Պետք է հասկանաք գործը. մի՛ հետևեք շփոթության մեջ։

Ներկայում կան շատերը, ովքեր շփոթված են հավատում։ Չափազանց մեծ հետաքրքրասիրություն ունեք, օրհնություններ ստանալու չափազանց մեծ ցանկություն և կյանքի հանդեպ չափազանց փոքր ձգտում։ Մեր օրերում մարդիկ մեծ խանդավառությամբ են հավատում Հիսուսին։ Հիսուսը նրանց վերադարձնելու է երկնային տուն, ուրեմն ինչպե՞ս կարող են չհավատալ Նրան։ Ոմանք հավատացյալ են իրենց ողջ կյանքում. նույնիսկ քառասուն կամ հիսուն տարի հավատալուց հետո երբեք չեն հոգնում Աստվածաշունչ կարդալուց։ Պատճառն այն է, որ կարծում են[ա]՝ ինչ էլ պատահի, քանի դեռ հավատ ունեն, երկինք կգնան։ Դուք ընդամենը մի քանի տարի եք հետևել Աստծուն այս ուղիով, սակայն արդեն չեք կարողանում հաստատուն մնալ դրանում։ Կորցրել եք տոկունությունը, որովհետև օրհնություններ ստանալու ձեր ցանկությունը չափազանց ուժեղ է։ Օրհնություններ ստանալու ձեր ցանկությունն ու հետաքրքրասիրությունը ձեզ դրդեցին բռնել ճշմարիտ ճանապարհը։ Գրեթե ոչ մի հասկացողություն չունեք գործի այս փուլի վերաբերյալ։ Շատ բաներ, որ այսօր ասում եմ, ուղղված չեն Հիսուսին հավատացողներին, ոչ էլ ասում եմ դրանք պարզապես նրանց պատկերացումներին հակադրվելու համար։ Իրականում այս մերկացվող պատկերացումները հենց ձեր ներսում գոյություն ունեցողներն են, քանի որ չեք հասկանում, թե ինչու է Աստվածաշունչը մի կողմ դրվել, ինչու եմ ասում, որ Եհովայի գործը հնացել է, կամ ինչու եմ ասում, որ Հիսուսի գործը հնացել է։ Փաստն այն է, որ փայփայում եք բազմաթիվ պատկերացումներ, որոնք չեք բարձրաձայնել, ինչպես նաև բազմաթիվ տեսակետեր, որոնք թաքցնում եք ձեր սրտերում, և պարզապես հետևում եք ամբոխին։ Իսկապե՞ս կարծում եք, թե շատ պատկերացումներ չեք փայփայում։ Պարզապես չեք խոսում դրանց մասին։ Իրականում լոկ ձևականորեն եք հետևում Աստծուն, չեք գալիս փնտրելու ճշմարիտ ճանապարհը և չեք եկել կյանք ձեռք բերելու մտադրությամբ։ Ձեր վերաբերմունքը պարզապես ամեն ինչ պարզելու ցանկությունն է։ Քանի որ բաց չեք թողել ձեր հին պատկերացումներից շատերը, ձեր մեջ չկա մեկը, ով ի վիճակի է եղել լիովին ընծայվելու։ Այս կետին հասնելուց հետո շարունակում եք անհանգստանալ սեփական ճակատագրի համար՝ գիշեր ու զօր ալեկոծվելով և երբեք չկարողանալով բաց թողնել դա։ Կարծում ես, որ երբ խոսում եմ Փարիսեցիների մասին, նկատի ունեմ կրոնավոր «ծերուկների՞ն»։ Մի՞թե հենց դուք չեք Փարիսեցիների ամենաառաջադեմ, ժամանակակից ներկայացուցիչները։ Կարծում ես, որ երբ նշում եմ նրանց, ովքեր Ինձ չափում են Աստվածաշնչով, բացառապես նկատի ունեմ կրոնավոր աշխարհի այդ աստվածաշնչյան փորձագետների՞ն։ Հավատում ես, որ երբ խոսում եմ նրանց մասին, ովքեր կրկին Աստծուն խաչն են հանում, նկատի ունեմ կրոնավոր աշխարհի առաջնորդողների՞ն։ Մի՞թե դուք չեք այս դերը խաղացող լավագույն դերասանները։ Կարծում ես, թե բոլոր այն խոսքերը, որ արտաբերում եմ մարդկանց պատկերացումներին հակադրվելու համար, լոկ կրոնի պաստորների և երեցների ծա՞ղրն են։ Մի՞թե դուք նույնպես ձեր դերը չեք խաղացել այս ամենի մեջ։ Համոզվա՞ծ ես, որ քիչ պատկերացումներ եք փայփայում։ Պարզապես բոլորդ այժմ սովորել եք այդքան ճարպիկ լինել։ Չեք խոսում այն բաների մասին, որոնք չեք հասկանում, կամ ցույց չեք տալիս, թե ինչ եք զգում դրանց հանդեպ, սակայն երկյուղի և հնազանդության սրտեր պարզապես գոյություն չունեն ձեր ներսում։ Ձեր տեսանկյունից՝ ուսումնասիրելը, դիտարկելը և սպասելն այսօր կիրարկելու ձեր լավագույն ուղիներն են։ Սովորել եք չափազանց ճարպիկ լինել։ Սակայն գիտակցո՞ւմ եք արդյոք, որ սա խորամանկ մտածելակերպ է։ Կարծում եք, որ ձեր կողմից մի պահի խելամտությունը կօգնի՞ ձեզ խուսափել հավերժական պատժից։ Սովորել եք այդքա՜ն «իմաստուն» լինել։ Ավելին, ոմանք Ինձ այսպիսի հարցեր են տալիս։ «Մի օր, երբ կրոնավոր աշխարհի մարդիկ ինձ հարցնեն. «Ինչո՞ւ ձեր Աստված ոչ մի հրաշք չի գործել», ինչպե՞ս պետք է բացատրեմ»։ Մեր օրերում դա միայն այն չէ, ինչ կհարցնեին կրոնավոր շրջանակների մարդիկ։ Նաև այն է, որ չես հասկանում այսօրվա գործը և չափազանց շատ պատկերացումներ ես փայփայում։ Դեռ չգիտե՞ս, թե ում նկատի ունեմ, երբ նշում եմ կրոնավոր պաշտոնյաներին։ Չգիտե՞ս, թե ում համար եմ բացատրում Աստվածաշունչը։ Չգիտե՞ս, թե ում համար եմ խոսում, երբ լուսաբանում եմ Աստծու գործի երեք փուլերը։ Եթե այդ բաներն ասած չլինեի, արդյո՞ք այդքան հեշտությամբ կհամոզվեիք։ Արդյո՞ք այդքան հեշտությամբ կխոնարհեիք ձեր գլուխները։ Արդյո՞ք այդքան պատրաստակամորեն մի կողմ կդնեիք այդ հին պատկերացումները։ Հատկապես այն «առնական տղամարդիկ», ովքեր երբեք ոչ մեկին չեն ենթարկվել, արդյո՞ք այդքան հեշտությամբ կհնազանդվեին։ Գիտեմ, որ թեև ձեր մարդկայնությունը ցածր մակարդակի է, և շատ ցածր որակ ունեք, ունեք պակաս զարգացած ուղեղներ և Աստծուն հավատալու շատ երկար պատմություն չունեք, իրականում բավականին շատ պատկերացումներ ունեք, և ձեր ներհատուկ բնությունն այն է, որ հեշտությամբ ոչ մեկին չենթարկվեք։ Այսօր, սակայն, ի վիճակի եք հնազանդվելու, որովհետև հարկադրված եք և անօգնական։ Երկաթե վանդակում գտնվող վագրեր եք՝ անկարող ազատություն տալ ձեր հմտություններին։ Նույնիսկ եթե թևեր ունենայիք, դժվար կլիներ թռչել։ Չնայած օրհնություններ չեն շնորհվել, դեռ պատրաստ եք հետևել։ Սակայն սա ձեր՝ որպես «լավ մարդկանց» կորովը չէ։ Ավելի շուտ այն է, որ հիմնովին տապալվել և ճարահատյալ եք։ Այն է, որ այս ողջ գործը տապալել է ձեզ։ Եթե լիներ որևէ բան, որին կարողանայիք հասնել, այնքան հնազանդ չէիք լինի, որքան այսօր եք, որովհետև նախկինում բոլորդ վայրի էշեր էիք անապատում։ Այսպիսով՝ այն, ինչ ասվում է այսօր, ուղղված չէ միայն տարբեր կրոնների և հարանվանությունների մարդկանց, ոչ էլ պարզապես նրանց պատկերացումներին հակադրվելու համար է։ Այն ձեր պատկերացումներին հակադրվելու համար է։

Արդար դատաստանն սկսվել է։ Արդյո՞ք Աստված դեռ որպես մեղքի զոհ կծառայի մարդկանց համար։ Արդյո՞ք կրկին մեծ բժշկի դեր կխաղա նրանց համար։ Մի՞թե Աստված սրանից ավելի մեծ իշխանություն չունի։ Մի խումբ մարդիկ արդեն ավարտուն են դարձվել և հափշտակվել են գահի առաջ։ Արդյո՞ք Նա դեռ դևեր կհանի և կբժշկի հիվանդներին։ Մի՞թե դա չափազանց հնացած չէ։ Արդյո՞ք վկայությունը հնարավոր կլինի, եթե սա շարունակվի։ Կարո՞ղ է Նա, մեկ անգամ խաչին գամված լինելով, նորից ու նորից խաչվել հավիտյան։ Կարո՞ղ է Նա մեկ անգամ դևեր հանել և շարունակել հանել հավիտյան։ Մի՞թե սա անպատվություն չի համարվում։ Միայն այն ժամանակ, երբ գործի այս փուլն ավելի վեհ լինի քան նախորդը, դարաշրջանն առաջ կընթանա՝ նշանավորելով վերջին օրերի գալուստը, երբ կգա դարաշրջանի ավարտի ժամանակը։ Ուստի ճշմարտությանը ձգտող մարդիկ պետք է կենտրոնանան տեսիլքների հարցում հստակության հասնելու վրա։ Սա է հիմքը։ Ամեն անգամ, երբ հաղորդակցվում եմ ձեզ հետ տեսիլքների մասին, միշտ տեսնում եմ, որ ոմանք նիրհում են՝ կոպերը կախված, և չեն կամենում լսել։ Մյուսները հարցնում են. «Ինչո՞ւ չես լսում»։ Նրանք պատասխանում են։ «Սա չի օգնում իմ կյանքին կամ իրականություն իմ մուտքին։ Մեր ուզածը կիրարկման ուղիներն են»։ Ամեն անգամ, երբ խոսում եմ գործի և ոչ թե կիրարկման ուղիների մասին, ասում են. «Հենց որ խոսում ես գործի մասին, սկսում եմ քնել»։ Երբ սկսում եմ խոսել կիրարկման ուղիների մասին, սկսում են գրառումներ անել, իսկ երբ վերադառնում եմ գործի մասին խոսելուն, կրկին դադարում են լսելուց։ Գիտե՞ք, թե ինչով պետք է զինված լինեք հենց հիմա։ Դրա մի կողմը ներառում է գործի վերաբերյալ տեսիլքներ, իսկ մյուս կողմը քո կիրարկումն է։ Պետք է ընկալես այս երկու կողմերն էլ։ Եթե կյանքի առաջընթացին քո ձգտման մեջ տեսիլքներ չունես, ապա հիմք չես ունենա։ Եթե ունես միայն կիրարկման ուղիներ՝ առանց նվազագույն տեսիլքի, և բացարձակապես ոչ մի հասկացողություն չունես ընդհանուր տնօրինման ծրագրի գործի վերաբերյալ, ապա անպիտան ես։ Պետք է հասկանաս այն ճշմարտությունները, որոնք ներառում են տեսիլքներ, իսկ ինչ վերաբերում է կիրարկմանն առնչվող ճշմարտություններին, պետք է դրանք հասկանալուց հետո գտնես կիրարկման համապատասխան ուղիներ։ Պետք է կիրարկես խոսքերի համաձայն և մուտք գործես՝ ըստ քո իրադրությունների։ Տեսիլքները հիմքն են, և եթե ուշադրություն չդարձնես այս փաստին, չես կարողանա հետևել մինչև բուն ավարտը։ Այս կերպ փորձառաբար ապրելը կա՛մ կհանգեցնի շեղումների կա՛մ պատճառ կդառնա, որ ընկնես ու ձախողվես։ Քեզ համար հաջողության հասնելու ոչ մի ճանապարհ չի լինի։ Նրանք, ովքեր չունեն մեծ տեսիլքներ որպես իրենց հիմք, կարող են միայն ձախողվել. նրանք չեն կարող հաջողության հասնել։ Նրանք չեն կարող հաստատուն կանգնել։ Գիտե՞ս, թե ինչ է ներառում Աստծուն հավատալը։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում Աստծուն հետևելը։ Առանց տեսիլքների՝ ի՞նչ ուղիով կընթանայիր։ Այսօրվա գործում, եթե տեսիլքներ չունենաս, բացարձակապես չես կարողանա ավարտուն դարձվել։ Ո՞ւմ ես հավատում։ Ինչո՞ւ ես հավատում Նրան։ Ինչո՞ւ ես հետևում Նրան։ Արդյո՞ք հավատդ որպես մի տեսակ խաղ ես դիտարկում։ Արդյո՞ք կյանքիդ մի տեսակ խաղալիքի պես ես վերաբերվում։ Այսօրվա Աստվածը մեծագույն տեսիլքն է։ Որքանո՞վ ես ճանաչում Նրան։ Որքանո՞վ ես տեսել Նրան։ Տեսնելով այսօրվա Աստծուն՝ արդյո՞ք Աստծու հանդեպ հավատիդ հիմքն ամուր է։ Կարծում ես, թե փրկության կհասնե՞ս, քանի դեռ այսպես բթացած կերպով ես հետևում։ Կարծում ես, թե կարող ես պղտոր ջրում ձո՞ւկ որսալ։ Մի՞թե դա այդքան հեշտ է։ Այսօրվա Աստծու արտաբերած խոսքերի վերաբերյալ քանի՞ պատկերացում ես մի կողմ դրել։ Ունե՞ս այսօրվա Աստծու տեսիլքները։ Ինչո՞ւմ է կայանում այսօրվա Աստծու վերաբերյալ հասկացողությունդ։ Միշտ հավատում ես, որ կարող ես ձեռք բերել դա պարզապես Նրան հետևելով կամ պարզապես Նրան տեսնելով, և որ ոչ ոք չի կարողանա ազատվել քեզանից։ Մի՛ ենթադրիր, որ Աստծուն հետևելն այդքան հեշտ գործ է։ Գլխավորն այն է, որ պետք է ճանաչես Նրան, պետք է ճանաչես Նրա գործը և պետք է վճռականություն ունենաս՝ Նրա համար նեղություն կրելու, Նրա համար կյանքդ զոհաբերելու և Նրա կողմից կատարելագործվելու։ Սա է այն տեսիլքը, որը պետք է ունենաս։ Չի ստացվի, եթե մտքերդ միշտ հակված լինեն շնորհը վայելելուն։ Մի՛ ենթադրիր, որ Աստված այստեղ է պարզապես մարդկանց վայելքի կամ պարզապես նրանց վրա շնորհ հեղելու համար։ Սխալված կլինեիր։ Եթե մարդը չի կարող վտանգել իր կյանքը Նրան հետևելու համար, և եթե չի կարող լքել ամեն արտաքին բան հետևելու համար, ապա հաստատ չի կարողանա շարունակել հետևել Նրան մինչև վերջ։ Պետք է ունենաս տեսիլքներ որպես քո հիմք։ Եթե մի օր աղետ պատահի քեզ, ի՞նչ պետք է անես։ Արդյո՞ք դեռ կկարողանայիր հետևել Նրան։ Թեթևամտորեն մի՛ ասա, թե արդյոք կկարողանայիր հետևել մինչև վերջ։ Ավելի լավ է նախ լայն բացես աչքերդ՝ տեսնելու, թե հիմա հատկապես ինչ ժամանակ է։ Թեև ներկայում կարող եք տաճարի սյուների պես լինել, կգա ժամանակ, երբ որդերը կկրծեն բոլոր նման սյուները, պատճառ դառնալով, որ տաճարը փլուզվի, քանի որ ներկայում կան այնքան շատ տեսիլքներ, որ ձեզ պակասում են։ Ուշադրություն եք դարձնում միայն ձեր սեփական փոքրիկ աշխարհներին և չգիտեք, թե որն է ձգտելու ամենահուսալի և պատշաճ ճանապարհը։ Ուշադրություն չեք դարձնում այսօրվա գործի տեսիլքին, ոչ էլ այս բաները պահում եք ձեր սրտերում։ Արդյո՞ք մտածել եք, որ մի օր ձեր Աստվածը ձեզ կդնի մի ամենաանծանոթ վայրում։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլիներ ձեզ հետ մի օր, երբ ամեն ինչ խլեի ձեզանից։ Արդյո՞ք ձեր եռանդն այդ օրը կլիներ այնպիսին, ինչպիսին հիմա է։ Արդյո՞ք ձեր հավատը կրկին կհայտնվեր։ Աստծուն հետևելիս պետք է ճանաչեք այս մեծագույն տեսիլքը, որն «Աստված» է։ Սա ամենակարևոր հարցն է։ Նաև մի՛ ենթադրեք, որ աշխարհիկ մարդկանցից որպես սուրբ առանձնացված լինելով՝ անպայման Աստծու ընտանիքում եք։ Մեր օրերում հենց Ինքը՝ Աստված է գործում արարածների մեջ։ Հենց Նա է եկել մարդկանց մեջ՝ կատարելու Իր սեփական գործը, ոչ թե իրականացնելու արշավներ։ Ձեր մեջ նույնիսկ մի բուռ մարդիկ ի վիճակի չեն իմանալու, որ այսօրվա գործը գործն է երկնքում գտնվող Աստծու, Ով մսեղի է դարձել։ Սա նրա համար չէ, որ ձեզ դարձնի ականավոր տաղանդավոր մարդիկ։ Նրա համար է, որ օգնի ձեզ ճանաչել մարդկային կյանքի նշանակությունը, ճանաչել մարդկանց նշանակության վայրը և ճանաչել Աստծուն ու Նրա ամբողջությունը։ Պետք է իմանաս, որ արարած ես Արարչի ձեռքերում։ Ինչ պետք է հասկանաս, ինչ պետք է անես, և ինչպես պետք է հետևես Աստծուն. մի՞թե սրանք այն ճշմարտությունները չեն, որոնք պետք է հասկանաս։ Մի՞թե այն տեսիլքները չեն, որոնք պետք է տեսնես։

Հենց մարդիկ տեսիլքներ են ունենում, հիմք են ձեռք բերում։ Երբ կիրարկես այս հիմքի հիման վրա, շատ ավելի հեշտ կլինի մուտք գործելը։ Այսպիսով՝ ոչ մի մտավախություն չես ունենա, հենց որ մուտքի համար հիմք ունենաս, և քեզ համար շատ հեշտ կլինի մուտք գործելը։ Տեսիլքները հասկանալը և Աստծու գործը ճանաչելը վճռորոշ է. պետք է զինանոցում ունենաք դա։ Եթե զինված չես ճշմարտության այս կողմով և միայն գիտես՝ ինչպես խոսել կիրարկման ուղիների մասին, ապա մեծ պակասություն կունենաս։ Հայտնաբերել եմ, որ ձեզանից շատերն ուշադրություն չեն դարձնում այս կողմին, և երբ լսում եք ճշմարտության այս կողմը, կարծես լսում եք միայն բառեր և վարդապետություններ։ Մի օր կտուժես։ Մեր օրերում կան որոշ խոսքեր, որոնք լավ չես հասկանում կամ չես կարողանում ընդունել. նման դեպքերում պետք է համբերատարությամբ փնտրես, և կգա օրը, երբ կհասկանաս։ Աստիճանաբար զինիր քեզ ավելի ու ավելի շատ տեսիլքներով։ Նույնիսկ եթե ընդամենը մի քանի հոգևոր վարդապետություն ես հասկանում, դեռ ավելի լավ է քան տեսիլքներին ուշադրություն չդարձնելը, և դեռ ավելի լավ է քան ընդհանրապես ոչ մեկը չհասկանալը։ Այս ամենն օգտակար է մուտքիդ համար և կփարատի քո այդ կասկածները։ Ավելի լավ է քան պատկերացումներով լցված լինելդ։ Քեզ համար շատ ավելի լավ կլինի, եթե ունենաս այս տեսիլքները որպես հիմք։ Բացարձակապես ոչ մի մտավախություն չես ունենա և կկարողանաս մուտք գործել համարձակորեն և վստահաբար։ Ինչո՞ւ միշտ Աստծուն հետևել նման շփոթված, կասկածամիտ կերպով։ Մի՞թե դա նույնը չէ, ինչ գլուխդ ավազի մեջ թաքցնելը։ Որքա՜ն լավ կլիներ հպարտ և համարձակ քայլքով մտնել արքայություն։ Ինչո՞ւ լինել այդքան լի մտավախություններով։ Մի՞թե պարզապես ինքդ քեզ չես ենթարկում իսկական դժոխքի։ Հենց հասկացողություն ձեռք բերես Եհովայի գործի, Հիսուսի գործի և գործի այս փուլի վերաբերյալ, հիմք կունենաս։ Ներկայում գուցե պատկերացնում ես, թե ամեն ինչ բավականին պարզ է։ Ոմանք ասում են. «Երբ ժամանակը գա, և Սուրբ Հոգին սկսի մեծ գործը, կկարողանամ խոսել այս բոլոր բաների մասին։ Այն փաստը, որ հիմա իսկապես չեմ հասկանում, այն պատճառով է, որ Սուրբ Հոգին ինձ այդքան լուսավորություն չի բերել»։ Դա այդքան էլ հեշտ չէ։ Այնպես չէ, որ եթե պատրաստ ես հիմա ընդունել ճշմարտությունը[բ], ապա ժամանակը գալուն պես վարպետորեն կօգտագործես այն։ Պարտադիր չէ, որ այդպես լինի։ Հավատում ես, որ ներկայում շատ լավ զինված ես և ոչ մի խնդիր չես ունենա՝ պատասխանելու այդ կրոնավորներին ու մեծագույն տեսաբաններին և նույնիսկ հերքելու նրանց։ Իսկապես կկարողանայի՞ր դա անել։ Ի՞նչ հասկացողության մասին կարող ես խոսել՝ ունենալով միայն քո այդ մակերեսային փորձառությունը։ Ճշմարտությամբ զինվելը, ճշմարտության ճակատամարտը մղելը և Աստծու անվան մասին վկայելն այն չեն, ինչ կարծում ես, թե քանի դեռ Աստված գործում է, ամեն ինչ կիրագործվի։ Այն ժամանակ գուցե փակուղու առաջ կանգնես ինչ-որ հարցից և ապա կպապանձվես։ Էական է այն, թե արդյոք հստակ հասկացողություն ունես գործի այս փուլի վերաբերյալ, թե ոչ, և իրականում որքան գիտես դրա մասին։ Եթե չկարողանաս հաղթահարել թշնամու ուժերը կամ պարտության մատնել կրոնի ուժերին, մի՞թե այն ժամանակ անպիտան չես լինի։ Դու փորձառաբար ապրել ես այսօրվա գործը, տեսել ես այն սեփական աչքերովդ և լսել սեփական ականջներովդ, բայց եթե ի վերջո անկարող լինես վկայություն տալ, ապա արդյո՞ք դեռ երես կունենաս շարունակելու ապրել։ Ո՞ւմ աչքերին նայելու արժանի կլինեիր։ Հիմա մի՛ պատկերացրու, թե դա այդքան պարզ կլինի։ Ապագայի գործն այնքան պարզ չի լինի, որքան պատկերացնում ես. ճշմարտության պատերազմը մղելն այդքան հեշտ չէ, այդքան հասարակ չէ։ Հենց հիմա պետք է զինված լինես։ Եթե զինված չես ճշմարտությամբ, ապա երբ ժամանակը գա, և Սուրբ Հոգին չգործի գերբնական կերպով, շվարած կմնաս։

Ծանոթություն 2:

ա. Բնագիր տեքստում «կարծում են» արտահայտությունը բացակայում է։

բ. Բնագիր տեքստում «ճշմարտությունը» բառը բացակայում է։

Նախորդը.  Մովաբի սերունդների փրկության նշանակությունը

Հաջորդը.  Ինչպես պետք է քայլես ուղու վերջին հատվածով

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger