Գլուխ 64
Դուք չպետք է Իմ խոսքերը խեղաթյուրված կերպով ընկալեք, պետք է դրանք ընկալեք բոլոր տեսանկյուններից և առավել ևս հաճախ խորհեք դրանց շուրջ ու բազմիցս ծանրութեթև անեք դրանք՝ ոչ լոկ մեկ օր կամ մեկ գիշեր։ Դուք չգիտեք, թե որտեղ են Իմ մտադրությունները, կամ որ հարցերում եմ Ես ծախսել Իմ սրտի արյունը․ ինչպե՞ս կարող եք հաշվի առնել Իմ մտադրությունները։ Այսպիսին եք դուք՝ մարդիկ՝ բացարձակ անկարող խորամուխ լինել մանրամասների մեջ, կենտրոնանում եք միայն մակերեսի վրա և ունակ եք միայն ընդօրինակելու։ Ինչպե՞ս կարող է սա հոգևորություն կոչվել։ Դա պարզապես մարդու խանդավառությունն է՝ մի բան, որին Ես հավանություն չեմ տալիս, և առավել ևս՝ մի բան, որը Ես ատում եմ։ Ես ասում եմ քեզ սա. այն ամենը, ինչ ատում եմ, պետք է դուրս թողնվի, պետք է թողնվի զտում ու աղետ տանելու, և պետք է ենթարկվի Իմ այրմանն ու դատաստանին։ Հակառակ դեպքում մարդիկ չեն իմանա, թե ինչ է նշանակում վախենալ, և կլինեն այնքան սանձարձակ․ նրանք միշտ կնայեն Ինձ մարդկային աչքերով. նրանք այնքա՛ն հիմար են։ Սատանայի գաղափարներից ազատվելու լավագույն միջոցն Ինձ մոտենալն ու Ինձ հետ հաղորդակցվելն է։ Ես կցանկանայի, որ բոլորդ գործեք այս կանոնի համաձայն, որպեսզի կարողանաք խուսափել դատվելուց և ձեր կյանքում կորուստ կրելուց։
Մարդկանց հետ այնքան դժվար է գործ ունենալը․ նրանք միշտ գտնվում են դրսի մարդկանց, իրադարձությունների և բաների, ինչպես նաև իրենց իսկ սեփական պատկերացումների սահմանափակումների ներքո։ Արդյունքում նրանք ի վիճակի չեն լավ վկայություն կրելու Ինձ համար և անկարող են շատ լավ համագործակցել Ինձ հետ։ Ես մշտապես աջակցում և խնամում եմ ձեզ, սակայն դուք պարզապես ի վիճակի չեք անելու ձեր լավագույնը՝ Ինձ հետ համագործակցելու համար։ Այս բոլոր բաները լիովին ցույց են տալիս, որ չեք հասկանում Ինձ։ Երբ գա ժամանակը, երբ այլևս ոչ մի կասկած չունենաս Իմ հանդեպ, ոչ ոք չի կարողանա խանգարել քեզ քայլել ճշմարիտ ճանապարհով, և ոչ մի մարդկային պատկերացում չի կաշկանդի քեզ։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Իսկապե՞ս հասկանում ես Իմ արտահայտումների իմաստը։ Միայն երբ Ես բառերը պարզաբանում եմ այսպես, մի փոքր հասկացողություն եք ձեռք բերում։ Մարդիկ պարզապես այնքան հիմար են և անխելք։ Նրանք սկսում են զգալ ամենաչնչին ցավը, միայն երբ ասեղը հասնում է ոսկորին։ Այսինքն՝ դու լիովին համոզվում ես, միայն երբ Իմ խոսքերը մատնանշում են քո հիվանդության աղբյուրը։ Այնուամենայնիվ, երբեմն դեռ չեք ցանկանում Իմ խոսքերը կիրարկել կամ ճանաչել ինքներդ ձեզ։ Ինչո՞ւ մինչ այս պահը դեռ չեք գիտակցել, թե որքան դժվար է մարդկանց հետ գործ ունենալը։ Մի՞թե Իմ խոսքերը բավականաչափ ակնհայտ կամ թափանցիկ չեն։ Իմ ուզածն այն է, որ համագործակցեք Ինձ հետ և՛ լրջորեն, և՛ անկեղծորեն. անկախ նրանից՝ հաճելի հնչող խոսքեր ես ասում, թե ոչ, քանի դեռ պատրաստ ես համագործակցելու Ինձ հետ և կարող ես անկեղծորեն երկրպագել Ինձ, կգտնվես Իմ պաշտպանության տակ։ Նույնիսկ եթե այս տեսակի մարդը շատ տգետ է, Ես լուսավորություն կբերեմ նրան, որպեսզի կարողանա ազատվել իր տգիտությունից։ Դա այն պատճառով է, որ Իմ գործողություններն անպայմանորեն համապատասխանում են Իմ խոսքերին. Ես Ամենակարող Աստվածն եմ, որ պահում է Իր խոսքը։
Ես անմիջապես կբացահայտեմ Իմ մտադրությունները եկեղեցիներին և բոլոր անդրանիկ որդիներին, և այլևս երբեք ոչինչ թաքնված չի լինի, քանզի եկել է այն օրը, երբ ամեն ինչ բացահայտված է։ Այսինքն՝ «թաքնված» բառն այսուհետ այլևս չի օգտագործվի, առավել ևս որևէ թաքնված բան չի շարունակի գոյություն ունենալ։ Բոլոր թաքնված մարդիկ, իրադարձություններն ու բաներն անշուշտ կբացահայտվեն մեկ առ մեկ։ Ես իմաստուն Աստվածն եմ, որ տիրապետում է լիակատար իշխանության։ Բոլոր իրադարձությունները, բոլոր բաները և յուրաքանչյուր մարդ պահվում են Իմ ձեռքերում։ Ես Իմ սեփական քայլերն եմ ձեռնարկում դրանք բացահայտելու համար, և Ես կբացահայտեմ դրանք բոլորը մեկ առ մեկ՝ կանոնավոր կերպով։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կհամարձակվեն շողոքորթել Ինձ կամ փորձել որևէ բան թաքցնել Ինձնից, Ես կապահովեմ, որ նրանք այլևս երբեք ոտքի չկանգնեն։ Ես այս կերպ կգործեմ, որպեսզի այն ամբողջովին ակնհայտ լինի բոլորիդ համար։ Ուշադի՛ր նայեք։ Սրտի արյունը, որ Ես ծախսել եմ, զուր չի լինի. այն պտուղ կտա։ Ով չի լսում կամ չի հնազանդվում, անմիջապես կբախվի Իմ դատաստանին։ Ո՞վ է դեռ համարձակվում դուրս գալ Իմ դեմ։ Բոլորդ պետք է հնազանդվեք Ինձ։ Ասում եմ քեզ սա․ այն ամենը, ինչ Ես ասում և անում եմ, իմ ամեն մի քայլը, և Իմ այսօրվա ամեն մի գաղափարը, միտքն ու նախագիծը, բոլորը ճիշտ են. դրանք մարդուն բացարձակապես տեղ չեն թողնում հետագայում որևէ բան հաշվի առնելու համար։ Ինչո՞ւ եմ Ես ձեզ նորից ու նորից ասում, որ այն ամենը, ինչ պետք է անեք, հետևելն է, և որ դրա մասին այլևս մտածելու կարիք չկա։ Դա այս պատճառով է։ Դեռ կարիք ունե՞ք, որ պարզաբանեմդա։
Ձեր պատկերացումները կաշկանդում են ձեզ, սակայն չեք կարծում, որ դա այն պատճառով է, որ ինքներդ չեք ջանացել։ Փոխարենը՝ Ինձնից ես պատճառներ փնտրում՝ ասելով, որ Ես լուսավորություն չեմ բերել քեզ։ Այս ի՞նչ խոսակցություն է։ Ինքդ ոչ մի պատասխանատվություն չես ստանձնում և միշտ բողոքում ես Ինձ։ Ես նախազգուշացնու՛մ եմ քեզ։ Եթե շարունակես այսպես՝ ընդհանրապես ոչ մի գին չվճարելով, ապա դե՛ն կնետվես։ Ես ամբողջ օրը մեծ-մեծ չեմ խոսում՝ ձեզ վախեցնելու համար։ Սա իսկապես փաստ է. Ես անում եմ այն, ինչ ասում եմ։ Հենց որ խոսքերը դուրս են գալիս Իմ բերանից, դրանք անմիջապես սկսում են իրականանալ։ Նախկինում Իմ արտահայտած խոսքերը դանդաղ էին իրականանում. հիմա, սակայն, ամեն ինչ այլ է և այլևս դանդաղ չի կատարվի։ Պարզ ասած՝ Ես այլևս չեմ մղում կամ սիրաշահում. փոխարենը՝ խթանում և ստիպում եմ ձեզ առաջ շարժվել։ Էլ ավելի պարզ ասած՝ նրանք, ովքեր կարող են համընթաց քայլել, կանեն դա, մինչդեռ նրանք, ովքեր չեն կարող համընթաց քայլել և չեն կարող շարունակել առաջ գնալ, դուրս կթողնվեն։ Նախկինում Ես փորձում էի համբերատար խոսել ձեզ հետ բոլոր հնարավոր եղանակներով, բայց դուք պարզապես չէիք լսում։ Այժմ, երբ աշխատանքը շարունակվել է մինչ այս փուլը, ի՞նչ եք անելու։ Իսկապե՞ս շարունակելու եք տրվել ինքներդ ձեզ։ Նման մարդիկ չեն կարող ավարտուն դարձվել, այլ անշուշտ դուրս կթողնվեն Իմ կողմի՛ց։