Աստծու գործի տեսությունը (2)

Ապաշխարության ավետարանը քարոզվեց Շնորհքի Դարաշրջանում, և եթե մարդը հավատար, նա կփրկվեր: Այսօր փրկության փոխարեն խոսվում է միայն նվաճման և կատարելագործման մասին: Երբեք չի ասվում, որ եթե մարդը հավատա, նրա ամբողջ ընտանիքը կօրհնվի, կամ որ մի անգամ փրկվի, մշտապես կփրկվի: Այսօր ոչ ոք չի ասում այս բառերը, և նման բաները խոսքերը հնացած են: Այդ ժամանակ Հիսուսի գործն ամբողջ մարդկությանը փրկագնելու գործն էր: Բոլոր նրանց մեղքերը, ովքեր հավատացին Նրան, ներվեցին. քանի դեռ դու հավատում ես Նրան, Նա կփրկի քեզ: Եթե դու հավատում ես Նրան, դու այլևս մեղսագործ չես, դու ազատված ես քո մեղքերից: Ահա, թե ինչ էր նշանակում փրկված և հավատքով արդարացված լինել: Սակայն հավատացյալների մեջ մնաց այն, ինչ ապստամբ էր և Աստծուն հակառակ, և ինչ դեռ պետք է դանդաղորեն հեռացվեր: Փրկությունը չէր նշանակում, թե մարդն ամբողջովին Հիսուսի ուսմունքի հետևորդն էր, այլ որ մարդն այլևս մեղքի իշխանության տակ չէր, և որ նրա մեղքերը ներվել էին: Եթե դու հավատայիր, այլևս երբեք մեղքին չէիր պատկանի: Այդ ժամանակ Հիսուսը շատ գործեր կատարեց, որոնք անհասկանալի էին Իր աշակերտների համար, և շատ բաներ ասաց, որոնք մարդիկ չէին հասկանում: Պատճառն այն է, որ այդ ժամանակ Նա որևէ բացատրություն չտվեց: Այսպիսով՝ Նրա հեռանալուց մի քանի տարի անց Մատթեոսը ստեղծեց Հիսուսի ծննդաբանությունը, և մյուսները նույնպես շատ գործեր կատարեցին, որը մարդու կամքից էր: Հիսուսը չեկավ մարդուն կատարելագործելու և ձեռք բերելու, այլ եկավ գործի մի փուլ կատարելու՝ բերելու երկնքի արքայության Ավետարանը և ավարտելու խաչելության գործը: Եվ այսպես, հենց որ Հիսուսը խաչվեց, Նրա գործն ամբողջովին ավարտվեց: Բայց նվաճման գործի ներկայիս փուլում, ավելի շատ խոսքեր պետք է ասվեն, և ավելի շատ գործ պետք է արվի, և շատ գործընթացներ պետք է լինեն: Այդպես էլ պետք է բացահայտվեն Հիսուսի և Եհովայի գործի առեղծվածները, որպեսզի բոլոր մարդիկ իրենց հավատքում հասկացողություն և պարզություն ունենան, քանի որ սա վերջին օրերի գործն է, իսկ վերջին օրերն Աստծո գործի ավարտն են, գործի եզրափակումը: Գործի այս փուլը քեզ համար կպարզաբանի Եհովայի օրենքը և Հիսուսի փրկագնումը, և այն գլխավորապես նրա համար է, որ դու հասկանաս Աստծո վեցհազարամյա տնօրինության ամբողջ գործը և ըմբռնես այս վեցհազարամյա տնօրինության ամբողջ նշանակությունն ու էությունը և հասկանաս Հիսուսի կատարած ամբողջ գործի նպատակը և Նրա ասած խոսքերը և նույնիսկ քո կույր հավատքն ու պաշտամունքը Աստվածաշնչի հանդեպ: Այս ամենը քեզ թույլ կտա հիմնավորապես հասկանալ: Դու կսկսես հասկանալ և՛ Հիսուսի կատարած գործը, և՛ Աստծո այսօրվա գործը. դու կհասկանաս և կտեսնես ամբողջ ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը: Հիսուսի կատարած գործի փուլում Հիսուսն ինչո՞ւ հեռացավ՝ առանց եզրափակիչ աշխատանքը կատարելու: Որովհետև Հիսուսի գործի փուլը եզրափակման աշխատանքը չէր: Երբ Նա խաչին գամվեց, Նրա խոսքերը նույնպես վերջացան. Նրա խաչելությունից հետո Նրա գործը լիովին ավարտվեց: Ներկա փուլը տարբեր է: Միայն երբ խոսքերը մինչև վերջ ասվեն, և Աստծո ամբողջ աշխատանքը եզրափակվի, Նրա գործը կավարտվի: Հիսուսի գործի փուլում շատ խոսքեր կային, որ մնացել էին չասված կամ որոնք լիովին չէին արտաբերվել: Սակայն Հիսուսին չէր հետաքրքրում, թե Ինքը ասաց կամ ինչ չասաց, քանի որ Նրա սպասավորությունը խոսքերի սպասավորություն չէր, ուստի խաչին գամվելուց հետո Նա հեռացավ: Գործի այդ փուլը գլխավորապես խաչելության համար էր, և նման չէ ներկա փուլին: Գործի ներկա փուլը հիմնականում միտված է ամբողջ գործը վերջացնելուն, պարզելուն և ավարտին հասցնելուն: Եթե խոսքերը մինչև վերջ չասվեն, անհնար կլինի այս գործն ավարտել, քանի որ այս փուլում ամբողջ գործն ավարտին է հասցվում և իրականացվում է խոսքերի միջոցով: Այդ ժամանակ Հիսուսը շատ գործեր կատարեց, որոնք մարդու համար անհասկանալի էին: Նա լուռ հեռացավ, և այսօր դեռ շատերը կան, որոնք չեն հասկանում Նրա խոսքերը, որոնց պատկերացումը սխալ է, բայց նրանք դեռևս հավատում են, որ այն ճիշտ է, և չգիտեն, որ իրենք սխալվում են: Վերջնական փուլն ամբողջությամբ ավարտին կհասցնի Աստծո աշխատանքը և կապահովի դրա ավարտը: Բոլորը կհասկանան և կճանաչեն Աստծո տնօրինությունը: Մարդու ներսում եղած պատկերացումները, նրա մտադրությունները, նրա թյուր հասկացողությունը, Եհովայի և Հիսուսի գործի մասին նրա պատկերացումները, անհավատների մասին նրա տեսակետները և նրա մնացած բոլոր աղավաղումները կուղղվեն։ Եվ մարդը կհասկանա կյանքի բոլոր ճիշտ ուղիները, Աստծո կատարած բոլոր գործերը և ամբողջ ճշմարտությունը։ Երբ դա տեղի ունենա, գործի այս փուլն ավարտին կհասնի: Եհովայի գործն աշխարհի ստեղծումն էր, դա սկիզբն էր. գործի այս փուլը գործի ավարտն է, և դա եզրափակումն է: Սկզբում Աստծո գործը կատարվում էր Իսրայելի ընտրյալների միջավայրում, և դա նոր ժամանակաշրջանի արշալույսն էր՝ բոլոր վայրերից ամենասուրբ վայրում: Գործի վերջին փուլը կատարվում է բոլոր երկրներից ամենապիղծում՝ աշխարհը դատելու և դարաշրջանն ավարտելու համար: Առաջին փուլում Աստծո աշխատանքը կատարվեց բոլոր վայրերից ամենալուսավորում, իսկ վերջին փուլը կատարվում է բոլոր վայրերից ամենախավարում, և այս խավարը կցրվի, և լույսը կառաջանա, և բոլոր մարդիկ կնվաճվեն: Երբ այս ամենապիղծ և ամենախավար վայրերի մարդիկ նվաճվեն, և ամբողջ բնակչությունն ընդունի, որ գոյություն ունի Աստված, ով ճշմարիտ Աստված է, և յուրաքանչյուր մարդ լիովին համոզված լինի, այդ ժամանակ այս փաստը կօգտագործվի ամբողջ տիեզերքը նվաճելու աշխատանքն իրականացնելու համար: Գործի այս փուլը խորհրդանշական է. հենց որ այս դարաշրջանի գործը վերջանա, վեց հազար տարվա տնօրինության աշխատանքն ամբողջությամբ կավարտվի։ Միայն այն բանից հետո երբ ամենապիղծ ամենախավար վայրում գտնվողները նվաճվեն, ինքնին հասկանալի է, որ այդպես կլինի նաև ամենուրեք: Որպես այդպիսին՝ միայն Չինաստանում նվաճման աշխատանքն ունի նշանակալի խորհրդանշական իմաստ: Չինաստանը մարմնավորում է խավարի բոլոր ուժերը, և Չինաստանի ժողովուրդը ներկայացնում է բոլոր նրանց, ովքեր մահկանացու են՝ Սատանայից, և մսից ու արյունից են: Չինացի ժողովուրդն ամենաշատն է ապականվել հսկա կարմիր վիշապից, որն ամենից ուժեղ է դիմադրում Աստծուն, որի մարդկայնությունն ամենացածրն է և ամենապիղծը, ուստի նրանք ամբողջ ապականված մարդկության նախատիպն են: Սա չի նշանակում, թե մյուս երկրներն ընդհանրապես խնդիրներ չունեն. բոլոր մարդկային պատկերացումները նույնն են, և թեև այս երկրների ժողովուրդները կարող են արժանի մարդիկ լինել, եթե նրանք չեն ճանաչում Աստծուն, ապա հաստատ կընդդիմանան Նրան: Ինչո՞ւ հրեաները նույնպես ընդդիմացան և ապստամբեցին Աստծո դեմ: Ինչո՞ւ փարիսեցիները նույնպես ընդդիմացան Նրան: Ինչո՞ւ Հուդան մատնեց Հիսուսին: Այդ ժամանակ աշակերտներից շատերը չէին ճանաչում Հիսուսին: Ինչո՞ւ Հիսուսի խաչելությունից և հարությունից հետո մարդիկ դեռ չէին հավատում Նրան: Մի՞թե բոլոր մարդիկ նույն կերպ չէին ապստամբում: Պարզապես Չինաստանի ժողովուրդը որպես օրինակ է վերցվում, և երբ նրանք նվաճվեն, կդառնան նմուշներ և տիպարներ, և ուրիշները նրանց վկայակոչեն: Ինչո՞ւ եմ Ես միշտ ասել, որ դուք Իմ տնօրինության ծրագրի լրացումն եք: Հենց Չինաստանի ժողովրդի մեջ են ապականությունը, անմաքրությունը, անարդարությունը, ընդդիմությունը և ապստամբությունը դրսևորվում լիարժեք կերպով և բացահայտվում իրենց բազմազան ձևերով: Մի կողմից՝ նրանք ցածր արժանիքներ ունեն, մյուս կողմից՝ նրանց կյանքն ու մտածելակերպը հետադեմ են, իսկ նրանց սովորությունները, սոցիալական միջավայրը, ընտանիքը, որտեղ ծնվել են՝ բոլորն աղքատ են և ամենահետամնացը։ Նրանց կարգավիճակը նույնպես ցածր է: Գործն այս վայրում խորհրդանշական է, և այս փորձնական աշխատանքն ամբողջովին կատարելուց հետո Աստծու հետագա աշխատանքը շատ ավելի հեշտ կլինի։ Եթե ​​գործի այս փուլը հաջողվի ավարտել, ապա հետագա աշխատանքն ինքնին հասկանալի կլինի: Երբ գործի այս քայլը կատարված լինի, մեծ հաջողություն կլինի, և ամբողջ տիեզերքում նվաճման գործը լիովին ավարտին հասած կլինի։ Իրականում, հենց որ ձեր միջավայրում գործը հաջող լինի, դա համարժեք կլինի ամբողջ տիեզերքում հաջողությանը։ Սա է իմաստը, թե ինչու եմ ես ձեզ մղում որպես օրինակներ և տիպարներ գործելու։ Ապստամբությունը, ընդդիմությունը, անմաքրությունը, անարդարությունը՝ բոլորն առկա են այս մարդկանց մեջ, և նրանց մեջ ներկայացված է մարդկության ողջ ապստամբությունը։ Նրանք իսկապես տպավորիչ են: Այսպիսով՝ նրանք համարվում են նվաճման մարմնացումը, և նվաճվելուց հետո նրանք բնական կերպով կդառնան օրինակներ և տիպարներ ուրիշների համար: Ոչինչ ավելի խորհրդանշական չէր, որքան առաջին փուլը, որն իրականացվեց Իսրայելում. Իսրայելացիներն ամենամաքուր և ամենից քիչ ապականվածն էին բոլոր ժողովուրդների մեջ, ուստի այս երկրում նոր ժամանակաշրջանի արշալույսն ամենամեծ նշանակությունն ուներ: Կարելի է ասել, որ մարդկության նախահայրերը եկել են Իսրայելից, և որ Իսրայելն Աստծու գործի ծննդավայրն էր։ Սկզբում այս մարդիկ ամենամաքուրն էին, և նրանք բոլորը երկրպագում էին Եհովային, և Աստծու գործը նրանց մեջ կարողացավ բերել ամենամեծ արդյունքները: Ամբողջ Աստվածաշունչը գրառում է երկու դարաշրջանի գործը. մեկն Օրենքի Դարաշրջանի գործն էր, իսկ մյուսը՝ Շնորհքի Դարաշրջանինը: Հին Կտակարանը գրառում է Եհովայի խոսքերն իսրայելացիներին և Նրա գործն Իսրայելում. Նոր Կտակարանը գրառում է Հիսուսի գործը Հրեաստանում։ Բայց ինչո՞ւ Աստվածաշունչը որևէ չինական անուն չի պարունակում: Որովհետև Աստծու գործի առաջին երկու մասերը կատարվեցին Իսրայելում, որովհետև Իսրայելի ժողովուրդը ընտրյալ էր, այսինքն՝ նրանք առաջինն էին, որ ընդունեցին Եհովայի գործը։ Նրանք ամբողջ մարդկային ցեղի մեջ ամենից քիչ ապականվածներն էին և սկզբում Աստծուն փնտրելու և Նրանից երկյուղելու սիրտ ունեին: Նրանք հնազանդվում էին Եհովայի խոսքերին և միշտ ծառայում էին տաճարում և քահանայական հանդերձանք կամ պսակներ էին կրում: Նրանք Աստծուն երկրպագող առաջին մարդիկ էին և Նրա գործի առաջին առարկան: Այս մարդիկ ամբողջ մարդկության համար օրինակներ և տիպարներ էին։ Նրանք մաքրության, արդար մարդկանց օրինակներ ու տիպարներ էին։ Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հոբը, Աբրահամը, Ղովտը կամ Պետրոսն ու Տիմոթեոսը՝ բոլորն էլ իսրայելացիներ էին և ամենամաքուր օրինակներն ու տիպարներն էին։ Իսրայելը մարդկության մեջ Աստծուն երկրպագող առաջին ազգն էր, և այստեղից ավելի շատ արդար մարդիկ են եկել, քան որևէ այլ վայրից։ Աստված գործեց նրանց մեջ, որպեսզի ապագայում կարողանա ավելի լավ կառավարել մարդկությանն ամբողջ երկրում։ Եհովային երկրպագելու մեջ նրանց ձեռբերումներն ու նրանց արդար գործերը գրառվել են, որպեսզի նրանք կարողանային Շնորհքի Դարաշրջանի ընթացքում ծառայել որպես օրինակներ և տիպարներ Իսրայելից այն կողմ գտնվող մարդկանց, և նրանց գործողությունները պահպանել են մի քանի հազար տարվա գործը՝ մինչև այսօր։

Աշխարհի հիմնադրումից հետո Աստծու գործի առաջին փուլն իրականացվեց Իսրայելում, և այսպիսով՝ Իսրայելը երկրի վրա Աստծու գործի ծննդավայրն էր և Աստծու գործի հիմքը՝ երկրի վրա: Հիսուսի գործի շրջանակն ընդգրկում էր ողջ Հրեաստանը: Նրա գործի ընթացքում Հրեաստանից դուրս գտնվողներից շատ քչերը գիտեին դրա մասին, քանի որ Նա Հրեաստանից այն կողմ ոչ մի գործ չէր անում: Այսօր Աստծու գործը բերվել է Չինաստան և իրականացվում է բացառապես այս շրջանակում: Այս շրջափուլի ընթացքում ոչ մի գործ չի ծավալվում Չինաստանից դուրս. Չինաստանից այն կողմ դրա տարածումն աշխատանք է, որն ավելի ուշ կարվի: Գործի այս փուլը հաջորդում է Հիսուսի գործի փուլին: Հիսուսը կատարեց փրկագնման գործը, և այս փուլն այդ գործին հաջորդող գործն է. փրկագնման գործն ավարտված է, և այս փուլում Սուրբ Հոգուց հղիանալու կարիք չկա, քանի որ գործի այս փուլը նման չէ նախորդին, և, բացի այդ, Չինաստանը նման չէ Իսրայելին: Հիսուսը կատարեց փրկագնման աշխատանքի մեկ փուլ: Մարդը տեսավ Հիսուսին, և շուտով Նրա գործը սկսեց տարածվել հեթանոսների մեջ: Այսօր Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում շատերն են հավատում Աստծուն, այդ դեպքում ինչո՞ւ են Չինաստանում ավելի քիչ մարդիկ հավատատում: Որովհետև Չինաստանն ամենափակ երկիրն է: Ըստ էության՝ Չինաստանը վերջինն էր, որ ընդունեց Աստծու ճանապարհը, և նույնիսկ հիմա դրանից հարյուր տարուց էլ քիչ ժամանակ է անցել. շատ ավելի ուշ է ընդունել, քան Ամերիկան և Մեծ Բրիտանիան: Աստծու աշխատանքի վերջին փուլն իրականացվում է Չինաստանի հողի վրա, որպեսզի Նրա աշխատանքն ավարտին հասցվի և որպեսզի Նրա ամբողջ գործը կատարվի: Իսրայելի բոլոր մարդիկ Եհովային իրենց Տերն էին կոչում: Նրանք այդ ժամանակ Նրան իրենց ընտանիքի գլուխն էին համարում, և ամբողջ Իսրայելը դարձավ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը երկրպագում էր իր Տեր Եհովային: Եհովայի Հոգին հաճախ հայտնվում էր նրանց, և Նա խոսում էր և Իր ձայնը հնչեցնում նրանց և ամպի սյունն ու ձայնն օգտագործում էր նրանց կյանքերն ուղղորդելու համար: Այդ ժամանակ Հոգին անմիջականորեն էր ուղղորդում Իսրայելին՝ խոսելով և Իր ձայնը հնչեցնելով մարդկանց, և նրանք տեսնում էին ամպերը և լսում որոտի ձայնը, և այսկերպ Նա նրանց կյանքերն ուղղորդեց մի քանի հազար տարի: Այսպիսով՝ միայն Իսրայելի ժողովուրդն է միշտ երկրպագել Եհովային: Նրանք հավատում են, որ Եհովան իրենց Աստվածն է, և որ Նա հեթանոսների Աստվածը չէ: Սա զարմանալի չէ. վերջին հաշվով, Եհովան նրանց մեջ գործել է մոտ չորս հազար տարի: Չինաստանի հողի վրա այլասերվածները հազարավոր տարիների լեթարգիական քնից հետո միայն հիմա են եկել այն ըմբռնմանը, որ երկինքներն ու երկիրը և բոլոր բաները բնական ճանապարհով չեն ձևավորվել, այլ ստեղծվել են Արարչի կողմից: Քանի որ այս ավետարանը եկել է արտասահմանից, այդ ֆեոդալական, հետադիմական մտածողություն ունեցողները ենթադրում են, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են այս ավետարանը, ուխտադրուժ են, նրանք անպիտան շներ են, որ դավաճանում են Բուդդային՝ իրենց նախահորը: Ավելին՝ այս ֆեոդալական մտածողությունն ունեցողներից շատերը հարցնում են. «Ինչպե՞ս կարող է չինացի ժողովուրդը հավատալ օտարականների Աստծուն: Մի՞թե նրանք չեն դավաճանում իրենց նախնիներին: Մի՞թե նրանք չարիք չեն գործում»: Այսօր մարդիկ վաղուց մոռացել են, որ Եհովան իրենց Աստվածն է: Նրանք վաղուց արդեն Արարչին իրենց մտքի հետին պլան են մղել և փոխարենը հավատում են էվոլյուցիային, ինչը նշանակում է, որ մարդն առաջացել է կապկից, և որ բնությունն ինքնաբերաբար է գոյացել: Ողջ համեղ կերակուրը, որ մարդիկ վայելում են, բնությունն է տալիս, մարդու կյանքն ու մահը օրինաչափություն են, և չկա Աստված, ով իշխանություն ունի այդ ամենի վրա: Բացի այդ՝ շատ աթեիստներ կան, որոնք հավատում են, որ բոլոր բաների վրա իշխանություն ունեցող Աստված սնոտիապաշտություն է և գիտական չէ: Բայց կարո՞ղ է արդյոք գիտությունը փոխարինել Աստծու գործին: Կարո՞ղ է արդյոք գիտությունը իշխանություն ունենալ մարդկության վրա: Հեշտ գործ չէ ավետարանը քարոզել մի երկրում, որին կառավարում է աթեիզմը, և դա մեծ խոչընդոտներ է ներառում: Մի՞թե այսօր շատերն Աստծուն այդպես չեն ընդդիմանում:

Երբ Հիսուսը եկավ Իր գործը կատարելու, շատ մարդիկ Նրա գործը Եհովայի գործի հետ համեմատեցին, և համարելով, որ դրանք անհամապատասխան են՝ Հիսուսին գամեցին խաչին: Ինչո՞ւ նրանք ոչ մի համապատասխանություն չգտան Նրանց գործերի միջև: Դա մասամբ այն պատճառով էր, որ Հիսուսը նոր գործ կատարեց և նաև այն պատճառով, որ նախքան Հիսուսը կսկսեր Իր գործը, ոչ ոք չէր գրել Նրա ծննդաբանությունը: Լավ կլիներ, եթե ինչ-որ մեկը գրած լիներ. այդ դեպքում ո՞վ խաչին կգամեր Հիսուսին: Եթե Մատթեոսը Հիսուսի ծննդաբանությունը մի քանի տասնամյակ ավելի վաղ գրած լիներ, Հիսուսն այդքան մեծ հալածանքի չէր ենթարկվի: Մի՞թե այդպես չէ: Երբ մարդիկ կարդային Հիսուսի ծննդաբանությունը, որ Նա Աբրահամի որդին է և Դավթի սերունդը, նրանք կդադարեցնեին Նրան հալածելը: Մի՞թե ցավալի չէ, որ Նրա ծննդաբանությունը չափազանց ուշ է գրվել: Եվ ի՜նչ ափսոս, որ Աստվածաշնչում Աստծու գործի միայն երկու փուլերն են գրառված. մի փուլն Օրենքի Դարաշրջանի գործն էր, իսկ մյուսը՝ Շնորհքի Դարաշրջանի գործը. մի փուլը Եհովայի գործն էր, իսկ մյուսը՝ Հիսուսի գործը: Որքան ավելի լավ կլիներ, եթե մի մեծ մարգարե կանխագուշակեր այսօրվա գործը: Աստվածաշնչում լրացուցիչ բաժին կլիներ՝ վերնագրված «Վերջին օրերի գործը». մի՞թե այդպես ավելի լավ չէր լինի: Ինչո՞ւ պետք է մարդն այսօր այդքան շատ դժվարություններ կրի: Դուք այնքա՜ն դժվար ժամանակներ եք ունեցել: Ատելության արժանի են միայն Եսային և Դանիելը՝ վերջին օրերի գործը չկանխագուշակելու համար, և մեղադրել պետք է միայն Նոր Կտակարանի առաքյալներին, որոնք ավելի վաղ չեն կազմել Աստծու երկրորդ մարմնացման ծննդաբանությունը: Ի՜նչ ամոթ է: Դուք ստիպված եք ամենուր ապացույց փնտրել և նույնիսկ փոքր բառերի մի քանի կտոր գտնելուց հետո դեռ չեք կարողանում ասել՝ արդյոք դրանք իսկապես ապացույց են: Ի՜նչ անտանելի է: Ինչո՞ւ է Աստված Իր գործում այդքան գաղտնի: Այսօր շատ մարդիկ դեռ չեն գտել համոզիչ ապացույցներ, բայց նաև չեն կարողանում հերքել դա: Ուրեմն ի՞նչ պետք է անեն նրանք: Նրանք չեն կարող վճռականորեն հետևել Աստծուն, բայց նաև չեն կարող առաջ շարժվել այդպիսի կասկածով: Եվ այսպես, շատ «խելացի և շնորհալի գիտնականներ» Աստծուն հետևելիս ընդունում են «փորձիր և տես» դիրքորոշումը: Սա չափազանց մեծ խնդիր է: Մի՞թե ավելի հեշտ չէր լինի, եթե Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսն ունակ լինեին կանխագուշակելու ապագան: Ավելի լավ կլիներ, եթե Հովհաննեսը տեսած լիներ թագավորությունում ապրելակերպի իրական վիճակը. ի՜նչ ափսոս, որ նա միայն տեսիլքներ է տեսել և չի տեսել երկրի վրա իրական, նյութական գործը: Ի՜նչ ամոթ է: Ի՞նչ է պատահել Աստծուն: Ինչո՞ւ Իսրայելում Իր գործն այդքան լավ ընթանալուց հետո հիմա Նա եկել է Չինաստան և ինչո՞ւ Նա ստիպված եղավ մարմին դառնալ և անձամբ աշխատել ու ապրել մարդկանց մեջ: Աստված չափազանց անուշադիր է մարդու հանդեպ: Նա ոչ միայն մարդկանց չնախազգուշացրեց, այլև հանկարծակի բերեց Իր պատիժն ու դատաստանը: Սա իսկապես անիմաստ է: Երբ Աստված առաջին անգամ մարմնացավ, Նա շատ դժվարություններ կրեց այն պատճառով, որ մարդուն ամբողջ իրական պատմությունը նախապես չէր պատմել։ Անկասկած, անհնա՞ր է, որ Նա մոռացած լիներ դա անել: Եվ ինչո՞ւ Նա այս անգամ էլ դեռ չի պատմում մարդուն: Որքան ցավալի է, որ այսօր Աստվածաշնչում ընդամենը վաթսունվեց գիրք կա: Անհրաժեշտ է վերջին օրերի գործը կանխագուշակող ևս մեկը: Այդպես չե՞ս կարծում: Նույնիսկ Եհովան, Եսային և Դավիթը չեն հիշատակել այսօրվա գործը: Նրանք ավելի շատ էին հեռացած ներկայից՝ բաժանված ավելի քան չորս հազար տարի ժամանակով: Հիսուսը նույնպես նախապես լիովին չէր ասել այսօրվա գործի մասին՝ դրա մասին միայն փոքր-ինչ խոսելով, և մարդը դեռևս բավարար ապացույցներ չի գտնում: Եթե այսօրվա գործը համեմատես նախկինի հետ, ինչպե՞ս կարող են այդ երկուսը համապատասխանել իրար: Եհովայի գործի փուլն ուղղված էր Իսրայելին, ուստի եթե այն համեմատեք այսօրվա գործի հետ, ավելի շատ անհամապատասխանություն կառաջանա. այդ երկուսը պարզապես չեն կարող համեմատվել: Դու ոչ Իսրայելից ես, ոչ էլ հրեա. քո արժանիքը և քեզ հետ կապված ամեն ինչ թերի է. ինչպե՞ս կարող ես քեզ համեմատել նրանց հետ: Մի՞թե դա հնարավոր է: Իմացեք, որ այսօր Թագավորության Դարաշրջանն է, և այն տարբեր է Օրենքի Դարաշրջանից և Շնորհքի Դարաշրջանից: Ամեն դեպքում, մի փորձեք բանաձև կիրառել. այդ բանաձևերից որևէ մեկում Աստծուն չեք գտնի:

Հիսուսն ինչպե՞ս ապրեց Իր ծննդից հետո քսանինը տարվա ընթացքում: Աստվածաշնչում ոչինչ չկա գրած նրա մանկության կամ պատանեկության մասին. դու գիտե՞ս, թե դրանք ինչպիսին էին: Հնարավո՞ր է, որ Նա մանկություն կամ պատանեկություն չի ունեցել, և երբ Նա ծնվել է, արդեն երեսուն տարեկան է եղել: Դու շատ քիչ բան գիտես, ուստի կարծիքդ հայտնելիս այդքան անփույթ մի եղիր: Դա քեզ օգուտ չի՛ բերի: Աստվածաշնչում միայն գրված է, որ մինչև Իր երեսուն տարեկան դառնալը Հիսուսը մկրտվել է և Սուրբ Հոգու կողմից տարվել անապատ՝ սատանայից փորձվելու: Իսկ Չորս Ավետարանում գրված է Նրա երեք և կես տարվա գործը: Նրա մանկության և պատանեկության մասին գրառում չկա, բայց դա չի ապացուցում, որ Նա մանկություն և պատանեկություն չի ունեցել. պարզապես սկզբում Նա որևէ գործ չի արել և բնականոն մարդ է եղել: Կարո՞ղ եք ասել, որ Հիսուսը երեսուներեք տարի ապրել է առանց մանկություն կամ պատանեկություն ունենալու: Կարո՞ղ էր Նա հանկարծակի դառնալ երեսուներեք և կես տարեկան: Նրա մասին մարդու մտածած ամեն ինչ գերբնական է և անիրատեսական: Կասկած չկա, որ մարմնացած Աստված ունի սովորական և բնականոն մարդկայնություն, բայց Իր գործը Նա կատարում է անմիջականորեն Իր թերի մարդկայնությամբ և կատարյալ աստվածայնությամբ: Հենց այս պատճառով է, որ մարդիկ կասկածներ ունեն այսօրվա գործի և նույնիսկ Հիսուսի գործի վերաբերյալ: Թեև Իր երկու մարմնացումներում Աստծու կատարած գործերը միմյանցից տարբերվում են, Նրա էությունը նույնն է: Իհարկե, եթե կարդաս Չորս Ավետարանի գրառումները, տարբերությունները մեծ կլինեն: Ինչպե՞ս կարող ես վերադառնալ Հիսուսի կյանքին Նրա մանկության և պատանեկության ընթացքում: Ինչպե՞ս կարող ես ըմբռնել Հիսուսի բնականոն մարդկայնությունը: Գուցե դու լավ ես հասկանում այսօրվա Աստծու մարդկայնությունը, սակայն պատկերացում չունես Հիսուսի մարդկայնության մասին, դեռ ավելին՝ չես հասկանում այն: Եթե Մատթեոսը գրառած չլիներ դա, Հիսուսի մարդկայնության մասին պատկերացում անգամ չէիր ունենա: Գուցե երբ քեզ Հիսուսի կյանքի ընթացքում տեղի ունեցած պատմություններից պատմեմ և Հիսուսի մանկության ու պատանեկության մասին իրական փաստեր հայտնեմ, դու տարուբերես գլուխդ և ասես. «Ո՛չ: Նա չէր կարող այդպիսին լինել: Նա չի կարող որևէ թուլություն ունենալ, առավել ևս՝ չի կարող որևէ մարդկայնություն ունենալ»: Դու նույնիսկ կգոռաս ու կճչաս: Հիսուսին չհասկանալու պատճառով է, որ Դու պատկերացումներ ունես Իմ մասին: Դու կարծում ես, որ Հիսուսը չափազանց աստվածային է, և Նրա մեջ մսեղիից ոչինչ չկա: Բայց փաստը մնում է փաստ: Ոչ ոք չի ցանկանում փաստերի ճշմարտությանը հակառակ խոսել, քանի որ երբ Ես խոսում եմ, դա ճշմարտության հետ է կապված. դա ո՛չ ենթադրություն է, ո՛չ էլ մարգարեություն: Իմացի՛ր, որ Աստված կարող է ելնել ամենաբարձր տեղերը, և ավելին՝ Նա կարող է թաքնվել ամենամեծ խորություններում: Նա այն չէ, ինչ դու հորինել ես քո մտքում. Նա բոլոր ստեղծված էակների Աստվածն է, ոչ թե անձնական Աստված՝ ստեղծված մեկ կոնկրետ մարդու կողմից:

Նախորդը.  Աստծու գործի տեսությունը (1)

Հաջորդը.  Աստվածաշնչի մասին (1)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger