Ուղին… (7)
Մեր իրական փորձառություններում տեսնում ենք, որ շատ անգամներ Աստված անձամբ ելք է բացել մեզ համար, որպեսզի մեր ոտքերի տակ եղած ուղին ավելի հաստատուն ու ավելի իրական լինի։ Քանզի սա է այն ուղին, որն Աստված բացեց մեզ համար հազարավոր դարեր առաջ, և որը փոխանցվել է մեր սերնդին տասնյակ հազարավոր տարիներ անց։ Ուստի մենք այն մարդիկ ենք,որոնք շարունակում են նախնիների ուղին, ովքեր դրանով մինչև վերջ չեն քայլել։ Մենք ընտրվել ենք Աստծու կողմից՝ քայլելու դրա վերջին փուլով։ Եվ այսպես, այս ուղին հատուկ պատրաստվել է մեզ համար Աստծու կողմից, ու անկախ նրանից՝ օրհնություն ենք ստանում, թե աղետի ենք ենթարկվում, ուրիշ ոչ ոք չի կարող քայլել այս ուղով։ Թույլ տվեք այստեղ իմ սեփական տեսակետն ավելացնել․ մի՛ մտածեք այլ տեղ փախչելու կամ մեկ այլ ուղի գտնելու մասին, ու կարգավիճակ մի՛ տենչացեք, կամ մի՛ փորձեք ստեղծել ձեր սեփական արքայությունը․ դրանք բոլորը պատրանքներ են։ Եթե Իմ խոսքերի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունես, այդ դեպքում խորհուրդ եմ տալիս այդքան բթամիտ չլինել։ Լավ կանես ավելի շատ մտածես այս մասին։ Մի՛ փորձիր խելացի ձևանալ ու իմացիր՝ ինչն է լավ քեզ համար։ Դու կզղջաս դրա համար, երբ Աստծու ծրագիրն իրագործվի։ Ասածս այն է, որ երբ Աստծու արքայությունը գա, երկրի վրա յուրաքանչյուր երկիր կջախջախվի։ Այդժամ կտեսնես, որ քո սեփական ծրագրերը նույնպես ոչնչացվել են։ Պատժվածները բոլորը ջախջախման ենթակա են, ու դրանում Աստված լիովին կբացահայտի Իր բնույթը։ Կարծում եմ, քանզի Ես այս բաներն Իմ հինգ մատի պես գիտեմ, պետք է դրանք ասեմ քեզ, որպեսզի հետո չմեղադրես Ինձ։ Այն, որ կարողացել ենք քայլել այս ուղով մինչև այսօր, սահմանված է եղել Աստծու կողմից, ուստի մի՛ մտածիր, որ ինչ-որ յուրահատուկ բան ես, ոչ էլ, որ անհաջողակ ես․ թող ոչ ոք պնդումներ չանի Աստծու ներկայիս գործի վերաբերյալ, որպեսզի «չջախջախվես»։ Ես լուսավորություն եմ ստացել Աստծու գործից։ Անկախ ամեն ինչից, Աստված ավարտուն կդարձնի մարդկանց այս խումբը, Նրա գործն այլևս երբեք չի փոխվի, ու Նա կտանի մարդկանց այս խումբը մինչև ուղու վերջն ու կավարտի Իր գործը երկրի վրա։ Բոլորս պետք է հասկանանք սա։ Մարդկանց մեծամասնությունը սիրում է «հայացքն ուղղել հեռուն», ու նրանց ախորժակներին վերջ չկա։ Նրանցից ոչ մեկը չի հասկանում Աստծու այսօրվա հրատապ մտադրությունը, ուստի բոլորը մտածում են փախչելու մասին։ Նրանք նման են փախած ձիերի, որոնք միայն ուզում են թափառել ամայության մեջ։ Քչերն են մտադիր հաստատվել Քանաանի բարի երկրում՝ փնտրելու մարդկային կյանքի ուղին։ Եթե մարդիկ մտնել են երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում ու այն չեն վայելում, էլ ի՞նչ են ուզում։ Ճիշտն ասած, Քանաանի բարի երկրից այն կողմ միայն ամայություն է։ Թեև մարդիկ մտել են հանգստի վայր, ի վիճակի չեն կանգնել իրենց պարտավորության կողքին։ Մի՞թե պարզապես պոռնիկներ չեն։ Եթե կորցնես Աստծու կողմից կատարյալ դարձվելու հնարավորությունն այստեղ, կզղջաս կյանքիդ մնացած օրերին, զղջումդ անսահման կլինի։ Կնմանվես Մովսեսին, ով նայում էր Քանաանի երկրին, բայց չկարողացավ վայելել այն, նրա դատարկ բռունցքները սեղմված էին, նրա մահը լի էր զղջումով։ Մի՞թե սա ամոթալի չես համարում։ Մի՞թե ամոթալի չես համարում ուրիշների կողմից ծաղրի ենթարկվելը։ Պատրա՞ստ ես արդյոք նվաստացվել ուրիշների կողմից։ Մի՞թե չես ուզում քեզ լավ դրսևորել։ Մի՞թե չես ուզում լինել պատվավոր ու շիտակ մարդ, որ կատարելագործվում է Աստծու կողմից։ Մի՞թե իսկապես ոչ մի վճռականություն չունես։ Պատրաստ չես գնալ այլ ուղիներով։ Մի՞թե նաև չես ցանկանում գնալ այն ուղով, որն Աստված է սահմանել քեզ համար։ Համարձակվում ես դե՞մ գնալ Երկնքի կամքին։ Որքան էլ մեծ լինի քո «հմտությունը», իսկապես կարո՞ղ ես վիրավորել Երկնքին։ Ես կարծում եմ՝ ավելի լավ է փորձենք ինչպես հարկն է ճանաչել ինքներս մեզ։ Աստծու մի խոսքը կարող է փոխել երկինքն ու երկիրը, ուստի ի՞նչ է նիհար, փոքրիկ մարդն Աստծու աչքերում։
Իմ իսկ փորձառություններում Ես տեսել եմ, որ որքան շատ հակադրվես Աստծուն, այնքան ավելի շատ Աստված ցույց կտա Իր մեծափառ բնույթն ու այնքան ավելի խիստ կլինի այն հանդիմանությունը, որը Նա «կմատուցի» քեզ։ Որքան շատ հնազանդվես Նրան, այնքան ավելի շատ Նա կսիրի ու կպաշտպանի քեզ։ Աստծու բնույթը նման է պատժի գործիքի․ եթե հնազանդվես, ապահով ու անվնաս կլինես։ Երբ չես հնազանդվում, երբ միշտ փորձում ես գլուխ գովել ու միշտ հնարքներ ես բանեցնում, Աստծու բնույթն անմիջապես փոխվում է։ Նա նման է արևին ամպամած օրը, Նա կթաքնվի քեզանից ու ցույց կտա քեզ Իր զայրույթը։ Նրա բնույթը նաև նման է հունիսյան եղանակին, երբ երկինքը մղոններով պարզ է, և ալիքներն ընդամենը ծփանք են ջրի մակերեսին, մինչև հանկարծ հոսանքն արագանում է, ու ջուրը վերածվում է մոլեգնող ալեկոծության։ Համարձակվո՞ւմ ես այդքան անխոհեմ լինել Աստծու նման բնույթի առջև։ Ձեր փորձառություններում եղբայրներիդ ու քույրերիդ մեծ մասը տեսել է, որ երբ Սուրբ Հոգին գործում է ցերեկվա լույսի ներքո, լի եք հավատով, բայց հետո, հանկարծակի, Աստծու Հոգին լքում է ձեզ, և այնքան եք տանջվում, որ անքուն եք մնում գիշերը՝ փնտրելով այն ուղղությունը, որով անհետացավ Նրա Հոգին։ Ինչ անում ես, չես կարողանում գտնել, թե ուր գնաց Նրա Հոգին, բայց հետո, հանկարծակի, Նա կրկին հայտնվում է քեզ, և նույնքան հիացած ես, որքան Պետրոսը, երբ հանկարծ կրկին տեսավ իր Տեր Հիսուսին, այնքան հիացած, որ գրեթե աղաղակում ես։ Մի՞թե իսկապես մոռացե՞լ ես սա՝ այնքան բազմիցս փորձառաբար ապրելուց հետո։ Տեր Հիսուս Քրիստոսը, Որ մսեղի դարձավ, Որ խաչվեց, իսկ հետո հարություն առավ մեռելներից և համբարձվեց երկինք, միշտ մերթ թաքնված է քեզանից, մերթ հայտնվում է քեզ։ Նա հայտնվում է քեզ քո արդարության պատճառով, ու Նա բարկանում է ու հեռանում քեզանից քո մեղքերի պատճառով, ուստի ինչո՞ւ ավելի շատ չես կանչում Նրան։ Մի՞թե չգիտեի՞ր, որ Պենտեկոստեից հետո Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա մեկ այլ հանձնարարություն ունի։ Գիտես միայն այն փաստը, որ Տեր Հիսուս Քրիստոսը մսեղի դարձավ, եկավ երկիր ու խաչվեց։ Երբեք չես իմացել, որ Հիսուսը, Ում հավատում էիր նախկինում, վաղուց մեկ ուրիշին է հանձնարարել գործը, և որ Նրա գործն ավարտվել է վաղուց, ուստի Տեր Հիսուս Քրիստոսի Հոգին կրկին եկել է երկիր մսեղիի կերպարանքով՝ անելու գործի մեկ այլ մասը։ Ես կցանկանայի մի բան ավելացնել այստեղ․ չնայած այն փաստին, որ ներկայումս այս հոսքի մեջ եք, Ես համարձակվում եմ ասել, որ ձեզանից քչերն են հավատում, որ սա այն անձն է, որը Տեր Հիսուս Քրիստոսի կողմից շնորհվել է ձեզ։ Միայն Նրան վայելել գիտեք․ չեք ընդունում, որ Աստծու Հոգին կրկին եկել է երկիր, ու չեք ընդունում, որ այսօրվա Աստվածը հազարավոր տարիներ առաջվա Հիսուս Քրիստոսն է։ Եվ ուստի, Ես ասում եմ, որ բոլորդ քայլում եք փակ աչքերով․ պարզապես ընդունում եք այն, ուր էլ հասնեք, և ամենևին լուրջ չեք վերաբերվում սրան։ Այսպիսով, խոսքով հավատում եք Հիսուսին, բայց համարձակվում եք բացահայտորեն հակադրվել Նրան, Ում մասին Աստված վկայում է այսօր։ Մի՞թե հիմար չես։ Այսօրվա Աստվածը չի մեղադրում քեզ քո սխալների համար, Նա չի դատապարտում քեզ։ Ասում ես, որ հավատում ես Հիսուսին, ուստի կարո՞ղ է արդյոք քո Տեր Հիսուս Քրիստոսը բաց թողնել քեզ։ Կարծում ես, որ Աստված քեզ համար լիցքաթափվելու, ստելու և խաբելու ինչ-որ վա՞յր է։ Երբ քո Տեր Հիսուս Քրիստոսը կրկին հայտնվի, Նա կորոշի՝ արդյոք արդար ես, թե չար՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես ես քեզ դրսևորում հիմա։ Մարդկանց մեծամասնությունը պատկերացումներ է զարգացնում այն մասին, թե ինչ նկատի ունեմ Ես «Իմ եղբայրներ և քույրեր» ասելով, և հավատում է, որ Աստծու գործելակերպը կփոխվի։ Մի՞թե նման մարդիկ մահ չեն փնտրում։ Կարո՞ղ է արդյոք Աստված վկայել Սատանայի մասին որպես Իրեն՝ Աստծու։ Սրանով մի՞թե չես դատապարտում Աստծուն։ Կարծում ես՝ ցանկացած մեկը կարո՞ղ է դառնալ Ինքը՝ Աստված։ Եթե իսկապես իմանայիր, ապա պատկերացումներ չէիր ունենա։ Աստվածաշնչում կա հետևյալ հատվածը․ «Բոլոր բաները Նրա համար են, ու բոլոր բաները Նրանից են։ Նա շատ որդիների կբերի փառքի, և Նա մեր Հրամանատարն է… Այսպիսով, Նա չի ամաչում մեզ եղբայրներ կոչել»։ Գուցե կարողանաս հեշտությամբ անգիր արտասանել այս խոսքերը, բայց չես հասկանում, թե դրանք իրականում ինչ են նշանակում։ Մի՞թե փակ աչքերով չես հավատում Աստծուն։
Ես հավատում եմ, որ մեր սերունդն օրհնված է, որ կարողանա շարունակել նախորդ սերունդների կողմից անավարտ թողնված ուղին ու տեսնել մի քանի հազար տարի առաջվա Աստծու վերստին հայտնվելը՝ մի Աստված, Ով մեր մեջ է և առատ է ամեն ինչում։ Երբեք չէիր կարող պատկերացնել, որ կքայլես այս ուղով։ Մի՞թե դու կարող ես դա անել։ Այս ուղին առաջնորդվում է անմիջապես Սուրբ Հոգու կողմից, այն առաջնորդվում է Տեր Հիսուս Քրիստոսի յոթնապատիկ հզորացված Հոգու կողմից, և դա այն ուղին է, որը բացվել է քեզ համար այսօրվա Աստծու կողմից։ Նույնիսկ քո ամենախենթ երազներում չէիր կարող պատկերացնել, որ մի քանի հազար տարի առաջվա Հիսուսը կրկին կհայտնվի քո առաջ։ Մի՞թե գոհունակություն չես զգում։ Ո՞վ է կարող դեմ առ դեմ կանգնել Աստծու առաջ։ Ես հաճախ աղոթում եմ, որ մեր խումբն ավելի մեծ օրհնություններ ստանա Աստծուց, որպեսզի Աստված բարեհաճությամբ նայի մեզ ու ձեռք բերի մեզ, բայց եղել են նաև անթիվ անգամներ, երբ Ես դառը արցունքներ եմ թափել մեզ համար՝ խնդրելով, որ Աստված լուսավորի մեզ, որպեսզի կարողանանք տեսնել ավելի մեծ հայտնություններ։ Երբ Ես տեսնում եմ, որ մարդիկ միշտ փորձում են ձևականորեն վերաբերվել Աստծուն և երբեք ոչ մի վճռականություն չունեն, կամ որ նրանք հաշվի են առնում մսեղին, կամ պայքարում են համբավի ու շահի համար իրենց դրոշը տնկելու համար, ինչպե՞ս Ես կարող էի մեծ ցավ չզգալ Իմ սրտում։ Ինչպե՞ս կարող են մարդիկ այդքան անզգա լինել։ Մի՞թե Իմ գործն իսկապես ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Եթե քո երեխաներն ըմբոստ ու անհնազանդ լինեին քո հանդեպ, եթե խիղճ չունենային, եթե հոգ տանեին միայն իրենց մասին ու երբեք հաշվի չառնեին քո սիրտն ու վռնդեին քեզ տնից, երբ մեծանային, ի՞նչ կզգայիր այդ պահին։ Մի՞թե արցունքներ չէին հոսի քո դեմքով, երբ հիշեիր նրանց մեծացնելու համար քո թափած ջանքերը։ Այսպիսով, անթիվ անգամներ Ես աղոթել եմ Աստծուն և ասել․ «Սիրելի՛ Աստված։ Միայն Դու գիտես՝ արդյոք Ես հոգս եմ կրում Քո գործի համար։ Այնտեղ, որտեղ Իմ գործողությունները չեն համապատասխանում Քո մտադրություններին, Դու կարգավարժում ես Ինձ, կատարելագործում ես Ինձ ու ստիպում ես Ինձ հասկանալ։ Իմ միակ խնդրանքը Քեզ այն է, որ Դու է՛լ ավելի շատ ներգործես այս մարդկանց վրա, որպեսզի շուտով փառք ստանաս, ու նրանք ձեռք բերվեն Քո կողմից, որպեսզի Քո գործը համապատասխանի Քո մտադրություններին, ու Քո ծրագիրը շուտով ավարտվի»։ Աստված չի ցանկանում նվաճել մարդկանց հանդիմանության միջոցով, Նա չի ցանկանում միշտ քթից բռնած ման ածել մարդկանց։ Նա ցանկանում է, որ մարդիկ հնազանդվեն Իր խոսքերին ու գործեն կարգապահ կերպով, ու դրա միջոցով բավարարեն Իր մտադրությունները։ Բայց մարդիկ ամոթ չունեն ու անընդհատ ըմբոստանում են Նրա դեմ։ Ես կարծում եմ, որ մեզ համար լավագույնն այն է, որ գտնենք Նրան բավարարելու ամենապարզ ճանապարհը, այն է՝ հնազանդվել Նրա բոլոր կարգավորումներին։ Եթե իսկապես կարողանաս հասնել այս կետին, կատարյալ դարձված կլինես։ Մի՞թե սա հեշտ, ուրախալի բան չէ։ Գնա այն ուղով, որով պետք է գնաս։ Ուշադրություն մի՛ դարձրու, թե ինչ են ասում ուրիշները, և շատ մի՛ մտածիր։ Մի՞թե քո ապագան ու ճակատագիրը քո սեփական ձեռքերում են։ Միշտ փորձում ես փախչել՝ ցանկանալով գնալ աշխարհիկ ուղով, բայց ինչո՞ւ չես կարողանում դուրս գալ։ Ինչո՞ւ ես տարիներ շարունակ տատանվում խաչմերուկում ու հետո, ի վերջո, կրկին ընտրում այս ուղին։ Տարիներ շարունակ թափառելուց հետո ինչո՞ւ ես հիմա քո կամքին հակառակ վերադարձել այս տուն։ Մի՞թե սա քեզնից է կախված։ Ձեզանից նրանց համար, ովքեր այս հոսքի մեջ են, եթե չեք հավատում Ինձ, ապա լսեք սա՝ եթե ծրագրում ես հեռանալ, տես, թե արդյոք Աստված թույլ կտա քեզ, տես, թե ինչպես է Սուրբ Հոգին ներգործում քո վրա։ Ինքդ փորձառաբար ապրիր դա։ Անկեղծ ասած, նույնիսկ եթե փորձանքի գաս, պետք է դա այս հոսքի մեջ կրես, այսպես թե այնպես նեղություն ես կրելու, ուստի պետք է այն կրես այստեղ, այսօր և այլ տեղ չգնաս։ Մի՞թե սա պարզ չէ քեզ համար։ Ո՞ւր կգնայիր։ Սա Աստծու կառավարչական հրամանագիրն է։ Կարծում ես, որ Աստծու կողմից մարդկանց այս խմբի ընտրությունը ոչ մի իմաստ չունի՞։ Իր այսօրվա գործում Աստված հեշտությամբ չի բարկանում, բայց եթե մարդիկ փորձում են խաթարել Նրա ծրագիրը, Նրա դեմքն ակնթարթորեն փոխվում է՝ պայծառից դառնալով ամպամած։ Ուստի Ես խորհուրդ եմ տալիս քեզ հանդարտվել ու թույլ տալ, որ Աստված ներդաշնակեցնի քեզ, և թույլ տալ Նրան ավարտուն դարձնել քեզ։ Միայն սա անող մարդիկ են խելացի։