Ինչպես պետք է քայլես ուղու վերջին հատվածով

Դուք այժմ ուղու վերջին հատվածում եք, և դա ուղու վճռորոշ մաս է։ Գուցե շատ տառապանք ես կրել, շատ գործ ես կատարել, շատ ճանապարհներ ես անցել և շատ քարոզներ լսել։ Գուցե հեշտ չի եղել հասնել այնտեղ, որտեղ հիմա ես։ Եթե չես կարողանում տանել այժմ առջեւումդ ծառացած տառապանքը, և, եթե շարունակում ես այնպես, ինչպես անցյալում էիր անում, ապա չես կարող կատարելագործվել։ Այս խոսքերը նպատակ չունեն վախեցնելու քեզ. դրանք փաստ են։ Աստծու շատ գործերի միջով անցնելուց հետո Պետրոսը որոշ բաների վերաբերյալ ձեռք բերեց խորաթափանցություն, ինչպես նաև՝ մեծ զանազանություն։ Նա սկսեց շատ բաներ հասկանալ ծառայության սկզբունքի վերաբերյալ և հետագայում կարողացավ նվիրվել Հիսուսի հանձնարարությանը։ Մեծ զտումը, որ նա ստացավ, հիմնականում այն պատճառով էր, որ, հաշվի առնելով իր իսկ արած բաները, զգում էր, որ այնքան շատ է պարտք Աստծուն, և որ երբեք չէր կարողանա հատուցել Նրան, միաժամանակ գիտակցելով, որ մարդը շատ ապականված է, ինչն էլ ստիպում էր նրան մեղավոր զգալ իր խղճի առաջ։ Հիսուսը շատ բաներ էր ասել Պետրոսին, բայց այն ժամանակ, երբ այդ բաներն ասվեցին, նա ունակ էր լոկ չնչին հասկացողության և երբեմն դեռ որոշակիորեն դիմակայում և ապստամբում էր։ Հիսուսի խաչվելուց հետո նա վերջապես ինչ-որ արթնացում ապրեց, և ներքուստ ինքն իր հանդեպ հանդիմանության ուժեղ խայթոցներ զգաց։ Ի վերջո բանը հասավ նրան, որ անընդունելի էր համարում որևէ սխալ գաղափար ունենալը։ Նա շատ լավ գիտեր իր սեփական վիճակը, և նաև լավ գիտեր Տիրոջ սրբությունը։ Արդյունքում՝ Տիրոջ հանդեպ սիրո սիրտն է՛լ ավելի մեծացավ նրա մեջ, և նա ավելի կենտրոնացավ սեփական կյանքի վրա։ Դրա պատճառով մեծ չարչարանք կրեց, և թեև երբեմն այնպես էր թվում, ասես ծանր հիվանդություն ուներ և նույնիսկ թվում էր, թե մեռած է, այս կերպ բազմիցս զտվելուց հետո նա ավելի շատ հասկացողություն ձեռք բերեց իր մասին և Տիրոջ հանդեպ ճշմարիտ սեր ձեւավորեց։ Կարելի է ասել, որ նրա ողջ կյանքն անցավ զտման և առավել ևս՝ պատժի մեջ։ Նրա փորձառությունը տարբերվում էր ցանկացած այլ մարդու փորձառությունից, իսկնրա սերը գերազանցում էր սերը ցանկացած մեկի, ով չի կատարելագործվել։ Նրա՝ որպես նմուշ ներկայացվելու պատճառն այն էր, որ նա իր կյանքի ընթացքում ամենաշատ տանջանքը կրեց, և նրա փորձառություններն ամենահաջողվածն էին։ Եթե իսկապես կարողանաք Պետրոսի պես լինել ուղու վերջին հատվածով քայլելիս, ապա չկա ոչ մի արարած, որը կարող է խլել ձեր օրհնությունները։

Պետրոսը խղճի մարդ էր, բայց նույնիսկ այնպիսի մարդկայնությամբ, ինչպիսին նա ուներ, անխուսափելիորեն ունենում էր շատ հակադրվող և ապստամբ գաղափարներ այն ժամանակ, երբ նոր էր սկսել հետևել Հիսուսին։ Բայց Հիսուսին հետևելիս լուրջ չէր վերաբերվում այս բաներին՝ հավատալով, որ մարդիկ հենց այդպիսին պետք է լինեն։ Ուստի սկզբում նա ոչ մի հանդիմանություն չէր զգում և ոչ էլ էտվում էր։ Հիսուսը լուրջ չէր վերաբերվում Պետրոսի արձագանքներին, ոչ էլ ուշադրություն էր դարձնում դրանց, այլ պարզապես կենտրոնանում էր այն գործն անելու վրա, որն Ինքը պետք է աներ։ Նա երբեք մանրախնդիր չէր լինում Պետրոսի և մյուսների հետ։ Գուցե ասես. «Մի՞թե Հիսուսը չգիտեր նրանց ունեցած այս գաղափարների մասին»։ Բնավ ո՛չ։ Պատճառն այն էր, որ Նա իսկապես հասկանում էր Պետրոսին. իրոք, կարելի է ասել, որ խորապես էր հասկանում նրան, և այդ պատճառով Հիսուսը ոչ մի միջոց չէր ձեռնարկում նրա դեմ։ Նա ատում էր մարդկությանը, բայց նաև ողորմություն ուներ նրանց հանդեպ։ Մի՞թե հիմա ձեր մեջ չկան շատերը, ովքեր դիմակայում են ճիշտ այնպես, ինչպես Պողոսն էր անում, և ովքեր շատ պատկերացումներ ունեն, ճիշտ այնպես, ինչպես Պետրոսն ուներ Տեր Հիսուսի հանդեպ այն ժամանակ։ Ասում եմ քեզ, լավագույն բանը կլիներ, եթե չափազանց շատ չհավատայիր վեցերորդ զգայարանիդ։ Քո ընկալման զգայարանն անհուսալի է և վաղուց ի վեր լիովին ավերվել է սատանայի ապականությամբ։ Կարծում ես, թե քո ընկալումը կատարյալ է և անթերի՞։ Պողոսը բազմիցս դիմակայեց Տեր Հիսուսին, բայց Հիսուսը ոչ մի արձագանք չտվեց։ Մի՞թե Հիսուսը կարող էր բուժել հիվանդներին և դևեր հանել, սակայն անկարող լիներ վտարել Պողոսի մեջ եղած «դևին»։ Ինչո՞ւ միայն այն բանից հետո, երբ Հիսուսը հարություն առավ և համբարձվեց երկինք, երբ Պողոսը շարունակում էր կամայականորեն ձերբակալել Հիսուսի աշակերտներին, Հիսուսը վերջապես հայտնվեց նրան Դամասկոսի ճանապարհին և գետնին գցեց նրան։ Մի՞թե Տեր Հիսուսը չափազանց դանդաղ արձագանքեց։ Թե՞ պատճառն այն էր, որ ոչ մի իշխանություն չուներ, երբ մսեղիի մեջ էր։ Կարծում ես, թե երբ ծածուկում բաներ ես քանդում և դիմակայում Ինձ, Ես չգիտե՞մ։ Կարծում ես, թե լուսավորման այն փշրանքները, որոնք ստանում ես Սուրբ Հոգուց, կարող են օգտագործվել Ինձ դիմակայելու համա՞ր։ Երբ Պետրոսը տհաս էր, շատ գաղափարներ ուներ Հիսուսի վերաբերյալ, ուստի ինչո՞ւ ոչ մի հանդիմանություն չփորձառեց։ Հենց հիմա շատերը գործում են առանց որևէ հանդիմանություն զգալու, և նույնիսկ, երբ նրանց հստակ ասվում է, որ իրենց արածը ճիշտ չէ, միևնույն է չեն լսում։ Մի՞թե դա ամբողջովին մարդու ապստամբության պատճառով չէ։ Արդեն այնքան շատ բան եմ ասել, բայց դու դեռ զուրկ ես խղճի գիտակցության նույնիսկ նշույլից, ուստի ինչպե՞ս ես կարողանալու քայլել ուղու վերջին հատվածով, շարունակել քայլել մինչև ուղու ավարտը։ Մի՞թե չես զգում, որ սա վիթխարի մասշտաբներ ունեցող հարց է։

Երբ մարդիկ նվաճվում են, ի վիճակի են հնազանդվելու Աստծու ներդաշնակեցմանը և ի վիճակի են հետևելու Աստծուն՝ ապավինելով իրենց հավատին և Նրան սիրելու իրենց վճռականությանը։ Ուստի ինչպե՞ս կարելի է քայլել ուղու վերջին հատվածով։ Նեղություն կրելու օրերին պետք է տոկաս բոլոր դժվարություններին և պետք է տառապելու վճռականություն ունենաս։ Միայն այս կերպ կարող ես լավ անցնել ուղու այս հատվածը։ Կարծում ես, թե այդքան հեշտ է անցնել ուղու այս հատվածը։ Պետք է իմանաս, թե ինչ գործառույթ պետք է իրականացնես. պետք է բարձրացնեք ձեր որակը և զինվեք բավարար ճշմարտությամբ։ Սա մեկ-երկու օրվա գործ չէ և այնքան պարզ չէ, որքան դու ես կարծում։ Ուղու վերջին հատվածով քայլելը կախված է այն բանից, թե կոնկրետ ինչպիսին են քո հավատն ու վճռականությունը։ Գուցե չես կարողանում տեսնել Սուրբ Հոգու գործը քո մեջ կամ գուցե ի վիճակի չես բացահայտելու Սուրբ Հոգու գործը եկեղեցում, ուստի հոռետես ես ու հիասթափված և լի հուսահատությամբ առջևում ընկած ճանապարհի հանդեպ։ Մասնավորապես՝ անցյալի մեծ ռազմիկները բոլորն ընկել են. մի՞թե այս ամենը հարված չէ քեզ համար։ Ինչպե՞ս պետք է նայես այս բաներին։ Հավատ ունե՞ս, թե՞ ոչ։ Լիովին հասկանո՞ւմ ես այսօրվա գործը, թե՞ ոչ։ Այս բաները կարող են որոշել, թե արդյոք ի վիճակի ես հաջողությամբ քայլելու ուղու վերջին հատվածով։

Ինչո՞ւ է ասվում, որ այժմ ուղու վերջին հատվածում եք։ Պատճառն այն է, որ հասկացել եք այն ամենը, ինչ պետք է հասկանաք, և որովհետև ձեզ ասել եմ այն ամենը, ինչին մարդիկ պետք է հասնեն։ Նաև ասել եմ ձեզ այն ամենի մասին, ինչ ձեզ հանձնարարվել է։ Ուստի՝ սա ուղու վերջին մասն է, որով հիմա քայլում եք,, որով Ես առաջնորդում եմ մարդկանց։ Միայն պահանջում եմ, որ ձեռք բերեք ինքնուրույն ապրելու կարողություն. միշտ ճանապարհ կունենաս գնալու, դեռևս ի վիճակի կլինես բարձրացնելու որակդ, բնականոն կերպով կարդալու Աստծու խոսքերը և բնականոն մարդկային կյանք վարելու։ Հիմա առաջնորդում եմ քեզ այսպես ապրելու, բայց ապագայում, երբ չառաջնորդեմ քեզ, արդյո՞ք դեռ ի վիճակի կլինես։ Կկարողանա՞ս շարունակել։ Սա էր Պետրոսի փորձառությունը. երբ Հիսուսն առաջնորդում էր նրան, նա քիչ հասկացողություն ուներ. միշտ անհոգ էր երեխայի պես և լուրջ չէր վերաբերվում իր արած ոչ մի բանի։ Միայն Հիսուսի հեռանալուց հետո նա սկսեց իր բնականոն մարդկային կյանքը։ Նրա իմաստալից կյանքը սկսվեց միայն Հիսուսի հեռանալուց հետո։ Թեև նա իսկապես ուներ բնականոն մարդկայնության որոշակի ողջամտություն և որոշ բաներ, որոնք բնականոն մարդը պետք է ունենա, այնուամենայնիվ` նրա ճշմարիտ փորձառությունն ու ձգտումը նոր սկիզբ չունեցան մինչև Հիսուսի հեռանալը։ Ինչպիսի՞ն է ձեր ներկայիս իրավիճակը։ Հիմա առաջնորդում եմ ձեզ այս ճանապարհով, և կարծում ես, որ դա հրաշալի է։ Ոչ մի միջավայր և փորձություն չի գալիս քեզ վրա, սակայն այս կերպ հնարավոր չէ տեսնել, թե իրականում ինչպիսի հասակ ունես, ոչ էլ հնարավոր է տեսնել, թե արդյոք իսկապես մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը։ Դու քո բերանով ասում ես, որ հասկանում ես սեփական բուն էությունը, բայց սրանք դատարկ խոսքեր են։ Միայն ապագայում, երբ իրական իրադարձություններ գան քեզ վրա, հասկացողությունդ կստուգվի։ Հիմա այսպիսի հասկացողություն ունես. «Հասկանում եմ, որ իմ սեփական մսեղին շատ ապականված է, և մարդկանց մսեղիի բուն էությունն Աստծու դեմ ապստամբելն ու Նրան դիմակայելն է։ Աստծու դատաստանն ու պատիժը ստանալ կարողանալն Աստծու կողմից մարդկանց բարձրացնելն է։ Հիմա հասկացել եմ դա, և պատրաստ եմ հատուցելու Աստծու սերը»։ Ասելը հեշտ է, բայց հետագայում, երբ նեղություն, փորձություններ և տառապանք գան քեզ վրա, հեշտ չի լինի փորձառաբար ապրել այս բաները։ Ամեն օր այսպես հետևում եք, բայց դեռևս անկարող եք շարունակել ձեր փորձառությունը։ Է՛լ ավելի վատ կլիներ, եթե բաց թողնեի ձեզ և այլևս ուշադրություն չդարձնեի ձեզ. շատերը վայր կընկնեին և կվերածվեին աղի արձանի` ամոթի նշանի։ Նման վախճանները շատ հնարավոր են։ Մի՞թե չես անհանգստանում կամ տագնապում սրա համար։ Պետրոսն անցավ այդպիսի միջավայրի միջով և փորձառաբար ապրեց այդպիսի տառապանք, բայց միևնույն է հաստատուն կանգնեց։ Եթե դու ենթարկվեիր այդ միջավայրին, կկարողանայի՞ր հաստատուն կանգնել։ Երկրի վրա Հիսուսի խոսքերն ու գործերը հիմք տվեցին Պետրոսին, և հենց այս հիմքից նա քայլեց իր հետագա ուղիով։ Կարո՞ղ եք հասնել այդ մակարդակին։ Այն ուղիները, որոնցով քայլել եք, և այն ճշմարտությունները, որոնք հասկացել եք, կարո՞ղ են դառնալ քո հիմքը, որի վրա կարող ես հաստատուն կանգնել ապագայում։ Կարո՞ղ են այս բաները դառնալ քո տեսիլքը՝ հետագայում հաստատուն կանգնելու համար։ Կասեմ ձեզ ճշմարտությունը. կարելի է ասել, որ այն, ինչ մարդիկ ներկայումս հասկանում են, ամբողջը վարդապետություններ են։ Պատճառն այնէ, որ նրանք չունեն այն իրենց հասկացած բոլոր բաների փորձառությունը։ Այն, որ կարողացել ես շարունակել մինչև հիմա, ամբողջովին այն պատճառով է, որ առաջնորդվել ես նոր լույսով։ Պատճառն այն չէ, որ հասակդ հասել է որոշակի մակարդակի, այլ ավելի շուտ այն է, որ Իմ խոսքերն առաջնորդել են քեզ մինչև այսօր։ Պատճառն այն չէ, որ մեծ հավատ ունես, այլ ավելի շուտ Իմ խոսքերի իմաստությունն է, որը քեզ անկարող դարձրեց որևէ այլ բան անել, բացի մինչև այսօր հետևելուց։ Եթե Ես հիմա չխոսեի, չհնչեցնեի Իմ ձայնը, դու անկարող կլինեիր շարունակել և անմիջապես կդադարեիր առաջ շարժվել։ Մի՞թե սա ձեր իրական հասակը չէ։ Դուք գաղափար անգամ չունեք, թե որ կողմերից մտնեք և որ կողմերում լրացնեք այն, ինչ ձեզ պակասում է։ Չեք հասկանում, թե ինչպես կյանքով արտահայտել իմաստալից մարդկային կյանք, ինչպես հատուցել Աստծու սերը, կամ ինչպես վկայել այնպես, որ լինի ուժեղ և հնչեղ։ Դուք լիովին անկարող եք հասնել այս բաներին։ Եվ՛ ծույլ եք, և՛ հիմար։ Այն ամենը, ինչ կարող եք անել, ուրիշ բանի վրա հենվելն է, և այն, ինչի վրա հենվում եք, նոր լույս է, և Նա է, Ով առջևում է՝ առաջնորդելով ձեզ։ Այն, որ կարողացել ես համառել մինչև այսօր, այն պատճառով է, որ ամբողջովին ապավինել ես նոր լույսին և ամենավերջին արտահայտումներին։ Դուք բնավ նման չեք Պետրոսին, ով հմուտ էր ճշմարիտ ճանապարհին ձգտելու մեջ, կամ Հոբին, ով ի վիճակի էր հավատարմորեն երկրպագելու Եհովային և հավատալու, որ Եհովան Աստված է, անկախ այն բանից, թե ինչպես Եհովան փորձեց նրան և օրհնեց, թե ոչ։ Դու ի վիճակի՞ ես դա անելու։ Ինչպե՞ս եք նվաճվել։ Մի կողմից՝ դատաստանի, պատժի և անեծքի միջոցով է, իսկ մյուս կողմից՝ խորհուրդների միջոցով է, որ նվաճվել եք։ Բոլորդ ավանակների պես եք։ Եթե այն, ինչի մասին խոսում եմ, բավականաչափ վսեմ չէ ձեզ համար, եթե չկան խորհուրդներ, ապա չեք կարող նվաճվել։ Եթե քարոզող մարդ լիներ, և միշտ քարոզեր նույն բաների մասին որոշակի ժամանակահատվածում, բոլորդ կհեռանայիք և կցրվեիք երկու տարվա ընթացքում. չէիք կարողանա շարունակել։ Դուք չգիտեք ավելի խորանալ, ոչ էլ հասկանում եք, թե ինչպես ձգտել ճշմարտությանը կամ կյանքի ճանապարհին։ Այն ամենը, ինչ հասկանում եք, ստանալն է մի բան, որը ձեզ նորույթ է թվում, օրինակ՝ լսել խորհուրդների կամ տեսիլքների մասին, կամ թե ինչպես էր Աստված նախկինում գործում, կամ Պետրոսի փորձառությունների կամ Հիսուսի խաչելության նախապատմության մասին... Դուք միայն պատրաստ եք լսել այս բաների մասին, և որքան շատ եք լսում, այնքան ավելի եք ոգևորվում։ Պարզապես լսում եք այս ամենը՝ ձեր վիշտն ու ձանձրույթը ցրելու համար։ Ձեր կյանքն ամբողջովին կանգուն է մնում այս նորույթներով։ Կարծում ես, թե սեփական հավատովդ ես հասել այնտեղ, որտեղ այսօր ես։ Մի՞թե սա այն խղճուկ, ողորմելի հասակը չէ, որը դուք ունեք։ Ո՞ւր է ձեր ազնվությունը։ Ո՞ւր է ձեր մարդկայնությունը։ Դուք ունե՞ք մարդկային կյանք։ Կատարելագործվելու տարրերից քանի՞սն ունեք։ Մի՞թե այն, ինչ ասում եմ, փաստ չէ։ Ես խոսում և գործում եմ այս կերպ, բայց, միևնույն է, դուք գրեթե ուշադրություն չեք դարձնում։ Հետևելիս նաև դիտում եք։ Միշտ անտարբեր տեսք եք պահպանում, և ձեզ միշտ քթից բռնած են տանում։ Այսպես եք դուք բոլորդ առաջ ընթացել. այն, ինչ ձեզ բերել է այնտեղ, որտեղ այսօր եք, բացառապես պատիժն է, զտումը և խրատումը։ Եթե միայն մի քանի քարոզ կարդացվեր կյանքի մուտքի մասին, մի՞թե բոլորդ վաղուց ճողոպրած չէիք լինի։ Ձեզնից յուրաքանչյուրն ավելի ինքնահավան է քան նախորդը, բայց իրականում ձեր փորերը լի են միայն կեղտաջրով։ Դու կարողացել ես յոլա գնալ մինչև հիմա միայն այն պատճառով, որ հասկացել ես որոշ խորհուրդներ, որոշ բաներ, որոնք մարդիկ նախկինում չեն հասկացել։ Ոչ մի պատճառ չունեք չհետևելու, ուստի դուք պարզապես կարողացել եք տեղներդ պնդել և հետևել ամբոխին։ Սա լոկ Իմ խոսքերի միջոցով ձեռք բերված արդյունքն է և վստահաբար սխրանք չէ, որը ինքներդ եք իրագործել։ Ձեր մեջ ոչ մի գովելի բան չկա։ Ուստի՝ գործի այս փուլում մինչև այսօր առաջնորդվել եք հիմնականում խոսքերի միջոցով։ Հակառակ դեպքում՝ ձեզնից ո՞վ ընդունակ կլիներ ենթարկվելու։ Ո՞վ ի վիճակի կլիներ համառելու մինչև այսօր։ Վաղուց ի վեր ուզում էիք հեռանալ առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց չէիք համարձակվում. քաջություն չունեիք։ Մինչև այսօր հետևում եք կիսատ-պռատ։

Միայն Հիսուսի խաչվելուց և հեռանալուց հետո Պետրոսը սկսեց գնալ սեփական հունով և սկսեց քայլել այն ուղիով, որով պետք է քայլեր. նա սկսեց զինվել միայն սեփական պակասություններն ու թերությունները տեսնելուց հետո։ Տեսավ, որ սիրտը չափազանց քիչ էր աստվածասեր, և տառապելու վճռականությունն անբավարար էր, որ խորաթափանցություն չուներ, և որ իրեն պակասում էր ողջամտությունը։ Տեսավ, որ իր մեջ շատ բաներ կային, որոնք համահունչ չէին Հիսուսի մտադրություններին, և որ կային շատ բաներ, որոնք ապստամբ և դիմակայող էին և աղտոտված մարդկային կամքով։ Միայն դրանից հետո նա մուտք գործեց յուրաքանչյուր կողմով։ Երբ Հիսուսն առաջնորդում էր նրան, բացահայտեց նրա վիճակը, և Պետրոսն ընդունեց դա և պատրաստակամորեն համաձայնեց Հիսուսի ասածի հետ, սակայն ճշմարիտ հասկացողություն ձեռք բերեց միայն հետագայում։ Պատճառն այն էր, որ այն ժամանակ նա ոչ փորձառություն ուներ, ոչ էլ գիտելիք իր սեփական հասակի մասին։ Այսինքն՝ հիմա պարզապես խոսքեր եմ օգտագործում ձեզ առաջնորդելու համար, և անհնար է ձեզ կատարելագործել կարճ ժամանակահատվածում, և դուք կսահմանափակվեք ճշմարտությունը հասկանալու և իմանալու կարողությամբ։ Պատճառն այն է, որ քեզ նվաճելը և սրտումդ քեզ համոզելը ներկայիս գործն է, և միայն այն բանից հետո, երբ մարդիկ նվաճվեն, նրանցից ոմանք կկատարելագործվեն։ Հենց հիմա այն տեսիլքները և այն ճշմարտությունները, որոնք հասկանում ես, հիմք են դնում քո ապագա փորձառությունների համար. ապագա նեղությունների ժամանակ դուք բոլորդ այս խոսքերի իրական փորձառություն կունենաք։ Հետագայում, երբ փորձություններ գան քեզ վրա, և նեղություններ կրես, կմտածես այն խոսքերի մասին, որոնք այսօր ասում ես, որոնք են. «Անկախ այն բանից, թե ինչ նեղության, փորձությունների կամ մեծ արհավիրքների եմ հանդիպում, պետք է բավարարեմ Աստծուն»։ Կմտածես Պետրոսի փորձառությունների և ապա Հոբի փորձառությունների մասին. կգոտեպնդվես այսօրվա խոսքերով։ Միայն այս կերպ կարող է հավատդ ոգեշնչվել։ Այն ժամանակ Պետրոսն ասաց, որ ինքն արժանի չէ ստանալու Աստծու դատաստանն ու պատիժը, և երբ ժամանակը գա, դու նույնպես պատրաստ կլինես, որ բոլորը տեսնեն Աստծու արդար բնույթը քո միջոցով։ Հեշտությամբ կընդունես Նրա դատաստանն ու պատիժը, և Նրա դատաստանը, պատիժն ու անեծքը մխիթարություն կլինեն քեզ համար։ Հիմա պարզապես անընդունելի է, որ զինված չլինես ճշմարտությամբ։ Առանց դրա ոչ միայն անկարող կլինես հաստատուն կանգնել ապագայում, այլև՝ գուցե ի ունակ չլինես փորձառաբար ապրելու ներկայիս գործը։ Եթե այդպես է, մի՞թե չես լինի այն մարդկանցից մեկը, ովքեր դուրս են թողնվում և պատժվում։ Հենց հիմա ոչ մի իրական իրադարձություն չի եկել քեզ վրա, և Ես ապահովել եմ քեզ այն կողմերով, որոնք քեզ պակասում են. Ես խոսում եմ բոլոր կողմերից։ Դուք շատ տառապանք չեք կրել. պարզապես վերցնում եք այն, ինչ հասանելի է՝ առանց որևէ գին վճարելու, և ավելին, չունեք ձեր սեփական իրական փորձառությունները կամ խորաթափանցությունը։ Ուստի` այն, ինչ հասկանում եք, ձեր իսկական հասակը չէ։ Դուք սահմանափակված եք հասկացողությամբ, գիտելիքով և տեսնելով, բայց շատ բերք չեք հավաքել։ Եթե երբեք ուշադրություն չդարձնեի ձեզ, այլ թողնեի, որ փորձառություններ ունենայիք ձեր սեփական տանը, վաղուց ետ փախած կլինեիք դեպի մեծ, լայն աշխարհ։ Այն ուղին, որով քայլելու ես ապագայում, տառապանքի ուղի կլինի, և եթե հաջողությամբ քայլես ուղու այս ներկայիս հատվածով, ապա վկայություն կունենաս, երբ ապագայում ավելի մեծ նեղություններ կրես։ Եթե հասկանում ես մարդկային կյանքի նշանակությունը և բռնել ես մարդկային կյանքի ճիշտ ուղին, և եթե ապագայում հանձնվես Նրա ներդաշնակեցումների ողորմությանն առանց որևէ դժգոհության կամ ընտրության, անկախ այն բանից, թե Աստված ինչպես կվարվի քեզ հետ, և եթե ոչ մի պահանջ չներկայացնես Աստծուն, ապա այս կերպ արժեքավոր մարդ կլինես։ Հենց հիմա նեղություն չես կրել, ուստի կարող ես ենթարկվել ցանկացած բանի։ Ասում ես, որ ինչպես էլ Աստված առաջնորդի, լավ է, և որ ամեն ինչ թողնում ես Աստծու ներդաշնակեցումներին։ Անկախ այն բանից՝ Աստված պատժում, թե անիծում է քեզ, դու պատրաստ կլինես բավարարել Նրան։ Այսքանն ասելով՝ ներկայիս ասածներդ անհրաժեշտաբար ներկայացնում հասակդ։ Այն, ինչ պատրաստ ես անել հիմա, չի կարող ցույց տալ, որ ընդունակ ես հետևելու մինչև վերջ։ Երբ մեծ նեղություններ գան քեզ վրա կամ, երբ հալածանք կամ հարկադրանք կրես, կամ նույնիսկ ավելի մեծ փորձություններ, ապա չես կարողանա ասել այդ խոսքերը։ Եթե կարողանաս ունենալ այդպիսի հասկացողություն այն ժամանակ և հաստատուն կանգնես, դա կլինի քո հասակը։ Ինչպիսի՞ն էր Պետրոսն այն ժամանակ։ Պետրոսն ասաց. «Տե՛ր, ես իմ կյանքը կզոհեմ Քեզ համար։ Եթե կամենաս, որ մեռնեմ, կմեռնեմ»։ Այդպես էր աղոթում այն ժամանակ։ Նա նաև ասաց. «Նույնիսկ եթե ուրիշները չսիրեն Քեզ, ես պետք է սիրեմ Քեզ մինչև վերջ։ Ես կհետևեմ Քեզ բոլոր ժամանակներում»։ Այդպես ասաց նա այն ժամանակ, բայց հենց որ փորձություններ եկան նրա վրա, չկարողացավ շարունակել և լաց եղավ։ Բոլորդ գիտեք, որ Պետրոսը երեք անգամ ուրացավ Տիրոջը, այնպես չէ՞։ Շատերը կան, ովքեր լաց կլինեն և մարդկային թուլություն ցույց կտան, երբ փորձություններ գան իրենց վրա։ Դու քո գլխի տերը չես։ Այս հարցում չես կարող վերահսկել ինքդ քեզ։ Գուցե այսօր իսկապես ստացվում է, բայց պատճառն այն է, որ հարմար միջավայր ունես։ Եթե վաղը դա փոխվի, ցույց կտաս քո վախկոտությունն ու անկարողությունը, քո արհամարհելիությունն ու պղծությունը։ «Տղամարդկությունդ» վաղուց ի վեր ոչնչի վերածված կլինի, և երբեմն նույնիսկ գուցե լքես աշխատանքդ և հեռանաս։ Սա ցույց է տալիս, որ այն, ինչ հասկանում էիր այն ժամանակ, քո իրական հասակը չէր։ Պետք է նայել մարդու իրական հասակին՝ տեսնելու համար, թե արդյոք նա իսկապես սիրում է Աստծուն, արդյոք ի վիճակի է իսկապես հանձնվելու Աստծու ներդաշնակեցումների ողորմությանը, և արդյոք ի վիճակի է իր ողջ ուժը դնելու Աստծու պահանջածին հասնելու համար. և արդյոք հավատարիմ է մնում Աստծուն և լավագույնն է առաջարկում Աստծուն, նույնիսկ եթե դա նշանակում է զոհել սեփական կյանքը։

Դու պետք է հիշես, որ այս խոսքերն այժմ խոսվել են. հետագայում ավելի մեծ նեղություն և ավելի մեծ տառապա՛նք կկրես։ Կատարելագործվելը պարզ կամ հեշտ բան չէ։ Առնվազն պետք է ունենաս Հոբի հավատը կամ նույնիսկ ավելի մեծ հավատ, քան նրանն էր։ Պետք է իմանաս, որ ապագայում փորձություններն ավելի մեծ կլինեն քան Հոբի փորձությունները, և որ պետք է ենթարկվես երկարատև պատժի։ Մի՞թե սա հասարակ բան է։ Եթե որակդ չի կարող բարձրանալ, եթե ըմբռնելու կարողությունդ պակասում է, և եթե չափազանց քիչ գիտես, ապա այն ժամանակ ոչ մի վկայություն չես ունենա, այլ փոխարենը կդառնաս ծաղրի առարկա, խաղալիք Սատանայի համար։ Եթե հիմա չես կարողանում ամուր պահել տեսիլքները, ապա ընդհանրապես հիմք չունես և ապագայում դուրս կգրվես։ Ուղու ոչ մի հատված հեշտ չէ անցնել, ուստի թեթևամտորեն մի՛ վերաբերվիր սրան։ Ուշադիր ծանրութեթև արա և նախապատրաստվիր, այս ուղու վերջին հատվածով պատշաճ կերպով քայլելու համար։ Սա այն ուղին է, որով պետք է քայլել ապագայում, այն ուղին, որով բոլորը պետք է քայլեն։ Չպետք է անտեսես այս գիտելիքը. մի՛ կարծիր, թե այն, ինչ ասում եմ քեզ, զուր խոսակցություն է։ Կգա օրը, երբ այդ ամենը լավագույնս կօգտագործես. Իմ խոսքերը չեն կարող իզուր խոսվել։ Սա զինվելու ժամանակն է, ապագայի համար ճանապարհ հարթելու ժամանակը։ Պետք է նախապատրաստես այն ուղին, որով քայլելու ես ապագայում. պետք է անհանգստանաս և տագնապես այն մասին, թե ինչպես ես կարողանալու հաստատուն կանգնել ապագայում և լավ նախապատրաստվես ապագա ուղուդ։ Մի՛ եղիր որկրամոլ և ծույլ։ Պետք է անես բացարձակապես այն ամենը, ինչ կարող ես, որպեսզի լավագույնս օգտագործես ժամանակդ, որպեսզի կարողանաս ձեռք բերել այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է։ Ես քեզ տալիս եմ ամեն ինչ, որպեսզի կարողանաս հասկանալ։ Դուք ձեր սեփական աչքերով տեսել եք, որ երեք տարուց պակաս ժամանակում Ես այնքան շատ բան եմ ասել և այնքան շատ գործ եմ արել։ Այսպես գործելու պատճառներից մեկն այն է, որ մարդկանց շատ բան է պակասում, իսկ մյուս պատճառն այն է, որ ժամանակը չափազանց կարճ է. այլևս ոչ մի հապաղում չի կարող լինել։ Դու պատկերացնում ես, թե մարդիկ նախ պետք է հասնեն կատարյալ ներքին հստակության, նախքան կկարողանան վկայել և օգտագործվել, բայց մի՞թե դա չափազանց դանդաղ չէր լինի։ Ուստի՝ որքա՞ն ժամանակ պետք է ուղեկցեմ քեզ։ Եթե կամենայիր, որ ուղեկցեի քեզ, մինչև ծերանալդ ու ալեհեր դառնալդ, դա անհնար կլիներ։ Ավելի մեծ նեղության միջով անցնելով՝ բոլոր մարդկանց ներսում ճշմարիտ հասկացողություն ձեռք կբերվի։ Սրանք գործի քայլերն են։ Հենց որ հիմնովին հասկանաս այսօր հաղորդակցված տեսիլքները և հասնես ճշմարիտ հասակի, ապա ապագայում ինչ տառապանք էլ որ կրես, չի ընկճի քեզ, և դու կկարողանաս հաստատուն կանգնել։ Երբ ավարտեմ գործի այս վերջին քայլը և վերջին խոսքերի արտաբերումը, ապագայում մարդկանց անհրաժեշտ կլինի քայլել իրենց սեփական ճանապարհով։ Սա կիրագործի նախկինում ասված խոսքերը. Սուրբ Հոգին հանձնարարություն ունի յուրաքանչյուր մարդու համար և անելիք յուրաքանչյուր մարդու վրա։ Ապագայում յուրաքանչյուր ոք կքայլի այն ուղիով, որով պետք է քայլի՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Ո՞վ կկարողանա հոգ տանել ուրիշների մասին նեղություն կրելիս։ Յուրաքանչյուր անհատ ունի իր սեփական տառապանքը, և յուրաքանչյուրն ունի իր սեփական հասակը։ Ոչ մեկի հասակը նույնը չէ, ինչ մյուսինը։ Ամուսինները չեն կարողանա հոգ տանել իրենց կանանց մասին, կամ ծնողները՝ երեխաների մասին. ոչ ոք չի կարողանա հոգ տանել որևէ մեկի մասին։ Այնպես չի լինի, ինչպես հիմա է, երբ փոխադարձ հոգատարությունն ու աջակցությունը դեռ հնարավոր են։ Դա կլինի մի ժամանակ, երբ յուրաքանչյուր տեսակի մարդ կբացահայտվի։ Այսինքն, երբ Աստված հարվածի հովիվներին, հոտի ոչխարները կցրվեն, և այն ժամանակ ճշմարիտ առաջնորդող չեք ունենա։ Մարդիկ կպառակտվեն. այնպես չի լինի, ինչպես հիմա է, երբ կարող եք միասին հավաքույթներ ունենալ։ Ապագայում նրանք, ովքեր չունեն Սուրբ Հոգու գործը, ցույց կտան իրենց իրական դեմքը։ Ամուսինները կմատնեն իրենց կանանց, կանայք կմատնեն իրենց ամուսիններին, երեխաները կմատնեն իրենց ծնողներին, իսկ ծնողները կհալածեն իրենց երեխաներին. մարդկային սիրտն անըմբռնելի է։ Միակ բանը, որ կարելի է անել, այն է, որ մարդն ամուր պահի իր ունեցածը, և պատշաճ կերպով քայլի ուղու վերջին հատվածով։ Հենց հիմա սա հստակ չեք տեսնում. դուք բոլորդ կարճատես եք։ Հեշտ բան չէ հաջողությամբ փորձառաբար ապրել գործի այս քայլը։

Նեղության ժամանակը չափազանց երկար չի լինի. իրոք, այն կտևի մեկ տարուց պակաս։ Եթե տևեր մեկ տարի, գործի հաջորդ քայլը կհետաձգվեր, և մարդկանց հասակն անբավարար կլիներ։ Եթե այն չափազանց երկար լիներ, ապա մարդիկ չէին կարողանա դիմանալ դրան։ Ի վերջո՝ մարդկանց հասակն ունի իր սահմանափակումները։ Իմ սեփական գործն ավարտվելուց հետո հաջորդ քայլը կլինի այն, որ մարդիկ քայլեն այն ուղիով, որով պետք է քայլեն։ Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, թե ինչ ուղիով պետք է քայլի. դա տառապանքի ուղի և գործընթաց է, և նաև Աստծուն սիրելու քո վճռականությունը զտելու ուղի է։ Որ ճշմարտությունների մեջ պետք է մտնես, որ ճշմարտությունները պետք է լրացնես, ինչպես պետք է փորձառաբար ապրես, և որ կողմից պետք է մտնես. պետք է հասկանաս այս ամենը։ Պետք է հիմա զինվես։ Երբ նեղությունը գա քեզ վրա, չափազանց ուշ կլինի։ Յուրաքանչյուր մարդ պետք է հոգս կրի իր սեփական կյանքի համար. մի՛ սպասիր միշտ, որ ուրիշները նախազգուշացնեն քեզ կամ օրեցօր գլուխդ մտցնեն։ Ես այնքան շատ բան եմ ասել, բայց դու դեռ չգիտես, թե որ ճշմարտությունների մեջ պետք է մտնես կամ որոնցով զինվես։ Սա ցույց է տալիս, որ ոչ մի ջանք չես գործադրել Աստծու խոսքերը կարդալու համար։ Ընդհանրապես ոչ մի հոգս չես կրում սեփական կյանքիդ համար. ինչպե՞ս կարող է դա ընդունելի լինել։ Դու հստակ չգիտես, թե ինչի մեջ պետք է մտնես, չես հասկանում, թե ինչ պետք է հասկանաս, և դեռ լիովին շվարած ես այն հարցում, թե ապագա որ ուղիով պետք է գնաս։ Մի՞թե լիովին անարժեք չես։ Ի՞նչ օգուտ քեզանից։ Այն, ինչ հիմա անում եք, ձեր սեփական ճանապարհները կառուցելն ու հարթելն է։ Դու պետք է իմանաս, թե ինչի պետք է հասնեն մարդիկ, և պետք է իմանաս Աստծու պահանջած չափանիշները մարդկության համար։ Պետք է ունենաս հետևյալ հասկացողությունը. անկախ ամեն ինչից, թեև ես խորապես ապականված եմ, պետք է լրացնեմ այս թերություններն Աստծու առաջ։ Նախքան Աստված կասեր ինձ, ես չէի հասկանում, բայց հիմա, երբ Նա ասել է ինձ, և ես հասկանում եմ, պետք է շտապեմ լրացնել այս թերությունները, կյանքով արտահայտել բնականոն մարդկայնություն և կյանքով արտահայտել մի պատկեր, որը կարող է բավարարել Աստծու մտադրությունները։ Նույնիսկ եթե չեմ կարող հասնել այն բանին, ինչ արեց Պետրոսը, առնվազն պետք է կյանքով արտահայտեմ բնականոն մարդկայնություն։ Այս կերպ կարող եմ բավարարել Աստծու սիրտը։

Այս ուղու վերջին հատվածը կձգվի այս պահից մինչև ապագա նեղության ավարտը։ Ճանապարհի այս հատվածը կլինի այն ժամանակ, երբ բացահայտվի մարդկանց իսկական հասակը, ինչպես նաև ցույց կտա, թե արդյոք ունեն ճշմարիտ հավատ, թե ոչ։ Քանի որ ուղու այս հատվածը լինելու է ավելի դժվարին, ավելի քարքարոտ ուղի քան ցանկացած այլ ճանապարհ, որով մարդիկ առաջնորդվել են նախկինում, այն կոչվում է «ուղու վերջին հատված»։ Ճշմարտությունն այն է, որ դա ուղու ամենավերջին հատվածը չէ. պատճառն այն է, որ նեղություն կրելուց հետո կանցնես ավետարանը տարածելու գործին, և կլինի մարդկանց մի մաս, որը կապրի օգտագործվելու գործը։ Ուստի «ուղու վերջին հատվածը» ասվում է միայն մարդկանց զտելու նեղության և դաժան միջավայրի վերաբերյալ։ Ուղու այն հատվածում, որն անցել ենք նախկինում, անձամբ առաջնորդեցի քեզ այդ երջանիկ ճամփորդության ընթացքում՝ բռնելով ձեռքդ՝ սովորեցնելու համար, և կերակրելով քեզ Իմ սեփական բերանից։ Թեև բազմիցս անցել ես պատժի և դատաստանի միջով, դրանք ոչ այլ ինչ են եղել, քան մի շարք թեթև հարվածներ, որքանով որ դա վերաբերում է քեզ։ Իհարկե, դա ստիպել է, որ Աստծուն հավատալու վերաբերյալ տեսակետներդ զգալիորեն փոխվեն. նաև ստիպել է, որ խառնվածքդ զգալիորեն կայունանա, և թույլ է տվել ձեռք բերել Իմ մասին ինչ-որչնչին հասկացողություն։ Բայց ասածս այն է, որ երբ մարդիկ քայլում էին ուղու այդ հատվածով, նրանց վճարած գինը կամ ծախսած սրտի արյունը չնչին էր. Ես եմ, որ առաջնորդել եմ քեզ այնտեղ, որտեղ դու այսօր ես։ Պատճառն այն է, որ Ես չեմ պահանջում քեզնից որևէ բան անել. իրոք, Իմ պահանջները քեզնից բնավ բարձր չեն. պարզապես թույլ եմ տալիս քեզ վերցնել այն, ինչ հասանելի է։ Այս ժամանակահատվածում անդադար ապահովել եմ ձեր կարիքները, և երբեք չափազանց բարձր պահանջներ չեմ ներկայացրել։ Դուք կրկնվող պատիժ եք կրել, սակայն չեք հասել Իմ սկզբնական պահանջներին. դուք նահանջում և վհատվում եք։ Սակայն Ես հաշվի չեմ առնում այս ամենը, որովհետև հիմա Իմ անձնական գործի ժամանակն է, և Ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում Ինձ քո «նվիրվածությանը»։ Բայց այսուհետ եկող ուղուն Ես այլևս չեմ գործի կամ խոսի, և երբ ժամանակը գա, այլևս թույլ չեմ տա ձեզ շարունակել այսպես պարապ մնալ։ Թույլ կտամ ձեզ բավարար դասեր քաղել և թույլ չեմ տա վերցնել այն, ինչ հասանելի է։ Ձեր այսօրվա իսկական հասակը պետք է բացահայտվի։ Արդյոք ձեր տարիների ջանքերն ի վերջո պտուղ տալիս են, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչպես եք քայլում ուղու այս վերջին հատվածով։ Նախկինում կարծում էիք, թե Աստծուն հավատալը շատ պարզ է, և դա այն պատճառով էր, որ Աստված խստորեն չէր վարվում քեզ հետ։ Իսկ ի՞նչ կասեք հիմա։ Կարծում եք, որ Աստծուն հավատալը պարզ բա՞ն է։ Դեռ զգում եք, որ Աստծուն հավատալը ձեզ դարձնում է փողոցում խաղացող երեխաների պես երջանիկ ու անհո՞գ։ Ճիշտ է, որ ոչխարներ եք. սակայն պետք է ի վիճակի լինեք քայլելու այն ուղիով, որով պետք է քայլեք, որպեսզի հատուցեք Աստծու շնորհքը և ամբողջովին ձեռք բերեք այն Աստծուն, Ում հավատում եք։ Ձեզ հիմարի տեղ մի՜ դրեք և մի՛ խաբեք ինքներդ ձեզ։ Եթե կարողանաս ավարտել ուղու այս հատվածը, ապա կկարողանաս տեսնել Իմ ավետարանական գործի աննախադեպ տեսարանը, որը տարածվում է ողջ տիեզերքով մեկ, և բարեբախտություն կունենաս լինելու Իմ մտերիմը և քո դերը խաղալու տիեզերքում Իմ գործը տարածելու մեջ։ Այդ ժամանակ մեծ ուրախությամբ կշարունակես քայլել այն ուղիով, որով պետք է քայլես։ Ապագան անսահման պայծառ կլինի, բայց հիմա գլխավորն ուղու այս վերջին հատվածով պատշաճ կերպով քայլելն է։ Պետք է փնտրես և նախապատրաստվես դա անելուն։ Սա այն է, ինչ դու պետք է անես հենց հիմա. սա այժմ հրատապ հարց է։

Նախորդը.  Պետք է հասկանաք գործը. մի՛ հետևեք շփոթության մեջ։

Հաջորդը.  Ինչպե՞ս պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger