Մարմնացման առեղծվածը (1)

Շնորհքի դարաշրջանում Հովհաննեսը ճանապարհ հարթեց Հիսուսի համար։ Հովհաննեսը չէր կարող կատարել հենց Աստծու գործը, այլ լոկ մարդու պարտավորությունը կատարեց։ Թեև Հովհաննեսը Տիրոջ նախակարապետն էր, նա անկարող էր ներկայացնել Աստծուն. նա ընդամենը Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդ էր։ Հիսուսի մկրտվելուց հետո Սուրբ Հոգին աղավնու պես իջավ Նրա վրա։ Ապա Նա սկսեց Իր գործը, այսինքն՝ սկսեց կատարել Քրիստոսի սպասավորությունը։ Ահա թե ինչու Նա ստացավ Աստծու ինքնությունը, քանզի Աստծուց էր եկել։ Անկախ նրանից, թե ինչպիսին էր Նրա հավատքը դրանից առաջ, այն երբեմն կարող էր թույլ լինել, կամ երբեմն՝ ուժեղ. այդ ամենը պատկանում էր այն բնականոն մարդկային կյանքին, որը Նա վարում էր Իր սպասավորությունը կատարելուց առաջ։ Մկրտվելուց (այսինքն՝ օծվելուց) հետո Աստծու զորությունն ու փառքն անմիջապես Նրա հետ էին, և այսպես Նա սկսեց կատարել Իր սպասավորությունը։ Նա կարող էր նշաններ ու զարմանալի բաներ գործել, հրաշքներ կատարել, և Նա զորություն ու իշխանություն ուներ, քանզի գործում էր անմիջապես հենց Աստծու անունից. Նա Հոգու փոխարեն կատարում էր Նրա գործը և արտահայտում Հոգու ձայնը։ Ուստի Նա Աստված Ինքն էր. սա անվիճելի է։ Հովհաննեսը մեկն էր, ով օգտագործվում էր Սուրբ Հոգու կողմից։ Նա չէր կարող ներկայացնել Աստծուն, ոչ էլ հնարավոր էր, որ ներկայացներ Աստծուն։ Եթե ցանկանար դա անել, Սուրբ Հոգին թույլ չէր տա, քանզի նա անկարող էր կատարել այն գործը, որն Աստված Ինքն էր մտադիր անել։ Գուցե նրա մեջ շատ բան կար մարդու կամքից, կամ որոշ շեղումներ. ոչ մի պարագայում նա չէր կարող անմիջականորեն ներկայացնել Աստծուն։ Նրա սխալներն ու անհեթեթությունները միայն իրեն էին ներկայացնում, բայց նրա գործը ներկայացնում էր Սուրբ Հոգուն։ Սակայն չես կարող ասել, որ նա ամբողջությամբ Աստծուն էր ներկայացնում։ Մի՞թե նրա խեղաթյուրումները նույնպես կարող էին ներկայացնել Աստծուն։ Բնականոն է, որ մարդուն ներկայացնելիս խեղաթյուրումներ լինեն, բայց եթե Աստծուն ներկայացնելիս շեղումներ լինեն, մի՞թե դա անպատվություն չի բերի Աստծու վրա։ Մի՞թե դա հայհոյանք չէր լինի Սուրբ Հոգու դեմ։ Սուրբ Հոգին հեշտությամբ թույլ չի տալիս, որ մարդը կանգնի Աստծու տեղում, նույնիսկ եթե նա մեծարվում է ուրիշների կողմից։ Եթե նա Աստված չէ, ապա ի վերջո անկարող կլինի ամուր կանգնել։ Սուրբ Հոգին թույլ չի տալիս, որ մարդն Աստծուն ներկայացնի այնպես, ինչպես կամենո՛ւմ է։ Օրինակ՝ Սուրբ Հոգին էր, որ վկայեց Հովհաննեսի մասին. և Սուրբ Հոգին էր նաև, որ բացահայտեց նրան՝ որպես Հիսուսի համար ճանապարհ հարթողի, բայց այն գործը, որ Սուրբ Հոգին կատարեց նրա վրա, խիստ չափավորված էր։ Հովհաննեսից պահանջվում էր միայն լինել Հիսուսի ճանապարհը հարթողը, Նրա համար ճանապարհ պատրաստել։ Այսինքն՝ Սուրբ Հոգին միայն պաշտպանում էր նրա գործը ճանապարհ հարթելու մեջ և նրան թույլ էր տալիս միայն այդպիսի գործ անել. նրան թույլ չէր տրվում որևէ այլ գործ անել։ Հովհաննեսը ներկայացնում էր Եղիային, և նա ներկայացնում էր ճանապարհ հարթող մարգարեի։ Սուրբ Հոգին նրան պաշտպանում էր դրանում. քանի դեռ նրա գործը ճանապարհ հարթելն էր, Սուրբ Հոգին պաշտպանում էր նրան։ Սակայն, եթե նա հավակներ հենց Աստված լինելու և ասեր, որ եկել է ավարտելու փրկագնման գործը, Սուրբ Հոգին ստիպված կլիներ կարգավարժել նրան։ Որքան էլ մեծ լիներ Հովհաննեսի գործը, և թեև այն պաշտպանվում էր Սուրբ Հոգու կողմից, նրա գործն առանց սահմանների չէր։ Ճիշտ է, որ Սուրբ Հոգին իսկապես պաշտպանում էր նրա գործը, սակայն այն ժամանակ նրան տրված զորությունը սահմանափակվում էր նրա ճանապարհ հարթելով։ Նա բացարձակապես չէր կարող որևէ այլ գործ անել, քանզի նա միայն ճանապարհ հարթող Հովհաննեսն էր, այլ ոչ թե Հիսուսը։ Ուստի Սուրբ Հոգու վկայությունը վճռորոշ է, բայց այն գործը, որ Սուրբ Հոգին թույլ է տալիս մարդուն անել, է՛լ ավելի կարևոր է։ Մի՞թե Հովհաննեսի մասին այն ժամանակ հնչեղ կերպով չէր վկայվել։ Մի՞թե նրա գործը նույնպես մեծ չէր։ Բայց նրա կատարած գործը չէր կարող գերազանցել Հիսուսի գործին, քանզի նա ընդամենը Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդ էր և չէր կարող անմիջականորեն ներկայացնել Աստծուն, ուստի նրա կատարած գործը սահմանափակ էր։ Ճանապարհ հարթելու գործն ավարտելուց հետո Սուրբ Հոգին այլևս չպաշտպանեց նրա վկայությունը, ոչ մի նոր գործ չհետևեց նրան, և նա հեռացավ, երբ Ինքնին Աստծու գործը սկսվեց։

Կան մարդիկ, որոնք չար ոգիներով են բռնված ու բարձրաձայն աղաղակում են. «Ես աստված եմ»։ Սակայն ի վերջո նրանք բացահայտվում են, որովհետև սխալ են այն բանում, ինչ ներկայացնում են։ Նրանք Սատանային են ներկայացնում, և Սուրբ Հոգին նրանց ուշադրություն չի դարձնում։ Ինչքան էլ որ դու քեզ բարձրացնես կամ ինչքան էլ ուժգին աղաղակես, միևնույն է, սոսկ արարած ես և Սատանայից եղող մեկը։ Ես երբեք չեմ աղաղակում. «Ես Աստվա՜ծ եմ, ես Աստծու սիրելի Որդի՜ն եմ»։ Բայց այն աշխատանքը, որ անում եմ, Աստծու աշխատանքն է։ Պե՞տք է արդյոք աղաղակեմ։ Բարձրացման կարիք չկա։ Աստված Ինքն է կատարում Իր իսկ աշխատանքը և կարիք չունի, որ մարդը կարգավիճակ տա կամ պատվավոր տիտղոս շնորհի. Նրա աշխատանքը ներկայացնում է Նրա ինքնությունն ու կարգավիճակը։ Հիսուսն Իր մկրտությունից առաջ Աստված Ինքը չէ՞ր։ Նա Աստծու մարմնացած մսեղին չէ՞ր։ Անշուշտ, չի կարելի ասել, թե միայն այն բանից հետո, երբ Նրա մասին վկայվեց, Նա դարձավ Աստծու միածին Որդին։ Իր աշխատանքը սկսելուց շատ առաջ արդեն չկա՞ր Հիսուս անունով մի մարդ։ Դու ի վիճակի չես նոր ուղիներ առաջացնելու կամ ներկայացնելու Հոգուն։ Դու չես կարող արտահայտել Հոգու աշխատանքը կամ այն խոսքերը, որոնք Նա խոսում է։ Դու ի վիճակի չես կատարելու հենց Աստծու աշխատանքը և Հոգու աշխատանքը՝ նույնպես։ Աստծու իմաստությունը, սքանչելիությունը և անքննելիությունը, ինչպես նաև այն ամբողջ բնույթը, որով Աստված պատժում է մարդուն՝ այս ամենը քո արտահայտելու կարողությունից վեր են։ Ուստի անօգուտ կլիներ, եթե փորձեիր պնդել, թե Աստված ես. դու կունենայիր միայն անունը և ոչ մի բուն էություն։ Աստված Ինքն է եկել, սակայն ոչ ոք Նրան չի ճանաչում, բայց Նա շարունակում է Իր աշխատանքը և դա անում է Հոգու ներկայացմամբ։ Անկախ այն բանից՝ դու Նրան մարդ ես կոչում, թե Աստված, Տեր, թե Քրիստոս կամ կոչում ես քույր, նշանակություն չունի։ Բայց այն աշխատանքը, որ Նա անում է, Հոգու աշխատանքն է և ներկայացնում է հենց Աստծու աշխատանքը։ Նա չի հոգում այն անվան մասին, որով մարդն Իրեն կոչում է։ Կարո՞ղ է այդ անունը որոշել Նրա աշխատանքը։ Անկախ այն բանից, թե դու Նրան ինչ ես կոչում, Աստծու տեսանկյունից՝ Նա Աստծու Հոգու մարմնացած մսեղին է. Նա ներկայացնում է Հոգուն, և Հոգին նրան հավանության է արժանացրել։ Եթե դու անկարող ես ճանապարհ առաջացնել նոր դարաշրջանի համար կամ վերջ դնել հին դարաշրջանին, կամ նոր դարաշրջան բերել կամ նոր աշխատանք անել, ապա չե՜ս կարող Աստված կոչվել։

Նույնիսկ Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդը չի կարող հենց Աստծուն ներկայացնել։ Սա ոչ միայն նշանակում է, որ նման մարդը չի կարող ներկայացնել Աստծուն, այլև այն, որ նրա կատարած գործը չի կարող անմիջականորեն ներկայացնել Աստծուն։ Այլ կերպ ասած՝ մարդկային փորձառությունները չեն կարող անմիջականորեն դրվել Աստծու կառավարման մեջ, և դրանք չեն կարող ներկայացնել Աստծու կառավարումը։ Ինքնին Աստծու արած գործն ամբողջովին այն գործն է, որ Նա մտադիր է անել Իր իսկ կառավարման ծրագրում, և այն վերաբերում է մեծ կառավարմանը։ Մարդկանց արած գործը բաղկացած է իրենց անհատական փորձառությունները տրամադրելուց։ Այն բաղկացած է փորձառության նոր ճանապարհ գտնելուց՝ բացի նախորդների անցած ճանապարհներից, և իրենց եղբայրներին ու քույրերին առաջնորդելուց՝ Սուրբ Հոգու առաջնորդության ներքո գտնվելիս։ Այն, ինչ այս մարդիկ տրամադրում են, իրենց անհատական փորձառություններն են կամ հոգևոր մարդկանց հոգևոր գրությունները։ Թեև այս մարդիկ օգտագործվում են Սուրբ Հոգու կողմից, նրանց արած գործը կապ չունի վեցհազարամյա ծրագրի կառավարման մեծ գործի հետ։ Նրանք լոկ այն մարդիկ են, որոնց Սուրբ Հոգին բարձրացրել է տարբեր ժամանակաշրջաններում՝ Սուրբ Հոգու հոսքի մեջ գտնվող մարդկանց առաջնորդելու համար, մինչև նրանց կատարած գործառույթներն ավարտվեն, կամ մինչև նրանց կյանքերն ավարտվեն։ Նրանց արած գործը միայն բուն Աստծու համար համապատասխան ճանապարհ պատրաստելն է կամ երկրի վրա բուն Աստծու կառավարման որոշակի տեսանկյունը շարունակելը։ Ինքնին, այս մարդիկ անկարող են կատարել Նրա կառավարման ավելի մեծ գործը, ոչ էլ կարող են նոր ճանապարհներ բացել, առավել ևս նրանցից ոչ մեկը չի կարող ավարտին հասցնել Աստծու ողջ գործը նախորդ դարաշրջանից։ Ուստի նրանց կատարած գործը ներկայացնում է միայն արարածի, որը կատարում է իր գործառույթը, և չի կարող ներկայացնել Ինքնին Աստծուն, որը կատարում է Իր սպասավորությունը։ Պատճառն այն է, որ նրանց արած գործը նման չէ Ինքնին Աստծու արած գործին։ Նոր դարաշրջան բերելու գործն այնպիսի բան չէ, որը մարդը կարող է Աստծու փոխարեն անել։ Բացի Ինքնին Աստծուց՝ այն ոչ ոք չի կարող անել։ Մարդու արած ողջ գործը բաղկացած է որպես արարած իր պարտավորությունը կատարելուց և արվում է, երբ նա շարժվում կամ լուսավորվում է Սուրբ Հոգու կողմից։ Այն առաջնորդությունը, որն այս մարդիկ մատակարարում են, ամբողջովին բաղկացած է մարդուն առօրյա կյանքում կիրարկման ճանապարհը ցույց տալուց և նրանից, թե ինչպես պետք է նա գործի Աստծու մտադրություններին համապատասխան։ Մարդու գործը ո՛չ ներառում է Աստծու կառավարումը, ո՛չ էլ ներկայացնում է Հոգու գործը։ Որպես օրինակ՝ Ուիթնես Լիի և Վոչման Նիի գործը ճանապարհ ցույց տալն էր։ Ճանապարհը նոր լիներ, թե հին, գործը հիմնված էր Աստվածաշնչի շրջանակներում մնալու սկզբունքի վրա։ Դա տեղական եկեղեցին վերականգնելը լիներ, թե տեղական եկեղեցին կառուցելը, նրանց գործը կապված էր եկեղեցիներ հիմնելու հետ։ Նրանց կատարած գործը շարունակում էր այն գործը, որը Հիսուսը և Նրա առաքյալները կիսատ էին թողել կամ հետագայում չէին զարգացրել Շնորհքի դարաշրջանում։ Այն, ինչ նրանք արեցին իրենց գործում, վերականգնելն էր այն, ինչ Հիսուսն Իր այն ժամանակվա գործում պահանջել էր Իրեն հաջորդող սերունդներից, ինչպես օրինակ՝ գլուխները ծածկված պահելը, մկրտություն ստանալը, հաց կտրելը կամ գինի խմելը։ Կարելի է ասել, որ նրանց գործն Աստվածաշնչին հետևելն էր և Աստվածաշնչի մեջ ճանապարհներ փնտրելը։ Նրանք որևէ տեսակի նոր առաջընթաց չգրանցեցին։ Ուստի նրանց գործում կարելի է տեսնել միայն Աստվածաշնչի մեջ նոր ճանապարհների բացահայտում, ինչպես նաև ավելի լավ և ավելի իրատեսական կիրարկումներ։ Բայց նրանց գործում հնարավոր չէ գտնել Աստծու ներկա մտադրությունները, առավել ևս գտնել այն նոր գործը, որն Աստված մտադիր է անել վերջին օրերին։ Պատճառն այն է, որ նրանց անցած ճանապարհը դեռ հինն էր. ոչ մի նորացում և ոչ մի առաջընթաց չկար։ Նրանք շարունակում էին կառչած մնալ Հիսուսի խաչելության փաստից, պահպանել մարդկանց ապաշխարել և իրենց մեղքերը խոստովանել խնդրելու կիրարկումը, հավատարիմ մնալ այն ասույթներին, որ նա, ով համբերում է մինչև վերջ, կփրկվի, և որ տղամարդը կնոջ գլուխն է, իսկ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, և առավել ևս այն ավանդական պատկերացմանը, որ քույրերը չեն կարող քարոզել, այլ միայն կարող են հնազանդվել։ Եթե առաջնորդության նման ձևը շարունակվեր պահպանվել, Սուրբ Հոգին երբեք չէր կարողանա նոր գործ կատարել, մարդկանց ազատել կանոններից կամ նրանց առաջնորդել դեպի ազատության և գեղեցկության տիրույթ։ Ուստի գործի այս փուլը, որը փոխում է դարաշրջանը, պահանջում է, որ Աստված Ինքը գործի և խոսի. հակառակ դեպքում ոչ մի մարդ չի կարող Նրա փոխարեն դա անել։ Մինչ այժմ Սուրբ Հոգու ողջ գործն այս հոսքից դուրս կանգ է առել, և նրանք, ովքեր օգտագործվում էին Սուրբ Հոգու կողմից, կորցրել են իրենց կողմնորոշումը։ Ուստի, քանի որ Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդկանց գործը նման չէ հենց Աստծու արած գործին, նրանց ինքնությունները և այն անձինք, որոնց անունից նրանք գործում են, նույնպես տարբեր են։ Պատճառն այն է, որ այն գործը, որը Սուրբ Հոգին մտադիր է անել, տարբեր է, և այս պատճառով նրանք, ովքեր նույն կերպ են գործ անում, տարբեր ինքնություններ և կարգավիճակներ ունեն։ Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդիկ կարող են նաև որոշակի նոր գործ անել և կարող են նաև վերացնել նախորդ դարաշրջանում արված որոշ գործեր, բայց նրանց արածը չի կարող արտահայտել Աստծու բնույթն ու մտադրությունները նոր դարաշրջանում։ Նրանք գործում են միայն նախորդ դարաշրջանի գործը վերացնելու համար, այլ ոչ թե նոր գործ անելու՝ հենց Աստծու բնույթն անմիջականորեն ներկայացնելու նպատակով։ Այսպիսով, անկախ նրանից, թե որքան հնացած կիրարկումներ են նրանք չեղյալ համարում կամ որքան նոր կիրարկումներ են ներմուծում, նրանք դեռ ներկայացնում են մարդուն և արարածներին։ Սակայն, երբ Աստված Ինքն է գործ կատարում, Նա բացահայտորեն չի հայտարարում հին դարաշրջանի կիրարկումները չեղյալ համարելու մասին կամ անմիջականորեն չի հայտարարում նոր դարաշրջանի սկիզբը։ Նա ուղիղ և շիտակ է Իր գործում։ Նա անկեղծ է այն գործն անելիս, որը մտադիր է անել. այսինքն՝ Նա անմիջականորեն արտահայտում է այն գործը, որը Նա առաջացրել է, անմիջականորեն անում է Իր գործն այնպես, ինչպես ի սկզբանե մտադրված էր՝ արտահայտելով Իր էությունն ու բնույթը։ Ինչպես մարդն է տեսնում, Նրա բնույթը և նաև Նրա գործը տարբերվում են անցյալ դարաշրջաններում եղածից։ Սակայն, հենց Աստծու տեսանկյունից, սա լոկ Նրա գործի շարունակությունն ու հետագա զարգացումն է։ Երբ Աստված Ինքն է գործում, Նա արտահայտում է Իր խոսքը և անմիջականորեն բերում է նոր գործը։ Ի հակադրություն դրան՝ երբ մարդն է գործում, դա արվում է խորհրդածության և ուսումնասիրության միջոցով, կամ դա գիտելիքի ընդլայնում և կիրարկման համակարգում է՝ հիմնված ուրիշների գործի վրա։ Այսինքն՝ մարդու արած գործի էությունը սահմանված կարգին հետևելն է և «հին ճանապարհները նոր կոշիկներով անցնելը»։ Սա նշանակում է, որ նույնիսկ Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդկանց անցած ճանապարհը կառուցված է հենց Աստծու սկսած ճանապարհի վրա։ Ուստի, վերջիվերջո, մարդը մնում է մարդ, իսկ Աստված մնում է Աստված։

Հովհաննեսը ծնվեց խոստումով, ճիշտ այնպես, ինչպես Իսահակը ծնվեց Աբրահամից։ Նա ճանապարհ հարթեց Հիսուսի համար և շատ գործ արեց, բայց նա Աստված չէր։ Ավելի շուտ, նա մարգարեներից մեկն էր, քանզի նա միայն ճանապարհ հարթեց Հիսուսի համար։ Նրա գործը նույնպես մեծ էր, և միայն նրա ճանապարհ հարթելուց հետո Հիսուսը պաշտոնապես սկսեց Իր գործը։ Ըստ էության, նա պարզապես ծառայություն մատուցեց Հիսուսին, և նրա արած գործը ծառայում էր Հիսուսի գործին։ Ճանապարհ հարթելն ավարտելուց հետո Հիսուսը սկսեց Իր գործը՝ մի գործ, որն ավելի նոր էր, ավելի որոշակի և ավելի մանրամասն։ Հովհաննեսն արեց գործի միայն սկզբնական մասը. նոր գործի մեծ մասը Հիսուսն արեց։ Հովհաննեսը նույնպես նոր գործ արեց, բայց նա չէր այն մեկը, ով բերեց նոր դարաշրջանը։ Հովհաննեսը ծնվեց խոստումով, և նրա անունը տրվեց հրեշտակի կողմից։ Այն ժամանակ ոմանք ուզում էին նրան անվանել իր հոր՝ Զաքարիայի անունով, բայց նրա մայրը խոսեց՝ ասելով։ «Այս երեխան չի կարող կոչվել այդ անունով։ Նա պետք է Հովհաննես կոչվի»։ Այս ամենը Սուրբ Հոգու հրամանով էր։ Հիսուսը նույնպես անվանվեց Սուրբ Հոգու հրամանով, Նա ծնվեց Սուրբ Հոգուց, և Նա խոստացվեց Սուրբ Հոգու կողմից։ Հիսուսն Աստված էր, Քրիստոսը և մարդու Որդին։ Բայց, քանի որ Հովհաննեսի գործը նույնպես մեծ էր, ինչո՞ւ նա Աստված չկոչվեց։ Հստակ ո՞րն էր տարբերությունը Հիսուսի արած գործի և Հովհաննեսի արած գործի միջև։ Արդյո՞ք միակ պատճառն այն էր, որ Հովհաննեսն էր Հիսուսի համար ճանապարհ հարթողը։ Թե՞ որովհետև դա կանխորոշված էր Աստծու կողմից։ Թեև Հովհաննեսը նույնպես ասաց։ «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը», և նա նույնպես քարոզեց երկնքի արքայության ավետարանը, նրա գործը հետագայում չզարգացավ և լոկ սկիզբ հաստատեց։ Ի հակադրություն դրան՝ Հիսուսը բերեց նոր դարաշրջանը, ինչպես նաև ավարտին հասցրեց հինը, բայց Նա նաև իրագործեց Հին Կտակարանի օրենքը։ Նրա կատարած գործն ավելի մեծ էր, քան Հովհաննեսինը, և ավելին՝ Նա եկավ փրկագնելու ողջ մարդկությանը. Նա կատարեց գործի այդ փուլը։ Ինչ վերաբերում է Հովհաննեսին, նա պարզապես ճանապարհ հարթեց։ Թեև նրա գործը մեծ էր, նրա խոսքերը՝ շատ, իսկ նրան հետևող աշակերտները՝ բազմաթիվ, նրա գործը մարդուն լոկ նոր սկիզբ բերեց։ Մարդը երբեք նրանից կյանք, ճանապարհ կամ ավելի խոր ճշմարտություններ չստացավ, ոչ էլ մարդը նրա միջոցով Աստծու մտադրությունների հասկացողություն ձեռք բերեց։ Հովհաննեսը մեծ մարգարե էր (Եղիան), ով տեղ բացեց Հիսուսի գործի համար և պատրաստեց թեկնածուներին. նա Շնորհքի դարաշրջանի նախակարապետն էր։ Նման հարցերը բացարձակապես չեն կարող զանազանվել՝ դիտարկելով նրանց բնականոն մարդկային տեսքը։ Սա առավել ևս տեղին է, քանի որ Հովհաննեսը նույնպես բավականին զգալի գործ արեց, և ավելին՝ նա խոստացված էր Սուրբ Հոգու կողմից, և նրա գործը պաշտպանվում էր Սուրբ Հոգու կողմից։ Այսպիսով՝ միայն նրանց արած գործի միջոցով է հնարավոր տարբերակել նրանց համապատասխան ինքնությունները, քանզի մարդու էությունը նրա արտաքին տեսքից իմանալու ոչ մի միջոց չկա, ոչ էլ մարդը որևէ կերպ կարող է պարզել, թե որն է Սուրբ Հոգու վկայությունը։ Հովհաննեսի արած գործը և Հիսուսի արած գործը նման չէին և տարբեր բնույթներ ունեին։ Մարդ պետք է որոշի՝ արդյոք Հովհաննեսն Աստված էր, թե ոչ՝ հիմնվելով դրա վրա։ Հիսուսի գործը սկսելն էր, շարունակելը, ավարտելը և իրականացնելը։ Նա կատարեց այս քայլերից յուրաքանչյուրը, մինչդեռ Հովհաննեսի գործն ընդամենը սկիզբ դնելն էր։ Սկզբում Հիսուսը քարոզեց ավետարանը և քարոզեց ապաշխարության ճանապարհը, իսկ հետո շարունակեց մարդկանց մկրտել, հիվանդներին բուժել և դևեր քշել։ Ի վերջո, Նա մարդկությանը փրկագնեց մեղքից և ավարտեց Իր գործն ամբողջ դարաշրջանի համար։ Նա նաև շրջեց ամենուր՝ քարոզելով մարդուն և քարոզելով երկնքի թագավորության ավետարանը։ Այս առումով Նա և Հովհաննեսը նման էին, տարբերությունն այն էր, որ Հիսուսը բերեց նոր դարաշրջանը և Շնորհքի դարաշրջանը բերեց մարդուն։ Նրա բերանից դուրս եկավ խոսքն այն մասին, թե ինչ պետք է մարդը կիրարկի, և այն ճանապարհը, որին մարդը պետք է հետևի Շնորհքի դարաշրջանում, և ի վերջո, Նա ավարտեց փրկագնման գործը։ Հովհաննեսը չէր կարող կատարել այս գործը։ Եվ այսպես, Հիսուսն էր, որ կատարեց Ինքնին Աստծու գործը, և Նա է, ով Աստված Ինքն է, և ով անմիջականորեն ներկայացնում է Աստծուն։ Մարդու պատկերացումներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր ծնվել են խոստումով, ծնվել են Հոգուց, պաշտպանվում են Սուրբ Հոգու կողմից և ովքեր նոր ճանապարհներ են բացում, Աստված են։ Ըստ այս տրամաբանության՝ Հովհաննեսը նույնպես Աստված կլիներ, և Մովսեսը, Աբրահամը և Դավիթը… նրանք նույնպես բոլորն Աստված կլինեին։ Մի՞թե սա կատարյալ կատակ չէ։

Իր սպասավորությունը կատարելուց առաջ Հիսուսը նույնպես լոկ բնականոն մարդ էր, որը գործում էր համաձայն այն ամենի, ինչ անում էր Սուրբ Հոգին։ Անկախ նրանից՝ Նա այն ժամանակ գիտակցում էր Իր իսկ ինքնությունը, թե ոչ, Նա հնազանդվեց այն ամենին, ինչ գալիս էր Աստծուց։ Սուրբ Հոգին երբեք չբացահայտեց Նրա ինքնությունը նախքան Նրա սպասավորության սկսվելը։ Միայն Իր սպասավորությունը սկսելուց հետո էր, որ Նա չեղյալ համարեց այդ կանոններն ու այդ օրենքները, և միայն այն ժամանակ, երբ Նա պաշտոնապես սկսեց կատարել Իր սպասավորությունը, Նրա խոսքերը լցվեցին իշխանությամբ և զորություն ունեցան։ Միայն Իր սպասավորությունը սկսելուց հետո սկսվեց նոր դարաշրջան առաջացնելու Նրա գործը։ Դրանից առաջ Սուրբ Հոգին թաքնված մնաց Նրա մեջ 29 տարի, որի ընթացքում Նա ներկայացնում էր միայն մարդուն և չուներ Աստծու ինքնությունը։ Աստծու գործը սկսվեց նրանով, որ Նա աշխատեց և կատարեց Իր սպասավորությունը։ Նա կատարեց Իր գործն Իր ներքին ծրագրի համաձայն՝ անկախ նրանից, թե մարդը որքան գիտեր Նրա մասին, և Նրա կատարած գործն Ինքնին Աստծու անմիջական ներկայացումն էր։ Այն ժամանակ Հիսուսը հարցրեց Իր շրջապատի մարդկանց։ «Դուք ի՞նչ եք ասում, ո՞վ եմ Ես»։ Նրանք պատասխանեցին։ «Դու մեծագույնն ես մարգարեներից և մեր հիանալի բժիշկը»։ Իսկ ոմանք պատասխանեցին։ «Դու մեր քահանայապետն ես» և այլն։ Ամեն տեսակ պատասխաններ տրվեցին, ոմանք նույնիսկ ասացին, որ Նա Հովհաննեսն է, որ Նա Եղիան է։ Ապա Հիսուսը շրջվեց դեպի Սիմոն Պետրոսը և հարցրեց։ «Դու ի՞նչ ես ասում, ո՞վ եմ Ես»։ Պետրոսը պատասխանեց։ «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։ Այդ ժամանակից ի վեր մարդիկ գիտակցեցին, որ Նա Աստված է։ Երբ Նրա ինքնությունը հայտնի դարձավ, Պետրոսն էր, որ առաջինը գիտակցեց դա, և նրա բերանից էր, որ դա խոսվեց։ Ապա Հիսուսը հայտարարեց։ «Այն, ինչ դու ասացիր, չբացահայտվեց մսեղիի և արյան կողմից, այլ Իմ Հոր կողմից»։ Իր մկրտությունից հետո, անկախ նրանից՝ ուրիշները գիտեին դրա մասին, թե ոչ, Նրա կատարած գործն Աստծու անունից էր։ Նա Իր գործն իրականացնելու համար եկավ, այլ ոչ թե Իր ինքնությունը բացահայտելու։ Միայն այն բանից հետո, երբ Պետրոսը խոսեց դրա մասին, Նրա ինքնությունը բացահայտորեն հայտնի դարձավ։ Անկախ նրանից՝ գիտակցում էիր, որ Նա Աստված Ինքն է, թե ոչ, երբ ժամանակը եկավ, Նա սկսեց Իր գործը։ Եվ անկախ նրանից՝ գիտեիր դրա մասին, թե ոչ, Նա, միևնույն է, շարունակեց Իր գործը։ Նույնիսկ եթե ուրանայիր դա, Նա դեռ կկատարեր Իր գործը և կիրականացներ այն, երբ դա անելու ժամանակը գար։ Նա Իր գործն անելու և Իր սպասավորությունը կատարելու համար եկավ, ոչ թե նրա համար, որ մարդը ճանաչի Նրա մսեղին, այլ որպեսզի մարդը հասկանա Նրա գործը։ Եթե չես կարողացել ճանաչել, որ գործի այսօրվա փուլն Ինքնին Աստծու գործն է, դա այն պատճառով է, որ տեսիլք չունես։ Այնուամենայնիվ, չես կարող ուրանալ գործի այս փուլը. քո՝ այն չճանաչելը չի ապացուցում, որ Սուրբ Հոգին չի գործում, կամ որ Նրա գործը սխալ է։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ ստուգում են ներկա գործը՝ համեմատելով այն Աստվածաշնչում Հիսուսի գործի հետ, և օգտագործում են ցանկացած անհամապատասխանություն՝ ուրանալու համար գործի այս փուլը։ Մի՞թե սա ծայրաստիճան կույր լինել չէ։ Այն բաները, որոնք գրված են Աստվածաշնչում, սահմանափակ են՝ դրանք չեն կարող ներկայացնել Աստծու գործն իր ամբողջության մեջ։ Չորս Ավետարանները միասին հարյուրից պակաս գլուխ ունեն, որոնցում գրված են սահմանափակ թվով իրադարձություններ, ինչպիսիք են՝ Հիսուսի՝ թզենին անիծելը, Պետրոսի՝ Տիրոջը երեք անգամ ուրանալը, Հիսուսի հայտնվելն աշակերտներին խաչելությունից և հարությունից հետո, ծոմապահության մասին ուսուցումը, աղոթքի մասին ուսուցումը, ամուսնալուծության մասին ուսուցումը, Հիսուսի ծնունդն ու ծագումնաբանությունը, Հիսուսի՝ աշակերտներին նշանակելը և այլն։ Սակայն մարդը դրանք գնահատում է որպես գանձեր՝ նույնիսկ այսօրվա գործը համեմատելով դրանց հետ։ Նրանք նույնիսկ հավատում են, որ Հիսուսի ողջ կյանքում կատարած գործն ընդամենն այսքանն էր, ասես Աստված ի վիճակի էր անելու միայն այսքանը և ոչ ավելին։ Մի՞թե սա անհեթեթություն չէ։

Հիսուսի` երկրի վրա անցկացրած ժամանակը երեսուներեքուկես տարի էր, այսինքն՝ Նա երկրի վրա ապրեց երեսուներեքուկես տարի։ Այս ժամանակից միայն երեքուկես տարին ծախսվեց Իր սպասավորությունը կատարելու վրա. մնացած ժամանակը Նա պարզապես բնականոն մարդկային կյանքով էր ապրում։ Սկզբում Նա մասնակցում էր ժողովարանի ծառայություններին և այնտեղ լսում քահանաների՝ Սուրբ Գրքի մեկնաբանությունը և ուրիշների քարոզները։ Նա Աստվածաշնչից շատ գիտելիք ձեռք բերեց. Նա չէր ծնվել նման գիտելիքով և այն ձեռք բերեց միայն կարդալու և լսելու միջոցով։ Աստվածաշնչում հստակ գրված է, որ տասներկու տարեկանում Նա հարցեր էր տալիս ժողովարանի ուսուցիչներին՝ ինչի՞ մասին են հին մարգարեների մարգարեությունները։ Ի՞նչ կասեք Մովսեսի օրենքների մասին։ Իսկ Հին Կտակարանի՞։ Եվ ի՞նչ կասեք Աստծուն ծառայող և տաճարում քահանայական հանդերձներ կրող մարդու մասին… Նա շատ հարցեր տվեց, քանզի ո՛չ գիտելիք ուներ, ո՛չ էլ հասկացողություն։ Թեև Նա սաղմնավորվել էր Սուրբ Հոգուց, Նա ծնվեց որպես լիովին բնականոն մարդ. չնայած Նրա անհատականության որոշ հատուկ կողմերին՝ Նա, միևնույն է, բնականոն մարդ էր։ Նրա իմաստությունն անընդհատ աճում էր Իր հասակին և տարիքին համաչափ, և Նա անցավ բնականոն մարդկային կյանքի փուլերով։ Մարդկանց երևակայության մեջ Հիսուսը մանկություն և պատանեկություն չի ունեցել. ծնվելուն պես Նա սկսել է ապրել երեսնամյա մարդու կյանքով և Իր գործն ավարտելուն պես խաչվել է։ Հավանաբար Նա չի գնացել բնականոն մարդու կյանքի փուլերի միջով. Նա ո՛չ ուտում էր, ո՛չ էլ այլ մարդկանց հետ շփվում, և մարդկանց համար հեշտ չէր Նրան տեսնելը։ Հավանաբար Նա տարօրինակ մեկն էր, ով կվախեցներ Իրեն տեսնողներին, որովհետև Նա Աստված էր։ Մարդիկ հավատում են, որ մսեղիում եկած Աստված հաստատապես չի ապրում բնականոն մարդկային կյանք. նրանք հավատում են, որ Նա մաքուր է՝ առանց Իր ատամները խոզանակելու կամ Իր դեմքը լվանալու կարիք ունենալու, որովհետև սուրբ անձնավորություն է։ Մի՞թե սրանք զուտ մարդու պատկերացումները չեն։ Աստվածաշունչը ոչ մի գրառում չի անում մարդկայնության մեջ Հիսուսի կյանքի մասին, այլ միայն Նրա գործի մասին, բայց սա չի ապացուցում, որ Նա չուներ բնականոն մարդկայնություն, կամ որ Նա չի ապրել բնականոն մարդկային կյանքով մինչև երեսուն տարեկանը։ Նա պաշտոնապես սկսեց Իր գործը 29 տարեկանում, բայց դու չես կարող ջնջել մարդկայնության մեջ Նրա ողջ կյանքը մինչև այդ տարիքը։ Աստվածաշունչը պարզապես իր գրառումներից բաց է թողել այդ ժամանակահատվածը. քանի որ դա բնականոն մարդկայնության մեջ Նրա կյանքն էր, այլ ոչ թե Նրա աստվածային գործի ժամանակահատվածը, այն գրի առնելու կարիք չկար։ Քանզի Հիսուսի մկրտությունից առաջ Սուրբ Հոգին անմիջականորեն չէր գործում, այլ լոկ պահպանում էր Նրան Իր կյանքում որպես բնականոն մարդ, մինչև այն օրը, երբ Հիսուսը պետք է կատարեր Իր սպասավորությունը։ Թեև Նա մարմնացած Աստված էր, հասունանալու գործընթաց անցավ այնպես, ինչպես բնականոն մարդն է անցնում։ Հասունացման այդ գործընթացը բաց է թողնվել Աստվածաշնչից։ Այն բաց է թողնվել, որովհետև չէր կարող մեծ օգնություն ցուցաբերել կյանքում մարդու աճին։ Նրա մկրտությունից առաջ ընկած ժամանակահատվածը թաքնված ժամանակահատված էր, որի ընթացքում Նա ոչ մի նշան և հրաշք չգործեց։ Հիսուսի գործը միայն Իր մկրտությունից հետո էր մարդկության փրկագնումը՝ առատ և լի շնորհով, ճշմարտությամբ, ողորմությամբ և գթասրտությամբ։ Այս գործի սկիզբը ճշգրտորեն նաև Շնորհքի դարաշրջանի սկիզբն էր, այդ պատճառով այն գրի առնվեց և փոխանցվեց մինչև մեր օրերը։ Դա ճանապարհ բացելու և ամեն ինչ իրագործելու համար էր, որպեսզի Շնորհքի դարաշրջանում գտնվողները քայլեին Շնորհքի դարաշրջանի ճանապարհով և խաչի ճանապարհով։ Թեև այն գալիս է մարդու գրած գրառումներից, ամեն ինչ փաստ է՝ բացառությամբ այն բանի, որ տեղ-տեղ փոքր սխալներ են հանդիպում։ Սակայն չի կարելի ասել, որ այս գրառումները ճշմարտացի չեն։ Գրի առնված նյութերը լիովին փաստացի են. պարզապես դրանք գրի առնելիս մարդիկ սխալներ են թույլ տվել։ Կան ոմանք, ովքեր կասեն, որ եթե Հիսուսը բնականոն և սովորական մարդկայնություն ունեցող մեկն էր, ապա ինչպե՞ս կարող էր Նա ի վիճակի լինել նշաններ ու հրաշքներ գործելու։ Քառասուն օրվա փորձությունը, որով Հիսուսն անցավ, հրաշալի նշան էր՝ մի բան, որին բնականոն մարդն անկարող կլիներ հասնել։ Նրա քառասուն օրվա փորձությունը Սուրբ Հոգու գործելու բնույթի մեջ էր. ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, որ Նրա մեջ գերբնականի նշույլ անգամ չկար։ Նշաններ ու հրաշքներ գործելու Նրա կարողությունը չի ապացուցում, որ Նա գերբնական անձնավորություն էր, այլ ոչ թե բնականոն մեկը. պարզապես Սուրբ Հոգին գործեց Նրա պես բնականոն մարդու մեջ՝ այդպիսով Նրա համար հնարավոր դարձնելով հրաշքներ գործելը և է՛լ ավելի մեծ գործ անելը։ Նախքան Հիսուսի՝ Իր սպասավորությունը կատարելը, կամ ինչպես Աստվածաշունչն է ասում՝ նախքան Սուրբ Հոգու՝ Նրա վրա իջնելը, Հիսուսն ընդամենը բնականոն մարդ էր և ոչ մի կերպ գերբնական չէր։ Երբ Սուրբ Հոգին իջավ Նրա վրա, այսինքն, երբ Նա սկսեց Իր սպասավորության կատարումը, Նա տոգորվեց գերբնականով։ Այսկերպ մարդը սկսում է հավատալ, որ Աստծու մարմնացած մսեղին չունի բնականոն մարդկայնություն. Ավելին՝ նա սխալմամբ կարծում է, որ մարմնացած Աստված ունի միայն աստվածայնություն, ոչ թե մարդկայնություն։ Անշուշտ, երբ Աստված գալիս է երկիր՝ Իր գործն անելու, այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են, գերբնական իրադարձություններ են։ Այն, ինչ նրանք տեսնում են իրենց աչքերով, և այն, ինչ լսում են իրենց ականջներով, ամբողջովին գերբնական է, քանզի Նրա գործը և Նրա խոսքերն անհասկանալի և անհասանելի են նրանց համար։ Եթե երկնային մի բան երկիր է բերվում, ինչպե՞ս կարող է գերբնականից բացի այլ բան լինել։ Երբ երկնքի թագավորության խորհուրդները բերվում են երկիր՝ խորհուրդներ, որոնք անհասկանալի և անըմբռնելի են մարդու համար, որոնք չափազանց հրաշալի և իմաստուն են, մի՞թե դրանք բոլորը գերբնական չեն։ Սակայն պետք է իմանաս, որ որքան էլ այն գերբնական լինի, ամեն ինչ իրականացվում է Նրա բնականոն մարդկայնության ներսում։ Աստծու մարմնացած մսեղին մարդկայնություն ունի. եթե չունենար, ապա Նա Աստծու մարմնացած մսեղին չէր լինի։ Հիսուսն Իր ժամանակներում բազմաթիվ հրաշքներ գործեց։ Այն, ինչ տեսան այն ժամանակվա իսրայելացիները, լի էր գերբնական բաներով. նրանք տեսան հրեշտակների և սուրհանդակների և լսեցին Եհովայի ձայնը։ Մի՞թե սրանք բոլորը գերբնական չէին։ Անշուշտ, այսօր կան որոշ չար ոգիներ, որոնք գերբնական բաներով մոլորեցնում են մարդուն. դա ընդամենը նրանց կողմից նմանակում է՝ մարդուն մոլորեցնելու այնպիսի գործի միջոցով, որը ներկայում Սուրբ Հոգու կողմից չի արվում։ Շատ մարդիկ հրաշքներ են գործում, հիվանդներին են բուժում և դևեր քշում. սրանք ընդամենը չար ոգիների գործն են, քանզի Սուրբ Հոգին մեր օրերում այլևս նման գործ չի անում, և բոլոր նրանք, ովքեր այդ ժամանակից ի վեր նմանակել են Սուրբ Հոգու գործը, իսկապես չար ոգիներ են։ Այն ժամանակ Իսրայելում իրականացված ողջ գործը գերբնական բնույթի գործ էր, թեև Սուրբ Հոգին այժմ նման կերպ չի գործում, և ցանկացած նման գործ այժմ Սատանայի նմանակումն ու կեղծիքն է և նրա անհանգստությունը։ Բայց չես կարող ասել, որ այն ամենը, ինչ գերբնական է, գալիս է չար ոգիներից. դա կախված կլինի Աստծու գործի դարաշրջանից։ Դիտարկեք մարմնացած Աստծու՝ մեր օրերում արած գործը. դրա ո՞ր տեսանկյունը գերբնական չէ։ Նրա խոսքերն անհասկանալի և անհասանելի են քեզ համար, և Նրա արած գործը ոչ մի մարդ չի կարող անել։ Այն, ինչ Նա հասկանում է, մարդը հասկանալու ոչ մի միջոց չունի, իսկ ինչ վերաբերում է Նրա գիտելիքին, մարդը չգիտի, թե որտեղից է այն գալիս։ Ոմանք ասում են. «Ես նույնքան բնականոն եմ, որքան Դու, բայց ինչպե՞ս է պատահում, որ ես չգիտեմ այն, ինչ Դու գիտես։ Ես ավելի մեծ եմ և փորձառությամբ ավելի հարուստ, սակայն ինչպե՞ս կարող ես Դու իմանալ այն, ինչ ես չգիտեմ»։ Այս ամենը, ինչ վերաբերում է մարդուն, մի բան է, որին մարդը հասնելու ոչ մի միջոց չունի։ Ապա կան նրանք, ովքեր ասում են. «Ոչ ոք չգիտի այն գործի մասին, որն իրականացվել է Իսրայելում, և նույնիսկ Աստվածաշնչի մեկնաբանները չեն կարող բացատրություն տալ. ինչպե՞ս է պատահում, որ Դու գիտես»։ Մի՞թե սրանք բոլորը գերբնական հարցեր չեն։ Նա հրաշքների փորձառություն չունի, սակայն ամեն ինչ գիտի. Նա մեծագույն հեշտությամբ է խոսում և արտահայտում ճշմարտությունը։ Մի՞թե սա գերբնական չէ։ Նրա գործը գերազանցում է այն, ինչին կարող է հասնել մսեղին։ Այն անհասանելի է մսեղիից մարմին ունեցող ցանկացած մարդու մտքի համար և լիովին աներևակայելի է մարդու մտքի տրամաբանության համար։ Թեև Նա երբեք չի կարդացել Աստվածաշունչը, Նա հասկանում է Աստծու գործն Իսրայելում։ Եվ թեև Նա կանգնած է երկրի վրա, երբ խոսում է, Նա խոսում է երրորդ երկնքի խորհուրդների մասին։ Երբ մարդը կարդա այս խոսքերը, նա կզգա. «Մի՞թե սա երրորդ երկնքի լեզուն չէ»։ Մի՞թե սրանք բոլորն այնպիսի հարցեր չեն, որոնք գերազանցում են այն, ինչին բնականոն մարդն ի վիճակի է հասնելու։ Այն ժամանակ, երբ Հիսուսն անցավ քառասուն օրվա ծոմապահության միջով, մի՞թե դա գերբնական չէր։ Եթե ասում ես, որ քառասուն օրվա ծոմապահությունը բոլոր դեպքերում գերբնական է, չար ոգիների արարք, ապա մի՞թե չես դատապարտել Հիսուսին։ Իր սպասավորությունը կատարելուց առաջ Հիսուսը բնականոն մարդու նման էր. Նա նույնպես դպրոց էր գնում. ուրիշ ինչպե՞ս կարող էր կարդալ և գրել սովորել։ Երբ Աստված մսեղի դարձավ, Հոգին թաքնված մնաց մսեղիի մեջ։ Այնուամենայնիվ, լինելով բնականոն մարդ, անհրաժեշտ էր, որ Նա աճի և հասունացման գործընթաց անցներ, և մինչև Նրա ճանաչողական կարողությունը չհասունանար, և Նա ի վիճակի չլիներ թափանցելու բաների էության մեջ, չէր կարող բնականոն մարդ համարվել։ Միայն Իր մարդկայնության հասունանալուց հետո էր, որ Նա կարող էր կատարել Իր սպասավորությունը։ Ինչպե՞ս կարող էր Նա կատարել Իր սպասավորությունը, երբ Իր բնականոն մարդկայնությունը դեռ հասուն չէր՝ իսկ Նրա ողջամտությունը՝ առողջ։ Անշուշտ, չէր կարելի ակնկալել, որ Նա Իր սպասավորությունը վեց կամ յոթ տարեկանում կկատարեր։ Ինչո՞ւ Աստված բացահայտորեն չդրսևորեց Իրեն, երբ առաջին անգամ մսեղի դարձավ։ Դա այն պատճառով էր, որ Նրա մսեղիի մարդկայնությունը դեռ հասուն չէր. Նրա մսեղիի ճանաչողական գործընթացները, ինչպես նաև այս մսեղիի բնականոն մարդկայնությունը լիովին Նրա տիրապետության տակ չէին։ Այս պատճառով Նրա համար բացարձակ անհրաժեշտություն էր օժտված լինել բնականոն մարդկայնությամբ և բնականոն մարդկայնության առողջ բանականությամբ այն աստիճան, որ Նա բավականաչափ հագեցած լիներ մսեղիում Իր գործը ստանձնելու համար՝ նախքան կկարողանար Իր գործը սկսել։ Եթե Նա համապատասխան չլիներ առաջադրանքին, անհրաժեշտ կլիներ, որ շարունակեր աճել և հասունանալ։ Եթե Հիսուսն Իր գործը սկսեր յոթ կամ ութ տարեկանում, մի՞թե մարդը Նրան որպես հրաշամանուկ չէր դիտարկի։ Մի՞թե բոլոր մարդիկ Նրան երեխա չէին համարի։ Ո՞վ Նրան համոզիչ կհամարեր։ Յոթ կամ ութ տարեկան երեխա, որն ավելի բարձրահասակ չէր, քան այն ամբիոնը, որի հետևում կանգնած էր. արդյո՞ք Նա պիտանի կլիներ քարոզելու համար։ Նախքան Նրա բնականոն մարդկայնության հասունանալը, Նա պատրաստ չէր առաջադրանքին։ Ինչ վերաբերում է Նրա մարդկայնությանը, որը դեռ հասուն չէր, գործի մի զգալի մասը պարզապես անհասանելի էր։ Մսեղիում Աստծու Հոգու գործի համար նաև սկզբունքներ կան։ Միայն այն ժամանակ, երբ Նա հագեցած է բնականոն մարդկայնությամբ, կարող է ստանձնել Հոր համար գործը և ստանձնել Հոր՝ Իրեն տված հանձնարարությունը։ Միայն այդ ժամանակ Նա կարող է սկսել Իր գործը։ Իր մանկության տարիներին Հիսուսը պարզապես չէր կարող հասկանալ հնագույն ժամանակներում տեղի ունեցած շատ բաներ, և Նա հասկացավ միայն ժողովարանի ուսուցիչներին հարցնելու միջոցով։ Եթե սկսեր Իր գործը հենց որ խոսել սովորեր, ինչպե՞ս հնարավոր կլիներ, որ Նա սխալներ չաներ։ Ինչպե՞ս կարող էր Աստված սխալ քայլեր անել։ Ուստի միայն այն բանից հետո, երբ Նա ի վիճակի էր աշխատելու, Նա սկսեց Իր գործը. Նա ոչ մի գործ չիրականացրեց, մինչև լիովին ի վիճակի չեղավ այն ստանձնելու։29 տարեկանում Հիսուսն արդեն բավականին հասուն էր, և Նրա մարդկայնությունը բավարար էր ստանձնելու այն գործը, որը Նա պետք է աներ։ Միայն այդ ժամանակ Աստծու Հոգին պաշտոնապես սկսեց գործել Նրա մեջ։ Այն ժամանակ Հովհաննեսը յոթ տարի պատրաստվել էր, որպեսզի ճանապարհ բացեր Նրա համար, և իր գործն ավարտելուն պես նա բանտ նետվեց։ Այդ ժամանակ բեռն ամբողջությամբ ընկավ Հիսուսի վրա։ Եթե Նա այս գործը 21 կամ 22 տարեկանում ստանձներ, մի ժամանակ, երբ Նրա մարդկայնությունը շատ անբավարար էր, երբ Նա նոր էր մուտք գործել երիտասարդ տարիք, և կային շատ բաներ, որոնք դեռ չէր հասկանում, ապա անկարող կլիներ վերահսկողություն ստանձնել։ Այն ժամանակ Հովհաննեսն արդեն որոշ ժամանակ իրականացրել էր իր գործը, նախքան Հիսուսը կսկսեր Իր գործը, որի ժամանակ Նա արդեն միջին տարիքում էր։ Այդ տարիքում Նրա բնականոն մարդկայնությունը բավարար էր ստանձնելու այն գործը, որը Նա պետք է աներ։ Այժմ մարմնացած Աստված նույնպես բնականոն մարդկայնություն ունի ու թեև ձեզնից ավելի տարեցների համեմատ հասուն չէ, այս մարդկայնությունն արդեն իսկ բավարար է Իր գործը ստանձնելու համար։ Այսօրվա գործի շուրջ ստեղծված հանգամանքներն ամբողջությամբ նույնը չեն, ինչ Հիսուսի ժամանակներում։ Ինչո՞ւ Հիսուսն ընտրեց տասներկու առաքյալներին։ Դա ամբողջովին Իր գործին աջակցելու և դրա հետ համահունչ լինելու համար էր։ Մի կողմից՝ դա այն ժամանակ Իր գործի համար հիմք դնելու համար էր, իսկ մյուս կողմից՝ հաջորդող օրերին Իր գործի համար հիմք դնելու։ Համաձայն այն ժամանակվա գործի՝ Հիսուսն ընտրեց տասներկու առաքյալներին. սա Հիսուսի մտադրությունն էր, ինչպես նաև Ինքնին Աստծու մտադրությունը։ Նա հավատում էր, որ պետք է ընտրի տասներկու առաքյալներին և ապա նրանց առաջնորդի ամենուր քարոզելու։ Բայց այսօր ձեր մեջ դրա կարիքը չկա՛։ Երբ մարմնացած Աստված գործում է մսեղիում, կան բազմաթիվ սկզբունքներ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք մարդը պարզապես չի հասկանում. մարդն անընդհատ օգտագործում է իր սեփական պատկերացումները՝ Նրան չափելու կամ Աստծուն չափազանց մեծ պահանջներ ներկայացնելու համար։ Սակայն մինչ օրս շատ մարդիկ լիովին անտեղյակ են, որ իրենց գիտելիքը բաղկացած է բացառապես իրենց սեփական պատկերացումներից։ Անկախ նրանից, թե որ դարաշրջանում կամ վայրում է Աստված մարմնանում, մսեղիում Նրա գործի սկզբունքներն անփոփոխ են մնում։ Նա չի կարող մսեղի դառնալ և միևնույն ժամանակ գերազանցել մսեղին Իր գործում. առավել ևս Նա չի կարող մսեղի դառնալ և միևնույն ժամանակ չգործել մսեղիի բնականոն մարդկայնության մեջ։ Հակառակ դեպքում, Աստծու մարմնացման նշանակությունը կվերանար, և Խոսքի՝ մսեղի դառնալն առավել ևս լիովին անիմաստ կդառնար։ Ավելին՝ միայն երկնքում գտնվող Հայրը (Հոգին) գիտի Աստծու մարմնացման մասին, և ուրիշ ոչ ոք, նույնիսկ Ինքը՝ մսեղին, կամ երկնքի սուրհանդակները։ Այսպիսով՝ Աստծու գործը մսեղիում է՛լ ավելի բնականոն է և է՛լ ավելի լավ կարող է ցույց տալ, որ Ճանապարհն իսկապես մսեղի է դարձել[ա], իսկ մսեղին սովորական և բնականոն մարդ է նշանակում։

Ոմանք կարող են զարմանալ. «Ինչո՞ւ պետք է Աստված Ինքը բացի դարաշրջանը։ Մի՞թե արարածը չի կարող կանգնել Նրա փոխարեն»։ Դուք բոլորդ տեղյակ եք, որ Աստված մսեղի է դառնում նոր դարաշրջան բացելու հստակ նպատակով, և, իհարկե, երբ Նա նոր դարաշրջան է բացում, միևնույն ժամանակ ավարտած կլինի նախորդ դարաշրջանը։ Աստված Սկիզբն ու Վերջն է. Նա Իր գործը սկսողն է, և ուստի Ինքը պետք է ավարտի նախորդ դարաշրջանը։ Դա Նրա՝ Սատանային պարտության մատնելու և աշխարհի նկատմամբ Նրա հաղթանակի ապացույցն է։ Ամեն անգամ, երբ Նա Ինքն է գործում մարդկանց մեջ, դա նոր ճակատամարտի սկիզբ է։ Առանց նոր գործի սկզբի, բնականաբար, հնի ավարտ չէր լինի։ Իսկ երբ հնի ավարտ չկա, դա ապացույց է, որ Սատանայի հետ ճակատամարտը դեռ պետք է ավարտվի։ Միայն այն դեպքում, եթե Աստված Ինքը գա և նոր գործ իրականացնի մարդկանց մեջ, մարդը կարող է լիովին ազատվել Սատանայի իշխանությունից և նոր կյանք ու նոր սկիզբ ձեռք բերել։ Հակառակ դեպքում մարդը հավիտյան կապրի հին դարաշրջանում և հավիտյան կապրի Սատանայի հին ազդեցության տակ։ Աստծու կողմից առաջնորդվող յուրաքանչյուր դարաշրջանի հետ մարդու մի մասն ազատվում է, և այսպիսով՝ մարդն Աստծու գործի հետ միասին առաջ է ընթանում դեպի նոր դարաշրջան։ Աստծու հաղթանակը նշանակում է հաղթանակ բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Նրան։ Եթե արարված մարդկությանը հանձնարարվեր ավարտել դարաշրջանը, ապա մարդու տեսանկյունից լիներ, թե Սատանայի, ընդամենը Աստծուն հակառակելու կամ դավաճանելու գործողություն կլիներ, ոչ թե Աստծուն հնազանդվելու, և մարդու գործը լծակ կդառնար Սատանայի համար։ Միայն այն դեպքում, եթե մարդը հնազանդվում և հետևում է Աստծուն հենց Աստծու սկսած դարաշրջանում, Սատանան կարող է լիովին համոզվել, քանզի դա արարածի պարտավորությունն է։ Ուստի Ես ասում եմ, որ ձեզնից պահանջվում է միայն հետևել և հնազանդվել և ոչ ավելին։ Սա է նշանակում, որ յուրաքանչյուրը պահպանում է իր պարտավորությունը և յուրաքանչյուրը կատարում է իր համապատասխան գործառույթը։ Աստված անում է Իր սեփական գործը և կարիք չունի, որ մարդն Իր փոխարեն անի, ոչ էլ Նա մասնակցում է արարածների գործին։ Մարդն անում է իր իսկ պարտավորությունը և չի մասնակցում Աստծու գործին։ Սա է նշանակում հնազանդություն, և սա Սատանայի պարտության ապացույցն է։ Այն բանից հետո, երբ Ինքնին Աստված ավարտում է նոր դարաշրջան բացելը, Նա այլևս չի իջնում մարդկության մեջ գործելու։ Միայն այդ ժամանակ է մարդը պաշտոնապես մուտք գործում նոր դարաշրջան՝ կատարելու իր պարտավորությունը և իրականացնելու իր առաքելությունը որպես արարած։ Սրանք այն սկզբունքներն են, որոնցով Աստված գործում է, որոնք ոչ ոք չի կարող խախտել։ Միայն այսկերպ գործելն է խելամիտ և ողջամիտ։ Աստծու գործն արվում է Ինքնին Աստծու կողմից։ Նա սկսում է Իր գործը, և Նա ավարտում է Իր գործը։ Նա ծրագրում է գործը, և Նա կառավարում է այն, և առավել ևս Նա է իրականացնում գործը։ Ինչպես ասված է Աստվածաշնչում. «Ես եմ Սկիզբը և Վերջը. Ես եմ Սերմնացանը և Հնձողը»։ Այս ողջ գործը, որը վերաբերում է Աստծու կառավարմանը, արվում է Ինքնին Աստծու կողմից։ Նա վեցհազարամյա կառավարման ծրագրի Գերիշխանն է. ոչ ոք չի կարող Նրա գործն Իր փոխարեն անել, և ոչ ոք չի կարող ավարտին հասցնել Նրա գործը, քանզի Նա Ինքն է ամեն ինչ պահում Իր ձեռքում։ Ստեղծելով աշխարհը՝ Նա ողջ աշխարհին կառաջնորդի Իր լույսի մեջ ապրելու, և Նա նաև անշուշտ կավարտի ողջ դարաշրջանը՝ դրանով իսկ իրագործելով Իր ողջ ծրագիրը։

Ծանոթություն

ա. Թեև անգլերենում հանդիպում է միայն մեկ եզրույթ՝ «Խոսք», բնագիր չինարեն տեքստում օգտագործվում է երկու եզրույթ՝ 道 (դաո) և 话 (հուա)։道 (դաո) վերաբերում է Աստծու արտահայտած բոլոր խոսքերին՝ մարդկությանը փրկելու համար. խոսքեր, որոնք կարող են ազատել մարդկությանը Սատանայի ապականված բնույթից, Սատանայի կապանքներից և խավարի իշխանությունից։

话 (հուա) վերաբերում է Աստծու արտահայտած խոսքերին։

Նախորդը.  Կիրարկում (2)

Հաջորդը.  Մարմնացման առեղծվածը (2)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger