Երկրորդ կետ. Հարձակվում են այլախոհների վրա և դուրս մղում նրանց
Մենք ավարտեցինք հակաքրիստոսների կողմից մարդկանց վերահսկելու առաջին դրսևորման՝ մարդկանց սրտերը շահելու մասին հաղորդակցությունը և այժմ կհաղորդակցվենք երկրորդ դրսևորման մասին։ Երկրորդ միջոցը, որը հակաքրիստոսներն օգտագործում են մարդկանց վերահսկելու համար, այլախոհների վրա հարձակվելն ու նրանց դուրս մղելն է։ Առաջին միջոցը ներառում է մարդկանց մոլորեցնելը և նրանց սրտերը շահելը։ Արտաքնապես թվում է, թե նման մեկը խոսում է շատ մեղմ և մարդկային պատկերացումներին համահունչ և ոչ մի վնաս չի պատճառում ուրիշներին։ Համեմատաբար նրբանկատ և քողարկված կլինի, մյուսները չեն կարող տեսնել նրա չար մտադրությունները և չարասիրտ, արյունալի ու մարտական դրսևորումները։ Նա օգտագործում է միայն խորամանկ մեթոդներ։ Երկրորդ միջոցը՝ այլախոհների վրա հարձակվելն ու նրանց դուրս մղելը, առավել ակնհայտ է։ «Հարձակվել և դուրս մղել» բառերի իմաստից կարելի է հասկանալ, որ դրանք դրական չեն, այլ նսեմացնող են։ Հարձակվելու և դուրս մղելու այս միջոցը հստակորեն հրապարակային է և տեսանելի է բոլորին։ Դա ճիշտ նման է փողոցում վիճող կռվարար կանանց, որոնք մերկացնում են միմյանց թերությունները, նրանց խոսքերն ուղղակի են և բացահայտ՝ հասկանալի բոլոր նրանց, ովքեր լսում են դրանք։ Այդ խոսքերն ունեն որոշակի ագրեսիվություն, և այդ մարդիկ չեն ցուցաբերում զսպվածություն, այլ փոխարենը նախաձեռնում են հարձակում։ Հակաքրիստոսների կողմից մարդկանց հրապարակային ճնշումը, մարդկանց դուրս մղումը, մարդկանց վրա հարձակումները և մարդկանց խնդիրների մերկացումը՝ բոլորն էլ թիրախավորված են։ Անկասկած, նրանք օգտագործում են նման միջոցներ՝ թիրախավորելու նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը և կարող են զանազանել նրանց։ Կոտրելով այս մարդկանց՝ նրանք հասնում են իրենց սեփական դիրքն ամրապնդելու նպատակին։ Մարդկանց վրա այս կերպ հարձակվելն ու նրանց դուրս մղելն իր բնույթով չարասիրտ է։ Նրանց լեզվի և խոսելաոճի մեջ կա ագրեսիա՝ մերկացում, դատապարտում, զրպարտություն և չար բամբասանք։ Նրանք նույնիսկ խեղաթյուրում են փաստերը՝ խոսելով դրական բաների մասին այնպես, կարծես դրանք բացասական լինեն, իսկ բացասականների մասին այնպես, կարծես դրական լինեն։ Սևն ու սպիտակն այսպես շրջելը և ճիշտն ու սխալն իրար խառնելը իրագործում է մարդկանց պարտության մատնելու և նրանց անունն արատավորելու հակաքրիստոսների նպատակը։ Ի՞նչ մտածելակերպից են առաջանում այլախոհների վրա այս հարձակումն ու նրանց դուրս մղումը։ Մեծ մասամբ դա առաջանում է նախանձոտ մտածելակերպից։ Դաժան խառնվածքի մեջ նախանձն իր հետ կրում է ուժեղ ատելություն, և իրենց նախանձի արդյունքում հակաքրիստոսները հարձակվում են մարդկանց վրա և դուրս մղում նրանց։ Նման իրավիճակում, եթե հակաքրիստոսները մերկացվեն, նրանց մասին զեկուցվի, նրանք կորցնեն իրենց կարգավիճակը և հարված կրեն, կլինեն ըմբոստ և դժգոհ, ու նրանց համար էլ ավելի հեշտ կլինի դառնալ կատաղի վրեժխնդիր։ Վրեժխնդրությունը մտածելակերպի մի տեսակ է, ինչպես նաև ապականված խառնվածքի մի տեսակ։ Երբ հակաքրիստոսները տեսնում են, որ ինչ-որ մեկի արարքը վնասակար է իրենց համար, որ ուրիշներն ավելի ունակ են, քան իրենք, կամ որ ինչ-որ մեկի հայտարարություններն ու առաջարկներն ավելի լավն են կամ ավելի իմաստուն, քան իրենցը, և բոլորը համաձայն են այդ մարդու հայտարարությունների և առաջարկների հետ, զգում են, որ իրենց դիրքին վտանգ է սպառնում, նրանց սրտերում նախանձ և ատելություն է առաջանում, և հարձակվում են ու վրեժխնդիր լինում։ Վրեժ լուծելիս հակաքրիստոսները սովորաբար կանխարգելիչ հարված են հասցնում իրենց թիրախին։ Նրանք նախաձեռնող են մարդկանց վրա հարձակվելու և նրանց կոտրելու հարցում, քանի դեռ մյուս կողմը չի հնազանդվել։ Միայն այդ ժամանակ են զգում, որ թափել են իրենց զայրույթը։ Մարդկանց վրա հարձակվելու և նրանց դուրս մղելու ուրիշ ի՞նչ դրսևորումներ կան։ (Ուրիշներին նսեմացնելը։) Ուրիշներին նսեմացնելը դրա դրսևորման եղանակներից մեկն է։ Որքան էլ լավ աշխատանք կատարես, հակաքրիստոսները, միևնույն է, կնսեմացնեն կամ կդատապարտեն քեզ, մինչև դառնաս բացասական և թույլ ու չկարողանաս կանգուն մնալ։ Այդ ժամանակ նրանք ուրախ կլինեն և իրագործած կլինեն իրենց նպատակը։ Արդյոք դատապարտումն ուրիշներին նսեմացնելու մի մա՞սն է։ (Այո՛։) Ինչպե՞ս են հակաքրիստոսները դատապարտում մարդկանց։ Նրանք ճանճից փիղ են սարքում։ Օրինակ՝ արեցիր մի բան, որը խնդիր չէր, բայց նրանք ուզում են մեծ աղմուկ բարձրացնել դրա շուրջ՝ քեզ վրա հարձակվելու նպատակով, ուստի մտածում են ամեն տեսակ ճանապարհներ՝ դա քո դեմ որպես լծակ օգտագործելու համար, և դատապարտում են քեզ՝ ճանճից փիղ սարքելով, այնպես որ մյուսները, ովքեր լսում են, մտածում են, թե հակաքրիստոսների ասածը տրամաբանական է, և որ սխալ բան ես արել։ Դրանով հակաքրիստոսներն իրագործած են լինում իրենց նպատակը։ Սա է այլախոհներին դատապարտելը, նրանց վրա հարձակվելն ու դուրս մղելը։ Ի՞նչ է նշանակում դուրս մղել։ Նշանակում է, որ իրենց սրտերում նրանք գիտեն, որ քո արածը ճիշտ էր, բայց նախանձում և ատում են քեզ, միտումնավոր փորձում են հարձակվել քեզ վրա, ուստի ասում են, որ քո արածը սխալ էր։ Ապա կօգտագործեն իրենց սեփական տեսակետներն ու մոլորությունները՝ քեզ բանավեճում հաղթելու համար, խոսելով համոզիչ կերպով, որպեսզի բոլոր լսողները զգան, որ նրանց ասածը ճիշտ է և լավ է ասված, ապա այդ բոլոր մարդիկ հավանություն կտան նրանց և նրանց կողմը կբռնեն՝ ի հակադրություն քեզ։ Հակաքրիստոսներն օգտագործում են սա՝ քեզ վրա հարձակվելու, քեզ բացասական և թույլ դարձնելու համար։ Դրանով նրանք հասած են լինում այլախոհների վրա հարձակվելու և նրանց դուրս մղելու իրենց նպատակին։ Այլախոհներին դուրս մղելը երբեմն կարող է տեղի ունենալ դեմառդեմ բանավեճի ձևով, երբեմն էլ ինչ-որ մեկին դատելով, խառնակչություն հրահրելով, նրան զրպարտելով և թիկունքում նրա մասին բաներ հորինելով։ Օրինակ՝ երբ հակաքրիստոսն ուզում է դուրս մղել այլախոհի, նախ պարզում է, թե ում հետ է այլախոհը լավ հարաբերությունների մեջ։ Ապա գնում է այդ մարդու մոտ և ասում․ «Գիտե՞ս, այսինչն ասաց, որ դու որակ չունես, ըմբռնելու կարողությունդ թույլ է և հոգևոր հասկացողություն չունես և պարտավորություններդ առանց սկզբունքների ես կատարում։ Ես վիճեցի նրա հետ, որովհետև կարծում եմ, որ իրականում բավականին լավ մարդ ես»։ Այսպես տարաձայնություն սերմանելուց հետո այդ երկու մարդու հարաբերությունները վատանում են։ Հակաքրիստոսը մնում է մի կողմ քաշված՝ շարունակաբար բորբոքելով տարաձայնության կրակը, մինչև հարաբերություններն ամբողջությամբ խզվեն։ Այս կերպ հակաքրիստոսը տարաձայնություն է սերմանում մարդկանց և այլախոհի միջև՝ ստիպելով մարդկանց հեռու մնալ այլախոհից, որպեսզի հասնի նրան մեկուսացնելու նպատակին։ Շարունակում է հնարավորություններ փնտրել՝ այլախոհի դեմ լծակ ձեռք բերելու համար, մինչև նա պարտություն կրի, և նրա անունն արատավորվի։ Հակաքրիստոսը սա դիտարկում է որպես հակառակորդի տապալում, որպեսզի այդ մարդն իր կարգավիճակին սպառնալիք չներկայացնի։ Հակաքրիստոսը կարծում է, որ լավագույնն այլախոհին ենթարկելն է, բայց եթե հնարավոր չէ ենթարկել, ապա հակաքրիստոսն անում է հնարավոր ամեն ինչ՝ նրան մեկուսացնելու և ապա դուրս մղելու համար։ Եթե հնարավոր չէ դուրս մղել, հակաքրիստոսը շարունակում է մեկուսացնել նրան՝ ի վերջո ծնկի բերելով և ստիպելով ողորմություն աղերսել։ Հակաքրիստոսը ներգրավում և օգտագործում է որոշ ուժեր՝ հարձակվելու այն մարդկանց վրա, որոնք ձգտում են ճշմարտությանը, կամ որոնց կարծիքներն իր կարծիքների հետ համահունչ չեն։ Քանդում է եկեղեցին և բաժանում այն խմբավորումների, և ի վերջո եկեղեցին բաժանվում է երկու կամ երեք խմբի․ մեկը, որ լսում է իրեն, մեկը, որ չի լսում, և մեկը, որ չեզոք է։ Իր «փայլուն» ուղղորդման ներքո ավելի ու ավելի շատ մարդիկ են լսում իրեն, և ավելի ու ավելի քչերը՝ ոչ։ Ավելի շատ մարդիկ են անձնատուր լինում իրեն, իսկ հակաքրիստոսի կարծիքից տարբերվող կարծիք ունեցողները մեկուսանում են և չեն համարձակվում խոսել։ Ավելի ու ավելի քիչ մարդիկ կարող են զանազանել կամ հակադրվել իրեն, և այս կերպ հակաքրիստոսն աստիճանաբար վերահսկողություն է ձեռք բերում եկեղեցու մարդկանց մեծամասնության նկատմամբ՝ ստանձնելով իշխանության դիրք։ Սա է այն նպատակը, որին ձգտում է հակաքրիստոսը։ Իր կարծիքից տարբերվող կարծիքներ ունեցող մարդկանց հետ գործ ունենալիս հակաքրիստոսը ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն։ Նա մտածում է․ «Նույնիսկ եթե այլ կարծիք ունես, պետք է հնազանդվես իմ առաջնորդությանը, որովհետև հիմա ես եմ որոշողը։ Դու ինձնից ցածր ես։ Եթե վիշապ ես, պետք է կծկվես, եթե վագր ես, պետք է փռվես։ Անկախ նրանից, թե ինչ կարողություններ ունես, քանի դեռ ես այստեղ եմ, կարող ես մոռանալ առավելություն ձեռք բերելու կամ խնդիրներ հրահրելու մասին»։ Սա է այն նպատակը, որին ձգտում է հակաքրիստոսը․ միակողմանիորեն վերահսկել եկեղեցին և վերահսկել Աստծու ընտրյալ մարդկանց։
Ո՞րն է հակաքրիստոսի հիմնական նպատակը, երբ հարձակվում է այլախոհի վրա և դուրս մղում նրան։ Նա ձգտում է եկեղեցում ստեղծել մի իրավիճակ, որտեղ չկան իրեն հակառակվող ձայներ, որտեղ իր իշխանությունը և առաջնորդողի կարգավիճակը բացարձակ են, որտեղ իր խոսքերը բացարձակ են ու պետք է ուշադիր լսվեն բոլորի կողմից, և եթե ինչ-որ մեկը տարբերվող կարծիք ունի, չպետք է արտահայտի, այլ թողնի, որ այն թարախակալի իր սրտում։ Ցանկացած ոք, ով համարձակվում է բացահայտորեն չհամաձայնել նրա հետ, դառնում է թշնամի, և նա կօգտագործի հնարավոր ամեն մեթոդ՝ նրան տանջելու համար, և հուսահատորեն կցանկանա անհետացնել նրան։ Սա այն ճանապարհներից մեկն է, որով հակաքրիստոսը հարձակվում է այլախոհի վրա և դուրս մղում նրան, ամրապնդում իր կարգավիճակը և պաշտպանում իր իշխանությունը։ Նա մտածում է․ «Տարբեր կարծիքներ ունենալը նորմալ է, բայց չես կարող ամենուր խոսել դրանց մասին այնպես, ինչպես կամենում ես, առավել ևս՝ վտանգես իմ իշխանությունն ու կարգավիճակը։ Եթե առարկություն ունես, կարող ես այն ինձ ասել առանձին։ Եթե դա ասես բոլորի ներկայությամբ և խայտառակես ինձ, ուրեմն դու քեզ փորձանքի մեջ ես գցում, և ես ստիպված կլինեմ զբաղվել քեզնով»։ Ի՞նչ տեսակ խառնվածք է սա։ Հակաքրիստոսը թույլ չի տալիս ուրիշներին ազատ խոսել։ Եթե այլ մարդիկ առարկություն ունեն հակաքրիստոսի դեմ կամ կարծիք որևէ այլ բանի վերաբերյալ, նրանք չեն կարող պարզապես ազատորեն բարձրաձայնել այն։ Նրանք պետք է հաշվի առնեն հակաքրիստոսի հպարտությունը։ Հակառակ դեպքում հակաքրիստոսը նրանց կվերաբերվի որպես թշնամու՝ հարձակվելով նրանց վրա և դուրս մղելով նրանց։ Ի՞նչ տեսակ բնություն է սա։ Դա հակաքրիստոսի բնությունն է։ Եվ ինչո՞ւ է նա դա անում։ Թույլ չի տալիս, որ եկեղեցին ունենա որևէ այլընտրանքային ձայն, թույլ չի տալիս որևէ այլախոհի եկեղեցում և թույլ չի տալիս Աստծու ընտրյալ մարդկանց բացահայտորեն հաղորդակցվել ճշմարտության մասին և զանազանել մարդկանց։ Նա առավելագույնս վախենում է, մարդկանց կողմից մերկացվելուց ու զանազանվելուց։ Ուզում է համոզվել, որ իր իշխանությունը և այն կարգավիճակը, որն զբաղեցնում է մարդկանց սրտերում, միշտ ամրապնդվում են և երբեք չեն խարխլվում։ Երբեք չի կարող հանդուրժել որևէ բան, որը սպառնում կամ ազդում է իր հպարտության, հեղինակության կամ որպես առաջնորդողի իր դիրքի և արժեքի վրա։ Մի՞թե սա հակաքրիստոսների չարասիրտ բնության դրսևորում չէ։ Չբավարարվելով այն իշխանությամբ, որն արդեն ունեն, ուզում են ամրապնդել և ապահովել այն և այդպիսով հասնել հավերժական տիրապետության։ Նրանք ոչ միայն ուզում են վերահսկել ուրիշների վարքագիծը, այլև նրանց սրտերը։ Այս մեթոդները, որոնք օգտագործում են հակաքրիստոսները, ամբողջությամբ իրենց իշխանությունն ու կարգավիճակը պաշտպանելու համար են և ամբողջովին իշխանությունը պահպանելու նրանց ցանկության արդյունքն են։ Եթե հակաքրիստոսները գործեին բացահայտ ու ազնվորեն և ճշմարտությանը համահունչ, ապա ինչո՞ւ պետք է վախենային, որ ուրիշները կխոսեն, տարբեր առաջարկներ կանեն և կմերկացնեն իրենց։ Պատճառն այն է, որ նրանք ունեն չարագուշակ դրդապատճառներ և մեղքի զգացումով ծանրաբեռնված խիղճ։ Հակաքրիստոսները գիտեն, որ շատ չար գործեր են կատարել, և երբ մերկացվեն, ոչ միայն դժվար կլինի պահպանել իրենց կարգավիճակը, այլև վտանգ կլինի, որ կհեռացվեն կամ կվտարվեն։ Հետևաբար նրանք ջանք չեն խնայում ուրիշներին կաշկանդելու և սահմանափակելու համար՝ թույլ չտալով նրանց հաղորդակցվել ճշմարտության մասին և զանազանություն կիրառել։ Մասնավորապես, արդարադատության ուժեղ զգացում ունեցողները կամ նրանք, ովքեր համարձակվում են մերկացնել չար մարդկանց, հակաքրիստոսի աչքի փուշն են, մշտական գրգռիչ գործոն նրա համար։ Հակաքրիստոսները մտածում են, որ եթե արդարադատության զգացում ունեցողները ճնշվեն մինչև հնազանդվելը և վարկաբեկվեն, այլևս ոչ ոք չի համարձակվի մերկացնել նրանց, և այլևս չեն լինի այլախոհ ձայներ, ինչը հակաքրիստոսին անվտանգության զգացում է տալիս։ Սա հակաքրիստոսի հետևողական մարտավարությունն է։ Նա բացարձակապես բաց չի թողնի իր իշխանությունը և երբեք չի թուլացնի այն ամրապնդելու իր ջանքերը։ Յուրաքանչյուր նախադասություն, որ նա ասում է, և այն ամենը, ինչ անում է, նպատակաուղղված է իր իշխանությունն ու կարգավիճակը պաշտպանելուն։ Սա հատկապես դրսևորվում է, երբ այլախոհ է ներկա, և հակաքրիստոսը լսում է, որ այլախոհն իր մասին ինչ-որ բան է ասել կամ քննադատել է իրեն իր մեջքի հետևում։ Այս դեպքում նա կարճ ժամանակում կլուծի հարցը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի զրկվել գիշերային քնից և օրվա սննդից։ Ինչպե՞ս է նրան հաջողվում այդպիսի ջանքեր գործադրել։ Պատճառն այն է, որ նա զգում է՝ իր կարգավիճակը վտանգի տակ է, որ այն վիճարկվել է։ Զգում է, որ եթե նման գործողություն չձեռնարկի, իր իշխանությունն ու կարգավիճակը վտանգի տակ կլինեն, որ երբ իր չար գործերն ու սկանդալային վարքագիծը մերկացվեն, նա ոչ միայն չի կարողանա պահպանել իր կարգավիճակն ու իշխանությունը, այլև կհեռացվի կամ կվտարվի եկեղեցուց։ Ահա թե ինչու նա հուսահատ անհամբերությամբ փնտրում է ճանապարհներ՝ հարցը կոծկելու և իրեն սպառնացող բոլոր թաքնված վտանգները վերացնելու համար։ Սա միակ ճանապարհն է, որով նա կարող է պահպանել իր կարգավիճակը։ Հակաքրիստոսների պարագայում կարգավիճակը կյանքի շունչն է։ Հենց որ նրանք լսում են, որ ինչ-որ մեկը պատրաստվում է մերկացնելու իրենց կամ զեկուցելու իրենց մասին, սարսափում են և անհանգստանում՝ վախենալով, որ վաղը կկորցնեն իրենց կարգավիճակը և այլևս երբեք չեն վայելի ոչ այդ կարգավիճակի բերած արտոնության զգացումը, ոչ էլ կարգավիճակի օգուտները։ Նրանք վախենում են, որ այլևս ոչ ոք չի հարգի կամ չի հետևի իրենց, որ այլևս ոչ ոք չի հաճոյանա իրենց կամ չի կատարի իրենց հրամանները։ Բայց նրանց համար ամենաանտանելին ոչ միայն այն է, որ կկորցնեն իրենց կարգավիճակն ու իշխանությունը, այլև այն, որ նույնիսկ կարող են հեռացվել կամ վտարվել։ Եթե դա տեղի ունենար, բոլոր առավելություններն ու արտոնության զգացումները, որոնք նրանց տվել են կարգավիճակն ու իշխանությունը, ինչպես նաև Աստծուն հավատալով ձեռք բերված բոլոր օրհնությունների և վարձատրությունների հույսն ակնթարթորեն կկորչեին։ Այս հեռանկարն է, որ նրանց համար ամենադժվարն է տանել։ Երբ նրանք կորցնեն այն առավելություններն ու արտոնության զգացումը, որոնք ապահովում էին իրենց իշխանությունն ու կարգավիճակը, նրանց լավ օրերը կավարտվեն։ Բացի այդ՝ շատ չար գործեր կատարած լինելու պատճառով կհայտնվեն աղետալի վիճակում՝ սպասելով Աստծու պատժին։
Ի՞նչ է այլախոհը։ Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հակաքրիստոսը դիտարկում է որպես այլախոհների։ Առնվազն նրանք այն մարդիկ են, որոնք հակաքրիստոսին լուրջ չեն ընդունում որպես առաջնորդողի, ինչը նշանակում է, որ նրանք չեն հիանում նրանով կամ պաշտում նրան, այլ վերաբերվում են որպես սովորական մարդու։ Դա մի տեսակն է։ Կան նաև նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը, ձգտում են ճշմարտությանը, ձգտում են իրենց խառնվածքի փոփոխությանը և ձգտում են Աստծու հանդեպ սիրուն։ Նրանց ընտրած ճանապարհը տարբերվում է հակաքրիստոսի ճանապարհից, և նրանք այլախոհներ են հակաքրիստոսի աչքում։ Կա՞ն արդյոք ուրիշներ։ (Նրանք, ովքեր միշտ առաջարկներ են անում հակաքրիստոսներին, և ովքեր համարձակվում են մերկացնել նրանց։) Ցանկացած ոք, ով համարձակվում է հակաքրիստոսին առաջարկներ անել և մերկացնել նրան, կամ ում տեսակետները տարբերվում են նրա տեսակետներից, նրա կողմից դիտարկվում է որպես այլախոհ։ Եվ կա մեկ այլ տեսակ․ նրանք, ովքեր հավասար են հակաքրիստոսին որակով և ունակությամբ, ում խոսելու և գործելու կարողությունը նման է նրա կարողությանը, կամ ում նա տեսնում է իրենից բարձր և ի վիճակի զանազանելու իրեն։ Հակաքրիստոսի համար սա անընդունելի է, սպառնալիք իր կարգավիճակին։ Նման մարդիկ հակաքրիստոսի ամենամեծ այլախոհներն են։ Հակաքրիստոսը չի համարձակվում թերագնահատել նման մարդկանց կամ գեթ մի փոքր թուլանալ։ Նրանց համարում է իր աչքի փուշ, մշտական գրգռիչ, միշտ զգոն ու զգուշավոր է նրանց նկատմամբ և խուսափում է նրանցից այն ամենում, ինչ անում է։ Հատկապես երբ հակաքրիստոսը տեսնում է, որ այլախոհը պատրաստվում է զանազանելու և մերկացնելու իրեն, նրան հատուկ խուճապ է համակում. հուսահատորեն ցանկանում է դուրս մղել նման այլախոհին և հարձակվել նրա վրա, այնպես որ չի բավարարվի, մինչև այդ այլախոհին չհեռացնի եկեղեցուց։ Այսպիսի մտածելակերպով և այս ամենով լի սրտով ինչերի՞ է նա ընդունակ։ Արդյոք այս եղբայրներին և քույրերին թշնամիների պես կվերաբերվե՞ր և նրանց տապալելու և նրանցից ազատվելու ուղիներ կմտածե՞ր։ Անշուշտ, կաներ։ Նա գլուխ կջարդեր՝ գտնելու այլախոհներին հնազանդեցնելու ուղիներ և կգնար ցանկացած ծայրահեղության՝ նրանց պարտության մատնելու համար, այնպես չէ՞։ Այլախոհներին ծնկի բերելը նշանակում է, որ հակաքրիստոսը ստիպում է բոլորին լսել իրեն՝ անելով այնպես, որ ոչ ոք չհամարձակվի ուրիշ բան ասել կամ ունենալ տարբերվող կարծիքներ, առավել ևս՝ մերկացնել իրեն։ Այլախոհին պարտության մատնելը նշանակում է, որ հակաքրիստոսը ծուղակն է գցում և դատապարտում է նրան՝ ստեղծելով որոշ կեղծ տպավորություններ, որպեսզի այլախոհը հիմար դրության մեջ հայտնվի և էտվի, ինչի պատճառով նրա հեղինակությունը հասնում է հատակին։ Մի՞թե նման բան անելը չար գործի վատթարագույն դրսևորում չէ։ Մի՞թե դա չի վիրավորում Աստծու բնույթը։ Հակաքրիստոսն ունի բազմաթիվ հնարքներ և մեթոդներ՝ այլախոհների վրա հարձակվելու և նրանց դուրս մղելու համար։ Բացի հրապարակային առճակատումից և մերժումից, նրա ամենահզոր հնարքներից մեկն այլախոհներին ներգրավելն ու հավաքագրելն է՝ ստիպելով նրանց բոլորին լսել իրեն։ Եթե այլախոհները չեն լսում, հակաքրիստոսը ճնշում է նրանց, հալածում և վարկաբեկում նրանց այնպես, ինչպես անհավատները վարվում են քաղաքական հակառակորդների հետ։ Ահա թե որքան չարակամ և դաժան են հակաքրիստոսները։ Բայց երբեմն հակաքրիստոսներն օգտագործում են մեղմ մոտեցում՝ մարդկանց ներգրավելու համար։ Օրինակ՝ եթե կա այլախոհ, որի կարծիքն իրենցին համահունչ չէ, նայում են, թե ինչ է սիրում այդ մարդը, և որոնք են նրա թույլ կողմերը՝ օգտագործելով ամեն տեսակ ստոր միջոցներ՝ նրան ծնկի բերելու համար։ Կամ նրանք կեղծում են հնազանդություն և ընդունում իրենց սխալներն այլախոհի առջև, կամ ոչնչի առաջ կանգ չեն առնում՝ այլախոհին օգուտներ բերելու և նրան գոհացնելու համար, կամ գուցե ստիպում են իրենց մտերիմ ընկերներին համոզել այլախոհին, և ապա ձևացնում են, թե հաղորդակցվում են ճշմարտության մասին այդ այլախոհի հետ՝ ասելով․ «Եկեղեցու գործի համար մեր միավորումը պարզապես կատարյալ է։ Ապագայում մենք կարող ենք կիսել այս եկեղեցին հիսուն-հիսուն։ Թեև ես եմ առաջնորդողը, կլսեմ ցանկացած առաջարկ, որ ունես։ Իրականում ես եմ համագործակցելու քեզ հետ»։ Եթե այլախոհն այնպիսի մարդ է, որը չի հասկանում ճշմարտությունը, ապա հակաքրիստոսի համար հեշտ կլինի հավաքագրել նրան։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, անմիջապես կտեսնեն դա և կասեն․ «Այս մարդն իսկական խարդախ է։ Նա բացահայտ չի հարձակվում, այլ հնարք է օգտագործում․ կոշտ մարտավարության փոխարեն՝ մեղմ է մոտենում»։ Հակաքրիստոսի համար այլախոհը սպառնալիք է իր կարգավիճակին և իշխանությանը։ Ով էլ որ սպառնա նրանց կարգավիճակին և իշխանությանը, անկախ նրանից, թե ով կարող է լինել, հակաքրիստոսները ոչնչի առաջ չեն կանգնի՝ նրանցով «զբաղվելու» համար։ Եթե այս մարդկանց իսկապես հնարավոր չէ ծնկի բերել կամ հավաքագրել, ապա հակաքրիստոսները կտապալեն կամ կհեռացնեն նրանց։ Ի վերջո կհասնեն բացարձակ իշխանություն ունենալու և իրենք իրենց համար օրենք լինելու նպատակին։ Սա այն մեթոդներից մեկն է, որը հակաքրիստոսները սովորաբար օգտագործում են իրենց կարգավիճակն ու իշխանությունը պահպանելու համար. նրանք հարձակվում են այլախոհների վրա և դուրս մղում նրանց։
Որո՞նք են հակաքրիստոսների՝ այլախոհների վրա հարձակվելու և նրանց դուրս մղելու մեթոդների, դրսևորումների, գործողությունների դրդապատճառների և գործողությունների աղբյուրների արմատները։ (Սատանան։) Ավելի կոնկրետ՝ դրանք գալիս են մարդու փառասիրական ձգտումներից ու նկրտումներից և Սատանայի բնությունից։ Ապա ո՞րն է հակաքրիստոսի նպատակը։ Նրա նպատակն իշխանությունը զավթելն է, մարդկանց սրտերը վերահսկելը և իր կարգավիճակի օգուտները վայելելը։ Հենց սա է մարդուն իսկական հակաքրիստոս դարձնում։ Մարդկանց սրտերը շահելու և այլախոհների վրա հարձակվելու ու նրանց դուրս մղելու երկու կետերի տեսանկյունից ինչպե՞ս է հակաքրիստոսը մեկնաբանում «առաջնորդող» բառի իմաստն ու առաջնորդողի դերը։ Նա կարծում է, որ առաջնորդողն այն մարդն է, որն ունի իշխանություն և կարգավիճակ, որ նա ունի իշխանություն՝ հրամայելու, ներգրավելու, մոլորեցնելու, սպառնալու և վերահսկելու այն մարդկանց, որոնց առաջնորդում է։ Այսպես է նա ըմբռնում «առաջնորդող» բառը։ Ուստի, երբ առաջնորդողի դերում է, իրականացնում է այս մարտավարություններն իր աշխատանքում և այսպես է կատարում իր պարտավորությունները։ Ապա իրականում ի՞նչ է նա անում, երբ կատարում է իր պարտավորությունները։ Կարելի է վստահորեն ասել, որ նա չար գործեր է կատարում, իսկ ավելի ստույգ՝ հիմնում է իր սեփական անկախ թագավորությունը՝ մրցելով Աստծու հետ ընտրյալ մարդկանց, մարդկանց սրտերի և կարգավիճակի համար։ Նա ուզում է Աստծու տեղը գրավել մարդկանց սրտերում, այնպես անել, որ մարդիկ պաշտեն իրեն։ Մի՞թե հաճախ չեք ունենում նման մտադրություններ ու դրդապատճառներ և ցուցաբերում նման վարքագիծ և կիրառումներ։ Մի՞թե հաճախ չեք դրսևորում այս սատանայական խառնվածքները։ (Դրսևորում ենք։) Որքա՞ն լուրջ կարող է դառնալ այս սատանայական խառնվածքների դրսևորումը։ Արդյոք դա հասե՞լ է այն աստիճանի, որ չեք կարողանում վերահսկել ինքներդ ձեզ։ Երբ դա տեղի է ունենում, արդյոք ի վիճակի՞ եք ունենալու որոշակի գիտակցություն, զսպվածություն և կարգապահություն։ (Այո՛։) Ասացե՛ք Ինձ, կա՞ որևէ մեկը, ով ամենևին չի ցանկանում իշխանություն։ Կա՞ որևէ մեկը, ով չի սիրում իշխանություն։ Կա՞ որևէ մեկը, ով չի տենչում կարգավիճակի օգուտներին։ Ո՛չ, չկա։ Ո՞րն է դրա պատճառը։ Պատճառն այն է, որ մարդիկ բոլորն ապականվել են Սատանայի կողմից։ Նրանք բոլորն ունեն սատանայական բնություն։ Մի բան, որն ընդհանուր է բոլոր մարդկանց համար, այն է, որ նրանք սիրում են իշխանություն, կարգավիճակ և կարգավիճակի օգուտները վայելելը։ Սա մի հատկանիշ է, որն ընդհանուր է բոլոր մարդկանց համար։ Ուրեմն ինչո՞ւ են որոշ մարդիկ համարվում հակաքրիստոսներ, մինչդեռ մյուսները պարզապես դրսևորում են հակաքրիստոսի խառնվածք կամ քայլում են հակաքրիստոսի ուղիով։ Որո՞նք են այս երկու խմբերի միջև տարբերությունները։ Նախ՝ կխոսեմ նրանց մարդկայնության տարբերության մասին։ Արդյոք հակաքրիստոսները մարդկայնություն ունե՞ն։ Որո՞նք են հակաքրիստոսների ուղիով քայլող մարդկանց մարդկայնության և բուն հակաքրիստոսների մարդկայնության միջև տարբերությունները։ (Հակաքրիստոսները չունեն խիղճ և ողջամտություն, նրանք չունեն մարդկայնություն, մինչդեռ հակաքրիստոսների ուղիով քայլող մարդիկ դեռ մի փոքր խիղճ և ողջամտություն ունեն։ Նրանք դեռ կարող են ընդունել ճշմարտությունը և ընդունել Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, ինչպես նաև ցուցաբերել ճշմարիտ ապաշխարություն։) Ապաշխարություն ցուցաբերելը տարբերության կետ է։ Արդյոք հակաքրիստոսները գիտե՞ն ապաշխարել։ (Ո՛չ, չգիտեն։) Հակաքրիստոսներն ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Նույնիսկ եթե բախվեն պատի, չեն ապաշխարի։ Նրանք երբեք չեն ճանաչի իրենց։ Ինչ վերաբերում է մարդկայնությանը, կա ևս մի կետ, որով հակաքրիստոսների ուղիով քայլող մարդիկ տարբերվում են հակաքրիստոսներից, ինչը սովորական լավ մարդու և չար մարդու միջև տարբերությունն է։ Լավ մարդիկ խոսում և գործում են խղճով ու ողջամտությամբ, մինչդեռ չար մարդիկ չունեն խիղճ և ողջամտություն։ Երբ չար մարդիկ վատ բան են անում և մերկացվում են, իրենց սրտում ըմբոստ են․ «Հը՛մ, նույնիսկ եթե բոլորն իմանան, կա՞ արդյոք որևէ բան, որ կարող են անել դրա դեմ։ Կանեմ այն, ինչ ուզում եմ։ Ինձ չի հետաքրքրում, թե ով է մերկացնում կամ քննադատում ինձ։ Իրականում ի՞նչ կարող է որևէ մեկն անել ինձ»։ Անկախ նրանից, թե որքան վատ բաներ է անում չար մարդը, նա ամոթ չի զգում։ Երբ սովորական մարդը վատ բան է անում, ուզում է քողարկել և կոծկել դա։ Եթե ի վերջո ինչ-որ մեկը մերկացնում է նրան, չափազանց ամաչում է որևէ մեկի երեսին նայել և նույնիսկ չի ուզում շարունակել ապրել․ «Ա՜խ, ինչպե՞ս կարող էի նման բան անել։ Ես իսկապես անամոթ եմ»։ Նա խիստ զղջում է և նույնիսկ անիծում է իրեն՝ երդվելով, որ այլևս երբեք նման բան չի անի։ Այս տեսակի վարքագիծն ապացույց է, որ նա ունի ամոթի զգացում, որ դեռ ունի որոշակի մարդկայնություն։ Անամոթ մեկը չունի խիղճ և ողջամտություն, և բոլոր չար մարդիկ անամոթ են։ Անկախ նրանից, թե ինչ վատ գործ է կատարում չար մարդը, դա չի կարմրեցնի նրա երեսը կամ չի արագացնի նրա սրտի զարկը, և նա, միևնույն է, առանց խղճի խայթի կպաշտպանի իր գործողությունները՝ բացասական կողմերը խեղաթյուրելով որպես դրական և վատ գործերի մասին խոսելով այնպես, կարծես դրանք լավը լինեին։ Արդյոք այս տեսակի մարդն ունի՞ ամոթի զգացում։ (Ո՛չ։) Եթե ունի այսպիսի վերաբերմունք, ապա արդյոք ապագայում իսկապես կապաշխարի՞։ Ո՛չ, նա միայն կշարունակի գործել այնպես, ինչպես գործել է։ Սա նշանակում է, որ նա անամոթ է, իսկ անամոթությունը նշանակում է չունենալ խիղճ և ողջամտություն։ Խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ չափազանց ամաչում են որևէ մեկի երեսին նայել այն բանից հետո, երբ մերկացվում են վատ բան անելու համար և այլևս երբեք չեն անում այդ բանը։ Ինչո՞ւ է այսպես։ Պատճառն այն է, որ նրանք զգում են՝ դա ամոթալի արարք էր, և այնքան ամոթահար են, որ չեն կարող որևէ մեկի երեսին նայել։ Նրանց մարդկայնության մեջ ամոթի զգացում կա։ Մի՞թե սա բնականոն մարդկայնության նվազագույն չափանիշը չէ։ (Այդպես է։) Կարո՞ղ է արդյոք նա, ով նույնիսկ ամոթ չի զգում, միևնույն է, մարդ կոչվել։ Չի կարող։ Արդյոք նա, ով ամոթ չի զգում, բնականոն միտք ունի՞։ (Չունի։) Նա չունի բնականոն միտք, ուր մնաց դրական բաների հանդեպ սեր ունենա։ Նրա համար խիղճ և ողջամտություն ունենալը չափազանց բարձր չափանիշ է, որին նա չի համապատասխանում։ Արդ, ո՞րն է ամենահիմնական տարբերությունը հակաքրիստոսների և հակաքրիստոսների ուղիով քայլողների միջև։ Երբ հակաքրիստոսի էություն ունեցող մարդն ուրիշի կողմից մերկացվում է Աստծու հետ կարգավիճակի համար մրցելու պատճառով, նա չի մտածի, որ սխալ է վարվել։ Հետագայում նա ոչ միայն դասեր չի քաղի և չի շրջվի դեպի Աստված, այլ փոխարենը, հենց որ հնարավորություն ունենա ընտրվելու որպես առաջնորդող կամ աշխատող, կշարունակի մրցել Աստծու հետ կարգավիճակի համար՝ շարունակելով ճիշտ նախկինի պես․ ավելի շուտ կմեռնի, քան կապաշխարի։ Արդյոք այս մարդիկ ռացիոնալություն ունե՞ն։ (Չունեն։) Իսկ ռացիոնալություն չունեցող մարդիկ որևէ ամոթ զգո՞ւմ են։ (Չեն զգում։) Նման մարդիկ չունեն ռացիոնալություն և ամոթի զգացում։ Երբ բնականոն մարդկայնություն, խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ լսեն, որ ուրիշներն ասում են, թե իրենք մրցում են Աստծու հետ կարգավիճակի համար, նրանք կմտածեն․ «Օ՜, ո՛չ, սա լուրջ հարց է։ Ես Աստծու հետևորդ եմ։ Ինչպե՞ս կարող էի կարգավիճակի համար մրցել Նրա հետ։ Որքա՜ն ամոթալի է դա անելը։ Որքա՜ն բթացած, որքա՜ն հիմար, որքա՜ն անխոհեմ եմ դարձել, որ նման բան եմ արել։ Ինչպե՞ս կարող էի նման բան անել»։ Նրանք անհարմար կզգան և կամաչեն իրենց արածի համար, և նման իրավիճակների հանդիպելիս ամոթի զգացումը կզսպի նրանց վարքագիծը։ Բոլոր մարդկանց բնական էությունը Սատանայի բնական էությունն է, բայց նրանք, ովքեր ունեն բնականոն մարդկայնության ողջամտություն, կունենան ամոթի զգացում, և նրանց վարքագիծը կզսպվի։ Երբ մարդն աստիճանաբար ավելի խորն է ըմբռնում ճշմարտությունը, ավելի խորն է ճանաչում ու հասկանում Աստծուն և ավելի խորապես է հնազանդվում ճշմարտությանը, ամոթի այս զգացումն այլևս նրա ամենաստորին սահմանը չի լինի։ Նա աստիճանաբար ավելի շատ կզսպվի ճշմարտությամբ և իր աստվածավախ սրտով։ Կշարունակի բարելավել իրեն և ավելի ու ավելի շատ կգործի ճշմարտությանը համապատասխան։ Սակայն արդյոք հակաքրիստոսները կձգտե՞ն ճշմարտությանը։ Բացարձակապես ոչ։ Նրանք չունեն բնականոն մարդկայնության ողջամտություն, չգիտեն, թե ինչ է նշանակում ձգտել ճշմարտությանը, և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ ու դրա նկատմամբ սիրո նշույլ անգամ չունեն, ուստի ինչպե՞ս կարող են ձգտել ճշմարտությանը։ Ճշմարտությանը ձգտելը բնականոն մարդկայնության կարիք է։ Միայն նրանք, ովքեր ունեն արդարության քաղց ու ծարավ, կսիրեն ճշմարտությունը և կձգտեն դրան։ Նրանք, ովքեր չունեն բնականոն մարդկայնություն, երբեք չեն ձգտի ճշմարտությանը։
Հակաքրիստոսի ուղիով քայլող մարդիկ տարբերվում են իսկական հակաքրիստոսներից։ Որոշ մարդիկ տեսնում են, որ լի են հակաքրիստոսի խառնվածքներով, ձգտում են համբավի, շահի ու կարգավիճակի, խորապես փայփայում են և երբեք չեն կարողանում բաց թողնել դրանք։ Նրանք հաստատապես հավատում են, որ ունեն հակաքրիստոսի բնություն և չեն կարող փրկվել։ Եթե իսկապես չես ճանաչում ինքդ քեզ և չգիտես՝ արդյոք հակաքրիստոս ես, թե չար մարդ, ապա պետք է ինքնաքննես, թե արդյոք ունե՞ս ամոթի զգացում կամ զգացողություն։ Եթե չունես, ապա վտանգի մեջ ես, և կարելի է ասել, որ ունես չար մարդու կամ հակաքրիստոսի բնական էություն։ Նույնիսկ եթե հիմա հակաքրիստոս չես, ապագայում կարող ես դառնալ այդպիսին ապագայում։ Այն, ինչ ճշմարտությանը չձգտողներն ամենաքիչն են ցանկանում անել, ինքնաքննելն ու իրենց ճանաչելն է։ Նրանք ասում են. «Ինձ չի հետաքրքրում, թե ով է ասում, որ ես հակաքրիստոս եմ։ Ո՞վ չի սիրում համբավ, շահ և կարգավիճակ։ Ցանկացած ոք, ով ասում է, թե չի սիրում համբավ, շահ և կարգավիճակ, ստում է։ Ո՞վ կարող է կարգավիճակ ունենալ և չվայելել դրա օգուտները։ Միայն հիմարը կարող է այդպիսին լինել։ Կարգավիճակի օգուտները վայելել կարողանալը կոչվում է ունակություն»։ Ի՞նչ տեսակ մարդն է նման բաներ ասում։ Մի՞թե դա մեկը չէ, ով հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ։ Այս տեսակի մարդն անուղղելի համառ է․ արդյոք նա կարո՞ղ է փրկվել։ Բացարձակապես չի կարող փրկվել, որովհետև Աստված չի փրկում չար մարդկանց։ Նման մարդիկ Սատանայի տեսակից են, նրանք գազաններ են։ Ոմանք չգիտեն՝ արդյոք կարո՞ղ են լինել Աստծու փրկության առարկան։ Այս դեպքում, երբ Աստծու խոսքերը մերկացնում են բնական էությունդ և ապականված խառնվածքդ, դիտարկի՛ր՝ արդյոք կարո՞ղ ես զգալ դա և ներքուստ ամաչել, և արդյոք մտածո՞ւմ ես, որ այն, ինչ Աստված մերկացնում է, քո ճշմարիտ եսն է, ինչն այնուհետև կստիպեր քեզ ամոթ զգալ և զգալ այնպես, ասես թաքնվելու տեղ չունես։ Եթե ունես ամոթի այս զգացումը, եթե ունես այս գիտակցությունը, սա լավ է։ Կան նույնիսկ որոշ մարդիկ, որոնք ասում են. «Աստծու խոսքերը լիովին մերկացրել են ինձ։ Ես չափազանց ամաչում եմ որևէ մեկի երեսին նայել և թաքնվելու տեղ չունեմ։ Կարծում եմ, որ պետք է դժոխք ուղարկվեմ, ես արժանի չեմ Աստծու փրկությանը։ Իմ բացասականությունն այնպիսին է, որ նույնիսկ չեմ կարծում, թե արժանի եմ ապրելու։ Պետք է պարզապես մեռնեմ, և դրանով ամեն ինչ վերջանա»։ Այսպես զգալը լա՞վ է, թե՞ վատ։ Լավ է։ Որոշ մարդիկ չեն հասկանում և ասում են. «Ինչպե՞ս կարող է սա լավ լինել»։ (Դա ցույց է տալիս, որ այս մարդն ամոթի զգացում ունի։) Դա չի որոշվում ամոթով։ Նախևառաջ, այսպիսի զգացում ունենալը նշանակում է, որ առնվազն հասկանում ես Աստծու խոսքերը։ Երկրորդ՝ ո՞րն է ինքնաճանաչողությանդ հիմքը։ (Աստծու խոսքերն ընդունելը։) Ճիշտ է։ Ընդունում ես, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, ինչը նշանակում է, որ օգտագործում ես Աստծու խոսքերը որպես չափանիշ՝ գնահատելու, թե արդյոք կարող ես փրկվել, և թե ինչ տեսակ մարդ ես։ Արդեն իսկ Նրա խոսքերը դարձրել ես ինքնագնահատման չափանիշ։ Սա ապացուցում է, որ ճշմարիտ հավատք ունես դրանց հանդեպ։ Միայն երբ ճշմարիտ հավատք ունես Աստծու հանդեպ, կարող ես Նրա խոսքերը համարել ճշմարտություն, որպես ինքնագնահատման չափանիշ։ Նա, ով անում է սա, փրկվելու հնարավորություն ունի։ Հարցը միայն այն չէ՝ մարդն ամոթի զգացում ունի, թե ոչ։
Ինչ վերաբերում է այս դրսևորմանը՝ հակաքրիստոսների՝ այլախոհների վրա հարձակվելուն և նրանց դուրս մղելուն, մենք արդեն քննարկել ենք «այլախոհ» բառի սահմանումը։ Ուստի ո՞ր մարդիկ են ընդգրկվում այս տերմինի շրջանակում։ Հիմնականում նրանք են, ովքեր իրողությունների վերաբերյալ ունեն հակաքրիստոսներից տարբերվող տեսակետներ, և ովքեր նրանցից տարբերվող ուղիներով են քայլում։ Հակաքրիստոսների աչքում այս մարդիկ բոլորը դառնում են այլախոհներ և հակաքրիստոսների հարձակումների թիրախներն են։ Հակաքրիստոսները կարծում են, որ այլախոհների վրա հարձակվելն ու նրանց դուրս մղելը միանգամայն արդարացված է, որ դա Աստծու տան գործը պաշտպանելն է և եկեղեցական կյանքը պաշտպանելը, մինչդեռ իրականում դա իրենց սեփական կարգավիճակն ու իշխանությունը պաշտպանելու միջոց և մեթոդ է։ Ամենևին չի ծառայում Աստծու տան գործը պաշտպանելուն, առավել ևս չի պահպանում Աստծու ընտրյալ մարդկանց եկեղեցական կյանքի բնականոն կարգը։ Այստեղ նշված այլախոհներից ոմանք մարդիկ են, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Մենք կարող ենք վստահ լինել դրանում, որովհետև հակաքրիստոսները դեմ են ճշմարտությանը ձգտող մարդկանց, և միայն ճշմարտությանը ձգտողները կարող են զանազանել հակաքրիստոսներին։
22 հունվարի, 2019 թ.