Զգուշացում նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը
Նրանք, ովքեր մշտապես բացասականն են տարածում եղբայրների և քույրերի միջև, Սատանայի ծառաներն են և խաթարում են եկեղեցու անդորրը: Նման մարդիկ մի օր պետք է վտարվեն և դուրս թողնվեն: Եթե Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ մարդիկ չունեն աստվածավախ սրտեր, եթե չունեն Աստծուն հնազանդ սրտեր, ապա ոչ միայն չեն կարողանա որևէ գործ անել Նրա համար, այլև, ընդհակառակը, կդառնան Նրա գործը խոչընդոտողները և Նրան դեմ լինողները: Աստծուն հավատալը, սակայն Նրան չենթարկվելն ու Նրանից վախ չունենալը, փոխարենը Նրան հակառակվելը հավատացյալի համար ամենամեծ անարգանքն է: Եթե հավատացյալներն իրենց խոսքերում և վարքում նույնքան անզգույշ և անզուսպ են, որքան անհավատները, ապա նրանք նույնիսկ ավելի չար են, քան անհավատները. նրանք նախատիպային չար դևեր են: Նրանք, ովքեր իրենց թունավոր, չարամիտ խոսքերն են արտաբերում եկեղեցում, ովքեր անհիմն բամբասանքներ են տարածում, աններդաշնակություն են հրահրում և խառնախմբեր են կազմում եղբայրների և քույրերի շրջանում, նրանք պետք է վտարված լինեին եկեղեցուց։ Սակայն, քանզի այժմ Աստծու գործի մեկ այլ դարաշրջան է, այս մարդիկ սահմանափակված են, քանի որ նրանք անկասկած պետք է դուրս թողնվեն։ Բոլոր նրանք, ովքեր ապականված են Սատանայի կողմից, ունեն չար բնավորություններ։ Այնուամենայնիվ, ոմանք ունեն սոսկ ապականված բնավորություններ, մինչդեռ մյուսները տարբերվում են. նրանք ոչ միայն ունեն ապականված սատանայական բնավորություններ, այլև նրանց էությունն է չափազանց չարամիտ։ Այս մարդկանց խոսքերն ու գործողությունները վեր են սատանայական ապականված խառնվածքների պարզ դրսևորումից. նրանք իրական դևեր և սատանաներ են։ Նրանք միայն խաթարում և խանգարում են Աստծու գործը, ինչը խոչընդոտում է եղբայրների ու քույրերի մուտքը դեպի կյանք և խաթարում է եկեղեցու բնականոն կյանքը։ Վաղ թե ուշ ոչխարի մորթով այս գայլերը կմաքրվեն. անողոք վերաբերմունք, մերժող մոտեցում պետք է որդեգրվի սսատանայի այս ծառաների նկատմամբ։ Միայն այս կերպ կարելի է կանգնել Աստծու կողքին, իսկ նրանք, ովքեր կձախողեն դա անել, Սատանայի հետ թաղված են կեղտի մեջ։ Աստծուն անկեղծորեն հավատացող մարդիկ միշտ ունեն Նրան իրենց սրտերում և մշտապես կրում են աստվածավախ, աստվածասեր սիրտ։ Նրանք, ովքեր հավատում են Աստծուն, պետք է զգուշորեն և խոհեմորեն գործեն, և նրանց բոլոր գործերը պետք է համապատասխանեն Աստծու պահանջներին և պետք է կարողանան գոհացնել Նրա սիրտը։ Նրանք չպետք է լինեն համառ, անեն այն ամենը, ինչ ցանկանում են. սա վայել չէ անհատնում պարկեշտությանը: Մարդիկ չպետք է վայրենություններ անեն, պարծենան և խաբեություն գործեն ամենուր՝ մինչդեռ ծածանելով Աստծու դրոշը. սա վարքագծի ամենաըմբոստ դրսևորումն է: Ընտանիքներն ունեն իրենց կանոնները, և ազգերն ունեն իրենց օրենքները, և մի՞թե սա առավել ևս ճշմարիտ չէ նաև Աստծու տան համար: Մի՞թե այն չունի է՛լ ավելի խիստ չափանիշներ: Մի՞թե այն չունի է՛լ ավելի շատ կառավարչական հրամանագրեր: Մարդիկ ազատ են անելու այն, ինչ ուզում են, սակայն Աստծու կառավարչական հրամանագրերը չեն կարող փոխվել ըստ ցանկության: Աստված այն Աստվածն է, որ չի հանդուրժում մարդկանց վիրավորանքները. Նա Աստված է, ով տապալում է մարդկանց: Մի՞թե մարդիկ դեռ չգիտեն սրա մասին:
Յուրաքանչյուր եկեղեցում կան մարդիկ, որոնք անհամաձայնություն են սերմանում եկեղեցում կամ խոչընդոտում են Աստծու գործը: Նրանք բոլորը սատանաներ են, ովքեր ծպտված մտել են Աստծու տուն: Նման մարդիկ հմուտ դերասաններ են. նրանք մեծ երկյուղածությամբ են ներկայանում Իմ առջև՝ խոնարհվելով և ժլատություն անելով, ապրելով ինչպես ողորմելի շներ և իրենց «ողջ» ուժը ներդնելով սեփական նպատակներին հասնելու համար, սակայն եղբայրների և քույրերի առջև ցույց են տալիս իրենց տգեղ կողմը։ Երբ նրանք տեսնում են ճշմարտությունը կիրարկող մարդկանց, հարձակվում են նրանց վրա և շեղում ճանապարհից․ երբ տեսնում են իրենցից ավելի հզոր մարդկանց, շողոքորթում են նրանց և շահում նրանց բարեհաճությունը։ Եկեղեցում նրանք քաոս են ստեղծում։ Կարելի է ասել, որ այս «տեղացի բռնարարները», այս «կամակատարները» գոյություն ունեն եկեղեցիների մեծ մասում։ Նրանք միասին գործում են դիվային ձևով՝ միմյանց աչքով անելով և գաղտնի ազդանշաններ ուղարկելով, և նրանցից ոչ մեկը չի կիրառում ճշմարտությունը։ Ամենամեծ չարությունն ունեցողը «գլխավոր դևն» է, և ամենամեծ հեղինակությունն ունեցողն առաջնորդում է նրանց՝ բարձր պահելով նրանց դրոշը։ Այս մարդիկ քաոս են ստեղծում եկեղեցում՝ տարածելով իրենց բացասականությունը, մահ տարածելով, անելով ու ասելով այն ամենը, ինչ ուզում են, և ոչ ոք չի համարձակվում կանգնեցնել նրանց։ Նրանք լի են սատանայական խառնվածքով։ Հենց խառնաշփոթ են ստեղծում, եկեղեցում մահվան մթնոլորտ է տիրում։ Եկեղեցու ներսի այն մարդիկ, որոնք կիրառում են ճշմարտությունը, մերժվում են՝ չկարողանալով իրենց ամբողջ ուժով նվիրվել, մինչդեռ ովքեր եկեղեցում խանգարում են անդորրը և մահ են տարածում, քաոս են առաջացնում, և, ավելին, մարդկանց մեծ մասը հետևում է նրանց։ Պարզ և հասկանալի է՝ նման եկեղեցիները գտնվում են սատանայի վերահսկողության տակ. դևն է նրանց թագավորը։ Եթե նման եկեղեցիներում մարդիկ ոտքի չկանգնեն և չմերժեն գլխավոր դևերին, ապա վաղ թե ուշ նրանք նույնպես կկործանվեն։ Այսուհետ նման եկեղեցիների դեմ պետք է միջոցներ ձեռնարկվեն։ Եթե նրանք, ովքեր նույնիսկ փոքր-ինչ ընդունակ են կիրառելու ճշմարտությունը, չձգտեն դրան, ապա այդպիսի եկեղեցին կկործանվի։ Եթե եկեղեցում չկա ճշմարտությունը կիրառելու պատրաստ մարդ, և չկա մեկը, ով կարող է անսասան մնալ Աստծու հանդեպ իր վկայության մեջ, ապա նման եկեղեցին պետք է լիովին մեկուսացվի, և նրա կապերը մյուս եկեղեցիների հետ պետք է խզվեն։ Սա կոչվում է «մահվան թաղում». հենց սա էլ նշանակում է մերժել սատանային։ Եթե եկեղեցում կան մի քանի տեղացի բռնարարներ, և նրանց հետևում են խորաթափանցությունից բացարձակապես զուրկ «փոքրիկ ճանճեր», և եթե նման եկեղեցու մարդիկ նույնիսկ ճշմարտությունը տեսնելուց հետո դեռևս անկարող են մերժելու այդ բռնարարների կապանքներն ու գործողությունները, ապա այդ բոլոր հիմարները վերջիվերջո կվերացվեն։ Միգուցե, այս փոքրիկ ճանճերը ոչ մի սարսափելի բան չեն արել, բայց նրանք ավելի նենգ են, ավելի խորամանկ, և բոլոր նմանները կվերացվեն: Ոչ ոք չպետք է փրկվի։ Նրանք, ովքեր սատանայից են, կվերադառնան սատանայի մոտ, սակայն Աստծու ընտրյալներն անպայման կփնտրեն ճշմարիտ ուղին. սա որոշված է նրանց բնությամբ։ Թող բոլոր նրանք, ովքեր հետևում են սատանային, կործանվեն։ Նման մարդկանց նկատմամբ ողորմություն չի ցուցաբերվի։ Թող ճշմարտությունը փնտրողները ապահովված լինեն, և թող նրանք լիովին վայելեն Աստծու խոսքն իրենց սրտի չափով։ Աստված արդար է. Նա անկողմնակալ է։ Եթե դու դև ես, ապա անկարող ես կիրառել ճշմարտությունը, բայց եթե փնտրում ես ճշմարտությունը, ապա վստահորեն սատանային գերի չես դառնա։ Դրանում կասկած չկա։
Մարդիկ, որոնք չեն ձգտում առաջընթացի, միշտ ցանկանում են, որ ուրիշները լինեն նույնքան բացասական և ծույլ, որքան իրենք են։ Նրանք, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը, նախանձում են այն կիրարկողներին և միշտ փորձում են մոլորեցնել նրանց, ովքեր անուշադիր են ու անհեռատես։ Այն, ինչին այս մարդիկ ազատություն են տալիս, կարող է հանգեցնել քո դեգրադացիայի, անկման, աննորմալ վիճակի զարգացման և խավարով լցվելուն։ Նրանք հեռացնում են քեզ Աստծուց և ստիպում սնուցել մարմինն ու տրվել անձնական վայելքներին։ Մարդիկ, որոնք չեն սիրում ճշմարտությունը և միշտ անտարբեր են Աստծու նկատմամբ, զուրկ են ինքնագիտակցությունից, և նման մարդկանց բնավորությունը գայթակղում է ուրիշներին՝ մեղքեր գործելու և դեմ լինելու Աստծուն: Նրանք ո՛չ կիրառում են ճշմարտությունը, ո՛չ էլ թույլ են տալիս ուրիշներին կիրառել այն։ Նրանք մեղք են պահում իրենց սրտում և չեն զգում ինքնատելություն։ Նրանք չեն ճանաչում իրենք իրենց և խանգարում են ուրիշներին ճանաչել իրենց. նրանք նաև խանգարում են ուրիշներին ձգտել ճշմարտությանը։ Նրանց կողմից մոլորվածները չեն կարողանում տեսնել լույսը։ Նրանք խավարի մեջ են հայտնվում, չեն ճանաչում իրենք իրենց, պատկերացում չունեն ճշմարտության մասին և ավելի ու ավելի են հեռանում Աստծուց: Նրանք չեն կիրառում ճշմարտությունը և խանգարում են ուրիշներին անել դա՝ իրենց առաջ հաշվետու դարձնելով այս բոլոր հիմարներին: Փոխանակ ասելու, որ հավատում են Աստծուն, ավելի լավ կլիներ` ասեին՝ հավատում են իրենց նախահայրերին, կամ որ նրանք հավատում են իրենց սրտերում ապրող կուռքերին: Նրանք, ովքեր պնդում են, որ հետևում են Աստծուն, լավ կլիներ, որ բացեին իրենց աչքերը և ուշադիր քննեին, թե ում են հավատում. դու իսկապես հավատում ես Աստծու՞ն, թե՞ Սատանային։ Եթե գիտես, որ հավատում ես ոչ թե Աստծուն, այլ քո սեփական կուռքերին, ապա ավելի լավ կլիներ՝ քեզ հավատացյալ չներկայացնեիր։ Եթե իսկապես չգիտես, թե ում ես հավատում, ապա, կրկին, ավելի լավ կլիներ՝ քեզ հավատացյալ չանվանեիր։ Այդպես ասելը կլիներ սրբապղծություն։ Ոչ ոք ձեզ չի ստիպում հավատալ Աստծուն։ Մի՛ ասեք, որ հավատում եք Ինձ. ես հոգնել եմ նման խոսակցություններից և չեմ ուզում նորից լսել, որովհետև դուք հավատում եք ձեր սրտերում եղած կուռքերին և ձեր մեջ գտնվող տեղական կռվարարներին։ Նրանք, ովքեր գլուխները թափահարում են ճշմարտությունը լսելիս, ովքեր քմծիծաղ են տալիս մահվան մասին խոսակցություն լսելիս, նրանք բոլորը սատանայի ծնունդներ են, և նրանք կվերացվեն։ Եկեղեցում շատերը զուրկ են խորաթափանցությունից։ Երբ մարդկանց մոլորության մեջ գցող դեպքեր են տեղի ունենում, հակառակը, նրանք Սատանայի կողքին են կանգնում. նրանք նույնիսկ խիստ վիրավորված են զգում, երբ իրենց անվանում են Սատանայի ծառաներ։ Թեև մարդիկ կարող են ասել, որ խորաթափանցություն չունեն, նրանք միշտ կողմ են ստին, երբեք չեն պաշտպանում ճշմարտությունը կարևոր պահին, երբեք չեն կանգնում ճշմարտության կողքին և չեն պայքարում ճշմարտության համար: Մի՞թե նրանք իսկապես խորաթափանցություն չունեն: Ինչո՞ւ են, հակառակը, կանգնում Սատանայի կողքին: Ինչո՞ւ նրանք երբեք չեն արտաբերում ոչ մի արդար և ողջամիտ խոսք՝ ի պաշտպանություն ճշմարտության: Արդյո՞ք այս իրավիճակն իսկապես առաջացել է նրանց ակնթարթային շփոթմունքից։ Որքան քիչ է մարդկանց խորաթափանցությունը, այնքան քիչ են նրանք կարողանում կանգնել ճշմարտության կողքին։ Ի՞նչ է սա վկայում: Մի՞թե սա չի վկայում, որ խորաթափանցություն չունեցող մարդիկ սիրում են մեղքը։ Մի՞թե սա չի վկայում, որ նրանք սատանայի հավատարիմ ծնունդներն են։ Ինչո՞ւ են նրանք միշտ կարողանում կանգնել Սատանայի կողքին և խոսել նրա լեզվով։ Նրանց ամեն մի խոսքն ու գործը, նրանց դեմքի արտահայտությունները բավարար են ապացուցելու համար, որ նրանք ոչ մի կերպ չեն սիրում ճշմարտությունը․ ավելի ճիշտ՝ նրանք մարդիկ են, որոնք ատում են ճշմարտությունը։ Այն, որ նրանք կարող են կանգնել Սատանայի կողքին, բավական է ապացուցելու համար, որ Սատանան իսկապես սիրում է այս փոքրիկ դևերին, որոնք իրենց կյանքն անցկացնում են՝ պայքարելով հանուն սատանայի։ Մի՞թե այս բոլոր փաստերը լիովին ակնհայտ չեն։ Եթե դու իսկապես սիրում ես ճշմարտությունը, ապա ինչո՞ւ չես գնահատում նրանց, ովքեր կիրառում են ճշմարտությունը, և ինչո՞ւ ես մի աննշան հայացքից անմիջապես հետևում նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը։ Ի՞նչ խնդիր է սա։ Ինձ համար միևնույն է՝ խորաթափանցություն ունե՞ս, թե՞ ոչ։ Ինձ համար միևնույն է՝ որքան բարձր գին ես վճարել։ Ինձ համար միևնույն է՝ որքան զորեղ ես, և ինձ համար միևնույն է՝ տեղական կռվարար ես, թե՞ դրոշակակիր առաջնորդ։ Եթե զորեղ ես, դա միայն Սատանայի զորության շնորհիվ է։ Եթե քո հեղինակությունը մեծ է, դա միայն այն պատճառով է, որ քո շուրջը չափազանց շատ մարդիկ կան, որոնք չեն կիրառում ճշմարտությունը։ Եթե քեզ չեն վտարել, դա նշանակում է, որ հիմա վտարման ժամանակը չէ, ավելի շուտ՝ վերացման աշխատանքի ժամն է։ Քեզ վտարելու համար հիմա պետք չէ շտապել։ Ես պարզապես սպասում եմ այն օրվան, երբ Ես կպատժեմ քեզ, երբ արդեն վերացված լինես։ Ով էլ որ չի կիրառում ճշմարտությունը, կվերացվի։
Աստծուն իսկապես հավատում են նրանք, ովքեր պատրաստ են կիրառելու Աստծու խոսքը և ճշմարտությունը։ Նրանք, ովքեր իսկապես ունակ են Աստծու մասին իրենց վկայության մեջ անսասան մնալու, նաև պատրաստ են Նրա խոսքը կիրառելու և անկեղծորեն պաշտպանելու ճշմարտությունը։ Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են անազնիվ և անարդար գործերով, զրկված են ճշմարտությունից և անարգում են Աստծուն։ Նրանք, ովքեր անհամաձայնություն են սերմանում եկեղեցում, Սատանայի ծառաներն են, նրանք Սատանայի մարմնացումն են։ Նման մարդիկ այնքան չարամիտ են։ Նրանք, ովքեր զուրկ են խորաթափանցությունից և անկարող են կանգնելու ճշմարտության կողքին, չար մտադրություններ են տածում և արատավորում են ճշմարտությունը։ Նրանք սատանայի ավելի նախատիպային ներկայացուցիչներն են։ Նրանք դուրս են փրկագնման սահմաններից և բնականաբար կվերացվեն։ Աստծու ընտանիքը թույլ չի տալիս մնալ նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը, ինչպես նաև թույլ չի տալիս մնալ նրանց, ովքեր դիտավորյալ քանդում են եկեղեցին։ Այնուամենայնիվ, հիմա ժամանակը չէ զբաղվելու վտարման գործով. նման մարդիկ պարզապես կբացահայտվեն և, ի վերջո, կվերացվեն։ Այլևս պետք չէ ժամանակ վատնել այս մարդկանց վրա՝ անօգուտ աշխատանք կատարելով. նրանք, ովքեր սատանաներ են, չեն կարող կանգնել ճշմարտության կողքին, մինչդեռ ճշմարտություն փնտրողները կարող են։ Ճշմարտությունը չկիրառող մարդիկ արժանի չեն լսելու ճշմարտության Խոսքը և արժանի չեն վկայելու ճշմարտության մասին։ Ճշմարտությունը պարզապես նախատեսված չէ նրանց ականջների համար, ավելի ճիշտ՝ ուղղված է նրանց, ովքեր կիրառում են այն։ Նախքան յուրաքանչյուր մարդու վախճանի բացահայտումը, նրանք, ովքեր խանգարում են եկեղեցուն և խոչընդոտում են Աստծու գործը, առայժմ նախ մի կողմ կթողնվեն՝ հետագայում նրանցով զբաղվելու համար։ Երբ աշխատանքն ավարտվի, այս մարդկանցից յուրաքանչյուրը կբացահայտվի, ապա կվերացվի։ Առայժմ, մինչև որ ճշմարտությունը չտրամադրվի, նրանք անտեսված կլինեն։ Երբ ամբողջ ճշմարտությունը բացահայտվի մարդկությանը, այս մարդիկ պետք է վերացվեն. դա կլինի այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ կդասակարգվեն՝ ըստ իրենց տեսակի։ Խորաթափանցություն չունեցողների մանր խորամանկությունները կհանգեցնեն չարի ձեռքով նրանց կործանմանը, նրանք կընկնեն թակարդի մեջ, որտեղից այլևս չեն վերադառնա։ Եվ նրանք արժանի են նման վերաբերմունքի, որովհետև չեն սիրում ճշմարտությունը, որովհետև չեն կարողանում կանգնել ճշմարտության կողքին, որովհետև հետևում և կանգնում են չար մարդկանց կողքին, և որովհետև դավադրություն են կազմակերպում չար մարդկանց հետ և դեմ են Աստծուն։ Նրանք հիանալի գիտեն, որ այս չար մարդկանց բացահայտածը չարիք է, սակայն նրանք կարծրացնում են իրենց սրտերը և նրանց հետևելու համար մեջքով են կանգնում ճշմարտությանը։ Մի՞թե այս բոլոր մարդիկ, որոնք չեն հետևում ճշմարտությանը, բայց կատարում են կործանարար և նողկալի բաներ, չարիք չեն գործում։ Եթե նույնիսկ նրանց մեջ կան մարդիկ, որոնք իրենց թագավորներ են ձևացնում, և նրանք, ովքեր հետևում են նրանց, մի՞թե Աստծուն դիմակայելու նրանց բնույթը նույնը չէ։ Ի՞նչ արդարացում կարող են ունենալ նրանք պնդելու համար, որ Աստված չի փրկում իրենց։ Ի՞նչ արդարացում կարող են ունենալ նրանք՝ պնդելու համար, որ Աստված արդար չէ։ Մի՞թե նրանց սեփական չարությունը չէ, որ կործանում է նրանց։ Մի՞թե նրանց սեփական անհնազանդությունը չէ, որ նրանց դժոխք է քաշում։ Ճշմարտությունը կիրառող մարդիկ, ի վերջո, կփրկվեն և կկատարելագործվեն ճշմարտության միջոցով։ Նրանք, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը, ի վերջո կկործանվեն ճշմարտության պատճառով։ Սրանք են այն հետևանքները, որ սպասում են նրանց, ովքեր կիրառում են ճշմարտությունը, և ովքեր չեն կիրառում: Ես խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր մտադիր չեն կիրառել ճշմարտությունը, որքան հնարավոր է շուտ հեռանալ եկեղեցուց՝ ավելի մեծ մեղքեր գործելուց խուսափելու համար: Երբ ժամանակը գա, արդեն չափազանց ուշ կլինի զղջալու համար: Մասնավորապես, նրանք, ովքեր խառնախմբեր են կազմում և պառակտում են ստեղծում, նաև եկեղեցու ներսի տեղական բռնարարները պետք է է՛լ ավելի շուտ հեռանան: Նման մարդիկ, որոնք ունեն չար գայլերի բնություն, անկարող են փոխվելու: Ավելի լավ կլիներ, եթե նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում լքեին եկեղեցին՝ այլևս երբեք չխաթարելու իրենց եղբայրների և քույրերի բնականոն կյանքը և այդպիսով խուսափելու Աստծու պատժից: Ձեզանից նրանք, ովքեր նրանց են հետևել, լավ կանեիք, եթե օգտվեիք այս հնարավորությունից և խորհեիք ինքներդ ձեր մասին: Կհեռանա՞ք եկեղեցուց այս չար մարդկանց հետ, թե՞ կմնաք և հնազանդորեն կհետևեք։ Դուք պետք է ուշադիր խորհեք այս հարցի շուրջ։ Ես ձեզ ընտրության այս ևս մեկ հնարավորությունն էլ եմ տալիս և սպասում եմ ձեր պատասխանին։