Գոյություն ունի՞ արդյոք Երրորդությունը

Հիսուսի` մսեղի դառնալու ճշմարտության ի հայտ գալուց ի վեր մարդը հավատացել է, որ երկնքում կա ոչ միայն Հայրը, այլև Որդին և անգամ Հոգին։ Սա մարդու ունեցած ավանդական պատկերացումն է, որ երկնքում կա այսպիսի մի Աստված՝ եռամիասնական Աստված, որը Հայրն է, Որդին և Սուրբ Հոգին։ Բոլոր մարդիկ ունեն այս պատկերացումները. Աստված մեկ Աստված է, բայց բովանդակում է երեք մաս, որոնք, ըստ ավանդական պատկերացումների մեջ խորապես արմատավորված այս բոլորի, համարվում են Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Միայն այս երեք մասերի միավորումն է Աստծու ամբողջությունը։ Առանց Սուրբ Հոր՝ Աստված ամբողջական չէր լինի։ Նմանապես, Աստված ամբողջական չէր լինի նաև առանց Որդու կամ Սուրբ Հոգու։ Իրենց պատկերացումներում նրանք հավատում են, որ ո՛չ միայն Հայրը, ո՛չ միայն Որդին չեն կարող Աստված համարվել։ Միայն Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին կարող են համարվել Աստված Ինքը։ Այժմ բոլոր կրոնական հավատացյալները և անգամ ձեր մեջ գտնվող ամեն մի հետևորդ ունի այս համոզմունքը։ Սակայն ինչ վերաբերում է այն բանին՝ արդյոք այս համոզմունքը ճիշտ է, ձեզանից ոչ ոք չի կարող բացատրել, քանզի միշտ շփոթության մշուշի մեջ եք Իրեն՝ Աստծուն վերաբերող հարցերում։ Անգամ երբ խոսքը վերաբերում է մարդկային պատկերացումների վրա հիմնված գիտելիքին, չգիտեք՝ արդյոք այն ճիշտ է, թե սխալ, քանզի չափազանց ծանր կերպով վարակվել եք կրոնական պատկերացումներով։ Չափազանց խորն եք ընդունել կրոնի այս ավանդական պատկերացումները, և այս թույնը չափազանց խորն է ներծծվել ձեր մեջ։ Հետևաբար, այս հարցում ևս տեղի եք տվել այս վնասաբեր ազդեցությանը, քանզի եռամիասնական Աստված պարզապես գոյություն չունի։ Այսինքն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու Երրորդությունը պարզապես գոյություն չունի։ Սրանք բոլորը մարդու ավանդական պատկերացումներն են և թյուր համոզմունքները։ Բազում դարերի ընթացքում մարդը հավատացել է այս Երրորդությանը, որը հորինվել է մարդու մտքում առկա պատկերացումներով, մարդն է մոգոնել այն և նախկիկում երբևէ չի տեսել։ Այսքան տարիների ընթացքում եղել են Աստվածաշնչի բազմաթիվ մեկնիչներ, որոնք բացատրել են Երրորդության «ճշմարիտ իմաստը», սակայն եռամիասնական Աստծու՝ որպես երեք տարբեր անձերի նման բացատրությունները եղել են մշուշոտ ու անհասկանալի, և մարդիկ բոլորը շփոթված են «Աստծու» «կառուցվածքից»։ Ոչ մի մեծ մարդ երբևէ ի վիճակի չի եղել հանգամանալից բացատրություն առաջարկելու. բացատրությունների մեծ մասնընդունելի է ողջամտության առումով և թղթի վրա, բայց ոչ մի մարդ լիովին հստակ հասկացողություն չունի դրա իմաստի վերաբերյալ։ Պատճառն այն է, որ այս «մեծ Երրորդությունը», որը մարդը պահում է իր սրտում, պարզապես գոյություն չունի։ Քանզի ոչ ոք երբեք չի տեսել Աստծու ճշմարիտ դեմքը, ոչ էլ որևէ մեկը բավականաչափ բախտ է ունեցել Աստծու կեցարան այցով բարձրանալու, որպեսզի քննի, թե ինչ իրեր կան այն վայրում, որտեղ գտնվում է Աստված, ճշգրտորեն որոշի, թե քանի տասնյակ հազարավոր կամ հարյուր միլիոնավոր սերունդներ կան «Աստծու ընտանիքում», կամ հետազոտի, թե ճիշտ քանի մասից է բաղկացած Աստծու ներհատուկ կառուցվածքը։ Այն, ինչ հիմնականում պետք է քննվի, հետևյալն է. Հոր և Որդու, ինչպես նաև Սուրբ Հոգու տարիքը, յուրաքանչյուր անձի համապատասխան արտաքին տեսքը, թե ճիշտ ինչպես են Նրանք բաժանվում, և ինչպես են Նրանք մեկ դառնում։ Ցավոք, այսքան շատ տարիների ընթացքում ոչ մի մարդ չի կարողացել պարզել այս հարցերին առնչվող իրական փաստերը։ Նրանք բոլորը պարզապես ենթադրություններ են անում, քանզի ոչ մի մարդ երբեք չի բարձրացել երկինք այցի և չի վերադարձել «հետաքննական զեկույցով» ողջ մարդկության համար, որպեսզի զեկուցի հարցին առնչվող իրական փաստերի մասին Երրորդությամբ մտահոգված բոլոր այն ջերմեռանդ ու բարեպաշտ կրոնական հավատացյալներին։ Իհարկե, մարդուն չի կարելի լիովին մեղադրել նման պատկերացումներ ձևավորելու համար, քանզի ինչո՞ւ Հայր Եհովան չվերցրեց Որդի Հիսուսին՝ որպես Իրեն ուղեկից, երբ ստեղծում էր մարդկությանը։ Եթե սկզբում բոլորը կոչվեին Եհովա անունով, ավելի լավ կլիներ։ Եթե պետք է մեղադրել, ապա թող մեղադրվի Եհովա Աստծու ակնթարթային վրիպումը, որ արարչագործության ժամանակ Իր առաջ չկանչեց Որդուն և Սուրբ Հոգուն, այլ Իր գործը կատարեց միայնակ։ Եթե Նրանք բոլորը միաժամանակ գործած լինեին, ապա մի՞թե մեկ չէին դառնա։ Եթե հենց սկզբից մինչև վերջ լիներ միայն Եհովա անունը և ոչ թե Հիսուսի անունը Շնորհքի դարաշրջանից, կամ եթե Նա այն ժամանակ դեռ կոչված լիներ Եհովա, ապա մի՞թե Աստված զերծ մնացած չէր լինի մարդկության կողմից այս բաժանման տառապանքից։ Անշուշտ, Եհովային չի կարելի մեղադրել այս ամենի համար. եթե պետք է մեղադրել, ապա թող մեղադրվի Սուրբ Հոգին, որ հազարավոր տարիներ շարունակեց Իր գործը Եհովայի, Հիսուսի և անգամ Սուրբ Հոգու անունով՝ այնպես շփոթեցնելով ու խճճելով մարդուն, որ վերջինը չկարողացավ ճշգրտորեն իմանալ, թե ով է Աստված։ Եթե Սուրբ Հոգին Ինքը գործեր առանց ձևի կամ պատկերի, և որ ավելի կարևոր է՝ առանց Հիսուսի նման անվան, և մարդը չկարողանար ո՛չ դիպչել, ո՛չ տեսնել Նրան՝ լսելով միայն որոտի ձայներ, ապա մի՞թե այս տեսակի գործն ավելի օգտակար չէր լինի մարդկության համար։ Այսպիսով՝ հիմա ի՞նչ կարելի է անել։ Մարդու պատկերացումները դիզվել են լեռան պես բարձր և ծովի պես լայն, այն աստիճանի, որ ներկայիս Աստված այլևս չի կարող հանդուրժել դրանք և լիովին շվարած է։ Անցյալում, երբ կային միայն Եհովան, Հիսուսը և Նրանց միջև՝ Սուրբ Հոգին, մարդն արդեն իսկ շվարած էր, թե ինչպես հաղթահարի, իսկ հիմա ավելացել է Ամենակարողը, որ, ինչպես անգամ ասվում է, նույնպես «Աստծու մի մասն է»։ Ո՞վ գիտի, թե ով է Նա, և Երրորդության որ անձի մեջ է Նա միախառնված կամ թաքնված եղել կարևոր չէ, թե որքան տարի։ Ինչպե՞ս կարող է մարդը տանել սա։ Միայն եռամիասնական Աստված բավական էր, որ մարդն իր ողջ կյանքը ծախսեր այն բացատրելու վրա, իսկ հիմա կա «մեկ Աստված չորս անձով»։ Ինչպե՞ս կարելի է սա բացատրել։ Կարո՞ղ ես բացատրել դա։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր։ Ինչպե՞ս եք հավատացել այսպիսի Աստծուն մինչև այսօր։ Ես իսկապես հիանում եմ ձեզնով։ Եռամիասնական Աստվածն արդեն իսկ բավական էր տանելու համար. ինչպե՞ս կարող էիք նման անսասան հավատ ունենալ այս մեկ Աստծու հանդեպ՝ չորս անձով։ Ձեզ հարկադրել են դուրս գալ, սակայն հրաժարվում եք։ Որքա՜ն աներևակայելի է։ Իսկապես զարմացնո՜ւմ եք։ Մարդը կարող է իրականում այնքան հեռու հասնել, որ հավատա «չորս Աստծու» և կարևորություն չտա դրան. մի՞թե չեք կարծում, որ սա հրաշք է։ Ձեզ նայելով՝ ոչ ոք չէր իմանա, որ ի վիճակի եք նման մեծ հրաշք գործելու։ Թույլ տվեք Ինձ ասել ձեզ, որ իրականում «եռամիասնական Աստվածը» գոյություն չունի ոչ մի տեղ՝ վերևում կամ ողջ տիեզերքում։ Աստված չունի ո՛չ Հայր, ո՛չ Որդի, և առավել ևս գոյություն չունի այն հասկացությունը, թե Հայրը և Որդին համատեղ օգտագործում են Սուրբ Հոգին որպես գործիք։ Այս ամենն աշխարհի ամենամեծ մոլորությունն է և պարզապես գոյություն չունի։ Սակայն անգամ նման մոլորությունն ունի իր ծագումը և լիովին անհիմն չէ, քանզի ձեր մտքերն այնքան էլ պարզ չեն, և ձեր այս մտահղացումներն անհիմն չեն։ Ընդհակառակը, դրանք բավական տեղին են և հնարամիտ, այնքան, որ անխոցելի են անգամ ցանկացած Սատանայի համար։ Ափսոս, որ այս մտահղացումները բոլորը մոլորություններ են և պարզապես գոյություն չունեն։ Դուք բոլորովին չեք տեսել իրական փաստերը, ինչպիսին որ դրանք են. պարզապես տրամաբանում և երևակայում եք, ապա այդ ամենը հորինում եք որպես մի պատմություն՝ ուրիշների վստահությունը նենգությամբ շահելու և առանց խելքի կամ ողջամտության ամենահիմար մարդկանց վրա գերիշխանություն ձեռք բերելու համար, որպեսզի նրանք հավատան ձեր մեծ ու հռչակավոր «փորձագիտական ուսմունքներին»։ Սա ճշմարտությո՞ւն է։ Սա՞ է կյանքի այն ճանապարհը, որը մարդը պետք է ըմբռնի։ Այս ամենն անհեթեթությո՛ւն է։ Ոչ մի բառ տեղին չէ։ Այսքան շատ տարիների ընթացքում Աստված այսպես բաժանվել է ձեր կողմից՝ յուրաքանչյուր սերնդի հետ ավելի ու ավելի մանրանալով, այն աստիճանի, որ մեկ Աստված բացահայտորեն բաժանվել է երեք Աստծու։ Եվ հիմա մարդու համար պարզապես անհնար է վերամիավորել Աստծուն որպես մեկ, քանզի Նրան չափազանց մանր եք բաժանել։ Եթե չլիներ Իմ հրատապ գործը՝ նախքան չափազանց ուշ լինելը, դժվար է ասել, թե որքան երկար հանդգնորեն կշարունակեիք այսպես։ Շարունակելով Աստծուն այսպես բաժանել՝ ինչպե՞ս կարող է Նա դեռևս լինել ձեր Աստվածը։ Դեռ կճանաչեի՞ք Աստծուն։ Դեռ կգտնեի՞ք ձեր ակունքները և կվերադառնայի՞ք ձեր արմատներին։ Եթե Ես մի փոքր ավելի ուշ ժամանած լինեի, հավանական է, որ «Հորն ու Որդուն»՝ Եհովային և Հիսուսին, հետ կուղարկեիք Իսրայել և կպնդեիք, որ ինքներդ Աստծու մի մասն եք։ Բարեբախտաբար, հիմա վերջին օրերն են։ Վերջապես եկավ այս օրը, որին Ես երկար սպասել էի, և միայն Իմ գալով՝ անձամբ կատարելու գործի այս փուլը, դադարեցվեց ձեր՝ Իրեն Աստծուն բաժանելը։ Եթե սա չլիներ, ավելի կվատթարանայիք՝ անգամ ձեր մեջ եղած բոլոր Սատանաներին դնելով ձեր սեղաններին՝ պաշտելու համար։ Սա ձեր հնարքն է։ Սա Աստծուն բաժանելու ձեր միջոցն է։ Հիմա կշարունակե՞ք այդպես վարվել։ Թույլ տվեք Ինձ հարցնել ձեզ՝ քանի՞ Աստված կա։ Ո՞ր Աստվածը ձեզ փրկություն կբերի։ Առաջի՞ն Աստվածն է, երկրո՞րդը, թե՞ երրորդը, որին միշտ աղոթում եք։ Ո՞ր մեկին եք միշտ հավատում։ Հո՞րը։ Թե՞ Որդուն։ Թե՞ Հոգուն։ Ասա Ինձ՝ որ մեկին ես հավատում։ Թեև ձեր ամեն բառով ասում եք, որ հավատում եք Աստծուն, այն, ինչին իրականում հավատում եք, ձեր սեփական ուղեղներն են։ Պարզապես Աստվա՛ծ չունեք ձեր սրտերում։ Եվ այնուամենայնիվ, ձեր մտքերում կան բազմաթիվ նման «Երրորդություննե՛ր»։ Մի՞թե համաձայն չեք։

Եթե գործի երեք փուլերը գնահատվեն Երրորդության այս հասկացության համաձայն, ապա պետք է լինի երեք Աստված, քանի որ ամեն մեկի կատարած գործը նույնը չէ։ Եթե ձեզանից որևէ մեկն ասում է, որ Երրորդությունն իսկապես գոյություն ունի, ապա բացատրե՛ք, թե կոնկրետ ինչ է այս մեկ Աստվածը՝ երեք անձով։ Ի՞նչ է Սուրբ Հայրը։ Ի՞նչ է Որդին։ Ի՞նչ է Սուրբ Հոգին։ Եհովան Սուրբ Հա՞յրն է։ Արդյո՞ք Հիսուսը Որդին է։ Այդ դեպքում ի՞նչ կասեք Սուրբ Հոգու մասին։ Մի՞թե Հայրը Հոգի չէ։ Մի՞թե Որդու էությունը նույնպես Հոգի չէ։ Մի՞թե Հիսուսի գործը Սուրբ Հոգու գործը չէր։ Մի՞թե այն ժամանակ Եհովայի գործը չէր կատարվում նույն Հոգու կողմից, ինչ Հիսուսինը։ Քանի՞ Հոգի կարող է ունենալ Աստված։ Քո բացատրության համաձայն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու երեք անձերը մեկ են․ եթե դա այդպես է, ապա կա երեք Հոգի, բայց երեք Հոգի ունենալ նշանակում է՝ կա երեք Աստված, ինչը չէր լինի միակ ճշմարիտ Աստված։ Ինչպե՞ս կարող է այսպիսի Աստված դեռևս ունենալ Աստծու ներհատուկ էությունը։ Եթե ընդունում ես, որ կա միայն մեկ Աստված, ապա ինչպե՞ս կարող է Նա ունենալ որդի կամ հայր։ Մի՞թե սրանք բոլորը պարզապես քո պատկերացումները չեն։ Կա միայն մեկ Աստված, միայն մեկ անձ այս Աստծու մեջ և Աստծու միայն մեկ Հոգի, ինչպես գրված է Աստվածաշնչում, որ «Կա միայն մեկ Սուրբ Հոգի և միայն մեկ Աստված»։ Անկախ նրանից՝ արդյոք Հայրն ու Որդին, որոնց մասին խոսում ես, գոյություն ունեն, ի վերջո կա միայն մեկ Աստված, և Հոր, Որդու և Սուրբ Հոգու էությունը, որին հավատում եք, Սուրբ Հոգու էությունն է։ Այլ կերպ ասած՝ Աստված Հոգի է, բայց Նա ի վիճակի է մսեղի դառնալու և ապրելու մարդկանց մեջ, ինչպես նաև լինել ամեն բանից վեր։ Նրա Հոգին համընդգրկուն է և ամենագո։ Նա կարող է միաժամանակ լինել մսեղիի մեջ և ողջ տիեզերքում ու դրանից վեր։ Քանի որ բոլոր մարդիկ ասում են, որ Աստված միակ ճշմարիտ Աստված է, ուրեմն կա մեկ Աստված, որը ոչ մեկի կողմից կամայականորեն բաժանելի չէ՛։ Աստված միայն մեկ Հոգի է և միայն մեկ անձ, ու դա Աստծու Հոգին է։ Եթե այնպես է, ինչպես ասում ես՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, ապա մի՞թե Նրանք երեք Աստված չեն։ Սուրբ Հոգին մի բան է, Որդին՝ մեկ այլ, իսկ Հայրը՝ բոլորովին այլ։ Նրանց անձերը տարբեր են, և Նրանց էությունները տարբեր են, ուստի ինչպե՞ս կարող է Նրանցից յուրաքանչյուրը լինել մեկ Աստծու մաս։ Սուրբ Հոգին Հոգի է․ սա հեշտ է մարդու համար հասկանալ։ Եթե դա այդպես է, ապա Հայրն առավել ևս Հոգի է։ Նա երբեք չի իջել երկիր և երբեք մսեղի չի դարձել․ Նա Եհովա Աստված է մարդու սրտում, և Նա, անշուշտ, նույնպես Հոգի է։ Այդ դեպքում ինչպիսի՞ն է հարաբերությունն այս Հոգու և Սուրբ Հոգու միջև։ Արդյո՞ք դա Հոր և Որդու միջև հարաբերությունն է։ Թե՞ դա Սուրբ Հոգու և Հոր Հոգու միջև հարաբերությունն է։ Արդյո՞ք յուրաքանչյուր Հոգու էությունը նույնն է։ Թե՞ Սուրբ Հոգին Հոր գործիքն է։ Ինչպե՞ս կարելի է սա բացատրել։ Եվ այդ դեպքում ինչպիսի՞ն է հարաբերությունը Որդու և Սուրբ Հոգու միջև։ Արդյո՞ք դա երկու Հոգիների միջև հարաբերություն է, թե՞ մարդու և Հոգու միջև հարաբերություն։ Սրանք բոլորն այնպիսի հարցեր են, որոնք չե՛ն կարող բացատրություն ունենալ։ Եթե Նրանք բոլորը մեկ Հոգի են, ապա չի կարող խոսք լինել երեք անձերի մասին, քանզի Նրանք օժտված են մեկ Հոգով։ Եթե լինեին տարբեր անձեր, ապա Նրանց Հոգիները կտարբերվեին ուժով, և Նրանք պարզապես չէին կարող լինել մեկ եզակի Հոգի։ Հոր, Որդու և Սուրբ Հոգու այս հասկացությունն ամենաանհեթե՛թն է։ Սա մասնատում է Աստծուն և բաժանում Նրան երեք անձերի, որոնցից յուրաքանչյուրն ունի կարգավիճակ և Հոգի․ այդ դեպքում ինչպե՞ս կարող է Նա դեռևս լինել մեկ Հոգի և մեկ Աստված։ Ասա՛ Ինձ, երկինքներն ու երկիրը և բոլոր բաները ստեղծվել են Հո՞ր, Որդո՞ւ, թե՞ Սուրբ Հոգու կողմից։ Ոմանք ասում են, որ Նրանք ստեղծել են այդ ամենը միասին։ Այդ դեպքում ո՞վ փրկագնեց մարդկությանը։ Սուրբ Հոգի՞ն էր դա, Որդի՞ն, թե՞ Հայրը։ Ոմանք ասում են՝ Որդին էր, որ փրկագնեց մարդկությանը։ Այդ դեպքում ո՞վ է Որդին ըստ էության։ Մի՞թե Նա Աստծու Հոգու մարմնացած մսեղին չէ։ Մսեղին երկնքում գտնվող Աստծուն կոչում է Հայր անունով՝ արարածի տեսանկյունից։ Մի՞թե տեղյակ չես, որ Հիսուսը ծնվել է Սուրբ Հոգու հղացմամբ։ Նրա ներսում Սուրբ Հոգին է. ինչ էլ որ ասես, Նա դեռևս մեկ է երկնքում գտնվող Աստծու հետ, քանզի Նա Աստծու Հոգու մարմնացած մսեղին է։ Որդու մասին այս գաղափարը պարզապես ճշմարիտ չէ։ Մեկ Հոգի է, որ իրականացնում է ողջ գործը, Աստված Ինքն է, որ իրականացնում է այն, այսինքն՝ Աստծու Հոգին է, որ կատարում է գործը։ Ո՞վ է Աստծու Հոգին։ Մի՞թե դա Սուրբ Հոգին չէ։ Մի՞թե Սուրբ Հոգին չէ, որ գործում է Հիսուսի մեջ։ Եթե գործը չիրականացվեր Սուրբ Հոգու (այսինքն՝ Աստծու Հոգու) կողմից, ապա կարո՞ղ էր արդյոք Նրա գործը ներկայացնել Իրեն՝ Աստծուն։ Երբ Հիսուսն աղոթելիս երկնքում գտնվող Աստծուն կոչեց Հայր անունով, դա արվեց միայն արարածի տեսանկյունից, միայն այն պատճառով, որ Աստծու Հոգին հագել էր սովորական ու բնականոն մսեղի և ուներ արարածի արտաքին պատյան։ Թեև Նրա ներսում Աստծու Հոգին էր, Նրա արտաքին տեսքը դեռևս բնականոն մարդու տեսք էր. այլ կերպ ասած՝ Նա դարձել էր «մարդու Որդին», որի մասին խոսում էին բոլոր մարդիկ, այդ թվում՝ Ինքը՝ Հիսուսը։ Հաշվի առնելով, որ Նա կոչվում է մարդու Որդի՝ Նա մի անձ է (անկախ նրանից՝ տղամարդ, թե կին, ամեն դեպքում մեկը, ով ունի մարդկային էակի արտաքին պատյան), որը ծնվել է սովորական մարդկանց բնականոն ընտանիքում։ Հետևաբար, Հիսուսի՝ երկնքում գտնվող Աստծուն Հայր անունով կոչելը նույնն էր, ինչպես սկզբում Նրան Հայր էիք կոչում․ Նա դա արեց արարածի տեսանկյունից։ Դեռ հիշո՞ւմ եք Տերունական աղոթքը, որը Հիսուսը սովորեցրեց ձեզ անգիր անել։ «Հայր մեր, որ երկնքում ես…»։ Նա խնդրեց բոլոր մարդկանց երկնքում գտնվող Աստծուն կոչել Հայր անունով։ Եվ քանի որ Նա նույնպես Նրան Հայր կոչեց, դա արեց մեկի տեսանկյունից, որը հավասար հիմքերի վրա է կանգնած ձեզ բոլորիդ հետ։ Քանի որ երկնքում գտնվող Աստծուն կոչեցիք Հայր անունով, Հիսուսըտեսավ Իրեն ձեզ հետ հավասար դիրքում և որպես Աստծու կողմից ընտրված մարդ երկրի վրա (այսինքն՝ Աստծու Որդի)։ Եթե Աստծուն Հայր եք կոչում, մի՞թե դրա պատճառն այն չէ, որ արարածներ եք։ Որքան էլ մեծ լիներ Հիսուսի իշխանությունը երկրի վրա, խաչելությունից առաջ Նա պարզապես մարդու Որդի էր՝ ղեկավարվող Սուրբ Հոգու (այսինքն՝ Աստծու) կողմից, և երկրի արարածներից մեկը, քանզի Նա դեռ պետք է ավարտեր Իր գործը։ Հետևաբար, Նրա՝երկնքում գտնվող Աստծուն Հայր կոչելը բացառապես Նրա խոնարհությունն ու հնազանդությունն էր։ Աստծուն (այսինքն՝ երկնքում գտնվող Հոգուն) նման կերպ դիմելը, սակայն, չի ապացուցում, որ Նա երկնքում գտնվող Աստծու Հոգու Որդին էր։ Ավելի շուտ, պարզապես Նրա տեսանկյունն էր տարբեր, ոչ թե Նա էր տարբեր անձ։ Տարբեր անձերի գոյությունը մոլորությո՛ւն է։ Իր խաչելությունից առաջ Հիսուսը մարդու Որդի էր՝ կաշկանդված մսեղիի սահմանափակումներով, և Նա լիովին չէր տիրապետում Հոգու իշխանությանը։ Ահա թե ինչու Նա կարող էր միայն փնտրել Հայր Աստծու մտադրություններն արարածի տեսանկյունից։ Դա այնպես է, ինչպես Նա երեք անգամ աղոթեց Գեթսեմանիում. «Ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու»։ Նախքան խաչի վրա դրվելը, Նա միայն հրեաների Թագավորն էր, մարդու Որդին, Քրիստոսը և ոչ թե փառքի մարմին։ Այդ իսկ պատճառով Նա Աստծուն Հայր կոչեց արարածի տեսանկյունից։ Այժմ չես կարող ասել, որ բոլոր նրանք, ովքեր Աստծուն Հայր են կոչում, Որդին են։ Եթե դա այդպես լիներ, ապա մի՞թե բոլորդ Որդին դարձած չէիք լինի, երբ Հիսուսը ձեզ սովորեցրեց Տերունական աղոթքը։ Եթե դեռ համոզված չեք, ապա ասացե՛ք Ինձ, ո՞վ է այն մեկը, ում Հայր եք կոչում։ Եթե նկատի ունեք Հիսուսին, ապա ո՞վ է Հիսուսի Հայրը ձեզ համար։ Հիսուսի հեռանալուց հետո Հոր և Որդու այս գաղափարն այլևս չկար։ Այս գաղափարը տեղին էր միայն այն տարիների համար, երբ Հիսուսը մսեղի դարձավ․ բոլոր այլ հանգամանքներում հարաբերությունն Արարչի և արարածի միջև է, երբ Աստծուն Հայր եք կոչում։ Չկա որևէ ժամանակ, երբ Հոր, Որդու և Սուրբ Հոգու Երրորդության այս գաղափարը կարող է կանգուն մնալ․ դա դարերի ընթացքում հազվադեպ հանդիպող մոլորություն է և գոյություն չունի՛։

Սա կարող է շատերին հիշեցնել Աստծու խոսքերը Ծննդոցից․ «Մարդ ստեղծենք ըստ Մեր պատկերի և նմանության» (ԾՆՈՒՆԴ 1:26)։ Հաշվի առնելով, որ Աստված ասում է՝ «մարդ ստեղծենք ըստ Մեր պատկերի», ապա «Մեր»-ը ցույց է տալիս երկու կամ ավելի․ քանի որ Նա նշել է «Մեր», ուրեմն միայն մեկ Աստված չէ, որ կա։ Այսպիսով՝ մարդն սկսեց մտածել վերացական տարբեր անձերի մասին, և այս խոսքերից ծագեց Հոր, Որդու և Սուրբ Հոգու գաղափարը։ Այդ դեպքում ինչպիսի՞ն է Հայրը։ Ինչպիսի՞ն է Որդին։ Եվ ինչպիսի՞ն է Սուրբ Հոգին։ Հնարավո՞ր է արդյոք, որ այսօրվա մարդկությունը ստեղծվել է մեկի պատկերով՝ միավորված երեքից։ Այդ դեպքում մարդու պատկերը նման է Հո՞ր, Որդո՞ւ, թե՞ Սուրբ Հոգու պատկերին։ Աստծու անձերից ո՞ր մեկի պատկերով է մարդը։ Մարդու այս գաղափարը պարզապես սխալ է և անհեթե՛թ։ Այն կարող է միայն մեկ Աստծուն բաժանել մի քանի Աստվածների։ Այն ժամանակ, երբ Մովսեսը գրեց Ծննդոցը, դա մարդկության ստեղծումից հետո էր, որ հաջորդել էր աշխարհի արարմանը։ Ամենասկզբում, երբ Աստված ստեղծեց աշխարհը, Մովսեսը գոյություն չուներ։ Եվ միայն շատ ավելի ուշ Մովսեսը գրեց Աստվածաշունչը, ուստի ինչպե՞ս կարող էր նա իմանալ, թե ինչ էր խոսում երկնքում գտնվող Աստված։ Նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես Աստված ստեղծեց աշխարհը։ Աստվածաշնչի Հին Կտակարանում ոչ մի հիշատակում չկա Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, այլ միայն միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին, որ Իր գործն իրականացնում էր Իսրայելում։ Դարաշրջանի փոփոխությանը զուգընթաց Աստված կոչվում է տարբեր անուններով, բայց դա չի կարող ապացուցել, որ յուրաքանչյուր անուն վերաբերում է տարբեր անձի։ Եթե դա այդպես լիներ, ապա մի՞թե Աստծու մեջ անթիվ անձեր չէին լինի։ Այն, ինչ գրված է Հին Կտակարանում, Եհովայի գործն է՝ Իր՝ Աստծու գործի մի փուլ, որը սկսվեց Օրենքի դարաշրջանում։ Դա Աստծու այն գործն էր, որում Նա խոսում էր, և այն կյանքի էր կոչվում, Նա հրամայում էր, և հաստատվում էր։ Եհովան երբեք չի ասել, որ Ինքը Հայրն է, որ եկել է գործ կատարելու, ոչ էլ երբևէ մարգարեացել է Որդու գալստյան մասին՝ մարդկությանը փրկագնելու։ Երբ եկավ Հիսուսի ժամանակը, ասվեց միայն, որ Աստված մսեղի է դարձել՝ ողջ մարդկությանը փրկագնելու, ոչ թե Որդին է եկել։ Քանի որ դարաշրջանները նման չեն, և այն գործը, որն Աստված Ինքը մտադիր է անել, նույնպես տարբերվում է, Նա պետք է Իր գործն իրականացնի տարբեր ոլորտներում։ Այսպիսով՝ այն ինքնությունը, որը Նա ներկայացնում է, նույնպես տարբերվում է։ Մարդը հավատում է, որ Եհովան Հիսուսի Հայրն է, բայց իրականում Հիսուսը չընդունեց դա՝ ասելով․ «Մենք երբեք չենք տարբերակվել որպես Հայր և Որդի․ Ես և երկնքում գտնվող Հայրը մեկ ենք։ Հայրն Իմ մեջ է, և Ես՝ Հոր մեջ․ երբ մարդը տեսնում է Որդուն, նա տեսնում է երկնային Հորը»։ Ի վերջո լինի դա Հայրը, թե Որդին, Նրանք մեկ Հոգի են՝ չբաժանված առանձին անձերի։ Երբ մարդը փորձում է բացատրել, հարցերը բարդանում են տարբեր անձերի գաղափարով, ինչպես նաև Հոր, Որդու և Հոգու միջև հարաբերությամբ։ Երբ մարդը խոսում է առանձին անձերի մասին, մի՞թե դա չի նյութականացնում Աստծուն։ Մարդն անգամ դասակարգում է անձերին որպես առաջին, երկրորդ և երրորդ․ սրանք բոլորը բացառապես մարդու երևակայություններն են, որոնք արժանի չեն հիշատակման և լիովին անիրատեսակա՛ն են։ Եթե հարցնեիր նրան՝ «Քանի՞ Աստված կա», նա կասեր, որ Աստված միակ ճշմարիտ Աստված է, որ բաղկացած է Հոր, Որդու և Սուրբ Հոգու Երրորդությունից։ Եթե շարունակեիր հարցնել՝ «Ո՞վ է Հայրը», նա կասեր՝ «Հայրը երկնքում գտնվող Աստծու Հոգին է․ Նա ղեկավարում է ամեն ինչ և երկնքի Տերն է»։ «Այդ դեպքում արդյո՞ք Եհովան Հոգին է»։ Նա կասեր՝ «Այո՛»։ Եթե այնուհետև հարցնեիր նրան՝ «Ո՞վ է Որդին», նա կասեր, որ Հիսուսն է Որդին, իհարկե։ «Այդ դեպքում ո՞րն է Հիսուսի պատմությունը։ Որտեղի՞ց է Նա եկել»։ Նա կասեր․ «Հիսուսը ծնվել է Մարիամից՝ Սուրբ Հոգու հղացմամբ»։ Այդ դեպքում մի՞թե Նրա էությունը նույնպես Հոգին չէ։ Մի՞թե Նրա գործը նույնպես չի ներկայացնում Սուրբ Հոգուն։ Եհովան Հոգին է, և նույնն է նաև Հիսուսի էությունը։ Այժմ՝ վերջին օրերում, ավելի քիչ կարիք կա ասելու, որ դա, միևնույն է, Հոգին է․ ինչպե՞ս կարող էին Նրանք տարբեր անձեր լինել։ Մի՞թե դա պարզապես Աստծու Հոգին չէ, որն իրականացնում է Հոգու գործը տարբեր տեսանկյուններից։ Որպես այդպիսին, անձերի միջև տարբերություն չկա։ Հիսուսը հղացվել էր Սուրբ Հոգուց, և, անկասկած, Նրա գործը ճիշտ Սուրբ Հոգու գործն էր։ Եհովայի կողմից իրականացված գործի առաջին փուլում Նա ո՛չ մսեղի դարձավ, ո՛չ հայտնվեց մարդուն։ Ուստի մարդը երբեք չտեսավ Նրա արտաքինը։ Որքան էլ մեծ և բարձրահասակ լիներ, Նա դեռևս Հոգին էր՝ Աստված Ինքը, որ սկզբում ստեղծեց մարդուն։ Այսինքն՝ Նա Աստծու Հոգին էր։ Նա խոսեց մարդու հետ ամպերի միջից՝ լինելով պարզապես Հոգի, և ոչ ոք չտեսավ Նրա արտաքինը։ Միայն Շնորհքի դարաշրջանում, երբ Աստծու Հոգին եկավ մսեղիի մեջ և մարմնացավ Հրեաստանում, մարդն առաջին անգամ տեսավ Աստծու մարմնացած մսեղիի պատկերը՝ որպես հրեա։ Նրա մեջ Եհովայից ոչինչ չկար։ Սակայն Նա հղացվել էր Սուրբ Հոգուց, այսինքն՝ հղացվել էր Իր՝ Եհովայի Հոգուց, և Հիսուսն առավել ևս ծնվեց որպես Աստծու Հոգու մարմնավորում։ Այն, ինչ մարդը տեսավ այն ժամանակ, Սուրբ Հոգին էր, որն աղավնու պես իջնում էր Հիսուսի վրա․ դա բացառապես Հիսուսին պատկանող Հոգին չէր, այլ ավելի շուտ՝ Սուրբ Հոգին։ Այդ դեպքում կարո՞ղ է արդյոք Հիսուսի Հոգին բաժանվել Սուրբ Հոգուց։ Եթե Հիսուսը Հիսուսն է՝ Որդին, իսկ Սուրբ Հոգին Սուրբ Հոգին է, ապա ինչպե՞ս կարող էին Նրանք մեկ լինել։ Եթե այդպես լիներ, գործը չէր կարող իրականացվել։ Հիսուսի ներսում գտնվող Հոգին, երկնքում գտնվող Հոգին և Եհովայի Հոգին բոլորը մեկ են։ Այն կոչվում է Սուրբ Հոգի, Աստծու Հոգի, յոթնապատիկ զորացած Հոգի և համընդգրկուն Հոգի։ Աստծու Հոգին կարող է շատ գործեր իրականացնել։ Նա ի վիճակի է ստեղծելու աշխարհը և կործանելու այն՝ ջրհեղեղի տակ առնելով երկիրը․ Նա կարող է փրկագնել ողջ մարդկությանը և առավել ևս՝ կարող է նվաճել և կործանել ողջ մարդկությանը։ Այս գործն ամբողջությամբ իրականացվում է Իր՝ Աստծու կողմից, և Աստծու անձերից որևէ մեկը չի կարող անել դա Նրա փոխարեն։ Նրա Հոգին կարող է կոչվել Եհովայի և Հիսուսի անունով, ինչպես նաև Ամենակարող։ Նա Տերն է և Քրիստոսը։ Նա կարող է նաև դառնալ մարդու Որդի։ Նա երկնքում է և նաև երկրի վրա․ Նա տիեզերքներից վեր է և բյուրավոր մարդկանց մեջ։ Նա երկնքի և երկրի միա՛կ Տերն է։ Արարչագործության ժամանակներից մինչև հիմա այս գործն իրականացվել է Իր՝ Աստծու Հոգու կողմից։ Լինի դա գործը երկնքում, թե մսեղիի մեջ, ամեն ինչ իրականացվում է Նրա ներհատուկ Հոգու կողմից։ Բոլոր արարածները, լինեն երկնքում, թե երկրի վրա, Նրա ամենակարող ձեռքի ափի մեջ են․ այս ամենն Իր՝ Աստծու գործն է, և ուրիշ ոչ ոք չի կարող անել դա Նրա փոխարեն։ Երկնքում Նա Հոգին է, բայց նաև Աստված Ինքը․ մարդկանց մեջ Նա մսեղի է, բայց մնում է Աստված Ինքը։ Թեև Նա կարող է կոչվել հարյուր հազարավոր անուններով, միևնույն է, Ինքն է, և Նրա ողջ գործը Նրա Հոգու անմիջական արտահայտությունն է։ Ողջ մարդկության փրկագնումը Նրա խաչելության միջոցով Նրա Հոգու անմիջական գործն էր, և նույնն է նաև բոլոր ազգերին ու երկրներին տրված ուղեցույցը վերջին օրերում։ Բոլոր ժամանակներում Աստված կարող է կոչվել միայն ամենակարող միակ ճշմարիտ Աստված, համընդգրկուն Աստված Ինքը։ Աստծու մեջ այս անձերն ընդհանրապես գոյություն չունեն, առավել ևս՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու այս գաղափարը։ Կա միայն մե՛կ Աստված երկնքում և երկրի վրա։

Աստծու տնօրինման ծրագիրն ընդգրկում է վեց հազար տարի և բաժանված է երեք դարաշրջանների՝ հիմնված Նրա գործի տարբերությունների վրա․ առաջին դարաշրջանը Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանն է, երկրորդը՝ Շնորհքի դարաշրջանը, իսկ երրորդը վերջին օրերինն է՝ Թագավորության դարաշրջանը։ Յուրաքանչյուր դարաշրջանում ներկայացվում է տարբեր ինքնություն։ Սրա պատճառը միայն գործի տարբերությունն է, այսինքն՝ գործի պահանջները։ Օրենքի դարաշրջանում գործի առաջին փուլն իրականացվեց Իսրայելում, իսկ փրկագնման գործի երկրորդ փուլն ավարտվեց Հրեաստանում։ Փրկագնման գործի համար Հիսուսը ծնվեց Սուրբ Հոգու հղացմամբ և որպես միակ Որդի։ Այս ամենը գործի պահանջների պատճառով էր։ Վերջին օրերին Աստված ցանկանում է տարածել Իր գործը հեթանոս ազգերի մեջ և նվաճել այնտեղի մարդկանց, որպեսզի Իր անունը մեծ լինի նրանց մեջ։ Նա ցանկանում է ուղղորդել մարդուն՝ հասկանալու և մտնելու ողջ ճշմարտության մեջ։ Այս ողջ գործն իրականացվում է մեկ Հոգու կողմից։ Թեև Նա գուցե դա անում է տարբեր տեսանկյուններից, գործի բնույթն ու սկզբունքները մնում են նույնը։ Երբ դիտարկես Նրանց իրականացրած գործի սկզբունքներն ու բնույթը, ապա կիմանաս, որ այն ամբողջությամբ արվում է մեկ Հոգու կողմից։ Միևնույն է, ոմանք գուցե ասեն․ «Հայրը Հայրն է, Որդին Որդին է, Սուրբ Հոգին Սուրբ Հոգին է, և ի վերջո Նրանք մեկ կդառնան»։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է Նրանց մեկ դարձնես։ Ինչպե՞ս կարող են Հայրը և Սուրբ Հոգին մեկ դառնալ։ Եթե Նրանք ի սկզբանե երկուսն էին, ապա ինչպես էլ որ միանան, մի՞թե չեն մնա երկու մաս։ Երբ խոսում ես երկու մասերը մեկ դարձնելու մասին, մի՞թե դա պարզապես երկու առանձին մասերի միացում չէ՝ մեկ ամբողջություն ստեղծելու համար։ Բայց մի՞թե Նրանք երկու մաս չէին՝ նախքան ամբողջություն դառնալը։ Յուրաքանչյուր Հոգի ունի տարբեր էություն, և երկու Հոգիներ չեն կարող վերածվել մեկ եզակիի։ Հոգին նյութական առարկա չէ և նման չէ նյութական աշխարհի որևէ այլ բանի։ Ինչպես մարդն է տեսնում, Հայրը մեկ Հոգի է, Որդին՝ մեկ այլ, իսկ Սուրբ Հոգին՝ բոլորովին այլ, ապա երեք Հոգիները խառնվում են երեք բաժակ ջրի պես՝ դառնալով մեկ ամբողջություն։ Մի՞թե այդ դեպքում սա չէր լինի երեքի մեկ դառնալը։ Սա զուտ թյո՛ւր բացատրություն է։ Մի՞թե սա Աստծուն մասնատել չէ։ Ինչպե՞ս կարող են Հայրը, Որդին և Սուրբ Հոգին բոլորը մեկ դառնալ։ Մի՞թե Նրանք երեք մասեր չեն՝ յուրաքանչյուրը տարբեր բնությամբ։ Կան ուրիշներ, ովքեր ասում են․ «Մի՞թե Աստված հստակ չասաց, որ Հիսուսն Իր սիրելի Որդին է»։ Հիսուսն Աստծու սիրելի Որդին է, որից Նա գոհ է․ սա, անշուշտ, ասվել է Իր՝ Աստծու կողմից։ Դա Աստված էր, որ վկայում էր Իր մասին, բայց պարզապես այլ տեսանկյունից՝ երկնքում գտնվող Հոգու տեսանկյունից, որ վկայում էր Իր իսկ մարմնացած մսեղիի մասին։ Հիսուսը Նրա մարմնացած մսեղին է, ոչ թե Նրա Որդին երկնքում։ Հասկանո՞ւմ ես։ Մի՞թե Հիսուսի խոսքերը՝ «Ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ Իմ մեջ», ցույց չեն տալիս, որ Նրանք մեկ Հոգի են։ Եվ մի՞թե մարմնացման պատճառով չէ, որ Նրանք բաժանվեցին երկնքի և երկրի միջև։ Իրականում Նրանք դեռևս մեկ են. ինչ էլ որ լինի, դա պարզապես Աստված է, որ վկայում է Իր մասին։ Դարաշրջանների փոփոխության, գործի կարիքների և Նրա տնօրինման ծրագրի տարբեր փուլերի պատճառով այն անունը, որով մարդը կոչում է Նրան, նույնպես տարբերվում է։ Երբ Նա եկավ իրականացնելու գործի առաջին փուլը, կարող էր կոչվել միայն Եհովա, որ իսրայելացիների հովիվն էր։ Երկրորդ փուլում մարմնացած Աստված կարող էր կոչվել միայն Տեր և Քրիստոս։ Բայց այն ժամանակ երկնքում գտնվող Հոգին միայն հայտարարեց, որ Նա Աստծու սիրելի Որդին է և ոչ մի հիշատակում չարեց Նրա՝ Աստծու միակ Որդին լինելու մասին։ Սա պարզապես տեղի չի ունեցել։ Ինչպե՞ս կարող էր Աստված միակ զավակ ունենալ։ Այդ դեպքում մի՞թե Աստված մարդ չէր դառնա։ Քանի որ Նա մարմնացած մսեղին էր, կոչվեց Աստծու սիրելի Որդի, ու սրանից առաջացավ Հոր և Որդու միջև հարաբերությունը։ Դա պարզապես երկնքի և երկրի միջև բաժանման պատճառով էր։ Հիսուսն աղոթեց մսեղիի տեսանկյունից։ Քանի որ հագել էր նման բնականոն մարդկայնության մսեղի և ասաց մսեղիի տեսանկյունից՝ «Իմ արտաքին պատյանն արարածի պատյան է, քանի որ Ես մսեղի հագա՝ այս երկիր գալու համար, այժմ շատ հեռու եմ երկնքից», կարող էր աղոթել Հայր Աստծուն միայն մսեղիի տեսանկյունից։ Սա Նրա պարտավորությունն էր, և դա այն էր, ինչով պետք է օժտված լիներ Աստծու Հոգու մարմնացած մսեղին։ Չի կարելի ասել, որ Նա Աստված չէր, քանի որ աղոթում էր Հորը մսեղիի տեսանկյունից։ Թեև կոչվում էր Աստծու սիրելի Որդի, դեռևս Աստված Ինքն էր, քանզի բացառապես Հոգու մարմնացած մսեղին էր, և Նրա էությունը դեռևս Հոգին էր։ Մարդիկ զարմանում են՝ ինչու Նա աղոթեց, եթե Աստված Ինքն էր։ Պատճառն այն է, որ Նա մարմնացած Աստված էր, Աստված, որ ապրում էր մսեղիի մեջ, և ոչ թե Հոգին երկնքում։ Ինչպես մարդն է տեսնում, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին բոլորն Աստված են։ Միայն երեքը՝ բոլորը որպես մեկ դարձած, կարող են համարվել միակ ճշմարիտ Աստված, և այսպիսով Նրա զորությունը բացառիկ մեծ է։ Կան մարդիկ, որոնք ասում են՝ միայն այս կերպ է Նա յոթնապատիկ զորացած Հոգին։ Երբ Որդին աղոթեց Իր գալստից հետո, դա այն Հոգին էր, որին Նա աղոթեց։ Իրականում Նա աղոթում էր արարածի տեսանկյունից։ Քանզի մսեղին ամբողջական չէ, Նա ամբողջական չէր և ուներ բազմաթիվ թուլություններ, երբ եկավ մսեղիով, և շատ էր անհանգստանում, երբ իրականացնում էր Իր գործը մսեղիում։ Ահա թե ինչու Նա երեք անգամ աղոթեց Հայր Աստծուն Իր խաչելությունից առաջ, ինչպես նաև բազմիցս նույնիսկ դրանից առաջ։ Նա աղոթեց Իր աշակերտների մեջ, աղոթեց մենակ՝ լեռան վրա, աղոթեց ձկնորսական նավակի վրա, աղոթեց բազմաթիվ մարդկանց մեջ, աղոթեց հացը կիսելիս և աղոթեց ուրիշներին օրհնելիս։ Ինչո՞ւ այդպես վարվեց։ Հոգին էր, որին Նա աղոթեց․ աղոթում էր Հոգուն, երկնքում գտնվող Աստծուն՝ մսեղիի տեսանկյունից։ Հետևաբար, մարդու տեսանկյունից Հիսուսը դարձավ Որդին գործի այդ փուլում։ Այս փուլում, սակայն, մարմնացած Աստված չի աղոթում։ Ինչո՞ւ է այսպես։ Սրա պատճառն այն է, որ այն, ինչ Նա առաջ է բերում, խոսքի գործն է և խոսքի դատաստանն ու պատիժը։ Նա աղոթքների կարիք չունի, և Նրա սպասավորությունը խոսելն է։ Նրան չեն դնում խաչի վրա, և մարդիկ չեն հանձնում նրան իշխանություն ունեցողներին։ Նա պարզապես պետք է ուղղակիորեն իրականացնի Իր գործը։ Այն ժամանակ, երբ Հիսուսն աղոթում էր, աղոթում էր Հայր Աստծուն երկնքի թագավորության իջնելու համար, որպեսզի Հոր կամքը կատարվի, և որպեսզի գործը գա։ Այս փուլում երկնքի թագավորությունն արդեն իջել է, ուստի արդյո՞ք Նա դեռ աղոթելու կարիք ունի։ Նրա գործը դարաշրջանն ավարտին հասցնելն է, և այլևս նոր դարաշրջաններ չկան, ուստի կարիք կա՞ հաջորդ փուլի համար աղոթելու։ Վախենամ՝ ո՛չ։

Մարդու բացատրություններում բազմաթիվ հակասություններ կան։ Իհարկե, սրանք բոլորը մարդու պատկերացումներն են․ առանց հետագա զննման բոլորդ կհավատայիք, որ դրանք ճիշտ են։ Մի՞թե չգիտեք, որ այսպիսի գաղափարները, ինչպիսին է եռամիասնական Աստված, բացառապես մարդու պատկերացումներն են։ Մարդու ոչ մի գիտելիք հիմնավոր չէ։ Միշտ կան անմաքրություններ, և դրա մեջ չափազանց շատ են մարդու հասկացողությունները։ Սա ցույց է տալիս, որ արարածը պարզապես չի կարող բացատրել Աստծու գործը։ Մարդու մտքում չափազանց շատ բան կա, որն ամբողջությամբ ծագում է տրամաբանությունից և մտածողությունից, և այն ամբողջությամբ հակասում է ճշմարտությանը։ Կարո՞ղ է արդյոք քո տրամաբանությունը հիմնովին վերլուծել Աստծու գործը։ Կարո՞ղ ես ներըմբռնել Եհովայի ողջ գործը։ Արդյո՞ք որպես մարդ դու ես, ով կարող է թափանցել այդ ամենի մեջ, թե՞ Աստված Ինքն է, որ կարող է տեսնել հավիտյանս հավիտենից։ Արդյո՞ք դու ես, ով կարող է տեսնել անհիշելի ժամանակների հավիտենությունից մինչև գալիք հավիտենություն, թե՞ Աստված է, որ կարող է դա անել։ Ի՞նչ կասես։ Ինչպե՞ս ես արժանի բացատրելու Աստծուն։ Ինչի՞ վրա է հիմնված քո բացատրությունը։ Արդյո՞ք Աստված ես։ Երկինքներն ու երկիրը և բոլոր բաները ստեղծվել են Իր՝ Աստծու կողմից։ Դու չէիր, որ արեցիր սա, ուստի ինչո՞ւ ես անհեթեթ բացատրություններ տալիս։ Այժմ արդյո՞ք շարունակում ես հավատալ եռամիասնական Աստծուն։ Մի՞թե չես կարծում, որ այսպես չափազանց ճնշող է։ Քեզ համար լավագույնը կլիներ այն, որ հավատայիր մեկ Աստծու, ոչ թե երեքի։ Լավագույնը թեթև լինելն է, քանզի Տիրոջ հոգսը թեթև է։

Նախորդը.  Մարմնացման նշանակությունն ամբողջանում է երկու մարմնացմամբ

Հաջորդը.  Կիրարկում (3)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger