Գլուխ 40
Մարդիկ ուշադիր կերպով հետևում են Իմ ամեն մի շարժմանը, կարծես Ես պատրաստվում եմ երկինքը ներքև բերել, և միշտ շվարած են Իմ գործերից, կարծես Իմ արարքները լիովին անըմբռնելի են նրանց համար։ Ուստի իրենց արած ամեն ինչում շարժվում են Իմ ակնարկներով՝ խորապես վախենալով, որ կվիրավորեն Երկինքը և կնետվեն «մահկանացուների աշխարհ»։ Ես չեմ փորձում գտնել մարդկանց սխալները՝ նրանց դեմ օգտագործելու համար, ոչ էլ նրանց պակասություններն եմ Իմ գործի թիրախը դարձնում։ Այդ պահին նրանք շատ ուրախ են և սկսում են ապավինել Ինձ։ Երբ Ինձ տալիս եմ մարդուն, մարդիկ սիրում են Ինձ այնպես, ինչպես իրենց իսկ կյանքը, բայց երբ Ես նրանցից բաներ եմ պահանջում, խուսափում են Ինձնից։ Ինչո՞ւ է այդպես։ Մի՞թե ի վիճակի չեն կիրառելու նույնիսկ մարդկային աշխարհի ազնվությունն ու ողջամտությունը։ Ինչո՞ւ եմ Ես նորից ու նորից նման պահանջներ ներկայացնում մարդկանց։ Մի՞թե Ես իսկապես ոչինչ չունեմ։ Մարդիկ Ինձ մուրացկանի պես են վերաբերվում։ Երբ Ես նրանցից բաներ եմ պահանջում, Ինձ իրենց «ավելցուկներն» են մատուցում, որպեսզի «վայելեմ», և նույնիսկ ասում են, թե «հատուկ հոգատարություն» են ցուցաբերում Իմ հանդեպ։ Ես նայում եմ նրանց տգեղ դեմքերին ու տարօրինակ վիճակներին և կրկին հեռանում եմ մարդուց։ Նման հանգամանքներում մարդիկ անըմբռնող են մնում և կրկին ետ են վերցնում այն բաները, որոնք Ես մերժել եմ՝ սպասելով Իմ վերադարձին։ Ես շատ ժամանակ եմ ծախսել և մեծ գին եմ վճարել հանուն մարդու, բայց այս պահին, անհայտ պատճառով, մարդկանց խիղճը միշտ անկարող է մնում կատարելու իր սկզբնական գործառույթը։ Ուստի Ես այս «շփոթեցնող կասկածը» ներառում եմ «առեղծվածի խոսքերի» մեջ՝ որպես «ուղեցույց» ապագա սերունդների համար, քանի որ դրանք մարդկանց «տքնանքից» ծնված «գիտահետազոտական արդյունքներն» են. ինչպե՞ս կարող էի անփութորեն ջնջել դրանք։ Մի՞թե սա մարդկանց բարի մտադրությունները «անտեսել» չէր լինի։ Ի վերջո Ես խիղճ ունեմ, ուստի մարդու հետ խորամանկ, նենգ արարքների մեջ չեմ ներգրավվում. մի՞թե հենց այսպիսին չեն Իմ գործերը։ Մի՞թե սա մարդու ասած «անկեղծությունն ու ողջամտությունը» չէ։ Մարդկանց մեջ Ես մինչ օրս անդադար գործել եմ։ Նույնիսկ այսօր մարդիկ դեռ չեն ճանաչում Ինձ, դեռ օտարի պես են վերաբերվում Ինձ և նույնիսկ ավելի են ատում, քանի որ Ես նրանց առաջնորդել եմ դեպի «մահվան ճանապարհ»։ Այս պահին սերը նրանց սրտերում վաղուց անհետացել է առանց հետքի։ Ես չեմ պարծենում, առավել ևս չեմ նսեմացնում մարդուն։ Ես կարող եմ հավիտյան սիրել մարդուն և կարող եմ նաև հավիտյան ատել նրան, և սա երբեք չի փոխվի, քանի որ Ես հաստատակամություն ունեմ։ Սակայն մարդը չունի այս հաստատակամությունը, նա Իմ հանդեպ միշտ մերթ տաք է, մերթ սառը, միայն աննշան ուշադրություն է դարձնում Ինձ, երբ Ես բացում եմ Իմ բերանը, իսկ երբ փակում եմ բերանս ու ոչինչ չեմ ասում, շուտով կորչում է մեծ աշխարհի ալիքների մեջ։ Ուստի Ես ևս մեկ ասույթ եմ առաջ բերել. մարդիկ զուրկ են հաստատակամությունից և հետևաբար անկարող են բավարարել Իմ սիրտը։
Մինչ մարդիկ երազում են, Ես շրջում եմ աշխարհի երկրներում՝ մարդկանց մեջ տարածելով Իմ ձեռքերում եղած «մահվան շունչը»։ Բոլոր մարդիկ անմիջապես դուրս են գալիս կենսունակությունից և մտնում մարդկային կյանքի երկրորդ փուլ։ Մարդկության մեջ այլևս ոչ մի կենդանի էակ չի երևում, դիակները ցրված են ամենուր, կենսունակությամբ լի բաներն անմիջապես անհետանում են առանց հետքի, և դիակների խեղդող հոտը տարածվում է երկրով մեկ։ Ես անմիջապես ծածկում եմ Իմ դեմքը և հեռանում մարդուց, քանի որ սկսում եմ գործի հաջորդ քայլը՝ կենդանացածներին ապրելու տեղ տալով և բոլոր մարդկանց իդեալական երկրում ապրել տալով։ Սա այն օրհնված երկիրն է՝ երկիր առանց վշտի կամ հառաչանքների, որը Ես պատրաստել եմ մարդու համար. հովտի աղբյուրներից բխող ջուրը մինչև հատակը բյուրեղյա մաքրություն ունի, հոսում է անդադար և երբեք չի ցամաքում, մարդիկ Աստծու հետ ներդաշնակ են ապրում, թռչունները երգում են, և մեղմ զեփյուռի ու տաք արևի ներքո երկինքն ու երկիրը հանգստանում են։ Այսօր այստեղ բոլոր մարդկանց դիակներն ընկած են անկանոն կերպով։ Առանց մարդկանց իմանալու՝ Ես թափում եմ Իմ ձեռքերում եղած ժանտախտը, և մարդկանց դիակները քայքայվում են՝ գլխից մինչև ոտք մսեղիի ոչ մի հետք չթողնելով, և Ես հեռանում եմ մարդուց։ Ես այլևս երբեք չեմ հավաքվի մարդու հետ, այլևս երբեք չեմ գա մարդկանց մեջ, քանի որ Իմ ողջ տնօրինման վերջին փուլը ավարտվել է։ Ես կրկին չեմ ստեղծի մարդկությանը, կրկին ոչ մի ուշադրություն չեմ դարձնի մարդուն։ Իմ բերանից ելած խոսքերը կարդալուց հետո մարդիկ բոլորը կորցնում են հույսը, քանի որ չեն ուզում մեռնել։ Ո՞վ չի «մեռնում» հանուն «կենդանանալու»։ Երբ Ես մարդկանց ասում եմ, որ չունեմ նրանց կենդանացնելու կախարդանքը, ցավից պոռթկում են լացով. իսկապես, թեև Ես Արարիչն եմ, միայն մարդկանց մեռցնելու զորություն ունեմ և զուրկ եմ նրանց կենդանացնելու կարողությունից։ Այս հարցում Ես ներողություն եմ խնդրում մարդուց։ Ուստի նախապես ասացի մարդուն, որ «Ես նրան անվճարելի պարտք եմ մնացել», սակայն նա կարծեց, թե Ես քաղաքավարություն եմ անում։ Այսօր, փաստերի ի հայտ գալով, Ես դեռ ասում եմ սա։ Ես չեմ հակասի փաստերին, երբ խոսեմ։ Իրենց պատկերացումներում մարդիկ հավատում են, որ չափազանց շատ են այն ուղիները, որոնցով Ես խոսում եմ, և ուստի միշտ պահում են Իմ տված խոսքերը՝ միաժամանակ մեկ այլ բանի հուսալով։ Մի՞թե սրանք մարդու անպատշաճ շարժառիթները չեն։ Հենց այս հանգամանքներում է, որ Ես համարձակվում եմ «քաջաբար» ասել, որ մարդն իսկապես չի սիրում Ինձ։ Ես երես չէի թեքի խղճից և չէի խեղաթյուրի փաստերը, քանի որ մարդկանց չէի տանի իրենց իդեալական երկիրը. ի վերջո, երբ Իմ գործն ավարտվի, Ես նրանց կառաջնորդեմ դեպի մահվան երկիր։ Ես մարդկանց խորհուրդ եմ տալիս, որ լավ կլինի՝ չգանգատվեն Ինձնից։ Ո՞վ ասաց մարդկանց «սիրել» Ինձ։ Ո՞վ ասաց նրանց այդքան ուժգին օրհնություններ ցանկանալ։ Եթե մարդիկ չցանկանային օրհնություններ ստանալ, ինչպե՞ս կարող էր լինել այս «դժբախտությունը»։ Իմ հանդեպ մարդկանց «հավատարմության» պատճառով և հաշվի առնելով այն փաստը, որ երկար տարիներ հետևել են Ինձ՝ քրտնաջան աշխատելով, չնայած երբեք որևէ ներդրում չեն ունեցել, Ես նրանց համար փոքր-ինչ «գաղտնի սենյակի ներսից գաղտնի տեղեկատվություն» եմ բացահայտում. հաշվի առնելով, որ այսօր Իմ գործը դեռ չի հասել այդ կետին, և մարդիկ դեռ չեն նետվել կրակե փոսը, Ես նրանց խորհուրդ եմ տալիս որքան հնարավոր է շուտ հեռանալ. բոլոր նրանք, ովքեր կմնան, ամենայն հավանականությամբ կհանդիպեն աղետի, և, միևնույն է, ի վերջո չեն կարողանա խուսափել մահից։ Ես նրանց համար «լայնորեն բացում եմ հարստության դուռը»։ Ով պատրաստակամ է հեռանալու, պետք է որքան հնարավոր է շուտ ճանապարհ ընկնի։ Եթե սպասեն մինչև պատժի գալուստը, չափազանց ուշ կլինի։ Այս խոսքերը ծաղրանք չեն. դրանք ճշմարիտ փաստեր են։ Իմ խոսքերը մարդուն մաքուր խղճով են ասվում, և եթե հիմա չգնաք, ե՞րբ կգնաք։ Արդյո՞ք մարդիկ իսկապես ի վիճակի են վստահելու Իմ խոսքերին։
Ես երբեք շատ չեմ մտորել մարդու ճակատագրի շուրջ. Ես պարզապես հետևում եմ Իմ կամքին և չեմ կաշկանդվում մարդկանց կողմից։ Ինչպե՞ս կարող էի նրանց վախերի պատճառով ետ քաշել Իմ ձեռքը։ Իմ ողջ տնօրինման ծրագրի ընթացքում Ես երբեք որևէ հավելյալ կարգավորում չեմ արել մարդու բոլոր փորձառությունների համար։ Ես պարզապես գործում եմ ըստ Իմ սկզբնական ծրագրի։ Նախկինում մարդիկ իրենց «ընծայում էին» Ինձ համար, և Ես նրանց հանդեպ ոչ տաք էի, ոչ էլ սառը։ Այսօր նրանք Ինձ համար «վտանգի են ենթարկել ամեն ինչ», և Ես շարունակում եմ նրանց հանդեպ ոչ տաք, ոչ էլ սառը մնալ։ Ես չեմ տարվում հրճվանքով այն պատճառով, որ մարդիկ պատրաստ են զոհելու իրենց կյանքն Ինձ համար, ոչ էլ անչափ ուրախանում եմ. Ես դեռ նրանց ուղարկում եմ մահապատժի վայր՝ ըստ Իմ ծրագրի։ Ես ուշադրություն չեմ դարձնում խոստովանության ժամանակ նրանց վերաբերմունքին. ինչպե՞ս կարող էր մարդու սիրտը հուզել Իմ սառցե, սառը սիրտը։ Մի՞թե Ես մարդկության մեջ եղող զգացմունքային էակներից մեկն եմ։ Ես շատ անգամներ հիշեցրել եմ մարդկանց, որ զուրկ եմ մսեղավոր զգացմունքներից, բայց նրանք պարզապես ժպտում են՝ կարծելով, թե լոկ քաղաքավարություն եմ անում։ Ես ասել եմ, որ «Ես անտեղյակ եմ մարդկության աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններից», բայց մարդիկ երբեք այդպես չեն մտածել և ասել են, որ այն միջոցները, որոնցով Ես խոսում եմ, չափազանց շատ են։ Մարդու այս պատկերացման կաշկանդումների պատճառով Ես չգիտեմ, թե ինչ տոնով և ինչ միջոցներով խոսեմ մարդկանց հետ, և ուստի, այլ ընտրություն չունենալով, նրանց հետ կարող եմ խոսել՝ միայն նրանց ուղղակիորեն բաներ ասելով։ Էլ ի՞նչ կարող եմ Ես անել։ Միջոցները, որոնցով մարդիկ խոսում են, չափազանց շատ են. Նրանք ասում են. «Մենք չպետք է հենվենք մեր զգացմունքների վրա, այլ պետք է արդարություն կիրառենք», ինչը կարգախոս է, որը բղավել են երկար տարիներ, բայց անկարող են գործել իրենց խոսքերի համաձայն. փոխարենը պարզապես դատարկ խոսքեր են ասում։ Ուստի Ես ասում եմ, որ մարդիկ զուրկ են այն կարողությունից, որ «խոսքերն ու փաստերը միաժամանակ տեղի ունենան»։ Իրենց սրտերում մարդիկ հավատում են, որ այսպես վարվելն Ինձ ընդօրինակելն է, սակայն Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ նրանց ընդօրինակման հանդեպ, Ես հակակրանք եմ տածում դրա հանդեպ։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ կծում իրենց կերակրող ձեռքը։ Մի՞թե Ես չափազանց քիչ եմ տվել մարդուն։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ Իմ մեջքի հետևում գաղտնի կերպով երկրպագում Սատանային։ Ասես աշխատում են Ինձ համար, և այն ամսական աշխատավարձը, որ Ես տալիս եմ նրանց, բավարար չէ իրենց ապրուստի ծախսերը հոգալու համար, ինչի պատճառով աշխատանքային ժամերից դուրս մեկ այլ աշխատանք են փնտրում՝ իրենց աշխատավարձը կրկնապատկելու համար, քանի որ մարդկանց ծախսերը չափազանց մեծ են, և նրանք կարծես չգիտեն՝ ինչպես ապրել իրենց կյանքը։ Եթե իսկապես այդպես լիներ, Ես նրանց կխնդրեի լքել Իմ «գործարանը»։ Ես վաղուց բացատրել եմ մարդուն, որ Ինձ համար աշխատելը որևէ հատուկ վերաբերմունք չի ենթադրում. առանց բացառության՝ Ես մարդկանց վերաբերվում եմ արդար և ողջամիտ կերպով՝ որդեգրելով «շատ աշխատիր՝ շատ ձեռք բեր, քիչ աշխատիր՝ քիչ ձեռք բեր, և մի աշխատիր՝ ոչինչ ձեռք մի բեր» համակարգը։ Երբ Ես խոսում եմ, խոսում եմ անկեղծ և պարզ. եթե որևէ մեկը հավատում է, որ Իմ «գործարանի կանոնները» չափազանց խիստ են, նա պետք է անմիջապես հեռանա, Ես կվճարեմ նրա «ճանապարհածախսը»՝ քաղաքից դուրս գալու համար։ Ես «ներողամիտ» եմ նման մարդկանց հետ Իմ վարվելակերպում, Ես նրանց չեմ ստիպում մնալ։ Այս անթիվ մարդկանց մեջ մի՞թե չէի կարող գտնել մի «աշխատողի», որը համապատասխանում է Իմ մտադրություններին։ Մարդիկ չպետք է թերագնահատեն Ինձ։ Եթե մարդիկ դեռ ըմբոստանում են Իմ դեմ և ցանկանում են այլուր «աշխատանք» փնտրել, Ես չեմ ստիպի նրանց. Ես սիրով ճանապարհ կդնեմ նրանց, այլ ընտրություն չունեմ։ Մի՞թե դա այն պատճառով չէ, որ Ես չափազանց շատ «կանոններ և կարգավորումներ» ունեմ։
1992 թ. Մայիսի 8