Գլուխ 39
Ամեն օր շրջում եմ տիեզերքների վրայով՝ դիտարկելով Իմ ձեռքով ստեղծված բոլոր բաները։ Երկինքներից վերև Իմ հանգստավայրն է, իսկ երկինքներից ներքև այն երկիրն է, որտեղ Ես շրջում եմ։ Ես գերիշխանություն ունեմ ամեն ինչի նկատմամբ այն ամենի մեջ, ինչ կա, Ես իշխում եմ ամեն ինչի վրա բոլոր բաների մեջ՝ ստիպելով այն ամենին, ինչ կա, հետևել բնության ընթացքին և հանձնվել բնության հրամանին։ Քանի որ գարշում եմ նրանցից, ովքեր ըմբոստ են, և ատում եմ նրանց, ովքեր հակառակում են Ինձ ու չեն ընկնում իրենց իսկ դասակարգման մեջ, Ես կանեմ այնպես, որ ամեն ինչ առանց դիմադրության հնազանդվի Իմ կարգավորումներին. Իմ կառավարման միջոցով Ես կանոնավոր կդարձնեմ ամեն ինչ տիեզերքի վերևում և նրա ներսում։ Ո՞վ դեռ կհամարձակվի կամայականորեն դիմադրել Ինձ։ Ո՞վ կհամարձակվի չհնազանդվել Իմ ձեռքի կարգավորումներին։ Ինչպե՞ս կարող է մարդը որևէ «հետաքրքրություն» ունենալ Ինձ դավաճանելու մեջ։ Ես մարդկանց կբերեմ իրենց «նախնիների» առջև, կմղեմ նրանց նախնիներին նրանց ետ տանելու դեպի իրենց ընտանիքներ, և նրանց չի թույլատրվի «դավաճանել» իրենց նախնիներին ու վերադառնալ Ինձ մոտ։ Այսպիսին է Իմ ծրագիրը։ Այսօր Իմ Հոգին շարժվում է ողջ երկրում՝ համարակալելով բոլոր տեսակի մարդկանց, տարբեր նշաններ դնելով ամեն տեսակ մարդու վրա, որպեսզի նրանց նախնիները կարողանան հաջողությամբ վերադարձնել նրանց իրենց ընտանիքներին, և Ես կարիք չունենամ շարունակելու «անհանգստանալ» նրանց համար, ինչը չափազանց ձանձրացնող է. ուստի նաև «աշխատանքի բաշխում» և «համագործակցություն ու աշխատանքի բաժանում» եմ իրականացնում։ Սա Իմ ծրագրի մի մասն է, և ոչ մի մարդ չի կարող խաթարել։ Ես համապատասխան ներկայացուցիչներ կընտրեմ եղած ամեն ինչից, որպեսզի տնօրինեն բոլոր բաները՝ Իմ առջև բերելով բոլորի կանոնավոր հնազանդությունը։ Ես հաճախ դեգերում եմ երկինքներում և հաճախ քայլում դրանց ներքո։ Դիտելով մեծ աշխարհը, ուր մարդիկ գալիս ու գնում են, դիտարկելով մարդկությանը, որը խիտ բնակեցված է երկրի վրա, և տեսնելով երկրի վրա ապրող թռչուններին ու գազաններին՝ չեմ կարող զսպել հույզերի ալիքը Իմ սրտում։ Քանի որ արարչագործության ժամանակ Ես ստեղծեցի բոլոր բաները, և ամեն ինչի ամբողջությունն Իմ կարգավորումների ներքո կատարում է իր պարտավորությունն իր իսկ տեղում, Ես ծիծաղում եմ բարձունքից, և երբ երկինքների ներքո գտնվող բոլոր բաները լսում են Իմ ծիծաղի ձայնը, անմիջապես ոգեշնչվում են, քանզի այս պահին Իմ մեծ նախաձեռնությունն ավարտված է։ Մարդու ներսում Ես ավելացնում եմ երկնքի իմաստությունը՝ ստիպելով նրան ներկայացնել Ինձ բոլոր բաների մեջ, քանզի Ես մարդուն ստեղծեցի, որպեսզի նա լինի Իմ ներկայացուցիչը, ոչ թե նրա համար, որ նա ըմբոստանա Իմ դեմ, այլ փոխարենը, որ գովաբանի Ինձ իր սրտի խորքերում։ Եվ ո՞վ է ի վիճակի իրագործելու այս պարզ խոսքերը։ Ինչո՞ւ է մարդը միշտ իր սիրտը պահում իր համար։ Մի՞թե նրա սիրտն Ինձ համար չէ։ Բանն այն չէ, որ Ես անհիմն բաներ եմ պահանջում մարդուց, այլ այն, որ նա ի բնե Ինձ է պատկանում։ Ինչպե՞ս կարող էի պատահաբար ուրիշներին տալ այն բաները, որոնք Ինձ են պատկանում։ Ինչպե՞ս կարող էի Իմ պատրաստած «հագուստը» տալ մեկ այլ բանի, որ հագնի։ Մարդկանց աչքերում այնպես է, ասես Ես ողջամտությունից զուրկ հոգեկան հիվանդ լինեմ և ոչինչ չհասկանամ մարդկային ճանապարհներից ու բարքերից. ասես հիմար լինեմ։ Եվ այսպես՝ մարդիկ միշտ Ինձ պարզասիրտ մարդ են համարում, բայց նրանք երբեք ճշմարտապես չեն սիրում Ինձ։ Քանի որ մարդու ամեն մի շարժումն ու ժեստը նպատակ ունեն միտումնավոր կերպով հիմարացնելու Ինձ, զայրույթի պոռթկումով բնաջնջում եմ ողջ մարդկությանը։ Իմ ստեղծած բոլոր բաների մեջ միայն մարդկությունն է միշտ փորձում ուղիներ գտնել՝ Ինձ խաբելու համար, և միայն դրա պատճառով է, որ ասում եմ, թե մարդը բոլոր բաների «իշխանն» է։
Այսօր Ես բոլոր մարդկանց նետում եմ «մեծ հնոցի» մեջ՝ զտվելու համար։ Բարձրում կանգնած՝ ուշադիր հետևում եմ ու տեսնում, որ մարդիկ այրվում են կրակի մեջ, և որ, բոցերից հարկադրված, մարդիկ խոստովանում են փաստերը։ Սա այն միջոցներից մեկն է, որով Ես գործում եմ։ Եթե այդպես չլիներ, մարդիկ «խոնարհ» կձևանային, և ոչ ոք պատրաստակամ չէր լինի առաջինը բերան բացելու՝ խոսելու իր իսկ փորձառությունների մասին, այլ բոլորը պարզապես կնայեին միմյանց։ Հենց սա է Իմ իմաստության բյուրեղացումը, քանզի դարերից առաջ նախասահմանել եմ այսօրվա գործերը։ Այսպիսով՝ մարդիկ ակամա մտնում են հնոց, կարծես պարանով ներս քաշված լինեն, կարծես թմրած լինեն։ Ոչ ոք չի կարող խուսափել կրակի գրոհից, նրանք «հարձակվում են» միմյանց վրա, «ցնծությամբ վազվզում են» և հնոցի մեջ դեռևս տագնապում են իրենց իսկ ճակատագրի համար՝ խորապես վախենալով, որ մինչև մահ կայրվեն։ Երբ Ես խառնում եմ կրակը, այն ակնթարթորեն մեծանում է՝ բարձրանալով երկինք, իսկ բոցերը հաճախակի լիզում են Իմ հանդերձները՝ կարծես փորձելով դրանք հնոցի մեջ քաշել։ Մարդիկ լայն բացված աչքերով նայում են Ինձ։ Անմիջապես հետևելով կրակին՝ Ես մտնում եմ հնոց, և այդ պահին բոցերը մեծանում են, իսկ մարդիկ աղաղակում են։ Ես շրջում եմ կրակի մեջ։ Բոցերը վառվում են, բայց Ինձ վնասելու որևէ մտադրություն չունեն, և Ես Իմ մարմնի հանդերձները կրկին տալիս եմ բոցերին, սակայն դրանք հեռու են մնում Ինձնից։ Միայն այդ ժամանակ իսկապես մարդիկ բոցերի լույսի ներքո հստակ տեսնում են Իմ ճշմարիտ դեմքը։ Քանի որ նրանք հնոցի այրման մեջ են, Իմ դեմքի պատճառով փախչում են բոլոր ուղղություններով, և հնոցն անմիջապես սկսում է «եռալ»։ Բոլոր նրանք, ովքեր բոցերի մեջ են, տեսնում են մարդու Որդուն, որ կանգնած է կրակով այս զտման մեջտեղում․ թեև Նրա մարմնի վրայի հագուստը սովորական է, այն չափազանց գեղեցիկ է, թեև Նրա ոտքերի կոշիկներն աչքի չընկնող են, դրանք մեծ նախանձ են առաջացնում, Նրա դեմքից կրակե փայլ է ճառագում, Նրա աչքերը շողշողում են, և թվում է, թե հենց Նրա աչքերի լույսի պատճառով է, որ մարդիկ հստակ տեսնում են Նրա ճշմարիտ դեմքը։ Մարդիկ ապշած են և Նրա մարմինը ծածկող սպիտակ շղարշ են տեսնում, իսկ Նրա՝ բրդի պես ճերմակ մազերը Նրա ուսերից ներքև են իջնում։ Հատկանշական է, որ Նրա կրծքի ոսկե գոտին փայլում է կուրացնող լույսով, մինչդեռ Նրա ոտքերի կոշիկներն է՛լ ավելի տպավորիչ են։ Եվ քանի որ մարդու Որդու հագած կոշիկները մնում են կրակի մեջ, մարդիկ դրանք է՛լ ավելի հրաշալի են համարում։ Միայն բութ ցավի ալիքների ժամանակ են մարդիկ տեսնում մարդու Որդու բերանը։ Թեև նրանք կրակի զտման մեջ են, մարդու Որդու բերանից ոչ մի խոսք չեն հասկանում, ուստի այս պահին նրանք այլևս չեն լսում մարդու Որդու հաճելի ձայնը, այլ Նրա բերանում գտնվող սուր թուր են տեսնում, և որ Նա այլևս ոչինչ չի արտաբերում, այլ Նրա թուրն է վնասում մարդուն։ Բոցերով պաշարված՝ մարդիկ դիմանում են ցավին։ Իրենց հետաքրքրասիրության պատճառով նրանք շարունակում են դիտարկել մարդու Որդու արտասովոր արտաքինը և միայն այդ պահին են իսկապես հայտնաբերում, որ Նրա ձեռքի յոթ աստղերն անհետացել են։ Քանի որ մարդու Որդին հնոցում է և ոչ թե երկրի վրա, Նրա ձեռքի յոթ աստղերը վերացվել են, քանզի «յոթ աստղերը» սոսկ խորհրդանշական եզրույթ է։ Այս պահին դրանք այլևս չեն հիշատակվում, այլ բաշխված են մարդու Որդու մարմնի տարբեր մասերի միջև։ Մարդկանց հիշողություններում յոթ աստղերի գոյությունն անհարմարություն է բերում։ Այսօր Ես այլևս չեմ դժվարացնում մարդու վիճակը, մարդու Որդու ձեռքից վերցնում եմ յոթ աստղերը և մարդու Որդու մարմնի բոլոր մասերը միացնում եմ իրար՝ որպես մեկ ամբողջություն։ Միայն այս պահին է մարդը տեսնում Իմ ամբողջական կերպարանքը։ Մարդիկ այլևս չեն տարանջատի Իմ Հոգին Իմ մսեղիից, քանզի երկրից բարձրացել եմ վեր։ Մարդիկ տեսել են Իմ ճշմարիտ դեմքը, նրանք այլևս չեն մասնատում Ինձ, և Ես այլևս չեմ հանդուրժում մարդու զրպարտությունը։ Քանի որ Ես մարդու հետ միասին մտնում եմ մեծ հնոց, նա դեռ ապավինում է Ինձ, իր գիտակցության մեջ զգում է Իմ գոյությունը։ Այսպիսով՝ կրակի այրման մեջ այն ամենը, ինչ մաքուր ոսկի է, աստիճանաբար հավաքվում է Իմ շուրջը, որը հենց այն պահն է, երբ յուրաքանչյուրը դասակարգվում է ըստ իր տեսակի։ Ես դասակարգում եմ յուրաքանչյուր տեսակի «մետաղ»՝ անելով այնպես, որ դրանք բոլորը վերադառնան իրենց ընտանիքներին, և միայն հիմա են բոլոր բաները իսկապես սկսում վերակենդանանալ…
Քանի որ մարդու մեջ այդքան շատ խառնուրդներ կան, Ես նրան նետում եմ հնոցը՝ այրվելու համար։ Սակայն դա արվում է ոչ թե նրան բոցերով ոչնչացնելու, այլ զտելու համար, որպեսզի նա դառնա Իմ գնահատանքի առարկան․ քանզի իմ ուզածը մաքուր ոսկուց պատրաստված, առանց խառնուրդների բան է, ոչ թե կեղտոտ, աղտոտված բաներ։ Մարդիկ չեն հասկանում Իմ տրամադրությունը, ուստի «վիրահատական սեղանին» բարձրանալուց առաջ լցվում են տագնապով, կարծես թե նրանց մանրամասն վերլուծելուց հետո պատրաստվում եմ տեղնուտեղը սպանելու, երբ պառկած են վիրահատական սեղանին։ Ես հասկանում եմ մարդկանց տրամադրությունը և այդպիսով կարծես մարդկության մի անդամը լինեմ։ Ես մեծ կարեկցանք ունեմ մարդու «դժբախտության» հանդեպ և չգիտեմ, թե ինչու է մարդը «հիվանդացել»։ Եթե նա առողջ և առանց հաշմանդամության լիներ, ի՞նչ կարիք կլիներ գին վճարելու և ժամանակ անցկացնելու վիրահատական սեղանին։ Բայց փաստերն անշրջելի են․ ո՞վ ասաց մարդուն ուշադրություն չդարձնել «սննդի հիգիենային»։ Ո՞վ ասաց նրան ուշադրություն չդարձնել իր առողջությունը պահպանելու եղանակներին։ Այսօր ի՞նչ այլ միջոցներ ունեմ։ Մարդու հանդեպ Իմ կարեկցանքը ցույց տալու համար նրա հետ միասին մտնում եմ «վիրահատարան»․ և ո՞վ է ասել Ինձ սիրել մարդուն։ Այսպիսով՝ Ես անձամբ վերցնում եմ «վիրաբույժի դանակը» և սկսում «վիրահատել» մարդուն՝ որևէ բարդացում կանխելու համար։ Մարդու հանդեպ Իմ հավատարմության պատճառով ցավի մեջ մարդիկ արտասվում են՝ Ինձ իրենց երախտագիտությունը ցույց տալու համար։ Մարդիկ հավատում են, որ Ես այն մեկն եմ, որ կանգնում եմ Իմ «ընկերների» կողքին՝ օգնության ձեռք մեկնելով նրանց դժվարության պահին, ուստի է՛լ ավելի շնորհակալ են դառնում Իմ բարության համար և ասում են, որ հիվանդության բուժվելուց հետո Ինձ «պարգևներ» կուղարկեն․ բայց Ես ուշադրություն չեմ դարձնում մտադրության այդպիսի դրսևորումներին և դրա փոխարեն կենտրոնանում եմ մարդուն վիրահատելու վրա։ Մարդու ֆիզիկական թուլության պատճառով դանակի ազդեցության տակ նա ամուր փակում է աչքերը և շոկային վիճակի մեջ է ընկնում վիրահատական սեղանին․ սակայն ուշադրություն չեմ դարձնում, պարզապես շարունակում եմ կատարել Իմ ձեռքի տակ եղած գործը։ Երբ վիրահատությունն ավարտվում է, մարդիկ փրկվում են «վագրի երախից», և Ես սնուցում եմ նրանց հարուստ սննդանյութերով, ու առանց նրանց գիտակցելու՝ սննդանյութերն իրենց ներսում աստիճանաբար ավելանում են։ Ապա ժպտում եմ նրանց, և նրանք Իմ ճշմարիտ դեմքը հստակորեն տեսնում են միայն իրենց առողջությունը վերականգնելուց հետո ու այսպիսով ավելի շատ են սիրում Ինձ, Ինձ որպես իրենց Հայր են ընդունում․ և մի՞թե սա երկնքի ու երկրի միավորումը չէ։
1992 թ. Մայիսի 4