Դուք պետք է խորհեք ձեր գործերի մասին
Կյանքում ձեր ամեն մի արարքն ու գործը ցույց են տալիս, որ դուք ամեն օր պետք է սնվեք Իմ խոսքերի մի բաժնով՝ ձեր բացը լրացնելու համար, քանի որ դուք չափազանց թերանում եք, իսկ ձեր գիտելիքն ու ըմբռնելու կարողությունը չափազանց աղքատիկ են։ Ձեր առօրյա կյանքում դուք ապրում եք մի մթնոլորտում և միջավայրում, որոնք զուրկ են ճշմարտությունից կամ ողջամտությունից։ Դուք չունեք գոյատևելու համար անհրաժեշտ միջոցները և չունեք Ինձ կամ ճշմարտությունը ճանաչելու հիմքը։ Ձեր հավատը կառուցված է լոկ մշուշոտ ու վերացական հավատի կամ խիստ դոգմատիկ գիտելիքի և կրոնական ծեսերի վրա։ Ամեն օր Ես հետևում եմ ձեր քայլերին՝ քննելով ձեր մտադրություններն ու ձեր չարիքի պտուղները, և երբեք չեմ գտել գեթ մեկին, ով ճշմարտապես դնում է իր սիրտն ու հոգին Իմ երբեք չսասանվող զոհասեղանին։ Ուստի, Ես չեմ կամենում ժամանակ վատնել՝ հեղելով բոլոր այն խոսքերը, որոնք ցանկանում եմ արտահայտել նման մարդկությանը. Իմ սրտի միակ ծրագրերը վերաբերում են Իմ անավարտ գործին և մարդկության մեջ նրանց, ում Ես դեռ պետք է փրկեմ։ Այնուամենայնիվ, Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր հետևում են Ինձ, ստանան Իմ փրկությունը և այն ճշմարտությունները, որոնք Իմ խոսքը շնորհում է մարդուն։ Հույս ունեմ, որ մի օր, երբ դու փակես քո աչքերը, կտեսնես մի աշխարհ, որտեղ բուրմունքը լցնում է օդը, և որտեղ կենդանի ջրերի վտակներ են հոսում, այլ ոչ թե մի մռայլ, ցուրտ աշխարհ, որտեղ սև ամպերը մթագնում են երկինքը, և որտեղ ոռնոցի ձայները երբեք չեն լռում։
Ամեն օր յուրաքանչյուր մարդու գործերն ու մտքերը գտնվում են Միակի հայացքի ներքո և, միևնույն ժամանակ, նախապատրաստություն են իրենց իսկ վաղվա օրվա համար։ Սա այն ճանապարհն է, որով պետք է քայլեն բոլոր ապրողները. սա այն ճանապարհն է, որը Ես նախասահմանել եմ բոլորի համար, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից կամ ազատվել։ Խոսքերը, որոնք Ես ասել եմ, անթիվ են, և գործը, որ Ես կատարել եմ, ավելին, չափ չունի։ Ամեն օր Ես հետևում եմ, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ բնականոն կերպով անում այն ամենը, ինչ պետք է անի՝ համաձայն իրեն հատուկ բնության և իր բնության զարգացման։ Անգիտակցաբար շատերն արդեն իսկ կանգնել են «ճիշտ ուղու» վրա, որը Ես գցել եմ՝ բացահայտելու տարբեր տեսակ մարդկանց։ Այս տարբեր տեսակ մարդկանց Ես վաղուց ի վեր տեղավորել եմ տարբեր միջավայրերում, և իրենց համապատասխան տեղերում յուրաքանչյուրն արտահայտել է իր ներհատուկ հատկանիշները։ Չկա մեկը, ով կկապի նրանց, մեկը, ով կգայթակղի նրանց։ Նրանք լիովին ազատ են, և այն, ինչ նրանք բացահայտում են, բնականորեն է ի հայտ գալիս։ Միայն մեկ բան է նրանց զսպում՝ Իմ խոսքերը։ Այսպիսով՝ որոշ մարդիկ կարդում են Իմ խոսքերը դժկամությամբ՝ երբեք չկիրարկելով դրանք, անելով դա միայն այն բանի համար, որպեսզի պարզապես յոլա գնան՝ խուսափելով մահվան ելքից. մինչդեռ մյուսները դժվարանում են դիմանալ այն օրերին, երբ Իմ խոսքերը չեն առաջնորդում և սնուցում իրենց, և ուստի նրանք բնականորեն միշտ պահում են Իմ խոսքերը։ Ժամանակի ընթացքում նրանք բացահայտում են մարդկային կյանքի գաղտնիքը, մարդկության հանգրվանը և մարդ լինելու արժեքը։ Ահա թե ինչպիսին է մարդկությունն Իմ խոսքերի ներկայությամբ, և Ես պարզապես թույլ եմ տալիս, որ ամեն ինչ իր հունով ընթանա։ Ես որևէ գործ չեմ անում, որը մարդկանց կստիպի Իմ խոսքերը դարձնել իրենց գոյության հիմքը։ Ուստի նրանք, ովքեր երբեք խիղճ չեն ունեցել, և որոնց գոյությունը երբեք որևէ արժեք չի ունեցել, համարձակորեն մի կողմ են նետում Իմ խոսքերը և, լուռ հետևելով իրադարձությունների ընթացքին, վարվում են այնպես, ինչպես ցանկանում են։ Նրանք սկսում են զզվանք զգալ ճշմարտության և այն ամենի հանդեպ, ինչ գալիս է Ինձնից։ Ավելին՝ նրանք զզվանք են զգում Իմ տանը մնալուց։ Հանուն իրենց հանգրվանի և պատժից խուսափելու համար՝ այս մարդիկ որոշ ժամանակ բնակվում են Իմ տանը, նույնիսկ եթե նրանք տքնում են։ Սակայն նրանց մտադրություններն ու արարքները երբեք չեն փոխվում։ Սա մեծացնում է օրհնությունների հանդեպ նրանց ցանկությունը և մեծացնում է արքայություն մեկընդմիշտ մտնելու և այնտեղ հավիտյան մնալու նրանց փափագը՝ անգամ մտնելու հավիտենական երկինք։ Որքան շատ են նրանք տենչում, որ Իմ օրը շուտ գա, այնքան ավելի են զգում, որ ճշմարտությունը խոչընդոտ է դարձել՝ գայթակղության քար իրենց ճանապարհին։ Նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ ոտք կդնեն արքայություն, որպեսզի հավիտյան վայելեն երկնքի արքայության օրհնությունները. այս ամենը՝ առանց ճշմարտությանը ձգտելու կամ դատաստանն ու պատիժն ընդունելու անհրաժեշտության, և առավել ևս՝ առանց Իմ տանը սողալու և Իմ հրամանները կատարելու անհրաժեշտության։ Այս մարդիկ Իմ տուն են մտնում ոչ թե ճշմարտությունը որոնելու իրենց ցանկությունը բավարարելու համար, ոչ էլ Իմ տնօրինման հետ համագործակցելու. նրանց նպատակը պարզապես գալիք դարաշրջանում չկործանվողների շարքում լինելն է։ Ուստի նրանց սրտերը երբեք չեն իմացել, թե ինչ է ճշմարտությունը, կամ թե ինչպես պետք է ընդունել ճշմարտությունը։ Սա է պատճառը, թե ինչու նման մարդիկ երբեք չեն կիրարկել ճշմարտությունը և չեն գիտակցել իրենց ապականության խորությունը, սակայն շարունակաբար բնակվել են Իմ տանը՝ որպես «ծառաներ»։ Նրանք «համբերատար» սպասում են Իմ օրվա գալստյանը և անխոնջ են, երբ տարուբերվում են Իմ աշխատանքի եղանակներից։ Բայց որքան էլ մեծ լինեն նրանց ջանքերը, կամ ինչ գին էլ որ նրանք վճարեն, ոչ ոք երբեք չի տեսել, որ նրանք տառապեն ճշմարտության համար կամ որևէ բան տան հանուն Ինձ։ Իրենց սրտերում նրանք անհամբերությամբ այրվում են՝ տեսնելու այն օրը, երբ Ես վերջ կդնեմ հին դարաշրջանին և, ավելին, չեն համբերում պարզել, թե որքան մեծ են Իմ զորությունն ու իշխանությունը։ Այն, ինչ նրանք երբեք չեն շտապել անել, իրենց փոխելն ու ճշմարտությանը ձգտելն է։ Նրանք սիրում են այն, ինչից Ես զզվում եմ, և զզվում են նրանից, ինչ Ես սիրում եմ։ Նրանք փափագում են այն, ինչ Ես ատում եմ, բայց վախենում են կորցնել այն, ինչից Ես գարշում եմ։ Նրանք ապրում են այս չար աշխարհում՝ երբեք չատելով այն, և այնուամենայնիվ, խորապես վախենում են, որ Ես կկործանեմ այն։ Իրենց հակասական մտադրությունների մեջ նրանք սիրում են այս աշխարհը, որից Ես գարշում եմ, բայց նաև տենչում են, որ Ես հապշտապ կործանեմ այն, որպեսզի իրենք զերծ մնան կործանման տառապանքից և վերածվեն հաջորդ դարաշրջանի տերերի, նախքան ճշմարիտ ճանապարհից շեղվելը։ Պատճառն այն է, որ նրանք չեն սիրում ճշմարտությունը և զզվում են այն ամենից, ինչ գալիս է Ինձնից։ Նրանք կարող են կարճ ժամանակով դառնալ «հնազանդ մարդիկ»՝ օրհնությունները չկորցնելու համար, բայց օրհնված լինելու նրանց անհանգստությունը և կործանվելու ու կրակե լիճը մտնելու վախը երբեք չեն կարող կոծկվել։ Երբ Իմ օրը մոտենում է, նրանց ցանկությունն աստիճանաբար ավելի է ուժեղանում։ Եվ որքան մեծ է աղետը, այնքան ավելի է այն անօգնական դարձնում նրանց. նրանք չգիտեն որտեղից սկսել, որպեսզի ուրախացնեն Ինձ և խուսափեն այն օրհնությունները կորցնելուց, որոնք այդքան երկար տենչացել են։ Նման մարդիկ անհամբերությամբ ցանկանում են գործի անցնել որպես առաջնագծի մարտիկներ, հենց որ Իմ ձեռքը սկսում է Իր աշխատանքը։ Նրանք մտածում են միայն զորքի ամենաառաջին գիծը նետվելու մասին՝ խորապես վախենալով, որ Ես չեմ տեսնի իրենց։ Նրանք անում և ասում են այն, ինչ ճիշտ են համարում՝ երբեք չիմանալով, որ իրենց գործերն ու արարքները երբեք կապ չեն ունեցել ճշմարտության հետ, և որ իրենց արարքները պարզապես խարխլում և խափանում են Իմ ծրագիրը։ Գուցե նրանք մեծ ջանքեր են գործադրել և ճշմարիտ են եղել նեղություններին դիմանալու իրենց վճռականության ու մտադրության մեջ, բայց այն, ինչ նրանք անում են, որևէ կապ չունի Ինձ հետ, քանզի Ես երբեք չեմ տեսել, որ նրանց գործերը բխեն բարի մտադրություններից, առավել ևս չեմ տեսել, որ նրանք որևէ բան դնեն Իմ զոհասեղանին։ Այսպիսին են այն գործերը, որոնք նրանք արել են Իմ առջև այս երկար տարիների ընթացքում։
Ի սկզբանե Ես ցանկանում էի ձեզ ապահովել ավելի շատ ճշմարտություններով, բայց ստիպված էի ձեռնպահ մնալ դրանից, որովհետև ճշմարտության հանդեպ ձեր վերաբերմունքը չափազանց սառն է և անտարբեր. Ես չեմ կամենում, որ Իմ սրտի արյունը վատնվի, ոչ էլ ցանկանում եմ տեսնել մարդկանց, որոնք պահել են Իմ խոսքերը, սակայն ամեն կերպ անում են այն, ինչ հակադրվում է Ինձ, չարախոսում է Ինձ և հայհոյում Ինձ։ Ձեր վերաբերմունքի և ձեր մարդկայնության պատճառով Ես պարզապես ապահովում եմ ձեզ Իմ խոսքերի մի փոքր, բայց ձեզ համար շատ կարևոր մասով, որը ծառայում է որպես մարդկության մեջ Իմ փորձնական գործը։ Միայն այժմ Ես ճշմարտապես հաստատեցի, որ Իմ կայացրած որոշումներն ու ծրագիրը համապատասխանում են ձեր կարիքներին և, ավելին, որ Իմ վերաբերմունքը մարդկության հանդեպ ճիշտ է։ Իմ առջև ձեր բազմամյա վարքագիծն Ինձ տվեց մի աննախադեպ պատասխան, և այս պատասխանի հարցը հետևյալն է. «Ո՞րն է մարդու վերաբերմունքը ճշմարտության և ճշմարիտ Աստծու առջև»։ Սրտի արյունը, որ Ես հեղել եմ մարդու համար, ապացուցում է մարդու հանդեպ սիրո Իմ էությունը, և Իմ առջև մարդու ամեն մի արարք ապացուցում է ճշմարտության հանդեպ նրա ունեցած զզվանքի և Ինձ հակառակվելու նրա էությունը։ Բոլոր ժամանակներում Ես մտահոգված եմ եղել բոլոր նրանցով, ովքեր հետևել են Ինձ, սակայն երբեք Ինձ հետևողներն ի վիճակի չեն եղել ընդունելու Իմ խոսքերը. նրանք նույնիսկ ի վիճակի չեն ընդունելու Իմ առաջարկությունները։ Ահա թե ինչն է Ինձ ամենից շատ տխրեցնում։ Ոչ ոք երբեք չի կարողացել հասկանալ Ինձ և, ավելին, ոչ ոք երբեք չի կարողացել ընդունել Ինձ, նույնիսկ եթե Իմ վերաբերմունքն անկեղծ է, և Իմ խոսքերը՝ մեղմ։ Ամեն ոք փորձում է անել այն գործը, որը Ես հանձնարարել եմ իրեն՝ համաձայն իր սեփական գաղափարների. նրանք չեն որոնում Իմ մտադրությունները, ուր մնաց՝ հարցնեն, թե Ես ինչ եմ պահանջում իրենցից։ Նրանք դեռևս պնդում են, թե հավատարմորեն ծառայում են Ինձ՝ այն դեպքում, երբ ապստամբում են Իմ դեմ։ Շատերը հավատում են, որ այն ճշմարտությունները, որոնք անընդունելի են իրենց համար կամ որոնք իրենք չեն կարող կիրարկել, ճշմարտություններ չեն։ Նման մարդկանց համար Իմ ճշմարտությունները դառնում են մի բան, որը մերժվում և մի կողմ է նետվում։ Միևնույն ժամանակ, մարդիկ խոսքով ճանաչում են Ինձ` որպես Աստված, բայց նաև համարում են Ինձ օտարական, որ ճշմարտությունը, ճանապարհը կամ կյանքը չէ։ Ոչ ոք չգիտի այս ճշմարտությունը. Իմ խոսքերը հավերժ անփոփոխ ճշմարտությունն են. Ես եմ մարդու համար կյանքի սնուցումը և մարդկության միակ առաջնորդը. Իմ խոսքերի արժեքն ու իմաստը չեն որոշվում նրանով, թե արդյոք դրանք ճանաչվում և ընդունվում են մարդկության կողմից, այլ հենց խոսքերի էությամբ. և անգամ եթե այս երկրի վրա ոչ մի մարդ չկարողանա ընդունել Իմ խոսքերը, Իմ խոսքերի արժեքն ու դրանց օգնությունը մարդկությանն անգնահատելի են ցանկացած մարդու համար։ Հետևաբար, երբ բախվում եմ բազում մարդկանց հետ, որոնք ապստամբում են Իմ խոսքերի դեմ, հերքում կամ բացարձակապես արհամարհում են դրանք, Իմ վերաբերմունքը միայն սա է՝ թող ժամանակն ու փաստերը լինեն Իմ վկան և ապացուցեն, որ Իմ խոսքերը ճշմարտությունը, ճանապարհը և կյանքն են։ Թող դրանք ապացուցեն, որ այն ամենը, ինչ Ես ասել եմ, ճիշտ է, որ դա այն է, ինչ մարդը պետք է ունենա և, առավել ևս, այն, ինչ մարդը պետք է ընդունի։ Ես թույլ կտամ Ինձ հետևող բոլոր մարդկանց իմանալ այս փաստը. նրանք, ովքեր չեն կարող լիովին ընդունել Իմ խոսքերը, նրանք, ովքեր չեն կարող կիրարկել Իմ խոսքերը, նրանք, ովքեր չեն կարող նպատակ գտնել Իմ խոսքերի մեջ, և նրանք, ովքեր չեն կարող ստանալ փրկության շնորհն Իմ խոսքերի միջոցով, նրանք են, ովքեր դատապարտված են Իմ խոսքերով. առավել ևս՝ նրանք են, ովքեր կորցրել են Իմ փրկության շնորհը, և Իմ գավազանը երբեք չի հեռանա նրանցից։
16 ապրիլի, 2003թ.