Գլուխ 19

Քանի դեռ Սուրբ Հոգու գործն ընթանում է առաջ, Աստված ևս մեկ անգամ մեզ առաջնորդել է մի նոր ուղիով, որում գործում է Սուրբ Հոգին։ Արդյունքում որոշ մարդիկ անխուսափելիորեն սխալ են հասկացել Ինձ և գանգատվել են Ինձ։ Ոմանք դիմակայել ու հակառակվել են Ինձ, ինչպես նաև զննել Ինձ։ Այնուհանդերձ, Ես դեռևս ողորմածաբար սպասում եմ, որ ապաշխարեք և բարեփոխվեք։ Սուրբ Հոգու գործի մեթոդի փոփոխությունն այն է, որ Աստված Ինքը հայտնվել է բացեիբաց։ Իմ խոսքը կմնա անփոփոխ։ Քանի որ հենց քեզ եմ Ես փրկում, ամենևին չեմ ցանկանում լքել քեզ ճանապարհի կեսին։ Պարզապես բանն այն է, որ դուք կասկածներ եք տածում և ուզում եք դատարկաձեռն հետ դառնալ։ Ձեզնից ոմանք դադարել են առաջ շարժվել, իսկ մյուսները պարզապես սպասում են ու հետևում։ Ուրիշներն էլ պասսիվորեն են մոտենում իրավիճակին, իսկ ոմանք էլ պարզապես զբաղված են նմանակմամբ։ Դուք իսկապես կարծրացրել եք ձեր սրտերը։ Այն, ինչ Ես ասել եմ ձեզ, վերցրել և դարձրել ես մի բան, որով հպարտանում ես կամ պարծենում։ Ավելի խորությա՛մբ մտածիր սրա մասին. սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա իջնող ողորմության և դատաստանի խոսքեր։ Սուրբ Հոգին, տեսնելով, որ դուք իրոք ապստամբ եք, անմիջապես սկսում է խոսել ու մանրամասն վերլուծել։ Դուք պետք է վախենաք։ Մի՛ գործեք անխոհեմաբար, ոչ էլ որևէ շտապողական քայլ արեք և մի՛ եղեք սնափառ, ամբարտավան կամ ինքնավստահ։ Պետք է ավելի շատ կենտրոնանաս Իմ խոսքերը կիրարկելու վրա և ապրես դրանցով, ուր էլ որ գնաս, որպեսզի դրանք ճշմարտապես վերափոխեն քեզ ներսից, և որպեսզի կարողանաս ունենալ Իմ խառնվածքը։ Միայն նման արդյունքներն են ճշմարիտ։

Որպեսզի եկեղեցին կառուցվի, պետք է ունենաք որոշակի հասակ և ձգտեք ամբողջ սրտով ու անդադրում։ Ավելին՝ պետք է ընդունեք Սուրբ Հոգու այրելն ու մաքրելը, որպեսզի դառնաք վերափոխված մարդ։ Միայն նման պայմաններում կարող է կառուցվել եկեղեցին։ Սուրբ Հոգու գործն այժմ ձեզ առաջնորդել է ձեռնամուխ լինելու եկեղեցու կառուցմանը։ Եթե շարունակեք վարվել նույն շփոթված ու դանդաղկոտ ձևով, ինչպես անցյալում, ապա ձեզ համար հույս չկա։ Պետք է զինվեք ողջ ճշմարտությամբ, ունենաք հոգևոր խորաթափանցություն և քայլեք կատարյալ ուղիով՝ Իմ իմաստության համաձայն։ Որպեսզի եկեղեցին կառուցվի, պետք է լինեք կյանքի ոգու մեջ, այլ ոչ թե պարզապես մակերեսորեն նմանակեք։ Աճի գործընթացը ձեր կյանքում նույն այն գործընթացն է, որով դուք կերտվում եք։ Սակայն նկատի՛ ունեցեք, որ նրանք, ովքեր հույսը դնում են պարգևների վրա, կամ նրանք, ովքեր զուրկ են հոգևոր հասկացողությունից կամ իրականությունից, չեն կարող կերտվել, ինչպես նաև չեն կարող կերտվել նրանք, ովքեր ունակ չեն միշտ մոտ լինելու Ինձ և հաղորդակցվելու Ինձ հետ։ Այն մարդիկ, որոնք իրենց միտքը զբաղեցնում են պատկերացումներով, կամ որոնք ապրում են վարդապետություններով, չեն կարող կերտվել, ոչ էլ նրանք, ովքեր առաջնորդվում են իրենց զգացմունքներով։ Անկախ նրանից, թե Աստված ինչպես է վերաբերվում քեզ, պետք է անվերապահորեն հնազանդվես Նրան, այլապես չես կարող կերտվել։ Նրանք, ովքեր տարված են իրենց իսկ մեծամտությամբ, ինքնարդարությամբ, հպարտությամբ և ինքնագոհությամբ, և ովքեր սիրում են վեր դասել իրենց մյուսներից ու ցուցադրել իրենց, չեն կարող կերտվել։ Նրանք, ովքեր չեն կարող ծառայել մյուսների հետ համաձայնեցված կերպով, նույնպես չեն կարող կերտվել, և նույնը վերաբերում է այն մարդկանց, որոնք հոգևոր խորաթափանցություն չունեն և կուրորեն հետևում են ցանկացած մեկին, որ առաջնորդում է իրենց։ Նմանապես, նրանք, ովքեր չեն հասկանում Իմ մտադրությունները և կյանքն ապրում են հնացած վիճակում, չեն կարող կերտվել, ինչպես և նրանք, ովքեր չափազանց դանդաղ են հասնում նոր լույսի հետևից և ովքեր իրենց հիմքում որևէ տեսլական չունեն։

Եկեղեցին պետք է կառուցվի անհապաղ. սա Ինձ հուզող հրատապ հարց է։ Պետք է սկսես՝ կենտրոնանալով դրականի վրա և միանաս կառուցման հոսքին՝ ընծայելով քեզ քո ողջ ուժով։ Հակառակ դեպքում կմերժվես։ Պետք է լիովին հրաժարվես նրանից, ինչից պետք է հրաժարվել, և պատշաճ կերպով ուտես ու խմես այն, ինչ պետք է ուտել ու խմել։ Պետք է ապրես Իմ խոսքի իրականությամբ և դադարես կենտրոնանալ մակերեսային ու անկարևոր հարցերի վրա։ Հարցրո՛ւ ինքդ քեզ. որքա՞ն ես ընկալել Իմ խոսքը։ Որքանո՞վ ես ապրում դրանով։ Պետք է պահպանես սթափություն և զերծ մնաս որևէ անխոհեմ քայլից. այլապես նման վարքագիծը չի օգնի քեզ կյանքում աճի հասնելու հարցում, այլ իրականում կվնասի քո աճին։ Պետք է ըմբռնես ճշմարտությունը, իմանաս՝ ինչպես այն կիրարկել, և թույլ տաս, որ Իմ խոսքը ճշմարտապես դառնա քո կյանքը։ Սա է հարցի առանցքային կողմը։

Քանի որ եկեղեցու կառուցումն այժմ հասել է վճռորոշ պահի, Սատանան ծրագրեր է մշակում և անում է առավելագույնը՝ այն կործանելու համար։ Դուք չպետք է անփույթ լինեք, այլ գործեք զգուշությամբ և ցուցաբերեք հոգևոր խորաթափանցություն։ Առանց նման խորաթափանցության մեծ կորուստներ կկրեք։ Սա աննշան հարց չէ. պետք է դիտարկեք սա որպես հույժ կարևոր հարց։ Սատանան նույնպես ի վիճակի է կեղծ տեսիլքներ ստեղծելու և կեղծիքներ հրամցնելու, սակայն այդ բաների բուն որակը տարբեր է։ Մարդիկ այնքա՜ն հիմար ու անփույթ են և չեն տեսնում տարբերությունը։ Սա նաև ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն մշտապես սթափություն ու հանդարտություն պահպանելու։ Ձեր սրտերն անհնար է գտնել։ Ծառայությունը մի կողմից՝ պատիվ է, մինչդեռ մյուս կողմից՝ կարող է կորուստ լինել։ Այն կարող է բերել կա՛մ օրհնություններ, կա՛մ դժբախտություն։ Հանդա՛րտ մնա Իմ ներկայությամբ և ապրի՛ր Իմ խոսքի համաձայն և հոգեպես իրոք կպահպանես արթնություն ու կցուցաբերես խորաթափանցություն։ Երբ Սատանան ժամանի, անմիջապես կկարողանաս պաշտպանվել նրանից և զգալ նրա գալուստը. քո հոգու մեջ իրական անհանգստություն կզգաս։ Սատանայի ներկայիս գործը հարմարվում է միտումների փոփոխությանը զուգընթաց։ Երբ մարդիկ անուշադրաբար են վարվում և զգոնություն չունեն, նրանք կմնան գերության մեջ։ Պիտի մշտապես զգոն լինես և աչքերդ չորս բացես։ Մի՛ հակաճառիր սեփական շահերիդ կամ կորուստներիդ շուրջ և մի՛ հաշվարկիր հանուն սեփական օգուտիդ. փոխարենը ձգտի՛ր, որ Իմ կամքը կատարվի։

Առարկաները գուցե նույնական թվան, բայց կարող են տարբերվել որակով։ Այդ պատճառով պետք է ճանաչես անհատներին, ինչպես և հոգիները։ Պետք է ցուցաբերես խորաթափանցություն և պահպանես հոգևոր սթափություն։ Երբ Սատանայի թույնը հայտնվի, պետք է կարողանաս այն անմիջապես ճանաչել. այն չի կարող խուսափել Աստծու դատաստանի լույսից։ Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնես քո հոգու մեջ Սուրբ Հոգու ձայնին ուշադիր լսելուն. կուրորեն մի՛ հետևիր ուրիշներին և մի՛ շփոթիր այն, ինչ կեղծ է, ճշմարիտի հետ։ Սոսկ մի՛ հետևիր նրան, ով առաջնորդությունն է ստանձնում, որպեսզի մեծ կորուստներ չկրես։ Ի՞նչ զգացողություն է այս ամենն առաջացնում ձեր մեջ։ Արդյոք զգացե՞լ եք հետևանքները։ Չպետք է կամայականորեն միջամտես ծառայությանը կամ դրանում սեփական կարծիքներդ ներդնես, այլապես Ես կտապալեմ քեզ։ Դեռ ավելի վատ․եթե հրաժարվես հնազանդվել և շարունակես ասել ու անել այնպես, ինչպես կամենում ես, ապա Ես կխզեմ կապը քեզ հետ։ Եկեղեցին այլևս կարիք չունի հավաքագրելու մարդկանց. այն միայն նրանց է ցանկանում, ովքեր անկեղծորեն սիրում են Աստծուն և իրապես ապրում են Իմ խոսքի համաձայն։ Պետք է գիտակցես քո իսկ փաստացի իրավիճակը։ Մի՞թե ինքնախաբեություն չէ, երբ աղքատներն իրենց հարուստ են համարում։ Որպեսզի եկեղեցին կառուցվի, պետք է հետևեք Հոգուն. առաջ մի՛ շարժվեք՝ կուրորեն գործելով։ Փոխարենը մնացե՛ք ձեր տեղերում և իրականացրե՛ք ձեր սեփական գործառույթները։ Դուք չպետք է դուրս գաք ձեր դերերից. պետք է անեք առավելագույնը՝ իրականացնելու ցանկացած գործառույթ, որ կարող եք կատարել, և այդժամ Իմ սիրտը բավարարված կլինի։ Այնպես չէ, որ բոլորդ նույն գործառույթին եք ծառայելու։ Հակառակը, ձեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր սեփական դերը և նվիրաբերի իր ծառայությունը եկեղեցու մյուս անդամների հետ համակարգված կերպով։ Ձեր ծառայությունը չպետք է շեղվի որևէ ուղղությամբ։

Նախորդը.  Գլուխ 17

Հաջորդը.  Գլուխ 20

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger