Աստվածաշնչի մասին (3)

Աստվածաշնչում ամեն ինչ չէ, որ անձամբ Աստծու խոսքերի գրառումն է։ Աստվածաշունչը պարզապես փաստագրում է Աստծու գործի նախորդ երկու փուլը, որոնց մի մասը մարգարեների մարգարեությունների գրառումն է, իսկ մյուսը՝ դարերի ընթացքում Աստծու օգտագործած մարդկանց գրած փորձառություններն ու գիտելիքը։ Մարդկային փորձառությունները միախառնված են մարդկային կարծիքների և գիտելիքի հետ, և դա անխուսափելի է։ Աստվածաշնչի գրքերից շատերում կան մարդկային պատկերացումներ, կանխակալություններ և մարդկանց աղավաղված ըմբռնումներ։ Իհարկե, խոսքերի մեծ մասը Սուրբ Հոգու լուսավորման արդյունքն է և ճիշտ հասկացողություն է, սակայն դեռևս չի կարելի ասել, որ դրանք ճշմարտության ամբողջովին ճշգրիտ արտահայտություններն են։ Որոշ բաների վերաբերյալ նրանց տեսակետները ոչ այլ ինչ են, քան անձնական փորձառությամբ ստացած ճանաչողություն կամ Սուրբ Հոգու լուսավորում։ Աստված անձամբ է հրահանգել մարգարեների մարգարեությունները․ Եսայու, Դանիելի, Եզրասի, Երեմիայի և Եզեկիելի նմանների մարգարեությունները ծագել են Սուրբ Հոգու անմիջական հրահանգից․ այս մարդիկ տեսանողներ էին, նրանք ստացել էին մարգարեության Հոգին, և բոլորը Հին Կտակարանի մարգարեներ էին։ Օրենքի դարաշրջանում այս մարդիկ, որոնք ստացել էին Եհովայի ներշնչանքները, բազմաթիվ մարգարեություններ արեցին, որոնք անմիջականորեն հրահանգել էր Եհովան։ Եվ ինչո՞ւ Եհովան գործեց նրանց մեջ։ Որովհետև Իսրայելի ժողովուրդն Աստծու ընտրյալ ժողովուրդն էր, և մարգարեների գործը պետք է կատարվեր նրանց մեջ. ահա թե ինչու մարգարեները կարողացան արժանանալ նման հայտնությունների։ Իրականում իրենք էլ չէին հասկանում այդ հայտնությունները։ Սուրբ Հոգին ասաց այդ խոսքերը նրանց բերանով, որպեսզի ապագայի մարդիկ կարողանան ըմբռնել այդ բաները և տեսնել, որ դրանք իսկապես Աստծու Հոգու՝ Սուրբ Հոգու գործն են և չեն բխում մարդկային գաղափարներից, և որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ստանալ Սուրբ Հոգու գործի հաստատումը։ Շնորհքի դարաշրջանում Հիսուսն Ինքը կատարեց այս ողջ գործը նրանց փոխարեն, ուստի մարդիկ այլևս մարգարեություն չէին անում։ Ուրեմն՝ Հիսուսը մարգարե՞ էր։ Հիսուսը, իհարկե, մարգարե էր, բայց Նա նաև ի վիճակի էր կատարելու առաքյալների գործը․ Նա կարող էր և՛ մարգարեություն անել, և՛ քարոզել ու ուսուցանել մարդկանց ողջ երկրով մեկ։ Սակայն Նրա կատարած գործը և Նրա ներկայացրած ինքնությունը նույնը չէին։ Նա եկավ փրկագնելու ողջ մարդկությանը, մեղքից փրկագնելու մարդուն․ Նա մարգարե էր և առաքյալ, բայց ամենից վեր Նա Քրիստոսն էր։ Մարգարեն կարող է մարգարեություն անել, բայց չի կարելի ասել, որ նման մարգարեն Քրիստոս է։ Այն ժամանակ Հիսուսը շատ մարգարեություններ արեց, ուստի կարելի է ասել, որ Նա մարգարե էր, բայց չի կարելի ասել, թե Նա մարգարե էր և հետևաբար՝ Քրիստոսը չէր։ Դրա պատճառն այն է, որ Նա հենց Աստծուն էր ներկայացնում՝ իրականացնելով գործի մի փուլը, և Նրա ինքնությունը տարբերվում էր Եսայու ինքնությունից․ Նա եկավ ավարտելու փրկագնման գործը ինչպես նաև ապահովեց մարդու կյանքը, և Աստծու Հոգին անմիջականորեն իջավ Նրա վրա. Նրա կատարած գործում չկային ներշնչանքներ Աստծու Հոգուց կամ հրահանգներ Եհովայից, այլ Հոգին գործում էր անմիջականորեն։ Սա բավական է ապացուցելու համար, որ Հիսուսը նույնը չէր, ինչ մարգարեն։ Նրա կատարած գործը փրկագնման գործն էր, որին հաջորդում էր մարգարեանալը։ Նա մարգարե էր, առաքյալ, բայց ամենից առաջ Նա Փրկագնողն էր։ Մինչդեռ մարգարեները կարող էին միայն մարգարեություն անել և ունակ չէին որևէ այլ գործ կատարելու Աստծու Հոգու փոխարեն։ Քանզի Հիսուսը կատարեց շատ գործեր, որոնք նախկինում երբեք մարդը չէր արել, և կատարեց մարդկությանը փրկագնելու գործը, Նա այդպիսով տարբերվում էր Եսայու նմաններից։ Պատճառը, որ որոշ մարդիկ չեն ընդունում այսօրվա հոսանքը, այն է, որ դա խոչընդոտում է նրանց։ Նրանք ասում են. «Հին Կտակարանում շատ մարգարեներ նույնպես շատ խոսքեր ասացին, ուրեմն ինչո՞ւ նրանք մարմնացած Աստված չէին։ Այսօրվա Աստված խոսքեր է ասում․ մի՞թե դա բավական է ապացուցելու, որ Նա մարմնացած Աստված է։ Դու չես մեծարում Աստվածաշունչը, ոչ էլ ուսումնասիրում ես այն, ուրեմն ի՞նչ հիմք ունես ասելու, որ Նա մարմնացած Աստված է։ Ասում ես, որ Նրա խոսքերը Նրան հրահանգվել են Սուրբ Հոգուց, և հավատում ես, որ գործի այս փուլն անձամբ Աստծու կատարած գործ է, բայց ո՞րն է հիմնավորումդ։ Ուշադրությունդ կենտրոնացնում ես այսօրվա Աստծու խոսքերին, և թվում է, թե մերժել ես Աստվածաշունչը և մի կողմ ես դրել այն»։ Ուստի, նրանք միշտ ասում են, որ հավատում ես հերետիկոսությանը և աղանդին։

Եթե ցանկանում ես վկայել վերջին օրերի Աստծու գործի մասին, ապա պետք է հասկանաս Աստվածաշնչի իրական պատմությունը, կառուցվածքը և էությունը։ Այսօր մարդիկ մշտապես կարծում են, թե Աստվածաշունչն Ինքն Աստված է, և որ Աստված Ինքն Աստվածաշունչն է։ Նրանք նաև հավատում են, որ Աստվածաշնչի խոսքերը միակ խոսքերն էին, որ Աստված ասել է, և որ դրանք բոլորն ասել է Աստված։ Աստծուն հավատացող բոլոր մարդիկ նույնիսկ կարծում են, որ թեև Հին և Նոր Կտակարանների ողջ վաթսունվեց գիրքը գրել են մարդիկ, դրանք բոլորը տրվել են Աստծու ներշնչանքով և Սուրբ Հոգու արտահայտումների գրառումն են։ Սա մարդու աղավաղված ըմբռնումն է, և այն որևէ կերպ չի համապատասխանում փաստերին։ Իրականում, բացի մարգարեական գրքերից, Հին Կտակարանի մեծ մասը պատմական գրառում է։ Նոր Կտակարանի որոշ թղթեր բխում են մարդկանց փորձառություններից, իսկ որոշները՝ Սուրբ Հոգու լուսավորումից. Պողոսի թղթերը, օրինակ՝ առաջացել են մարդու գործից, դրանք բոլորը Սուրբ Հոգու լուսավորման արդյունքն էին և գրվել էին եկեղեցիների համար, և հորդորի ու քաջալերանքի խոսքեր էին՝ եկեղեցիների եղբայրներին և քույրերին։ Դրանք Սուրբ Հոգու խոսքերը չէին. Պողոսը չէր կարող խոսել Սուրբ Հոգու անունից, և ոչ էլ նա մարգարե էր, առավել ևս չէր տեսել այն տեսիլքները, որոնք տեսել էր Հովհաննեսը։ Նրա թղթերը գրվել էին Եփեսոսի, Կորնթոսի, Գաղատիայի և այն ժամանակվա այլ եկեղեցիների համար։ Այսպիսով, Նոր Կտակարանի` Պողոսի թղթերն այն թղթերն են, որոնք նա գրել է եկեղեցիների համար, և ոչ թե Սուրբ Հոգու ներշնչանքներ են, ոչ էլ՝ Սուրբ Հոգու անմիջական արտահայտումները։ Դրանք պարզապես հորդորի, մխիթարության և քաջալերանքի խոսքեր են, որոնք նա իր աշխատանքի ընթացքում գրել է եկեղեցիների համար: Դրանք նաև Պողոսի այն ժամանակվա աշխատանքի մեծ մասի գրառումն են։ Դրանք գրվել են բոլոր նրանց համար, ովքեր եղբայրներ և քույրեր են Տիրոջով, և որպեսզի այն ժամանակվա եկեղեցիների եղբայրներն ու քույրերը լսեն նրա խորհուրդը և հետևեն Տեր Հիսուսի ապաշխարության ճանապարհին։ Պողոսը բնավ չի ասել, որ այն ժամանակվա կամ ապագայի բոլոր եկեղեցիները պետք է ուտեն և խմեն իր գրածները, ոչ էլ ասել է, որ իր բոլոր խոսքերը ծագել են Աստծուց։ Պարզապես, համաձայն այն ժամանակվա եկեղեցիների հանգամանքների, նա հաղորդակցվել է եղբայրների և քույրերի հետ, հորդորել նրանց և հավատ ներշնչել նրանց մեջ, և նա պարզապես քարոզել, հիշեցրել, հորդորել է մարդկանց։ Նրա խոսքերը հիմնված էին իր սեփական բեռի վրա, և նա աջակցում էր մարդկանց այդ խոսքերի միջոցով։ Նա կատարեց այն ժամանակվա եկեղեցիների առաքյալի գործը, նա աշխատող էր, որին օգտագործում էր Տեր Հիսուսը, և ուստի նա պետք է ստանձներ պատասխանատվությունը եկեղեցիների համար, ձեռնարկեր եկեղեցիների աշխատանքը և տեղեկանար եղբայրների ու քույրերի վիճակի մասին, և այդ պատճառով նա թղթեր գրեց Տիրոջով բոլոր եղբայրների և քույրերի համար։ Մարդկանց համար նրա ասած ամեն բան խրատող էր և դրական ճիշտ էր, բայց չէր ներկայացնում Սուրբ Հոգու արտահայտումները և չէր կարող ներկայացնել Աստծուն։ Եթե մարդիկ անձի փորձառությունների գրառումներին և անձի թղթերին վերաբերվեն որպես Սուրբ Հոգու կողմից եկեղեցիներին ասված խոսքերի, ապա դա աղաղակող ըմբռնում կլինի և ահռելի հայհոյա՛նք։ Դա հատկապես ճիշտ է այն թղթերի մասին, որոնք Պողոսը գրել է եկեղեցիների համար, քանի որ նրա թղթերը գրվել են եղբայրների և քույրերի համար՝ հիմնվելով այն ժամանակվա յուրաքանչյուր եկեղեցու հանգամանքների և իրավիճակի վրա, և նպատակ ունեին հորդորելու Տիրոջով եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք կարողանան ստանալ Տեր Հիսուսի շնորհը։ Նրա թղթերը նպատակ ունեին արթնացնելու այն ժամանակվա եղբայրներին և քույրերին։ Կարելի է ասել, որ դա նրա սեփական բեռն էր, նաև այն բեռը, որը նրան տրվել էր Սուրբ Հոգուց. ի վերջո, նա առաքյալ էր, որն առաջնորդում էր այն ժամանակվա եկեղեցիները, և նրա պատասխանատվությունն էր եկեղեցիների համար թղթեր գրելը և նրանց հորդորելը։ Նրա ինքնությունը պարզապես աշխատող մի առաքյալի ինքնություն էր, նա պարզապես առաքյալ էր, որն ուղարկվել էր Աստծուց, ոչ թե մարգարե, ոչ էլ գուշակող, և նրա համար իր սեփական աշխատանքը և եղբայրների ու քույրերի կյանքը կարևորագույն նշանակություն ունեին։ Ուստի, նա չէր կարող խոսել Սուրբ Հոգու անունից, և նրա խոսքերը Սուրբ Հոգու խոսքերը չէին, առավել ևս չի կարելի ասել, որ դրանք Աստծու խոսքերն են, քանի որ նա ոչ այլ ինչ էր, քան արարած, և հաստատապես մարմնացյալ Աստված չէր։ Նրա ինքնությունը նույնը չէր, ինչ Հիսուսինը։ Հիսուսի խոսքերը Սուրբ Հոգու խոսքերն էին, դրանք Աստծու խոսքերն էին, քանի որ Նրա ինքնությունը Աստծու Որդի Քրիստոսի ինքնությունն էր։ Ինչպե՞ս կարող էր Պողոսը հավասար համարվել Նրան։ Եթե մարդիկ Պողոսի թղթերը կամ խոսքերը դիտարկեն որպես Սուրբ Հոգու արտահայտումներ և երկրպագեն դրանց որպես Աստծու, ապա կարելի է միայն ասել, որ նրանք չեն կարող զանազանել։ Ավելի լուրջ ասած՝ մի՞թե սա պարզապես հայհոյանք չէ։ Ինչպե՞ս կարող էր մարդը խոսել Աստծու անունից։ Եվ ինչպե՞ս կարող էին մարդիկ խոնարհվել անձի թղթերի և նրանց ասած խոսքերի գրառումների առջև՝ ասես դրանք սուրբ գիրք կամ երկնային գիրք լինեն։ Կարո՞ղ էր արդյոք մարդը պատահականորեն արտասանել Աստծու խոսքերը։ Ինչպե՞ս կարող էր մարդը խոսել Աստծու անունից։ Եվ այսպես, ի՞նչ կասես. մի՞թե այն թղթերը, որոնք նա գրել է եկեղեցիների համար, չէին կարող խառնված լինել նրա սեփական գաղափարների հետ։ Ինչպե՞ս կարող էին դրանք խառնված չլինել այնպիսի բաների հետ, որոնք բխում էին նրա սեփական գաղափարներից։ Նա թղթեր է գրել եկեղեցիների համար՝ հիմնվելով իր անձնական փորձառությունների և իր սեփական ճանաչողության վրա։ Օրինակ՝ Պողոսը մի թուղթ է գրել Գաղատիայի եկեղեցիներին, որը պարունակում էր որոշակի կարծիք, իսկ Պետրոսը գրել է մեկ ուրիշը, որն ուներ այլ տեսակետ։ Դրանցից ո՞րն էր Սուրբ Հոգուց։ Ոչ ոք վստահաբար չի կարող ասել։ Ուստի, կարելի է ասել միայն, որ նրանք երկուսն էլ բեռ էին կրում եկեղեցիների համար: Սակայն նրանց նամակները ներկայացնում են իրենց հասակը, ապահովումն ու աջակցությունը եղբայրներին և քույրերին և իրենց բեռը եկեղեցիների հանդեպ, ինչպես նաև դրանք ներկայացնում են միայն մարդկային աշխատանքը. դրանք ամբողջությամբ Սուրբ Հոգուց չէին։ Եթե ասում ես, որ նրա թղթերը Սուրբ Հոգու խոսքերն են, ապա անմիտի մեկն ես և հայհոյում ես։ Պողոսի թղթերը և Նոր Կտակարանի մյուս թղթերը համարժեք են մեր օրերին մոտ ապրած հոգևոր գործիչների հուշագրություններին. դրանք հավասար են Վոթչման Նիի գրքերին կամ Լոուրենսի փորձառություններին և այլն։ Պարզապես վերջերս ապրած հոգևոր գործիչների գրքերը ներառված չեն Նոր Կտակարանում, սակայն այս մարդկանց էությունը նույնն էր. նրանք մարդիկ էին, որոնց օգտագործել է Սուրբ Հոգին՝ որոշակի ժամանակաշրջանում, և նրանք չէին կարող անմիջականորեն ներկայացնել Աստծուն։

Նոր Կտակարանում Մատթեոսի Ավետարանը փաստագրում է Հիսուսի ծագումնաբանությունը։ Սկզբում այն ասում է, որ Հիսուսն Աբրահամի և Դավթի սերունդն էր և Հովսեփի որդին. այնուհետև ասում է, որ Հիսուս հղացվել է Սուրբ Հոգուց և ծնվել կույսից, ինչը կնշանակեր, որ Նա Հովսեփի որդին չէր կամ Աբրահամի և Դավթի սերունդը։ Ծագումնաբանությունը, սակայն, պնդում է, որպեսզի Հիսուսը կապվի Հովսեփի հետ։ Այնուհետև ծագումնաբանությունը ներկայացնում է գործընթացը, որով Հիսուսը ծնվել է։ Այն ասում է, որ Հիսուսը հղացվել է Սուրբ Հոգուց, որ Նա ծնվել է կույսից և Հովսեփի որդին չէր։ Սակայն ծագումնաբանության մեջ հստակ գրված է, որ Հիսուսը Հովսեփի որդին էր, և քանի որ ծագումնաբանությունը գրված է Հիսուսի մասին, այն ներկայացնում է քառասուներկու սերունդ։ Երբ այն հասնում է Հովսեփի սերնդին, հապճեպ ասում է, որ Հովսեփը Մարիամի ամուսինն էր՝ խոսքեր, որոնք ասվում են ապացուցելու, որ Հիսուսն Աբրահամի սերունդն էր։ Մի՞թե սա հակասություն չէ։ Ծագումնաբանությունը հստակ փաստագրում է Հովսեփի նախնիներին, և դա ակնհայտորեն Հովսեփի ծագումնաբանությունն է: Սակայն Մատթեոսը պնդում է, որ դա Հիսուսի ծագումնաբանությունն է։ Մի՞թե սա չի հերքում Սուրբ Հոգուց Հիսուսի հղացման փաստը։ Ուստի, մի՞թե Մատթեոսի գրած ծագումնաբանությունը մարդկային միտք չէ։ Այն առավել ևս ծիծաղելի է։ Այսպես կարող ես իմանալ, որ այս գիրքը բացարձակապես ամբողջությամբ Սուրբ Հոգուց չէ։ Գուցե կլինեն որոշ մարդիկ, որոնք կկարծեն, թե Աստված պետք է ծագումնաբանություն ունենա երկրի վրա, ինչի արդյունքում նրանք Հիսուսին կվերագրեն Աբրահամի քառասուներկուերորդ սերունդ լինելը։ Դա իսկապես ծիծաղելի է։ Ինչպե՞ս կարող էր Աստված ծագումնաբանություն ունենալ Երկիր գալուց հետո։ Եթե ասում ես, որ Աստված ծագումնաբանություն ունի, մի՞թե Նրան չես դասում արարածների շարքը։ Աստված երկրից չէ, Նա Արարիչն է, ու թեև Նա մսեղիից է, Նա նույն բուն էությունից չէ, ինչ մարդը, ուստի ինչպե՞ս կարող էիր Աստծուն դասել արարածների շարքը։ Աբրահամը չի կարող ներկայացնել Աստծուն. նա այն ժամանակ Եհովայի գործի առարկան էր, նա պարզապես հավատարիմ ծառա էր, որին Եհովան արժանի էր համարել, և նա Իսրայելի ժողովրդից մեկն էր։ Ինչպե՞ս կարող էր նա Հիսուսի նախնին լինել։

Ո՞վ է գրել Հիսուսի ծագումնաբանությունը։ Արդյո՞ք Հիսուսն Ինքն է գրել այն։ Արդյո՞ք Հիսուսն անձամբ է ասել նրանց. «Գրե՛ք Իմ ծագումնաբանությունը»։ Այն գրառել է Մատթեոսը՝ Հիսուսի խաչելությունից հետո։ Այն ժամանակ Հիսուսը շատ գործեր էր կատարել, որոնք անհասկանալի էին Իր աշակերտներին, և որևէ բացատրություն չէր տվել դրանց։ Նրա հեռանալուց հետո աշակերտներն սկսել են քարոզել և գործել ամենուր, և գործի այդ փուլի ժամանակ նրանք սկսել են գրել թղթերն ու ավետարանի գրքերը։ Նոր Կտակարանի ավետարանի գրքերը գրառվել են Հիսուսի խաչելությունից քսանից երեսուն տարի անց։ Դրանից առաջ Իսրայելի ժողովուրդը կարդում էր միայն Հին Կտակարանը։ Այսինքն՝ Շնորհքի դարաշրջանի սկզբում մարդիկ կարդում էին Հին Կտակարանը։ Նոր Կտակարանը հայտնվեց միայն Շնորհքի դարաշրջանում։ Նոր Կտակարանը գոյություն չուներ, երբ Հիսուսը գործում էր. մարդիկ Նրա գործը գրառել են Նրա հարությունից և երկինք համբարձվելուց հետո։ Միայն դրանից հետո ստեղծվեց Չորս Ավետարանը, որոնց ավելացան նաև Պողոսի և Պետրոսի թղթերը, ինչպես նաև Հայտնության Գիրքը։ Հիսուսի՝ երկինք համբարձվելուց ավելի քան երեք հարյուր տարի անց հաջորդ սերունդներն ընտրողաբար համադրեցին այդ գրվածքները, և միայն դրանից հետո եղավ Աստվածաշնչի Նոր Կտակարանը։ Միայն այս աշխատանքի ավարտից հետո եղավ Նոր Կտակարանը. այն նախկինում գոյություն չուներ։ Աստված կատարել էր այդ ողջ գործը, իսկ Պողոսը և մյուս առաքյալները տարբեր վայրերում այնքան շատ թղթեր էին գրել եկեղեցիներին։ Նրանցից հետո եկած մարդիկ միավորեցին նրանց թղթերը և ավելացրին Հովհաննեսի գիրքն այն մեծագույն տեսիլքի մասին, որը նա տեսավ Պատմոս կղզում, որտեղ մարգարեացվում էր Աստծու գործը վերջին օրերին։ Մարդիկ կազմեցին այս շարքը, որը տարբերվում է այսօրվա արտահայտումներից։ Այն, ինչ գրառված է այսօր, Աստծու գործի քայլերի համաձայն է. այն, ինչի հետ մարդիկ առնչվում են այսօր, անձամբ Աստծու կատարած գործն է և անձամբ Նրա արտասանած խոսքերը։ Դո՛ւք, մարդի՛կդ, միջամտելու կարիք չունեք. ուղղակիորեն Հոգուց բխած խոսքերը դասավորվել են քայլ առ քայլ, և այս դասավորությունը տարբերվում է մարդկանց գրառումների դասավորությունից։ Այն, ինչ նրանք գրառել են, կարելի է ասել, իրենց կրթության մակարդակի և մարդկային արժանիքի համաձայն է եղել Այն, ինչ նրանք գրառել են, մարդկային փորձառություններ են եղել, և յուրաքանչյուրն ունեցել է գրառելու իր սեփական միջոցներն ու իր սեփական ըմբռնումը, և յուրաքանչյուր գրառում տարբեր է եղել։ Ուստի, եթե Աստվածաշունչը երկրպագում ես որպես Աստծու, չափազանց տգետ և հիմար ես։ Ինչո՞ւ չես փնտրում այսօրվա Աստծու գործը։ Միայն Աստծու գործը կարող է փրկել մարդուն։ Աստվածաշունչը չի կարող փրկել մարդուն, մարդիկ կարող են կարդալ այն մի քանի հազար տարի, և, միևնույն է, նրանց մեջ որևէ չնչին փոփոխություն չի լինի, և եթե երկրպագես Աստվածաշունչը, երբեք ձեռք չես բերի Սուրբ Հոգու գործը։ Իսրայելում Աստծու գործի երկու փուլն էլ գրառված է Աստվածաշնչում, և ուստի այս գրառումների մեջ բոլոր անուններն Իսրայելինն են, և բոլոր դեպքերն Իսրայելինն են. նույնիսկ «Հիսուս» անունն է իսրայելական։ Եթե այսօր շարունակում ես կարդալ Աստվածաշունչը, ապա մի՞թե չես հետևում կանոններին։ Այն, ինչ գրառված է Աստվածաշնչի Նոր Կտակարանում, Հրեաստանի հարցերն են։ Բնագիր տեքստը և՛ հունարեն էր, և՛ եբրայերեն, և այն անունը, որով Նրան կոչում էին, և այն ժամանակվա Հիսուսի խոսքերը բոլորը պատկանում են մարդու լեզվին։ Երբ խաչվեց, Հիսուսն ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի»։ Մի՞թե սա եբրայերեն չէ։ Սրա պատճառը պարզապես այն է, որ Հիսուս մարմնացել էր Հրեաստանում, բայց դա չի ապացուցում, որ Աստված հրեա է։ Այսօր Աստված մարմնացել է Չինաստանում, և ուստի այն ամենը, ինչ Նա ասում է, անկասկած, չինարեն է։ Սակայն այն չի կարելի համեմատել Աստվածաշնչից թարգմանված չինարենի հետ, քանի որ այս խոսքերի աղբյուրը տարբեր է. մեկը բխում է մարդկանց գրառած եբրայերենից, իսկ մյուսը՝ Հոգու անմիջական արտահայտումներից։ Ինչպե՞ս կարող էր ընդհանրապես տարբերություն չլինել։

Նախորդը.  Աստվածաշնչի մասին (2)

Հաջորդը.  Աստվածաշնչի մասին (4)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger