Ինչպես ճանաչել իրականությունը
Աստված Գործնական Աստված է. նրա ողջ գործը գործնական է, այն բոլոր խոսքերը, որ Նա խոսում է գործնական է, և Նրա արտահայտած բոլոր ճշմարտությունները գործնական են։ Այն ամենը, ինչ Նրա խոսքերը չեն, դատարկ է, գոյություն չունի և չի կարող հաստատուն մնալ։ Այսօր Սուրբ Հոգին պետք է առաջնորդի մարդկանց՝ մտնելու Աստծու խոսքերի մեջ։ Եթե մարդիկ պետք է ձգտեն մտնել իրականության մեջ, ապա պետք է փնտրեն իրականությունը և ճանաչեն իրականությունը, ինչից հետո պետք է փորձառաբար ապրեն և կյանքով արտահայտեն իրականությունը։ Որքան շատ են մարդիկ ճանաչում իրականությունը, այնքան ավելի ունակ են զանազանել՝ արդյոք ուրիշների խոսքերում իրականություն կա, թե ոչ. որքան շատ են մարդիկ ճանաչում իրականությունը, այնքան ավելի քիչ պատկերացումներ են ունենում. որքան շատ են մարդիկ փորձառաբար ապրում իրականությունը, այնքան ավելի շատ են ճանաչում Գործնական Աստծու գործերը, և այնքան ավելի հեշտ է նրանց համար ազատվել իրենց սատանայական ապականված խառնվածքներից. որքան շատ իրականություն են ունենում մարդիկ, այնքան ավելի շատ են ճանաչում Աստծուն և դրանով իսկ ավելի շատ են ատում մսեղին ու սիրում ճշմարտությունը. և որքան շատ իրականություն են ունենում մարդիկ, այնքան ավելի են մոտենում Աստծու պահանջած չափանիշներին։ Աստծու կողմից ձեռք բերված մարդիկ նրանք են, ովքեր ունեն իրականություն, ովքեր ճանաչում են իրականությունը և ովքեր իրականությունը փորձառաբար ապրելու միջոցով ճանաչել են Աստծու գործնական արարքները։ Որքան շատ գործնականորեն համագործակցես Աստծու հետ ու կարգավարժես մարմինդ, այնքան ավելի շատ ձեռք կբերես Սուրբ Հոգու գործը, այնքան ավելի շատ իրականություն կստանաս ու կլուսավորվես Աստծու կողմից, և այսպիսով Աստծու գործնական արարքների մասին գիտելիքդ ավելի կխորանա։ Եթե ի վիճակի ես ապրելու Սուրբ Հոգու ներկա լույսի մեջ, ապա կիրարկման ներկա ճանապարհն ավելի պարզ կդառնա քեզ, և ավելի ունակ կլինես անջատվել անցյալի կրոնական պատկերացումներից և հին կիրարկումներից։ Այսօր ուշադրության կենտրոնում փաստացի իրականությունն է. որքան շատ իրականություն ունենան մարդիկ, այնքան ավելի հստակ կլինի նրանց գիտելիքը ճշմարտության մասին, և այնքան ավելի մեծ կլինի նրանց հասկացողությունն Աստծու մտադրությունների վերաբերյալ։ Իրականությունը վեր է բոլոր բառերից ու վարդապետություններից, այն վեր է ողջ տեսական գիտելիքից, և որքան շատ են մարդիկ կենտրոնանում իրականության վրա, այնքան ավելի ունակ են լինում ճշմարտապես սիրել Աստծուն ու տենչալ Նրա խոսքերը։ Եթե միշտ կենտրոնանաս իրականության վրա, ապա աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունդ, կրոնական պատկերացումներդ և բնական անհատականությունդ ինքնըստինքյան կանհետանան՝ հետևելով Աստծու գործին։ Նրանք, ովքեր չեն ձգտում իրականությանը և իրականության մասին ոչ մի գիտելիք չունեն, հավանաբար կձգտեն գերբնականին և հեշտությամբ կխաբվեն։ Սուրբ Հոգին նման մարդկանց մեջ գործելու ոչ մի միջոց չունի, ուստի նրանք զգում են, որ դատարկ են, ու իրենց գոյությունն իմաստ չունի։
Սուրբ Հոգին կարող է գործել քո մեջ միայն այն ժամանակ, երբ փաստացի կրթվես, փնտրես, աղոթես և պատրաստ լինես տառապելու` հանուն ճշմարտությունը փնտրելու։ Նրանք, ովքեր չեն փնտրում ճշմարտությունը, բառերից ու վարդապետություններից ու դատարկ տեսությունից զատ ոչինչ չունեն, իսկ նրանք, ովքեր առանց ճշմարտության են, բնականաբար շատ պատկերացումներ ունեն Աստծու մասին։ Նման մարդիկ միայն փափագում են, որ Աստված իրենց մսեղավոր մարմինը վերածի հոգևոր մարմնի, որպեսզի կարողանան բարձրանալ երրորդ երկինք։ Որքա՜ն հիմար են այս մարդիկ։ Բոլոր նրանք, ովքեր նման բաներ են ասում, չունեն Աստծու կամ իրականության ճանաչողություն։ Նման մարդիկ չեն կարող համագործակցել Աստծու հետ և կարող են միայն պասիվ կերպով սպասել։ Եթե մարդիկ պետք է հասկանան ճշմարտությունը և հստակ ըմբռնեն ճշմարտությունը, և եթե, այնուհետև, պետք է մտնեն ճշմարտություն և կիրարկեն այն, ապա պետք է փաստացի կրթվեն, փաստացի փնտրեն և փաստացի տենչան։ Երբ տենչաս և երբ իրապես համագործակցես Աստծու հետ, Աստծու Հոգին անշուշտ կդիպչի քեզ և կգործի քո ներսում, ինչն ավելի շատ լուսավորում կբերի քեզ, ավելի շատ գիտելիք կտա քեզ իրականության մասին և ավելի մեծ օգնություն կլինի քո կյանքի համար։
Եթե մարդիկ պետք է ճանաչեն Աստծուն, նախ պետք է իմանան, որ Աստված Գործնական Աստված է, և պետք է ճանաչեն Աստծու խոսքերը, Աստծու գործնական հայտնվելը մսեղիում և Աստծու գործնական աշխատանքը։ Միայն այն բանից հետո, երբ իմանաս, որ Աստծու ողջ աշխատանքը գործնական է, կկարողանաս փաստացի համագործակցել Աստծու հետ, և միայն այս ճանապարհով կկարողանաս աճի հասնել քո կյանքում։ Բոլոր նրանք, ովքեր իրականության մասին ոչ մի գիտելիք չունեն, չեն կարող փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, թակարդված են իրենց պատկերացումներում, ապրում են իրենց երևակայաություններում և այսպիսով Աստծու խոսքերի ոչ մի ճանաչողություն չունեն։ Որքան մեծ է գիտելիքդ իրականության մասին, այնքան ավելի մոտ ես Աստծուն և այնքան ավելի մտերիմ Նրա հետ. որքան շատ ես ձգտում այն բաներին, որոնք հեռու են ու անորոշ, ձգտում ես վարդապետության, այնքան ավելի ես հեռանում Աստծուց, և ուստի ավելի շատ ես զգում, որ Աստծու խոսքերը փորձառաբար ապրելը ծանր ու դժվար է, և որ անկարող ես մուտք գործել։ Եթե ցանկանում ես մտնել Աստծու խոսքերի իրականություն և ոտք դնել հոգևոր կյանքիդ ճիշտ ուղու վրա, նախ պետք է ճանաչես իրականությունը և անջատվես մշուշոտ ու գերբնական բաներից, այսինքն՝ նախ պետք է հասկանաս, թե ինչպես է Սուրբ Հոգին գործնականորեն լուսավորում և առաջնորդում քեզ։ Այսպես անելով, եթե կարողանաս ճշմարտապես ըմբռնել Սուրբ Հոգու գործնական աշխատանքը մարդու ներսում, ապա ոտք դրած կլինես Աստծու կողմից կատարյալ դարձվելու ճիշտ ուղու վրա։
Այսօր ամեն ինչ սկսվում է իրականությունից։ Աստծու գործն ամենագործնականն է և կարող է շոշափվել մարդկանց կողմից. դա այն է, ինչ մարդիկ կարող են փորձառաբար ապրել և հասնել։ Մարդկանց մեջ շատ բան կա, որ մշուշոտ է և գերբնական, ինչը խանգարում է նրանց ճանաչել Աստծու ներկա գործը։ Ուստի, իրենց փորձառություններում միշտ շեղումներ են ունենում և միշտ զգում են, որ ամեն բան դժվար է, և այս ամենն առաջանում է նրանց պատկերացումներից։ Մարդիկ անկարող են ըմբռնել Սուրբ Հոգու գործի սկզբունքները, չգիտեն իրականությունը, և ուստի միշտ բացասական են տրամադրված իրենց մուտքի ճանապարհին։ Նրանք հեռվից են նայում Աստծու պահանջներին՝ անկարող դրանց հասնելու. նրանք պարզապես տեսնում են, որ Աստծու խոսքերն իսկապես լավն են, բայց չեն կարողանում գտնել մուտքի ճանապարհը։ Սուրբ Հոգին գործում է այս սկզբունքով․ միայն մարդկանց համագործակցության, ակտիվորեն աղոթելու, փնտրելու և Աստծուն մոտենալու միջոցով կարող են արդյունքներ ձեռք բերվել, և միայն այդպես մարդիկ կարող են լուսավորվել Սուրբ Հոգու կողմից։ Այնպես չէ, որ Սուրբ Հոգին միայնակ է գործում, կամ որ մարդն է միայնակ գործում։ Երկուսն էլ անհրաժեշտ են, և որքան շատ են մարդիկ համագործակցում ու որքան շատ են ձգտում հասնել Աստծու պահանջած չափանիշներին, այնքան ավելի մեծ է Սուրբ Հոգու գործը։ Միայն մարդկանց փաստացի համագործակցությունը՝ զուգորդված Սուրբ Հոգու գործի հետ, կարող է առաջացնել գործնական փորձառություններ, ինչպես նաև Աստծու խոսքերի էության ճանաչողություն։ Աստիճանաբար, այս կերպ փորձառաբար ապրելու միջոցով, ի վերջո ստեղծվում է կատարյալ մարդ։ Աստված գերբնական բաներ չի անում. մարդկանց պատկերացումներում Աստված ամենակարող է, և ամեն ինչ արվում է Աստծու կողմից, ինչի արդյունքում մարդիկ անգործ սպասում են, չեն կարդում Աստծու խոսքերը կամ չեն աղոթում և պարզապես սպասում են Սուրբ Հոգու ներգործությանը։ Սակայն մաքուր հասկացողություն ունեցողները հավատում են սրան` Աստված գործում է այնքան, որքան համագործակցում եմ, իսկ թե Աստծու գործն իմ մեջ ինչ ազդեցություն կունենա, կախված է նրանից, թե ինչպես եմ ես համագործակցում։ Երբ Աստված խոսում է, պետք է անեմ ամեն ինչ՝ փնտրելու և ձգտելու դեպի Աստծու խոսքերը։ Սա է այն, ինչին պետք է հասնեմ։
Պետրոսի և Պողոսի օրինակներում կարող եք հստակ տեսնել, որ հենց Պետրոսն էր ամենաշատն ուշադրություն դարձնում իրականությանը։ Այն ամենից, ինչի միջով անցավ Պետրոսը, կարելի է տեսնել, որ իր փորձառություններում նա դասեր էր քաղում անցյալում ձախողվածներից և յուրացնում անցյալ դարերի սրբերի ուժեղ կողմերը։ Սա ցույց է տալիս, թե որքան գործնական էին Պետրոսի փորձառությունները․ դրանք շոշափելի են, հասանելի և իրագործելի։ Պողոսը, սակայն, ուրիշ էր. այն ամենը, ինչի մասին խոսում էր, մշուշոտ էր ու անտեսանելի, ինչպես, օրինակ՝ երրորդ երկինք գնալը, գահ բարձրանալը և արդարության պսակը։ Նա կենտրոնանում էր արտաքին բաների վրա՝ կարգավիճակի, մարդկանց խրատելու, իր որակավորումները ցուցադրելու, Սուրբ Հոգուց ներգործությունը ստանալու և այլն։ Ոչինչ, ինչին նա ձգտում էր, իրատեսական չէր, և դրա մեծ մասը երևակայություն էր, և այսպիսով կարելի է տեսնել, որ այն ամենը, ինչ գերբնական է, իրատեսական չէ․ օրինակ՝ թե որքան շատ է Սուրբ Հոգին փոխում մարդկանց, այն մեծ վայելքը, որ մարդիկ զգում են, երրորդ երկինք գնալը, սովորական կրթվելուց կամ Աստծու խոսքերը կարդալուց վայելքի որոշակի աստիճանի հասնելը։ Սուրբ Հոգու ողջ գործը բնականոն է և շատ իրատեսական։ Երբ կարդում ես Աստծու խոսքերը և աղոթում, քեզ լուսավոր և ներքուստ կայուն ես զգում, և արտաքին աշխարհը չի կարող անհանգստացնել քեզ․ ներքուստ պատրաստ ես սիրել Աստծուն, պատրաստ ես զբաղվել դրական բաներով և ատում ես չար աշխարհը։ Հենց սա է Աստծով ապրելը։ Դա ինչպես մարդիկ են կոչում, «մեծ վայելք ապրել»-ը չէ․նման խոսակցությունն իրատեսական չէ։ Այսօր ամեն ինչ պետք է սկսվի փաստացի իրականությունից։ Աստծու արած ամեն ինչը գործնական է։ Եթե քո փորձառություններում կենտրոնանաս Աստծուն գործնականորեն ճանաչելու վրա, փնտրես Աստծու գործի հետքերը և այն միջոցները, որոնցով Սուրբ Հոգին ներգործում և լուսավորում է մարդկանց, եթե ուտես և խմես Աստծու խոսքերը, աղոթես և համագործակցես ավելի գործնական կերպով՝ «քաղելով անցյալ դարերում ապրած բոլորի ուժեղ կողմերը և անտեսելով նրանց սխալները», ճիշտ այնպես, ինչպես Պետրոսն արեց, և եթե լսես քո ականջներով և դիտարկես քո աչքերով, և հաճախ աղոթես ու խորհես քո սրտում և ամեն ինչ անես Աստծու գործի հետ համագործակցելու համար, ապա Աստված անշուշտ կառաջնորդի քեզ։