Գլուխ 38
Մարդու փորձառաբար ապրածի մեջ երբեք չի եղել Իմ որևէ հետք, երբեք չի եղել Իմ խոսքերի ուղղորդումը։ Արդյունքում միշտ մեծ հեռավորության վրա եմ պահել մարդուն և հետագայում լքել եմ նրան։ Ատում եմ մարդկության ըմբոստությունը։ Չգիտեմ, թե ինչու․ կարծես ի սկզբանե ատել եմ մարդուն, սակայն նաև խորը կարեկցանք եմ զգում նրա հանդեպ։ Ուստի մարդիկ միշտ երկու վերաբերմունք են ունեցել Իմ հանդեպ, քանի որ Ես սիրում եմ մարդուն և նաև ատում եմ նրան։ Մարդկանց մեջ ո՞վ է ճշմարտապես հաշվի առնում Իմ սերը։ Եվ ո՞վ է հաշվի առնում Իմ ատելությունը։ Իմ աչքերում մարդը մեռած բան է՝ զուրկ կյանքից, կարծես կավե արձան լինի բոլոր բաների մեջտեղում։ Իր ըմբոստության պատճառով մարդը ժամանակ առ ժամանակ հարուցում է Իմ բարկությունը։ Երբ ապրում եմ մարդկանց մեջ, ի պատասխան Իմ հանկարծակի գալստյանը՝ նա թույլ ժպտում է, որովհետև միշտ գիտակցաբար «փնտրում» է Ինձ։ Կարծես երկրի վրա խաղամ մարդու հետ․ նա երբեք Ինձ լուրջ չի ընդունում։ Իմ հանդեպ նրա վերաբերմունքի պատճառով այլ ելք չունեմ, քան «թոշակի անցնել» մարդու «աշխատավայրից»։ Այնուամենայնիվ, ուզում եմ հայտարարել, որ թեև «թոշակի եմ անցնում», Իմ «թոշակը» չի կարող պակասել անգամ մեկ լումայով։ Մարդու «աշխատավայրում» Իմ «աշխատանքային ստաժի» պատճառով շարունակում եմ պահանջել նրանից այն վճարը, որը դեռ պարտք է Ինձ։ Թեև նա լքել է Ինձ, ինչպե՞ս կարող է փախչել Իմ ձեռքից։ Մի անգամ որոշ չափով թուլացրի մարդկանց բռնելուս ուժը՝ թույլ տալով նրանց ազատորեն տարվել իրենց մսեղավոր ցանկություններով, և դրա պատճառով նրանք համարձակվեցին սանձարձակ կերպով վարվել՝ անկաշկանդորեն, ինչից կարելի է տեսնել, որ ճշմարտապես չեն սիրում Ինձ, քանի որ բոլորն ապրում են մսեղիի մեջ։ Մի՞թե ճշմարիտ սերը տրվում է մսեղիի դիմաց։ Մի՞թե այն, ինչ պահանջում եմ մարդուց, լոկ մսեղիի «սերն» է։ Եթե իսկապես այդպես լիներ, ապա ի՞նչ արժեք կունենար մարդը։ Մարդիկ բոլորն անարժեք ա՛ղբ են։ Եթե չլինեին դիմանալու Իմ «հատուկ կարողությունները», վաղուց լքած կլինեի մարդկությանը. ինչո՞ւ Ինքս Ինձ ենթարկեի նման տառապանքի՝ մնալով նրանց հետ, որ Ինձ «ճնշեն»։ Միևնույն է, Ես դիմանում եմ։ Ուզում եմ տեսնել, թե հատկապես ինչ տեսակ «գործով» է զբաղվում մարդը։ Երբ երկրի վրա Իմ գործն ավարտվի, կբարձրանամ վեր՝ դեպի երկինք, որ դատեմ բոլոր բաների «տիրոջը»․ սա Իմ առաջնային գործն է, քանի որ մարդու հանդեպ Իմ ատելությունն արդեն հասել է որոշակի աստիճանի։ Ո՞ր մարդը չէր ատի իր թշնամուն։ Ո՞ր մարդը չէր բնաջնջի իր թշնամուն։ Երկնքում Սատանան Իմ բնական թշնամին է, երկրի վրա մարդն Իմ ոխերիմ թշնամին է։ Երկնքի և երկրի միության պատճառով մեղավոր եմ ճանաչում նրանց բոլորին՝ մինչև իններորդ աստիճանի ազգականներ, և ոչ մեկը չի խնայվի։ Ո՞վ է ասել նրանց դիմակայել Ինձ։ Ո՞վ է ասել նրանց ըմբոստանալ Իմ դեմ։ Ինչո՞ւ մարդիկ անկարող են խզել իրենց երկարուձիգ կապերն իրենց հին բնության հետ։ Ինչո՞ւ է նրանց մսեղին միշտ փթթում իրենց ներսում։ Այս ամենն ապացույց է, որը հիմնավորում է Իմ դատաստանը մարդու հանդեպ։ Ո՞վ չի համարձակվում տեղի տալ փաստերին։ Ո՞վ է համարձակվում ասել, որ Իմ դատաստանը գունավորված է զգացմունքներով։ Ես ի բնե տարբերվում եմ մարդուց, ուստի և լքում եմ նրան, քանի որ Ես պարզապես մարդկային ցեղից մեկը չեմ։
Այն ամենն, ինչ անում եմ, հիմք ունի․ երբ մարդն իր բերանով Ինձ «բացահայտում է» «ճշմարիտ փաստերը», նրան ուղեկցում եմ «մահապատժի վայր», քանի որ նրա վիրավորանքը բավարար է Իմ հանդիմանությանն արժանանալու համար։ Եվ այսպես, Ես կուրորեն հանդիմանություն չեմ տալիս, այլ հանդիմանում եմ մարդկանց՝ ըստ նրանց հանցանքի ճշմարիտ հանգամանքների։ Այլապես իր ըմբոստության պատճառով մարդը երբեք չէր խոնարհի գլուխը և իր մեղքը չէր ընդունի Ինձ։ Միայն այն պատճառով, որ հասել են գործերի ներկայիս վիճակին, բոլոր մարդիկ դժկամությամբ խոնարհում են գլուխները, բայց իրենց սրտերում մնում են չհամոզված։ Մարդկանց «բարիումի կախույթահեղուկ» եմ տվել խմելու, ուստի և նրանց ներքին օրգանները գեղեցիկ ու պարզ երևում են «տեսախցիկի» առաջ։ Կեղտն ու խառնուրդը չեն մաքրվել մարդկանց որովայններից․ ամեն տեսակ կեղտոտ բաներ հոսում են նրանց երակներով, և ուստի նրանց մարմիններում տոքսիններն ավելի ու ավելի են շատանում։ Քանի որ մարդիկ այնքան շատ տարիներ են ապրել նման հանգամանքներում, սովորել են դրանց և այլևս տարօրինակ չեն համարում։ Արդյունքում նրանց մարմիններում մանրէներն աճում են և լիովին զարգանում, ու յուրաքանչյուրն ապրում է դրանց տիրապետության տակ։ Ահա թե ինչու են մարդիկ վայրի ձիերի պես վազվզում ամենուր։ Սակայն նրանք երբեք լիովին չեն ընդունում սա․ պարզապես գլխով են անում՝ ցույց տալու համար, որ «համոզված» են։ Ճշմարտությունն այն է, որ մարդիկ Իմ խոսքերը սրտին մոտ չեն ընդունում։ Եթե Իմ խոսքերն ընդունեին որպես լավ դեղամիջոց, ապա «կհետևեին բժշկի ցուցումներին» և թույլ կտային, որ այս դեղամիջոցը բուժի իրենց ներսի հիվանդությունը։ Սակայն, Իմ կարծիքով, նրանց վարվելաձևը չի կարող կատարել Իմ ցանկությունը, և ուստի այն ամենը, ինչ կարող եմ անել, «ատամներս սեղմելն» է և նրանց հետ խոսելը շարունակելը։ Անկախ այն բանից՝ նրանք լսում են, թե ոչ, Ես միայն Իմ պարտավորությունն եմ կատարում։ Մարդիկ հոժարակամ չեն վայելելու Իմ օրհնությունները, այլ ավելի շուտ կընդունեին դժոխքի տանջանքները, ուստի այն ամենը, ինչ կարող եմ անել, նրանց խնդրանքին համաձայնելն է։ Սակայն, որպեսզի Իմ անունն ու Իմ Հոգին անպատվության չարժանանան դժոխքում, նախ կկարգավարժեմ նրանց, իսկ հետո «կհնազանդվեմ» նրանց ցանկություններին՝ այնպես անելով, որ «լցվեն հրճվանքով»։ Չեմ կամենում թույլ տալ, որ մարդը որևէ ժամանակ կամ որևէ վայրում անպատվություն բերի Ինձ Իմ դրոշը ծածանելիս, ինչի պատճառով նրան նորից ու նորից կարգավարժում եմ։ Առանց Իմ խիստ խոսքերի զսպման՝ ինչպե՞ս կարող էր մարդը շարունակել կանգնել Իմ առաջ մինչև այսօր։ Մի՞թե մարդիկ զերծ չեն մնում մեղքից միայն այն պատճառով, որ երկյուղում են, թե Ես կհեռանամ։ Մի՞թե ճիշտ չէ, որ չեն բողոքում միայն այն պատճառով, որ երկյուղում են հանդիմանությունից։ Կա՞ն արդյոք այնպիսիք, որոնց որոշումներն ամբողջությամբ կայացվում են հանուն Իմ ծրագրի։ Մարդիկ բոլորը կարծում են, որ Իմ աստվածայնությունը զուրկ է «բանականության որակից», բայց ո՞վ կարող է ընկալել, որ Իմ մարդկայնության մեջ ի վիճակի եմ թափանցելու ամեն ինչի մեջ։ Ինչպես մարդիկ են ասում․ «Ինչո՞ւ դարբնի մուրճ օգտագործել ընկույզ կոտրելու համար»։ Մարդը «սիրում» է Ինձ ոչ թե այն պատճառով, որ Իմ հանդեպ նրա սերը բնածին է, այլ որովհետև երկյուղում է հանդիմանությունից։ Մարդկանց մեջ ո՞վ է ծնվում Ինձ սիրող սրտով։ Կա՞ արդյոք մեկը, ով վերաբերվում է Ինձ այնպես, ինչպես վերաբերվում է իր սեփական սրտին։ Եվ այսպես, սա ամփոփում եմ մարդկային աշխարհի համար մի աֆորիզմով․ մարդկանց մեջ չկա մեկը, ով սիրում է Ինձ։
Միայն այն պատճառով, որ ցանկանում եմ ավարտին հասցնել Իմ գործը երկրի վրա, այսպես արագացրել եմ Իմ գործի ընթացքը։ Հակառակ դեպքում մարդիկ Իմ կողմից շպրտված կլինեն շատ հեռու՝ այնքան հեռու, որ կընկնեն անծայրածիր օվկիանոսը։ Ճիշտ այն պատճառով, որ նախապես ասել եմ նրանց հարցի ճշմարտությունը, որոշ չափով զգոն են։ Եթե այսպես չլիներ, կա՞ արդյոք մեկը, ով կբարձրացներ առագաստները փոթորկոտ եղանակի շեմին։ Բոլորը զբաղված են նախազգուշական միջոցներ ձեռնարկելով։ Կարծես թե նրանց սրտերում ավազակ եմ դարձել։ Երկյուղում են, որ ամեն ինչ կզավթեմ իրենց տներից, և ուստի ողջ ուժով, որ կարողանում են հավաքել իրենց մեջ, հրում են իրենց դռները՝ մահու չափ վախենալով, որ հանկարծակի կներխուժեմ։ Տեսնելով, որ վախկոտ առնետների պես են պահում իրենց, լուռ հեռանում եմ։ Մարդկանց երևակայության մեջ թվում է՝ աշխարհը պատրաստվում է արհավիրքի միջով անցնելու, և ուստի բոլորը խառնաշփոթության մեջ փախչում են՝ մահու չափ վախեցած։ Միայն այս ժամանակ եմ տեսնում երկրի վրա ամենուր թափառող ուրվականներին։ Չեմ կարողանում զսպել ծիծաղս, և Իմ ծիծաղի ձայների ընթացքում մարդն ապշում է և ահաբեկվում։ Միայն այդ ժամանակ եմ գիտակցում հարցի ճշմարտությունը, և ուստի զսպում եմ Իմ ժպիտն ու այլևս չեմ նայում, թե ինչ է կատարվում երկրի վրա՝ փոխարենը վերադառնալով գործի՝ Իմ սկզբնական ծրագրի համաձայն։ Այլևս մարդուն չեմ համարում նմուշ, որը ծառայում է որպես տիպար Իմ հետազոտության համար, քանի որ մարդիկ ընդամենը թափոններ են։ Երբ դեն եմ գցում նրանց, այլևս որևէ օգուտ չունեն․ թափոնների կտորներ են։ Այդ ժամանակ ոչնչացնում եմ նրանց և նետում կրակի մեջ։ Մարդկանց մտքերում Իմ ողորմությունն ու սիրառատ բարությունը պարունակվում են Իմ դատաստանի, մեծափառության և ցասման մեջ։ Բայց հազիվ թե իմանան, որ վաղուց անտեսել եմ նրանց թուլությունները, և որ վաղուց ետ եմ վերցրել Իմ ողորմությունն ու սիրառատ բարությունը, և ահա թե ինչու են իրենց այժմյան իրադրության մեջ։ Ոչ ոք ի վիճակի չէ ճանաչելու Ինձ, ոչ էլ կարող են հասկանալ Իմ խոսքերը կամ տեսնել Իմ դեմքը կամ ընկալել Իմ մտադրությունները։ Մի՞թե սրանք այն իրադրությունները չեն, որոնցում մարդն այժմ հայտնվել է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ասել, որ ողորմություն և սիրառատ բարություն ունեմ։ Ես հաշվի չեմ առնում մարդու թուլությունը, ոչ էլ «հոգ եմ տանում» նրա պակասությունների մասին։ Կարո՞ղ է արդյոք սա դեռևս լինել Իմ ողորմությունն ու սիրառատ բարությունը։ Կամ կարո՞ղ է արդյոք սա դեռևս լինել Իմ սերը մարդու հանդեպ։ Մարդիկ բոլորը կարծում են, որ «դատարկ հաճոյախոսություններ» եմ ասում, և ուստի չեն հավատում այն խոսքերին, որոնք ասում եմ։ Բայց կա՞ արդյոք մեկը, ով գիտի սա․ «Քանի որ սա այլ դարաշրջան է, Իմ ողորմությունն ու սիրառատ բարությունը գոյություն չունեն ներկայում․ այնուամենայնիվ, Ես հավերժ Աստվածն եմ, որ անում է այն, ինչ ասում է, որ կանի»։ Երբ մարդկության մեջ եմ, մարդիկ իրենց մտքերում Ինձ տեսնում են որպես Բարձրյալ, ուստի և կարծում են, որ Ես միշտ սիրում եմ խոսել Իմ իմաստության միջից։ Սա պատճառ է դառնում, որ միշտ թերահավատությամբ վերաբերվեն Իմ խոսքին։ Բայց կա՞ արդյոք մեկը, ով կարող է ընկալել Իմ խոսքի հետևում եղած կանոնները։ Կամ Իմ խոսքերի ակունքնե՞րը։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է ըմբռնել, թե իրականում ինչ եմ ցանկանում իրագործել։ Կամ ո՞վ կարող է թափանցել Իմ տնօրինման ծրագրի ավարտի սյուժեի մեջ։ Ո՞վ է ի վիճակի դառնալու Ինձ մտերիմ։ Բոլոր բաների մեջ ո՞վ, բացի Ինձնից, կարող է իմանալ, թե հատկապես ինչ եմ անում։ Եվ ո՞վ կարող է իմանալ, թե որն է Իմ վերջնական նպատակը։
Ապրիլի 30, 1992 թ.