Հավելված 4։ Աստծու հայտնվելը Նրա դատաստանի և պատժի մեջ տեսնելը

Տեր Հիսուս Քրիստոսին հետևող հարյուր միլիոնավոր այլ մարդկանց պես մենք հետամուտ ենք ենք աստվածաշնչյան օրենքներին ու պատվիրաններին, վայելում Տեր Հիսուս Քրիստոսի առատ շնորհքը, հավաքվում և միասնաբար աղոթում, գովաբանում ու ծառայում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անվան մեջ և այս ամենն անում ենք Տիրոջ խնամքի և պաշտպանության ներքո։ Մենք հաճախ տկար ենք, բայց հաճախ նաև՝ զորեղ։ Մենք հավատում ենք, որ մեր բոլոր արարքները համապատասխանում են Տիրոջ ուսմունքներին։ Ուստի ինքնին հասկանալի է, որ մենք նաև հավատում ենք, որ երկնային Հոր կամքին հետևելու ճանապարհին ենք։ Մենք փափագում ենք Տեր Հիսուսի վերադարձը, Նրա փառքի գալուստը, երկրի վրա մեր կյանքի ավարտը, թագավորության հայտնվելը և այն ամենը, ինչ կանխագուշակվել է Հայտնության գրքում. «Տերը գալիս է, Նա արհավիրքններ է բերում, պարգևատրում է բարուն և պատժում` չարին և վերցնում` բոլոր նրանց, ովքեր հետևում են Իրեն ու ողջունում Իր վերադարձը, որպեսզի օդում հանդիպեն Իրեն։ Ամեն անգամ այս մասին մտածելիս մեզ համակում են հույզերը՝ուրախանալով, որ ծնվել ենք վերջին օրերում և բախտ ունենք ականատես լինելու Տիրոջ իջնելուն։ Թեև մենք հալածանքներ ենք կրել, սակայն դրա դիմաց ստացել ենք «արտակարգ գերազանց և հավիտենական փառք»։ Ինչպիսի՜ օրհնություն։ Այս ողջ փափագնն ու Տիրոջ շնորհած շնորհքը մեզ մշտապես արթուն են պահում աղոթքի և ավելի ջանասեր դարձնում՝ հավաքույթների հարցում։ Գուցե հաջորդ տարի, գուցե վաղը կամ էլ գուցե ավելի կարճ ժամանակահատվածում, քան մարդը կարող է պատկերացնել, Տերն անսպասելի կիջնի՝ հայտնվելով մի խումբ մարդկանց մեջ, ովքեր մեծ անհամբերությամբ սպասում են Նրան։ Մենք շտապում ենք միմյանցից առաջ անցնել, և ոչ ոք չի ցանկանում հետ մնալ, և այս ամենը հանուն այն բանի, որ լինենք առաջին խմբում՝ տեսնելու Տիրոջ գալուստը, լինելու նրանց թվում, ովքեր արդեն նպատակակետում են։ Մենք ծախսել ենք ամեն ինչ՝ առանց գինը հաշվելու, հանուն այս օրվա գալստյան. ոմանք թողել են իրենց աշխատանքը, ոմանք թողել են իրենց ընտանիքները, ոմանք հրաժարվել են ամուսնությունից, և ոմանք անգամ նվիրաբերել են իրենց ողջ խնայողությունները։ Նվիրվածության ինչպիսի՜ անձնուրաց արարքներ։ Նման անկեղծությունն ու նվիրումը, անշուշտ, գերազանցո՜ւմ են անգամ անցյալ դարերի սրբերին։ Քանի որ Տերը շնորհք է տալիս նրան, ում կամենում է, և ողորմություն է ցուցաբերում նրան, ում կամենում է, մենք հավատում ենք, որ նվիրվածության ու ծախսվելու մեր արարքները վաղուց արդեն Նրա աչքի առաջ են։ Այդպես էլ մեր սրտաբուխ աղոթքներն են հասել Նրա ականջին, և մենք վստահ ենք, որ Տերը մեզ կվարձատրի մեր նվիրումի համար։ Ավելին՝ Աստված բարեհաճ է եղել մեր հանդեպ նախքան աշխարհի արարումը, և Նրա տված օրհնություններն ու խոստումները ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Մենք բոլորս ապագայի ծրագրեր ենք կազմում և, բնականաբար, մեր նվիրումն ու ծախսվելը դարձրել ենք խաղանիշեր կամ կապիտալ, որպեսզի օդում հասցնենք հանդիպել Տիրոջը։ Ավելին՝ մենք առանց որևէ նշույլ վարանման, ինքներս մեզ բազմեցրել ենք ապագայի գահին՝ ղեկավարելու բյուրավոր ազգերի ու ժողովուրդների կամ իշխելու որպես արքաներ։ Այս ամենը մենք ընդունում ենք որպես ինքնին հասկանալի և սպասելի մի բան։

Մենք արհամարհում ենք բոլոր նրանց, ովքեր դեմ են Տեր Հիսուսին. նրանք բոլորը կբախվեն բնաջնջման հետևանքին։ Ո՞վ էր նրանց ասել, որ չհավատան, թե Տեր Հիսուսը Փրկիչն է։ Իհարկե, լինում են պահեր, երբ մենք ընդօրինակում ենք Տեր Հիսուսին՝ ողորմություն ցուցաբերելով աշխարհի մարդկանց հանդեպ, քանի որ նրանք չեն հասկանում, և ճիշտ է, որ մենք հանդուրժող և ներողամիտ լինենք նրանց հանդեպ։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, համապատասխանում է Աստվածաշնչի խոսքերին, քանզի այն ամենը, ինչ չի համապատասխանում Աստվածաշնչին, այլադավանություն է և հերձվածողություն։ Այսպիսի հավատամքը խորապես արմատավորված է մեզանից յուրաքանչյուրի մտքում։ Մեր Տերն Աստվածաշնչում է, և եթե մենք չհեռանանք Աստվածաշնչից, չենք հեռանա Տիրոջից. եթե պահպանենք այս սկզբունքը, կստանանք փրկություն։ Մենք խրախուսում ու աջակցում ենք միմյանց, և ամեն անգամ, երբ հավաքվում ենք, հույս ենք ունենում, որ մեր ասածներն ու արածները համապատասխանում են Տիրոջ մտադրություններին և ընդունելի են Տիրոջ կողմից։ Չնայած մեր միջավայրի դաժան թշնամանքին՝ մեր սրտերը լցված են ցնծությամբ։ Երբ մտածում ենք այն օրհնությունների մասին, որոնք այդքան հեշտ հասանելի են, կա՞ արդյոք որևէ բան, որ չենք կարող բաց թողնել։ Կա՞ արդյոք որևէ բան, որից դժկամությամբ կբաժանվենք։ Այս ամենն ինքնին հասկանալի է, և այս ամենը Աստծու տեսադաշտում է։ Մենք՝ այս մի բուռ կարիքավորներս, որ բարձրացվել ենք աղբանոցից, ճիշտ Տեր Հիսուսի բոլոր սովորական հետևորդների պես երազում ենք հասցնելու, օրհնվելու և բյուրավոր ազգերի վրա իշխելու մասին։ Մեր ապականությունը մերկացվել է Աստծու աչքի առջև, և Աստծու աչքի առջև դատապարտվել են մեր ցանկություններն ու ագահությունը։ Այնուամենայնիվ, այս ամենը տեղի է ունենում այնքան բնականոն և այնքան տրամաբանորեն, որ մեզանից ոչ ոք չի մտածում, թե արդյոք մեր տենչանքները ճիշտ են, է՛լ ավելի քիչ ենք կասկածում այն ամենի ճշգրտությանը, ինչին կառչած ենք։ Ո՞վ կարող է իմանալ Աստծու մտադրությունները։ Թե կոնկրետ ինչ ճանապարհով է քայլում մարդը, մենք չգիտենք՝ փնտրե՞լ, թե՞ ուսումնասիրել և առավել ևս հետաքրքրված չենք հարցուփորձ անելով։ Քանզի մեզ հուզում է միայն այն, թե արդյոք կարող ենք հասցնել, արդյոք կարող ենք օրհնվել, արդյոք մեզ համար տեղ կա՞ երկնքի արքայությունում, և արդյոք բաժին կունենա՞նք կյանքի գետի ջրից և կյանքի ծառի պտղից։ Մի՞թե սրանք ձեռք բերելու համար չէ, որ հավատում ենք Տիրոջը և դառնում՝ Նրա հետևորդները։ Մեր մեղքերը ներվել են, մենք ապաշխարել ենք, մենք խմել ենք դառը գինով լի գավաթը և մեր մեջքերին ենք վերցրել խաչը։ Ո՞վ կարող է ասել, որ Տերը չի ընդունի մեր վճարած գինը։ Ո՞վ կարող է ասել, որ մենք բավականաչափ յուղ չենք պատրաստել։ Մենք չենք ցանկանում լինել այն հիմար կույսերից կամ լքյալներից։ Ավելին՝ մենք անդադար աղոթում ենք՝ խնդրելով Տիրոջը պաշտպանել մեզ կեղծ քրիստոսների կողմից մոլորեցվելուց, քանզի Աստվածաշնչում ասվում է. «Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Ահա այստեղ է Քրիստոսը”, կամ՝ “Ահա այնտեղ է”, չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։» (ՄԱՏԹԵՈՍ. 24։23-24)։ Մենք բոլորս անգիր ենք արել Աստվածաշնչի այս համարները. մենք գիտենք դրանք անգիր և դիտարկում ենք դրանք որպես թանկարժեք գանձ, որպես կյանք և որպես երաշխավորագիր, որը վճռում է՝ արդյոք կարող ենք փրկվել կամհափշտակվել․․․

Հազարավոր տարիների ընթացքում ողջերը հեռացել են կյանքից՝ իրենց հետ տանելով իրենց տենչանքներն ու երազանքները, բայց թե արդյոք նրանք գնացել են երկնքի արքայություն, ոչ ոք իսկապես չգիտի։ Մեռյալները վերադառնում են՝ մոռացած երբևէ տեղի ունեցած բոլոր պատմությունները, և դեռևս հետևում են իրենց նախնիների ուսմունքներին ու ճանապարհներին։ Եվ այսպես՝ տարիներն ու օրերն անցնում են, և ոչ ոք չգիտի, թե արդյոք մեր Տեր Հիսուսը՝ մեր Աստվածը, իսկապես ընդունում է այն ամենն, ինչ անում ենք։ Իսկ մեր արածը միայն արդյունքին սպասելն ու ենթադրություններ անելն է այն ամենի մասին, ինչը պիտի կատարվի։ Սակայն Աստված մշտապես պահպանել է Իր լռությունը՝ երբեք չհայտնվելով մեր կյանքում և երբեք չխոսելով մեզ հետ։ Եվ այսպես, հետևելով Աստվածաշնչին և համաձայն նշանների, մենք կամայականորեն դատողություններ ենք անում Աստծու մտադրությունների և խառնվածքի մասին։ Մեզ ընտելացրել ենք Աստծու լռությանը, ընտելացրել ենք մեր իսկ մտածելակերպով մեր գործողությունների ճիշտն ու սխալը չափելուն։ Մեզ ընտելացրել ենք մեր գիտելիքի, պատկերացումների և Աստծու կողմից մեզ ներկայացված պահանջների փոխարեն բարոյական էթիկայի վրա հենվելուն։ Մեզ ընտելացրել ենք Աստծու շնորհքը վայելելուն։ Ընտելացրել ենք նրան, որ Աստված կօգնի մեզ, երբ էլ կարիքն ունենանք։ Մեզ ընտելացրել ենք ամեն ինչի համար Աստծուն ձեռքերը կարկառելուն և Նրան հրամայելուն, նաև ընտելացել ենք կանոններին համապատասխանելուն՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչպես է Սուրբ Հոգին առաջնորդում մեզ։ Դեռ ավելին՝ մեզ ընտելացրել ենք այն օրերին, որոնցում մենք ինքներս ենք մեր տերը։ Մենք հավատում ենք նման մի Աստծու, որին երբեք դեմ առ դեմ չենք հանդիպել։ Հարցերը, ինչպես օրինակ՝ ինչպիսին է Նրա խառնվածքը, ինչ ունի և ինչ է Նա, ինչ տեսք ունի, արդյոք կճանաչե՞նք Նրան, երբ Նա գա և այլն, ամենևին կարևոր չեն։ Կարևոր է այն, որ Նա մեր սրտերում է, և մենք բոլորս սպասում ենք Նրան, և բավական է այն, որ մենք կարողանում ենք պատկերացնել՝ Նա այսպիսին կամ այնպիսին է։ Մենք գնահատում ենք մեր հավատն ու փայփայում մեր հոգևորությունը։ Ամեն ինչին նայում ենք որպես աղբ և ոտնակոխ ենք անում ամեն բան։ Քանի որ փառավոր Տիրոջ հավատացյալներն ենք, որքան էլ երկար ու դժվարին լինի ճանապարհը, ինչպիսի դժվարություններ և վտանգներ էլ պատահեն մեր ճանապարհին, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ, քանի դեռ հետևում ենք Տիրոջը։ « բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով, իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։ Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու և նրա Գառան գահը նրա մեջ է լինելու, իսկ նրա ծառաները պաշտելու են նրան. նրանք դեմքով պիտի ճանաչեն նրան, և նրա անունը գրված պիտի լինի նրանց ճակատներին։ Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. 22:1-5)։ Ամեն անգամ, երբ երգում ենք այս տողերը, մեր սրտերը լցվում են անսահման ցնծությամբ ու գոհունակությամբ, և մեր աչքերից արցունքներ են հոսում։ Շնորհապարտ ենք Տիրոջը մեզ ընտրելու համար, շնորհապարտ ենք Տիրոջը Նրա շնորհքի համար։ Նա մեզ հարյուրապատիկն է տվել այս կյանքում և շնորհել է հավիտենական կյանք գալիք աշխարհում։ Եթե Նա հիմա խնդրեր մեզ մեռնել, կանեինք առանց դույզն-ինչ տրտնջանքի։ Օ՜, Տե՛ր։ Խնդրում ենք, շո՛ւտ եկ։ Հաշվի առ, թե որքան հուսահատորեն ենք փափագում Քեզ, և որ ամեն ինչ թողել ենք հանուն Քեզ․ մի՛ ուշացիր ո՛չ մի րոպե և ո՛չ մի ավել վայրկյան։

Աստված լուռ է և երբեք չի հայտնվել մեզ, սակայն Նրա գործը երբեք չի դադարել։ Նա զննում է ողջ երկիրը և իշխում է ամենի վրա և տեսնում է մարդու ամեն խոսքը, արարքն ու նիստուկացը։ Նա Իր տնօրինումն իրականացնում է ծրագրով և քայլ առ քայլ, լուռ և առանց երկինքն ու երկիրը ցնցելու, սակայն Նրա ոտնահետքերը քիչ-քիչ առաջ են շարժվում՝ է՛լ ավելի մոտենալով մարդկությանը, և Նրա դատաստանի աթոռը կայծակի արագությամբ է տեղակայվում տիեզերքում, որից հետո Նրա գահն անմիջապես իջնում է մեր մեջ։ Ինչպիսի՜ մեծափառ տեսարան է, ինչպիսի՜ վեհ և հանդիսավոր պատկեր։ Աղավնու և մռնչացող առյուծի նման՝ Հոգին գալիս է մեր բազմության մեջ։ Նա իմաստություն է, արդարություն և մեծափառություն է և լուռ իջնում է մեր մեջ՝ կիրառելով Իր իշխանությունը և լցված սիրով ու ողորմածությամբ։ Ոչ ոք տեղյակ չէ Նրա գալստյան մասին, ոչ ոք չի դիմավորում Նրա գալուստը, և, առավել ևս, ոչ ոք չգիտի, թե, ինչ է Նա պատրաստվում անել։ Մարդու կյանքը շարունակվում է նախկինի պես, նրա սիրտը չի փոխվել, և օրերն էլ անցնում ենսովորականի պես։ Աստված ապրում է մեր մեջ սովորական մարդու պես՝ որպես ամենաաննշան հետևորդներից մեկը և սովորական հավատացյալ։ Նա ունի Իր սեփական ձգտումները, Իր սեփական նպատակները և, առավել ևս, ունի աստվածայնություն, որից զուրկ են սովորական մարդիկ։ Ոչ ոք չի նկատել Նրա աստվածայնության գոյությունը, և ոչ ոք չի ընկալել Նրա էության և մարդու էության միջև եղած տարբերությունը։ Մենք ապրում ենք Նրա հետ միասին՝ անկաշկանդ և անվախ, քանզի մեր աչքերում Նա ընդամենն աննշան հավատացյալ է։ Նա հետևում է մեր ամեն մի շարժմանը, և մեր ամեն միտք ու գաղափար բացահայտ են Նրա առաջ։ Ոչ ոք չի հետաքրքրվում Նրա գոյությամբ, ոչ ոք չունի պատկերացնում Նրա կատարած գործառույթի մասին և, առավել ևս, ոչ ոք նույնիսկ փոքրագույն կասկած չունի Նրա ինքնության վերաբերյալ։ Մենք լոկ շարունակում ենք մեր ձգտումները, ասես, Նա մեզ հետ ոչ մի կապ չունի...

Շատ պատահական Սուրբ Հոգին մի պարբերություն է արտահայտում Նրա «միջոցով», և թեև դա շատ անսպասելի է թվում, այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ այն Աստծուց եկող արտահայտում է, և հոժարությամբ ընդունում ենք այն Աստծուց։ Պատճառն այն է, որ անկախ նրանից, թե ով է այդ խոսքերի հեղինակը, քանի դեռ դրանք գալիս են Սուրբ Հոգուց, մենք պետք է ընդունենք և չմերժենք դրանք։ Հաջորդ արտահայտումը կարող է գալ իմ միջոցով կամ քո միջոցով կամ էլ՝ մեկ ուրիշի։ Ով էլ որ լինի, այդ ամենն Աստծու շնորհքն է։ Սակայն անկախ նրանից, թե ով է նա, մենք չպետք է երկրպագենք այդ մարդուն, քանզի ինչ էլ որ լինի, այդ մարդը չի կարող Աստված լինել, ոչ էլ որևէ պարագայում կընտրեինք նման սովորական մարդու՝ որպես մեր Աստված։ Մեր Աստվածն այնքան մեծ է ու պատվավոր. ինչպե՞ս կարող էր նման աննշան մարդը կանգնել Նրա տեղում։ Ավելին՝ մենք սպասում ենք, որ Աստված գա և մեզ տանի երկնքի թագավորություն, ուրեմն ինչպե՞ս կարող էր նման աննշան մեկն ի զորու լինել կատարելու այդքան կարևոր և դժվարին առաջադրանքը։ Եթե Տերը կրկին գա, ապա կգա սպիտակ ամպի վրա, որպեսզի բյուրավոր մարդիկ կարողանան տեսնել։ Որքա՜ն փառավոր կլինի դա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ Նա ծպտվի մի խումբ սովորական մարդկանց մեջ։

Սակայն հենց այս սովորական մարդն է՝ թաքնված մարդկանց մեջ, որն անում է մեզ փրկելու նոր գործը։ Նա մեզ ոչ մի բացատրություն չի տալիս, ոչ էլ ասում է, թե ինչու է եկել, այլ պարզապես անում է այն գործը, որը մտադրվել է անել՝ համաձայն Իր ծրագրի ու ընթացակարգի։ Նրա խոսքերն ու արտահայտումներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Սփոփելուց, հորդորելուց, հիշեցնելուց և զգուշացնելուց մինչև նախատել ու կարգավարժել. նուրբ ու մեղմ տոնից մինչև այնպիսի խոսքեր, որոնք հատու են և մեծափառ այս ամենը մարդուն համակում է մեծ ողորմությամբ և ծայրահեղ սարսափով։ Այն ամենը, ինչ Նա ասում է, դիպուկ հարվածում է մեր ներսում խոր թաղված գաղտնիքներին. Նրա խոսքերը խոցում են մեր սրտերը, խոցում են մեր հոգիները և մեզ թողնում անտանելի ամոթով լցված՝ հազիվ իմանալով, թե որտեղ թաքցնենք ինքներս մեզ։ Մեզ սկսում են պատել կասկածները, թե արդյոք այս մարդու սրտում եղած Աստվածն իսկապես սիրում է մեզ, և թե կոնկրետ ինչ է մտադիր անել Նա։ Գուցե մենք կարող ենք նպատակակետին հասնելմիայն այս տառապանքները կրելուց հետո։ Մեր մտքերում մենք հաշվարկներ ենք անում… գալիք հանգրվանի և մեր հետագա ճակատագրի վերաբերյալ։ Սակայն, ինչպես նախկինում, մեզանից ոչ ոք չի հավատում, որ Աստված արդեն մարմնացել է՝ մեր մեջ գործելու համար։ Թեև Նա մեզ ուղեկցել է այսքան երկար ժամանակ, թեև Նա արդեն այնքան շատ խոսքեր է ասել մեզ դեմ առ դեմ, բայց մենք շարունակում ենք դժկամորեն ընդունել նման սովորական մարդուն որպես մեր ապագա Աստված և առավել ևս դժկամությամբ ենք պատրաստ վստահելու մեր ապագայի ու ճակատագրի վերահսկողությունն այս աննշան մարդուն։ Նրանից մենք վայելում ենք կենդանի ջրի անվերջանալի մատակարարումը և Նրա միջոցով ապրում ենք մարդու և Աստծու դեմ առ դեմ լինելու կյանքով։ Բայց մենք միայն շնորհապարտ ենք երկնքում գտնվող Տեր Հիսուսի շնորհքի համար և երբեք ուշադրություն չենք դարձրել աստվածայնություն ունեցող այս սովորական մարդու զգացմունքներին։ Սակայն, ինչպես նախկինում, Նա Իր գործն անում է խոնարհաբար՝ թաքնված մսեղիում, արտահայտելով Իր սրտի ձայնը՝ ասես անզգա լինելով մարդկության կողմից Իր մերժման հանդեպ, ասես հավերժ ներողամիտ լինելով մարդու անհասության և տգիտության նկատմամբ և հավերժ հանդուրժելով մարդու անհարգալից վերաբերմունքն Իր հանդեպ։

Մեզանից աննկատ այս աննշան անձնավորությունը մեզ առաջնորդել է Աստծու գործի մի քայլից մյուսը։ Մենք անցնում ենք անթիվ փորձությունների ու անթիվ մաքրագործումների միջով և ստուգվում ենք մահով։ Մենք իմանում ենք Աստծու արդար և մեծափառ խառնվածքի մասին, վայելում ենք նաև Նրա սիրառատ բարությունն ու ողորմությունը, սկսում ենք գնահատել Աստծու մեծ զորությունն ու իմաստությունը, ականատես ենք լինում Աստծու հաճելիությանը և տեսնում մարդուն փրկելու՝ Աստծու եռանդուն մտադրությունը։ Այս սովորական մարդու խոսքերի միջոցով մենք սկսում ենք ճանաչել Աստծու խառնվածքն ու էությունը, հասկանում ենք Աստծու մտադրությունները, ճանաչում ենք մարդու բնությունը և տեսնում փրկության ու կատարելության ճանապարհը։ Նրա խոսքերը ստիպում են մեզ «մեռնել», և դրանք ստիպում են մեզ «վերածնվել»։ Նրա խոսքերը մեզ սփոփանք են բերում, սակայն նաև թողնում են մեզ մեղքի ու պարտքի զգացումից ճնշված։ Նրա խոսքերը մեզ բերում են ուրախություն ու խաղաղություն, բայց նաև՝ անսահման ցավ։ Երբեմն մենք նման ենք գառնուկների Նրա ձեռքերում՝ պատրաստ մորթվելու այնպես, ինչպես Նա է կամենում։ Երբեմն մենք Նրա աչքի լույսն ենք և վայելում ենք Նրա քնքուշ սերը։ Երբեմն մենք նման ենք Նրա թշնամուն և Նրա հայացքի ներքո մոխրանում ենք Նրա բարկությունից։ Մենք մարդկային ցեղն ենք, որին փրկել է Նա, մենք ճիճուներ ենք Նրա աչքերում, և մենք այն կորած ոչխարներն ենք, որոնց Նա գիշեր ու զօր մտադիր է փնտրել։ Նա ողորմած է մեր հանդեպ, Նա զզվում է մեզանից, Նա բարձրացնում է մեզ, Նա սփոփում և հորդորում է մեզ, Նա առաջնորդում է մեզ, Նա լուսավորում է մեզ, Նա մաքրագործում և կարգավարժում է մեզ և նույնիսկ նզովում է մեզ։ Գիշեր ու զօր Նա չի դադարում անհանգստանալուց մեզ համար և պաշտպանելուց ու հոգ տանելուց մեր մասին՝ երբեք չհեռանալով մեր կողքից։ Նա թափում է Իր սրտի ողջ արյունը և վճարում ամբողջ գինը մեզ համար։ Այս աննշան և սովորական մարմնի արտահայտումների մեջ մենք վայելել ենք Աստծու ամբողջությունը և տեսել ենք այն վերջնական հանգրվանը, որն Աստված շնորհել է մեզ։ Չնայած սրան, սնափառությունը դեռևս անհանգստություն է հրահրում մեր սրտերում, և մենք դեռևս պատրաստ չենք ակտիվորեն ընդունելու նման մարդուն որպես մեր Աստված։ Թեև Նա մեզ այնքան շատ մանանա է պարգևել, այնքան շատ բան՝ վայելելու համար, սակայն այս ամենից ոչ մեկը չի կարող զբաղեցնել Տիրոջ տեղը մեր սրտերում։ Մենք պատվում ենք այս մարդու հատուկ ինքնությունն ու կարգավիճակը միայն մեծ դժկամությամբ։ Քանի դեռ Նա չի բացում Իր բերանը՝ խնդրելով մեզ խոստովանել, որ Նա Աստված է, մենք երբեք սեփական նախաձեռնությամբ չենք ճանաչի Աստծուն, ով շուտով պետք է գա, սակայն վաղուց ի վեր գործում է մեր մեջ։

Աստված շարունակում է Իր արտահայտումները՝ կիրառելով տարբեր մեթոդներ և բազում դիտանկյուններ, հորդորելով մեզ այն մասին, թե ինչ է պետք անել՝ միևնույն ժամանակ արտահայտելով Իր սրտի ձայնը։ Նրա խոսքերը կրում են կյանքի զորությունը, դրանք տալիս են մեզ այն ճանապարհը, որին պետք է հետևենք, և օգնում են մեզ հասկանալ, թե կոնկրետ ինչ է ճշմարտությունը։ Մեզ սկսում են գրավել Նրա խոսքերը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել Նրա խոսելու հնչերանգին ու եղանակին և ենթագիտակցաբար սկսում ենք նկատել այս աննշան մարդու սրտի ձայնը։ Նա Իր ողջ հոգին է դնում Իր գործում մեզ համար, կորցնում է քունն ու ախորժակը մեզ համար, լալիս է մեզ համար, հառաչում է մեզ համար և տնքում է հիվանդության մեջ մեզ համար։ Նա կրում է նվաստացումը հանուն մեր նշանակության վայրի և փրկության, իսկ մեր անզգայությունից ու ապստամբությունից արյուն-արցունք է կաթում Նրա սրտից։ Ոչ մի սովորական մարդ չունի այս էությունը և այս ունեցվածքը, և ոչ մի ապականված մարդկային էակ չի կարող ունենալ կամ հասնել դրանց։ Նա ունի հանդուրժողականություն և համբերություն, որոնք չունի և ոչ մի սովորական մարդ, և Նրա սերը ոչ մի արարած չի կարող ունենալ։ Նրանից բացի ոչ ոք չի կարող իմանալ մեր բոլոր մտքերը կամ իմանալ մեր բնությունն ու էությունն իր հինգ մատի պես կամ դատել մարդկության ապստամբ ու ապականված լինելը կամ խոսել մեզ հետ և գործել մեզ վրա այսպես՝ հանուն երկնքի Աստծու։ Նրանից բացի ոչ ոք չունի Աստծու իշխանությունը, իմաստությունն ու արժանապատվությունը. Աստծու խառնվածքը և Աստծու ունեցվածքն ու էությունն ամբողջությամբ դրսևորվում են Նրա մեջ։ Նրանից բացի ոչ ոք չի կարող մեզ ցույց տալ ճանապարհը և լույս բերել մեզ։ Նրանից բացի ոչ ոք չի կարող բացահայտել այն խորհուրդները, որոնք Աստված հայտնի չի դարձրել արարչագործությունից ցայսօր։ Նրանից բացի ոչ ոք չի կարող մեզ փրկել Սատանայի կապանքներից և մեր սեփական ապականված խառնվածքներից։ Նա ներկայացնում է Աստծուն, Նա արտահայտում է Աստծու սրտի ձայնը, Աստծու հորդորները և համայն մարդկության հանդեպ Աստծու դատաստանի խոսքերը։ Նա բացել է մի նոր դարաշրջան, մի նոր ժամանակաշրջան և սկիզբ է դրել նոր երկնքի ու նոր երկրի և նոր գործի, Նա մեզ հույս է բերել և վերջ դրել մշուշում ապրած մեր կյանքին և թույլ է տվել մեր ողջ էությանը լիովին տեսնելու փրկության ուղին։ Նա նվաճել է մեր ողջ էությունը և ձեռք բերել մեր սրտերը։ Այդ պահից սկսած՝ մեր սրտերը գիտակցություն են ձեռք բերել, և մեր հոգիները կարծես թե վերածնվել են. այս սովորական, աննշան մարդը, այս մարդը, որն ապրում է մեր մեջ և այնքան երկար ժամանակ մերժվել է մեր կողմից. մի՞թե սա Տեր Հիսուսը չէ, ով միշտ մեր մտքերում է՝ քնած թե արթուն, և ում մենք տենչում ենք գիշեր ու զոր։ Դա Նա է։ Անշուշտ, դա Նա է։ Նա է մեր Աստվածը։ Նա է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Նա թույլ է տվել մեզ կրկին ապրել և տեսնել լույսը և Նա կանգնեցրել է մեր սրտերի դեգերումը։ Մենք վերադարձել ենք Աստծու տուն, մենք վերադարձել ենք Նրա գահի առաջ, մենք դեմ առ դեմ ենք Նրան, մենք ականատես ենք եղել Նրա դեմքին և տեսել ենք մեր առջև ընկած ճանապարհը։ Այս պահին մեր սրտերը լիովին նվաճված են Նրա կողմից. մենք այլևս չենք կասկածում, թե ով է Նա, այլևս չենք հակառակվում Նրա գործին ու Նրա խոսքին, և մենք երեսնիվայր ընկնում ենք Նրա առաջ։ Մենք ուրիշ ոչինչ չենք ցանկանում, քան մեր մնացյալ կյանքում հետևել Աստծու ոտնահետքերին և կատարելացվել Նրա կողմից և հատուցել Նրա շնորհքը և հատուցել Նրա սերը մեր հանդեպ և ենթարկվել Նրա կարգավորումներին ու տնօրինություններին և համագործակցել Նրա գործի հետ և անել մեր ձեռքից եկած ամեն բան՝ ավարտին հասցնելու այն, ինչ Նա մեզ է հանձնարարել։

Աստծու կողմից նվաճվելը նման է մարտարվեստի մրցաշարի։

Աստծու խոսքերից յուրաքանչյուրը հարվածում է մեր կարեվեր տեղերին՝ թողնելով մեզ ցավի ու վախի մեջ։ Նա մերկացնում է մեր պատկերացումները, մեր երևակայությունները և մեր ապականված խառնվածքները։ Մեր յուրաքանչյուր խոսքից ու արարքից, մեր յուրաքանչյուր շարժումից մինչև մեր յուրաքանչյուր միտքն ու գաղափարը մեր բնական էությունը բացահայտվում է Նրա խոսքերում՝ մեզ դնելով ահ ու դողի վիճակի մեջ և մեր ամոթը թաքցնելու տեղ չթողնելով։ Նա մեկ առ մեկ մեզ պատմում է մեր բոլոր արարքների, մեր նպատակների ու մտադրությունների մասին, անգամ այն ապականված խառնվածքների, որոնք ինքներս երբեք չենք հայտնաբերել՝ ստիպելով մեզ մեր ողջ խղճուկ անկատարության մեջ մերկացված և առավել ևս լիովին համոզված զգալ։ Նա դատում է մեզ Իրեն հակառակելու համար, պատժում է մեզ Իրեն հայհոյելու և դատապարտելու համար և մեզ ստիպում է զգալ, որ Իր աչքերում մենք ոչ մի դրական հատկանիշ չունենք, որ մենք կենդանի սատանաներ ենք։ Մեր հույսերը փշրվում են. մենք այլևս չենք համարձակվում որևէ անհարկի պահանջ ներկայացնել Նրան կամ որևէ ծրագիր կազմել Նրա վերաբերյալ, և անգամ մեր երազանքներն են անհետանում մի գիշերում։ Այս փաստը մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել և չի կարող ընդունել։ Մի ակնթարթում մենք կորցնում ենք մեր ներքին հավասարակշռությունը՝ չիմանալով՝ ինչպես շարունակել մեր առջև ընկած ճանապարհը կամ հարատևել մեր հավատքի մեջ։ Թվում է՝ մեր հավատքը վերադարձել է սկզբնակետին, և կարծես՝ մենք երբեք չենք հանդիպել Տեր Հիսուսին կամ չենք ճանաչել Նրան։ Մեր աչքի առաջ եղած ամեն բան մեզ տարակուսանքի մեջ է գցում և ստիպում անվճռականորեն տատանվել։ Մենք վհատված ենք, հիասթափված, իսկ մեր սրտի խորքում անզսպելի բարկություն ու խայտառակություն կա։ Մենք փորձում ենք պարպվել, ելք գտնել և առավել ևս շարունակել սպասել մեր Փրկիչ Հիսուսին, որպեսզի կարողանանք Նրա առջև դատարկել մեր սրտերը։ Թեև լինում են ժամանակներ, երբ արտաքուստ հավասարակշռված ենք թվում՝ ո՛չ գոռոզ, ո՛չ էլ խոնարհ, բայց մեր սրտերում տանջվում ենք կորստի մի զգացումից, որը երբևէ չենք զգացել։ Թեև երբեմն արտաքուստ կարող ենք արտասովոր հանգիստ թվալ, բայց մեր մտքերը տանջանքից ալեկոծվում են փոթորկոտ ծովի պես։ Նրա դատաստանն ու պատիժը մեզ զրկել են մեր բոլոր հույսերից ու երազանքներից՝ վերջ դնելով մեր անիրատեսական ցանկություններին և թողնելով մեզ դժկամորեն հավատալու, որ Նա մեր Փրկիչն է ու ի զորու է փրկելու մեզ։ Նրա դատաստանն ու պատիժը մեր և Նրա միջև այնքան խոր անդունդ են բացել, որն անցնել ոչ ոք չի ցանկանում։ Նրա դատաստանն ու պատիժը մեզ ստիպում են մեր կյանքում առաջին անգամ այսպիսի մեծ անհաջողություն և նվաստացում զգալ։ Նրա դատաստանն ու պատիժը ստիպել են մեզ իսկապես զգալ Աստծու պատիվն ու մարդկային մեղքի հանդեպ Նրա անհանդուրժողականությունը, որի համեմատ մենք ծայրահեղ ստոր ու ծայրահեղ պիղծ ենք։ Նրա դատաստանն ու պատիժը մեզ առաջին անգամ գիտակցել են տալիս մեր ամբարտավանությունն ու մեծամտությունը և այն, թե ինչպես մարդը երբեք չի լինի Աստծուն հավասար կամ չի համեմատվի Նրա հետ։ Նրա դատաստանն ու պատիժը մեր մեջ մեծ ցանկություն են առաջացրել այլևս չապրելու նման ապականված խառնվածքներով, որքան հնարավոր է շուտ ազատվելու այս բնական էությունից և դադարելու Նրա համար ատելի ու գարշելի լինելուց։ Նրա դատաստանն ու պատիժը մեզ պատրաստակամ են դարձրել ենթարկվելու և հնազանդվելու Նրա խոսքերին՝ այլևս չապստամբելով Նրա կազմակերպումների և կարգավորումների դեմ։ Նրա դատաստանն ու պատիժը մեզ կրկին գոյատևելու ցանկություն են տվել և ուրախացրել են մեզ՝ ընդունելու Նրան՝ որպես մեր Փրկչի․․․ Մենք դուրս ենք եկել նվաճման գործից, հեռացել ենք դժոխքից և մահվան ստվերի ձորից․․․ Ամենակարող Աստված ձեռք է բերել մեզ՝ մարդկանց այս խումբը։ Նա հաղթել է Սատանային և պարտության է մատնել Իր թշնամիների բազմություններին։

Մենք մարդկանց հենց այսպիսի մի սովորական խումբ ենք, որն ունի ապականված սատանայական խառնվածքներ, որին Աստված նախասահմանել էր դարեր առաջ, և այն կարիքավորներն ենք, որոնց Աստված բարձրացրել է աղբակույտից։ Մի ժամանակ մենք մերժում ու դատապարտում էինք Աստծուն, բայց այժմ նվաճվել ենք Նրա կողմից։ Աստծուց մենք կյանք ենք ձեռք բերել ու հավիտենական կյանքի ճանապարհը։ Երկրի վրա որտեղ էլ լինենք, ինչ հալածանքներ ու նեղություններ էլ որ կրենք, մենք չենք կարող բաժանվել Ամենակարող Աստծու փրկությունից։ Քանզի Նա է մեր Արարիչը և մեր միակ փրկագնումը։

Աստծու սերը հոսում է աղբյուրի ջրի պես և տրվում է քեզ, ինձ, ուրիշներին և բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը և սպասում Աստծու հայտնվելուն։

Ճիշտ ինչպես արևն ու լուսինն են հերթով ծագում, Աստծու գործը երբեք չի դադարում և կատարվում է քեզ հետ, ինձ հետ, ուրիշների հետ և բոլոր նրանց հետ, ովքեր համընթաց են քայլում Աստծու ոտնահետքերին և ընդունում են Նրա դատաստանն ու պատիժը։

2010թ. մարտի 23

Նախորդը.  Հավելված 3։ Մարդը կարող է փրկվել միայն Աստծու տնօրինման մեջ

Հաջորդը.  Վերջաբան

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger