեմն լռակյաց էր, իսկ երբեմն անդադար խոսում էր։ Երբեմն Նա այնքան ուրախ էր, որ նմանվում էր աղավնու՝ շարժուն և կենսուրախ թռչկոտող, իսկ մեկ այլ անգամ այնքան տխուր էր լինում, որ ընդհանրապես չէր խոսում՝ վշտի բեռի տակ ճնշված․կարծես մի մայր լիներ, որ անթիվ տառապանքներ էր կրել։ Երբեմն Նա լցվում էր զայրույթով, ինչպես քաջ զինվոր, որ գրոհում է թշնամուն ոչնչացնելու համար, իսկ երբեմն էլ նմանվում էր մռնչացող առյուծի։ Երբեմն Նա ծիծաղում էր, իսկ երբեմն աղոթում և արտասվում։ Անկախ նրանից, թե ինչպես էր Հիսուսը վարվում, Պետրոսի մեջ Նրա հանդեպ ձևավորվեց անսահման սեր և հարգանք։ Հիսուսի ծիծաղը նրան լցնում էր ուրախությամբ, Նրա տխրությունը՝ խորը վշտով, Նրա բարկությունը վախեցնում էր նրան, իսկ Նրա ողորմածությունը, ներողամտությունը և մարդկանց նկատմամբ ունեցած խիստ պահանջները պատճառ դարձան, որ նա իսկապես սիրի Հիսուսին և իր մեջ ձևավորի իսկական երկյուղ և ձգտում Նրա հանդեպ։ Անշուշտ, միայն այն ժամանակ, երբ Պետրոսն արդեն մի քանի տարի ապրել էր Հիսուսի կողքին, նա աստիճանաբար սկսեց հասկանալ այս ամենը։ Պետրոսը բացառիկ բանականության տեր, բնածին խելքով օժտված մարդ էր, սակայն Հիսուսին հետևելու ընթացքում նա բազմաթիվ անխոհեմ քայլեր կատարեց։
Պետրոսը բացառիկ բանականության տեր, բնածին խելքով օժտված մարդ էր, սակայն Հիսուսին հետևելու ընթացքում նա բազմաթիվ անխոհեմ քայլեր կատարեց։ Հենց սկզբից նա Հիսուսի մասին որոշակի պատկերացումներ ուներ։ Նա հարցրեց. «Մարդիկ ասում են, որ Դու մարգարե ես, ուստի, երբ ութ տարեկան էիր և սկսեցիր գիտակցել ամեն ինչ, գիտեի՞ր, որ Դու Աստված ես։ Գիտեի՞ր, որ Սուրբ Հոգուց ես սերվել»։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ, չգիտեի։ Մի՞թե քեզ սովորական մարդու պես չեմ թվում։ Ես նույնպիսին եմ, ինչպես յուրաքանչյուրը։ Այն անձը, ում Հայրն է ուղարկել, սովորական մարդ է, ոչ թե արտասովոր մեկը։ Եվ թեև այն գործը, որ ես եմ անում, ներկայացնում է Իմ երկնային Հորը, Իմ կերպարը՝ այն անձը, որ Ես եմ, և այս մսեղի բնույթը չեն կարող լիովին ներկայացնել Իմ երկնային Հորը, այլ միայն Նրա մի մասը։ Թեև Ես եկել եմ Հոգուց, Ես, միևնույն է, սովորական մարդ եմ, և Իմ Հայրն Ինձ ուղարկել է այս երկիր՝ որպես սովորական մարդ, ոչ թե արտասովոր մեկը»։ Միայն երբ լսեց սա, Պետրոսը սկսեց փոքր-ինչ հասկանալ Հիսուսին։ Եվ միայն այն բանից հետո, երբ նա ապրեց Հիսուսի գործի, Նրա ուսուցման, Նրա հովվության և սնուցման անթիվ ժամերի միջով, նա հասավ շատ ավելի խոր ըմբռնման։ Երբ Հիսուսն իր 30-րդ տարում էր, Նա Պետրոսին հայտնեց Իր սպասվող խաչելության մասին և այն մասին, որ Նա եկել էր կատարելու գործի մի փուլ՝ խաչելության գործը՝ ամբողջ մարդկության մեղքը քավելու համար։ Հիսուսը Պետրոսին նաև հայտնեց, որ խաչելությունից երեք օր անց Մարդու Որդին հարություն կառնի, և որ հարություն առնելուց հետո Նա 40 օր կերևա մարդկանց։ Այս խոսքերը լսելով՝ Պետրոսը տխրեց և դրանք սրտին մոտ ընդունեց. այնուհետև, նա ավելի ու ավելի մտերմացավ Հիսուսի հետ։ Որոշ ժամանակ փորձառությամբ ապրելուց հետո Պետրոսը հասկացավ, որ Հիսուսի կատարած ամեն ինչ բխում էր Աստծո էությունից, և նա սկսեց մտածել, որ Հիսուսը բացառիկորեն սիրելի էր։ Միայն այն ժամանակ, երբ նա հասավ այս գիտակցմանը, Սուրբ Հոգին ներքուստ լուսավորեց նրան։ Այդ ժամանակ Հիսուսը դարձավ Իր աշակերտներին ու մյուս հետևորդներին և հարցրեց. «Հովհաննե՛ս, ըստ քեզ՝ Ես ո՞վ եմ»։ Հովհաննեսը պատասխանեց. «Դու Մովսեսն ես»։ Հետո Նա դարձավ Ղուկասին. «Իսկ դո՞ւ, Ղուկա՛ս, ըստ քեզ՝ Ես ո՞վ եմ»։ Ղուկասը պատասխանեց. «Դու մարգարեներից մեծագույնն ես»։ Հետո Նա հարցրեց մի քրոջ, և նա պատասխանեց. «Դու մարգարեներից մեծագույնն ես, Ով բազում խոսքեր է ասում հավիտյանս հավիտենից։ Ոչ ոքի մարգարեությունները Քոնի պես մեծ չեն, և ոչ ոքի գիտելիքը չի գերազանցում Քոնը. Դու մարգարե ես»։ Ապա Հիսուսը դարձավ Պետրոսին և հարցրեց. «Պետրո՛ս, ըստ քեզ՝ Ես ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին։ Դու երկնքից ես։ Դու երկրային չես։ Դու նման չես արարածներին։ Մենք երկրի վրա ենք, և Դու այստեղ ես մեզ հետ, բայց Դու երկնքից ես, աշխարհից չես և երկրից չես»։ Հենց իր փորձառության միջոցով էր, որ Սուրբ Հոգին լուսավորեց նրան, ինչն էլ հնարավորություն տվեց նրան հասնելու այս գիտակցմանը։ Այս լուսավորումից հետո նա առավել հիացավ Հիսուսի կատարած ամեն ինչով, Նրան ավելի սիրելի համարեց և միշտ իր սրտում ուներ Նրան՝ դժկամ բաժանվելու Հիսուսից։ Այսպիսով, Իր խաչելությունից և հարությունից հետո, երբ Հիսուսն առաջին անգամ հայտնվեց Պետրոսին, Պետրոսը բացառիկ երջանկությունից արտասվեց. «Տե՛ր, Դու հարություն ես առել»։ Ապա արտասվելով՝ Պետրոսը մի չափազանց մեծ ձուկ որսաց, եփեց այն և մատուցեց Հիսուսին։ Հիսուսը ժպտաց, բայց չխոսեց։ Թեպետ Պետրոսը գիտեր, որ Հիսուսը հարություն է առել, սակայն նա չէր հասկանում դրա խորհուրդը։Երբ նա ձուկը մատուցեց Հիսուսին, որ ուտի, Հիսուսը չմերժեց այն, սակայն ո՛չ խոսեց, ո՛չ էլ նստեց ուտելու։ Փոխարենը՝ Նա հանկարծակի անհետացավ։ Սա հսկայական ցնցում էր Պետրոսի համար, և միայն այն ժամանակ նա հասկացավ, որ հարություն առած Հիսուսը տարբերվում էր առաջվա Հիսուսից։ Սա գիտակցելով՝ Պետրոսը վշտացավ, բայց նաև մխիթարվեց՝ իմանալով, որ Տերն ավարտել է Իր գործը։ Նա գիտեր, որ Հիսուսն ավարտել է Իր գործը, որ մարդկանց մեջ մնալու Նրա ժամանակն ավարտվել է, և որ այսուհետ մարդը պետք է քայլի իր սեփական ճանապարհով։ Հիսուսը ժամանակին ասել էր նրան. «Դո՛ւ էլ պետք է խմես այն դառը բաժակից, որից Ես եմ խմել (սա այն է, ինչ Նա ասաց հարությունից հետո)։ Դո՛ւ էլ պետք է քայլես այն ճանապարհով, որով Ես եմ քայլել։ Դու պետք է կյանքդ տաս Ինձ համար»։ Ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակվա գործը դեմ առ դեմ զրույցի ձևով չէր կատարվում։ Շնորհքի դարաշրջանում Սուրբ Հոգու գործը հատկապես ծածուկ էր, և Պետրոսը բազում դժվարություններ կրեց։ Երբեմն Պետրոսը հասնում էր այն աստիճանի, որ բացականչում էր. «Աստվա՛ծ, ես ոչինչ չունեմ, բացի այս կյանքից։ Թեպետ այն Քեզ համար այնքան էլ արժեքավոր չէ, ես ցանկանում եմ այն նվիրել Քեզ։ Թեպետ մարդիկ արժանի չեն սիրելու Քեզ, և նրանց սերն ու սրտերն անարժեք են, ես հավատում եմ՝ Դու գիտես մարդկանց մտադրությունները։ Եվ թեև մարդկանց մսեղին չի ընդունվում Քո կողմից, ես ցանկանում եմ, որ Դու ընդունես իմ սիրտը»։ Այսպիսի աղոթքներ արտասանելը նրան քաջալերում էր, հատկապես երբ նա աղոթում էր. «Ես պատրաստ եմ ամբողջությամբ նվիրել իմ սիրտն Աստծուն։ Թեպետ ես ոչինչ չեմ կարող անել Աստծո համար, բայց հոժարակամ եմ հավատարմորեն գոհացնել Նրան և Նրա համար ունենալ մեկ սիրտ ու մեկ միտք։ Հավատում եմ, որ Աստված պիտի քննի իմ սիրտը»։ Նա ասում էր. «Ես իմ կյանքում ոչինչ չեմ խնդրում, բացի նրանից, որ Աստծու հանդեպ իմ սիրո մտքերն ու իմ սրտի ցանկությունն Աստծո կողմից ընդունելի լինեն։ Ես Տեր Հիսուսի հետ երկար ժամանակ էի, բայց երբեք չեմ սիրել Նրան. դա իմ ամենամեծ պարտքն է։ Թեպետ մնացել եմ Նրա հետ, բայց չեմ ճանաչել Նրան և նույնիսկ Նրա թիկունքում որոշ ոչ պատշաճ բաներ եմ ասել։ Նման բաների մասին մտածելն ինձ ստիպում է Տեր Հիսուսի հանդեպ ավելի պարտական զգալ»։ Նա միշտ այսպես էր աղոթում: Ասում էր. «Ես փոշուց էլ նվաստ եմ։ Ես ոչինչ չեմ կարող անել, բացի այս հավատարիմ սիրտն Աստծուն նվիրելուց»։
Պետրոսի փորձառությունների մեջ եղավ բեկումնային պահ, երբ նրա մարմինը գրեթե ամբողջությամբ հյուծված էր, սակայն Հիսուսը դեռևս ներքուստ քաջալերում էր նրան: Եվ մի անգամ Հիսուսը հայտնվեց Պետրոսին: Երբ Պետրոսն անասելի տառապանքի մեջ էր և զգում էր, որ իր սիրտը կոտրված է, Հիսուսը կարգադրեց նրան․«Դու Ինձ հետ էիր երկրի վրա, և Ես այստեղ էի քեզ հետ: Ու թեև դրանից առաջ մենք միասին էինք երկնքում, դա, ի վերջո, հոգևոր ոլորտում էր։ Այժմ Ես վերադարձել եմ հոգևոր ոլորտ, իսկ դու երկրի վրա ես, քանի որ Ես երկրից չեմ, ու չնայած դու նույնպես երկրից չես, սակայն պետք է իրագործես քո առաքելությունը երկրի վրա։ Քանի որ ծառա ես, պետք է կատարես քո պարտքը»։ Լսելը, որ կկարողանա վերադառնալ Ատծու մոտ, մխիթարություն տվեց Պետրոսին։ Այդ ժամանակ Պետրոսն այնպիսի տառապանքի մեջ էր, որ համարյա գամված էր անկողնուն. նա զղջում էր այն աստիճանի, որ ասում էր․ «Ես այնքա՜ն ապականված եմ, որ ի վիճակի չեմ գոհացնելու Աստծուն»։ Հիսուսը հայտնվեց նրան և ասաց. «Պետրո՛ս, հնարավո՞ր է, որ մոռացել ես այն ուխտը, որ մի ժամանակ ընդունեցիր իմ առաջ։ Իրո՞ք մոռացել ես այն ամենը, ինչ ես ասացի։ Մոռացե՞լ ես այն որոշումը, որ կայացրիր իմ առջև»։ Տեսնելով, որ Հիսուսն է, Պետրոսը վեր կացավ իր անկողնուց, և Հիսուսը նրան այսպես մխիթարեց. «Ես երկրից չեմ, ես արդեն ասել եմ քեզ. դու պետք է դա հասկանաս, բայց մի՞թե մոռացել ես մեկ այլ բան, որ ես ասացի քեզ։ Դու նույնպես երկրից չես, աշխարհից չես։ Այս պահին կա մի գործ, որ պետք է անես։ Դու չես կարող այսպես տրտմել։ Չես կարող այսպես տառապել։ Թեև մարդիկ և Աստված չեն կարող գոյակցել նույն աշխարհում, ես ունեմ Իմ գործը, իսկ դու՝ քոնը, և մի օր, երբ քո գործն ավարտվի, մենք միասին կլինենք նույն ոլորտում, և ես քեզ կառաջնորդեմ, որպեսզի հավիտյան Ինձ հետ լինես»։ Այս խոսքերը լսելով՝ Պետրոսը մխիթարվեց և հանգստացավ։ Նա գիտակցում էր, որ այս տառապանքն այն էր, ինչ ինքը պետք է կրեր ու փորձառաբար ապրեր, և այդ պահից ի վեր նա համակվեց ներշնչանքով։ Հիսուսը հատուկ կերպով հայտնվում էր նրան ամեն մի վճռորոշ պահի՝ տալով նրան առանձնահատուկ լուսավորություն ու առաջնորդություն, և Նա մեծ աշխատանք կատարեց նրա վրա։ Իսկ ինչի՞ համար Պետրոսն ամենաշատը զղջաց։ Քիչ անց, երբ Պետրոսն ասել էր՝ «Դու ես կենդանի Աստծու Որդին», Հիսուսը մեկ այլ հարց ուղղեց Պետրոսին (թեև Աստվածաշնչում դաայսպես արձանագրված չէ)։ Հիսուսը հարցրեց նրան. «Պետրո՛ս, դու երբևէ սիրե՞լ ես Ինձ»։ Պետրոսը հասկացավ, թե Նա ինչ նկատի ուներ, և ասաց. «Տե՛ր, ես ժամանակին սիրում էի երկնային Հորը, բայց խոստովանում եմ, որ Քեզ երբեք չեմ սիրել»։ Հիսուսն այնժամ ասաց. «Եթե մարդիկ չեն սիրում երկնային Հորը, ինչպե՞ս կարող են սիրել Որդուն երկրի վրա։ Եվ եթե մարդիկ չեն սիրում Հայր Աստծու կողմից ուղարկված Որդուն, ինչպե՞ս կարող են սիրել երկնային Հորը։ Եթե մարդիկ իսկապես սիրում են Որդուն երկրի վրա, ապա նրանք իսկապես սիրում են երկնային Հորը»։ Երբ Պետրոսը լսեց այս խոսքերը, նա հասկացավ, թե ինչն էր իրեն պակասում։ Մինչև արցունքների հասնող աստիճանի նա միշտ խղճի խայթ էր զգում իր այն խոսքերի համար, թե՝ «Ես ժամանակին սիրում էի երկնային Հորը, բայց Քեզ երբեք չեմ սիրել»։ Հիսուսի հարությունից և համբարձումից հետո նա է՛լ ավելի շատ խղճի խայթ ու կսկիծ էր զգում այս խոսքերի համար։ Վերհիշելով իր անցյալի գործն ու իր ներկայիս հասակը՝ նա հաճախ էր աղոթքով գալիս Հիսուսի առջև՝ միշտ զղջում և պարտքի զգացում ունենալով այն բանի համար, որ չէր գոհացրել Տիրոջ մտադրությունները և չէր համապատասխանել Աստծու չափանիշներին։ Այս խնդիրները դարձան նրա ամենամեծ բեռը։ Նա ասում էր. «Մի օր ես Քեզ կնվիրաբերեմ այն ամենը, ինչ ունեմ, և այն ամենը, ինչ կամ, և Քեզ կտամ այն ամենը, ինչն ամենաթանկն է»։ Նա ասում էր. «Աստվա՛ծ, ես ունեմ միայն մեկ հավատ և միայն մեկ սեր։ Իմ կյանքը ոչինչ արժե, և իմ մարմինը ոչինչ արժե։ Ես ունեմ միայն մեկ հավատ և միայն մեկ սեր։ Իմ մտքում ես հավատ ունեմ Քո հանդեպ, իսկ սրտումս՝ սեր առ Քեզ․միայն այս երկու բանն ունեմ քեզ տալու և ուրիշ ոչինչ»։ Պետրոսը մեծապես քաջալերվեց Հիսուսի խոսքերից, որովհետև նախքան խաչվելը Հիսուսը Պետրոսին ասել էր. «Ես այս աշխարհից չեմ, և դու նույնպես այս աշխարհից չես»։ Ավելի ուշ, երբ Պետրոսը հասավ սաստիկ ցավի մի աստիճանի, Հիսուսը հիշեցրեց նրան. «Պետրո՛ս, մոռացե՞լ ես։ Ես աշխարհից չեմ, և միայն Իմ գործի համար էր, որ ավելի շուտ հեռացա։ Դու նույնպես - աշխարհից չես, իրո՞ք մոռացել ես։ Ես քեզ երկու անգամ ասել եմ, մի՞թե չես հիշում»։ Սա լսելով՝ Պետրոսն ասաց. «Չեմ մոռացել»։ Այնժամ Հիսուսն ասաց. «Դու մի ժամանակ երջանիկ օրեր ես անցկացրել Ինձ հետ երկնքում և որոշ ժամանակ՝ Իմ կողքին։ Դու կարոտում ես Ինձ, և Ես կարոտում եմ քեզ։ Թեև արարածներն Իմ աչքերում հիշատակման արժանի չեն, բայց ինչպե՞ս կարող եմ չսիրել մեկին, որ անմեղ է և սիրելի։ Մոռացե՞լ ես Իմ խոստումը։ Դու պետք է ընդունես Իմ հանձնարարությունը երկրի վրա. պետք է կատարես այն առաջադրանքը, որը Ես վստահել եմ քեզ»։ Մի օր Ես անպայման կտանեմ քեզ, որ լինես Իմ կողքին»։ Սա լսելուց հետո Պետրոսն է՛լ ավելի քաջալերվեց և ստացավ է՛լ ավելի մեծ ներշնչանք, այնպես որ, երբ նա խաչի վրա էր, կարողացավ ասել. «Աստվա՛ծ, ես չեմ կարողանում Քեզ բավականաչափ սիրել։ Նույնիսկ եթե Դու ինձնից պահանջես մեռնել, ես դարձյալ չեմ կարող Քեզ բավականաչափ սիրել։ Ուր էլ որ Դու ուղարկես իմ հոգին, կատարես Քո անցյալի խոստումները, թե ոչ, ինչ էլ որ անես դրանից հետո, ես սիրում և հավատում եմ Քեզ»։ Այն, ինչից նա կառչած էր, իր հավատն էր և ճշմարիտ սերը։
Մի երեկո մի քանի աշակերտներ, այդ թվում՝ Պետրոսը, Հիսուսի հետ միասին ձկնորսական նավակի մեջ էին, և Պետրոսը Հիսուսին մի շատ միամիտ հարց տվեց. «Տե՛ր, ես կցանկանայի Քեզ մի հարց տալ, որն արդեն շատ երկար ժամանակ ունեմ»։ Հիսուսը պատասխանեց. «Ուրեմն, խնդրում եմ, հարցրո՛ւ»։ Այնժամ Պետրոսը հարցրեց. «Օրենքի դարաշրջանում կատարված աշխատանքը Քո՞ ձեռքով է արվել»։ Հիսուսը ժպտաց՝ կարծես ասելով. «Այս երեխան որքա՜ն միամիտ է»։ Այնուհետև, Նա նպատակաուղղված շարունակեց. «Դա Իմը չէր։ Դա Եհովայի և Մովսեսի արածն էր»։ Պետրոսը լսեց սա և բացականչեց. «Օ՜հ, ուրեմն, դա Քո արածը չէ՞ր»։ Երբ Պետրոսն ասաց սա, Հիսուսն այլևս ոչինչ չխոսեց։ Պետրոսն ինքն իրեն մտածեց. «Դա Դու չես արել, ուստի, զարմանալի չէ, որ Դու եկել ես օրենքը վերացնելու, քանի որ դա Քո արածը չէր»։ Նրա սիրտը նույնպես հանդարտվեց։ Հետագայում Հիսուսը հասկացավ, որ Պետրոսը բավականին միամիտ էր, բայց քանի որ նա այդ ժամանակ չուներ հասկացողություն, Հիսուսն այլևս ոչինչ չասաց և ուղղակիորեն չհերքեց նրան։ Մի անգամ Հիսուսը քարոզ էր անում մի սինագոգում, որտեղ շատ մարդիկ կային, այդ թվում՝ Պետրոսը։ Իր քարոզի ընթացքում Հիսուսն ասաց. «Նա, Ով հավիտենից հավիտյան պիտի գա, Շնորհքի դարաշրջանում կկատարի փրկագնման գործը՝ ամբողջ մարդկությանը մեղքից փրկագնելու համար, սակայն մարդուն մեղքից ազատագրելու գործում չի սահմանափակվի որևէ կանոնակարգով։ Նա դուրս կգա օրենքից և կմտնի Շնորհքի դարաշրջանը։ Նա կփրկագնի ողջ մարդկությանը։ Նա առաջ կանցնի Օրենքի դարաշրջանից դեպի Շնորհքի դարաշրջան, սակայն ոչ ոք չի ճանաչի Նրան, Նրան, Ով եկել է Եհովայից։ Մովսեսի կատարած գործը տրվել էր Եհովայի կողմից. Մովսեսը սահմանեց օրենքը՝ այն գործի հիման վրա, ինչ Եհովան էր կատարել»։ Այս ամենն ասելուց հետո Նա շարունակեց. «Նրանք, ովքեր Շնորհքի դարաշրջանում կվերացնեն այդ դարաշրջանի պատվիրանները, աղետի կհանդիպեն: Նրանք պետք է կանգնեն տաճարում և ստանան Աստծու ավերչությունը, և կրակ կթափվի նրանց վրա»: Այս խոսքերը լսելը որոշակի ազդեցություն ունեցավ Պետրոսի վրա, ևիր փորձառության մի շրջանի ընթացքում Հիսուսը հովվում և սնում էր Պետրոսին՝ նրա հետ սրտանց զրուցելով, ինչը Պետրոսին տվեց մի փոքր ավելի լավ պատկերացում Հիսուսի մասին: Երբ Պետրոսը հետհայացք գցեց այն ամենին, ինչ Հիսուսը քարոզել էր այդ օրը, և այն հարցին, որն ինքն էր տվել Հիսուսին, երբ իրենք ձկնորսական նավակի մեջ էին, Հիսուսի տված պատասխանին, ինչպես նաև Նրա ժպտալուն, Պետրոսը վերջապես հասկացավ այդ ամենը: Ավելի ուշ Սուրբ Հոգին լուսավորեց Պետրոսին, և միայն այդ ժամանակ նա հասկացավ, որ Հիսուսը կենդանի Աստծու Որդին է: Պետրոսի հասկացողությունը եկավ Սուրբ Հոգու լուսավորումից, սակայն նրա հասկացողությունն անցավ որոշակի գործընթացով: Հարցեր տալու, Հիսուսի քարոզները լսելու, ապա Հիսուսի հատուկ հաղորդակցությունն ու Նրա հատուկ հովվությունը ստանալու միջոցով էր, որ Պետրոսը հասկացավ՝ Հիսուսը կենդանի Աստծու Որդին էր: Դա մեկ գիշերվա մեջ ձեռք չբերվեց. դա գործընթաց էր, և այն օգնություն դարձավ նրա համար իր հետագա փորձառություններում: Ինչո՞ւ Հիսուսը կատարելագործման գործը չարեց ուրիշների մեջ, այլ միայն Պետրոսի: Որովհետև միայն Պետրոսը հասկացավ, որ Հիսուսը կենդանի Աստծու Որդին է. ուրիշ ոչ ոք դա չգիտեր: Թեև կային բազմաթիվ աշակերտներ, որոնք Նրան հետևելու ընթացքում շատ բան գիտեին, նրանց գիտելիքը մակերեսային էր: Ահա թե ինչու Հիսուսն ընտրեց Պետրոսին՝ որպես կատարելագործվելու նմուշ: Այն, ինչ Հիսուսն այն ժամանակ ասաց Պետրոսին, այսօր Նա ասում է մարդկանց, որոնց գիտելիքը և կյանքի մուտքը պետք է հասնեն Պետրոսի մակարդակին։ Հենց այս պահանջի և այս ուղու համաձայն է, որ Աստված կկատարելագործի բոլորին։ Ինչո՞ւ է այսօր մարդկանցից պահանջվում ունենալ իրական հավատ և ճշմարիտ սեր։ Դուք նույնպես պետք է փորձառաբար ապրեք այն, ինչ Պետրոսը. այն պտուղները, որոնք Պետրոսը քաղեց իր փորձառություններից, պետք է դրսևորվեն նաև ձեր մեջ. և դուք նույնպես պետք է փորձառաբար ապրեք այն ցավը, որը զգաց Պետրոսը։ Այն ուղին, որով քայլում եք, նույնն է, ինչով քայլեց Պետրոսը։ Այն ցավը, որը կրում եք, նույնն է, ինչ կրեց Պետրոսը։ Երբ փառք եք ստանում և ապրում եք իրական կյանքով, ապա ապրում եք Պետրոսի կերպարով։ Ուղին նույնն է, և մարդը կատարելագործվում է՝ հետևելով դրան։ Այնուամենայնիվ, ձեր արժանիքը որոշ չափով զիջում է Պետրոսի արժանիքին, քանի որ ժամանակները փոխվել են, և փոխվել է նաև մարդկանց ապականվածության աստիճանը, և որովհետև Հրեաստանը երկարամյա ու հնագույն մշակույթ ունեցող թագավորություն էր։ Հետևաբար, դուք պետք է անեք հնարավոր ամեն բան՝ ձեր արժանիքը բարելավելու համար։ Պետրոսը շատ խելամիտ մարդ էր, խորաթափանց այն ամենում, ինչ անում էր, և նաև չափազանց ազնիվ էր։ Նա բազում ձախողումների միջով անցավ։ Հասարակության հետ նրա առաջին շփումը եղավ 14 տարեկանում, երբ նա դպրոց էր հաճախում, ինչպես նաև գնում էր ժողովարան։ Նա մեծ խանդավառություն ուներ և միշտ հոժարակամ էր հաճախելու հանդիպումներին։ Այդ ժամանակ Հիսուսը դեռ պաշտոնապես չէր սկսել Իր գործը. սա Շնորհքի դարաշրջանի հենց սկիզբն էր։ Պետրոսը սկսեց շփվել կրոնական գործիչների հետ 14 տարեկանում. մինչև 18 տարեկանը նա արդեն շփվում էր կրոնական վերնախավի հետ, բայց երբ տեսավ կրոնի կուլիսներում տիրող քաոսը, նա հետ քաշվեց դրանից։ Տեսնելով, թե որքան նենգ, խաբեբա և դավադիր էին այդ մարդիկ, նա նրանց հանդեպ ծայրաստիճան զզվանք զգաց (այսպես էր Սուրբ Հոգին աշխատում այդ ժամանակ՝ նրան կատարելագործելու համար։
Սուրբ Հոգին նրան առանձնահատուկ կերպով ուղղորդեց և նրա վրա որոշակի հատուկ աշխատանք կատարեց), և, այսպիսով, նա 18 տարեկանում հեռացավ ժողովարանից: Նրա ծնողները հալածում էին նրան և թույլ չէին տալիս հավատալ (նրանք դևեր ևչհավատացողներ էին): Ի վերջո, Պետրոսը հեռացավ տնից և ճանապարհորդեց ամենուր՝ ձկնորսություն անելով և քարոզելով երկու տարի, որի ընթացքում նաև բավականին շատ մարդկանց առաջնորդեց: Դու այժմ պետք է հստակ տեսնես, թե կոնկրետ որ ուղին էր, որով գնաց Պետրոսը։Եթե կարողանաս հստակ տեսնել Պետրոսի ուղին, ապա վստահ կլինես այսօր կատարվող գործի հարցում, ուստի, չես դժգոհի, չես լինի բացասական կամ որևէ բանի տենչանք չես ունենա: Դու պետք է փորձառես Պետրոսի այն ժամանակվա հոգեվիճակը. նա համակված էր վշտով, նա այլևս չէր խնդրում որոշակի հեռանկարներ կամ որևէ օրհնություն և չէր ձգտում աշխարհիկ փառքի, շահի, երջանկության, հարստության կամ դիրքի։ Նա միայն ձգտում էր ապրել առավել իմաստալից կյանքով, ինչը ենթադրում էր հատուցել Աստծու սերը և Աստծուն նվիրաբերել այն, ինչն իր համար ամենաթանկն էր: Այդ ժամանակ նա իր սրտում բավարարված կլիներ: Նա հաճախ էր աղոթում Հիսուսին այս խոսքերով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ես ժամանակին սիրում էի Քեզ, բայց ես երբեք ճշմարտապես չեմ սիրել Քեզ...։ Թեև ես ասում էի, որ հավատում եմ Քեզ, ես երբեք ճշմարիտ սրտով չեմ սիրել Քեզ: Ես միայն հայացքս ուղղել եմ դեպի Քեզ, պաշտել եմ Քեզ և կարոտել Քեզ, բայց ես երբեք չեմ սիրել Քեզ և ոչ էլ ճշմարտապես հավատացել եմ Քեզ»։ Նա անդադար աղոթում էր իր վճռականությունն ամրապնդելու համար և միշտ քաջալերվում էր Հիսուսի խոսքերով ու դրանցից ոգեշնչում էր ստանում: Ավելի ուշ՝ փորձառության մի շրջանից հետո, Հիսուսը փորձեց նրան՝ դրդելով է՛լ ավելի տենչալ Իրեն։ Պետրոսն ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս: Որքա՜ն եմ Քեզ կարոտում և տենչում նայել Քեզ: Ես չափազանց շատ թերություններ ունեմ և չեմ կարող հատուցել Քո սիրուն: Աղաչում եմ Քեզ՝ շուտով տանես ինձ Քեզ մոտ: Ե՞րբ Դու իմ կարիքը կունենաս: Ե՞րբ ինձ կտանես: Ե՞րբ ես դարձյալ կնայեմ Քո դեմքին: Ես այլևս չեմ ցանկանում ապրել այս մսեղիի մեջ, շարունակել ապականվել, այլևս չեմ ցանկանում ըմբոստանալ: Ես պատրաստ եմ նվիրաբերել Քեզ այն ամենը, ինչ ունեմ, որքան հնարավոր է շուտ, և այլևս չեմ ցանկանում Քեզ վշտացնել»: Այսպես էր նա աղոթում, բայց այդ ժամանակ չգիտեր, թե Հիսուսն ինչ էր կատարելագործելու իր մեջ: Նրա փորձության տառապանքի ժամանակ Հիսուսը նորից հայտնվեց նրան և ասաց. «Պետրո՛ս, Ես ցանկանում եմ քեզ կատարյալ դարձնել այնպես, որ դառնաս մի պտուղ՝ մեկը, որ իմ կողմից Քո կատարելության բյուրեղացումն է, և որը Ես կվայելեմ։ Կարո՞ղ ես ճշմարտապես վկայել Իմ մասին: Արե՞լ ես այն, ինչ Ես քեզ խնդրել եմ անել: Ապրե՞լ ես այն խոսքերով, որոնք Ես ասել եմ: Դու ժամանակին սիրում էիր Ինձ. բայց թեև սիրում էիր Ինձ, արդյո՞ք ինձ կյանքով ես արտահայտել: Ի՞նչ ես արել Ինձ համար: Դու ընդունում ես, որ արժանի չես Իմ սիրուն, բայց ի՞նչ ես արել Ինձ համար»: Պետրոսը տեսավ, որ ինքը ոչինչ չի արել Հիսուսի համար և հիշեց իր նախկին երդումը՝ իր կյանքը տալ Աստծու համար: Եվ, այսպիսով, նա այլևս չդժգոհեց, և նրա հետագա աղոթքները շատ ավելի լավն էին: Նա աղոթում էր՝ ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս: Ես ժամանակին լքեցի Քեզ, և Դու էլ ժամանակին լքեցիր ինձ: Մենք ժամանակ ենք անցկացրել առանձին և ժամանակ՝ միասին: Այնուամենայնիվ, Դու սիրում ես ինձ ամեն ինչից առավել: Ես բազմիցս ըմբոստացել եմ Քո դեմ և բազմիցս վշտացրել Քեզ: Ինչպե՞ս կարող եմ մոռանալ նման բաները: Ես միշտ մտքումս պահում եմ և երբեք չեմ մոռանում այն գործը, որ Դու կատարել ես իմ մեջ, և այն, ինչ Դու ինձ վստահել ես: Ես արել եմ ամեն ինչ, ինչ կարող եմ, այն գործի համար, որ Դու կատարել ես իմ մեջ: Դու գիտես, թե ինչ կարող եմ անել, և Դու առավել ևս գիտես, թե ինչ դեր կարող եմ խաղալ: Ես ցանկանում եմ ինձ հանձնել Քո կարգավորումների ողորմածությանը և Քեզ նվիրաբերել այն ամենը, ինչ ունեմ: Միայն Դու գիտես, թե ես ինչ կարող եմ անել Քեզ համար: Թեև Սատանան ինձ այնքան շատ խաբեց, և ես ըմբոստացա Քո դեմ, ես հավատում եմ, որ Դու սրա պատճառով չես հիշում իմ հանցանքները և ինձ հետ Քո վերաբերմունքը դրանց վրա չես հիմնում: Ես ցանկանում եմ իմ ամբողջ կյանքը նվիրել Քեզ: Ես ոչինչ չեմ խնդրում և ոչ էլ ունեմ այլ հույսեր կամ ծրագրեր. ես միայն ցանկանում եմ գործել Քո մտադրությունների համաձայն և հետևել Քո կամքին: Ես կխմեմ Քո դառը բաժակից և պատրաստ եմ հնազանդվել Քեզ»:
Դուք պետք է հստակ գիտակցեք այն ուղին, որով քայլում եք. դուք պետք է հստակ պատկերացնեք այն ուղին, որը կբռնեք ապագայում, այն, ինչն Աստված կատարյալ կդարձնի, և այն, ինչ վստահվել է ձեզ: Մի օր, թերևս, կփորձվեք, և երբ գա այդ ժամանակը, եթե ի վիճակի լինեք ներշնչվել Պետրոսի փորձառություններով, դա ցույց կտա, որ ճշմարտապես քայլում եք Պետրոսի ուղով: Աստված հավանություն տվեց Պետրոսին նրա ճշմարիտ հավատի ու սիրո և Աստծու հանդեպ նրա հավատարմության համար: Եվ հենց նրա ազնվության ու իր սրտում Աստծու հանդեպ ունեցած տենչանքի համար էր, որ Աստված նրան կատարյալ դարձրեց: Եթե դու իսկապես ունես նույն սերն ու հավատը, ինչ Պետրոսը, ապա Հիսուսը վստահաբար քեզ նույնպես կատարյալ կդարձնի։