Գլուխ 15
Աստծու հայտնվելն արդեն ծագել է բոլոր եկեղեցիներում։ Դա խոսող Հոգին է. Նա բորբոքված կրակ է, մեծափառություն է կրում և դատում է։ Նա մարդու Որդին է՝ մինչև ոտքերը երկար պատմուճան հագած և կրծքի վրա ոսկե գոտի կապած։ Նրա գլուխն ու մազերը բրդի պես են ու ճերմակ՝ ձյան պես, և Նրա աչքերը՝ կրակի բոցի պես. և Նրա ոտքերը՝ ոսկեպղնձի նման, որ կարծես հնոցի մեջ վառվում են, և Նրա ձայնը նման է շատ ջրերի ձայնին։ Եվ Իր աջ ձեռքում յոթ աստղ ունի, ու Նրա բերանից մի սրված երկսայր սուր է դուրս գալիս, և Նրա դեմքը արևի է նման, որ փայլում է իր սեփական զորությամբ:
Մարդու Որդու մասին վկայվել է, և Աստված Ինքը բացահայտորեն հայտնվել է։ Աստծու փառքը ծագել է սեփական զորությամբ փայլող արևի նման: Նրա փառավոր դեմքը շլացուցիչ լույսով է բոցավառվում. ո՞ւմ աչքերը կհամարձակվեն դիմակայություն ցուցաբերել Նրան։ Դիմակայությունը մահվա՛ն է տանում։ Ողորմության ոչ մի նշույլ չի ցուցաբերվում սրտումդ մտածած որևէ բանի, քո արտաբերած որևէ խոսքի կամ քո արած որևէ բանի հանդեպ։ Դուք բոլորդ կհասկանաք և կտեսնեք, թե ինչ եք ստացել. միայն Իմ դատաստանը։ Կարո՞ղ եմ Ես հանդուրժել, երբ դուք ջանք չեք գործադրում Իմ խոսքերն ուտելու և խմելու համար և փոխարենը կամայականորեն վնասում և ավերում եք Իմ կառույցը։ Ես մեղմորեն չե՛մ վերաբերվի այդպիսի մարդուն։ Եթե քո վարքագիծն ավելի լրջորեն վատթարանա, բոցերը կկլանե՛ն քեզ։ Ամենակարող Աստված հոգևոր մարմնով է դրսևորվում՝ ոտքից գլուխ առանց մարմնի կամ արյան որևէ նշույլի։ Նա գերազանցո՛ւմ է տիեզերքի աշխարհը՝ բազմած երրորդ երկնքի փառավոր գահին և իշխելով բոլոր բաների վրա։ Տիեզերքը և բոլոր բաներն Իմ ձեռքերում են։ Ես խոսում եմ, և այն գոյության է կոչվում։ Ես սահմանում եմ, և այդպես էլ սահմանվում է։ Սատանան Իմ ոտքերի տակ է. նա անհատակ անդունդո՛ւմ է։ Երբ Իմ ձայնը հնչի, երկինքն ու երկիրը կանցնեն և ոչնչի կվերածվեն։ Բոլոր բաները նոր կդառնան. սա հավիտյան անփոփոխ ճշմարտություն է, որը բացարձակապես ճիշտ է։ Ես հաղթել եմ աշխարհին, ինչպես նաև բոլոր չարերին։ Ես նստած եմ այստեղ և խոսում եմ ձեզ հետ, և ով ականջ ունի, թող լսի, և ով ողջ է, թող ընդունի։
Օրերը կմոտենան իրենց ավարտին. այս աշխարհի բոլոր բաները ոչնչի կվերածվեն, և բոլոր բաները նորովի կծնվեն։ Հիշե՛ք սա։ Հիշե՛ք։ Դուք չեք կարող անփույթ լինել այս հարցում։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չե՛ն անցնի։ Թույլ տվեք Ինձ մեկ անգամ ևս հորդորել ձեզ. զուր մի՛ վազեք։ Արթնացե՛ք։ Երբեք ուշ չէ դարձի գալու համար։ Ես արդեն հայտնվել եմ ձեր միջավայրում, և Իմ ձայնը հնչել է։ Իմ ձայնը հնչել է ձեր առջև. ամեն օր այն կանգնում է ձեզ դեմ առ դեմ, և ամեն օր այն թարմ է ու նոր։ Դու տեսնում ես Ինձ, և Ես տեսնում եմ քեզ. Ես մշտապես խոսում եմ քեզ հետ և քո առաջ եմ՝ դեմ առ դեմ։ Բայց դու մերժում ես Ինձ և չես ճանաչում Ինձ։ Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը, բայց դուք դեռ երկմտում եք։ Դուք երկմտո՜ւմ եք։ Ձեր սիրտը կարծրացել է, Սատանան կուրացրել է ձեր աչքերը, և դուք չեք կարող տեսնել Իմ փառավոր դեմքը. որքա՜ն ողորմելի եք դուք։ Որքա՜ն ողորմելի։
Իմ գահի առջև գտնվող յոթ Հոգիներն ուղարկվել են երկրի բոլոր ծայրերը, և Ես կուղարկեմ Իմ Պատգամաբերին՝ խոսելու եկեղեցիներին։ Ես արդար և հավատարիմ եմ. Ես այն Աստված եմ, ով զննում է մարդու սրտի ամենախորքերը։ Սուրբ Հոգին խոսում է եկեղեցիներին, և դրանք Իմ խոսքերն են, որ բխում են Իմ Որդու ներսից: Ով ականջ ունի, թող լսի։ Ով ողջ է, թող ընդունի։ Պարզապես կերեք և խմեք դրանք և մի՛ կասկածեք։ Ով հնազանդվում է և ականջ է դնում Իմ խոսքերին, մեծ օրհնություններ կստանա։ Ով անկեղծորեն փնտրում են Իմ դեմքը, անկասկած նոր լույս, նոր լուսավորում և նոր հայտնություններ կունենա. ամեն ինչ թարմ և նոր կլինի։ Իմ խոսքերը կհայտնվեն քեզ ցանկացած պահի, և դրանք կբացեն քո հոգևոր աչքերը, որպեսզի դու կարողանաս տեսնել հոգևոր ոլորտի բոլոր խորհուրդները։ Թագավորությունը մարդկանց մեջ է։ Մտի՛ր ապաստան, և ողջ շնորհն ու օրհնությունները քեզ վրա կլինեն. սովն ու ժանտախտը չեն կարողանա մոտենալ քեզ, իսկ գայլերը, օձերը, վագրերն ու ընձառյուծները չեն կարողանա վնասել։ Դու կգնաս Ինձ հետ, կքայլես Ինձ հետ և փառքի մեջ կմտնես Ինձ հետ։
Ամենակարո՜ղ Աստված։ Նա բացահայտորեն ցույց է տվել Իր փառավոր մարմինը, Նրա հոգևոր սուրբ մարմինը հայտնվել է, և Նա կատարյալ Աստված Ինքն է։ Աշխարհը և Նրա մսեղին երկուսն էլ փոխվել են, և լեռան վրա Նրա այլակերպությունն Աստծու անձն է։ Նա Իր գլխին ոսկե պսակ է կրում, Նրա պատմուճանը ճերմակ է, կրծքի վրա ոսկե գոտի է կապած, իսկ աշխարհը և բոլոր բաները Նրա ոտքերի պատվանդանն են։ Նրա աչքերը կրակի բոցի պես, Նա Իր բերանում մի սրված երկսայրի սուր ունի և Իր աջ ձեռքում՝ յոթ աստղ։ Թագավորություն տանող ճանապարհն անսահմանորեն պայծառ է, և Նրա փառավոր լույսը ծագում և շողում է. լեռներն ուրախ են, և ջրերը ծիծաղում են, իսկ արևը, լուսինն ու աստղերը բոլորը պտտվում են իրենց կանոնավոր դասավորությամբ՝ ողջունելով միակ ճշմարիտ Աստծու հաղթական վերադարձը, ով ավարտել է Իր վեցհազարամյա կառավարման ծրագիրը։ Բոլորն ուրախությունից ցատկոտում և պարո՜ւմ են։ Ցնծացե՜ք։ Ամենակարող Աստված բազմած է Իր փառավոր գահին։ Երգե՜ք։ Ամենակարողի հաղթական դրոշը բարձրացվել է վեհաշուք, հոյակապ Սիոն լեռան վրա։ Յուրաքանչյուր ազգ ցնծում է, Աստծու բյուրավոր ընտրյալ մարդիկ երգում են, Սիոն լեռն ուրախությամբ ծիծաղում է, և Աստծու փառքը ծագե՜լ է։ Ես երբեք չեմ էլ երազել, որ կտեսնեմ Աստծու դեմքը, սակայն այսօր տեսել եմ այն։ Ամեն օր, դեմ առ դեմ կանգնելով Նրան, ես խոսում եմ Նրա հետ և բացում եմ իմ սիրտը։ Նա առատորեն ուտելիք և խմելիք է մատակարարում։ Կյանքում, խոսքերում, գործողություններում, մտքերում, գաղափարներում Նրա փառավոր լույսը լուսավորում է, Նա առաջնորդում է ճանապարհի ամեն մի քայլը, և եթե մեկն ապստամբում է սրտում, Նրա դատաստանն արագորեն վրա է հասնում։
Ինչպիսի՜ հաճույք է Աստծու հետ միասին ուտելը, բնակվելը և ապրելը, Նրա հետ միասին լինելը, միասին քայլելը, միասին վայելելը, միասին փառք ու օրհնություններ ստանալը, Աստծու հետ որպես թագավորներ իշխելը և թագավորության մեջ միասին լինելը: Որքա՜ն քաղցր է։ Մենք ամեն օր դեմ առ դեմ ենք կանգնում, Նա ամեն օր խոսում է և անդադար զրուցում է մեզ հետ, և մեզ ամեն օր նոր լուսավորում և նոր հայտնություններ են շնորհվում։ Մեր հոգևոր աչքերը բացված՝ մենք տեսնում ենք ամեն ինչ. հոգու խորհուրդները բացահայտվում են մեզ։ Օրհնյալ կյանքն իսկապես անհոգ է. վազեք արագ և մի՛ կանգնեք, և անդադար առաջ շարժվեք. առջևում ավելի հրաշալի կյանք կա։ Մի՛ բավարարվեք լոկ քաղցրություն ճաշակելով. մինչև վերջ վազեք դեպի Աստված։ Նա համապարփակ և առատաձեռն է և ունի այն ամենը, ինչ մեզ պակասում է։ Ակտիվորեն համագործակցեք և մտեք Նրա մեջ, և այլևս ոչինչ երբեք նույնը չի լինի։ Մեր կյանքը կլինի գերազանցող, և ոչ մի մարդ, իրադարձություն կամ բան չի կարողանա անհանգստացնել մեզ։
Գերազանցո՜ւմ։ Գերազանցո՜ւմ։ Ճշմարի՜տ գերազանցում։ Աստծու գերազանցող կյանքը ներսում է, և բոլոր բաներն իսկապես հանդարտվել են։ Մենք գերազանցում ենք աշխարհն ու աշխարհիկ բաները՝ ոչ մի կապվածություն չզգալով ամուսինների կամ երեխաների հանդեպ։ Մենք գերազանցում ենք հիվանդության և միջավայրերի սահմանափակումները։ Սատանան չի համարձակվում անհանգստացնել մեզ։ Մենք լիովին գերազանցում ենք բոլոր աղետները։ Դա Աստծուն թույլ է տալիս վերցնել թագավորությունը։ Մենք ոտնատակ ենք տալիս Սատանային, հաստատուն կանգնում ենք եկեղեցու համար մեր վկայության մեջ և հիմնովին մերկացնում ենք Սատանայի տգեղ դեմքը։ Եկեղեցու կառուցումը Քրիստոսի մեջ է, և փառավոր մարմինը հայտնվել է. սա նշանակում է ապրել հափշտակված լինելու վիճակում։