Ավետարանի տարածման աշխատանքը նաև մարդու փրկության աշխատանքն է

Բոլոր մարդիկ կարիք ունեն ըմբռնելու երկրի վրա Իմ աշխատանքի նպատակը, այսինքն՝ Ես ի վերջո ինչ եմ կամենում ստանալ, և ինչ մակարդակի պետք է հասցնեմ այս աշխատանքը, նախքան այն ավարտված կլինի։ Եթե մարդիկ, մինչև այսօր Ինձ հետ քայլելով, չեն հասկանում, թե ինչ է Իմ աշխատանքի խորին խորհուրդը, ապա մի՞թե իզուր չեն քայլել Ինձ հետ։ Եթե մարդիկ հետևում են Ինձ, ապա պարտավոր են իմանալ Իմ մտադրությունները: Հազարավոր տարիներ Ես աշխատել եմ երկրի վրա և մինչ օրս շարունակում եմ այսպես աշխատել Իմ աշխատանքը։ Թեև Իմ աշխատանքը բազում դրսևորումներ ունի, սակայն դրա նպատակը մնում է անփոփոխ. Թեկուզ Ես մարդու հանդեպ լի եմ դատաստանով և խրատական պատժով, այնուամենայնիվ, այն, ինչ անում եմ, նրա փրկության համար է, որպեսզի Իմ ավետարանը ավելի լավ տարածվի, և Իմ աշխատանքն առավել ընդարձակվի հեթանոս ազգերի մեջ, հենց որ մարդը կատարելաgգործվի։ Այսօր ևս, երբ շատերը վաղուց խորապես ընկղմվել են ընկճվածության մեջ, Ես դեռ շարունակում եմ Իմ աշխատանքը, շարունակում եմ այն աշխատանքը, որը պետք է կատարեմ մարդուն դատելու և խրատելու նպատակով։ Թեև մարդը հոգնել է Իմ խոսքերից և չի կամենում մտահոգվել Իմ աշխատանքով, Ես, այնուամենայնիվ, կատարում եմ Իմ պարտքը, քանզի Իմ աշխատանքի նպատակը չի փոխվել, և Իմ նախնական ծրագիրը չի խախտվի։ Իմ դատաստանի նպատակն այն է, որ մարդուն ունակ դարձնեմ առավել հնազանդ լինելու Ինձ, և Իմ խրատի նպատակը՝ որ մարդուն ունակ դարձնեմ ավելի ճշմարիտ փոփոխության հասնելու։ Թեև այն ամենը, ինչ անում եմ, հանուն Իմ կառավարման է, Ես երբեք որևէ աշխատանք չեմ կատարել, որն օգտակար չլինի մարդուն, քանզի կամենում եմ Իսրայելի սահմաններից դուրս եղած բոլոր ազգերին ևս հնազանդ դարձնել այնպես, ինչպես Իսրայելացիներին, որպեսզի նրանք դառնան ճշմարիտ մարդիկ, և Ես հաստատեմ Իմ ոտքի հենակետն Իսրայելից դուրս գտնվող երկրներում։ Սա է Իմ տնօրինությունը, սա է Իմ աշխատանքը հեթանոս ազգերի մեջ։ Սակայն մինչ այժմ շատերը չեն հասկանում Իմ տնօրինությունը, որովհետև չեն կարևորում այդպիսի բաները, այլ դրա փոխարեն հոգ են տանում իրենց անձնական ապագայի և ճակատագրի մասին։ Ինչ էլ որ Ես ասեմ, մարդիկ անտարբեր են մնում այն աշխատանքի հանդեպ, որ Ես եմ անում, փոխարենն ամբողջ սրտով կենտրոնանում են իրենց ապագա հանգրվանների վրա։ Եթե այսպես շարունակվի, ինչպե՞ս պետք է տարածվի Իմ աշխատանքը։ Ինչպե՞ս պետք է Իմ ավետարանը քարոզվի ողջ աշխարհով մեկ։ Դուք պետք է իմանաք, որ երբ Իմ աշխատանքը տարածվի, Ես կցրեմ և կհարվածեմ ձեզ, ինչպես Եհովան հարվածեց Իսրայելի յուրաքանչյուր ցեղին։ Այս ամենը կինի, որպեսզի Իմ ավետարանը տարածվի ողջ երկրագնդով մեկ, որպեսզի Իմ աշխատանքը հասնի հեթանոս ազգերին, որպեսզի Իմ անունը մեծարվի թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից, և Իմ սուրբ անունը մեծարվի բոլոր ցեղերի ու ազգերի մարդկանց շուրթերին։ Այս վերջին դարաշրջանում թող Իմ անունը մեծարվի հեթանոս ազգերի մեջ, թող Իմ գործերը տեսանելի լինեն նրանց աչքերին, թող Ինձ կոչեն Ամենազոր՝ Իմ գործերի պատճառով, և թող Իմ խոսքերը շուտով կատարվեն։ Ես բոլոր մարդկանց ցույց կտամ, որ Ես միայն Իսրայելի Աստված չեմ, այլև բոլոր հեթանոս ազգերի Աստված, նույնիսկ նրանց, ում անիծել եմ։ Ես բոլորին տեսնել կտամ, որ Ես եմ բոլոր արարածների Աստված։ Սա է Իմ մեծագույն աշխատանքը, Իմ աշխատանքի ծրագրի նպատակը վերջին օրերի համար և միակ աշխատանքը, որը վերջին օրերին կամենում եմ կատարել:

Միայն վերջին օրերին է, որ այն աշխատանքը, որը Ես իրականացրել եմ հազարավոր տարիներ շարունակ, ամբողջովին ի հայտ է եկել մարդու առաջ։ Միայն հիմա եմ Ես մարդու առաջ բացել Իմ տնօրինության ողջ առեղծվածը, և մարդը ճանաչել է Իմ աշխատանքի նպատակը ու, առավել ևս, ըմբռնել է Իմ բոլոր առեղվածները։ Ես արդեն հայտնել եմ մարդուն ամեն բան այն վերջնական հանգրվանի մասին, որի շուրջ նա մտահոգված է։ Ես արդեն բացահայտել եմ մարդու առաջ Իմ բոլոր առեղծվածները, այն խորհուրդները, որոնք ավելի քան 5900 տարի թաքնված էին։ Ո՞վ է Եհովան։ Ո՞վ է Մեսիան։ Ո՞վ է Հիսուսը։ Դուք պետք է իմանաք այս ամենի մասին։ Իմ աշխատանքը կապված է այս անունների հետ։ Արդյո՞ք դուք հասկացել եք սա։ Ինչպե՞ս պետք է հռչակվի Իմ սուրբ Անունը։ Ինչպե՞ս պետք է քարոզվի Իմ Անունն այն բոլոր ազգերի մեջ, որոնք Ինձ Իմ անուններից որևէ մեկով են կանչել։ Իմ աշխատանքը տարածվում է, և Ես այն պետք է առանց բացառության տարածեմ բոլոր ազգերի մեջ։ Քանի որ Իմ աշխատանքը կատարվել է ձեր մեջ, Ես պետք է խոցեմ ձեզ այնպես, ինչպես Եհովան Իսրայելում խոցեց Դավթի տան հովիվներին, և ձեզ պետք է ցրեմ բոլոր ազգերի մեջ։ Քանզի վերջին օրերին Ես պետք է ջարդուփշուր անեմ բոլոր երկրներն ու նորից բաշխեմ դրանց ժողովուրդներին։ Երբ Ես կրկին վերադառնամ, բոլոր երկրներն արդեն բաժանված կլինեն այն սահմաններով, որոնք դրել են Իմ բոցավառ կրակները։ Այդ ժամանակ Ես նորից պետք է հայտնվեմ մարդկությանը՝ որպես այրող արեգակ, և բացահայտ կերպով պետք է ցույց տամ Ինձ Սրբի կերպարանքով, որին նրանք երբեք չեն տեսել՝ քայլելով բազում ազգերի մեջ, ինչպես Ես՝ Եհովաս, մի ժամանակ քայլում էի հրեական տարբեր ցեղերի մեջ: Ապա՝ այդ ժամանակից սկսած, Ես կառաջնորդեմ մարդկությանն իր երկրային կյանքում, և նրանք անպայման կտեսնեն, որ Իմ փառքն իրենց վերևում է, և որ օդում գտնվող ամպի սյունն առաջնորդում է նրանց իրենց կյանքում, քանզի Ես պետք է հայտնվեմ սուրբ վայրերում։ Մարդը կտեսնի Իմ արդարության օրը և Իմ փառքի հայտնությունը։ Դա կլինի այն ժամանակը, երբ Ես կթագավորեմ ողջ երկրի վրա և Իմ բազում որդիներին կբերեմ փառքի մեջ։ Մարդիկ պետք է խոնարհվեն ողջ երկրի վրա, և Իմ վրանը հաստատուն կերպով կկանգնեցվի մարդկանց միջավայրում՝ կառուցված այսօրվա Իմ աշխատանքի վեմի վրա։ Մարդիկ նաև տաճարում կծառայեն Ինձ։ Զոհասեղանը, որ ծածկված է պղծությամբ ու նողկալի բաներով, Ես փշուր-փշուր կանեմ և նորից կկառուցեմ։ Նորածին գառներ ու հորթեր կդրվեն այդ սուրբ զոհասեղանին։ Ես կքանդեմ այսօրվա տաճարը և, անշուշտ, կկառուցեմ նորը։ Այն տաճարը, որ այժմ կանգուն է և լի է գարշելի մարդկանցով, կփլուզվի, իսկ այն տաճարը, որ Ես եմ կառուցում, պետք է լցվի Ինձ նվիրված ծառաներով։ Նրանք կրկին կկանգնեն և կծառայեն Ինձ՝ հանուն Իմ տաճարի փառքի։ Դուք անպայման կտեսնեք այն օրը, երբ Ես մեծ փառք ձեռք բերեմ, և այն օրը, երբ Ես քանդեմ տաճարը և կառուցեմ նորը։ Դուք նաև անպայման կտեսնեք այն օրը, երբ Իմ խորանը կիջնի մարդկանց միջավայր։ Ինչպես Ես փշրում եմ տաճարը, այնպես էլ կբերեմ Իմ խորանը մարդկանց միջավայր ճիշտ այնպես, ինչպես որ նրանք իրենց աչքերով տեսնեն Իմ իջնելը։ Երբ Ես փշրեմ յուրաքանչյուր երկիր, նրանց նորից կհավաքեմ միասին՝ այդպիսով կառուցելով Իմ տաճարն ու հաստատելով Իմ զոհասեղանը, և ուստի բոլոր մարդիկ կկարողանան զոհ մատուցել Ինձ, ծառայել Ինձ Իմ տաճարում և իրենց նվիրումն արտահայտեն հեթանոս ազգերի մեջ Իմ արած աշխատանքին։ Նրանք կլինեն այսօրվա իսրայելացիների պես՝ քահանայական հանդերձներով և հիանալի պսակներով զարդարված, Իմ՝ Եհովայիս փառքը՝ նրանց մեջտեղում, և Իմ վեհությունը՝ երկինքներում՝ նրանց վերևում։ Հեթանոս ազգերի մեջ Իմ աշխատանքն էլ նույնը կլինի։ Ինչպես Իմ աշխատանքը կատարվեց Իսրայելում, այնպես էլ Իմ աշխատանքը կլինի հեթանոս ազգերի մեջ, քանզի Ես կտարածեմ Իմ աշխատանքը Իսրայելից և այն կընդարձակեմ դեպի հեթանոսների ազգերը։

Հիմա այն ժամանակն է, երբ Իմ Հոգին մեծ աշխատանք է կատարում, և այն ժամանակը, երբ Ես սկսում եմ Իմ աշխատանքը հեթանոս ազգերի միջավայրում։ Ավելին՝ սա այն ժամանակն է, երբ Ես դասակարգում եմ բոլոր արարածներին՝ յուրաքանչյուրին դնելով իր համապատասխան կարգի մեջ, որպեսզի Իմ աշխատանքը կարողանա ավելի արագորեն առաջ ընթանալ և ավելի ունակ լինի արդյունքների հասնելու։ Եվ այսպես, ինչ Ես խնդրում եմ քեզանից, դեռ այն է, որ ձեր ամբողջ էությունն ընծայեք Իմ ողջ աշխատանքին, և որ է՛լ ավելի կարևոր է, հստակ զանազանեք ու ճշգրտորեն տեսնեք այն ամբողջ աշխատանքը, որ Ես կատարել եմ քո վրա, և քո ամբողջ եռանդը ներդնես, որպեսզի Իմ աշխատանքը կարողանա ավելի մեծ արդյունքների հասնել։ Ահա թե ինչ պետք է հասկանաս։ Դադարեցրեք միմյանց հետ մրցակցելը, այլընտրանքային ճանապարհ փնտրելը կամ քո մսեղիի համար հարմարավետություն որոնելը, որպեսզի խուսափես Իմ աշխատանքը հետաձգելուց ու քո հրաշալի ապագային խանգարելուց։ Այդպիսի վարվելակերպը քեզ ոչ միայն բոլորովին չի պաշտպանի, այլև կարող է միայն կործանում բերել քեզ։ Մի՞թե սա հիմարություն չէր լինի քո կողմից։ Ինչին դու այսօր տրվում ես, հենց այն է, ինչ կործանում է քո ապագան, մինչդեռ այն ցավը, որն այսօր համբերությամբ տանում ես, հենց այն է, ինչ պաշտպանում է քեզ։ Դու պետք է այս բաները հստակ գիտակցես, որպեսզի այնպիսի գայթակղությունների զոհը չդառնաս, որոնցից հետո դժվար կլինի ազատվել, և որպեսզի խուսափես չարաչար սխալվելով հոծ մշուշի մեջ ընկնելուց՝ այլևս երբեք չկարողանալով գտնել արևը։ Երբ հոծ մշուշը ցրվի, կհայտնաբերես, որ մեծ օրվա դատաստանի առջև ես։ Այդ ժամանակ Իմ օրն արդեն մոտեցած կլինի մարդկությանը։ Ինչպե՞ս ես խուսափելու Իմ դատաստանից։ Ինչպե՞ս ես դիմանալու արևի կիզիչ տապին։ Երբ Ես մարդուն շնորհում եմ Իմ լիությունը, նա այն չի փայփայում իր սրտում, այլ նետում է մի տեղ, ուր ոչ ոք չի նկատի։ Երբ Իմ օրը հասնի մարդուն, նա այլևս չի կարողանա բացահայտել Իմ լիությունը կամ գտնել այն դառը ճշմարտության խոսքերը, որ Ես վաղուց ասել էի նրան։ Նա կողբա և լաց կլինի, որովհետև կորցրած կլինի լույսի պայծառությունը և ընկած կլինի խավարի մեջ։ Այն, ինչ դուք այսօր տեսնում եք, պարզապես Իմ բերանի հատու սուրն է. դեռ չեք տեսել Իմ ձեռքի գավազանը կամ այն բոցը, որով Ես այրում եմ մարդուն։ Ահա թե ինչու եք ձեզ Իմ ներկայության մեջ դեռ ամբարտավան ու անզուսպ պահում և թե ինչու եք Իմ տանը դեռ պայքարում Իմ դեմ՝ ձեր մարդկային լեզվով վիճարկելով այն, ինչ Ես ասել եմ Իմ բերանով։ Մարդը չի վախենում Ինձնից ու թեև նույնիսկ այսօր շարունակում է թշնամությամբ հակադրվել Ինձ, մնում է լիովին անվախ։ Ձեր բերաններում անարդարների լեզուն և ատամներն են։ Ձեր խոսքերն ու գործերը նման են այն օձի խոսքերին ու գործերին, որը Եվային գայթակղեց մեղանչելու։ Դուք միմյանցից պահանջում եք աչք աչքի դիմաց ու ատամ ատամի դիմաց և Իմ ներկայության մեջ պայքարում եք՝ ձեզ համար դիրք, համբավ ու շահ խլելու համար, բայց չգիտեք, որ Ես գաղտնի հետևում եմ ձեր խոսքերին ու գործերին։ Մինչև դուք կհասցնեք գիտակցել Իմ հայացքի առկայությունը, Ես արդեն ձեր սրտերի խորքը քննած եմ լինում։ Մարդը միշտ ուզում է փախչել Իմ ձեռքն ընկնելուց և խույս տալ Իմ աչքերի քննությունից, բայց Ես երբեք չեմ խուսափել նրա խոսքերից կամ գործերից։ Փոխարենը, Ես միտումնավոր թույլ եմ տալիս, որ այդ խոսքերն ու գործերն ընկնեն Իմ աչքով, որպեսզի Ես պատժեմ մարդու անիրավությունը և դատաստան անեմ նրա ապստամբության հանդեպ։ Այդպես մարդու գաղտնի խոսքերն ու գործերը միշտ մնում են Իմ դատաստանի աթոռի առաջ, և Իմ դատաստանը երբեք չի հեռացել մարդուց, որովհետև նրա ապստամբությունը չափազանց մեծ է։ Իմ աշխատանքն այն է, որ այրեմ ու մաքրեմ մարդու բոլոր խոսքերն ու գործերը, որոնք արտասանվել ու կատարվել են Իմ Հոգու ներկայությամբ։ Այսպիսով,[ա] երբ Ես հեռանամ երկրից, մարդիկ Ինձ դեռևս հավատարիմ կմնան ու դեռևս կկարողանան Իմ աշխատանքին այնպես վերաբերվել, ինչպես Իմ սուրբ ծառաներն են Ինձ ծառայելիս վերաբերվում՝ թույլ տալով, որ Իմ աշխատանքը երկրի վրա շարունակվի մինչև այն օրը, երբ այն ավարտվի։

Ծանոթագրություններ

ա. Բնագիր տեքստում «Այսպիսով» տեքստը բացակայում է:

Նախորդը.  Փրկիչն արդեն վերադարձել է «Սպիտակ Ամպի» վրա

Հաջորդը.  Օրենքի դարաշրջանի աշխատանքը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger