Կիրարկում (8)
Դեռ չեք հասկանում ճշմարտության տարբեր կողմերը, և ձեր կիրարկման մեջ դեռ կան բավականին շատ խեղաթյուրումներ. շատ ոլորտներում դեռ ապրում եք ձեր պատկերացումներով և երևակայություններով՝ երբեք ի վիճակի չլինելով ընկալել կիրարկման սկզբունքները։ Ուստի դեռևս անհրաժեշտ է ուղղորդել մարդկանց՝ մտնելու ճիշտ ուղի, ինչը նշանակում է, որ նրանք ի վիճակի են կարգավորել իրենց մարդկային և հոգևոր կյանքը, գիտեն՝ ինչպես կիրարկել երկու կողմերում էլ և հաճախակի աջակցության կամ ուղղորդման կարիք չեն ունենա։ Միայն այդ ժամանակ կունենան ճշմարիտ հասակ։ Եվ նույնիսկ եթե ապագայում ոչ ոք չլինի, որ ուղղորդի քեզ, դեռ կկարողանաս ինքնուրույն փորձառաբար ապրել։ Այսօր, եթե ընկալես, թե ճշմարտության որ կողմերն են վճռորոշ և որոնք՝ ոչ, ապագայում կկարողանաս մտնել իրականության մեջ։ Այսօր ձեզ առաջնորդում են ճիշտ ճանապարհով՝ թույլ տալով հասկանալ շատ ճշմարտություններ, և ապագայում կկարողանաք ավելի խորանալ։ Կարելի է ասել, որ այն, ինչ հիմա մարդկանց տրվում է հասկանալու, ամենամաքուր ճանապարհն է։ Այսօր քեզ տանում են ճիշտ ուղով, և երբ մի օր ոչ ոք չլինի՝ քեզ ուղղորդելու, կկիրարկես և ավելի խորը կառաջադիմես՝ համաձայն բոլոր ուղիներից այս ամենամաքուրի։ Այսօր մարդկանց տրվում է հասկանալու, թե կիրարկման որ տեսակներն են ճիշտ, և որոնք են շեղված։ Այս ամենը հասկանալուց հետո ապագայում նրանց փորձառություններն ավելի կխորանան։ Այսօր ձեր կիրարկման մեջ եղած պատկերացումները, երևակայությունները և շեղումները փոխում են իրենց ուղղությունը, և կիրարկման ու մուտքի ուղին բացահայտվում է ձեզ, ինչից հետո աշխատանքի այս փուլը կավարտվի, և կսկսեք քայլել այն ճանապարհով, որով պետք է քայլեք` որպես մարդիկ։ Այնժամ Իմ գործը կավարտվի, և այդ պահից սկսած՝ այլևս չեք հանդիպի Ինձ։ Այսօր ձեր հասակը դեռևս չնչին է։ Կան բազմաթիվ դժվարություններ, որոնք բխում են մարդու բնական էությունից, և կան նաև որոշ արմատացած իրողություններ, որոնք դեռ պետք է բացահայտվեն։ Դուք չեք հասկանում մարդկանց բնական էության առավել նուրբ մանրամասները և դեռ Իմ կարիքն ունեք, որպեսզի մատնանշեմ դրանք, այլապես ի վիճակի չէիք լինի ճանաչել դրանք։ Ինչ-որ պահի, երբ մերկացվի այն, ինչ ձեր ոսկորների և արյան մեջ է դա կկոչվի պատիժ և դատաստան։ Միայն այն ժամանակ, երբ Իմ գործը հիմնովին և ամբողջությամբ իրականացված լինի, Ես կավարտեմ այն։ Որքան ավելի խորապես մերկացվեն ձեր ապականված էությունները, այնքան ավելի շատ իմացություն կունենաք, և սա մեծ նշանակություն կունենա ձեր ապագա վկայության և կատարելագործման համար։ Միայն երբ պատժի և դատաստանի գործը հիմնովին իրականացվի, Իմ գործը կավարտվի, և կճանաչեք Ինձ՝ Իմ պատժի և դատաստանի միջոցով։ Ոչ միայն կճանաչեք Իմ բնույթն ու արդարությունը, այլև, որ ավելի կարևոր է, կճանաչեք Իմ պատիժն ու դատաստանը։ Ձեզնից շատերը մեծ պատկերացումներ ունեն Իմ գործի նոր լինելու և մանրամասնության աստիճանի վերաբերյալ։ Անկախ ամեն ինչից՝ պետք է տեսնեք, որ Իմ գործը նոր է և մանրամասն, և որ Ես սովորեցնում եմ ձեզ կիրարկել դեմ առ դեմ՝ բռնելով ձեր ձեռքը։ Միայն սա է օգտակար ձեր կիրարկմանը և ապագայում հաստատուն կանգնելու ձեր ունակությանը, այլապես կլինեիք աշնան տերևների պես՝ թառամած, դեղնած ու չորացած, առանց ամենաչնչին արժեքի։ Պետք է իմանաք, որ Ես գիտեմ ամեն ինչ ձեր սրտերում և հոգիներում, և պետք է իմանաք, որ այն գործը, որ Ես անում եմ, և այն խոսքերը, որ ասում եմ, մեծ նրբություն ունեն։ Ելնելով ձեր բնավորությունից և որակից՝ ահա թե ինչպես պետք է վարվել ձեզ հետ։ Միայն այս կերպ Իմ պատժի և դատաստանի մասին ձեր գիտելիքն ավելի կհստականա, և նույնիսկ եթե այսօր չգիտես, վաղը կիմանաս։ Ցանկացած արարած պիտի ընկնի Իմ պատժի և դատաստանի խոսքերի ներքո, քանզի Ես չեմ հանդուրժում ոչ մի մարդու հակադրությունն Ինձ։
Բոլորդ պետք է կարողանաք ողջամտորեն կարգավորել ձեր սեփական կյանքը։ Կարող եք կազմակերպել յուրաքանչյուր օրն այնպես, ինչպես ցանկանում եք. ազատ եք՝ անելու այն, ինչ կամենում եք, կարող եք կարդալ Աստծու խոսքերը, լսել օրհներգեր կամ քարոզներ և հաղորդակցվել կամ կատարել հոգևոր նվիրաբերման գրառումներ, իսկ եթե դա ձեզ հետաքրքրում է, կարող եք օրհներգեր գրել։ Մի՞թե այս ամենը պատշաճ կյանք չի կազմում։ Սրանք բոլորն այն բաներն են, որոնք պետք է կազմեն մարդկային կյանքը։ Մարդիկ պետք է բնականոն հունով ապրեն։ Երբ նրանք պտուղ են քաղում և՛ իրենց բնականոն մարդկայնության, և՛ իրենց հոգևոր կյանքի մեջ, ապա կարելի է համարել, որ մտել են բնականոն կյանքի մեջ։ Այսօր միայն մարդկայնության առումով չէ, որ թերանում ես ներըմբռնման մեջ և ողջամտություն չունես։ Կան նաև բազմաթիվ տեսիլքներ, որոնք պետք է հայտնի լինեն, և որոնցով մարդիկ պետք է զինված լինեն։ Ինչ դասի էլ որ հանդիպես, հենց այդ դասն էլ պետք է սովորես. պետք է կարողանաս հարմարվել միջավայրին։ Քո կրթության մակարդակի բարձրացումը պետք է արվի երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի այն արդյունավետ լինի։ Կան որոշ բաներ, որոնցով պետք է զինվես բնականոն, մարդկային կյանքի համար, և պետք է նաև տիրապետես քո կյանքի մուտքին։ Այսօր սկսել ես հասկանալլ Աստծու շատ խոսքեր՝ հիմա նորից կարդալով դրանք, որոնք այն ժամանակ չէիր հասկանում, և քո սիրտն ավելի հաստատուն է դարձել։ Սրանք նույնպես այն արդյունքներն են, որոնք վաստակել ես։ Որ օրն էլ որ ուտես և խմես Աստծու խոսքերը, և քո ներսում մի փոքր հասկացողություն լինի, կարող ես ազատորեն հաղորդակցվել եղբայրներիդ և քույրերիդ հետ։ Մի՞թե սա այն կյանքը չէ, որը պետք է ունենաս։ Երբեմն որոշ հարցեր են բարձրացվում, կամ խորհում ես որևէ թեմայի շուրջ, և դա բարելավում է քո զանազանելու կարողությունն ու տալիս քեզ ավելի շատ ներըմբռնում ու իմաստություն՝ թույլ տալով քեզ հասկանալ որոշ ճշմարտություններ. և մի՞թե սա այն չէ, ինչ ներառված է հոգևոր կյանքի մեջ, որի մասին խոսվում է այսօր։ Ընդունելի չէ հոգևոր կյանքի միայն մեկ կողմ կիրարկելը․ Աստծու խոսքերն ուտելը և խմելը, աղոթելը և օրհներգեր երգելը՝ բոլորը կազմում են հոգևոր կյանք, և երբ ունես հոգևոր կյանք, պետք է ունենաս նաև բնականոն մարդկայնության կյանք։ Այսօր ասվածի մեծ մասը նրա համար է, որպեսզի մարդկանց ողջամտություն և ներըմբռնում տրվի, որպեսզի թույլ տրվի նրանց ունենալ բնականոն մարդկայնության կյանք։ Ի՞նչ է նշանակում ունենալ ներըմբռնում, ի՞նչ է նշանակում ունենալ բնականոն միջանձնային հարաբերություններ, ինչպե՞ս պետք է հարաբերվես մարդկանց հետ։ Պետք է զինվես այս ամենով՝ ուտելով և խմելով Աստծու խոսքերը, և այն, ինչ պահանջվում է քեզանից, հասանելի է բնականոն մարդկայնության միջոցով։ Զինվի՛ր այն ամենով, ինչով պետք է զինվես, և մի՛ գերազանցիր պատշաճի սահմանը. որոշ մարդիկ օգտագործում են ամեն տեսակի բառեր և բառապաշար, և դրանով ի ցույց են դնում իրենց հմայքը։ Եվ կան այլոք, ովքեր կարդում են ամեն տեսակի գրքեր։ Սա է նշանակում տրվել մսեղիի ցանկությանը։ Նրանք նույնիսկ ուսումնասիրում և ընդօրինակում են աշխարհի այսպես կոչված մեծ գործիչների կենսագրություններն ու մեջբերումները և կարդում են պոռնկագրական գրքեր. սա է՛լ ավելի ծիծաղելի է։ Նման մարդիկ չգիտեն կյանքի մուտքի ուղին, առավել ևս չգիտեն Աստծու այսօրվա գործը։ Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչպես անցկացնել յուրաքանչյուր օրը։ Այսպիսին է նրանց կյանքի դատարկությունը։ Նրանք լիովին անտեղյակ են, թե ինչի մեջ պետք է մտնեն։ Այն ամենը, ինչ նրանք անում են, ուրիշներին խրատելն ու նրանց հետ խոսելն է, կարծես թե խոսելը փոխարինում է իրենց իսկ մուտքին։ Մի՞թե նրանք ամոթ չունեն։ Սրանք մարդիկ են, որոնք չգիտեն՝ ինչպես ապրել, և որոնք չեն հասկանում մարդկային կյանքը։ Նրանք իրենց օրերն անցկացնում են՝ իրենց սննդով լցնելով և անիմաստ բաներ անելով. ո՞րն է այսպես ապրելու իմաստը։ Ես տեսել եմ, որ շատ մարդիկ աշխատելուց, ուտելուց և հագնվելուց բացի, իրենց թանկարժեք ժամանակը վատնում են անիմաստ բաների վրա, լինի դա ուրախ զրուցելը, զվարճանալն ու հիմարություններ անելը, բամբասելը, թե ողջ օրը քնելը։ Մի՞թե սա սրբի կյանք է։ Մի՞թե սա բնականոն մարդու կյանք է։ Կարո՞ղ է արդյոք նման կյանքը քեզ կատարյալ դարձնել, երբ այն ստոր է, չզարգացած և չկարգավարժված։ Արդյո՞ք այդքան հոժարակամ ես իզուր տեղը քեզ զոհաբերել Սատանային։ Երբ մարդկանց կյանքը հեշտ է, և նրանց միջավայրում տառապանք չկա, նրանք անկարող են փորձառաբար ապրել։ Հարմարավետ միջավայրերում մարդկանց համար հեշտ է այլասերվել, բայց անբարենպաստ միջավայրերը ստիպում են քեզ աղոթել ավելի մեծ հրատապությամբ և այնպես են անում, որ չհամարձակվես լքել Աստծուն։ Որքան ավելի հեշտ ու միապաղաղ է մարդկանց կյանքը, այնքան ավելի շատ են նրանք զգում, որ ապրելն իմաստ չունի, և նրանք նույնիսկ զգում են, որ ավելի լավ է մեռած լինեն։ Ահա թե որքան ապականված է մարդկանց մսեղին. նրանք օգուտ են ստանում միայն այն դեպքում, եթե ենթարկվում են փորձության։
Հիսուսի գործի այդ փուլն արվեց Հրեաստանում և Գալիլեայում, և հեթանոսներն անտեղյակ էին դրանից։ Այն գործը, որ Նա արեց, խիստ գաղտնի էր, և Իսրայելից բացի, ոչ մի ազգ տեղյակ չէր դրանից։ Միայն երբ Հիսուսն ավարտեց Իր գործը, և այն իրարանցում առաջացրեց, մարդիկ տեղեկացան դրա մասին, և այդ ժամանակ Նա արդեն հեռացել էր։ Հիսուսն եկավ՝ անելու գործի մի փուլ, ձեռք բերեց որոշ մարդկանց և ավարտեց գործի մի փուլ։ Աստծու կատարած գործի ցանկացած փուլում կան շատերը, ովքեր հետևում են Նրան։ Եթե այն իրականացվեր միայն Աստծու կողմից, այն անիմաստ կլիներ․ պետք է լինեն մարդիկ, որոնք կհետևեն Աստծուն, մինչև Նա ավարտին հասցնի գործի այդ փուլը։ Միայն երբ հենց Իր՝ Աստծու գործն ավարտվում է, մարդիկ սկսում են իրականացնել Աստծու կողմից հանձնարարված գործը, և միայն այդ ժամանակ է Աստծու գործը սկսում տարածվել։ Աստված միայն անում է նոր դարաշրջան սկիզբ դնելու գործը. այն գործը, որը շարունակվում է, արվում է մարդկանց կողմից։ Ուստի այսօրվա գործը երկար չի տևի. Իմ կյանքը մարդու հետ շատ երկար չի շարունակվի։ Ես միայն ավարտում եմ Իմ գործն ու տալիս եմ ձեզ կատարելու այն պարտավորությունը, որը պետք է կատարեք, որպեսզի այս գործը և այս ավետարանը հնարավորինս արագ տարածվեն հեթանոսների և այլ ազգերի մեջ․ միայն այսպես կարող եք կատարել ձեր պարտավորությունը՝ որպես մարդիկ։ Այսօրվա ժամանակը բոլորից ամենաթանկն է։ Եթե անտեսես այն, հիմար ես. եթե այս միջավայրում ուտում և խմում ես այս խոսքերն ու փորձառաբար ապրում այս գործը և այնուամենայնիվ դեռ չունես ճշմարտությանը ձգտելու ամենափոքր վճռականությունն անգամ, կամ հոգսի ամենափոքր զգացումը, ապա ի՞նչ կլինի քո ապագան։ Մի՞թե քեզ պես մարդը չպետք է դուրս թողնվի։