Ուղին… (6)

Աստծու գործի շնորհիվ է, որ հասել ենք մինչև այսօր, և ուստի, մենք Աստծու տնօրինման ծրագրում գոյատևածներն ենք։ Այն, որ մինչև այսօր մնացել ենք, Աստծու կողմից մեզ մեծապես բարձրացնել է։ Ըստ Աստծու ծրագրի՝ մեծ կարմիր վիշապի երկիրը պետք է կործանվեր, բայց կարծում եմ, որ գուցե Նա մեկ այլ ծրագիր է հաստատել, կամ ցանկանում է իրականացնել Իր գործի մեկ այլ մասը։ Ուստի նույնիսկ հիմա Ես չեմ կարող սա հստակ բացատրել․ այն անլուծելի հանելուկի է նման։ Բայց ընդհանուր առմամբ, մեր այս խումբը նախասահմանվել է Աստծու կողմից, ու Ես միշտ հավատում եմ, որ Աստված այլ գործ ունի անելու մեզ վրա։ Թող բոլորս այսպես աղերսենք Երկնքին․ «Թող Քո կամքը կատարվի, ու Դու կրկին հայտնվես մեզ ու չթաքցնես Ինքդ Քեզ, որպեսզի կարողանանք ավելի հստակ տեսնել Քո փառքն ու Քո դեմքը»։ Իմ մշտական զգացողությունն է, որ այն ուղին, որով Աստված առաջնորդում է մեզ, ուղիղ վեր չի գնում, այլ փոսերով լի ոլորապտույտ ճանապարհ է։ Աստված նաև ասում է, որ որքան քարքարոտ է ուղին, այնքան ավելի շատ կարող է բացահայտել մեր սիրող սրտերը։ Սակայն մեզանից ոչ ոք չի կարող նման ուղի հարթել։ Իմ փորձառության մեջ Ես բազմաթիվ քարքարոտ, անհարթ ուղիներով եմ քայլել ու մեծ տառապանք եմ կրել, ու երբեմն նույնիսկ այնքան խորապես վշտահար եմ եղել, որ քիչ էր մնում բարձրաձայն աղաղակեի, բայց, միևնույն է, քայլել եմ այս ուղով մինչև այսօր։ Ես հավատում եմ, որ սա Աստծու առաջնորդած ուղին է, ուստի Ես դիմանում եմ բոլոր տառապանքների տանջանքին ու շարունակում եմ առաջ ընթանալ։ Քանզի սա է Աստծու սահմանածը, ո՞վ կարող է խուսափել դրանից։ Ես չեմ ձգտում որևէ օրհնություն ստանալ․ միակ բանը, որին ձգտում եմ, այն է, որ կարողանամ քայլել այն ուղով, որով պետք է քայլեմ Աստծու մտադրությունների համաձայն։ Ես չեմ ձգտում ընդօրինակել ուրիշներին՝ քայլելով նրանց քայլած ուղով։ Միակ բանը, որին ձգտում եմ, այն է, որ կարողանամ Իմ նվիրումը մատուցել ու մինչև վերջ քայլել այն ուղով, որով պետք է քայլեմ։ Ես ուրիշների օգնությունը չեմ խնդրում․ անկեղծ ասած՝ Ես էլ չեմ կարող որևէ մեկին օգնել։ Թվում է, թե Ես չափազանց զգայուն եմ այս հարցում։ Ես չգիտեմ, թե ինչ են մտածում ուրիշները։ Դա նրանից է, որ Ես միշտ հավատացել եմ, որ Աստծու կողմից կանխորոշված անհատի կրելիք տառապանքի չափն ու իր ուղով անցնելիք տարածությունը, և որ ոչ ոք իրականում չի կարող օգնել որևէ մեկին։ Մեր եռանդուն եղբայրներից ու քույրերից ոմանք գուցե ասեն, որ Ես սեր չունեմ, բայց սա հենց այն է, ինչին Ես հավատում եմ։ Մարդիկ քայլում են իրենց ուղիներով՝ ապավինելով Աստծու առաջնորդությանը։ Ես հավատում եմ, որ Իմ եղբայրների ու քույրերի մեծ մասը կհասկանա Իմ սիրտը։ Ես նաև հուսով եմ, որ Աստված մեզ շատ ավելի մեծ լուսավորություն կտա այս առումով, որ մեր սերը դառնա ավելի մաքուր, իսկ մեր ընկերությունը՝ ավելի թանկագին։ Թող չշփոթվենք այս թեմայի շուրջ, այլ միայն ավելի մեծ հստակություն ձեռք բերենք, որպեսզի միջանձնային հարաբերությունները կառուցվեն Աստծու առաջնորդության հիմքի վրա։

Աստված մի քանի տարի գործել է մայրցամաքային Չինաստանում, ու Նա մեծ ջանքեր է թափել բոլոր մարդկանց մեջ՝ ի վերջո մեզ հասցնելու այնտեղ, որտեղ այսօր կանք։ Ես կարծում եմ, որ բոլորին ճիշտ ուղու վրա առաջնորդելու համար այս գործը պետք է սկսվի այնտեղից, որտեղ բոլորն ամենաթույլն են․ միայն այս կերպ կարելի է հաղթահարել առաջին խոչընդոտն ու շարունակել գործն առաջ տանել։ Մի՞թե այդպես ավելի լավ չէ։ Չինական ազգը, որն ապականված է եղել հազարավոր տարիներ, գոյատևել է մինչև այսօր, և ամեն տեսակ «վարակ» անդադար զարգացել է՝ ժանտախտի պես տարածվելով ամենուր։ Պարզապես մարդկանց հարաբերություններին նայելը բավական է տեսնելու համար, թե որքան «մանրէներ» են թաքնված մարդկանց ներսում։ Աստծու համար ծայրաստիճան դժվար է զարգացնել Իր գործն այսպիսի խիստ փակ ու վարակված տարածքում։ Մարդկանց անհատականությունները, սովորությունները, գործելակերպը, այն ամենը, ինչ արտահայտում են իրենց կյանքում ու նրանց միջանձնային հարաբերությունները՝ դրանք բոլորը այն աստիճանի քայքայված են, որ մարդկային գիտելիքն ու մշակույթները բոլորը մահվան են դատապարտվել Աստծու կողմից։ Էլ չասած այն տարբեր փորձառությունների մասին, որոնք սովորել են իրենց ընտանիքներից ու հասարակությունից․ դրանք բոլորը դատապարտվել են Աստծու աչքերում։ Դա նրանից է, որ այս երկրում ապրողները չափազանց շատ վարակներ են կլանել։ Դա նրանց համար սովորական բանի պես է, ոչինչ չեն մտածում դրա մասին։ Ուստի, որքան ավելի ապականված են մարդիկ որևէ վայրում, այնքան ավելի ոչ բնականոն են նրանց միջանձնային հարաբերությունները։ Մարդկանց հարաբերությունները լի են խարդավանքներով, դավադրություններ են կազմակերպում միմյանց դեմ և մորթում են միմյանց․ սա ասես մարդակեր դևերի ամրոց լինի։ Այսպիսի սարսափով լի վայրում, որտեղ ուրվականներն անսանձ շրջում են, ծայրաստիճան դժվար է իրականացնել Աստծու գործը։ Ես անդադար աղերսում եմ Աստծուն, երբ շփվում եմ մարդկանց հետ, քանզի Ես միշտ սարսափում եմ նրանց հետ շփվելուց ու Ես խորապես վախենում եմ, որ կվիրավորեմ նրանց «արժանապատվությունը» Իմ խառնվածքով։ Իմ սրտում Ես միշտ վախենում եմ, որ այս անմաքուր հոգիներն անխոհեմաբար կգործեն, ուստի Ես միշտ պաշտպանություն եմ աղերսում Աստծուց։ Ամեն տեսակի ոչ բնականոն հարաբերություն ակնհայտ է մեր մեջ, ու տեսնելով այս ամենը՝ ատելություն կա Իմ սրտում, քանզի իրար հետ մարդիկ միշտ զբաղված են մարդկային «գործերով» ու երբեք հաշվի չեն առնում Աստծուն։ Ես մինչև ոսկորներս ատում եմ նրանց պահվածքը։ Այն, ինչ կարելի է տեսնել մայրցամաքային Չինաստանի մարդկանց մեջ, ոչ այլ ինչ է, քան սատանայական ապականված խառնվածքներ, ուստի այս մարդկանց մեջ Աստծու գործելու ընթացքում գրեթե անհնար է որևէ արժեքավոր բան գտնել նրանց ներսում։ Ամբողջ գործն արվում է Սուրբ Հոգու կողմից, և պարզապես Սուրբ Հոգին մեծապես շարժում է մարդկանց ու գործում է նրանց մեջ։ Գրեթե անհնար է որևէ բան օգտագործել այս մարդկանց մեջ։ Այսինքն՝ Սուրբ Հոգու կողմից մարդկանց շարժելու գործը չի կարող իրականացվել մարդկանց համագործակցության հետ զուգորդված։ Սուրբ Հոգին պարզապես համառորեն շարժում է մարդկանց, բայց նույնիսկ այդ դեպքում մարդիկ մնում են թմրած ու անզգա և գաղափար անգամ չունեն, թե ինչ է անում Աստված։ Ուստի, Աստծու գործը մայրցամաքային Չինաստանում համեմատելի է երկինքներն ու երկիրը ստեղծելու Նրա գործի հետ։ Այն ստիպում է բոլոր մարդկանց վերստին ծնվել ու փոխում է նրանց մասին ամեն ինչ, քանզի նրանց ներսում ոչ մի արժեքավոր բան չկա, ինչը ցավալի է։ Ես հաճախ վշտով աղոթում եմ այս մարդկանց համար․ «Աստվա՛ծ, թող Քո մեծ զորությունը դրսևորվի այս մարդկանց մեջ, որպեսզի Քո Հոգին մեծապես շարժի նրանց, և որպեսզի այս թմրած ու տկարամիտ տառապյալներն արթնանան՝ դուրս գան խորը թմբիրի միջից ու տեսնեն այն օրը, երբ Դու փառք կստանաս»։ Թող բոլորս աղոթենք Աստծու առաջ ու ասենք՝ Աստվա՛ծ, կրկին ողորմի՛ր ու հո՛գ տար մեր մասին, որպեսզի մեր սրտերը կարողանան լիովին դառնալ դեպի Քեզ, և որպեսզի կարողանանք փախչել այս կեղտոտ երկրից, ոտքի կանգնել ու ավարտել այն, ինչ Դու հանձնարարել ես մեզ։ Հուսով եմ, որ Աստված կրկին կշարժի մեզ, որպեսզի կարողանանք ստանալ Նրա լուսավորությունը, և հուսով եմ, որ Նա կողորմի մեզ, որպեսզի մեր սրտերը կարողանան աստիճանաբար դառնալ դեպի Նրան, ու Նա կարողանա ձեռք բերել մեզ։ Սա է այն ցանկությունը, որը բոլորս կիսում ենք։

Ուղին, որով քայլում ենք, ամբողջովին սահմանված է Աստծու կողմից։ Կարճ ասած՝ Ես հավատում եմ, որ անշուշտ կքայլեմ այս ուղով մինչև վերջ, քանզի Աստված միշտ ժպտում է Ինձ, և ասես Նրա ձեռքը միշտ առաջնորդում է Ինձ։ Ուստի, Իմ սիրտը պղծված չէ որևէ այլ բանով, ու Աստծու գործը միշտ մտքումս է։ Ես Իմ ողջ ուժով և նվիրումով կատարում եմ այն ամենը, ինչ Աստված հանձնարարում է Ինձ, և Ես երբեք չեմ միջամտում Ինձ չհատկացված առաջադրանքներին, ոչ էլ խառնվում եմ նրան, թե ուրիշ ով է դա անում, քանզի կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է քայլի իր սեփական ուղով ու չխառնվի ուրիշների գործերին։ Այդպես եմ Ես տեսնում դա։ Գուցե սա Իմ սեփական անհատականության պատճառով է, բայց Ես հուսով եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը հասկանանում ու ներում են Ինձ, քանզի Ես երբեք չեմ համարձակվում դեմ գնալ Իմ Հոր հրամանին։ Ես չեմ համարձակվում դեմ գնալ Երկնքի կամքին։ Մի՞թե մոռացե՞լ ես, որ «Երկնքի կամքին հնարավոր չէ հակառակվել»։ Ոմանք գուցե Ինձ եսակենտրոն համարեն, բայց Ես հավատում եմ, որ Ես հատկապես եկել եմ իրականացնելու Աստծու տնօրինման գործի մի մասը, այլ ոչ թե ներքաշվելու միջանձնային հարաբերությունների մեջ։ Ես ի վիճակի չեմ սովորելու, թե ինչպես լավ հարաբերություններ ունենալ ուրիշների հետ։ Սակայն Աստծու հանձնարարության մեջ Ես ունեմ Աստծու առաջնորդությունը, ու Ես ունեմ հավատ ու համառություն՝ այս գործը լավ անելու համար։ Գուցե Ես չափազանց «եսակենտրոն» եմ, բայց Ես հուսով եմ, որ բոլորն իրենց նախաձեռնությամբ կփորձեն զգալ Աստծու արդար ու անձնուրաց սերն ու կփորձեն համագործակցել Աստծու հետ։ Մի՛ սպասեք Աստծու մեծափառության երկրորդ գալստյանը. դա ոչ մեկի համար լավ չէ։ Ես միշտ կարծում եմ, որ պետք է հաշվի առնենք հետևյալը․ «Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ անելու այն, ինչ պետք է անենք Աստծուն բավարարելու համար։ Մեզանից յուրաքանչյուրին տրված Աստծու հանձնարարությունը տարբեր է։ Ինչպե՞ս պետք է իրագործենք այն»։ Պետք է հստակ ընկալես, թե որն է այն ուղին, որով քայլում ես։ Խիստ անհրաժեշտ է, որ հստակ լինես այս հարցում։ Քանզի բոլորդ ցանկանում եք բավարարել Աստծուն, ինչո՞ւ նախ ինքներդ ձեզ չհանձնեք Նրան։ Առաջին անգամ, երբ Ես աղոթեցի Աստծուն, Ես Իմ ողջ սիրտը տվեցի Նրան։ Ինձ շրջապատող մարդիկ՝ ծնողները, քույրերը, եղբայրներն ու գործընկերները, բոլորը մղվեցին Իմ մտքի ամենահետին պլան Իմ վճռականության պատճառով։ Ասես նրանք ընդհանրապես գոյություն չունեին Ինձ համար։ Քանզի Ես միշտ մտածում էի Աստծու մասին՝ լիներ դա Նրա խոսքերի, թե Նրա իմաստության մասին, այս բաները միշտ Իմ սրտում էին ու Իմ սրտում ամենաթանկարժեք տեղն էին զբաղեցնում։ Ուստի, աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններով լի մարդկանց համար Ես սառնասիրտ ու անզգա մեկն եմ։ Նրանց սրտերը ցավում են այն բանից, թե ինչպես եմ Ես Ինձ դրսևորում, ինչպես եմ գործեր վարում, Իմ ամեն մի քայլից։ Նրանք տարօրինակ հայացքներ են գցում Ինձ վրա, ասես Ես ինչ-որ անլուծելի հանելուկ եմ։ Իրենց մտքում նրանք գաղտնի չափում են Ինձ՝ չիմանալով, թե Ես ինչ եմ անելու հաջորդիվ։ Ինչպե՞ս կարո՞ղ էի կանգ առնել Իմ ճանապարհին այս մարդկանց արած ամեն մի քայլի պատճառով։ Անկախ նրանից, թե ուրիշները նախանձում են Ինձ, ատում են, թե ծաղրում են սառը սարկազմով, Ես դեռ շարունակաբար աղերսում եմ Աստծու առաջ մեծ քաղցով ու ծարավով, ասես միայն Ես և Նա լինեինք նույն աշխարհում, և ուրիշ ոչ ոք չլիներ։ Արտաքին աշխարհի ուժերը միշտ սերտորեն շրջապատում են Ինձ, բայց նաև Աստծու կողմից շարժված լինելու զգացումն է ալեկոծվում Իմ ներսում։ Հայտնվելով այս երկընտրանքի մեջ՝ Ես խոնարհվեցի Աստծու առաջ․ «Աստվա՛ծ, ինչպե՞ս կարող էի անտրամադիր լինել Քո կամքի հանդեպ։ Քո աչքերն Ինձ նայում են որպես պատվավորի, որպես կոփված ոսկու, սակայն Ես ի վիճակի չեմ փախչել խավարի ուժերից։ Ես կտառապեի Քեզ համար Իմ ողջ կյանքում, Ես Քո գործը կդարձնեի Իմ կյանքի զբաղմունքը, և Ես աղաչում եմ Քեզ տալ Ինձ հանգստի պատշաճ վայր՝ Ինքս Ինձ Քեզ նվիրելու համար։ Աստվա՛ծ, Ես ուզում եմ Ինքս Ինձ Քեզ ընծայել։ Դու լավ գիտես մարդու թուլությունը, ուստի ինչո՞ւ ես Ինքդ Քեզ թաքցնո՞ւմ Ինձնից»։ Հենց այդ ժամանակ Ես ասես լեռնային շուշան լինեի, որի բույրը խառնվում էր զեփյուռին՝ անհայտ բոլորին։ Երկինքը, սակայն, հեկեկաց, և Իմ սիրտը շարունակեց լաց լինել։ Թվում էր, թե էլ ավելի մեծ ցավ կար Իմ սրտում։ Բոլոր ուժերն ու մարդու պաշարումըն ասես պարզ երկնքում հնչած որոտ լինեին։ Ո՞վ կարող էր հասկանալ Իմ սիրտը։ Եվ այսպես, մեկ անգամ ևս Ես եկա Աստծու առաջ և ասացի․ «Աստվա՛ծ, մի՞թե Քո գործն իրականացնելու ոչ մի ճանապարհ չկա այս կեղտոտ երկրում։ Ինչո՞ւ ուրիշները չեն կարող հաշվի առնել Քո սիրտը հարմարավետ, աջակցող միջավայրում, որը զերծ է հալածանքից։ Ես ուզում եմ տարածել Իմ թևերը, սակայն ինչո՞ւ է այդքան դժվար թռչելով հեռանալ։ Մի՞թե Դու հավանություն չես տալիս»։ Օրեր շարունակ Ես լաց էի լինում սրա համար, սակայն Ես միշտ հավատում էի, որ Աստված մխիթարություն կբերի Իմ վշտահար սրտին։ Ոչ ոք երբեք չի հասկացել Իմ տագնապը։ Գուցե դա անմիջական ընկալում է Աստծուց։ Ես միշտ տագնապած ու մտահոգված եմ եղել Նրա գործի համար ու հազիվ ժամանակ եմ ունեցել շունչ քաշելու։ Մինչ օրս Ես դեռ աղոթում եմ ու ասում․ «Աստվա՛ծ, եթե դա է Քո կամքը, առաջնորդի՛ր Ինձ՝ իրականացնելու Քո էլ ավելի մեծ գործը, որպեսզի այն տարածվի ողջ տիեզերքով մեկ, և որպեսզի այն բացվի յուրաքանչյուր ազգի ու հարանվանության համար, որպեսզի մի փոքր խաղաղություն բերվի Իմ սրտին, ու որպեսզի Ես կարողանամ ապրել Քեզ համար մի հանգիստ վայրում ու կարողանամ անարգել աշխատել Քեզ համար ու կարողանամ հանդարտեցնել Իմ սիրտը՝ ծառայելու Քեզ Իմ ողջ կյանքում»։ Սա է Իմ սրտի ցանկությունը։ Գուցե եղբայրներն ու քույրերն ասեն, որ Ես ամբարտավան ու գոռոզ եմ։ Ես էլ եմ ընդունում սա, քանզի դա փաստ է․ այն, ինչ ունեն երիտասարդները, պարզապես ամբարտավանություն է։ Ուստի, Ես իրական փաստերին հակասող բան չեմ ասում։ Իմ մեջ կարող ես տեսնել երիտասարդի անհատականության բոլոր գծերը, բայց կարող ես նաև տեսնել, թե որտեղ եմ Ես տարբերվում այլ երիտասարդներից․ իմ հանգստությունն ու հանդարտությունը։ Ես սա թեմա չեմ դարձնում․ Ես հավատում եմ, որ Աստված Ինձ ավելի լավ գիտի, քան Ես Ինքս։ Սրանք խոսքեր են Իմ սրտից, ու Ես հուսով եմ, որ եղբայրներն ու քույրերը չեն վիրավորվի։ Թող խոսենք մեր սրտերում եղած խոսքերի մասին, նայենք մեր յուրաքանչյուրի ձգտումների հետևում եղած նպատակներին, համեմատենք մեր աստվածասեր սրտերը, լսենք այն խոսքերը, որոնք շշնջում ենք Աստծուն, երգենք մեր սրտերում եղած ամենագեղեցիկ երգերն ու բարձրաձայնենք մեր սրտերում եղած վեհ զգացմունքները, որպեսզի մեր կյանքն ավելի գեղեցիկ դառնա։ Մոռացե՛ք անցյալն ու նայե՛ք դեպի ապագան։ Աստված մի ուղի կբացի մեզ համար։

Նախորդը.  Ուղին… (5)

Հաջորդը.  Ուղին… (7)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger