Ի՞նչ գիտես հավատքի մասին
Մարդը հավատքի անորոշ սահմանում ունի միայն, սակայն չգիտի, թե ինչից է այն բաղկացած, ոչ էլ այն, թե ինչու է ինքը հավատում: Մարդը շատ քիչ է հասկանում: Մարդն ինքնին շատ ընչազուրկ է: Նրա հավատքն առ Ինձ անմիտ է և տգետ: Թեպետ նա չգիտի, թե ինչ է հավատքը, և թե ինչու է Ինձ հավատում, նա շարունակում է ինձ հավատալ մոլեռանդորեն: Ես խնդրում եմ մարդուն, որ պարզապես մոլեռանդորեն չկանչի Իմ անունը կամ չհավատա Ինձ կիսով չափ, քանզի Ես այնպես եմ գործում, որ մարդը տեսնի Ինձ և ճանաչի Ինձ, և չեմ փորձում տպավորել մարդուն, որպեսզի նա Ինձ նոր լույսի ներքո տեսնի: Ժամանակին Ես բազմաթիվ նշաններ հայտնեցի ու բազմաթիվ հրաշքներ գործեցի, և այն ժամանակվա hեբրաեցիները մեծ հիացմունք ցուցաբերեցին Իմ հանդեպ և խորապես պատվեցին հիվանդներին բժշկելու և դևերին հանելու Իմ բացառիկ կարողությունը: Այն ժամանակ նրանք Իմ բժշկության զորությունը համարեցին արտասովոր, մեծ վարպետություն պահաջող մի բան և Իմ բազմաթիվ գործերի պատճառով նրանք բոլորը պատվեցին Ինձ և մեծ հիացմունք ապրեցին Իմ բոլոր զերությեւնների հանդեպ: Այդպիսով՝ ամեն ոք, որ տեսնում էր Ինձ հրաշք գործելիս, ուշիուշով հետևում էր Ինձ: Արդյունքում հազարավոր մարդիկ շրջապատում էին Ինձ, որպեսզի տեսնեին, թե ինչպես եմ հիվանդին բժշկում: Չնայած որ այդքան շատ նշաններ ցույց տվեցի և հրաշքներ գործեցի, մարդիկ Ինձ նայում էին որպես մի վարպետացած բժիշկի: Եվ չնայած նրան, որ Իմ ուսմունքը կիսում էի մարդկանց հետ, նրանք Ինձ համարում էին պարզապես Իմ աշակերտներից բարձր մի ուսուցիչ: Նույնիսկ այսօր, երբ մարդիկ տեսել են Իմ գործերի պատմական արձանագրությունները, ըստ նրանց մեկնաբանության՝ Ես մեծ բժիշկ եմ, որ բժշկում է հիվանդներին, և ուսուցիչ՝ անգետների համար, իրենց սահմանմամբ՝ ողորմած Տեր Հիսուս Քրիստոս: Սուրբ Գիրքը մեկնաբանողները գուցե գերազանցել են Իմ բժշկության հմտությունները: Նույնիսկ կլինեն աշակերտներ, որոնք այժմ գերազանցել են իրենց ուսուցչին, սակայն մեծ համբավ ունեցող մարդիկ, որոնց անունները հայտնի են ամբողջ աշխարհում, Ինձ շատ ցածր են դասում՝ սովորական բժիշկի աստիճանի: Իմ գործերն այնքան բազմաթիվ են, որ գերազանցում են ծովափերի ավազահատիկները, և Իմ իմաստությունն այնքան մեծ է, որ գերազանցում է Սողոմոնի բոլոր որդիների իմաստությունը, սակայն մարդիկ Ինձ համարում են ընդամենը աննշան բժիշկ և անհայտ ուսուցիչ: Շատերն Ինձ հավատում են միայն, որպեսզի բժշկեմ իրենց: Շատերն Ինձ հավատում են, որպեսզի Ես օգտագործեմ Իմ զորությունը և դևերին հանեմ իրենց մարմիններից, ինչպես նաև շատերը հավատում են Ինձ, որպեսզի Ինձանից խաղաղություն և ուրախություն ստանան: Շատերը հավատում են Ինձ ավելի շատ նյութական բարիքներ ստանալու ակնկալիքով: Շատերը հավատում են Ինձ, որպեսզի այս կյանքը խաղաղ անց կացնեն և ողջ-առողջ լինեն գալիք աշխարհում: Շատերը հավատում են Ինձ դժոխքի տանջանքներից խուսափելու և երկնային օրհնություններ ստանալու համար: Շատերն էլ հավատում են միայն ժամանակավոր հարմարավետության համար՝ առանց գալիք կյանքում արտոնությունների ակնկալիքի: Երբ Իմ զայրույթն եմ թափում մարդկանց վրա և վերցնում նրանց երբեմնի ուրախությունն ու խաղաղությունը, նրանք դառնում են թերահավատ: Երբ նրանց տալիս եմ դժոխային տանջանքներ և հետ եմ վերցնում երկնային օրհնությունները, նրանք մոլեգնում են: Երբ մարդիկ Ինձ դիմում են բուժելու խնդրանքով, և Ես ուշադրություն չեմ դարձնում իրենց՝ ցուցադրելով, թե որքան եմ դառնացած, նրանք հեռանում են Ինձանից՝ դիմելով հեքիմության և կախարդանքի միջոցներին: Երբ ետ եմ վերցնում այն ամենը, ինչ մարդիկ պահանջել են Ինձանից, նրանք բոլորն անհետ կորում են: Այդ պատճառով ասում եմ, որ մարդիկ հավատում են Ինձ, որովհետև Իմ շնորհը չափազանց առատ է, և շատ օգուտներ են Ինձանից քաղում: Հրեաները հավատացին Ինձ իմ շնորհի պատճառով և հետևեցին Ինձ ամենուր: Սահմանափակ գիտելիքների և փորձի տեր այս տգետ մարդիկ ցանկանում էին տեսնել միայն Իմ ցույց տված նշանները և հրաշքները: Նրանք Ինձ համարում էին Հրեաների տան առաջնորդը, որ կարող էր գործել ամենամեծ հրաշքները: Եվ երբ Ես դևեր հանեցի մարդկանց միջից, նրանք սկսեցին դա եռանդով քննարկել՝ ասելով, թե Ես Եղիան եմ, Մովսեսը, թե Ես բոլոր մարգարեներից ամենահինն եմ և բոլոր բժիշկներից լավագույնը: Բացի Իմ խոսքերից, որ Ես եմ կյանքը, ճանապարհը և ճշմարտությունը, ուրիշ ոչինչ մարդկանց չէր հուշում, թե որն է Իմ էությունն ու ինքնությունը: Բացի Իմ խոսքերից, որ Իմ Հայրը երկնքում է բնակվում, ուրիշ ոչինչ մարդկանց չէր հուշում, որ Ես Աստծո Որդին եմ և Ինքը Աստվածը: Բացի Իմ խոսքերից, որ Ես փրկություն եմ բերում մարդկությանը և նրա մեղքերի գինն եմ վճարելու, ուրիշ ոչինչ մարդկանց չէր հուշում, որ Ես եմ Փրկիչը. մարդիկ Ինձ միայն գիտեին որպես բարեսիրտ և ողորմած մի մարդու: Եվ չնայած Իմ բացատրությանը, թե ով եմ Ես՝ ոչ ոք Ինձ չճանաչեց և չհավատաց, որ Ես կենդանի Աստծո Որդին եմ: Այսպիսինն է մարդկանց հավատն Իմ հանդեպ, և այսպես են նրանք փորձում Ինձ հիմարացնել: Ինչպե՞ս կարող էին նրանք վկայել, որ ես կամ, երբ այդպիսի կարծիք ունեին Իմ մասին:
Մարդիկ հավատում են Ինձ, բայց անկարող են վկայություն տալ Իմ մասին, ոչ էլ կարող են վկայել Իմ մասին, քանի դեռ նրանց չեմ հայտնվել: Մարդիկ տեսնում են միայն, որ Ես գերազանցում եմ արարածներին և բոլոր սրբերին, տեսնում են նաև, որ Իմ գործը մարդն անկարող է անել: Այսպիսով՝ hրեաներից մինչև ներկայիս մարդիկ՝ բոլորը, ովքեր տեսել են Իմ փառավոր գործերը, միայն հետաքրքրություն են դրսևորել Իմ հանդեպ, և ոչ մի արարածի բերանը չի կարողացել վկայություն տալ Իմ մասին: Միայն Իմ Հայրը վկայեց Իմ մասին և Ինձ համար ճանապարհ հարթեց բոլոր արարածների մեջ. եթե Նա դա չաներ, անկախ նրանից, թե ինչպես Ես կգործեի՝ մարդը երբեք չէր իմանա, որ Ես Արարիչն եմ, քանի որ մարդը միայն Ինձնից վերցնել գիտի, և նրա հավատքը խարսխված չէ Իմ գործի վրա (չունի Իմ գործերի վրա հիմնված հավատ Իմ հանդեպ): Մարդը ճանաչում է Ինձ միայն, քանզի Ես ամբողջովին անմեղ եմ, քանզի կարող եմ բացատրել բազմաթիվ խորհուրդներ, քանզի բազմությունից վեր եմ և քանզի մեծապես շահել է Ինձնից, սակայն քչերն են հավատում, որ Ես Արարիչն եմ: Ահա թե ինչու եմ ասում, որ մարդը չգիտի, թե ինչու է Ինձ հավատում․ չգիտի նաև, թե որն է Ինձ հավատալու նպատակը կամ նշանակությունը: Մարդու իրականությունը թերի է, այնպես որ նա հազիվ թե պիտանի է Իմ մասին վկայություն տալու: Դուք շատ քիչ ճշմարիտ հավատ ունեք, և ձեռք բերածն էլ շատ քիչ է, ուստի նաև ձեր վկայությունն է սակավ: Ավելին՝ դուք չափազանց քիչ եք հասկանում և չափազանց շատ բանից եք զրկված, այնպես որ գրեթե անարժան եք Իմ գործերի մասին վկայելու: Ձեր վճռականությունն իրոք զգալի է, բայց վստա՞հ եք, որ կկարողանաք վկայել Աստծու էության մասին: Այն, ինչ դուք փորձառաբար ապրել և տեսել եք, գերազանցում է բոլոր դարաշրջանների սրբերի և մարգարեների ապրածը և տեսածը, բայց կարո՞ղ եք Իմ մասին վկայել այնպես, որ գերազանցեք անցյալ ժամանակների այդ սրբերի և մարգարեների խոսքերը: Այն, ինչ այժմ ձեզ շնորհում եմ, գերազանցում է այն, ինչ շնորհեցի Մովսեսին և Դավթին. ուստի նույնպես պահանջում եմ, որ ձեր վկայությունը գերազանցի Մովսեսի վկայությունը, և ձեր խոսքերը՝ Դավթի խոսքերը: Ես ձեզ տալիս եմ հարյուրապատիկ ավելին, ուստի ձեզնից էլ հարյուրապատիկ հատուցում եմ պահանջում: Պետք է իմանաք, որ Ես եմ մարդկությանը կյանք շնորհողը, և դուք՝ Ինձնից կյանք ստացողներդ, պարտավոր եք վկայել Իմ մասին: Սա Իմ կողմից ձեզ տրված պարտականությունն է, որը դուք պետք է կատարեք Ինձ համար։ Ես շնորհել եմ ձեզ Իմ ամբողջ փառքը, ինչպես նաև այն կյանքը, որն Իսրայելի ընտրյալ ժողովուրդը երբեք չստացավ։ Դուք պետք է Ինձ համար վկայեք և Ինձ նվիրեք ձեր երիտասարդությունն ու ձեր կյանքը զոհաբերեք։ Ես վաղուց կանխորոշել եմ, որ նրանք, ում Ես շնորհում եմ Իմ փառքը, պիտի վկայեն Իմ մասին և իրենց կյանքը տան Ինձ համար։ Դուք բախտավոր եք, որ Ես ձեզ եմ շնորհում Իմ փառքը, և ձեր պարտքն է վկայություն տալ Իմ փառքի մասին։ Եթե Ինձ հավատայիք միայն օրհնությունների համար, ապա Իմ գործը փոքր նշանակություն կունենար, և դուք չէիք կատարի ձեր պարտքը։ Իսրայելացիները տեսան միայն Իմ ողորմությունը, սերը և մեծությունը, իսկ հրեաները վկան եղան միայն Իմ համբերությանն ու փրկությանը։ Նրանք Իմ Հոգու գործից չափազանց քիչ բան տեսան, այն աստիճանի, որ հասկացան ձեր լսածի և տեսածի միայն մեկ տասհազարերորդը։ Ձեր տեսածը գերազանցում է նույնիսկ նրանց քահանայապետերի տեսածը։ Ձեր այսօրվա հասկացած ճշմարտությունները գերազանցում են նրանցը, ձեր այսօրվա տեսածը գերազանցում է թե՛ Օրենքի դարաշրջանում, թե՛ Շնորհի դարաշրջանում նրանց տեսածը, իսկ ձեր փորձառաբար ապրածը գերազանցում է նույնիսկ Մովսեսի և Եղիայի ապրածը։ Քանզի իսրայելացիների հասկացածը միայն Եհովայի օրենքն էր, և նրանց տեսածը միայն Եհովայի թիկունքն էր իսկ հրեաների հասկացածը միայն Հիսուսի փրկությունն էր, նրանց ստացածը միայն Հիսուսի պարգևած շնորհն էր, և նրանց տեսածը միայն Հիսուսի կերպարն էր հրեաների տան մեջ։Այն, ինչ այսօր տեսնում եք, Եհովայի փառքն է, Հիսուսի փրկագործությունը և Իմ այսօրվա բոլոր գործերը։ Ձեր սեփական ականջներով նաև լսում եք Իմ Հոգու խոսքերը և սկսել եք գնահատել Իմ իմաստությունը, ճանաչել եք Իմ հրաշքը և սովորել եք Իմ բնույթը։ Ես ձեզ հայտնել եմ նաև Իմ ողջ տնօրինության ծրագիրը։ Ձեր տեսածը պարզապես սիրող և ողորմած Աստված չէ, այլ արդարությամբ լցված Աստված։ Դուք տեսել եք Իմ հրաշագործությունը և գիտեք, որ Ես լի եմ վեհությամբ և զայրույթով։ Ավելին՝ դուք գիտեք, որ Ես մի ժամանակ Իմ բորբոքված ցասումն իջեցրի Իսրայելի տան վրա, և այսօր այն հասել է ձեզ։ Դուք Իմ երկնային խորհուրդներից ավելի շատ բան եք հասկանում, քան Եսային և Հովհաննեսը, և Իմ գեղեցկությունն ու պատկառելիությունն ավելի լավ եք ճանաչում, քան անցյալ դարաշրջանների բոլոր սրբերը։ Ձեր ստացածը միայն Իմ ճշմարտությունը, Իմ ճանապարհը և Իմ կյանքը չէ, այլ տեսիլքներ ու հայտնություններ, որոնք առավել են, քան Հովհաննեսի ստացածները։ Դուք շատ ավելի շատ խորհուրդներ եք հասկանում ու նաև տեսել եք Իմ իրական դեմքը․ դուք ավելի շատ եք ընդունել Իմ դատաստանը և ավելի լավ եք ճանաչում Իմ արդար բնավորությունը։ Եվ այսպես, թեև ծնվել եք վերջին օրերում, դուք հասկանում եք անցյալի բաները, ինչպես նաև ապրել եք այսօրվա այն գործերը, որոնք անձամբ Ես եմ կատարել։ Ձեզնից պահանջածս չափազանց չէ, որովհետև Ես ձեզ այնքան շատ եմ տվել, և դուք Իմ մեջ այնքան բան եք տեսել։ Ուստի ձեզնից պահանջում եմ, որ Իմ մասին վկայեք անցյալ դարարշրջանների սրբերին, և սա Իմ սրտի միակ ցանկությունն է։
Առաջինն Իմ Հայրը վկայեց Իմ մասին, բայց Ես ձգտում եմ առավել մեծ փառքի, ինչպես նաև, որ վկայության խոսքերը հնչեն արարված էակների բերաններից․ այդ պատճառով է, որ Իմ ամբողջ ունեցածը ձեզ եմ տալիս, որպեսզի դուք կատարեք ձեր պարտքը՝ Իմ գործը մարդկանց մեջ ավարտին հասցնելով։ Դուք պետք է հասկանաք, թե ինչու եք Ինձ հավատում. եթե դուք միայն ցանկանում եք լինել Իմ «աշակերտը» կամ Իմ «հիվանդը» կամ դառնալ երկնքում Իմ սրբերից մեկը, ապա Ինձ հետևելը ձեզ համար անիմաստ կլինի։ Այդպես Ինձ հետևելը պարզապես ուժերի վատնում կլիներ, և այդպիսի հավատն Իմ հանդեպ կնշանակեր միայն պարապուրդի մատնվել, ձեր երիտասարդությունը մսխել։ Արդյունքում դուք կմնայիք ձեռնունայն։ Մի՞թե դա զուր ձեռնարկ չէր լինի։ Ես վաղուց հեռացել եմ հրեաների միջից և այլևս ոչ մարդու բժիշկն եմ, ոչ էլ նրա դարմանը։ Ես այլևս մարդու բեռնակիր կենդանին չեմ, որ Ինձ քշի կամ մորթի, երբ կամենա․ ընդհակառակը՝ եկել եմ մարդու մեջ՝ դատելու և խրատելու մարդուն, որպեսզի մարդը ճանաչի Ինձ։ Դու պետք է իմանաս, որ ժամանակին Ես կատարել եմ փրկության գործը․ Ես մի ժամանակ Հիսուսն էի, բայց չէի կարող հավիտյան Հիսուս մնալ, ինչպես որ մի ժամանակ Եհովան էի, իսկ հետո դարձա Հիսուս։ Ես մարդկության Աստվածն եմ, Արարիչը, բայց չեմ կարող հավիտյան մնալ Հիսուս կամ Եհովա։ Ես եղել եմ այն, ինչ մարդը համարում է բժիշկ, բայց դա չի նշանակում, թե Աստված պարզապես մարդկության բժիշկն է։Ուստի, եթե հին պատկերացումներով ես Ինձ հավատում, ապա ոչինչ չես ստանա։ Ինչքան էլ այսօր գովես Ինձ՝ ասելով. «Աստված շատ է սիրում մարդուն։ Նա բուժում է ինձ և տալիս օրհնություններ, խաղաղություն և ուրախություն։ Որքա՜ն բարի է Աստված մարդու հանդեպ։ Եթե հավատանք Նրան, ապա դրամի մասին անհանգստանալու կարիք չենք ունենա…», միևնույն է, Ես չեմ կարող խախտել Իմ սկզբնական գործը։ Եթե այսօր հավատում ես Ինձ, ապա կստանաս միայն Իմ փառքը և իրավունք կունենաս վկայելու Իմ մասին․ մնացած ամենը երկրորդական կլինի։ Սա պետք է հստակ իմանաս։
Արդյո՞ք այժմ իսկապես գիտես, թե ինչու ես Ինձ հավատում։ Արդյո՞ք իսկապես գիտես Իմ գործի նպատակը և նշանակությունը։ Արդյո՞ք իսկապես գիտես քո պարտքը։ Արդյո՞ք իսկապես գիտես, թե որն է Իմ վկայությունը։ Եթե պարզապես հավատում ես Ինձ, բայց մեջդ չկա Իմ փառքի կամ վկայության նշան, ապա Ես վաղուց արդեն քեզ վրա խաչ եմ եմ քաշել։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կարծում են, թե ամեն ինչ հասկանում են, կասեմ, որ այդպիսիք Իմ աչքում նույնիսկ ավելի մեծ փուշ են, և Իմ տանը նրանք պարզապես խոչընդոտ են Իմ ճանապարհին, նրանք որոմներ են, որոնք պետք է ամբողջությամբ մաղվեն Իմ գործի ընթացքում։ Նրանք որևէ բանի պիտանի չեն, որևէ կշիռ չունեն և վաղուց գարշելի են Ինձ։ Հաճախ Իմ բարկությունը թափվում է բոլոր նրանց վրա, ովքեր վկայությունից զրկված են, և Իմ խարազանը երբեք չի հեռանում նրանցից։ Ես նրանց վաղուց հանձնել եմ չարի ձեռքը․ նրանք լիովին զրկված են Իմ օրհնություններից։ Երբ օրը գա, նրանց պատիժը նույնիսկ ավելի ծանր կլինի, քան հիմար ու համառ կանանցը։ Ես այսօր միայն այն գործն եմ կատարում, որն Իմ պարտքն է՝ ցորենը և որոմները միասին խրձելը։ Սա է Իմ այսօրվա գործը։ Այդ որոմները բոլորն էլ կմաղվեն, երբ Իմ մաղելու ժամանակը գա, ապա ցորենի հատիկները կհավաքվեն ամբարում, իսկ մաղված որոմները կգցվեն կրակի մեջ՝ մոխրանալու։ Ներկայիս Իմ գործը պարզապես բոլոր մարդկանց խրձերի մեջ կապելն է, այսինքն՝ նրանց ամբողջովին նվաճելը։ Այնուհետև կսկսեմ մաղելը՝ բացահայտելու, թե ինչ է ամենքին սպասում։ Եվ այսպես՝ դու պետք է իմանաս, թե ինչպես այժմ գոհացնես Ինձ և ինչպես բռնես ճիշտ ուղին առ Ինձ քո հավատքում։ Այժմ Ես ցանկանում եմ քո հավատարմությունն ու հնազանդությունը, քո սերն ու վկայությունը։ Նույնիսկ եթե այս պահին չգիտես, թե ինչ է վկայությունը, կամ ինչ է սերը, դու պետք է Ինձ տրվես ամբողջովին և Ինձ հանձնես ունեցածդ միակ գանձերը՝ հավատարմությունդ ու հնազանդությունդ։ Պետք է իմանաս, որ սատանայի նկատմամբ Իմ հաղթանակի վկայությունը մարդու հավատարմության և հնազանդության մեջ է, ինչպես նաև մարդու լիակատար նվաճման վկայությունը։ Առ Ինձ քո հավատի պարտքն է վկայել Իմ մասին, լինել հավատարիմ միայն Ինձ ու այլևս ոչ մեկին և հնազանդ լինել մինչև վերջ։ Մինչ Ես անեմ Իմ գործի հաջորդ քայլը, ինչպե՞ս ես վկայելու Իմ մասին։ Ինչպե՞ս ես լինելու Ինձ հավատարիմ և հնազանդ։ Կնվիրվե՞ս քո պարտքին, թե պարզապես կհանձնվես։ Կնախընտրես հնազանդվե՞լ Իմ յուրաքանչյուր կարգադրությանը (նույնիսկ եթե դա լինի մահ կամ կործանում), թե կփախչես ճանապարհի կեսից՝ Իմ խրատից խուսափելու համար։ Ես քեզ խրատում եմ, որպեսզի դու վկայես Իմ մասին և լինես Ինձ հավատարիմ ու հնազանդ։ Ավելին, ներկայիս խրատը նպատակաուղղված է Իմ գործի հաջորդ քայլը ծավալելուն և դրա անխոչընդոտ ընթացքին։ Ուստի Ես հորդորում եմ քեզ լինել իմաստուն և քո կյանքը կամ քո գոյության նշանակությունը չհամարել անարժեք մի բան։ Կարո՞ղ ես հստակ իմանալ, թե որն է Իմ առաջիկա գործը։ Գիտե՞ս, թե ինչպես եմ Ես գործելու գալիք օրերին, և ինչպես է ընթանալու Իմ գործը։ Դու պետք է իմանաս քո փորձառության նշանակությունն Իմ գործի համար, առավել ևս, առ Ինձ քո հավատի նշանակությունը։ Ես այնքա՛ն բան եմ արել․ ինչպե՞ս կարող էի կես ճանապարհին հրաժարվել քո պատկերացրածի պես։ Ես այդքա՛ն ծավալուն գործ եմ կատարել․ ինչպե՞ս կարող էի այն կործանել։ Իրապես, Ես եկել եմ այս դարաշրջանին վերջ դնելու։ Սա է ճշմարտությունը։ Բայց, ավելին՝ դու պետք է իմանաս, որ Ես պատրաստվում եմ սկսել նոր դարաշրջան, սկսել մի նոր գործ և, ամենակարևորը՝ տարածել արքայության Ավետարանը։ Ուստի պետք է իմանաս, որ ներկայիս գործը միայն դարաշրջան բացելը և հիմք դնելն է՝ ապագայում Ավետարանը տարածելու և դարաշրջանը ավարտին հասցնելու համար։ Իմ գործն այնքան պարզ չէ, որքան դու ես կարծում, և այնքան անարժեք կամ անիմաստ չէ, որքան դու կարող ես մտածել։ Հետևաբար, Ես քեզ դեռ պետք է ասեմ․ «Դու քո կյանքը պետք է նվիրես Իմ գործին և ավելին՝ նվիրվես Իմ փառքին»։ Ես վաղուց եմ տենչում, որ դու վկայես Իմ մասին և առավել ևս՝ որ Իմ Ավետարանը տարածես։ Պետք է հասկանաս, թե ինչ կա սրտումս։