Հավելված 3։ Մարդը կարող է փրկվել միայն Աստծու տնօրինությամբ
Յուրաքանչյուր մարդու աչքում Աստծու տնօրինությունը շատ անծանոթ երևույթ է․ պատճառն այն է, որ մարդիկ Նրա տնօրինությունն ամբողջովին կտրված են համարում իրենցից։ Մարդկանց թվում է, թե Աստծու տնօրինությունը միայն Նրա գործն է, և այն միայն Նրան է վերաբերում․ ուստիև՝ մարդկությունն անտարբեր է Աստծու տնօրինության հանդեպ։ Այսպիսով՝ մարդկության փրկությունը դարձել է աղոտ և անորոշ ու այժմ զուտ սին հռետորաբանություն է։ Թեև մարդը հետևում է Աստծուն փրկություն ստանալու և հրաշալի հանգրվանի հասնելու համար, նրան չի հետաքրքրում, թե ինչպես է Աստված Իր գործը վարում։ Մարդուն չի հուզում ո՛չ այն, թե որն է Աստծու ծրագիրը, ո՛չ այն դերը, որ ինքը պետք է կատարի` փրկվելու համար։ Սա իսկապես ողբերգական է։ Մարդու փրկությունը չի կարելի զատել Աստծու տնօրինությունից, ոչ էլ տարանջատել Նրա ծրագրից։ Սակայն մարդն Աստծու տնօրինության մասին ոչինչ չի մտածում և այսկերպ ավելի ու ավելի է հեռանում Նրանից։ Սրա պատճառով աճել է այն մարդկանց թիվը, որոնք լիովին անտեղյակ են փրկության խնդրին սերտորեն առնչվող հարցերին, օրինակ՝ ինչ է արարչությունը, ինչ է հավատն առ Աստված, ինչպես երկրպագել Աստծուն և այլն, ինչն անհրաժեշտ է Նրա հետևորդների շարքին միանալու համար։ Ուստի՝ այժմ մենք կդիտարկենք Աստծու տնօրինությունը, որպեսզի Նրա հետևորդներից յուրաքանչյուրը պարզորոշ կերպով հասկանա, թե ինչ է նշանակում հետևել և հավատալ Նրան։ Սա կօգնի յուրաքանչյուրին առավել ճշգրտորեն ընտրել այն ճանապարհը, որով պետք է քայլի, այլ ոչ թե հետևել Աստծուն՝ լոկ օրհնյալ լինելու, փորձանքներից խուսափելու կամ այլոց մեջ աչքի ընկնելու համար։
Թեև Աստծու տնօրինությունը բացարձակ է, այն վեր չէ մարդու հասկացությունից։ Պատճառն այն է, որ Աստծու ամբողջ աշխատանքը կապված է Նրա տնօրինության և մարդկությունը փրկելու Նրա գործի հետ ու վերաբերում է մարդկության կյանքին, ապրելակերպին և հանգրվանին։ Աշխատանքը, որ Աստված տանում է մարդկանց մեջ և նրանց համար, կարելի է ասել՝ խիստ պրակտիկ է և իմաստալից։ Մարդը կարող է տեսնել ու ճաշակել այն, և դա ամենևին վերացական մի բան չէ։ Եթե մարդն անկարող է ընդունելու ողջ աշխատանքը, որ Աստված է անում, ուրեմն՝ ո՞րն է Նրա գործի իմաստը։ Եվ ինչպե՞ս կարող է նման տնօրինությունը տանել մարդկության փրկությանը։ Աստծուն հետևողներից շատերին հուզում է միայն այն, թե ինչպես օրհնություն ստանան և կանխեն աղետը։ Աստծու գործն ու տնօրինությունը հիշատակելուն պես նրանք լռում են և կորցնում ողջ հետաքրքրությունը։ Նրանք կարծում են, որ նման ձանձրացուցիչ հարցերը հասկանալը չի օգնի իրենց կյանքի բարելավմանը, ոչ էլ որևէ օգուտ կբերի։ Հետևաբար՝ թեև նրանք իմանում են Աստծու տնօրինության մասին, անլրջորեն են վերաբերվում դրան։ Նրանք չեն համարում դա թանկ մի բան, որ պետք է ընդունել, է՛լ ավելի քիչ են հասկանում դա, երբ իբրև իրենց կյանքի մաս են ընդունում։ Նման մարդկանց՝ Աստծուն հետևելու նպատակը շատ պարզ է, և դա միտված է մեկ նպատակի՝ օրհնյալ լինելու։ Այս մարդիկ նեղություն չեն քաշի ուշադրություն դարձնելու այս նպատակի հետ կապ չունեցող ցանկացած այլ բանին։ Նրանց համար չկա ավելի օրինավոր նպատակ, քան հավատալ Աստծուն՝ օրհնություն ստանալու համար․ դա է նրանց հավատի բուն արժեքը։ Եթե ինչ-որ բան չի նպաստում այդ նպատակին հասնելուն, նրանք միանգամայն անտարբեր են մնում դրա նկատմամբ։ Դա այսօր վերաբերում է Աստծուն հավատացող մարդկանց մեծ մասին։ Նրանց նպատակն ու մտադրությունն օրինավոր են թվում․ չէ՞ որ քանզի նրանք հավատում են Աստծուն, նաև ջանք են գործադրում Աստծու համար, նվիրվում են Աստծուն և կատարում իրենց պարտքը։ Նրանք հրաժարվում են իրենց երիտասարդությունից, թողնում ընտանիքն ու կարիերան և անգամ տարիներ անցկացնում տնից հեռու զբաղմունքներում։ Հանուն իրենց վերջնական նպատակի՝ նրանք փոխում են իրենց իսկ հետաքրքրությունները, կյանքի դիրքորոշումը և անգամ ուղղությունը, որին հետևում են, բայցևայնպես չեն կարողանում փոխել առ Աստված իրենց հավատի նպատակը։ Նրանք այսուայնկողմ են վազում՝ իրենց իսկ ձգտումների կենսագործման համար․ անկախ նրանից, թե որքան հեռու է ուղին, և որքան դժվարությունների ու խոչընդոտների կհանդիպեն ճանապարհին՝ նրանք մնում են համառ ու չեն վախենում մահից։ Ի՞նչ ուժ է ստիպում նրանց շարունակել այսկերպ նվիրվելը։ Նրանց խի՞ղճն է դա։ Նրանց բարձր ու վսեմ ազնվությո՞ւնը։ Չարի ուժերի դեմ մինչև վերջ կռիվ տալու վճռականությո՞ւնը։ Վկայությո՞ւնը, որ հավատում են Աստծուն առանց պարգև որոնելու։ Նրանց անձնվիրությո՞ւնն է՝ պատրաստ հրաժարվելու ամեն ինչից՝ հանուն Աստծու կամքը կատարելու։ Թե՞ դա նրանց նվիրյալ հոգին է, որ միշտ մերժում է անմիտ անձնական պահանջները։ Մեկի համար, ով երբեք չի հասկացել՝ ինչպես է գործում Աստծու տնօրինությունը, շարունակ այսքան կենսական եռանդ ծախսելը, պարզ ասած, հրաշք է։ Առայժմ եկեք չքննարկենք, թե որքան բան են այս մարդիկ տվել։ Նրանց վարքագիծը, սակայն, լիովին արժանի է մեր վերլուծությանը։ Բացի այն օգուտներից, որոնք այդքան սերտորեն կապված են նրանց հետ, կարո՞ղ են լինել այլ պատճառներ, թե ինչու մարդիկ, որոնք երբեք չեն հասկանում Աստծուն, այդքան շատ բան են տալիս Նրա համար։ Այստեղ մենք բացահայտում ենք նախկինում անհայտ մի խնդիր․ մարդու հարաբերությունն Աստծու հետ պարզապես անթաքույց շահադիտական է։ Սա հարաբերություն է օրհնություններ ստացողի և տվողի միջև։ Պարզ ասած՝ սա աշխատակցի և գործատուի հարաբերություն է։ Աշխատակիցը ջանասիրաբար աշխատում է միայն գործատուի տրամադրած վարձատրության համար։ Շահի վրա հիմնված նման հարաբերության մեջ չկա որևէ հարազատական կապվածություն․ ընդամենը գործարք է։ Չկա ո՛չ սիրել, ո՛չ լինել սիրված․ միայն ողորմություն և գթություն։ Չկա ըմբռնում․ միայն անօգուտ կերպով ճնշված վրդովմունք և խաբեություն։ Չկա մտերմություն․ միայն անանց անդունդ։ Հիմա, երբ բանը հասել է այս կետին, ո՞վ կարող է փոխել նման ընթացքը։ Եվ քանի՞ մարդ է ունակ իսկապես հասկանալու, թե որքան սոսկալի է այս հարաբերությունը դարձել։ Ես հավատում եմ, որ երբ մարդիկ սուզվեն օրհնյալ լինելու վայելքի մեջ, որևէ մեկը չի պատկերացնի, թե որքան ամոթալի և անհաճո է նման հարաբերությունն Աստծու հետ։
Առ Աստված մարդկության հավատի ամենատխուր կողմն այն է, որ մարդն Աստծու գործի միջոցին զբաղվում է սեփական ձեռնարկմամբ, բայցևայնպես ուշադրություն չի դարձնում Աստծու տնօրինությանը։ Մարդու գլխավոր ձախողումն այն է, որ Աստծուն ենթարկվելուն և նրան երկրպագելուն հետամուտ լինելուն զուգահեռ նա կառուցում է սեփական հավակնոտ հանգրվանի երազանքը և ծրագրում, թե ինչպես ստանա առավելագույն օրհնություններն ու հասնի լավագույն հանգրվանին։ Անգամ եթե մարդիկ հասկանան, թե որքան խղճուկ, զզվելի և ողորմելի են, քանի՞սը պատրաստ կլինի հրաժարվելու իր ձգտումներից և հույսերից։ Եվ ո՞վ է ունակ դադարեցնելու իր քայլերն ու վերջ տալու ի շահ իրեն ծրագրեր կազմելուն։ Աստծուն անհրաժեշտ են նրանք, ովքեր սերտորեն կհամագործակցեն Իր հետ՝ Իր տնօրինությունը լիարժեք դարձնելու համար։ Նրան անհրաժեշտ են այն մարդիկ, որոնք ողջ մտքով ու մարմնով կնվիրվեն Իր տնօրինության գործին, որպեսզի հնազանդվեն Նրան։ Նրան պետք չեն այն մարդիկ, որ ամեն օր մեկնում են իրենց ձեռքերը՝ Նրանից խնդրելու համար, առավել ևս նրանք, ովքեր մի փոքր ջանք են գործադրում Նրա համար, իսկ հետո սպասում Նրանից փոխհատուցում պահանջելուն։ Աստված ատում է նրանց, ովքեր աննշան ներդրում են ունենում, այնուհետև գոհանում իրենց դափնիներով։ Նա ատում է այն սառնարյուն մարդկանց, որոնք խորշում են Աստծու տնօրինության գործից և ուզում են խոսել միայն դրախտ գնալու ու օրհնություններ ստանալու մասին։ Նա է՛լ ավելի մեծ ատելություն է տածում նրանց հանդեպ, ովքեր ի շահ իրենց են ծառայեցնում այն հնարավորությունը, որ Իր փրկության գործն է ստեղծում։ Պատճառն այն է, որ այս մարդկանց երբևէ չի հուզել, թե ինչի է Աստված ցանկանում հասնել և ինչ ձեռք բերել Իր տնօրինության միջոցով։ Նրանց մտահոգում է միայն այն, թե ինչպես կարող են օգտվել Աստծու գործի տված հնարավորությունից, որպեսզի օրհնություններ ստանան։ Ամբողջությամբ տարված սեփական ապագայի ծրագրերով և ճակատագրով՝ նրանք բոլորովին ուշադրություն չեն դարձնում Աստծու սրտին։ Նրանք, ովքեր խորշում են Աստծու տնօրինության գործից, և ովքեր անգամ նվազագույն հետաքրքրություն չունեն, թե ինչպես է Աստված փրկելու մարդկությանը, և Նրա մտադրությունների նկատմամբ, բոլորն անում են այն ամենը, ինչ սիրում են անել Աստծու տնօրինության գործի շրջանակից դուրս։ Աստված ո՛չ հիշում է, ո՛չ հավանություն տալիս նրանց գործողություններին, առավել ևս չի արժանացնում իր բարեհաճությանը։
Անծայրածիր տիեզերքում և երկնակամարում անհամար արարածներ են ապրում ու բազմանում, անվերջ շրջապտույտի մեջ հետևում կյանքի օրենքին՝ հավատարիմ մնալով մի անխախտ կանոնի։ Նրանք, ովքեր մահանում են, իրենց հետ տանում են ողջերի պատմությունները, իսկ նրանք, ովքեր ապրում են, կրկնում են մեռյալների նույն ողբերգական պատմությունը։ Եվ այսպես՝ մարդկությունն անկարող է ինքն իրեն չհարցնել․ ինչո՞ւ ենք մենք ապրում։ Եվ ինչո՞ւ պիտի մահանանք։ Ո՞վ է իշխում այս աշխարհին։ Եվ ո՞վ է արարել այս մարդկությունը։ Մի՞թե մարդկությունն իսկապես բնության ստեղծածն է։ Մի՞թե մարդկությունն իրապես սեփական ճակատագրի տերն է։ Սրանք այն հարցերն են, որ մարդկությունն անդադար տվել է հազարավոր տարիներ։ Ցավոք, որքան ավելի շատ են այս հարցերը համակել մարդուն, այնքան նա ավելի գիտության ծարավի է դարձել։ Գիտությունն առաջարկում է կարճատև գոհություն և ժամանակավոր մարմնական հաճույք, բայց այն առավել քան բավարար չէ՝ ազատելու մարդուն առանձնությունից, մենությունից և իր հոգու խորքում հազիվ թաքցրած սարսափից ու անօգնականությունից։ Մարդկությունը պարզապես օգտագործում է գիտական այն գիտելիքը, որ տեսանելի է անզեն աչքով և հասկանալի է իր ուղեղին՝ իր սիրտն անզգայացնելու համար։ Սակայն նման գիտական գիտելիքը բավարար չէ, որ հետ պահի մարդուն առեղծվածներ ուսումնասիրելուց։ Մարդկությունը պարզապես չգիտի, թե ով է տիեզերքի և ամենի Իշխանը, առավել ևս՝ մարդկության սկիզբն ու ապագան։ Մարդկությունը լոկ անհրաժեշտաբար ապրում է այս օրենքի շրջանակում։ Ոչ ոք չի կարող փախչել դրանից և ոչ էլ փոխել դա․ չէ՞ որ բոլոր իրերի ու երևույթների մեջ կա միայն Մեկը, որ հավիտյանս հավիտենից տիրում է ամենին։ Նա Մեկն է, որին մարդը երբեք չի տեսել, Մեկը, որին մարդկությունը երբեք չի ճանաչել, որի գոյությանը մարդկությունը երբեք չի հավատացել, սակայն Նա է այն Մեկը, ով շունչ է փչել մարդկության նախնիների մեջ և կյանք տվել մարդկանց։ Նա է այն Մեկը, ով ապահովում և սնում է մարդկությանը՝ թույլ տալով նրա գոյությունը, և Նա է այն Մեկը, ով ուղղություն է ցույց տվել մարդկությանը մինչև մեր օրեր։ Ավելին՝ Նա և միայն Նա է այն Մեկը, որից կախված է մարդկությունը՝ գոյատևման համար։ Նա տիրում է տիեզերքի բոլոր իրերին և կենդանի արարածներին։ Նրանն են չորս եղանակները, և Նա է, ով կառավարում է քամու, ցրտի, ձմռան և անձրևի փոփոխությունները։ Նա է մարդկության համար բերում արշալույսը և սկիզբ դնում գիշերվան։ Նա էր, որ սահմանազատեց երկինքն ու երկիրը՝ ընձեռելով մարդուն լեռները, լճերը, գետերն ու դրանցում ապրող բոլոր կենդանի արարածներին։ Նրա գործերն ամենագո են, Նրա իմաստությունն ամենագո է, Նրա իշխանությունն ամենագո է։ Այս օրենքներից և կանոններից յուրաքանչյուրը Նրա գործերի մարմնացումն է՝ Նրա իմաստության և հեղինակության դրսևորումը։ Ո՞վ կարող է ազատվել նրա իշխանությունից։ Եվ ո՞վ կարող է զերծ մնալ նրա ծրագրերից։ Ամեն բան գոյություն ունի Նրա հայացքի ներքո, ավելին՝ բոլորն ապրում են նրա տիրապետության տակ։ Նրա գործերն ու Նրա զորությունն այլ ընտրություն չեն թողնում մարդկությանը, քան այն փաստի գիտակցումը, որ Նա իսկապես գոյություն ունի և իշխում է ամենին։ Նրանից բացի՝ ոչինչ չի կարող թագավորել տիեզերքում, առավել ևս՝ անդադար ապահովել մարդկությանը։ Անկախ նրանից, թե դու ի զորու ես ճանաչելու Աստծու գործերը, և արդյոք հավատում ես Աստծու գոյությանը՝ կասկածից վեր է, որ քո ճակատագիրը սահմանել է Աստված, և անկասկած է, որ Աստված միշտ կտիրի ամենին։ Նրա գոյությունը և իշխանությունը կախված չեն նրանից, թե արդյոք մարդը ճանաչում կամ ըմբռնում է դրանք։ Միայն Նրան է հայտնի մարդու անցյալը, ներկան և ապագան, ու միայն Նա կարող է վճռել մարդկության ճակատագիրը։ Անկախ նրանից՝ դու ունակ ես այս փաստն ընդունելու, թե ոչ՝ երկար ժամանակ չի անցնի, մինչև մարդկությունն ականատես դառնա այս ամենին, և փաստն այն է, որ Աստված շուտով գործի կանցնի։ Մարդկությունն ապրում և մեռնում է Աստծու հայացքի տակ։ Մարդն ապրում է հանուն Աստծու տնօրինության, և երբ վերջին անգամ փակում է աչքերը, նաև հենց այս տնօրինության համար է դրանք փակում։ Մարդը գալիս է ու գնում, կրկին ու կրկին, հետ ու առաջ։ Առանց բացառության՝ այս ամենն Աստծու իշխանության և Նրա ծրագրի մասն է։ Աստծու տնօրինությունը մշտապես առաջ է շարժվում, այն երբեք չի դադարել։ Նա այնպես կանի, որ մարդկությունը գիտակցի Իր գոյությունը, հավատա Իր իշխանությանը, տեսնի Իր գործերը և վերադառնա Իր արքայություն։ Սա է Նրա ծրագիրը և այն գործը, որը Նա ղեկավարում է հազարավոր տարիներ։
Աստծու տնօրինության գործը սկսել է աշխարհի արարումից, և մարդն այս գործի առանցքում է։ Կարելի է ասել, որ Աստծու արարչագործությունը հանուն մարդու է։ Քանզի Աստծու տնօրինության գործը ձգվում է հազարամյակներ և ի կատար չի ածվում զուտ րոպեների, վայրկյանների կամ ակնթարթի, ոչ էլ մեկ կամ երկու տարվա ընթացքում, Նա պետք է արարեր մարդկության գոյության համար անհրաժեշտ այլ բաներ ևս, ինչպիսին են արևը, լուսինը, ամեն տեսակ կենդանի արարածները, սնունդը և հյուրընկալ միջավայրը։ Սա էր Աստծու տնօրինության սկիզբը։
Դրանից հետո Աստված մարդկությանը հանձնեց սատանային, և մարդն ապրեց սատանայի իշխանության տակ, ինչն աստիճանաբար հանգեցրեց Աստծու առաջին դարաշրջանի գործին՝ Օրենքի դարաշրջանի պատմությանը։ Օրենքի դարաշրջանի մի քանի հազար տարվա ընթացքում մարդկությունն ընտելացավ Օրենքի դարաշրջանի ուղղորդմանն ու ընդունեց դա՝ որպես ինքնին հասկանալի մի բան։ Մարդը հետզհետե հրաժարվեց Աստծու հոգածությունից։ Եվ այսպես՝ օրենքին հետևելուն զուգահեռ նրանք նաև երկրպագում էին կուռքերի և չարիք գործում։ Նրանք առանց Եհովայի պաշտպանության էին և պարզապես ապրում էին իրենց կյանքը տաճարի խորանի դիմաց։ Փաստացի, Աստծու գործը վաղուց էր թողել նրանց, ու թեև իսրայելացիները դեռ կառչած էին օրենքին և տալիս էին Եհովայի անունը, անգամ հպարտորեն հավատում էին, որ միայն իրենք են Եհովայի մարդիկ և Եհովայի ընտրյալները, Աստծու փառքը լուռ լքել էր նրանց․․․
Երբ Աստված անում է իր գործը, Նա միշտ լուռ հեռանում է մի տեղից և անաղմուկ ի կատար ածում Իր սկսած նոր գործը մեկ այլ տեղում։ Սա անհավատալի է թվում մարդկանց, որոնք ընդարմացած են։ Մարդիկ միշտ են գանձի պես պահել հինը և նոր, անծանոթ բաներին վերաբերվել թշնամանքով կամ իբրև անհարմարություն դիտարկել դրանք։ Եվ այսպես՝ ինչ նոր գործ էլ որ Աստված անի՝ սկզբից մինչև ավարտ, մարդն ամենավերջինն է բոլորից, որ իմանում է դրա մասին։
Ինչպես միշտ է լինում, Օրենքի դարաշրջանում Եհովայի աշխատանքից հետո Աստված սկսեց իր նոր գործը՝ երկրորդ փուլը` մարմին առնելը, տասը, քսան տարով մարդու կերպարանք ստանալը և հավատացյալների մեջ խոսելն ու Իր գործը կատարելը։ Սակայն բոլորն անխտիր չգիտեին դրա մասին, և միայն փոքրաթիվ մարդիկ ընդունեցին, որ Նա մարմնացյալ Աստված է այն բանից հետո, երբ Տեր Հիսուսին խաչեցին, և Նա հարություն առավ։ Խնդրահարույց էր Պողոս անունով մեկի հայտնվելը, որ մահացու թշնամանքով էր տրամադրված Աստծու հանդեպ։ Նույնիսկ հալածվելուց և առաքյալ դառնալուց հետո Պողոսը չփոխեց իր բնույթը և շարունակեց քայլել Աստծու ճանապարհին հակառակ։ Իր աշխատանքի ընթացքում Պողոսը գրեց բազմաթիվ թղթեր․ ցավոք, հետագա սերունդները ճաշակեցին նրա նամակներն իբրև Աստծու խոսքեր, և դրանք անգամ ներառվեցին Նոր Կտակարանում ու խառնվեցին Աստծու ասած խոսքերի հետ։ Սուրբ Գրքի ի հայտ գալուց ի վեր սա ծայրագույն անարգանք է։ Եվ մի՞թե այս սխալի պատճառը մարդու ծայրաստիճան հիմարությունը չէր։ Հազիվ թե նրանք իմանային, որ Աստծու գործի՝ Շնորհի դարաշրջանի գրառումներում տեղ չպիտի լիներ մարդու նամակների կամ հոգևոր գրությունների համար, որպեսզի դրանք ներկայանային Աստծու գործի և խոսքերի փոխարեն։ Սակայն սա քննարկվող նյութի հետ կապ չունի, այնպես որ՝ վերադառնանք մեր սկզբնական թեմային։ Աստծու գործի երկրորդ փուլի ավարտին պես՝ խաչելությունից հետո, իրագործվեց Աստծու՝ մարդուն մեղքից ազատելու գործը (այսինքն՝ մարդուն սատանայի ձեռքերից ազատելը)։ Եվ այսպես՝ այդ պահից սկսած՝ մարդկությունը պետք է միայն ընդուներ Տեր Հիսուսին՝ իբրև Փրկչի, և նրա մեղքերը կներվեին։ Պայմանականորեն ասած՝ մարդու մեղքերն այլևս խոչընդոտ չէին փրկության հասնելու և Աստծու առաջ ներկայանալու համար, ու դրանք այլևս այն լծակը չէին, որով սատանան մեղադրում էր մարդուն։ Պատճառն այն է, որ Աստված Ինքը կատարեց գործնական աշխատանքը, դարձավ մեղավոր մարմնի կերպն ու կանխավայելումը, և Աստված Ինքը զոհաբերվեց մեղքի համար։ Այսկերպ մարդն իջավ խաչից, քավեց մեղքն ու փրկվեց Աստծու մարմնի միջոցով՝ այս մեղավոր մարմնի նմանությամբ։ Եվ այսպես՝ սատանայի կողմից գերեվարվելուց հետո մարդը մեկ քայլ մոտեցավ Աստծու առաջ Նրա փրկությունն ընդունելուն։ Իհարկե, այս փուլի աշխատանքն ավելի խորն ու կատարելագործված էր, քան Աստծու տնօրինությունն Օրենքի դարաշրջանում։
Այսպիսին է Աստծու տնօրինությունը․ մարդկությանը հանձնել սատանային, այն մարդկությանը, որը չգիտի, թե ինչպիսին է Աստված, ինչպիսին է Արարիչը, ինչպես երկրպագել Աստծուն, կամ ինչու է անհրաժեշտ հնազանդվել Աստծուն, և թույլ տալ, որ սատանան պղծի նրան։ Այնուհետև Աստված քայլ առ քայլ հետ է վերցնում մարդուն սատանայի ձեռքերից, մինչև մարդը լիարժեքորեն երկրպագի Աստծուն և մերժի սատանային։ Սա է Աստծու տնօրինությունը։ Հնարավոր է՝ սա հնչում է առասպելական պատմության պես և թվում շփոթեցնող։ Մարդկանց թվում է, թե սա առասպելական պատմություն է, որովհետև նրանք կասկած անգամ չունեն՝ որքան բան է պատահել մարդու հետ անցյալ մի քանի հազարամյակում, առավել ևս՝ չգիտեն, թե որքան պատմություններ են տեղի ունեցել տիեզերքում և երկնակամարում։ Բացի այդ՝ պատճառն այն է, որ նրանք չեն կարող գնահատել ավելի զարմանահրաշ, երկյուղ ներշնչող աշխարհը, որ գոյություն ունի նյութական աշխարհից անդին, որը, սակայն, նրանց՝ մահկանացուի աչքերը թույլ չեն տալիս տեսնել։ Դա վեր է թվում մարդու ըմբռնումից, քանզի մարդը չի հասկանում Աստծու՝ մարդկությանը փրկելու կամ Աստծու տնօրինության գործի կարևորությունը, ինչպես նաև չի ընկալում, թե Աստված, ի վերջո, ինչպիսին է ցանկանում՝ մարդկությունը լինի։ Սատանայի կողմից բացարձակապես չապականվա՞ծ պիտի լինի, ինչպես Ադամը և Եվան։ Ո՛չ։ Աստծու տնօրինության նպատակն է ձեռք բերել մարդկանց մի խումբ, որ կերկրպագի Աստծուն ու կհնազանդվի Նրան։ Թեև սատանան ապականել է այս մարդկանց, նրանք այլևս չեն տեսնում սատանային՝ իբրև իրենց հոր, նրանք ճանաչում են սատանայի զզվելի դեմքը և մերժում այն, ու նրանք գալիս են Աստծու առաջ՝ ընդունելու Աստծու դատաստանն ու պատիժը։ Նրանք աստիճանաբար բացահայտում են այլանդակության ու սրբության հակադրությունը և ճանաչում Աստծու փառավորությունն ու սատանայի չարիքը։ Նման մարդկությունն այլևս չի ծառայի սատանային, չի երկրպագի սատանային, ոչ էլ կփայփայի։ Պատճառն այն է, որ մարդկանց այս խումբն իսկապես Աստծու ձեռքն է անցել։ Սա է Աստծու՝ մարդկությունը տնօրինելու գործի նշանակությունը։ Աստծու տնօրինության գործի այս ժամանակահատվածում մարդկությունը և՛ սատանայի պղծության, և՛ Աստծու փրկության առարկան է, ու մարդն է այն արդյունքը, որի համար պայքարում են Աստված և սատանան։ Իր գործը կատարելու ընթացքում Նա աստիճանաբար ազատում է մարդուն սատանայի ձեռքերից, և այդպիսով մարդն է՛լ ավելի է մոտենում Աստծուն․․․
Իսկ հետո գալիս է Արքայության դարաշրջանը, որն աշխատանքի առավել գործնական փուլն է, և որը, այնուամենայնիվ, մարդն ամենադժվարն է ընդունում։ Պատճառն այն է, որ մարդն ինչքան ավելի մոտ է գալիս Աստծուն, այնքան Աստծու գայիսոնն ավելի է մոտենում նրան, և Աստծու դեմքն առավել հստակորեն է երևում մարդուն։ Մարդկության փրկությունից հետո մարդը պաշտոնապես վերադառնում է Աստծու ընտանիք։ Մարդուն թվում է, թե հիմա է վայելքի ժամանակը, սակայն նա Աստծու կողմից ենթարկվում է լայնածավալ ճակատային հարձակման, որի նմանը ոչ ոք երբևէ չէր կարող կանխատեսել․ ինչպես պարզվում է, սա մկրտություն է, որ Աստծու մարդիկ պետք է «վայելեն»։ Նման վերաբերմունքի պայմաններում մարդկանց այլ ընտրություն չի մնում, քան կանգ առնելն ու մտածելը․ «Ես կորած գառնուկն եմ, որին հետ գնելու համար Աստված այնքան շատ է վճարել, ուստի ինչո՞ւ է Աստված այսպես վարվում ինձ հետ։ Այս կե՞րպ է Աստված ծիծաղում ինձ վրա ու բացահայտում ինձ․․․»։ Տարիների փորձառությունից, կատարելագործման և պատժի դժվարությունների միջով անցնելուց հետո մարդը կոփվել է։ Թեև մարդը կորցրել է անցյալի «փառքն» ու «ռոմանտիկան», նա ակամա սկսել է հասկանալ ինքնատիրապետման սկզբունքները և այն փութաջան մտադրությունները, որ բազում տարիներ Աստված ունեցել է մարդկության փրկության վերաբերյալ։ Մարդն աստիճանաբար սկսում է ատել իր իսկ բարբարոսությունը, այն, թե որքան դժվար է ընտելացնել իրեն, Աստծու մասին իր բոլոր թյուրըմբռնումները և ավելորդ պահանջները, որ ունեցել է Նրանից։ Ժամանակը հետ չես բերի։ Անցած իրադարձությունները վերածվում են հիշողությունների, որոնց համար մարդը զղջում է, իսկ Աստծու խոսքերն ու գորովալից սերը դառնում են մարդու նոր կյանքի շարժիչ ուժը։ Մարդու վերքերն ամոքվում են օր օրի, նրա մարմինն ուժեղանում է, և նա ոտքի է ելնում ու տեսնում Ամենազորի դեմքը․․․ Պարզվում է՝ Նա միշտ է եղել իմ կողքին, հսկել ինձ։ Նրա ժպիտն ու գեղեցիկ դեմքը դեռ այնքան շարժուն են, Նրա սիրտը դեռ այնքան մտահոգ է Իր արարած մարդկության համար, և Նրա ձեռքերը դեռ նույնքան տաք են ու հզոր, որքան սկզբում։ Ասես մարդը վերադարձել է Եդեմի պարտեզի ժամանակին, բայց այժմ այլևս ականջ չի դնում օձի գայթակղություններին և չի թաքնվում Եհովայի դեմքից։ Մարդը ծնկի է իջնում Աստծու դիմաց՝ Նրան երկրպագելու, դեմքով դառնում Աստծու ժպտուն դեմքին և մատուցում իր ամենաթանկ զոհաբերությունը․․․ Օ՜հ, իմ Տեր, իմ Աստված։
Աստծու սերն ու ողորմածությունը ներթափանցում են Նրա տնօրինության գործի ամեն մի մանրուքի մեջ, և անկախ նրանից՝ մարդիկ ունակ են հասկանալու Աստծու փութաջան մտադրությունները՝ Նա անդուլ հաստատակամությամբ անում է այն գործը, որը մտադիր է ավարտել։ Անկախ նրանից, թե մարդիկ որքան են հասկանում Աստծու տնօրինությունը՝ յուրաքանչյուրը կարող է փորձառաբար ապրել այն օգնությունն ու օգուտը, որ Աստծու գործն է տալիս մարդուն։ Գուցե այսօր դու դեռ որևէ կերպ չես զգացել Աստծու սերն ու կենսապահովումը, բայց եթե չլքես Աստծուն և չհրաժարվես ճշմարտությանը հետևելու քո վճռականությունից, կգա մի օր, երբ Աստծու ժպտուն դեմքը կհայտնվի քեզ։ Չէ՞ որ Աստծու տնօրինության գործի մտադրությունն է վերադարձնել այն մարդկանց, որոնք սատանայի իշխանության տակ են, այլ ոչ թե լքել այն մարդկանց, որոնց ապականել է սատանան, և որոնք հակադրվել են Աստծուն։
23-ը սեպտեմբերի, 2005թ