Եկեղեցական կյանքի և իրական կյանքի քննարկում

Մարդիկ կարծում են, որ կարող են փոխակերպվել միայն եկեղեցական կյանքի մեջ։ Եթե նրանք եկեղեցական կյանքի մեջ չեն, ապա մտածում են, որ չեն կարող փոխակերպվել, կարծես իրական կյանքում փոխակերպության հասնելն անհնար է։ Կարո՞ղ եք այստեղ տեսնել խնդիրը։ Նախկինում ես խոսել եմ Աստծուն իրական կյանք բերելու մասին․ նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն, սա այն ուղին է, որով կարելի է մուտք գործել Աստծու խոսքերի իրականության մեջ։ Իրականում, մարդկանց կատարելագործման հարցում եկեղեցական կյանքը միայն սահմանափակ միջոց է։ Մարդկանց կատարելագործման հիմնական միջավայրը դեռևս իրական կյանքն է։ Սա է այն փաստացի կիրարկումն ու փաստացի ուսուցումը, որոնց մասին ես խոսել եմ, և որոնք մարդկանց հնարավորություն են տալիս ձեռք բերելու բնականոն մարդկային կյանք և առօրյա կյանքում ապրելու իրական մարդու կերպարով։ Մի կողմից՝ մարդը պետք է սովորի՝ բարձրացնելու իր կրթության մակարդակը, հասկանալու Աստծու խոսքերը և ձեռք բերելու ըմբռնման կարողություն։ Մյուս կողմից՝ նա պետք է զինված լինի իր վարքին վերաբերող հիմնական գիտելիքներով և հասնի բնականոն մարդկային խորաթափանցությանն ու բանականությանը, քանի որ մարդիկ գրեթե ամբողջությամբ զուրկ են այս ոլորտներից։ Բացի այդ, մարդ պետք է նաև եկեղեցական կյանքի միջոցով սկսի վայելել Աստծու խոսքերը և աստիճանաբար ձեռք բերի ճշմարտության հստակ ըմբռնում։

Ինչո՞ւ է ասվում, որ Աստծուն հավատալիս պետք է Աստծուն բերել իրական կյանք։ Միայն եկեղեցական կյանքը չէ, որ փոխակերպում է մարդկանց․ ավելի կարևոր է այն, որ մարդիկ իրական կյանքում մտնեն իրականության մեջ։ Նախկինում դուք միշտ խոսել եք ձեր հոգևոր վիճակի և հոգևոր հարցերի մասին՝ անտեսելով իրական կյանքում շատ բաների կիրարկումը և ձեր մուտքը դրանց մեջ։ Դուք ամեն օր գրել եք, ամեն օր լսել եք և ամեն օր կարդացել եք։ Նույնիսկ աղոթել եք կերակուր պատրաստելիս. «Օ՜, Աստվա՛ծ, թող Դու դառնաս իմ կյանքն իմ ներսում։ Ինչպես էլ այսօր անցնի, խնդրում եմ, օրհնի՛ր ինձ և լուսավորի՛ր ինձ։ Ինչի մասին էլ որ Դու այսօր ինձ լուսավորես, խնդրում եմ, թույլ տուր, որ հենց այս պահին հասկանամ, որպեսզի Քո խոսքերը դառնան իմ կյանքը»։ Աղոթել եք նաև ընթրելիս. «Օ՜, Աստվա՛ծ, Դու մեզ շնորհել ես այս կերակուրը։ Օրհնի՛ր մեզ։ Ամե՛ն։ Թող մենք ապրենք Քեզանով։ Թող Դու լինես մեզ հետ։ Ամե՛ն»։ Ընթրիքից հետո, երբ ամաններն եք լվացել, սկսել եք երկար խոսել. «Օ՜, Աստվա՛ծ, ես այս թասն եմ։ Մենք ապականվել ենք Սատանայից և նման ենք օգտագործված թասերի, որոնք պետք է մաքրվեն ջրով։ Դու ջուրն ես, և Քո խոսքերն այն կենդանի ջուրն են, որ սնուցում են իմ կյանքը»։ Մինչև դուք դա հասկացել եք, արդեն քնելու ժամանակն էր, և նորից սկսել եք խոսել. «Օ՜, Աստվա՛ծ, Դու ինձ օրհնեցիր և առաջնորդեցիր ողջ օրվա ընթացքում։ Ես իսկապես շնորհակալ եմ Քեզ…»։ Ահա այսպես եք անցկացրել ձեր օրը և հետո քուն մտել։ Մարդկանց մեծ մասն ամեն օր հենց այսպես է ապրում, և նույնիսկ այսօր նրանք անտեսում են փաստացի մուտքը՝ կենտրոնանալով միայն իրենց աղոթքները շուրթերով արտասանելու վրա։ Սա նրանց նախկին կյանքն է՝ նրանց հին կյանքը։ Եվ մեծամասնությունն այսպիսին է․ նրանք իրական ուսուցման կարիք ունեն և շատ քիչ իրական փոխակերպումների են ենթարկվում։ Նրանք պարզապես շուրթերով արտասանում են իրենց աղոթքները՝ մոտենալով Աստծուն միայն իրենց խոսքերում, սակայն առանց դրանց խոր ըմբռնման։ Եկեք վերցնենք ամենապարզ օրինակը՝ ձեր տունը կարգի բերելը։ Դուք տեսնում եք, որ ձեր տանը խառնաշփոթ է, նստում ու աղոթում եք. «Օ՜, Աստվա՛ծ, նայի՛ր, թե Սատանան ինչ ապականություն է գործել իմ մեջ։ Ես նույնքան կեղտոտ եմ, որքան այս տունը։ Օ՜, Աստվա՛ծ, ես իսկապես փառաբանում և շնորհակալություն եմ հայտնում Քեզ։ Առանց Քո փրկության և լուսավորման ես չէի գիտակցի այս փաստը»։ Դուք պարզապես նստած եք և երկար ժամանակ խոսում, աղոթում եք, իսկ հետո ձեզ պահում այնպես, ասես ոչինչ չի եղել, մի շատախոս ծեր կնոջ նման։ Դուք այսպես եք անցկացնում ձեր հոգևոր կյանքը՝ ընդհանրապես չունենալով իրական մուտք իրականության մեջ, չափազանց շատ մակերեսային կիրարկումներով։ Իրական ուսուցման մեջ մտնելը կապված է մարդկանց իրական կյանքի և նրանց գործնական դժվարությունների հետ․ սա է մարդկանց փոխվելու միակ ճանապարհը։ Առանց իրական կյանքի մարդիկ չեն կարող փոխակերպվել։ Ի՞նչ օգուտ ունի աղոթքում միայն շուրթերով խոսելը։ Առանց մարդկային բնույթը հասկանալու՝ ամեն ինչ ժամանակի վատնում է, իսկ առանց կիրարկման ուղին ունենալու՝ ամեն ինչ ջանքի վատնում է։ Սովորական աղոթքը կարող է օգնել մարդկանց պահպանել իրենց բնականոն ներքին վիճակը, սակայն դրանով հնարավոր չէ նրանց հիմնավորապես փոխակերպել։ Մարդու՝ սեփական գերազանցության զգացումը, գոռոզությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը և ապականված բնավորությունները ճանաչելը՝ այս ամենը չի գալիս աղոթքի միջոցով․ դրանք բացահայտվում են Աստծու խոսքերը ճաշակելով և ճանաչվում են Սուրբ Հոգու լուսավորմամբ իրական կյանքում։ Այսօր մարդիկ կարողանում են շատ լավ խոսել և լսել են ամենաբարձր քարոզները՝ ավելի բարձր, քան երբևէ եղել են դարերի ընթացքում, բայց դրանցից շատ քիչն է իրականում կիրառվում նրանց առօրյա կյանքում։ Այսինքն՝ նրանց իրական կյանքում Աստված չկա․ նրանք չունեն նոր մարդու կյանքը փոխակերպումից հետո։ Նրանք չեն ապրում ճշմարտությունն իրական կյանքում, ոչ էլ Աստծուն բերում իրենց իրական կյանք։ Նրանք ապրում են ինչպես դժոխքի զավակներ։ Մի՞թե սա աչք ծակող շեղում չէ։

Բնականոն մարդու կերպարը վերականգնելու, այսինքն՝ բնականոն մարդկայնության հասնելու համար մարդիկ չեն կարող պարզապես իրենց խոսքերով գոհացնել Աստծուն։ Այդպես վարվելով՝ նրանք միայն վնասում են իրենց, և դա չի նպաստում նրանց մուտքին կամ փոխակերպմանը։ Ուստի, փոխակերպմանը հասնելու համար մարդիկ պետք է քիչ-քիչ վարժվեն։ Նրանք պետք է մտնեն դանդաղ, փնտրեն և ուսումնասիրեն աստիճանաբար, մտնեն՝ ցուցաբերելով դրական մոտեցում, և ապրենգործնական կյանքը ճշմարտությամբ, ապրեն սրբի կյանքով։ Դրանից հետո իրական բաները, իրական իրադարձություններն ու իրական միջավայրերը մարդկանց հնարավորություն են տալիս անցնելու գործնական ուսուցում։ Մարդկանցից չի պահանջվում շուրթերով խոսել. փոխարենը՝ նրանք պետք է վարժվեն իրական միջավայրերում։ Սկզբում մարդիկ հասկանում են, որ չնչին արժանիքներ ունեն, ապա, որպես կանոն, ուտում և խմում են Աստծու խոսքերից, ինչպես նաև բնականոն կերպով մտնում ու վարժվում են. միայն այս կերպ նրանք կարող են ձեռք բերել իրականություն, և այսպես մուտքը կարող է նույնիսկ ավելի արագ տեղի ունենալ։ Մարդկանց փոխակերպման համար պետք է լինի որոշ գործնականություն. նրանք պետք է կիրառեն իրական բաներ, իրական իրադարձություններ և իրական միջավայրեր։ Արդյոք հնարավո՞ր է իրական ուսուցում ձեռք բերել՝ ապավինելով միայն եկեղեցական կյանքին։ Կարո՞ղ են մարդիկ այս կերպ մտնել իրականության մեջ։ Ո՛չ։ Եթե մարդիկ չեն կարող մտնել իրական կյանք, ապա չեն կարող փոխել իրենց հին ապրելակերպն ու գործելաձևերը։ Սա ամբողջությամբ պայմանավորված է ոչ թե մարդկանց ծուլությամբ և կախվածության բարձր մակարդակով, այլ այն պատճառով, որ մարդիկ պարզապես չունեն ապրելու կարողություն և, առավել ևս, չեն հասկանում Աստծու սահմանած` բնականոն մարդու կերպարի չափանիշը։ Նախկինում մարդիկ միշտ զրուցում էին, խոսում, հաղորդակցվում, նույնիսկ դառնում էին «հռետորներ», բայց նրանցից ոչ մեկը չէր ձգտում փոխակերպելու իր կյանքի դիրքորոշումը. փոխարենը նրանք կուրորեն հետևում էին խորիմաստ տեսություններին։ Այս պատճառով այսօր մարդիկ պետք է փոխեն իրենց կյանքում Աստծուն հավատալու այս կրոնական ոճը։ Նրանք պետք է մտնեն գործնականության մեջ՝ կենտրոնանալով մեկ իրադարձության, մեկ բանի, մեկ մարդու վրա։ Նրանք պետք է անեն դա կենտրոնացված կերպով. միայն այդժամ կարող են հասնել արդյունքի։ Մարդկանց փոխակերպումը սկսվում է նրանց էության փոփոխությունից։ Աշխատանքը պետք է ուղղված լինի մարդկանց էությանը, նրանց կյանքին, ինչպես նաև նրանց ծուլությանը, կախվածությանը և ստրկամտությանը. միայն այս կերպ նրանք կարող են փոխակերպվել։

Չնայած որոշ ոլորտներում եկեղեցական կյանքը կարող է արդյունքներ տալ, հիմնականը մնում է այն, որ մարդկանց կարող է փոխակերպել իրական կյանքը։ Մարդու հին բնույթը չի կարող փոխակերպվել առանց իրական կյանքի։ Վերցնենք, օրինակ, Հիսուսի աշխատանքը Շնորհքի դարաշրջանում։ Երբ Հիսուսը վերացրեց նախկին օրենքները և հաստատեց նոր դարաշրջանի պատվիրանները, Նա խոսում էր իրական կյանքի օրինակներով։ Երբ Հիսուսը շաբաթ օրն Իր աշակերտներին տանում էր ցորենի արտով, Նրա աշակերտները սովածացան և քաղեցին ցորենի հասկեր՝ ուտելու համար։ Փարիսեցիները տեսան դա և ասացին, որ նրանք չեն պահպանում շաբաթը։ Նրանք նաև ասացին, որ շաբաթ օրը մարդկանց նույնիսկ չի թույլատրվում փրկել փոսն ընկած հորթերին՝ պնդելով, թե այդ օրը որևէ աշխատանք չի կարելի կատարել։ Հիսուսը մեջբերում էր այսպիսի միջադեպեր՝ աստիճանաբար տարածելու նոր դարաշրջանի պատվիրանները։ Այդ ժամանակ Նա շատ գործնական հարցեր էր օգտագործում, որպեսզի օգներ մարդկանց հասկանալ և փոխակերպվել։ Սա է այն սկզբունքը, որով Սուրբ Հոգին իրականացնում է Իր աշխատանքը, և միակ ուղին, որով մարդիկ կարող են փոխակերպվել։ Առանց գործնական հարցերի մարդիկ կարող են միայն տեսական և մտավոր ըմբռնում ձեռք բերել, ինչը փոխակերպման համար արդյունավետ ուղի չէ։ Այս դեպքում ինչպե՞ս կարող է մարդն ուսուցման միջոցով ձեռք բերել իմաստություն և խորաթափանցություն։ Հնարավո՞ր է ձեռք բերել իմաստությունն ու խորաթափանցությունը միայն լսելով, կարդալով և խորացնելով գիտելիքը։ Ինչպե՞ս դա կարող է այդպես լինել։ Մարդիկ պետք է հասկանան և փորձառաբար ապրեն իրական կյանքում։ Հետևաբար մարդը պետք է վարժվի և չհեռանա իրական կյանքից։ Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն տարբեր ուղղությունների, և մուտքը լինի տարբեր ուղղություններով՝ կրթության մակարդակ, արտահայտչականություն, բաները տեսնելու ունակություն, զանազանելու կարողություն, Աստծու խոսքերն ըմբռնելու կարողություն, առողջ դատողություն և մարդկայնության կանոններ, ինչպես նաև մարդկայնությանն առնչվող այլ բաներ, որոնցով մարդիկ պետք է զինված լինեն։ Հասկացողություն ձեռք բերելուց հետո մարդիկ պետք է կենտրոնանան մուտքի վրա, և միայն այդ ժամանակ կարող է փոխակերպում տեղի ունենալ։ Եթե մարդը ձեռք է բերել ըմբռնում, սակայն անտեսում է կիրարկումը, ապա ինչպե՞ս կարող է փոխակերպում տեղի ունենալ։ Ներկայում մարդիկ շատ բան են հասկանում, բայց չեն ապրում իրականության մեջ, և այդ պատճառով նրանց՝ Աստծու խոսքերի հիմնական ըմբռնումը բավարար չէ։ Դու ընդամենն աննշան լուսավորվել ես, ստացել ես Սուրբ Հոգուց մի փոքր լուսավորություն, սակայն չունես մուտք իրական կյանք, կամ գուցե այդ մուտքը քեզ նույնիսկ չի էլ մտահոգում, և այդ պատճառով քո փոխակերպումը նվազում է։ Այսքան երկար ժամանակ հետո մարդիկ շատ բան են հասկանում։ Նրանք կարողանում են շատ խոսել իրենց տեսական գիտելիքների մասին, բայց նրանց արտաքին բնավորությունը մնում է նույնը, և նրանց սկզբնական արժանիքները մնում են, ինչպես որ կային՝ առանց նվազագույն առաջընթացի։ Եթե այդպես է, ապա ե՞րբ ես վերջապես մտնելու իրականության մեջ։

Եկեղեցական կյանքը պարզապես այնպիսի կյանք է, որտեղ մարդիկ հավաքվում են՝ վայելելու Աստծու խոսքերը, և այն կազմում է մարդու կյանքի միայն փոքր մի մասը։ Եթե մարդկանց իրական կյանքն էլ կարողանար նման լինել իրենց եկեղեցական կյանքին՝ ներառելով բնականոն հոգևոր կյանքը, Աստծու խոսքերը բնականոն կերպով վայելելը, բնականոն կերպով աղոթելն ու Աստծուն մոտ լինելը, իրական կյանք ապրելը, որտեղ ամեն ինչ կատարվում է Աստծու մտադրությունների համաձայն, իրական կյանք ապրելը, որտեղ ամեն ինչ իրականացվում է ճշմարտության համաձայն, իրական կյանք ապրելը՝ կիրառելով աղոթքը և անդորրի պահպանումն Աստծու առաջ, օրհներգեր երգելը և պարելը, ապա միայն այսպիսի կյանքը կարող է մարդկանց բերել Աստծու խոսքերի կյանք։ Մարդկանց մեծ մասը կենտրոնանում է միայն եկեղեցական կյանքի մի քանի ժամի վրա՝ առանց «հոգալու» այդ ժամերից դուրս իրենց կյանքի մասին, կարծես դա իրենց չի վերաբերում։ Կան նաև շատերը, ովքեր մտնում են սրբերի կյանք միայն Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս, օրհներգեր երգելիս կամ աղոթելիս, իսկ այդ պահերից դուրս վերադառնում են իրենց հին վիճակին։ Այսպես ապրելը չի կարող փոխակերպել մարդկանց, առավել ևս չի կարող օգնել նրանց ճանաչել Աստծուն։ Աստծուն հավատալիս, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց բնավորությունը փոխակերպվի, ապա նրանք չպետք է կտրվեն իրական կյանքից։ Իրական կյանքում դու պետք է ճանաչես ինքդ քեզ, ապստամբես քո դեմ, գործադրես ճշմարտությունը, ինչպես նաև սովորես սեփական վարքիդ սկզբունքները, առողջ դատողությունն ու կանոնները բոլոր հարցերում՝ նախքան աստիճանական փոխակերպմանը հասնելը։ Եթե կենտրոնանաս միայն տեսական գիտելիքի վրա և ապրես միայն կրոնական ծեսերի մեջ՝ առանց խորանալու իրականության մեջ, առանց մուտք գործելու իրական կյանք, ապա երբեք չես մտնի իրականության մեջ, երբեք չես ճանաչի ինքդ քեզ, ճշմարտությունը կամ Աստծուն և հավիտյան կմնաս կույր ու անգետ։ Աստծու՝ մարդկանց փրկելու գործը չի նշանակում պարզապես թույլ տալ, որ նրանք կարճ ժամանակ անց ապրեն բնականոն մարդկային կյանքով, ոչ էլ միայն փոխել նրանց սխալ պատկերացումներն ու վարդապետությունները։ Հակառակը՝ Նրա նպատակն է փոխել մարդկանց հին բնավորությունը, ամբողջությամբ փոխել նրանց հին ապրելակերպը և փոխել նրանց ողջ հնացած մտածելակերպն ու աշխարհայացքը։ Միայն եկեղեցական կյանքի վրա կենտրոնանալը չի փոխի մարդկանց հին սովորությունները կամ այն հին ձևերը, որոնցով նրանք երկար ժամանակ ապրել են։ Ինչ էլ լինի, մարդիկ չպետք է կտրվեն իրական կյանքից։ Աստված խնդրում է, որ մարդիկ ապրեն բնականոն մարդկայնությամբ իրական կյանքում, ոչ միայն եկեղեցական կյանքում, որ նրանք ապրեն ճշմարտությունն իրական կյանքում, ոչ միայն եկեղեցական կյանքում, և որ նրանք կատարեն իրենց պարտականություններն իրական կյանքում, ոչ միայն եկեղեցական կյանքում։ Իրականություն մտնելու համար պետք է ամեն ինչ ուղղել դեպի իրական կյանք։ Եթե Աստծուն հավատալիս մարդիկ չեն կարողանում ճանաչել իրենց՝ իրական կյանք մտնելով, և եթե չեն կարողանում իրական կյանքում ապրել նորմալ մարդկայնությամբ, ապա նրանք կձախողեն։ Բոլոր նրանք, ովքեր ապստամբում են Աստծու դեմ, չեն կարողանում մտնել իրական կյանք։ Նրանք այն մարդիկ են, ովքեր խոսում են մարդկայնության մասին, բայց ապրում են դևերի բնույթով։ Նրանք այն մարդիկ են, ովքեր խոսում են ճշմարտության մասին, բայց փոխարենն ապրում են վարդապետություններով։ Նրանք, ովքեր չեն կարողանում իրական կյանքում ապրել ճշմարտությամբ, այն մարդիկ են, ովքեր հավատում են Աստծուն, բայց արհամարհանքով մերժվում են Նրա կողմից։ Դու պետք է կիրարկես քո մուտքն իրական կյանք, ճանաչես քո թերությունները, քո ապստամբությունն ու տգիտությունը և ճանաչես քո ոչ բնականոն մարդկայնությունն ու թուլությունները։ Այդպես քո գիտելիքը կմիավորվի քո իրական վիճակի և դժվարությունների հետ։ Միայն այսպիսի գիտելիքն է իրական և կարող է թույլ տալ քեզ իսկապես հասկանալ քո վիճակը և հասնել բնավորության փոխակերպման։

Այժմ, երբ մարդկանց կատարելագործումը պաշտոնապես սկսվել է, դուք պետք է մտնեք իրական կյանք։ Հետևաբար, փոխակերպման հասնելու համար պետք է սկսեք իրական կյանք մուտք գործելուց և աստիճանաբար փոխվեք։ Եթե խուսափում ես բնականոն մարդկային կյանքից և միայն խոսում ես հոգևոր հարցերի շուրջ, ապա ամեն ինչ դառնում է չոր ու տափակ, դառնում է անիրական, և այդ դեպքում ինչպե՞ս կարող են մարդիկ փոխակերպվել։ Այժմ քեզ ասում են, որ մտնես իրական կյանք՝ կիրարկելու համար, որպեսզի հիմք դնես գործնական փորձառության մեջ մտնելու համար։ Սա այն կողմերից մեկն է, որ մարդիկ պետք է իրականացնեն։ Սուրբ Հոգու աշխատանքը հիմնականում ուղղորդելն է, իսկ մնացածը կախված է մարդկանց կիրարկումից և մուտքից։ Յուրաքանչյուր մարդ կարող է մուտք ձեռք բերել իրական կյանք տարբեր ուղիներով, այնպես, որ կարողանա Աստծուն բերել իրական կյանք և ապրել իրական բնականոն մարդկային կյանքով։ Սա կյանքի միակ տեսակն է, որն իմաստ ունի։

Նախորդը.  Բնականոն հոգևոր կյանքի մասին

Հաջորդը.  Իր գործառույթը կատարող յուրաքանչյուրի մասին

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger