Ի՞նչ եք հասկանում օրհնությունների մասին

Թեև այս դարաշրջանում ծնված մարդիկ ապականվել են Սատանայի և անմաքուր հոգիների կողմից, հենց այս ապականության շնորհիվ նրանք նաև ստացել են ամենամեծ փրկությունը, մի փրկություն, որն ավելի մեծ է, քան Հոբի ձեռք բերած անասունների լիքը գլխաքանակը և հսկայական հարստությունը, և է՛լ ավելի մեծ, քան Եհովային տեսնելու օրհնությունը, որը Հոբը ստացավ իր փորձություններից հետո։ Միայն մահվան փորձությունը կրելուց հետո էր, որ Հոբն անսաց Եհովայի խոսքին՝ լսելով Նրա ձայնը փոթորկի մեջ։ Սակայն նա չտեսավ Եհովայի դեմքը և չգիտեր Նրա խառնվածքը։ Հոբը ձեռք բերեց միայն նյութական հարստություն, որն ապահովում էր ֆիզիկական հաճույքներ և շրջակա բոլոր քաղաքների ամենագեղեցիկ երեխաներին, ինչպես նաև երկնքի հրեշտակների պաշտպանությունը։ Նա երբեք չտեսավ Եհովային, և թեև նրան անվանում էին արդար, նա երբեք չիմացավ Եհովայի խառնվածքը։ Եվ չնայած այսօրվա մարդկանց նյութական հաճույքները, կարելի է ասել, ժամանակավորապես աղքատացած են, կամ արտաքին աշխարհի միջավայրը թշնամական է, այնուամենայնիվ, Ես բացահայտում եմ Իմ խառնվածքը, որը Ես երբեք չեմ բացահայտել մարդուն անհիշելի ժամանակներից ի վեր, և որը միշտ գաղտնի է եղել, ինչպես նաև անցյալ դարաշրջանների առեղծվածները, ես բացահայտում եմ նրանց՝ այս մարդկանց համար, ովքեր ամենախոնարհն են, բայց ստացել են Իմ ամենամեծ փրկությունը։ Ավելին, սա առաջին անգամն է, որ ես բացահայտել եմ այս բաները. մինչ այդ Ես երբեք նման աշխատանք չեմ կատարել։ Չնայած դուք շատ ավելի ցածր եք Հոբից, այն, ինչ ձեռք եք բերել և ինչ տեսել եք, շատ ավելին է, քան նրանը։ Չնայած դուք ենթարկվել եք բոլոր տեսակի տառապանքների և փորձառաբար ապրել եք ամեն տեսակ տանջանքներ, այն, ինչ դուք կրել եք, բոլորովին նման չէ Հոբի փորձություններին. այն, ընդհակառակը, դատաստանն ու պատիժն է, որ մարդիկ ստացել են իրենց ապստամբության, դիմադրության և Իմ արդար խառնվածքի պատճառով. դա արդար դատաստան, պատիժ և անեծք է։ Հոբը, մյուս կողմից, արդար մարդ էր իսրայելացիների մեջ, ով արժանացավ Եհովայի մեծ սիրուն և գորովանքին։ Նա չար գործեր չէր կատարել և չէր դիմադրել Եհովային, ընդհակառակը, նա հավատարիմ էր Եհովային իր նվիրվածության մեջ։ Իր արդարության պատճառով նա ենթարկվեց փորձությունների և անցավ կրակե փորձություններով, քանի որ նա Եհովայի հավատավոր ծառան էր։ Այսօրվա մարդիկ ենթարկվում են Իմ դատաստանին ու անեծքին իրենց պղծության ու անիրավության պատճառով։ Թեև նրանց տառապանքը նման չէ այն բանին, ինչի միջով անցավ Հոբը, երբ կորցրեց իր անասունները, ունեցվածքը, ծառայողներին, երեխաներին և իր համար թանկ ամեն բան, այնուամենայնիվ, նրանք տանջվում են հրավառ զտումից և այրումից։ Եվ ինչն ավելի լուրջ է դարձնում դա, քան Հոբի փորձառաբար ապրածը, այն է, որ այդ փորձությունները չեն նվազում կամ վերացվում մարդկանց թույլ լինելու պատճառով, այլ տևում են երկար և շարունակվում մինչև մարդու կյանքի վերջին օրը։ Սա պատիժ է, դատաստան ու անեծք, սա անողոք այրում է, և նույնիսկ ավելին՝ սա մարդկության արդար «ժառանգությունն» է։ Սա այն է, ինչին մարդիկ արժանի են, և հենց այստեղ է արտահայտվում Իմ արդար խառնվածքը։ Սա հայտնի փաստ է։ Այնուամենայնիվ, այն, ինչ մարդիկ ձեռք են բերել, շատ ավելի մեծ է, քան այսօր կրած տառապանքը։ Ձեր կրած տառապանքը պարզապես ձեր հիմարության հետևանքով առաջացած հետընթաց է, մինչդեռ այն, ինչ դուք ձեռք եք բերել, հարյուր անգամ ավելի մեծ է, քան ձեր տառապանքը։ Հին Կտակարանի՝ Իսրայելի օրենքների համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր դիմադրում են Ինձ, բոլոր նրանք, ովքեր բացահայտ դատում են Ինձ, և բոլոր նրանք, ովքեր չեն հետևում Իմ ճանապարհին և փոխարենը համարձակորեն պիղծ զոհեր են մատուցում Ինձ, անպայման կոչնչացվեն տաճարում՝ կրակով կամ մինչև մահ կքարկոծվեն մի քանի ընտրյալների կողմից, և նույնիսկ իրենց սեփական տոհմերի ու այլ անմիջական ազգականների սերունդները կկրեն Իմ անեծքը։ Գալիք կյանքերում նրանք ազատ չեն լինի, այլ կլինեն Իմ ստրուկների ստրուկները, և Ես նրանց կաքսորեմ հեթանոսների մեջ, ու նրանք չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք։ Հիմնվելով նրանց գործողությունների և վարքագծի վրա՝ այսօրվա մարդկանց կրած տառապանքը հազիվ թե այնքան ծանր է, որքան իսրայելացիների կրած տառապանքը։ Ասել, որ այն, ինչ դուք այժմ կրում եք, հատուցում է, անհիմն չէ, որովհետև դուք իրոք անցել եք սահմանը։ Եթե ​​դուք լինեիք Իսրայելում, կդառնայիք հավիտենական մեղավորներ, և իսրայելացիները վաղուց կտոր-կտոր կանեին ձեզ և երկնքից իջած կրակով կայրեին Եհովայի տաճարում։ Ի՞նչ եք դուք հիմա ձեռք բերել։ Ի՞նչ եք ստացել ու ի՞նչ եք վայելել։ Ես ձեր մեջ բացահայտել եմ Իմ արդար խառնվածքը, բայց ամենակարևորը՝ ես բացահայտել եմ Իմ համբերությունը մարդկությանը փրկագնելու համար։ Կարելի է ասել, որ այն գործը, որ Ես կատարել եմ ձեր մեջ, ընդամենը համբերության գործ է․ այն արվում է Իմ կառավարման համար և առավել ևս՝ մարդկության վայելքի համար։

Թեև Հոբն անցավ Եհովայի փորձությունների միջով, նա պարզապես արդար մարդ էր, ով երկրպագում էր Եհովային։ Չնայած այդ փորձությունների միջով անցնելուն՝ նա չբողոքեց Եհովայից և փայփայեց Նրա հետ իր հանդիպումը։ Այսօրվա մարդիկ ոչ միայն չեն փայփայում Եհովայի ներկայությունը, այլև մերժում, ատում, բողոքում և ծաղրում են Նրա հայտնությունը։ Մի՞թե դուք շատ բան ձեռք չեք բերել: Մի՞թե ձեր տառապանքն իսկապես այդքան մեծ է եղել: Մի՞թե դուք ավելի օրհնված չեք եղել, քան Մարիամը և Հակոբոսը: Եվ մի՞թե ձեր դիմադրությունն իսկապես այդքան սակավ է եղել: Հնարավո՞ր է, որ Իմ պահանջները ձեզանից չափազանց բարձր են եղել, և Ես չափից շատ բան եմ խնդրել ձեզանից: Իմ ցասումը թափվել է միայն Ինձ դիմադրող իսրայելացիների, այլ ոչ թե անմիջապես ձեզ վրա․ դուք ստացել եք միայն Իմ անողոք դատաստանը, բացահայտումը, ինչպես նաև անդադար կրակոտ զտումը։ Չնայած դրան, մարդիկ դեռ դիմադրում ու մերժում են Ինձ, և նրանք հնազանդության նշույլ անգամ չունեն։ Կան անգամ մարդիկ, ովքեր հեռանում են Ինձնից և ուրանում են Ինձ. այդպիսի մարդիկ ավելի վատն են, քան Կորխի և Դաթանի խումբը, որ հակառակվեց Մովսեսին։ Մարդկանց սրտերը չափազանց աննկուն են, իսկ բնավորությունները՝ չափազանց համառ։ Նրանք երբեք չեն փոխում իրենց հին բնույթը։ Ես ասում եմ, որ նրանք մերկ են, ինչպես պոռնիկներ՝ ցերեկվա պայծառ լույսի ներքո, և Իմ խոսքերն այնքան խիստ են, որ կարող են նույնիսկ «ականջի համար վիրավորական» թվալ՝ մարդկանց բնույթը բացահայտելով ցերեկվա լույսի առաջ․ սակայն նրանք պարզապես գլխով են անում, մի քանի արցունք թափում և ստիպում են իրենց մի փոքր տխրել։ Հենց դա անցնում է, նրանք դառնում են լեռների վայրի գազանների թագավորի պես կատաղի, և նրանք անգամ չնչին գիտակցություն չունեն։ Ինչպե՞ս կարող են նման բնավորություն ունեցող մարդիկ իմանալ, որ վաղուց հարյուր անգամ ավելի օրհնված են եղել, քան Հոբը։ Ինչպե՞ս կարող են նրանք գիտակցել, որ իրենց վայելածն այնպիսի օրհնություններ են, որոնք դարեր շարունակ հազիվ են երևացել, և որոնք ոչ ոք երբեք չի վայելել։ Ինչպե՞ս կարող է մարդկանց խիղճը զգալ նման օրհնություններ, որոնք նաև պատիժ են պարունակում։ Անկեղծ ասած՝ ես ձեզանից միայն պահանջում եմ, որ դուք լինեք Իմ գործի օրինակները, Իմ ողջ բնավորության և Իմ բոլոր գործողությունների վկաները, և որպեսզի դուք ազատագրվեք Սատանայի պատճառած տառապանքներից։ Սակայն մարդիկ միշտ մերժում են Իմ գործը և դիտավորյալ թշնամաբար են տրամադրվում դրա նկատմամբ։ Ինչպե՞ս կարող էին նման մարդիկ չստիպել Ինձ վերականգնել Իսրայելի օրենքները և նրանց վրա թափել այն բարկությունը, որն Ես իջեցրեցի Իսրայելի վրա։ Չնայած ձեր մեջ կան շատերը, ովքեր «հնազանդ և ենթարկվող» են Ինձ, բայց է՛լ ավելի շատ են նրանք, ովքեր Կորխի խմբի նման են։ Երբ Ես հասնեմ Իմ լիակատար փառքին, Ես կօգտագործեմ երկնքի կրակը՝ նրանց մոխիր դարձնելու համար։ Դուք պետք է իմանաք, որ Ես այլևս չեմ պատժելու մարդկանց Իմ խոսքերով, փոխարենը, նախքան Իսրայելի գործը կատարելը, Ես ամբողջությամբ կայրեմ «Կորխի խմբին», որը դիմադրում է Ինձ, և որին Ես վաղուց վերացրել եմ։ Մարդկությունն այլևս Ինձ վայելելու հնարավորություն չի ունենա. փոխարենը, նրանք կտեսնեն միայն Իմ զայրույթն ու երկնքից իջնող կրակները։ Ես կբացահայտեմ տարբեր մարդկանց վերջնական արդյունքները և կբաժանեմ նրանց տարբեր կարգերի։ Ես հաշվի կառնեմ նրանց յուրաքանչյուր ապստամբ արարքը և ապա կավարտեմ Իմ գործն այնպես, որ մարդկանց ճակատագրերը որոշվեն Իմ դատավճռով, մինչ նրանք՝ երկրի վրա են, ինչպես նաև Իմ հանդեպ նրանց վերաբերմունքով։ Երբ այդ ժամանակը գա, ոչինչ չի կարող փոխել նրանց ճակատագիրը։ Թող մարդիկ բացահայտեն իրենց սեփական ճակատագիրը։ Այնուհետև Ես մարդկանց ճակատագիրը կհանձնեմ երկնային Հորը։

Նախորդը.  Ինչպե՞ս պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը

Հաջորդը.  Ինչպե՞ս ես Աստծուն հասկանում

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger