Ինչպե՞ս ես Աստծուն հասկանում

Մարդիկ վաղուց են հավատում Աստծուն, սակայն նրանց մեծ մասը չի հասկանում՝ ինչ է նշանակում «Աստված» բառը, և պարզապես շփոթված հետևում է։ Նրանք գաղափար չունեն, թե կոնկրետ ինչու մարդը պետք է հավատա Աստծուն, կամ ինչ է Աստված։ Եթե մարդիկ գիտեն միայն հավատալ և հետևել Աստծուն, բայց չգիտեն՝ ինչ է Աստված, և եթե նրանք չեն էլ ճանաչում Աստծուն, ուրեմն մի՞թե սա պարզապես մի մեծ կատակ չէ։ Նույնիսկ թեև մինչև այստեղ հասնելը մարդիկ ականատես են եղել երկնային բազում առեղծվածների և լսել շատ խոր գիտելիքներ, որոնք մարդը նախկինում երբևէ չի հասկացել, նրանք անտեղյակ են ամենատարրական ճշմարտություններից շատերին, որոնց շուրջ մարդը նախկինում երբեք չի խորհել։ Ոմանք գուցե ասեն. «Մենք երկար տարիներ հավատում ենք Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք չիմանալ՝ ինչ է Աստված։ Մի՞թե այս հարցը չի նսեմացնում մեզ»։ Իրականում, սակայն, թեև մարդիկ այսօր հետևում են Ինձ, նրանք ոչինչ չգիտեն այսօրվա աշխատանքից որևէ մեկի մասին և չեն կարողանում ըմբռնել անգամ ամենաակնհայտ ու ամենապարզ հարցերը, էլ չասած՝ այնպիսի խիստ բարդ հարցերի մասին, ինչպիսիք Աստծուն վերաբերող հարցերն են։ Իմացի՛ր, որ այն հարցերը, որոնք քեզ չեն հուզում, և որոնք դու չես բացահայտել, հենց նրանք են, որոնք ամենակարևորն են, որ դու հասկանաս, քանզի դու միայն գիտես ամբոխին հետևել՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով այն ամենին և ոչ մի հոգածություն չցուցաբերելով այն ամենի հանդեպ, ինչով պետք է զինես ինքդ քեզ։ Դու իսկապե՞ս գիտես, թե ինչու պետք է հավատաս Աստծուն։ Դու իրապե՞ս գիտես՝ ինչ է Աստված։ Դու իսկապե՞ս գիտես՝ ինչ է մարդը։ Որպես Աստծուն հավատացող մարդ եթե չես կարողանում հասկանալ այս բաները, մի՞թե չես կորցնում Աստծուն հավատացողի արժանապատվությունը։ Այսօր Իմ աշխատանքը սա է. այնպես անել, որ մարդիկ հասկանան իրենց էությունը, հասկանան այն ամենը, ինչ Ես անում եմ, և ճանաչեն Աստծու ճշմարիտ դեմքը։ Սա Իմ տնօրինման ծրագրի վերջաբանն է՝ Իմ աշխատանքի վերջին փուլը։ Ահա թե ինչու Ես նախապես պատմում եմ ձեզ կյանքի բոլոր առեղծվածները, որպեսզի դուք կարողանաք ընդունել դրանք Ինձնից։ Քանի որ սա վերջին դարաշրջանի աշխատանքն է, Ես պետք է պատմեմ ձեզ կյանքի բոլոր այն ճշմարտությունները, որոնք դուք նախկինում երբեք չեք ընդունել, թեև դուք անկարող եք ըմբռնել կամ կրել դա՝ պարզապես չափազանց թերի և խիստ վատ զինված լինելու պատճառով։ Ես կեզրափակեմ Իմ աշխատանքը, Ես կավարտեմ այն աշխատանքը, որ պետք է անեմ, և կպատմեմ ձեզ Իմ բոլոր հանձնարարությունների մասին, որպեսզի խավարն իջնելիս դուք կրկին չմոլորվեք և չընկնեք չարի դավերի մեջ։ Կան բազմաթիվ ճանապարհներ, որ դուք չեք հասկանում, բազմաթիվ հարցեր, որոնցից տեղյակ չեք։ Դուք այնքա՜ն տգետ եք․ Ես շատ լավ գիտեմ ձեր հասակը և ձեր թերությունները։ Հետևաբար, թեև կան բազմաթիվ խոսքեր, որոնք դուք անկարող եք ըմբռնելու, Ես դեռ պատրաստ եմ պատմելու ձեզ բոլոր այս ճշմարտությունները, որոնք դուք նախկինում երբեք չեք ընդունել, որովհետև Ես շարունակ անհանգստանում եմ՝ արդյոք ձեր ներկայիս հասակով դուք ի վիճակի եք աներեր վկայելու Իմ մասին։ Բանն այն չէ, թե Ես թերագնահատում եմ ձեզ․ դուք բոլորդ գազաններ եք, որոնք դեռ պետք է անցնեն Իմ պաշտոնական վարժեցումը, և Ես բացարձակապես չեմ տեսնում, թե որքան փառք կա ձեր մեջ։ Թեև Ես շատ եռանդ եմ ներդրել՝ աշխատելով ձեզ վրա, դրական տարրերը ձեր մեջ կարծես թե գործնականում գոյություն չունեն, իսկ բացասական տարրերը կարելի է մատների վրա հաշվել և ծառայում են միայն որպես Սատանային խայտառակող վկայություններ։ Ձեր մեջ եղած մնացած գրեթե ամեն ինչ Սատանայի թույնն է։ Դուք Ինձ այնպիսին եք թվում, ասես անփրկելի եք։ Ստեղծված իրավիճակում Ես նայում եմ ձեր զանազան արտահայտություններին ու կեցվածքներին և վերջապես իմանում եմ ձեր ճշմարիտ հասակը։ Ահա թե ինչու Ես միշտ մտահոգվում եմ ձեզ համար. ինքնուրույն կյանք վարելիս մարդիկ իսկապե՞ս ավելի լավ վիճակում կլինեն կամ համեմատելի կլինեն այն բանի հետ, ինչ այսօր են։ Մի՞թե ձեր մանկամիտ հասակը ձեզ չի անհանգստացնում։ Դուք իսկապե՞ս կարող եք լինել Իսրայելի ընտրյալ ժողովրդի պես՝ բոլոր ժամանակներում հավատարիմ մնալով Ինձ և միայն Ինձ։ Այն, ինչ բացահայտվում է ձեր մեջ, ոչ թե ծնողներից մոլորվելով հեռացած երեխաների չարաճճիությունն է, այլ անասնական վայրագությունը, որը պոռթկում է տերերի մտրակների համար անհասանելի կենդանիներից։ Դուք պետք է իմանաք ձեր բնությունը, որը նաև ձեր բոլորի ընդհանուր թուլությունն է. դա մի ախտ է, որն ընդհանուր է ձեզ բոլորիդ համար։ Այսպիսով՝ Իմ միակ հորդորն այսօր ձեզ սա է. աներեր վկայե՛ք Իմ մասին։ Ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք, որ հին ախտը կրկին բռնկվի։ Վկայելն ամենակարևորն է․ դա Իմ աշխատանքի սիրտն է։ Դուք պետք է ընդունեք Իմ խոսքերը ճիշտ այնպես, ինչպես Մարիամն ընդունեց Եհովայի հայտնությունը, որն իրեն եկավ երազում․ հավատալով և ապա հնազանդվելով։ Միայն սա է որակվում որպես մաքրաբարոյություն։ Քանզի դուք նրանք եք, ովքեր ամենաշատն են լսում Իմ խոսքերը, նրանք, ովքեր ամենաշատն են օրհնվել Իմ կողմից։ Ես տվել եմ ձեզ Իմ ողջ արժեքավոր ունեցվածքը, Ես շնորհել եմ ձեզ ամեն ինչ, սակայն դուք այնքան խիստ տարբեր կարգավիճակ ունեք Իսրայելի ժողովրդից․ դուք պարզապես երկինք ու երկիր եք։ Բայց նրանց համեմատ՝ դուք շատ ավելին եք ստացել․ մինչ նրանք հուսահատորեն սպասում են Իմ հայտնվելուն, դուք հաճելի օրեր եք անցկացնում Ինձ հետ՝ կիսելով Իմ առատությունը։ Հաշվի առնելով այս տարբերությունը՝ ի՞նչն է ձեզ իրավունք տալիս աղմկելու, վիճելու Ինձ հետ և պահանջելու Իմ ունեցվածքի ձեր բաժինը։ Մի՞թե դուք շատ բան ձեռք չեք բերել։ Ես ձեզ այնքան շատ բան եմ տալիս, բայց այն, ինչ դուք Ինձ տալիս եք որպես հատուցում, պարզապես սրտաճմլիկ տխրություն և անհանգստություն է, անզսպելի վրդովմունք և դժգոհություն։ Դուք այնքան գարշելի եք, բայց և խղճալի, ուստի Ինձ այլ բան չի մնում, եթե ոչ կուլ տալ Իմ ողջ վրդովմունքը և նորից ու նորից բարձրաձայնել Իմ առարկությունները ձեզ։ Հազարավոր տարիների աշխատանքի ընթացքում Ես երբեք չեմ բողոքել մարդկությանը, որովհետև հայտնաբերել եմ, որ մարդկության զարգացման ողջ ընթացքում միայն ձեր մեջ եղած «խաբեություններն» են դարձել ամենահայտնին՝ հնագույն ժամանակների հայտնի նախնիների կողմից ձեզ թողնված թանկարժեք ժառանգությունների պես։ Ինչպե՜ս եմ Ես ատում այդ թերմարդկային խոզերին ու շներին։ Դուք չափազանց զուրկ եք խղճից։ Ձեր բնավորությունը չափազանց ստոր է։ Ձեր սրտերը չափազանց կարծրացած են։ Եթե Ես այսպիսի խոսքերն ու աշխատանքը տանեի իսրայելացիներին, վաղուց փառք ձեռք բերած կլինեի։ Բայց ձեր միջավայրում դա անհասանելի է․ ձեր միջավայրում կա միայն դաժան անտեսում, ձեր սառը վերաբերմունքը և ձեր արդարացումները։ Դուք չափազանց անզգա եք և լիովին անարժեք։

Դուք պետք է ձեր ողջ էությունը նվիրեք Իմ աշխատանքին։ Պետք է կատարեք այնպիսի աշխատանք, որն օգուտ կբերի Ինձ։ Ես պատրաստ եմ բացատրելու ձեզ այն ամենը, ինչ չեք հասկանում, որպեսզի կարողանաք Ինձնից ձեռք բերել այն ամենը, ինչ ձեզ պակասում է։ Թեև ձեր թերությունները չափազանց շատ են հաշվելու համար, Ես պատրաստ եմ շարունակելու անել այն աշխատանքը, որը պետք է անեմ ձեզ վրա՝ շնորհելով ձեզ Իմ վերջնական ողորմածությունը, որպեսզի կարողանաք օգուտ քաղել Ինձնից և ձեռք բերել այն փառքը, որը բացակայում է ձեր մեջ, և որն աշխարհը երբեք չի տեսել։ Ես աշխատել եմ այնքան շատ տարիներ, սակայն ոչ մի մարդ երբևէ չի ճանաչել Ինձ։ Ես ցանկանում եմ պատմել ձեզ գաղտնիքներ, որոնք նախկինում երբեք ոչ մեկին չեմ պատմել։

Մարդկանց միջավայրում Ես այն Հոգին էի, որին նրանք չէին կարող տեսնել, այն Հոգին, որի հետ նրանք երբեք չէին կարող առնչվել։ Երկրի վրա Իմ աշխատանքի երեք փուլերի պատճառով (աշխարհի արարման, փրկագնման և ոչնչացման) Ես հայտնվում եմ նրանց մեջտեղում տարբեր ժամանակներում (երբեք հրապարակավ), որպեսզի կատարեմ Իմ աշխատանքը նրանց։ Առաջին անգամ Ես մարդկանց միջավայր եկա Փրկագնման դարաշրջանում։ Իհարկե, Ես եկա հրեական ընտանիք. այդ պատճառով առաջինը, ովքեր տեսան Աստծու գալուստը երկիր, հրեաներն էին։ Պատճառը, որ Ես անձամբ կատարեցի այս աշխատանքը, այն էր, որ Ես ուզում էի օգտագործել Իմ մարմնացյալ մսեղին՝ որպես մեղքի ընծա, Իմ փրկագնման աշխատանքը կատարելու համար։ Այսպիսով՝ առաջինը Ինձ տեսան հրեաները Շնորհքի դարաշրջանում։ Դա առաջին անգամն էր, որ Ես աշխատեցի մսեղիում։ Թագավորության դարաշրջանում Իմ աշխատանքը նվաճելն ու կատարելագործելն է, ուստի Ես կրկին կատարում եմ Իմ հովվությանան աշխատանքը մսեղիում։ Սա Իմ երկրորդ անգամն է, որ աշխատում եմ մսեղիում։ Աշխատանքի վերջին երկու փուլերում այն, ինչի հետ մարդիկ առնչվում են, այլևս անտեսանելի, անշոշափելի Հոգին չէ, այլ մի մարդ, ով որպես մսեղի իրական դարձած Հոգին է։ Այսպիսով՝ մարդու աչքին Ես կրկին մարդ եմ դառնում, և նրանք Իմ մեջ Աստծու որևէ նշույլ չեն տեսնում։ Ավելին՝ Աստված, ում մարդիկ տեսնում են, ոչ միայն տղամարդ է, այլև կին, ինչն ամենազարմանալին և տարակուսելին է նրանց համար։ Նորից ու նորից Իմ արտասովոր աշխատանքը փշրել է հին համոզմունքները, որոնք պահպանվել են շատ ու շատ տարիներ։ Մարդիկ ապշա՜ծ են։ Աստված ոչ միայն Սուրբ Հոգին է, Հոգին, յոթնապատիկ ուժեղացած Հոգին կամ համընդգրկուն Հոգին, այլև մարդ է, սովորական մարդ, բացառիկ հասարակ մարդ։ Նա ոչ միայն տղամարդ է, այլև կին։ Նրանք նման են այն բանով, որ Երկուսն էլ ծնվել են մարդկանցից, և տարբեր են այն բանով, որ մեկը հղիացել է Սուրբ Հոգուց, իսկ Մյուսը ծնվել է մարդուց, թեև սերում է անմիջապես Հոգուց։ Նրանք նման են այն բանով, որ Աստծու երկու մարմնացյալ մսեղիններն էլ ստանձնել են Հայր Աստծու աշխատանքը, և տարբեր են այն բանով, որ մեկն իրականացրել է փրկագնման աշխատանքը, մինչդեռ մյուսն անում է նվաճման աշխատանքը։ Երկուսն էլ ներկայացնում են Հայր Աստծուն, բայց մեկը Փրկագնողն է՝ լի գթասրտությամբ և ողորմածությամբ, իսկ մյուսն արդարության Աստված է՝ լի ցասումով և դատաստանով։ Մեկը Գերագույն հրամանատարն է, ով սկսեց փրկագնման աշխատանքը, մինչդեռ մյուսն արդար Աստված է, ով ավարտին է հասցնում նվաճման աշխատանքը։ Մեկը Սկիզբն է, մյուսը՝ Վերջը։ Մեկն անմեղ մսեղի է, մինչդեռ մյուսն այն մսեղին է, որն ավարտում է փրկագնումը, շարունակում աշխատանքը և երբեք մեղավոր չէ։ Երկուսն էլ նույն Հոգին են, բայց Նրանք բնակվում են տարբեր մսեղիներում և ծնվել են տարբեր վայրերում, և Նրանց բաժանում են մի քանի հազար տարիներ։ Այնուամենայնիվ, Նրանց ողջ աշխատանքը փոխլրացնող է, երբեք չի հակասում և կարող է նույն շնչով հիշատակվել։ Երկուսն էլ մարդ են, բայց մեկը մանչուկ էր, իսկ մյուսը՝ մանուկ աղջիկ։ Այս բոլոր բազում տարիների ընթացքում այն, ինչ մարդիկ տեսել են, ոչ միայն Հոգին է և ոչ միայն մարդը՝ տղամարդը, այլև շատ բաներ, որոնք չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին. որպես այդպիսին, մարդիկ երբեք չեն կարողանում լիովին հասկանալ Ինձ և շարունակում են կիսով չափ հավատալ ու կիսով չափ կասկածել Ինձ, ասես Ես իսկապես գոյություն ունեմ, սակայն նաև պատրանքային երազ եմ, ինչի պատճառով մինչ օրս մարդիկ դեռ չգիտեն՝ ինչ է Աստված։ Դու իսկապե՞ս կարող ես Ինձ ամփոփել մեկ պարզ նախադասությամբ։ Դու իրապե՞ս համարձակվում ես ասել․ «Հիսուսը ոչ այլ ոք է, քան Աստված, իսկ Աստված ոչ այլ ոք է, եթե ոչ Հիսուսը»։ Դու իսկապե՞ս այնքան համարձակ ես, որ ասես․ «Աստված ոչ այլ ինչ է, եթե ոչ Հոգին, և Հոգին ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստված»։ Դու համարձակվո՞ւմ ես ասել․ «Աստված պարզապես մսեղի հագած մարդ է»։ Դու իրապե՞ս քաջություն ունես պնդելու՝ «Հիսուսի պատկերը Աստծու մեծ պատկերն է»։ Արդյոք դու ի վիճակի՞ ես օգտագործելու քո գրական ձիրքը՝ հանգամանորեն բացատրելու Աստծու դիրքորոշումն ու պատկերը։ Դու իսկապե՞ս համարձակվում ես ասել. «Աստված Իր իսկ պատկերով ստեղծեց միայն տղամարդկանց, այլ ոչ թե կանանց»։ Եթե դու սա ասես, ապա ոչ մի կին չէր լինի Իմ ընտրյալների շարքում, առավել ևս կանայք մարդկության մի դաս չէին լինի։ Հիմա դու իրապե՞ս գիտես՝ ինչ է Աստված։ Արդյոք Աստված մա՞րդ է։ Արդյոք Աստված Հոգի՞ է։ Արդյոք Աստված իսկապես տղամա՞րդ է։ Արդյոք միայն Հիսո՞ւսը կարող է ավարտել այն աշխատանքը, որ Ես պետք է անեմ։ Եթե դու ընտրես վերոհիշյալներից միայն մեկը՝ Իմ էությունն ամփոփելու համար, ապա դու չափազանց տգետ նվիրյալ հավատացյալ ես։ Եթե Ես միայն մեկ անգամ անեի մարմնացման աշխատանքը, արդյոք դու կսահմանափակեի՞ր Ինձ։ Դու իսկապե՞ս կարող ես հիմնովին հասկանալ Ինձ մեկ հայացքով։ Դու իսկապե՞ս կարող ես Ինձ լիովին ամփոփել՝ ելնելով այն բանից, ինչին առնչվել ես քո կյանքի ընթացքում։ Եթե Ես նույն աշխատանքն անեի Իմ երկու մարմնավորումների ժամանակ էլ, ինչպե՞ս դու կընկալեիր Ինձ։ Արդյոք կթողնեի՞ր Ինձ ընդմիշտ խաչին գամված։ Արդյոք Աստված կարո՞ղ է այնքան պարզ լինել, որքան դու ես պնդում։

Թեև ձեր հավատը շատ անկեղծ է, ձեզանից ոչ ոք չի կարող լիովին բացատրել Ինձ, ոչ ոք չի կարող լիարժեք վկայություն տալ այն բոլոր փաստերի մասին, որ դուք տեսնում եք։ Մտածե՛ք դրա մասին. այսօր ձեզանից շատերը չեն կատարում իրենց պարտականությունները, փոխարենը հետամուտ են լինում մսեղիին, հագեցնում մսեղիին և տրվում մսեղիին։ Դուք քիչ ճշմարտություն ունեք։ Ապա ինչպե՞ս կարող եք վկայություն տալ այն ամենի մասին, ինչ դուք տեսել եք։ Դուք իսկապե՞ս վստահ եք, որ կարող եք Իմ վկաները լինել։ Եթե գա մի օր, երբ դու անկարող լինես վկայություն տալ այն ամենի մասին, ինչ տեսել ես այսօր, ապա կորցրած կլինես արարածի գործառույթը, և քո գոյությունը բացարձակապես ոչ մի իմաստ չի ունենա։ Դու անարժան կլինես մարդ լինելուն։ Կարելի է անգամ ասել, որ դու մարդ չես լինի՛։ Ես անչափելի աշխատանք եմ կատարել ձեզ վրա, բայց քանի որ դու ներկայումս երբեք չես փորձում որևէ բան սովորել և մնում ես ամեն ինչից անտեղյակ, և դու իզուր ես ջանք թափում, երբ գա Իմ աշխատանքը տարածելու ժամանակը, դու պարզապես դատարկ հայացքով կնայես՝ լեզուդ կապ ընկած և միանգամայն անօգուտ։ Մի՞թե այն ժամանակ դու պատմության մեջ չես մնա որպես մեղավոր։ Երբ այդ ժամանակը գա, մի՞թե դու խորագույն զղջում չես զգա։ Մի՞թե դու չես ընկղմվի վհատության մեջ։ Այսօր Իմ ողջ աշխատանքն արվում է ոչ թե պարապությունից և ձանձրույթից դրդված, այլ Իմ ապագա աշխատանքի համար հիմք դնելու նպատակով։ Բանն այն չէ, թե Ես փակուղու առաջ եմ կանգնած և պետք է ինչ-որ նոր բան հորինեմ։ Դու պետք է հասկանաս այն աշխատանքը, որ Ես անում եմ. դա այնպիսի բան չէ, որն անում է փողոցում խաղացող երեխան, այլ մի աշխատանք է, որն արվում է Իմ Հորը ներկայացնելու համար։ Դուք պետք է իմանաք, որ ոչ թե Ես Ինքս եմ անում այս ամենը, այլ ներկայացնում եմ Իմ Հորը։ Մինչդեռ ձեր դերը խստիվ հետևելը, հնազանդվելը, փոխվելն ու վկայություն կրելն է։ Ինչ դուք պետք է հասկանաք, այն է, թե ինչու պետք է հավատաք Ինձ. սա ամենակարևոր հարցն է, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա։ Իմ Հայրը, հանուն Իր փառքի, նախասահմանեց ձեզ բոլորիդ Ինձ համար այն պահից, երբ արարեց աշխարհը։ Հանուն Իմ աշխատանքի և հանուն Իր փառքի էր, որ Նա նախասահմանեց ձեզ։ Իմ Հոր շնորհիվ է, որ դուք հավատում եք Ինձ. Իմ Հոր նախասահմանության շնորհիվ է, որ դուք հետևում եք Ինձ։ Այս ամենից ոչ մեկը ձեր իսկ ընտրությամբ չէ։ Է՛լ ավելի կարևոր է, որ դուք հասկանաք, որ դուք նրանք եք, ում Իմ Հայրն Ինձ շնորհեց՝ Ինձ վկայելու նպատակով։ Քանի որ Նա տվեց ձեզ Ինձ, դուք պետք է հետևեք այն ճանապարհներին, որոնք Ես շնորհում եմ ձեզ, ինչպես նաև այն ճանապարհներին ու խոսքերին, որոնք Ես ուսուցանում եմ ձեզ, քանզի ձեր պարտականությունն է հետևել Իմ ճանապարհին։ Սա Ինձ հավատալու ձեր սկզբնական նպատակն է։ Ուստի Ես ասում եմ ձեզ սա. դուք պարզապես մարդիկ եք, ում Իմ Հայրը շնորհել է Ինձ, որպեսզի Իմ ճանապարհներին հետևեք։ Սակայն դուք միայն հավատում եք Ինձ. դուք Ինձնից չեք, որովհետև դուք իսրայելական ընտանիքից չեք և փոխարենը հին օձի զարմից եք։ Այն ամենը, ինչ Ես խնդրում եմ ձեզանից, Ինձ համար վկայելն է, բայց այսօր դուք պետք է հետևեք Իմ ճանապարհին։ Այս ամենը հանուն ապագա վկայության է։ Եթե դուք գործեք միայն որպես մարդիկ, ովքեր լսում են Իմ ճանապարհները, ապա անարժեք կլինեք, և Իմ Հոր կողմից ձեզ Ինձ շնորհելու իմաստը կկորչի։ Այն, ինչ Ես պնդում եմ ասել ձեզ, սա է. դուք պետք է հետևեք Իմ ճանապարհին։

Նախորդը.  Ի՞նչ եք հասկանում օրհնությունների մասին

Հաջորդը.  Ինչ է նշանակում իսկական մարդ լինելը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger