Որակ բարձրացնելն Աստծու փրկությունը ստանալու համար է
Մարդկանց որակը բարձրացնել նշանակում է, որ ձեզնից պահանջվում է բարելավել ձեր ըմբռնելու կարողությունը, որպեսզի կարողանաք հասկանալ Աստծու խոսքերը և իմանաք ինչպես գործել դրանց համաձայն։ Սա ամենատարրական պահանջն է։ Եթե հետևում ես Ինձ՝ առանց հասկանալու, թե ինչ եմ ասում, մի՞թե հավատքդ կույր չէ։ Որքան խոսքեր էլ արտաբերեմ, եթե դրանք անհասանելի են ձեզ, եթե չեք կարողանում լիովին հասկանալ դրանք, ինչ էլ որ ասեմ, ապա դա նշանակում է, որ ձեր որակը ցածր է։ Առանց ըմբռնելու կարողության՝ ոչինչ չեք հասկանում Իմ ասածից, ինչը շատ է դժվարացնում ցանկալի արդյունքին հասնելը․ շատ բան կա, որ Ես չեմ կարող ուղղակիորեն ասել ձեզ, և նախատեսված արդյունքին հնարավոր չէ հասնել, ուստի լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն է առաջանում։ Քանի որ ձեր ըմբռնելու կարողությունը, իրերը տեսնելու ձեր ունակությունը և այն չափանիշները, որոնցով ապրում եք, չափազանց թերի են, ձեզ վրա պետք է «որակի բարձրացման» աշխատանքը իրականացվի։ Սա անխուսափելի է, և այլընտրանք չկա։ Միայն այսպես կարելի է որոշակի արդյունքի հասնել․ հակառակ դեպքում Իմ ասած բոլոր խոսքերն իզուր կլինեն։ Եվ մի՞թե բոլորդ պատմության մեջ չեք մնա որպես մեղավորներ։ Մի՞թե չեք դառնա երկրի տականքը։ Մի՞թե չգիտեք, թե ինչ աշխատանք է կատարվում ձեզ վրա, և ինչ է պահանջվում ձեզնից։ Դուք պարտավոր եք իմանալ ձեր իսկ որակը․ այն բնավ չի համապատասխանում Իմ պահանջներին։ Եվ մի՞թե սա չի հետաձգում Իմ գործը։ Ելնելով ձեր ներկայիս որակից և ներկայիս բնավորությունից՝ ձեզնից ոչ մեկն արժանի չէ վկայելու Իմ մասին, ոչ էլ ձեզնից որևէ մեկն ի վիճակի է ստանձնելու Իմ ապագա գործի ծանր պատասխանատվությունների առաջադրանքը։ Մի՞թե խորապես ամոթ չեք զգում։ Եթե այսպես շարունակեք, ինչպե՞ս կարող եք բավարարել Իմ մտադրությունները։ Պետք է հարստացնես քո կյանքը։ Թույլ մի՛ տուր, որ ժամանակն իզուր անցնի․ դա անելն արժեք չունի։ Պետք է իմանաս, թե ինչով ես պարտավոր զինվել։ Մի՛ կարծիր, թե ամենագետ ես․ դեռ երկա՜ր ճանապարհ ունես անցնելու։ Էլ ի՞նչ կարելի է ասել, քանի որ չունես մարդկայնության նույնիսկ նվազագույն ողջամտությունը։ Մի՞թե ամեն ինչ իզուր չէ։ Իսկ ինչ վերաբերում է Իմ պահանջած մարդկայնությանն ու որակին, ձեզնից ոչ մեկը լիովին չի համապատասխանում չափանիշին։ Չափազանց դժվար է գտնել մեկին, որ պիտանի է օգտագործման համար։ Ձեզ ունակ եք համարում Ինձ համար ավելի մեծ գործ անելու և Ինձնից ավելի մեծ հանձնարարություններ ստանալու․ իրականում նույնիսկ չգիտեք ինչպես մտնել ձեր իսկ աչքի առաջ եղած դասերից շատերի մեջ․ ուստի ինչպե՞ս կարող եք մտնել ավելի խոր ճշմարտությունների մեջ։ Ձեր մուտքը պետք է լինի բազմաշերտ և աստիճանական։ Այն չպետք է քաոսային լինի․ դա լավ չէ։ Սկսեք ամենամակերեսային մուտքից․ կարդացեք այս խոսքերը տող առ տող, մինչև սկսեք հստակորեն հասկանալ։ Երբ կարդում եք Աստծու խոսքերը, պարզապես աչքի մի՛ անցկացրեք դրանք, ասես ձիով սլանալիս ծաղիկներով եք հիանում, և պարզապես ձևականորեն մի՛ արեք։ Կարող ես նաև կարդալ որոշ տեղեկատու գրքեր (օրինակ՝ քերականության կամ ճարտասանության մասին գրքեր)՝ գիտելիքդ բարելավելու համար։ Մի՛ կարդա այնպիսի գրքեր, ինչպիսիք են սիրավեպերը, մեծ մարդկանց կենսագրությունները կամ հասարակական գիտությունների մասին գրքերը․ դրանք ոչ մի օգուտ չեն տալիս և կարող են միայն վնաս պատճառել։ Պետք է յուրացնես այն ամենը, ինչի մեջ պետք է մտնես ու հասկանաս։ Մարդկանց որակը բարձրացնելու նպատակը նրանց իրենց սեփական էությունը, ինքնությունը, կարգավիճակը և արժեքը գիտակցել տալն է։ Պետք է հասկանաք, թե ինչու մարդիկ պետք է Աստծուն հավատալիս ձգտեն ճշմարտությանը, և արդյոք ընդունելի՞ է, որ մարդիկ չբարձրացնեն իրենց որակը։ Հրամայակա՜ն է, որ շարունակեք կրթվել․ չպետք է բաց թողնեք սա։ Պետք է հասկանաք, թե ինչու պետք է բարձրացվի մարդկանց որակը, ինչպես այն պետք է բարձրացվի, և որ տեսանկյուններով պետք է մտնել։ Պետք է հասկանաք բնականոն մարդկայնությունը կյանքով արտահայտելու նշանակությունը, թե ինչու պետք է արվի այս աշխատանքը, և այն դերը, որ մարդը պետք է կատարի։ Օրինակ՝ կրթվելիս պետք է հասկանաք, թե որ տեսանկյունները պետք է ուսումնասիրվեն, և ինչպես պետք է մարդը մտնի դրանց մեջ։ Բոլորդ պետք է իմանաք, թե որն է կրթվելու նպատակը։ Մի՞թե Աստծու խոսքերը հասկանալու և ճշմարտության մեջ մտնելու համար չէ։ Ի՞նչ է տիրում այսօր եկեղեցիներում. երբ մարդկանց ստիպում են կրթվել, նրանք մոռանում են Աստծու խոսքերի վայելքի մասին և ողջ օրը ոչինչ չեն անում՝ բացի կրթվելուց։ Եթե պահանջեք նրանցից, որ կյանքով արտահայտեն բնականոն մարդկայնություն, նրանք կզբաղվեն միայն իրենց տունը մաքրելով, ճաշ եփելով կամ խոհանոցային պարագաներ գնելով։ Միայն այս ամենը կլինի նրանց ուշադրության կենտրոնում․ նրանք նույնիսկ անտեղյակ կլինեն սովորական եկեղեցական կյանք վարելուց։ Եթե հայտնվել եք ներկայիս հանգամանքներում, ապա ձեր կիրարկման առնչությամբ մոլորվել եք։ Այդժամ ինչո՞ւ է քեզնից պահանջվում մտնել հոգևոր կյանքի մեջ։ Պարզապես այդ ամենը սովորելով չես կարողանա հասնել քեզնից պահանջվածին։ Կյանքի մուտքը դեռևս ամենակարևորն է․ մինչդեռ այդ աշխատանքն անելու պատճառը մարդկանց փորձառություններում հանդիպող դժվարությունները լուծելն է։ Որակդ բարձրացնելը քեզ տալիս է մարդկային բնության և մարդու էության ճանաչողություն, որի հիմնական նպատակն այն է, որ մարդկանց հոգևոր կյանքը կարողանա աճել, և նրանց խառնվածքը` փոխվել։ Դու գուցե գիտես ինչպես հագնվել և գեղեցիկ տեսք ունենալ, գուցե խորաթափանց և իմաստուն ես, և, այնուամենայնիվ, երբ ի վերջո գա աշխատանքի գնալու օրը, չես կարողանա։ Ուստի պետք է տեղյակ լինես, թե էլ ինչ պետք է արվի որակդ բարձրացնելիս։ Նպատակը քեզ փոխելն է․ որակդ բարձրացնելը լրացուցիչ է։ Լավ չի լինի, եթե որակդ չբարելավվի, իսկ եթե խառնվածքդ չփոխվի, դա է՛լ ավելի վատ է։ Չի կարելի բաց թողնել դրանցից ոչ մեկը։ Բնականոն մարդկայնություն ունենալ չի նշանակում, որ հնչեղ վկայություն ես կրել. քեզնից պահանջվածն այդքան էլ պարզ չէ։
Միայն երբ մարդկանց որակը բարձրացած լինի, և նրանք ձեռք բերեն բնականոն մարդկայնություն ունեցող մարդկանց ողջամտությունն ու ապրելակերպը և ունենան կյանքի մուտք, միայն այդ ժամանակ կունենան փոփոխություններ և վկայություններ, որոնց մասին կարող են խոսել։ Երբ գա վկայություն կրելու օրը, պետք է նաև խոսես մարդկային կյանքիդ փոփոխությունների և ներսումդ Աստծու գիտության մասին։ Միայն այս երկու կողմերի համադրությունը կլինի քո ճշմարիտ վկայությունը և բերքը։ Բավարար չէ, որ մարդկայնությունդ արտաքուստ փոխվի, բայց ներքուստ ոչ մի հասկացողություն չունենաս, ոչ էլ լավ կլինի, եթե ներքուստ ունենաս հասկացողություն և ճշմարտություն, բայց ի վերջո անտեսես բնականոն մարդկայնությունդ կյանքով արտահայտելը։ Այսօր քեզ վրա կատարվող աշխատանքը ոչ թե ցուցադրության համար է, այլ քեզ փոխելու համար։ Քեզ մնում է ինքդ քեզ փոխելու վրա կենտրոնանալ։ Ամեն օր գրելն ու լսելը, երբ կյանքումդ ուրիշ ոչինչ չկա, բավարար չէ․ պետք է մտնես յուրաքանչյուր տեսանկյունը։ Պետք է ունենաս սրբի բնականոն կյանք։ Շատ քույրեր հագնվում են երիտասարդ տիկնանց պես, իսկ եղբայրները՝ ազնվականների կամ մեծահարուստների, ինչը լիովին զուրկ է սրբերի արտաքին վայելչությունից։ Մի բան է մարդու որակ բարձրացնելը․ դրան հասնում են ակամա։ Այլ բան է Աստծու խոսքերն ուտելն ու խմելը․ սա է առանցքայինը։ Եթե որակդ բարձրանար, բայց ի վերջո չօգտագործվեր, քանի որ չես կերել և խմել Աստծու խոսքերը, մի՞թե սովորելու ջանքերդ իզուր վատնած չէիր լինի։ Երկու կողմերերն էլ պետք է համադրվեն։ Ինչո՞ւ խոսել Աստծու գիտության մասին, երբ քննարկվում է քեզնից պահանջվածը։ Մի՞թե դա գալիք աշխատանքի արդյունքների համար չէ։ Նվաճվելուց հետո պետք է ի վիճակի լինես կիսելու քո փորձառական վկայությունը։ Այդպես չի լինի, եթե արտաքին տեսքդ բնականոն մարդկայնության նման լինի, բայց ի վերջո անկարող լինես բառերով արտահայտել փորձառություններդ։ Բնականոն հոգևոր կյանք ունենալուն զուգահեռ՝ պետք է նաև հասնես բնականոն մարդկայնության, որի շատ կողմեր կսովորես ակամա։ Մի՞թե կարծում ես` հատակն ավլելը որևէ հատուկ կիրարկում է պահանջում։ Է՛լ ավելի վատ է, եթե մեկ ժամ ծախսես՝ կիրարկելով, թե ուտելիս ինչպես բռնել փայտիկները։ Ի՞նչ կողմեր է ներառում բնականոն մարդկայնությունը․ խորաթափանցություն, ողջամտություն, խիղճ և ազնվություն։ Եթե կարողանաս այս կողմերից յուրաքանչյուրում հասնել բնականոնության, մարդկայնությունդ կհամապատասխանի չափանիշին։ Պետք է ունենաս բնականոն մարդու նմանություն, պետք է նմանվես Աստծուն հավատացողի։ Քեզնից չի պահանջվում չափազանց շատ բանի հասնել կամ ներգրավվել դիվանագիտության. պարզապես պետք է լինես բնականոն մարդ՝ բնականոն մարդու ողջամտությամբ, որպեսզի կարողանաս հստակ հասկանալ իրերի էությունը և առնվազն բնականոն մարդու տեսք ունենալ։ Դա բավարար կլինի։ Այն ամենը, ինչ պահանջվում է քեզնից այսօր, կարողություններիդ սահմաններում է. սա այն դեպքը չէ, երբ փորձում են ձկանը ստիպել ապրել ցամաքում։ Ոչ մի անօգուտ խոսք կամ անօգուտ աշխատանք չի կատարվի քեզ վրա։ Կյանքումդ արտահայտված կամ բացահայտված ողջ տգեղությունից պետք է հրաժարվես։ Դուք ապականվել եք Սատանայի կողմից և լեփլեցուն եք Սատանայի թույներով։ Այն ամենը, ինչ պահանջվում է քեզնից, այս սատանայական ապականված խառնվածքից հրաժարվելն է։ Քեզնից չի պահանջվում դառնալ ինչ-որ բարձրաստիճան գործիչ կամ հայտնի ու մեծ մարդ։ Դրա մեջ ոչ մի իմաստ չկա։ Ձեզ վրա կատարվող աշխատանքն արվում է ըստ այն բանի, ինչը ներհատուկ է ձեզ։ Մարդկանցից Իմ պահանջածը սահմանված է որոշակի շրջանակներում։ Եթե կիրարկեիր մտավորականների խոսելու ձևով և հնչերանգով, բավարար չէր լինի. չէիր կարողանա անել դա։ Հաշվի առնելով ձեր որակը՝ պետք է առնվազն կարողանաք խոսել իմաստությամբ ու նրբանկատությամբ և իրողությունները բացատրել պարզ ու հասկանալի կերպով։ Դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է պահանջները բավարարելու համար։ Եթե առնվազն ձեռք բերես խորաթափանցություն և ողջամտություն, ապա դա բավարար կլինի։ Այժմ ամենակարևորը սատանայական ապականված խառնվածքիցդ հրաժարվելն է։ Պետք է ազատվես քո մեջ դրսևորված տգեղությունից։ Ինչպե՞ս կարող ես խոսել գերագույն ողջամտության և գերագույն խորաթափանցության մասին, եթե չես ազատվում դրանցից։ Շատ մարդիկ, տեսնելով, որ դարաշրջանը փոխվել է, զուրկ են մնում որևէ խոնարհությունից կամ համբերությունից և գուցե նաև չունեն որևէ սեր կամ սրբին վայել արտաքին վայելչություն։ Որքա՜ն անհեթեթ են նման մարդիկ։ Արդյոք նրանք ունե՞ն բնականոն մարդկայնության նույնիսկ մի նշույլ։ Ունե՞ն արդյոք որևէ վկայություն, որի մասին կարող են խոսել։ Լիովին զուրկ են խորաթափանցությունից կամ ողջամտությունից։ Իհարկե, մարդկանց կիրարկման որոշ խեղաթյուրված կողմեր պետք է ուղղվեն․ օրինակ՝ նրանց նախկին կարծր հոգևոր կյանքը և թմրած, ապուշ տեսքը. այս ամենը, պետք է փոխվի։ Փոխվել չի նշանակում քեզ թույլ տալ դառնալ սանձարձակ կամ տարված լինել մսեղիով՝ ասելով այն, ինչ ուզում ես։ Չպետք է անպատասխանատու կերպով խոսես։ Բնականոն մարդու խոսք և վարվելակերպ ունենալ նշանակում է խոսել կապակցված, ասել «այո», երբ նկատի ունես «այո», և «ոչ», երբ նկատի ունես «ոչ», կառչել փաստերին, խոսել տեղին, չխաբել ու չստել։ Պետք է հասկանալ այն սահմանները, որոնց բնականոն մարդը կարող է խառնվածքի փոփոխության վերաբերյալ հասնել։ Հակառակ դեպքում չես կարողանա մտնել իրականության մեջ։