Ինչպես են ձեռք բերվում նվաճման գործի երկրորդ քայլի արդյունքները
Ծառայություն մատուցողների գործը նվաճման գործի առաջին քայլն էր։ Այսօր նվաճման գործի երկրորդ քայլն է։ Ինչո՞ւ է նվաճման գործում նաև հիշատակվում կատարյալ դարձվելու մասին։ Դա ապագայի համար հիմք ստեղծելու համար է։ Այսօր նվաճման գործի վերջին քայլն է․ հաջորդիվ կգա մեծ նեղությունը փորձառաբար ապրելու ժամանակը, ինչը կնշանավորի մարդուն կատարյալ դարձնելու պաշտոնական սկիզբը։ Այժմ գլխավոր խնդիրը նվաճումն է, բայց դա նաև կատարելության գործընթացի առաջին քայլն է։ Այս առաջին քայլը հանգեցնում է մարդու գիտելիքի ու հնազանդության կատարելագործմանը, ինչը, անշուշտ, հիմք է ստեղծում նվաճման գործի համար։ Եթե պետք է կատարյալ դարձվես, ապա պիտի կարողանաս ամուր կանգնել ապագայի նեղության մեջ և ջանք չխնայես՝ տարածելու գործի հաջորդ քայլը․ ահա թե ինչ է նշանակում կատարյալ դարձվել, և նաև այնպիսի ժամանակ է, երբ մարդն ամբողջովին ձեռք է բերվում Աստծու կողմից։ Այսօր խոսում ենք նվաճվելու մասին, ինչը նաև նշանակում է խոսել կատարյալ դարձվելու մասին։ Բայց այսօր կատարվող գործն ապագայում կատարյալ դարձվելու հիմքն է․ կատարյալ դարձվելու համար մարդը պետք է փորձառաբար ապրի նեղություն, և նեղության այս փորձառությունը պետք է հիմնված լինի նվաճվելու վրա։ Եթե մարդիկ չունենան այսօրվա հիմքը, եթե լիովին չնվաճվեն, ապա նրանց համար դժվար կլինի ամուր կանգնել գործի հաջորդ քայլի ընթացքում։ Պարզապես նվաճված լինելը վերջնական նպատակը չէ։ Դա միայն Աստծու համար վկայության մի քայլ կրելն է Սատանայի աչքի առջև։ Կատարյալ դարձվելը վերջնական նպատակն է, և եթե չկատարելագործվես, ապա գուցե անպիտան համարվես։ Միայն ապագայում նեղության հանդիպելիս կերևա ճշմարիտ հասակդ․ այսինքն՝ միայն այդ ժամանակ ակնհայտ կդառնա Աստծու հանդեպ քո սիրո մաքրության աստիճանը։ Այսօր մարդիկ ասում են հետևյալը․ «Կհնազանդվենք այն ամենին, ինչ Աստված կանի։ Մենք նույնպես պատրաստ ենք լինելու հակադրող կերպար՝ ընդգծելու Աստծու մեծ զորությունը և Աստծու բնույթը։ Անկախ նրանից՝ Աստված ողորմած է մեր հանդեպ կամ անիծում է մեզ կամ դատում, միևնույն է, դեռ երախտապարտ ենք Աստծուն»։ Այն փաստը, որ ասում ես սա, միայն ցույց է տալիս, որ ունես որոշակի քիչ գիտելիք, բայց այն, թե արդյոք այդպիսի գիտելիքը կարող է կիրառվել իրականության մեջ, կախված է նրանից՝ դա իրական է, թե ոչ։ Այն, որ մարդիկ այսօր ունեն նման ներըմբռնում և գիտելիք, նվաճման գործի արդյունքն է։ Կկարողանաս արդյոք կատարյալ դարձվել, վճռորոշ կերպով կարելի է տեսնել միայն նեղության հանդիպելիս, և այդ ժամանակ կերևա, թե արդյոք ճշմարտապես սրտանց սիրում ես Աստծուն։ Եթե սերդ իսկապես մաքուր է, ապա կասես․ «Մենք հակադրող կերպարներ ենք, Աստծու ձեռքերում արարածներ ենք»։ Երբ ավետարանը քարոզես հեթանոսներին, կասես․ «Ես պարզապես ծառայություն եմ մատուցում։ Օգտագործելով մեր ներսի ապականված խառնվածքները՝ Աստված ասել է այս ամենը, որպեսզի կարողանանք տեսնել Նրա արդար բնույթը․ եթե Նա չասեր նման բաներ, չէինք կարողանա տեսնել Աստծուն, ոչ էլ գնահատել Նրա իմաստությունը, ստանալ այսպիսի մեծ փրկարար շնորհ և այսպիսի մեծ օրհնություններ»։ Եթե իսկապես ունես այս փորձառական գիտությունը, ապա դա բավարար է։ Սակայն այսօր քո ասածների մեծ մասը ոչ մի գիտելիք չի պարունակում, և այդ ամենը պարզապես դատարկ կարգախոսների փունջ է. «Մենք հակադրող կերպարներ և ծառայություն մատուցողներ ենք․ ցանկանում ենք նվաճվելև հնչեղ վկայություն կրել Աստծու համար․․․»։ Պարզապես բղավելը չի նշանակում, որ իրականություն ունես, ոչ էլ ապացուցում է, որ հասակ ունես․ պետք է ունենաս իսկական գիտելիք, և այդ գիտելիքը պետք է փորձության ենթարկվի։
Դու պետք է ավելի շատ կարդաս այս ժամանակահատվածում Աստծու հայտնած արտահայտումները և համեմատությամբ դիտարկես գործողություններդ․ բացարձակ փաստ է, որ լիովին հակադրող կերպար ես։ Ո՞րն է գիտելիքիդ չափն այսօր։ Գաղափարներդ, մտքերդ, վարքագիծդ, խոսքերդ ու գործերդ․ մի՞թե այս բոլոր արտահայտությունները հավասարազոր չեն հակադրության առ Աստծու արդարությունն ու սրբությունը։ Մի՞թե ձեր արտահայտություններն Աստծու խոսքերով մերկացված ապականված խառնվածքների դրսևորումներ չեն։ Քո մտքերի, գաղափարների, դրդապատճառների և քո մեջ բացահայտվող ապականության միջոցով բացահայտվում են Աստծու արդար բնույթը, ինչպես նաև Նրա սրբությունը։ Աստված նույնպես ծնվել է կեղտի երկրում, սակայն կեղտից չի պղծվել։ Նա ապրում է քեզ հետ այդ նույն կեղտոտ աշխարհում, բայց օժտված է ողջամտությամբ ու ներըմբռնմամբ և գարշում է կեղտից։ Անգամ երբ հերթը հասնի քո խոսքերին ու գործերին, գուցե չկարողանաս նկատել դրանցում եղած կեղտոտ բաները, բայց Նա կարող է և մատնանշում է դա քեզ համար։ Այսօրվա բացահայտմամբ ի հայտ եկան քո այդ հին գծերը՝ զարգացման, ներըմբռնման և ողջամտության պակասը, ինչպես նաև քո հետամնաց ապրելակերպը․ միայն Աստծու՝ երկիր գալով և այսպես գործելով է մարդը տեսնում Նրա սրբությունն ու արդար բնույթը։ Նա դատում և հանդիմանում է քեզ, որպեսզի հասկացողություն ձեռք բերես․ երբեմն դիվային բնությունդ է դրսևորվում, և Նա մատնանշում է այն քեզ։ Նա հինգ մատի պես գիտի մարդու էությունը։ Ապրում է ձեր մեջ, ուտում է նույն քո սննդից, և Նա ապրում է նույն միջավայրում, բայց Նա ավելին գիտի և կարող է մերկացնել քեզ և թափանցել մարդու ապականված էության մեջ։ Նա մարդու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունից, խոտորությունից ու նենգությունից առավել ոչինչ չի ատում։ Նա հատկապես ատում է մարդու մսեղավոր շփումները։ Գուցե ծանոթ չէ մարդու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությանը, սակայն Նա կարողանում է հստակ տեսնել և բացահայտել այն ապականված խառնվածքները, որոնք մարդը դրսևորում է։ Նրա գործը ներառում է այս բաներն օգտագործելը՝ խոսելու և ուսուցանելու մարդուն, և այս բաներն օգտագործելը՝ մարդուն դատելու և Իր իսկ արդար ու սուրբ բնույթը բացահայտելու համար։ Այսպիսով՝ մարդը դառնում է Նրա գործի հակադրող կերպար։ Միայն մարմնացած Աստված կարող է բացահայտել մարդու տարբեր ապականված խառնվածքները և Սատանայի բոլոր տգեղ դեմքերը։ Թեև Նա չի պատժում քեզ և պարզապես օգտագործում է քեզ՝ որպես Իր արդարության ու սրբության հակադրող կերպար, դու ամաչում ես և թաքնվելու տեղ չես գտնում, քանի որ չափազանց կեղտոտ ես։ Նա խոսում է՝ մարդու մեջ մերկացած այդ բաներն օգտագործելով, և միայն այս ամենի բացահայտումից հետո է մարդը գիտակցում, թե որքան սուրբ է Աստված։ Նա չի անտեսում մարդու մեջ անգամ ամենաչնչին կեղտը, նույնիսկ նրա սրտում եղած ամենաաննշան կեղտոտ միտքը․ եթե մարդու խոսքերն ու գործերը չեն համապատասխանում Նրա մտադրություններին, ապա Աստված չի արդարացնում նրանց։ Նրա խոսքերում տեղ չկա ոչ մի մարդու կամ ոչ մի բանի կեղտի համար․ այդ ամենը պետք է մերկացվի։ Միայն այդ ժամանակ ես հասկանում, որ Նա իսկապես նման չէ մարդուն։ Եթե մարդու մեջ աննշան կեղտ կա, ապա Նա ծայրաստիճան գարշում է դրանից։ Լինում են նույնիսկ ժամանակներ, երբ մարդիկ ի վիճակի չեն հասկանալու և ասում են․ «Աստվա՛ծ, ինչո՞ւ ես միշտ բարկանում։ Ինչո՞ւ ուշադրություն չես դարձնում մարդու թուլություններին։ Ինչո՞ւ չես կարող մի փոքր ներողամիտ լինել մարդու հանդեպ։ Ինչո՞ւ ես այդքան անտարբեր մարդու նկատմամբ։ Դու լավ գիտես, թե ինչ աստիճանի է մարդը ապականվել, այդ դեպքում ինչո՞ւ ես դեռ այսպես վարվում մարդու հետ»։ Նա գարշում է մեղքից, ատում է այն և հատկապես զզվում է, եթե մեջդ ապստամբության որևէ նշույլ կա։ Երբ ըմբոստ խառնվածք ես բացահայտում, Աստված տեսնում է այն և խորշում դրանից արտասովոր ատելությամբ։ Հենց այս բաների միջոցով են արտահայտվում Նրա բնույթն ու այն, ինչ Նա է։ Երբ քեզ համեմատության մեջ ես դնում, տեսնում ես, որ թեև Նա ուտում է նույն սնունդը, ինչ մարդը, հագնում է նույն հագուստը, վայելում է նույն բաները, ինչ մարդը, և ապրում ու բնակվում է նրա հետ, այնուամենայնիվ, Նա նման չէ մարդուն։ Մի՞թե սա չէ հակադրող կերպարի կարևորությունը։ Հենց այս մարդկային բաներն են ընդգծում Աստծու մեծ զորությունը․ խավարն է, որ ընդգծում է լույսի մեծարժեք գոյությունը։
Իհարկե, Աստված միտումնավոր չի դարձրել ձեզ հակադրող կերպարներ։ Ավելի շուտ՝ միայն այս գործի պտուղներ տալուց հետո է բացահայտվում, որ մարդու ըմբոստությունն Աստծու արդար բնույթի հակադրությունն է, և միայն հակադրող կերպարներ լինելու շնորհիվ հնարավորություն ունեք ճանաչելու Աստծու արդար բնույթի բնական հայտնությունը։ Դուք դատվում և հանդիմանվում եք ձեր ըմբոստության պատճառով, բայց ձեր ըմբոստությունն էլ է ձեզ դարձնում հակադրող կերպարներ, և ձեր ապստամբության շնորհիվ է, որ ստանում եք այն մեծ շնորհքը, որն Աստված պարգևում է ձեզ։ Այլ կերպ ասած՝ ձեր ըմբոստությունն Աստծու ամենակարողության և իմաստության հակադրությունն է, և հենց ձեր ըմբոստության պատճառով էլ դուք ստացել եք այսքան մեծ փրկարար շնորհ և այսքան մեծ օրհնություններ։ Թեև Ես բազմիցս դատել եմ ձեզ, դուք ստացել եք ահռելի փրկություն, որին մարդը նախկինում երբեք չէր արժանացել։ Այս գործը չափազանց մեծ կարևորություն ունի ձեզ համար։ «Հակադրող կերպարներ» լինելը նույնպես չափազանց արժեքավոր է ձեզ համար․ դուք փրկված եք և հասել եք փրկարար շնորհին, քանի որ հակադրող կերպարներ եք, ուստի մի՞թե նման հակադրող կերպարները չափազանց մեծ արժեք չունեն։ Մի՞թե նրանք չափազանց մեծ կարևորություն չունեն։ Այդ պատճառով, որ ապրում եք նույն ոլորտում, նույն կեղտոտ երկրում, ինչ Աստված, հակադրող կերպարներ եք և ստանում եք մեծագույն փրկությունը։ Եթե Աստված չմարմնանար, ո՞վ ողորմած կլիներ ձեզ, և ո՞վ հոգ կտաներ ձեզ՝ ձեզ նման ցածր մարդկանց։ Ո՞վ կհոգար ձեր մասին։ Եթե Աստված չմարմնանար՝ ձեր մեջ գործելու համար, ե՞րբ կստանայիք այս փրկարար շնորհը, որը նախկինում ոչ ոք երբևէ չի ունեցել։ Եթե մսեղի չդառնայի՝ ձեր մասին հոգ տանելու համար, ձեր մեղքերը դատելու համար, մի՞թե վաղուց չէիք գահավիժել Հադես։ Եթե չմարմնանայի և չխոնարհեցնեի Ինձ ձեր մեջ, ինչպե՞ս կարող էիք որակավորված լինել Աստծու արդար բնույթին հակադրող կերպարներ լինելու։ Մի՞թե հակադրող կերպարներ չեք այն պատճառով, որ Ես մսեղի դարձա և եկա ձեր մեջ՝ ձեզ հնարավորություն տալու ստանալու այս հսկայական փրկարար շնորհը։ Մի՞թե չեք ստանում այս փրկարար շնորհը, որովհետև մսեղի եմ դարձել։ Եթե Աստված մսեղի չդառնար ձեզ հետ ապրելու համար, մի՞թե դուք դեռ կհայտնաբերեիք, որ ապրում եք մարդկային դժոխքում շներից ու խոզերից ավելի վատ։ Մի՞թե չեք հանդիմանվել և դատվել, որովհետև Իմ մսեղիում Իմ գործի համար հակադրող կերպարներ եք։ Հակադրող կերպարի գործը կատարելապես հարմար է ձեզ, քանի որ հենց հակադրող կերպարներ լինելու շնորհիվ եք դատաստանի միջոցով փրկվում։ Մի՞թե չեք զգում, որ չափանիշներին համապատասխանող հակադրող կերպար լինելը ձեր ողջ կյանքի օրհնությունն է։ Դուք պարզապես հակադրող կերպարի գործն եք կատարում, սակայն ստանում եք այնպիսի փրկարար շնորհ, ինչպիսին նախկինում երբեք չեք ունեցել և նույնիսկ չեք պատկերացրել։ Այսօր հակադրող կերպարներ լինելը ձեր պարտավորությունն է, իսկ ապագայում հավիտենական օրհնություններ վայելելը կլինի ձեր արժանի վարձը։ Ձեր ստացած փրկարար շնորհը որևէ վաղանցիկ ներըմբռնում կամ անցողիկ գիտելիք չէ, այլ ավելի մեծ օրհնություն՝ կյանքի հավերժական շարունակություն։ Թեև ձեզ նվաճելու համար օգտագործել եմ «հակադրող կերպարը», պետք է իմանաք, որ այս փրկարար շնորհն ու այս օրհնությունը տրվում են՝ ձեզ ձեռք բերելու համար․ դա արվում է հանուն նվաճման, բայց նաև որպեսզի կարողանամ ձեզ ավելի լավ փրկել։ «Հակադրող կերպարը» փաստ է, բայց հակադրող կերպարներ լինելու պատճառը ձեր ըմբոստությունն է, և հենց դրա շնորհիվ եք ստացել այնպիսի օրհնություններ, որոնք ոչ ոք երբևէ չի ստացել։ Այսօր ձեզ տրվում է տեսնելու և լսելու հնարավորություն, իսկ վաղը կստանաք, և դրանից էլ ավելին, դուք ավելի մեծ օրհնություններ կժառանգեք։ Մի՞թե նման հակադրող կերպարները չափազանց մեծ արժեք չունեն։ Այսօրվա նվաճման գործի արդյունքները ձեռք են բերվում ձեր ըմբոստ խառնվածքների՝ որպես հակադրող կերպար ծառայելու միջոցով։ Այսինքն՝ հանդիմանության և դատաստանի երկրորդ դրսևորման գագաթնակետն այն է, որ ձեր պղծությունն ու ըմբոստությունն օգտագործվեն որպես հակադրող կերպար՝ թույլ տալով ձեզ տեսնել Աստծու արդար բնույթը։ Երբ դարձյալ հնազանդվեք դատաստանի և հանդիմանության երկրորդ դրսևորման ընթացքում, ապա Աստծու ողջ արդար բնույթն բացահայտորեն կհայտնվի ձեզ։ Սա նշանակում է, որ երբ նվաճման գործի ձեր ընդունումն ավարտվում է, նաև դուք եք ավարտում հակադրող կերպարների պարտավորության կատարումը։ Իմ նպատակը ձեզ պիտակավորելը չէ։ Փոխարենը, Ես օգտագործում եմ ծառայություն մատուցողի ձեր դերը՝ նվաճման գործի առաջին դրսևորումն իրականացնելու համար՝ բացահայտելով Աստծու բնույթը, որն արդար է և չպետք է վիրավորվի։ Ձեր՝ որպես հակադրող կերպարների ծառայելու, այլ կերպ ասած՝ ձեր ըմբոստության՝ որպես հակադրող կերպար գործելու միջոցով են ձեռք բերվում նվաճման գործի երկրորդ դրսևորման արդյունքները՝ ձեզ լիովին հայտնի դարձնելով Աստծու արդար բնույթը, որն առաջին դրսևորման ընթացքում ամբողջությամբ չէր հայտնվել՝ ցույց տալով այն իր ամբողջության մեջ և այն ամենը, ինչ Նա է՝ Նրա գործի իմաստությունը, հրաշքն ու անարատ սրբությունը։ Նրա գործի նման արդյունքներն իրագործվում են տարբեր ժամանակաշրջաններում իրականացվող նվաճման և դատաստանի տարբեր աստիճանների միջոցով։ Որքան դատաստանը ավելի է մոտենում իր գագաթնակետին, այնքան ավելի է մերկացնում մարդու ապստամբ խառնվածքները, և այնքան ավելի լիարժեք է դառնում նվաճման արդյունքը։ Նվաճման այս գործի ընթացքում ամբողջությամբ բացահայտվում է Աստծու արդար բնույթը։ Նվաճման գործը բաժանված է երկու քայլի և ունի տարբեր փուլեր ու աստիճաններ, ուստի, իհարկե, ձեռք բերվող արդյունքներն էլ տարբեր են։ Այսինքն՝ մարդու հնազանդության աստիճանն էլ ավելի է խորանում։ Միայն դրանից հետո մարդը կարող է լիովին մտնել կատարելության տանող ճիշտ ուղին։ Այլ կերպ ասած՝ միայն նվաճման ամբողջ գործի ավարտից հետո (երբ դատաստանի երկրորդ դրսևորումը հասնում է իր վերջնական արդյունքին) մարդն այլևս չի դատվում, այլ նրանց թույլ է տրվում մտնել կյանքի փորձառությունների ճիշտ ուղի։ Քանզի դատաստանը նվաճման դրսևորումն է, իսկ նվաճումն արտահայտվում է դատաստանի և հանդիմանությանձևով։
Միայն ամենահետամնաց և կեղտոտ վայրերում մարմնանալով է, որ Աստված կարողանում է բացահայտել Իր սուրբ և արդար բնույթի ամբողջականությունը։ Եվ ինչի՞ միջոցով է Նա բացահայտում Իր արդար բնույթը։ Այն բացահայտվում է մարդու մեղքերը դատելու, Սատանային դատելու, մեղքից գարշելու և Իրեն դիմադրող ու Իր դեմ ապստամբող թշնամիներին ատելու միջոցով։ Այսօր Իմ ասած խոսքերը մարդու մեղքերն ու անարդարությունը դատելու և մարդու ըմբոստությունն ու մարդու խոտորությունը և նենգությունն անիծելու համար են։ Այն ամենը, ինչ Աստծու մտադրությունների համաձայն չէ մարդու խոսքերում ու գործերում, պետք է ենթարկվի դատաստանի, և մարդու ողջ ըմբոստությունը բնորոշվում է որպես մեղք։ Նրա խոսքերը հիմնված են դատաստանի սկզբունքների վրա․ Նա օգտագործում է մարդու անարդարության դատաստանը, ըմբոստության անեծքն ու բոլոր տգեղ կողմերի մերկացումը՝ Իր արդար բնույթն ակնհայտ դարձնելու համար։ Սրբությունը Նրա արդար բնույթի արտացոլումն է, և իրականում Աստծու սրբությունը Նրա արդար բնույթն է։ Այսօրվա խոսքերի համատեքստը ձեր ապականված խառնվածքներն են․ Ես խոսում ու դատում եմ, և, դրանց համապատասխան, իրականացնում եմ նվաճման գործը։ Հենց սա է գործնական աշխատանքը, և միայն այսկերպ Աստծու սրբությունը կարող է լիովին ընդգծվել։ Եթե մեջդ ապականված խառնվածքի ոչ մի նշույլ չկա, ապա Աստված ոչ կդատի քեզ, ոչ էլ ցույց կտա Իր արդար բնույթը։ Ապականված խառնվածքներ ունենալու պատճառով Աստված քեզ անպատիժ չի թողնի, և հենց դրա միջոցով է դրսևորվում Նրա սրբությունը։ Եթե Աստված տեսներ, որ մարդու կեղտոտությունն ու ըմբոստությունը չափազանց մեծ են, բայց չխոսեր, քեզ չդատեր և անարդարությանդ համար քեզ չպատժեր, ապա դա կապացուցեր, որ Նա Աստված չէ, քանզի մեղքի հանդեպ ատելություն չէր ունենա։ Նա նույնքան կեղտոտ կլիներ, որքան մարդը։ Այսօր Ես դատում եմ քեզ կեղտոտությանդ պատճառով, և հանդիմանում՝ ապականությանդ ու ըմբոստությանդ պատճառով։ Ես ձեզ ոչ զորությունս չեմ ցուցադրում, ոչ էլ միտումնավոր ճնշում․ այս ամենն անում եմ, որովհետև դուք՝ կեղտի այս երկրում ծնվածներդ այնքան խորապես եք ապականվել կեղտով։ Դուք պարզապես կորցրել եք ձեր ազնվությունն ու մարդկայնությունը՝ կեղտոտ վայրերում ապրող խոզերի պես։ Ձեր կեղտի և ապականության պատճառով է, որ դատվում եք, և Ես ցասումս եմ թափում ձեր վրա։ Հենց այս խոսքերի դատաստանի շնորհիվ եք կարողացել տեսնել, որ Նա արդար ու սուրբ Աստված է։ Հենց Նրա սրբության և արդարության պատճառով է Նա դատում ձեզ և Իր ցասումը թափում ձեր վրա։ Հենց մարդկության ըմբոստությունը տեսնելու պատճառով է Նրա արդար բնույթը բացահայտվում Նրա կողմից։ Մարդկության կեղտն ու ապականությունը բացահայտում են Նրա սրբությունը։ Սա բավական է ցույց տալու համար, որ Նա հենց Աստված է՝ սուրբ ու անարատ, և այնուամենայնիվ ապրում է կեղտի երկրում։ Եթե մարդը մյուսների հետ թավալվում է ցեխի մեջ, և նրա մեջ ոչ մի սուրբ բան չկա, ու նա արդար խառնվածք չունի, ապա նա որակավորված չէ դատելու մարդու անարդարությունը, ոչ էլ որակավորված է մարդու դատաստանն իրականացնելու համար։ Ինչպե՞ս կարող են մարդիկ, որոնք բոլորը կեղտոտ են, որակավորված լինել դատելու իրենց իսկ տեսակը։ Միայն սուրբ Աստվածն Ինքն է ի վիճակի դատելու ողջ կեղտոտ մարդկությանը։ Ինչպե՞ս կարող է մարդը դատել մարդու մեղքերը։ Ինչպե՞ս կարող է մարդը տեսնել մարդու մեղքերը և որակավորված լինել դատապարտելու նրան։ Եթե Աստված որակավորված չլիներ դատելու մարդու մեղքերը, ապա ինչպե՞ս կարող էր Նա լինել արդար Աստված։ Քանի որ մարդը բացահայտում է ապականված խառնվածքներ, ուստի Աստված խոսում է՝ նրան դատելու համար, և միայն այդ ժամանակ մարդը կարող է տեսնել, որ Նա սուրբ Աստված է։ Աստված դատում և հանդիմանում է մարդուն իր մեղքերի համար և մերկացնում է այդ մեղքերը։ Ոչ մի մարդ կամ ոչ մի բան չի կարող խուսափել այդ դատաստանից։ Նա դատում է այն ամենը, ինչ կեղտոտ է։ Միայն այս կերպ է Աստծու բնույթը բացահայտվում որպես արդար։ Եթե այլ կերպ լիներ, ինչպե՞ս կարելի էր ասել, որ հակադրող կերպարներ եք թե՛ անունով, թե՛ իրականում։
Մեծ տարբերություն կա Իսրայելում կատարված գործի և այսօրվա գործի միջև։ Եհովան առաջնորդում էր իսրայելացիների կյանքը, և այդքան շատ հանդիմանություն ու դատաստան չկար, որովհետև այն ժամանակ մարդիկ աշխարհի մասին չափազանց քիչ բան էին հասկանում և քիչ ապականված խառնվածքներ ունեին։ Այն ժամանակ իսրայելացիներն անվերապահորեն հնազանդվում էին Եհովային․ երբ նրանց ասում էր զոհասեղաններ կառուցել, անմիջապես կառուցում էին դրանք, իսկ երբ ասում էր նրանց հագնել քահանաների պատմուճանները, նրանք հնազանդվում էին։ Այն օրերին Եհովան նման էր հոտն արածեցնող հովվի, իսկ ոչխարները հետևում էին նրա առաջնորդությանը և արածում արոտավայրում․ Եհովան առաջնորդում էր նրանց կյանքը՝ ուղղորդելով, թե ինչպես ուտեն, հագնվեն, ապրեն և ճամփորդեն։ Դա Աստծու բնույթը հայտնի դարձնելու ժամանակը չէր, քանի որ այն ժամանակվա մարդկությունը նորածին էր․ քիչ էին ըմբոստներն ու դիմադրողները, մարդու մեջ շատ կեղտ չկար, և ուստի նա չէր կարող հանդես գալ որպես Աստծու բնույթին հակադրվող կերպար։ Կեղտի երկրից եկած մարդկանց միջոցով է, որ Աստծու սրբությունը հայտնի է դառնում․ այսօր Նա դատում է՝ օգտագործելով այդ մարդկանց միջոցով բացահայտված կեղտը, և այսկերպ այն ամենը, ինչ Նա է, Նրա կողմից բացահայտվում է այդ դատաստանի մեջ։ Ինչո՞ւ է Աստված դատում։ Նա դատաստանի խոսքեր է հնչեցնում, որովհետև նողկում է մեղքից․ ինչպե՞ս կարող էր Նա այդքան բարկանալ, եթե չգարշեր մարդկության ըմբոստությունից։ Եթե Նրա մեջ չլիներ գարշանքն ու զզվանք, եթե անտարբեր լիներ մարդկանց ըմբոստության նկատմամբ, ապա դա կապացուցեր, որ Նա մարդու պես կեղտոտ է։ Նա կարողանում է դատել և հանդիմանել մարդուն, որովհետև նողկում է կեղտից, և Նրա մեջ չկա այն, ինչից նողկում է։ Եթե Աստծու մեջ էլ դիմադրություն և ըմբոստություն լիներ, Նա չէր գարշի դիմադրողներից և ըմբոստներից։ Եթե վերջին օրերի գործը դեռևս իրականացվեր Իսրայելում, ապա դա որևէ իմաստ չէր ունենա։ Ինչո՞ւ է վերջին օրերի գործը կատարվում Չինաստանում՝ բոլորից ամենամութ և ամենահետամնաց վայրում։ Դա Նրա սրբությունն ու արդարությունը բացահայտելու համար է։ Կարճ ասած՝ որքան ավելի մութ է վայրը, այնքան ավելի շատ կարող է բացահայտվել Աստծու սրբությունը։ Իրականում, այս ամենը Աստծու գործի համար է։ Միայն այսօր եք գիտակցում, որ երկնքի Աստված իջել է՝ ձեր մեջ կանգնելու համար՝ ձեր կեղտոտության և ըմբոստության միջոցով ընդգծված, և հենց ձեր կեղտի ու ըմբոստության միջոցով է Նա հայտնի դառնում, ու միայն հիմա եք ճանաչում Աստծուն։ Մի՞թե սա մեծագույն բարձրացումը չէ։ Իրականում, դուք Չինաստանում ընտրված մարդկանց մի խումբ եք։ Եվ քանի որ ընտրել և վայելել եք Աստծու շնորհը, և քանի որ դուք արժանի չեք այդքան շնորհ վայելելու, դա ապացուցում է, որ այս ամենը ձեր գերագույն բարձրացումն է։ Աստված հայտնվել է ձեզ, ամբողջությամբ բացահայտել է Իր սուրբ բնույթը և այդ ամենը շնորհել է ձեզ ու արժանացրել բոլոր այն օրհնություններին, որոնց կարող էիք արժանանալ։ Ոչ միայն ճաշակել եք Աստծու արդար բնույթը, այլև շատ ավելին՝ Նրա փրկությունը, փրկագնումն ու Նրա անսահման, անհուն սերը, որ Աստված ունի մարդու համար։ Դուք՝ բոլորից ամենակեղտոտներդ, վայելել եք այդքան մեծ շնորհ․ մի՞թե օրհնված չեք։ Մի՞թե սա Աստված չէ, որ բարձրացնում է ձեզ։ Դուք բոլորից ամենացածր կարգավիճակ ունեցող մարդիկ եք․ դուք ի ծնե անարժան եք այսպիսի մեծ օրհնություն վայելելու, սակայն Աստված բացառություն է արել՝ բարձրացնելով քեզ։ Մի՞թե չես ամաչում։ Եթե ի վիճակի չես կատարելու պարտականությունդ, ապա ի վերջո կամաչես ինքդ քեզնից և կհանդիմանես քեզ։ Այսօր ո՛չ կարգավարժվում ես, ո՛չ էլ պատժվում․ քո մսեղին ապահով և անվնաս է, բայց ի վերջո, այս խոսքերը քեզ ամոթով կթողնեն։ Մինչ օրս Ես դեռ ոչ մեկին հրապարակավ չեմ հանդիմանել․ խոսքերս կարող են խիստ լինել, բայց ինչպե՞ս եմ Ես վարվում մարդու հետ։ Ես մխիթարում եմ նրան, հորդորում եմ նրան և հիշեցնում եմ նրան։ Ես այս ամենն անում եմ միայն ձեզ փրկելու համար։ Մի՞թե իսկապես չեք հասկանում Իմ մտադրությունները։ Բոլորդ պետք է հասկանաք Իմ ասածը և ոգեշնչվեք դրանով։ Միայն հիմա են շատ մարդիկ հասկանում․ մի՞թե այս օրհնությունը հենց հակադրող կերպար լինելուց չի գալիս։ Մի՞թե հակադրող կերպար լինելն ամենաօրհնյալ բանը չէ։ Ի վերջո, երբ գնաք ավետարանը քարոզելու, կասեք. «Մենք տիպիկ հակադրող կերպարներ ենք»։ Նրանք կհարցնեն քեզ․ «Ի՞նչ է նշանակում տիպիկ հակադրող կերպարներ»։ Եվ դու կասես․ «Նշանակում է ծառայել որպես Աստծու գործին և Նրա մեծ զորությանը հակադրող կերպարներ։ Աստծու արդար բնույթն ամբողջությամբ ընդգծվում է մեր ըմբոստության միջոցով․ մենք Աստծու վերջին օրերի գործի մատուցվող առարկաներն ենք, Նրա գործի հավելվածներն ենք, ինչպես նաև դրա գործիքները»։ Երբ նրանք լսեն դա, կհետաքրքրվեն։ Այնուհետև կասես․ «Մենք նույնպես նմուշներ ու տիպարներ ենք Աստծու՝ ողջ տիեզերքի գործն ավարտին հասցնելու և ամբողջ մարդկությանը նվաճելու համար։ Սուրբ ենք, թե կեղտոտ, միևնույն է, մենք դեռ ավելի օրհնված ենք, քան դուք, քանի որ մենք տեսել ենք Աստծուն, և մեզ նվաճելու Նրա հնարավորության միջոցով Աստծու մեծ զորությունն ընդգծվում է․ միայն մեր կեղտոտ և ապականված լինելու պատճառով է Նրա արդար բնույթն ընդգծվել։ Մի՞թե ի վիճակի եք այսպես վկայելու Աստծու վերջին օրերի գործի մասին։ Դուք որակավորված չեք։ Սա սոսկ Աստծու՝ մեզ բարձրացնելն է։ Թեև մենք գուցե հպարտ չենք, բայց կարող ենք հպարտորեն փառաբանել Աստծուն, քանզի ոչ ոք չի կարող ժառանգել նման մեծ խոստում, և ոչ ոք չի կարող վայելել այդքան մեծ օրհնություն։ Մենք իսկապես երախտապարտ ենք, որ մենք՝ այսքան կեղտոտ լինելով, կարողանում ենք ծառայել որպես հակադրող կերպարներ Աստծու տնօրինման ընթացքում»։ Եվ երբ նրանք հարցնեն՝ «Ի՞նչ են նմուշներն ու տիպարները», կասես․ «Մենք մարդկության ամենաըմբոստն ու ամենակեղտոտն ենք․ Մեզ առավել խորապես ապականել է Սատանան, և մսեղիի ամենահետամնացն ու ստորադասն ենք։ Մենք այն դասական օրինակներն ենք, որոնց Սատանան օգտագործել է։ Այսօր Աստված մեզ ընտրել է մարդկության միջից առաջինը նվաճելու համար, և մենք տեսել ենք Աստծու արդար բնույթն ու ժառանգել Նրա խոստումը․ Նա ավելի շատ մարդկանց է նվաճում մեր միջոցով ուստի մարդկության մեջ նվաճվածների նմուշներն ու տիպարներն ենք»։ Չկա ավելի լավ վկայություն, քան այս խոսքերը, և սա քո լավագույն փորձառությունն է։