Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը III
Մեր անցած մի քանի հաղորդակցությունները մեծ ազդեցություն են ունեցել ձեզանից յուրաքանչյուրի վրա։ Միայն հիմա են մարդիկ ճշմարտապես զգացել Աստծու իրական գոյությունը, և որ Աստված իսկապես շատ մոտ է մարդուն։ Թեև մարդիկ գուցե երկար տարիներ հավատացել են Աստծուն, երբեք ճշմարտապես չեն հասկացել Նրա մտքերն ու գաղափարներն այնպես, ինչպես հիմա, ոչ էլ ճշմարտապես ընկալել են Նրա գործնական արարքներն այնպես, ինչպես հիմա։ Թե՛ հասկացողության, թե՛ կիրառման մեջ մարդկանց մեծամասնությունը նոր բան է ձեռք բերել և հասել ավելի բարձր հասկացողության։ Նրանք գիտակցել են իրենց անցյալի ձգտումների սխալները, գիտակցել են, որ իրենց փորձառությունը չափազանց մակերեսային է և շատ ոլորտներում չի համապատասխանում Աստծու մտադրություններին, և գիտակցել են, որ այն, ինչ իրենց ամենից շատ պակասում է, Աստծու բնույթի ճանաչողությունն է։ Մարդկանց կողմից այս ճանաչողությունը լոկ զգայական ճանաչողություն է։ Ռացիոնալ ճանաչողության մակարդակին բարձրանալը պահանջում է աստիճանական խորացում և ամրապնդում սեփական փորձառությունների միջոցով։ Նախքան Աստծուն ճշմարտապես հասկանալը սուբյեկտիվ մակարդակում մարդիկ իրենց սրտերում հավատում են Աստծու գոյությանը, բայց նրանցից ոչ ոք իրական հասկացողություն չունի այնպիսի որոշակի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ իրականում ինչպիսի Աստված է Նա, որոնք են Նրա մտադրությունները, որն է Նրա բնույթը, և իրականում որն է Նրա վերաբերմունքը մարդկության հանդեպ։ Սա մեծապես վնասում է Աստծու հանդեպ մարդկանց հավատին՝ թույլ չտալով, որ նրանց հավատը երբևէ հասնի մաքրության կամ կատարելության։ Նույնիսկ եթե դեմ առ դեմ ես Աստծու խոսքի հետ կամ քո փորձառությունների ինչ-որ պահի զգացել ես, որ դեմ առ դեմ ես դուրս եկել Աստծուն, միևնույն է, չի կարելի ասել, որ լիովին հասկանում ես Նրան։ Քանի որ չգիտես Աստծու մտքերը կամ այն, թե ինչ է Նա սիրում և ինչ է ատում, ինչն է Նրան բարկացնում և ինչն է Նրան ուրախություն պատճառում, հետևաբար, ճշմարիտ հասկացողություն չունես Նրա մասին։ Քո հավատը կառուցված է պատրանքի և երևակայության հիմքի վրա՝ հիմնված քո սուբյեկտիվ ցանկությունների վրա։ Այն հեռու է ճշմարիտ հավատից և ճշմարտապես հետևելուց։ Աստվածաշնչյան այս պատմությունների և օրինակների բացատրությունները թույլ են տվել մարդկանց ճանաչել Աստծու սիրտը, թե ինչ էր Նա մտածում Իր գործի յուրաքանչյուր քայլում և ինչու էր դա անում որոշակի ձևով, որն էր Նրա սկզբնական մտադրությունը և Նրա ծրագիրը դա անելիս, ինչպես Նա իրագործեց Իր գաղափարները, և ինչպես Նա կարգավորեց ու իրականացրեց Իր ծրագիրը։ Այս պատմությունների միջոցով մենք կարող ենք մանրամասն, որոշակի հասկացողություն ձեռք բերել Աստծու յուրաքանչյուր որոշակի մտադրության և յուրաքանչյուր իրական մտքի վերաբերյալ, ինչպես նաև մարդկանց հանդեպ Նրա վերաբերմունքի վերաբերյալ տարբեր ժամանակներում և տարբեր դարաշրջաններում՝ Նրա վեցհազարամյա տնօրինման գործի ընթացքում։ Երբ մարդը կարողանում է հասկանալ, թե ինչ էր մտածում Աստված, որն էր Նրա վերաբերմունքը և այն բնույթը, որ Նա դրսևորում էր յուրաքանչյուր իրավիճակի բախվելիս, սա կարող է օգնել յուրաքանչյուր անձի ավելի խորապես գիտակցելու Աստծու ճշմարիտ գոյությունը և ավելի խորապես զգալու Նրա գործնականությունն ու իսկությունը։ Այս պատմությունները պատմելիս Իմ նպատակն այն չէ, որ մարդիկ հասկանան աստվածաշնչյան պատմությունը, ոչ էլ այն է, որ օգնեմ նրանց ծանոթանալու Աստվածաշնչի խոսքերին կամ դրանում նկարագրված մարդկանց, և հատկապես այն չէ, որ օգնեմ մարդկանց հասկանալու այն բանի նախապատմությունը, ինչ Աստված արեց Օրենքի դարաշրջանում։ Այլ ավելի շուտ այն է, որ օգնեմ մարդկանց հասկանալու Աստծու մտադրությունները, Նրա բնույթը և Նրա մասին յուրաքանչյուր մանրամասնություն, և ձեռք բերել Աստծու մասին ավելի իսկական ու ավելի ճշգրիտ հասկացողություն և ճանաչողություն։ Այսպիսով՝ մարդկանց սրտերը կարող են կամաց-կամաց բացվել Աստծու առջև և մտերմանալ Աստծու հետ, և նրանք կարող են ավելի լավ հասկանալ Նրան և ավելի լավ ճանաչել Նրա բնույթը, Նրա էությունը և Իրեն՝ ճշմարիտ Աստծուն։
Աստծու բնույթի և այն բանի ճանաչողությունը, ինչ Նա ունի և է, կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Այն կարող է օգնել նրանց ավելի մեծ հավատ ունենալու Աստծու հանդեպ և ճշմարիտ հնազանդություն ու ճշմարիտ երկյուղ զարգացնելու Նրա հանդեպ։ Այսպիսով՝ նրանք այլևս կուրորեն չեն հետևի կամ երկրպագի Նրան։ Աստված չի ցանկանում բթամիտ մարդկանց կամ նրանց, ովքեր կուրորեն հետևում են ամբոխին, այլ ավելի շուտ մի խումբ մարդկանց, որոնք իրենց սրտերում ունեն Աստծու բնույթի հստակ հասկացողություն ու ճանաչողություն և կարող են վկայել Աստծուն, մի խումբ մարդկանց, որոնք Նրա հաճելիության պատճառով, այն բանի պատճառով, ինչ Նա ունի և է, և Նրա արդար բնույթի պատճառով երբեք չեն հեռանա, ոչ էլ կլքեն Աստծուն։ Որպես Աստծուն հետևող, եթե սրտումդ դեռ գտնում ես, որ Աստծու ճշմարիտ գոյությունը, Նրա բնույթը, այն, ինչ Նա ունի և է, և մարդկությանը փրկելու Նրա ծրագիրը շատ վերացական, անորոշ և շփոթեցնող են, ապա հավատդ չի կարող արժանանալ Աստծու հավանությանը։ Աստծուն հաճելի չէ, որ այս տեսակի մարդը հետևի Իրեն, և Նա չի սիրում, որ այս տեսակի մարդը գա Իր առջև։ Քանի որ այս տեսակի մարդը չի հասկանում Աստծուն, ի վիճակի չէ իր սիրտը տալու Աստծուն, և նրա սիրտը փակ է Նրա առջև, Աստծու հանդեպ նրա հավատը լի է խառնուրդներով, իսկ Աստծուն հետևելը կարելի է միայն կույր անվանել։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ Աստծու ճշմարիտ հասկացողություն և ճանաչողություն ունեն, կարող են հասնել ճշմարիտ հավատի ու հետևելու՝ միևնույն ժամանակ Աստծու հանդեպ զարգացնելով ճշմարիտ հնազանդություն և ճշմարիտ երկյուղ։ Միայն այսկերպ նրանք կարող են իրենց սրտերը տալ Աստծուն և բացել դրանք Նրա առջև։ Սա այն է, ինչ Աստված ցանկանում է, որովհետև այն ամենը, ինչ նրանք անում և մտածում են, կարող է դիմանալ Աստծու ստուգմանը և կարող է վկայություն կրել Աստծու համար։ Անկախ նրանից՝ Ես ձեզ հաղորդակցվում եմ հետ Աստծու բնույթի թեմայի, այն բանի թեմայի, ինչ Աստված ունի և է, թե Աստծու մտադրության և Նրա մտքի թեմայի շուրջ այն ամենում, ինչ Նա անում է, և անկախ այն տեսանկյունից կամ դիտանկյունից, որից հաղորդակցվում եմ այս թեմաների շուրջ, այդ ամենն այն բանի համար է, որ օգնի ձեզ ավելի վստահ լինելու Աստծու ճշմարիտ գոյության հարցում, ավելի ճշմարտապես հասկանալ ու գնահատել Նրա սերը մարդկության հանդեպ, և ավելի ճշմարտապես հասկանալ ու գնահատել Աստծու հոգատարությունը մարդկության հանդեպ, ինչպես նաև մարդկանց տնօրինելու և փրկելու Նրա անկեղծ մտադրությունը։
Աստծու մտքերի, գաղափարների և արարքների վերանայումն աշխարհի Նրա արարումից ի վեր
Այսօր նախ կամփոփենք Աստծու մտքերը, գաղափարները և Նրա յուրաքանչյուր քայլը մարդկությանը Նրա արարելուց ի վեր։ Կնայենք, թե ինչ գործ է Նա իրականացրել աշխարհի արարումից մինչև Շնորհքի դարաշրջանի պաշտոնական սկիզբը։ Ապա կարող ենք բացահայտել, թե Աստծու մտքերից ու գաղափարներից որոնք են անհայտ մարդուն, և այդտեղից կարող ենք դասավորել Աստծու տնօրինման ծրագրի հաջորդականությունը և հիմնովին հասկանալ այն համատեքստը, որում ի հայտ եկավ Նրա տնօրինման գործը, ինչպես նաև այդ գործի աղբյուրն ու զարգացման գործընթացը, և նաև հիմնովին հասկանալ, թե ինչ արդյունքների է Նա ուզում հասնել Իր տնօրինման գործից. այսինքն՝ Նրա տնօրինման գործի առանցքն ու նպատակը։ Այս բաները հասկանալու համար պետք է վերադառնանք այն հեռավոր, հանգիստ ու լուռ ժամանակները, երբ չկային մարդիկ…
Աստված անձամբ արարում է առաջին կենդանի մարդուն
Երբ Աստված վեր կացավ Իր անկողնուց, առաջին գաղափարը, որ ունեցավ, հետևյալն էր։ Արարել կենդանի մարդու՝ կենդանի, շնչող մարդկային էակի, որպեսզի ապրի Իր հետ և լինի Իր ուղեկիցը, ընկերակցի Իրեն Իր կողքին։ Այս կենդանի մարդը կկարողանար լսել, թե ինչպես է Ինքը խոսում և սիրտը բացում, և կկարողանար նաև խոսել Իր հետ։ Ապա առաջին անգամ, Աստված անձամբ վերցրեց մի բուռ հող և օգտագործեց այն՝ արարելու առաջին կենդանի մարդուն, որին հղացել էր Իր մտքում, որից հետո առաջին անգամ այս կենդանի արարածին անուն տվեց՝ Ադամ։ Երբ Աստված ձեռք բերեց այս կենդանի, շնչող մարդուն, ի՞նչ էր մտածում։ Առաջին անգամ զգաց սիրելի անձ ունենալու ուրախությունը, ուղեկից ունենալու ուրախությունը։ Առաջին անգամ զգաց հայր լինելու պատասխանատվությունը և առաջին անգամ նաև հոգատարություն զգաց։ Հենց այս կենդանի, շնչող մարդն էր, որ Աստծուն երջանկություն և ուրախություն բերեց. նա Աստծուն մղեց առաջին անգամ մխիթարված զգալու։ Սա առաջին անգամն էր, որ Աստված երբևէ ինչ-որ բան արեց ոչ թե Իր գաղափարներով, առավել ևս ոչ թե Իր խոսքերով, այլ Իր սեփական ձեռքերով։ Երբ այսպիսի կենդանի արարած՝ կենդանի, շնչող մարդ, կանգնեց Աստծու առջև, երբ մսից ու ոսկորներից ստեղծված, ձև ու պատկեր ունեցող և Աստծու հետ խոսելու ունակ նման մարդ կանգնեց Նրա առջև, դա Աստծուն մղեց առաջին անգամ զգալու մի ուրախություն, որը Նա նախկինում երբեք չէր զգացել։ Աստված ճշմարտապես զգաց Իր պարտականությունը, և Նրա սիրտը հոգ էր տանում այս կենդանի արարածի համար։ Միևնույն ժամանակ Աստված նաև հուզվեց և ջերմացավ այս կենդանի մարդու յուրաքանչյուր գործողությունից ու արարքից։ Ավելին, երբ այսպիսի կենդանի արարած կանգնեց Աստծու առջև, դա նաև առաջին անգամ Աստծուն գաղափար տվեց՝ ավելի շատ այսպիսի մարդկանց ձեռք բերելու։ Սա այն բաների շարքն էր, որոնք տեղի ունեցան՝ սկսած այն պահից, երբ Աստված ունեցավ Իր առաջին գաղափարը։ Աստծու համար այս բոլոր բաներն «առաջինն» էին, բայց առաջին բաների այս շարքն անելիս, անկախ նրանից՝ Նա ուրախություն, պարտականություն, թե մարդու հանդեպ հոգատարություն էր զգում այն ժամանակ, չկար մեկը, ում հետ Նա կարող էր կիսել դա։ Այդ պահից սկսած՝ Աստված ճշմարտապես առաջին անգամ զգաց մի մենակություն և վիշտ, որը նախկինում երբեք չէր զգացել։ Քանի որ զգում էր, որ մարդը չի կարող ընդունել կամ հասկանալ Իր սերն ու հոգատարությունը կամ մարդու հանդեպ Իր մտադրությունները, Նրա սրտի վիշտն ու ցավը մնացին։ Թեև Նա արել էր այս բաների շարքը մարդու համար, մարդն անտեղյակ էր և չէր հասկանում։ Բացի երջանկությունից՝ այն ուրախությունն ու մխիթարությունը, որ մարդը բերեց Իրեն, արագորեն ստիպեցին Իրեն առաջին անգամ զգալ մի վիշտ և մենակություն, որը Նա նախկինում երբեք չէր զգացել։ Սրանք էին Աստծու զգացմունքներն ու մտքերն այն ժամանակ։ Մինչ Աստված անում էր այս բաների շարքը, Նրա սիրտը ուրախությունից փոխվեց վշտի, իսկ վշտից՝ ցավի, և այս զգացմունքները խառնված էին անհանգստության հետ։ Այն ամենը, ինչ Նա ուզում էր անել, Իր քայլերն արագացնելն էր, որպեսզի ավելի արագ թույլ տար այս մարդուն, այս մարդկությանը, որքան հնարավոր է շուտ ճանաչել Իր սիրտը և հասկանալ Իր մտադրությունները, որից հետո նրանք կկարողանային դառնալ Իր հետևորդները և լինել Իր հետ մեկ սիրտ ու միտք ունեցող մարդիկ, այլևս ոչ թե մարդիկ, որոնք միայն լսում էին, թե ինչպես է Ինքը խոսում՝ միաժամանակ անկարող լինելով ինքնուրույն արձագանքել, ոչ էլ մարդիկ, որոնք չգիտեին՝ ինչպես համագործակցել Իր հետ, երբ Ինքն աշխատում էր. ամենից առաջ նրանք այլևս չէին լինի մարդիկ, որոնք անտարբերություն էին ցուցաբերում Աստծու պահանջներին բախվելիս։ Այն բաների շարքը, որ Աստված արեց հենց սկզբում, շատ իմաստալից է և մեծ արժեք ունի Նրա տնօրինման ծրագրի և այսօրվա մարդկության համար։
Բոլոր բաները և մարդկությանն արարելուց հետո Աստված չդանդաղեցրեց Իր քայլերը։ Նա փափագում էր իրականացնել Իր տնօրինումը և մարդկանց մեջ ձեռք բերել նրանց, ում սիրում էր։
Օրենքի դարաշրջանից առաջ և հետո Աստված առաջին անգամ մի շարք գործեր է կատարում
Այնուհետև՝ Աստծու կողմից մարդկային էակներ արարելուց ոչ շատ անց, մենք Աստվածաշնչում տեսնում ենք աշխարհը ոչնչացնող ջրհեղեղի պատմությունը։ Նոյը հիշատակվում է ջրհեղեղի գրառման մեջ։ Կարելի է ասել, որ Նոյն առաջին մարդն էր, որը ստացավ Աստծու կանչը՝ համագործակցելու Նրա գործի մի մասի ավարտման հարցում։ Իհարկե, սա նաև առաջին անգամն էր, որ Աստված կանչեց մարդուն՝ երկրի վրա Իր հրամանի համաձայն ինչ-որ բան անելու համար։ Երբ Նոյն ավարտեց տապանի կառուցումը, Աստված առաջին անգամ ջրհեղեղով ոչնչացրեց աշխարհը։ Երբ Աստված ջրհեղեղով ոչնչացրեց երկիրը, մարդկային էակներ արարելուց ի վեր առաջին անգամն էր, որ Նա նման ծայրահեղ գարշանք զգաց նրանց հանդեպ, ինչը դրդեց Նրան առաջին անգամ ցավալի որոշում կայացնել՝ ջրհեղեղով ոչնչացնելու նման մարդկային ցեղը։ Այն բանից հետո, երբ ջրհեղեղը ոչնչացրեց աշխարհը, Աստված առաջին անգամ ուխտ կնքեց մարդկության հետ՝ հայտարարելով, որ Նա այլևս երբեք ջրհեղեղով չի ոչնչացնի աշխարհը։ Այս ուխտի նշանը ծիածանն էր։ Քանի որ սա առաջին ուխտն էր, որ Աստված կնքեց մարդկության հետ, ծիածանն Աստծու և մարդու միջև ուխտի առաջին նշանն էր։ Այս նշանը գոյություն ուներ որպես նյութական բան, որը ծիածանն էր։ Հենց ծիածանի գոյությունն է, որ ստիպում է Աստծուն հաճախ զգալ նախորդ մարդկային ցեղը կորցնելու ցավը, և հենց ծիածանի գոյությունն է, որ որպես մշտական հիշեցում է ծառայում Նրա համար այն մասին, թե ինչ էր ժամանակին պատահել այդ մարդկային ցեղին... Աստված չէր ցանկանում դանդաղեցնել Իր քայլերը։ Նա անհամբեր սպասում էր շարունակելու Իր տնօրինման հաջորդ քայլը։ Հետագայում Աստված ընտրեց Աբրահամին՝ որպես Իր առաջին ընտրություն ողջ Իսրայելում Իր գործի համար, ինչը նաև առաջին անգամն էր, որ Աստված նման թեկնածու ընտրեց։ Աստված վճռեց սկսել մարդկությանը փրկելու Իր գործն այս անձի միջոցով և իրականացնել Իր գործն այս անձի սերունդների մեջ։ Սա այն է, ինչ մենք տեսնում ենք Աստվածաշնչում, որ Աստված արեց Աբրահամի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Աստված առաջին անգամ ընտրեց Իսրայելը և Օրենքի դարաշրջանի Իր գործը սկսեց Իսրայելի ընտրյալ ժողովրդի մեջ։ Իսրայելացիների մեջ Աստված՝ կրկին առաջին անգամ, հստակ գրավոր ձևով սահմանեց և մանրամասն բացատրեց այն կանոններն ու կանոնադրությունները, որոնց մարդը պետք է հետևեր։ Սա առաջին անգամն էր, որ Աստված սահմանեց նման որոշակի, ստանդարտացված ձևով, թե ինչպես մարդիկ պետք է զոհեր մատուցեն, ինչպես պետք է ապրեն, ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն, և ինչ տոներ ու հատուկ օրեր կամ բաներ անելու սկզբունքներ պետք է պահպանեն։ Սա առաջին անգամն էր, որ Աստված երբևէ կյանքի կանոններ և սկզբունքներ սահմանեց մարդկության համար նման մանրամասն և ստանդարտացված ձևով։
Երբ ասում եմ «առաջին անգամ», դա նշանակում է, որ Աստված երբեք չէր ձեռնարկել որոշակի տեսակի գործ, որ այս գործն աննախադեպ էր։ Թեև Աստված արարել էր մարդկությանը և բոլոր տեսակի արարածներին ու կենդանի էակներին, նախկինում երբեք չէր արել այս տեսակի գործ։ Այս ողջ գործը ներառում էր Աստծու կողմից մարդու տնօրինումը։ Այն ամբողջովին կապված էր մարդու և մարդկության Նրա փրկության ու տնօրինման հետ։ Աբրահամից հետո Աստված ևս մեկ «առաջին» բան կատարեց՝ ընտրելով Հոբին որպես օրենքի տակ գտնվող այն անձը, որը կարող էր դիմանալ Սատանայի գայթակղություններին՝ միաժամանակ շարունակելով երկյուղել Աստծուց ու խուսափել չարից և հաստատուն կանգնել Աստծու համար իր վկայության մեջ։ Սա նաև առաջին անգամն էր, որ Աստված թույլ տվեց Սատանային փորձել մարդուն, և առաջին անգամն էր, որ գրազ եկավ Սատանայի հետ։ Ի վերջո առաջին անգամ Նա ձեռք բերեց մի մարդու, որն ի վիճակի էր հաստատուն կանգնելու Իր համար իր վկայության մեջ, վկայություն կրելու Իր համար Սատանայի առջև և հիմնովին ամոթահար անելու Սատանային։ Մարդկությանն արարելուց ի վեր սա առաջին մարդն էր, որին Նա ձեռք բերեց, և որն ի վիճակի էր վկայելու Իրեն։ Այս մարդուն ձեռք բերելուց հետո Աստված էլ ավելի մեծ եռանդով մտադրվեց շարունակել Իր տնօրինումը և իրականացնել Իր գործի հաջորդ քայլը՝ նախապատրաստելով այն վայրն ու մարդկանց, որոնց կընտրեր Իր գործի հաջորդ քայլի համար։
Այս ամենի շուրջ հաղորդակցվելուց հետո արդյոք ունե՞ք որևէ ճշմարիտ հասկացողություն Աստծու մտադրությունների վերաբերյալ։ Աստված մարդկության Իր տնօրինման, մարդկության Իր փրկության այս գործընթացը համարում է ամեն ինչից կարևոր։ Նա այս բաներն անում է ոչ միայն Իր մտքերով և ոչ միայն Իր խոսքերով, և առավել ևս դրանք անփույթ կերպով չի անում։ Նա այս բոլոր բաներն անում է Իր մտադրություններով՝ միաժամանակ ունենալով ծրագիր, նպատակ և չափանիշներ։ Կարելի է տեսնել, որ մարդկությանը փրկելու Աստծու գործի այս դեպքը մեծ նշանակություն ունի թե՛ Աստծու, թե՛ մարդու համար։ Որքան էլ դժվար լինի գործը, որքան էլ մեծ լինեն դրա խոչընդոտները, որքան էլ թույլ լինի մարդկությունը կամ որքան էլ խորը լինի նրանց ըմբոստությունը, այս ամենից ոչ մեկը դժվար չէ Աստծու համար։ Աստված զբաղված է պահում Իրեն, ծախսում է Իր սրտի արյունը և տնօրինում այն գործը, որն ուզում է իրականացնել։ Նա նաև կարգավորում է ամեն ինչ և գերիշխանություն ունի բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց վրա ուզում է գործել, և այն ողջ գործի նկատմամբ, որն ուզում է անել։ Այս ամենն աննախադեպ է։ Սա առաջին անգամն է, որ Աստված օգտագործել է այս մեթոդները և նման մեծ գին է վճարել՝ իրականացնելու մարդկությանը տնօրինելու և փրկելու հսկայական նախաձեռնությունը։ Մինչ Աստված իրականացնում է այս ողջ գործը, կամաց-կամաց, առանց որևէ վերապահման, արտահայտում և մարդկությանն է հանձնում Իր սրտի արյունը, այն, ինչ Նա ունի և է, Իր իմաստությունն ու ամենակարողությունը և Իր բնույթի յուրաքանչյուր տեսանկյունը։ Այս մեթոդների միջոցով այս բաների Նրա արտահայտումն ու հանձնումն աննախադեպ են։ Ուստի ողջ տիեզերքում բացի մարդուց, որին Աստված նպատակ ունի տնօրինելու և փրկելու, ոչ մի այլ արարած երբեք այնքան մոտ չի եղել Աստծուն, և ոչ մեկը նման մտերիմ հարաբերություն չի ունեցել Նրա հետ։ Նրա սրտում այն մարդկությունը, որին Նա ուզում է տնօրինել և փրկել, առաջնային է, և Նա արժևորում է այս մարդկությանն ամեն ինչից առավել։ Թեև Նա մեծ գին է վճարել նրանց համար, և թեև շարունակաբար վիրավորվում է, ու նրանք ըմբոստանում են Իր դեմ, Նա չունի տրտունջներ կամ ափսոսանքներ։ Նա դեռ չի հեռանում մարդուց կամ թողնում նրան և անդադար շարունակում է կատարել Իր գործը։ Դա այն պատճառով է, որ Նա գիտի, որ վաղ թե ուշ կգա այն օրը, երբ մարդը կարթնանա Իր խոսքերի կանչից, կհուզվի Իր խոսքերից, կճանաչի, որ Ինքն Արարիչն է, և ապա կվերադառնա Իր կողքը…
Այսօր այս ամենը լսելուց հետո գուցե զգաք, որ այն ամենը, ինչ Աստված անում է, շատ բնականոն է։ Թվում է, թե մարդիկ միշտ որոշ չափով զգացել են մարդկության հանդեպ Աստծու մտադրությունները Նրա խոսքերից և Նրա գործից, բայց միշտ տարածություն կա նրանց զգացմունքների կամ ճանաչողության և այն բանի միջև, ինչ Աստված մտածում է։ Ահա թե ինչու անհրաժեշտ եմ համարում բոլոր մարդկանց հետ հաղորդակցվել այն մասին, թե ինչու Աստված արարեց մարդկությանը, և այն նախապատմության մասին, որը թաքնված է այն մարդկությանը ձեռք բերելու Նրա ցանկության տակ, որին Նա ակնկալում էր։ Էական է, որ Ես ասեմ սա բոլորին, որպեսզի բոլորի համար այն պարզ լինի, և հասկանան այն իրենց սրտերում։ Քանի որ Աստծու յուրաքանչյուր միտք ու գաղափար և Նրա գործի յուրաքանչյուր փուլ ու յուրաքանչյուր շրջան վերաբերում և սերտորեն կապված են Նրա ողջ տնօրինման գործին, հետևաբար, երբ հասկանում ես Աստծու մտքերը, գաղափարները և Նրա մտադրությունները Նրա գործի յուրաքանչյուր քայլում, դա նույնն է, ինչ հասկանալը, թե ինչպես ի հայտ եկավ Նրա տնօրինման ծրագրի գործը։ Հենց այս հիմքի վրա է խորանում Աստծու վերաբերյալ քո հասկացողությունը։ Թեև այն ամենը, ինչ Աստված արեց, երբ առաջին անգամ արարեց աշխարհը, ինչը Ես նախկինում նշեցի, առայժմ լոկ որոշակի «տեղեկություն» է մարդկանց համար և թվում է, թե կապ չունի ճշմարտությանը նրանց ձգտելու հետ, մի օր քո փորձառությունների ընթացքում չես մտածի, որ այն, ինչի մասին Ես խոսել եմ, այնքան պարզ բան է, որքան մի քանի տեղեկություն կամ որոշ առեղծվածներ։ Քո կյանքի առաջընթացին զուգընթաց, հենց որ Աստված փոքր-ինչ տեղ ունենա քո սրտում, կամ հենց որ ավելի հիմնովին և խորապես հասկանաս Նրա մտադրությունները, ապա ճշմարտապես կզգաս այն բանի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչի մասին Ես խոսում եմ այսօր։ Անկախ նրանից՝ որքանով եք հիմա ըմբռնում սա, ձեզ համար դեռևս անհրաժեշտ է հասկանալ և իմանալ այս բաները։ Երբ Աստված ինչ-որ բան է անում, երբ Նա իրականացնում է Իր գործը, անկախ նրանից՝ Իր գաղափարներով է, թե Իր սեփական ձեռքերով, անկախ նրանից՝ առաջին անգամն է, որ Նա արել է դա, թե վերջին, ի վերջո Աստված ունի Իր սեփական ծրագիրը, և Նրա նպատակներն ու Նրա մտքերը դրա մեջ են։ Այս նպատակներն ու մտքերը ներկայացնում են Աստծու բնույթը, և դրանք արտահայտում են այն, ինչ Նա ունի և է։ Այս բաները՝ Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, պետք է յուրաքանչյուր մարդ հասկանա։ Հենց որ մարդը հասկանա դրանք, կկարողանա աստիճանաբար հասկանալ, թե ինչու է Աստված անում այն, ինչ անում է, և ինչու է Նա ասում այն, ինչ ասում է։ Դրանից ելնելով՝ նրանք կարող են ավելի շատ հավատ ունենալ՝ հետևելու Աստծուն, ձգտելու ճշմարտությանը և իրենց բնավորության փոփոխությանը։ Այսպիսով՝ Աստծու վերաբերյալ մարդկանց հասկացողությունը և Աստծու հանդեպ նրանց հավատն անբաժանելի են։
Եթե այն, ինչ մարդիկ ճանաչում և հասկանում են, Աստծու բնույթն է և այն, ինչ Նա ունի և է, ապա այն, ինչ նրանք ձեռք կբերեն, կլինի կյանքը, որը գալիս է Աստծուց։ Հենց որ այս կյանքը դաջվի քո ներսում, Աստծու հանդեպ քո երկյուղը ավելի ու ավելի մեծ կդառնա։ Սա արդյունք է, որին կարելի է բնականորեն հասնել։ Եթե չես ցանկանում հասկանալ կամ ճանաչել Աստծու բնույթը կամ Նրա էությունը, եթե նույնիսկ չես ցանկանում խորհել այս բաների մասին կամ ուշադրություն դարձնել դրանց, կարող եմ վստահորեն ասել, որ այն ճանապարհը, որով ներկայումս ձգտում ես Աստծու հանդեպ քո հավատին, երբեք թույլ չի տա քեզ բավարարել Նրա մտադրությունները կամ արժանանալ Նրա հավանությանը և առավել ևս՝ ճշմարտապես հասնել փրկության. սրանք են վերջնական հետևանքները։ Երբ մարդը չի հասկանում Աստծուն և չի ճանաչում Նրա բնույթը, նրա սիրտը երբեք չի կարող ճշմարտապես բացվել Նրա առջև։ Հենց որ նա հասկանա Աստծուն, հետաքրքրություն և հավատ կունենա՝ ըմբռնում ցուցաբերելու և ճաշակելու Նրա սիրտը։ Երբ ըմբռնում ցուցաբերես և ճաշակես Աստծու սիրտը, քո սիրտն աստիճանաբար, քիչ-քիչ կբացվի Նրա առջև։ Երբ քո սիրտը բացվի Նրա առջև, կզգաս, թե որքան ամոթալի և արհամարհելի էին Աստծու հետ գործարքներ անելու քո փորձերը, Աստծուց քո պահանջները և քո իսկ շվայտ ցանկությունները։ Երբ քո սիրտը ճշմարտապես բացվի Աստծու առջև, կտեսնես, որ Նրա սիրտն անզուգական ընդարձակության մի այսպիսի աշխարհ է, և միևնույն ժամանակ մուտք կգործես մի ոլորտ, որը նախկինում երբեք փորձառաբար չես ապրել։ Այս ոլորտում չկա խաբեություն, չկա նենգություն, չկա խավար և չկա չարիք։ Կա միայն անկեղծություն և հավատարմություն, միայն լույս և ուղղամտություն, միայն արդարություն և բարություն։ Այն լի է սիրով և հոգատարությամբ, լի է ողորմությամբ և երկայնամտությամբ, և քեզ հնարավորություն է տալիս զգալու ողջ լինելու երջանկությունն ու ուրախությունը։ Այս բաներն այն են, ինչ Աստված ցույց կտա քեզ, երբ սիրտդ բացես Նրա առջև։ Անզուգական ընդարձակության այս աշխարհը լցված է Աստծու իմաստությամբ և լցված է Նրա ամենակարողությամբ. այն լի է նաև Նրա սիրով և լցված է Նրա իշխանությամբ։ Այստեղ կարող ես տեսնել այն ամենի յուրաքանչյուր տեսանկյունը, ինչ Աստված ունի և է, տեսնել այն, ինչն ուրախացնում է Աստծուն, ինչն անհանգստացնում է Նրան, ինչը վիշտ է բերում Նրան և ինչն առաջացնում է Նրա բարկությունը… Սա այն է, ինչ կարող է տեսնել յուրաքանչյուր մարդ, որը բացում է իր սիրտը և թույլ է տալիս, որ Աստված ներս մտնի։ Միայն այն ժամանակ, երբ բացես սիրտդ Աստծու առջև, Նա կարող է մտնել դրա մեջ։ Միայն այն ժամանակ, երբ Աստված մտնի սրտիդ մեջ, կարող ես տեսնել այն, ինչ Աստված ունի և է, և տեսնել քեզ համար Նրա մտադրությունները։ Այդ ժամանակ կհայտնաբերես, որ Աստծու մասին ամեն ինչ այնքան թանկարժեք է, որ այն, ինչ Նա ունի և է, այնքան արժանի է գնահատվելու։ Դրա համեմատությամբ քեզ շրջապատող մարդիկ, իրադարձությունները և բաները, և նույնիսկ քո սիրելիները, քո զուգընկերը և այն բաները, որոնք սիրում ես, այնքան անարժան են հիշատակման, այնքան աննշան են և այնքան ստոր են քեզ համար։ Կզգաս, որ ոչ մի նյութական առարկա երբևէ չի կարողանա նորից գրավել քեզ կամ ստիպել քեզ նորից որևէ գին վճարել դրա համար։ Աստծու խոնարհության մեջ կտեսնես Նրա մեծությունն ու Նրա գերակայությունը։ Ավելին՝ Աստծու որոշ արարքներում, որոնք նախկինում բավականին փոքր էիր համարում, կտեսնես Նրա անսահման իմաստությունն ու Նրա համբերատարությունը, ինչպես նաև այն համբերությունը, հանդուրժողականությունն ու հասկացողությունը, որ Նա ցուցաբերում է քեզ։ Սա քո մեջ պաշտամունք կառաջացնի Նրա հանդեպ։ Այդ օրը կզգաս, որ մարդիկ ապրում են այնպիսի կեղտոտ աշխարհում, և որ քո կողքի մարդիկ լինեն դրանք, թե քեզ շրջապատող իրադարձությունները, կամ նույնիսկ նրանք, ում սիրում ես, նրանց սերը քո հանդեպ և նրանց այսպես կոչված պաշտպանությունը կամ նրանց հոգատարությունը քո հանդեպ, այս ամենն արժանի չէ հիշատակման. միայն Աստված է քո ամենասիրելին և քո ամենաթանկարժեք գանձը։ Երբ գա այդ օրը, Ես հավատում եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կասեն. «Աստծու սերն այնքան մեծ է, և Նրա էությունն այնքան սուրբ է։ Աստծու մեջ չկա նենգություն, չկա չարություն, չկա նախանձ և չկա հակամարտություն, այլ միայն արդարություն և իսկություն։ Այն ամենը, ինչ Աստված ունի և է, այն է, ինչին մարդիկ պետք է փափագեն, և նաև այն է, ինչին մարդիկ պետք է ձգտեն և տենչան»։ Ինչի՞ հիման վրա է կառուցված սրան հասնելու մարդկանց ունակությունը։ Այն կառուցված է Աստծու բնույթի նրանց հասկացողության և Աստծու էության նրանց հասկացողության հիման վրա։ Ուստի Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, հասկանալը ցմահ դաս է յուրաքանչյուր մարդու համար. սա նաև ցմահ նպատակ է, որին ձգտում է յուրաքանչյուր մարդ, ով փնտրում է փոխել իր բնավորությունը և փնտրում է ճանաչել Աստծուն։
Աստծու առաջին անգամ մսեղի դառնալը՝ գործ կատարելու համար
Մենք հենց նոր խոսեցինք այն ողջ գործի մասին, որն Աստված իրականացրել է առաջին անգամների շարքով։ Այս բաներից յուրաքանչյուրը վերաբերում է Աստծու տնօրինման ծրագրին և Աստծու մտադրություններին։ Միևնույն ժամանակ դրանք վերաբերում են նաև Իր՝ Աստծու բնույթին և Նրա էությանը։ Եթե ուզում ենք ավելին հասկանալ այն բանից, ինչ Աստված ունի և է, չենք կարող կանգ առնել Հին Կտակարանի կամ Օրենքի դարաշրջանի վրա. մենք պետք է առաջ շարժվենք՝ հետևելով այն քայլերին, որոնք Աստված արեց Իր գործում։ Եվ այսպես, երբ Աստված ավարտեց Օրենքի դարաշրջանը և սկսեց Շնորհքի դարաշրջանը, մեր ոտնահետքերը հետևեցին Նրան դեպի Շնորհքի դարաշրջան՝ մի դարաշրջան, որը լի է շնորհով և փրկագնումով։ Այս դարաշրջանում Աստված կրկին առաջին անգամ շատ կարևոր բան արեց։ Այս նոր դարաշրջանի գործը թե՛ Աստծու, թե՛ մարդկության համար նոր մեկնարկային կետ էր. մի մեկնարկային կետ, որը ևս մեկ նոր գործ էր, որն Աստված արեց առաջին անգամ։ Այս նոր գործն աննախադեպ էր, մի բան, որը վեր էր մարդկանց և բոլոր արարածների երևակայության ուժերից։ Դա մի բան է, որն այժմ լավ հայտնի է բոլոր մարդկանց. առաջին անգամ Աստված դարձավ մարդկության անդամ, և առաջին անգամ Նա սկսեց նոր գործ մարդու կերպարանքով, մարդու ինքնությամբ։ Այս նոր գործը նշանակում էր, որ Աստված ավարտել էր Իր գործն Օրենքի դարաշրջանում, և որ Նա այլևս ոչինչ չէր անի կամ ասի օրենքի ներքո։ Նա նաև ոչինչ չէր ասի կամ անի օրենքի ձևով կամ օրենքի սկզբունքների կամ կանոնների համաձայն։ Այսինքն՝ Նրա ողջ գործը, որը կենտրոնացած էր օրենքի վրա, ընդմիշտ դադարեցվեց և չէր շարունակվելու։ Քանի որ Աստված ուզում էր սկսել նոր գործ և անել նոր բաներ, և Նրա ծրագիրը կրկին նոր մեկնարկային կետ ուներ, Աստված պետք է առաջնորդեր մարդուն դեպի հաջորդ դարաշրջան։
Արդյոք սա ուրախալի, թե սարսափելի լուր էր մարդկանց համար, կախված էր յուրաքանչյուր մարդու էությունից։ Կարելի է ասել, որ որոշ մարդկանց համար սա ոչ թե ուրախալի, այլ սարսափելի լուր էր, որովհետև երբ Աստված սկսեց Իր նոր գործը, այն մարդիկ, որոնք միայն հետևում էին օրենքներին ու կանոններին, որոնք միայն հետևում էին կանոնակարգերին և որոնք չէին վախենում Աստծուց, հակված էին օգտագործելու Աստծու հին գործը՝ Նրա նոր գործը դատապարտելու համար։ Այս մարդկանց համար սա սարսափելի լուր էր։ Բայց յուրաքանչյուր մարդու համար, որը մաքուր և բաց էր, որն անկեղծ էր Աստծու հանդեպ և պատրաստակամ էր ընդունելու Նրա փրկությունը, Աստծու առաջին մարմնացումը չափազանց ուրախալի լուր էր։ Քանի որ մարդկանց գոյության կոչվելուց ի վեր սա առաջին անգամն էր, որ Աստված հայտնվեց և ապրեց մարդկանց մեջ մի ձևով, որը Հոգին չէր, փոխարենն ապրելով և աշխատելով մարդկանց մեջ մարդկանցից ծնված մարդու Որդու կերպով և ձևով։ Այս «առաջինը» կոտրեց մարդկանց պատկերացումները, այն վեր էր որևէ մեկի երևակայությունից։ Միևնույն ժամանակ Աստծու բոլոր հետևորդները շոշափելի օգուտ ստացան։ Աստված ոչ միայն ավարտեց հին դարաշրջանը, այլև վերջ դրեց Իր հին աշխատանքային մեթոդներին և աշխատելաոճին։ Այլևս չէր խնդրում Իր պատգամաբերներին փոխանցել Իր մտադրությունները, այլևս չէր թաքնվում ամպերի մեջ և հայտնվում ու հրամայաբար խոսում մարդկանց հետ որոտի միջոցով։ Ի տարբերություն նախկինում Իր արածի՝ մարդկանց համար աներևակայելի մի մեթոդի միջոցով, որը նրանց համար դժվար էր հասկանալ կամ ընդունել՝ մսեղի դառնալով, Նա դարձավ մարդու Որդի՝ իրականացնելու այդ դարաշրջանի գործը։ Աստծու այս արարքը մարդկությանը լիովին հանկարծակիի բերեց, նրանց անհարմար դրության մեջ դրեց, որովհետև Աստված կրկին նոր գործ էր սկսել, որը նախկինում երբեք չէր արել։ Այսօր կնայենք, թե ինչ նոր գործ արեց Աստված նոր դարաշրջանում, և կդիտարկենք, թե ինչ կարող ենք սովորել այս նոր գործից Աստծու բնույթի և այն բանի վերաբերյալ, ինչ Նա ունի և է։
Հետևյալն Աստվածաշնչի Նոր Կտակարանում գրառված խոսքերն են։
1. Հիսուսը շաբաթ օրը հասկ է պոկում՝ ուտելու համար
Մատթեոս 12:1 Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել։
2. Մարդու Որդին շաբաթ օրվա Տերն է
Մատթեոս 12:6-8 Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա։ Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում. «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», ապա անմեղներին չէիք դատապարտի։ Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է։
Եկեք նախ նայենք այս հատվածին. «Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել»։
Ինչո՞ւ եմ ընտրել այս հատվածը։ Ի՞նչ կապ ունի այն Աստծու բնույթի հետ։ Այս հատվածում առաջին բանը, որ գիտենք, այն է, որ շաբաթ օր էր, բայց Տեր Հիսուսը դուրս եկավ և առաջնորդեց Իր աշակերտներին արտերի միջով։ Ինչն էլ ավելի «դավաճանական» է, այն է, որ նրանք նույնիսկ «սկսեցին հասկ պոկել ու ուտել»։ Օրենքի դարաշրջանում Եհովա Աստծու օրենքը պայման էր դնում, որ մարդիկ չէին կարող անփութորեն դուրս գալ կամ մասնակցել որևէ գործունեության շաբաթ օրը՝ կային շատ բաներ, որոնք չէր կարելի անել շաբաթ օրը։ Տեր Հիսուսի այս արարքը տարակուսելի էր նրանց համար, ովքեր երկար ժամանակ ապրել էին օրենքի տակ, և այն նույնիսկ քննադատություն առաջացրեց։ Ինչ վերաբերում է նրանց շփոթությանը և թե ինչպես էին խոսում Հիսուսի արածի մասին, դա առայժմ մի կողմ կդնենք։ Եկեք նախ քննարկենք, թե ինչու Տեր Հիսուսն ընտրեց դա անել հենց շաբաթ օրը, և ինչ էր Նա ուզում հաղորդել օրենքի տակ ապրող մարդկանց այս արարքի միջոցով։ Սա է այս հատվածի և Աստծու բնույթի միջև կապը, որի մասին Ես կխոսեմ։
Երբ Տեր Հիսուսը եկավ, Իր գործնական արարքներով մարդկությանն ասաց, որ Աստված հեռացել է Օրենքի դարաշրջանից և նոր գործ է սկսել, և որ այս նոր գործն այլևս չի պահանջում շաբաթ օրը պահել։ Աստծու կողմից շաբաթ օրը շրջանցելը լոկ Նրա նոր գործի կանխավայելքն էր. իրական և մեծ գործը դեռ առջևում էր։ Երբ Տեր Հիսուսն սկսեց Իր գործը, արդեն շրջանցել էր Օրենքի դարաշրջանի «կապանքները» և կոտրել էր այդ դարաշրջանում սահմանված կանոններն ու սկզբունքները։ Նրա մեջ օրենքին վերաբերող որևէ բանի հետք չկար. Նա ամբողջությամբ դեն էր նետել այն և այլևս չէր պահում և այլևս չէր պահանջում, որ մարդիկ պահեն այն։ Ուստի այստեղ տեսնում ես, որ Տեր Հիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջով, և որ Տերը չհանգստացավ. Նա դրսում աշխատում էր և ոչ թե հանգստանում։ Նրա այս արարքը հակասում էր մարդկանց պատկերացումներին և հաղորդում էր նրանց, որ Նա այլևս օրենքի տակ չէր ապրում և որ շրջանցել էր շաբաթ օրը ու հայտնվել մարդկանց առջև և նրանց մեջ՝ լիովին նոր պատկերով և գործելու նոր ձևով։ Նրա այս արարքը մարդկանց ասաց, որ Նա Իր հետ նոր գործ է բերել, գործ, որը սկսվեց օրենքի տակ լինելուց դուրս գալով և Շաբաթ օրվանից հեռանալով։ Երբ Աստված իրականացրեց Իր նոր գործը, այլևս չկառչեց անցյալին և այլևս չէր մտահոգվում Օրենքի դարաշրջանի կանոններով։ Նա նաև չէր ազդվել նախորդ դարաշրջանի Իր գործից, այլ փոխարենն աշխատում էր շաբաթ օրը ճիշտ այնպես, ինչպես անում էր ցանկացած այլ օր, և երբ Նրա աշակերտները քաղցած էին շաբաթ օրը, կարող էին հասկ պոկել ու ուտել։ Այս ամենը շատ բնականոն էր Աստծու աչքերում։ Աստծու համար այն գործի մեծ մասը, որ Նա ուզում է անել, և այն խոսքերը, որ Նա ուզում է ասել, կարող են նոր սկիզբ ունենալ։ Երբ Նա նոր բան է սկսում, ո՛չ հիշատակում է Իր նախկին գործը, ո՛չ էլ շարունակում է իրականացնել այն։ Աստված Իր գործում ունի Իր սկզբունքները, և այն ժամանակը, երբ Նա ուզում է նոր գործ սկսել, այն ժամանակն է, երբ Նա ուզում է մարդկանց բերել Իր գործի նոր փուլ, և Նրա գործը մտնում է ավելի բարձր փուլ։ Այդ պատճառով, եթե մարդիկ շարունակեն գործել հին ասույթների կամ կանոնների համաձայն կամ շարունակեն կառչել դրան, Նա չի հիշի կամ հավանություն չի տա դրան։ Դա այն պատճառով է, որ Նա արդեն նոր գործ է բերել և մտել է Իր գործի նոր փուլ։ Երբ Նա նոր գործ է բերում, մարդկանց հայտնվում է լիովին նոր պատկերով, լիովին նոր տեսանկյունից և լիովին նոր ձևով, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Նրա բնույթի և այն բանի տարբեր տեսանկյունները, ինչ Նա ունի և է։ Սա Իր նոր գործում Նրա նպատակներից մեկն է։ Աստված չի կառչում հին բաներին կամ քայլում հին ուղիով. երբ Նա գործում և խոսում է, այնպես չէ, ինչպես մարդիկ են երևակայում՝ այս կամ այն արգելելով։ Աստծու մեջ ամեն ինչ ազատ և ազատագրված է, և չկա ոչ մի արգելք, ոչ մի կապանք. այն, ինչ Նա բերում է մարդկանց, ամբողջովին ազատություն և ազատագրում է։ Նա կենդանի Աստված է, Աստված, որն անկեղծորեն, ճշմարտապես գոյություն ունի։ Նա խամաճիկ կամ կավե արձանիկ չէ, և Նա լիովին տարբերվում է այն կուռքերից, որոնց մարդիկ սրբացնում և երկրպագում են։ Նա կենդանի և կենսունակ է, և այն, ինչ Նրա խոսքերն ու գործը բերում են մարդուն, ամբողջովին կյանք և լույս է, ամբողջովին ազատություն և ազատագրում, որովհետև Նա ունի ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը, և Նա անում է այն ողջ գործը, որ մտադիր է անել՝ առանց որևէ բանից կաշկանդվելու։ Անկախ նրանից՝ ինչ են ասում մարդիկ, և անկախ նրանից՝ ինչպես է մարդկությունը տեսնում կամ գնահատում Նրա նոր գործը, Նա առանց վարանելու կանի այն գործը, որը մտադիր է անել։ Նա հաշվի չի առնի որևէ մեկի պատկերացումները, ոչ էլ նրանց մատնացույց անելը Նրա գործի և խոսքերի վերաբերյալ, ոչ էլ նույնիսկ նրանց ուժեղ հակադրությունն ու դիմադրությունը Նրա նոր գործին։ Բացարձակապես ոչ մի հավանականություն չկա, որ արարածների մեջ որևէ մեկը կարողանա օգտագործել մարդկային ողջամտությունը կամ մարդկային երևակայությունը, ճանաչողությունը կամ բարոյականությունը՝ չափելու կամ վճիռ կայացնելու այն բանի վերաբերյալ, ինչ Աստված անում է, վարկաբեկելու, անհանգստացնելու կամ վնասելու Նրա գործը։ Նրա գործում և Նրա արածի մեջ ոչ մի արգելք չկա. այն չի կաշկանդվի որևէ մարդու, իրադարձության կամ բանի կողմից, ոչ էլ կանհանգստացվի որևէ թշնամական ուժի կողմից։ Ինչ վերաբերում է Նրա նոր գործին, Նա միշտ հաղթող Թագավոր է, և ցանկացած թշնամական ուժ ու մարդկության բոլոր հերձվածողություններն ու մոլորությունները ոտնատակ են տրվում Նրա պատվանդանի տակ։ Անկախ նրանից՝ Իր գործի որ նոր փուլն է Նա իրականացնում, այն անպայման կիրականացվի և կտարածվի մարդկանց մեջ, և այն անպայման անարգել կիրականացվի ու լիակատար հաջողության կհասցվի ողջ տիեզերքում։ Սա Աստծու ամենակարողությունն ու իմաստությունն է, Նրա իշխանությունն ու զորությունը։ Այսպիսով՝ Տեր Հիսուսը կարող էր բացահայտորեն դուրս գալ և աշխատել շաբաթ օրը, որովհետև Նրա սրտում չկային կանոնակարգեր, ոչ մի ճանաչողություն կամ ուսմունք, որոնք ծագում էին մարդուց։ Այն, ինչ Նա ուներ, Աստծու նոր գործն էր և Աստծու ճանապարհը։ Նրա գործը մարդկանց ազատելու և ազատագրելու, նրանց լույսի մեջ գոյատևել և ապրել թույլ տալու ճանապարհն էր։ Մինչդեռ նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին կամ կեղծ աստվածներին, ամեն օր ապրում են Սատանայի կողմից կապված, ամեն տեսակ կանոններով ու արգելքներով կաշկանդված. այսօր մի բան է արգելված, վաղը՝ մեկ այլ բան։ Նրանց կյանքում ազատություն չկա։ Նրանք նման են շղթայված բանտարկյալների, որոնք ապրում են մի կյանքով, որտեղ ուրախության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ի՞նչ է ներկայացնում «արգելքը»։ Այն ներկայացնում է կապանքներ, ստրկություն և չարությո՛ւն։ Հենց որ մարդը երկրպագում է կուռքի, նա երկրպագում է կեղծ աստծու, չար ոգու, և շուտով հետևում են արգելքները։ Չի կարելի ուտել այս կամ այն, այսօր չի կարելի դուրս գալ, վաղը չի կարելի ճաշ պատրաստել, հաջորդ օրը չի կարելի տեղափոխվել նոր տուն, որոշակի օրեր պետք է ընտրվեն հարսանիքների և թաղումների և նույնիսկ երեխա լույս աշխարհ բերելու համար։ Ինչպե՞ս է այս ամենը կոչվում։ Սա կոչվում է արգելք։ Դա մարդկանց ստրկությունն է, և դա Սատանայի ու չար ոգիների շղթաներն են, որոնք վերահսկում են մարդկանց և կաշկանդում նրանց սրտերն ու մարմինները։ Արդյոք այս արգելքները գոյություն ունե՞ն Աստծու մոտ։ Աստծու սրբության մասին խոսելիս նախ պետք է մտածես սրա մասին։ Աստծու մոտ արգելքներ չկան։ Աստված ունի սկզբունքներ Իր խոսքերում և գործում, բայց չկան արգելքներ, որովհետև Աստված Ինքը ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը։
Այժմ եկեք նայենք Գրությունների հետևյալ հատվածին. «Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա։ Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում՝ «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», ապա անմեղներին չէիք դատապարտի։ Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է» (Մատթեոս 12:6-8)։ Ինչի՞ն է վերաբերում «տաճար» բառն այստեղ։ Պարզ ասած՝ այն վերաբերում է մի շքեղ, վեհաշուք շենքի, իսկ Օրենքի դարաշրջանում տաճարը քահանաների համար Աստծուն երկրպագելու վայր էր։ Երբ Տեր Հիսուսն ասաց. «այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա», ո՞ւմ էր վերաբերում այդ «կարևոր բանը»։ Պարզ է, որ այդ «կարևոր բանը» մարմնացած Տեր Հիսուսն է, որովհետև միայն Նա էր ավելի մեծ, քան տաճարը։ Ի՞նչ ասացին այդ խոսքերը մարդկանց։ Դրանք մարդկանց ասացին դուրս գալ տաճարից. Աստված արդեն լքել էր տաճարը և այլևս չէր գործում դրա մեջ, ուստի մարդիկ պետք է փնտրեին Աստծու ոտնահետքերը տաճարից դուրս և հետևեին Նրա քայլերին Իր նոր գործում։ Այն համատեքստը, որում Տեր Հիսուսն ասաց սա, այն էր, որ օրենքի տակ մարդիկ սկսել էին տաճարը դիտարկել որպես ավելի կարևոր բան, քան Աստված Ինքը։ Այսինքն՝ մարդիկ երկրպագություն էին անում տաճարում, այլ ոչ թե երկրպագում էին Աստծուն, ուստի Տեր Հիսուսը նախազգուշացրեց նրանց չերկրպագել կուռքերին, այլ փոխարենը երկրպագել Աստծուն, քանի որ Նա գերագույնն է։ Այսպիսով՝ Նա ասաց․ «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»։ Ակնհայտ է, որ Տեր Հիսուսի աչքերում օրենքի տակ ապրող մարդկանց մեծամասնությունն այլևս չէր երկրպագում Եհովային, այլ լոկ ձևականորեն զոհեր էր մատուցում, և Տեր Հիսուսը վճռեց, որ դա կուռքերի երկրպագություն է։ Այս կռապաշտները տաճարը դիտարկում էին որպես ավելի կարևոր և ավելի բարձր բան, քան Աստված։ Նրանց սրտերում միայն տաճարն էր, ոչ թե Աստված, և ինչ վերաբերում էր նրանց, առանց տաճարի՝ նրանք կկորցնեին իրենց բնակավայրը։ Առանց տաճարի՝ նրանք երկրպագելու տեղ չէին ունենա և չէին կարողանա մատուցել իրենց զոհերը։ Նրանց այսպես կոչված «բնակավայրն» այնտեղ էր, որտեղ օգտագործում էին Եհովա Աստծուն երկրպագելու կեղծ պատրվակը՝ տաճարում մնալու և իրենց սեփական գործերն իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Նրանց այսպես կոչված «զոհաբերությունը» պարզապես տաճարում իրենց ծառայությունն իրականացնելու քողի տակ իրենց սեփական անձնական ամոթալի գործարքներն իրականացնելն էր։ Սա էր պատճառը, որ այն ժամանակ մարդիկ տաճարն ավելի կարևոր էին համարում, քան Աստծուն։ Տաճարն օգտագործում էին որպես քող, իսկ զոհերը՝ որպես պատրվակ՝ մարդկանց խաբելու և Աստծուն խաբելու համար։ Միայն սրա պատճառով էր, որ Տեր Հիսուսն ասաց այս խոսքերը՝ որպես նախազգուշացում մարդկանց։ Եթե կիրառեք այս խոսքերը ներկայիս նկատմամբ, դրանք դեռևս հավասարապես վավեր են և հավասարապես տեղին։ Թեև այսօր մարդիկ Աստծու այլ գործ են փորձառաբար ապրել, քան Օրենքի դարաշրջանի մարդիկ, նրանց բնական էությունը նույնն է։ Այսօրվա գործի համատեքստում մարդիկ դեռ կարող են անել բաներ, որոնք հավասարազոր են նրան, որ «տաճարն ավելի կարևոր է, քան Աստված»։ Օրինակ՝ մարդիկ իրենց պարտավորությունը կատարելը դիտարկում են որպես իրենց աշխատանք. Աստծուն վկայելը և մեծ կարմիր վիշապի դեմ պայքարելը դիտարկում են որպես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և ազատության համար քաղաքական շարժումներ. իրենց պարտավորությունը, որը փոքր-ինչ տեխնիկական հմտություն է պահանջում, համարում են իրենց կարիերան, բայց Աստծուց երկյուղելուն և չարից խուսափելուն վերաբերվում են լոկ որպես պահպանման ենթակա կրոնական ուսմունքի և այլն։ Մի՞թե այս վարքագծերը հավասարազոր չեն նրան, որ «տաճարն ավելի մեծ է, քան Աստված»։ Տարբերությունն այն է, որ երկու հազար տարի առաջ մարդիկ իրենց սեփական գործն իրականացնում էին ֆիզիկական տաճարում, իսկ այսօր մարդիկ իրենց սեփական գործն իրականացնում են ոչ նյութական տաճարներում։ Այն մարդիկ, որոնք արժևորում են կանոնները, կանոններն ավելի մեծ են համարում, քան Աստծուն, այն մարդիկ, որոնք կարգավիճակ են սիրում, կարգավիճակն ավելի կարևոր են համարում, քան Աստծուն, նրանք, ովքեր սիրում են իրենց կարիերան, կարիերան ավելի մեծ են համարում, քան Աստծուն և այլն. նրանց ողջ վարքագիծը ստիպում է Ինձ ասել․ «Մարդիկ իրենց խոսքերով փառաբանում են Աստծուն որպես գերագույնի, բայց նրանց աչքերում ամեն ինչ ավելի մեծ է, քան Աստված»։ Սա այն պատճառով է, որ հենց որ մարդիկ Աստծուն հետևելու իրենց ուղու վրա հնարավորություն են գտնում ցուցադրելու իրենց սեփական տաղանդները կամ զբաղվելու իրենց սեփական գործով կամ իրենց սեփական կարիերայով, հեռու են վանում Աստծուն և նետվում իրենց սիրելի կարիերայի մեջ։ Ինչ վերաբերում է նրան, ինչ Աստված հանձնարարել է նրանց, և Նրա մտադրություններին, այդ բաները վաղուց արդեն քամուն են տրվել։ Ի՞նչ տարբերություն կա մարդկանց ունեցած այս վիճակների և այն բանի միջև, ինչ անում էին տաճարում ամեն տեսակ սեփական գործով զբաղվողները երկու հազար տարի առաջ։
Հաջորդիվ եկեք նայենք այս հատվածի վերջին նախադասությանը. «Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։ Արդյոք այս նախադասությունն ունի՞ գործնական կողմ։ Կարո՞ղ եք տեսնել գործնական կողմը։ Ամեն մի բան, որ Աստված ասում է, բխում է Նրա սրտից, ուստի ինչո՞ւ Նա ասաց սա։ Ինչպե՞ս եք հասկանում այն։ Գուցե հիմա հասկանում եք այս նախադասության իմաստը, բայց այն ժամանակ, երբ այն ասվեց, շատերը չհասկացան, որովհետև այդ ժամանակի մարդիկ նոր էին դուրս եկել Օրենքի դարաշրջանից։ Նրանց համար շաբաթ օրվանից հեռանալը շատ դժվար բան էր, էլ չասած՝ հասկանալը, թե որն է ճշմարիտ շաբաթը։
«Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է» նախադասությունն ասում է մարդկանց, որ Աստծու մասին ամեն ինչ նյութական բնությունից չէ, ու թեև Աստված կարող է հոգալ քո բոլոր նյութական կարիքները, երբ քո բոլոր նյութական կարիքները բավարարվեն, արդյոք այդ բաներից ստացած բավարարվածությունը կարո՞ղ է փոխարինել ճշմարտության հանդեպ քո ձգտմանը։ Դա ակնհայտորեն անհնա՛ր է։ Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, որոնց շուրջ մենք հաղորդակցվել ենք, ճշմարտության բովանդակության մի մասն են։ Դրա արժեքը չի կարող չափվել որևէ նյութական առարկայով՝ որքան էլ այն արժեքավոր լինի, ոչ էլ դրա արժեքը կարող է քանակապես գնահատվել փողով, որովհետև այն նյութական առարկա չէ և բավարարում է յուրաքանչյուր մարդու սրտի կարիքները։ Յուրաքանչյուր մարդու համար այս ոչ նյութական ճշմարտությունների արժեքը պետք է ավելի մեծ լինի, քան ցանկացած լավ բանի արժեք, որի մասին կարող ես մտածել։ Արդյոք արդարացի՞ է սա ասելը։ Այս հայտարարությունը մի բան է, որի շուրջ պետք է երկար մտորեք։ Իմ ասածի առանցքային կետն այն է, որ այն, ինչ Աստված ունի և է, և Աստծու մասին ամեն ինչ ամենակարևոր բաներն են յուրաքանչյուր մարդու համար և չեն կարող փոխարինվել որևէ նյութական առարկայով։ Ես քեզ մի օրինակ կբերեմ։ Երբ քաղցած ես, քեզ ուտելիք է պետք։ Ուտելիքը կարող է լինել ավելի լավը կամ ավելի վատը, քանի դեռ կշտանում ես, քաղցած լինելու այդ տհաճ զգացումն այլևս չի լինի. այն կանհետանա։ Կարող ես խաղաղ նստել, և մարմինդ հանգիստ կլինի։ Մարդկանց քաղցը կարող է լուծվել ուտելիքով, բայց երբ հետևում ես Աստծուն և զգում ես, որ Նրա վերաբերյալ ոչ մի հասկացողություն չունես, ինչպե՞ս կարող ես լուծել քո սրտի դատարկությունը։ Արդյոք այն կարո՞ղ է լուծվել ուտելիքով։ Կամ երբ հետևում ես Աստծուն և չես հասկանում Նրա մտադրությունները, ի՞նչ կարող ես օգտագործել՝ քո սրտի այդ քաղցը լրացնելու համար։ Աստծու կողմից փրկվելու քո փորձառության գործընթացում քո բնավորության փոփոխությանը ձգտելիս, եթե չես հասկանում Նրա մտադրությունները կամ չգիտես, թե որն է ճշմարտությունը, եթե չես հասկանում Աստծու բնույթը, ապա մի՞թե շատ անհանգիստ չես զգա։ Մի՞թե քո սրտում ուժեղ քաղց և ծարավ չես զգա։ Մի՞թե այս զգացումները չեն խանգարի քեզ հանգիստ զգալու քո սրտում։ Ուստի ինչպե՞ս կարող ես լրացնել քո սրտի այդ քաղցը։ Արդյոք կա՞ այն լուծելու ուղի։ Որոշ մարդիկ գնումների են գնում, ոմանք փնտրում են իրենց ընկերներին՝ իրենց սիրտը բացելու համար, որոշ մարդիկ տրվում են երկար քնի, մյուսներն ավելի շատ են կարդում Աստծու խոսքերը, կամ ավելի քրտնաջան են աշխատում և ավելի շատ ջանք են թափում իրենց պարտավորությունները կատարելու համար։ Արդյոք այս բաները կարո՞ղ են լուծել քո իրական դժվարությունները։ Դուք բոլորդ լավ գիտեք այս կիրառումները փորձառությունից։ Երբ անզոր ես զգում, երբ ուժեղ ցանկություն ես զգում՝ լուսավորություն ստանալու Աստծուց, որը թույլ կտա քեզ ճանաչել ճշմարտության իրականությունը և Նրա մտադրությունները, ինչի՞ կարիքն ունես ամենից շատ։ Այն, ինչի կարիքն ունես, լիարժեք կերակուր չէ, և մի քանի հոգատար խոսք չէ, էլ չասած՝ մսեղիի անցողիկ հարմարավետությունն ու բավարարվածությունը։ Այն, ինչի կարիքն ունես, այն է, որ Աստված ուղղակիորեն և հստակորեն ասի քեզ, թե ինչ պետք է անես և ինչպես պետք է անես դա, որպեսզի հստակորեն հասկանալ տա քեզ, թե որն է ճշմարտությունը։ Սա հասկանալուց հետո, նույնիսկ եթե միայն չնչին հասկացողություն ձեռք բերես, մի՞թե քո սրտում ավելի բավարարված չես զգա, քան եթե լիարժեք կերակուր կերած լինեիր։ Երբ սիրտդ բավարարված է, մի՞թե սիրտդ և քո ողջ էությունը ճշմարիտ հանգիստ չեն գտնում։ Այս համեմատության և վերլուծության միջոցով հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Ես ձեզ ցույց տվեցի «Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է» նախադասությունը։ Դրա իմաստն այն է, որ այն, ինչ գալիս է Աստծուց, այն, ինչ Նա ունի և է, և Նրա մասին ամեն ինչ ավելի մեծ են, քան ցանկացած այլ բան՝ ներառյալ այն բանը կամ անձը, որը ժամանակին կարծում էիր, թե ամենից շատն ես գնահատում։ Այսինքն՝ եթե մարդը չի կարողանում խոսքեր ստանալ Աստծու բերանից կամ չի հասկանում Նրա մտադրությունները, նա չի կարող հանգիստ գտնել։ Ձեր ապագա փորձառություններում կհասկանաք, թե ինչու Ես ուզեցի, որ դուք այսօր տեսնեք այս հատվածը։ Սա շատ կարևոր է։ Այն ամենը, ինչ Աստված անում է, ճշմարտությունն է և կյանքը։ Ճշմարտությունը մի բան է, որն անփոխարինելի է մարդկանց կյանքի համար և մի բան է, առանց որի՝ նրանք երբեք չեն կարող ապրել։ Կարող եք նաև ասել, որ այն ամենամեծ բանն է։ Թեև չես կարող տեսնել կամ շոշափել այն, դրա կարևորությունը քեզ համար չի կարող անտեսվել։ Այն միակ բանն է, որը կարող է հանգիստ բերել քո սրտին։
Երբ փորձում եք ըմբռնել ճշմարտությունը, գիտե՞ք արդյոք, թե ինչպես կապել այն ձեր սեփական վիճակների հետ։ Իրական կյանքում նախ պետք է մտածես, թե որ ճշմարտություններին են վերաբերում այն մարդիկ, իրադարձությունները և բաները, որոնց հանդիպել ես. հենց այս ճշմարտությունների մեջ է, որ կարող ես գտնել Աստծու մտադրությունները և այն, ինչին հանդիպել ես, կապել Նրա մտադրությունների հետ։ Եթե չգիտես, թե ճշմարտության որ տեսանկյուններին են վերաբերում այն բաները, որոնց հանդիպել ես, այլ փոխարենն ուղղակիորեն գնում ես փնտրելու Աստծու մտադրությունները, ապա սա կույր մոտեցում է, որը չի կարող արդյունքների հասնել։ Եթե ուզում ես փնտրել ճշմարտությունը և հասկանալ Աստծու մտադրությունները, նախ պետք է տեսնես, թե ինչ կարգի տակ են ընկնում քեզ հետ պատահող բաները, և ճշմարտության որ տեսանկյուններին են դրանք վերաբերում, գտնես որոշակի ճշմարտությունն Աստծու խոսքում, որը համապատասխանում է նրան, ինչ փորձառաբար ապրում ես, և ապա փնտրես մի ուղի, որը կարող ես կիրառել այդ ճշմարտության մեջ։ Այսպիսով՝ կարող ես անուղղակիորեն հասկանալ Աստծու մտադրությունները։ Ճշմարտությունը փնտրելն ու կիրառելը մեխանիկորեն կանոն կիրառել կամ բանաձևի հետևել չէ։ Ճշմարտությունը բանաձևային չէ, ոչ էլ ֆիքսված կանոն է։ Այն մեռած չէ. այն կյանք է, այն կենդանի բան է, և այն օրենքն է, որին արարածը պետք է հետևի իր կյանքում, և այն օրենքը, որը մարդը պետք է ունենա գոյատևելու համար։ Սա մի բան է, որը պետք է փորձես ավելի շատ գնահատել փորձառության միջոցով։ Անկախ քո փորձառությունների խորությունից՝ երբեք չես կարող առանց Աստծու խոսքի կամ ճշմարտության։ Աստծու բնույթը, որը հասկանում ես, և Աստծու ունեցվածքն ու էությունը, որոնք ճանաչում ես, բոլորն արտահայտված են Նրա խոսքերում. դրանք անքակտելիորեն կապված են ճշմարտության հետ։ Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, ինքնին ճշմարտությունն են. պարզապես ճշմարտությունն այն բանի իսկական մարմնավորումն է, ինչ բացահայտվում է Աստծու բնույթից և այն բանից, ինչ Նա ունի և է։ Այն դարձնում է այն, ինչ Նա ունի և է, կոնկրետ և հստակ. այն ավելի ուղղակիորեն ասում է քեզ, թե ինչ է Աստված սիրում և ինչ չի սիրում, ինչ է Նա ուզում, որ անես, և ինչ Նա թույլ չի տալիս քեզ անել, որ մարդկանց է Նա ատում և որ մարդկանցից է Նա գոհ։ Այն ճշմարտությունների հետևում, որոնք Աստված արտահայտում է, մարդիկ տեսնում են Նրա երջանկությունը, բարկությունը, վիշտը և ուրախությունը, ինչպես նաև Նրա էությունը. սրանք Նրա բնույթի բացահայտումներն են։ Բացի ճանաչելուց, ինչ Աստված ունի և է, և Նրա խոսքից Նրա բնույթը հասկանալուց, մարդկանց համար ամենակարևորն այն է, որ իրական փորձառության միջոցով հասնեն այս հասկացողությանը և ճանաչողությանը։ Եթե մարդը կտրվի իրական կյանքից, նրա համար անհնար կլինի ճանաչել Աստծուն։ Նույնիսկ եթե կան այսպիսի որոշ մարդիկ, որոնք որոշակի ճանաչողություն են ձեռք բերում Աստծու խոսքից, նրանց ճանաչողությունը սահմանափակվում է վարդապետություններով և բառերով, և անջրպետ կա դրա և այն բանի միջև, թե իրականում ինչպիսին է Աստված Ինքը։
Այն, ինչի շուրջ մենք հիմա հաղորդակցվում ենք, ամբողջովին Աստվածաշնչում արձանագրված պատմությունների շրջանակում է։ Այս պատմությունների միջոցով և տեղի ունեցած այս բաները մանրամասն վերլուծելու միջոցով մարդիկ կարող են հասկանալ Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, որ Նա արտահայտել է՝ թույլ տալով նրանց ճանաչել Աստծու յուրաքանչյուր տեսանկյունն ավելի լայն, ավելի խոր, ավելի բազմակողմանի և բազմազան կերպով։ Ուստի արդյոք Աստծու յուրաքանչյուր տեսանկյունը ճանաչելու միակ ուղին այս պատմությունների միջոցո՞վ է։ Ամենևին։ Քանի որ այն, ինչ Աստված ասում է, և այն գործը, որ Նա անում է Թագավորության դարաշրջանում, կարող են ավելի լավ օգնել մարդկանց ճանաչելու Նրա բնույթը և այն ավելի լիարժեքորեն ճանաչելու։ Սակայն Ես կարծում եմ, որ փոքր-ինչ ավելի հեշտ է մարդկանց ճանաչել տալ Աստծու բնույթը և հասկանալ տալ այն, ինչ Նա ունի և է Աստվածաշնչում արձանագրված որոշ օրինակների կամ պատմությունների միջոցով, որոնց մարդիկ ծանոթ են։ Եթե Ես վերցնեմ դատաստանի և պատժի խոսքերը և այն ճշմարտությունները, որոնք Աստված արտահայտում է այսօր, բառ առ բառ, որպեսզի օգնեմ քեզ ճանաչելու Նրան, կզգաս, որ դա չափազանց ձանձրալի և չափազանց տաղտկալի է, և որոշ մարդիկ նույնիսկ կզգան, որ Աստծու խոսքերը կարծես կարծրատիպային են։ Բայց եթե Ես վերցնեմ աստվածաշնչյան այս պատմությունները որպես օրինակներ՝ օգնելու մարդկանց ճանաչելու Աստծու բնույթը, նրանք դա ձանձրալի չեն համարի։ Կարելի է ասել, որ այս օրինակները բացատրելու ընթացքում մարդկային լեզուն օգտագործվում է՝ մարդկանց պատմելու այն ամենի բոլոր մանրամասները, ինչ Աստված մտածում էր Իր սրտում այն ժամանակ, և պատմելու նրանց այն ժամանակվա Աստծու հոգեվիճակի մասին՝ Իր հույզերի, կամ կարելի է ասել, Իր մտքերի ու գաղափարների մասին։ Մարդկանց այս բաները պատմելու նպատակն այն է, որ թույլ տրվի նրանց գնահատել և զգալ, որ այն, ինչ Աստված ունի և է, կարծրատիպային չէ, կամ լեգենդ, կամ մի բան, որը մարդիկ չեն կարող տեսնել կամ շոշափել, այլ մի բան, որը ճշմարտապես գոյություն ունի, որը մարդիկ կարող են զգալ և գնահատել։ Սա է վերջնական նպատակը։ Կարելի է ասել, որ այս դարաշրջանում ապրող մարդիկ օրհնված են։ Կարող եք հիմնվել աստվածաշնչյան պատմությունների վրա՝ Աստծու նախկին գործի վերաբերյալ ավելի լայն հասկացողություն ձեռք բերելու համար. կարող եք տեսնել Նրա բնույթն այն գործի միջոցով, որ Նա արել է. այս բնույթների միջոցով, որոնք Նա արտահայտել է, կարող եք հասկանալ մարդկության համար Աստծու մտադրությունները, հասկանալ Նրա սրբության կոնկրետ դրսևորումները և հասկանալ մարդկանց հանդեպ Նրա հոգատարության կոնկրետ դրսևորումները։ Այսպիսով՝ կարող եք հասնել Աստծու բնույթի ավելի մանրամասն և ավելի խոր ճանաչողության։ Ես հավատում եմ, որ դուք բոլորդ հիմա կարող եք զգա՛լ սա։
Այն գործի շրջանակում, որ Տեր Հիսուսն արեց Շնորհքի դարաշրջանում, կարող ես տեսնել այն բանի մեկ այլ տեսանկյուն, ինչ Աստված ունի և է։ Այն ամենը, ինչ Աստված ունի և է այս տեսանկյունից, արտահայտվեց Նրա մսեղիի միջոցով և կարող էր տեսնվել ու գնահատվել մարդկանց կողմից Նրա մարդկայնության միջոցով։ Մարդու Որդու մեջ մարդիկ տեսան մսեղիում Աստծու մարդկայնության կյանքով արտահայտումը, և նրանք տեսան մսեղիում Աստծու աստվածայնության արտահայտումը։ Արտահայտման այս երկու տեսանկյունները թույլ տվեցին մարդկանց տեսնել գործնական Աստծուն, և դրանք թույլ տվեցին մարդկանց Աստծու վերաբերյալ այլ հասկացություն ձևավորել։ Սակայն աշխարհի արարման և Օրենքի դարաշրջանի ավարտի միջև ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Շնորհքի դարաշրջանից առաջ, Աստծու միակ տեսանկյունը, որը տեսնվել, լսվել և փորձառաբար ապրվել էր մարդկանց կողմից, Աստծու աստվածայնությունն էր. այն բաները, որ Աստված արեց և ասաց ոչ նյութական ոլորտում, և այն բաները, որոնք արտահայտվեցին Նրա անտեսանելի և ոչ նյութական ճշմարիտ ձևով։ Շատ անգամներ այս բաները մարդկանց ստիպում էին զգալ, որ Աստված այնքան վեհ է, և որ իրենք չեն կարող մոտենալ Նրան։ Առաջնային տպավորությունը, որ Աստված թողնում էր մարդկանց վրա, այն էր, որ Նա հայտնվում էր մի պահ և անհետանում հաջորդ պահին։ Նույնիսկ Նրա յուրաքանչյուր միտքն ու գաղափարն այնքան խորհրդավոր և անըմբռնելի էին թվում. մարդիկ դրանք լիովին անհասանելի էին համարում. ուստի դրանք հասկանալը կամ փորձառության միջոցով ճանաչելն էլ ավելի անհնար էր։ Աստծու մասին ամեն ինչ շատ հեռու էր մարդկանց համար, այնքան հեռու, որ նրանք չէին կարող ո՛չ տեսնել Նրան, ո՛չ էլ շոշափել Նրան։ Թվում էր, թե Նա հեռավոր հորիզոնում է, սակայն նաև թվում էր, թե ընդհանրապես գոյություն չունի։ Ուստի Աստծու մտքերից կամ գաղափարներից որևէ մեկը կամ Նրա մտածողությունից որևէ բան հասկանալն անիրագործելի էր մարդկանց համար և առավել ևս լիովին անհասանելի էր նրանց համար։ Թեև Աստված որոշակի կոնկրետ գործ կատարեց Օրենքի դարաշրջանում, և Նա նաև որոշակի որոշակի խոսքեր և որոշակի որոշակի բնույթներ արտահայտեց՝ թույլ տալով մարդկանց ունենալ Նրա վերաբերյալ որոշակի ճշմարիտ ճանաչողություն, որը նրանք կարող էին գնահատել կամ տեսնել, դրանք, ի վերջո, դեռևս այն էին, ինչ Աստված ունի և է, որոնք Նա արտահայտեց ոչ նյութական ոլորտում, և ուստի այն, ինչ մարդիկ իմացան և հասկացան, դեռևս այն բանի աստվածային տեսանկյունն էր, ինչ Նա ունի և է։ Այն, ինչ Աստված ունի և է այս աստվածային տեսանկյունից, չէր կարող մարդկանց կոնկրետ հասկացություն տալ, ինչը պատճառ դարձավ, որ Աստծու վերաբերյալ նրանց տպավորությունը մնա «հոգևոր մարմնի շրջանակում, որին դժվար է մոտենալ և որը մի պահ հայտնվում է, իսկ հաջորդ պահին՝ անհետանում»։ Քանի որ Աստված նյութական աշխարհին պատկանող որոշակի բան կամ պատկեր չօգտագործեց՝ մարդկանց առջև հայտնվելու համար, նրանք շարունակում էին անկարող լինել սահմանել Նրան՝ օգտագործելով մարդկային լեզուն։ Մարդկանց մտքերում և գաղափարներում նրանք միշտ ուզում էին օգտագործել մարդկային լեզուն՝ Աստծու համար չափանիշ սահմանելու, Նրան շոշափելի դարձնելու և Նրան մարդկայնացնելու համար, օրինակ՝ որքան բարձրահասակ է Նա, որքան մեծ է Նա, ինչ տեսք ունի Նա, ինչ որոշակի բաներ է Նա սիրում, և որն է Նրա որոշակի անհատականությունը։ Իրականում Իր սրտում Աստված գիտեր, որ մարդիկ այսպես են մտածում։ Նա շատ հստակ գիտեր մարդկանց կարիքները և իհարկե, գիտեր նաև, թե ինչ պետք է անի, ուստի Նա Իր գործն այլ կերպ իրականացրեց Շնորհքի դարաշրջանում, այն կերպ, որը և՛ մարդկային էր, և՛ աստվածային։ Այն ժամանակ, երբ Տեր Հիսուսն աշխատում էր, մարդիկ կարող էին տեսնել, որ Աստված Իր մարդկայնության բազմաթիվ դրսևորումներ ուներ։ Օրինակ՝ Նա կարող էր պարել, Նա կարող էր մասնակցել հարսանիքների, Նա կարող էր անկեղծ քննարկումներ ունենալ և խոսել մարդկանց հետ կամ խոսել նրանց հետ որոշակի հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ Տեր Հիսուսը նաև շատ գործ արեց, որը ներկայացնում էր Նրա աստվածայնությունը, և իհարկե, այս ողջ գործն Աստծու բնույթի արտահայտում և բացահայտում էր։ Այս ընթացքում Աստծու աստվածայնությունն իրականացվեց բնականոն մսեղիում՝ այնպես անելով, որ մարդիկ կարողանային տեսնել և շոշափել Նրան, և այլևս չզգային, որ Նա մի րոպե այստեղ է, իսկ հաջորդ րոպեին անհետանում է, կամ որ իրենք չեն կարող մոտենալ Նրան։ Ընդհակառակը, նրանք կարող էին փորձել հասկանալ Աստծու մտադրությունները կամ հասկանալ Նրա աստվածայնությունը մարդու Որդու վարքագծի, խոսքերի և գործի միջոցով։ Մարմնացած մարդու Որդին արտահայտեց Աստծու աստվածայնությունն Իր մարդկայնության միջոցով և փոխանցեց Աստծու մտադրությունները մարդուն։ Միևնույն ժամանակ, արտահայտելով Աստծու մտադրություններն ու բնույթը, Նա նաև բացահայտեց մարդուն հոգևոր ոլորտի Աստծուն, որին հնարավոր չէ տեսնել կամ շոշափել։ Այն, ինչ մարդիկ տեսան, Աստված Ինքն էր՝ ձևով և պատկերով, և ստեղծված մսից ու ոսկորներից։ Ուստի մարմնացած մարդու Որդին կոնկրետ և մարդկայնացված դարձրեց այնպիսի բաներ, ինչպիսիք են Աստծու սեփական ինքնությունը, կարգավիճակը, պատկերը, բնույթը և այն, ինչ Նա ունի և է։ Թեև Աստծու պատկերի առումով մարդու Որդին ենթակա էր որոշակի սահմանափակումների Իր արտաքին տեսքի մեջ, Նրա էությունը և այն, ինչ Նա ունի և է, լիովին ի վիճակի էին Աստծու ներկայացնելու Իր ինքնությունն ու կարգավիճակը. պարզապես կային որոշ տարբերություններ արտահայտման ձևի մեջ։ Լինի Իր մարդկայնության, թե Իր աստվածայնության մեջ, մենք չենք կարող հերքել, որ մարդու Որդին Աստծու ներկայացնում էր Իր ինքնությունն ու կարգավիճակը։ Պարզապես այս ընթացքում Աստված գործեց մսեղիի միջոցով, խոսեց մսեղիի տեսանկյունից և կանգնեց մարդկության առջև մարդու Որդու ինքնությամբ և կարգավիճակով՝ մարդկանց հնարավորություն տալով շփվելու և փորձառաբար ապրելու Աստծու գործնական խոսքերն ու գործը մարդկանց մեջ։ Այն նաև մարդկանց պատկերացում տվեց Նրա աստվածայնության և խոնարհության մեջ Նրա մեծության մասին և թույլ տվեց նրանց ձեռք բերել Աստծու իրականության և գործնականության նախնական հասկացողություն և սահմանում։ Թեև Տեր Հիսուսի գործը, գործելու ձևերը և այն տեսանկյունը, որից Նա խոսում էր, տարբերվում էին հոգևոր ոլորտում Աստծու ճշմարիտ ձևի գործից, գործելու ձևերից և տեսանկյունից, Նրա մասին ամեն ինչ բացարձակ ճշգրտությամբ ներկայացնում էր Իրեն՝ Աստծուն, որին մարդը նախկինում երբեք չէր տեսել. սա հնարավոր չէ հերքել։ Այսինքն՝ անկախ այն ձևից, որով Աստված հայտնվում է, այն տեսանկյունից, որից Նա խոսում է, կամ այն պատկերից, որով Նա կանգնում է մարդու առջև, Աստված ներկայացնում է միայն Իրեն. Նա չէր կարող ներկայացնել որևէ անհատի, ոչ էլ կարող էր ներկայացնել որևէ ապականված մարդու։ Աստված Ինքն Աստված Ինքն է։ Սա հնարավոր չէ հերքել։
Հաջորդիվ եկեք նայենք մի առակ, որը Տեր Հիսուսը պատմել է Շնորհքի դարաշրջանում։
3. Կորած ոչխարի առակը
Մատթեոս 18:12-14 Ի՞նչ է ձեզ թվում. եթե մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին փնտրելու։ Եվ եթե պատահի, գտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ ոչխարի համար ավելի կուրախանա, քան իննսունիննի, որ մոլորված չեն։ Այդպես էլ իմ երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի։
Այս հատվածն առակ է. ի՞նչ զգացում է այն տալիս մարդկանց։ Այստեղ օգտագործված արտահայտման ձևը՝ առակը, մարդկային լեզվով փոխաբերություն է, որը պատկանում է մարդկային գիտելիքի շրջանակին։ Եթե Աստված նման մի բան ասած լիներ Օրենքի դարաշրջանում, մարդիկ կզգային, որ նման խոսքերն այնքան էլ չեն համապատասխանում Աստծու ինքնությանը, բայց երբ մարդու Որդին արտահայտեց այս խոսքերը Շնորհքի դարաշրջանում, մարդիկ այս խոսքերը շատ մխիթարական, ջերմ և իրենց սրտերին մոտ համարեցին։ Աստված մսեղի դարձավ և հայտնվեց մարդու կերպարանքով։ Իր մարդկայնության մեջ Նա շատ տեղին առակ օգտագործեց՝ արտահայտելու Իր սրտի ձայնը։ Այս ձայնը ներկայացնում էր Իր՝ Աստծու ձայնը և այն գործը, որ Նա ուզում էր անել այդ դարաշրջանում։ Այն նաև ներկայացնում էր մի վերաբերմունք, որն Աստված մարդկանց հանդեպ ուներ Շնորհքի դարաշրջանում։ Նայելով մարդկանց հանդեպ Աստծու այս վերաբերմունքին՝ Նա յուրաքանչյուր մարդու նմանեցրեց ոչխարի։ Եթե մի ոչխար կորչեր, Նա հնարավոր ամեն ինչ կաներ՝ այն գտնելու համար։ Սա մարդկանց վրա Աստծու գործի մի սկզբունք էր ներկայացնում այն առիթով, երբ Նա մսեղի դարձավ։ Աստված օգտագործեց այս առակը՝ նկարագրելու Իր վճռականությունն ու վերաբերմունքն այդ գործում։ Սա էր Աստծու՝ մսեղի դառնալու առավելությունը. Նա կարող էր օգտվել մարդկության գիտելիքից ու մարդկային լեզվով խոսել ժողովրդի հետ և արտահայտել Իր ցանկությունները։ Նա մարդկային լեզվով, մարդկային կերպով բացատրեց կամ մարդուն «թարգմանեց» այն խոր, աստվածային լեզուն, որը մարդիկ դժվարանում էին հասկանալ։ Սա օգնեց մարդկանց հասկանալու Նրա մտադրություններն ու իմանալու, թե ինչ էր Նա ցանկանում անել։ Նա կարող էր նաև մարդկային տեսանկյունից զրույցներ վարել մարդկանց հետ՝ օգտագործելով մարդկային լեզուն նրանց համար հասկանալի կերպով։ Նա անգամ կարող էր խոսել և գործել՝ օգտագործելով մարդկային լեզուն ու գիտելիքը, որպեսզի մարդիկ կարողանային զգալ Աստծու բարությունն ու մատչելիությունը, որպեսզի կարողանային տեսնել Նրա սիրտը։ Ի՞նչ եք տեսնում սրանում։ Արդյոք կա՞ որևէ արգելք Աստծու խոսքերում և գործողություններում։ Ինչպես մարդիկ տեսնում են, անհնար է, որ Աստված կարողանար օգտագործել մարդկային գիտելիքը, լեզուն կամ խոսելու ձևերը՝ խոսելու այն մասին, ինչ Աստված Ինքն էր ուզում ասել և այն գործի մասին, որը Նա ուզում էր անել, կամ արտահայտելու Իր սեփական մտադրությունները։ Սա հենց մարդկանց սխալ երևակայությունն է։ Աստված այսպիսի առակ օգտագործեց, որը թույլ տվեց մարդկանց զգալ Աստծու իրականությունն ու անկեղծությունը և տեսնել Նրա վերաբերմունքը մարդկանց հանդեպ այդ ժամանակահատվածում։ Այս առակը երազից արթնացրեց այն մարդկանց, որոնք երկար ժամանակ ապրել էին օրենքի տակ, և այն նաև ոգեշնչեց Շնորհքի դարաշրջանում ապրող մարդկանց սերնդեսերունդ։ Կարդալով այս առակի հատվածը՝ մարդիկ ճանաչում են Աստծու անկեղծությունը մարդուն փրկելու հարցում և հասկանում են այն կշիռը, որ տրված է մարդուն Աստծու սրտում։
Եկեք նայենք այս հատվածի վերջին նախադասությանը. «Այդպես էլ ձեր երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի»։ Արդյոք սրանք Տեր Հիսուսի սեփական խոսքե՞րն էին, թե՞ երկնավոր Հոր խոսքերը։ Մակերեսորեն թվում է, թե Տեր Հիսուսն էր խոսում, բայց Նրա մտադրությունը ներկայացնում էր Իր՝ Աստծու մտադրությունը, ինչի պատճառով Նա ասաց․ «Այդպես էլ ձեր երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի»։ Այդ ժամանակ մարդիկ միայն երկնավոր Հորն էին ճանաչում որպես Աստծու և հավատում էին, որ այս անձը, որին տեսնում էին իրենց աչքերի առջև, լոկ ուղարկված էր Նրա կողմից և չէր կարող ներկայացնել երկնավոր Հորը։ Ահա թե ինչու Տեր Հիսուսը ստիպված էր ավելացնել այս նախադասությունը, որպեսզի մարդիկ կարողանային հստակորեն զգալ մարդու համար Աստծու մտադրությունը և զգալ Նրա ասածի իսկությունն ու ճշգրտությունը։ Թեև այս նախադասությունը պարզ բան էր ասելու համար, այն ասվեց շատ հոգատարությամբ և բացահայտեց Տեր Հիսուսի խոնարհությունն ու թաքնվածությունը։ Անկախ նրանից՝ Աստված մսեղի դարձավ, թե աշխատեց հոգևոր ոլորտում, Նա լավագույնս գիտեր մարդկային սիրտը և լավագույնս հասկանում էր, թե ինչի կարիք ունեին մարդիկ, գիտեր, թե ինչի մասին էին մարդիկ անհանգստանում և ինչն էր շփոթեցնում նրանց, և ահա թե ինչու Նա ավելացրեց այս նախադասությունը։ Այս նախադասությունն մարդկանց մեջ թաքնված մի խնդիր ընդգծեց։ Նրանք թերահավատորեն էին վերաբերվում այն բանին, ինչ մարդու Որդին ասում էր, այսինքն՝ երբ Տեր Հիսուսը խոսում էր, Նա ստիպված էր ավելացնել․ «Այդպես էլ ձեր երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի», և միայն այս նախադրյալն ավելացնելով՝ Նա կարող էր ստիպել, որ Իր խոսքերը պտուղ տան, մղել մարդկանց հավատալու Իր խոսքերի ճշգրտությանը և մեծացնել Իր խոսքերի արժանահավատությունը։ Սա ցույց է տալիս, որ երբ Աստված սովորական մարդու Որդի դարձավ, Աստված և մարդը շատ դժվար հարաբերություն ունեին, և որ մարդու Որդու իրավիճակը շատ անհարմար էր։ Այն նաև ցույց է տալիս, թե որքան աննշան էր Տեր Հիսուսի կարգավիճակը մարդկանց մեջ այն ժամանակ։ Երբ Նա ասաց սա, իրականում մարդկանց ասելու համար էր՝ Կարող եք հանգիստ լինել. Իմ այս գաղափարը ոչ թե Իմ սեփական գաղափարն է ներկայացնում, այլ այն Աստծու գաղափարը, որը ձեր սրտերում է։ Մարդու համար մի՞թե սա հեգնական բան չէր։ Թեև մսեղիում աշխատող Աստված բազմաթիվ առավելություններ ուներ, որոնք Նրա անձը չուներ, Նա ստիպված էր դիմանալ մարդու կասկածներին և մերժմանը, ինչպես նաև նրա անզգայությանն ու բթությանը։ Կարելի է ասել, որ մարդու Որդու գործի ընթացը մարդու մերժումը փորձառաբար ապրելու և Իր հետ մարդու մրցելը փորձառաբար ապրելու ընթացն էր։ Ավելին՝ դա Իր սեփական օրինակով գործելու ընթացքն էր՝ շարունակաբար շահելու մարդու վստահությունը և նվաճելու մարդուն այն բանի միջոցով, ինչ Նա ունի և է, Իր սեփական էության միջոցով։ Այնքան էլ այնպես չէր, որ մարմնացած Աստված ցամաքային պատերազմ էր մղում Սատանայի դեմ։ Ավելի շուտ, Աստված դարձավ սովորական մարդ և խելքերի մրցում սկսեց նրանց հետ, ովքեր հետևում էին Իրեն, և այս մրցության մեջ մարդու Որդին Իր խոնարհությամբ, նրանով, ինչ Նա ունի և է, և Իր սիրով ու իմաստությամբ ավարտեց Իր գործը, ձեռք բերեց այն մարդկանց, որոնց ուզում էր, շահեց այն ինքնությունն ու կարգավիճակը, որին արժանի էր, և «վերադարձավ» Իր գահին։
Հաջորդիվ եկեք նայենք Գրությունների հետևյալ երկու հատվածները։
4. Ներել յոթանասուն անգամ յոթ
Մատթեոս 18:21-22 Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։
5. Տիրոջ սերը
Մատթեոս 22:37-39 Հիսուսը նրան ասաց. ««Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»»։
Այս երկու հատվածներից մեկը խոսում է ներման մասին, իսկ մյուսը խոսում է սիրո մասին։ Այս երկու թեմաներն իսկապես ընդգծում են այն գործը, որը Տեր Հիսուսը մտադիր էր իրականացնել Շնորհքի դարաշրջանում։
Երբ Աստված մսեղի դարձավ, Իր հետ բերեց Իր գործի մի փուլ, ինչպես նաև այն որոշակի աշխատանքային առաջադրանքներն ու բնույթը, որ Նա մտադիր էր արտահայտել այս դարաշրջանում։ Այդ ժամանակահատվածում այն ամենը, ինչ արեց մարդու Որդին, պտտվում էր այն գործի շուրջ, որն Աստված մտադիր էր իրականացնել այս դարաշրջանում։ Նա ոչ ավելին կաներ, ոչ էլ պակաս։ Ամեն մի բան, որ Նա ասաց, և յուրաքանչյուր տեսակի գործ, որ Նա իրականացրեց, ամբողջովին կապված էին այս դարաշրջանի հետ։ Անկախ նրանից՝ Նա արտահայտեց դա մարդկային ձևով՝ մարդկային լեզվով, թե աստվածայնության լեզվի միջոցով, անկախ միջոցից կամ տեսանկյունից, Նրա նպատակն էր օգնել մարդկանց հասկանալու, թե ինչ էր Նա մտադիր անել, որոնք էին Նրա մտադրությունները և որոնք էին Նրա պահանջները մարդկանցից։ Նա կարող էր տարբեր միջոցներ և տարբեր տեսանկյուններ օգտագործել՝ օգնելու մարդկանց հստակորեն իմանալու, ճանաչելու և հասկանալու Իր մտադրությունները և հասկանալու մարդկանց փրկելու Իր գործը։ Ուստի Շնորհքի դարաշրջանում մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսն ավելի հաճախ է օգտագործում մարդկության լեզուն՝ արտահայտելու այն, ինչ Նա ուզում էր հաղորդել մարդկանց, և միևնույն ժամանակ, ավելի հաճախ է խոսում մարդկանց հետ սովորական ուղղորդողի տեսանկյունից՝ հոգալով նրանց կարիքները և օգնելով նրանց այն հարցերում, որոնք նրանք խնդրել էին։ Աշխատելու այս ձևը չէր տեսնվել Օրենքի դարաշրջանում, որը նախորդել էր Շնորհքի դարաշրջանին. Նա ավելի մտերիմ և սրտակից դարձավ մարդկանց, և թե՛ ձևով, թե՛ եղանակով այն ավելի ունակ էր հասնելու գործնական արդյունքների։ Մարդկանց յոթանասուն անգամ յոթ անգամ ներելու մասին փոխաբերությունը շատ լավ լուսաբանում է այս կետը։ Այս փոխաբերության մեջ թվի միջոցով ձեռք բերված նպատակն այն է, որ մարդկանց թույլ տրվի այս խոսքերից հասկանալ Տեր Հիսուսի նպատակն այն ժամանակ, երբ Նա ասաց սա։ Նրա նպատակն այն էր, որ մարդիկ պետք է ներեն ուրիշներին. ոչ թե մեկ կամ երկու անգամ, և ոչ թե յոթ անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ։ Ի՞նչ գաղափար է այս «յոթանասուն անգամ յոթ»-ը։ Այն մարդկանց մղելն է՝ ներումն իրենց սեփական պարտականությունը դարձնելու, մի բան, որը նրանք պետք է սովորեն, և մի «ճանապարհ», որին նրանք պետք է հետևեն։ Թեև սա պարզապես փոխաբերություն էր, այն ծառայեց առանցքային կետն ընդգծելուն։ Այն օգնեց մարդկանց խորապես գնահատելու այն, ինչ Նա նկատի ուներ, և գտնել այն ուղին, որը նրանք պետք է կիրառեին, և կիրառման սկզբունքներն ու չափանիշները։ Այս փոխաբերությունն օգնեց մարդկանց հստակորեն հասկանալու և նրանց ճշգրիտ գաղափար տվեց. որ նրանք պետք է սովորեն ներել և ներեն անսահմանափակ քանակությամբ՝ առանց պայմանների, բայց այնպիսի մտածելակերպով, որը համբերատար և հասկացող է ուրիշների հանդեպ։ Երբ Տեր Հիսուսն ասաց սա, ի՞նչ կար Նրա սրտում։ Արդյոք Նա իսկապե՞ս մտածում էր «յոթանասուն անգամ յոթ» թվի մասին։ Ո՛չ, այդպես չէր։ Արդյոք կա՞ որոշակի քանակ, թե քանի անգամ Աստված կների մարդուն։ Շատ մարդիկ կան, որոնք շատ հետաքրքրված են այստեղ նշված «անգամների քանակով», որոնք իսկապես ուզում են հասկանալ այս թվի ծագումն ու իմաստը։ Նրանք ուզում են հասկանալ, թե ինչու այս թիվը դուրս եկավ Տեր Հիսուսի բերանից. նրանք հավատում են, որ այս թիվն անպայման ավելի խոր ենթատեքստ ունի։ Բայց իրականում սա պարզապես խոսքի պատկերավոր միջոց էր, որն Աստված օգտագործեց Իր մարդկայնության մեջ խոսելիս, և դրանում եղած ցանկացած ենթատեքստ կամ իմաստ պետք է հասկացվեր մարդու համար Տեր Հիսուսի պահանջների առնչությամբ։ Երբ Աստված դեռ մսեղի չէր դարձել, մարդը շատ բան չէր հասկանում Նրա ասածից, որովհետև Նրա խոսքերը լիակատար աստվածայնությունից էին բխում։ Նրա ասածի տեսանկյունն ու համատեքստն անտեսանելի և անհասանելի էին մարդուն. այն արտահայտվում էր հոգևոր ոլորտից, որը մարդը չէր կարող տեսնել, և որի միջով մսեղիում ապրող մարդը չէր կարող անցնել։ Բայց այն բանից հետո, երբ Աստված մսեղի դարձավ, Նա խոսեց մարդու հետ մարդկայնության տեսանկյունից և այդպիսով դուրս եկավ ու գերազանցեց հոգևոր ոլորտի շրջանակը։ Նա կարող էր արտահայտել Իր աստվածային բնույթն ու մտադրությունները, ինչպես նաև Իր վերաբերմունքն այն բաների միջոցով, որոնք մարդը կարող էր երևակայել իր սեփական պատկերացումներում, այն բաների, որոնք նա տեսնում և հանդիպում էր իր կյանքում, կամ օգտագործելով մեթոդներ, որոնք մարդը կարող էր ընդունել, մի լեզվով, որը նա կարող էր հասկանալ, և այն գիտելիքով, որը մարդկությունն ըմբռնում էր, որպեսզի թույլ տար մարդուն հասկանալ և ճանաչել Աստծուն, ըմբռնել Նրա ցանկությունները և Նրա պահանջած չափանիշներն իր կարողության շրջանակում և այն աստիճան, որքանով ի վիճակի էր։ Սա էր մարդկայնության մեջ Աստծու գործի մեթոդն ու սկզբունքը։ Թեև մսեղիում աշխատելու Աստծու ձևերն ու սկզբունքները մեծամասամբ իրագործվում էին մարդկայնության միջոցով կամ դրա օգնությամբ, այն հասավ արդյունքների, որոնց հնարավոր չէր հասնել՝ ուղղակիորեն աստվածայնության մեջ աշխատելով։ Մարդկայնության մեջ Աստծու գործն ավելի կոնկրետ էր, իսկական և նպատակաուղղված, մեթոդները շատ ավելի ճկուն էին, և ձևով այն գերազանցում էր Օրենքի դարաշրջանում իրականացված գործը։
Հաջորդ հատվածը խոսում է Տիրոջը սիրելու և մերձավորին քո անձի պես սիրելու մասին։ Արդյոք սա մի բա՞ն է, որն ուղղակիորեն արտահայտվում է աստվածայնության մեջ։ Ո՛չ, ակնհայտորեն ոչ։ Սրանք բոլորն այն բաներն էին, որ մարդու Որդին ասաց մարդկայնության մեջ. միայն մարդկային էակները կասեին այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» և «Սիրի՛ր ուրիշներին այնպես, ինչպես փայփայում ես քո սեփական կյանքը»։ Խոսելու այս ձևը բացառապես մարդկային է։ Աստված երբեք այսկերպ չի խոսել։ Առնվազն, Աստված Իր աստվածայնության մեջ այս տեսակի լեզու չունի, որովհետև Նա կարիք չունի այս տեսակի սկզբունքի՝ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես», որպեսզի կարգավորի Իր սերը մարդկության հանդեպ, որովհետև Աստծու սերը մարդու հանդեպ այն բանի բնական բացահայտումն է, ինչ Նա ունի և է։ Երբևէ լսե՞լ եք, որ Աստված նման մի բան ասի. «Ես սիրում եմ մարդկությանն այնպես, ինչպես սիրում եմ Ինքս Ինձ»։ Չեք լսել, որովհետև սերն Աստծու էության մեջ է և այն բանի մեջ, ինչ Նա ունի և է։ Աստծու սերը մարդու հանդեպ և այն ձևն ու վերաբերմունքը, որով Նա վերաբերվում է մարդուն, Նրա բնույթի բնական արտահայտումն ու բացահայտումն են։ Նա կարիք չունի միտումնավոր կերպով դա անելու որոշակի ձևով կամ միտումնավոր կերպով հետևելու որոշակի մեթոդի կամ բարոյական օրենսգրքի՝ Իր մերձավորին Իր անձի պես սիրելուն հասնելու համար. Նա արդեն ունի այսպիսի էություն։ Ի՞նչ ես տեսնում սրանում։ Երբ Աստված աշխատում էր մարդկայնության մեջ, Նրա մեթոդներից, խոսքերից և ճշմարտություններից շատերն արտահայտվում էին մարդկայնությանը վերաբերող մեթոդներով։ Բայց միևնույն ժամանակ, Աստծու բնույթը, այն, ինչ Նա ունի և է, և Նրա մտադրություններն արտահայտվում էին, որպեսզի մարդիկ ճանաչեն և հասկանան։ Այն, ինչ նրանք ճանաչեցին և հասկացան, ճիշտ Նրա էությունն էր և այն, ինչ Նա ունի և է, որոնք պատկանում են Իրեն՝ Աստծուն ներկայացնող ներհատուկ ինքնությանն ու կարգավիճակին։ Այսինքն՝ մարմնացած մարդու Որդին հնարավորինս մեծ չափով և հնարավորինս ճշգրտորեն արտահայտեց Աստծու Իր ներհատուկ բնույթն ու էությունը։ Մարդու Որդու մարդկայնությունը ոչ միայն խոչընդոտ կամ արգելք չէր երկնքում Աստծու հետ մարդու հաղորդակցության և փոխազդեցության համար, այլև իրականում միակ կապող միջոցը և միակ կամուրջն էր մարդկության համար՝ Արարչի հետ կապվելու։ Հիմա՝ այս պահին, մի՞թե չեք զգում, որ շատ նմանություններ կան Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսի արած գործի և գործի ներկայիս փուլի բնույթի ու մեթոդների միջև։ Գործի այս ներկայիս փուլը նույնպես մեծապես օգտագործում է մարդկության լեզուն՝ արտահայտելու Աստծու բնույթը և շատ լեզու և մեթոդներ մարդու առօրյա կյանքից և մարդկային գիտելիքից՝ արտահայտելու Աստծու Իր մտադրությունները։ Հենց որ Աստված մսեղի է դառնում, անկախ նրանից՝ Նա խոսում է մարդկայնության, թե աստվածայնության տեսանկյունից, Նրա լեզվի և արտահայտման մեթոդներից շատերը գալիս են մարդկային լեզվի և մեթոդների միջոցով։ Այսինքն՝ երբ Աստված մսեղի է դառնում, սա լավագույն հնարավորությունն է քեզ համար՝ տեսնելու Աստծու ամենակարողությունն ու Նրա իմաստությունը և ճանաչելու Աստծու յուրաքանչյուր գործնական տեսանկյունը։ Երբ Աստված մսեղի է դառնում, մինչ Նա մեծանում է, մարդկայնության մեջ հասկանում է, որոշակի գիտելիք, առողջ բանականություն, լեզու կամ արտահայտման մեթոդներ է սովորում և ըմբռնում, որոնք գալիս են մարդկանցից։ Եվ երբ մարմնացած Աստված ունենում է այս բաները, որոնք գալիս են արարված մարդկությունից, դրանք դառնում են մսեղիում Աստծու գործիքները՝ արտահայտելու Իր բնույթն ու Իր աստվածայնությունը, և թույլ են տալիս Նրան Իր գործը դարձնել ավելի տեղին, ավելի իսկական և ավելի ճշգրիտ, երբ Նա աշխատում է մարդկանց մեջ՝ մարդկային տեսանկյունից և օգտագործելով մարդկային լեզուն։ Սա Նրա գործն ավելի հասանելի և ավելի հեշտ հասկանալի է դարձնում մարդկանց համար՝ այդպիսով հասնելով այն արդյունքներին, որոնք Աստված մտադիր է։ Մի՞թե Աստծու համար ավելի գործնական չէ այսկերպ աշխատել մսեղիում։ Մի՞թե սա Աստծու իմաստությունը չէ։ Երբ Աստված մսեղի է դառնում, երբ Աստծու մսեղին ի վիճակի է ստանձնելու այն գործը, որ Նա մտադիր է իրականացնել, հենց այդ ժամանակ է, որ Նա գործնականորեն կարտահայտի Իր բնույթն ու Իր գործը, և դա նաև այն ժամանակն է, երբ մարդու Որդին կարող է պաշտոնապես սկսել Իր սպասավորությունը։ Սա նշանակում է, որ Աստծու և մարդու միջև այլևս չկա «սերունդների անջրպետ», որ Աստված շուտով կդադարեցնի պատգամաբերների միջոցով հաղորդակցվելու Իր գործը, և որ Աստված Ինքը կարող է անձամբ արտահայտել բոլոր խոսքերն ու գործը մսեղիում, որոնք Նա մտադիր է արտահայտել։ Այն նաև նշանակում է, որ մարդկությունը, որին Աստված փրկում է, ավելի մոտ է Նրան, որ Նրա տնօրինման գործը մտել է նոր տարածք, և որ ողջ մարդկությունը պատրաստվում է առերեսվելու նոր դարաշրջանի։
Աստվածաշունչը կարդացած յուրաքանչյուր ոք գիտի, որ Տեր Հիսուսի ծնվելու ժամանակ շատ իրադարձություններ տեղի ունեցան։ Այդ իրադարձություններից ամենամեծն այն էր, որ Նա հալածվում էր դևերի արքայի կողմից. մի իրադարձություն, որն այնքան ծայրահեղ էր, որ քաղաքի՝ երկու տարեկան և դրանից ցածր բոլոր երեխաները կոտորվեցին։ Ակնհայտ է, որ Աստված մեծ ռիսկի դիմեց՝ մարդկանց մեջ մսեղի դառնալով. ակնհայտ է նաև այն մեծ գինը, որ Նա վճարեց մարդկությանը փրկելու Իր տնօրինումն ավարտելու համար։ Ակնհայտ են նաև այն մեծ հույսերը, որ Աստված տածում էր մսեղիում մարդկանց մեջ Իր գործի հանդեպ։ Երբ Աստծու մսեղին ի վիճակի եղավ ստանձնելու գործը մարդկանց մեջ, ի՞նչ զգաց։ Մարդիկ պետք է որոշ չափով կարողանան հասկանալ դա, այնպես չէ՞։ Առնվազն, Աստված ուրախ էր, որովհետև կարող էր սկսել իրականացնել Իր նոր գործը մարդկանց մեջ։ Երբ Տեր Հիսուսը մկրտվեց և պաշտոնապես սկսեց Իր գործը՝ կատարելու Իր սպասավորությունը, Աստծու սիրտը լցվեց ուրախությամբ, որովհետև այնքան տարիների սպասումից և նախապատրաստումից հետո Նա վերջապես կարող էր կրել բնականոն մարդու մսեղին և սկսել Իր նոր գործը մսից ու արյունից ստեղծված մարդու կերպարանքով, որին մարդիկ կարող էին տեսնել և որը կարող էին շոշափել։ Նա վերջապես կարող էր դեմ առ դեմ և սրտաբաց խոսել մարդկանց հետ մարդու ինքնության միջոցով։ Աստված վերջապես կարող էր դեմ առ դեմ դուրս գալ մարդկանց հետ մարդկային ձևերի և մարդկային լեզվի միջոցով. Նա կարող էր հոգալ մարդկանց կարիքները, խորհուրդ տալ նրանց և օգնել նրանց՝ օգտագործելով մարդկային լեզուն. Նա կարող էր ուտել նույն սեղանի շուրջ և ապրել նրանց հետ նույն տարածքում։ Նա կարող էր նաև տեսնել մարդկային էակներին, տեսնել բաները և տեսնել ամեն ինչ այնպես, ինչպես մարդիկ էին տեսնում դրանք, և նույնիսկ մարդկային աչքերով։ Աստծու համար սա արդեն մսեղիում Նրա գործի առաջին հաղթանակն էր, կամ նույնիսկ, կարելի է ասել, մեծ գործի իրագործումը. իհարկե, սա այն էր, ինչի համար Աստված ամենից շատ էր ուրախ։ Այդ ժամանակից սկսած՝ Աստված առաջին անգամ մի տեսակ մխիթարություն զգաց մարդկանց մեջ Իր գործում։ Այս ամենը տեղի ունեցավ այնքան գործնական և բնական կերպով, և այն մխիթարությունը, որն Աստված զգաց, այնքան ճշմարիտ էր։ Դա այն պատճառով է, որ մարդկության համար ամեն անգամ, երբ Աստծու գործի նոր փուլ է իրագործվում, և ամեն անգամ, երբ Աստված գոհունակություն է զգում, հենց այդ ժամանակ է, որ մարդկությունը կարող է ավելի մոտենալ Աստծուն, և դա նաև այն ժամանակն է, երբ մարդն ավելի է մոտենում փրկությանը։ Աստծու համար սա նաև այն ժամանակն է, երբ Նրա նոր գործը մեկնարկում է, և Նրա տնօրինման ծրագիրը կրկին առաջ է շարժվում, և առավել ևս, երբ Նրա մտադրությունները մոտենում են լիակատար իրագործմանը։ Մարդկության համար նման հնարավորության գալուստը բարեբախտություն է և շատ լավ բան. բոլոր նրանց համար, ովքեր սպասում են Աստծու փրկությանը, դա կարևոր և ուրախալի լուր է։ Երբ Աստված գործի նոր փուլ է իրականացնում, Նրա համար նոր սկիզբ է լինում։ Երբ այս նոր գործը և նոր սկիզբը մեկնարկում և ներկայացվում են մարդկանց մեջ, հենց այդ ժամանակ է, որ գործի այս փուլի ելքն արդեն որոշված և իրագործված է լինում, և նաև այն ժամանակ, երբ Աստված արդեն տեսած է լինում վերջնական արդյունքն ու պտուղը։ Սա նաև այն ժամանակն է, երբ այս արդյունքը բավարարվածություն է բերում Աստծուն. Նրա սիրտը բնականաբար ուրախ է։ Աստծու աչքերում Նա արդեն տեսել, նշանառության տակ է առել և ձեռք է բերել այն մարդկանց, որոնց փնտրում է, և ձեռք է բերել մի խումբ մարդկանց, որոնք ի վիճակի են հաջողության հասցնելու Իր գործը և բավարարվածություն բերելու Իրեն, և այս պատճառով Նրա սիրտը մխիթարվում է, Նա մի կողմ է դնում Իր վիշտը և ուրախ է զգում։ Այլ կերպ ասած՝ երբ Աստծու մսեղին ի վիճակի է մարդկանց մեջ նոր գործ ձեռնարկել, և Նա սկսում է անարգել անել այն գործը, որն ուզում է անել, և երբ Նա զգում է, որ ամեն ինչ իրագործվել է, Նրա համար ելքն արդեն տեսանելի է։ Այս ելքի շնորհիվ Նա բավարարված է, և Նրա սիրտը ուրախ է։ Ինչպե՞ս է արտահայտվում Աստծու ուրախությունը։ Կարո՞ղ եք երևակայել։ Կարո՞ղ է արդյոք Աստված լաց լինել։ Կարո՞ղ է Աստված լաց լինել։ Կարո՞ղ է Աստված ծափահարել։ Կարո՞ղ է Աստված պարել։ Կարո՞ղ է Աստված երգել։ Եթե այո, ի՞նչ կերգեր Նա։ Իհարկե, Աստված կարող էր երգել մի գեղեցիկ, հուզիչ երգ, մի երգ, որը կարող էր արտահայտել Իր սրտի ուրախությունն ու երջանկությունը։ Նա կարող էր երգել այն մարդու համար, Ինքն Իր համար և բոլոր բաների համար։ Աստծու ուրախությունը կարող է արտահայտվել ցանկացած ձևով. այս ամենը բնականոն է, որովհետև Աստված ուրախություններ և վշտեր ունի, և Նրա տարբեր տրամադրությունները կարող են արտահայտվել տարբեր ձևերով։ Սա Նրա իրավունքն է, և ոչինչ չէր կարող ավելի բնականոն և տեղին լինել։ Մարդիկ չպետք է այլ բան մտածեն դրա մասին։ Չպետք է փորձեք Աստծու վրա օգտագործել «օղակը սեղմող կախարդանքը»[ա]՝ Նրան ասելով, որ չպետք է այս կամ այն անի, Նա չպետք է վարվի այս կամ այն կերպ, և այսպիսով սահմանափակեք Նրա ուրախությունը կամ ցանկացած տրամադրություն, որ Նա կարող է ունենալ։ Մարդկանց սրտերում Աստված չի կարող ուրախ լինել, չի կարող արցունք թափել, չի կարող լաց լինել. Նա չի կարող որևէ հույզ արտահայտել։ Այս երկու անգամ հաղորդակցվելու միջոցով Ես հավատում եմ, որ այլևս այսկերպ չեք վերաբերվի Աստծուն, այլ թույլ կտաք, որ Աստված որոշակի ազատություն և ազատագրում ունենա։ Սա շատ լավ բան է։ Ապագայում կկարողանաք ճշմարտապես զգալ Աստծու տխրությունը, երբ լսեք Նրա տխուր լինելու մասին. կկարողանաք ճշմարտապես զգալ Նրա ուրախությունը, երբ լսեք Նրա ուրախ լինելու մասին. առնվազն կկարողանաք հստակորեն իմանալ և հասկանալ, թե ինչն է ուրախացնում Աստծուն և ինչն է տխրեցնում Նրան։ Երբ ի վիճակի լինես տխուր զգալու, որովհետև Աստված տխուր է, և ուրախ զգալու, որովհետև Աստված ուրախ է, Նա լիովին ձեռք բերած կլինի քո սիրտը, և այլևս ոչ մի անջրպետ չի լինի քո և Նրա միջև։ Այլևս չես փորձի կաշկանդել Աստծուն մարդկային երևակայություններով և պատկերացումներով կամ գիտելիքով։ Այդ ժամանակ Աստված կենդանի և կենսունակ կլինի քո սրտում։ Նա կլինի քո կյանքի Աստված և քեզ վերաբերող ամեն ինչի Տերը։ Ունե՞ք արդյոք այսպիսի ցանկություն։ Վստա՞հ եք, որ կարող եք հասնել սրան։
Հաջորդիվ եկեք կարդանք Գրությունների հետևյալ հատվածները։
6. Լեռան քարոզը
Երանիները (Մատթեոս 5:3-12)
Աղ և լույս (Մատթեոս 5:13-16)
Օրենք (Մատթեոս 5:17-20)
Բարկություն (Մատթեոս 5:21-26)
Շնություն (Մատթեոս 5:27-30)
Ամուսնալուծություն (Մատթեոս 5:31-32)
Երդումներ (Մատթեոս 5:33-37)
Ակն ընդ ական (Մատթեոս 5:38-42)
Սիրե՛ք ձեր թշնամիներին (Մատթեոս 5:43-48)
Ողորմություն տալու մասին (Մատթեոս 6:1-4)
Աղոթք (Մատթեոս 6:5-8)
7. Տեր Հիսուսի առակները
Սերմնացանի առակը (Մատթեոս 13:1-9)
Որոմների առակը (Մատթեոս 13:24-30)
Մանանեխի հատիկի առակը (Մատթեոս 13:31-32)
Թթխմորի առակը (Մատթեոս 13:33)
Որոմների առակի բացատրությունը (Մատթեոս 13:36-43)
Գանձի առակը (Մատթեոս 13:44)
Մարգարտի առակը (Մատթեոս 13:45-46)
Ուռկանի առակը (Մատթեոս 13:47-50)
8. Պատվիրանները
Մատթեոս 22:37-39 Հիսուսը նրան ասաց. ««Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»»։
Եկեք նախ դիտարկենք «Լեռան քարոզի» տարբեր մասերից յուրաքանչյուրը։ Ի՞նչ են շոշափում այս բոլոր տարբեր մասերը։ Կարելի է վստահաբար ասել, որ այս տարբեր մասերի բովանդակությունն ավելի վեհ է, ավելի կոնկրետ և մարդկանց կյանքին ավելի մոտ, քան Օրենքի դարաշրջանի կանոնները։ Ժամանակակից լեզվով ասած՝ այս բաներն ավելի շատ են վերաբերում մարդկանց փաստացի կիրառմանը։
Եկեք կարդանք հետևյալ որոշակի բովանդակության՝ երանիների մասին, և թե ինչպես պետք է հասկանաս դրանք, օրենքի մասին, և թե ինչ պետք է իմանաս դրա մասին, բարկության մասին, և թե ինչպես ես սահմանում այն, ինչպես վարվել շնացողների հետ, ինչ հայտարարություններ և կանոններ են վերաբերում ամուսնալուծությանը, ով կարող է ամուսնալուծվել և ով՝ ոչ, երդումների, ակն ընդ ականի, թշնամիներին սիրելու, ողորմություն տալու թեմաները և այլն։ Այս բոլոր բաները վերաբերում են Աստծուն մարդու հավատալու և Աստծուն նրա հետևելու կիրառման յուրաքանչյուր տեսանկյունին։ Այս կիրառումներից մի քանիսը դեռևս կիրառելի են այսօր, թեև դրանք ավելի մակերեսային են, քան այն, ինչ ներկայումս պահանջվում է մարդուց. դրանք բավականին տարրական ճշմարտություններ են, որոնց մարդը հանդիպում է Աստծուն հավատալիս։ Այն ժամանակից, երբ Տեր Հիսուսը սկսեց աշխատել, Նա արդեն սկսել էր գործ իրականացնել մարդկանց կյանքի խառնվածքի վրա, բայց Նրա գործի այս տեսանկյունները հիմնված էին օրենքի հիմքի վրա։ Արդյոք այս թեմաների վերաբերյալ կանոններն ու հայտարարությունները որևէ կապ ունեի՞ն ճշմարտության հետ։ Իհարկե, ունեին։ Լինեն դրանք նախկին կանոններն ու սկզբունքները, թե այս քարոզները Շնորհքի դարաշրջանում, բոլորը վերաբերում են Աստծու բնույթին և այն բանին, ինչ Նա ունի և է և, իհարկե, ճշմարտությանը։ Անկախ նրանից՝ ինչ է Աստված արտահայտում, և անկախ նրանից՝ արտահայտման ինչ եղանակ կամ լեզու է Նա օգտագործում, այն բաները, որ Նա արտահայտում է, բոլորն ունեն իրենց հիմքը, ծագումը և մեկնարկային կետն Իր բնույթի սկզբունքների և այն բանի մեջ, ինչ Նա ունի և է։ Սա բացարձակապես ճշմարիտ է։ Ուստի թեև այս բաները, որ Նա ասաց, հիմա փոքր-ինչ մակերեսային են թվում, միևնույն է, չես կարող ասել, որ դրանք ճշմարտությունը չեն, որովհետև դրանք բաներ էին, որոնք անփոխարինելի էին Շնորհքի դարաշրջանի մարդկանց համար՝ Աստծու մտադրությունները բավարարելու և իրենց կյանքի խառնվածքի փոփոխության հասնելու համար։ Կարո՞ղ ես ասել, որ այս քարոզներից որևէ մեկը չի համապատասխանում ճշմարտությանը։ Ո՛չ, չես կարող։ Դրանցից յուրաքանչյուրը ճշմարտությունն է, որովհետև դրանք բոլորը մարդկանց համար Աստծու պահանջներն էին. դրանք բոլորն Աստծու կողմից տրված վարվելու սկզբունքներ և սահմանափակումներ էին, և դրանք ներկայացնում են Աստծու բնույթը։ Պարզապես, հիմնվելով այն ժամանակ մարդկանց կյանքի աճի մակարդակի վրա, սրանք միակ բաներն էին, որ նրանք ի վիճակի էին ընդունելու և ըմբռնելու։ Քանի որ մարդկանց մեղքերը դեռ չէին լուծվել, սրանք միակ խոսքերն էին, որ Տեր Հիսուսը կարող էր արտահայտել, և Նա կարող էր միայն օգտագործել այս տեսակի շրջանակում պարունակվող պարզ ուսմունքները՝ այն ժամանակվա մարդկանց ասելու համար, թե ինչպես պետք է վարվեն, ինչ պետք է անեն, ինչ սկզբունքների և շրջանակի ներքո պետք է անեն բաները և ինչպես պետք է հավատան Աստծուն ու համապատասխանեն Նրա պահանջներին։ Այս ամենը որոշվում էր՝ հիմնվելով այն ժամանակվա մարդկանց հասակի վրա։ Օրենքի տակ ապրող մարդկանց համար հեշտ չէր ընդունել այս ուղիները, ուստի Տեր Հիսուսի քարոզի բովանդակությունը պետք է մնար այս շրջանակում։
Հաջորդիվ եկեք դիտարկենք «Տեր Հիսուսի առակների» տարբեր բովանդակությունները։
Առաջինը սերմնացանի առակն է։ Սա շատ հետաքրքիր առակ է. սերմեր ցանելը մարդկանց կյանքում սովորական իրադարձություն է։ Երկրորդը որոմների առակն է։ Յուրաքանչյուր ոք, ով բերք է ցանել, և բոլոր մեծահասակները կիմանան, թե ինչ են «որոմները»։ Երրորդը մանանեխի հատիկի առակն է։ Դուք բոլորդ գիտեք, թե ինչ է մանանեխը, այնպես չէ՞։ Եթե չգիտեք, կարող եք նայել Աստվածաշնչում։ Չորրորդ առակը թթխմորի առակն է։ Այժմ մարդկանց մեծամասնությունը գիտի, որ թթխմորն օգտագործվում է խմորման համար, և որ այն մի բան է, որը մարդիկ օգտագործում են իրենց առօրյա կյանքում։ Հետագա առակները՝ ներառյալ վեցերորդը՝ գանձի առակը, յոթերորդը՝ մարգարտի առակը, և ութերորդը՝ ուռկանի առակը, բոլորը վերցված էին մարդկանց կյանքից, բխում էին մարդկանց իրական կյանքից։ Ինչպիսի՞ պատկեր են նկարագրում այս առակները։ Դա մի պատկեր է, որտեղ Աստված դառնում է բնականոն մարդ և ապրում մարդկանց կողքին՝ օգտագործելով կյանքի, մարդկայնության լեզուն՝ մարդկանց հետ հաղորդակցվելու և նրանց տրամադրելու համար այն, ինչի կարիքն ունեն։ Երբ Աստված մսեղի դարձավ և երկար ժամանակ ապրեց մարդկանց մեջ, այն բանից հետո, երբ Նա փորձառաբար ապրեց և ականատես եղավ մարդկանց տարբեր ապրելակերպերին, կյանքի այս փորձառությունները դարձան Նրա ուսումնական նյութը, որի միջոցով Նա Իր աստվածայնության լեզուն վերածեց մարդկայնության լեզվի։ Իհարկե, այս բաները, որ Նա տեսավ և լսեց կյանքում, նաև հարստացրին մարդու Որդու մարդկային փորձառությունը։ Երբ Նա ուզում էր, որ մարդիկ հասկանան որոշ ճշմարտություններ, հասկանան Աստծու որոշ մտադրություններ, ապա կարող էր օգտագործել վերը նշվածներին նման առակներ՝ մարդկանց պատմելու Աստծու մտադրությունների և նրանցից Նրա պահանջների մասին։ Այս առակները բոլորը կապված էին մարդկանց կյանքի հետ. չկար ոչ մի առակ, որը կտրված լիներ մարդկային կյանքից։ Երբ Տեր Հիսուսն ապրում էր մարդկանց հետ, Նա տեսնում էր, թե ինչպես են ֆերմերները մշակում իրենց արտերը, և Նա գիտեր, թե ինչ են որոմները և ինչ է թթխմորը. Նա հասկանում էր, որ մարդիկ գանձեր են սիրում, ուստի Նա օգտագործեց և՛ գանձի, և՛ մարգարտի փոխաբերությունները։ Կյանքում Նա հաճախ տեսնում էր, թե ինչպես են ձկնորսներն իրենց ուռկանները նետում. Տեր Հիսուսը տեսավ սա և մարդկային կյանքի հետ կապված այլ գործունեություններ, և Նա նաև փորձառաբար ապրեց այդ տեսակի կյանքը։ Ճիշտ ինչպես ցանկացած այլ բնականոն մարդկային էակ, Նա փորձառաբար ապրեց մարդկային առօրյան և նրանց օրական երեք անգամ կերակուր ուտելը։ Նա անձամբ փորձառաբար ապրեց միջին վիճակագրական մարդու կյանքը և դիտարկեց ուրիշների կյանքը։ Երբ Նա դիտարկեց և անձամբ փորձառաբար ապրեց այս ամենը, այն, ինչի մասին Նա մտածում էր, այն չէր, թե ինչպես լավ կյանք ունենա կամ ինչպես կարողանա ավելի ազատ և հարմարավետ ապրել։ Փոխարենը իսկական մարդկային կյանքը փորձառաբար ապրելիս Տեր Հիսուսը տեսավ մարդկային էակների կյանքի թշվառությունը։ Նա տեսավ Սատանայի իշխանության տակ ապրող և Սատանայի ապականության ներքո մեղքի մեջ ապրող մարդկանց թշվառությունը, ողորմելիությունն ու ցավալի վիճակը։ Մինչ Նա անձամբ փորձառաբար ապրում էր մարդկային կյանքը, Նա նաև փորձառաբար ապրեց, թե որքան անօգնական էին ապականության մեջ ապրող մարդիկ, և Նա տեսավ ու փորձառաբար ապրեց մեղքի մեջ ապրող մարդկանց թշվառ պայմանները, որոնք կորցրել էին բոլոր ուղղություններն այն տանջանքների մեջ, որոնց Սատանան և մեղքը ենթարկում էին նրանց։ Երբ Տեր Հիսուսը տեսավ այս բաները, Նա դրանք Իր աստվածայնությա՞մբ տեսավ, թե՞ Իր մարդկայնությամբ։ Նրա մարդկայնությունն իսկապես գոյություն ուներ և շատ կենդանի էր. Նա կարող էր փորձառաբար ապրել և տեսնել այս ամենը։ Բայց իհարկե, Նա նաև այս բաներն Իր էությամբ տեսավ, որն Իր աստվածայնությունն է։ Այսինքն՝ Քրիստոսն Ինքը, այս անձը՝ Տեր Հիսուսը, տեսավ սա։ Այն ամենը, ինչ Նա տեսավ, մղեց Նրան զգալու այն գործի կարևորությունն ու անհրաժեշտությունը, որը Նա կստանձներ այս ժամանակահատվածում, երբ Նա մարմնացած էր։ Թեև Նա Ինքը գիտեր, որ այն պարտականությունը, որը Նա պետք է ստանձներ այս մարմնացման մեջ, այնքան հսկայական էր, և Նա գիտեր, թե որքան դաժան էր լինելու այն ցավը, որին Նա բախվելու էր, երբ Նա տեսավ մարդկությանն անօգնական մեղքի մեջ, երբ Նա տեսավ նրանց կյանքի թշվառությունը և նրանց թույլ պայքարն օրենքի տակ, Նա ավելի ու ավելի վշտացավ և ավելի ու ավելի անհանգստացավ՝ փրկելու մարդկությանը մեղքից։ Անկախ նրանից՝ ինչպիսի դժվարին իրավիճակների Նա կբախվեր կամ ինչպիսի ցավ Նա կկրեր, Նա գնալով ավելի վճռական դարձավ՝ փրկագնելու մարդուն, որն ապրում էր մեղքի մեջ։ Այս գործընթացի ընթացքում կարելի է ասել, որ Տեր Հիսուսը սկսեց ավելի ու ավելի հստակ հասկանալ այն գործը, որ Նա պետք է աներ, և այն հանձնարարությունը, որ Նա պետք է ստանձներ։ Նա նաև ավելի ու ավելի անհամբեր դարձավ՝ ավարտելու այն գործը, որը Նա պետք է ստանձներ՝ կրելու մարդու բոլոր մեղքերը, քավելու մարդկության համար, որպեսզի նրանք այլևս չապրեն մեղքի մեջ, և միևնույն ժամանակ, որպեսզի Աստված չհիշի մարդու մեղքերը մեղքի զոհի պատճառով՝ թույլ տալով Նրան շարունակել առաջ մղել մարդկությանը փրկելու Իր գործը։ Կարելի է ասել, որ Տեր Հիսուսի սրտում Նա պատրաստակամ էր Իրեն մատուցելու մարդկության համար, զոհաբերելու Իրեն։ Նա նաև պատրաստակամ էր խաչվելու որպես մեղքի զոհ, և, ավելին, Նա անհամբեր էր ավարտելու այս գործը։ Այնքան, որ երբ տեսավ մարդկային կյանքի թշվառ պայմանները, էլ ավելի ուզեց կատարել Իր առաքելությունը որքան հնարավոր է արագ՝ առանց մեկ րոպե կամ նույնիսկ մեկ վայրկյան հապաղելու։ Զգալով նման հրատապություն՝ Նա չէր մտածում այն մասին, թե որքան մեծ կլիներ Իր սեփական ցավը, ոչ էլ Նա որևէ հետագա մտավախություն ուներ այն մասին, թե որքան նվաստացում ստիպված կլիներ կրել։ Նա Իր սրտում միայն մեկ համոզմունք ուներ՝ քանի դեռ Իրեն մատուցում էր, քանի դեռ խաչվում էր և ծառայում որպես մեղքի զոհ, Աստծու կամքը կիրագործվեր, և Աստված կկարողանար նոր գործ սկսել։ Մարդկության կյանքը և մեղքի մեջ գոյության վիճակը լիովին կվերափոխվեին։ Նրա համոզմունքը և այն, ինչ Նա վճռել էր անել, երկուսն էլ կապված էին մարդկությանը փրկելու հետ, և Նա ուներ միայն մեկ նպատակ, որն էր հետևել Աստծու կամքին, որպեսզի Աստված կարողանար հաջողությամբ սկսել Իր գործի հաջորդ փուլը։ Սա էր Տեր Հիսուսի մտքում այն ժամանակ։
Որպես մարմնացած Աստված, որն ապրում էր մսեղիում, Նա ուներ բնականոն մարդկայնություն. Նա ուներ բնականոն մարդու զգացմունքներն ու բանականությունը։ Նա գիտեր, թե ինչ է երջանկությունը, ինչ է ցավը և երբ տեսավ, որ մարդկությունն այս տեսակի կյանքով է ապրում, խորապես զգաց, որ մարդկանց լոկ որոշ ուսմունքներ տալը, նրանց ինչ-որ բանով ապահովելը կամ նրանց ինչ-որ բան սովորեցնելը բավարար չէին լինի նրանց մեղքից դուրս բերելու համար, և որ պարզապես նրանց պատվիրաններին հնազանդվել ստիպելը նույնպես չէր կարող նրանց մեղքից փրկել. միայն այն ժամանակ, երբ Նա ստանձներ մարդկության մեղքը և դառնար մեղսալի մսեղիի նմանություն, Նա կկարողանար դրա դիմաց շահել մարդու ազատությունը և Աստծու ներումը մարդկության համար։ Ուստի այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը փորձառաբար ապրեց և ականատես եղավ մարդկային կյանքերին մեղքի մեջ, Նրա սրտում մի բուռն ցանկություն առաջացավ՝ թույլ տալ մարդկանց ազատվել մեղքի մեջ խարխափող իրենց կյանքերից։ Այս ցանկությունը ստիպեց Նրան ավելի ու ավելի զգալ, որ Նա պետք է որքան հնարավոր է շուտ և արագ գնա խաչը և ստանձնի մարդկության մեղքերը։ Սրանք էին Տեր Հիսուսի մտքերն այն ժամանակ, այն բանից հետո, երբ Նա ապրել էր մարդկության հետ և տեսել, լսել ու զգացել էր նրանց կյանքի թշվառությունը մեղքի մեջ։ Որ մարմնացած Աստված կարող էր այս տեսակի մտադրություն ունենալ մարդկության համար, որ Նա կարող էր արտահայտել և դրսևորել այս տեսակի բնույթ. արդյոք սա մի բա՞ն է, որը միջին վիճակագրական մարդը կարող էր ունենալ։ Ի՞նչ կտեսներ միջին վիճակագրական մարդը՝ ապրելով այս տեսակի միջավայրում։ Ի՞նչ կմտածեր նա։ Եթե միջին վիճակագրական մարդը բախվեր այս ամենին, արդյոք նա խնդիրներին կնայե՞ր բարձր տեսանկյունից։ Հաստատապես ոչ։ Թեև մարմնացած Աստծու արտաքին տեսքը ճիշտ նույնն է, ինչ մարդունը, և թեև Նա մարդկային գիտելիք է սովորում և խոսում է մարդկային լեզվով և երբեմն նույնիսկ արտահայտում է Իր գաղափարները մարդկային մեթոդների միջոցով կամ մարդկային ասույթներ մեջ բերելով, այնուամենայնիվ, այն ձևը, որով Նա տեսնում է մարդկությանը և բաների էությունը, բացարձակապես նույնը չէ, ինչպես ապականված մարդկությունն է տեսնում դրանք։ Նրա տեսանկյունը և այն բարձրությունը, որի վրա Նա կանգնած է, անհասանելի են ապականված մարդկության մեջ որևէ մեկի համար։ Դա այն պատճառով է, որ Աստված ճշմարտությունն է, որովհետև այն մսեղին, որը Նա կրում է, նույնպես ունի Իր՝ Աստծու էությունը, և Նրա մտքերն ու այն, ինչ արտահայտվում է Նրա մարդկայնության կողմից, նույնպես ճշմարտությունն են։ Ապականված մարդկության համար այն, ինչ Նա արտահայտում է մսեղիում, ճշմարտության և կյանքի ապահովում է։ Այս ապահովումները ոչ միայն մեկ մարդու համար են, այլ ողջ մարդկության համար։ Ցանկացած ապականված մարդու սրտում կան միայն այն մի քանի մարդիկ, որոնք կապված են իր հետ։ Նրանք հոգ են տանում և անհանգստանում են միայն այս մի բուռ մարդկանց համար։ Երբ աղետ է պատահում, նրանք նախ մտածում են իրենց սեփական երեխաների, զուգընկերոջ կամ ծնողների մասին։ Նույնիսկ ավելի «համատարած կերպով սիրող» մարդը լավագույն դեպքում կմտածեր որևէ հարազատի կամ լավ ընկերոջ մասին, բայց արդյոք նա երբևէ կմտածե՞ր ուրիշ մեկի մասին։ Ո՛չ, երբեք։ Դա այն պատճառով է, որ մարդիկ ի վերջո մարդիկ են, և նրանք ամեն ինչին կարող են նայել միայն մարդկային էակի բարձրությունից և տեսանկյունից։ Սակայն մարմնացած Աստված լիովին տարբերվում է ապականված մարդուց։ Անկախ նրանից՝ որքան սովորական, որքան բնականոն, որքան խոնարհ է Աստծու մարմնացած մսեղին, կամ նույնիսկ որքան են մարդիկ արհամարհում Նրան, Նրա մտքերն ու Նրա վերաբերմունքը մարդկության հանդեպ բաներ են, որոնք ոչ մի մարդ չունի, որոնք ոչ մի մարդ չէր կարող ընդօրինակել։ Նա մարդկությանը միշտ աստվածայնության տեսանկյունից կդիտարկի՝ որպես Արարիչ Իր դիրքի բարձրությունից։ Նա մարդկությանը միշտ կտեսնի Աստծու էության և մտածելակերպի միջոցով։ Նա բացարձակապես չի տեսնի մարդկությանը միջին վիճակագրական մարդու բարձրությունից կամ ապականված մարդու տեսանկյունից։ Երբ մարդիկ նայում են մարդկությանը, նրանք դա անում են մարդկային տեսիլքով, և նրանք այնպիսի բաներ, ինչպիսիք են մարդկային գիտելիքը և մարդկային կանոններն ու տեսությունները որպես իրենց չափանիշ են օգտագործում։ Սա այն շրջանակն է, որը մարդիկ կարող են տեսնել իրենց աչքերով, և այն շրջանակը, որն իրագործելի է ապականված մարդկության կողմից։ Երբ Աստված նայում է մարդկությանը, Նա նայում է աստվածային տեսիլքով, և Նա որպես չափանիշ է օգտագործում Իր էությունը և այն, ինչ Նա ունի և է։ Սա այն շրջանակն է, որը մարդիկ չեն կարող տեսնել, և սա այն է, որտեղ մարմնացած Աստված և ապականված մարդիկ լիովին տարբերվում են։ Այս տարբերությունը որոշվում է մարդկանց և Աստծու տարբեր էություններով. հենց այս տարբեր էություններն են որոշում նրանց ինքնություններն ու դիրքերը, ինչպես նաև այն տեսանկյունն ու բարձրությունը, որից նրանք տեսնում են բաները։ Տեսնո՞ւմ եք արդյոք Աստծու Իր արտահայտումն ու բացահայտումը Տեր Հիսուսի մեջ։ Կարելի է ասել, որ այն, ինչ Տեր Հիսուսն արեց և ասաց, կապված էր Նրա սպասավորության և Աստծու Իր տնօրինման գործի հետ, որ դա ամբողջովին Աստծու էության արտահայտումն ու դրսևորումն էր։ Թեև Նա իսկապես ուներ որոշ մարդկային դրսևորումներ, Նրա աստվածային էությունը և Նրա աստվածայնության դրսևորումը հնարավոր չէր հերքել։ Արդյոք այս մարդկային դրսևորումներն իսկապե՞ս մարդկային դրսևորումներ էին։ Նրա մարդկային դրսևորումներն իրենց բուն էությամբ լիովին տարբերվում էին ապականված մարդկության մարդկային դրսևորումներից։ Տեր Հիսուսը մարմնացած Աստված էր։ Եթե Նա իսկապես ապականված մարդկության սովորական անդամ լիներ, կարո՞ղ էր արդյոք Նա տեսնել մարդկության կյանքը մեղքի մեջ աստվածային տեսանկյունից։ Բացարձակապես ոչ։ Սա է մարդու Որդու և սովորական մարդկանց միջև տարբերությունը։ Ապականված մարդիկ բոլորն ապրում են մեղքի մեջ, և երբ որևէ մեկը տեսնում է մեղքը, նրանք որևէ առանձնահատուկ զգացում չեն ունենում դրա վերաբերյալ. նրանք բոլորը նույնն են, ճիշտ ինչպես ցեխի մեջ ապրող խոզը, որն ամենևին անհարմար կամ կեղտոտ չի զգում. ընդհակառակը, լավ ուտում է և հանգիստ քնում։ Եթե ինչ-որ մեկը մաքրի խոզանոցը, խոզն իրականում անհանգիստ կզգա և մաքուր չի մնա։ Շատ չանցած՝ կրկին կթավալվի ցեխի մեջ՝ լիովին հարմարավետ, որովհետև կեղտոտ արարած է։ Մարդիկ խոզերին կեղտոտ են համարում, բայց եթե մաքրես խոզի ապրելու տեղը, իրեն ավելի լավ չի զգա. ահա թե ինչու ոչ ոք իր տանը խոզ չի պահում։ Այն ձևը, որով մարդիկ տեսնում են խոզերին, միշտ կտարբերվի նրանից, թե ինչպես են խոզերն իրենք զգում, որովհետև մարդիկ և խոզերը նույն տեսակից չեն։ Եվ ճիշտ այն պատճառով, որ մարմնացած մարդու Որդին նույն տեսակից չէ, ինչ ապականված մարդիկ, միայն մարմնացած Աստված կարող է մարդկությանը և մնացած ամեն ինչ դիտարկել Աստծու տեսանկյունից և բարձրությունից։
Երբ Աստված մսեղի է դառնում և ապրում մարդկանց մեջ, ի՞նչ է այն տառապանքը, որը կրում է Նրա մսեղին։ Արդյոք որևէ մեկը ճշմարտապես հասկանո՞ւմ է։ Որոշ մարդիկ ասում են, որ Աստված մեծապես տառապում է, որ թեև Նա Աստված Ինքն է, մարդիկ չեն հասկանում Նրա էությունը, այլ հակված են Նրան միշտ որպես մարդու վերաբերվելու՝ Նրան վշտացած և անարդարացիորեն վիրավորված զգալ տալով. նրանք ասում են, որ Աստծու տառապանքն իսկապես մեծ է։ Այլ մարդիկ ասում են, որ Աստված անմեղ է և առանց մեղքի, բայց որ Նա նույն կերպ է տառապում, ինչ մարդիկ, որ Նա մարդկանց կողքին հալածանք, զրպարտություն և անարգանք է կրում. նրանք ասում են, որ Նա նաև հանդուրժում է Իր հետևորդների թյուրըմբռնումներն ու ըմբոստությունը. այսպիսով՝ նրանք ասում են, որ Աստծու տառապանքն իսկապես հնարավոր չէ չափել։ Այժմ թվում է, թե դուք ճշմարտապես չեք հասկանում Աստծուն։ Իրականում այս տառապանքը, որի մասին խոսում եք, ճշմարիտ տառապանք չի համարվում Աստծու համար, որովհետև կա սրանից ավելի մեծ տառապանք։ Ապա ո՞րն է ճշմարիտ տառապանքն Իր՝ Աստծու համար։ Ո՞րն է ճշմարիտ տառապանքն Աստծու մարմնացած մսեղիի համար։ Աստծու համար մարդկանց կողմից Իրեն չհասկանալը տառապանք չի համարվում, և ոչ էլ մարդկանց կողմից Աստծու վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում ունենալը և Նրան որպես Աստված չտեսնելն է տառապանք համարվում։ Սակայն մարդիկ հաճախ զգում են, որ Աստված պետք է որ մեծ անարդարություն կրած լինի, որ այն ժամանակահատվածում, որն Աստված անցկացնում է մսեղիում, Նա չի կարող ցույց տալ Իր անձը մարդկությանը և թույլ տալ նրանց տեսնել Իր մեծությունը, և որ Աստված միշտ խոնարհաբար թաքնվում է աննշան մսեղիում, և որ սա պետք է որ մեծ տանջանք լինի Նրա համար։ Մարդիկ սրտին մոտ են ընդունում այն, ինչ կարող են հասկանալ և այն, ինչ կարող են տեսնել Աստծու տառապանքից, և ամեն տեսակ կարեկցանք են ցուցաբերում Աստծու հանդեպ և հաճախ նույնիսկ փոքր-ինչ գովաբանում են Նրա տառապանքը։ Իրականում տարբերություն կա, անջրպետ կա այն բանի միջև, ինչ մարդիկ հասկանում են Աստծու տառապանքից, և այն բանի միջև, ինչ Նա ճշմարտապես զգում է։ Ես ասում եմ ձեզ ճշմարտությունը. Աստծու համար, անկախ նրանից՝ դա Աստծու Հոգին է, թե Աստծու մարմնացած մսեղին, վերը նկարագրված տառապանքը ճշմարիտ տառապանք չէ։ Այդ դեպքումինչի՞ց է Աստված իրականում տառապում։ Եկեք խոսենք Աստծու տառապանքի մասին միայն մարմնացած Աստծու տեսանկյունից։
Երբ Աստված մսեղի է դառնում՝ վերածվելով միջին վիճակագրական, բնականոն մարդու, ապրելով մարդկանց մեջ, ապրելով մարդկային էակների կողքին, մի՞թե Նա չի կարող տեսնել և զգալ ապրելու մարդկանց մեթոդներն ու օրենքները և ապրելու վերաբերյալ մարդկանց հասկացությունները։ Ի՞նչ են մղում Նրան զգալու ապրելու այս մեթոդներն ու օրենքները։ Արդյոք Նա գարշա՞նք է զգում Իր սրտում։ Ինչո՞ւ Նա գարշանք կզգար։ Որո՞նք են մարդկության մեթոդներն ու օրենքներն ապրելու համար։ Ի՞նչ սկզբունքների վրա են դրանք հիմնված։ Ինչի՞ վրա են դրանք հիմնված։ Ապրելու վերաբերյալ մարդկության մեթոդները, օրենքները և նմանատիպ բաները ստեղծված են Սատանայի տրամաբանության, գիտելիքի և փիլիսոփայության հիման վրա։ Այս տեսակի օրենքների ներքո ապրող մարդիկ չունեն մարդկայնություն, չունեն ճշմարտություն. նրանք բոլորն արհամարհում են ճշմարտությունը և թշնամաբար են տրամադրված Աստծու հանդեպ։ Եկեք նայենք Աստծու էությանը. Աստծու էությունը ճիշտ հակառակն է Սատանայի տրամաբանությանը, գիտելիքին և փիլիսոփայությանը։ Նրա էությունը լի է արդարությամբ, ճշմարտությամբ և սրբությամբ և բոլոր դրական բաների այլ իրականություններով։ Երբ Աստված, որն ունի այս էությունը, ապրում է նման մարդկության մեջ, ի՞նչ է Նա զգում Իր սրտում։ Մի՞թե այն լի չէ ցավով։ Նրա սիրտը ցավի մեջ է, ցավ, որը ոչ մի մարդ չի կարող հասկանալ կամ փորձառաբար ապրել։ Դա այն պատճառով է, որ այն ամենը, ինչին Նա բախվում է, հանդիպում է, լսում է, տեսնում է և փորձառաբար ապրում է, ամբողջովին մարդկության ապականությունն է, չարությունը և նրանց ըմբոստությունն ու դիմադրությունը ճշմարտության դեմ։ Այն ամենը, ինչ գալիս է մարդկանցից, Նրա տառապանքի աղբյուրն է։ Այսինքն՝ քանի որ Նրա էությունը նույնը չէ, ինչ ապականված մարդկանցը, մարդկանց ապականությունը դառնում է Նրա ամենամեծ տառապանքի աղբյուրը։ Երբ Աստված մսեղի է դառնում, արդյոք Նա ի վիճակի՞ է գտնելու մեկին, որն ընդհանուր լեզու ունի Իր հետ։ Նման մարդ հնարավոր չէ գտնել մարդկության մեջ։ Հնարավոր չէ գտնել ոչ մեկին, ով կարող է հաղորդակցվել կամ ով կարող է ունենալ այս փոխանակումն Աստծու հետ. ի՞նչ կասեիր, Աստված ի՞նչ զգացում ունի սրա վերաբերյալ։ Այն բաները, որոնք մարդիկ քննարկում են, սիրում են, որոնց ձգտում են և որոնց փափագում են, բոլորը կապված են մեղքի և չար միտումների հետ։ Երբ Աստված բախվում է այս ամենին, մի՞թե դա դանակի պես չէ Նրա սրտին։ Բախվելով այս բաներին՝ կարո՞ղ էր արդյոք Նա ուրախություն ունենալ Իր սրտում։ Կարո՞ղ էր արդյոք Նա մխիթարություն գտնել։ Նրանք, ովքեր ապրում են Նրա հետ, մարդիկ են՝ լի ըմբոստությամբ և չարությամբ. ինչպե՞ս կարող էր Նրա սիրտը չտառապել։ Իրականում որքա՞ն մեծ է այս տառապանքը, և ո՞վ է հոգ տանում դրա մասին։ Ո՞վ է ուշադրություն դարձնում։ Եվ ո՞վ է ի վիճակի գնահատելու այն։ Մարդը ոչ մի կերպ չի կարող հասկանալ Աստծու սիրտը, առավել ևս գնահատել Նրա տառապանքը։ Մարդու սառնությունն ու անզգայությունն է՛լ ավելի են խորացնում Աստծու տառապանքը։
Կան որոշ մարդիկ, որոնք հաճախ կարեկցում են Քրիստոսի ծանր վիճակին, որովհետև Աստվածաշնչում կա մի խոսք, որն ասում է. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Երբ մարդիկ լսում են սա, նրանք սրտին մոտ են ընդունում այն և հավատում են, որ սա ամենամեծ տառապանքն է, որն Աստված կրում է, և ամենամեծ տառապանքը, որը Քրիստոսը կրում է։ Հիմա, նայելով դրան փաստերի տեսանկյունից, արդյոք դա այդպե՞ս է։ Ո՛չ: Աստված չի համարում, որ այս տառապանքները տառապանք են։ Նա երբեք չի բողոքել անարդարության դեմ մսեղիի Իր տառապանքների պատճառով, և Նա երբեք չի ստիպել մարդուն փոխհատուցել կամ վարձատրել Իրեն որևէ բանով։ Սակայն, երբ Նա ականատես է լինում մարդու մասին ամեն ինչին և ապականված մարդկանց ապականված կյանքերին ու չարությանը, երբ Նա ականատես է լինում, որ մարդը Սատանայի ճիրաններում է և բանտարկված է Սատանայի կողմից ու չի կարող փախչել, որ մարդն ապրում է մեղքի մեջ և չգիտի, թե որն է ճշմարտությունը, մարդու բոլոր մեղքերն անտանելի են դառնում Նրա համար և ստիպում են, որ մարդկանց հանդեպ Նրա գարշանքն օրեցօր աճի. սակայն միևնույն ժամանակ Նա ստիպված է հանդուրժել այս ամենը։ Սա Աստծու մեծ տառապանքն է։ Աստված չի կարող լիովին արտահայտել նույնիսկ Իր սրտի ձայնը կամ Իր հույզերն Իր հետևորդների մեջ, և Իր հետևորդների մեջ ոչ ոք չի կարող ճշմարտապես հասկանալ Նրա տառապանքը։ Ոչ ոք նույնիսկ չի փորձում հասկանալ կամ մխիթարել Նրա սիրտը։ Նրա սիրտն օրեցօր, տարեցտարի և նորից ու նորից կրում է այս տառապանքը։ Ի՞նչ եք տեսնում այս ամենում։ Աստված Իր տվածի դիմաց ոչինչ չի պահանջում մարդկանցից, բայց Աստծու էության պատճառով Նա բացարձակապես չի կարող հանդուրժել մարդկության չարությունը, ապականությունն ու մեղքը, և փոխարենը ծայրահեղ գարշանք և ատելություն է զգում, ինչը հանգեցնում է նրան, որ Աստծու սիրտը և Նրա մսեղին անվերջ տառապանք են կրում։ Տեսե՞լ եք արդյոք սա։ Ամենայն հավանականությամբ, ձեզանից ոչ ոք չէր կարող տեսնել սա, որովհետև ձեզանից ոչ ոք ճշմարտապես չի հասկանում Աստծուն։ Ժամանակ տրամադրեք և ինքներդ փորձառաբար ապրեք դա։
Հաջորդիվ եկեք դիտարկենք Գրությունների հետևյալ հատվածները։
9. Հիսուսը հրաշքներ է գործում
ա. Հիսուսը կերակրում է հինգ հազարին
Հովհաննես 6:8-13 Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։ Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։ Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից։
բ. Ղազարոսի հարությունը փառավորում է Աստծուն
Հովհաննես 11:43-44 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։
Տեր Հիսուսի գործած հրաշքներից ընտրել ենք միայն այս երկուսը, քանի որ դրանք բավարար են ցույց տալու այն, ինչի մասին այստեղ ուզում եմ խոսել։ Այս երկու հրաշքներն իսկապես ապշեցուցիչ են և խիստ բնութագրական են այն հրաշքներին, որոնք Տեր Հիսուսը գործեց Շնորհքի դարաշրջանում։
Նախ՝ եկեք նայենք առաջին հատվածին։ Հիսուսը կերակրում է հինգ հազարին։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «հինգ հաց և երկու ձուկ» գաղափարը։ Սովորաբար քանի՞ մարդ կարող է բավարար չափով կշտանալ հինգ հացով և երկու ձկով։ Եթե չափանիշ ընդունեք միջին վիճակագրական մարդու ախորժակը, ապա կբավականացնի միայն երկու հոգու։ Սա «հինգ հաց և երկու ձուկ» գաղափարն է իր ամենահիմնական իմաստով։ Սակայն այս հատվածում քանի՞ մարդ կերակրվեց հինգ հացով և երկու ձկով։ Սուրբ Գրքում արձանագրված է հետևյալը. «Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին»։ Հինգ հացի և երկու ձկան համեմատ հինգ հազարը մեծ թի՞վ է։ Ի՞նչ է ցույց տալիս այն, որ այս թիվն այսքան մեծ է։ Մարդկային տեսանկյունից՝ հինգ հացը և երկու ձուկը հինգ հազար մարդու միջև բաժանելն անհնար կլիներ, քանի որ մարդկանց թվի և ուտելիքի քանակի տարբերությունը չափազանց մեծ է։ Նույնիսկ եթե յուրաքանչյուր մարդ միայն մի փոքրիկ պատառ ուտեր, միևնույն է, չէր բավականացնի հինգ հազար մարդու։ Բայց այստեղ Տեր Հիսուսը հրաշք գործեց։ Նա ոչ միայն ապահովեց, որ հինգ հազար մարդ կարողանա կշտանալ, այլև նույնիսկ ուտելիք ավելացավ։ Գրություններում ասվում է. «Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից»։ Այս հրաշքը հնարավորություն տվեց մարդկանց տեսնելու Տեր Հիսուսի ինքնությունն ու կարգավիճակը, տեսնելու, որ Աստծու համար անհնարին ոչինչ չկա, և տեսնելու Աստծու ամենակարողության փաստը։ Այստեղ հինգ հացը և երկու ձուկը բավական էին հինգ հազարին կերակրելու համար, բայց եթե ընդհանրապես ուտելիք չլիներ, արդյոք Աստված կկարողանա՞ր կերակրել հինգ հազար մարդու։ Իհարկե՛, կկարողանար։ Սա հրաշք էր, ուստի անխուսափելիորեն մարդկանց համար աներևակայելի կողմեր կային, որոնք նրանք համարում էին հրաշալի և անըմբռնելի, բայց Աստծու համար նման բան անելը ոչինչ էր։ Քանի որ սա սովորական բան էր Աստծու համար, ինչո՞ւ պետք է այն հիմա առանձնացվի մեկնաբանության համար։ Քանի որ այս հրաշքի հետևում թաքնված է Տեր Հիսուսի մտադրությունը, որը նախկինում երբեք չի ընկալվել մարդկության կողմից։
Նախ եկեք փորձենք հասկանալ, թե ինչ տեսակի մարդիկ էին այս հինգ հազարը։ Արդյոք Տեր Հիսուսի հետևորդնե՞րն էին։ Գրություններից գիտենք, որ Նրա հետևորդները չէին։ Գիտեի՞ն արդյոք նրանք, թե ով էր Տեր Հիսուսը։ Անշուշտ, ո՛չ։ Առնվազն չգիտեին, որ իրենց դիմաց կանգնած անձը Քրիստոսն էր, կամ գուցե ոմանք միայն գիտեին, թե որն էր Նրա անունը, և գիտեին կամ լսել էին ինչ-որ բան Նրա արած գործերի մասին։ Պատմությունների Տեր Հիսուսի վերաբերյալ նրանք պարզապես հետաքրքրասեր էին, բայց հաստատ չէիք կարող ասել, որ հետևում էին Նրան, առավել ևս հասկանում էին Նրան։ Երբ Տեր Հիսուսը տեսավ այս հինգ հազար մարդկանց, նրանք քաղցած էին և միայն ուզում էին կշտանալ, ուստի այս համատեքստում էր, որ Տեր Հիսուսը բավարարեց նրանց ցանկությունը։ Երբ Նա բավարարեց նրանց ցանկությունը, ի՞նչ կար Նրա սրտում։ Ինչպիսի՞ն էր Նրա վերաբերմունքն այս մարդկանց նկատմամբ, որոնք միայն կշտանալ էին ուզում։ Տեր Հիսուսի մտքերը և Նրա վերաբերմունքն այստեղ ներառում էին Աստծու բնույթն ու էությունը։ Դատարկ ստամոքսով այս հինգ հազար մարդկանց առերեսվելով, որոնք միայն ուզում էին լիարժեք կերակուր ուտել, Նրա հանդեպ հետաքրքրասիրությամբ և հույսով լի այս մարդկանց առերեսվելով՝ Տեր Հիսուսը միայն ուզում էր օգտագործել այս հրաշքը՝ նրանց շնորհ պարգևելու համար։ Սակայն Նա հույսեր չէր փայփայում, որ նրանք Իր հետևորդները կդառնան, քանի որ գիտեր, որ նրանք պարզապես ուզում էին միանալ զվարճանքին և կշտանալ։ Ուստի, օգտագործելով ձեռքի տակ եղածը, Նա հինգ հացն ու երկու ձուկն օգտագործեց հինգ հազար մարդու կերակրելու համար՝ ընդլայնելով այն մարդկանց մտահորիզոնը, որոնք սիրում էին հետաքրքիր բաներ տեսնել ու հրաշքների ականատես լինել, և թույլ տալով նրանց սեփական աչքերով տեսնել այն բաները, որոնք մարմնացած Աստված կարող էր իրագործել։ Թեև Տեր Հիսուսը փաստերն օգտագործեց նրանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար, Իր սրտում արդեն գիտեր, որ այս հինգ հազար մարդիկ պարզապես ուզում էին կշտանալ հացով, ուստի Նա չքարոզեց նրանց կամ ընդհանրապես ոչինչ չասաց. Նա պարզապես թույլ տվեց նրանց տեսնել այս հրաշքը, երբ այն տեղի ունեցավ։ Նա բացարձակապես այնպես չէր վարվի այս մարդկանց հետ, ինչպես վարվում էր Իր աշակերտների հետ, որոնք ճշմարտապես հետևում էին Իրեն, բայց Աստծու սրտում բոլոր արարածները Նրա գերիշխանության տակ են, և Նա թույլ կտար Իր տեսադաշտում գտնվող բոլոր արարածներին վայելել Աստծու շնորհը, երբ դա անհրաժեշտ լիներ։ Թեև այս մարդիկ չգիտեին, թե ով էր Նա, և չէին հասկանում Նրան կամ որևէ առանձնահատուկ տպավորություն չունեին Նրա մասին կամ երախտագիտություն չէին զգում Նրա հանդեպ նույնիսկ հացն ու ձուկն ուտելուց հետո, սա մի բան չէր, որն Աստծու համար խնդիր էր. Նա այս մարդկանց հիանալի հնարավորություն տվեց՝ վայելելու Աստծու շնորհը։ Ոմանք ասում են, որ Աստված սկզբունքային է Իր արածի մեջ, որ Նա չի հսկում կամ պաշտպանում անհավատներին, և որ մասնավորապես Նա թույլ չի տալիս նրանց վայելել Իր շնորհը։ Արդյոք իրականում այդպե՞ս է։ Աստծու աչքերում Նա կկառավարի և հոգ կտանի այն ամենի մասին, ինչ ապրում է, և յուրաքանչյուր արարածի մասին, որին Նա ստեղծել է, և բազմազան ձևերով կվարվի նրանց հետ, կարգավորումներ կանի նրանց համար և գերիշխանություն կկիրառի նրանց նկատմամբ։ Սրանք են Աստծու մտքերն ու վերաբերմունքը բոլոր բաների նկատմամբ։
Թեև հացն ու ձուկը կերած հինգ հազար մարդիկ չէին ծրագրում հետևել Տեր Հիսուսին, Նա դա խնդիր չհամարեց. երբ նրանք կշտացան, գիտե՞ք, թե ինչ արեց Տեր Հիսուսը։ Արդյոք Նա ընդհանրապես քարոզե՞ց նրանց։ Ո՞ւր գնաց Նա սա անելուց հետո։ Գրություններում գրառված չէ, որ Տեր Հիսուսը որևէ բան ասաց նրանց, այլ միայն, որ Նա հանգիստ հեռացավ, երբ գործեց Իր հրաշքը։ Ուստի արդյոք Նա որևէ պահանջ դրե՞ց այս մարդկանց առջև։ Արդյոք որևէ ատելություն կա՞ր։ Ո՛չ, սրանցից ոչ մեկը չկար։ Նա պարզապես չէր ցանկանում էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այս մարդկանց, որոնք երբեք չէին կարող հետևել Իրեն, և այդ ժամանակ Նրա սիրտը ցավի մեջ էր։ Քանի որ Նա տեսել էր մարդկության այլասերվածությունը և զգացել էր մարդկության կողմից Իր մերժումը, և քանի որ Նա տխրում ու ցավ էր ապրում մարդկային բթամտությունից ու տգիտությունից, երբ տեսնում էր այս մարդկանց կամ լինում էր նրանց հետ, Նրա միակ ցանկությունը նրանցից որքան հնարավոր է շուտ հեռանալն էր։ Տերն Իր սրտում ոչ մի պահանջ չդրեց այս մարդկանց առջև։ Նա չէր ուզում նրանց որևէ ուշադրություն դարձնել, առավել ևս Իր էներգիան ծախսել նրանց վրա, և Նա գիտեր, որ նրանք չեն կարող հետևել Իրեն։ Սակայն չնայած այս ամենին՝ Նրա վերաբերմունքը նրանց նկատմամբ դեռ շատ հստակ էր։ Նա պարզապես ուզում էր բարությամբ վարվել նրանց հետ, շնորհ պարգևել նրանց, և սա էր Աստծու վերաբերմունքն Իր գերիշխանության տակ գտնվող յուրաքանչյուր արարածի նկատմամբ. բարությամբ վարվել յուրաքանչյուր արարածի հետ, ապահովել և սնուցել նրանց։ Հենց այն պատճառով, որ Տեր Հիսուսը մարմնացած Աստված էր, Նա շատ բնական կերպով դրսևորեց Աստծու սեփական էությունը և բարությամբ վարվեց այս մարդկանց հետ։ Նա նրանց հետ վարվեց բարեգործության և մեծահոգության սրտով, և նման սրտով Նա բարություն ցուցաբերեց նրանց։ Անկախ նրանից՝ այս մարդիկ ինչպես էին նայում Տեր Հիսուսին, և անկախ նրանից՝ ինչպիսի ելք կլիներ, Նա յուրաքանչյուր արարածի հետ վարվում էր՝ հիմնվելով որպես Արարիչ Իր ինքնության վրա։ Այն ամենը, ինչ Նա դրսևորեց և այն, ինչ Նա ունի և է, առանց բացառության Աստծու բնույթն էր։ Տեր Հիսուսը հանգիստ արեց այս բանը և ապա հանգիստ հեռացավ: Աստծու բնույթի ո՞ր տեսանկյունն է սա։ Կարո՞ղ եք ասել, որ սա Աստծու գթասրտությունն է։ Կարո՞ղ եք ասել, որ սա Աստծու անձնուրացությունն է։ Արդյոք սա մի բա՞ն է, որը սովորական մարդն ունակ է անելու։ Հաստատապես ոչ։ Ըստ էության, ովքե՞ր էին այս հինգ հազար մարդիկ, որոնց Տեր Հիսուսը կերակրեց հինգ հացով և երկու ձկով։ Կարո՞ղ եք ասել, որ նրանք մարդիկ էին, որոնք համատեղելի էին Նրա հետ։ Կարո՞ղ եք ասել, որ նրանք բոլորը թշնամական էին Աստծու հանդեպ։ Կարելի է վստահությամբ ասել, որ նրանք բացարձակապես համատեղելի չէին Տիրոջ հետ, և նրանց էությունը բացարձակապես թշնամական էր Աստծու հանդեպ։ Բայց ինչպե՞ս Աստված վարվեց նրանց հետ։ Նա մի մեթոդ օգտագործեց՝ Աստծու հանդեպ մարդկանց թշնամությունը մեղմելու համար. այս մեթոդը կոչվում է «բարություն»։ Այսինքն՝ թեև Տեր Հիսուսն այս մարդկանց որպես մեղավորներ էր տեսնում, նրանք, այնուամենայնիվ, արարածներ էին Նրա աչքերում, ուստի Նա, միևնույն է, բարությամբ վարվեց այս մեղավորների հետ։ Սա Աստծու համբերատարությունն է, և այս համբերատարությունը որոշվում է Աստծու սեփական ինքնությամբ և էությամբ։ Ուստի սա մի բան է, որը ոչ մի արարված մարդկային էակ ունակ չէ անելու։ Միայն Աստված կարող է անել սա։
Երբ իսկապես ի վիճակի լինես ըմբռնելու մարդկության հանդեպ Աստծու մտքերն ու վերաբերմունքը, երբ կարողանաս ճշմարտապես հասկանալ յուրաքանչյուր արարածի հանդեպ Աստծու զգացմունքներն ու հոգատարությունը, կկարողանաս հասկանալ Արարչի սրտի արյունը, որ Նա թափեց, և այն սերը, որ Նա ծախսեց Իր արարած մարդկության յուրաքանչյուր անդամի վրա։ Երբ դա տեղի ունենա, երկու բառ կօգտագործես Աստծու սերը նկարագրելու համար։ Որո՞նք են այդ երկու բառերը։ Ոմանք ասում են «անձնուրաց», իսկ ոմանք ասում են «համընդհանուր սեր»։ Այս երկուսից «համընդհանուր սեր» եզրույթն ամենաքիչն է համապատասխանում Աստծու սերը նկարագրելուն։ Սա մի եզրույթ է, որը մարդիկ օգտագործում են մարդու լայնախոհությունն ու զգացմունքները նկարագրելու համար։ Ես գարշում եմ այս բառից, քանի որ այն վերաբերում է պատահականորեն, առանց խտրականության և առանց սկզբունքը հաշվի առնելու բարեգործություն բաժանելուն։ Դա հիմարների և բթամիտ մարդկանց զգացմունքային ավելցուկի արտահայտություն է։ Երբ այս բառն օգտագործվում է Աստծու սերը նկարագրելու համար, անխուսափելիորեն սրբապիղծ ենթատեքստ է ունենում։ Ես այստեղ ունեմ երկու բառ, որոնք ավելի դիպուկ են նկարագրում Աստծու սերը։ Որո՞նք են դրանք։ Առաջինը «վիթխարի»-ն է։ Մի՞թե այս բառը շատ պատկերավոր չէ։ Երկրորդը «անծայրածիր»-ն է։ Աստծու սերը նկարագրելու համար Իմ կողմից այս երկու բառերի օգտագործումը գործնական նշանակություն ունի։ Բառացիորեն վերցրած՝ «վիթխարի»-ն նկարագրում է որևէ բանի ծավալը կամ տարողունակությունը, բայց անկախ նրանից՝ որքան մեծ է այդ բանը, այն մի բան է, որը մարդիկ կարող են շոշափել և տեսնել։ Դա այն պատճառով է, որ այն գոյություն ունի. այն վերացական առարկա չէ, այլ մի բան, որը կարող է մարդկանց համեմատաբար ճշգրիտ և գործնական պատկերացումներ տալ։ Անկախ նրանից՝ երկչափ, թե եռաչափ տեսանկյունից ես նայում դրան, կարիք չկա երևակայելու դրա գոյությունը, քանի որ այն մի բան է, որն իրականում գոյություն ունի իրական կերպով։ Թեև Աստծու սերը նկարագրելու համար «վիթխարի» բառի օգտագործումը կարող է Նրա սերը քանակապես չափելու փորձ թվալ, այն նաև զգացում է տալիս, որ Նրա սերն անչափելի է։ Ես ասում եմ, որ Աստծու սերը կարող է քանակապես չափվել, քանի որ Նրա սերը դատարկ չէ, ոչ էլ առասպել է։ Ավելին՝ մի բան է, որը բաժին է հասնում Աստծու գերիշխանության տակ գտնվող բոլոր բաներին, մի բան, որը վայելում են բոլոր արարածները տարբեր աստիճաններով և տարբեր տեսանկյուններից։ Թեև մարդիկ չեն կարող տեսնել կամ շոշափել այն, այս սերը սնուցում է բոլոր բաները և ստիպում դրանց բարգավաճել, և դրանց բարգավաճումն ի հայտ է բերում Աստծու սիրո յուրաքանչյուր մասնիկը, և հաշվում ու վկայում է Աստծու այն սերը, որը նրանք վայելում են յուրաքանչյուր անցնող ակնթարթում։ Ես ասում եմ, որ Աստծու սերն անչափելի է, քանի որ բոլոր բաներն ապահովելու և սնուցելու Աստծու խորհուրդը մի բան է, որը մարդկանց համար դժվար է ըմբռնել, ինչպես և Աստծու մտքերը բոլոր բաների և հատկապես մարդկության համար։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող իմանալ, թե որքան սրտի արյուն է Արարիչը թափել մարդկության համար. որքան խորն է այն սերը, որն Արարիչն ունի մարդկության հանդեպ, որին Նա ստեղծել է Իր սեփական ձեռքերով, որքան ծանրակշիռ է այս զգացմունքը, ոչ ոք չի կարող ըմբռնել և ոչ ոք չի կարող հասկանալ։ Աստծու սերը որպես վիթխարի նկարագրելը նրա համար է, որ օգնի մարդկանց ըմբռնելու և հասկանալու դրա լայնությունն ու գործնական գոյությունը։ Դա նաև նրա համար է, որ մարդիկ ավելի խորապես ըմբռնեն «Արարիչ» բառի գործնական իմաստը, և որպեսզի մարդիկ ավելի խոր հասկացողություն ձեռք բերեն «արարած» կոչման ճշմարիտ իմաստի վերաբերյալ։ Ի՞նչ է սովորաբար նկարագրում «անծայրածիր» բառը։ Այն ընդհանուր առմամբ օգտագործվում է օվկիանոսը կամ տիեզերքը նկարագրելու համար։ Օրինակ՝ «անծայրածիր տիեզերք» կամ «անծայրածիր օվկիանոս»։ Տիեզերքի ընդարձակությունն ու լուռ խորությունն անհասանելի են մարդուն. մարդիկ լի են դրա վերաբերյալ երևակայություններով և ակնածանքով. դրա խորհուրդն ու խորությունը նրա համար են, որ մարդիկ հայացք գցեն դրանց, բայց դրանք անհասանելի են նրանց։ Երբ մտածում ես օվկիանոսի մասին, մտածում ես դրա լայնության մասին. այն անսահման է թվում, և կարող ես զգալ դրա խորհրդավորությունն ու բաներ պարունակելու մեծ տարողունակությունը։ Ահա թե ինչու Ես օգտագործել եմ «անծայրածիր» բառը՝ Աստծու սերը նկարագրելու համար։ Նպատակն այն է, որ օգնի մարդկանց զգալու, թե որքան թանկ է Աստծու սերը և դրա խորության գեղեցկությունը, զգալու, որ Աստծու սիրո զորությունն անսահման է և լայնածավալ, և զգալու Նրա սիրո աստվածային որակը և Աստծու արժանապատվությունն ու վիրավորանքի հանդեպ անհանդուրժողականությունը, որոնք բացահայտվում են Նրա սիրո միջոցով։ Հիմա կարծում եք, որ «անծայրածիր» բառի Իմ օգտագործումը հարմա՞ր է Աստծու սերը նկարագրելու համար։ Կարո՞ղ է արդյոք Աստծու սերը համապատասխանել այս երկու բառերին՝ «վիթխարի» և «անծայրածիր»։ Բացարձակապե՛ս։ Մարդկային լեզվում միայն այս երկու բառերն են որոշ չափով տեղին և համեմատաբար մոտ Աստծու սերը նկարագրելուն։ Մի՞թե չեք կարծում, որ դրանք տեղին են։ Եթե Ես ձեզ հանձնարարեի նկարագրել Աստծու սերը, կօգտագործեի՞ք արդյոք այս երկու բառերը։ Ամենայն հավանականությամբ ոչ, քանի որ Աստծու սիրո վերաբերյալ ձեր հասկացողությունն ու ըմբռնումը սահմանափակված են երկչափ տեսանկյան շրջանակով և չեն բարձրացել եռաչափ տարածության բարձրությանը։ Ուստի, եթե Ես ձեզ հանձնարարեի նկարագրել Աստծու սերը, կզգայիք, որ ձեզ պակասում են բառերը, կամ գուցե նույնիսկ կպապանձվեիք։ Այն երկու բառերը, որոնց մասին Ես խոսեցի այսօր, գուցե դժվար լինի ձեզ համար հասկանալ, կամ գուցե պարզապես համաձայն չեք։ Սա միայն ցույց է տալիս, որ Աստծու սիրո վերաբերյալ ձեր ըմբռնումն ու հասկացողությունը մակերեսային են և սահմանափակված են նեղ շրջանակով։ Ես նախկինում ասել եմ, որ Աստված անձնուրաց է, և դուք պարզապես հիշում եք «անձնուրաց» բառը։ Մի՞թե Աստծու սերը կարող է նկարագրվել միայն որպես անձնուրաց։ Մի՞թե սա չափազանց նեղ շրջանակ չէ։ Պետք է ավելի շատ խորհեք այս հարցի շուրջ, որպեսզի կարողանաք ինչ-որ բան շահել դրանից։
Վերոնշյալն այն է, ինչ տեսանք Աստծու բնույթի և Նրա էության մասին առաջին հրաշքից։ Թեև սա մի պատմություն է, որը մարդիկ մի քանի հազար տարի է կարդում են, և այն ունի պարզ սյուժե ու թույլ է տալիս մարդկանց պարզ երևույթ տեսնել, այս պարզ սյուժեում կարող ենք տեսնել ավելի արժեքավոր մի բան, որն Աստծու բնույթն է և այն, ինչ Նա ունի և է։ Այն, ինչ Նա ունի և է, ներկայացնում է Իրեն՝ Աստծուն, և Աստծու սեփական մտքերի արտահայտությունն է։ Երբ Աստված արտահայտում է Իր մտքերը, արտահայտում է Իր սրտի ձայնը։ Նա հույս ունի, որ կլինեն մարդիկ, որոնք կկարողանան հասկանալ Իրեն, ճանաչել Իրեն և ըմբռնել Իր մտադրությունները, և հույս ունի, որ մարդիկ ի վիճակի կլինեն լսելու Իր սրտի ձայնը և ակտիվորեն համագործակցելու՝ բավարարելու Աստծու մտադրությունները։ Այն, ինչ արեց Տեր Հիսուսը, Աստծու անձայն արտահայտությունն էր։
Հաջորդիվ եկեք դիտարկենք հետևյալ հատվածը։ Ղազարոսի հարությունը փառավորում է Աստծուն։
Ի՞նչ տպավորություններ ունեք այս հատվածը կարդալուց հետո։ Տեր Հիսուսի գործած այս հրաշքի նշանակությունը շատ ավելի մեծ էր, քան նախորդինը, քանի որ ոչ մի հրաշք ավելի ապշեցուցիչ չէ, քան մեռած մարդուն գերեզմանից ետ բերելը։ Այդ դարաշրջանում չափազանց նշանակալի էր, որ Տեր Հիսուսը նման բան արեց։ Քանի որ Աստված մարմնացել էր, մարդիկ կարող էին տեսնել միայն Նրա ֆիզիկական արտաքինը, Նրա գործնական կողմը և Նրա աննշան տեսանկյունը։ Նույնիսկ եթե որոշ մարդիկ տեսնում և ինչ-որ բան էին հասկանում Նրա բնավորությունից կամ որոշ հատուկ կարողություններից, որոնք Նա կարծես թե ուներ, ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր եկել Տեր Հիսուսը, ով էր Նա ճշմարտապես Իր էության մեջ, և էլ ինչ բաներ էր իրականում ի վիճակի անելու։ Այս ամենն անհայտ էր մարդուն։ Ուստի շատ մարդիկ ուզում էին ստուգել սա և իմանալ հարցի ճշմարտությունը։ Կարո՞ղ էր արդյոք Աստված անել ինչ-որ բան՝ ապացուցելու Իր սեփական ինքնությունը։ Աստծու համար սա շատ հեշտ էր. դա մանկական խաղ էր։ Նա կարող էր ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ ինչ-որ բան անել՝ ապացուցելու Իր ինքնությունն ու էությունը, բայց Աստված գործում էր ծրագրով և քայլ առ քայլ։ Նա չէր գործում անխտիր, այլ փնտրում էր ճիշտ ժամանակը և ճիշտ հնարավորությունը՝ անելու մեծագույն նշանակություն ունեցող մի բան, որպեսզի մարդը տեսնի՝ դրանով իսկ ապացուցելով Իր իշխանությունն ու ինքնությունը։ Ուստի կարո՞ղ էր արդյոք Ղազարոսի հարությունն ապացուցել Տեր Հիսուսի ինքնությունը։ Եկեք նայենք Գրությունների հետևյալ հատվածին. «Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց։ «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ մեռելը ելավ…»։ Երբ Տեր Հիսուսն արեց սա, ընդամենը մեկ նախադասություն ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Ղազարոսն այնուհետև դուրս եկավ իր գերեզմանից: Սա իրագործվեց Տիրոջ արտասանած ընդամենը մեկ նախադասության շնորհիվ։ Այս ընթացքում Տեր Հիսուսը զոհասեղան չկանգնեցրեց և չիրականացրեց որևէ այլ գործողություն։ Նա պարզապես ասաց մեկ նախադասություն։ Արդյոք սա հրա՞շք պետք է կոչվի, թե՞ հրաման։ Թե՞ ինչ-որ տեսակի կախարդանք էր։ Արտաքուստ թվում է, թե այն կարող է կոչվել հրաշք, և եթե նայեք դրան ժամանակակից տեսանկյունից, իհարկե, դեռ կարող եք այն հրաշք կոչել։ Սակայն այն հաստատապես չէր կարող համարվել այն տեսակի կախարդանք, որը ենթադրաբար հոգին ետ է կանչում մեռելներից, և այն բացարձակապես որևէ տեսակի սև մոգություն չէր։ Ճիշտ է ասել, որ այս հրաշքն Արարչի իշխանության ամենաբնականոն, փոքրիկ դրսևորումն էր։ Սա Աստծու իշխանությունն ու զորությունն է։ Աստված ունի իշխանություն՝ մարդուն մահանալ տալու, նրա հոգուն լքել տալու իր մարմինը և վերադառնալու Հադես կամ ուր էլ որ այն պետք է գնա։ Աստված է որոշում մարդու մահվան ժամանակը և այն վայրը, ուր նա կգնա մահից հետո։ Նա կարող է անել այս բաները ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ չկաշկանդվելով մարդկանցով, իրադարձություններով, բաներով, տարածությամբ կամ աշխարհագրությամբ։ Եթե Նա ուզում է անել դա, կարող է անել, քանի որ բոլոր բաները և կենդանի էակները Նրա գերիշխանության տակ են, և բոլոր բաները ծնվում, ապրում և ոչնչանում են Նրա խոսքով և Նրա իշխանությամբ։ Նա կարող է հարություն տալ մեռած մարդուն, և սա մի բան է, որ կարող է անել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։ Սա այն իշխանությունն է, որն ունի միայն Արարիչը։
Տեր Հիսուսն իրագործեց Ղազարոսին մեռելներից վերադարձնելու արարքը, և Նրա նպատակն էր ապացույց տալ, որպեսզի մարդն ու Սատանան տեսնեն, և թույլ տալ մարդուն ու Սատանային իմանալ, որ մարդու վերաբերյալ ամեն ինչ, մարդու կյանքն ու մահը որոշվում են Աստծու կողմից, և որ թեև Աստված մարմնացել էր, Նա շարունակում էր իշխել նյութական աշխարհին, որը կարելի է տեսնել, ինչպես նաև հոգևոր ոլորտին, որը մարդը չի կարող տեսնել։ Սա նրա համար էր, որպեսզի մարդն ու Սատանան իմանային, որ մարդու վերաբերյալ ամեն ինչ Սատանայի իշխանության տակ չէ։ Սա Աստծու իշխանության բացահայտում և ցուցադրում էր, և դա նաև միջոց էր Աստծու համար՝ ուղերձ հղելու բոլոր բաներին, որ մարդկության կյանքն ու մահն Աստծու ձեռքերում են։ Տեր Հիսուսի կողմից Ղազարոսի հարությունը մեթոդներից մեկն էր, որով Արարիչն ուսուցանում և հրահանգում է մարդկությանը։ Դա կոնկրետ գործողություն էր, որում Նա օգտագործեց Իր զորությունն ու իշխանությունը՝ մարդկությանը հրահանգելու և ապահովելու համար։ Դա միջոց էր Արարչի համար՝ առանց բառեր օգտագործելու թույլ տալու մարդկությանը տեսնել այն փաստը, որ Նա իշխում է բոլոր բաներին։ Դա միջոց էր Նրա համար՝ գործնական գործողությունների միջոցով մարդկությանն ասելու, որ չկա փրկություն՝ բացի Իր միջոցով լինող փրկությունից։ Այս լուռ կերպով մարդկությանը տրված ուսուցումը տևում է հավիտյան և անջնջելի է. այն մնայուն ազդեցություն և դաստիարակություն է բերում մարդկային սրտերին։ Ղազարոսի հարությունը փառավորեց Աստծուն. սա խոր ազդեցություն ունի Աստծու հետևորդներից յուրաքանչյուրի վրա։ Այն հաստատապես ամրապնդում է յուրաքանչյուր մարդու, որը խորապես հասկանում է այս իրադարձությունը, այն հասկացողության, այն տեսիլքի մեջ, որ միայն Աստված կարող է տնօրինել մարդու կյանքն ու մահը։ Թեև Աստված այս տեսակի իշխանություն ունի, և թեև Նա ուղերձ հղեց մարդկության կյանքի և մահվան նկատմամբ Իր գերիշխանության մասին Ղազարոսի հարության միջոցով, սա Նրա հիմնական գործը չէր։ Աստված երբեք անիմաստ բան չի անում։ Յուրաքանչյուր բան, որ Նա անում է, մեծ արժեք ունի և դասական գործ է գանձերի պահեստում։ Նա «մարդուն իր գերեզմանից դուրս բերելը» բացարձակապես չէր դարձնի Իր գործի հիմնական կամ միակ նպատակը կամ կետը։ Աստված չի անում որևէ բան, որն անիմաստ է։ Ղազարոսի հարությունը՝ որպես եզակի իրադարձություն, բավարար է Աստծու իշխանությունը ցուցադրելու և Տեր Հիսուսի ինքնությունն ապացուցելու համար։ Ահա թե ինչու Տեր Հիսուսը չկրկնեց այս տեսակի հրաշքը։ Աստված գործում է Իր սեփական սկզբունքների համաձայն։ Մարդկային լեզվով կարելի է ասել, որ Աստված Իր միտքը զբաղեցնում է միայն լուրջ հարցերով։ Այսինքն՝ երբ Աստված գործում է, Նա չի շեղվում Իր գործի նպատակից։ Նա գիտե, թե ինչ գործ է ուզում իրականացնել այս փուլում, ինչ է ուզում իրագործել, և կաշխատի խստորեն Իր ծրագրի համաձայն։ Եթե ապականված մարդն ունենար այդպիսի կարողություն, պարզապես կմտածեր իր կարողությունը բացահայտելու ուղիների մասին, որպեսզի մյուսներն իմանային, թե որքան ահարկու է ինքը, որպեսզի խոնարհվեին իր առջև, որպեսզի կարողանար վերահսկել և խժռել նրանց։ Սա այն չարիքն է, որը գալիս է Սատանայից. սա կոչվում է ապականություն։ Աստված չունի նման բնույթ և չունի նման էություն։ Գործեր անելիս Նրա նպատակն Ինքն Իրեն ցուցադրելը չէ, այլ մարդուն ավելի շատ հայտնություն և ուղղորդում տրամադրելը, և ահա թե ինչու մարդիկ Աստվածաշնչում շատ քիչ օրինակներ են տեսնում այս տեսակի դեպքերի վերաբերյալ։ Սա չի նշանակում, որ Տեր Հիսուսի զորությունները սահմանափակ էին, կամ որ Նա անկարող էր նման բաներ անել։ Պարզապես Աստված չէր ուզում անել դա, քանի որ Տեր Հիսուսի կողմից Ղազարոսի հարությունը շատ գործնական նշանակություն ուներ, և նաև այն պատճառով, որ Աստծու մարմնանալու հիմնական գործը հրաշքներ գործելը չէր, մարդկանց մեռելներից վերադարձնելը չէր, այլ մարդու փրկագնման գործն էր։ Ուստի Տեր Հիսուսի կատարած գործի մեծ մասը մարդկանց ուսուցանելն էր, նրանց ապահովելն ու օգնելը, իսկ Ղազարոսին հարություն տալու նման իրադարձությունները լոկ այն սպասավորության մի փոքր մասն էին, որը Տեր Հիսուսն իրականացրեց։ Ավելին՝ կարելի է ասել, որ «ցուցադրելը» Աստծու էության մաս չէ, ուստի այն փաստը, որ Տեր Հիսուսն ավելի շատ հրաշքներ չգործեց, այն պատճառով չէր, որ Նա միտումնավոր զսպվածություն էր ցուցաբերում, ոչ էլ միջավայրի սահմանափակումների պատճառով էր, և առավել ևս այն պատճառով չէր, որ Նրան պակասում էր զորությունը։
Երբ Տեր Հիսուսը Ղազարոսին մեռելներից վերադարձրեց, օգտագործեց միայն մեկ նախադասություն. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Բացի սրանից՝ Նա ոչինչ չասաց։ Ուստի ի՞նչ է ներկայացնում այս մեկ նախադասությունը։ Այն ներկայացնում է, որ Աստված խոսելով կարող է ցանկացած բան իրագործել՝ ներառյալ մեռած մարդուն հարություն տալը։ Երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, երբ ստեղծեց աշխարհը, արեց դա խոսքերով՝ հրամանի խոսքերով, իշխանություն կրող խոսքերով, և այսկերպ բոլոր բաները ստեղծվեցին, և այսպիսով՝ դա իրագործվեց։ Ինչպես այն խոսքերը, որոնք Աստված ասաց, երբ ստեղծեց երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, Տեր Հիսուսի ասած այս նախադասությունը կրում էր Աստծու սեփական իշխանությունը և Արարչի զորությունը։ Աստծու բերանից դուրս եկած խոսքերի միջոցով բոլոր բաները հաստատվեցին և իրագործվեցին։ Նմանապես՝ Ղազարոսն իր գերեզմանից դուրս եկավ Տեր Հիսուսի բերանից դուրս եկած խոսքերի շնորհիվ։ Սա այն իշխանությունն էր, որը գալիս էր Աստծուց՝ ցուցադրված և իրագործված Նրա մարմնացած մսեղիում։ Այս տեսակի իշխանությունն ու զորությունը պատկանում էին Արարչին և մարդու Որդուն, որում Արարիչն իրագործվեց։ Սա այն հասկացողությունն է, որն Աստված ուսուցանեց մարդուն՝ Ղազարոսին մեռելներից վերադարձնելով։ Այժմ այս թեմայի մեր քննարկումն այստեղ կավարտենք։ Հաջորդիվ եկեք ևս մի քանի հատված կարդանք Գրություններից։
10. Փարիսեցիների դատողությունը Հիսուսի վերաբերյալ
Մարկոս 3:21-22 Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։ Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։
11. Հիսուսի հանդիմանությունը փարիսեցիներին
Մատթեոս 12:31-32 Ուստի ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։ Եվ ով խոսի մարդու Որդու դեմ, նրան կներվի. բայց ով խոսի Սուրբ Հոգու դեմ, նրան ո՛չ այս կյանքում կներվի, ո՛չ էլ գալիք աշխարհում։
Մատթեոս 23:13-15 Բայց վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։ Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ լափում եք այրիների տները և ձևականորեն երկարացնում եք աղոթքները. դրա համար ավելի մեծ դատապարտություն կստանաք։ Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
Վերոնշյալ երկու հատվածների բովանդակությունը տարբեր է։ Եկեք նախ նայենք առաջին հատվածին։ Փարիսեցիների դատողությունը Հիսուսի վերաբերյալ։
Աստվածաշնչում փարիսեցիների գնահատականը Իր՝ Հիսուսի և Նրա արած բաների վերաբերյալ հետևյալն էր. «…ասում էին, թե խելագարվել է… Նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին» (Մարկոս 3:21-22)։ Դպիրների և փարիսեցիների դատողությունը Տեր Հիսուսի վերաբերյալ ուրիշ մարդկանց խոսքերը կրկնելը չէր, ոչ էլ անհիմն ենթադրություն էր. դա այն եզրակացությունն էր, որ նրանք արեցին Տեր Հիսուսի վերաբերյալ՝ ելնելով Նրա գործողությունների մասին իրենց տեսածից և լսածից։ Թեև նրանց եզրակացությունն առերևույթ արվել էր հանուն արդարադատության պահպանման և մարդկանց թվում էր, թե այն հիմնավորված է, սակայն ամբարտավանությունն ու գոռոզությունը, որով նրանք դատողություն էին անում Տեր Հիսուսի վերաբերյալ, նույնիսկ իրենց համար էր դժվար զսպել։ Տեր Հիսուսի հանդեպ նրանց ատելության կատաղի էներգիան մերկացրեց նրանց սեփական փառասիրական ձգտումներն ու նրանց չար սատանայական դեմքերը, ինչպես նաև նրանց չարասիրտ բնությունը, որով նրանք հակառակում էին Աստծուն։ Այն բաները, որ նրանք ասացին Տեր Հիսուսի վերաբերյալ դատողություն անելիս, մղված էին նրանց փառասիրական ձգտումներով, նախանձով ու Աստծու և ճշմարտության հանդեպ նրանց թշնամության տգեղ և չարասիրտ բնությամբ։ Նրանք չուսումնասիրեցին Տեր Հիսուսի գործողությունների աղբյուրը, ոչ էլ ուսումնասիրեցին Նրա ասածի կամ արածի էությունը։ Փոխարենը կուրորեն, անհամբերությամբ, խելագարորեն, միտումնավոր և չարասրտորեն հարձակվեցին և վարկաբեկեցին այն, ինչ Նա արել էր։ Հասան այն բանին, որ անխղճորեն վարկաբեկեցին Նրա Հոգին, այսինքն՝ Սուրբ Հոգին, Աստծու Հոգին։ Նրանք սա նկատի ունեին, երբ ասում էին. «Խելագարվել է», «Բեեղզեբուղ» և «դևերի իշխան»։ Այսինքն՝ ասում էին, որ Աստծու Հոգին Բեեղզեբուղն է և դևերի իշխանը։ Նրանք որպես խելագարություն որակեցին այն մսեղիի գործը, որով Աստծու Հոգին զգեստավորել էր Ինքն Իրեն։ Նրանք ոչ միայն հայհոյեցին Աստծու Հոգուն՝ որպես Բեեղզեբուղի և դևերի իշխանի, այլև դատապարտեցին Աստծու գործը և դատապարտեցին ու հայհոյեցին Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստծու հանդեպ նրանց դիմակայության և հայհոյանքի էությունը լիովին նույնն էր, ինչ Սատանայի և չար դևերի դիմակայության ու հայհոյանքի էությունն Աստծու հանդեպ։ Նրանք ոչ միայն ներկայացնում էին ապականված մարդկանց, այլ, ավելին, Սատանայի մարմնացումն էին։ Նրանք Սատանայի հոսքուղին էին մարդկության մեջ, և Սատանայի մեղսակիցներն ու ծառաներն էին։ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հայհոյանքի և վարկաբեկման էությունը կարգավիճակի համար Աստծու հետ նրանց պայքարն էր, Աստծու հետ նրանց մրցելը և Աստծուն նրանց անվերջ փորձելը։ Աստծու հանդեպ նրանց դիմադրության էությունը և Նրա հանդեպ թշնամության նրանց վերաբերմունքը, ինչպես նաև նրանց խոսքերն ու մտքերն ուղղակիորեն հայհոյեցին և բարկացրին Աստծու Հոգուն։ Այսպիսով՝ Աստված խելամիտ եզրակացության հանգեց նրանց ասածի և արածի վերաբերյալ, և Աստված նրանց արարքները որակեց որպես Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի մեղք։ Այս մեղքն աններելի է թե՛ այս կյանքում, թե՛ գալիք աշխարհում, ինչպես հաստատվում է Գրությունների հետևյալ հատվածում. «Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի մարդկանց», և «ով խոսի Սուրբ Հոգու դեմ, նրան ո՛չ այս կյանքում կներվի, ո՛չ էլ գալիք աշխարհում»։ Այսօր եկեք խոսենք Աստծու այս խոսքերի ճշմարիտ իմաստի մասին. «նրան ո՛չ այս կյանքում կներվի, ո՛չ էլ գալիք աշխարհում»։ Այսինքն՝ եկեք պարզաբանենք, թե ինչպես է Աստված իրագործում այս խոսքերը. «նրան ո՛չ այս կյանքում կներվի, ո՛չ էլ գալիք աշխարհում»։
Այն ամենը, ինչի մասին խոսել ենք, վերաբերում է Աստծու բնույթին և մարդկանց, իրադարձությունների ու բաների նկատմամբ Նրա վերաբերմունքին։ Բնականաբար, վերոնշյալ երկու հատվածները բացառություն չեն։ Դուք որևէ բան նկատեցի՞ք Գրությունների այս երկու հատվածներում։ Ոմանք ասում են, որ դրանցում տեսնում են Աստծու բարկությունը։ Ոմանք ասում են, որ տեսնում են Աստծու բնույթի այն կողմը, որը չի հանդուրժում մարդու վիրավորանքը, և տեսնում են, որ եթե մարդիկ անեն մի բան, որը հայհոյում է Աստծուն, ապա չեն ստանա Նրա ներումը։ Չնայած այն փաստին, որ մարդիկ տեսնում և ընկալում են Աստծու բարկությունն ու մարդու վիրավորանքի հանդեպ անհանդուրժողականությունն այս երկու հատվածներում, նրանք դեռ ճշմարտապես չեն հասկանում Նրա վերաբերմունքը։ Այս երկու հատվածներում թաքնված են Աստծու ճշմարիտ վերաբերմունքը և Նրա մոտեցումը նրանց նկատմամբ, ովքեր հայհոյում և բարկացնում են Իրեն։ Նրա վերաբերմունքն ու մոտեցումը ցույց են տալիս հետևյալ հատվածի ճշմարիտ իմաստը. «Ով խոսի Սուրբ Հոգու դեմ, նրան ո՛չ այս կյանքում կներվի, ո՛չ էլ գալիք աշխարհում»։ Երբ մարդիկ հայհոյում են Աստծուն, այսինքն՝ երբ բարկացնում են Նրան, Նա վճիռ է կայացնում, և այս վճիռը Նրա կողմից տրված ելք է։ Գրություններում դա նկարագրվում է այսպես. «Ուստի ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի» (Մատթեոս 12:31), և «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ» (Մատթեոս 23:13)։ Սակայն արդյոք Աստվածաշնչում արձանագրվա՞ծ է, թե ինչ ելք ունեցան այդ դպիրներն ու փարիսեցիները, ինչպես նաև այն մարդիկ, որոնք ասացին, թե Տեր Հիսուսը խելագարվել է այն բանից հետո, երբ Նա ասաց այս խոսքերը։ Արդյոք արձանագրվա՞ծ է, որ նրանք որևէ պատիժ կրեցին։ Ո՛չ. սա կարելի է վստահությամբ ասել։ Այստեղ, «ոչ» ասելով, նկատի չունենք, որ նման արձանագրություն չկար, այլ այն, որ իրականում չկար ելք, որը կարելի էր տեսնել մարդկային աչքերով։ Այս «ոչ»-ը լուսաբանում է մի խնդիր. այն լուսաբանում է որոշակի բաների հետ վարվելու Աստծու վերաբերմունքն ու սկզբունքները։ Աստված աչք չի փակում կամ ականջը չի խլացնում այն մարդկանց հանդեպ, որոնք հայհոյում կամ դիմակայում են Իրեն, կամ նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր զրպարտում են Իրեն, այն մարդկանց հանդեպ, որոնք միտումնավոր հարձակվում, զրպարտում և նախատում են Իրեն, այլ ավելի շուտ Նա հստակ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ։ Նա ատում է այս մարդկանց և Իր սրտում դատապարտում է նրանց։ Նա նույնիսկ բացահայտորեն հայտարարում է, թե ինչպիսին կլինի նրանց ելքը, որպեսզի մարդիկ իմանան, որ Նա հստակ վերաբերմունք ունի Իրեն հայհոյողների նկատմամբ, և որպեսզի իմանան, թե ինչպես Նա կորոշի նրանց ելքը։ Սակայն այն բանից հետո, երբ Աստված ասաց այս խոսքերը, մարդիկ հազվադեպ կարող էին տեսնել ճշմարտությունն այն մասին, թե ինչպես Աստված կվարվի այդ մարդկանց հետ, և նրանց համար դժվար էր հասկանալ այն ելքի և վճռի հետևում ընկած սկզբունքները, որոնք Աստված կայացրեց նրանց համար։ Այսինքն՝ մարդիկ սովորաբար չեն կարող տեսնել այն առանձնահատուկ վերաբերմունքն ու մեթոդները, որոնք Աստված ունի նրանց հետ վարվելու համար։ Սա կապված է գործեր անելու Աստծու սկզբունքների հետ։ Աստված փաստերի տեղի ունենալն օգտագործում է որոշ մարդկանց չար գործերի հետ վարվելու համար։ Այսինքն՝ Նա չի հայտարարում նրանց մեղքը և չի որոշում նրանց ելքը, այլ ավելի շուտ ուղղակիորեն փաստերի տեղի ունանալն օգտագործում է նրանց պատիժը կամ արժանի հատուցումը տալու համար։ Երբ այս փաստերը տեղի են ունենում, մարդկանց մսեղին է, որ պատիժ է կրում, և մարդիկ կարող են դա տեսնել իրենց սեփական աչքերով։ Որոշ մարդկանց չար գործերի հետ վարվելիս Աստված պարզապես անիծում է նրանց խոսքերով, և Նրա բարկությունը նույնպես հասնում է նրանց, բայց նրանց ստացած պատիժը կարող է լինել մի բան, որը տեսանելի չէ մարդկային աչքերին։ Այնուամենայնիվ, այս տեսակի ելքի բնույթը կարող է նույնիսկ ավելի լուրջ լինել, քան պատժվելու կամ տապալվելու այն ելքերը, որոնք մարդիկ կարող են տեսնել։ Սա այն պատճառով է, որ այն հանգամանքներում, երբ Աստված որոշել է չփրկել այս տեսակի մարդուն, այլևս ողորմություն կամ համբերատարություն չցուցաբերել նրանց հանդեպ և այլևս հնարավորություններ չտրամադրել նրանց, այն վերաբերմունքը, որ Նա որդեգրում է նրանց նկատմամբ, նրանց մի կողմ դնելն է։ Ի՞նչ է այստեղ նշանակում «մի կողմ դնել»։ Այս եզրույթի հիմնական իմաստն այն է, որ ինչ-որ բան առայժմ մի կողմ դրվի, անտեսվի և այլևս ուշադրություն չդարձվի դրան։ Բայց այստեղ, երբ Աստված ինչ-որ մեկին մի կողմ է դնում, դրա իմաստի երկու տարբեր բացատրություն կա։ Առաջին բացատրությունն այն է, որ Նա այդ մարդու կյանքը և այդ մարդու վերաբերյալ ամեն ինչ հանձնել է Սատանային, որպեսզի նա գործ ունենա դրա հետ։ Աստված այլևս պատասխանատու չէ և այլևս չի տնօրինում այդ մարդուն։ Անկախ նրանից՝ այդ մարդը խելագարված է, ցնորված, թե գժված, անկախ նրանից՝ նա մեռած է, թե ողջ, կամ եթե նա իջնի դժոխք՝ իր պատիժը կրելու համար, այս ամենը ոչ մի կապ չունի Աստծու հետ։ Սա նշանակում է, որ նման արարածը ոչ մի կապ չունի Արարչի հետ։ Երկրորդ բացատրությունն այն է, որ Աստված որոշել է, որ Ինքն անձամբ Իր սեփական ձեռքերով ինչ-որ բան կանի այս մարդու հետ։ Հնարավոր է, որ Նա օգտագործի այս մարդու ծառայությունը, կամ որ Նա օգտագործի նրան որպես հակադրող կերպար։ Հնարավոր է, որ Նա ունենա այս տեսակի մարդու հետ վարվելու հատուկ ձև, նրանց հետ վերաբերվելու հատուկ ձև, օրինակ՝ ճիշտ ինչպես Պողոսի դեպքում։ Սա Աստծու սրտում եղած սկզբունքն ու վերաբերմունքն է, որով Նա որոշել է վարվել այս տեսակի մարդու հետ։ Ուստի, երբ մարդիկ դիմադրում են Աստծուն և զրպարտում ու հայհոյում են Նրան, եթե նրանք հրահրում են Նրա բնույթը, կամ եթե հասնում են Աստծու սահմանին, ապա հետևանքների մասին մտածելն անգամ սարսափելի է։ Ամենածանր հետևանքն այն է, որ Աստված նրանց կյանքը և նրանց վերաբերյալ ամեն ինչ մեկընդմիշտ հանձնում է Սատանային։ Նրանք չեն ներվի ողջ հավերժության ընթացքում։ Սա նշանակում է, որ այս մարդը դարձել է կերակուր Սատանայի բերանում, խաղալիք նրա ձեռքում, և այնուհետև Աստված այլևս ոչ մի անելիք չունի նրանց հետ։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի թշվառություն էր, երբ Սատանան փորձեց Հոբին։ Նույնիսկ այն պայմաններում, երբ Սատանային թույլ չէր տրվել վնասել Հոբի կյանքը, Հոբը, միևնույն է, մեծապես տառապեց։ Եվ մի՞թե էլ ավելի դժվար չէ պատկերացնել այն ավերածությունները, որոնք Սատանան կհասցներ մեկին, ով ամբողջությամբ հանձնվել է Սատանային, ով ամբողջությամբ Սատանայի ճիրաններում է, ով ամբողջությամբ կորցրել է Աստծու հոգատարությունն ու ողորմությունը, ով այլևս Արարչի գերիշխանության տակ չէ, ով զրկվել է Նրան երկրպագելու իրավունքից և Աստծու գերիշխանության տակ գտնվող արարած լինելու իրավունքից, և ում հարաբերությունն Արարչի հետ ամբողջությամբ խզվել է։ Սատանայի ծանր վնասը Հոբին մի բան էր, որը կարելի էր տեսնել մարդկային աչքերով, բայց եթե Աստված մարդու կյանքը հանձնում է Սատանային, հետևանքները վեր են մարդկային երևակայությունից։ Օրինակ՝ որոշ մարդիկ կարող են վերածնվել որպես եզ կամ էշ, մինչդեռ ոմանք կարող են զբաղեցվել և տիրապետվել անմաքուր հոգիների կամ չար դևերի կողմից և այլն։ Այսպիսին են ելքերն ու վախճաններն այն մարդկանցից ոմանց համար, որոնք Աստծու կողմից հանձնվում են Սատանային։ Դրսից թվում է, թե այն մարդիկ, որոնք ծաղրեցին, զրպարտեցին, դատապարտեցին և հայհոյեցին Տեր Հիսուսին, ոչ մի հետևանք չկրեցին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Աստված վերաբերմունք ունի ամեն ինչի հետ վարվելու համար։ Նա գուցե հստակ լեզու չօգտագործի՝ մարդկանց ասելու յուրաքանչյուր տեսակի մարդու ելքը։ Երբեմն Նա ուղղակիորեն չի խոսում, այլ ավելի շուտ ուղղակիորեն գործում է։ Այն, որ Նա չի խոսում դրա մասին, չի նշանակում, որ ելք չկա. հնարավոր է, որ ելքը նույնիսկ ավելի լուրջ է։ Դրսից թվում է, թե Աստված չի խոսում որոշ մարդկանց հետ՝ Իր վերաբերմունքը բացահայտելու համար, բայց իրականում, Իր սրտում, Աստված վաղուց ի վեր ոչ մի ցանկություն չունի նրանց որևէ ուշադրություն դարձնելու կամ նրանց նորից տեսնելու։ Նրանց արած բաների և նրանց վարքագծի պատճառով, նրանց բնական էության պատճառով Աստված միայն ուզում է, որ նրանք անհետանան Իր տեսադաշտից, ուզում է նրանց ուղղակիորեն հանձնել Սատանային, նրանց հոգին, շունչն ու մարմինը տալ Սատանային և թույլ տալ Սատանային անել նրանց հետ այն, ինչ ուզում է։ Պարզ է, թե ինչ աստիճանի է Աստված ատում նրանց, ինչ աստիճանի է Նա գարշում նրանցից։ Եթե մարդն այն աստիճան է բարկացնում Աստծուն, որ Աստված նույնիսկ չի ուզում նրան նորից տեսնել և ամբողջությամբ հրաժարվում է նրանից, այն աստիճան, որ Նա նույնիսկ չի ուզում Ինքն անձամբ գործ ունենալ նրա հետ. եթե բանը հասնում է նրան, որ Նա կհանձնի նրան Սատանային՝ թույլ տալով Սատանային անել այնպես, ինչպես կամենում է, թույլ տալով Սատանային վերահսկել, խժռել և վարվել նրա հետ այնպես, ինչպես հաճելի է իրեն, ապա այս մարդը լիովին վերջացած է։ Մարդ լինելու նրա իրավունքն ընդմիշտ չեղյալ է հայտարարվել, և արարած լինելու նրա իրավունքը մոտեցել է ավարտին։ Մի՞թե սա պատժի ամենածանր տեսակը չէ։
Վերոնշյալն այս խոսքերի ամբողջական բացատրությունն է. «նրան ո՛չ այս կյանքում կներվի, ո՛չ էլ գալիք աշխարհում», և այն նաև ծառայում է որպես պարզ մեկնաբանություն Գրությունների այս հատվածների համար։ Հավատում եմ, որ այժմ բոլորդ հասկանում եք դա։
Այժմ եկեք կարդանք Գրությունների հետևյալ հատվածները։
12. Հիսուսի խոսքերն Իր աշակերտներին Իր հարությունից հետո
Հովհաննես 20:26-29 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։
Հովհաննես 21:16-17 Երկրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։
Այն, ինչ պատմում են այս հատվածները, որոշակի բաներ են, որոնք Տեր Հիսուսն Իր հարությունից հետո արեց և ասաց Իր աշակերտներին։ Նախ՝ եկեք խորհենք՝ արդյոք կա՞ն տարբերություններ Տեր Հիսուսի մեջ հարությունից առաջ և հետո։ Արդյոք Նա դեռևս անցյալ օրերի նո՞ւյն Տեր Հիսուսն էր։ Գրությունները պարունակում են հետևյալ տողը, որը նկարագրում է Տեր Հիսուսին հարությունից հետո. «Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց։ «Խաղաղությո՜ւն ձեզ»»։ Շատ պարզ է, որ Տեր Հիսուսն այդ ժամանակ այլևս չէր բնակվում մսեղավոր մարմնում, այլ որ Նա այժմ հոգևոր մարմնում էր։ Սա այն պատճառով էր, որ Նա հաղթահարել էր մարմնի սահմանափակումները՝ թեև դուռը փակ էր, Նա, միևնույն է, կարող էր գալ մարդկանց մեջ և թույլ տալ նրանց տեսնել Իրեն։ Սա ամենամեծ տարբերությունն է հարությունից հետո Տեր Հիսուսի և հարությունից առաջ մսեղիում ապրող Տեր Հիսուսի միջև։ Թեև այդ պահի հոգևոր մարմնի արտաքինի և Տեր Հիսուսի նախկին արտաքինի միջև ոչ մի տարբերություն չկար, այդ պահին Տեր Հիսուսը դարձել էր մեկը, ով օտար էր թվում մարդկանց, քանի որ մեռելներից հարություն առնելուց հետո Նա դարձել էր հոգևոր մարմին, և Իր նախկին մսեղիի համեմատ՝ այս հոգևոր մարմինն ավելի տարակուսելի ու շփոթեցնող էր մարդկանց համար։ Այն նաև ավելի մեծ հեռավորություն ստեղծեց Տեր Հիսուսի և մարդկանց միջև, և մարդիկ իրենց սրտերում զգացին, որ այդ պահին Տեր Հիսուսն ավելի խորհրդավոր էր դարձել։ Մարդկանց կողմից այս հասկացողություններն ու զգացմունքները նրանց հանկարծակի վերադարձրին մի դարաշրջան, երբ հավատում էին մի Աստծու, որին հնարավոր չէր տեսնել կամ շոշափել։ Ուստի առաջին բանը, որ Տեր Հիսուսն արեց Իր հարությունից հետո, բոլորին թույլ տալն էր տեսնել Իրեն, հաստատել, որ Ինքը գոյություն ունի, և հաստատել Իր հարության փաստը։ Միևնույն ժամանակ այս գործողությունը վերականգնեց Նրա հարաբերությունը մարդկանց հետ այնպես, ինչպես այն կար, երբ Նա աշխատում էր մսեղիում, երբ Նա Քրիստոսն էր, որին նրանք կարող էին տեսնել և շոշափել։ Սրա արդյունքներից մեկն այն է, որ մարդիկ բացարձակապես չէին կասկածում, որ Տեր Հիսուսը հարություն էր առել մեռելներից՝ խաչին գամվելուց հետո, և նրանք նաև չէին կասկածում մարդկությանը փրկագնելու Տեր Հիսուսի գործին։ Մեկ այլ արդյունք այն է, որ Իր հարությունից հետո մարդկանց հայտնվելու և մարդկանց Իրեն տեսնել ու շոշափել թույլ տալու Տեր Հիսուսի փաստը հաստատապես ամրապնդեց նրանց Շնորհքի դարաշրջանում՝ ապահովելով, որ այսուհետ մարդիկ չվերադառնան նախորդ դարաշրջան՝ այսինքն՝ Օրենքի դարաշրջան, այն պատճառով, որ Տեր Հիսուսն «անհետացել էր» կամ «հեռացել առանց մի խոսքի», այլ փոխարենը կշարունակեն առաջ շարժվել՝ հետևելով Տեր Հիսուսի ուսուցումներին և Նրա կատարած գործին։ Այսպիսով՝ Շնորհքի դարաշրջանի գործում պաշտոնապես բացվեց մի նոր փուլ, և այդ պահից սկսած՝ օրենքի տակ ապրող մարդկային էակները պաշտոնապես դուրս եկան օրենքից, մտան նոր դարաշրջան և ունեցան նոր սկիզբ։ Սրանք են հարությունից հետո մարդուն Տեր Հիսուսի հայտնվելու բազմակողմանի իմաստները։
Քանի որ Տեր Հիսուսն այժմ հոգևոր մարմին էր, ինչպե՞ս կարող էին մարդիկ շոշափել և տեսնել Նրան։ Այս հարցն առնչվում է մարդկանց Տեր Հիսուսի հայտնվելու նշանակությանը։ Որևէ բան նկատեցի՞ք Գրությունների այն հատվածներում, որոնք հենց նոր կարդացինք։ Ընդհանուր առմամբ, հոգևոր մարմինները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, և հարությունից հետո այն գործը, որը Տեր Հիսուսը ստանձնել էր, արդեն ավարտվել էր։ Ուստի տեսականորեն Նա բացարձակապես կարիք չուներ Իր սկզբնական պատկերով վերադառնալու մարդկանց մեջ՝ նրանց հետ հանդիպելու համար, բայց Թովմասի պես մարդկանց Տեր Հիսուսի հոգևոր մարմնի հայտնվելը Նրա հայտնվելու նշանակությունն ավելի կոնկրետ դարձրեց և նպաստեց, որ այն ավելի խորը թափանցի մարդկանց սրտերի մեջ։ Երբ Նա եկավ Թովմասի մոտ, կասկածամիտ Թովմասին թույլ տվեց շոշափել Իր ձեռքը և ասաց նրան. «Բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Այս խոսքերն ու գործողություններն այն բաները չէին, որոնք Տեր Հիսուսն ուզում էր ասել և անել միայն Իր հարություն առնելուց հետո. իրականում դրանք այն բաներն էին, որոնք Նա ուզում էր ասել և անել նախքան խաչին գամվելը, քանի որ Թովմասի կասկածները միայն այդ ժամանակ չէին սկսվել, այլ նրա հետ էին եղել Տեր Հիսուսին հետևելու ողջ ընթացքում։ Ակնհայտ է, որ նախքան խաչին գամվելը Տեր Հիսուսն արդեն հասկացողություն ուներ Թովմասի պես մարդկանց վերաբերյալ։ Ուստի ի՞նչ կարող ենք տեսնել սրանից։ Իր հարությունից հետո Նա դեռևս նույն Տեր Հիսուսն էր։ Նրա էությունը չէր փոխվել, այլ Նա այն Տեր Հիսուսն էր, ով հարություն էր առել մեռելներից և հոգևոր ոլորտից վերադարձել Իր սկզբնական պատկերով, Իր սկզբնական բնույթով և մսեղիում Իր եղած ժամանակից մարդկանց վերաբերյալ Իր հասկացողությամբ։ Ուստի Նա նախ գնաց Թովմասի մոտ և թույլ տվեց Թովմասին շոշափել Իր կողը՝ ոչ միայն Թովմասին թույլ տալով տեսնել Իր հոգևոր մարմինը հարությունից հետո, այլև Թովմասին թույլ տալով շոշափել և զգալ Իր հոգևոր մարմնի գոյությունը և ամբողջությամբ ազատվել իր կասկածներից։ Նախքան Տեր Հիսուսի խաչին գամվելը Թովմասը միշտ կասկածում էր, որ Նա Քրիստոսն է, և անկարող էր հավատալ։ Աստծու հանդեպ նրա հավատը հաստատված էր միայն այն բանի վրա, ինչ նա կարող էր տեսնել իր սեփական աչքերով, ինչ կարող էր շոշափել իր սեփական ձեռքերով։ Տեր Հիսուսը լավ հասկացողություն ուներ այս տեսակի մարդու հավատի վերաբերյալ։ Նրանք հավատում էին միայն երկնքում գտնվող Աստծուն և ամենևին չէին հավատում Աստծու կողմից ուղարկվածին կամ մարմնացած Քրիստոսին, ոչ էլ կընդունեին Նրան։ Որպեսզի Թովմասն ընդուներ և հավատար Տեր Հիսուսի գոյությանը, և որ Նա ճշմարտապես մարմնացած Աստված էր, Նա թույլ տվեց Թովմասին մեկնել ձեռքը և շոշափել Իր կողը։ Արդյոք Թովմասի կասկածը տարբերվո՞ւմ էր Տեր Հիսուսի հարությունից առաջ և հետո։ Նա միշտ կասկածում էր, և բացի այն բանից, որ Տեր Հիսուսի հոգևոր մարմինն անձամբ հայտնվեց նրան և թույլ տվեց անձամբ շոշափել Իր մարմնի վրայի մեխերի հետքերը, չկար մեկը, ով կկարողանար փարատել նրա կասկածները և ստիպել նրան ազատվել դրանցից։ Ուստի Տեր Հիսուսը թույլ տվեց Թովմասին շոշափել Իր կողը և թույլ տվեց նրան իսկապես զգալ մեխերի հետքերի գոյությունը, և այդ պահից Թովմասի կասկածն անհետացավ, և նա ճշմարտապես իմացավ, որ Տեր Հիսուսը հարություն է առել, և ընդունեց ու հավատաց, որ Տեր Հիսուսը ճշմարիտ Քրիստոսն է և մարմնացած Աստված։ Թեև այդ ժամանակ Թովմասն այլևս չէր կասկածում, նա ընդմիշտ կորցրել էր Քրիստոսի հետ հանդիպելու հնարավորությունը։ Ընդմիշտ կորցրել էր Նրա հետ միասին լինելու, Նրան հետևելու, Նրան ճանաչելու հնարավորությունը։ Կորցրել էր հնարավորությունը, որ Քրիստոսը կատարելագործի իրեն։ Տեր Հիսուսի հայտնվելը և Նրա խոսքերը եզրափակում և վճիռ տրամադրեցին այն մարդկանց հավատի վերաբերյալ, որոնք լի էին կասկածներով։ Նա օգտագործեց Իր գործնական խոսքերն ու գործողությունները՝ ասելու կասկածողներին, ասելու նրանց, ովքեր հավատում էին միայն երկնքում գտնվող Աստծուն, բայց չէին հավատում Քրիստոսին։ Աստված հավանություն չէր տալիս նրանց հավատին, ոչ էլ հավանություն էր տալիս, որ նրանք հետևեն Իրեն՝ միաժամանակ կասկածելով Իրեն։ Այն օրը, երբ նրանք լիովին կհավատային Աստծուն և Քրիստոսին, կարող էր լինել միայն այն օրը, երբ Աստված կավարտեր Իր մեծ գործը։ Իհարկե, այդ օրը նաև այն օրն էր, երբ վճիռ կայացվեց նրանց կասկածի վերաբերյալ։ Քրիստոսի նկատմամբ նրանց վերաբերմունքը որոշեց նրանց ճակատագիրը, և նրանց համառ կասկածը նշանակում էր, որ նրանց հավատը ոչ մի պտուղ չտվեց նրանց, իսկ նրանց անզիջողականությունը նշանակում էր, որ նրանց հույսերն իզուր էին։ Քանի որ երկնքում գտնվող Աստծու հանդեպ նրանց հավատը սնվում էր պատրանքներով, իսկ Քրիստոսի հանդեպ նրանց կասկածն իրականում նրանց ճշմարիտ վերաբերմունքն էր Աստծու նկատմամբ, թեև նրանք շոշափեցին Տեր Հիսուսի մարմնի վրայի մեխերի հետքերը, նրանց հավատը, միևնույն է, ապարդյուն էր, և նրանց ելքը կարելի էր նկարագրել միայն որպես մաղով ջուր կրել. ամեն ինչ իզուր էր։ Այն, ինչ Տեր Հիսուսն ասաց Թովմասին, նաև շատ հստակ ասում էր յուրաքանչյուր մարդու։ Հարություն առած Տեր Հիսուսն այն Տեր Հիսուսն է, ով երեսուներեքուկես տարի ապրեց մարդկանց մեջ։ Թեև Նա գամվել էր խաչին և անցել մահվան ստվերի հովտով, և թեև Նա փորձառաբար ապրել էր հարությունը, որևէ տեսանկյունից ոչ մի փոփոխության չէր ենթարկվել։ Թեև Նա այժմ Իր մարմնի վրա մեխերի հետքեր ուներ և թեև հարություն էր առել ու դուրս եկել գերեզմանից, Նրա բնույթը, մարդկանց վերաբերյալ Նրա հասկացողությունը և նրանց հանդեպ Նրա մտադրություններն ամենևին չէին փոխվել։ Նա նաև մարդկանց ասում էր, որ Ինքն իջել էր խաչից, հաղթել էր մեղքին, հաղթահարել էր դժվարությունները և հաղթել էր մահվանը։ Նրա մեխերի հետքերը Սատանայի նկատմամբ Նրա հաղթանակի ապացույցն էին, ապացույցն այն բանի, որ Նա մեղքի զոհ էր՝ ողջ մարդկությանը հաջողությամբ փրկագնելու համար։ Նա մարդկանց ասում էր, որ Ինքն արդեն Իր վրա էր վերցրել մարդկության մեղքերը, և որ Ինքն ավարտել էր փրկագնման Իր գործը։ Երբ Նա վերադարձավ՝ տեսնելու Իր աշակերտներին, Նա Իր հայտնվելու միջոցով նրանց ասաց այս ուղերձը. «Ես դեռ ողջ եմ, Ես դեռ գոյություն ունեմ. այսօր Ես ճշմարտապես կանգնած եմ ձեր դիմաց, որպեսզի դուք կարողանաք տեսնել և շոշափել Ինձ։ Ես միշտ ձեզ հետ կլինեմ»։ Տեր Հիսուսը նաև ուզում էր Թովմասի դեպքն օգտագործել որպես նախազգուշացում ապագա մարդկանց համար։ Թեև դու հավատում ես Տեր Հիսուսին և չես կարող ո՛չ տեսնել, ո՛չ էլ շոշափել Նրան, դու կարող ես օրհնություններ ստանալ քո ճշմարիտ հավատի շնորհիվ, և կարող ես տեսնել Տեր Հիսուսին քո ճշմարիտ հավատի շնորհիվ, և այս տեսակի մարդն օրհնված է։
Աստվածաշնչում արձանագրված այս խոսքերը, որոնք Տեր Հիսուսն ասաց, երբ հայտնվեց Թովմասին, մեծ օգնություն են Շնորհքի դարաշրջանի բոլոր մարդկանց համար։ Թովմասին Նրա հայտնվելը և այն խոսքերը, որ Նա ասաց նրան, խոր ազդեցություն են ունեցել հետագա սերունդների վրա։ Դրանք հավերժական նշանակություն ունեն։ Թովմասը ներկայացնում է մարդկանց մի տեսակ, որը հավատում է Աստծուն, սակայն կասկածում է Աստծուն։ Նրանք կասկածամիտ բնություն ունեն, չարամիտ սրտեր ունեն, նենգ են և չեն հավատում այն բաներին, որոնք Աստված կարող է իրագործել։ Նրանք չեն հավատում Աստծու ամենակարողությանը և Նրա գերիշխանությանը, ոչ էլ Աստծու մարմնացմանն են հավատում։ Սակայն Տեր Հիսուսի հարությունը ճակատից հարված հասցրեց նրանց՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով բացահայտելու իրենց սեփական կասկածը, գիտակցելու իրենց սեփական կասկածը և ընդունելու իրենց սեփական դավաճանությունը՝ այդպիսով ճշմարտապես հավատալով Տեր Հիսուսի գոյությանն ու հարությանը։ Այն, ինչ պատահեց Թովմասի հետ, նախազգուշացում և զգուշացում է հետագա սերունդների համար, որպեսզի ավելի շատ մարդիկ զգուշացնեն իրենց, որ չպետք է կասկածողներ լինեն Թովմասի պես, և որ եթե կասկածեն Թովմասի պես, կսուզվեն խավարի մեջ։ Եթե հետևում ես Աստծուն, բայց ճիշտ Թովմասի պես միշտ ուզում ես շոշափել Տիրոջ կողը և շոշափել Նրա մեխերի հետքերը՝ հաստատելու, ստուգելու կամ ենթադրելու համար՝ արդյոք Աստված գոյություն ունի, թե ոչ, ապա Աստված կլքի քեզ։ Ուստի Տեր Հիսուսը մարդկանցից պահանջում է Թովմասի պես չլինել՝ հավատալով միայն նրան, ինչ կարող են տեսնել իրենց սեփական աչքերով, այլ լինել մաքուր, ազնիվ մարդիկ՝ ոչ մի կասկած չունենալով Աստծու հանդեպ և պարզապես հավատալով ու հետևելով Նրան։ Այսպիսի մարդիկ օրհնված են։ Սա շատ փոքր պահանջ է, որ Տեր Հիսուսը դնում է մարդկանց առջև, և դա նախազգուշացում է Նրա հետևորդների համար։
Վերոնշյալը Տեր Հիսուսի վերաբերմունքն է նրանց նկատմամբ, ովքեր լի են կասկածներով։ Ուստի ի՞նչ խոսքեր Նա ասաց և ի՞նչ գործեր կատարեց նրանց համար, ովքեր ի վիճակի են ազնվորեն հավատալու և հետևելու Իրեն։ Սա այն է, ինչը հաջորդիվ կդիտարկենք Տեր Հիսուսի և Պետրոսի միջև երկխոսության մեջ։
Այս զրույցում Տեր Հիսուսը Պետրոսին բազմիցս մեկ բան հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Սա ավելի բարձր չափանիշ է, որը Տեր Հիսուսը պահանջեց Պետրոսի պես մարդկանցից Իր հարությունից հետո, մարդկանցից, որոնք ճշմարտապես հավատում են Քրիստոսին և ձգտում են սիրելու Տիրոջը։ Այս հարցը մի տեսակ հարցում էր և մի տեսակ հարցաքննություն, բայց ավելին՝ դա պահանջ և ակնկալիք էր Պետրոսի պես մարդկանցից։ Տեր Հիսուսն օգտագործեց հարցման այս մեթոդը, որպեսզի մարդիկ խորհեն և քննեն իրենց ու հարցնեն։ Որո՞նք են Տեր Հիսուսի պահանջները մարդկանց համար։ Արդյոք սիրո՞ւմ եմ Տիրոջը։ Արդյոք ես Աստծուն սիրող մա՞րդ եմ։ Ինչպե՞ս պետք է սիրեմ Աստծուն։ Թեև Տեր Հիսուսն այս հարցը տվեց միայն Պետրոսին, ճշմարտությունն այն է, որ Իր սրտում, Պետրոսին այս հարցերը տալով, Նա ուզում էր օգտագործել այս հնարավորությունը՝ նույն տեսակի հարցը տալու ավելի շատ մարդկանց, որոնք ձգտում են սիրելու Աստծուն։ Պարզապես Պետրոսն օրհնված էր հանդես գալու որպես այս տեսակի մարդկանց ներկայացուցիչ՝ ստանալու այս հարցումը հենց Տեր Հիսուսի բերանից։
Համեմատած հետևյալ խոսքերի հետ, որոնք Տեր Հիսուսն Իր հարությունից հետո ասաց Թովմասին. «Բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛», Պետրոսին Նրա երեք անգամ կրկնվող հարցումը. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես Ինձ», թույլ է տալիս մարդկանց ավելի լավ զգալ Տեր Հիսուսի վերաբերմունքի խստությունը և այն հրատապությունը, որ Նա զգում էր Իր հարցման ժամանակ։ Ինչ վերաբերում է Թովմասին՝ իր նենգ և կասկածամիտ բնությամբ, Տեր Հիսուսը թույլ տվեց նրան մեկնել ձեռքը և շոշափել Իր մարմնի մեխերի հետքերը, ինչը մղեց նրան հավատալու, որ Տեր Հիսուսը մեռելներից հարություն առած մարդու Որդին էր, և ընդունելու Տեր Հիսուսի՝ որպես Քրիստոսի ինքնությունը։ Եվ թեև Տեր Հիսուսը խստորեն չհանդիմանեց Թովմասին կամ բանավոր կերպով չարտահայտեց որևէ հստակ դատողություն նրա վերաբերյալ, Նա, այնուամենայնիվ, գործնական գործողություններ օգտագործեց՝ թույլ տալու Թովմասին իմանալ, որ Ինքը հասկանում էր նրան՝ միաժամանակ ցուցադրելով Իր վերաբերմունքն ու վճռականությունն այդ տեսակի մարդկանց նկատմամբ։ Տեր Հիսուսի պահանջներն ու ակնկալիքներն այդ տեսակի մարդկանցից չեն կարող երևալ Նրա ասածից, քանի որ Թովմասի պես մարդիկ պարզապես ճշմարիտ հավատի նշույլ անգամ չունեն։ Տեր Հիսուսի պահանջները նրանց համար միայն այդքանով են սահմանափակվում, բայց այն վերաբերմունքը, որ Նա դրսևորեց Պետրոսի պես մարդկանց նկատմամբ, լիովին տարբեր է։ Նա չպահանջեց, որ Պետրոսը մեկնի իր ձեռքը և շոշափի Իր մեխերի հետքերը, ոչ էլ ասաց Պետրոսին. «Մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Փոխարենը Նա բազմիցս տվեց Պետրոսին նույն հարցը։ Հարցը մտածելու տեղիք էր տալիս և արժանի էր խորհրդածության, հարց, որն ակամայից մղում է Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի զղջում և վախ զգալ, բայց նաև զգալ Տեր Հիսուսի անհանգիստ, վշտալի տրամադրությունը։ Իրենց ցավի և վշտի մեջ այն, ինչ մարդիկ էլ ավելի են գնահատում, Տեր Հիսուս Քրիստոսի հոգատարությունն ու Նրա խնամքն են, և այն, ինչ նրանք գիտակցում են, Նրա լուրջ ուսուցումն ու խիստ պահանջներն են մաքուր, ազնիվ մարդկանցից։ Տեր Հիսուսի հարցը թույլ է տալիս մարդկանց զգալ, որ մարդկանցից Տիրոջ ակնկալիքները, որոնք բացահայտվում են այս պարզ խոսքերում, ոչ միայն Նրան հավատալն ու հետևելն են, այլև սեր ունենալու, քո Տիրոջը և քո Աստծուն սիրելու հասնելը։ Այս տեսակի սերը հաշվի առնող և հնազանդվող լինելն է։ Դա մարդկանց՝ Աստծու համար ապրել, Աստծու համար մեռնել, ամեն ինչ Աստծուն նվիրել և Աստծու համար ծախսվել ու ամեն ինչ տալ կարողանալն է։ Այս տեսակի սերը նաև Աստծուն մխիթարություն տալն է՝ թույլ տալով Նրան վայելել վկայությունը և հանգստանալ։ Դա մարդու հատուցումն է Աստծուն, մարդու պատասխանատվությունը, պարտականությունը և պարտավորությունը, և դա մի ուղի է, որին մարդիկ պետք է հետևեն իրենց ողջ կյանքում։ Այս երեք հարցերը պահանջ և հորդոր էին, որ Տեր Հիսուսն տվեց Պետրոսին և բոլոր մարդկանց, որոնք կատարյալ կդարձվեին։ Հենց այս երեք հարցերն էին, որ առաջնորդեցին և մղեցին Պետրոսին հետևել իր կյանքի ուղուն մինչև վերջ, և Տեր Հիսուսի հրաժեշտի ժամանակ հենց այս հարցերն էին, որ առաջնորդեցին Պետրոսին սկսելու կատարյալ դարձվելու իր ուղին, որոնք առաջնորդեցին նրան Տիրոջ հանդեպ իր սիրո շնորհիվ, հաշվի առնելու Տիրոջ սիրտը, հնազանդվելու Տիրոջը, մխիթարություն առաջարկելու Տիրոջը և մատուցելու իր ողջ կյանքն ու իր ողջ էությունը։
Շնորհքի դարաշրջանում Աստծու գործը հիմնականում երկու տեսակի մարդկանց համար էր։ Առաջինն այն տեսակի մարդն էր, որը հավատում և հետևում էր Նրան, որը կարող էր պահել Նրա պատվիրանները, կրել խաչը և հավատարիմ մնալ Շնորհքի դարաշրջանի ճանապարհին։ Այս տեսակի մարդը կստանար Աստծու օրհնությունը և կվայելեր Աստծու շնորհը։ Երկրորդ տեսակը Պետրոսի պես մարդիկ էին, որոնց Աստված կատարյալ է դարձնում։ Ուստի մեռելներից հարություն առնելուց հետո Տեր Հիսուսը նախ արեց այս երկու ամենաիմաստալից բաները։ Մեկն արվեց Թովմասի հետ, մյուսը՝ Պետրոսի։ Ի՞նչ են ներկայացնում այս երկու բաները։ Արդյոք դրանք ներկայացնո՞ւմ են մարդուն փրկելու Աստծու ճշմարիտ մտադրությունները։ Արդյոք դրանք ներկայացնո՞ւմ են Աստծու անկեղծությունը մարդու հանդեպ։ Այն գործը, որ Նա արեց Թովմասի հետ, մարդկանց նախազգուշացնելն էր, որ չլինեն կասկածողներ, այլ պարզապես հավատան։ Այն գործը, որ Նա արեց Պետրոսի հետ, Պետրոսի պես մարդկանց հավատն ամրապնդելն էր, և միևնույն ժամանակ Նա հստակեցրեց այս տեսակի մարդկանցից Իր պահանջները և ցույց տվեց, թե ինչ նպատակների նրանք պետք է ձգտեն։
Մեռելներից հարություն առնելուց հետո Տեր Հիսուսը հայտնվեց այն մարդկանց, որոնց անհրաժեշտ համարեց, խոսեց նրանց հետ և պահանջներ դրեց նրանց առջև՝ թողնելով մարդկանց համար Իր մտադրություններն ու ակնկալիքները։ Այսինքն՝ որպես մարմնացած Աստված, անկախ նրանից՝ Նա մարմնում էր, թե Իր հոգևոր մարմնում՝ խաչին գամվելուց և մեռելներից հարություն առնելուց հետո, մարդկության հանդեպ Նրա հոգատարությունը և մարդկանցից Նրա պահանջները երբեք չփոխվեցին։ Նա անհանգստանում էր այս աշակերտների համար նախքան խաչ բարձրանալը և Իր սրտում հստակ գիտեր յուրաքանչյուր մարդու վիճակը և հասկանում էր յուրաքանչյուր մարդու թերությունները։ Մեռելներից հարություն առնելուց և հոգևոր մարմին դառնալուց հետո յուրաքանչյուր մարդու վերաբերյալ Նրա հասկացողությունը, իհարկե, նույնն էր, ինչ մարմնում Իր եղած ժամանակ։ Նա գիտեր, որ մարդիկ լիովին վստահ չէին որպես Քրիստոս Իր ինքնության հարցում, բայց մարմնում Իր եղած ժամանակ Նա խիստ պահանջներ չդրեց մարդկանց առջև։ Նա սպասեց մինչև մեռելներից հարություն առնելը՝ նրանց հայտնվելու համար, և այսպիսով՝ ստիպեց նրանց բացարձակապես համոզվել, որ Տեր Հիսուսն Աստծուց էր եկել, և որ Նա մարմնացած Աստված էր։ Նա Իր հայտնվելը և Իր՝ մեռելներից հարություն առնելու փաստն օգտագործեց որպես մեծագույն տեսիլք և շարժառիթ մարդու ողջ կյանքի ձգտման համար։ Մահից Նրա հարությունը ոչ միայն ամրապնդեց բոլոր նրանց, ովքեր հետևում էին Իրեն, այլև հիմնովին իրագործեց Շնորհքի դարաշրջանի Նրա գործը մարդկության մեջ։ Հետագայում Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսի փրկարար շնորհի ավետարանն աստիճանաբար տարածվեց մարդկության յուրաքանչյուր անկյունում։ Կասեի՞ր արդյոք, որ Իր հարությունից հետո Տեր Հիսուսի հայտնվելը որևէ նշանակություն ուներ։ Եթե այդ ժամանակ դու Թովմասը կամ Պետրոսը լինեիր և քո կյանքում բախվեիր այս մի բանին, որն այդքան իմաստալից էր, ինչպիսի՞ ազդեցություն այն կունենար քեզ վրա։ Արդյոք կհամարեի՞ր սա Աստծուն հավատալու կյանքիդ լավագույն և մեծագույն տեսիլքը։ Արդյոք սա շարժիչ ուժ կհամարեի՞ր, երբ հետևում էիր Աստծուն, ջանում էիր բավարարել Նրան և ձգտում էիր սիրելու Աստծուն քո ողջ կյանքում։ Արդյոք մի ողջ կյանքի ջանք կգործադրեի՞ր՝ տարածելու այս մեծագույն տեսիլքը։ Արդյոք կընդունեի՞ր Տեր Հիսուսի փրկարար շնորհի տարածումը որպես Աստծուց տրված հանձնարարություն։ Թեև դուք չեք ունեցել այս փորձառությունը, Թովմասի և Պետրոսի երկու օրինակներն արդեն բավարար են, որպեսզի ժամանակակից մարդիկ հստակ հասկացողություն ձեռք բերեն Աստծու և Նրա մտադրությունների վերաբերյալ։ Կարելի է ասել, որ այն բանից հետո, երբ Աստված մարմնացավ, երբ Նա անձամբ փորձառաբար ապրեց մարդկանց մեջ և անձամբ փորձառաբար ապրեց մարդկային կյանքը, և երբ Նա տեսավ մարդկության այլասերվածությունն ու մարդկային կյանքի իրավիճակն այդ ժամանակ, մարմնում գտնվող Աստված ավելի խորապես զգաց, թե որքան անօգնական, ողբալի և խղճուկ է մարդկությունը։ Մարմնում ապրող Աստված ավելի շատ կարեկցանք ձեռք բերեց մարդկային վիճակի հանդեպ Իր մարդկայնության պատճառով, Իր մսեղավոր բնազդների պատճառով։ Սա ստիպեց Նրան ավելի մեծ հոգատարություն զգալ Իր հետևորդների հանդեպ։ Սրանք հավանաբար բաներ են, որոնք չեք կարող հասկանալ, բայց Ես կարող եմ նկարագրել մսեղիում գտնվող Աստծու զգացած այս անհանգստությունն ու հոգատարությունն Իր հետևորդներից յուրաքանչյուրի համար՝ օգտագործելով ընդամենը երկու բառ՝ «խոր հոգատարություն»։ Թեև այս եզրույթը գալիս է մարդկային լեզվից, և թեև այն շատ մարդկային է, այնուամենայնիվ, ճշմարտապես արտահայտում և նկարագրում է Աստծու զգացմունքներն Իր հետևորդների հանդեպ։ Ինչ վերաբերում է մարդկանց հանդեպ Աստծու խոր հոգատարությանը, ձեր փորձառությունների ընթացքում աստիճանաբար կզգաք սա և կճաշակեք այն։ Սակայն սրան կարելի է հասնել միայն Աստծու բնույթն աստիճանաբար հասկանալով՝ ձեր սեփական բնավորության փոփոխությանը ձգտելու հիման վրա։ Տեր Հիսուսի հայտնվելը նպաստեց, որ Իր հետևորդների հանդեպ խոր հոգատարությունը, որ Նա տածում էր Իր մարդկայնության մեջ, իրականանա և փոխանցվի Իր հոգևոր մարմնին, կամ, կարելի է ասել, Իր աստվածայնությանը։ Նրա հայտնվելը թույլ տվեց մարդկանց ևս մեկ անգամ փորձառաբար ապրել և զգալ Աստծու հոգատարությունն ու խնամքը՝ միաժամանակ հզոր կերպով ապացուցելով, որ Աստված Նա է, ով նախանշում է դարաշրջանի սկիզբը, ով մեկնարկում է դարաշրջանը, և ով նաև ավարտում է դարաշրջանը։ Իր հայտնվելու միջոցով Նա ամրապնդեց բոլոր մարդկանց հավատը և ապացուցեց աշխարհին այն փաստը, որ Ինքը Աստված Ինքն է։ Սա Նրա հետևորդներին հավերժական հաստատում տվեց, և Իր հայտնվելու միջոցով Նա նաև Իր գործի մի փուլ մեկնարկեց նոր դարաշրջանում։
13. Հիսուսն Իր հարությունից հետո հաց է ուտում և բացատրում է Գրությունները
Ղուկաս 24:30-32 Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։
14. Աշակերտները Հիսուսին խորոված ձուկ են տալիս ուտելու
Ղուկաս 24:36-43 Մինչ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը եկավ կանգնեց նրանց մեջ և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք»։ Իսկ նրանք զարհուրած վախենում և կարծում էին, թե մի ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք խռովված, և ինչո՞ւ ձեր սրտերում դեռ կասկածներ են ծագում. տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ես եմ. շոշափե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ Եվ այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը։ Եվ մինչ ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։ Եվ նրանք խորոված ձկան մի կտոր և մեղրախորիսխ տվեցին նրան։ Եվ նա առավ կերավ նրանց առաջ։
Հաջորդիվ կդիտարկենք Գրությունների վերոնշյալ հատվածները։ Առաջին հատվածը պատմում է այն մասին, թե ինչպես է Տեր Հիսուսն Իր հարությունից հետո հաց ուտում և բացատրում Գրությունները, իսկ երկրորդ հատվածը պատմում է այն մասին, թե ինչպես է Տեր Հիսուսը խորոված ձուկ ուտում։ Ինչպե՞ս են այս երկու հատվածներն օգնում ձեզ ճանաչելու Աստծու բնույթը։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի պատկեր եք ստանում Տեր Հիսուսի՝ հաց, իսկ հետո խորոված ձուկ ուտելու այս նկարագրություններից։ Կարո՞ղ եք պատկերացնել, եթե Տեր Հիսուսը կանգնած լիներ ձեր դիմաց և հաց ուտեր, ի՞նչ կզգայիք։ Կամ եթե Նա ձեզ հետ նույն սեղանի շուրջ ուտեր, մարդկանց հետ ձուկ և հաց ուտեր, ինչպիսի՞ զգացում կունենայիր այդ պահին։ Եթե շատ մոտ զգայիր Տիրոջը, որ Նա շատ մտերիմ է քեզ, ապա այս զգացումը ճիշտ է։ Սա ճիշտ այն արդյունքն է, որը Տեր Հիսուսն ուզում էր առաջացնել՝ Իր հարությունից հետո հավաքված մարդկանց դիմաց հաց և ձուկ ուտելով։ Եթե Տեր Հիսուսն Իր հարությունից հետո միայն խոսեր մարդկանց հետ, եթե նրանք չկարողանային զգալ Նրա մսեղին ու ոսկորները, այլ փոխարենը զգային Նրան որպես անհասանելի հոգի, ի՞նչ կզգային։ Մի՞թե չէին հիասթափվի։ Հիասթափված լինելով՝ մի՞թե մարդիկ լքված չէին զգա։ Մի՞թե հեռավորություն չէին զգա իրենց և Տեր Հիսուս Քրիստոսի միջև։ Ինչպիսի՞ բացասական ազդեցություն կստեղծեր այս հեռավորությունն Աստծու հետ մարդկանց հարաբերության վրա։ Մարդիկ հաստատապես վախ կզգային, չէին համարձակվի մոտենալ Նրան և այսպիսով՝ Նրան հարգալից հեռավորության վրա պահելու վերաբերմունք կունենային։ Այդ ժամանակից ի վեր նրանք կխզեին իրենց մտերիմ հարաբերությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ և կվերադառնային մարդու և երկնքում գտնվող Աստծու միջև այն հարաբերությանը, որը կար նախքան Շնորհքի դարաշրջանը։ Հոգևոր մարմինը, որը մարդիկ չէին կարող շոշափել կամ զգալ, կհանգեցներ Աստծու հետ նրանց մտերմության վերացմանը, և այն նաև պատճառ կդառնար, որ դադարեր գոյություն ունենալուց այն մտերիմ հարաբերությունը, որը հաստատվել էր մսեղիում Տեր Հիսուս Քրիստոսի եղած ժամանակ՝ առանց որևէ հեռավորության Նրա և մարդկանց միջև։ Միակ բաները, որ հոգևոր մարմինն արթնացնում էր մարդկանց մեջ, վախի, խուսափելու և անխոս հայացքի զգացումներն էին։ Նրանք չէին համարձակվի մոտենալ կամ երկխոսության մեջ մտնել Նրա հետ, առավել ևս՝ հետևել, վստահել կամ ապավինել Նրան։ Աստված չէր ցանկանում տեսնել, որ մարդիկ այս տեսակի զգացում են տածում Իր հանդեպ։ Նա չէր ուզում տեսնել, որ մարդիկ խուսափում են Իրենից կամ հեռանում են Իրենից։ Նա միայն ուզում էր, որ մարդիկ հասկանան Իրեն, մոտենան Իրեն և լինեն Իր ընտանիքը։ Եթե քո սեփական ընտանիքը, քո երեխաները տեսնեին քեզ, բայց չճանաչեին և չհամարձակվեին մոտենալ, այլ միշտ խուսափեին քեզանից, եթե չկարողանայիր արժանանալ նրանց հասկացողությանն այն ամենի համար, ինչ արել էիր նրանց համար, ի՞նչ դա կստիպեր քեզ զգալ։ Մի՞թե ցավալի չէր լինի։ Մի՞թե սիրտդ չէր կոտրվի։ Դա ճիշտ այն է, ինչ Աստված զգում է, երբ մարդիկ խուսափում են Իրենից։ Ուստի Իր հարությունից հետո Տեր Հիսուսը, միևնույն է, հայտնվեց մարդկանց մսեղիի և ոսկորների Իր կերպարանքով և կերավ ու խմեց նրանց հետ։ Աստված մարդկանց որպես ընտանիք է տեսնում, և Աստված նաև ուզում է, որ մարդիկ Իրեն տեսնեն որպես իրենց ամենահարազատ Անձի։ Միայն այսկերպ Աստված կարող է ճշմարտապես շահել մարդկանց, և միայն այսկերպ մարդիկ կարող են ճշմարտապես սիրել և երկրպագել Աստծուն։ Հիմա կարո՞ղ եք հասկանալ Իմ նպատակը Գրությունների այս երկու հատվածներն առանձնացնելու հարցում, որոնցում Տեր Հիսուսն Իր հարությունից հետո հաց է ուտում և բացատրում է Գրությունները, և որոնցում աշակերտները Նրան խորոված ձուկ են տալիս ուտելու։
Կարելի է ասել, որ մանրակրկիտ մտադրություն կար այն բաների շարքում, որոնք Տեր Հիսուսն ասաց և արեց Իր հարությունից հետո։ Այս բաները լի էին այն խոր զգացմունքներով, որոնք Աստված տածում էր մարդկանց հանդեպ, և նաև լի էին այն փայփայանքով ու հոգատարությամբ, որ Նա ուներ այն մտերիմ հարաբերության հանդեպ, որը հաստատել էր մարդկանց հետ մսեղիում Իր եղած ժամանակ։ Ավելին՝ դրանք լի էին այն կարոտով ու տենչանքով, որ Նա զգում էր Իր հետևորդների հետ միասին ուտելու և ապրելու Իր կյանքի հանդեպ մսեղիում Իր եղած ժամանակ։ Ուստի Աստված չէր ուզում, որ մարդիկ հեռավորություն զգան Աստծու և մարդու միջև, ոչ էլ ուզում էր, որ մարդիկ հեռանան Աստծուց։ Ավելին՝ Նա չէր ուզում, որ մարդիկ զգան՝ Իր հարությունից հետո Տեր Հիսուսն այլևս այն Տերը չէր, ով այդքան մտերիմ էր եղել իրենց հետ, թե Նա այլևս մարդկանց հետ չէր, քանի որ վերադարձել էր հոգևոր ոլորտ, վերադարձել էր Հոր մոտ, որին մարդիկ երբեք չէին կարող տեսնել կամ հասնել։ Նա չէր ուզում, որ մարդիկ զգան, թե կարգավիճակի որևէ տարբերություն է առաջացել Իր և նրանց միջև։ Երբ Աստված տեսնում է, որ մարդիկ ուզում են հետևել Իրեն, սակայն Իրեն հարգալից հեռավորության վրա են պահում, Նրա սիրտը ցավում է, քանի որ դա նշանակում է, որ նրանց սրտերը շատ հեռու են Իրենից, և որ Իր համար շատ դժվար կլինի շահել նրանց սրտերը։ Ուստի եթե Նա մարդկանց հոգևոր մարմնով հայտնվեր, որը նրանք չէին կարող տեսնել կամ շոշափել, սա ևս մեկ անգամ մարդուն կհեռացներ Աստծուց, և դա կհանգեցներ նրան, որ մարդիկ սխալմամբ Քրիստոսին Իր հարությունից հետո տեսնեին որպես վեհ, մարդկանցից տարբերվող տեսակի և մեկի, ով այլևս չէր կարող սեղան կիսել և ուտել մարդկանց հետ, քանի որ մարդիկ մեղավոր են, կեղտոտ և հետևաբար երբեք չեն կարող մոտենալ Աստծուն։ Մարդկանց այս թյուրըմբռնումները փարատելու համար Տեր Հիսուսը մի շարք բաներ արեց, որոնք սովորաբար անում էր մսեղիում, ինչպես արձանագրված է Գրություններում. «…Հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց»։ Նա նաև Գրությունները նրանց բացատրեց, ինչպես անցյալում էր անում։ Այս բոլոր բաները, որ Տեր Հիսուսն արեց, ստիպեցին Իրեն տեսնող յուրաքանչյուր մարդու զգալ, որ Տերը չէր փոխվել, որ Նա դեռևս նույն Տեր Հիսուսն էր։ Թեև Նա գամվել էր խաչին և փորձառաբար ապրել էր մահը, Նա հարություն էր առել և չէր թողել մարդուն։ Նա վերադարձել էր՝ լինելու մարդկանց մեջ, և Նրա մեջ ոչինչ չէր փոխվել։ Մարդկանց դիմաց կանգնած մարդու Որդին դեռևս նույն Տեր Հիսուսն էր։ Նրա կեցվածքը և մարդկանց հետ զրուցելու Նրա ձևն այնքան ծանոթ էին թվում։ Նա դեռևս այնքան լի էր սիրառատ բարությամբ, շնորհով և հանդուրժողականությամբ։ Նա դեռևս նույն Տեր Հիսուսն էր, որը սիրում էր ուրիշներին այնպես, ինչպես սիրում էր Ինքն Իրեն, որը կարող էր ներել մարդուն յոթանասուն անգամ յոթ անգամ։ Ինչպես նախկինում էր միշտ անում, Նա ուտում էր մարդկանց հետ, քննարկում էր Գրությունները նրանց հետ, և որ է՛լ ավելի կարևոր է, ճիշտ ինչպես նախկինում, Նա մսից ու արյունից էր, և Նրան կարելի էր շոշափել ու տեսնել։ Մարդու Որդին այնպիսին, ինչպիսին կար, թույլ տվեց մարդկանց մտերմություն զգալ, հանգիստ զգալ և զգալ կորցրած ինչ-որ բան վերագտնելու ուրախությունը։ Միևնույն ժամանակ, հանգիստ մտքով և հավատով լի, նրանք համարձակորեն սկսեցին ապավինել և նայել մարդու այս Որդուն, որը կարող էր ներել մարդուն իր մեղքերի համար։ Նրանք նաև սկսեցին առանց որևէ վերապահումների աղոթել Տեր Հիսուսի անունով, աղոթել՝ ստանալու Նրա շնորհն ու Նրա օրհնությունը, Նրանից ստանալու խաղաղություն և ուրախություն և Նրանից ստանալու խնամք ու պաշտպանություն, և սկսեցին բժշկել հիվանդներին ու դևեր հանել Տեր Հիսուսի անունով։
Այն ժամանակահատվածում, երբ Տեր Հիսուսը գործում էր մսեղիում, Նրա հետևորդների մեծ մասը չէր կարող լիովին հաստատել Նրա ինքնությունը և այն բաները, որ Նա ասում էր։ Երբ Նա գնաց խաչի վրա, Նրա հետևորդների վերաբերմունքը դիտարկողի վերաբերմունք էր։ Այն ժամանակից ի վեր, երբ Նա գամվեց խաչին, մինչև այն պահը, երբ Նրան դրեցին գերեզմանի մեջ, մարդկանց վերաբերմունքը Նրա նկատմամբ հիասթափություն էր։ Այս ընթացքում մարդիկ իրենց սրտերում արդեն սկսել էին Տեր Հիսուսի՝ մսեղիում եղած ժամանակ ասած բաներին կասկածելուց անցնել դրանք ամբողջությամբ հերքելուն։ Երբ Նա դուրս եկավ գերեզմանից և մեկ առ մեկ հայտնվեց մարդկանց, նրանց մեծ մասը, ովքեր սեփական աչքերով տեսան Նրան կամ լսեցին Նրա հարության լուրը, աստիճանաբար փոխեց իր վերաբերմունքը հերքումից դեպի թերահավատություն։ Միայն այն ժամանակ, երբ Տեր Հիսուսը Թովմասին թույլ տվեց իր ձեռքը դնել Նրա կողի մեջ, և երբ Նա Իր հարությունից հետո ամբոխի դիմաց կտրեց հացը և կերավ այն և ապա շարունակեց խորոված ձուկ ուտել նրանց դիմաց, նրանք ճշմարտապես ընդունեցին այն փաստը, որ Տեր Հիսուսը մարմնացած Քրիստոսն էր։ Կարելի է ասել, որ այդ մարդկանց դիմաց կանգնած մսեղիով և ոսկորներով այս հոգևոր մարմինը մղեց նրանցից յուրաքանչյուրին զգալու ասես երազից էին արթնանում։ Նրանց դիմաց կանգնած մարդու Որդին Նա էր, ով գոյություն ուներ անհիշելի ժամանակներից։ Նա ուներ ձև և պատկեր, ուներ մսեղի և ոսկորներ և արդեն երկար ժամանակ ապրել ու կերել էր մարդկանց հետ… Այս ժամանակ Նրա գոյությունը մարդկանց մղեց զգալու, որ այն այնքան իրական էր և այնքան հրաշալի, նաև ստիպեց նրանց այնքան ուրախ և երջանիկ զգալ՝ միևնույն ժամանակ լցնելով նրանց խոր հուզմունքով։ Նրա վերստին հայտնվելը թույլ տվեց մարդկանց ճշմարտապես տեսնել Նրա խոնարհությունը և զգալ Նրա մտերմությունը, ինչպես նաև նրանց հանդեպ Նրա մշտական հոգատարությունն ու կապվածությունը։ Այս կարճատև վերամիավորումը ստիպեց Տեր Հիսուսին տեսած մարդկանց զգալ, ասես մի ամբողջ կյանք էր անցել։ Նրանց մոլորված, շփոթված, վախեցած ու անհանգիստ, մտահոգ, կարոտով լի և թմրած սրտերը մխիթարություն գտան։ Նրանք այլևս կասկածամիտ կամ հիասթափված չէին, որովհետև զգում էին, որ այժմ կա հույս և մի բան, որին կարելի է ապավինել։ Այդ ժամանակ նրանց դիմաց կանգնած մարդու Որդին կլիներ նրանց թիկունքը բոլոր ժամանակներում։ Նա կլիներ նրանց ամուր աշտարակը, նրանց ապաստանն ամբողջ հավերժության համար։
Թեև Տեր Հիսուսը հարություն առավ մեռելներից, Նրա սիրտը և Նրա գործը չէին լքել մարդուն։ Հայտնվելով մարդկանց՝ Նա նրանց ասաց, որ անկախ նրանից՝ ինչ ձևով Ինքը գոյություն ուներ, կուղեկցի մարդկանց, կքայլի նրանց հետ և նրանց հետ կլինի բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում։ Նա ասաց նրանց, որ բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում Ինքը կապահովի մարդկանց և կհովվի նրանց, թույլ կտա նրանց տեսնել և շոշափել Իրեն և կերաշխավորի, որ նրանք այլևս երբեք իրենց անօգնական չզգան։ Տեր Հիսուսը նաև ուզում էր, որ մարդիկ իմանան, որ նրանք մենակ չեն ապրում այս աշխարհում։ Մարդն ունի Աստծու հոգատարությունը և Նրա ներկայությունը։ Աստված Նա է, ում մարդը միշտ կարող է ապավինել, և Նա ընտանիք է Իր հետևորդներից յուրաքանչյուրի համար։ Աստծուն ապավինելով՝ մարդն այլևս միայնակ կամ անօգնական չի լինի, իսկ նրանք, ովքեր ընդունում են Նրան որպես իրենց մեղքի զոհ, այլևս կաշկանդված չեն լինի մեղքով։ Մարդկանց աչքերում Նրա գործի այս մասերը, որոնք Տեր Հիսուսն իրականացրեց Իր հարությունից հետո, շատ փոքր բաներ էին, բայց Իմ տեսանկյունից՝ յուրաքանչյուր բան, որ Նա արեց, այնքան իմաստալից էր, այնքան արժեքավոր, այնքան կարևոր և ծանրակշիռ։
Թեև մսեղիում Տեր Հիսուսի գործելու ժամանակահատվածը լի էր դժվարություններով և տառապանքով, Նա լիովին և կատարելապես իրագործեց մարդկությանը փրկագնելու մսեղիում Իր այդ ժամանակվա գործը՝ մսեղիով և ոսկորներով Իր հոգևոր մարմնով հայտնվելու միջոցով։ Նա սկսեց Իր սպասավորությունը՝ մսեղի դառնալով և ավարտեց Իր սպասավորությունը՝ մարդուն Իր մարմնացած կերպարանքով հայտնվելով։ Նա սկզբնավորեց և մեկնարկեց Շնորհքի դարաշրջանը որպես Քրիստոս Իր ինքնության միջոցով։ Որպես Քրիստոս Իր ինքնության միջոցով Նա գործ իրականացրեց Շնորհքի դարաշրջանում և ամրապնդեց ու առաջնորդեց Շնորհքի դարաշրջանի Իր բոլոր հետևորդներին։ Կարելի է ճշմարտապես ասել, որ Աստծու գործն ունի սկիզբ և վերջ, ընթանում է քայլ առ քայլ ու ծրագրի համաձայն և լի է Նրա իմաստությամբ, Նրա ամենակարողությամբ, Նրա հրաշալի գործերով և Նրա սիրով ու ողորմությամբ։ Իհարկե, Աստծու ողջ գործի միջով անցնող հիմնական թելը մարդու հանդեպ Նրա հոգատարությունն է։ Այն, ինչ անցնում է դրա միջով, մարդու հանդեպ Նրա անհանգստությունն է, որը Նրա համար այդքան դժվար է բաց թողնել։ Աստվածաշնչի այս համարներում, յուրաքանչյուր բանում, որ Տեր Հիսուսն արեց Իր հարությունից հետո, բացահայտվեցին մարդկության հանդեպ Աստծու անփոփոխ հույսերն ու անհանգստությունը, ինչպես նաև մարդկության հանդեպ Նրա մանրակրկիտ խնամքն ու պաշտպանությունը։ Սրանցից ոչ մեկը երբեք չի փոխվել ընդհուպ մինչև մեր օրերը, կարո՞ղ եք տեսնել դա։ Երբ տեսնում եք սա, արդյոք ձեր սրտերն ակամայից չե՞ն մոտենում Աստծուն։ Եթե ապրեիք այդ դարաշրջանում, և Տեր Հիսուսը հայտնվեր ձեզ Իր հարությունից հետո՝ ձևով և պատկերով, որպեսզի կարողանայիք տեսնել Նրան, և եթե Նա նստեր ձեր դիմաց, հաց ու ձուկ ուտեր և բացատրեր Գրությունները ձեզ ու զրուցեր ձեզ հետ, ապա ինչպե՞ս կզգայիք։ Արդյոք երջանի՞կ կզգայիք։ Արդյոք մեղավոր կզգայի՞ք։ Աստծու վերաբերյալ նախկին թյուրըմբռնումներն ու Նրանից խուսափելը, Աստծուն դիմադրելը և Նրա հանդեպ կասկածները. մի՞թե դրանք բոլորը պարզապես չէին անհետանա։ Մի՞թե Աստծու և մարդու միջև հարաբերությունն ավելի բնականոն չէր դառնա։
Աստվածաշնչի այս մի քանի հատվածները մեկնաբանելով՝ Աստծու բնույթի մեջ որևէ արատ գտնո՞ւմ եք։ Աստծու սիրո մեջ որևէ խառնուրդ գտնո՞ւմ եք։ Աստծու ամենակարողության կամ իմաստության մեջ որևէ նենգություն կամ չարասիրություն տեսնո՞ւմ եք։ Հաստատապե՛ս ոչ։ Հիմա կարո՞ղ եք վստահությամբ ասել, որ Աստված սուրբ է։ Կարո՞ղ եք վստահությամբ ասել, որ Աստծու զգացմունքներից յուրաքանչյուրը Նրա էության և բնույթի բացահայտումն է։ Հուսով եմ, որ այս խոսքերը կարդալուց հետո դրանցից ձեր ձեռք բերած հասկացողությունը կօգնի ձեզ և օգուտներ կբերի բնավորության փոփոխության և Աստծու հանդեպ երկյուղի ձեր ձգտման մեջ, և որ այն արդյունքները, որոնց այս խոսքերը հասնում են ձեր մեջ, կաճեն օրեցօր, որպեսզի այս ձգտման գործընթացում ավելի ու ավելի մոտենաք Աստծուն, ավելի ու ավելի մոտենաք այն չափանիշին, որն Աստված պահանջում է։ Այլևս հակակրանք չեք տածի ճշմարտությանը ձգտելու հանդեպ և այլևս չեք զգա, որ ճշմարտությանը և բնավորության փոփոխությանը ձգտելն անհանգստացնող կամ ավելորդ բան է։ Փոխարենը՝ մղված Աստծու ճշմարիտ բնույթի և Աստծու սուրբ էության արտահայտությամբ՝ կտենչաք լույսը, կտենչաք արդարադատություն, կվճռեք ձգտել ճշմարտությանը, ձգտել բավարարելու Աստծու մտադրությունները և կդառնաք Աստծու կողմից ձեռք բերված մարդ, կդառնաք իրական մարդ։
Այսօր խոսել ենք որոշ բաների մասին, որոնք Աստված արեց Շնորհքի դարաշրջանում, երբ Նա առաջին անգամ մարմնացավ։ Այս բաներից տեսել ենք այն բնույթը, որը Նա արտահայտեց և բացահայտեց մսեղիում, ինչպես նաև այն ամենի յուրաքանչյուր տեսանկյունը, ինչ Նա ունի և է։ Այն ամենի այս բոլոր տեսանկյունները, ինչ Նա ունի և է, շատ մարդկայնացված են թվում, բայց իրականությունն այն է, որ այն ամենի էությունը, ինչ Նա բացահայտեց և արտահայտեց, անբաժանելի է Նրա սեփական բնույթից։ Յուրաքանչյուր մեթոդ և յուրաքանչյուր տեսանկյուն, որով մարմնացած Աստված արտահայտում է Իր բնույթը մարդկայնության մեջ, անքակտելիորեն կապված է Նրա սեփական էության հետ։ Ուստի շատ կարևոր է, որ Աստված գալիս է մարդկության մոտ՝ օգտագործելով մարմնացման ուղին։ Կարևոր է նաև այն գործը, որը Նա անում է մսեղիում, բայց մսեղիում ապրող յուրաքանչյուր մարդու համար, ապականության մեջ ապրող յուրաքանչյուր մարդու համար է՛լ ավելի կարևոր են այն բնույթը, որը Նա բացահայտում է, և այն մտադրությունները, որոնք Նա արտահայտում է։ Արդյոք սա մի բա՞ն է, որն ի վիճակի եք ըմբռնելու։ Աստծու բնույթը և այն, ինչ Նա ունի և է, հասկանալուց հետո, արդյոք որևէ եզրակացություն արե՞լ եք այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվեք Աստծուն։ Ի վերջո այս հարցի վերաբերյալ կցանկանայի ձեզ երեք խորհուրդ տալ։ Նախ՝ մի՛ փորձիր Աստծուն։ Անկախ նրանից՝ որքան ես հասկանում Աստծու մասին, անկախ նրանից, թե որքան գիտես Նրա բնույթի մասին, բացարձակապես մի՛ փորձիր Նրան։ Երկրորդ՝ մի՛ փորձիր մրցակցել Աստծու հետ կարգավիճակի համար։ Անկախ նրանից, թե ինչ տեսակի կարգավիճակ է Աստված տալիս քեզ, կամ ինչպիսի գործ է Նա հանձնարարում քեզ ստանձնել, անկախ նրանից, թե ինչպիսի պարտավորություն կատարելու համար է Նա բարձրացնում քեզ, և անկախ նրանից, թե որքան ես ծախսվել և զոհաբերել Աստծու համար, բացարձակապես մի՛ փորձիր մրցակցել Նրա հետ կարգավիճակի համար։ Երրորդ՝ մի՛ մրցիր Աստծու հետ։ Անկախ նրանից՝ հասկանում ես, թե կարող ես հնազանդվել այն բանին, ինչ Աստված անում է քեզ հետ, ինչ Նա կարգավորում է քեզ համար, և այն բաներին, որոնք Նա բերում է քեզ, բացարձակապես մի՛ մրցիր Աստծու հետ։ Եթե կարողանաս հետևել այս երեք խորհուրդներին, ապա համեմատաբար ապահով կլինես և հակված չես լինի զայրացնելու Աստծուն։ Այստեղ էլ կավարտենք այսօրվա հաղորդակցությունը։
23 նոյեմբերի, 2013 թ.
Ծանոթագրություններ.
ա. «Օղակը սեղմող կախարդանքը» մի կախարդանք է, որն օգտագործվում է Թան Սանզանգ վանականի կողմից չինական «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» վեպում։ Նա այս կախարդանքն օգտագործում է Սուն Վուկոնգին վերահսկելու համար՝ մետաղյա օղակը սեղմելով վերջինիս գլխին, ինչը նրան սուր գլխացավեր է պատճառում և այդպիսով՝ ենթարկեցնում նրան։ Այն դարձել է փոխաբերություն՝ նկարագրելու մի բան, որը կաշկանդում է մարդուն։