Կիրարկում (2)

Անցյալում մարդիկ կրթվում էին՝ Աստծու հետ լինելու և ամեն ակնթարթ հոգով ապրելու համար։ Այսօրվա կիրարկման հետ համեմատ՝ դա հոգին կրթելու պարզ ձև է. դա կիրարկման ամենամակերեսային և պարզագույն եղանակն է նախքան մարդկանց՝ կյանքի ճիշտ ուղի մտնելը, և այն կազմում է մարդկանց հավատքի կիրարկման ամենաառաջին փուլը։ Եթե մարդիկ իրենց կյանքում միշտ ապավինեն այս տեսակ կիրարկմանը, նրանք շատ զգացմունքներ կունենան, հակված կլինեն շեղումների և անկարող կլինեն մտնելու ճշմարիտ կյանքի փորձառությունների մեջ. նրանք կկարողանան միայն կրթել իրենց հոգիները, իրենց սրտերում բնականոն կերպով մոտենալ Աստծուն և միշտ մեծագույն ուրախություն կգտնեն Աստծու հետ լինելուց։ Նրանք կսահմանափակվեն Աստծու հետ իրենց միասնության փոքր շրջանակով և անկարող կլինեն հասնելու որևէ ավելի խորը բանի։ Այս սահմաններում ապրող մարդիկ անկարող են որևէ մեծ առաջընթաց գրանցել։ Ցանկացած պահի նրանք հակված են բացականչելու. «Ա՜խ, Տե՛ր Հիսուս։ Ամե՛ն»։ Գրեթե ամեն օր նրանք այսպիսին են. սա անցյալի կիրարկումն է, ամեն ակնթարթ հոգով ապրելու կիրարկումը։ Մի՞թե դա պարզունակ չէ։ Այսօր, երբ Աստծու խոսքերի շուրջ խորհելու ժամանակն է՝ պարզապես խորհիր Աստծու խոսքերի շուրջ, երբ ճշմարտությունը կիրարկելու ժամանակն է՝ պարզապես կիրարկիր ճշմարտությունը, երբ պարտավորությունդ կատարելու ժամանակն է՝ պարզապես կատարիր պարտավորությունդ։ Այս տեսակ կիրարկումն իրականում բավականին ազատագրող է. դա քեզ ազատություն է տալիս։ Դա նման չէ նրան, թե ինչպես են ծեր կրոնավորներն աղոթում և ճաշից առաջ գոհաբանություն հայտնում։ Իհարկե, նախկինում դա հավատացյալների կիրարկումն էր, բայց հիմա այսպես կիրարկելը չափազանց հետամնաց է։ Աստծու գործն այժմ ավելի բարձր մակարդակի վրա է. այն, ինչի մասին խոսվում է այսօր՝ «Աստծուն իրական կյանք բերելը», կիրարկման ամենակարևոր կողմն է։ Սա այն բնականոն մարդկայնությունն է, որը մարդկանցից պահանջվում է ունենալ իրենց իրական կյանքում, և այն, ինչ մարդիկ պետք է ունենան իրենց բնականոն մարդկայնության մեջ, բոլոր այն խոսքերն են, որոնք Աստված խոսում է այսօր։ Աստծու այս խոսքերն իրական կյանք բերելը «Աստծուն իրական կյանք բերելու» գործնական նշանակությունն է։ Այսօր մարդիկ պետք է նախևառաջ զինվեն հետևյալով. մի կողմից՝ նրանք պետք է բարելավեն իրենց որակը, կրթվեն և կատարելագործեն իրենց կարդալու և ըմբռնելու հմտությունները, մյուս կողմից՝ պետք է ապրեն բնականոն մարդու կյանքով։ Աշխարհից նոր ես եկել Աստծու առաջ. նախ պետք է կրթես սիրտդ՝ Աստծու առաջ հանդարտ լինելու համար։ Սա կիրարկման հենց սկիզբն է, և այն նաև առաջին քայլն է կյանքիդ բնույթի մեջ փոփոխության հասնելու համար։ Որոշ մարդիկ համեմատաբար ճկուն են իրենց կիրարկման մեջ. նրանք աշխատելիս խորհում են ճշմարտության շուրջ՝ պարզելով այն ճշմարտություններն ու կիրարկման սկզբունքները, որոնք պետք է հասկանան իրականության մեջ։ Մի կողմից՝ պետք է ունենաս բնականոն մարդկային կյանք, իսկ մյուս կողմից՝ պետք է լինի մուտք ճշմարտության մեջ։ Այս բոլոր բաները կազմում են լավագույն կիրարկումն իրական կյանքի համար։

Աստծուն մարդկանց իրական կյանք բերելը նախևառաջ պահանջում է, որ նրանք երկրպագեն Աստծուն, ձգտեն ճանաչել Աստծուն և կատարեն արարածի պարտավորությունը բնականոն մարդկայնության մեջ։ Դա այնպես չէ, որ ամեն անգամ ինչ-որ բան անելիս նրանք անպայման պետք է աղոթեն Աստծուն, կամ որ դա լավ չէ, և նրանք պետք է իրենց պարտական զգան Նրա հանդեպ, եթե չաղոթեն։ Այսօրվա կիրարկումն այդպիսին չէ. այն իսկապես հանգիստ է և պարզ։ Այն չի պահանջում մարդկանցից հետևել կանոնների։ Փոխարենը՝ յուրաքանչյուր մարդ պետք է գործի ըստ իր անհատական հասակի. եթե ընտանիքիդ անդամները չեն հավատում Աստծուն, վերաբերվիր նրանց որպես անհավատների, իսկ եթե հավատում են, վերաբերվիր որպես հավատացյալների։ Մի՛ դրսևորիր սեր և համբերություն, փոխարենը՝ դրսևորիր իմաստություն։ Որոշ մարդիկ դուրս են գալիս բանջարեղեն գնելու և քայլելիս մրմնջում են. «Աստվա՛ծ։ Ի՞նչ բանջարեղեն Դու կկամենայիր, որ ես գնեմ այսօր։ Աղաչում եմ, օգնի՛ր ինձ։ Աստված խնդրում է, որ մենք փառավորենք Իր անունն ամեն ինչում, և որ մենք բոլորս վկայություն կրենք, ուստի նույնիսկ եթե վաճառողն ինձ փտած բան տա, ես միևնույն է գոհություն կհայտնեմ Աստծուն. ես կհամբերեմ։ Մենք, որ հավատում ենք Աստծուն, չենք կարող ընտրություն կատարել բանջարեղենի միջից»։ Նրանք կարծում են, թե դա անելը վկայություն է, և արդյունքն այն է, որ նրանք փող են ծախսում մի կապ փտած բանջարեղեն գնելու համար, բայց դեռ աղոթում են և ասում. «Աստվա՛ծ։ Ես միևնույն է կուտեմ այս փտած բանջարեղենը, քանի դեռ Դու դա ընդունելի ես համարում»։ Մի՞թե նման կիրարկումը խեղաթյուրված չէ։ Մի՞թե դա կանոններին հետևել չէ։ Նախկինում մարդիկ կրթվում էին՝ ամեն ակնթարթ հոգով ապրելու համար. սա կապված է նախկինում՝ Շնորհքի դարաշրջանում կատարված գործի հետ։ Բարեպաշտություն, խոնարհություն, սեր, համբերություն, ամեն ինչի համար շնորհակալություն հայտնելը. սրանք էին այն ամենն, ինչ պահանջվում էր յուրաքանչյուր հավատացյալից Շնորհքի դարաշրջանում։ Այն ժամանակ մարդիկ աղոթում էին Աստծուն ամեն ինչում. նրանք աղոթում էին, երբ հագուստ էին գնում, և երբ տեղեկացվում էին հավաքույթի մասին, նրանք նույնպես աղոթում էին. «Աստվա՛ծ։ Դու կկամենայի՞ր, որ ես գնամ, թե՞ ոչ։ Եթե Դու կկամենայիր, որ ես գնամ, ապա հարթ ճանապարհ պատրաստիր ինձ համար։ Եթե Դու չէիր կամենա, որ ես գնամ, արա այնպես, որ սայթաքեմ և ընկնեմ»։ Նրանք աղերսում էին Աստծուն աղոթելիս, իսկ աղոթելուց հետո անհանգստություն էին զգում և չէին գնում։ Որոշ քույրեր, վախենալով, որ հավաքույթներից տուն վերադառնալիս կարող են ծեծի ենթարկվել իրենց անհավատ ամուսինների կողմից, անհանգստություն էին զգում, երբ աղոթում էին, և հետևաբար չէին գնում հավաքույթների։ Նրանք հավատում էին, թե դա Աստծու մտադրությունն է, մինչդեռ իրականում, եթե նրանք գնային, ոչինչ չէր պատահի։ Արդյունքն այն էր, որ նրանք բաց էին թողնում հավաքույթը։ Այդ ամենը մարդկանց հիմարության արդյունքն էր։ Այս կերպ կիրարկող մարդիկ բոլորն ապրում են իրենց սեփական զգացմունքներով։ Կիրարկման այս եղանակն այնքան խեղաթյուրված է և լցված անորոշությամբ։ Չափազանց շատ են նրանց անձնական զգացմունքներն ու գաղափարները։ Եթե քեզ ասում են հավաքույթի մասին, ապա գնա. այլևս կարիք չկա աղոթելու Աստծուն։ Մի՞թե սա պարզ չէ։ Եթե այսօր քեզ անհրաժեշտ է հագուստ գնել, ապա անմիջապես գնա և գնիր։ Մի՛ աղոթիր Աստծուն և ասա. «Աստվա՛ծ։ Դու կկամենայի՞ր, որ ես գնամ, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ, եթե իմ բացակայության ժամանակ եղբայրներից և քույրերից մեկը պատահաբար գա»։ Վախենում ես, որ եղբայր կամ քույր կարող է գալ, հետևաբար չես գնում, սակայն արդյունքն այն է, որ երեկոն վրա է հասնում, և ոչ ոք չի եկել։ Նույնիսկ Շնորհքի դարաշրջանում կիրարկման այս եղանակը պարունակում էր շեղումներ և ճշգրիտ չէր։ Այսպիսով, եթե մարդիկ կիրարկեն այնպես, ինչպես անցյալ ժամանակներում, նրանց կյանքում ոչ մի փոփոխություն չի լինի։ Նրանք պարզապես անգիտությամբ կենթարկվեն այն ամենին, ինչ պատահի, ուշադրություն չեն դարձնի զանազանման կարողությանը և ոչինչ չեն անի, բացի կուրորեն հնազանդվելուց և համբերելուց։ Այն ժամանակ մարդիկ կենտրոնանում էին Աստծուն փառավորելու վրա, բայց Աստված նրանցից ոչ մի փառք չստացավ, քանի որ նրանք ոչ մի գործնական բան կյանքով չէին արտահայտել։ Նրանք պարզապես զսպում և սահմանափակում էին իրենց՝ ըստ իրենց անձնական պատկերացումների, և նույնիսկ երկար տարիների կիրարկումը ոչ մի փոփոխություն չբերեց նրանց կյանքում։ Նրանք գիտեին միայն համբերել, խոնարհ լինել, սիրել և ներել, բայց զուրկ էին Սուրբ Հոգուց եկող անգամ չնչին լուսաբանումից։ Ինչպե՞ս կարող էին մարդիկ ճանաչել Աստծուն այդ կերպ։ Եվ ինչպե՞ս նրանք հնարավոր է փառաբանեին Աստծուն։

Մարդիկ կարող են մտնել Աստծու հանդեպ հավատքի ճիշտ ուղին միայն այն դեպքում, եթե Աստծուն բերեն իրենց իրական կյանք և իրենց բնականոն մարդկային կյանք։ Այսօր Աստծու խոսքերն են առաջնորդում ձեզ. անցյալ ժամանակների պես փնտրելու և խարխափելու կարիք այլևս չկա։ Երբ կարողանաս կիրարկել Աստծու խոսքերի համաձայն և կարողանաս քննել ու գնահատել ինքդ քեզ՝ ըստ մարդկային այն վիճակների, որոնք Ես մերկացրել եմ, ապա կկարողանաս հասնել փոփոխության։ Սա կանոն չէ, այլ այն, ինչ Աստված պահանջում է մարդուց։ Այսօր թույլ տուր Ինձ ասել քեզ, թե ինչպես են բաները. զբաղվիր միայն Իմ խոսքերի համաձայն գործելով։ Քեզնից Իմ պահանջները հիմնված են բնականոն մարդու կարիքների վրա։ Ես արդեն ասել եմ քեզ Իմ խոսքերը. քանի դեռ կենտրոնանում ես դրանք կիրարկելու վրա, կհամապատասխանես Աստծու մտադրություններին։ Այժմ Աստծու խոսքերով ապրելու ժամանակն է։ Աստծու խոսքերը բացատրել են ամեն ինչ, ամեն ինչ բացահայտվել է, և քանի դեռ ապրում ես Աստծու խոսքերով, կվարես ազատությամբ և ազատագրմամբ լի կյանք։ Նախկինում, երբ մարդիկ Աստծուն բերում էին իրենց իրական կյանք, նրանք կիրարկում և փորձառաբար ապրում էին չափազանց շատ կանոններ և ծեսեր. նույնիսկ աննշան հարցերում նրանք աղոթում և փնտրում էին՝ մի կողմ դնելով Աստծու հստակ ասված խոսքերը և անտեսելով դրանց ընթերցումը։ Փոխարենը՝ նրանք իրենց ողջ ջանքերը նվիրում էին փնտրելուն, ինչի հետևանքով ոչ մի արդյունք չէր լինում։ Վերցնենք, օրինակ, սննդի և հագուստի հարցերը. աղոթում ես և այս հարցերը հանձնում Աստծու ձեռքը՝ խնդրելով, որ Աստված ամեն ինչ կարգավորի քեզ համար։ Երբ Աստված լսի այս խոսքերը, Նա կասի. «Մի՞թե Ես պետք է զբաղվեմ նման մանրուքներով։ Ո՞ւր են անհետացել այն բնականոն մարդկայնությունն ու ողջամտությունը, որոնք Ես ստեղծել եմ քեզ համար»։ Երբեմն ինչ-որ մեկը սխալ է թույլ տալիս իր գործողություններում. ապա նա կարծում է, թե վիրավորել է Աստծուն, և կաշկանդվում է։ Որոշ մարդկանց իրադրությունները շատ լավ են, բայց երբ նրանք որևէ փոքր բան սխալ են անում, կարծում են, թե Աստված պատժում է իրենց։ Իրականում սա Աստծու արածը չէ, այլ մարդկանց սեփական մտքի ազդեցությունն է։ Երբեմն ոչ մի սխալ բան չկա նրանում, թե ինչպես ես փորձառաբար ապրում, բայց ուրիշներն ասում են, թե ճիշտ չես փորձառաբար ապրում, և այսպիսով ծուղակն ես ընկնում՝ դառնում ես բացասական և ներքուստ խավարում ես։ Հաճախ, երբ մարդիկ այսպես բացասական են լինում, նրանք կարծում են, թե պատժվում են Աստծու կողմից, բայց Աստված ասում է. «Ես քո մեջ պատժի ոչ մի գործ չեմ արել. ինչպե՞ս կարող ես Ինձ այսպես մեղադրել»։ Մարդիկ չափազանց հաճախ են բացասական դառնում։ Նրանք նաև հաճախ գերզգայուն են և հաճախ տրտնջում Աստծուց։ Աստծուն պետք չէ, որ այդպես տառապես, սակայն ինքդ ես թույլ տալիս, որ ընկնես այդ վիճակի մեջ։ Այդ տեսակ տառապանքի մեջ ոչ մի արժեք չկա։ Մարդիկ չգիտեն Աստծու կատարած գործը, և շատ բաներում նրանք անտեղյակ ու անկարող են հստակ տեսնել, ուստի նրանք թակարդն են ընկնում իրենց սեփական պատկերացումների և երևակայությունների մեջ՝ գնալով է՛լ ավելի խորը խճճվելով։ Ոմանք ասում են, որ բոլոր բաներն ու իրադարձություններն Աստծու ձեռքերում են. ուրեմն մի՞թե Աստված չգիտի, երբ մարդիկ բացասական են։ Իհարկե, Աստված գիտի։ Երբ ընկնում ես մարդկային պատկերացումների ծուղակը, Սուրբ Հոգին քո մեջ գործելու ոչ մի միջոց չի ունենում։ Հաճախ որոշ մարդիկ բացասական վիճակում թակարդն են ընկնում, բայց Ես դեռ շարունակում եմ Իմ գործը։ Անկախ նրանից՝ բացասական ես, թե դրական, Ես կաշկանդված չեմ քեզնով, բայց պետք է իմանաս, որ այն բազմաթիվ խոսքերը, որոնք Ես խոսում եմ, և այն հսկայական գործը, որ Ես անում եմ, սերտորեն կապված են միմյանց՝ ըստ մարդկանց վիճակների։ Երբ բացասական ես, դա չի խոչընդոտում Սուրբ Հոգու գործին։ Պատժի և մահվան փորձության ժամանակ մարդիկ բոլորը ծուղակն էին ընկել բացասական վիճակի մեջ, բայց դա չխոչընդոտեց Իմ գործին։ Երբ բացասական էիր, Սուրբ Հոգին շարունակում էր անել այն, ինչ պետք էր անել ուրիշների մեջ։ Կարող ես մեկ ամիս դադարել ձգտելուց, բայց Ես շարունակում եմ աշխատել. ինչ էլ որ անես ներկայում կամ ապագայում, դա չի կարող խոչընդոտել Սուրբ Հոգու գործին։ Որոշ բացասական վիճակներ գալիս են մարդկային թուլությունից. երբ մարդիկ կարծում են, թե իսկապես անկարող են բավարարել Աստծու պահանջները կամ ըմբռնել դրանք, նրանք դառնում են բացասական։ Օրինակ՝ պատժի ժամանակ Աստծու խոսքերը խոսում էին պատժի ժամանակ մինչև որոշակի աստիճան Աստծուն սիրելու մասին, բայց մարդիկ իրենց անկարող էին համարում։ Նրանք հատկապես տխուր էին զգում և ողբում, որ Սատանան այդքան խորապես ապականել էր իրենց մսեղին, և որ իրենց որակն այդքան վատն էր։ Նրանք զգում էին, թե որքան ցավալի է, որ իրենք ծնվել են այդ միջավայրում։ Իսկ որոշ մարդիկ զգում էին, որ իրենք չափազանց ուշ են սկսել հավատալ և ճանաչել Աստծուն, և որ իրենք արժանի չեն կատարյալ դարձվելու։ Այս բոլորը բնականոն մարդկային վիճակներ են։

Մարդու մսեղին Սատանայից է, այն լի է ապստամբ բնավորություններով, այն ողբալիորեն կեղտոտ է և անմաքուր մի բան է։ Մարդիկ չափազանց շատ են տենչում մսեղիի վայելքը և չափազանց շատ են արտահայտում մսեղին. ահա թե ինչու է Աստված այդքան մեծ չափով ատում մարդու մսեղին։ Երբ մարդիկ հրաժարվում են Սատանայի կեղտոտ, ապականված բաներից, նրանք ձեռք են բերում Աստծու փրկությունը։ Բայց եթե նրանք դեռ չեն հրաժարվում կեղտից ու ապականությունից, ապա նրանք դեռ ապրում են Սատանայի իշխանության ներքո։ Մարդկանց խարդավանքներն ու կռիվները, նենգությունն ու խոտորությունը բոլորը Սատանայի բաներն են։ Աստծու կողմից քո փրկությունն այն է, որ ազատի քեզ Սատանայի այս բաներից։ Աստծու գործը չի կարող սխալ լինել. այն ամբողջովին արվում է մարդկանց խավարից փրկելու համար։ Երբ Աստծու հանդեպ քո հավատքի մեջ հասնես այն կետին, որտեղ կարող ես ազատվել մսեղիի ապականությունից և այլևս կաշկանդված չես այս ապականությամբ, մի՞թե փրկված չես լինի։ Երբ ապրում ես Սատանայի իշխանության ներքո, անկարող ես դրսևորել Աստծուն, կեղտոտ մի բան ես և չես կարող ստանալ Աստծու ժառանգությունը։ Հենց որ մաքրագործվես և կատարյալ դարձվես, կսրբացվես, կլինես բնականոն մարդ, կօրհնվես Աստծու կողմից և հաճելի կլինես Աստծուն։ Այսօր Աստծու կատարած գործը փրկություն է, և ավելին՝ դա դատաստան է, պատիժ և անեծք։ Այն ունի մի շարք կողմեր։ Դուք բոլորդ տեսնում եք, որ Աստծու խոսքերը պարունակում են դատաստան և պատիժ, ինչպես նաև անեծքներ։ Ես խոսում եմ արդյունքի հասնելու համար, որպեսզի ստիպեմ մարդկանց ճանաչել իրենց, այլ ոչ թե մարդկանց մահվան մատնելու համար։ Իմ սիրտը ձեզ համար է։ Խոսելն այն մեթոդներից մեկն է, որով Ես գործում եմ. խոսքերի միջոցով Ես արտահայտում եմ Աստծու բնույթը և թույլ եմ տալիս քեզ հասկանալ Աստծու մտադրությունները։ Քո մսեղին գուցե մեռնի, բայց ունես հոգի և ոգի։ Եթե մարդիկ միայն մսեղի ունենային, ապա նրանց հավատքի մեջ ոչ մի իմաստ չէր լինի, ոչ էլ որևէ իմաստ կլիներ այս ողջ գործի մեջ, որ Ես արել եմ։ Այսօր Ես խոսում եմ մի կերպ, իսկ հետո՝ մեկ այլ. միառժամանակ Ես ծայրաստիճան ատելությամբ եմ լցված մարդկանց հանդեպ, իսկ հետո միառժամանակ գերագույն սիրով եմ լցված նրանց հանդեպ. Ես անում եմ այս ամենը՝ քո բնավորության մեջ փոփոխության հասնելու, ինչպես նաև Աստծու գործի վերաբերյալ քո պատկերացումները վերափոխելու համար։

Վերջին օրերը վրա են հասել, և աշխարհի երկրները խառնաշփոթի մեջ են։ Քաղաքական անկարգություններ կան, ամենուր ի հայտ են գալիս սով, համաճարակներ, ջրհեղեղներ և երաշտներ։ Մարդկային աշխարհում աղետներ կան. Երկինքը նույնպես արհավիրքներ է ուղարկել։ Սրանք վերջին օրերի նշաններն են։ Բայց մարդկանց թվում է, թե դա ուրախության և շքեղության աշխարհ է։ Աշխարհը գնալով է՛լ ավելի փայլուն և գրավիչ է դառնում, մարդկանց սրտերը բոլորը ձգվում են դեպի այն, և շատ մարդիկ ծուղակն են ընկնում ու անկարող են ազատվել դրանից. մեծ թվով մարդիկ կմոլորվեն նրանց կողմից, ովքեր զբաղվում են խաբեությամբ և կախարդությամբ։ Եթե չձգտես առաջընթացի, չունենաս ձգտումներ և արմատավորված չլինես ճշմարիտ ճանապարհի մեջ, կքշվես չարիքի հոսանքով։ Չինաստանը բոլոր երկրներից ամենահետամնացն է. դա այն երկիրն է, որտեղ գալարված պառկած է մեծ կարմիր վիշապը, այնտեղ ամենաշատն են երկրպագում կուռքերին և զբաղվում կախարդությամբ, ամենաշատ տաճարներն են գտնվում, և այն մի վայր է, որտեղ բնակվում են անմաքուր հոգիներ։ Ծնվել ես դրանից, կրթվել ես դրա կողմից և տոգորվել դրա ազդեցությամբ. ապականվել և տանջվել ես դրա կողմից, բայց արթնանալուց հետո ապստամբում ես դրա դեմ և ամբողջովին ձեռք ես բերվում Աստծու կողմից։ Սա Աստծու փառքն է, և ահա թե ինչու գործի այս փուլը մեծ նշանակություն ունի։ Աստված այնպիսի մեծածավալ գործ է արել, այնքան շատ խոսքեր է խոսել, և Նա ի վերջո ամբողջովին ձեռք կբերի ձեզ. սա Աստծու կառավարման գործի մի մասն է, և դուք Աստծու և Սատանայի միջև ճակատամարտի «հաղթանակի ավարն» եք։ Որքան շատ հասկանաք ճշմարտությունը և որքան լավը լինի ձեր եկեղեցական կյանքը, այնքան ավելի շատ մեծ կարմիր վիշապը ծնկի կգա։ Սրանք բոլորը հոգևոր ոլորտի հարցեր են. դրանք հոգևոր ոլորտի ճակատամարտերն են, և երբ Աստված հաղթանակի, Սատանան ամոթահար կլինի և վայր կընկնի։ Աստծու գործի այս փուլը հսկայական նշանակություն ունի։ Աստված այնպիսի մեծածավալ գործ է անում և ամբողջովին փրկում է մարդկանց այս խմբին, որպեսզի կարողանաք փախչել Սատանայի ազդեցությունից, ապրել սուրբ երկրում, ապրել Աստծու լույսի մեջ և ունենալ լույսի առաջնորդությունն ու ուղղորդումը։ Այդ ժամանակ կյանքդ իմաստ կունենա։ Այն, ինչ ուտում և հագնում եք, տարբերվում է անհավատներից. վայելում եք Աստծու խոսքերը և իմաստալից կյանք եք վարում. իսկ ի՞նչ են վայելում նրանք։ Նրանք վայելում են միայն իրենց «նախնիների ժառանգությունը» և իրենց «ազգային ոգին»։ Նրանք մարդկայնության անգամ չնչին նշույլ չունեն։ Ձեր հագուկապը, խոսքերը և գործողությունները բոլորը տարբերվում են նրանցից։ Ի վերջո, ամբողջովին կփախչեք կեղտից, այլևս Սատանայի գայթակղության ծուղակը չեք ընկնի և ձեռք կբերեք Աստծու ամենօրյա ապահովումը։ Պետք է միշտ զգույշ լինեք։ Թեև ապրում եք կեղտոտ վայրում, արատավորված չեք կեղտից և կարող եք ապրել Աստծու կողքին՝ ստանալով Նրա մեծ պաշտպանությունը։ Աստված ընտրել է ձեզ այս դեղին երկրի բոլոր մարդկանց միջից։ Մի՞թե ամենաօրհնված մարդիկ չեք։ Արարած ես. իհարկե, պետք է երկրպագես Աստծուն և ձգտես իմաստալից կյանքի։ Եթե չես երկրպագում Աստծուն, այլ ապրում ես քո կեղտոտ մսեղիի մեջ, ապա մի՞թե պարզապես մարդկային հագուստով գազան չես։ Քանի որ մարդկային էակ ես, պետք է ծախսվես Աստծու համար և համբերես բոլոր տառապանքներին։ Պետք է ուրախությամբ և վստահորեն ընդունես այն փոքրիկ տառապանքը, որին ենթարկվում ես այսօր, և ապրես իմաստալից կյանքով, ինչպես Հոբը և Պետրոսը։ Այս աշխարհում մարդը կրում է դևի հագուստը, ուտում է դևի տված սնունդը, աշխատում և ծառայում է դևի բռի տակ և ոտնահարվում է դրա կողմից այն աստիճան, որ ծածկվում է կեղտով։ Նա չի ըմբռնել կյանքի իմաստը կամ ձեռք չի բերել ճշմարիտ ճանապարհը. ի՞նչ իմաստ կա այսպես ապրելու մեջ։ Դուք մարդիկ եք, որոնք փնտրում են ճիշտ ուղին և ձգտում բարելավման։ Դուք ոտքի եք կանգնում մեծ կարմիր վիշապի երկրում և նրանք եք, ում Աստված արդար է կոչում։ Մի՞թե դա ամենաիմաստալից կյանքը չէ։

Նախորդը.  Աստվածաշնչի մասին (4)

Հաջորդը.  Մարմնացման առեղծվածը (1)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger