Գլուխ 42
Հենց որ նոր գործը սկսվում է, բոլոր մարդիկ նոր մուտք են ունենում և Ինձ հետ ձեռք ձեռքի տված՝ առաջ են գնում։ Միասին քայլում ենք թագավորության մեծ ճանապարհով, և մարդու ու Իմ միջև այնպիսի սերտ մտերմություն կա։ Ես միշտ խոսել եմ մարդու հետ, որպեսզի ցույց տամ Իմ տրամադրությունը և դրսևորեմ Իմ վերաբերմունքը մարդու հանդեպ։ Սակայն այս խոսքերից մի քանիսը գուցե վիրավորել են մարդկանց, մինչդեռ որոշներն էլ գուցե շատ են օգնել նրանց, ուստի մարդկանց խորհուրդ եմ տալիս ավելի հաճախ լսել Իմ բերանից դուրս եկող խոսքերը։ Իմ խոսքերը գուցե առանձնապես պերճաշուք չեն, բայց դրանք բոլորն Իմ սրտի խորքից ելնող խոսքեր են։ Մարդկությունն Իմ ընկերն է, ուստի Ես շարունակել եմ Իմ գործն իրականացնել մարդկանց շրջանում, և մարդը նույնպես անում է հնարավոր ամեն բան՝ Ինձ հետ համագործակցելու համար՝ խորապես վախենալով Իմ գործը խաթարելուց։ Այս պահին Իմ սիրտը լցված է մեծ բերկրանքով, քանի որ ձեռք եմ բերել մի խումբ մարդկանց, և ուստի Իմ «ձեռնարկությունն» այլևս ճգնաժամի մեջ չէ. այն այլևս դատարկ խոսքերից չի բաղկացած, և Իմ «մասնագիտացված շուկան» այլևս դանդաղորեն չի գործում։ Մարդիկ ի վերջո խելամիտ են. նրանք բոլորը պատրաստակամ են «ընծայելու իրենց» Իմ անվան և Իմ փառքի համար, և միայն այսկերպ է Իմ «մասնագիտացված բաժինը» որոշ նոր «ապրանքներ» ձեռք բերում, և ուստի հոգևոր ոլորտում շատ «հաճախորդներ» գալիս են գնելու Իմ «ապրանքները»։ Միայն այս պահից սկսած եմ փառք ձեռք բերում. միայն այդ ժամանակ Իմ բերանից ելած խոսքերն այլևս դատարկ չեն։ Ես հաղթանակել եմ և հաղթանակով վերադարձել, և բոլոր մարդիկ տոնում են Իմ պատվին։ Որպեսզի ցույց տա իր հիացմունքն Իմ հանդեպ և ցույց տա, որ հանձնվում է Իմ ոտքերի առջև, այս պահին մեծ կարմիր վիշապը նույնպես գալիս է «տոնելու», ինչը Ես որպես փառք եմ դիտարկում։ Արարչագործության ժամանակից մինչ օրս Ես բազմաթիվ հաղթական ճակատամարտեր եմ մղել և հիացմունքի արժանի շատ բաներ եմ արել։ Շատ մարդիկ ժամանակին տոնել են Իմ պատվին, գովաբանություն են մատուցել Ինձ և պարել Ինձ համար։ Թեև դրանք հուզիչ և անմոռանալի տեսարաններ էին, Ես երբեք ցույց չտվեցի Իմ ժպիտը, քանի որ դեռ չէի նվաճել մարդուն և պարզապես անում էի գործի մի մասը, որը նման էր արարչագործության գործին։ Այսօրվա օրը նման չէ անցյալին։ Ես ժպտում եմ գահի վրայից, Ես նվաճել եմ մարդուն, և մարդիկ բոլորը խոնարհվում են Իմ առջև՝ երկրպագելով Ինձ։ Այսօրվա մարդիկ անցյալի մարդիկ չեն։ Ինչպե՞ս կարող էր իմ գործը ներկայից բացի այլ բանի համար լինել։ Ինչպե՞ս կարող էր Իմ փառքից բացի այլ բանի համար լինել։ Հանուն ավելի պայծառ վաղվա օրվա՝ Ես բազմիցս պարզորոշ ցույց կտամ Իմ ողջ գործը մարդու մեջ, որպեսզի Իմ ողջ փառքը կարողանա «հանգստանալ» արարված մարդու մեջ։ Ես սա որպես Իմ գործի սկզբունք կընդունեմ։ Ովքեր պատրաստակամ են համագործակցելու Ինձ հետ, ոտքի՛ կանգնեք և քրտնաջան աշխատե՛ք, որպեսզի Իմ փառքն ավելի շատ լցնի երկնակամարը։ Հիմա մեծ ծրագրեր իրականացնելու ժամանակն է։ Բոլոր նրանք, ովքեր գտնվում են Իմ սիրո խնամքի և պաշտպանության ներքո, հնարավորություն ունեն իրենց կարողություններն օգտագործելու այստեղ՝ Ինձ հետ, և հմտորեն կբանեցնեմ բոլոր բաները, որպեսզի դրանք «պտտվեն» հանուն Իմ գործի։ Երկնքում թռչող թռչուններն Իմ փառքն են երկնքում, երկրի վրայի ծովերն Իմ գործերն են երկրի վրա, բոլոր բաների տերերն Իմ դրսևորումներն են բոլոր բաների մեջ, և Ես օգտագործում եմ այն ամենը, ինչ կա երկրի վրա, որպես կապիտալ Իմ տնօրինման համար՝ ստիպելով բոլոր բաներին բազմանալ, ծաղկել և փայլել կյանքով։
Արարչագործության ժամանակ Ես արդեն որոշել էի, որ Իմ գործը երկրի վրա լիովին կավարտվի վերջին դարաշրջանում։ Այն ժամանակը, երբ Իմ գործն ավարտվի, կլինի հենց այն ժամանակը, երբ Իմ բոլոր արարքները հայտնի կդառնան երկնակամարում։ Ես երկրի վրայի մարդկանց կմղեմ ընդունելու Իմ արարքները և կստիպեմ, որ Իմ գործերն ապացուցվեն «դատաստանի աթոռի» առջև, կստիպեմ, որ Իմ գործերն ընդունվեն ողջ երկրի մարդկանց շրջանում, և կստիպեմ բոլորին ենթարկվել։ Ուստի սրանից հետո մի նախաձեռնություն կսկսեմ, որը երբեք չի իրականացվել անցած դարաշրջաններում։ Այսօրվանից սկսած՝ քայլ առ քայլ պարզորոշ ցույց կտամ Իմ գործերը, որպեսզի Իմ իմաստությունը, Իմ հրաշալիությունը և Իմ անըմբռնելիությունն ընդունվեն և ապացուցվեն հասարակության յուրաքանչյուր ոլորտում։ Մասնավորապես երկրի բոլոր իշխող կուսակցությունները կմղվեն ընդունելու Իմ գործերը, և Իմ արարքները կդատվեն «դատավորների» կողմից ու «կպաշտպանվեն» «փաստաբանների» կողմից՝ դրանով իսկ ստիպելով, որ Իմ արարքներն ընդունվեն, և ստիպելով բոլոր մարդկանց խոնարհել իրենց գլուխներն ու ենթարկվել։ Այս պահից սկսած՝ Իմ գործողությունները կճանաչվեն հասարակության յուրաքանչյուր ոլորտի կողմից, և սա կլինի այն պահը, երբ Ես ձեռք կբերեմ ողջ փառքը երկրի վրա։ Այդ ժամանակ կհայտնվեմ մարդուն և այլևս թաքնված չեմ լինի։ Ներկայում Իմ գործերը դեռ չեն հասել իրենց գագաթնակետին։ Իմ գործն առաջ է ընթանում, և երբ Իմ գործերը հասնեն իրենց գագաթնակետին, դա կլինի հենց այն ժամանակը, երբ Իմ գործն կավարտվի։ Ես լիովին կնվաճեմ բյուրավոր ազգերի մարդկանց, կստիպեմ, որ կատաղի գազաններն Իմ առջև գառների պես հեզ դառնան, և կստիպեմ, որ մեծ կարմիր վիշապն Իմ առջև հնազանդվի երկրի վրայի մարդկանց պես։ Ես պարտության կմատնեմ Իմ բոլոր թշնամիներին երկնքում և կստիպեմ, որ երկրի վրայի Իմ բոլոր հակառակորդները նվաճվեն։ Սա է Իմ ծրագիրը, և սա է Իմ գործերի հրաշալիությունը։ Այն ամենը, ինչ մարդը կարող է անել, Իմ ուղղորդման ներքո բնության ազդեցությամբ ապրելն է. նա չի կարող իր սեփական որոշումները կայացնել։ Ո՞վ կարող է փախչել Իմ ձեռքից։ Ողջ բնությունը բաժանել եմ տարբեր դասերի՝ ստիպելով, որ այն գոյություն ունենա օրենքների ներքո, և միայն դրա շնորհիվ է, որ երկրի վրա կան այնպիսի օրենքներ, ինչպիսիք են ջերմությունը գարնանը ու զովությունը աշնանը։ Պատճառը, թե ինչու են երկրի վրայի ծաղիկները ձմռանը թոշնում, իսկ ամռանը՝ ծաղկում, Իմ ձեռքի հրաշալիությունն է. պատճառը, թե ինչու են սագերը ձմռանը հարավ թռչում, այն է, որ Ես կարգավորում եմ ջերմաստիճանը. և պատճառը, թե ինչու են ծովերը մռնչում, այն է, որ ուզում եմ խեղդել ջրի մակերեսին եղած բաները։ Ի՞նչը չի դասավորվում Իմ կողմից։ Այս պահից սկսած՝ մարդու «բնության տնտեսությունը» լիովին պարտության է մատնվում Իմ խոսքերով, և մարդիկ այլևս չեն վերացնում Իմ ներկայությունը բնական օրենքների գոյության պատճառով։ Ո՞վ կարող է երբևէ կրկին ժխտել բոլոր բաների Իշխանի գոյությունը։ Երկնքում Ես Գլուխն եմ, բոլոր բաների մեջ Ես Տերն եմ, իսկ բյուրավոր մարդկանց մեջ գլխավորն եմ։ Ո՞վ կհամարձակվի սա «ներկով» թեթևամտորեն քողարկել։ Մի՞թե կեղծիքները կարող են խանգարել ճշմարտության գոյությանը։ Այս արժեքավոր առիթով մեկ անգամ ևս սկսում եմ Իմ ձեռքերում եղած գործը՝ այլևս չենթարկվելով մարդու խանգարմանը և շարունակելով մեքենաների «գործարկումը»։
Ես տարբեր «համեմունքներ» եմ ավելացրել Իմ խոսքերին, և ուստի կարող է թվալ, թե մարդկության աստղային խոհարարներից մեկն եմ։ Թեև մարդիկ չգիտեն՝ ինչպես համեմել իրենց կերակուրը, նրանք վայելում են դրա համը. «ափսեն» բռնած՝ նրանք բոլորը ճաշակում են Իմ պատրաստած «ճաշատեսակները»։ Չգիտեմ ինչու, բայց մարդիկ միշտ ուզում են ավելի շատ ուտել այն ճաշատեսակներից, որոնք անձամբ եմ պատրաստում։ Կարծես չափազանց բարձր են գնահատում Ինձ, կարծես Ինձ համարում են բոլոր համեմունքներից ամենաբարձրը և բոլորովին հաշվի չեն առնում ուրիշ մարդկանց։ Քանի որ չափազանց շատ արժանապատվություն ունեմ, չեմ ուզում, որ ուրիշների կայուն ապրուստը կործանվի Իմ պատճառով։ Ուստի Ես օգտագործում եմ առիթը՝ «խոհանոցից» հետ քաշվելու և ուրիշներին աչքի ընկնելու հնարավորություն տալու համար։ Միայն այսկերպ է Իմ սիրտը հանգիստ. չեմ ուզում ստիպել մարդկանց բարձր դասել Ինձ և արհամարհել ուրիշներին, դա ճիշտ չէր լինի։ Ի՞նչ արժեք ունի մարդկանց սրտերում կարգավիճակ ունենալը։ Մի՞թե իսկապես այդքան բռնակալ և անխոհեմ եմ։ Մի՞թե իսկապես պատրաստ եմ կարգավիճակ պահանջելու։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եմ այսպիսի մեծ նախաձեռնություն սկսում։ Ես չեմ ցանկանում ուրիշների դեմ պայքարել համբավի և շահի համար և արհամարհում եմ երկրային համբավն ու հարստությունը. սա այն չէ, ինչին ձգտում եմ։ Ես մարդուն որպես նմուշ չեմ տեսնում, չեմ կռվում կամ խլում, այլ ապրուստ եմ վաստակում՝ ապավինելով Իմ «արհեստին», և անխիղճ արարքներ չեմ գործում։ Ուստի, երբ շրջում եմ երկրի վրա, նախ գործում եմ և հետո եմ «Իմ ձեռքի աշխատանքի դիմաց վճար» պահանջում. միայն սա է մարդու կողմից ասված արդարությունն ու խելամտությունը։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, և ոչ էլ այն նվազագույն չափով նսեմացվում է. Ես խոսում եմ փաստերի ճշմարիտ իմաստի համաձայն։ Ետ ու առաջ եմ քայլում մարդկանց մեջ՝ փնտրելով նրանց, ովքեր արդար և խելամիտ են, սակայն սա ոչ մի պտուղ չի տվել։ Քանի որ մարդիկ բոլորը սիրում են սակարկել՝ կա՛մ չափազանց բարձր գին պահանջելով, կա՛մ չափազանց ցածր առաջարկ անելով, Ես դեռ անում եմ «Ինձ բաժին հասած գործը», որն Իմ ձեռքերում է։ Այսօր դեռ չգիտեմ, թե ինչու մարդն ամուր չի կառչում իր պարտավորությանը, և ինչու նա չգիտի, թե որքան մեծ է իր հասակը։ Մարդիկ չգիտեն՝ իրենց հասակը մի քանի գրամ է կշռում, թե մի քանի լյան[ա]։ Եվ ուստի նրանք դեռ շողոքորթում են Ինձ։ Կարծես Իմ ողջ գործն իզուր է եղել, կարծես Իմ խոսքերը միայն արձագանքում են հսկայական լեռների մեջ, և ոչ ոք երբևէ չի ճանաչել Իմ խոսքերի և արտահայտումների աղբյուրը։ Եվ այսպես՝ Ես սա որպես հիմք եմ օգտագործում՝ երրորդ ասույթը դուրս բերելու համար։ Մարդիկ չեն ճանաչում Ինձ, քանի որ նրանք չեն տեսնում Ինձ։ Կարծես Իմ խոսքերն ուտելուց հետո մարդիկ մարսողությանը նպաստող ինչ-որ դեղ են խմում, և քանի որ դեղամիջոցի կողմնակի ազդեցություններն այդքան ուժեղ են, նրանք հիշողության կորուստ են ունենում, և ուստի Իմ խոսքերը դառնում են այն, ինչը մոռացվում է նրանց կողմից, իսկ այն վայրը, որտեղ Ես եմ, դառնում է նրանց մոռացած անկյունը։ Այս պատճառով Ես հառաչում եմ։ Ինչո՞ւ եմ այդքան շատ գործ արել, սակայն մարդկանց մեջ դրա ոչ մի ապացույց չկա։ Մի՞թե բավարար ջանք չեմ գործադրել։ Թե՞ դա այն պատճառով է, որ չեմ ընկալել, թե մարդն ինչի կարիք ունի։ Այս հարցի կապակցությամբ արդեն ոչինչ չեմ կարող անել, և Իմ միակ ընտրությունն Իմ կառավարչական հրամանագրերն օգտագործելն է՝ բոլոր մարդկանց նվաճելու համար։ Ես այլևս սիրող մայր չեմ լինի, այլ կկառավարեմ ողջ մարդկությանը՝ որպես խիստ հայր։
1992 թ. Մայիսի 15
Ծանոթագրություններ.
ա. «Լյանը» չինական քաշի չափման միավոր է. մեկ լյանը 50 գրամ է։