Գլուխ 43
Գուցե միայն Իմ կառավարչական հրամանագրերի պատճառով է, որ մարդիկ «մեծ հետաքրքրություն» են ցուցաբերում Իմ խոսքերի նկատմամբ։ Եթե նրանք չկառավարվեին Իմ կառավարչական հրամանագրերով, բոլորը կոռնային նոր անհանգստացված վագրերի պես։ Ամեն օր Ես շրջում եմ ամպերի մեջ՝ նայելով երկիրը ծածկող մարդկությանը, երբ նրանք եռուզեռի մեջ են՝ Իմ կառավարչական հրամանագրերի միջոցով ենթարկվելով Իմ զսպմանը։ Այսպիսով՝ մարդկային ցեղը կարգուկանոնի մեջ է պահվում, և Ես պահպանում եմ Իմ կառավարչական հրամանագրերը։ Այսուհետ երկրի վրա գտնվողներն ամեն տեսակ հանդիմանություն են ստանում Իմ կառավարչական հրամանագրերի պատճառով, և երբ այս հանդիմանությունն իջնում է նրանց վրա, ողջ մարդկությունը բարձրաձայն աղաղակում է և փախչում բոլոր ուղղություններով։ Այս պահին երկրի ազգերն անմիջապես կորչում են, ազգերի միջև սահմանները դադարում են գոյություն ունենալուց, հողն այլևս չի բաժանվում հողից, և մարդկանց միջև այլևս օտարացում չկա։ Ես սկսում եմ «աշխատել մարդկանց մտքերի վրա» նրանց մեջ, որպեսզի մարդիկ խաղաղությամբ ապրեն միմյանց հետ՝ այլևս չկռվելով, և քանի որ կամուրջներ եմ կառուցում ու կապեր հաստատում մարդկության մեջ, մարդիկ միավորվում են։ Ես Իմ գործողություններն ամբողջությամբ հայտնի կդարձնեմ երկնակամարում և այնպես կանեմ, որ երկրի վրա ամեն ինչ փլուզվի Իմ զորության տակ՝ այդպիսով իրագործելով «երկրագունդը միավորելու» Իմ ծրագիրը և իրականություն դարձնելով Իմ այս մի ցանկությունը, որպեսզի մարդն այլևս «չթափառի» երկրի երեսին, այլ շուտով համապատասխան վերջնական հանգրվան ունենա։ Ես ամեն կերպ հոգ եմ տանում մարդկության մասին՝ այնպես անելով, որ նրանք բոլորը շուտով ապրեն խաղաղության և երջանկության երկրում, որպեսզի նրանց կյանքի օրերն այլևս թշվառ չլինեն, և որպեսզի Իմ ծրագիրը ի չիք չդառնա երկրի վրա։ Մարդու գոյության պատճառով Ես պիտի կառուցեմ Իմ թագավորությունը երկրի վրա, քանզի Իմ փառքի դրսևորման մի մասը երկրի վրա է։ Վերևում՝ երկնքում, Ես պիտի վերակառուցեմ Իմ քաղաքը և այդպիսով՝ երկնքում և դրա տակ ամեն ինչ նոր դարձնեմ։ Ես պիտի մեկ ամբողջություն դարձնեմ այն ամենը, ինչ գոյություն ունի երկնքում և դրա տակ, որպեսզի երկրի վրայի բոլոր բաները միավորվեն այն ամենի հետ, ինչ երկնքում է։ Սա է Իմ ծրագիրը. սա այն է, ինչ պիտի իրագործեմ վերջին դարաշրջանում. թող ոչ ոք չխառնվի՛ Իմ գործի այս մասին։ Հեթանոս ազգերի մեջ Իմ գործը տարածելը երկրի վրա Իմ գործի վերջին մասն է։ Ոչ ոք ի վիճակի չէ ընկալելու, թե ինչ գործ պիտի անեմ, և դրա պատճառով մարդիկ պարզություն չունեն։ Եվ քանի Ես երկրի վրա Իմ գործով եմ զբաղված, մարդիկ օգտագործում են առիթը՝ «չարաճճիություններ անելու» համար։ Որպեսզի նրանց թույլ չտրվի օգտվել կամայականորեն գործելու հնարավորությունից, նախ նրանց դրել եմ Իմ հանդիմանության տակ՝ ստանալու կրակի լճի «կրթումը»։ Սա Իմ գործի քայլերից մեկն է, և Ես պիտի օգտագործեմ կրակի լճի ուժերն Իմ գործի այս քայլն իրագործելու համար. այլապես դժվար կլիներ իրականացնել Իմ գործը։ Ես պիտի այնպես անեմ, որ ողջ տիեզերքի մարդկային էակները հանձնվեն Իմ գահի առջև՝ Իմ դատաստանի պատճառով բաժանված տարբեր խմբերի, դասակարգված ըստ իրենց տեսակի՝ ելնելով այդ խմբերից և այդպիսով՝ խմբավորված իրենց ընտանիքներում, որպեսզի բոլոր մարդիկ դադարեն Իմ դեմ ըմբոստանալուց՝ փոխարենը դասավորվելով կոկիկ և կանոնավոր կերպով՝ համաձայն այն խմբերի, որոնք անվանել եմ. թող ոչ ոք կամայականորեն չշարժվի։ Ողջ տիեզերքում և դրանից վեր Ես նոր գործ եմ կատարել. տիեզերքի բոլոր մարդիկ ապշահար են Իմ հանկարծակի հայտնվելուց, նրանց մտահորիզոնը մեծապես ընդլայնվել է Իմ հրապարակայնորեն հայտնվելուց։ Մի՞թե այսօր հենց այդպես չէ։
Ես Իմ առաջին քայլն եմ արել բոլոր ազգերի ու բոլոր մարդկանց մեջ և սկսել եմ Իմ գործի առաջին մասը։ Ես չեմ խաթարի Իմ ծրագիրը՝ նորից սկսելու համար։ Հեթանոս ազգերի մեջ գործի հաջորդականությունը հիմնված է երկնքում Իմ գործի ընթացակարգի վրա։ Երբ բոլոր մարդիկ բարձրացնում են իրենց աչքերը՝ նայելու Իմ յուրաքանչյուր շարժմանն ու գործողությանը, հենց այդ ժամանակ է, որ մառախուղ եմ իջեցնում աշխարհի վրա։ Մարդկանց աչքերն անմիջապես մթնում են, և նրանք անկարող են որևէ ուղղություն տարբերել, ինչպես ոչխարներն ամայի անապատում, և երբ փոթորիկը սկսում է ոռնալ, նրանց աղաղակները խլանում են ոռնացող քամուց։ Քամու ալիքների մեջ կարող են մարդկային կերպարանքներ հազիվ երևալ, բայց ոչ մի մարդկային ձայն չի լսվում, և թեև մարդիկ ամբողջ ձայնով բղավում են, ջանքն ապարդյուն է։ Այս ժամանակ մարդիկ բարձրաձայն լաց են լինում և ողբում՝ հուսալով, որ երկնքից հանկարծակի մի փրկիչ կիջնի՝ առաջնորդելու իրենց դուրս այս անծայրածիր անապատից։ Բայց որքան էլ մեծ լինի նրանց հավատը, փրկիչն անշարժ է մնում, և մարդկանց հույսերը փշրվում են։ Հավատի կրակը, որ վառվել էր, հանգչում է անապատի փոթորկից, և մարդիկ ընկած են ամայի ու անմարդաբնակ վայրում՝ այլևս երբեք վառվող ջահ չբարձրացնելով, և նրանք կորցնում են գիտակցությունը… Օգտվելով պահից՝ Ես այնպես եմ անում, որ մարդու աչքերի առջև օազիս հայտնվի։ Բայց թեև նրա սիրտը անչափ ուրախ է, մարդու մարմինը չափազանց տկար է արձագանքելու համար, վերջույթները թույլ են և անզոր. և թեև նա տեսնում է օազիսում աճող գեղեցիկ պտուղները, ուժ չունի դրանք քաղելու, որովհետև մարդու «ներքին պաշարները» լիովին սպառվել են։ Ես վերցնում եմ այն բաները, որոնց կարիքը մարդն ունի, և մատուցում եմ նրան, բայց նրա արածն ընդամենը ակնթարթային ժպիտ տալն է, իսկ նրա դեմքը լիովին անուրախ է։ Մարդու ուժի ամեն մի նշույլ անհետացել է առանց հետքի՝ չքանալով օդի շարժման հետ։ Այդ պատճառով մարդու դեմքը լիովին առանց արտահայտության է, և միայն զգացմունքի մի շող է ճառագում նրա արյունալից աչքերից մեղմ բարեհոգությամբ, ինչպես մոր աչքերից, որը հսկում է իր երեխային։ Ժամանակ առ ժամանակ մարդու չորացած, ճաքճքած շուրթերը շարժվում են, կարծես նա պատրաստվում է խոսելու, բայց դա անելու ուժ չունի։ Ես մարդուն մի քիչ ջուր եմ տալիս, բայց նա միայն գլուխն է շարժում։ Այս անկանոն և անկանխատեսելի գործողություններից Ես հասկանում եմ, որ մարդն արդեն կորցրել է իր հանդեպ ողջ հույսը։ Նա պարզապես նայում է Ինձ աղերսող աչքերով՝ կարծես ինչ-որ բան աղաչելով։ Բայց, անտեղյակ լինելով մարդկային աշխարհի սովորույթներին ու բարքերին, Ես շփոթված եմ նրա դեմքի արտահայտություններից և գործողություններից։ Միայն այս պահին հանկարծակի հայտնաբերում եմ, որ մարդու գոյության օրերը մոտենում են իրենց ավարտին, և Ես կարեկցող հայացք եմ ուղղում նրան։ Եվ միայն այս պահին է մարդը թեթևացած ժպիտ ցույց տալիս՝ գլխով անելով Ինձ, կարծես նրա յուրաքանչյուր ցանկություն իրականացել է։ Մարդն այլևս տխուր չէ. երկրի վրայի մարդիկ այլևս չեն բողոքում կյանքի դատարկությունից և դադարեցնում են «կյանքի» հետ ունեցած բոլոր գործերը։ Այնուհետև երկրի վրա այլևս հառաչանքներ չկան, և օրերը, որոնք ապրում է մարդկային ցեղը, կլցվեն հրճվանքով…
Ես պետք է պատշաճ կերպով կարգավորեմ մարդու գործերը նախքան Իմ սեփական գործին անցնելը, որպեսզի մարդն անընդհատ չխանգարի Իմ գործին։ Ինձ համար մարդու գործերը գլխավոր հարցը չեն. մարդկային գործերը չափազանց մանր են։ Քանի որ մարդն այնքան նեղմիտ է, թվում է՝ նա չի ցանկանում խնայել անգամ մրջնին, կարծես մրջյուններն իր թշնամիները լինեն, մարդկանց մեջ միշտ վիճաբանության ձայն է լսվում։ Լսելով նրանց վիճաբանության ձայնը՝ Ես մեկ անգամ ևս հեռանում եմ և այլևս ուշադրություն չեմ դարձնում նրանց պատմածներին։ Մարդկանց աչքերում «բնակիչների կոմիտե» եմ, որը մասնագիտացած է «բնակիչների» «ընտանեկան վեճերի» լուծման մեջ։ Երբ մարդիկ գալիս են Իմ առջև, նրանք անփոփոխ կերպով գալիս են իրենց սեփական պատճառաբանություններով և իշխող եռանդով պատմում են իրենց իսկ «անսովոր փորձառությունները»՝ դրանց ավելացնելով իրենց սեփական մեկնաբանությունները։ Ես նայում եմ մարդու արտասովոր պահվածքին. նրա դեմքը փոշով է ծածկված, քրտինքի «ոռոգման» տակ փոշին կորցնում է իր «անկախությունը», քանի որ այն անմիջապես միախառնվում է քրտինքին, և մարդու դեմքն ավելի է «հարստանում»՝ նմանվելով լողափի ավազոտ մակերեսին, որի վրա երբեմն կարելի է ոտնահետքեր տեսնել։ Նրա մազերը նման են մեռածների ուրվականների մազերին՝ անփայլ, ուղիղ ցցված, ինչպես երկրագնդի մեջ խրված ծղոտի ցողուններ։ Քանի որ նրա տրամադրությունն այնքան բորբոքված է, որ անգամ մազերն են զայրույթից փշաքաղվում, նրա դեմքը ժամանակ առ ժամանակ «գոլորշի» է արձակում, կարծես նրա քրտինքը «եռում» է։ Ուշադիր զննելով նրան՝ տեսնում եմ, որ մարդու դեմքը ծածկված է «բոցերով»՝ ինչպես կիզիչ արևը, ինչի պատճառով էլ դրանից տաք գազ է բարձրանում, և իսկապես անհանգստանում եմ, որ նրա բարկությունը կարող է այրել նրա դեմքը, թեև ինքը բնավ ուշադրություն չի դարձնում դրան։ Այս պահին Ես մարդուն հորդորում եմ փոքր-ինչ քիչ բարկանալ, քանզի ի՞նչ օգուտ կա դրանից։ Ինչո՞ւ ենթարկվել դրան։ Այս բարկության պատճառով այս «երկրագնդի» մակերեսի ծղոտի ցողունները գործնականում այրվում են արևի բոցերից. այսպիսի հանգամանքներում անգամ «լուսինն» է կարմրում։ Ես մարդուն հորդորում եմ մեղմել իր բարկությունը. կարևոր է պահպանել նրա առողջությունը։ Բայց մարդը չի լսում Իմ խորհուրդը. փոխարենը շարունակում է «բողոքներ ներկայացնել» Ինձ։ Ի՞նչ օգուտ կա դրանից։ Մի՞թե Իմ առատությունը բավարար չէ, որ մարդը գնահատի այն։ Թե՞ մարդը մերժում է այն, ինչ տալիս եմ իրեն։ Բարկության հանկարծակի պոռթկումով Ես շրջում եմ սեղանը, և մարդն այլևս չի համարձակվում պատմել իր պատմության հուզիչ դրվագները. նա սարսափած է, որ կարող եմ «մեկուսարան» տանել իրեն և մի քանի օր այնտեղ պահել և օգտվում է Իմ բարկության ընձեռած առիթից, որպեսզի ծլկի։ Այլապես մարդը երբեք չէր ցանկանա թողնել նման բաները, այլ կշարունակեր արագ-արագ պատմել իր սեփական պատմությունը։ Դրա հենց ձայնն Ինձ նյարդայնացնում է։ Ինչո՞ւ է մարդն այդքան բարդ իր սրտի խորքում։ Մի՞թե չափազանց շատ «բաղադրիչներ» եմ տեղադրել մարդու ներսում։ Ինչո՞ւ է նա միշտ շարունակում Իմ առջև ցուցադրել այս բաները։ Մի՞թե «քաղաքացիական վեճերի» լուծման «խորհրդատու» եմ։ Մի՞թե խնդրեցի մարդուն գալ Ինձ մոտ։ Մի՞թե գավառապետ եմ։ Ինչո՞ւ են մարդկանց գործերը միշտ բերվում Իմ առջև։ Հուսով եմ՝ մարդն ինքն իրեն կկառավարի և չի անհանգստացնի Ինձ, քանզի չափազանց շատ գործ ունեմ անելու։
Մայիսի 18, 1992 թ.