Օրենքի դարաշրջանի աշխատանքը

Այն աշխատանքը, որ Եհովան արեց իսրայելացիների վրա, մարդկության մեջ հաստատեց Աստծու երկրային ելակետը, որը նաև այն սուրբ վայրն էր, որտեղ Նա ներկա էր։ Նա Իր աշխատանքը սահմանափակեց Իսրայելի ժողովրդով։ Սկզբում Նա Իսրայելից դուրս չէր աշխատում, այլ փոխարենը ընտրում էր այն մարդկանց, որոնց հարմար էր համարում, որպեսզի սահմանափակի Իր աշխատանքի շրջանակը։ Իսրայելն այն վայրն է, որտեղ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, և այդ վայրի փոշուց Եհովան ստեղծեց մարդուն. այս վայրը դարձավ Նրա աշխատանքի հիմքը երկրի վրա։ Իսրայելացիները, որոնք Նոյի հետնորդներն էին, ինչպես նաև Ադամի հետնորդները, երկրի վրա Եհովայի արած գործի մարդկային հիմքն էին։

Այդ ժամանակ Իսրայելում Եհովայի աշխատանքի նշանակությունը, նպատակը և քայլերը միտված էին Իր աշխատանքն ամբողջ երկրի վրա իրագործելուն, որը, Իսրայելը որպես կենտրոն վերցնելով, աստիճանաբար տարածվեց հեթանոս ազգերի մեջ։ Սա այն սկզբունքն է, որի համաձայն Նա գործում է տիեզերքի ներսում՝ սկսելով որոշակի կետից՝ ամբողջը շարժելու համար, և ապա ընդլայնելով Իր գործը, մինչև տիեզերքի բոլոր մարդիկ ընդունեն Իր ավետարանը։ Առաջին իսրայելացիները Նոյի հետնորդներն էին։ Այս մարդիկ օժտված էին միայն Եհովայի շնչով և գիտեին ինչպես հոգալ կյանքի հիմնական կարիքները, բայց նրանք չգիտեին, թե ինչպիսի Աստված է Եհովան կամ ինչ մտադրություն ունի մարդու նկատմամբ, առավել ևս, թե ինչպես պետք է նրանք երկյուղեն Արարչից։ Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք կայի՞ն կանոններ և օրենքներ, որոնց պետք էր հնազանդվել,[ա] կամ արդյոք կա՞ր որևէ պարտավորություն, որն արարածները պետք է Արարչի համար անեին, Ադամի հետնորդները ոչինչ չգիտեին այդ բաների մասին։ Նրանք միայն գիտեին, որ ամուսինը պետք է քրտնաջան աշխատի և տքնի՝ իր ընտանիքն ապահովելու համար, իսկ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն և հավերժացնի մարդկային ցեղը, որը Եհովան ստեղծել է։ Այլ խոսքով ասած՝ այսպիսի մարդիկ, որոնք ունեին միայն Եհովայի շունչը և Նրա կյանքը, Աստծու օրենքներին հետևելու կամ Արարչին գոհացնելու մասին ոչինչ չգիտեին։ Նրանք չափազանց քիչ էին հասկանում։ Ուստի, նույնիսկ թեև նրանց սրտերում ոչ մի խոտոր կամ նենգ բան չկար, և նախանձ ու վեճ հազվադեպ էին ծագում նրանց միջավայրում, այնուամենայնիվ նրանք Եհովայի՝ Արարչի մասին ո՛չ գիտություն ունեին, ո՛չ էլ հասկացողություն։ Մարդու այս նախնիները գիտեին միայն Եհովայի տվածներն ուտել և Եհովայի տվածները վայելել, բայց չգիտեին երկյուղել Եհովայից: Նրանք չգիտեին, որ Եհովան այն Մեկն է, ում իրենք պետք է ծնկաչոք երկրպագեն։ Ուստի ինչպե՞ս կարող էին նրանք կոչվել Նրա արարածները։ Եթե դա այդպես լիներ, ապա արդյո՞ք «Եհովան Արարիչն է» և «Նա ստեղծեց մարդուն, որպեսզի մարդը Նրան արտահայտի, Նրան փառավորի և Նրան ներկայացնի» խոսքերը զուր ասված չէին լինի։ Ինչպե՞ս կարող էին մարդիկ, որոնց սրտերում Եհովայի հանդեպ երկյուղ չկար, Նրա փառքի վկայությունը լինել։ Ինչպե՞ս կարող էին նրանք դառնալ Նրա փառքի արտահայտությունը։ Արդյո՞ք Սատանան՝ չարը, չէր ճանկի Եհովայի ասած «Ես մարդուն ստեղծեցի Իմ պատկերով» խոսքերը։ Արդյո՞ք այդ խոսքերը չէին դառնա Եհովայի՝ մարդուն ստեղծելու ամոթի նշան։ Աշխատանքի այդ փուլն ավարտելու համար Եհովան մարդկությանը ստեղծելուց հետո Ադամից մինչև Նոյ նրանց չհրահանգեց կամ չառաջնորդեց։ Ընդհակառակը, միայն այն բանից հետո, երբ ջրհեղեղը կործանեց աշխարհը, Նա պաշտոնապես սկսեց առաջնորդել իսրայելացիներին, որոնք Նոյի հետնորդներն էին, ինչպես նաև Ադամի հետնորդները։ Իսրայելում Նրա արած աշխատանքն ու ասած խոսքերն առաջնորդություն տվեցին Իսրայելի ողջ ժողովրդին, երբ նրանք իրենց կյանքով էին ապրում Իսրայելի ամբողջ երկրում՝ այդպիսով ցույց տալով մարդկությանը, որ Եհովան ոչ միայն ի վիճակի էր շունչ փչելու մարդու մեջ, որպեսզի մարդը Նրանից կյանք ունենա և փոշուց վեր հառնի, դառնա մարդ արարած, այլև Նա կարող էր մոխրացնել մարդկությանը, անիծել մարդկությանը և Իր գավազանն օգտագործել՝ կառավարելու մարդկությանը։ Այսպես էլ նրանք տեսան, որ Եհովան կարող է առաջնորդել մարդու կյանքը երկրի վրա և խոսել ու աշխատել մարդկության մեջ՝ ըստ օրվա և գիշերվա ժամերի։ Աշխատանքը, որը Նա արեց, միայն այն բանի համար էր, որ Իր արարածներն իմանան, որ մարդն առաջացել է Նրա վերցրած հողից, և ավելին, որ Նա է մարդուն ստեղծել։ Բացի դրանից՝ Նա Իր աշխատանքը կատարեց նախ Իսրայելում, որպեսզի մյուս ժողովուրդները և ազգերը (որոնք, փաստացի, Իսրայելից առանձնացված չէին, այլ ճյուղավորվել էին իսրայելացիներից, սակայն, միևնույն է, Ադամից ու Եվայից էին սերվել) կարողանան Իսրայելից ստանալ Եհովայի ավետարանը, որպեսզի տիեզերքի բոլոր արարածները կարողանան երկյուղել Եհովայից ու պատվել Նրան որպես մեծագույնի։ Եթե Եհովան Իր աշխատանքը չսկսեր Իսրայելում, այլ փոխարենը մարդկությանը ստեղծելուց հետո նրանց պարզապես թողներ երկրի վրա անհոգ կյանք վարելու, ապա մարդը, հաշվի առնելով իր ֆիզիկական բնությունը, (բնությունը նշանակում է, որ մարդը երբեք չի կարող իմանալ այն բաները, որոնք չի տեսնում, այսինքն՝ չէր իմանա, որ Եհովան է ստեղծել մարդկությանը, և առավել ևս, թե ինչու է դա արել) երբեք չէր իմանա, որ Եհովան է ստեղծել մարդկությանը, կամ որ Նա է ամեն ինչի Տերը։ Եթե Եհովան ստեղծեր մարդուն, նրան դներ երկրի վրա և պարզապես մաքրեր ձեռքերի փոշին, հեռանար՝ չմնալով մարդկության մեջ՝ միառժամանակ նրանց առաջնորդություն տալու համար, ապա ամբողջ մարդկությունը կվերածվեր ոչնչության. նույնիսկ երկինքներն ու երկիրը, և բոլոր բաները, որ Նա ստեղծել է, և ամբողջ մարդկությունը կվերածվեին ոչնչության, և ավելին՝ կկոխկրտվեին Սատանայի կողմից։ Այդ դեպքում Եհովայի ցանկությունը, որ «երկրի վրա, այսինքն՝ Իր ստեղծագործության մեջտեղում, Նա կարող է ունենալ կանգնելու տեղ, սուրբ տեղ», կփշրվեր։ Եվ ուստի այս ամենը՝ մարդկությանը ստեղծելուց հետո Նրա՝ նրանց մեջտեղում մնալը, նրանց կյանքն առաջնորդելն ու նրանց մեջտեղից նրանց հետ խոսելը, Նրա ցանկությունն իրականացնելու և Նրա ծրագիրը ի կատար ածելու համար էր։ Գործը, որ Նա արեց Իսրայելում, միայն Նրա կողմից ամեն ինչի ստեղծումից առաջ կազմված ծրագիրն ի կատար ածելու համար էր, և հետևաբար Նրա՝ նախ իսրայելացիների միջավայրում աշխատելը և բոլոր բաների ստեղծումը ոչ թե միմյանց հակասում էին, այլ երկուսն էլ կատարվեցին՝ հանուն Նրա տնօրինության, Նրա աշխատանքի և Նրա փառքի, և կատարվեցին մարդու ստեղծման նշանակությունը խորացնելու համար։ Նա Նոյի ժամանակներից հետո երկու հազար տարի առաջնորդեց մարդկության կյանքը երկրի վրա՝ մարդկությանն օգնելով հասկանալու, թե ինչպես երկյուղել Եհովայից՝ ամեն ինչի Տիրոջից, ինչպես վարել իրենց կյանքը, ինչպես ապրել և առավելապես՝ ինչպես վկայել Եհովայի մասին, հնազանդվել Նրան ու երկյուղել Նրանից, նույնիսկ երաժշտությամբ փառաբանել Նրան, ինչպես արեցին Դավիթը և նրա քահանաները։

Այն երկու հազար տարիներից առաջ, որոնց ընթացքում Եհովան անում էր Իր աշխատանքը, մարդը ոչինչ չգիտեր, և գրեթե ողջ մարդկությունն ընկել էր ապականության մեջ, մինչև իսկ աշխարհի՝ ջրհեղեղով կործանվելուց առաջ հասել էր անառակության և ապականության և Եհովային ընդհանրապես չուներ իր սրտում, առավել ևս՝ Նրա ճանապարհը։ Նրանք երբեք չհասկացան այն աշխատանքը, որը Եհովան պատրաստվում էր անելու. նրանք չունեին ողջամտություն, առավել ևս՝ գիտություն և ինչպես շնչող մեքենաներ՝ լիովին անտեղյակ էին մարդուց, Աստծուց, բոլոր բաներից, կյանքից և այլ բաներից։ Երկրի վրա նրանք օձի պես զբաղված էին բազմաթիվ գայթակղություններով և ասում էին շատ բաներ, որոնք վիրավորական էին Եհովայի համար, բայց քանի որ անտեղյակ էին, Եհովան նրանց չէր պատժում կամ դաստիարակում։ Միայն ջրհեղեղից հետո, երբ Նոյը 601 տարեկան էր, Եհովան պաշտոնապես հայտնվեց Նոյին և առաջնորդեց նրան ու նրա ընտանիքին՝ Նոյի և նրա հետնորդների հետ միասին ուղղորդելով թռչուններին և գազաններին, որոնք փրկվել էին ջրհեղեղից, մինչև Օրենքի դարաշրջանի ավարտը, որն ընդհանուր առմամբ տևեց 2500 տարի։ Նա աշխատանք էր անում Իսրայելում, այսինքն՝ պաշտոնապես աշխատանք էր անում ընդհանուր առմամբ 2000 տարի և միաժամանակ աշխատանք անում Իսրայելում և դրանից դուրս՝ 500 տարի, որոնք միասին կազմում են 2500 տարի։ Այս ժամանակահատվածում Նա ցուցումներ էր տալիս իսրայելացիներին, որ Եհովային ծառայելու համար նրանք պետք է տաճարը կառուցեն, հագնեն քահանայական պատմուճաններ և լուսաբացին ոտաբոբիկ քայլելով մտնեն տաճարը, որպեսզի իրենց կոշիկները չպղծեն Եհովայի տաճարը, և որպեսզի տաճարի գագաթից կրակ չուղարկվի նրանց վրա ու այրելով չսպանի նրանց։ Նրանք անում էին իրենց պարտավորությունները և ենթարկվում Եհովայի կարգավորումներին։ Աղոթում էին Եհովային տաճարում և Եհովայի հայտնությունը ստանալուց հետո, այսինքն՝ այն բանից հետո, երբ Եհովան խոսեց, նրանք առաջնորդում էին բազմությանը և ուսուցանում, որ պետք է Եհովայի՝ իրենց Աստծու հանդեպ երկյուղ տածեն։ Ու Եհովան նրանց ասաց, որ պետք է տաճար ու զոհասեղան կառուցեն և Եհովայի ժամանակին, այսինքն՝ Զատկին, պետք է առաջնածին հորթեր ու գառներ պատրաստեն՝ դրանք զոհասեղանին դնելու որպես զոհեր, Եհովային ծառայելու համար, որպեսզի նրանց զսպեն ու նրանց սրտերում Եհովայի հանդեպ երկյուղ ներշնչեն։ Արդյոք նրանք կենթարկվեին այս օրենքին, թե ոչ, կդառնար Եհովայի հանդեպ նրանց հավատարմության չափանիշը։ Եհովան նրանց համար սահմանեց նաև Շաբաթ օրը՝ Իր արարչագործության յոթերորդ օրը։ Նա Շաբաթ օրվան հաջորդող օրը դարձրեց առաջին օրը, մի օր, երբ նրանք կփառաբանեն Եհովային, Նրան զոհեր կմատուցեն և Նրա համար երաժշտություն կհնչեցնեն։ Այս օրը Եհովան հավաքում էր բոլոր քահանաներին՝ զոհասեղանի վրայի զոհերը բաժանելու, որպեսզի ժողովուրդը ուտի, վայելի Եհովայի զոհասեղանի զոհերը։ Եվ Եհովան ասաց, որ նրանք օրհնված են, որ Իր հետ բաժին ունեն, և որ Իր ընտրյալ ժողովուրդն են (սա իսրայելացիների հետ Եհովայի կապած ուխտն էր)։ Ահա թե ինչու մինչ օրս Իսրայելի ժողովուրդը դեռ ասում է, որ Եհովան միայն իրենց Աստվածն է և ոչ թե հեթանոսների Աստվածը։

Օրենքի դարաշրջանում Եհովան բազմաթիվ պատվիրաններ սահմանեց, որպեսզի Մովսեսը փոխանցի իսրայելացիներին, ովքեր, նրան հետևելով, դուրս եկան Եգիպտոսից։ Այս պատվիրանները Եհովան էր պարգևել իսրայելացիներին, ու դրանք որևէ առնչություն չունեին եգիպտացիների հետ. դրանք նախատեսված էին իսրայելացիներին զսպելու համար, և Նա պատվիրաններն օգտագործում էր նրանց առջև պահանջներ դնելու համար։ Արդյոք նրանք կպահեին Շաբաթը, արդյոք կպատվեին իրենց ծնողներին, արդյոք կերկրպագեին կուռքերի, և այլն․ դրանք էին այն սկզբունքները, որոնցով նրանք կդատվեին որպես մեղավոր կամ արդար։ Նրանց մեջ կային ոմանք, որոնց խոցեց Եհովայի կրակը, ոմանց քարկոծելով սպանեցին, իսկ ոմանք ստացան Եհովայի օրհնությունը, և դա որոշվում էր ըստ այն բանի, թե արդյոք նրանք ենթարկվում էին այս պատվիրաններին։ Նրանց, ովքեր չպահեցին Շաբաթը, քարկոծելով սպանեցին։ Այն քահանաներին, որոնք չէին պահում Շաբաթը, Եհովայի կրակը խոցում էր։ Նրանց, ովքեր չէին պատվում իրենց ծնողներին, նույնպես քարկոծելով սպանում էին։ Այս ամենին Եհովան հավանություն էր տալիս։ Եհովան հաստատեց Իր պատվիրաններն ու օրենքները, որպեսզի, երբ Նա նրանց առաջնորդի իրենց կյանքում, ժողովուրդը լսի Նրա խոսքը, ենթարկվի դրան ու չապստամբի Նրա դեմ։ Նա օգտագործում էր այս օրենքները՝ նորածին մարդկային ցեղը վերահսկողության տակ պահելու համար, որպեսզի հիմք դնի Իր ապագա աշխատանքի համար։ Եվ այսպես՝ Եհովայի կատարած աշխատանքի հիման վրա առաջին դարաշրջանը կոչվեց Օրենքի դարաշրջան։ Թեև Եհովան շատ բաներ ասաց ու շատ աշխատանք արեց, Նա միայն դրական կերպով առաջնորդեց ժողովրդին՝ ուսուցանելով այս անտեղյակ մարդկանց, թե ինչպես վարվեն, ինչպես ապրեն և ինչպես հասկանան Եհովայի ճանապարհը։ Նրա կատարած աշխատանքը գլխավորապես այն բանի համար էր, որ մարդկանց մղի պահելու Իր ճանապարհը և հետևելու Իր օրենքներին։ Աշխատանքն արվում էր այն մարդկանց վրա, որոնք մակերեսորեն էին ապականված. այն չէր տարածվում նրանց խառնվածքի փոխակերպման կամ կյանքում առաջընթաց ունենալու վրա։ Նա պարզապես զսպում և վերահսկում էր մարդկանց՝ նրանց հնազանդվել տալով օրենքներին։ Այդ ժամանակվա իսրայելացիների համար Եհովան սոսկ տաճարում եղող Աստված էր, երկինքներում եղող Աստված։ Նա ամպի սյուն էր, կրակի սյուն։ Ամենը, ինչ Եհովան նրանցից պահանջում էր անել, այն էր, որ հնազանդվեն այն բանին, ինչը մարդիկ այսօր գիտեն որպես օրենքներ և պատվիրաններ, նույնիսկ կարելի է ասել՝ կանոններ, քանի որ Եհովայի արածը ոչ թե նրանց փոխակերպելու նպատակ էր հետապնդում, այլ նրանց պարգևելու ավելի շատ բաներ, որոնք մարդը պետք է ունենա, և անձամբ այս բաները փոխանցելու նրանց, որովհետև արարվելուց հետո մարդը ոչինչ չուներ, որ պետք է ունենար։ Եվ այսպես՝ Եհովան մարդկանց պարգևեց այն բաները, որոնք նրանք պետք է ունենային իրենց երկրային կյանքի համար, որպեսզի այդ մարդիկ, որոնց Ինքն առաջնորդել էր, գերազանցեին իրենց նախահայրերին՝ Ադամին ու Եվային, որովհետև ինչը որ Եհովան պարգևեց նրանց, գերազանցում էր այն, ինչ սկզբում պարգևել էր Ադամին ու Եվային։ Ամեն դեպքում այն աշխատանքը, որ Եհովան արեց Իսրայելում, միայն մարդկությանը առաջնորդելու և նրանց իր Արարչին ընդունել տալու համար էր։ Նա նրանց չնվաճեց ու չփոխակերպեց, այլ սոսկ առաջնորդեց։ Սա է Օրենքի դարաշրջանում Եհովայի արած գործի ամբողջությունը։ Սա Իսրայելի ամբողջ երկրում Նրա արած աշխատանքի նախապատմությունն է, իրական պատմությունը, էությունը և Նրա վեց հազար տարվա աշխատանքի սկիզբը՝ մարդկությանը պահելու Եհովայի ձեռքի վերահսկողության տակ։ Դրանից Նրա վեց հազար տարվա տնօրինման ծրագրում ավելի շատ աշխատանք ծնվեց։

Ծանոթագրություններ.

ա. Բնագիր տեքստում «որոնց պետք էր հնազանդվել» արտահայտությունը չկա։

Նախորդը.  Ավետարանի տարածման աշխատանքը նաև մարդու փրկության աշխատանքն է

Հաջորդը.  Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger