Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս վեցերորդ)
II. Հակաքրիստոսների շահերը
Անցյալ անգամ հաղորդակցվեցինք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների իններորդ կետի շուրջ՝ Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ։ Ապա հակաքրիստոսների շահերը բաժանեցինք մի քանի կետերի։ Առաջինը նրանց սեփական անվտանգությունն է, երկրորդը՝ նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը, իսկ երրորդը՝ իրենց սեփական օգուտների համար դավեր նյութելը։ Ի՞նչ են ներառում այդ օգուտները։ (Առաջինն Աստծու տան ունեցվածքը սեփականացնելն է, երկրորդը՝ եղբայրներին և քույրերին օգտագործելը՝ իրենց ծառայեցնելու և իրենց համար աշխատեցնելու նպատակով, իսկ երրորդը՝ Աստծուն հավատալու դիմակի տակ իրենց դիրքն օգտագործելը՝ խարդախությամբ ուտելիք, խմիչք և այլ ցանկալի բաներ ձեռք բերելու համար։) Այդ «այլ բաները» ներառում են հատուկ վերաբերմունք, անձնական գործերի կարգավորում և այլն, այնպես չէ՞։ (Այո՛։) Այսկերպ հաղորդակցվելը, հիմնական թեմաները ենթաթեմաների բաժանելը և ենթաթեմաները տարբեր տեսանկյունների բաժանելը՝ դրանց շուրջ հաղորդակցվելու համար, ձեզ մոտ խառնաշփոթ առաջացնո՞ւմ է։ (Ո՛չ, չի առաջացնում։) Իրականում, որքան շատ է հաղորդակցությունն այսկերպ իրականացվում, այնքան ավելի պարզ պետք է դառնան բաները։ Մենք հաղորդակցվել ենք հակաքրիստոսների շահերի երեք կետերի շուրջ, բայց կա ևս մեկը, որն ամենակարևորն է, հակաքրիստոսների շահերի չորրորդ կետը՝ նրանց հեռանկարներն ու ճակատագիրը։ Հեռանկարներն ու ճակատագիրը հավանաբար այն գլխավոր նպատակն են, որ հակաքրիստոսները փայփայում են Աստծուն հավատալիս։ Դրանք նաև ամենամեծ ձգտումներն են, որ նրանք ունեն իրենց սրտերում, և ամենաբարձր բաները, որոնց ձգտում են իրենց հոգու խորքում։ Հավանաբար ծանոթ եք հեռանկարների և ճակատագրի թեմային։ Այն վերաբերում է նրան, թե որտեղ կհայտնվեն մարդիկ, ուր կգնան, կամ ուր են գնում ապագայում կամ հաջորդ դարաշրջանում՝ մի խոսքով, նրանց ապագա վերջնական հանգրվանին։ Մի՞թե սա ամենամեծ և ամենակարևոր բանը չէ Աստծուն հավատացողներից յուրաքանչյուրի սրտում։ (Այո։) Հեռանկարներն ու ճակատագիրը չափազանց կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն։ Ուստի ինքնին հասկանալի է, որ հակաքրիստոսների համար իրենց շահերի ամենաառանցքային մասը պետք է լինեն իրենց հեռանկարներն ու ճակատագիրը, այսինքն՝ նրանց վերջնական հանգրվանը։
Դ. Նրանց հեռանկարներն ու ճակատագիրը
Եկեք նաև տարբեր կողմերից և տեսանկյուններից հաղորդակցվենք հակաքրիստոսների շահերի շրջանակում հեռանկարների և ճակատագրի շուրջ, որպեսզի բաները համեմատաբար պարզ լինեն։ Հակաքրիստոսների տարբեր շահերը, որոնց շուրջ նախկինում հաղորդակցվել ենք, ներառում են և՛ նյութական, և՛ ոչ նյութական շահեր։ Օրինակ՝ սեփական անվտանգությունը, հեղինակությունը և կարգավիճակը ոչ նյութական շահեր են. դրանք պարզապես անշոշափելի բաներ են նրանց հոգևոր աշխարհներում։ Մինչդեռ նյութական շահերը ներառում են ունեցվածք, ուտելիք և խմիչք, ինչպես նաև հատուկ վերաբերմունք, նյութական հաճույքներ և այլն։ Ուստի ի՞նչ են ներառում այսօրվա հաղորդակցության հեռանկարներն ու ճակատագիրը։ Եթե դրանց նայենք մարդկային պատկերացումների տեսանկյունից, արդյոք դրանք շոշափելի՞, թե՞ անշոշափելի բաներ են։ (Դրանք անշոշափելի բաներ են։) Հետևաբար դրանք պետք է լինեն բաներ, որոնք գոյություն ունեն մարդկանց հոգևոր աշխարհներում, նրանց պատկերացումներում ու երևակայություններում և նրանց մտքերում։ Մարդկանց համար այս բաները հույսի և սնուցման մի տեսակ են, և դրանք այն են, ինչին մարդիկ ձգտում են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Թեև այս բաներն անտեսանելի և անշոշափելի են մարդկանց համար, դրանք իշխող դիրք են զբաղեցնում մարդկանց սրտերում, տիրում են մարդկանց ողջ կյանքում և վերահսկում են նրանց մտքերն ու գործողությունները, նրանց մտադրությունները և նրանց ձգտումների ուղղությունը։ Ուստի հեռանկարներն ու ճակատագիրը չափազա՛նց կարևոր են բոլորի համար։ Թեև հեռանկարներն ու ճակատագիրը կարևոր են, հակաքրիստոսները ձգտում են դրանց այնպիսի ճանապարհով, որը լիովին տարբերվում է բնականոն, սովորական մարդկանցից։ Որոշակիորեն ո՞րն է տարբերությունը։ Ո՞ր տեսանկյուններն են ցույց տալիս սա և հնարավորություն տալիս մարդկանց հստակ տեսնելու և զանազանելու, որ դա հակաքրիստոսի ձգտման մեթոդն է և հակաքրիստոսի բնութագիրը։ Մի՞թե սա արժանի չէ քննարկման և հաղորդակցության։ Իհարկե, շատ մարդկանց դրսևորումները շատ առումներով նման են ճշմարիտ հակաքրիստոսների և հակաքրիստոսների էություն ունեցողների դրսևորումներին։ Բայց նույնիսկ երբ նրանց դրսևորումներն ու խառնվածքները նույնն են, նրանց էությունները տարբեր են։ Եկեք տարբեր տեսանկյուններից հաղորդակցվենք հակաքրիստոսների շահերի չորրորդ կետի՝ նրանց հեռանկարների և ճակատագրի շուրջ։
Ինչպե՞ս կարող ենք մանրամասն վերլուծել հեռանկարներն ու ճակատագիրը։ Ինչպիսի՞ մեթոդ և ո՞ր օրինակները կարող ենք օգտագործել՝ մանրամասն վերլուծելու համար, որ հակաքրիստոսների շահերում հեռանկարներն ու ճակատագիրը համահունչ չեն ճշմարտությանը, և որ դրանք հակաքրիստոսների էության մերկացումներ են։ Ո՞ր տեսանկյուններից կարելի է դրանք մանրամասն վերլուծել։ Սա մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Եկեք սա բաժանենք մի քանի լայն կարգերի, որպեսզի մարդիկ կարողանան ավելի ճշգրտորեն և հստակորեն հասկանալ հակաքրիստոսների էությունը։ Առաջինը՝ ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին, երկրորդը՝ ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենց պարտավորությանը, երրորդը՝ ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն, չորրորդը՝ ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում «ծառայություն մատուցող» կոչմանը, և հինգերորդը՝ ինչպես են հակաքրիստոսները մոտենում եկեղեցում իրենց կարգավիճակին։ Ինչո՞ւ այս հինգ կարգերը։ Փորձե՛ք հասկանալ։ Կարո՞ղ եք փոքր-ինչ հասկացողություն ձեռք բերել յուրաքանչյուրի վերաբերյալ։ Կարո՞ղ եք գտնել որոշ համապատասխան դրսևորումներ կամ խառնվածքներ, որոնք պատկանում են հակաքրիստոսներին։ Որոշակիորեն ի՞նչ պետք է մանրամասն վերլուծվի այս հինգ կարգերի հիման վրա։ Այս կարգերի առնչությամբ որո՞նք են հակաքրիստոսների հիմնական բնութագրերը և գլխավոր խառնվածքները, որ նրանք ի ցույց են դնում են, և որո՞նք են ճշմարտությանը ձգտող բնականոն մարդկանց ու սովորական ապականված մարդկանց դրսևորումները։ Որո՞նք են տարբերությունները հակաքրիստոսների և սովորական ապականված մարդկանց միջև։ Որտե՞ղ են այս տարբերությունները։ Ո՞րն է նրանց ընտրած ուղիների միջև տարբերությունը։ Ո՞րն է նրանց դրսևորումների տարբերությունը։ Ունե՞ք արդյոք որոշակի հասկացողություն այս կարգերի վերաբերյալ։ (Այս հինգ կարգերում հակաքրիստոսները հիմնականում չեն դիտարկում բաներն Աստծու խոսքերի ճշմարտության հիման վրա։ Նրանք միշտ օգտագործում են որոշակի բաների մակերեսային տեսքը կամ իրենց սեփական իրավիճակը՝ Աստծու մտադրությունները գուշակելու համար՝ հիմնվելով իրենց սեփական պատկերացումների ու երևակայությունների վրա, որպեսզի տեսնեն՝ արդյոք ունեն որևէ հեռանկար և ճակատագիր։ Օրինակ՝ երբ խոսքը վերաբերում է նրանց պարտավորությանը, եթե կարողանան հայտնվել ուշադրության կենտրոնում և բավարարել իրենց ցանկությունները, սնափառությունն ու հպարտությունը, կզգան, որ պիտանի մարդիկ են Աստծու տանը, և կարծես թե ունեն հեռանկարներ ու ճակատագիր։ Հենց որ էտվում են, զգում են, որ Աստված դժգոհ է իրենցից, որ Աստված բավարարված չէ իրենցով, և հուսալքվում ու հիասթափվում են Աստծուն հավատալուց, և նրանց ներսում առաջանում են բացասականություն ու հակադրություն։) Այս ամփոփումը որոշակի լույս է սփռում և փոքր-ինչ շոշափում է այս հարցի ներսում եղած ճշմարտությունը։ Դատելով ձեր ասածի ընդհանուր իմաստից՝ հավանաբար հիմնական հասկացողություն ունեք այս հինգ կարգերի վերաբերյալ։ Այնուհետև մեկ առ մեկ կհաղորդակցվենք դրանց շուրջ։
1. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին
Առաջին կարգն այն է, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին։ Հակաքրիստոսները նույնպես մարդիկ են, որոնք հավատում և հետևում են Աստծուն, նրանք նույնպես իրենց ձեռքերում ունեն Աստծու խոսքերը, քարոզներ են լսում, հաճախում են հավաքույթների և բնականոն հոգևոր կյանք ունեն։ Հակաքրիստոսների համար Աստծու խոսքերը կարդալը նույնպես նրանց կյանքի մի մասն է, և նրանք հաճախ են դա անում։ Թեև երկուսն էլ կարդում են Աստծու խոսքերը, հակաքրիստոսները տարբերվում են ճշմարտությանը ձգտողներից. նրանք լիովին այլ վերաբերմունք ունեն Աստծու խոսքերի նկատմամբ։ Ուստի ինչպե՞ս են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին։ Նախ՝ նրանք հետազոտում և վերլուծում են Աստծու խոսքերը՝ ուսումնասիրելով դրանք տարօրինակ տեսանկյունից և տեսակետից։ Ինչո՞ւ եմ դա «ուսումնասիրություն» կոչում։ Ելնելով օբյեկտիվ իրավիճակից՝ հակաքրիստոսները ստիպված են ընդունել, որ դրանք Աստծու խոսքերն են, և իրենց սրտերում նույնպես զգում են, որ Աստծու խոսքերն այնքան վեհ են, որ սովորական մարդիկ չէին կարող արտահայտել դրանք, և որ այդ խոսքերը ոչ մի այլ տեղ հնարավոր չէր գտնել։ Սրա հիման վրա նրանք այլ ելք չունեն, քան ընդունել, որ դրանք Աստծու խոսքերն են, բայց արդյոք ընդունո՞ւմ են Աստծու խոսքերը որպես ճշմարտություն։ Ո՛չ, չեն ընդունում։ Ուստի ինչո՞ւ են հակաքրիստոսները դեռևս կարդում Աստծու խոսքերը։ Որովհետև Աստծու խոսքերում կան բաներ, որոնց կարիքը նրանք ունեն, բաներ, որոնք ուզում են իմանալ, և բաներ, որոնք սնուցում են նրանց իրենց հոգևոր աշխարհներում։ Որո՞նք են այս բաները։ Դրանք, իհարկե, սերտորեն կապված են հակաքրիստոսների հեռանկարների և ճակատագրի հետ։ Երբ հակաքրիստոսներն ուսումնասիրում են Աստծու խոսքերը, անընդհատ փնտրում են խոսքեր, որոնք վերաբերում են վերջնական հանգրվաններին, ելքերին, թե որտեղ կհայտնվեն մարդիկ ապագայում և այլն։ Հետևաբար հակաքրիստոսների՝ Աստծու խոսքերը կարդալը կոչվում է «ուսումնասիրություն». դրանք կարդալիս նրանք հետազոտում, վերլուծում և դատողություններ են անում Աստծու խոսքերի վերաբերյալ։ Կարդալիս նրանք հետազոտում են Նրա խոսքերը. «Աստծու հնչերանգից կարծես թե նա չի հավանում այս տեսակի մարդկանց։ Ինչո՞ւ եմ զգում, որ ես նրանցից մեկն եմ։ Ես պետք է պարզեմ, թե ինչ վերջնական հանգրվան է աստված տալիս այս մարդկանց»։ Երբ տեսնում են, որ Աստված խոսում է նման մարդկանց անհատակ անդունդը գցելու մասին, իրենք իրենց մտածում են. «Լավ չէ։ Անհատակ անդունդը գցվելը նշանակում է վերջդ եկել է, այնպես չէ՞։ Այս տեսակի մարդիկ հեռանկարներ չունեն և լավ վերջնական հանգրվան չունեն, ուստի ի՞նչ պետք է անեմ»։ Նրանք իրենց սրտերում բութ ցավ, անհանգստություն և տհաճություն են զգում։ «Արդյոք աստված իսկապե՞ս այսպես է վերաբերվում նման մարդկանց։ Ո՛չ, չեմ կարող հանձնվել»։ Սրանով նրանք շարունակում են փնտրել Աստծու խոսքերում։ Երբ տեսնում են, որ Աստծու խոսքերն ասում են. «Իմ որդիներ, Ես սա և դա կանեմ ձեզ համար, և սա և դա կպատահի ձեզ», այլևս վատ չեն զգում։ «Աստծու խոսքերը ջերմացնում են սիրտս, դրանք հիանալի են։ Ես այն «որդիներից» մեկն եմ, որոնց մասին աստված խոսում է»։ Ապա Աստծու խոսքերում տեսնում են հիշատակված «անդրանիկ որդիներ» և «որպես թագավորներ իշխել» արտահայտությունները և մտածում են. «Հիանալի՛ է։ Օգուտներ և խոստումնալից ապագա կա աստծուն հավատալու մեջ։ Ճիշտ ուղի եմ ընտրել։ Ճիշտ խաղադրույք եմ կատարել։ Պետք է ջանասեր լինեմ հավատքիս մեջ և կառչեմ աստծու փեշերին։ Չպետք է հանձնվեմ, նույնիսկ վերջին պահին»։ Շարունակելով կարդալ՝ տեսնում են, որ Աստծու խոսքերը հիշատակում են, որ «նա, ով հետևում է մինչև վերջ, անկասկած կփրկվի»։ Հակաքրիստոսների համար սա կարդալը նման է փրկօղակին կառչելուն. «Ես կկիրառեմ ըստ այս խոսքերի։ Անկախ նրանից՝ երբ և որտեղ, և անկախ նրանից, թե ինչ կպատահի, նույնիսկ երբ ծովերը ցամաքեն և ժայռերը փոշի դառնան, նույնիսկ եթե կապույտ ծովերը կանաչ դաշտերի վերածվեն, այս խոսքերը չեն փոխվի։ Նույնիսկ եթե երկինքն ու երկիրն անցնեն, այս խոսքերը չեն անցնի։ Քանի դեռ պահում եմ այս խոսքերը, մի՞թե լավ ելք, լավ վերջնական հանգրվան չեմ ունենա։ Մի՞թե իմ հեռանկարներն ու ճակատագիրը չեն որոշվի։ Հիանալի՛ է։ Ես պետք է լինեմ նա, ով հետևում է մինչև վերջ»։ Նորից ու նորից փնտրելով, այսպես հետազոտելով և այնպես վերլուծելով՝ նրանք ի վերջո փրկօղակ են գտնում Աստծու խոսքերում և բացահայտում մեծագույն «գաղտնիքը»։ Լցվում են ուրախությամբ. «Վերջապե՛ս, ստիպված չեմ անհանգստանալ դուրս թողնվելու համար, ստիպված չեմ անհանգստանալ կրակի և ծծմբի լիճ գնալու համար, ստիպված չեմ անհանգստանալ դժոխք գնալու համար։ Վերջապես գտա իմ վերջնական հանգրվանը և վերջապես գտա դեպի երկինք՝ մարդկության գեղեցիկ վերջնական հանգրվան տանող ճանապարհը. որքա՜ն հիանալի է»։ Բայց սա երկար չի տևում, և երբ կարդում են Աստծու խոսքերի «Վերջնական հանգրվանի մասին» գլուխը, մտածում են. «Ի՞նչ են ասում այս խոսքերը վերջնական հանգրվանների մասին։ Աստված կարծես թե շատ որոշակիորեն չի խոսում տարբեր տեսակի մարդկանց վերջնական հանգրվանների մասին։ Որոշակիորեն ի՞նչ նկատի ունի աստված։ Ի՞նչ պետք է անեմ։ Ես չպետք է անհանգստանամ, պետք է շարունակեմ կարդալ»։ Ապա, երբ տեսնում են, որ Աստված ասում է. «Բավարար բարի գործեր պատրաստիր քո վերջնական հանգրվանի համար», մի քիչ էլ են մտածում դրա շուրջ. «Եթե ուզում եմ լավ վերջնական հանգրվան ունենալ, պետք է բավարար բարի գործեր պատրաստեմ։ Քանի որ աստված այժմ պայմաններ է դրել, սա հեշտացնում է բաները։ Ստիպված չեմ շարունակել անիմաստ ջանքեր գործադրել և իզուր տքնել. հիմա գիտեմ, թե որտեղ պետք է գործադրեմ իմ ջանքերը»։ Հաղորդակցության միջոցով հակաքրիստոսներն իմանում են, թե ինչ են բարի գործերը, «ուղի» են գտնում և լուծում ունենում։ «Պարզվում է՝ այնքան հեշտ էր։ Ողորմություն և ընծաներ տալը բարի գործեր են։ Ավետարանը քարոզելն ու ավելի շատ մարդկանց ձեռք բերելը բարի գործեր են։ Եղբայրներին և քույրերին աջակցելը բարի գործ է։ Ինձ համար արժեքավոր բաները տալը բարի գործ է։ Իմ վերջնական հանգրվանի համար ամեն ինչ վտանգի կենթարկեմ՝ այս բոլոր բաները կտամ»։ Բայց հետո մտածում են. «Ո՛չ։ Եթե տամ իմ ողջ փողն ու նյութական ունեցվածքը, ապա ինչպե՞ս եմ ապրելու ապագայում։ Նախ պետք է կարդամ աստծու խոսքերը՝ տեսնելու համար, թե երբ կավարտվի նրա գործը, և երբ մարդիկ այլևս այս բաների կարիքը չեն ունենա երկրի վրա իրենց կյանքում։ Չպետք է շտապեմ։ Բայց եթե չմատուցեմ այս բաները, ապա ինչպե՞ս կարող եմ բարի գործեր պատրաստել։ Մի քանի եղբայրների և քույրերի հյուրընկալելն ու մարդկանց ձեռք բերելու համար ավետարանը քարոզելը հեշտ բաներ են։ Ես կարող եմ հասնել այս բաներին»։ Բարի գործեր պատրաստելիս իրենց սրտերում նրանք անընդհատ հաշվում են, թե որքան բարի գործեր են պատրաստել, և որքան հավանական է, որ լավ վերջնական հանգրվան կունենան։ «Այնքան շատ բարի գործեր եմ պատրաստել, բայց ինչո՞ւ աստված ինձ որոշման հաստատում չի տալիս։ Աստծու գործը դեռ չի ավարտվել, ուստի ի՞նչ պետք է անեմ։ Ո՛չ, պետք է տեսնեմ, թե ուրիշ ինչ են ասում աստծու խոսքերը հեռանկարների և ճակատագրի մասին, և ուրիշ ինչ որոշակի բացատրություններ են դրանք պարունակում»։ Նրանք շարունակում են նորից ու նորից փնտրել Աստծու խոսքերը։ Եթե գտնում են մի բան, որն օգուտ է տալիս իրենց հեռանկարներին ու ճակատագրին, ուրախ են զգում, եթե գտնում են մի բան, որը հակասում է իրենց հեռանկարներին ու ճակատագրին, ցավ են զգում։ Այսպիսով՝ այն տարիների ընթացքում, երբ կարդում են Աստծու խոսքերը, բազմիցս բացասական և թույլ են զգում Աստծու խոսքերի պատճառով, և բազմիցս դրական, երջանիկ ու անչափ ուրախ են զգում Նրա խոսքերի պատճառով։ Սակայն անկախ նրանից, թե ինչ վիճակներ կամ հույզեր են առաջանում իրենց մոտ, պարզապես չեն կարողանում ազատվել իրենց վերջնական հանգրվանի, հեռանկարների և ճակատագրի հանդեպ ունեցած մոլուցքից և շարունակում են Աստծու խոսքերում փնտրել որոշումներ և հայտարարություններ տարբեր տեսակի մարդկանց ելքերի վերաբերյալ։ Մի խոսքով՝ իրենց ողջ ջանքը գործադրում են Աստծու խոսքերի վրա։ Անկախ նրանից՝ ինչպես են կարդում Աստծու խոսքերը, պարզապես չգիտեն, որ Աստծու խոսքերում կա ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Միայն գիտեն, որ Աստծու խոսքերում կարող են գտնել իրենց վերջնական հանգրվանը, մարդկության վերջնական հանգրվանը և դժոխք գնալուց ու իրենց վերջնական հանգրվանը կորցնելուց խուսափելու ուղի։ Ուստի երկար տարիներ այսկերպ Աստծու խոսքերը կարդալուց հետո ի՞նչ են ձեռք բերել։ Նրանք կարող են խոսել բազմաթիվ ճիշտ վարդապետությունների և հոգևոր տեսությունների մասին, բայց բացարձակապես չեն կարողանում Աստծու խոսքերը կապել Աստծուն ընդդիմանալու, Աստծու դեմ ըմբոստանալու, ճշմարտությունը չկիրառելու և ճշմարտությունն ամենևին չսիրելու իրենց էության հետ։
Հակաքրիստոսները հաճախ հետազոտում և փնտրում են Աստծու խոսքերում խորհուրդների վերաբերյալ Նրա բացահայտումները։ Նաև փնտրում են Նրա խոսքերում նոր եզրույթներ, նոր բաներ և նոր հայտարարություններ՝ նույնիսկ հասնելով այն բանին, որ փնտրում են որոշ խորհուրդներ, որոնք անհայտ են ցանկացած մարդու՝ հոգևոր, թե այլ, օրինակ՝ ինչ է թզենին, որն է 144 000 արու զավակների իմաստը, և ինչ է հաղթողը, ինչպես նաև որոշ հայտարարություններ և եզրույթներ Հայտնության գրքում, որոնք մարդիկ ուսումնասիրել են երկար տարիներ՝ առանց հասկանալու։ Հատկապես քրտնաջան են աշխատում այս բաների վրա և անընդհատ փնտրում ու հետազոտում են, թե արդյոք այս խոսքերում կան որևէ հայտարարություններ մարդկանց վերջնական հանգրվանների մասին, և արդյոք կան որևէ հստակ բացատրություններ մարդկանց վերջնական հանգրվանների վերաբերյալ։ Բայց որքան էլ ջանասիրաբար փնտրեն, նրանց ջանքերը միշտ ապարդյուն են։ Հետևաբար մինչ հակաքրիստոսները կարդում են Աստծու խոսքերը, հետևում են Աստծուն և հոսանքի ուղղությամբ են գնում եկեղեցում, իրենց հոգու խորքում միշտ անհանգիստ են զգում։ Հաճախ իրենք իրենց հարցնում են. «Կարո՞ղ եմ օրհնություններ ստանալ։ Որոշակիորեն որո՞նք են իմ հեռանկարներն ու ճակատագիրը։ Արդյոք ինձ համար տեղ կլինի՞ աստծու թագավորությունում։ Երբ գա իմ վերջնական հանգրվանը, արդյոք կնայե՞մ կապույտ երկնքին, թե՞ կլինեմ մի աշխարհում, որն այնքան մութ է, որ նույնիսկ սեփական ձեռքս չեմ կարող տեսնել։ Որոշակիորեն ո՞րն է իմ վերջնական հանգրվանը»։ Մինչ իրենց սրտերում շարունակում են այսպես հարցաքննել իրենք իրենց, հոգու խորքում լուռ հարցաքննում են նաև Աստծուն. «Արդյոք որակավորվա՞ծ եմ երկնքի թագավորություն մտնելու համար։ Կարո՞ղ եմ խուսափել դժոխք գնալուց։ Կարո՞ղ եմ մտնել երկնքի թագավորություն՝ այսպես ձգտելով։ Կարո՞ղ եմ ապագա օրհնություններ ստանալ։ Արդյոք կմտնե՞մ գալիք աշխարհ։ Ո՞րն է աստծու վերաբերմունքը։ Ինչո՞ւ աստված ինձ ճշգրիտ և որոշակի հայտարարություն չի տալիս այս հարցի վերաբերյալ, որպեսզի կարողանամ մտքի խաղաղություն ունենալ։ Որոշակիորեն ո՞րն է իմ ելքը»։ Մի՞թե սա այն չէ, ինչ հակաքրիստոսները մտածում են հոգու խորքում, մինչ ուսումնասիրում են Աստծու խոսքերը և մինչ հոսանքի ուղղությամբ են գնում ու այլ ելք չունեն, քան առաջ շարժվելը։ Սա է այն վերաբերմունքը, որ նրանք իրենց հոգու խորքում տածում են իրենց հեռանկարների և ճակատագրի նկատմամբ։ Նրանց մտքերն անընդհատ զբաղեցված են այս բաներով, նրանք հուսահատորեն կառչում են դրանց և հրաժարվում են մի կողմ դնելուց։
Երբ հակաքրիստոսներն ուսումնասիրում են Աստծու խոսքը, կա մի բան, որն ավելի շատ է հետաքրքրում նրանց, քան իրենց վերջնական հանգրվանները փնտրելն ու խորհուրդները հետազոտելը. դա այն է, թե երբ մարմնացած Աստված կհեռանա երկրից, երբ Նա կավարտի Իր սպասավորությունը, երբ կավարտվի Նրա մեծ նախաձեռնությունը, երբ կավարտվի Նրա գործը, երբ Նրան հետևողները կվայելեն մեծ օրհնություններ և կտեսնեն Նրա ճշմարիտ կերպարանքը։ Արդյոք կկարողանան տեսնել, թե ինչպես է Աստված հեռանում երկրից, նույնպես նրանց ամենամեծ մտահոգությունն է։ Բացի այն օրվանից, երբ Աստծու տնօրինման ծրագիրը հաջողությամբ կավարտվի, ավելի շատ մտահոգված են նրանով, թե երբ Քրիստոսը կհեռանա երկրից, ինչ կլինի, երբ Քրիստոսը հեռանա երկրից, քանի տարեկան են իրենք հիմա, արդյոք դեռ ողջ կլինե՞ն՝ տեսնելու 10 կամ 20 տարի հետո Քրիստոսի հեռանալը երկրից, ի՞նչ կպատահի, եթե տեսնեն դա, և ի՞նչ կպատահի, եթե չկարողանան. այսպիսին են հաշվարկները նրանց մտքերում։ Ոմանք իրենք իրենց խորհում են. «Արդեն 60 տարեկան եմ։ Եթե 10 տարի հետո դեռ ողջ լինեմ, պետք է որ կարողանամ տեսնել, թե ինչպես է քրիստոսը հեռանում երկրից, բայց եթե արդեն մահացած լինեմ, երբ 10 տարի հետո աստծու գործն ավարտվի, ո՞րն է աստծուն հավատալուս իմաստը։ Թեև աստված նախասահմանել է ինձ ծնվել այս դարաշրջանում, եթե ես՝ աստծուն հետևողս, բաց թողնեմ նման մեծ ու վիթխարի իրադարձությանը ականատես լինելու հնարավորությունը, ապա չեմ կարող օրհնված մարդ համարվել և ոչ մի մեծ օրհնություն ստացած չեմ լինի»։ Նման մտքերը դժբախտություն և դժգոհություն են ծնում նրանց մեջ։ Ի՞նչ աստիճանի են նրանք դժգոհ. «Արդեն այսքան ծեր եմ, ինչո՞ւ աստված դեռ չի հեռացել երկրից։ Ինչո՞ւ աստծու գործը դեռ չի ավարտվել։ Ե՞րբ կավարտենք ավետարանը քարոզելը։ Թող աստծու գործն արագ ավարտվի, թող աստված արագ ավարտի իր մեծ գործը, թող արհավիրքներն արագորեն վրա հասնեն, թող աստված շտապի՛ կործանելու Սատանային և պատժելու չար մարդկանց»։ Ի՞նչ են նրանք անում։ Մի՞թե պահանջներ չեն ներկայացնում Աստծուն՝ հիմնվելով իրենց անձնական կամքի վրա՝ հուսալով ստիպել Նրան գործել ըստ իրենց կամքի։ Մի՞թե նրանց անձնական շահերը չեն պարունակվում իրենց այս կամքի մեջ։ Իրենց սեփական շահերի պատճառով անհամբերությամբ հույս ունեն, որ Աստված կավարտի Իր մեծ գործը, որ արհավիրքներն արագորեն վրա կհասնեն, որ Աստված կշտապի պատժել չարերին և վարձատրել բարիներին, և որ Աստված կստանա Իր փառքը։ Ի՞նչ շարժառիթներ են փայփայում իրենց սրտերում։ Արդյոք հաշվի առնո՞ւմ են Աստծու մտադրությունները։ (Ոչ։) Ի՞նչ են անում։ (Նրանք օրհնություններ ստանալու հույս ունեն։) Ուզում են ստիպել, որ Աստծու տնօրինման ծրագրի գործը պտտվի իրենց վերջնական հանգրվանների շուրջ՝ հանուն իրենց սեփական շահերի և վերջնական հանգրվանների։ Մի՞թե սա արհամարհելի և անամոթ չէ։ Ո՞րն է հակաքրիստոսների դրսևորած էությունը բոլոր հարցերում։ Իրենց շահերն ամեն ինչից վեր դասելը և թույլ տալը, որ իրենց շահերը գերիշխեն։ Այսինքն՝ թույլ չեն տալիս, որ որևէ բան հակասի իրենց շահերին, նույնիսկ Աստծու տնօրինման ծրագիրը։ Թե երբ կավարտվի Աստծու գործը, երբ կավարտվի Նրա մեծ գործը, երբ Նա փառք կստանա, և երբ Նա կկործանի մարդկային ցեղը, այս ամենը պետք է պտտվի իրենց շահերի և իրենց վերջնական հանգրվանների շուրջ, այս ամենը պետք է կապված լինի իրենց վերջնական հանգրվանների հետ։ Հակառակ դեպքում կուրանան Աստծուն, կհրաժարվեն Նրա հանդեպ իրենց հավատքից և նույնիսկ կանիծեն Նրան։
Աստծու խոսքին հակաքրիստոսների վերաբերվելու հիմնական դրսևորումներից մեկն ուսումնասիրելն է։ Սա այն վերաբերմունքն է, որով իսկական չհավատացողը վերաբերվում է Աստծու խոսքին։ Ի՞նչ են նրանք ուսումնասիրում։ Նրանք չեն ուսումնասիրում ճշմարտությունը, կամ այն, ինչ Աստված պահանջում է մարդկությունից, կամ Նրա խոսքերը, որոնք մերկացնում են մարդկությանը, կամ Նրա խոսքերը, որոնք դատում են մարդկությանը, և հաստատապես չեն ուսումնասիրում Նրա մտադրությունները. նրանք ուսումնասիրում են իրենց սեփական հեռանկարներն ու ճակատագիրը։ Անկախ նրանից, թե Աստծու խոսքի որ մասն են կարդում, եթե այն պարունակում է խոսքեր, որոնք վերաբերում են իրենց հեռանկարներին ու ճակատագրին, ինչն ամենաշատն է մտահոգում իրենց, ուշադրությամբ կուսումնասիրեն այդ մասերը և կնշեն դրանք որպես կարևոր։ Օրինակ՝ երբ տեսնում են Աստծու խոսքեր, որոնք մերկացնում և մանրամասն վերլուծում են իրենց պես մարդկանց, կամ բնութագրումներ ու հայտարարություններ իրենց պես մարդկանց մասին, ջանասիրաբար կուսումնասիրեն նման խոսքերը և նորից ու նորից կկարդան դրանք։ Ի՞նչ են նրանք փնտրում։ Արդյոք փնտրո՞ւմ են՝ տեսնելու համար, թե ինչպես կարող են հասկանալ Աստծու մտադրությունները և գտնել կիրառման սկզբունքները։ Արդյոք փնտրո՞ւմ են՝ տեսնելու համար, թե ինչպես կարող են իրենք իրենց հասկանալ Աստծու խոսքի միջոցով։ Ո՛չ։ Նրանք փորձում են կարդալ տողատակերը, որպեսզի կարողանան հստակորեն տեսնել այն վերաբերմունքը, որն Աստված այս խոսքերի հետևում տածում է իրենց պես մարդկանց նկատմամբ. արդյոք Աստված ատում է Իրենց և գարշո՞ւմ իրենցից, թե՞ կփրկի իրենց։ Նրանք զննում են ոչ միայն Աստծու այս խոսքերի բովանդակությունը, այլև Նրա խոսքերի տոնն ու վերաբերմունքը և դրանց հետևում եղած մտքերը։ Հենց որ ի մի են բերում Աստծու խոսքի բոլոր այն մասերը, որոնք վերաբերում են իրենց պես մարդկանց վերջնական հանգրվաններին, և հայտնաբերում են, որ Նրա վերաբերմունքն իրենց նկատմամբ արհամարհանքով մերժում է և ոչ թե փրկություն, նրանց վերաբերմունքը Նրա հանդեպ հավատքի նկատմամբ անմիջապես կսառչի 80-ից 90 տոկոսով։ Նրանց սրտերում անմիջապես անհավատություն կառաջանա, և նրանց վերաբերմունքը 180 աստիճանով կփոխվի։ Ի՞նչ աստիճանի է այս փոփոխությունը։ Նրանք այլևս չեն ցանկանա կատարել այն պարտավորությունները, որոնք ծրագրել էին կատարել, կամ լքել այն, ինչ ծրագրել էին լքել։ Թեև ի սկզբանե ուզում էին ավետարանը քարոզել իրենց ընտանիքներին, այլևս չեն անի դա, քանի որ այլևս չեն հավատում, և խոսք անգամ լինել չի կարող, որ իրենց ընտանիքների անդամները կհավատան։ Մի խոսքով՝ կոչնչացնեն և կհրաժարվեն իրենց բոլոր սկզբնական ծրագրերից։ Մի՞թե սա էական վերաբերմունք չէ, որ հակաքրիստոսները տածում են Աստծու խոսքի նկատմամբ։ Աստծու խոսքն ուսումնասիրելու նրանց նպատակը ճշմարտությանը ձգտելը և ճշմարտությունը կիրառելու սկզբունքները գտնելը չէ, որպեսզի կարողանան հասկանալ Նրա մտադրությունները և հավատարիմ լինել Նրան. նրանց նպատակը ճշգրիտ հայտարարություն գտնելն է այն մասին, թե ինչպես է Աստված որոշում իրենց պես մարդկանց ելքերն ու վերջնական հանգրվանները։ Երբ հույսի նշույլ են գտնում, կյանքի գնով կառչում են դրան՝ հանուն հույսի այս նշույլի կկարողանան լքել ամեն ինչ, և նրանց վերաբերմունքը կտրուկ կփոխվի։ Բայց երբ օրհնություններ ստանալու նրանց ողջ հույսը փշրվում է, նրանց վերաբերմունքը կրկին կտրուկ կփոխվի՝ ընդհուպ մինչև իրենց հավատքը կորցնելը և դավաճանության դիմելը, և նույնիսկ իրենց սրտերում Աստծուն անիծելը։ Սրանք են հակաքրիստոսների դրսևորումները։
Իհարկե, հակաքրիստոսները նաև կօգտագործեն Աստծու խոսքերը՝ դրանք ուսումնասիրելիս անձնական օգուտ փնտրելու համար։ Ինչպիսի՞ օգուտ։ Աստծու խոսքերն ուսումնասիրելիս նրանք պարզում են, թե որոնք են Աստծու խոսքի կանոնները, որն է Նրա հնչերանգը, երբ Նա էտում է մարդկանց, որն է Նրա խոսելաոճը, երբ Նա մերկացնում է մարդկությանը, ինչպես է Նա մխիթարում և հորդորում մարդկանց, ինչ մեթոդներ է Նա օգտագործում, և ինչ իմաստություն ունի Նա։ Հակաքրիստոսները մասնագիտանում են Աստծու խոսելու և գործելու ձևը սովորելու և ընդօրինակելու մեջ։ Միևնույն ժամանակ, նաև օգտագործում են Աստծու կողմից հաճախ ասվող խոսքերը՝ ուրիշների հետ խոսելու և հաղորդակցվելու համար։ Մինչ ուսումնասիրում են Աստծու խոսքերը, նաև անընդհատ զինվում են դրանցում եղած տարբեր ճշմարտությունների խոսքերով՝ վերածելով դրանք իրենց սեփական բաների, օգտագործելով Աստծու այս խոսքերը՝ աշխատանք կատարելու և կապիտալ կուտակելու համար։ Ինչի՞ն է վերաբերում այս կապիտալը։ Օրինակ՝ նրանք հավատում են, որ[ա] հավաքույթի ժամանակ ով ավելի ընդունակ է խոսելու ճիշտ բառեր և վարդապետություններ, ով ավելի շատ է անգիր անում Աստծու խոսքերը, ավելի շատ է մեջբերում Աստծու խոսքերը և ավելի շատ է բացատրում Աստծու խոսքերը, կարող է լինել եկեղեցում այն տեսակի մարդը, որն ամենից շատն է ի վիճակի փրկություն ստանալու։ Անկախ նրանից, թե ինչ են անում հակաքրիստոսները, դա կապված է նրանց հեռանկարների և ճակատագրի հետ։ Նրանք երբեք պարզապես չեն կիրառի Աստծու խոսքերը որպես ճշմարտություն, ոչ էլ կտառապեն կամ գին կվճարեն հանուն Աստծու խոսքերը կիրառելու։ Ավելին՝ նրանք Աստծու խոսքերն օգտագործում են մարդկանց մոլորեցնելու համար, դրանք օգտագործում են իրենց սեփական հեղինակությունը բարձրացնելու համար և դրանք օգտագործում են իրենց փրկության համար բավարար պայմաններ պատրաստելու համար։ Հետևաբար այն բանի էությունը, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքին, այն է, որ անկախ նրանից, թե երբ, երբեք Աստծու խոսքը ճշմարտություն կամ ճանապարհ չեն համարում, որին մարդիկ պետք է հետևեն։ Թեև հակաքրիստոսները բարձր են պահում Աստծու խոսքերը և կարդում են դրանք ամեն օր, և թեև լսում են Նրա խոսքերի ընթերցումները, մի բան հաստատ է՝ նրանք չեն կիրառում Աստծու խոսքերը։ Երբ գալիս է Նրա խոսքերը կիրառելու ժամանակը, նրանց անկեղծությունն անհետանում է, նրանք դավեր են նյութում միայն իրենց սեփական հեռանկարների և ճակատագրի համար։ Արտաքուստ նրանք Աստծու խոսքերը սիրելու և դրանց փափագելու կեղծ պատկեր են ներկայացնում։ Բայց իրականում ամեն օր Աստծու խոսքերը կարդալիս և կուտակելիս նրանց նպատակն իրենց փրկության պայմաններին հասնելն է։ Նրանք դա անում են՝ հուսալով փոխարենը լավ տպավորություն թողնել Աստծու վրա։ Չեն հավատում, որ Աստված զննում է մարդկանց սրտերը, միայն գիտեն, որ մարդիկ նայում են միայն արտաքինին, ուստի Աստված նույնպես պետք է նայի միայն արտաքինին, և ուստի այս հարցերում ներգրավվում են քողարկման և նենգության մեջ՝ դիմելով խորամանկության։ Նրանք մտածում են. «Պարզապես պետք է անեմ սա արտաքուստ։ Կարևոր չէ, թե ինչ եմ մտածում սրտումս, մարդիկ չեն կարող տեսնել դա, ոչ էլ աստված կարող է։ Իրականում, անկախ նրանից, թե ինչպես եմ կարդում աստծու խոսքերը, դա չեմ անում՝ ինչ-որ ճշմարիտ արարած դառնալու համար։ Եթե իմ հեռանկարներն ու ճակատագիրը ներգրավված չլինեին, չէի դիմանա այս դժվարությանը, ոչ էլ կհանդուրժեի այս վիրավորանքը»։ Նրանց մտքում, որքան էլ լավ հնչեն Աստծու խոսքերը, դրանք հնարավոր չէ իրականացնել, և մարդիկ հնարավոր չէ, որ կյանքով արտահայտեն դրանք։ Նույնիսկ եթե մի բուռ մարդիկ կյանքով փոքր-ինչ արտահայտում են Աստծու խոսքերը, նրանք նույնպես պետք է անեն դա իրենց սեփական նպատակների համար։ Ինչպես չհավատացողներն են ասում. «Անվճար ճաշ գոյություն չունի»։ Նրանք իրենք իրենց մտածում են. «Մենք նման դժվարությունների ենք դիմանում հանուն աստծու հանդեպ մեր հավատքի՝ ամեն օր կարդալով և լսելով նրա խոսքերը, ապրելով նրա խոսքերի համաձայն. ինչի՞ համար է այս ամենը։ Մի՞թե դա պարզապես այդ մեկ նպատակի համար չէ։ Բոլորն իրենց սրտերում քաջատեղյակ են, որ այդ ամենը հանուն իրենց հեռանկարների և ճակատագրի է։ Հակառակ դեպքում ինչո՞ւ կհրաժարվեինք աշխարհին ձգտելու հիանալի ժամանակներից՝ պարզապես այստեղ տառապելու համար»։ Այս հարցում ի՞նչ փաստ են նրանք ժխտել։ Աստծու խոսքը ճշմարտություն է, և ճշմարտությունը կարող է փրկել մարդկանց, փոխել մարդկանց և օգնել նրանց ազատվելու իրենց ապականված խառնվածքներից։ Մի՞թե սա այն արդյունքը չէ, որը կարող է բերել Աստծու խոսքը։ (Այդպես է։) Արդյոք հակաքրիստոսներն ընդունո՞ւմ են այս փաստը։ Նրանք ժխտում են այն՝ ասելով. «Բոլորը պնդում են, որ աստծու խոսքը կարող է փրկել մարդկանց, բայց ո՞ւմ է այն փրկել։ Ո՞վ է տեսել, որ դա տեղի ունենա։ Ինչո՞ւ ես չեմ հավատում դրան»։ Ինչո՞ւ է ասվում, որ Աստծու խոսքը կարող է փրկել մարդկանց, փոխել մարդկանց և օգնել մարդկանց ազատվելու Սատանայի ապականված բնույթից։ Որովհետև Աստծու խոսքը ճշմարտությունն է, և այն կարող է լինել մարդկանց կյանքը։ Երբ մարդիկ ունեն Աստծու խոսքը որպես իրենց կյանք, կարող են փրկվել, դառնում են նրանք, ովքեր փրկված են։ Այս փաստը չի ընդունվում հակաքրիստոսների կողմից։ Նրանք հավատում են, որ միայն օրհնություններ և գեղեցիկ վերջնական հանգրվան ստանալու համար են մարդիկ հասել այնտեղ, որտեղ հիմա են, և որ սա միակ պատճառն է, որ մարդիկ կատարում են իրենց պարտավորությունն Աստծու տանը։ Նրանք ժխտում են Աստծու խոսքի պտուղները, ժխտում են այն արդյունքները, որոնց ճշմարտությունը հասնում է մարդկանց մեջ, և ժխտում են, որ ճշմարտությունը կարող է նվաճել մարդկանց, փոխել մարդկանց և փրկել մարդկանց։ Նրանք հավատում են, որ մարդիկ հետևում են Աստծուն միայն իրենց սեփական հեռանկարների և ճակատագրի հանդեպ մտահոգությունից և դրանց ձգտելուց դրդված։ Նրանք չեն հավատում, որ Աստծու խոսքը կարող է փոխել մարդկանց, նրանց Աստծուն հավատարիմ դարձնել, մղել անվերապահորեն հնազանդվելու Աստծուն կամ մղել նրանց Աստծու տանը որպես արարածներ կատարելու իրենց պարտավորությունները. նրանք չեն հավատում այս ամենից և ոչ մեկին։ Հետևաբար հակաքրիստոսները, որոնք իրենց շահերն առաջին տեղում են դնում, իրենք չեն ձգտում ճշմարտությանը՝ վերաբերվելով Աստծու խոսքերին որպես մի տեսակ հռետորաբանության, մի տեսակ հայտարարության, չեն հավատում, որ Աստծու այս խոսքերը կարող են փրկել մարդկանց։ Նրանք հավատում են, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծ են և հավատարիմ են Աստծուն, կեղծ են և առաջնորդվում են սեփական շահերով։ Անկախ նրանից, թե Աստծու որքան խոսքեր են լսում, անկախ նրանից, թե Աստծու որքան քարոզներ են լսում, այն, ինչ ի վերջո մնում է նրանց սրտերում, պարզապես այդ երկու բառերն են՝ հեռանկարներ և ճակատագիր։ Այսինքն՝ Աստծու խոսքերը, Աստծու գործը և Աստծու տնօրինման ծրագիրը կարող են լավ հեռանկարներ և ճակատագիր բերել մարդկանց և լավ վերջնական հանգրվան բերել նրանց համար։ Հակաքրիստոսների համար սա է ամենաիրականը, սա է գերագույն ճշմարտությունը։ Եթե սա չլիներ, նախ՝ նրանք չէին հավատա Աստծուն։ Երկրորդ՝ չէին հանդուրժի նման վիրավորանքներ՝ Աստծու տանը մնալու համար։ Երրորդ՝ ոչ մի պարտավորություն չէին կատարի Աստծու տանը։ Չորրորդ՝ ոչ մի դժվարության չէին դիմանա Աստծու տանը։ Եվ հինգերորդ՝ վաղուց վերադարձած կլինեին աշխարհիկ կյանքին՝ տարվելու հարստությամբ ու փառքով, ձգտելու աշխարհին, ձգտելու համբավին ու շահին, ձգտելու փողին և ձգտելու չարասեր միտումներին։ Այժմ նրանք ժամանակավորապես բնակություն են հաստատում Աստծու տանը միայն այն պատճառով, որ իրենց հեռանկարներն ու ճակատագիրն են ներգրավված։ Նրանք վճռական վերաբերմունք ունեն իրենց հեռանկարներն ու ճակատագիրն ապահովելու հարցում՝ միաժամանակ փայփայելով բախտը փորձելու մտածելակերպ՝ հուսալով, որ երբ Աստծու գործն ավարտվի, կլինեն նրանց թվում, ովքեր կմտնեն երկնքի թագավորություն և մեծ օրհնություններ կստանան։ Ինչպիսի՞ մտածելակերպ է սա։ Նրանք ուզում են օգուտներ քաղել Աստծուց՝ իրենց նպատակներին հասնելու համար, սակայն չեն ուզում հնազանդվել Նրան, ավելին, նույնիսկ չեն հավատում այն բոլոր խոսքերին, որոնք Աստված ասել է, ոչ էլ հավատում են, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Մի՞թե սա փոքր-ինչ չարասեր չէ։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքն ուսումնասիրելու նրանց վերաբերմունքին, նրանք չհավատացողներ են։ Այն, որ հակաքրիստոսները կարող են նման վերաբերմունք դրսևորել՝ Աստծու խոսքերը հետազոտելու, կարդալու և դրանց վերաբերվելու համար, ցույց է տալիս, որ նրանք դասագրքային չհավատացողներ են, լիովին բացահայտ չհավատացողներ։ Ուստի ինչո՞ւ են դեռ կարողանում որոշակի մակերեսային աշխատանք կատարել Աստծու տանը և շարունակել հետևել՝ առանց հեռանալու։ Որքան էլ նրանց էտեն, ինչո՞ւ են կարողանում մնալ և նույնիսկ մասնակցել եկեղեցական կյանքին և շարունակել լսել ու կարդալ Աստծու խոսքերը։ Ինչո՞ւ է այսպես։ (Նրանք ուզում են օրհնություններ ստանալ։) Դա այն պատճառով է, որ ուզում են օրհնություններ ստանալ։ Ինչպես անհավատներն են ասում. «Ով ինձ կերակրում է, իմ մայրն է, և ով ինձ փող է տալիս, իմ հայրն է»։ Ինչպիսի՞ տրամաբանություն է սա։ Մի՞թե այս տրամաբանությունը լի չէ Սատանայի աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությամբ։ Հենց այս սատանայական փիլիսոփայության ազդեցության տակ է, որ նրանք հավատում են Աստծուն. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ արտասովոր գործ ես արել, ինչպիսին էլ լինի խառնվածքդ կամ էությունդ, քանի դեռ կարող ես ինձ օրհնություններ, լավ վերջնական հանգրվան և լավ ապագա շնորհել, և թույլ տալ ինձ մեծ օրհնություններ ունենալ, կհետևեմ քեզ և առայժմ քեզ որպես աստված կհամարեմ»։ Այստեղ կա՞ ճշմարիտ հավատքի որևէ բաղադրիչ։ (Ոչ։) Հետևաբար, այն առումով, թե ինչպես են վերաբերվում Աստծու խոսքերին, նման մարդկանց որպես հակաքրիստոսներ և չհավատացողներ բնորոշելը չափազանց ճշգրի՛տ է։
Աստծու խոսքերի նկատմամբ հակաքրիստոսների վերաբերմունքն ուսումնասիրելն է։ Նրանք երբեք Աստծու խոսքն Աստծու խոսք չեն համարում։ Ի՞նչ են համարում։ Խորհուրդների հավաքածո՞ւ։ Ֆանտաստիկ պատմությո՞ւն։ Աղոտ և անհասկանալի տեքստե՞ր։ Աստծու խոսքերը կարդալիս նրանք չեն փնտրում Նրա մտադրությունները, ոչ էլ փորձում են հասկանալ Նրա մտադրությունները կամ բնույթը։ Ոչ էլ ուզում են ճանաչել Աստծուն, էլ չասած՝ Նրա մտադրությունները հաշվի առնելը։ Երբ կարդում են Աստծու խոսքերը՝ «Ներկայումս Իմ հրատապ մտադրությունն է փնտրել մարդկանց մի խումբ, որն ունակ է բացարձակապես հաշվի առնելու Իմ մտադրությունները», արդյոք ներգործվո՞ւմ են։ Նրանք ասում են. «Ի՞նչ է այս ամենն աստծու մտադրությունները հաշվի առնող մարդկանց փնտրելու մասին։ Ի՞նչ օգուտ կա Քո մտադրությունները հաշվի առնելուց։ Արդյոք դա անելը կկշտացնի՞ ինձ կամ թույլ կտա՞ գումար վաստակել։ Արդյոք աստծու մտադրությունները հաշվի առնելը տանո՞ւմ է դեպի լավ վերջնական հանգրվան։ Կարո՞ղ է այն ինձ մեծ օրհնություններ բերել։ Եթե չի կարող անել այս բաները, ապա մոռացի՛ր դա. ես կարիք չունեմ հաշվի առնելու։ Ես փնտրում եմ մի ուղի՝ դժոխք նետվելուց խուսափելու և լավ վերջնական հանգրվան ապահովելու համար։ Եթե Քո մտադրությունները հաշվի առնելը կարող է ինձ օրհնություններ բերել, ապա հաշվի կառնեմ։ Պարզապես ասա՛ ինձ՝ ինչպես»։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են բավարարել Աստծու առաջադրած պահանջները։ (Ոչ։) Աստված առաջարկում է միայն մեկը՝ հետևել Աստծու կամքին, երկյուղել Աստծուց և խուսափել չարից։ Սա անելով՝ հաշվի ես առնում Նրա մտադրությունները և կարող ես մեծ օրհնություններ ստանալ։ Երբ հակաքրիստոսները լսում են սա, մտածում են. «Ես շտապեցի, ինձ չպետք է լուրջ ընդունեին։ Ի վիճակի չեմ հաշվի առնելու աստծու մտադրությունները, մոռացի՛ր դա։ Այս ճանապարհը չի աշխատի, ուրիշը կգտնեմ»։ Ապա սկսում են ջանք թափել Աստծու խոսքերի այլ տեսանկյունների վրա։ Ջանք են թափում այլ տեսանկյուններ ուսումնասիրելու և վերլուծելու վրա, բայց ողջ վերլուծությունից հետո այն ամենը, ինչ ստանում են դրանից, պարզապես մի քանի բառեր և վարդապետություններ են։ Քանի որ չեն սիրում ճշմարտությունը, և քանի որ իրենց սեփական շահերը, հեռանկարներն ու ճակատագիրը համարում են իրենց ձգտման ողջ կյանքի նպատակակետերը, Աստծու խոսքերը նրանց համար դարձել են լոկ կարգախոսներ։ Երբեք որևէ վայելք չեն փորձառել Աստծու գործից կամ Սուրբ Հոգու ուղղորդումից։ Աստծու խոսքերը կարդալիս նրանք ոչ մի լույս չեն տեսնում և ոչ մի լուսավորություն կամ սնուցում չեն ստանում։ Այն ամենը, ինչ ձեռք են բերում, մի քանի բառեր և վարդապետություններ են և որոշ բացահայտումներ ու ասույթներ խորհուրդների և վերջնական հանգրվանների մասին։ Երբ այս ասույթներն ու վարդապետությունները համարում են որպես կապիտալ, կարծես զգում են, որ վերահսկողության տակ են առել իրենց սեփական վերջնական հանգրվանները, որ ապահովել են իրենց սեփական վերջնական հանգրվանները։ Սակայն Աստծու խոսքերի շարունակական մերկացման, դատաստանի և պատժի մեջ կամ տարբեր փուլերում մարդու հանդեպ Աստծու պահանջների մեջ զգում են, ասես կորցրել են իրենց վերջնական հանգրվանները և չեն կարող փրկվել։ Այս ընթացքում ներքուստ միշտ անհանգիստ են զգում՝ լավ վերջնական հանգրվան ապահովելու համար իրենց հոգու խորքում մշտապես ներգրավված լինելով մտավոր պայքարների մեջ։ Նրանք կպայքարեն Աստծու մի նախադասության պատճառով, բացասական կդառնան Աստծու մեկ այլ նախադասության պատճառով և ուրախ կզգան մեկ ուրիշ նախադասության պատճառով։ Սակայն, անկախ այն բանից՝ ուրախ են, թե կառչում են փրկօղակին, նման մարդկանց համար սա միայն անցողիկ է։ Ուստի ի վերջո որոշ հակաքրիստոսներ զգում են, ասես իրենց պես մարդիկ չեն կարող փրկվել։ Աստծու խոսքերից նրանք տեսնում են, որ Նրան կարծես թե դուր չեն գալիս իրենց նման մարդիկ. կարո՞ղ են արդյոք նրանք օրհնություններ ստանալ, թե՞ ոչ։ Ի վերջո որո՞նք են նրանց հեռանկարներն ու ճակատագիրը։ Զգում են, որ սրանք անհայտներ են, նրանք անորոշ են դրանց հարցում։ Այս պահին ի՞նչ կանեն։ Կարո՞ղ են ապաշխարել։ Կարո՞ղ են արդյոք Նինվեի մարդկանց պես թողնել իրենց ձեռքերի չարիքը, ետ դառնալ՝ խոստովանելու և ապաշխարելու Աստծուն, ընդունելու Աստծու խոսքերը որպես իրենց կյանք և ընդունելու Աստծու խոսքերը որպես իրենց գոյության հիմք։ Չե՛ն կարող։ Հետևաբար երկար տարիների ձգտումից, երկար տարիների հույսից և Աստծու խոսքերը երկար տարիներ ուսումնասիրելուց հետո, եթե եզրակացնեն, որ իրենց նմանները պարզապես չեն կարող օրհնություններ ստանալ, ընդհանրապես հույս չունեն, բացարձակապես նրանք չեն, ում Աստված կփրկի, և չեն կարող ստանալ այն, ինչ ուզում են, ի՞նչ կանեն։ (Կլքեն Աստծուն։)
Մի հոգևոր ասույթ կա. «Նորոգում եմ Աստծուն սիրելու երդումս. մարմինս ու սիրտս Նրան եմ նվիրում»։ Այս ասույթը շատ «վեհ» է։ Երբ առաջին անգամ լսեցի այս խոսքերը, Իմ սրտում խորապես զգացի մարդկային լեզվի «վեհությունը»։ Մարդիկ իրենց երդումներն այնքան թանկ, այնքան մաքուր ու անարատ են համարում՝ իրենց սիրո նվիրումն այնքան մաքուր և սրբազան են համարում։ Արդյոք հակաքրիստոսներն ի վիճակի՞ են նորոգելու Աստծուն սիրելու իրենց երդումները և իրենց մարմիններն ու սրտերը Նրան նվիրելու։ (Չե՛ն կարող։) Ինչո՞ւ ոչ։ Ոմանք ասում են. «Աստծու այնքան շատ խոսքեր կարդալուց հետո, երբ տեսնում եմ, որ մտածելակերպս չի աշխատում կամ արդյունքներ չի տալիս, պարզապես նորոգում եմ Աստծուն սիրելու իմ երդումը և կրկնում այն երդումը, որն ի սկզբանե տվել էի Նրան։ Մի՞թե սա ետ դառնալ չէ։ Դժվար չէ»։ Կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսները նման բան անել։ (Չեն կարող։) Ինչո՞ւ չեն կարող։ Մի՞թե «Նորոգում եմ Աստծուն սիրելու իմ երդումը» մարդու ամենաիմաստուն հայտարարությունը չէ։ Մի՞թե դա մարդու մեծագույն և ամենամաքուր սերը չէ։ Ուստի ինչո՞ւ հակաքրիստոսները չեն կարողանում անել սա։ (Հակաքրիստոսներն Աստծու վերաբերյալ ոչ մի հասկացողություն չունեն, էլ չասած՝ ճշմարիտ սեր։ Նրանց սերն ամբողջովին կեղծ է և հիմնված է իրենց շահերի վրա։ Հենց որ այլևս ոչ մի օգուտ չունենան ստանալու, մեջքով կշրջվեն ու կհեռանան։) Երբ հակաքրիստոսները հասնում են այս կետին, զգում են, որ ինչ-որ բան այնպես չի գնացել, և որ սխալ խաղադրույք են արել։ Իրենց հոգիները բարձրացնելու համար պետք է օգտագործեն որևէ կարգախոս կամ տեսություն՝ իրենց հոգևոր աշխարհներին աջակցելու համար. ի՞նչ կարգախոս։ «Նորոգում եմ Աստծուն սիրելու իմ երդումը. մարմինս ու սիրտս Նրան եմ նվիրում»։ Սա նշանակում է, որ նրանք պատրաստվում են նորից սկսելու։ Հակառակ դեպքում չեն կարողանա շարունակել ապրել, և Աստծուն նրանց հավատալը կավարտվի։ Աստված ամեն օր խոսում է Իր գործի ընթացքում, և ամեն անգամ, երբ Նա խոսում է, Նրա խոսքերն ամբողջությամբ ճշմարտության մասին են, դրանք բոլորը խոսքեր են, որոնք մերկացնում են մարդու ապականված խառնվածքները, որոնք պահանջում են, թե ինչպես մարդիկ պետք է մտնեն ճշմարտության իրականությունների մեջ և հասկանան ճշմարտության սկզբունքները. դրանք բոլորն այս խոսքերն են։ Եվ այսպես, հակաքրիստոսները մտածում են. «Ինչո՞ւ այս խոսքերից ոչ մեկը չի խոսում վերջնական հանգրվանների մասին կամ օրհնություններ ստանալու հետ կապված հարցեր չի նշում։ Մի՞թե սա չի նշանակում, որ մեր հեռանկարներն ու ճակատագիրը ոչինչ են դարձել աստծու ձեռքերում։ Արդյոք մեզ տված աստծու խոստումն այլևս չկա՞։ Եթե աստված երբեք չի նշում այս բաները, ապա գուցե մեր հույսերը կփշրվեն։ Եթե մեր հույսերը փշրվեն, ի՞նչ պետք է անենք։ Դա հեշտ է։ Եթե աստծու խոսքերը ոչինչ չեն ասում այս բաների մասին, ապա եկեք մարդկային մեթոդ օգտագործենք. եկեք նորոգենք աստծուն սիրելու մեր երդումները»։ Մարդիկ ինչպե՞ս այնքան մեծ խանդավառություն, այնքան մեծ սեր և հավատք ունեցան, երբ առաջին անգամ սկսեցին հավատալ Աստծուն։ Երբ սրանք հասան իրենց գագաթնակետին, մարդիկ վճռական որոշումներ կայացրին Աստծու առջև և երդումներ տվեցին՝ ասելով. «Կարևոր չէ, թե երբ և որտեղ եմ այս կյանքում, կծախսվեմ Աստծու համար և կնվիրվեմ Նրան՝ առանց որևէ տրտունջի կամ ափսոսանքի։ Անկախ նրանից՝ անձրև է, թե արև, անկախ վերելքներից ու վայրէջքներից, անկախ նրանից՝ հիվանդ եմ, և անկախ նեղություններից, կհետևեմ Նրան մինչև վերջ, մինչև ծովերը ցամաքեն, իսկ ժայռերը փոշի դառնան։ Եթե խախտեմ այս երդումը, երկնքից կայծակնահար կլինեմ և լավ վերջնական հանգրվան չեմ ունենա»։ Ինչո՞ւ են նրանց երդումներն այժմ անհետացել։ Նրանք զգում են, որ դա այն պատճառով է, որ չափազանց շատ ժամանակ է անցել, և դա մաշել է իրենց հավատքն ու սերը։ Իրենց սրտերում մտածում են. «Ո՛չ, պետք է բարձրացնեմ ոգիս։ Պետք է լինեմ նույնքան թարմ ու կենսուրախ և ունենամ նույնքան հավատք ու խանդավառություն, որքան այն ժամանակ ունեի։ Պետք է վերագտնեմ իմ ձգտումները, իմ վերջնական հանգրվանը և օրհնություններ ստանալու իմ ցանկությունը։ Այդ դեպքում մի՞թե աստծուն հավատալս և նրա հանդեպ սերս նույնքան մեծ չեն լինի, որքան նախկինում։ Մի՞թե նրան իմ ճշմարիտ նվիրումը նույնը չի լինի, ինչ նախկինում»։ Սակայն որքան էլ ճշմարտությանն ամենևին չձգտող մարդը պայքարի իր հոգու խորքում կամ որքան էլ վերհիշի Աստծու հանդեպ իր սկզբնական հավատքն ու խանդավառությունը, դա չի կարող փոխել նրա ներկայիս իրավիճակը։ Ո՞րն է այս իրավիճակը։ Երբ նրանց հեռանկարներն ու ճակատագիրը ոչինչ են դառնում, երբ նրանց հեռանկարներն ու ճակատագիրը գնալով էլ ավելի են հեռանում իրենցից, երբ օրհնություններ ստանալու նրանց ցանկությունը գրեթե փշրվում է, և երբ նրանց բոլոր հուսադրող մտքերն ու բոլոր ցանկությունները չեն կարող իրականանալ, նրանց համար շատ դժվար է դառնում համառելը, նրանց հոգու խորքում շատ ցավոտ է այսկերպ համառելը։ Հաճախ նրանք փորձառում են մի վիճակ և տրամադրություն, երբ թվում է, թե այլևս չեն կարող դիմանալ։ Հաճախ անհամբեր սպասում են, թե երբ կավարտվի Աստծու գործը, որպեսզի կարողանան վայելել երկնքի թագավորության օրհնությունները։ Ոմանք նույնիսկ հուսով են. «Թող աստծու գործն արագ ավարտվի, թող մեծ աղետներն արագորեն վրա հասնեն. եթե երկինքը փուլ գա, բոլորը կմահանան, ոչ ոք չպետք է լավ արդյունքներ ակնկալի։ Եթե ես չեմ կարող օրհնություններ ստանալ, ապա ոչ ոք չպետք է ստանա»։ Իրենց հոգու խորքում նրանք հույս չունեն, որ Աստծու թագավորությունը կգա, հույս չունեն, որ Աստծու մեծ նախաձեռնությունը կավարտվի, և հույս չունեն, որ Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագիրը վերջապես կփառավորվի, կամ որ Աստված հաղթողներ ձեռք կբերի մարդկության մեջ և կառաջնորդի մարդկությանը դեպի գեղեցիկ վերջնական հանգրվան. նրանք հույս չունեն այս բաների համար։ Ընդհակառակը, երբ օրհնությունների համար նրանց բոլոր ցանկությունները կանգնած են կործանման եզրին, իրենց հոգու խորքում նրանք անիծում են Աստծու գործը, հակակրանք են տածում Աստծու գործի հանդեպ և առավել ևս հակակրանք են տածում Նրա խոսքերի հանդեպ։
Այժմ, ինչ վերաբերում է որոշ մարդկանց, այսքան տարի քարոզներ լսելուց հետո, որքան շատ են լսում, այնքան շատ են հասկանում, այնքան ավելի են պարզվում նրանց սրտերը, և այնքան ավելի շատ են ուզում լսել։ Ի հակադրություն սրա՝ մյուսներն ավելի մեծ հակակրանք են զգում, որքան շատ են քարոզներ լսում։ Հենց որ լսում են Աստծու խոսքերը, նրանց դիվային կողմը բացահայտվում է։ Հենց որ լսում են, թե ինչպես է Աստված հաղորդակցվում ճշմարտության շուրջ, և այն շոշափում է մարդու ապականված խառնվածքները, նրանց ըմբոստ մտածելակերպը ջրի երես է դուրս գալիս, և նրանց հակակրանքն ի հայտ է գալիս ամբողջությամբ: Որքա՞ն հեռու են նրանք գնում սրանում։ Ոմանք անիծում են իրենց սրտերում: Նրանք անիծում են Աստծուն, անիծում են ճշմարտությունը, անիծում են եկեղեցու առաջնորդողներին ու աշխատողներին և անիծում են նրանց, ովքեր ավելի շատ են ձգտում ճշմարտությանը։ Երբ նրանք տեսնում են այդ տեսակ մարդկանց, չեն հավանում նրանց և ցանկանում են հարձակվել նրանց վրա։ Երբ տեսնում են, որ նման մարդիկ քարոզում են Աստծու խոսքերը, խորհում են Աստծու խոսքերի շուրջ և հաղորդակցվում են Աստծու խոսքերի շուրջ, անիծում են իրենց սրտերում, մինչև որ հոգնում են ու քնկոտություն են զգում։ Հետևաբար ոմանց աչքերը փայլում են, հենց որ հաղորդակցություն են լսում Աստծու խոսքերի շուրջ, մինչդեռ երբ մյուսներն են հաղորդակցություն լսում Աստծու խոսքերի շուրջ կամ լսում են, որ ինչ-որ մեկն ասում է, թե ինչ-որ լույս է ստացել Աստծու խոսքերից, նրանց գիտակցությունը խառնվում է, մտքերը դառնում են անհստակ, և նրանց ոգևորությունն իջնում է։ Նրանց սրտերն այնքան ճնշված են զգում, որ չեն կարողանում շնչել, և միշտ փափագում են դուրս գալ՝ մաքուր օդ շնչելու։ Բայց երբ հաղորդակցվում ես այնպիսի բաների շուրջ, ինչպիսիք են հեռանկարներն ու ճակատագրերը, Աստծու օրհնությունները, թե երբ կավարտվի Աստծու գործը, և խորհուրդները, անկախ նրանից, թե որքան փոքր է սենյակը կամ որքան վատն է օդը, դուրս չեն գալիս օդ շնչելու կամ չեն ննջում. նրանք սրում են իրենց ականջներն ու լսում։ Կարևոր չէ, թե որքան երկար ես խոսում, նույնիսկ եթե ստիպված լինեն մնալ առանց քնի կամ ուտելիքի։ Երբ որոշ նոր հավատացյալներ շփվեցին Ինձ հետ, Ես հաղորդակցվեցի նրանց հետ մարդկանց վիճակների և այն մասին, թե ինչպես մարդիկ պետք է ձգտեն ճշմարտությանը, բայց նրանք չհասկացան և հարցրին Ինձ, թե արդյոք կարո՞ղ եմ խոսել որոշ խորհուրդների մասին։ Ես ասացի. «Ուզո՞ւմ ես լսել խորհուրդների մասին։ Այդ դեպքում թույլ տո՛ւր նախ մի փաստ ասել քեզ։ Նրանք, ովքեր անընդհատ հարցուփորձ են անում խորհուրդների մասին և միշտ ուշադրություն են դարձնում Աստծու խոսքերում այս բաներն ուսումնասիրելուն, լավը չեն։ Նրանք բոլորը չհավատացողներ և փարիսեցիներ են»։ Նոր հավատացյալները պապանձվեցին Իմ պատասխանից և չափազանց շփոթվեցին՝ հետագա հարցեր տալու համար, բայց ավելի ուշ նորից հարցնելու հնարավորություն գտան, և Ես նույն կերպ պատասխանեցի։ Ի՞նչ եք մտածում այն մասին, թե ինչպես պատասխանեցի նրանց։ (Լավ էր։ Դա կարող էր օգնել նրանց ինքնաքննելու։) Արդյոք կինքնաքննեի՞ն։ Չէի՛ն ինքնաքննի։ Ապա ինչպե՞ս կարող ես օգնել նրանց։ Պարզապես ասա՛ նրանց. «Խորհուրդները կյանք կամ ճշմարտություն չեն։ Անկախ նրանից, թե որքան խորհուրդներ ես հասկանում, դա չի նշանակի, որ հասկանում ես ճշմարտությունը։ Նույնիսկ յուրաքանչյուր խորհուրդ պարզելը չի նշանակի, որ ի վիճակի ես երկինք գնալու կամ լավ վերջնական հանգրվան ունենալու»։ Ի՞նչ ես մտածում այս խոսքերով նրանց օգնելու մասին։ Մի՞թե սա կատարելապես չի բացատրում հարցը։ Երբ հոգևոր հասկացողություն ունեցող, ճշմարտությունը սիրող և ճշմարտությանը ձգտող մարդիկ լսում են այս խոսքերը, ասում են. «Կարծում էի, թե խորհուրդները կյանք են, բայց հիմա, երբ գիտեմ, որ այդպես չէ, այլևս չեմ ուսումնասիրի դրանք։ Ուստի ի՞նչ է կյանքը»։ Սա ցույց է տալիս, որ նրանք մի փոքր հասկացել են։ Ուստի արդյոք հակաքրիստոսներն օգնություն ստանո՞ւմ են այս խոսքերը լսելուց հետո։ Արդյոք վերափոխվո՞ւմ են։ Նրանք ի վիճակի չեն վերափոխվելու։ Ոչ մի օգուտ չեն գտնում այս խոսքերում, հավատում են, որ այս խոսքերում օրհնություններ չկան, որ դրանք չեն ներառում իրենց հեռանկարներն ու ճակատագիրը, որ դրանք կապ և առնչություն չեն իրենց հեռանկարներին ու ճակատագրի հետ, և որ դրանք անօգուտ են, ուստի չեն կարող ընդունել դրանք։ Ուստի ի՞նչ հաղորդակցություն է կապված նրանց հեռանկարների և ճակատագրի հետ։ Կարող ես ասել, օրինակ. «Ներկայումս աշխարհում շատ տարօրինակ երևույթներ են ի հայտ գալիս։ Որոշ վայրերում չորս լուսին է հայտնվել, և արյունոտ լուսին է նկատվել մի քանի անգամ։ Հաճախ տարօրինակ երկնային երևույթներ են տեղի ունենում։ Մարդկային աշխարհում նաև տարբեր համաճարակներ ու աղետներ են ի հայտ եկել, և որոշ վայրերում մարդիկ մարդակերությամբ են զբաղվում։ Նայելով իրավիճակին՝ մենք արդեն հասել ենք Հայտնության գրքում մարգարեացված սկավառակների և պատուհասների ժամանակին»։ Երբ հակաքրիստոսները լսում են այս խոսքերը, նրանց աչքերը փայլում են, և ականջները սրվում են։ Նրանք ուրախանում են. «Լավ է, որ ծնվել եմ այս ժամանակաշրջանում։ Կարող եմ մեծ օրհնություններ ստանալ։ Ես իսկապես խելացի եմ։ Ես չընտրեցի աշխարհիկ բաների հետևելը։ Զոհաբերեցի իմ աշխարհիկ հեռանկարներն ու ընտանիքս՝ աստծու գործի այս փուլին հետևելու համար՝ այնքան ուրախ եմ, որ կարողացա հետևել մինչև հիմա։ Աստծու օրը մոտ է։ Ելնելով իրավիճակից՝ կարծես թե կկարողանամ հասնել այն օրվան, երբ աստծու գործը կավարտվի, նախքան կմահանամ։ Այդ օրը հաստատ կլինեմ նրա կողմից փրկվածներից մեկը։ Որքա՜ն հրաշալի է»։ Իրենց սրտերում նրանք ծածուկ ուրախանում են, որ ընտրել են ճիշտ ուղին, գտել են ճիշտ դուռը և որոշակի գին են վճարել։ Նաև ուրախանում են, որ առանց հանձնվելու հետևել են մինչև այս կետը, որ դեռևս Աստծու տանն են և ոչ մի խնդիր չեն առաջացրել, կամ չեն հեռացվել ու արտաքսվել։ Ուստի դրանից հետո արդյոք կկիրառե՞ն ճշմարտությունը, թե՞ կշարունակեն կառչել նույն հույսերին։ Նրանց ներքին վերաբերմունքը չի փոխվի։ Հետևաբար, երբ գտնում են Աստծու խոսքերի մի մաս, որն իրենց կարծիքով կատարվել է, զգում են, ասես գանձ են գտել։ Անմիջապես զգում են, որ բախտավոր են, որ ընտրել են ճիշտ ուղին, մտել են ճիշտ դռնից և ընտրել են ճիշտ Աստծուն, և որ իրենք իմաստուն մարդիկ են ու իմաստուն կույսեր։ «Բարեբախտաբար այն ժամանակ թողեցի աշխատանքս։ Ես ճիշտ ընտրություն կատարեցի։ Ինչպե՞ս եմ այսքան խելացի։ Եթե այն ժամանակ այդքան զգույշ չլինեի, գուցե հիմա բաց թողած լինեի օրհնությունները։ Ապագայում պետք է շարունակեմ զգույշ լինել և կյանքս նվիրեմ իմ հեռանկարների ու ճակատագրի համար պայքարելուն»։ Հակաքրիստոսների ի՞նչ էություն եք տեսնում այս հարցում։ Մի՞թե այս մարդիկ օպորտունիստներ չեն։ Նրանք իրական հավատք չունեն Աստծու, Նրա խոսքերի կամ Նրա գործի հանդեպ։ Նրանք օպորտունիստներ են՝ մարդիկ, որոնք սողոսկել են Աստծու տուն։ Հետևաբար Աստծու տանն այս մարդիկ միշտ պարզապես տեղ զբաղեցնողներ են՝ աննպատակ քարշ տալով իրենց օրերը։ Նրանք մատների վրա հաշվում են, թե քանի տարի են հետևել Աստծուն, ինչ գներ են վճարել, ինչ մեծ բաներ են արել, Աստծու որ գործն են անձամբ փորձառել և Աստծու գործի որ քայլերի վերաբերյալ որոշակի հասկացողություն ունեն։ Ամբողջ օրն իրենց սրտերում նորից ու նորից հաշվարկում են այս բաները՝ մի կողմ թողնելով ամենակարևոր բաները, որոնք վերաբերում են ճշմարտությանը և կյանքին։ Նրանք Աստծուն հավատում են միայն օրհնություններ ստանալու համար. սա օպորտունիզմ է։ Ո՛չ Աստծու խոսքերը, ո՛չ էլ որևէ մեկի փորձառական գիտությունը երբեք չեն կարող փոխել նրանց օպորտունիստական վերաբերմունքը։ Այսպիսին են հակաքրիստոսները։ Երբեք ոչ մի զիջման չեն գնա, երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական շահերին, երբեք չեն փոխի իրենց տեսակետները, չեն փոխի իրենց քայլած ուղու ուղղությունն ու նպատակները կամ չեն փոխի անձնական վարքի իրենց սկզբունքները՝ հանուն իրենց հեռանկարների ու ճակատագրի։ Իրենց հեռանկարների ու ճակատագրի համար Աստծու խոսքերից ոչ մեկը, ոչ մի հատը չեն կիրառի։ Ոմանք ասում են. «Ժամանակ առ ժամանակ նրանք իսկապես որոշ խոսքեր են կիրառում, օրինակ՝ բաներ լքելով կամ ծախսվելով»։ Անկախ նրանից, թե ինչ են կիրառում, դա անում են այն նախապայմանով, որ ունեն հեռանկարներ ու ճակատագիր և կարող են օրհնություններ ստանալ։ Անկախ նրանից, թե ինչ ճշմարտություն են կիրառում, այն խառնուրդով է և արվում է մտադրությամբ ու նպատակով։ Սա լիովին տարբերվում է Աստծու պահանջած կիրառումից։
Երբ հակաքրիստոսները կարդում են Աստծու խոսքերը, հիմնականում Նրա խոսքերն օգտագործում են փնտրելու իրենց վերջնական հանգրվանը և խորհուրդներ, ինչպես նաև բովանդակություն, որը կապված է այն բանի հետ, թե երբ կավարտվեն Աստծու գործն ու տնօրինման ծրագիրը, և երբ վրա կհասնեն աղետները և այլն։ Հանուն իրենց սեփական վերջնական հանգրվանի՝ կարող են շատ ջանք թափել և շատ բաներ անել։ Ուստի երբ Աստծու գործն ավարտվի, և մեծ աղետները վրա հասնեն, արդյոք իրենց արած բաները, վճարած գները և թողած բաները կարո՞ղ են փոխանակվել իրենց բաղձալի օրհնությունների հետ, և արդյոք կարո՞ղ են խուսափել աղետների տառապանքից. սա է այն, ինչ ուզում են իմանալ և ինչի մասին հոգ են տանում։ Աստծու խոսքերն ուսումնասիրելու իրենց ողջ գործընթացի ընթացքում, անկախ նրանից, թե քանի տարի կպահանջվի, նրանք հոգ են տանում միայն իրենց սեփական հեռանկարների ու ճակատագրի մասին։ Հետևաբար Աստծու խոսքերը կարդալիս նրանց ուշադրության կենտրոնը և այն բովանդակությունը, որը փնտրում են Աստծու խոսքերում, որոշակի հատուկ նշաններ և բնութագրեր ունեն։ Ընդհանուր առմամբ, առաջին վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում նոր հավատացյալներն Աստծու խոսքերում նման թեմաներ են փնտրում։ Բայց վեց ամիս կամ մեկ տարի անցնելուց հետո ոմանք տեսնում են, որ նախկինում կարդացել են այս բոլոր մասերը, և գտնում են, որ անիմաստ է դրանք հետագայում ուսումնասիրելը, որ դրանք չեն կարող հնարավորություն տալ մարդկանց մտնելու ճշմարտության մեջ, և որ նույնիսկ կարող են ազդել և խանգարել իրենց՝ մտնելու ճշմարտության մեջ, ուստի այլևս չեն կարդում այդ մասերը։ Նրանց համար բավական է պարզապես երբեմն աչքի անցկացնել և հասկանալ դրանք։ Մնացած ժամանակ խորհում են. «Ինչպե՞ս կարող եմ մտնել ճշմարտության մեջ։ Աստծու շատ խոսքեր կան, որոնք մերկացնում են մարդկությանը։ Դրանք մերկացնում են մարդկանց նենգությունը, ըմբոստությունը և ամբարտավան խառնվածքները, մերկացնում են մարդկանց տարբեր կրոնական պատկերացումներն ու վերաբերմունքն Աստծու հանդեպ։ Ավելին՝ մերկացնում են մարդկանց ոչ բնականոն մարդկայնության տարբեր դրսևորումները։ Ուստի ինչպե՞ս կարող եմ Աստծու խոսքերից գտնել այն, ինչ մարդիկ պետք է կիրառեն»։ Ճշմարտությունը սիրող և ճշմարտությանը ձգտող մարդիկ իրենց ջանքերը նվիրում են այս բաներին։ Հաճախ նրանք հարցնում են իրական խնդիրների մասին, որոնք պետք է հասկանան և որոնց մեջ պետք է մտնեն իրենց իրական կյանքում, օրինակ. «Ի՞նչ պետք է անենք հաջորդիվ, և ինչպե՞ս պետք է կիրառենք։ Աստծուն հավատալուց հետո մենք հաստատ տարբերվելու ենք անհավատներից և կրոնական համոզմունքներ ունեցող մարդկանցից, ուստի ի՞նչ որակական փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր կյանքում։ Ինչ վերաբերում է մեր անձնական վարքին և աշխարհի հետ գործ ունենալուն, ինչպե՞ս պետք է խոսենք ու գործենք, ինչպե՞ս պետք է շփվենք ուրիշների հետ և ինչպե՞ս պետք է կիրառենք ճշմարտությունը»։ Սակայն նույնիսկ եթե հակաքրիստոսները հավատան 10, 20 կամ 30 տարի, երբեք չեն տա այս հարցերը։ Նրանք ուսումնասիրում են Աստծու խոսքերը և Աստծու խոսքերում փնտրում են օրհնություններ ստանալու հույսը և իրենց վերջնական հանգրվանը և նույնիսկ եթե փնտրեն 20 կամ 30 տարի, չեն հոգնի դա անելուց։ Հենց որ խնդրի ամենաչնչին նշան է լինում, Աստծու խոսքերում արագորեն իրենց վերջնական հանգրվանի հետ կապված բովանդակություն են փնտրում, ապա գնահատում են, թե իրենց ներկայիս հավատքի հիման վրա ինչպիսին կարող է լինել Աստծու վերաբերմունքն իրենց հանդեպ։ Կարծես դատում են իրենց վերջնական հանգրվանը ցիկլերի և ժամանակահատվածների առումով։ Նրանք երբեք չեն փոխի իրենց մտքերն ու վերաբերմունքը և չեն գա ճշմարտությանը ձգտելու Աստծու գործելաոճի փոփոխությունների կամ մարդկության հանդեպ Նրա հրատապ մտադրության արտահայտման պատճառով։ Երբեք նման բան չեն անի։ Հետևաբար որոշ մարդիկ, որոնք հավատացել են 20 կամ 30 տարի, դեռևս իրենց ջանքերը նվիրում են այն խորհուրդներին և Աստծու նշած այն թեմաներին, որոնք վերաբերում են մարդկության ճակատագրին ու վերջնական հանգրվանին։ Ի՞նչ աստիճանի են որոշ մարդիկ նվիրում իրենց ջանքերը։ Նրանք ասում են. «Երբ համեմատեցի աստծու խոսքերի յուրաքանչյուր մասը, հայտնաբերեցի մեծագույն խորհուրդը։ Երբ քրիստոսը հեռանա երկրից, դա կլինի գարնանը»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ Ես զգում սա լսելուց հետո։ Ուրա՞խ եմ զգում, թե՞ տխուր։ Ո՛չ ուրախ եմ զգում, ո՛չ էլ տխուր։ Կարծում եմ, որ դա ծիծաղելի է։ Իսկապես կան մարդիկ, որոնք իրենց ջանքերը նվիրում են սրան այն աստիճան, որ գիտեն կոնկրետ եղանակը։ Եթե կարողանան ավելի հեռուն գնալ և հայտնաբերել կոնկրետ ժամանակը այնքան ճշգրիտ, որ որոշեն րոպեն ու վայրկյանը, իսկապես «հանճարներ» կլինեին։ Այն, որ նման «հանճարները» կարող են հայտնաբերել մի բան, որը նույնիսկ Ես Ինքս չգիտեմ, իսկապես և՛ ծիծաղելի է, և՛ զայրացուցիչ։ Ինչո՞ւ է ծիծաղելի։ Ոչ մի մարդ չգիտի այն ճշգրիտ ժամանակը, երբ Աստված մսեղի դարձավ, նույնիսկ Սատանան չգիտի դա։ Արդյոք Աստված թույլ կտա՞ր որևէ մարդու իմանալ մի բան, որը նույնիսկ Սատանան չգիտի։ Իհարկե, ո՛չ։ Նմանապես, երբ խոսքը վերաբերում է այն ժամանակին, երբ Աստված կավարտի Իր մեծ նախաձեռնությունը, և երբ Նրա մսեղին կավարտի աշխատանքը երկրի վրա և կհեռանա, արդյոք սա մի բա՞ն է, որն Աստված կասեր որևէ մեկին։ Կա՞ արդյոք պատճառ, որ բոլորն իմանան սա։ (Չկա։) Արդյոք Աստված բերանից կթռցնի՞ որևէ բան, որը չի ցանկանում, որ մարդիկ իմանան, երբ խոսում է։ Բացարձակապես ո՛չ։ Սակայն որոշ մարդիկ իրականում ասում են, որ Նրա խոսքերում գտել են այն ժամանակը, երբ Աստված կհեռանա երկրից։ Նույնիսկ ասում են, որ դա կլինի գարնանը։ Մի՞թե սա տարօրինակ չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ։ Աստծու ո՞ր խոսքերի վրա են այս մարդիկ հիմնում այս հայտարարությունը։ Երբ Աստված խոսեց գարնանն ինչ-որ բան անելու մասին, գուցե մեկ այլ բան նկատի ուներ։ Կարո՞ղ էր արդյոք նկատի ունենալ սա։ Ինչպե՞ս կարող էին դա վերագրել սրան։ Աստված պարզ և հստակ կասի մարդկանց այն, ինչ ուզում է, որ նրանք իմանան։ Մարդիկ չեն կարողանա հասկանալ այն, ինչ չի ուզում, որ իմանան, անկախ նրանից, թե որքան հետազոտություն են անում, նման բաներն անհնար է, որ մարդկությունն իմանա։ Այս մարդիկ ասում են, որ գիտեն, և որ իրենց հետազոտությունն արդյունքներ է տվել։ Նույնիսկ կոնկրետ ժամանակ են տալիս։ Մի՞թե սա անհեթեթություն խոսել չէ։ Սա մոլորեցնում է մարդկանց, անհանգստացնում նրանց մտքերը և խաթարում նրանց տեսիլքը։ Սա գալիս է Սատանայից և բացարձակապես լուսավորություն չէ Աստծուց։ Նա լուսավորություն չէր բերի մարդկանց այս հարցում։ Նրանց համար անօգուտ է իմանալ սա։ Աստված բացարձակապես երբեք պատահաբար բերանից չէր թռցնի որևէ բան, որը չի ցանկանում, որ մարդիկ իմանան։ Ահա թե ինչու եմ ասում, որ դա ծիծաղելի է։ Ուստի ինչո՞ւ է զայրացուցիչ։ (Աստված արտահայտում է ճշմարտությունը, որպեսզի մարդիկ կարողանան այս խոսքերի միջոցով փոխել իրենց ապականված խառնվածքները, և հնարավորություն տա մարդկանց ձգտելու և շահելու ճշմարտությունը, բայց հակաքրիստոսներն օգտագործում են Նրա խոսքերը՝ ուսումնասիրելու վերջնական հանգրվաներն ու խորհուրդները։) Սա նույնպես մի փոքր զայրացուցիչ է, բայց ո՞րն է Իմ զայրույթի իրական պատճառը։ Օրինակ՝ եթե հարուստ ծնողը շատ գումար է վաստակում իր երեխաների համար, իսկ երեխաները դեռ փոքր են և պետք է ապավինեն իրենց ծնողին՝ իրենց մեծացնելու համար, և նրանց ապրուստը լիովին կախված է այդ ծնողից, արդյոք այդ երեխաները կհուսա՞ն, որ իրենց ծնողն արագ մահանա։ Արդյոք կգտնե՞ն գուշակի՝ արագ հաշվարկելու համար, թե երբ կմահանա իրենց ծնողը։ Արդյոք որևէ մեկն այսպե՞ս է վարվում։ (Ոչ։) Եթե անեին, մի՞թե զայրացուցիչ չէր լինի։ Զայրացուցիչ կլինե՛ր։ Նման մարդիկ ատելի՛ են։ Հիմա, երբ Աստված եկել է երկիր, նույնիսկ եթե Նրա մսեղին կարող է ապրել ավելի քան հարյուր տարի և աշխատել հարյուր տարի, ճշմարտությունները, որոնք մարդիկ կարող են հասկանալ, սահմանափակ են։ Մտածե՛ք այդ մասին՝ Տեր Հիսուսի մարմնացումից մինչև Աստծու գործի ներկայիս փուլը քանի՞ ճշմարտություն է մարդկությունը շահել այս երկու հազար տարվա ընթացքում։ Մարդկությունը հիմնականում չի հասկանում ճշմարտությունը։ Այս փուլում Աստված աշխատում է 30 տարի և խոսում է գրեթե 30 տարի։ Նրանք, ովքեր ամենաշատն են կարդացել Աստծու խոսքերը, կարդում են դրանք 30 տարի։ Քանի՞ ճշմարտություն են մարդիկ հասկացել։ Նրանց հասկացողությունը շատ սահմանափակ է։ Արագությունը, որով մարդկությունը մտնում է ճշմարտության մեջ, դանդաղ է։ Այսինքն՝ ճշմարտությունը մարդկանց մեջ գործելը և այն նրանց կյանքի վերածելը բավականին դժվար է և շատ դանդաղ։ Սակայն նույնիսկ այսքան դանդաղ լինելով հանդերձ՝ որոշ մարդիկ դեռ հույս ունեն. «Ե՞րբ աստված կհեռանա երկրից։ Ե՞րբ կավարտվի աստծու գործը»։ Արդյոք Աստծու՝ երկրից հեռանալը և Նրա գործի ավարտվելը կօգտի՞ նրանց։ Այն օրը, երբ Աստված հեռանա երկրից, նրանք կմահանան։ Մահվան կդատապարտվեն։ Ինչի՞ համար պետք է ուրախանան։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Մի՞թե զուրկ չէ բարոյականությունից։ Աշխարհիկ մարդկանց շրջանում նրանց անվանում են անշնորհակալ որդիներ։ Մենք նրանց անվանում ենք չհավատացողներ և հակաքրիստոսներ, և նրանք լավը չեն։
Երբ արտահայտվում էր «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքի բովանդակությունը, շատերը հավատում էին, որ «Մարմնացած աստված պարզապես աշխատանք է կատարում։ Նա իրականացնում է գործի մի քանի փուլ, գործի մի քանի եղանակ ունի և խոսելու մի քանի եղանակ և վե՛րջ, դրանից հետո նրա գործը կավարտվի։ Նրա գործի ավարտից հետո մսեղին այլևս պիտանի չի լինի, և նրա խոսելու կարիքն այլևս չի լինի։ Մենք ինչ-որ բան ձեռք բերած կլինենք և պարզապես պետք է սպասենք այն օրվան, երբ աստծու գործը կավարտվի։ Հենց որ կարողանանք խոսել և քարոզել աստծու այս խոսքերը, վերջնական հանգրվան կունենանք և մեծ օրհնություններ կստանանք»։ Ոմանք այս վերաբերմունքն ունեին։ Այնուհետև էլ ավելի շատ խոսքերի շուրջ հաղորդակցվեցի, մասնավորապես՝ «Աստծուն ճանաչելու մասին» գրքի խոսքերի, ինչպես նաև այն խոսքերի, որոնց շուրջ հաղորդակցվում եմ այս ժամանակահատվածում։ Երբ ոմանք տեսան սա, մտածեցին. «Մի՞թե աստծու խոսքերն ամբողջությամբ չեն պարունակվում «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքում։ Ինչո՞ւ է նա հիմա արտահայտել «Աստծուն ճանաչելու մասին» հատորը։ Ինչո՞ւ է աստված շարունակում ավելի ու ավելի շատ խոսքեր արտահայտել։ Այսուհետ նա պետք է խոսի որոշ խորհուրդների, երկնքի որոշ հարցերի մասին և այն մասին, թե ինչպես են մարդիկ ապագայում աստծու հետ երկնքում քայլելու։ Այս բաների մասին խոսելն իսկապե՛ս ոգևորում է մեզ»։ Ինչպիսի՞ մարդիկ ունեին այս մտքերը։ (Հակաքրիստոսները։) Ինչո՞ւ նրանց մոտ առաջացան այս մտքերը։ Որովհետև նրանք ամենևին հետաքրքրված չեն ճշմարտությամբ։ Նրանք մտածում էին. «Երկար տարիներ հետևել ենք աստծուն։ Գիտենք, թե սկզբում աստված ինչպես էր գործում։ Մենք անձամբ փորձառաբար ապրել ենք աստծու գործի մի քանի փուլ։ Նաև անձամբ փորձառաբար ապրել ենք աստծու խոսելու եղանակները և տեսել ենք մեր սեփական աչքերով։ Մենք աստծու վկաներն ենք և օրհնություններ ստանալուն ամենաարժանի սերունդը»։ Մենք հետևեցին Աստծուն ոչ թե այն պատճառով, որ Նա խոսեց և արտահայտեց ճշմարտությունը, այլ Աստծու կանխորոշման պատճառով։ Աստված առաջնորդեց նրանց՝ փորձառաբար ապրելու գործի մի քանի փուլ, և նրանք պասիվորեն հետևեցին Աստծուն։ Ավելի ուշ, երբ Աստծու գործը շարունակեց առաջ ընթանալ, Նա ընտրեց ավելի շատ մարդկանց, որոնք կարող էին համընթաց քայլել Իր գործի ներկայիս փուլի հետ։ Աստծու գործի հիմնական հասցեատերերը շարունակաբար ընդլայնվում և փոխվում էին։ Ոմանք, ովքեր սկզբում հետևում էին Աստծուն, աստիճանաբար դուրս թողնվեցին, որովհետև չէին ձգտում ճշմարտությանը, որովհետև սկսել էին տարբեր պատկերացումներ և թյուրըմբռնումներ ունենալ Աստծու վերաբերյալ, և որովհետև նրանց մեջ Աստծու հանդեպ տարբեր տեսակի անհնազանդություն և դժգոհություն էր առաջացել։ Այս մարդկանց դուրս թողնելու համար կային և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվ առումով՝ որովհետև նրանք չէին ձգտում ճշմարտությանը և Աստծու խոսքերն ընդունում էին որպես վարդապետություններ ու փարիսեցիների պես դրանք ամենուր քարոզում էին։ Մինչև հիմա ոմանք դեռ չեն հասկանում, թե որոնք են ճշմարտության իրականությունները. նրանք մեռած մարդկանց պես են։ Օբյեկտիվ առումով՝ դուրս թողնված մարդիկ նրանք էին, ովքեր անձամբ փորձառաբար ապրել էին Աստծու նոր գործի սկիզբը, բայց իրենց բնավորության, ձգտման և որակի պատճառով որակավորված չէին Աստծու հետագա, ավելի նոր գործի համար։ Որպես այդպիսին՝ այս մարդիկ արագորեն դուրս թողնվեցին և մի կողմ նետվեցին Աստծու գործի փուլերի կողմից։ Կարելի է ասել, որ «Աստծուն ճանաչելու մասին» գրքի խոսքերի արտահայտվելուց առաջ մի որոշ ժամանակ շատերը հոգու խորքում ծածուկ ուրախանում էին՝ ասելով. «Այն անձը, ում ընդդիմանում և դատապարտում էի, վերջապես ասելու ոչինչ չունի։ Նրա գործի փուլերը վերջապես ավարտվել են։ Նախկինում պատկերացումներ ունեի նրա վերաբերյալ։ Չէի ենթարկվում նրան և դժգոհ էի նրանից, ինչպես նաև դատապարտում ու ընդդիմանում էի նրան։ Եվ իսկապես, ես ճիշտ էի։ Նա աստված չէ, նա քրիստոս չէ։ Կարևոր չէ, թե ինչպես եմ վերաբերվում նրան, որովհետև նա աստված չէ։ Նա պարզապես աստծու խոսափողն է, աստծու ներկայացուցիչը»։ Ավելին՝ ոմանք նույնիսկ ասում էին. «Այս մսեղին ոչնչով չի տարբերվում մեզանից։ Նրա ներսի հոգին է, որ խոսում և գործ է կատարում՝ դա ոչ մի կապ չունի այս մսեղիի հետ»։ Ոմանք այսպիսի հանդուգն կերպով ծածուկ դատապարտում և հայհոյում էին Քրիստոսին։ Երբ արտահայտվեցին «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում Հատոր 2. Աստծուն ճանաչելու մասին» գրքի ճշմարտությունները, Քրիստոսին դատապարտող և հայհոյող այս մարդիկ անհանգստություն զգացին իրենց սրտերում։ Ո՞րն էր այս անհանգստության պատճառը։ Մի կողմից՝ նրանք երկար ժամանակ պատկերացումներ ունեին իրենց սրտերում, հակադրվել էին այն անձին, ով արտահայտում էր ճշմարտությունը։ Նրանք չէին ենթարկվել և դժգոհ էին եղել այս անձից և նույնիսկ դատապարտել ու հայհոյել էին Նրան։ Մյուս կողմից՝ 2013 թվականից հետո Աստծու արտահայտած խոսքերը բացահայտեցին բազմաթիվ խորհուրդներ, որոնք մինչ այդ անհայտ էին մարդկությանը։ Այդ խորհուրդները որոշակի ազդեցություն ունեցան՝ ամրապնդելով այն նոր հավատացյալների հավատքը, որոնք դեռևս ամուր հիմքեր չէին գցել, և ակնթարթորեն վստահություն բերեցին նրանց կասկածամիտ սրտերին։ Մինչդեռ նրանց համար, ովքեր երկար տարիներ հավատացել էին Աստծուն, բայց նախկինում հակադրվել, դատապարտել և հայհոյել էին Քրիստոսին, այս խորհուրդները ճակատից հարված հասցրին նրանց՝ ստիպելով ավելի մեծ անհանգստություն զգալ։ Նրանք մտածեցին. «Հիմա լիովին վերջացած ենք։ Դուրս ենք թողնվել աստծու կողմից։ Նա չի ուզում մեզ։ Աստված նախկինում այնքան շատ խոսքեր արտահայտեց, բայց մենք նրան միշտ որպես մարդկային էակի ենք վերաբերվել։ Մտածում էինք, որ նրա գործի փուլերի ավարտից հետո մնացածը ոչ մի կապ չի ունենա նրա հետ, որ այս անձն ավարտած կլինի իր ծառայությունը, և որ դրանից հետո կշփվենք երկնքի աստծու հետ և կհավատանք երկնքի աստծուն։ Մենք պատկերացումներ ունեինք երկրի վրայի աստծու վերաբերյալ։ Անհնազանդ էինք և արհամարհում էինք նրան»։ 2013 թվականի ընթացքում արտահայտված խոսքերի միջոցով այս մարդկանց հանդգնության մեծ մասը մարեց։ Դրանից առաջ ոմանց մոտ կասկածներ առաջացան Աստծու գործի վերաբերյալ։ Նրանք ընդդիմացան և հայհոյեցին Աստծու մարմնացած մսեղիին, իսկ ոմանք նույնիսկ թողեցին իրենց հավատքը։ Ինչո՞ւ էր այսպես։ Որովհետև պատկերացումներ առաջացան նրանց մեջ։ Նրանք ոչ միայն ժխտեցին մարմնացած Աստծուն և Աստծու գործը, այլև ժխտեցին Աստծու գոյությունը։ Հիմնվելով Աստծու նկատմամբ այս մարդկանց վերաբերմունքի վրա՝ ի՞նչ ելք պետք է նրանք ունենան։ Հիմնվելով Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքի և տեսակետի վրա՝ ո՞րն է նրանց էությունը։ (Չհավատացողի էություն է։) Չհավատացողների առաջին հիմնական հատկանիշն օպորտունիզմն է։ Հենց որ Աստծու խոսքում գտնում են իրենց սեփական շահերը, նրանք կառչում են դրանց, հրաժարվում են բաց թողնելուց և փորձում են օգուտ քաղել Նրա խոսքերից։ Երկրորդն այն է, որ ունակ են հայհոյելու Աստծուն ցանկացած պահի և ցանկացած վայրում, ունակ են պատկերացումներ կազմելու Աստծու վերաբերյալ ցանկացած պահի և ցանկացած վայրում, և երբ մի փոքր բան համահունչ չի լինում իրենց պատկերացումներին, ունակ են դատելու, դատապարտելու և ընդդիմանալու Աստծուն։ Նրանք ամենևին չեն երկյուղում Աստծուց։ Այս մարդիկ բոլորը հակաքրիստոսների էություն ունեն։ Բոլորը հակաքրիստոսներ են։ Ո՞րն է նրանց մյուս հատկանիշը։ Այս մարդիկ բացարձակապես սեր չունեն ճշմարտության հանդեպ։ Նրանք առաջինն էին, որ ընդունեցին Աստծու խոսքերը, առաջինն էին, որ լսեցին Աստծու խոսքերը, և նաև նրանք էին, ովքեր անձամբ փորձառաբար ապրեցին Աստծու գործի փուլերն ու մեթոդները։ Այս մարդիկ արդեն 30 տարի է, ինչ հավատում են, բայց նրանց ճնշող մեծամասնությունը չի կարողանում որևէ պարտավորություն կատարել Աստծու տանը և խոսելու համար ոչ մի փորձառություն չունի։ Ուր էլ գնան, պարզապես խոսում են այդ մեռած բառերի և վարդապետությունների մասին։ Ո՞րն է նրանց ամենաակնհայտ հատկանիշը։ 30 տարի նրանք հավատացել են Աստծուն, բայց նրանց խառնվածքն ամենևին չի փոխվել, և Աստծու հանդեպ ոչ երկյուղ ունեն, ոչ էլ հասկացողություն։ Նրանք ունակ են ծածուկ կերպով, անփութորեն դատելու Աստծու մարմնացած մսեղին և նույնիսկ աղմուկ բարձրացնելու ու դատապարտելու Աստծուն՝ առանց ամենաչնչին սարսափի կամ վախի։ Նրանք չեն սիրում ճշմարտությունը, հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ընդդիմանում են ճշմարտությանը։ Երբ խոսքը վերաբերում է մարմնացած Աստծուն, համարձակվում են ցանկացած բան ասել։ Համարձակվում են գնահատել և դատել ամեն ինչ և երբ պատկերացումներ են ունենում, համարձակվում են տարածել դրանք։ Մի՞թե այս մարդիկ գարշելի չեն։ (Այո։) Արդյոք նրանք Աստծու կողմից ընտրված մարդի՞կ են։ 30 տարի նրանք հավատացել են Աստծուն, բայց ոչ մի իրականություն չունեն, և նրանց խառնվածքն ամենևին չի փոխվել. մի՞թե մեռած մարդիկ չեն։ Մի՞թե նրանք, ովքեր իսկապես ձգտում են ճշմարտությանը և իսկապես ունեն բնականոն մարդկայնություն, չեն կարող հասկանալ և մտնել որոշ ճշմարտությունների մեջ՝ Աստծուն ընդամենը երեք տարի հավատալուց հետո։ (Կարող են։) Բայց կան մարդիկ, որոնք 30 տարի հավատացել են Աստծուն՝ առանց որևէ փորձառություն ունենալու։ Եթե խնդրես նրանց խոսել իրենց փորձառությունների մասին, կխոսեն միայն վարդապետությունների, կարգախոսների և խրատական խոսքերի մասին։ Ուստի ի՞նչ ջանք են նրանք ներդրել Աստծու խոսքերում վերջին 30 տարվա ընթացքում։ Ի՞նչ են ձեռք բերել։ Ինքնին հասկանալի է, որ նրանք չեն ընդունում Աստծու խոսքերը։ Նրանք ընդունում են մարդկությանն օրհնություններ և խոստումներ տալու մասին Աստծու խոսքերը, Նրա գեղեցիկ հնչող խոսքերը, Նրա մխիթարող ու հորդորող խոսքերը և ականջահաճո խոսքերը, բայց չեն ընդունում Աստծու արտահայտած ճշմարտություններից կամ մարդկության համար Նրա պահանջներից և ոչ մեկը։ Բացարձակապես ոչ մեկը չեն ընդունում։ Մի՞թե այս մարդիկ չպետք է դուրս թողնվեն։ (Պետք է։) Արդյոք նման մարդկանց դուրս թողնելն անարդարությո՞ւն է։ (Ոչ։) Դա այն պատճառով է, որ նրանք միտումնավոր մեղք են գործում՝ չնայած ճշմարտությունը հստակ իմանալուն։
Վերջին օրերում Աստված այնքան շատ գործ է կատարել և այնքան շատ խոսքեր է ասել, և մարդիկ փորձառաբար ապրել են դա ու իրենց սեփական աչքերով տեսել Աստծու գործի յուրաքանչյուր փուլը։ Անկախ նրանից՝ որ տեսանկյունից է դիտարկվում՝ այն, որ Աստված այդքան շատ ճշմարտություններ է արտահայտում և այդքան շատ մարդկանց փրկում, անվիճելի է, և ոչ ոք չպետք է կասկածի դրան։ Որքան էլ սովորական և բնականոն լինի մարմնացած Աստված, որքան էլ Նա մարդու համար աննկատ թվա, մարդիկ, միևնույն է, պետք է Նրա խոսքերը որպես ճշմարտություն ընդունեն։ Ոմանք ասում են. «Քանի որ մարմնացած աստված այնքան աննշան է և այնքան սովորական ու ամենևին մեծ չէ, ինչպե՞ս կարող են մեզ ստիպել հիանալ նրանով։ Կարո՞ղ է արդյոք նման սովորական մսեղին ընդունակ լինել որևէ մեծ գործի։ Կարո՞ղ ենք արդյոք իսկապես մեծ օրհնություններ ստանալ նրանից։ Չգիտենք. այն ամենը, ինչ կարող ենք անել, նրան որպես սովորական մարդ վերաբերվելն է»։ Մյուսներն ասում են. «Քանի որ քո արած որոշ բաներ չեն համոզել մեզ, իսկ որոշ բաներ պատկերացումներ են առաջացրել մեր մեջ, և որոշ բաներ անհասկանալի են մեզ համար, և քանի որ ասել ես որոշ բաներ, որոնք անընդունելի են մեզ համար, չես կարող ներկայացնել երկնքի աստծուն, և ուստի պետք է պայքարենք քո դեմ մինչև վերջ։ Եթե խնդրես մեզ քարոզել ավետարանը, չենք անի, եթե խնդրես մեզ կատարել մեր պարտավորությունը, չենք անի, և եթե խնդրես մեզ ընդունել ճշմարտությունը, չենք անի։ Մենք մինչև վերջ կպայքարենք այն անձի դեմ, որը դու ես. տեսնենք, թե ինչ կարող ես անել մեզ»։ Այս մարդկանց սրտերում, որոնք ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, կան հազար, տասը հազար պատճառներ՝ ժխտելու Աստծու գործը, ժխտելու, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և ժխտելու Նրա մարմնացած մսեղին։ Բայց կա մի բան, որը գուցե այնքան էլ պարզ չէ նրանց համար։ Անկախ նրանից՝ որքան պատճառներ նրանք ունեն, եթե չընդունեն այս ճշմարտությունները, չեն փրկվի։ Եթե չես ընդունում այն անձին, որը Ես եմ, կամ չես հնազանդվում Աստծու գործին, ոչինչ, չեմ ստիպի քեզ։ Բայց եթե չես ընդունում Աստծու այս խոսքերը որպես ճշմարտություն և չես կիրառում դրանք որպես ճշմարտություն, ամենայն անկեղծությամբ ասում եմ քեզ՝ երբեք չես փրկվի, ոչ էլ երբևէ կանցնես երկնքի թագավորության դարպասով։ Եթե շրջանցես Աստծու այս խոսքերը, այս ճշմարտությունները և այս Քրիստոսին, ով գործում և փրկում է մարդկությանը, ապա անկախ նրանից, թե որքան վարդապետություն ես հասկանում, կամ որքան մեծ են քո կրած նեղությունները, չես ստանա ճշմարտությունը. դու պարզապես մի կտոր աղբ ես։ Անկախ Աստծուն հավատալու քո պատճառից և անկախ պարտավորությունդ կատարելու քո նպատակից՝ չես կարող փրկվել։ Իսկ եթե չես կարող փրկվել, ի՞նչ օրհնություններ կարող ես ստանալ։ Ոմանք մրցում են երկնքի Աստծու հետ, ոմանք մրցում են երկրի վրայի Աստծու հետ և համարձակվում են վիճարկել Աստծու խոսքերն ու ճշմարտությունը՝ այն աստիճան, որ նույնիսկ չեն հետաքրքրվում, թե ինչպիսին կլինեն իրենց սեփական ելքն ու նշանակության վայրը։ Մի՞թե սա ստորություն չէ։ Այս այլասերվածներն այնքա՛ն չարասեր են։ Նրանցից յուրաքանչյուրը չար մարդ է։ Բոլորը չհավատացողներ են, օպորտունիստներ, ամոթ չունեցող մարդիկ, և սա է հակաքրիստոսների էությունը։
Հենց նոր հաղորդակցվեցի Աստծու խոսքերի նկատմամբ հակաքրիստոսների վերաբերմունքի շուրջ։ Երբ հակաքրիստոսները մոտենում են Աստծու խոսքերին, դրանց մեջ չեն փնտրում ճշմարտությունը կամ կիրառման սկզբունքները։ Չեն փնտրում հասկանալ Աստծու խոսքերից, թե ինչպես հասնել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին, և, անշուշտ, չեն փնտրում հասկանալ Աստծու մտադրությունները, որպեսզի կարողանան դառնալ Նրա մտադրությունները բավարարող անձ։ Փոխարենն ուզում են Աստծու խոսքերում գտնել իրենց ցանկալի վերջնական հանգրվանը, ինչպես նաև իրենց բաղձալի տարբեր օգուտները՝ ներառյալ այն, թե արդյոք կարող են օրհնություններ ստանալ, և թե ինչպես կարող են ավելի շատ շնորհ ստանալ այս կյանքում, և արդյոք կարող են հարյուրապատիկ ավելին ստանալ գալիք աշխարհում և այլն։ Սրանք են այն բաները, որոնք նրանք փնտրում են Աստծու խոսքերում։ Հետևաբար, անկախ նրանից, թե որ տեսանկյունից ես նայում դրան, հակաքրիստոսները երբեք Աստծու խոսքերը ճշմարտություն չեն համարում, ոչ էլ մտածում են, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և պետք է ընդունվեն մարդկության կողմից։ Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքն այն է, որ ուզում են օգտագործել Աստծու խոսքերը՝ իրենց ցանկալի օրհնություններն ու վերջնական հանգրվանը ստանալու համար։ Ուզում են օգտագործել Աստծու խոսքերը որպես ցատկահարթակ՝ իրենց հետապնդած բաներին հասնելու և իրենց նպատակներն իրագործելու համար։ Հիմնվելով նրանց ձգտման, նրանց բռնած ուղու և Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա՝ այս մարդիկ չհավատացողների մի խումբ են, օպորտունիստների մի խումբ։ Երբ հակաքրիստոսները չեն կարողանում գտնել իրենց ցանկալի օգուտներն ու վերջնական հանգրվանն Աստծու խոսքերում, կամ երբ Աստծու խոսքերն ուսումնասիրելու գործընթացում հեռանկարների ու ճակատագրերի մասին Աստծու խոսքերը կամ մարդկությանն ուղղված Աստծու խոստումները հիասթափեցնում են նրանց, և նրանց ցանկությունները չեն կարող բավարարվել, անարարողակարգ կերպով և առանց վարանելու մի կողմ են դնում Աստծու խոսքերը, որոնք բռնած են իրենց ձեռքերում, լքում ու թողնում են Աստծուն և ձգտում են իրենց ցանկալի կյանքին։ Նրանք չեն գալիս Աստծու առջև՝ ընդունելու Նրա փրկությունը։ Երբ կարդում են Աստծու խոսքերը, դրանք ճշմարտություն չեն համարում, փոխարենն ուզում են օգտագործել Աստծու խոսքերը՝ իրենց անձնական նպատակներին հասնելու և իրենց անձնական նկրտումներն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար։ Որպես այդպիսին՝ նրանք Աստծու խոսքերում անխոնջ կերպով փնտրում են իրենց ելքն ու վերջնական հանգրվանը։ Փնտրում են այն, ինչ Աստված ասում է աղետների մասին, խորհուրդների վերաբերյալ Նրա բացահայտումները, մարդկության զարգացման վերաբերյալ Նրա բացահայտումները և Նրա գործի մասին որոշ կուլիսային տեղեկություններ։ Սա է այն բովանդակությունը, որը հետաքրքրում է նրանց։ Նրանք այս շրջանակից դուրս որևէ բանով հետաքրքրված չեն։ Նույնիսկ հաճախ արհամարհում և դիմակայում են ապականված մարդկության համար Աստծու պահանջներից մի քանիսին։ Նույնիսկ հակակրանք են տածում Աստծու կողմից ապականված մարդկության մերկացման հանդեպ։ Հաճախ թերություններ են գտնում Աստծու խոսքերում օգտագործված բառապաշարի և խոսելու տոնի մեջ և փորձում են գտնել մի բան, որը կարող են օգտագործել Աստծու դեմ։ Օրինակ, երբ Աստված մերկացնում է մարդկությանը որպես «պոռնիկների» և «մարմնավաճառների», նրանք ասում են. «Ինչպե՞ս կարող են սրանք աստծու խոսքեր լինել։ Աստված այսպես չէ՛ր խոսի։ Աստված պետք է նրբանկատ, մեղմ և հոգատար կերպով խոսի»։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու որոշ խոսքերին, որոնք համահունչ չեն մարդկային պատկերացումներին, համահունչ չեն մարդկային քերականությանը և համահունչ չեն ապականված մարդկանց ավանդական տրամաբանությանը, նրանք մտածում են. «Սրանք աստծու խոսքեր չեն, աստված այսպես չէ՛ր խոսի։ Այնքա՜ն գերագույն, մեծ և անըմբռնելի է աստված, ուստի ինչպե՞ս կարող են նրա խոսքերն այսքան սովորական լինել։ Ինչպե՞ս կարող են դրանք համահունչ չլինել ավանդական տրամաբանությանը։ Եթե աստծու խոսքերը ճշմարտությունն են, դրանք պետք է ասվեն այնպես, որ բոլորը բարձր գնահատեն դրանք, երկրպագեն դրանց և հիանան դրանցով։ Դրանք բոլորը պետք է անըմբռնելի լինեն. ահա թե ինչպիսի՛ն պետք է լինեն աստծու խոսքերը»։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքերին, նրանք տարբեր պատկերացումներ, տարբեր սահմանափակումներ և նույնիսկ տարբեր պահանջներ ունեն։ Հիմնվելով նրանց պահանջների և սահմանափակումների վրա՝ կարելի է տեսնել, որ հակաքրիստոսների էությունը Սատանայի էությունն է։ Աստծու և Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքը հետազոտելն է, դիմակայելը, դատելը, Աստծու դեմ օգտագործելու համար որևէ բան փնտրելը և թերություններ գտնելը։ Նրանք ոչ մի ջանք չեն ներդնում Աստծու խոսքերի ճշմարտության մեջ, ոչ էլ հնազանդվում են, ընդունում կամ կիրառում են այն։ Հետևաբար հակաքրիստոսների էությունը Սատանայի և չար ոգիների էությունն է։ Այն, թե հակաքրիստոսներն ինչպես են վերաբերվում Աստծու խոսքերին, նաև այն է, թե ինչպես են վերաբերվում Աստծուն։ Աստծու խոսքերը ներկայացնում են հենց Իրեն՝ Աստծուն։ Աստծու արտահայտած բոլոր ճշմարտությունները ներկայացնում են Նրա բնույթը, Նրա էությունը և ավելին՝ Նրա ինքնությունն ու կարգավիճակը։ Անկախ նրանից՝ այս խոսքերն արտահայտվում են Աստծու մսեղիի, թե Աստծու Հոգու կողմից, և անկախ նրանից՝ ինչ բովանդակություն է Նա արտահայտում, այս խոսքերն, անկասկած, ներկայացնում են Աստծուն։ Հետևաբար հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերը հետազոտելն ու վերլուծելը և դրանց վերաբերյալ պատկերացումներ կազմելը հավասարազոր է Աստծու վերաբերյալ պատկերացումներ կազմելուն։ Նրանք զննում են Աստծուն։ Չեն հավատում Աստծու խոսքերին և չեն ընդունում Աստծու խոսքերը, ինչը նշանակում է, որ չեն հավատում Աստծու գոյությանը, անշուշտ, չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և առավել ևս ի վիճակի չեն հնազանդվելու Աստծուն։ Սա է հակաքրիստոսների էությունը։
Ոմանք ասում են. «Մարմնացած աստված չափազանց աննշան է և չափազանց սովորական։ Հաճախ նրա խոսքերն ու գործողությունները պատկերացումներ են առաջացնում իմ մեջ և ամենևին համահունչ չեն իմ երևակայություններին։ Ես տեսնում եմ, որ մարմնացած աստված պարզապես սովորական մարդ է։ Չի ներկայացնում աստծուն, ուստի անկախ նրանից, թե որքան ճշմարտություններ է արտահայտում իր խոսքերում և գործում, նման չէ աստծու»։ Որտեղի՞ց են գալիս այս խոսքերը։ Ի՞նչ են դրանք ներկայացնում։ Մի՞թե Սատանային չեն ներկայացնում։ Սկզբից մինչև վերջ Սատանան երբեք չի ճանաչել Աստծու ինքնությունն ու կարգավիճակը։ Երբեք չի հավատացել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և, անշուշտ, երբեք չի ընդունել Աստծու խոսքերը։ Որպես այդպիսին՝ երբ Սատանան խոսում է Աստծու հետ, ուզում է դա անել ինչպես հավասարը հավասարի հետ։ Նրա խոսելու ձևն Աստծուն ծաղրելն ու հեգնելն է, Աստծուն խաբելը, և նրա սրտում Աստծու համար տեղ չկա։ Եվ այն բաները, որ անում են հակաքրիստոսները, և այն խոսքերը, որ ասում են հակաքրիստոսները, ճիշտ նույնն են, ինչ Սատանայինը։ Նրանց էությունը նույնն է՝ բացառությամբ նրա, որ Սատանան անտեսանելի է մարդկության համար, մինչդեռ հակաքրիստոսները տեսանելի են և շոշափելի։ Նրանք մարդկային մաշկ հագած Սատանաներ են։ Եթե Սատանաներ չլինեին, ի վիճակի չէին լինի անելու և ասելու նման բաներ։ Սատանան հաճախ ստում է և հավատում, որ Աստծու խոսքերը նույնպես սուտ են։ Սատանան հաճախ խաբում է մարդկանց և խոտոր է, նենգ ու չարասեր, և հավատում է, որ Աստված նույն կերպ է խոսում։ Անկախ նրանից՝ ինչ է ասում Աստված, հակաքրիստոսները միշտ ինչ-որ բան կավելացնեն Աստծու խոսքերին՝ կցելով իրենց սեփական իմաստը և կամայական բացատրություններ տալով։ Ավելին՝ նույնիսկ մտածում են, որ Աստծու խոսքերից մի քանիսն այնքան փայլուն չեն, որքան իրենցը, համահունչ չեն իրենց մակարդակին ու բարձր չափանիշներին և բավարար չեն ապականված մարդկությանը նվաճելու համար։ Հետևաբար նրանք ուզում են Աստծու խոսքերի միջոցները, հնչերանգը և բովանդակությունը ներկայացնել որոշ մարդկանց՝ դրանք վերլուծելու և դատելու, և առավել ևս դրանք քննադատելու և դատապարտելու համար։ Ո՞րն է սա անելու նրանց նպատակը։ Աստծուն հետևելիս նրանք ակնկալում են այս Աստծուց ստանալ իրենց ուզած հեռանկարներն ու ճակատագիրը և սպասում են այս Աստծուց ստանալ իրենց ուզած վերջնական հանգրվանը։ Ուստի ինչո՞ւ են դեռ այսպես վարվում։ Մի՞թե սա իրենք իրենց ապտակել չէ։ Կա միայն մեկ պատճառ։ Այն է, որ նրանց աչքերում նման Աստծու ասած խոսքերը չափազանց հասարակ են և սովորական. Նրա գործողությունները նույնպես չափազանց սովորական են։ Նման Աստված այն մեկը չէ, ումից ուզում են ակնածել, կամ այն մեկը, ով իրենց երևակայություններում է, և Նա համատեղելի չէ իրենց հետ։ Եթե հետևեն նման Աստծու, նրանց վերջնական հանգրվանը և նրանց հեռանկարներն ու ճակատագիրը կարող են ի դերև ելնել։ Հետևաբար նրանք կատաղի կերպով դիմակայում են նման Աստծուն։ Դատում են Նրան, խարխլում են Նրան և փորձում են վնասարարություն անել, անհանգստացնել ու կործանել Նրա գործը, որպեսզի Նա չկարողանա անել այն։ Այդ ժամանակ նրանց նպատակն իրագործված կլինի։ Ոմանք ասում են. «Եթե հասնեն իրենց նպատակին, ապա մի՞թե նրանց վերջնական հանգրվանը չի վերանա»։ Այս տեսակի մարդիկ պարզապես չեն ճանաչում Աստծու գոյությունը, ոչ էլ ճանաչում են Աստծու մարմնացած մսեղին, էլ չասած մարդկությանը փրկող Նրա տնօրինման գործի փաստի մասին։ Նրանք պարզապես խաղադրույք են կատարում և մոլախաղով են զբաղվում։ Եթե այս Աստված իսկապես տապալվի, ապա կկարողանան անել այն ամենը, ինչ ուզում են, և այլևս ստիպված չեն լինի նման նեղություններ կրել Աստծու տանը։ Այդ ժամանակ կկարողանան հանգիստ զգալ՝ վերադառնալով աշխարհ, չարասեր միտումներին և այն բանին, ինչն իրենք բնականոն կյանք են անվանում։ Նրանք կարիք չեն ունենա դիմանալու որևէ աղետի, կարիք չեն ունենա ենթարկվելու որևէ տեսակի զտման, և, անշուշտ, ստիպված չեն լինի դիմանալու Աստծու խոսքերի դատաստանին ու պատժին։ Այս ամենը կդադարի գոյություն ունենալուց, և աշխարհը կշարունակվի սովորականի պես։ Սա է այն, ինչ տենչում են իրենց երազներում։ Մի՞թե այս մարդիկ վատը չեն։ Ո՞րն է նրանց այդքան վատը լինելու արմատը։ (Նրանց էությունը Սատանան է, ուստի նրանք ատում են Աստծուն։) Իրականում, այս հակաքրիստոսների, չար դևերի սրտերի խորքում, իրենց հոգիներում կարող են զգալ դա. նրանք գիտեն, թե Աստված ինչպես է նայում իրենց պես մարդկանց։ Աստված ատում է իրենց պես մարդկանց։ Նրանք անհամատեղելի են Աստծու հետ։ Նրանց մարդկայնությունը և բնական էությունը գարշելի են Աստծու համար։ Հետևաբար, անկախ նրանից, թե որքան քրտնաջան են աշխատում, և անկախ նրանից, թե որքան են ցանկանում օրհնություններ ստանալ, նրանց վերջնական արդյունքը կախված չի լինի իրենց կամքից։ Չեն կարող փոխել փաստերից և ոչ մեկը։ Նրանք անհամատեղելի են Աստծու հետ։ Նրանք անհամատեղելի են Աստծու խոսքերի հետ։ Նրանք անհամատեղելի են Քրիստոսի հետ։ Ուստի ի վերջո ի՞նչ կլինի նրանց հետ։ Բոլորը դատապարտված են կորչելու։ Իրենց սրտերում աղոտ հասկացողություն ունեն այս արդյունքի վերաբերյալ, ուստի ինչո՞ւ են դեռ մնում Աստծու տանը։ Նրանք պարզապես չեն ցանկանում հրաժարվել օրհնություններ ստանալու նման լավ հնարավորությունից, ուստի ուզում են ռիսկի դիմել։ «Եթե այսպիսի խաղադրույք կատարեմ, գուցե դեռ կարողանամ օրհնություններ ստանալ։ Գուցե դեռ կարողանամ սպրդել և ողջ մնալ։ Գուցե եթե աստված զգույշ չլինի և ուշադրություն չդարձնի, կարողանամ սպրդել երկնքի թագավորության դարպասով»։ «Գուցե»-ների այս ցանկալի մտածելակերպով շարունակում են հոսանքով գնալ Աստծու տանը, բայց նրանց տեսակետը և Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքը երբեք չեն փոխվում։ Նրանք արհամարհում են Աստծու խոսքերը, արհամարհում են ճշմարտությունը և արհամարհում են բոլոր դրական բաները։
Աստված պահանջում է, որ մարդիկ ազնիվ լինեն։ Սա լսելով՝ ոմանք մտածում են. «Մի՞թե սա շատ ցածր չափանիշ չէ։ Արդեն մի քանի տարի է՝ հավատում ենք աստծուն, ինչո՞ւ է նա հիմա մեզ ասում «ազնիվ եղեք»։ Եթե սա աստծու խոսքն է, ապա այն պետք է խոր լինի, պետք է լինի ավելի վեհ, ավելի անըմբռնելի, մարդու համար ավելի անհասանելի։ Այն, ինչ մեզ պետք է, պահանջվող ավելի բարձր չափանիշներ են, ոչ թե այս սովորական, աննշան, ցածր չափանիշներով պահանջները»։ Նման մարդիկ չեն հասկանում, թե ինչ է ճշմարտության իրականությունը։ Երբ ճշմարտությունը չհասկացողները լսում են այս քարոզները, վշտանում են, բայց հաղորդակցության, փորձառության և սրա միջով անցնելու որոշակի ժամանակահատվածի շնորհիվ սկսում են գիտակցել, որ Աստծու այս խոսքերն այն են, ինչ անհրաժեշտ է մարդկանց։ Ինչո՞ւ են դրանք այն, ինչ անհրաժեշտ է մարդկանց։ Մարդը խորապես ապականվել է Սատանայի կողմից, ուստի ոչ մի մարդ ազնիվ չէ. այս աշխարհը լի է ստերով, և սա ճշմարիտ է նաև նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն։ Ամեն օր մարդիկ մեկը մյուսի հետևից ստեր են ասում։ Նրանց խոսքը լեփ-լեցուն է Սատանայի ստերով և նենգությամբ։ Ուստի Աստված մարդու համար առաջ է քաշել այս ամենապարզ և հասկանալի պահանջը՝ ազնիվ լինել։ Ժամանակի և փորձառության հետ մարդիկ հասկացողություն են զարգացնում Աստծու խոսքերի վերաբերյալ և ըմբռնում են Նրա պահանջներն ու Նրա մտադրությունները։ Նրա խոսքերի առաջնորդության և ուղղորդման ներքո նրանք աստիճանաբար սկսում են գիտակցել, թե որքան գործնական են Նրա խոսքերը, թե ինչպես պետք է հասկանալ Նրա ամեն մի խոսք և մտնել դրա մեջ, թե ինչպես Նրա խոսքերից ոչ մեկը դատարկ չէ, որ Նրա բոլոր խոսքերն այն են, ինչ անհրաժեշտ է մարդկությանը, թե ինչպես է Աստված այդքան հիմնովին ըմբռնում մարդկանց և կարողանում թափանցել նրանց մեջ, և որ Նա շատ լավ է հասկանում նրանց ապականությունը։ Սա այն ընթացքն է, որով սովորական մարդն անցնում է։ Սակայն երբ հակաքրիստոսները տեսնում են այս արտահայտությունը, որտեղ Աստված մարդկանցից պահանջում է ազնիվ լինել, արհամարհանքի, ծաղրանքի, հեգնանքի և նույնիսկ դիմակայության վերաբերմունքով են նայում դրան։ Այս արտահայտության վերաբերյալ կարծիք ձևավորելուց հետո մղում են հետին պլան, նրանց արհամարհանքն Աստծու հանդեպ մեծանում է, և Նրան ու Նրա խոսքին նայում են աճող քամահրանքով՝ հասնելով այն աստիճանի, որ այլևս նույնիսկ չեն ուսումնասիրում Նրա խոսքը։ Երբ որոշ մարդիկ խոսում են իրենց փորձառությունների մասին, թե ինչպես են դրսևորել իրենց նենգ խառնվածքը, և թե ինչպես են ապաշխարել ու փորձել ազնիվ լինել, այս հակաքրիստոսների մտքում առաջանում են դիմակայություն, հակակրանք և արհամարհանք։ Նրանք ոչ միայն հրաժարվում են ընդունելուց այն, ինչ ասում են այդ մարդիկ, այլև դիմակայություն և հակակրանք են զգում այն փորձառական գիտության հանդեպ, որի շուրջ հաղորդակցվում են եղբայրներն ու քույրերը՝ հասնելով այն աստիճանի, որ ատելություն և արհամարհանք են զգում նրանց հանդեպ, ովքեր ավելի շատ են հաղորդակցվում և ավելի լավ ճանաչողություն ունեն։ Նրանք մտածում են. «Դուք հիմարներ եք։ Ձեզ աստված ասում է ազնիվ լինել, և պարզապես անում եք դա։ Ինչպե՞ս կարող եք այդքան հնազանդվող լինել։ Ինչո՞ւ ականջ չեք դնում այն խոսքերին, որոնք ես եմ ասում։ Նայե՛ք ինձ ձեզանից ոչ մեկը չգիտի, թե որն է իմ ճշմարիտ վիճակը, ոչ ոք չգիտի, թե որքան նենգ ու խորաթափանց եմ։ Եվ չեմ պատրաստվում ձեզ պատմելու այդ բաների մասին։ Կարծում եք՝ արժանի՞ եք դրանք լսելու»։ Սա այն վերաբերմունքն է, որն ունեն Աստծու պահանջի նկատմամբ։ Ոչ միայն հրաժարվում են այն ընդունելուց, այլև դիմակայում են դրան և դատապարտում։ Մի՞թե սրանք չհավատացողների դրսևորումներ չեն։ Սրանք տիպիկ չհավատացողներ են։ Արտաքնապես նրանք բացահայտորեն չեն դատապարտել Աստծու խոսքը, Նրա խոսքի գրքերը չեն նետել հնոց՝ այրելու։ Արտաքուստ նրանք ամեն օր կարդում են Աստծու խոսքը և քարոզներ լսում և հավաքույթների ժամանակ հաղորդակցվում, բայց իրականում նրանց սրտերի խորքում խոր ատելություն, դիմակայություն և մերժում է առաջացել Աստծու խոսքի հանդեպ։ Այլ կերպ ասած՝ հենց այն պահին, երբ նրանք պատկերացումներ ձևավորեցին Աստծու խոսքի վերաբերյալ, արդեն մերժել էին այն։ Կան ոմանք, ովքեր ասում են. «Արդյոք այդ հակաքրիստոսներն արդեն մերժե՞լ էին Աստծու խոսքը նախքան Նրա այդ բաներն ասելը»։ Այդ պահին դեռ չէին մերժել այն։ Ինչո՞ւ է այդպես։ Դա նրանից է, որ շատ պատկերացումներ և երևակայություններ ունեին Աստծու վերաբերյալ, և դրանք ստիպում էին նրանց հարգել նրան ու հիանալ Նրանով և Նրան մեծ անձնավորություն համարել։ Բայց երբ Աստված արտահայտեց Իր խոսքերը, Նրա վերաբերյալ նրանց տեսակետն ամբողջությամբ փոխվեց, և ասացին. «Խոսքերը, որոնք աստված ասում է, իրականում այնքա՜ն սովորական են։ Դրանք այնքան պարզ են, այնքան հասկանալի, այնքան հեշտ ըմբռնելի։ Ես ինքս կարող եմ նման խոսքեր ասել։ Մի՞թե բոլորը չեն ասում, որ աստված մեծ է։ Այդ դեպքում ինչո՞ւ նա մեզ կասեր ազնիվ լինել։ Եթե աստված այդքան մեծ է, եթե նա իսկապես գերագույն է, նա չպե՛տք է մարդկանց այդպիսի փոքր ու ցածր պահանջներ տար»։ Երբ կարդացին Աստծու խոսքը և զգացին, որ այն մակերեսային է, և զգացին, որ չի համապատասխանում մարդկանց պատկերացումներին կամ չի համընկնում Աստծու վեհ պատկերին ու ինքնությանը, նրանք պատկերացումներ ձևավորեցին Աստծու խոսքերի վերաբերյալ։ Այս պատկերացումների ձևավորման ֆոնին նրանց ներսում խոր ատելություն առաջացավ Աստծու խոսքերի հանդեպ, և հետագայում նրանց սրտերի խորքում գտնվող պատնեշը, որը պահում էր Աստծու վերաբերյալ նրանց երևակայություններն ու պատկերացումները, ամբողջությամբ փլուզվեց։ Ո՞րն է այս փլուզման արդյունքը։ Իրենց սրտերի ամենախորքից նրանք մերժեցին և դատապարտեցին Աստծու խոսքը։ Ուստի ի՞նչ է անցնում հակաքրիստոսների մտքով, երբ մարդիկ քարոզում են Աստծու խոսքը։ Նրանք կարծես դիտորդներ լինեն՝ կողքից հետևելով։ Երբ լսում են, որ ինչ-որ մեկը գովաբանում է Աստծու խոսքերը կամ հաղորդակցվում Աստծու խոսքերի իր փորձառության շուրջ, այս հակաքրիստոսները նույնպես դիտորդներ են՝ կողքից հետևելով, և իրենց սրտերի խորքում երբեք «Ամե՛ն» չեն ասում։ Երբեմն նույնիսկ ծաղրում են մարդկանց՝ ասելով. «Ի՞նչ ես շահել ազնիվ լինելուց։ Թեև փորձում ես ազնիվ լինել, աստված պարտադիր չէ, որ փրկի քեզ, և պարտադիր չէ նաև, որ օրհնվես։ Շատ քիչ մարդիկ օրհնություններ կստանան։ Եթե ես օրհնություններ չստանամ, ապա ձեզանից ոչ մեկն էլ չի՛ ստանա»։ Հակաքրիստոսի բնական էությունը հակադրվում է Աստծու խոսքին և հենց Իրեն՝ Աստծուն, և դրա պատճառով հակաքրիստոսներն ի վիճակի չեն ընդունելու, առավել ևս հնազանդվելու Աստծու խոսքին։ Եթե չեն ընդունում և չեն հնազանդվում Աստծու խոսքին, կարո՞ղ են արդյոք փորձառություն ձեռք բերել դրա վերաբերյալ։ Չե՛ն կարող, ուստի ի՞նչ է այն անձնական գիտելիքը, որի մասին խոսում են։ Դրանք բոլորը պարզապես երևակայություններ են, ենթադրություններ, վարդապետություններ կամ տեսություններ, կամ երբեմն նույնիսկ պարզապես գեղեցիկ հնչող բառեր, որոնք կրկնում են ուրիշներից, և որպես այդպիսին՝ անհնար է, որ նրանց մեջ Աստծու խոսքերի որևէ փորձառություն կամ ճանաչողություն առաջանա։ Ուստի Աստծու և Նրա խոսքի նկատմամբ հակաքրիստոսների տածած տարբեր վերաբերմունքների և իրենց բնական էության պատճառով, անկախ նրանից՝ Աստծուն 10 տարի են հավատացել, 20 տարի, թե նույնիսկ ավելի երկար, մինչ օրս երբեք նրանցից չես լսի կամ նրանց մեջ չես տեսնի Աստծու խոսքի որևէ փորձառություն, և առավել ևս չես տեսնի Աստծու ամենաչնչին ճանաչողությունն անգամ։ Նրանց խոսքում չես լսի, որ Աստծու վերաբերյալ պատկերացումներ ու թյուրըմբռնումներ ունենան և լուսավորություն ստանան Աստծու մերկացնելու միջոցով ու ի վերջո հասնեն այն կետին, որտեղ այլևս սխալ չեն հասկանում Աստծուն կամ պատկերացումներ չեն տածում Նրա վերաբերյալ։ Նրանք չունեն այս փորձառությունը, ոչ էլ ունեն այս ճանաչողությունը։ Սա է պատճառը, որ հակաքրիստոսները չեն կարողանում ձեռք բերել ճշմարտությունը կամ ընդհանրապես խոսել որևէ անձնական փորձառության կամ ճանաչողության մասին՝ անկախ նրանից, թե որքան ջանք են գործադրում Աստծու խոսքն ուսումնասիրելու համար։ Պարզապես հետևում են՝ կարդալով և անգիր անելով Աստծու խոսքից որոշ հայտնի հատվածներ, որոնք եղբայրներն ու քույրերը հաճախ են մեջբերում: Նրանք ձևականություն են անում և գնում հոսանքի ուղղությամբ, իսկ հետո շարունակում են մտածել նույն կերպ, ինչպես միշտ են մտածել։ Նրանք չեն լուծում Աստծու վերաբերյալ իրենց մեջ առաջացած պատկերացումները կամ իրենց ու Աստծու միջև ծագած բախումներն ու խնդիրները՝ անկախ նրանից, թե որքան մեծ են դրանք։ Այս պատկերացումներն ու խնդիրները միշտ ուղեկցում են նրանց։ Որո՞նք են այս խնդիրները չլուծելու հետևանքները։ Նրանց սրտերում վրդովմունքն ավելի ու ավելի է խորանում, իսկ Աստծու հանդեպ ատելությունը՝ էլ ավելի մեծանում։ Այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ հետևանքներ կլինեն, որքան երկար նրանք հավատան Աստծուն։ Կարո՞ղ են արդյոք այս կուտակված վրդովմունքներն ու պատկերացումները ստիպել նրանց մի կողմ դնել հեռանկարները, ճակատագիրը և օրհնություններ ստանալու իրենց մտադրությունը։ (Ոչ։) Եթե այս խնդիրները չլուծվեն, ի՞նչ կլինի վերջնական արդյունքը։ (Նրանք կպոռթկան։) «Պոռթկալ» բառը բավականին պարզ է։ Ինչպե՞ս կպոռթկան։ Քանի՞ եղանակ կա։ (Հիշեցի Աստծու խոսքերից, որոնք նախկինում կարդացել եմ. «Նույնիսկ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում նրանք ժպտացող, «բարեսիրտ» մարդուց վերածվում են վայրենի տեսքով դահճի՝ անսպասելիորեն իրենց երեկվա բարերարին առանց պատճառի որպես իրենց ոխերիմ թշնամու վերաբերվելով» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աստծու գործը և մարդու կիրարկումը)։ Ո՞րն է նրանց՝ մարդասպան դառնալու նախապատմությունը։ Երբ օրհնություններ ստանալու նրանց ցանկությունը փշրվում է, դիմակները պատռվում են, և նրանք ասում են. «Մեզանից ոչ մեկի համար էլ հեշտ չի լինելու, ուստի ստիպված չեմ թաքցնել կամ քողարկել սա. ես հավատում եմ աստծուն միայն օրհնություններ ստանալու համար։ Եթե իմանայի, որ օրհնություններ չեմ ստանալու, վաղուց հեռացած կլինեի»։ Նրանք ասում են այն բոլոր խոսքերը, որոնք իրենց սրտերում են, և չեն վախենում դատապարտվելուց։ Ինչո՞ւ չեն վախենում դատապարտումից։ Ինչո՞ւ են ի վիճակի դեն նետելու բարեկրթության ողջ դիմակը և պոռթկալու։ Դա նրանից է, որ այլևս չեն ուզում հավատալ և ցանկանում են հեռանալ։ Այս բոլոր տարիներին իրենց նպատակների համար նրանք նվաստացում ու դժվարություն են հանդուրժել, նրանք կիրառում են ըստ այս մարտավարությունների և այս մարտավարությունները որպես իրենց հոգևոր հենարան են օգտագործում։ Այսօր, երբ տեսնում են, որ օրհնություններ ստանալու հույս չկա, զգում են, որ կարող են նաև դեն նետել բարեկրթության ողջ դիմակը և բացահայտորեն ասել. «Ես պարզապես չհավատացող եմ։ Ինձ դուր չեն գալիս դրական բաները։ Ինձ դուր է գալիս ձգտել աշխարհիկ բաներին, և ինձ դուր են գալիս չարասեր միտումները։ Նրանք ասում են, թե աստծու խոսքերը ճշմարտությունն են, և որ աստծու խոսքերը կարող են փոխել մարդկանց ու փրկել նրանց։ Ինչո՞ւ ես դա չեմ տեսել։ Ինչո՞ւ չեմ կարող փորձառաբար ապրել դա կամ զգալ դա։ Ի՞նչ է փոխել աստծու խոսքը մարդկանց մեջ։ Կարծում եմ՝ աստծու խոսքերը ոչինչ են։ Կա միայն մեկ բան, որն ունի ամենաշոշափելի օգուտները, և դա այն է, որ աստծուն հետևողները կօրհնվեն և կմտնեն երկնքի թագավորություն։ Այս խոսքերը ճշմարիտ են։ Ես չէի հավատա աստծուն, եթե դա օրհնություններ ստանալու համար չլիներ։ Որտե՞ղ է աստված։ Եթե աստված կարող էր փրկել մարդկանց, ինչո՞ւ նա խաչվեց։ Նույնիսկ ինքն իրեն չէր կարող փրկել»։ Նրանք ասում են այն, ինչ իրականում մտածում են: Մի՞թե նրանց դիվային կողմը չի դրսևորվում սրանում։ Տարիների ընթացքում կուտակված պատկերացումներն ու վրդովմունքները պոռթկում են նրանց միջից։ Սրանք հակաքրիստոսներն են, որոնք ի վերջո ցույց են տալիս իրենց իրական դեմքը։
Կան որոշ հակաքրիստոսներ, որոնք հաճախ նման բաներ են ասում. «Ընտանիքս ու կարիերաս թողեցի, այդքան ջանք թափեցի և այդքան տառապեցի աստծուն հավատալիս և ի՞նչ շահեցի դրանից։ Մի՞թե աստված մարդկանց օրհնող աստված չէ։ Մի՞թե աստված մարդկանց շնորհ տվող աստված չէ։ Ուստի ի՞նչ ստացա»։ Աստված մարդուն ապահովել է այդքան շատ ճշմարտություններով, և Նա այդքան շատ բան է տվել՝ առանց որևէ բան պահանջելու։ Թեև մարդիկ այդքան շատ են ընդդիմանում և ըմբոստանում Աստծու դեմ, Նա չի հիշում դա և դեռ գալիս է մարդուն փրկելու։ Հակաքրիստոսները չեն կարողանում տեսնել, թե մարդը որքան բան է ստացել Աստծուց։ Իրականում ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են՝ «Ի՞նչ ստացա»։ (Օրհնություննե՛ր։) Հակաքրիստոսներն ամեն ինչ ուզում են։ Նրանք ի վիճակի են ամեն ինչ թողնելու՝ Աստծուն հավատալու և Աստծուն հետևելու համար, և մտածում են, որ սա անելով՝ հաջողության հասնելու հնարավորություն կունենան, և որ դա իրենց ջանքերը կարժենա։ Նրանք թողնում են աշխարհն ու իրենց հեռանկարները, իսկ ապագայում ուզում են տիրել ողջ աշխարհին։ Այն, ինչ ուզում են փոխարենը, պետք է ավելի արժեքավոր լինի, քան այն բաները, որոնք թողել են։ Այն պետք է ավելի արժեքավոր լինի, քան այդ բաները, և նրանց ավելի մեծ առավելություններ տա, միայն այդ դեպքում կգնան այդ փոխանակմանը։ Կարծում եք՝ հակաքրիստոսներն այս խոսքերն ասում են զայրույթի պահի՞ն՝ իրենց պոռթկումների ժամանակ։ (Ոչ։) Հաստատապես նրանք երկար ժամանակ զսպում են այս խոսքերը, նախքան ի վերջո դրանք պոռթկումով դուրս կգան իրենցից։ Սրանից հետո այն ամենը, ինչ հակաքրիստոսները մտածել են և ինչին ձգտել են տարիների ընթացքում, մերկացվում է, նրանց բոլոր դիմակները պատռվում են։ Ո՞րն է նրանց ասածի առանցքային կետը։ «Այսքան տարի հավատացել եմ աստծուն և հետևել եմ նրան, և ի՞նչ ստացա»։ Այն, ինչ ուզում են ձեռք բերել, ճշմարտությունը չէ՛։ Նրանք չե՛ն ուզում ճշմարտությունը։ Չեն ուզում կյանք, չեն ուզում խառնվածքի փոփոխություն, չեն ուզում Աստծու փրկությունը։ Կարծում են, թե իրենք կատարյալ մարդիկ են, և չեն ուզում ձեռք բերել այս բաները։ Ուզում են ձեռք բերել ինչ-որ հավելյալ բան, ավելի մեծ օրհնություններ, քան նրանք, որոնք կարելի է ստանալ այս աշխարհում։ Այսինքն՝ ուզում են իրենց թողած աշխարհիկ բաները փոխանակել Աստծու խոստացած օրհնությունների հետ։ Ուզում են Աստծուց ստանալ մեծագույն օրհնությունը։ Երբ տեսնում են, որ չեն կարող հասնել իրենց ցանկություններին, և որ ամեն հույս կորած է, ստիպված են հանձնվել։ Բայց երբ գալիս է դա անելու ժամանակը, հաշվի առնելով նրանց խառնվածքը, արդյոք կկարողանա՞ն կանգ առնել այդտեղ։ Չե՛ն կարողանա։ Կան որոշ ընտանիքներ, որտեղ բոլորը հավատացյալներ են, և նրանց մեջ հակաքրիստոսներ են ի հայտ գալիս։ Երբ այս հակաքրիստոսները տեսնում են, որ օրհնություններ չեն ստանալու, սկսում են անհանգստացնել իրենց ընտանիքներին՝ խանգարելով նրանց հավատալու։ Մի՞թե սրանք դեռ ընտանիքներ են։ Արտաքին ֆիզիկական կամ արյունակցական կապերի առումով նրանք մտերիմ ընտանիքներ են։ Բայց երբ նայում ենք այն ուղուն, որին հետևում է յուրաքանչյուր անդամ, թեև բոլորն ավելի քան 10 տարի հավատացել են Աստծուն, ոմանք բացահայտվում են որպես հակաքրիստոսներ, ոմանք ձգտում են ճշմարտությանը և բավականին լավ են կատարում իրենց պարտավորությունները, իսկ ոմանք ձգտում են ճշմարտությանը միջին մակարդակով՝ դրանով իսկ բացահայտվում են իրենց բնական էությունները։ Իհարկե, նրանցից ամենավատերը հակաքրիստոսներն են, որոնք պետք է մերժվեն մարդկանց կողմից և վտարվեն Աստծու տան կողմից։ Ուստի, մի՞թե սրանք ընտանիքներ են։ Մի՞թե իրական ընտանիքներն այսպիսին են։ Սրանք նույնիսկ նույն տեսակի մարդիկ չեն։ Որոշ մարդիկ այդքան տարիներ ապրել են դևերի հետ և դեռ նրանց ընտանիքի անդամներ են համարում։ Չեն կարողանում ձեռք քաշել նրանցից և նույնիսկ հիմարաբար հավատում են, թե նրանք իրենց սիրելիներն են։ Ինչպիսի՞ սիրելիներ են սրանք։ Հակաքրիստոսներն իրենց իրական դեմքը ցույց տալուց հետո ներգրավվում են ամեն տեսակ չարիքի մեջ։ Կարող են նույնիսկ հալածել իրենց ընտանիքների ճշմարիտ հավատացյալներին։ Ավելի վատ, կարող են իրենց ընտանիքի անդամներին հանձնել չար կառավարություններին։ Որոշ ծնողներ մատնում են իրենց երեխաներին, իսկ որոշ երեխաներ մատնում են իրենց ծնողներին։ Անկախ նրանից՝ որքան մտերիմ կամ սերտ է նրանց հարաբերությունը, չկա մի բան, որ հակաքրիստոսները չանեն։ Քանի որ հակաքրիստոսները կարող են մատնել և հալածել իրենց ընտանիքների ճշմարիտ հավատացյալներին, մի՞թե սա չի նշանակում, որ նրանք թշնամիներ են։ (Այո։) Եկեղեցում մեկ կամ երկու հակաքրիստոսի ի հայտ գալը վտանգ է նշանակում եղբայրների և քույրերի համար։ Հենց որ հակաքրիստոսները տեսնում են, որ օրհնություններ չեն ստանալու, խաչ են քաշում իրենց վրա, դեն են նետում ամեն զգուշություն, նրանց դիմակները պատռվում են, և սկսում են մտածել մյուս եղբայրներին ու քույրերին անհանգստացնելու մասին։ Որոշ եղբայրներ և քույրեր թույլ են, փոքր հասակ ունեն և չեն հասկանում ճշմարտությունը։ Հակաքրիստոսներն այս եղբայրներին և քույրերին ցույց են տալիս համացանցի որոշ ասեկոսեներ, իսկ հետո բորբոքում են կրակը՝ ավելացնելով իրենց սեփական գունազարդված բացատրությունները՝ դրանով իսկ անհանգստացնելով և մոլորեցնելով այդ եղբայրներին ու քույրերին և ի վերջո կործանելով նրանց։ Իհարկե, եղբայրներից և քույրերից ոմանք զանազանություն ունեն և անմիջապես ճանաչում են հակաքրիստոսներին։ Եթե նրանք հրապարակայնորեն գործ ունենան հակաքրիստոսների հետ, դա խնդիրներ կառաջացնի, ուստի բավական է, եթե պարզապես իմաստուն ձև գտնեն նրանց մեկուսացնելու համար, որպեսզի նրանք չկարողանան անհանգստացնել կամ պատուհասել ուրիշներին։ Սատանաների հետ գործ ունենալիս մարդիկ պետք է իմաստնորեն վարվեն։
Հակաքրիստոսներն Աստծուն հավատում և Աստծուն հետևում են հանուն իրենց հեռանկարների և ճակատագրի։ Նրանք կառչում են օրհնություններ ստանալու իրենց ցանկությանը և իրենց հետ բերում են իրենց փառասիրական ձգտումները, երբ մտնում են Աստծու տուն, և կարդում, ընդունում ու քարոզում են Աստծու խոսքը։ Նրանք Աստծու տանը զիջումների են գնում, նվաստացում են հանդուրժում և դիմանում են ամեն տեսակ դժվարությունների՝ հանուն իրենց հեռանկարների և ճակատագրի։ Եվ երկար տարիներ սպասելուց ու հետևելուց հետո, երբ նրանց հույսերը փշրվում են, նույնպես հեռանում են եկեղեցուց և Աստծու տնից իրենց հեռանկարների և ճակատագրի պատճառով, քանի որ օրհնություններ ստանալու նրանց ցանկությունն ու մտադրությունը չեն կարող իրականանալ։ Ո՞րն է նման մարդկանց ելքը։ Նրանք դուրս կթողնվեն։ Եվ ինչո՞ւ դուրս կթողնվեն։ Արդյոք Աստված որոշում է չփրկել նրանց այն պահից, երբ մտնում են Իր տո՞ւն, թե՞ նրանք ունեն իրենց սեփական խնդիրները։ (Ունեն իրենց սեփական խնդիրները։) Երբ հակաքրիստոսները մտնում են Աստծու տուն, որոմի պես ձուլվում են ցորենի մեջ։ Ոմանք ասում են. «Բայց մի՞թե Աստված չգիտի այս մասին»։ Աստված գիտի այդ մասին։ Աստված զննում է այս ամենը։ Նման մարդիկ չե՛ն կարող փոխվել։ Նույնիսկ եթե կարդացել են Աստծու բոլոր խոսքերը, նույնիսկ եթե կարդացել են խորհուրդների, մարդու վերջնական հանգրվանի և մարդու տարբեր ապականված խառնվածքների մասին, որոնք բացահայտվել են Աստծու կողմից, և այլ նման խոսքեր, դա անօգուտ է, որովհետև չեն ընդունում ճշմարտությունը։ Աստծու ասած խոսքերն ուղղված են ողջ մարդկությանը։ Դրանք ոչ մեկից թաքնված չեն և հավասարապես տրվում են բոլորին։ Բոլորը կարող են կարդալ և լսել Աստծու խոսքերը, բայց ի վերջո հակաքրիստոսները երբեք ձեռք չեն բերի դրանք, որովհետև նրանք հակաքրիստոսներ են, դևեր և Սատանաներ։ Սատանան չփոխվեց Աստծու կողքին այդքան տարիներ անցկացնելուց հետո, ուստի մի՞թե նույնը ճշմարիտ չէր լինի հակաքրիստոսների համար։ Նույնիսկ եթե ստիպես նրանց ամեն օր կարդալ Աստծու խոսքը, ձեռք չեն բերի այն, որովհետև հակաքրիստոսներ են և հակաքրիստոսի էություն ունեն։ Անհնար է ստիպել հակաքրիստոսներին թողնել իրենց սեփական շահերը կամ իրենց հեռանկարներն ու ճակատագիրը։ Դա նման է խոզին ծառ բարձրանալ ստիպելուն։ Դա անհնարին առաջադրանք է։ Հակաքրիստոսներն ուզում են անմիջական օգուտներ տեսնել և ուզում են նաև հավերժական օգուտներ տեսնել ապագայում։ Եթե չեն կարողանում հասնել կամ բավարարել այս բաներից մեկը, անմիջապես թշնամական են դառնում և կարող են ցանկացած պահի հեռանալ։ Հակաքրիստոսները կարդում են Աստծու խոսքերի տողատակերը՝ լսելով դրանց տոնայնությունն ու առոգանությունը, փորձելով գուշակել Նրա խոսքերի իմաստն ու մտադրությունը, որպեսզի չափեն այն տարբեր օգուտները, որոնց մասին հոգ են տանում և ցանկանում են ստանալ։ Հնարավոր կլինի՞ արդյոք, որ հասկանան ճշմարտությունը, երբ այսպիսի վերաբերմունքով են մոտենում Աստծու խոսքին։ (Ոչ։) Հետևաբար ցանկացած դեպքում հակաքրիստոսները հակադրվում են և ոխերիմ թշնամիներ են Աստծուն ու Նրա խոսքին։ Ոմանք ասում են. «Այսինչն առաջ իսկապես լավն էր։ Ինչո՞ւ է հիմա այսպես վարվում։ Այն բանից հետո, երբ Աստծու խոսքը հաղորդակցվեց նրանց, ասացին, որ հասկացել են այն և խոստացան քրտնաջան աշխատել՝ իրենց պարտավորությունները կատարելու համար, ուստի ինչո՞ւ չեն կարողանում փոխվել»։ Կասեմ քեզ ճշմարտությունը։ Խնդիրը միայն այն չէ, որ հիմա չեն կարող փոխվել։ Ապագայում նույնպես չե՛ն կարողանա փոխվել։ Ինչո՞ւ է այսպես։ Դա նրանից է, որ փոխվելու ոչ մի մտադրություն չունեն։ Մտածե՛ք այդ մասին. եթե գայլը չի կարողանում ուտելու համար ոչխար գտնել, երբ սովամահ է լինում, երբեմն մի քանի բերան խոտ է ուտում և մի քիչ ջուր խմում՝ քաղցը հագեցնելու համար։ Բայց մի՞թե սա նշանակում է, որ նրա բնությունը փոխվել է։ (Չի նշանակում։) Ուստի երբ հակաքրիստոսները ոչ մի չար բան չեն անում և ժամանակավորապես որոշ լավ վարքագծեր են դրսևորում, դա չի նշանակում, որ փոխվել են կամ ընդունել են ճշմարտությունը։ Հենց որ լրջորեն էտվում են այնպես, որ դա շոշափում է նրանց իշխանությունն ու կարգավիճակը, և տեսնում են, որ ոչ մի հույս չունեն, որ հաստատապես դուրս կթողնվեն, անմիջապես բացասական կդառնան, կթողնեն իրենց գործը, և նրանց սկզբնական, իրական դեմքն ի հայտ կգա։ Ո՞վ կարող է փոխել նման մարդկանց։ Աստված չի ծրագրում փրկել նրանց, Նա պարզապես օգտագործում է փաստերը՝ նրանց բացահայտելու և դուրս թողնելու համար։ Ուստի, Սատանայի այս ծառաները պետք է զանազանվեն և մերժվեն բոլորի կողմից։
Հակաքրիստոսներին զանազանելը նման է չար մարդկանց և Սատանային զանազանելուն, իսկ հակաքրիստոսներին մանրամասն վերլուծելը նման է անտեսանելի Սատանային և դևերին մանրամասն վերլուծելուն։ Այն հակաքրիստոսները, որոնց այսօր մանրամասն վերլուծում ենք, տեսանելի են մարդկանց։ Կարող ես տեսնել, թե ինչ են անում, և լսել, թե ինչ են ասում։ Կարող ես տեսնել նրանց բոլոր դրսևորումները և հասկանալ նրանց մտադրությունները։ Չես կարող տեսնել կամ շոշափել հոգևոր ոլորտի Սատանային կամ դևերին, ուստի նրանք միշտ պարզապես հասկացություն և անվանում կլինեն քեզ համար։ Բայց հակաքրիստոսները, որոնց այսօր մանրամասն վերլուծում ենք, այլ են։ Սրանք կենդանի դևեր և Սատանաներ են։ Նրանք մսից ու արյունից շոշափելի դևեր և Սատանաներ են։ Այս դևերն ու Սատանաները ընդդիմանում են Աստծուն և մերժում են Աստծուն հոգևոր ոլորտում, և հակակրանք են տածում Աստծու ասած յուրաքանչյուր խոսքի հանդեպ։ Երբ նրանք գալիս են եկեղեցի, դեռ անում են այս բաները։ Նախկինի պես դեռ հակադրվում են, հակակրանք են տածում և մերժում են Աստծու խոսքերը։ Հաճախ նույնիսկ արհամարհում են Աստծու խոսքերը։ Քանի դեռ դա դուրս է գալիս Աստծու բերանից, նույնիսկ շատ փոքր բանը բազմաթիվ հարցականներ կառաջացնի նրանց սրտերում։ Նրանք կուսումնասիրեն այն, կվերլուծեն և կմշակեն՝ օգտագործելով իրենց միտքը։ Հետևաբար հակաքրիստոսների համար Աստծու խոսքերն իրենց հավատքի առարկան չեն։ Երբեք չեն հավատա Աստծու խոսքերին։ Անկախ նրանից՝ որքան գործնական, ճշմարիտ կամ հավատարիմ են Աստծու խոսքերը, չեն հավատա դրանց։ Ուստի, դատելով այս կետերից, մի՞թե հակաքրիստոսներն Աստծու թշնամիները չեն։ Մի՞թե նրանց բնածին բնությունը թշնամության մեջ չէ ճշմարտության հետ։ Այս տեսակի մարդիկ ի ծնե Աստծու թշնամիներ են, ի ծնե հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Երբեք չեն վերաբերվի կամ չեն ընդունի Աստծու խոսքերը որպես ճշմարտություն։ Իրենց էության, Աստծու հանդեպ իրենց տարբեր դրսևորումների և Աստծու խոսքերի նկատմամբ իրենց տարբեր վերաբերմունքների պատճառով, ի վերջո այս տեսակի մարդիկ դատապարտվում են Աստծու խոսքերով և արհամարհանքով մերժվում Աստծու կողմից։ Ուստի կկարողանա՞ն արդյոք ձեռք բերել մեծագույն օգուտը, որին ձգտում են՝ իրենց հեռանկարներն ու ճակատագիրը։ Երբե՛ք։ Հետևաբար, ո՞ւմ է Աստված ասում այն խոստումների և օրհնությունների մասին, որոնք Նա կտա մարդկությանը, և այն նշանակության վայրի մասին, որը Նա պատրաստել է մարդկության համար։ Արդյոք հակաքրիստոսների համար որևէ բաժին կա՞ այս բաներում։ (Ոչ։) Աստծու ասած և մարդկությանը խոստացված հիանալի վերջնական հանգրվանը տրվում է Աստծու փրկության առարկաներին, այն մարդկանց, որոնք հավատում են Աստծու խոսքերին և ընդունում են Աստծու խոսքերը որպես ճշմարտություն։ Այն չի տրվում հակաքրիստոսներին, որոնք հակադրվում են Աստծուն և որոնք Աստծու խոսքը համարում են խաբեբայի ստեր։
11 ապրիլի, 2020 թ.
Ծանոթագրություններ.
ա. Բնագիր տեքստում «նրանք հավատում են, որ» արտահայտությունը բացակայում է։