Գլուխ 44

Մարդիկ Իմ գործին վերաբերվում են որպես լրացուցիչ բանի. հանուն դրա՝ նրանք չեն հրաժարվում ուտելիքից կամ քնից, ուստի Ես այլ ելք չունեմ, քան մարդուն համապատասխան պահանջներ ներկայացնել՝ Իմ հանդեպ նրա ունեցած վերաբերմունքի համաձայն։ Հիշում եմ, որ մի ժամանակ մարդուն շատ շնորհ և բազում օրհնություններ տվեցի, բայց այս բաները հափշտակելուց հետո նա անմիջապես հեռացավ։ Ասես անգիտակցաբար էի դրանք տվել նրան։ Այսպիսով՝ մարդը միշտ սիրել է Ինձ իր իսկ պատկերացումների միջոցով։ Ես Իմ հանդեպ մարդու ճշմարիտ սերն եմ ուզում. Սակայն այսօր մարդիկ դեռևս հապաղում են՝ անկարող լինելով Ինձ տալ իրենց ճշմարիտ սերը։ Իրենց երևակայության մեջ նրանք հավատում են, որ եթե իրենց ճշմարիտ սերն Ինձ տան, ոչինչ չեն ունենա։ Երբ Ես առարկում եմ, նրանց ողջ մարմինները դողում են, սակայն դեռևս չեն կամենում Ինձ իրենց ճշմարիտ սերը տալ։ Կարծես ինչ-որ բանի են սպասում, ուստի պարզապես իրենց հայացքն ուղղում են հեռուն՝ երբեք չասելով Ինձ իրականությունը։ Կարծես նրանց բերանները կպչուն ժապավենով փակված լինեն, ուստի նրանց խոսքն անընդհատ կմկմում է։ Ասես Ես մարդու առջև անմարդկային «կապիտալիստ» եմ դարձել։ Մարդիկ միշտ «վախենում են» Ինձնից։ Ինձ տեսնելուն պես անմիջապես անհետանում են առանց հետքի՝ սարսափած, որ իրենց հանգամանքների մասին կհարցնեմ։ Չգիտեմ, թե ինչու են մարդիկ ընդունակ անկեղծորեն սիրելու «իրենց հայրենակիցներին», սակայն անկարող են սիրել Ինձ, որ հոգով ուղղամիտ եմ։ Այս պատճառով Ես հառաչում եմ։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ իրենց սերն արտահայտում մարդկային աշխարհում։ Ինչո՞ւ Ես չեմ կարող ճաշակել մարդու սերը։ Արդյո՞ք պատճառն այն է, որ մարդկության մի մասը չեմ։ Մարդիկ միշտ Ինձ վերաբերվում են որպես լեռներից իջած վայրենու, կարծես Ինձ պակասում են բնականոն մարդու տարրերը։ Այս պատճառով մարդիկ միշտ բարձրագոչ տեսություններ են արտասանում Իմ առջև։ Հաճախ նրանք Ինձ իրենց առջև են քաշում՝ հանդիմանելու համար՝ կրթելով Ինձ այնպես, ինչպես կկրթեին նախադպրոցական տարիքի երեխային. մարդիկ միշտ «դաստիարակի» դեր են խաղում Իմ առջև, որովհետև իրենց հիշողություններում մեկն եմ, որը զուրկ է ողջամտությունից և վարվելակերպից։ Ես մարդկանց չեմ հանդիմանում իրենց թերությունների համար, այլ նրանց համապատասխան օգնություն եմ տալիս՝ թույլ տալով կանոնավոր կերպով «օգնության ֆոնդեր» ստանալ։ Քանի որ մարդը միշտ ապրել է աղետների մեջ՝ դժվարանալով փախչել և միշտ աղաղակել է Ինձ այդ աղետների մեջ, Ես ճշտապահորեն նրա ձեռքը «կերակրի չափաբաժիններ» եմ հանձնում՝ թույլ տալով բոլոր մարդկանց ապրել նոր դարաշրջանի մեծ ընտանիքում և զգալ մեծ ընտանիքի ջերմությունը։ Երբ ստուգում եմ գործը մարդու միջավայրում, նրա բազմաթիվ թերություններն եմ հայտնաբերում և որպես արդյունք՝ օգնություն եմ ցուցաբերում նրան։ Նույնիսկ այս ժամանակ մարդիկ դեռևս չափազանց աղքատ են, ուստի համապատասխան Ես հոգատարություն եմ ցուցաբերել «աղքատ շրջաններին»՝ նրանց աղքատությունից հանելով։ Սա է այն միջոցը, որով Ես գործում եմ՝ թույլ տալով բոլոր մարդկանց վայելել Իմ շնորհն այնքան, որքան ի վիճակի են։

Երկրի վրա լինելով՝ մարդիկ անգիտակցաբար հանդիմանություն են կրում, ուստի Ես բացում եմ Իմ մեծ ձեռքը և նրանց քաշում Իմ կողմ՝ թույլ տալով երկրի վրա Իմ շնորհը վայելելու բարեբախտություն ունենալ։ Երկրի վրա ի՞նչը դատարկ և անարժեք չէ։ Ես քայլում եմ մարդկային աշխարհի բոլոր վայրերով, և թեև բազմաթիվ հայտնի հուշարձաններ և բնության տեսարաններ կան, որոնք հաճելի են մարդուն, Իմ գնացած յուրաքանչյուր տեղ վաղուց արդեն զրկվել է կենսունակությունից։ Միայն այդ ժամանակ եմ Ես զգում, որ երկիրը մռայլ է ու ամայի։ Պարզվում է, որ երկրի վրա կյանքը վաղուց անհետացել է, և միայն մահվան շունչ կա։ Հետևաբար Ես միշտ կոչ եմ արել մարդուն շտապելու հեռանալ տառապանքի այս երկրից։ Այն ամենը, ինչ Ես տեսնում եմ, դատարկության բույր ունի։ Ես առիթն օգտագործում եմ՝ Իմ ձեռքում եղած կյանքը նետելու նրանց, ում ընտրել եմ։ Ակնթարթորեն երկրի վրա օազիս է հայտնվում։ Մարդիկ պատրաստակամ են վայելելու երկրի վրայի կենսունակ բաները, բայց դրանում ոչ մի հաճույք չեմ գտնում։ Մարդիկ միշտ փայփայում են երկրի վրայի բաները և երբեք չեն տեսնում դրանց դատարկությունը, ուստի նույնիսկ մինչ օրս դեռ չեն հասկանում, թե ինչու երկրի վրա կյանք գոյություն չունի։ Այսօր, երբ Ես քայլում եմ տիեզերքում, բոլոր մարդիկ ի վիճակի են վայելելու այն վայրի շնորհը, որտեղ Ես եմ, և դա օգտագործում են որպես կապիտալ՝ երբեք չփնտրելով կյանքի աղբյուրը։ Բոլորն Իմ տվածը որպես միջոցներ են օգտագործում, որոնցից կարող են օգտվել, սակայն նրանցից ոչ մեկը չի փորձում գործի դնել կենսունակության բնօրինակ գործառույթը։ Նրանք չգիտեն՝ ինչպես օգտագործել կամ զարգացնել բնական պաշարները և ուստի մնում են աղքատության մեջ։ Ես բնակվում եմ մարդկանց մեջ, ապրում եմ մարդկանց մեջ, սակայն այսօր մարդը դեռ չի ճանաչում Ինձ։ Թեև մարդիկ Ինձ շատ օգնություն են ցուցաբերել տնից այդքան հեռու լինելուս պատճառով, կարծես թե մարդու հետ դեռ ճիշտ ընկերություն չեմ հաստատել և ուստի դեռ զգում եմ մարդկային աշխարհի անարդարությունը. Իմ աչքերում մարդկությունն ի վերջո դատարկ է, և մարդկանց մեջ որևէ արժեքավոր գանձ չկա։ Չգիտեմ, թե մարդիկ ինչ տեսակետ ունեն մարդկային կյանքի վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ Իմ սեփականն անբաժան է «դատարկ» բառից։ Հուսով եմ՝ այս պատճառով մարդիկ վատ չեն մտածի Իմ մասին, քանի որ բավականին անկեղծ եմ և չեմ փորձում քաղաքավարի լինել։ Այնուամենայնիվ Ես մարդկանց խորհուրդ կտայի ավելի մեծ ուշադրություն դարձնել նրան, թե ինչ եմ մտածում, քանի որ Իմ խոսքերն ի վերջո օգնում են նրանց։ Ես չգիտեմ, թե մարդիկ ինչ հասկացողություն ունեն «դատարկության» մասին։ Իմ հույսն այն է, որ փոքր-ինչ ջանք գործադրեն՝ այս աշխատանքը սկսելու համար։ Լավ կլիներ՝ նրանք գործնական ճանապարհով փորձառաբար մարդկային կյանք ապրեին՝ տեսնելու, թե արդյոք կարող են դրանում որևէ արժեքավոր «հանքավայր» գտնել։ Ես չեմ փորձում կոտրել մարդկանց դրականությունը. պարզապես ուզում եմ, որ նրանք որոշակի գիտելիք ձեռք բերեն Իմ խոսքերից։ Ես միշտ զբաղված եմ մարդկային հարցերով, բայց հիմա, երբ ամեն ինչ այսպես է, մարդիկ դեռևս շնորհակալության ոչ մի խոսք չեն ասել, կարծես չափազանց զբաղված են եղել և մոռացել են դա անել։ Նույնիսկ այսօր դեռ չեմ հասկանում, թե մարդու՝ ամբողջ օրն այս ու այն կողմ վազվզելն ի՞նչ արդյունք է ունեցել։ Նույնիսկ այսօր մարդկանց սրտերում Ինձ համար տեղ չկա, և ուստի Ես կրկին խորասուզվում եմ մտքերի մեջ։ Ես սկսել եմ զբաղվել այն բանի ուսումնասիրությամբ, թե «ինչու մարդիկ Ինձ ճշմարտապես սիրող սիրտ չունեն»։ Ես մարդուն կբարձրացնեմ «վիրահատական սեղանին», մանրամասն կվերլուծեմ նրա «սիրտը» և կնայեմ, թե ինչն է արգելափակում ճանապարհը նրա սրտում և նրան հետ կանգնեցնում Ինձ ճշմարտապես սիրելուց։ «Վիրահատական դանակի» ազդեցության տակ մարդիկ ամուր փակում են իրենց աչքերը՝ սպասելով, որ սկսեմ, քանի որ այդ ժամանակ լիովին հանձնվել են։ Նրանց սրտերում Ես շատ այլ խառնուրդներ եմ գտնում։ Այնտեղ՝ իրենց սրտերում, մարդկանց սեփական բաներն ամենաառատն են։ Թեև մարդն իրենից դուրս շատ քիչ բաներ ունի, նա անթիվ բաներ ունի իր ներսում։ Կարծես մարդու սիրտը մի մեծ պահեստատուփ լինի՝ լի հարստություններով և այն ամենով, ինչ մարդկանց երբևէ պետք կգար։ Միայն այս պահին եմ հասկանում, թե ինչու մարդիկ երբեք Ինձ բանի տեղ չեն դնում. պատճառն այն է, որ մեծ ինքնաբավություն ունեն. ի՞նչ կարիք ունեն Իմ օգնության։ Ուստի հեռանում եմ մարդուց, քանի որ մարդիկ Իմ օգնության կարիքը չունեն։ Ինչո՞ւ պետք է «անամոթաբար վարվեմ» և ստիպեմ նրանց ձանձրանալ Ինձնից։

Չգիտեմ ինչու, բայց Ես միշտ պատրաստակամ եմ եղել խոսելու մարդկանց մեջ, կարծես չեմ կարողանում զսպել Ինձ։ Ուստի մարդիկ Ինձ անարժեք են համարում և միշտ Ինձ այնպես են վերաբերվում, կարծես պղնձե կոպեկից էլ պակաս արժեք ունեցող իր լինեմ. Նրանք Ինձ որպես թանկարժեք և հարգարժան բանի չեն վերաբերվում։ Չեն փայփայում Ինձ և չեն քաշում-տանում տուն, երբ ցանկանում են, իսկ հետո նորից դուրս շպրտում՝ «ի ցույց դնելով» Ինձ հանրության առջև։ Ես ծայրաստիճան գարշում եմ մարդու ստոր պահվածքից և ուստի բացահայտ ասում եմ, որ մարդը խիղճ չունի։ Բայց մարդիկ համոզված չեն. վերցնում են իրենց «սրերն ու նիզակները» և վիճում Ինձ հետ՝ ասելով, որ Իմ խոսքերը հակասում են իրականությանը, ասելով, որ զրպարտում եմ իրենց. բայց Ես նրանց հատուցում չեմ տալիս իրենց բռնի պահվածքի արդյունքում։ Պարզապես օգտագործում եմ Իմ ճշմարտությունները՝ մարդկանց համոզելու և նրանց իրենցից ամաչել տալու համար, իսկ հետո լուռ նահանջում եմ։ Ես չեմ մրցակցում մարդու հետ, քանի որ դրանում ոչ մի օգուտ չկա։ Ես ամուր կկառչեմ Իմ պարտավորությանը և հուսով եմ, որ մարդը նույնպես կարող է ամուր կառչել իրեն և չգործել Իմ դեմ։ Մի՞թե ավելի լավ չէր լինի այսպես խաղաղ համագոյակցել։ Ինչո՞ւ վնասել մեր հարաբերությունները։ Այսքան տարի համագոյակցել ենք. ի՞նչ կարիք կա, որ ամեն ինչ երկուսիս համար էլ վատ ավարտվի։ Մի՞թե դա մեր երկուսի հեղինակությունների համար էլ լիովին անօգուտ չէր լինի։ Մերը տարիների «հին ընկերություն» է, «հին ծանոթություն». ի՞նչ կարիք կա դժգոհությամբ բաժանվելու։ Մի՞թե լավ կլիներ այդպես վարվել։ Հուսով եմ՝ մարդիկ ուշադրություն կդարձնեն ազդեցությանը և կիմանան իրենց լավն ու վատը։ Մարդու հանդեպ Իմ այսօրվա վերաբերմունքը բավարար է, որ մարդը ողջ կյանքում խոսի դրա մասին. ինչո՞ւ մարդիկ միշտ չեն գնահատում իրենց ցուցաբերված բարեհաճությունը։ Արդյո՞ք պատճառն այն է, որ արտահայտվելու կարողությունն է պակասում։ Նրանց բառապաշարը բավարար չէ՞։ Ինչո՞ւ են միշտ պապանձվում։ Ո՞վ է անտեղյակ, թե ինչպես եմ վարվում։ Մարդիկ քաջատեղյակ են, թե Ես ինչպես եմ վարվում. պարզապես միշտ սիրում են օգտվել ուրիշներից, ուստի երբեք չեն կամենում հրաժարվել իրենց սեփական շահերից։ Եթե որևէ արտահայտություն շոշափում է նրանց սեփական շահերը, հրաժարվում են զիջելուց, մինչև որ առավելություն ձեռք չբերեն. և ի՞նչ իմաստ կա դրանում։ Մարդիկ իրար հետ չեն համեմատվում նրանով, թե ինչ են մատուցում, այլ նրանով, թե ինչ են պահանջում։ Թեև իրենց կարգավիճակում ոչ մի վայելք չկա, այն շատ են փայփայում՝ նույնիսկ անգին գանձ համարելով. և ուստի գերադասում են տանել Իմ հանդիմանությունը, քան հրաժարվել կարգավիճակի օգուտներից։ Մարդիկ չափազանց բարձր կարծիքի են իրենց մասին և ուստի երբեք չեն կամենում մի կողմ դնել սեփական «ես»-ը։ Գուցե մարդու վերաբերյալ Իմ գնահատման մեջ որոշ փոքր անճշտություններ կան, կամ գուցե նրա վրա պիտակ եմ փակցրել, որը ո՛չ խիստ է, ո՛չ էլ մեղմ, բայց ընդհանուր առմամբ Իմ հույսն այն է, որ մարդիկ սա որպես նախազգուշացում ընդունեն։

Մայիսի 21, 1992 թ.

Նախորդը.  Գլուխ 43

Հաջորդը.  Գլուխ 45

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger