Կիրարկում (7)

Ձեր մարդկայնությունը չափազանց թերի է, ձեր ապրելակերպը չափազանց ցածր է ու նվաստ, մարդկայնություն չունեք և զուրկ եք խորաթափանցությունից։ Ահա թե ինչու պետք է զինվեք բնականոն մարդկայնության բաներով։ Խիղճ, ողջամտություն և խորաթափանցություն ունենալը, ինչպես խոսել և իրերին նայել իմանալը, մաքրությանն ուշադրություն դարձնելը, բնականոն մարդկային նմանություն ունենալը՝ սրանք բոլորը բնականոն մարդկայնության գիտելիքի հատկանիշներն են։ Երբ պատշաճ կերպով վարվեք այս հարցերում, ձեր մարդկայնությունը կհամարվի չափանիշին համապատասխանող։ Պետք է նաև զինվեք հոգևոր կյանքի համար։ Պետք է ճանաչեք երկրի վրա Աստծու ողջ գործը և փորձառաբար ապրեք Նրա խոսքերը։ Պետք է իմանաս՝ ինչպես հնազանդվել Նրա կարգավորումներին և ինչպես կատարել արարածի պարտավորությունը։ Սրանք այն երկու կողմերն են, որոնց մեջ այսօր պետք է մտնես՝ զինվելը մարդկայնության կյանքի համար և հոգևոր կյանքի կիրարկումը։ Երկուսն էլ անփոխարինելի են։

Որոշ մարդիկ անհեթեթ են. գիտեն միայն զինվել մարդկայնության հատկանիշներով։ Նրանց արտաքինում ոչ մի թերություն հնարավոր չէ գտնել. նրանց ասածներն ու խոսելաոճը տեղին են, իսկ հագուստը՝ շատ վայելուչ ու պատշաճ։ Բայց ներքուստ նրանք դատարկ են. միայն արտաքուստ է թվում, թե բնականոն մարդկայնություն ունեն։ Կան մարդիկ, որոնք կենտրոնանում են միայն նրա վրա, թե ինչ ուտեն, ինչ հագնեն և ինչ խոսեն։ Կան նույնիսկ այնպիսիները, որոնք բացառապես կենտրոնանում են այնպիսի բաների վրա, ինչպիսիք են հատակն ավլելը, անկողինը հավաքելը և ընդհանուր մաքրությունը։ Գուցե նրանք շատ հմուտ են այս բոլոր բաներում, բայց եթե խնդրեիր նրանց խոսել Աստծու վերջին օրերի գործի կամ հանդիմանության ու դատաստանի, կամ փորձությունների ու զտման մասին իրենց գիտության վերաբերյալ, անգամ ամենաչնչին փորձառությունը չէին ունենա քեզ ցույց տալու։ Գուցե հարցնես նրանց. « Ունե՞ս արդյոք հասկացողություն երկրի վրա Աստծու հիմնական գործի մասին։ Ինչո՞վ է այսօրվա մարմնացած Աստծու գործը տարբերվում Հիսուսի գործից։ Եհովայի գործի՞ց։ Արդյո՞ք Նրանք մեկ Աստված են։ Մի՞թե Նա եկել է այս դարաշրջանն ավարտին հասցնելու, թե՞ մարդկությանը փրկելու համար»։ Բայց նման մարդիկ ոչինչ չունեն ասելու այս հարցերի վերաբերյալ։ Ոմանք գեղեցիկ զարդարում են իրենց արտաքինը. քույրերը ծաղիկների պես սիրուն են զարդարվում, իսկ եղբայրները հագնվում են արքայազնների կամ հարուստ երիտասարդ պճնամոլների պես։ Հոգ են տանում միայն արտաքին ուտելիքի ու հագուստի մասին. ներքուստ աղքատ են և Աստծու մասին ամենաչնչին գիտությունն անգամ չունեն։ Ի՞նչ իմաստ կարող է լինել սրա մեջ։ Բացի դրանից կան ոմանք, ովքեր հագնված են խեղճ մուրացկանների պես. նրանք իսկապես արևելաասիական ստրուկների տեսք ունեն։ Մի՞թե իսկապես չեք հասկանում, թե ինչ եմ Ես պահանջում ձեզանից։ Հաղորդակցվե՛ք ձեր մեջ. իրականում ի՞նչ եք ձեռք բերել։ Հավատացել եք Աստծուն այսքան տարիներ, և սակայն սա է այն ամենը, ինչ հնձել եք. մի՞թե անհարմար չեք զգում։ Մի՞թե չեք ամաչում։ Այսքան տարիներ ձգտել եք ճշմարիտ ճանապարհին, սակայն այսօր ձեր հասունությունը դեռ ճնճղուկից էլ ցածր է։ Նայե՛ք ձեր միջի երես առած օրիորդներին, նկարների պես սիրուն ձեր հագուստով ու դիմահարդարմամբ՝ համեմատվելով միմյանց հետ. և ի՞նչն եք համեմատում։ Ձեր վայե՞լքը։ Ձեր պահանջնե՞րը։ Մի՞թե կարծում եք, թե Ես եկել եմ մոդելներ հավաքագրելու։ Ամոթ չունե՛ք։ Ո՞ւր է ձեր կյանքը։ Մի՞թե այն, ինչին ձգտում եք, պարզապես ձեր սեփական շռայլ ցանկությունը չէ։ Կարծում ես, թե այդքան գեղեցիկ ես, բայց թեև գուցե հագնված ես ամեն տեսակ շքեղությամբ, մի՞թե դեռ աղբակույտում ծնված, գալարվող որդ չես։ Այսօր բախտ ունես վայելելու այս երկնային օրհնությունները ոչ թե քո սիրուն դեմքի պատճառով, այլ որովհետև Աստված բացառություն է անում՝ բարձրացնելով քեզ։ Մի՞թե քեզ համար դեռ պարզ չէ, թե որտեղից ես եկել։ Կյանքի մասին հիշատակելիս փակում ես բերանդ ու ոչինչ չես ասում՝ արձանի պես համր, և սակայն դեռ համարձակություն ունես քեզ զարդարելու։ Դեռ միտք ունես կարմրաներկ ու դիմափոշի քսելու քո դեմքին։ Եվ նայե՛ք ձեր միջի պճնամոլներին. պարզապես անպարկեշտ են։ Ողջ օրը դեսուդեն են թափառում՝ դեմքներին անհոգ արտահայտություն ընդունած. ուր էլ գնան, զուրկ են պատշաճության անգամ ամենաչնչին զգացումից։ Մի՞թե նրանք մարդկային նմանություն ունեն։ Ձեզանից յուրաքանչյուրը՝ տղամարդ թե կին, ողջ օրն ինչի՞ն է ուշադրություն դարձնում։ Գիտե՞ք, թե ում շնորհիվ եք սնվում։ Նայիր քո հագուստին, նայիր, թե ինչ ես հնձել քո ձեռքերում, շոյիր քո փորը. ի՞նչ արդյունքներ ես ստացել այն սրտի արյունից, որը ծախսել ես հավատքի այս բոլոր տարիների ընթացքում։ Դու դեռ մտածում ես զբոսնելո՞ւ մասին, դեռ մտածում ես քո գարշահոտ մսեղին զարդարելո՞ւ մասին։ Այս ամենն անարժե՛ք է։ Քեզնից պահանջվում է լինել բնականոն մարդ, սակայն հիմա ոչ միայն պարզապես աննորմալ ես, այլև՝ շեղված։ Ինչպե՞ս կարող է նման մարդը հանդգնություն ունենալ գալու Իմ առաջ։ Այսպիսի մարդկայնությամբ, ցուցադրելով քո հմայքը և ի ցույց դնելով քո մսեղին, միշտ ապրելով մսեղիի ցանկությունների մեջ՝ մի՞թե կեղտոտ դևերի և չար ոգիների սերունդ չես։ Ես թույլ չե՛մ տա, որ նման կեղտոտ դևը երկար գոյատևի։ Եվ մի՛ կարծիր, թե Ես չգիտեմ, թե ինչ ես մտածում քո սրտում։ Գուցե ազատություն չտաս քո ցանկությանն ու քո մսեղիին, բայց ինչպե՞ս կարող եմ Ես չիմանալ այն մտքերը, որոնք պահում ես քո սրտում։ Ինչպե՞ս կարող եմ Ես չիմանալ այն ամենը, ինչ քո աչքերը տենչում են։ Մի՞թե դուք՝ երես առած օրիորդներդ ձեզ այդքան սիրուն չեք զարդարում՝ ձեր մսեղին ցուցադրելու համար։ Ի՞նչ օգուտ ունեն տղամարդիկ ձեզ համար։ Կարո՞ղ են նրանք իսկապես փրկել ձեզ տառապանքի ծովից։ Ինչ վերաբերում է ձեր միջի պճնամոլներին, բոլորդ հագնվում եք այնպես, որ ազնվաբարո և պարկեշտ երևաք, բայց մի՞թե սա նույնպես արված չէ ձեր գրավիչ արտաքինի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ո՞ւմ համար եք սա անում։ Ի՞նչ օգուտ ունեն կանայք ձեզ համար։ Մի՞թե ձեր մեղքի աղբյուրը չեն։ Բոլորդ՝ տղամարդիկ և կանայք, Ես շատ խոսքեր եմ ասել ձեզ, սակայն ենթարկվել եք դրանցից միայն մի քանիսին։ Ձեր ականջները ծանրալուր են դարձել, ձեր աչքերը մթագնել են, իսկ ձեր սրտերն անզիջում են այն աստիճան, որ ձեր մարմիններում ցանկությունից բացի ուրիշ ոչինչ չկա, և ծուղակն եք ընկել դրա մեջ՝ անկարող լինելով փախչել։ Ո՞վ է ուզում մոտենալ ձեզ՝ որդերիդ, որ գալարվում եք կեղտի ու աղտեղության մեջ։ Մի՛ մոռացեք, որ ընդամենն այն մարդիկ եք, ում Ես բարձրացրել եմ աղբակույտից, որ ի սկզբանե չեք ունեցել բնականոն մարդկայնություն։ Այն, ինչ Ես պահանջում եմ ձեզանից, այն բնականոն մարդկայնությունն է, որն ի սկզբանե չեք ունեցել, այլ ոչ թե այն, որ ցուցադրեք ձեր ցանկությունը կամ ազատություն տաք ձեր նեխած մսեղիին, որն այսքան տարիներ վարժեցվել է դևերի կողմից։ Երբ այդպես եք հագնվում, մի՞թե չեք վախենում, որ ավելի խորը կընկնեք ծուղակը։ Մի՞թե չգիտեք, որ ի սկզբանե մեղքից էիք։ Մի՞թե չգիտեք, որ ձեր մարմինները լի են ցանկությամբ։ Բանը հասել է նրան, որ ցանկությունը նույնիսկ ծորում է ձեր հագուստից՝ բացահայտելով կեղտոտ դևերի ձեր անտանելի տգեղ արտաքինը։ Մի՞թե այնպես չէ, որ այս ամենը բոլորից պարզ գիտեք։ Ձեր սրտերը, ձեր աչքերը, ձեր շուրթերը՝ մի՞թե բոլորը չեն պղծվել կեղտոտ դևերի կողմից։ Մի՞թե ձեր այս մասերը կեղտոտ չեն։ Կարծում եք, թե քանի դեռ արարքներ թույլ չեք տալիս, ուրեմն ամենասու՞րբն եք։ Կարծում եք, թե շքեղ հագուստներով զարդարվելը կարո՞ղ է թաքցնել ձեր զազրելի հոգիները։ Դա անհնա՛ր է։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ լինել ավելի իրատես, չլինել խաբեբա ու կեղծ և չցուցադրել ձեր հմայքը։ Ի ցույց եք դնում ձեր ցանկությունը միմյանց, բայց այն ամենը, ինչ կստանաք դրա դիմաց, հավիտենական տառապանքն ու անողոք խրատու՛մն է։ Ի՞նչ կարիք ունեք սեթևեթելու միմյանց հետ և տրվելու սիրահետմանը։ Սա՞ է ձեր շիտակությունը։ Սա՞ է ձեր անկոտրում արդարամտությունը։ Ես գարշում եմ ձեր միջի այն մարդկանցից, որոնք զբաղվում են չար բժշկությամբ և կախարդությամբ։ Ես գարշում եմ ձեր միջի այն երիտասարդ տղամարդկանցից ու կանանցից, որոնք սիրում են իրենց սեփական մսեղին։ Լավ կլինի՝ զսպեք ձեզ, որովհետև հիմա ձեզանից պահանջվում է ունենալ բնականոն մարդկայնություն, այլ ոչ թե թույլտվություն է տրվել ի ցույց դնելու ձեր ցանկությունը, սակայն օգտագործում եք ամեն հնարավոր առիթ, քանզի ձեր մսեղին չափազանց շատ է, իսկ ձեր ցանկությունը՝ չափազանց մե՜ծ։

Քո մարդկայնության արտաքին կյանքը շատ լավ է կարգավորված, բայց ոչինչ չունես ասելու, երբ քեզ խնդրում են խոսել կյանքի մասին քո գիտության վերաբերյալ. և դրանում աղքատ ես։ Պետք է զինվես ճշմարտությա՛մբ։ Քո մարդկայնության կյանքը դեպի լավն է փոխվել, ուստի քո ներսի կյանքը նույնպես պետք է փոխվի. փոխիր մտքերդ, վերափոխիր Աստծուն հավատալու վերաբերյալ տեսակետներդ, փոխիր ներսիդ գիտությունն ու մտածելակերպը և փոխիր Աստծու մասին գիտությունդ, որը գոյություն ունի քո պատկերացումներում։ Էտվելու, մերկացման և մատակարարման միջոցով աստիճանաբար փոխիր ինքդ քո, մարդկային կյանքի և Աստծուն հավատալու մասին քո գիտությունը, որպեսզի այն մաքուր դառնա։ Այսպիսով մարդու ներսի մտքերը փոխվում են, իրերին նայելու նրա ձևը փոխվում է, և նրա հոգեվիճակը փոխվում է։ Միայն սա կարող է կոչվել կյանքի բնույթի փոփոխություն։ Քեզնից չի պահանջվում օրվա բոլոր ժամերն անցկացնել՝ Աստծու խոսքերի գիրքը ձեռքիդ կարդալով կամ շորեր լվանալով ու մաքրություն անելով։ Իհարկե, քո բնականոն մարդկայնության կյանքը պետք է բավարար լինի. դա նվազագույնն է։ Բացի այդ, արտաքին հարցեր լուծելիս պետք է որոշակի խորաթափանցություն և ողջամտություն գործադրես. բայց ամենակարևորն այն է, որ զինված լինես կյանքին վերաբերող ճշմարտություններով։ Կյանքի համար ինքդ քեզ զինելիս պետք է կենտրոնանաս Աստծու խոսքերն ուտելու և խմելու վրա, պետք է կարողանաս խոսել Աստծու մասին գիտության, մարդկային կյանքի վերաբերյալ քո տեսակետների և, մասնավորապես, վերջին օրերին Աստծու կատարած գործի մասին քո գիտության վերաբերյալ։ Քանի որ ձգտում ես կյանքին, պետք է զինվես այս բաներով։ Երբ ուտում և խմում ես Աստծու խոսքերը, պետք է դրանք կապես քո իսկ փաստացի վիճակի հետ։ Այսինքն՝ պետք է բացահայտես քո անհամապատասխանությունները իրական փորձառություններիդ միջոցով, և ապա պետք է ի վիճակի լինես գտնելու կիրարկման ուղի, ապստամբելու քո սխալ դրդապատճառների և պատկերացումների դեմ։ Եթե միշտ ջանք գործադրես այս առումով և քո սիրտը դնես այս բաների մեջ, ապա կունենաս հետևելու ուղի, դատարկություն չես զգա և այսպիսով կկարողանաս պահպանել բնականոն վիճակ։ Միայն այդ ժամանակ կլինես մեկը, ով հոգս է կրում իր իսկ կյանքի համար, ով հավատք ունի։ Ինչո՞ւ է այնպես, որ որոշ մարդիկ, կարդալով Աստծու խոսքերը, ի վիճակի չեն լինում դրանք կիրարկել։ Մի՞թե այն պատճառով չէ, որ չեն կարողանում ըմբռնել կարևոր բաները։ Մի՞թե այն պատճառով չէ, որ ձևական են մոտենում կյանքին։ Պատճառն այն բանի, որ չեն կարողանում ըմբռնել կարևոր բաները և կիրարկման ուղի չունեն, այն է, որ երբ կարդում են Աստծու խոսքերը, անկարող են իրենց իսկ վիճակները կապել դրանց հետ, ոչ էլ կարողանում են ըմբռնել իրենց իսկ վիճակները։ Որոշ մարդիկ ասում են. «Երբ կարդում եմ Աստծու խոսքերը, իսկապես կապում եմ դրանք իմ իսկ վիճակի հետ և գիտեմ, որ ապականված եմ ու ցածր որակ ունեմ, բայց անկարող եմ բավարարել Աստծու մտադրությունները»։ Դու տեսել ես միայն բուն մակերեսը։ Իրականության շատ հարցեր կան, որոնք չգիտես. ինչպես հրաժարվել մսեղիի վայելքներից, ինչպես հրաժարվել ինքնարդարությունից, ինչպես փոխել ինքդ քեզ, ինչպես մտնել այս բաների մեջ, ինչպես բարելավել քո որակը և որ կողմից սկսել։ Ըմբռնում ես միայն արտաքուստ մի քանի բան, և այն ամենը, ինչ գիտես, այն է, որ իսկապես շատ ապականված ես։ Երբ հանդիպում ես եղբայրներիդ ու քույրերիդ, խոսում ես քո ապականության մասին, և թվում է, թե ճանաչում ես ինքդ քեզ և մեծ հոգս ես կրում քո կյանքի համար։ Իրականում քո ապականված խառնվածքները չեն փոխվել, ինչը ապացուցում է, որ չես գտել կիրարկման ուղին։ Եթե առաջնորդում ես եկեղեցի, պետք է կարողանաս ըմբռնել եղբայրների ու քույրերի վիճակները և մատնանշել դրանք։ Մի՞թե բավական կլինի պարզապես ասել. «Դուք՝ մարդիք, ըմբոստ եք և հետամնաց»։ Պետք է նշես կոնկրետ դրսևորումներ, թե հատկապես ինչպես են նրանք ըմբոստ և հետամնաց։ Այլ կերպ ասած՝ պետք է խոսես նրանց ըմբոստ վիճակների, նրանց ըմբոստ վարքագծի և նրանց սատանայական խառնվածքների մասին այնպես, որ լիովին համոզվեն։ Պետք է կարողանաս փաստեր և օրինակներ ներկայացնել՝ խնդիրը բացատրելու համար, և հստակ ասես, թե ինչպես նրանք կարող են կտրվել այդ ըմբոստ վարքագծից՝ մատնանշելով կիրարկման ուղին. միայն այդ ժամանակ դա համոզիչ կլինի։ Միայն նրանք, ովքեր այդպես են վարվում, ի վիճակի են առաջնորդելու ուրիշներին. միայն նրանք ունեն ճշմարտության իրականությունը։

Այժմ հաղորդակցության միջոցով ձեզ մատակարարվել են բազմաթիվ ճշմարտություններ, և պետք է ի մի բերեք դրանք։ Պետք է կարողանաս ամփոփել, թե ընդհանուր առմամբ քանի ճշմարտություն կա։ Այն կողմերը, որոնք պետք է ունենա բնականոն մարդկայնությունը, կյանքի բնույթի փոփոխության հիմնական կողմերը, տեսիլքների խորացումը, և թե դարերի ու սերունդների ընթացքում ապրած մարդկանց թյուր ըմբռնումներից ու բաները փորձառաբար ապրելու թյուր եղանակներից քանիսը կարող ես ընկալել. պետք է կարողանաս զանազանել այս բաները և գիտություն ունենալ այս բաների մասին, միայն այդ ժամանակ ճիշտ ուղու վրա կլինես։ Կրոնի մարդիկ պաշտում են Աստվածաշունչը, ասես այն Աստված լինի. մասնավորապես, Նոր Կտակարանի Չորս Ավետարաններին վերաբերվում են այնպես, ասես դրանք Հիսուսի չորս տարբեր դեմքերը լինեն, և նաև ունեն Հոր, Որդու և Սուրբ Հոգու Երրորդության հասկացությունը։ Այս ամենը խիստ խեղաթյուրված է, և բոլորդ պետք է պարզորոշ տեսնեք դա. ավելին, պետք է գիտություն ունենաք մսեղի դարձած Աստծու էության և վերջին օրերի գործի մասին։ Կան նաև կիրարկման այն հին եղանակները, կիրարկմանը վերաբերող այն անհեթեթություններն ու շեղումները՝ հոգով ապրելը, Սուրբ Հոգով լցվելը, պատահած ամեն բան հնազանդորեն տանելը, իշխանությանը հնազանդվելը, որոնք պետք է իմանաք. պետք է իմանաք, թե ինչպես են մարդիկ կիրարկել նախկինում, և ինչպես պետք է կիրարկեն այսօր։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես առաջնորդողներն ու աշխատողները պետք է համագործակցեն եկեղեցիներում, ինչպես հրաժարվել ինքնարդարությունից և մեծամտությունից, ինչպես եղբայրներն ու քույրերը պետք է ապրեն կողք կողքի, ինչպես հաստատել բնականոն հարաբերություններ այլ մարդկանց և Աստծու հետ, ինչպես հասնել բնականոն մարդկայնության կյանքի, ինչ պետք է ունենան մարդիկ իրենց հոգևոր կյանքում, ինչպես պետք է ուտեն և խմեն Աստծու խոսքերը, Աստծու խոսքերից որոնք են վերաբերում գիտությանը, որոնք՝ տեսիլքներին, և դրանցից որոնք են վերաբերում կիրարկման ուղուն, մի՞թե այս ամենի մասին չի խոսվել։ Այս խոսքերը բաց են նրանց համար, ովքեր ձգտում են ճշմարտությանը, և ոչ մեկի հանդեպ կանխակալություն ցույց չի տրվում։ Այսօր պետք է մշակեք անկախ ապրելու կարողություն, այլ ոչ թե հենվեք կախվածության մտածելակերպի վրա։ Ապագայում, երբ ոչ ոք չլինի ձեզ ուղղորդելու, կհիշես Իմ այս խոսքերը։ Նեղության ժամանակ հնարավոր չի լինի ապրել եկեղեցու կյանքով, եղբայրներն ու քույրերը չեն կարողանա հանդիպել միմյանց, նրանց մեծ մասը կապրի մենակ՝ լավագույն դեպքում կարողանալով հաղորդակցվել միայն իրենց տեղական տարածքների մարդկանց հետ։ Ձեր ներկայիս հասունությամբ պարզապես անկարող կլինեք հաստատուն կանգնել։ Նեղությունների մեջ շատերի համար դժվար կլինի հաստատուն կանգնել։ Միայն նրանք, ովքեր գիտեն կյանքի ճանապարհը և զինված են բավարար ճշմարտությամբ, կկարողանան շարունակել առաջընթաց գրանցել և աստիճանաբար հասնել մաքրագործման ու փոփոխության։ Նեղությունների միջով անցնելը հեշտ բան չէ. եթե կարծում ես, թե մի քանի կարճ օրում դուրս կգաս դրանցից, ապա քո մտածելակերպն այնքան պարզունա՜կ է։ Կարծում ես, թե շատ վարդապետություն հասկանալով՝ կկարողանաս հաստատուն կանգնել, բայց դա այդպե՛ս չէ։ Եթե չես ճանաչում Աստծու խոսքերի էական բաները, անկարող ես ըմբռնել ճշմարտության կարևոր կողմերը և կիրարկման ուղի չունես, ապա երբ ժամանակը գա, և քեզ հետ որևէ բան պատահի, կընկղմվես շփոթության մեջ։ Դու չես կարողանա դիմակայել Սատանայի գայթակղությանը, ոչ էլ զտման սկզբին։ Եթե քո մեջ ճշմարտություն չկա, և զուրկ ես տեսիլքներից, ապա երբ ժամանակը գա, ակամայից կփլուզվես։ Կկորցնես բոլոր հույսերդ և կասես. «Դե, եթե միևնույն է մեռնելու եմ, ավելի լավ է մինչև վե՛րջ հանդիմանվեմ։ Լինի դա հանդիմանություն, թե կրակի լիճն ուղարկվելը, թող այդպես լինի՝ կապրեմ օրն օրո՛վ»։ Սա նման է նրան, ինչ եղավ ծառայություն մատուցողների ժամանակ. որոշ մարդիկ հավատում էին, որ անկախ ամեն ինչից իրենք ծառայություն մատուցողներ էին, ուստի այլևս չէին ձգտում կյանքին։ Ծխում էին և խմում, ազատություն էին տալիս իրենց մսեղիին և անում էին գրեթե ամեն ինչ։ Ոմանք պարզապես վերադարձան աշխարհ՝ աշխատելու։ Անբարենպաստ միջավայրը նույնպես այդպիսին է. եթե չկարողանաս հաղթահարել այն, հենց որ մի փոքր թուլացնես ինքնատիրապետումդ, կկորցնես բոլոր հույսերդ։ Եթե չկարողանաս հաղթահարել Սատանայի ազդեցությունը, աննկատ գերի կվերցվես Սատանայի կողմից և կրկին կմատնվես կործանման։ Ուստի այսօր պետք է զինվես ճշմարտությամբ, պետք է կարողանաս անկախ ապրել, և երբ կարդաս Աստծու խոսքերը, պետք է ի վիճակի լինես փնտրելու կիրարկման ուղի։ Եթե չլինեին առաջնորդողներ և աշխատողներ՝ քեզ ջրելու և հովվելու համար, դու դեռ պետք է ի վիճակի լինեիր գտնելու հետևելու ուղի, գտնելու քո իսկ թերությունները, գտնելու այն ճշմարտությունները, որոնցով պետք է զինվես և կիրարկես։ Մի՞թե Աստված կարող էր մշտապես ուղեկցել մարդուն երկիր գալուց հետո։ Իրենց պատկերացումներում որոշ մարդիկ հավատում են. «Աստվա՛ծ, եթե մեզ չմշակես մինչև որոշակի աստիճանի, ապա Քո գործը չի կարող ավարտված համարվել, որովհետև Սատանան կմեղադրի Քեզ»։ Ասում եմ քեզ՝ երբ ավարտեմ Իմ խոսքերն ասելը, ապա Իմ գործը հաջողությամբ ավարտված կլինի։ Երբ այլևս ասելու բան չունենամ, ապա Իմ գործն ավարտուն կլինի։ Իմ գործի ավարտը կլինի Սատանայի պարտության ապացույցը, և որպես այդպիսին, կարելի է ասել, որ այն հաջողությամբ իրագործվել է, և Սատանայի կողմից պարզապես ոչ մի մեղադրանք չկա։ Բայց եթե ձեր մեջ դեռևս ոչ մի փոփոխություն չլինի այն ժամանակ, երբ Իմ գործն ավարտվի, ապա ձեզ նման մարդիկ անդին են փրկությունից և դուրս կթողնվեն։ Անհրաժեշտից ավելի Ես ոչ մի գործ չեմ անի։ Այնպես չէ, որ կավարտեմ Իմ գործը երկրի վրա միայն այն ժամանակ, երբ նվաճված լինես որոշակի աստիճանի, և հստակ գիտություն ունենաս ճշմարտության յուրաքանչյուր կողմի մասին, և քո որակը բարելավված լինի, ու ներքուստ և արտաքուստ վկայություն կրես։ Դա անհնա՛ր կլիներ։ Այսօր այն գործը, որ անում եմ ձեզ վրա, նպատակ ունի առաջնորդելու ձեզ դեպի բնականոն մարդկայնության կյանք. դա նոր դարաշրջան սկսելու և մարդկությանը դեպի նոր դարաշրջանի կյանք առաջնորդելու գործն է։ Այս գործի յուրաքանչյուր քայլն իրականացվում և զարգանում է ձեր մեջ՝ անմիջականորեն. ուսուցանում եմ ձեզ դեմ առ դեմ և բռնում եմ ձեր ձեռքից, ասում եմ ձեզ այն ամենը, ինչ չեք հասկանում, շնորհում եմ ձեզ այն ամենը, ինչ ձեզ պակասում է։ Կարելի է ասել, որ ձեզ համար այս ողջ գործը ձեր կյանքի մատակարարումն է՝ ուղղորդելով ձեզ նաև դեպի բնականոն մարդկայնության կյանք։ Այն հատկապես նպատակ ունի ապահովելու մարդկանց այս խմբի կյանքը վերջին օրերում։ Ինձ համար այս ողջ գործը նպատակ ունի ավարտելու հին դարաշրջանը և սկսելու նորը. ինչ վերաբերում է Սատանային, մսեղի դարձա հենց նրան պարտության մատնելու համար։ Այն գործը, որ հիմա անում եմ ձեր մեջ, ձեր ներկայիս մատակարարումն է և ձեր ժամանակին փրկությունը, բայց այս մի քանի կարճ տարիների ընթացքում Ես կասեմ ձեզ բոլոր ճշմարտությունները, կյանքի ողջ ճանապարհը և նույնիսկ ապագայի գործը. սա բավական կլինի, որպեսզի կարողանաք բնականոն կերպով փորձառաբար ապրել բաներն ապագայում։ Իմ բոլոր խոսքերն Իմ միակ հորդորն են ձեզ։ Ուրիշ ոչ մի հորդոր չեմ անում. այսօր բոլոր խոսքերը, որ ասում եմ ձեզ, Իմ հորդորն են ձեզ, որովհետև այսօր Իմ ասած խոսքերից շատերի վերաբերյալ փորձառություն չունեք և չեք հասկանում դրանց ներքին իմաստը։ Մի օր ձեր փորձառությունները կիրականանան ճիշտ այնպես, ինչպես խոսել եմ այսօր։ Այս խոսքերը ձեր այսօրվա տեսիլքներն են, և դրանք այն են, ինչին կապավինեք ապագայում. դրանք մատակարարում են ձեր կյանքի համար այսօր և հորդոր՝ ապագայի համար, և ոչ մի հորդոր չէր կարող ավելի լավը լինել։ Սա այն պատճառով է, որ այն ժամանակը, որ ունեմ երկրի վրա գործելու համար, այնքան երկար չէ, որքան այն ժամանակը, որ ունեք՝ Իմ խոսքերը փորձառաբար ապրելու համար. Ես պարզապես ավարտում եմ Իմ գործը, մինչդեռ դուք ձգտում եք կյանքին՝ մի գործընթաց, որը ներառում է կյանքի երկար ճանապարհ։ Միայն շատ բաներ փորձառաբար ապրելուց հետո կկարողանաք լիովին ձեռք բերել կյանքի ճանապարհը. միայն այդ ժամանակ կկարողանաք թափանցել այն խոսքերի ներքին իմաստի մեջ, որոնք ասում եմ այսօր։ Բոլորդ ունեք Իմ խոսքերը ձեր ձեռքերում, ձեզանից յուրաքանչյուրը ստացել է Իմ բոլոր հանձնարարությունները, և Ես հանձնարարել եմ ձեզ այն ամենը, ինչ պետք է։ Անկախ նրանից, թե որքան մեծ արդյունք է ձեռք բերվել, ընդհանուր առմամբ, երբ խոսքերի գործը մոտենա ավարտին, Աստծու կամքն իրագործված կլինի։ Այնպես չէ, ինչպես պատկերացնում ես, թե պետք է փոխվես որոշակի աստիճանի. Աստված չի գործում քո պատկերացումների համաձայն։

Մարդիկ իրենց կյանքում աճի չեն հասնում ընդամենը մի քանի օրում։ Նույնիսկ եթե ամեն օր ուտեն և խմեն Աստծու խոսքերը, դա բավարար չէ։ Իրենց կյանքում նրանք պետք է փորձառաբար ապրեն կյանքի աճի ժամանակաշրջան։ Սա անհրաժեշտ գործընթաց է։ Հաշվի առնելով մարդկանց ներկայիս որակը՝ ինչի՞ կարող են նրանք հասնել։ Աստված գործում է ըստ մարդկանց կարիքների՝ ներկայացնելով համապատասխան պահանջներ՝ հիմնված նրանց ներհատուկ որակի վրա։ Ենթադրենք, այս գործն իրականացվեր բարձր որակ ունեցող մարդկանց մի խմբի մեջ. արտաբերված խոսքերն ավելի վեհ կլինեին, քան ձեզ ասվածները, տեսիլքներն ավելի վեհ կլինեին, և ճշմարտությունները շատ ավելի վեհ կլինեին։ Որոշ խոսքեր պետք է ավելի խիստ լինեին, ավելի ունակ՝ մատակարարելու մարդկանց կյանքը, ավելի ունակ՝ բացահայտելու խորհուրդները։ Նման մարդկանց մեջ խոսելիս Աստված կմատակարարեր ըստ նրանց կարիքների։ Այսօր ձեզնից արվող պահանջները կարող են կոչվել մեծագույն պահանջները ձեզ համար. եթե այս գործն իրականացվեր ավելի բարձր որակ ունեցող մարդկանց վրա, ապա պահանջներն է՛լ ավելի մեծ կլինեին։ Աստծու ողջ գործն արվում է ըստ մարդկանց ներհատուկ որակի։ Այն աստիճանը, որով մարդիկ այսօր փոխվել և նվաճվել են, հնարավոր առավելագույն աստիճանն է մի՛ օգտագործեք ձեր սեփական պատկերացումները՝ այս փուլի գործի արդյունքները չափելու համար։ Պետք է հստակ իմանաք, թե ինչ ունեք ի բնե, և չպետք է չափազանց բարձր կարծիքի լինեք ձեր մասին։ Ի սկզբանե ձեզանից ոչ մեկը կյանքին ձգտող մարդ չէր։ Դուք փողոցներում թափառող մուրացկաններ էիք։ Որպեսզի Աստված ձեզ մշակի այն աստիճանի, որը պատկերացնում եք, ստիպելով բոլորիդ խոնարհվել գետնին՝ լիովին համոզված, ասես մեծ տեսիլք եք տեսել՝ դա անհնա՛ր կլիներ։ Սա այն պատճառով է, որ նա, ով չի տեսել Աստծու հրաշքները, չի կարող լիովին հավատալ այն ամենին, ինչ ասում եմ։ Նույնիսկ եթե մանրամասնորեն քննեիք Իմ խոսքերը, միևնույն է, լիովին չէիք հավատա դրանց։ Սա մարդու բնությունն է։ Ճշմարտությանը ձգտողները որոշակի փոփոխությունների կենթարկվեն, մինչդեռ ճշմարտությանը չձգտողների երբեմնի հավատքը կնվազի և գուցե նույնիսկ անհետանա։ Ձեր ամենամեծ դժվարությունն այն է, որ չեք կարող լիովին հավատալ՝ առանց տեսնելու Աստծու խոսքերի իրականացումը, և չեք հաշտվում՝ առանց տեսնելու Նրա հրաշքները։ Առանց նման բաներ տեսնելու՝ ո՞վ կարող էր անբաժան հավատարմություն ունենալ Աստծու հանդեպ։ Եվ ուստի ասում եմ, որ այն, ինչին հավատում եք, Աստված չէ, այլ՝ հրաշքները։ Այժմ հանգամանորեն խոսել եմ ճշմարտության տարբեր կողմերի մասին. դրանցից յուրաքանչյուրն ամբողջական է, և դրանց բոլորի միջև շատ սերտ կապ կա։ Դուք տեսել եք դրանք և այժմ պետք է կիրարկեք։ Այսօր Ես ցույց եմ տալիս ուղին, իսկ ապագայում պետք է ինքնուրույն կիրարկես այն։ Խոսքերը, որոնք հիմա ասում եմ, պահանջներ են ներկայացնում մարդկանց՝ հիմնված նրանց իրական հանգամանքների վրա, և ես գործում եմ ըստ նրանց կարիքների ու ըստ նրա, ինչ ունեն իրենց ներսում։ Գործնական Աստված եկել է երկիր՝ գործնական աշխատանք կատարելու, գործելու ըստ մարդկանց իրական հանգամանքների և կարիքների։ Նա անխոհեմ չէ։ Երբ Աստված գործում է, Նա չի հարկադրում մարդկանց։ Օրինակ՝ կամուսնանաս, թե ոչ, պետք է հիմնված լինի քո հանգամանքների իրականության վրա. ճշմարտությունը հստակ ասվել է քեզ, և Ես չեմ կաշկանդում քեզ։ Որոշ մարդկանց ընտանիքներն այնպես են ճնշում նրանց, որ անկարող են հավատալ Աստծուն, մինչև չամուսնանան։ Այսպիսով, ամուսնությունն իրականում օգտակար է նրանց համար։ Ուրիշների համար ամուսնությունը ոչ մի օգուտ չի բերում, այլ խլում է այն, ինչ ժամանակին ունեին։ Քո սեփական դեպքը պետք է որոշվի քո փաստացի հանգամանքներով և քո սեփական վճռականությամբ։ Ես այստեղ չեմ՝ հնարելու կանոններ և պայմաններ, որոնցով ձեզ պահանջներ կներկայացնեմ։ Շատերը անընդհատ բացականչում են։ «Աստված գործնական է։ Նրա գործը հիմնված է իրականության վրա և մեր հանգամանքների իրականության վրա», բայց գիտե՞ս, թե հատկապես ինչ առումով է այն գործնական։ Բավակա՛ն են քո դատարկ խոսքերը։ Աստծու աշխատանքը գործնական է և հիմնված է իրականության վրա. դրանում կանոններ չկան, ավելի շուտ այն լիովին ազատ է, այն ամբողջությամբ հայտնի է դարձվում և բացահայտվում։ Որո՞նք են այս մի քանի սկզբունքների կոնկրետ մանրամասները։ Կարո՞ղ ես ասել, թե Աստծու գործի որ մասերն են այսպիսին։ Պետք է մանրամասն խոսես, պետք է ունենաս մի քանի տեսակի փորձառական վկայություններ և պետք է շատ հստակ գիտենաս Աստծու գործի այս հատկանիշի մասին. պետք է իմանաս այն, և միայն այդ ժամանակ որակավորված կլինես ասելու այս խոսքերը։ Կկարողանայի՞ր արդյոք պատասխանել, եթե մեկը հարցներ քեզ. «Ի՞նչ գործ է արել մարմնացած Աստվածը երկրի վրա վերջին օրերին։ Ինչո՞ւ եք Նրան կոչում Գործնական Աստված։ Ի՞նչ է ներառում «գործնականը» այստեղ։ Կարո՞ղ ես արդյոք խոսել Նրա գործնական աշխատանքի մասին, թե հատկապես ինչ է այն ներառում։ Հիսուսը մսեղի դարձած Աստված է, և այսօրվա Աստվածը նույնպես մսեղի դարձած Աստված է, ուստի որո՞նք են Նրանց միջև տարբերությունները։ Եվ որո՞նք են նմանությունները։ Ի՞նչ գործ է արել Նրանցից յուրաքանչյուրը»։ Այս ամենը վերաբերում է վկայություն կրելուն։ Մի՛ շփոթվիր այս հարցերում։ Կան ուրիշներ, որոնք ասում են. «Աստծու գործն այսօր գործնական է։ Այն երբեք հրաշքների և նշանների ցուցադրություն չէ»։ Արդյո՞ք Նա իսկապես հրաշքներ և նշաններ չի գործում։ Համոզվա՞ծ ես։ Գիտե՞ս արդյոք, թե իրականում ինչ է Իմ գործը։ Մեկը կարող է ասել, որ Նա հրաշքներ և նշաններ չի գործում, բայց մի՞թե Նրա արած գործը և Նրա ասած խոսքերը բոլորը հրաշքներ չեն։ Մեկը կարող է ասել, որ Նա հրաշքներ և նշաններ չի գործում, բայց դա կախված է նրանից, թե ինչպես է այն բացատրվում, և ում է այն ուղղված։ Առանց եկեղեցի գնալու՝ Նա ուղղակիորեն թափանցել է մարդկանց վիճակների բուն էության մեջ, և խոսելուց բացի առանց որևէ այլ գործ կատարելու՝ Նա առաջ է մղել մարդկանց։ Մի՞թե սրանք հրաշքներ չեն։ Միայն խոսքերով Նա նվաճել է մարդկանց, և մարդիկ ուրախությամբ հետևում են առանց հեռանկարների կամ հույսերի։ Մի՞թե սա նույնպես հրաշք չէ։ Երբ Նա խոսում է, Նրա խոսքերը մարդկանց ներքաշում են որոշակի մթնոլորտի մեջ. եթե ուրախություն չեն զգում, ապա թախիծ են զգում, և եթե չեն ենթարկվում զտման, ապա ենթարկվում են հանդիմանության։ Ընդամենը մի քանի կտրուկ խոսքով Նա հանդիմանություն է բերում մարդկանց վրա։ Մի՞թե սա գերբնական չէ։ Կարո՞ղ էին մարդիկ նման բան անել։ Կարդացիր Աստվածաշունչն այդ բոլոր տարիներին, բայց ոչինչ չհասկացար և չկարողացար թափանցել ոչ մի բանի մեջ. անկարող էիր անջատել ինքդ քեզ հավատքի այդ հնացած, ավանդական եղանակներից և ոչ մի կերպ չէիր կարող հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Աստվածաշնչի հետ։ Սակայն Նա կարող է թափանցել դրա մեջ։ Մի՞թե սա գերբնական բան չէ։ Եթե Աստծու մեջ ոչ մի գերբնական բան չլիներ, երբ Նա եկավ երկիր, կկարողանա՞ր արդյոք նվաճել ձեզ։ Առանց աստվածայնության մեջ Նրա արտասովոր գործի՝ ձեզանից ո՞վ կհամոզվեր։ Ձեր աչքերում թվում է, թե մի բնականոն մարդ է աշխատում և ապրում ձեզ հետ, մեկը, ով ունի բնականոն, սովորական մարդու արտաքին կեղև, բնականոն մարդկայնության արտաքին կեղև, բայց իրականում աստվածայնությունն է գործում։ Բնականոն մարդկայնությունը չէ, որ գործում է, դա աստվածայնությունն է, դա Ինքը՝ Աստված է. պարզապես Նա գործը կատարում է բնականոն մարդկայնության միջոցով։ Այսպիսով, Նրա գործը և՛ բնականոն է, և՛ գերբնական։ Այն գործը, որ Նա անում է, մարդն անել չի կարող. և քանի որ այն չի կարող արվել բնականոն մարդկանց կողմից, դա արվում է արտասովոր անձի կողմից։ Բայց այս արտասովորությունը աստվածայնությունն է։ Այնպես չէ, որ մարդկայնությունն է արտասովոր, այլ այն, որ աստվածայնությունը տարբերվում է մարդկայնությունից։ Մարդը, ով օգտագործվում է Սուրբ Հոգու կողմից, նույնպես սովորական, բնականոն մարդկայնություն ունի, բայց անկարող է անել այս գործը։ Այստեղ է կայանում տարբերությունը։ Գուցե ասես. «Աստված գերբնական Աստված չէ, Նա ոչ մի գերբնական բան չի անում։ Մեր Աստված խոսքերն ասում է գործնական կերպով։ Նա գալիս է եկեղեցի՝ գործնական կերպով աշխատանք կատարելու։ Ամեն օր Նա խոսում է մեզ հետ դեմ առ դեմ, և դեմ առ դեմ Նա մատնանշում է մեր վիճակները։ Մեր Աստված գործնակա՜ն է։ Նա ապրում է մեզ հետ, և Նրա մասին ամեն ինչ լիովին բնականոն է։ Նրա արտաքինի մեջ ոչինչ չի առանձնացնում Նրան որպես Աստված։ Նույնիսկ լինում են ժամանակներ, երբ Նա բարկանում է, և մենք տեսնում ենք Նրա բարկության մեծափառությունը, իսկ երբեմն Նա ժպտում է, և մենք դիտում ենք Նրա ժպտացող կեցվածքը։ Նա Ինքը՝ Աստված է՝ ձևով և կերպարանքով, ստեղծված մսից և արյունից, ով գործնական է»։ Երբ այսպես ես վկայում, դա անավարտ վկայություն է։ Ի՞նչ օգուտ կտա դա ուրիշներին։ Եթե չես կարող վկայել Ինքն Աստծու գործի իրական պատմության և էության մասին, ապա քո «վկայությունն» արժանի չէ այդ անվանը։

Աստծու համար վկայություն կրելը հիմնականում նշանակում է խոսել քո գիտության վերաբերյալ Աստծու գործի մասին, այն մասին, թե ինչպես է Աստված նվաճում մարդկանց, ինչպես է Նա փրկում մարդկանց, ինչպես է Նա փոխում մարդկանց. դա այն մասին խոսելն է, թե ինչպես է Նա առաջնորդում մարդկանց՝ մտնելու ճշմարտության իրականության մեջ՝ թույլ տալով նրանց նվաճվել, կատարյալ դարձվել և փրկվել Իր կողմից։ Վկայություն կրել նշանակում է խոսել Նրա գործի և այն ամենի մասին, ինչ փորձառաբար ապրել ես։ Միայն Նրա գործը կարող է ներկայացնել Նրան, և միայն Նրա գործը կարող է հրապարակավ բացահայտել Նրան՝ Իր ամբողջության մեջ. Նրա գործը վկայում է Նրա մասին։ Նրա գործն ու արտահայտումներն ուղղակիորեն ներկայացնում են Հոգուն. այն գործը, որ Նա անում է, իրականացվում է Հոգու կողմից, և այն խոսքերը, որ Նա ասում է, ասվում են Հոգու կողմից։ Պարզապես այս բաներն արտահայտվում են Աստծու մարմնացած մսեղիի միջոցով։ Իրականում դրանք Հոգու արտահայտություններն են։ Այն ողջ գործը, որ Նա անում է, և այն բոլոր խոսքերը, որ Նա ասում է, ներկայացնում են Նրա էությունը։ Եթե Իրեն մսեղիով հագցնելուց և մարդկանց մեջ գալուց հետո Աստված չխոսեր կամ չգործեր, և ապա խնդրեր ձեզ ճանաչել Իր գործնականությունը, Իր բնականոնությունը և Իր ամենակարողությունը, կկարողանայի՞ր արդյոք։ Կկարողանայի՞ր արդյոք իմանալ, թե որն է Հոգու էությունը։ Կկարողանայի՞ր իմանալ, թե որն է Նրա մսեղիի բնությունը։ Միայն այն պատճառով, որ փորձառաբար ապրել եք Նրա գործի յուրաքանչյուր քայլը, Նա խնդրում է վկայություն կրել Իր համար։ Եթե զուրկ լինեիք նման փորձառությունից, ապա Նա չէր պնդի, որ վկայություն կրեք։ Այսպիսով, երբ վկայություն ես կրում Աստծուն, ոչ միայն պետք է վկայես բնականոն մարդկայնության Նրա արտաքին կեղևի մասին, այլ փոխարենը պետք է վկայես այն գործի մասին, որ Նա անում է, և այն ուղու մասին, որով Նա առաջնորդում է, պետք է վկայես, թե ինչպես ես նվաճվել Նրա կողմից և ինչ առումներով ես կատարյալ դարձվել։ Սա է այն վկայությունը, որը պետք է կրես։ Ենթադրենք, ուր էլ գնաս, բացականչես. «Մեր Աստված եկել է գործելու, և Նրա գործն իսկապես գործնական է։ Նա ձեռք է բերել մեզ ընդհանրապես առանց գերբնական արարքների, առանց որևէ հրաշքների և նշանների»։ Ուրիշները կհարցնեն. «Ի՞նչ նկատի ունես, երբ ասում ես, որ Նա հրաշքներ և նշաններ չի գործում։ Ինչպե՞ս կարող էր Նա նվաճել քեզ առանց հրաշքներ և նշաններ գործելու»։ Իսկ դու ասես. «Նա խոսում է, և առանց որևէ նշանների կամ հրաշքների ցուցադրության՝ Նա նվաճել է մեզ։ Նրա գործը նվաճել է մեզ»։ Ի վերջո, անկարող ես ասել որևէ էական բան և չես կարող խոսել մանրամասների մասին։ Մի՞թե սա վկայությո՞ւն է։ Երբ մարմնացած Աստված նվաճում է մարդկանց, աստվածայնության մեջ հենց Նրա խոսելն է, որ նվաճում է նրանց։ Նրա մարդկայնությունը չի կարող իրագործել դա. դա մի բան չէ, որին որևէ մահկանացու կարող է հասնել, և նույնիսկ բնականոն մարդկանց մեջ ամենաբարձր որակ ունեցողներն անկարող են հասնել դրան, քանզի Նրա աստվածայնությունն ավելի բարձր է, քան ցանկացած արարած։ Սա արտասովոր է մարդկանց համար. Արարիչը, ի վերջո, ավելի բարձր է, քան ցանկացած արարած։ Արարածները չեն կարող ավելի բարձր լինել, քան Արարիչը. եթե ավելի բարձր լինեիր, քան Նա, Նա չէր կարողանա նվաճել քեզ, և Նա կարող է նվաճել քեզ միայն այն պատճառով, որ Նա ավելի բարձր է, քան դու։ Նա, ով կարող է նվաճել ողջ մարդկությանը, Արարիչն է, և ոչ ոք, բացի Նրանից, չի կարող անել այս գործը։ Սա վկայություն է՝ սա է այն վկայությունը, որը պետք է կրես։ Դու քայլ առ քայլ փորձառաբար ապրել ես հանդիմանություն, դատաստան, զտում, փորձություններ, անհաջողություններ և նեղություններ և նվաճվել ես. հրաժարվել ես մսեղիի հեռանկարներից, քո անձնական դրդապատճառներից և մսեղիի մտերիմ շահերից։ Այլ կերպ ասած՝ Աստծու խոսքերն ամբողջությամբ նվաճել են քո սիրտը։ Թեև քո կյանքում չես աճել այնքան, որքան Նա է պահանջում, գիտես այս բոլոր բաները և լիովին համոզված ես նրանով, ինչ Նա անում է։ Սա վկայություն է՝ գործնական վկայություն։ Նա եկել է կատարելու դատաստանի և հանդիմանության գործը՝ մարդուն նվաճելու համար. բայց Նա նաև եկել է ավարտելու Իր գործը, ավարտին հասցնելու դարաշրջանը և իրականացնելու ամփոփման գործը՝ ավարտին հասցնելու ողջ դարաշրջանը, փրկելու ողջ մարդկությանը, հիմնովին փրկելու մարդկությանը մեղքից և լիովին ձեռք բերելու Իր ստեղծած մարդկությանը։ Դու պետք է վկայություն կրես այս ամենի մասին։ Դու այնքան շատ ես փորձառաբար ապրել Աստծու գործը, տեսել ես այն քո սեփական աչքերով և անձամբ ես փորձառաբար ապրել այն. ի վերջո մի՛ եղիր անկարող կատարելու քեզ վրա դրված գործառույթը։ Ինչպիսի՜ ափսոսանք կլիներ դա։ Ապագայում, երբ ավետարանը տարածվի, դու պետք է կարողանաս խոսել քո սեփական գիտության մասին, վկայել այն ամենի մասին, ինչ ձեռք ես բերել քո սրտում, և ջանք չխնայել։ Սա է այն, ինչին պետք է հասնի արարածը։ Ի՞նչ նշանակություն ունի հատկապես Աստծու գործի այս փուլը։ Ո՞րն է դրա ազդեցությունը։ Եվ որքա՞նն է դրանից իրականացվել մարդկանց մեջ։ Ի՞նչ պետք է անեն մարդիկ։ Երբ կարողանաք հանգամանորեն բացատրել այն ողջ գործը, որ մարմնացած Աստվածն արել է երկիր գալուց ի վեր, ապա ձեր վկայությունն ամբողջական կլինի։ Երբ կարողանաս հանգամանորեն բացատրել այս հինգ բաները՝ Նրա գործի նշանակությունը, դրա բովանդակությունը, դրա էությունը, բնույթը, որն այն ներկայացնում է, և դրա սկզբունքները, ապա սա կապացուցի, որ ի վիճակի ես վկայություն կրելու Աստծու մասին, որ իսկապես գիտություն ունես։ Իմ պահանջները ձեզանից շատ մեծ չեն և հասանելի են բոլոր նրանց, ովքեր ձգտում են ճշմարիտ սրտով։ Եթե վճռականություն ունես լինելու Աստծու վկաներից մեկը, պետք է հասկանաս, թե ինչ է Աստված գարշում և ինչ է Աստված սիրում։ Դու փորձառաբար ապրել ես Նրա գործի մեծ մասը. այս գործի միջոցով պետք է սկսես ճանաչել Նրա բնույթը, հասկանաս Նրա մտադրությունները և մարդկությունից Նրա պահանջները, և օգտագործես այս գիտությունը՝ Նրա մասին վկայելու և քո պարտավորությունը կատարելու համար։ Գուցե միայն ասես. «Մենք ճանաչում ենք Աստծուն։ Նրա դատաստանն ու հանդիմանությունը շատ խիստ են։ Նրա խոսքերը շատ խիստ են. Նա արդար է և մեծափառ, և ոչ ոք չի կարող հանցանք գործել Նրա դեմ», բայց մի՞թե այս խոսքերն ի վերջո մատակարարում են մարդուն։ Ո՞րն է դրանց ազդեցությունը մարդկանց վրա։ Գիտե՞ս իսկապես, որ դատաստանի և հանդիմանության այս գործն ամենաօգտակարն է քեզ համար։ Աստծու դատաստանն ու հանդիմանությունը բացահայտում են քո ըմբոստությունն ու ապականությունը, այնպես չէ՞։ Դրանք կարող են մաքրել և վտարել այդ կեղտոտ ու ապականված բաները քո ներսից, այնպես չէ՞։ Եթե չլինեին դատաստանն ու հանդիմանությունը, ի՞նչ կլիներ քեզ հետ։ Գիտակցո՞ւմ ես արդյոք իրականում այն փաստը, որ Սատանան ապականել է քեզ ամենախոր աստիճանի։ Այսօր պետք է զինվեք այս բաներով և լավ իմանաք դրանք։

Ներկայիս օրերում Աստծուն հավատալն այն հավատքը չէ, որը գուցե պատկերացնում եք՝ թե բավական է կարդալ Աստծու խոսքերը, աղոթել, երգել, պարել, կատարել ձեր պարտավորությունը և ապրել բնականոն մարդկայնության կյանքով։ Մի՞թե հավատքն իսկապես կարող է այդքան պարզ լինել։ Արդյունքներն են կարևոր։ Խոսքն այն մասին չէ, թե քանի գործողություն ես անում. ավելի շուտ, խոսքն այն մասին է, թե հատկապես ինչպես կարող ես հասնել լավագույն արդյունքների։ Գուցե կարողանաս բարձր պահել Աստծու խոսքերը և մեկնաբանել քո գիտության մի մասը, բայց երբ մի կողմ ես դնում դրանք, ոչինչ չունես ասելու։ Սա ցույց է տալիս, որ ի վիճակի ես միայն բառեր և վարդապետություններ խոսելու, բայց չունես այն գիտությունը, որը գալիս է փորձառությունից։ Այսօր չի ստացվի, եթե չկարողանաս ըմբռնել այն, ինչ կարևոր է. սա կենսականորեն կարևոր է իրականության մեջ մտնելու համար։ Սկսիր կրթվել այսպես. նախ՝ կարդա Աստծու խոսքերը, սկսիր լավ ճանաչել դրանցում եղած հոգևոր տերմինները, գտիր դրանցում եղած հիմնական տեսիլքները, բացահայտիր այն մասերը, որոնք վերաբերում են կիրարկմանը, և ի մի բեր այս տարրերը՝ մեկ առ մեկ, և բեր դրանք քո փորձառությունների մեջ՝ դրանց մեջ մտնելու համար։ Սրանք այն կարևոր բաներն են, որոնք պետք է ըմբռնես։ Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս ամենակարևոր կիրարկումը սա է. Աստծու խոսքերի մի գլուխ կարդալուց հետո պետք է կարողանաս գտնել տեսիլքներին վերաբերող հիմնական մասերը և պետք է նաև կարողանաս գտնել այն հիմնական մասերը, որոնք վերաբերում են կիրարկմանը, օգտագործիր տեսիլքները որպես հիմք և օգտագործիր կիրարկումը որպես քո ուղեցույց կյանքում։ Սրանք են այն, ինչ ձեզ ամենից շատ պակասում է, և ձեր ամենամեծ դժվարությունը. ձեր սրտերում դուք հազվադեպ եք որևէ ուշադրություն դարձնում դրանց։ Ընդհանուր առմամբ, բոլորդ գտնվում եք հետևյալ վիճակում. ծույլ եք, չեք ձգտում առաջընթաց գրանցել, չեք ցանկանում որևէ անձնական զոհողություն անել կամ պասիվ սպասում եք՝ ձեզնից ոմանք նույնիսկ տրտնջում են՝ չեք հասկանում Աստծու գործի նպատակներն ու նշանակությունը, և ձեզ համար դժվար է ձգտել ճշմարտությանը։ Նման մարդիկ հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ի վերջո դուրս կթողնվեն։ Նրանցից ոչ մեկը չի կարող կատարյալ դարձվել, և ոչ մեկը չի կարող ողջ մնալ։ Եթե մարդիկ մի փոքր վճռականություն չունեն, որով դիմակայեն Սատանայի ուժերին, ապա նրանք անհո՛ւյս են։

Այժմ, արդյոք ձեր ձգտումն արդյունավետ է եղել, թե ոչ, չափվում է նրանով, թե ինչ ունեք ներկայումս։ Սա է օգտագործվում՝ որոշելու ձեր ելքը. այսինքն՝ ձեր ելքը բացահայտվում է՝ հիմնվելով ձեր արած զոհողությունների և ձեր արած բաների վրա։ Ձեր ելքը կարող է բացահայտվել ձեր ձգտումով, ձեր հավատքով և նրանով, ինչ արել եք։ Ձեր բոլորի մեջ կան շատերը, ովքեր արդեն անդին են փրկությունից, քանզի այսօր մարդկանց ելքերը բացահայտելու օրն է, և Իմ գործում անմիտ չեմ լինի. Ես հաջորդ դարաշրջան չեմ առաջնորդի նրանց, ովքեր ամբողջովին անդին են փրկությունից։ Կգա ժամանակ, երբ Իմ գործը կավարտվի։ Չեմ գործի այն գարշահոտ, անհոգի դիակների վրա, որոնք ընդհանրապես չեն կարող փրկվել. հիմա մարդու փրկության վերջին օրերն են, և անօգուտ գործ չեմ անի։ Մի՛ հայհոյիր Երկնքին և երկրին՝ աշխարհի վերջը գալիս է, դա անխուսափելի է։ Բաները հասել են այս կետին, և որպես մարդկային էակ՝ ոչինչ չես կարող անել դրանք կանգնեցնելու համար. դու չես կարող փոխել բաներն այնպես, ինչպես ցանկանում ես։ Երեկ գին չվճարեցիր՝ ճշմարտությանը ձգտելու համար, և նվիրված չէիր։ Այսօր ժամանակը եկել է, անդին ես փրկությունից։ Իսկ վաղը դուրս կթողնվես, և քո փրկության համար ոչ մի ազատություն չի լինի։ Թեև Ես բարի եմ ու փափկասիրտ և անում եմ ամեն հնարավորը՝ քեզ փրկելու համար, եթե չես պայքարում հանուն քեզ կամ չես մտածում քո մասին, ի՞նչ կապ ունի դա Ինձ հետ։ Նրանք, ովքեր մտածում են միայն իրենց մսեղիի մասին և ովքեր վայելում են հարմարավետությունը, նրանք, ովքեր թվում է, թե հավատում են, բայց իրականում չեն հավատում, նրանք, ովքեր զբաղվում են չար բժշկությամբ և կախարդությամբ, նրանք, ովքեր անառակ են և քայքայված, նրանք, ովքեր գողանում են Եհովայի զոհաբերությունները և Նրա ունեցվածքը, նրանք, ովքեր սիրում են կաշառք, նրանք, ովքեր դատարկ երազում են երկինք համբառնալու մասին, նրանք, ովքեր գոռոզ են և ինքնահավան, ովքեր պայքարում են միայն անձնական համբավի և շահի համար, նրանք, ովքեր անպատկառ խոսքեր են տարածում, նրանք, ովքեր հայհոյում են Ինքն Աստծուն, նրանք, ովքեր ոչինչ չեն անում, բացի Ինքն Աստծուն դատելուց և զրպարտելուց, նրանք, ովքեր խմբավորումներ են կազմում և անկախություն փնտրում, նրանք, ովքեր իրենց ավելի շատ են բարձրացնում, քան բարձրացնում են Աստծուն՝ այն թեթևամիտ երիտասարդ, միջին տարիքի և տարեց տղամարդիկ ու կանայք, ովքեր ծուղակն են ընկել սանձարձակության մեջ, այն տղամարդիկ ու կանայք, ովքեր վայելում են անձնական համբավն ու շահը և ձգտում են անձնական կարգավիճակի ուրիշների շրջանում, այն անզղջա մարդիկ, ովքեր թակարդն են ընկել մեղքի մեջ. մի՞թե նրանք բոլորն անդին չեն փրկությունից։ Սանձարձակությունը, մեղսալիությունը, չար բժշկությունը, կախարդությունը, հայհոյական խոսքերը և անպատկառ խոսքերը մոլեգնում են ձեր մեջ։ Ճշմարտությունը և կյանքի խոսքերը ոտնատակ են արվում ձեր մեջ, իսկ սուրբ խոսքերը պղծվում ձեր մեջ։ Դուք, հեթանոսնե՛ր, ուռած կեղտով և ըմբոստությամբ։ Ո՞րն է լինելու ձեր ելքը։ Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր սիրում են մսեղին, ովքեր մսեղիի կախարդություն են անում և ովքեր ծուղակն են ընկել սանձարձակ մեղքի մեջ, հանդգնություն ունենալ շարունակելու ապրե՛լ։ Մի՞թե չգիտես, որ ձեզ նման մարդիկ որդեր են՝ անդին փրկությունից։ Ի՞նչն է քեզ իրավունք տալիս պահանջելու այս ու այն։ Մինչ օրս ամենաչնչին փոփոխությունն անգամ չի եղել նրանց մեջ, ովքեր չեն սիրում ճշմարտությունը և սիրում են միայն մսեղին. ինչպե՞ս կարող են նման մարդիկ փրկվել։ Նրանք, ովքեր չեն սիրում կյանքի ճանապարհը, ովքեր չեն բարձրացնում Աստծուն և վկայություն չեն կրում Նրա մասին, ովքեր ծրագրեր են կազմում հանուն իրենց սեփական կարգավիճակի, ովքեր բարձրացնում են իրենց. մի՞թե նրանք դեռ նույնը չեն, նույնիսկ այսօր։ Ի՞նչ արժեք ունի նրանց փրկելը։ Կարող ես փրկվել, թե ոչ, կախված չէ նրանից, թե որքան մեծ է քո ավագությունը կամ քանի տարի ես աշխատել, և առավել ևս կախված չէ նրանից, թե որքան հավատարմագրեր ես կուտակել։ Ավելի շուտ, դա կախված է նրանից, թե արդյոք քո ձգտումը պտուղ տվել է։ Պետք է իմանաս, որ նրանք, ովքեր փրկվում են, պտուղ տվող «ծառերն» են, այլ ոչ թե փարթամ սաղարթով և առատ ծաղիկներով ծառերը, որոնք, սակայն, պտուղ չեն տալիս։ Նույնիսկ եթե երկար տարիներ ես անցկացրել փողոցներում թափառելով, ի՞նչ նշանակություն ունի դա։ Ո՞ւր է քո վկայությունը։ Շատ ավելի քիչ աստվածավախ սիրտ ունես, քան այն սիրտը, որը սիրում է ինքդ քեզ և տարված է քո ցանկասեր տենչերով. մի՞թե այս տեսակի մարդն այլասերված չէ։ Ինչպե՞ս կարող էին նրանք լինել փրկության տիպար և նմուշ։ Քո բնությունն անուղղելի է, չափազանց շատ ըմբոստություն ունես, անդին ես փրկագնումից։ Մի՞թե նման մարդիկ նրանք չեն, ովքեր դուրս կթողնվեն։ Մի՞թե այն ժամանակը, երբ Իմ գործն ավարտվում է, քո վերջին օրվա գալստյան ժամանակը չէ։ Այսքան գործ եմ արել և այսքան խոսքեր եմ ասել ձեր մեջ. դրանցից որքա՞նն է իսկապես մտել ձեր ականջները։ Դրանցից որքանի՞ն եք երբևէ հնազանդվել։ Երբ Իմ գործն ավարտվի, դա կլինի այն ժամանակը, երբ կդադարես հակադրվել Ինձ, երբ կդադարես կանգնել Իմ դեմ։ Մինչ Ես գործում եմ, դուք անընդհատ գործում եք Իմ դեմ, երբեք չեք ենթարկվում Իմ խոսքերին։ Ես անում եմ Իմ գործը, իսկ դու անում ես քո սեփական «գործը»՝ ստեղծելով քո սեփական փոքրիկ թագավորությունը։ Դուք աղվեսների և շների ոհմակ եք, որ ոչինչ չեք անում, բացի Իմ դեմ գործելուց։ Շարունակ փորձում եք ձեր գիրկը քաշել նրանց, ովքեր ձեզ են առաջարկում իրենց անբաժան սերը. ո՞ւր են ձեր երկյուղած սրտերը։ Ամեն ինչ, որ անում եք, խաբուսիկ է։ Ոչ հնազանդություն ունեք, ոչ էլ երկյուղ, և ամեն ինչ, որ անում եք, խաբուսիկ է և հայհոյական։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ փրկվել։ Տղամարդիկ, որ սեռապես անբարոյական են և ցանկասեր, միշտ ցանկանում են իրենց մոտ քաշել սեթևեթող պոռնիկներին՝ իրենց սեփական վայելքի համար։ Ես բացարձակապես չեմ փրկի նման սեռապես անբարոյական դևերին։ Լիովին ատում եմ ձեզ՝ կեղտոտ դևերիդ, և ձեր ցանկասիրությունն ու սեթևեթանքը կգցեն ձեզ դժոխք։ Ի՞նչ ունեք ասելու ինքներդ ձեր մասին։ Դուք՝ կեղտոտ դևերդ և չար ոգիներդ, գարշելի եք։ Զզվելի եք։ Ինչպե՞ս կարող էր նման աղբը փրկվել։ Կարո՞ղ են արդյոք նրանք, ովքեր ծուղակն են ընկել մեղքի մեջ, դեռ փրկվել։ Այսօր ձեր սրտերը չեն ձգվում դեպի այս ճշմարտությունը, այս ճանապարհը և այս կյանքը։ Ավելի շուտ, դրանք ձգվում են դեպի մեղսալիությունը և դեպի փողը, կարգավիճակը, համբավը, շահը, մսեղիի վայելքները և տղամարդկանց գեղեցկությունն ու կանանց սեթևեթանքը։ Ինչպե՞ս է դա ձեզ որակավորում՝ մտնելու Իմ թագավորություն։ Ձեր պատկերներն ավելի մեծ են, քան Աստծունը, ձեր կարգավիճակն ավելի բարձր է, քան Աստծունը, էլ չասած մարդկանց շրջանում ձեր հեղինակության մասին. իրականում դարձել եք կուռքեր, որոնց մարդիկ պաշտում են։ Մի՞թե ձեզանից յուրաքանչյուրը չի դարձել հրեշտակապետ։ Երբ մարդկանց ելքերը բացահայտվեն, ինչը նաև այն ժամանակն է, երբ փրկության գործը կմոտենա իր ավարտին, ձեր միջից շատերը կլինեն դիակներ՝ անդին փրկությունից, և պետք է դուրս թողնվեն։ Փրկության գործի ընթացքում Ես բարի և լավ եմ բոլոր մարդկանց հանդեպ։ Երբ գործն ավարտվի, տարբեր տեսակի մարդկանց ելքերը կբացահայտվեն, և այդ ժամանակ Ես այլևս բարի և լավ չեմ լինի, քանզի մարդկանց ելքերը բացահայտված կլինեն, և յուրաքանչյուրը դասակարգված կլինի ըստ իր տեսակի, և փրկության որևէ այլ գործ անելուց ոչ մի օգուտ չի լինի պարզապես այն պատճառով, որ փրկության դարաշրջանն անցած կլինի, և անցնելով՝ չի վերադառնա։

Նախորդը.  Կիրարկում (6)

Հաջորդը.  Կիրարկում (8)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger