Ինչո՞ւ չես կամենում լինել հակադրող կերպար

Նրանք, ովքեր նվաճվում են, հակադրող կերպարներ են, և միայն կատարելագործվելուց հետո են մարդիկ դառնում վերջին օրերի գործի նմուշներ և տիպարներ։ Նախքան ավարտուն դարձվելը նրանք հակադրող կերպարներ են, գործիքներ, ինչպես նաև մատուցվող առարկաներ։ Նրանք, ովքեր լիովին նվաճվել են Աստծու կողմից, Նրա տնօրինման գործի բյուրեղացումն են, ինչպես նաև նմուշներ և տիպարներ։ Այս բառերը, որոնք Ես օգտագործել եմ նման մարդկանց նկարագրելու համար, թերևս աննշան են, սակայն դրանք բացահայտում են բազմաթիվ հետաքրքիր պատմություններ։ Դուք՝ թերահավատներդ, միշտ կվիճեք մի աննշան կոչման շուրջ մինչև դեմքներդ կարմրեն, և երբեմն դրա արդյունքում նույնիսկ գժտություններ են առաջանում։ Թեև դա ընդամենը մի փոքրիկ կոչում է, մտքներումդ հավատում եք, որ դա ոչ թե աննշան կոչման հարց է, այլ ձեր ճակատագրին վերաբերող կարևոր մի բան։ Ուստի նրանք, ովքեր ողջամիտ չեն, հաճախ մեծ կորուստ կկրեն այս չափազանց անկարևոր մանրուքի պատճառով․ սա նշանակում է մի փոքր խնայել շատ ավելին կորցնելու գնով։ Ընդամենն ինչ-որ աննշան կոչման պատճառով դուք կփախչեք և այլևս երբեք չեք վերադառնա։ Սա այն պատճառով է, որ կյանքը շատ անկարևոր եք համարում և չափազանց մեծ արժեք եք տալիս այն անուններին, որոնցով ձեզ կոչում են։ Ուստի հոգևոր և նույնիսկ առօրյա կյանքում հաճախ կստեղծեք բազմաթիվ խճճված ու տարօրինակ պատմություններ՝ կարգավիճակի վերաբերյալ ձեր պատկերացումների պատճառով։ Գուցե չընդունեք սա, բայց Ես կասեմ ձեզ, որ իրական կյանքում նման մարդիկ իսկապես գոյություն ունեն, պարզապես ձեզնից յուրաքանչյուրը դեռ անհատապես չի բացահայտվել։ Այսպիսի բաներ պատահել են ձեզնից յուրաքանչյուրի կյանքում։ Եթե չես հավատում, պարզապես նայի՛ր մի քրոջ (կամ եղբոր) կյանքի՝ ստորև բերված այս փոքրիկ դրվագին։ Հնարավոր է, որ այդ մարդն իրականում հենց դու ես, կամ գուցե մեկը, ում ճանաչում ես կյանքում։ Եթե չեմ սխալվում, այս փոքրիկ դրվագը նկարագրում է մի փորձառություն, որ դու ունեցել ես։ Նկարագրության մեջ ոչինչ չի պակասում, ոչ մի միտք կամ գաղափար բաց թողնված չէ, այլ ամենը լրիվությամբ գրի է առնված այս պատմության մեջ։ Եթե չես հավատում, պարզապես նախ կարդա՛ այն։

Սա մի «հոգևոր մարդու» փոքրիկ փորձառություն է։

Նա անհանգստացավ, երբ տեսավ, որ եկեղեցու եղբայրների ու քույրերի արածներից շատերն Աստծու մտադրությունների համաձայն չէին, ուստի սկսեց հանդիմանել նրանց՝ ասելով․ «Դուք՝ անխի՛ղճ թշվառականներ։ Ինչո՞ւ եք իրականում անխղճորեն վարվում։ Ինչո՞ւ չեք փնտրում ճշմարտությունը՝ ձեր ուզածն անելու փոխարեն։ … Եվ թեև ձեզ եմ ասում այս բաները, բայց միևնույն ժամանակ ինքս ինձ եմ ատում։ Տեսնում եմ, որ Աստված այրվում է անհամբերությունից, և կրակ եմ զգում ներսումս։ Իսկապես պատրաստ եմ ամբողջությամբ կատարել այն գործը, որն Աստված հանձնարարել է ինձ, և իսկապես ուզում եմ լավ ծառայել ձեզ։ Պարզապես հիմա այնքա՜ն թույլ եմ։ Աստված այնքա՜ն ժամանակ է ծախսել մեզ վրա և այնքա՜ն շատ խոսքեր է ասել, բայց մենք դեռ նույնն ենք։ Սրտումս միշտ զգում եմ, որ այնքա՜ն շատ բանով եմ պարտական Աստծուն…»։ (Նա սկսեց լաց լինել՝ ի վիճակի չլինելով շարունակելու խոսելը)։ Ապա սկսեց աղոթել՝ «Աստվա՛ծ։ Աղաչում եմ Քեզ, տո՛ւր ինձ զորություն և հուզի՛ր ինձ ավելի, քան երբևէ նախկինում, և թող Քո Հոգին գործի իմ մեջ։ Ես պատրաստ եմ համագործակցել Քեզ հետ։ Միայն թե վերջում Դու փառք ստանաս, ես հենց հիմա պատրաստ եմ ամբողջովին նվիրել ինձ Քեզ։ Նույնիսկ պատրաստ եմ զոհել կյանքս, միայն թե կարողանանք մեծ գովաբանություններ մատուցել, և միայն թե մեր եղբայրներն ու քույրերը կարողանան ուրախությամբ երգել ու պարել՝ գովաբանելով Քո սուրբ անունը, փառավորելով Քեզ, դրսևորելով Քեզ, համոզված լինելով, որ Քո գործը ճշմարիտ է, և պատրաստ լինելով սրտացավ լինել քո կրած հոգսերի նկատմամբ…»։ Նա ջերմեռանդորեն աղոթեց այսպես, և Սուրբ Հոգին իսկապես հոգս տվեց նրան։ Այս ընթացքում նա չափազանց ծանրաբեռնված էր հոգսով և ամբողջ օրն անցկացնում էր կարդալով, գրելով ու լսելով։ Նա հնարավորինս զբաղված էր։ Նրա հոգևոր վիճակը գերազանց էր, և իր սրտում նա միշտ եռանդուն էր ու հոգսով լի։ Ժամանակ առ ժամանակ նա թույլ էր դառնում և բախվում խոչընդոտների, բայց շատ չանցած՝ վերագտնում էր բնականոն վիճակը։ Այսպիսի մի ժամանակահատվածից հետո նրա առաջընթացն արագ էր, նա կարողացավ որոշակի հասկացողություն ձեռք բերել Աստծու բազմաթիվ խոսքերի վերաբերյալ և նաև արագորեն սովորեց օրհներգեր․ ընդհանուր առմամբ, նրա հոգևոր վիճակը գերազանց էր։ Երբ տեսավ, որ եկեղեցում շատ բաներ Աստծու մտադրությունների համաձայն չէին, մտահոգվեց ու վրդովվեց և հանդիմանեց իր եղբայրներին ու քույրերին՝ ասելով․ «Մի՞թե սա է ձեր պարտավորությունը նվիրումով կատարելը։ Ինչո՞ւ ի վիճակի չեք նույնիսկ նման փոքր գին վճարելու։ Եթե չեք ցանկանում դա անել, ես կանեմ…»։

Երբ հոգս ուներ, զգում էր, որ որքան ավելի շատ էր Սուրբ Հոգին գործում, այնքան ավելի էր զորանում իր հավատը։ Երբեմն հանդիպում էր որոշ դժվարությունների և համակվում բացասականությամբ, բայց կարողանում էր հաղթահարել դրանք։ Այսինքն՝ երբ փորձառաբար ապրում էր Սուրբ Հոգու գործը, նույնիսկ երբ իր վիճակը հիանալի էր, միևնույն է, չէր կարող խուսափել որոշակի դժվարությունների հանդիպելուց կամ որոշ չափով թուլանալուց։ Նման բաներ անխուսափելիորեն պատահում են, բայց շատ չանցած՝ կարողանում էր դուրս գալ այդ վիճակներից։ Երբ թուլություն էր զգում, աղոթում էր և զգում, որ իր սեփական հասակն իսկապես փոքր է, սակայն պատրաստ էր համագործակցել Աստծու հետ։ Ինչ էլ որ Աստված աներ, պատրաստ էր բավարարել Նրա մտադրությունները և հնազանդվել Նրա բոլոր կարգավորումներին։ Կային մարդիկ, որոնք որոշակի կարծիքներ և կանխակալ վերաբերմունք ունեին նրա հանդեպ, բայց նա կարողացավ իր անձը մի կողմ դնել և նախաձեռնողաբար հաղորդակցվել նրանց հետ։ Ահա թե ինչպիսին են մարդկանց վիճակները, երբ Սուրբ Հոգին իրականացնում է Իր բնականոն գործը։ Որոշ ժամանակ անց Աստծու գործը սկսեց փոխվել, և մարդիկ բոլորը թևակոխեցին Աստծու գործի մեկ այլ փուլ, որտեղ Աստված նրանց նկատմամբ այլ պահանջներ ուներ։ Ուստի նոր խոսքեր ասվեցին, որոնք նոր պահանջներ էին դնում մարդկանց առաջ․ «… Ես միայն ատելություն ունեմ ձեր հանդեպ, օրհնություններ՝ երբեք։ Երբեք միտք չեմ ունեցել օրհնելու ձեզ, ոչ էլ միտք եմ ունեցել ավարտուն դարձնելու ձեզ, քանզի չափազանց ապստամբ եք։ Քանի որ խոտոր ու նենգ եք և քանի որ ցածր եք որակով ու ցածր կարգավիճակ ունեք, երբեք չեք եղել Իմ տեսադաշտում կամ Իմ սրտում։ Իմ գործն արվում է ձեզ դատապարտելու միակ մտադրությամբ․ Իմ ձեռքը երբեք հեռու չի եղել ձեզնից, ոչ էլ Իմ պատիժը։ Շարունակել եմ դատել և անիծել ձեզ։ Քանի որ Իմ մասին ոչ մի հասկացողություն չունեք, Իմ ցասումը միշտ ձեզ վրա է եղել։ Թեև միշտ գործել եմ ձեր մեջ, պետք է իմանաք Իմ վերաբերմունքը ձեր հանդեպ։ Այն ոչ այլ ինչ է, քան նողկանք․ այլ վերաբերմունք կամ կարծիք չկա։ Միայն ուզում եմ, որ ծառայեք որպես հակադրող կերպարներ Իմ իմաստության և Իմ մեծ զորության համար։ Դուք ոչ այլ ինչ եք, քան Իմ հակադրող կերպարները, որովհետև Իմ արդարությունը բացահայտվում է ձեր ապստամբության միջոցով։ Ես ստիպում եմ ձեզ ծառայել որպես հակադրող կերպարներ Իմ գործի համար, որպեսզի լինեք Իմ գործի կցորդները…»։ Հենց որ նա տեսավ «կցորդներ» և «հակադրող կերպարներ» բառերը, սկսեց մտածել. «Ինչպե՞ս պետք է շարունակեմ հետևել այս խոսքերից հետո։ Այսպիսի գին վճարելուց հետո էլ ես դեռ հակադրող կերպար եմ։ Մի՞թե հակադրող կերպարը պարզապես ծառայություն մատուցող չէ։ Նախկինում ասվում էր, որ մենք ծառայություն մատուցողներ չենք լինելու, որ լինելու ենք Աստծու մարդիկ, սակայն մի՞թե այսօր դեռ այստեղ չենք՝ ծառայություն մատուցողների դերում։ Մի՞թե ծառայություն մատուցողները կյանք չունեն։ Որքան էլ տառապանք կրեմ, Աստված հավանություն չի տա ինձ դրա համար։ Հակադրող կերպար լինելուս ավարտից հետո մի՞թե ամեն ինչ չի վերջանա…»։ Որքան շատ էր մտածում նա այդ մասին, այնքան ավելի էր կորցնում ներքին մղումը։ Նա է՛լ ավելի վատ զգաց, երբ եկավ եկեղեցի և տեսավ եղբայրների ու քույրերի վիճակը. «Դուք լավ չե՛ք։ Ես լավ չե՛մ։ Համակվել եմ բացասականությամբ։ Ու՜ֆ, ի՞նչ կարելի է անել։ Աստված դեռ չի ցանկանում ընդունել մեզ։ Այսպիսի գործ անելով՝ հնարավոր չէ, որ Նա մեզ բացասական չդարձնի։ Չգիտեմ, թե ինչ է պատահել ինձ։ Նույնիսկ չեմ ուզում աղոթել։ Համենայն դեպս, հիմա լավ չեմ և իսկապես չեմ կարողանում հավաքել ներքին եռանդս։ Բազմիցս աղոթել եմ, բայց դեռ չեմ կարողանում և չեմ ցանկանում շարունակել։ Ես այսպես եմ հասկանում. Աստված ասում է, որ մենք հակադրող կերպարներ ենք, ուստի մի՞թե հակադրող կերպարները պարզապես ծառայություն մատուցողներ չեն։ Աստված ասում է, որ մենք հակադրող կերպարներ ենք, ոչ թե Նրա որդիները կամ Նրա ժողովուրդը, առավել ևս՝ ոչ Նրա անդրանիկ որդիները։ Ոչինչ ենք, պարզապես հակադրող կերպարներ։ Եթե դա ենք, մի՞թե հնարավոր է, որ բարենպաստ ելք ունենանք։ Հակադրող կերպարները հույս չունեն, որովհետև կյանք չունեն։ Եթե լինեինք Նրա որդիները, Նրա ժողովուրդը, ապա այդ դեպքում հույս կլիներ. կարող էինք ավարտուն դարձվել։ Կարո՞ղ են հակադրող կերպարները կրել Աստծու կյանքը։ Կարո՞ղ է Աստված կյանք դնել նրանց մեջ, ովքեր Իրեն ծառայություն են մատուցում։ Նա սիրում է նրանց, ովքեր ունեն Իր կյանքը, և միայն Իր կյանքն ունեցողներն են Նրա որդիները, Նրա ժողովուրդը։ Թեև ես բացասական եմ և թույլ, հուսով եմ, որ բոլորդ բացասական չեք։ Գիտեմ, որ այսպես նահանջելն ու բացասական լինելը չեն կարող բավարարել Աստծու մտադրությունները, բայց չեմ կամենում լինել հակադրող կերպար։ Վախենում եմ հակադրող կերպար լինելուց։ Համենայն դեպս, այսքան է ուժս ներում, և հիմա չեմ կարող շարունակել։ Հուսով եմ, որ ձեզնից ոչ ոք չի վարվի այնպես, ինչպես ես վարվեցի, այլ կկարողանա ինձնից ինչ-որ չափով ոգեշնչվել։ Այնպիսի զգացում ունեմ, որ ավելի լավ կլիներ՝ պարզապես գնայի մեռնեի։ Ձեզ մի քանի վերջին խոսք կթողնեմ նախքան մահս դիմավորելը․ թեև հակադրող կերպարներ եք, հուսով եմ, որ կկարողանաք շարունակել այդպիսին լինել մինչև վերջ. գուցե վերջում Աստված հավանություն տա հակադրող կերպարներին…»։ Երբ եղբայրներն ու քույրերը տեսան սա, զարմացան. «Ինչպե՞ս կարող է այդքան բացասական լինել։ Չէ՞ որ վերջին մի քանի օրերին միանգամայն լավ էր։ Ինչո՞ւ հանկարծ կորցրեց ողջ եռանդը։ Ինչո՞ւ բնականոն չէ»։ Նա ասաց. «Մի՛ ասեք, որ բնականոն չեմ։ Իրականում, սրտումս ամեն ինչ պարզ է ինձ համար։ Գիտեմ, որ չեմ բավարարել Աստծու մտադրությունները, բայց մի՞թե դա միայն այն պատճառով չէ, որ չեմ կամենում գործել որպես Նրա հակադրող կերպար։ Ոչ մի վատ բան չեմ արել։ Գուցե մի օր Աստված «հակադրող կերպարներ» կոչումը փոխի «արարածներ» կոչմամբ և ոչ միայն այդ, այլև այնպիսի արարածներ կոչմամբ, որոնց ծառայեցնում է Իրեն կարևոր կերպով։ Մի՞թե դրանում որևէ հույս չկա։ Հուսով եմ, որ չեք համակվի բացասականությամբ կամ չեք հուսալքվի և կկարողանաք շարունակել հետևել Աստծուն ու կատարել ձեր գործառույթը որպես հակադրող կերպարներ։ Համենայն դեպս, այլևս չեմ կարող շարունակել։ Մի՛ կաշկանդվեք իմ պատճառով»։ Մյուսները, լսելով դա, ասացին. «Նույնիսկ եթե դադարես հետևել Նրան, մենք կշարունակենք, քանզի Աստված երբեք անարդարացի չի վարվել մեզ հետ։ Քո բացասականության պատճառով մենք չենք կաշկանդվի»։

Որոշ ժամանակ այս փորձառության միջով անցնելուց հետո նա դեռ բացասական վիճակում էր հակադրող կերպար լինելու պատճառով, ուստի Ես ասացի նրան. «Դու ոչ մի հասկացողություն չունես Իմ գործի մասին։ Ոչ մի հասկացողություն չունես Իմ խոսքերի հետևում թաքնված իրական պատմության կամ Իմ խոսքերի էության և ակնկալվող արդյունքների մասին։ Չգիտես Իմ գործի նպատակները, ոչ էլ դրա իմաստությունը։ Չես ըմբռնում Իմ մտադրությունները։ Միայն նահանջել գիտես, որովհետև հակադրող կերպար ես․ չափազանց շատ ես զբաղված կարգավիճակով։ Ինչպիսի՜ վախկոտ սրիկա ես։ Անցյալում այնքան շատ բան եմ ասել քեզ։ Ասել եմ, որ կկատարելագործեմ քեզ. մի՞թե մոռացել ես։ Մի՞թե չխոսեցի կատարելագործվելու մասին նախքան հակադրող կերպարների մասին երբևէ խոսելը»։ «Սպասի՛ր, թող մտածեմ։ Այո՛, ճիշտ է։ Դու իսկապես այդ ամեն ասել էիր նախքան հակադրող կերպարների մասին երբևէ խոսելը»։ «Երբ խոսեցի կատարելագործվելու մասին, մի՞թե չասացի, որ մարդիկ միայն նվաճվելուց հետո կկատարելագործվեն»։ «Այո՛»։ «Մի՞թե Իմ խոսքերն անկեղծ չէին։ Մի՞թե վստահելի չէին»։ «Այո՛, այդպես է։ Դու Աստված ես, որ երբեք ոչ մի անազնիվ բան չի ասում․ ոչ ոք չի կարող հանդգնել հերքել սա։ Բայց Դու խոսում ես այնքա՜ն տարբեր ձևերով»։ «Մի՞թե Իմ խոսելու ձևերը չեն փոխվում՝ գործի տարբեր քայլերին համապատասխան։ Մի՞թե այն, ինչ Ես ասում եմ, չի արվում և չի ասվում՝ հիմնվելով քո կարիքների վրա»։ «Դու գործում ես մարդկանց կարիքների համաձայն և ապահովում ես այն, ինչի կարիքը նրանք ունեն։ Սա սուտ չէ»։ «Այդ դեպքում մի՞թե այն ամենը, ինչ ասել եմ քեզ, օգտակար չի եղել։ Մի՞թե Իմ պատիժները չեն իրականացվել քո օգտի համար»։ «Ինչպե՞ս կարող ես դեռ ասել, որ դա իմ իսկ օգտի համար է։ Դու ինձ գրեթե մահվան աստիճանի պատժել ես․ ես այլևս չեմ ուզում ապրել։ Այսօր մի բան ես ասում, վաղը՝ մեկ այլ բան։ Գիտեմ, որ Քո կողմից ինձ կատարելագործելը իմ իսկ օգտի համար է, բայց Դու չես կատարելագործել ինձ․ ինձ հակադրող կերպար ես դարձնում և դեռ պատժում ես։ Դու ատում ես ինձ, այնպես չէ՞։ Ոչ ոք չի համարձակվում հավատալ Քո խոսքերին, և ես միայն հիմա եմ հստակորեն տեսնում, որ Քո պատիժը միայն Քո սրտի ատելությունը պարպելու համար է, ոչ թե ինձ փրկելու։ Դու նախկինում թաքցրել էիր ճշմարտությունն ինձնից. ասում էիր, որ կկատարելագործես ինձ, և որ պատիժն ինձ կատարելագործելու համար է։ Այդ պատճառով միշտ հնազանդվել եմ Քո պատժին. երբեք չեմ պատկերացրել, որ այսօր կկրեմ հակադրող կերպարի կոչումը։ Աստվա՛ծ, մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե Դու ինձ որևէ այլ դեր հանձնեիր։ Մի՞թե պետք է ստիպես ինձ կատարել հակադրող կերպարի դերը։ Ես նույնիսկ կհամաձայնեի արքայության մեջ դռնապան լինել։ Անդադար վազվզել եմ և սպառել ինձ, բայց վերջում մնացել եմ ձեռնունայն․ ես միանգամայն ունեզուրկ եմ։ Իսկ հիմա Դու ինձ ասում ես, որ ցանկանում ես, որ գործեմ որպես քո հակադրող կերպար։ Ինչպե՞ս կարող եմ երեսս ցույց տալ»։ «Ի՞նչ ես խոսում։ Անցյալում դատաստանի այնքա՜ն մեծ գործ եմ կատարել, իսկ դու դա չե՞ս հասկանում։ Մի՞թե ունես ինքդ քո մասին ճշմարիտ հասկացողություն։ Մի՞թե «հակադրող կերպար» կոչումն էլ խոսքերով իրականացվող դատաստան չէ։ Մի՞թե կարծում ես, որ հակադրող կերպարների մասին Իմ ողջ խոսակցությունն էլ մեթոդ է՝ քեզ դատելու եղանակ։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հետևես Ինձ»։ «Դեռ չեմ որոշել, թե ինչպես պիտի հետևեմ Քեզ։ Նախ պետք է իմանամ՝ հակադրող կերպար եմ, թե ոչ։ Կարո՞ղ են արդյոք հակադրող կերպարները նույնպես կատարելագործվել։ Կարո՞ղ է արդյոք «հակադրող կերպար» կոչումը փոխվել։ Կարո՞ղ եմ արդյոք, հակադրող կերպար լինելով, անհերքելի վկայություն տալ և ապա դառնալ մեկը, ով կատարելագործված է, ով Աստծուն սիրելու վառ օրինակ է, և ով Աստծու մտերիմն է։ Կարո՞ղ եմ արդյոք ավարտուն դարձվել։ Ասա՛ ինձ ճշմարտությունը»։ «Մի՞թե տեղյակ չես, որ ամեն բան միշտ զարգանում է, միշտ փոխվում։ Քանի դեռ այժմ պատրաստ ես հնազանդ լինել հակադրող կերպարի քո դերում, կկարողանաս փոխվել։ Հակադրող կերպար լինել-չլինելը ոչ մի կապ չունի ճակատագրիդ հետ։ Էականն այն է, թե արդյոք կարող ես լինել մեկը, ում կյանքի բնույթը փոխվում է»։ «Կարո՞ղ ես ասել ինձ՝ արդյոք Դու կարող ես կատարելագործել ինձ, թե ոչ»։ «Քանի դեռ հետևում և հնազանդվում ես մինչև վերջ, Ես երաշխավորում եմ, որ կարող եմ քեզ կատարյալ դարձնել»։ «Եվ ի՞նչ տառապանք պետք է փորձառաբար ապրեմ»։ «Փորձառաբար կապրես նեղություն, ինչպես նաև խոսքերի դատաստան ու պատիժ, հատկապես խոսքերի պատիժ, որը նույնն է, ինչ հակադրող կերպար լինելու պատիժը»։ «Նույն պատիժը, ինչ հակադրող կերպարի՞նը։ Դե, եթե կարող եմ կատարելագործվել Քո կողմից՝ նեղության միջով անցնելով, եթե հույս կա, ուրեմն ամեն ինչ լավ է։ Նույնիսկ եթե դա ընդամենը հույսի մի նշույլ է, դա ավելի լավ է, քան հակադրող կերպար լինելը։ Այդ կոչումը՝ «հակադրող կերպար», այնքան սարսափելի է հնչում։ Չեմ կամենում հակադրող կերպար լինել»։ «Ի՞նչն է այդքան սոսկալի հակադրող կերպար լինելու մեջ։ Մի՞թե հակադրող կերպարներն ինքնին միանգամայն լավը չեն։ Մի՞թե հակադրող կերպարներն արժանի չեն օրհնություններ վայելելու։ Եթե Ես ասում եմ, որ հակադրող կերպարները կարող են օրհնություններ վայելել, ապա դու կկարողանաս օրհնություններ վայելել։ Մի՞թե ճիշտ չէ, որ մարդկանց կոչումները փոխվում են Իմ գործի շնորհիվ։ Եվ, սակայն, ընդամենը մի կոչում այսքան անհանգստացնո՞ւմ է քեզ։ Արժե, որ այսպիսի հակադրող կերպար լինես։ Պատրա՞ստ ես հետևել, թե՞ ոչ»։ «Դե, կարո՞ղ ես ավարտուն դարձնել ինձ, թե՞ ոչ։ Կարո՞ղ ես թույլ տալ ինձ վայելել Քո օրհնությունները»։ «Պատրա՞ստ ես հետևել մինչև վերջ, թե՞ ոչ։ Պատրա՞ստ ես ընծայել քեզ»։ «Թույլ տուր մտածել այդ մասին։ Հակադրող կերպարը նույնպես կարող է վայելել Քո օրհնությունները և կարող է ավարտուն դարձվել։ Ավարտուն դարձվելուց հետո կլինեմ Քո մտերիմը և ամբողջությամբ կհասկանամ Քո մտադրությունները, և կունենամ այն, ինչ Դու ունես։ Կկարողանամ վայելել այն, ինչ Դու ես վայելում, և կիմանամ այն, ինչ Դու գիտես։ … Նեղության միջով անցնելուց և կատարելագործվելուց հետո կկարողանամ օրհնություններ վայելել։ Իսկ իրականում ի՞նչ օրհնություններ եմ վայելելու»։ «Մի՛ անհանգստացիր, թե ինչ օրհնություններ ես վայելելու։ Նույնիսկ եթե Ես ասեի քեզ, այս բաները քո երևակայությունից վեր են։ Լավ հակադրող կերպար լինելուց հետո կնվաճվես և կլինես հաջողակ հակադրող կերպար։ Սա նվաճված մարդու նմուշ և տիպար է, բայց, բնականաբար, նմուշ և տիպար կարող ես դառնալ միայն նվաճվելուց հետո»։ «Ի՞նչ է նշանակում նմուշ և տիպար»։ «Դա նմուշ և տիպար է բոլոր հեթանոսների համար, այսինքն՝ նրանց, ովքեր չեն նվաճվել»։ «Քանի՞ մարդու է դա ներառում»։ «Շատ մեծ թվով մարդկանց։ Խոսքը միայն ձեր չորս կամ հինգ հազար հոգու մասին չէ․ բոլոր նրանք, ովքեր ընդունում են այս անունն ամբողջ աշխարհում, պետք է նվաճվեն»։ «Այսինքն՝ խոսքը միայն հինգ կամ տասը քաղաքի մասին չէ»։ «Այդ մասին հիմա մի՛ անհանգստացիր և չափից դուրս մի՛ մտահոգվիր։ Պարզապես կենտրոնացի՛ր այն բանի վրա, թե ինչպես պետք է մուտք գործես հենց հիմա։ Ես երաշխավորում եմ, որ կարող ես ավարտուն դարձվել»։ «Ի՞նչ աստիճանի։ Եվ ի՞նչ օրհնություններ կարող եմ վայելել»։ «Ինչո՞ւ ես այդքան անհանգստանում։ Ես երաշխավորում եմ, որ կարող ես ավարտուն դարձվել։ Մի՞թե մոռացել ես, որ Ես վստահելի եմ»։ «Ճիշտ է, Դու վստահելի ես, բայց Քո խոսելու որոշ ձևեր միշտ փոխվում են։ Այսօր Դու ասում ես՝ երաշխավորում ես, որ կարող եմ ավարտուն դարձվել, բայց վաղը կարող ես ասել, որ դա հաստատ չէ։ Իսկ որոշ մարդկանց էլ ասում ես․ «Ես երաշխավորում եմ, որ քեզ նման մեկը չի կարող ավարտուն դարձվել»։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում Քո խոսքերի հետ։ Պարզապես չեմ համարձակվում հավատալ դրան»։ «Այդ դեպքում կարո՞ղ ես ընծայել քեզ, թե՞ ոչ»։ «Ընծայել ի՞նչը»։ «Ընծայել հեռանկարներդ և հույսերդ»։ «Դրանցից հրաժարվելը հեշտ է։ Գլխավոր խնդիրը «հակադրող կերպար» կոչումն է․ ես իսկապես չեմ ուզում դա։ Եթե Դու վերցնես այդ կոչումն ինձնից, ապա պատրաստ կլինեմ ցանկացած բանի, կկարողանամ անել ցանկացած բան։ Մի՞թե սրանք պարզապես մանրուքներ չեն։ Կարո՞ղ ես վերցնել այդ անվանումը»։ «Դա չափազանց հեշտ կլիներ, այնպես չէ՞։ Քանի որ Ես կարող եմ քեզ տալ այդ կոչումը, անշուշտ, կարող եմ նաև վերցնել այն։ Բայց հիմա ժամանակը չէ։ Նախ պետք է ավարտես գործի այս փուլի փորձառությունդ և միայն դրանից հետո կարող ես նոր կոչում ստանալ։ Որքան ավելի շատ է մարդը նման քեզ, այնքան ավելի շատ կարիք կա, որ լինի հակադրող կերպար։ Որքան ավելի շատ ես անհանգստացած հակադրող կերպար լինելու համար, այնքան ավելի շատ Ես կպիտակավորեմ քեզ որպես այդպիսին։ Քեզ նման մարդը պետք է խստորեն կարգավարժվի և էտվի։ Որքան ավելի ապստամբ է մարդը, այնքան ավելի շատ կլինի ծառայություն մատուցող և վերջում ոչինչ չի ստանա»։ «Հաշվի առնելով, որ այսքան ջանասիրաբար եմ ձգտում, ինչո՞ւ չեմ կարող ազատվել «հակադրող կերպար» անվանումից։ Այս բոլոր տարիներին հետևել ենք Քեզ և քիչ տառապանքներ չենք կրել։ Շատ բաներ ենք արել Քեզ համար. անցել ենք քամու և անձրևի միջով։ Մեր երիտասարդությունն արդեն ավարտին է մոտենում։ Ո՛չ ամուսնացել ենք, ո՛չ էլ ընտանիք ենք կազմել, իսկ նրանք, ովքեր արել են դա, միևնույն է, դուրս են եկել։ Մնացի դպրոցում մինչև ավագ դպրոցի ավարտը, բայց հենց որ լսեցի, որ Դու եկել ես, հրաժարվեցի համալսարան ընդունվելու իմ հնարավորությունից։ Իսկ Դու ասում ես, որ մենք հակադրող կերպարներ ենք։ Մենք այնքա՜ն շատ բան ենք կորցրել։ Անում ենք այս ամենը, բայց հիմա պարզվում է, որ ընդամենը Քո հակադրող կերպարներն ենք։ Ի՞նչ կմտածեն նախկին համադասարանցիներս և հասակակիցներս իմ մասին սրա պատճառով։ Երբ տեսնեն ինձ և հարցնեն դիրքիս ու կարգավիճակիս մասին, ինչպե՞ս կարող եմ առանց ամաչելու պատասխանել նրանց։ Սկզբում ցանկացած գին վճարեցի Քո հանդեպ հավատիս պատճառով, իսկ մյուսները բոլորը ծաղրում էին ինձ որպես հիմարի։ Սակայն ես, միևնույն է, հետևում էի Քեզ և տենչում այն օրը, երբ իմ ժամանակը կգար, երբ կկարողանայի ցույց տալ բոլոր նրանց, ովքեր չէին հավատում։ Բայց փոխարենը, այսօր Դու ասում ես ինձ, որ հակադրող կերպար եմ։ Նույնիսկ եթե Դու ինձ տայիր ամենացածր կոչումը, նույնիսկ եթե Դու ինձ թույլ տայիր լինել արքայության մարդկանցից մեկը, դա բավարար կլիներ։ Նույնիսկ եթե չկարողանայի լինել Քո առաքյալը կամ Քո վստահյալ անձը, գոհ կլինեի պարզապես Քո հետևորդը լինելով։ Մենք այս բոլոր տարիներին հետևել ենք Քեզ, հրաժարվել մեր ընտանիքներից, և այնքա՜ն դժվար է եղել շարունակել ձգտելը մինչև հիմա, իսկ այն ամենը, ինչ ունենք դրա դիմաց ցույց տալու, «հակադրող կերպար» կոչումն է։ Ես ամեն ինչ թողել եմ Քեզ համար. հրաժարվել եմ երկրային բոլոր հարստություններից և փառքից։ Անցյալում ինձ ծանոթացրել էին մեկի հետ, որը հավանական է՝ զուգընկերս դառնար։ Նա իսկապես գեղեցիկ էր և լավ հագնված. բարձրաստիճան պետական պաշտոնյայի որդի էր։ Այն ժամանակ հետաքրքրված էի նրանով։ Բայց հենց որ լսեցի, որ Աստված հայտնվել է և իրականացնում է Իր գործը, որ Դու պատրաստվում ես առաջնորդել մեզ դեպի արքայություն ու կատարելագործել մեզ, և որ Դու խնդրում ես մեզ վճռականություն ունենալ, որպեսզի առանց ժամանակ կորցնելու ամեն ինչ թողնենք, հենց որ լսեցի դա, հասկացա, որ բնավ չունեի վճռականություն։ Այդժամ ամրապնդեցի վճռականությունս և մերժեցի այդ հնարավորությունը։ Դրանից հետո նա մի քանի անգամ նվերներ ուղարկեց ընտանիքիս, բայց նույնիսկ չնայեցի դրանց։ Կարծում ես՝ այդ ժամանակ վշտացա՞ծ էի։ Այնքան լավ հնարավորություն էր, բայց ոչնչի չհանգեցրեց։ Ինչպե՞ս կարող էի չվշտանալ։ Մի քանի օր այն աստիճան վշտացած էի դրա պատճառով, որ չէի կարողանում քնել գիշերը, բայց վերջում, միևնույն է, բաց թողեցի դա։ Ամեն անգամ, երբ աղոթում էի, Սուրբ Հոգին հուզում էր ինձ՝ ասելով․ «Պատրա՞ստ ես ամեն ինչ զոհաբերել Ինձ համար։ Պատրա՞ստ ես սպառել քեզ Ինձ համար»։ Ամեն անգամ, երբ մտածում էի Քո այդ խոսքերի մասին, լաց էի լինում։ Չգիտեմ, թե քանի անգամ եմ հուզվել ու վշտից արտասվել։ Մեկ տարի անց լսեցի, որ այդ մարդն ամուսնացել է։ Ավելորդ է ասել, թե որքան դժբախտ էի, բայց, միևնույն է, բաց թողեցի դա հանուն Քեզ։ Եվ դեռ չեմ խոսում այն մասին, որ ուտելիքս ու հագուստս վատորակ են. հրաժարվեցի այդ ամուսնությունից, հրաժարվեցի այս ամենից, ուստի Դու չպետք է ստիպես ինձ գործել որպես հակադրող կերպար։ Հրաժարվեցի ամուսնությունիցս՝ կյանքիս ամենակարևոր իրադարձությունից, և այս ամենը՝ ինձ Քեզ ընծայելու համար։ Մարդու ամբողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան կյանքի լավ ընկեր գտնելը և երջանիկ ընտանիք կազմելը։ Ես հրաժարվեցի դրանից՝ այդ ամենալավ բանից, և հիմա ոչինչ չունեմ ու բոլորովին մենակ եմ։ Ո՞ւր ես ուզում, որ գնամ։ Այն օրվանից, երբ սկսեցի հետևել Քեզ, անընդհատ տառապել եմ։ Լավ կյանք չեմ ունեցել։ Հրաժարվել եմ ընտանիքիցս և կարիերայիցս, ինչպես նաև մսեղիի բոլոր հաճույքներից, և այս գինը, որ բոլորս վճարել ենք, դեռևս բավարար չե՞ն Քո օրհնությունները վայելելու համար։ Իսկ հիմա էլ այս «հակադրող կերպարի» հարցն է։ Աստվա՛ծ, Դու չափն անցել ես։ Նայի՛ր մեզ. այս աշխարհում ոչ մի հենարան չունենք։ Մեզնից ոմանք հրաժարվել են երեխաներից, ոմանք՝ աշխատանքից, կողակիցներից[ա] և այսպես շարունակ. հրաժարվել ենք մսեղիի բոլոր հաճույքներից։ Էլ ի՞նչ հույս կա մեզ համար։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել գոյատևել այս աշխարհում։ Մի՞թե այս գինը, որ վճարել ենք, նույնիսկ մեկ գրոշ չարժե։ Մի՞թե Դու ընդհանրապես չես տեսնում դա։ Մեր կարգավիճակը ցածր է, իսկ որակը՝ վատը. ընդունում ենք դա, բայց ե՞րբ չենք անսացել այն ամենին, ինչ Դու ցանկացել ես, որ անենք։ Իսկ հիմա Դու անխղճորեն լքո՞ւմ ես մեզ և «փոխհատուցում» մեզ «հակադրող կերպար» կոչումո՞վ։ Մի՞թե սա է այն ամենը, ինչ ստացել ենք մեր վճարած գնի դիմաց։ Վերջում, եթե մարդիկ հարցնեն ինձ, թե ինչ եմ շահել Աստծուն հավատալուց, մի՞թե իսկապես կարող եմ նրանց ցույց տալ այս բառերը՝ «հակադրող կերպար»։ Ինչպե՞ս կարող եմ բերանս բացել՝ ասելու, որ հակադրող կերպար եմ։ Չեմ կարող բացատրել դա ծնողներիս և չեմ կարող բացատրել դա նախկին հավանական զուգընկերոջս։ Այնքա՜ն մեծ գին եմ վճարել և այն, ինչ ստանում եմ դրա դիմաց, հակադրող կերպար լինելն է։ Ա՜խ, այնքա՜ն տխուր եմ»։ (Նա սկսեց հարվածել իր ազդրերին և լաց լինել)։ «Եթե Ես ասեի, որ չեմ պատրաստվում տալ քեզ հակադրող կերպարի կոչումը, այլ փոխարենը կդարձնեմ քեզ Իմ մարդկանցից մեկը ու կասեմ քեզ՝ գնա՛ և քարոզի՛ր ավետարանը, եթե Ես տայի քեզ այնպիսի կարգավիճակ, որ կարողանայիր գործ կատարել, կկարողանայի՞ր դա անել։ Իրականում ի՞նչ ես շահել այս գործի քայլ առ քայլ ընթացքից։ Եվ այնուհանդերձ ահա հրամցնում ես Ինձ պատմությունդ. դու ամոթ չունե՛ս։ Ասում ես, որ գին ես վճարել, բայց ոչինչ չես շահել։ Հնարավո՞ր է արդյոք, որ Ես անտեսել եմ ու չեմ ասել քեզ, թե որոնք են Իմ պայմանները մարդուն ձեռք բերելու համար։ Ու՞մ համար է Իմ գործը։ Գիտե՞ս արդյոք։ Ահա հին դժգոհություններն ես վերհիշում։ Մի՞թե դեռ մա՞րդ ես համարվում։ Մի՞թե փորձառաբար ապրած քո որևէ տառապանք սեփական կամքով չես կրել։ Եվ մի՞թե այդ տառապանքը չես կրել՝ օրհնություններ ստանալու համար։ Բավարարե՞լ ես արդյոք Իմ պահանջները։ Այն ամենը, ինչ ուզում ես, օրհնություններ ստանալն է։ Ամոթ չունե՛ս։ Ե՞րբ են քո հանդեպ Իմ պահանջները երբևէ պարտադրանք եղել։ Եթե ցանկանում ես հետևել Ինձ, պետք է հնազանդվես Ինձ ամեն ինչում։ Մի՛ փորձիր բանակցել պայմանների շուրջ։ Ի վերջո, Ես քեզ նախապես ասացի, որ այս ճանապարհը տառապանքի ճանապարհ է։ Այն հղի է մռայլ հեռանկարներով, և բարենպաստ գրեթե ոչինչ չկա։ Մի՞թե մոռացել ես։ Ես սա բազմիցս ասել եմ։ Եթե պատրաստ ես տառապել, ապա հետևի՛ր Ինձ։ Եթե պատրաստ չես տառապել, ապա կա՛նգ առ։ Ես չեմ ստիպում քեզ. ազատ ես՝ գալու կամ գնալու։ Այնուամենայնիվ, այսպես է արվում Իմ գործը, և Ես չեմ կարող հետաձգել Իմ ամբողջ գործը քո անհատական ապստամբության պատճառով։ Դու գուցե պատրաստ չես հնազանդվել, բայց կան այլ մարդիկ, որոնք պատրաստ են։ Դուք բոլորդ հուսահատ մարդիկ եք։ Ոչնչից չեք վախենում։ Ինձ հետ բանակցում եք պայմանների շուրջ. ուզո՞ւմ ես շարունակել ապրել, թե՞ ոչ։ Դու ծրագրեր ես կազմում ինքդ քեզ համար և պայքարում սեփական համբավիդ ու շահիդ համար։ Մի՞թե Իմ գործն ամբողջությամբ ձեզ համար չէ։ Մի՞թե կույր ես։ Նախքան Իմ մարմնանալը դու չէիր կարող տեսնել Ինձ, և քո ասած այս խոսքերը ներելի կլինեին այն ժամանակ, բայց հիմա Ես մարմնացած եմ և գործում եմ ձեր մեջ, իսկ դու դեռ չե՞ս կարող տեսնել։ Ի՞նչը չես հասկանում։ Ասում ես, որ կորուստ ես կրել. ուստի Ես մարմնացել եմ, որ փրկեմ ձեզ՝ հուսահատ մարդկանցդ, և այսքա՜ն մեծ գործ եմ արել, իսկ դու նույնիսկ հիմա դեռ բողոքում ես. մի՞թե չէիր ասի, որ Ե՛ս եմ կորուստ կրել։ Մի՞թե այն ամենը, ինչ Ես արել եմ, ամբողջովին ձեզ համար չի եղել։ Ես այս կոչումը կիրառում եմ մարդկանց նկատմամբ՝ հիմնվելով նրանց ներկայիս հասակի վրա։ Եթե Ես այսօր քեզ կոչում եմ «հակադրող կերպար», ապա դու անմիջապես հակադրող կերպար ես դառնում։ Նմանապես, եթե Ես կոչում եմ քեզ «Աստծու մարդկանցից մեկը», ապա դու անմիջապես դառնում ես հենց դա։ Ինչ էլ որ Ես կոչեմ քեզ, հենց դա ես դու։ Մի՞թե այս ամենը չի իրագործվում Իմ շուրթերից հնչած մի քանի խոսքով։ Եվ Իմ այս մի քանի խոսքերն այսքան զայրացնո՞ւմ են քեզ։ Այդ դեպքում ներողությո՛ւն եմ խնդրում։ Եթե չհնազանդվես հիմա, վերջում կանիծվես. մի՞թե ուրախ կլինես այդ ժամանակ։ Դու ուշադրություն չես դարձնում կյանքի ճանապարհին, այլ միայն կենտրոնանում ես կարգավիճակիդ և կոչմանդ վրա. ինչպիսի՞ն է կյանքդ։ Ես չեմ հերքում, որ մեծ գին ես վճարել, բայց նայի՛ր սեփական հասակիդ և կիրարկմանդ. և նույնիսկ հիմա, դեռ փորձում ես բանակցել պայմանների շուրջ։ Մի՞թե սա է այն հասակը, որ ձեռք ես բերել վճռականությանդ շնորհիվ։ Մի՞թե դեռ ազնվություն ունես։ Մի՞թե խիղճ ունես։ Մի՞թե Ես եմ որևէ սխալ բան արել։ Մի՞թե Իմ պահանջները քո հանդեպ սխալ էին։ Ուրեմն, ո՞րն է խնդիրը։ Ես ընդամենը ցանկանում եմ, որ մի քանի օր գործես որպես հակադրող կերպար, իսկ դու պատրաստ չես անել դա։ Այդ ի՞նչ վճռականություն է։ Դուք բոլորդ թուլակամ եք, վախկոտ եք։ Քեզ նման մարդկանց հիմա պատժելը բնականոն բան է»։ Իմ այս խոսքերից հետո նա այլևս ոչ մի բառ չասաց։

Այժմ փորձառաբար ապրելով այսպիսի գործը՝ պետք է որոշակիորեն ըմբռնեք Աստծու գործի քայլերը և մարդկանց վերափոխելու Նրա մեթոդները։ Սա միակ ճանապարհն է՝ վերափոխման հարցում արդյունքների հասնելու համար։ Ձեր ձգտման մեջ չափազանց շատ անձնական պատկերացումներ, հույսեր և ապագայի սպասումներ ունեք։ Գործն այժմ այսպես է կատարվում՝ կարգավիճակի հանդեպ ձեր ցանկությունը և ձեր անզուսպ նկրտումներն էտելու համար։ Այս հույսերը, կարգավիճակի հանդեպ այս ցանկությունը և այս պատկերացումները բոլորը սատանայական բնավորությունների մարմնավորումներ են։ Այն, որ այս բաները գոյություն ունեն մարդկանց սրտերում, ամբողջովին պայմանավորված է նրանով, որ Սատանայի թույները միշտ քայքայում են մարդկանց մտքերը։ Մարդիկ երբեք չեն կարողանում ազատվել Սատանայի այս գայթակղություններից և ապրում են մեղքի մեջ, սակայն չեն համարում, որ դա մեղք է։ Ավելին՝ մտածում են. «Հավատում ենք Աստծուն, ուստի Նա պետք է օրհնություններ շնորհի մեզ և ամեն ինչ պատշաճ կերպով կարգավորի մեզ համար։ Հավատում ենք Աստծուն, ուստի պետք է մյուսներից առավել լինենք և ավելի բարձր կարգավիճակ ու ավելի լավ հեռանկարներ ունենանք, քան որևէ մեկ ուրիշը։ Քանի որ հավատում ենք Աստծուն, Նա պետք է մեզ անսահման օրհնություններ տա։ Հակառակ դեպքում դա չէր կոչվի Աստծուն հավատալ»։ Երկար տարիներ այն մտքերը, որոնց վրա մարդիկ հենվել են գոյատևման համար, քայքայել են նրանց սրտերն այն աստիճան, որ նրանք դարձել են նենգ, վախկոտ և արհամարհելի։ Նրանք ոչ միայն չունեն կամքի ուժ կամ վճռականություն, այլև դարձել են ագահ, ամբարտավան և կամակոր։ Բացարձակապես չունեն սեփական անձը հաղթահարելու վճռականություն և առավել ևս՝ այս խավար ազդեցությունների կապանքները թոթափելու նվազագույն քաջություն։ Մարդկանց մտքերն ու կյանքն այնքան փտած են, որ Աստծուն հավատալու տակ թաքնված նրանց տեսանկյունները դեռևս անտանելիորեն այլանդակ են և նույնիսկ ուղղակի վիրավորական են ականջի համար։ Մարդիկ բոլորը վախկոտ են, անզոր, արհամարհելի և փխրուն։ Չեն գարշում խավարի ուժերից և սեր չեն զգում լույսի ու ճշմարտության հանդեպ. փոխարենն անում են հնարավոր ամեն ինչ՝ դրանք վտարելու համար։ Մի՞թե ձեր ներկայիս մտքերն ու տեսանկյունները հենց այսպիսին չեն։ Այսինքն՝ քանի որ հավատում եք Աստծուն, ուստի պետք է օրհնություններ ստանաք, և պետք է ապահովվի, որ ձեր կարգավիճակը երբեք չիջնի, որ մնա ավելի բարձր, քան անհավատներինը. այսպիսի տեսանկյունն ընդամենը մեկ կամ երկու տարի չեք փայփայել, այլ երկար տարիներ։ Ձեր գործարքային մտածելակերպը գերզարգացած է։ Թեև այսօր հասել եք այս քայլին, միևնույն է, չեք կարողանում հանգստանալ, երբ խոսքը վերաբերում է կարգավիճակին. շարունակում եք, ամեն հնարավոր ջանք թափելով, հետաքրքրվել դրանով և ամեն օր զննում եք այն՝ խորապես վախենալով, որ մի օր ձեր կարգավիճակը կկորչի, և ձեր անունը կվարկաբեկվի։ Մարդիկ երբեք չեն հրաժարվել հարմարավետ ապրելու իրենց ցանկությունից։ Երբ Ես ձեզ այսօր այսպես եմ դատում, ի՞նչ աստիճանի հասկացողություն կունենաք վերջում։ Կասեք, որ թեև ձեր կարգավիճակը բարձր չէ, այնուամենայնիվ, վայելել եք Աստծու կողմից բարձրացումը, և որ կարգավիճակ չունեք, որովհետև ցածր ծագում ունեք, բայց կարգավիճակ եք ձեռք բերում, որովհետև Աստված բարձրացնում է ձեզ. դա մի բան է, որը Նա շնորհում է ձեզ։ Այսօր դուք կարող եք անձամբ ստանալ Աստծու կրթումը, Նրա պատիժը և դատաստանը։ Սա, առավել ևս, Նրա կողմից Ձեր բարձրացումն է։ Դուք անձամբ կարող եք ստանալ Նրա մաքրագործումը և այրումը։ Սա Աստծու մեծ սերն է։ Դարերի և սերունդների ընթացքում չի եղել նույնիսկ մեկ մարդ, որը կարողացած լինի ստանալ Նրա մաքրագործումը և այրումը, ոչ էլ մեկը, որ կարողացած լինի ստանալ Նրա խոսքերի միջոցով կատարելագործումը։ Աստված հիմա դեմ առ դեմ խոսում է ձեզ հետ, մաքրագործում է ձեզ, մերկացնում է ձեր ներքին ապստամբությունը. սա է իսկապես Նրա կողմից բարձրացումը։ Ինչի՞ են ընդունակ մարդիկ։ Անկախ նրանից՝ Դավթի որդիներն են, թե Մովաբի սերունդները, մի խոսքով, մարդիկ արարածներ են, որոնք պարծենալու արժանի ոչինչ չունեն։ Քանի որ արարածներ եք, պետք է կատարեք արարածի պարտականությունը։ Ձեր նկատմամբ այլ պահանջներ չկան։ Ահա թե ինչպես պետք է աղոթեք. «Աստվա՛ծ, անկախ նրանից՝ կարգավիճակ ունեմ, թե ոչ, հիմա հասկանում եմ ինքս ինձ։ Եթե կարգավիճակս բարձր է, դա Քո բարձրացման շնորհիվ է, իսկ եթե այն ցածր է, դա Քո կանխորոշման պատճառով է։ Ամեն ինչ Քո ձեռքերում է։ Ես ո՛չ որևէ ընտրության հնարավորություն ունեմ, ո՛չ էլ որևէ բողոք։ Դու կանխորոշեցիր, որ ծնվեմ այս երկրում և այս ժողովրդի մեջ, և այն ամենը, ինչ կարող եմ անել, Քո տիրակալության ներքո լիովին հնազանդ լինելն է, որովհետև ամեն ինչ այնպես է, ինչպես Դու ես կանխորոշել։ Ես չեմ մտածում կարգավիճակի մասին. ես ոչ այլ ինչ եմ, քան արարած։ Եթե Դու ինձ դնես անհատակ անդունդում՝ կրակի և ծծմբի լճում, ես ոչ այլ ինչ եմ, քան արարած։ Եթե Դու օգտագործես ինձ, ես արարած եմ։ Եթե Դու կատարելագործես ինձ, միևնույնն է, ես արարած եմ։ Եթե Դու չկատարելագործես ինձ, միևնույն է, կսիրեմ Քեզ, որովհետև ես ոչ այլ ինչ եմ, քան արարած։ Ես Արարչի ընդամենը մի փոքրիկ արարած եմ՝ բոլոր արարված մարդկանցից ընդամենը մեկը։ Դու ես ինձ արարել և այժմ ինձ Քո ձեռքն ես հանձնել, որպեսզի ինձ հետ վարվես այնպես, ինչպես կամենում ես։ Ես պատրաստ եմ լինել Քո գործիքը և Քո հակադրող կերպարը, որովհետև ամեն ինչ այնպես է, ինչպես Դու ես կանխորոշել, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Ամեն բան և ամեն իրադարձություն Քո ձեռքերում է»։ Այդ ժամանակ այլևս չես մտածի կարգավիճակի մասին. հենց այդ ժամանակ կազատվես դրանից։ Միայն այդ ժամանակ կկարողանաս վստահորեն և համարձակորեն ձգտել, և միայն այդ ժամանակ սիրտդ կարող է ազատվել բոլոր կապանքներից։ Երբ մարդիկ ազատվեն այս բաներից, այլևս ոչ մի մտահոգություն չեն ունենա։ Ձեր մեծամասնության համար որո՞նք են մտահոգություններն այս պահին։ Դուք միշտ կաշկանդված եք կարգավիճակով և մշտապես մտահոգված եք սեփական ապագայի մասին։ Շարունակ թերթում եք Աստծու խոսքերի էջերը՝ ցանկանալով կարդալ ասույթներ մարդկության նշանակության վայրի վերաբերյալ և ցանկանալով իմանալ, թե ինչպիսին են ձեր հեռանկարները, և որն է լինելու ձեր նշանակության վայրը։ Միշտ մտածում եք. «Մի՞թե ես իսկապես որևէ հեռանկարներ ունեմ։ Մի՞թե Աստված խլել է դրանք։ Աստված միայն ասում է, որ ես հակադրող կերպար եմ. ուրեմն որո՞նք են իմ հեռանկարները»։ Ձեզ համար դժվար է հրաժարվել ձեր հեռանկարներից ու ճակատագրից։ Հիմա դուք հետևորդներ եք և որոշակի հասկացողություն եք ձեռք բերել գործի այս փուլի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, դեռ չեք հրաժարվել կարգավիճակի նկատմամբ ձեր ձգտումից։ Երբ ձեր կարգավիճակը բարձր է, լավ եք ձգտում, բայց երբ ձեր կարգավիճակը ցածր է, այլևս չեք ձգտում։ Կարգավիճակի առավելությունները միշտ մտքներումդ են։ Ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունը չի կարողանում դուրս գալ բացասական վիճակից։ Մի՞թե պատասխանը միշտ մռայլ հեռանկարները չեն։ Հենց որ Աստծու խոսքերը հրապարակվում են, շտապում եք տեսնելու, թե իրականում ինչպիսին են ձեր կարգավիճակն ու ինքնությունը։ Դուք առաջնահերթություն եք տալիս կարգավիճակին և ինքնությանը, իսկ տեսիլքը մղում եք երկրորդ պլան։ Երրորդ տեղում այն է, ինչի մեջ պետք է մուտք գործեք, իսկ չորրորդում Աստծու ներկայիս մտադրություններն են։ Նախ նայում եք, թե արդյոք Աստծու՝ ձեզ տված «հակադրող կերպարներ» կոչումը փոխվել է, թե ոչ։ Կարդում եք ու կարդում և երբ տեսնում եք, որ «հակադրող կերպար» կոչումը վերացվել է, ուրախանում եք, անդադար շնորհակալություն եք հայտնում Աստծուն և գովաբանում Նրա մեծ զորությունը։ Բայց եթե տեսնում եք, որ դեռ հակադրող կերպարներ եք, վշտանում եք, և ձեր սրտի եռանդն անմիջապես անէանում է։ Որքան ավելի շատ ձգտես այսպես, այնքան ավելի քիչ պտուղ կքաղես։ Որքան ավելի մեծ է մարդու ցանկությունը կարգավիճակի հանդեպ, այնքան ավելի խստորեն պետք է նա էտվի և այնքան ավելի շատ պետք է անցնի մեծ զտման միջով։ Նման մարդիկ այնքա՜ն անարժեք են։ Նրանք պետք է խորը էտման և դատաստանի ենթարկվեն, որպեսզի հիմնովին հրաժարվեն կարգավիճակի հանդեպ իրենց ցանկությունից։ Եթե ձգտեք այսպես, ոչինչ չեք քաղի վերջում։ Նրանք, ովքեր չեն ձգտում կյանքի, չեն կարող վերափոխվել, իսկ նրանք, ովքեր ճշմարտության ծարավ չեն, չեն կարող ձեռք բերել ճշմարտությունը։ Դու չես կենտրոնանում անձնական վերափոխմանը և մուտքին ձգտելու վրա, այլ փոխարենը միշտ կենտրոնանում ես անզուսպ ցանկությունների և այնպիսի բաների վրա, որոնք խանգարում են քեզ սիրել Աստծուն և մոտենալ Նրան։ Մի՞թե այդ բաները կարող են վերափոխել քեզ։ Մի՞թե դրանք կարող են քեզ բերել արքայություն։ Եթե ձգտմանդ նպատակը ճշմարտությունը փնտրելը չէ, ապա ավելի լավ է՝ օգտվես այս հնարավորությունից և վերադառնաս աշխարհիկ կյանք՝ փորձելու հաջողության հասնել։ Ժամանակդ այսպես վատնել իսկապես չարժե. ինչո՞ւ տանջել ինքդ քեզ։ Մի՞թե ճիշտ չէ, որ կարող էիր վայելել ամեն տեսակ բաներ այն գեղեցիկ աշխարհում։ Փող, գեղեցիկ կանայք, կարգավիճակ, սնափառություն, ընտանիք, երեխաներ և այլն. մի՞թե աշխարհի այս բարիքներն այն լավագույն բաները չեն, որ կարող էիր վայելել։ Ի՞նչ օգուտ կա այստեղ թափառելուց՝ հանգստի վայր փնտրելով։ Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի, ուստի ինչպե՞ս կարող էիր դու հանգստի վայր ունենալ։ Ինչպե՞ս կարող էր Նա քեզ համար ստեղծել հանգստի մի գեղեցիկ վայր։ Մի՞թե դա հնարավոր է։ Այսօր, Իմ դատաստանից բացի, դու կարող ես ստանալ միայն ճշմարտության ուսմունքներ։ Չես կարող հարմարավետություն ստանալ Ինձնից և ոչ էլ կարող ես Ինձնից ստանալ այն տաքուկ անկյունը, որ տենչում ես գիշեր-ցերեկ։ Ես չեմ շնորհի քեզ աշխարհի հարստություններն ու փառքը։ Եթե ձգտես անկեղծորեն, ապա Ես պատրաստ եմ շնորհել քեզ կյանքի ճանապարհն ամբողջությամբ, որպեսզի լինես ջուրը վերադարձած ձկան պես։ Եթե չձգտես անկեղծորեն, Ես ետ կվերցնեմ այդ ամենը։ Ես չեմ կամենում Իմ շուրթերից եկող խոսքերը շնորհել նրանց, ովքեր հարմարավետություն են տենչում և նման են խոզերի ու շների։

Ծանոթագրություններ.

ա. Բնագիր տեքստում գրված է «կանանցից»։

Նախորդը.  Կիրարկում (4)

Հաջորդը.  Ինչպես են ձեռք բերվում նվաճման գործի երկրորդ քայլի արդյունքները

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger