Գլուխ 118
Ով ոտքի կանգնի վկայելու Իմ Որդու մասին, շնորհք կպարգևեմ նրան։ Ով էլ, որ ոտքի չկանգնի վկայելու Իմ Որդու մասին, այլ փոխարենը դիմակայի և սեփական գնահատականները տալու համար օգտագործի մարդկային պատկերացումները, կկործանեմ նրան։ Բոլորը պետք է հստակ տեսնե՛ն։ Իմ Որդու մասին վկայելն Ինձնից երկյուղելու է, և այն բավարարում է Իմ մտադրությունները։ Մի՛ հարգեք միայն Հորը՝ միաժամանակ կեղեքելով և ճնշելով Որդուն։ Այսպես վարվողները մեծ կարմիր վիշապի սերունդներն են։ Ինձ պետք չի, որ նման թշվառները վկայեն Իմ Որդու մասին․ Ես նրանց կործանեմ անհատակ անդունդում։ Ես ուզում եմ, որ հավատարիմ և ազնիվ ծառայություն մատուցողները Իմ Որդուն ծառայություն մատուցեն։ Ինչ վերաբերվում է մնացածին՝ նրանց կարիքը չունեմ։ Սա Իմ արդար բնույթն է, և այն ծառայում է ցույց տալու համար, որ Ես Ինքս եմ սուրբ և անարատ Աստվածը։ Չեմ ների ոչ մեկին, որ կխախտի Իմ կառավարչական հրամանագրերը։ Ով դիմակայել կամ հալածել է Քեզ, լինի դա ընտանիքում, թե աշխարհում, նրանց մեկ առ մեկ կպատժեմ, և ոչ ոքի չեմ խնայի, քանզի Իմ մեջ մսեղիից ու արյունից ոչ մի մաս չկա։ Այսօր Քո մասին վկայելը ցույց է տալիս, որ այդ ծառայություն մատուցողներն ավարտել են Ինձ ծառայություն մատուցելը, ուստի մի՛ վարանիր կամ մտահոգվիր։ Ի վերջո, նրանք Քո ծառայություն մատուցողներն են, և, ի վերջո, Դու երկնային ես և վերջում կվերադառնաս Իմ մարմին, քանզի Իմ մարմինը չի կարող լինել առանց Քեզ։ Նրանք, ովքեր անցյալում դիմակայել են Քեզ և համատեղելի չեն եղել Քեզ հետ (սա մի բան է, որն ուրիշները չեն կարող տեսնել, միայն Դու գիտես դա Քո սրտում), այժմ բացահայտել են իրենց իրական կերպարանքներն ու ընկել են, քանզի Դու՝ Ինքդ Աստված ես, և չես հանդուրժի, որ որևէ մեկը դիմակայի կամ վիրավորի Քեզ։ Թեև արտաքուստ դա բոլորովին չի երևում, Իմ Հոգին Քո ներսում է․ սա կասկածից վեր է։ Բոլոր մարդիկ պետք է հավատան դրան, որպեսզի Իմ երկաթե գավազանը չտապալի բոլոր նրանց, ովքեր դիմակայում են Ինձ։ Քանզի Ես վկայում եմ Քո մասին, անշուշտ Դու իշխանություն ունես, և այն ամենը, ինչ ասում ես, Իմ արտահայտությունն է, և այն ամենը, ինչ անում ես, Իմ դրսևորումն է, քանզի Իմ սիրելին ես և մի մասն ես, առանց որի Իմ անձը չի կարող լինել։ Ուստի, Քո յուրաքանչյուր գործողությունը, այն, ինչ հագնում ես, ինչ օգտագործում ես և որտեղ ապրում ես, դրանք անշուշտ նաև Իմ գործերն են։ Ոչ ոք չպետք է փորձի Քո դեմ որևէ բան գտնել, և ոչ ոք չպետք է թերություններ փնտրի Քո մեջ։ Եթե որևէ մեկն անի դա, չեմ ների նրան։
Իմ տնից դուրս կվտարեմ բոլոր չար ծառաներին, իսկ Իմ տան ներսում այնպես կանեմ, որ բոլոր հավատարիմ ծառաները վկայեն Իմ անդրանիկ որդիների մասին։ Սա է Իմ ծրագիրը, և սա է իմ գործելու ձևը։ Երբ չար ծառաները վկայում են Իմ Որդու մասին, մեռելների հոտ է գալիս, և դա գարշելի է Ինձ համար։ Երբ հավատարիմ ծառաներն են վկայում Իմ Որդու մասին, դա լուրջ է և անկեղծ և դա ընդունելի է Ինձ համար։ Ուստի, ով չի կամենում վկայել Իմ Որդու մասին, հենց հիմա թո՛ղ հեռանա այստեղից։ Չեմ ստիպի քեզ անել դա։ Եթե ասում եմ քեզ՝ հեռանաս, ապա պետք է հեռանաս։ Նայի՛ր, թե որոնք են հետևանքները քեզ համար, և ինչ է քեզ սպասվում։ Ծառայություն մատուցողներն ամենքից լավ են հասկանում սա։ Իմ դատաստանը, Իմ ցասումը, Իմ անեծքները, Իմ այրումն ու Իմ կատաղությունը ցանկացած պահի կհասնեն յուրաքանչյուրին, ով դիմակայում է Ինձ։ Իմ ձեռքը ոչ ոքի ներում չի շնորհում։ Որքան էլ հավատարիմ եղած լինի ծառայություն մատուցողը նախկինում, եթե նա այսօր դիմակայում է Իմ Որդուն, անմիջապես կկործանեմ նրան և թույլ չեմ տա, որ նա մնա Իմ առջև։ Սրանից կարելի է տեսնել Իմ անողոք ձեռքը։ Քանզի մարդիկ չեն ճանաչում Ինձ, և քանզի նրանց բնությունները դիմակայում են Ինձ, նույնիսկ նրանք, ովքեր հավատարիմ են Ինձ, հավատարիմ են միայն հանուն իրենց սեփական հաճույքի։ Եթե մի բան է պատահում, որի պատճառով նրանք կորուստներ են կրում, նրանց սրտերն անմիջապես փոխվում են, և նրանք ուզում են նահանջել Իմ կողքից։ Սա Սատանայի բնությունն է։ Դուք չպետք է ինքնարդար լինեք՝ կարծելով, թե հավատարիմ եք։ Եթե դրանում նրանց համար ոչինչ չկա, գազանների այս ոհմակը պարզապես անկարող է հավատարիմ լինելու Ինձ։ Եթե չհռչակեի Իմ կառավարչական հրամանագրերը, վաղուց նահանջած կլինեիք։ Բոլորդ այժմ հայտնվել եք երկու կրակի արանքում՝ չկամենալով ծառայություն մատուցել Ինձ, բայց և չկամենալով տապալվել Իմ ձեռքով։ Եթե չհռչակեի, որ մեծ աղետներ են հասնելու ցանկացածին, ով երբևէ կդիմակայի Ինձ, վաղուց նահանջած կլինեիք։ Մի՞թե ես չգիտեմ մարդկանց մանր հաշվարկները։ Մարդկանց մեծամասնությունն այժմ փոքրիկ հույս է փայփայում, բայց երբ այդ հույսը վերածվում է հիասթափության, նրանք չեն կամենում ավելի հեռուն գնալ և խնդրում են ետ դառնալ։ Նախկինում ասել եմ, որ ոչ մեկին այստեղ չեմ պահում իր կամքին հակառակ, բայց զգուշացի՛ր և մտածի՛ր, թե ինչ հետևանքներ կլինեն քեզ համար։ Ես քեզ չեմ սպառնում, սա փաստ է։ Ոչ ոք չի կարող հասկանալ մարդու բնությունը, բացի Ինձնից։ Մարդիկ բոլորը կարծում են, թե իրենք հավատարիմ են Ինձ՝ չիմանալով, որ իրենց հավատարմությունն անմաքուր է։ Այս անմաքրությունը կկործանի մարդկանց, քանզի դա մեծ կարմիր վիշապի դավադրությունն է։ Այն վաղուց մերկացվել է Իմ կողմից։ Ես ամենակարող Աստվածն եմ, ուստի ինչպե՞ս կարող էի չհասկանալ մի այսպիսի պարզ բան։ Ես ի զորու եմ թափանցելու քո արյան և քո մսեղիի մեջ՝ տեսնելու համար քո մտադրությունները։ Ինձ համար դժվար չէ հասկանալ մարդու բնությունը, բայց մարդիկ իրենց խելացի են համարում՝ կարծելով, թե իրենցից բացի ոչ ոք չգիտի իրենց մտադրությունները։ Մի՞թե նրանք չգիտեն, որ ամենակարող Աստված գոյություն ունի երկինքներում ու երկրում և բոլոր բաներում։
Ես Իմ Որդուն մինչև վերջ կսիրեմ, և կատեմ մեծ կարմիր վիշապին ու Սատանային հավիտյանս հավիտենից։ Իմ պատիժը կհասնի բոլոր նրանց, ովքեր կդիմակայեն Ինձ, և ոչ մի թշնամու չեմ խնայի։ Նախկինում ասել եմ։ «Սիոնում մի մեծ քար եմ դնում։ Հավատացյալների համար այս քարը նրանց կառույցի հիմքն է։ Նրանց համար, ովքեր չեն հավատում, սա մի սայթաքման վեմ է։ Սատանայի որդիների համար սա նրանց մահու չափ ճզմող քարն է»։ Այս խոսքերը ոչ միայն ասել եմ նախկինում, այլև շատ մարդիկ մարգարեացել են դրանց մասին, և շատերը կարդացել են խոսքերի այս հատվածն այս դարաշրջանում։ Ավելին, որոշ մարդիկ փորձել են բացատրել այս խոսքերը, բայց ոչ ոք նախկինում երբեք չի բացահայտել այս խորհուրդը, քանզի այս գործն արվում է միայն վերջին օրերի ներկայիս ժամանակահատվածում։ Ուստի, թեև որոշ մարդիկ փորձել են բացատրել այս խոսքերը, նրանց բացատրությունները բոլորը մոլորություններ են։ Այսօր Ես բացահայտում եմ ձեզ համար ողջ իմաստը, որպեսզի իմանաք անդրանիկ որդիներիս մասին Իմ վկայելու լրջությունը և դա անելու Իմ նպատակը։ Ես Սիոնում մի մեծ քար եմ դնում, և այս քարը վերաբերվում է անդրանիկ որդիներիս մասին վկայելուն․ այստեղ «մեծ» բառը չի նշանակում վկայել ինչ-որ հսկայական մասշտաբով, այլ ավելի ճիշտ այն, որ Իմ անդրանիկ որդիների մասին վկայելիս շատ մեծ թվով ծառայություն մատուցողներ կնահանջեն։ Այստեղ «նրանք, ովքեր չեն հավատում»-ը վերաբերվում է նրանց, ովքեր նահանջում են, քանզի Իմ Որդու մասին վկայվում է։ Հետևաբար, քարը սայթաքման վեմ է այս տեսակի մարդկանց համար։ Ասում եմ, որ դա վեմ է, որովհետև այս տեսակի մարդը կտապալվի Իմ ձեռքով, և հետևաբար «սայթաքման վեմը» ասվում է ոչ թե ընկնելու կամ թուլանալու, այլ Իմ ձեռքով տապալվելու մասին։ «Հավատացյալների համար այս քարը նրանց կառույցի հիմքն է»․ այստեղ «հավատացյալները» այն ծառայություն մատուցողներն են, ովքեր հավատարիմ են, իսկ «նրանց կառույցի հիմքը» այն շնորհքն ու օրհնություններն են, որոնք նրանք կստանան Ինձ հավատարիմ ծառայություն մատուցելուց հետո։ Այն, որ անդրանիկ որդիների մասին վկայվել է, նշանակում է, որ այս ողջ հին դարաշրջանը շուտով կանցնի։ Այսինքն՝ այն խորհրդանշում է Սատանայի թագավորության կործանումը։ Հետևաբար, անհավատների համար դա նրանց մահու չափ ճզմող վեմն է։ Ուստի, բոլոր ազգերին կտոր-կտոր անելը վերաբերում է ողջ աշխարհի լիակատար նորացմանը։ Հինը կանցնի, և նորը կհաստատվի․ սա է «կտոր-կտոր անելու» ճշմարիտ իմաստը։ Հասկանո՞ւմ եք։ Գործը, որ անում եմ այս վերջին փուլում, կարելի է ամփոփել հենց այս մի քանի բառերով։ Սա Իմ հրաշալի գործն է, և պետք է ըմբռնեք խոսքերիս մեջ եղած մտադրություններս։