Շատ կարևոր է հասկանալ Աստծու բնույթը
Շատ բաներ կան, որոնց Ես հույս ունեմ՝ կհասնեք, սակայն ձեր ոչ բոլոր գործողությունները, ձեր կյանքի ոչ բոլոր բաներն են ի վիճակի բավարարելու այն, ինչ Ես պահանջում եմ, ուստի Ես այլ ընտրություն չունեմ, քան անմիջապես բուն թեմային անցնելը և Իմ մտադրությունները ձեզ բացատրելը։ Քանի որ բաները ճանաչելու, ինչպես նաև դրանք գնահատելու ձեր կարողությունը թույլ է, դուք գրեթե բացարձակապես անտեղյակ եք Իմ բնույթին և էությանը. ուստի հրատապ է, որ Ես ձեզ տեղեկացնեմ դրանց մասին։ Անկախ նրանից՝ նախկինում որքան եք հասկացել, անկախ նրանից՝ ցանկանո՞ւմ եք արդյոք հասկանալ այս հարցերը, Ես, միևնույն է, պետք է դրանք մանրամասնորեն բացատրեմ ձեզ։ Այս հարցերը ձեզ համար այնքան էլ օտար չեն, սակայն դրանցում պարունակվող իմաստի բավարար հասկացողություն դուք չունեք, բավարար չափով ծանոթ չեք։ Ձեզանից շատերը միայն որոշակի աղոտ հասկացողություն ունեն, այն էլ՝ մասնակի և թերի։ Որպեսզի ավելի լավ կիրարկեք ճշմարտությունը՝ ավելի լավ կիրարկեք Իմ խոսքերը, Ես կարծում եմ, որ նախևառաջ պետք է հենց այս հարցերի մասին տեղյակ լինեք։ Հակառակ դեպքում ձեր հավատը կմնա աղոտ, կեղծավոր և լի կրոնական ատրիբուտներով։ Եթե չես հասկանում Աստծու բնույթը, քեզ համար անհնար կլինի կատարել այն աշխատանքը, որը պետք է անես Նրա համար։ Եթե դու չգիտես Աստծու էությունը, քեզ համար անհնար կլինի երկյուղ և սարսափ ունենալ Նրան հանդեպ. դրա փոխարեն միայն անփույթ ձևական վերաբերմունք և խուսանավում կլինի, և, առավել ևս, անուղղելի հայհոյանք։ Թեև Աստծու բնույթը հասկանալն իսկապես կարևոր է և Աստծու էությունը ճանաչելը չի կարելի անտեսել, ոչ ոք երբևէ լրջորեն չի քննել և խորամուխ չի եղել այս հարցերի մեջ։ Պարզ երևում է, որ բոլորդ արհամարհել եք այն կառավարչական հրամանագրերը, որոնք Ես արձակել եմ։ Եթե դուք չեք հասկանում Աստծու բնույթը, ապա շատ հավանական է, որ կվիրավորեք Նրա բնույթը։ Նրա բնույթը վիրավորելը հավասարազոր է հենց Աստծու ցասումը հարուցելուն, որի դեպքում քո գործողությունների վերջնական պտուղը կառավարչական հրամանագրերի խախտումը կլինի։ Այժմ պետք է գիտակցես, որ երբ ճանաչում ես Աստծու էությունը, կարող ես հասկանալ նաև Նրա բնույթը, և երբ հասկանում ես Նրա բնույթը, կհասկանաս նաև կառավարչական հրամանագրերը։ Կարիք չկա ասելու, որ կառավարչական հրամանագրերում պարունակվող շատ բաներ շոշափում են Աստծու բնույթը, սակայն Նրա ողջ բնույթը չէ, որ արտահայտված է կառավարչական հրամանագրերում. ուստի դուք պետք է մեկ քայլ առաջ գնաք՝ զարգացնելով Աստծու բնույթի ձեր հասկացողությունը։
Այսօր Ես ձեզ հետ չեմ խոսում այնպես, ինչպես սովորական զրույցի ժամանակ, ուստի պետք է զգուշությամբ մոտենաք Իմ խոսքերին և, առավել ևս, ավելի շատ խորհեք դրանց շուրջ։ Սրանով Ես նկատի ունեմ, որ դուք չափազանց քիչ ջանք եք գործադրել Իմ ասած խոսքերի վրա։ Դուք նույնիսկ ավելի քիչ եք պատրաստ խորապես խորհելու Աստծու բնույթի շուրջ. հազվադեպ է որևէ մեկը ջանք գործադրում դրա համար։ Այդ պատճառով Ես ասում եմ, որ ձեր հավատը ոչ այլ ինչ է, քան դատարկ ճոռոմախոսություն։ Մինչև հիմա ձեզանից ոչ մեկը որևէ լուրջ ջանք չի գործադրել ձեր ամենակենսական թուլության վրա։ Դուք հուսախաբ եք արել Ինձ՝ չնայած այն բոլոր մանրակրկիտ մտադրություններին, որ Ես ունեցել եմ ձեր հանդեպ։ Զարմանալի չէ, որ դուք հարգանք չունեք Աստծու հանդեպ, և ձեր կյանքում ճշմարտություն չկա։ Ինչպե՞ս կարող է մարդկանց նման խումբը սրբեր համարվել։ Երկնքի օրենքը նման բան չի հանդուրժի։ Քանի որ դուք այս մասին այդքան քիչ հասկացողություն ունեք, Ես այլ ընտրություն չունեմ, քան ավելի շատ շունչ ծախսել։
Աստծու բնույթը բոլորի համար շատ վերացական թվացող թեմա է և, ավելին, ոչ մեկի համար այն հեշտ չէ ընդունելը, քանզի Նրա բնույթը նման չէ մարդկային էակի անձնավորությանը։ Աստված նույնպես ունի ուրախության, բարկության, տխրության և երջանկության Իր սեփական զգացումները, սակայն դրանք տարբերվում են մարդու զգացումներից։ Աստված Ինքն ունի Իր սեփական ունեցվածքը և Իր սեփական էությունը։ Այն ամենը, ինչ Նա արտահայտում և բացահայտում է, ներկայացնում է Իր սեփական էությունը և Իր սեփական ինքնությունը։ Այս ունեցվածքը և այս գոյությունը, ինչպես նաև այս էությունն ու ինքնությունը, բաներ են, որոնք ոչ մի մարդ չի կարող փոխարինել։ Նրա բնույթը ներառում է մարդկության հանդեպ Նրա սերը, մարդկության համար մխիթարությունը, մարդկության հանդեպ ատելությունը և, առավել ևս, մարդկության համապարփակ ըմբռնումը։ Սակայն մարդու անձնավորությունը կարող է ներառել կենսուրախ, աշխույժ կամ անսիրտ լինելը։ Աստծու բնույթն այն է, ինչ ունի բոլոր բաների և կենդանի էակների Իշխանը. այն է՝ ինչ ունի Արարիչը։ Նրա բնույթը ներկայացնում է պատվավորություն, զորություն, ազնվություն, մեծություն և, ամենից առավել, գերագույն իշխանություն։ Նրա բնույթը իշխանության խորհրդանիշն է, այն ամենի խորհրդանիշը, ինչն արդար է, ինչը գեղեցիկ է և բարի։ Ավելին՝ Նրա բնույթը անխոցելիության խորհրդանիշ է խավարի կամ որևէ թշնամական ուժի կողմից հաղթվելու կամ ներխուժման դեմ, ինչպես նաև անխոցելիության խորհրդանիշ՝ ցանկացած արարածի վիրավորանքի դեմ (և վիրավորանք չհանդուրժելու)։ Նրա բնույթը բարձրագույն զորության խորհրդանիշն է։ Ոչ մի անձ կամ անձինք չեն կարող և անհնարին է, որ խանգարեն Նրա գործին կամ Նրա բնույթին։ Բայց մարդու անձնավորությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես գազանի նկատմամբ մարդու չնչին գերազանցության խորհրդանիշ։ Մարդն ինքնին չունի իշխանություն, չունի ինքնուրույնություն և չունի ինքն իրեն գերազանցելու կարողություն, այլ իր էությամբ մեկն է, ով անզոր կերպով գտնվում է ամեն տեսակ մարդկանց, իրադարձությունների և բաների կառավարման ներքո։ Աստծու ուրախությունը պայմանավորված է արդարադատության և լույսի գոյությամբ ու ի հայտ գալով, խավարի և չարիքի կործանմամբ։ Նրա ուրախությունը պայմանավորված է Իր՝ մարդկությանը լույս և լավ կյանք բերելով. Նրա ուրախությունն արդարադատ ուրախություն է, բոլոր դրական բաների գոյության խորհրդանիշն է, և, առավել ևս, բարեհաջողության խորհրդանիշ։ Աստծու բարկությունն անարդար բաների գոյության և խառնաշփոթի պատճառով է, որոնք վնասում են Նրա մարդկությանը, չարիքի և խավարի գոյության պատճառով, ճշմարտությունը վանող բաների գոյության պատճառով և, առավել ևս, այն բաների գոյության պատճառով, որոնք հակադրվում են բարուն և գեղեցիկին։ Նրա բարկությունը այն բանի խորհրդանիշն է, որ բոլոր բացասական բաներն այլևս գոյություն չունեն, և, ավելին, Նրա ներհատուկ սրբության խորհրդանիշն է։ Նրա վիշտը պայմանավորված է այն բանով, որ մարդկությունը, որի հանդեպ Նա հույսեր ունի, ընկել է խավարի մեջ, և այն պատճառով, որ աշխատանքը, որը Նա կատարում է մարդու վրա, չի համապատասխանում Իր մտադրություններին, քանի որ մարդկությունը, որին Նա սիրում է, չի կարող ամբողջությամբ լույսի մեջ ապրել։ Նա վշտանում է անմեղ մարդկության համար, ազնիվ, բայց տգետ մարդու համար, և այն մարդու համար, որը բարի է, բայց զուրկ է սեփական տեսակետներից։ Նրա վիշտն Իր բարության և ողորմության խորհրդանիշն է, գեղեցկության և բարյացակամության խորհրդանիշը։ Նրա երջանկությունը, իհարկե, գալիս է Իր թշնամիներին պարտության մատնելուց և մարդու անկեղծ մտադրությունը շահելուց։ Ավելին՝ այն բխում է բոլոր թշնամական ուժերի վտարումից և ոչնչացումից, և այն պատճառով է, որ մարդկությունը լավ և խաղաղ կյանք է ստանում։ Աստծու երջանկությունը նման չէ մարդու ուրախությանը. ավելի շուտ, դա բարի պտուղներ հավաքելու զգացումն է, զգացում, որն ավելի մեծ է, քան ուրախությունը։ Նրա երջանկությունն այն բանի խորհրդանիշն է, որ մարդկությունն այսուհետ ազատ է տառապանքից, և այն բանի խորհրդանիշն է, որ մարդկությունը մտնում է լույսի աշխարհ։ Մյուս կողմից՝ մարդկության զգացմունքները բոլորն առաջանում են հանուն իր սեփական շահերի, ոչ թե հանուն արդարադատության, լույսի կամ նրա, ինչը գեղեցիկ է, և առավել ևս՝ ոչ հանուն Երկնքի պարգևած շնորհի։ Մարդկության զգացմունքները եսասիրական են, դրանք գոյություն ունեն խավարի աշխարհում և չեն առաջանում հանուն Աստծու կամքի, առավել ևս՝ հանուն Աստծու ծրագրի։ Ուստի մարդուն և Աստծուն երբեք չի կարելի նույն հարթության վրա դնել։ Աստված հավիտյան գերագույն է և հավիտյան պատվավոր, մինչդեռ մարդը հավիտյան ստոր է և հավիտյան անարժեք։ Պատճառն այն է, որ Աստված հավիտյան նվիրվում և ծախսվում է մարդկության համար, մինչդեռ մարդը հավիտյան պահանջում է և պայքարում ինքն իր համար։ Աստված հավիտյան ջանք է գործադրում մարդկության գոյատևման համար, սակայն մարդը երբեք որևէ բան չի ներդնում՝ հանուն արդարադատության կամ լույսի, և նույնիսկ եթե մարդը ժամանակավոր ջանք է գործադրում, այն չի կարող դիմանալ անգամ մեկ հարվածի, քանզի մարդու ջանքը միշտ հանուն իրեն է, այլ ոչ թե ուրիշների։ Մարդը հավիտյան եսասեր է, մինչդեռ Աստված հավիտյան անձնուրաց է։ Աստված այն ամենի ակունքն է, ինչն արդարադատ է, բարի և գեղեցիկ, մինչդեռ մարդը մեկն է, ով ժառանգում և արտահայտում է ողջ այլանդակությունն ու չարիքը։ Աստված երբեք չի փոխի արդարադատության և գեղեցկության Իր էությունը, սակայն մարդը ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կարող է դավաճանել արդարադատությանը և հեռանալ Աստծուց։
Յուրաքանչյուր նախադասություն, որ Ես ասել եմ, իր մեջ պարունակում է Աստծու բնույթը։ Լավ կլինի, որ դուք ուշադիր կերպով քննեք Իմ խոսքերը, և, անշուշտ, մեծապես օգուտ կքաղեք դրանցից։ Աստծու էությունը շատ դժվար է ըմբռնել, բայց Ես հավատում եմ, որ դուք բոլորդ Աստծու բնույթի մասին գոնե որոշակի պատկերացում ունեք։ Ուստի Ես հուսով եմ, որ դուք ավելի շատ բան կունենաք Ինձ ցույց տալու այն գործերից, որոնք արել եք և որոնք չեն վիրավորում Աստծու բնույթը։ Այդ ժամանակ Ես կհանգստանամ։ Օրինակ՝ Աստծուն միշտ պահիր քո սրտում։ Երբ գործում ես, Նրա խոսքերի համաձայն արա։ Փնտրիր Նրա ցանկություններն ամեն ինչում և զերծ մնա այնպիսի բաներ անելուց, որոնք անհարգալից են և անպատվություն են բերում Աստծուն։ Առավել ևս, Աստծուն չպետք է մղես քո մտքի հետին պլան՝ քո սրտի ապագա դատարկությունը լցնելու համար։ Եթե դու դա անես, վիրավորած կլինես Աստծու բնույթը։ Եվ որպես մեկ այլ օրինակ՝ եթե դու քո ողջ կյանքի ընթացքում Աստծու դեմ երբեք հայհոյական խոսքեր կամ տրտունջներ չասես, կամ եթե ի վիճակի լինես պատշաճ կերպով կատարելու այն ամենը, ինչ Նա հանձնարարել է քեզ, և նաև քո ողջ կյանքի ընթացքում հնազանդվես Նրա բոլոր խոսքերին, ապա դու խուսափած կլինես կառավարչական հրամանագրերը խախտելուց։ Օրինակ՝ եթե երբևէ ասել ես. «Ինչո՞ւ չեմ կարծում, որ նա աստված է», «Ես կարծում եմ, որ այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան սուրբ հոգու որոշակի լուսավորություն», «Իմ կարծիքով՝ այն ամենը, ինչ աստված անում է, պարտադիր չէ, որ ճիշտ լինի», «աստծու մարդկայնությունը իմից բարձր չէ», «աստծու խոսքերին պարզապես հնարավոր չէ հավատալ» կամ նման այլ քննադատող խոսքեր, ապա Ես քեզ հորդորում եմ ավելի հաճախ խոստովանել քո մեղքերը և ապաշխարել։ Հակառակ դեպքում, դու երբեք ներման հնարավորություն չես ունենա, քանզի դու ոչ թե մարդու ես վիրավորում, այլ հենց Աստծուն։ Դու գուցե կարծես, թե մարդու ես դատում, բայց Աստծու Հոգին այդպես չի համարում։ Նրա մսեղիի հանդեպ քո անհարգալից վերաբերմունքը հավասարազոր է Նրան անհարգալից վերաբերվելուն։ Եթե այդպես է, մի՞թե քո արածով չես վիրավորել Աստծու բնույթը։ Դու պետք է հիշես, որ այն ամենը, ինչ արվում է Աստծու Հոգու կողմից, արվում է մսեղիի մեջ Նրա գործը պաշտպանելու համար և որպեսզի այդ գործը լավ արվի։ Եթե դու անտեսես սա, ապա Ես ասում եմ, որ դու մեկն ես, ով Աստծուն հավատալու մեջ երբեք չի կարողանա հաջողության հասնել։ Քանի որ դու հարուցել ես Աստծու բարկությունը, ուստի Նա համապատասխան պատիժ կօգտագործի՝ քեզ դաս տալու համար։
Աստծու էությունը ճանաչելը մանրուք չէ։ Դու պետք է հասկանաս Նրա բնույթը։ Այսպես դու աստիճանաբար և աննկատ կերպով կճանաչես Աստծու էությունը։ Երբ դու ունենաս այս ճանաչողությունը, կհայտնաբերես, որ քայլում ես դեպի ավելի բարձր և ավելի գեղեցիկ վիճակ։ Ի վերջո ամոթ կզգաս քո սոսկալի հոգու համար և, ավելին, կզգաս, որ քո ամոթից թաքնվելու տեղ չկա։ Այդ ժամանակ քո գործողություններում գնալով ավելի ու ավելի քիչ բան կլինի Աստծու բնույթը վիրավորող, քո սիրտը գնալով ավելի ու ավելի կմոտենա Աստծու սրտին, և Նրա հանդեպ սերն աստիճանաբար կաճի քո սրտում։ Սա մարդկության գեղեցիկ վիճակ մտնելու նշան է։ Բայց առայժմ դուք չեք հասել դրան։ Քանի դեռ դուք բոլորդ այսուայնկողմ եք վազում հանուն ձեր ճակատագրի, Աստծու էությունը ճանաչել փորձելու տրամադրություն ո՞վ ունի։ Եթե սա շարունակվի, դուք աննկատ կերպով կխախտեք կառավարչական հրամանագրերը, քանզի դուք չափազանց քիչ եք հասկանում Աստծու բնույթը։ Ուստի մի՞թե այն, ինչ հիմա անում եք, հիմք չի դնում Աստծու բնույթի դեմ ձեր վիրավորանքների համար։ Այն, որ Ես խնդրում եմ ձեզ հասկանալ Աստծու բնույթը, կտրված չէ Իմ գործից։ Քանզի եթե դուք հաճախ խախտեք կառավարչական հրամանագրերը, ձեզանից ո՞վ կխուսափի պատժից։ Մի՞թե այդ դեպքում Իմ գործը լիովին իզուր չէր լինի։ Հետևաբար, Ես դեռ խնդրում եմ, որ ձեր սեփական վարքագիծը վերահսկելուց բացի՝ դուք զգույշ լինեք ձեր արած քայլերում։ Սա ձեզ ներկայացրած Իմ ավելի բարձր պահանջն է, և Ես հուսով եմ, որ դուք բոլորդ ուշադիր կդիտարկեք և լրջորեն կմոտենաք դրան։ Եթե գա մի օր, երբ ձեր գործողություններն Ինձ հասցնեն ծայրահեղ բարկության, հետևանքների մասին միայն դուք պետք է մտածեք, և ուրիշ ոչ ոք չի լինի, որ ձեր փոխարեն կրի պատիժը։