Աստծու գործի տեսությունը (1)
Հովհաննեսը յոթ տարի աշխատեց Հիսուսի համար և արդեն հարթել էր ճանապարհը, երբ Հիսուսը եկավ։ Մինչ այդ Հովհաննեսի քարոզած երկնքի թագավորության ավետարանը լսվում էր ամենուր, տարածվել էր ամբողջ Հրեաստանում, և բոլորը նրան մարգարե էին կոչում։ Այն ժամանակ Հերովդես թագավորն ուզում էր սպանել Հովհաննեսին, սակայն չէր համարձակվում, քանի որ ժողովուրդը մեծապես հարգում էր Հովհաննեսին, և Հերովդեսը վախենում էր, որ եթե սպանի, նրանք կապստամբեն իր դեմ։ Հովհաննեսի կատարած գործն արմատավորվեց հասարակ ժողովրդի մեջ, և բոլոր հրեաները վստահեցին նրան։ Յոթ տարի նա հարթեց ճանապարհը Հիսուսի համար, ճիշտ մինչև այն ժամանակը, երբ Հիսուսը սկսեց կատարել Իր սպասավորությունը։ Սա էր պատճառը, որ Հովհաննեսը բոլոր մարգարեներից մեծագույնն էր։ Միայն Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուսը սկսեց Իր պաշտոնական գործը։ Հովհաննեսից առաջ երբեք չէր եղել մի մարգարե, որը ճանապարհ հարթեր Աստծու համար, որովհետև Հիսուսից առաջ Աստված երբեք մսեղի չէր դարձել։ Ուստի, Հովհաննեսը մինչև ինքը եղած բոլոր մարգարեներից միակն էր, ով ճանապարհ հարթեց մարմնացած Աստծու համար, և այսպիսով՝ Հովհաննեսը դարձավ Հին և Նոր Կտակարանների մեծագույն մարգարեն։ Հովհաննեսը Հիսուսի մկրտությունից յոթ տարի առաջ սկսեց լայնորեն քարոզել երկնքի թագավորության ավետարանը։ Նրա կատարած գործը մարդկանց ավելի բարձր էր թվում, քան Հիսուսի հետագա գործը, սակայն նա, այնուամենայնիվ, լոկ մարգարե էր։ Նա գործում և խոսում էր ոչ թե տաճարի ներսում, այլ դրանից դուրս գտնվող քաղաքներում ու գյուղերում։ Իհարկե, նա այս բանն անում էր հրեա ժողովրդի միջավայրում, հատկապես նրանց, ովքեր աղքատ էին։ Հովհաննեսը հազվադեպ էր շփվում հասարակության վերին խավերի մարդկանց հետ, և նա ավետարանը լայնորեն քարոզում էր միայն Հրեաստանի հասարակ ժողովրդի միջավայրում՝ Տեր Հիսուսի համար ճիշտ անհատների և Նրա գործի համար հարմար վայրեր պատրաստելու նպատակով։ Հովհաննեսի նման ճանապարհը հարթող մարգարեի շնորհիվ Տեր Հիսուսը գալուն պես անմիջապես կարողացավ բռնել Իր խաչի ճանապարհը։ Երբ Աստված մսեղի դարձավ՝ Իր գործը կատարելու համար, Նա ստիպված չէր կատարել մարդկանց ընտրելու գործը, ոչ էլ կարիք ուներ անձամբ մարդկանց կամ աշխատելու համար վայր փնտրելու։ Երբ եկավ, Նա նման գործ չարեց. ճիշտ մարդը նախքան Նրա գալը Նրա համար արդեն պատրաստել էր այդ բաները։ Հովհաննեսն արդեն ավարտել էր այս գործը, նախքան Հիսուսը սկսեց Իր գործը, քանզի երբ մարմնացած Աստված եկավ՝ Իր գործն անելու, Նա անմիջապես սկսեց Իրեն վաղուց սպասողների վրա աշխատել։ Հիսուսը չէր եկել կատարելու մարդուն ուղղելու գործը։ Նա եկել էր միայն կատարելու այն սպասավորությունը, որն Իրենն էր. մնացած բոլոր բաները ոչ մի առնչություն չունեին Նրա հետ։ Երբ Հովհաննեսը եկավ, նա ոչինչ չարեց՝ բացի տաճարից և հրեաների միջավայրից երկնքի թագավորության ավետարանն ընդունածների մի խումբ դուրս բերելուց, որպեսզի նրանք Տեր Հիսուսի գործի առարկաները դառնային։ Հովհաննեսն աշխատեց յոթ տարի, այսինքն՝ նա յոթ տարի քարոզեց ավետարանը։ Իր գործի ընթացքում Հովհաննեսը շատ նշաններ ցույց չտվեց, քանզի նրա գործը ճանապարհ հարթելն էր. նրա գործը նախապատրաստման գործն էր։ Բոլոր մյուս գործերը՝ այն գործը, որ Հիսուսն էր անելու, բոլորովին կապ չունեին նրա հետ. նա միայն մարդկանց խնդրում էր խոստովանել իրենց մեղքերը և ապաշխարել, և մկրտում էր նրանց, որպեսզի նրանք կարողանային փրկվել։ Թեև նա նոր գործ արեց և բացեց մի ճանապարհ, որով մարդը նախկինում երբեք չէր քայլել, այնուամենայնիվ, նա միայն ճանապարհ հարթեց Հիսուսի համար։ Նա լոկ մի մարգարե էր, որն արեց նախապատրաստության գործը, և նա անկարող էր անել Հիսուսի գործը։ Թեև Հիսուսն առաջինը չէր, որ քարոզեց երկնքի թագավորության ավետարանը, և թեև Նա շարունակեց այն ճանապարհը, որը Հովհաննեսն էր սկսել, այնուամենայնիվ, չկար մեկ ուրիշը, ով կարող էր անել Նրա գործը, և այն Հովհաննեսի գործից բարձր էր։ Հիսուսը չէր կարող պատրաստել Իր սեփական ճանապարհը. Նրա գործը կատարվում էր անմիջապես Աստծու անունից։ Եվ այսպես, անկախ նրանից, թե քանի տարի գործեց Հովհաննեսը, նա դեռևս մարգարե էր և դեռևս մեկն էր, ով ճանապարհն էր հարթում։ Հիսուսի կատարած երեք տարվա գործը գերազանցեց Հովհաննեսի յոթ տարվա գործին, քանզի Նրա գործի էությունը նույնը չէր։ Երբ Հիսուսը սկսեց կատարել Իր սպասավորությունը, դա նաև այն ժամանակն էր, երբ Հովհաննեսի գործը մոտեցավ ավարտին, Հովհաննեսը բավականաչափ մարդիկ և վայրեր էր պատրաստել՝ Տեր Հիսուսի կողմից օգտագործվելու համար, և դրանք բավարար էին, որպեսզի Տեր Հիսուսը երեք տարվա գործ կատարեր։ Եվ այսպես, հենց որ Հովհաննեսի գործն ավարտվեց, Տեր Հիսուսը պաշտոնապես սկսեց Իր սեփական գործը, և Հովհաննեսի ասած խոսքերն անվավեր համարվեցին։ Դա այն պատճառով է, որ Հովհաննեսի կատարած գործը միայն անցումային էր, և նրա խոսքերը կյանքի խոսքեր չէին, որոնք մարդուն կառաջնորդեին դեպի նոր աճ. նրա խոսքերը, ի վերջո, միայն ժամանակավոր կիրառություն էին։
Այն գործը, որը Հիսուսն արեց, գերբնական չէր. նաև գործընթաց ուներ և ամբողջությամբ ընթանում էր իրերի բնականոն օրենքների համաձայն։ Իր կյանքի վերջին վեց ամիսներին Հիսուսը գիտեր, որ Ինքն իսկապես եկել էր անելու այս գործը, և գիտեր, որ եկել էր խաչին գամվելու համար։ Նախքան խաչվելը, Հիսուսը շարունակաբար աղոթում էր Հայր Աստծուն, ինչպես, օրինակ, Նրա երեք աղոթքներն էին Գեթսեմանի պարտեզում։ Մկրտվելուց հետո Հիսուսը երեքուկես տարի իրականացրեց Իր սպասավորությունը, իսկ Նրա պաշտոնական գործը տևեց երկուսուկես տարի։ Առաջին տարվա ընթացքում Սատանան մեղադրեց Նրան, մարդը՝ խանգարեց, և Նա մարդու փորձություններին ենթարկվեց։ Իր գործն իրականացնելիս Նա բազմաթիվ փորձություններ հաղթահարեց։ Վերջին վեց ամիսներին, երբ Հիսուսը շուտով պետք է խաչվեր, Պետրոսի շուրթերից ելան խոսքերն այն մասին, որ Նա կենդանի Աստծու Որդին է, որ Նա Քրիստոսն է։ Միայն այդ ժամանակ Նրա գործը հայտնի դարձավ մարդուն, և միայն այդ ժամանակ Նրա ինքնությունը բացահայտվեց հանրությանը։ Դրանից հետո Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ Ինքը պետք է խաչվի հանուն մարդու, որ երեք օր անց հարություն կառնի, որ եկել է իրականացնելու փրկագնման գործը, և որ Ինքը Փրկիչն է։ Միայն վերջին վեց ամիսներին Նա բացահայտեց Իր ինքնությունը և այն գործը, որը մտադիր էր անել։ Սա նաև Աստծու ժամանակն էր, և այսպես պետք է կատարվեր գործը։ Այն ժամանակ Հիսուսի գործի մի մասը համապատասխանում էր Հին Կտակարանին, ինչպես նաև Օրենքի դարաշրջանում Եհովայի խոսքերին և Մովսեսի օրենքներին։ Այս բոլոր բաները Հիսուսն Իր գործի մի մասն անելու համար օգտագործեց։ Նա քարոզում էր ժողովրդին և նրանց ուսուցանում էր ժողովարաններում և օգտագործում էր Հին Կտակարանի մարգարեների մարգարեությունները՝ Իր հետ թշնամանքի մեջ եղող փարիսեցիներին հանդիմանելու համար, և օգտագործում էր Սուրբ Գրքի խոսքերը՝ նրանց ապստամբությունը մերկացնելու և, այդպիսով, նրանց դատապարտելու համար։ Նրանք ատում էին Հիսուսի արածը. Հատկապես այն պատճառով, որ Հիսուսի գործի մեծ մասը չէր արվում Սուրբ Գրքի օրենքների համաձայն, և, ավելին, այն, ինչ Նա ուսուցանում էր, ավելի բարձր էր, քան նրանց իսկ խոսքերը, և նույնիսկ ավելի բարձր, քան այն, ինչ կանխագուշակել էին Սուրբ Գրքի մարգարեները։ Հիսուսի գործը միայն մարդու փրկագնման համար էր և խաչելության, ուստի Նա կարիք չուներ ավելի շատ խոսքեր ասելու՝ որևէ մարդու նվաճելու համար։ Այն ամենի մեծ մասը, ինչ Նա ուսուցանում էր մարդուն, վերցված էր Սուրբ Գրքի խոսքերից, և նույնիսկ եթե Նրա գործը չգերազանցեր Սուրբ Գիրքը, Նա, միևնույն է, կարողացավ իրագործել խաչելության գործը։ Նրա գործը խոսքի գործը չէր, ոչ էլ մարդկությանը նվաճելու համար արված գործը, այլ մարդկությանը փրկագնելու համար արված գործը։ Նա միայն որպես մարդկության համար մեղքի զոհ հանդես եկավ և հանդես չեկավ որպես մարդկության համար խոսքի աղբյուր։ Նա չարեց հեթանոսների գործը, որը մարդուն նվաճելու գործն էր, այլ արեց խաչելության գործը, որն արվեց նրանց մեջ, ովքեր հավատում էին, որ Աստված կա։ Թեև Նրա գործը կատարվեց Սուրբ Գրքի հիման վրա, և թեև Նա օգտագործեց այն, ինչ կանխագուշակել էին հին մարգարեները՝ փարիսեցիներին դատապարտելու համար, դա բավարար էր խաչելության գործն ավարտելու համար։ Եթե այսօրվա գործը դեռևս Սուրբ Գրքի հին մարգարեների մարգարեությունների հիման վրա կատարվեր, անհնար կլիներ նվաճել ձեզ, քանզի Հին Կտակարանը ոչ մի գրառում չի պարունակում ձեր՝ չինացիներիդ ապստամբության և մեղքերի մասին, և ձեր մեղքերի պատմությունը չկա։ Ուստի, եթե այս գործը դեռևս մնար Աստվածաշնչում, դուք երբեք չէիք հանձնվի։ Աստվածաշունչը գրառում է իսրայելցիների միայն սահմանափակ պատմությունը, որն անկարող է պարզել՝ դուք չար եք, թե բարի, կամ դատել ձեզ։ Պատկերացրեք, որ Ես դատեի ձեզ իսրայելցիների պատմության համաձայն. դուք դեռ կհետևեի՞ք Ինձ, ինչպես այսօր եք անում։ Գիտե՞ք, թե որքան դժվար եք դուք։ Եթե այս փուլի ընթացքում ոչ մի խոսք չասվեր, անհնար կլիներ ավարտել նվաճման գործը։ Քանի որ Ես չեմ եկել խաչին գամվելու, Ես պետք է Աստվածաշնչից առանձին խոսքեր ասեմ, որպեսզի դուք կարողանաք նվաճվել։ Հիսուսի կատարած գործը պարզապես մեկ աստիճան բարձր էր Հին Կտակարանից. այն օգտագործվեց դարաշրջան սկսելու և այդ դարաշրջանն առաջնորդելու համար։ Ինչո՞ւ Նա ասաց. «Ես ոչ թե օրենքը վերացնելու եկա, այլ կատարելու»։ Սակայն Նրա գործում շատ բան կար, որ տարբերվում էր Հին Կտակարանի՝ իսրայելցիների կողմից կիրարկվող օրենքներից և պահվող պատվիրաններից, քանզի Նա եկել էր ոչ թե օրենքին հնազանդվելու, այլ այն կատարելու։ Կատարելու գործընթացը ներառում էր բազմաթիվ գործնական բաներ. Նրա գործն ավելի գործնական և իրատեսական էր, և, ավելին, այն ավելի կենդանի էր և կանոնակարգերին ամուր կառչելը չէր։ Մի՞թե իսրայելցիները չէին պահում Շաբաթը։ Երբ Հիսուսը եկավ, Նա չպահեց Շաբաթը, քանզի Նա ասաց, որ մարդու Որդին Շաբաթի Տերն է, և երբ Շաբաթի Տերը գար, Նա կաներ այնպես, ինչպես կամենար։ Նա եկել էր Հին Կտակարանի օրենքները կատարելու և օրենքները փոխելու։ Այն ամենը, ինչ այսօր արվում է, հիմնված է ներկայի վրա, սակայն այն դեռևս հենվում է Օրենքի դարաշրջանում Եհովայի գործի հիմքի վրա, և այն չի խախտում այդ շրջանակը։ Օրինակ՝ զգույշ լինել արտահայտություններում և չշնանալ, մի՞թե սրանք Հին Կտակարանի օրենքները չեն։ Այսօր այն, ինչ ձեզնից պահանջվում է, չի սահմանափակվում միայն Տասը Պատվիրաններով, այլ բաղկացած է ավելի բարձր կարգի պատվիրաններից և օրենքներից, քան նրանք, որոնք նախկինում էին։ Սակայն սա չի նշանակում, թե նախկինում եղածը վերացվել է, քանզի Աստծու գործի յուրաքանչյուր փուլ իրականացվում է նախորդ փուլի հիմքի վրա։ Ինչ վերաբերում է այն գործին, որը Եհովան այն ժամանակ արեց Իսրայելում, ինչպես, օրինակ, մարդկանցից պահանջել զոհեր մատուցել, պատվել ծնողներին, չերկրպագել կուռքերին, չհարվածել կամ չանիծել ուրիշներին, չշնանալ, չծխել կամ չխմել և չուտել մեռած բաներ կամ արյուն չխմել. մի՞թե սա հիմք չի հանդիսանում ձեր կիրարկման համար նույնիսկ այսօր։ Անցյալի հիմքի վրա է, որ գործն իրականացվել է մինչև այսօր։ Թեև անցյալի օրենքներն այլևս չեն հիշատակվում, և նոր քո առջև պահանջներ են դրվել, այս օրենքները վերացվելու փոխարեն ավելի են բարձրացվել։ Ասել, որ դրանք վերացվել են, նշանակում է, որ նախորդ դարաշրջանը հնացած է, մինչդեռ կան որոշ պատվիրաններ, որոնք դու պետք է հավիտյան հարգես։ Անցյալի պատվիրաններն արդեն կիրարկվել են, արդեն դարձել են մարդու էությունը, և կարիք չկա հատուկ շեշտադրում անելու այնպիսի պատվիրանների վրա, ինչպիսիք են՝ «Մի՛ ծխիր», «Մի՛ խմիր» և այլն։ Այս հիմքի վրա նոր պատվիրաններ են սահմանվում՝ համաձայն այսօրվա ձեր կարիքների, ձեր հասունության և այսօրվա գործի։ Նոր դարաշրջանի համար պատվիրաններ սահմանելը նշանակում է ոչ թե վերացնել հին դարաշրջանի պատվիրանները, այլ դրանք ավելի բարձրացնել այս հիմքի վրա՝ մարդու գործողություններն ավելի կատարյալ և ավելի գործնական դարձնելու համար։ Եթե այսօր ձեզնից պահանջվեր միայն հետևել պատվիրաններին և պահպանել Հին Կտակարանի օրենքները և գործել նույն կերպ, ինչպես իսրայելցիները, և եթե ձեզնից նույնիսկ պահանջվեր անգիր սովորել Եհովայի սահմանած օրենքները, ապա ձեր փոխվելու ոչ մի հավանականություն չէր լինի։ Եթե դուք միայն պահպանեիք այդ մի քանի սահմանափակ պատվիրանները կամ անգիր անեիք անթիվ օրենքներ, ձեր հին բնավորությունը կմնար խորապես արմատավորված, և այն արմատախիլ անելու ոչ մի ճանապարհ չէր լինի։ Այսպիսով՝ դուք գնալով ավելի կայլասերվեիք, և ձեզնից ոչ մեկը հնազանդ չէր դառնա։ Սա նշանակում է, որ մի քանի պարզ պատվիրաններ կամ անթիվ օրենքներ անկարող են ձեզ օգնել ճանաչելու Եհովայի գործերը։ Դուք նույնը չեք, ինչ իսրայելցիները. պարզապես օրենքներին հետևելով և պատվիրաններն անգիր սովորելով՝ նրանք ի վիճակի էին վկայելու Եհովայի գործերը և իրենց հավատարմությունը տալու միայն Նրան։ Բայց դուք բացարձակապես անկարող եք հասնել դրան, և Հին Կտակարանի դարաշրջանի մի քանի պատվիրաններ ոչ միայն չեն կարող ձեզ ստիպել, որ հանձնեք ձեր սրտերը կամ պաշտպանեք ձեզ, այլև փոխարենը ձեզ անփույթ կդարձնեն և կստիպեն ընկնել հանդերձյալ աշխարհ։ Քանզի Իմ գործը նվաճման գործն է, և այն ուղղված է ձեր ապստամբությանը և ձեր հին խառնվածքին։ Եհովայի և Հիսուսի բարի խոսքերը շատ հեռու են այսօրվա դատաստանի խիստ խոսքերից։ Առանց նման խիստ խոսքերի՝ անհնար կլիներ նվաճել ձեզ՝ «փորձագետներիդ», ովքեր ապստամբ են եղել հազարավոր տարիներ։ Հին Կտակարանի օրենքները վաղուց կորցրել են ձեզ վրա իրենց իշխանությունը, և այսօրվա դատաստանը շատ ավելի ահարկու է, քան այն ժամանակվա օրենքները։ Ձեզ համար ամենահարմարը դատաստանն է, և ոչ թե օրենքների թեթև սահմանափակումները, քանզի դուք հենց սկզբի մարդկությունը չեք, այլ հազարավոր տարիներ ապականված մարդկությունը։ Այն, ինչին այժմ մարդուց պահանջվում է հասնել, հիմնված է այսօրվա մարդու իրական վիճակի վրա՝ համաձայն այսօրվա մարդու արժանիքի և փաստացի հասունության, և քեզնից չի պահանջվում հետևել կանոնակարգերին։ Սա նրա համար է, որ փոփոխությունների հասնես քո հին խառնվածքում և որ կարողանաս մի կողմ նետել քո պատկերացումները։ Կարծում ես՝ պատվիրանները կանոնակարգե՞ր են։ Դրանք, կարելի է ասել, մարդու բնականոն պահանջներ են։ Դրանք կանոնակարգեր չեն, որոնց դու պետք է հետևես։ Վերցնենք, օրինակ, քեզ ծխել թույլ չտալը. դա կանոնակա՞րգ է։ Կանոնակարգ չէ։ Դա բնականոն մարդկայնությունն է պահանջում. դա կանոնակարգ չէ, այլ մի բան է, որը սահմանված է ողջ մարդկության համար։ Սահմանված մոտ մեկ տասնյակ պատվիրաններն այսօր նույնպես կանոնակարգեր չեն. դրանք այն են, ինչ պահանջվում է բնականոն մարդկայնության հասնելու համար ։ Մարդիկ անցյալում չունեին նման բաներ կամ չգիտեին դրանց մասին, ուստի մարդկանցից պահանջվում է հասնել դրանց այսօր, և նման բաները չեն համարվում կանոնակարգեր։ Օրենքները կանոնակարգեր չեն ներկայացնում։ Կանոնակարգերը, որոնց մասին Ես խոսում եմ, վերաբերում են արարողություններին, ձևականություններին կամ մարդու աղավաղված կիրարկումներին. դրանք արարողակարգեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս մարդուն։ Այս կանոնները ոչ մի օգուտ չունեն մարդու համար. դրանք գործողությունների ընթացք են, որոնք ոչ մի իմաստ չունեն։ Սա կանոնակարգերի մարմնացումն է, և նման կանոնակարգերը պետք է վերացվեն, քանզի դրանք ոչ մի օգուտ չեն տալիս մարդուն, մինչդեռ այն, ինչը օգտակար է մարդու համար, պետք է կիրարկվի։